Մուրացան

Լուսավորության կենտրոնը

6

ԺԳ

ԾՂԱԼՈԲԻ ԵՐԱԶԸ ԿԱՏԱՐՎԵՑ

Հակոբ Մոմճյանը գործի մարդ էր, ուստի ժամանակը անօգուտ վատնել չէր սիրում։ Համոզվելով, որ երիտասարդ Սարյանը արդեն իրենց շրջանի մարդն է և յուր պատրաստած «անլուծանելի հանգույցովն» էլ կապված է, այնպես, որ հեշտությամբ իրենց ձգել ու հեռանալ չի կարող, ուստի որոշեց հետզհետե ծանոթացնել նրան յուր թաքուն նպատակներիների հետ և ըստ կարելվույն, ծառայեցնել նրա ուժերը այդ նպատակները իրագործելուն։

Այս դիտավորությամբ նա մի երկու անգամ հրավիրեց Սարյանին յուր բնակարանը և երկար խոսակցեց նրա հետ յուր հեռավոր նպատակների մասին։ Իհարկե, նա դեռ չհայտնեց նրան այն գաղտնիքը, որ ինքը անդամ է «Մտերիմների» այն ընկերության, որի իդեալները տարբեր են հայ երիտասարդության իդեալներից, որը արհամարհում է ազգային նեղսիրտ հայացքները և ձգտում է առավել լայն համաշխարհային հայացքներ ստեղծելուն ու տարածելուն: Այդ տեսակ գաղտնիքներ հայտնելը դեռ վաղ էր. Սարյանի ստացած կրթությունը, զարգացումը և հայրենասեր հոգին «Մտերիմների» աշխարհայեցողությունը ըմբռնել և մարսել չէին կարող։ Այդ հասկանում էր Մոմճյանը, այդ պատճառով էլ դեռ իրեն Սարյանի աշխարհայեցողության համակիր ոմն էր ներկայացնում։

Բայց ինչ վերաբերում է հասարակության մեջ գործելու եղանակներին, նա նրանց հետ ծանոթացրեց Սարյանին։

«Մինչև այժմ մարդիկ համոզված էին, որ մեծ կամ դժվարին գործ առաջ տանելու համար անպատճառ պետք է ունենալ կամ փող, կամ զենքի ուժ, ասում էր Մոմճյանը Սարյանին, բայց արդեն խելոք գլուխները գտին, որ փողի ու զենքի ուժից առավել զորեղ մի ուրիշ ուժ կա աշխարհում, որը կարելի է հաջողությամբ գործադրել ամենամեծ և ամենադժվարին գործերն առաջ տանելու համար, այդ ուժը ժողովուրդն է, կամ ավելի ճիշտն ասած՝ ամբոխը, այդ ուժի առավելությունը իսկապես նրանումն է, որ փողը և զենքի ուժը ամեն մարդ ձեռք բերել չի կարող, մանավանդ խելոք գլուխները այդ բանին անընդունակ են, մինչդեռ ամբոխի ուժը կարող է ձեռք բերել ամեն մեկը, որ ունի փոքր ի շատե խելք, սուր հոտառություն և մանավանդ ճարպիկություն»։

Այս եղանակով խոսելով Մոմճյանը բացատրեց թե՝ ինչո՞ւ ինքը գտնվում էր «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» այն օրը, երբ իրեն՝ Սարյանի հետ ծանոթացավ։

«Մի՞թե, կարծում եք, դուրեկա՞ն բան է. ասում էր նա, հաճախել այդ ապականության խորշը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի ավազականոց, ձեռք մեկնել այդտեղ խլրտող փողոցային հերոսներին, նստել նրանց մոտ և ժամերով այդտեղի ապականված օդը շնչելով, լսել նրանց հիմարությունները, շատ անգամ և զզվելի հիշոցները և այդ բոլորը միայն նրա համար, որ կարողանաս այդ վայրենիներին ընտելացնել քեզ և վարժեցնել նրանց բարոյական խրատներ ու ճշմարտություններ լսելու։ Այո՛, դուրեկան չէ. բայց ես այդ անում էի, որովհետև հույս ունեի, որ իմ կրած նեղության արդյունքը կրկնապատիկ հաճույք և ուրախություն պիտի պատճառե ինձ։ Եվ չսխալվեցա։ Այժմ ունիմ ինձ համար հպատակների մի ամբողջ խումբ, որոնց ընտրել եմ ամբոխի միջից և որոնք գործում են նույն այդ ամբոխի մեջ. նրանք կուրորեն կատարում են այն, ինչ որ ես հրամայում եմ. իսկ նրանց կատարած գործերը ծառայում են այն բարձր նպատակներին, որոնց ես կամենում եմ իրագործել»։

Սարյանը, որ բոլոր ժամանակ լուռ ու մունջ լսում էր Մոմճյանին, հետաքրքրվեց իմանալու թե՝ ամբոխի տգետ մարդը ինչպե՞ս կարող է ծառայել բարձր նպատակների, քանի որ նա կուրորեն է գործում։

Այդ ես խոսքերով չեմ բացատրիլ, ասաց Մոմճյանը, որովհետև խոսքերը կարելի է խոսքերով էլ հերքել. բայց ձեզ ցույց կտամ մի կենդանի օրինակ, որը ամեն խոսքերից ավելի ճարտար կերպով կապացուցանե ձեզ, թե ամբոխի մարդը ինչպե՞ս կարող է բարձր նպատակների ծառայել առանց նույնիսկ այդ նպատակների մեծությունը ճանաչել կարողանալու։

Այս դիտավորությամբ նա պատվիրեց Սարյանին հետևյալ առավոտ այցելել իրեն, որպեսզի միասին գնային Հավլաբարի մի եկեղեցի, ուր «կենդանի օրինակ» պետք է տեսնեին:

Ընթերցողները անշուշտ չեն մոռացել «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» քնող և երազ տեսնող գդակագործ Ծղալոբին, որը պատմում էր չաչանակ Սերգոյին թե՝ ինչպես երազում տեսել էր, որ իրեն երեցփոխ էին ընտրել Ձորաբաշի եկեղեցում։ Հենց այդ դեպքը պատմող գլխում մի քանի ակնարկություններ էինք արել մի ինչ-որ երեցփոխանական ընտրության մասին, որը այդ օրերը պետք է կատարվեր։ Բայց ինչ-ինչ պատճառներով բարեկարգիչ քահանան ընտրությունը հետաձգել էր այն օրվան, որի նախընթացին Մոմճյանը խոստացավ Սարյանին բարձր նպատակների ծառայող ամբոխի գործունեության մի «կենդանի օրինակ» ցույց տալ։

Հիշյալ երեցփոխանական ընտրությունը, արդարև, պետք է կատարվեր Ձորաբաշի եկեղեցում։ Մենք այդ եկեղեցին մանրամասն չենք նկարագրիլ, որովհետև կարիք չկա. Թիֆլիսցի ընթերցողները տեսած կլինեն նրան, իսկ գավառացիներին բավական է միայն իմանալ, որ նա գտնվում է Թիֆլիսի պատմական Մետեխի բերդի մոտ, դեպի Հավլաբար

տանող մի զառիվայր ճանապարհի վրա։ Շինությունը հին է, պարզ և աղքատ, այնպես որ շրջապատող տների մեջ եկեղեցի եղած լինելը չի նշմարվում։ Սակայն հարավային կողմից գեղեցիկ դիրք ունի, որովհետև կառուցած է Քուռ գետի ձախ ափից լեռնաձև բարձրացող և Հավլաբարի բնական սահմանը կազմող պարեխավոր ժայռերի վրա, որտեղից բացվում են թե՛ գետի և թե՛ նրան շրջապատող հեռավոր թաղերի ու այգեստանների գեղեցիկ տեսարանները։

Օրը կիրակի էր։ Առավոտյան ժամը տասից արդեն հավաքվել էին այդտեղ եկեղեցու թե՛ ծխականները և թե՛ ժամավորները (այդ ժամանակ դեռ վերջինների իրավունքը սահմանափակված չէր): Նրանք, մեծ մասամբ, աղքատ դասին պատկանող մարդիկ, արհեստավորներ և բանվորներ էին։ Որովհետև պատարագը վերջացել էր, ուստի ծխական թե ժամավոր խռնվել էին եկեղեցու բակը և զանազան խմբակների բաժանված խոսում էին, ոմանք իրենց ցավերի վրա, ոմանք օրվա նորությունների վրա, իսկ ավելի երիտասարդները զվարճախոսում և ծիծաղում էին։ Նրանք սպասում էին բարեկարգիչ քահանային։

Բոլոր ժողովականների մեջ միայն երեք հոգի կային, որոնք անհանգիստ դեմքով պտտվում էին խմբակների շուրջը, մոտենում էին այս ու այն ծխականին կամ ժամավորին, շշնջալով խոսում էին նրանց հետ, պատվերներ էին տալիս և ի վերջո խմբակներից հեռացնելով տանում էին նրանց եկեղեցու մյուս կողմը և մի-մի փոքրիկ քառածալ թղթիկներ ծածկաբար նրանց ձեռքը դնելով՝ հեռանում էին։

Այդ անհանգիստ դեմքով պտտողներից առաջինը չաչանակ Սերգոն էր, որը յուր անբաժան «տեր-ողորմյան» ետքին բռնած, գրեթե բոլոր Ժողովականների հետ անխտիր խոսում ու շաղակրատում էր։

Երկրորդը՝ գդակագործ Ծղալոբը, որը միայն յուր արհեստակիցներին և հավատարիմ բարեկամներին էր մոտենում։ Նա թեպետ քաշվող մարդ էր, բայց այն օրից ի վեր, որ «Արդար քրտինքով ապրողների թեյարանում» երազ էր տեսել, էլ հանգստությունը կորցրել և քաշվելը մի կողմն էր դրել։ Նա կամենում էր անպատճառ երեցփոխ դառնալ, որովհետև յուր երազը պատմել էր նաև կնոջն ու հարևաններին և ցանկանում էր, որ այդ երազը կատարվի։

Երրորդը մի երիտասարդ էր՝ միջին հասակով, ավելի կարճ քան երկար, առողջ կազմվածքով, թուխ ու կարմիր դեմքով և սև ու թավամազ մորուքով, որը խիտ ու կլոր ձևով պատում էր նրա ծնոտը և երեսի մեծ մասը այնպես, որ բերանը գրեթե չէր երևում: Նրա փոքրիկ և ծավի աչքերը, որոնք ոչ բարեկամ անձանց վրա կասկածով ու խեթով էին նայում, ծածկված էին թավամազ և միշտ խոժոռած հոնքերի տակ։ Այդ երիտասարդը շատ չէր խոսում, բայց շարունակ պտտում էր և քառածալ թերթիկները, իսկապես ինքն էր բաժանում: Երբ պարապ էր մնում՝ ձեռքը տանում էր դեպի գլուխը և գլխարկը ծռելով քորում էր նրան: Այդ ժամանակ երևում էր յուր նեղ ու փոս ընկած ճակատը, որի վրա կարծես նկարված էր մոլեռանդություն և հանդգնություն։

Բարեկարգիչ քահանայից առաջ ներս մտան եկեղեցու բակը Մոմճյանը և Սարյանը։

Չաչանակ Սերգոն նրանց տեսնելով ընդառաջ վազեց և խիստ մեծարանքով ողջունելով յուր բարեկամներին հոգածու եղանակով հարցրեց:

Էս ո՞ւր մնաց միր բարիկարգիչը. էրկու սհաթ կուլի ինչ պատարագը վիրջացավ. հիվանդացած չըլի՞:

Բարեկարգիչը կգա. միամիտ կաց, դու ի՞նչ արիր, ա՛յն ասա, հարցրեց Մոմճյանը։

Դիփ հազիր է:

Ուրեմն ամենքն էլ գիտեն, թե ո՞ւմ պետք է ձայն տան։

Մա՛շ. էդ խոմ էնթի շաբթին գիտեին։

Բայց ես այստեղ հակառակ մարդիկ էլ եմ տեսնում:

Վա՛, հեր օխնած, հիսուն ոչխարի մեջ միթոմ վուր երիք իծանիր ըլին, ի՞նչ հաջաթ:

ՈչիՆչ. միայն թե գործը չխանգարեն։ Բայց դու այն ասա, իմ գրած բոլոր թղթերը բաժանեցի՞ր։

Չիմ գիդի, ա՛յ, Վանոյին կանչիմ հարցնինք, այս ասելով նա ձեռքով նշան արավ մեր նկարագրած երիտասարդին: Սերգո, այս տղան դեռ ջահել է, ինչպե՞ս կարելի է ամեն բան հավատալ նրան, կասկածանքով հարցրեց Մոմճյանը։

Ի՞նչ իք հրամանք անում, պարուն ջան, էնենց տղա է, վուր հատը չի ըլի. գանա յիս իմ մարդը չի՞մ ճանչնում։

Այս միջոցին մոտեցավ Վանոն և հարգանքով ողջունեց Մոմճյանին և նրա ընկերոջը:

Մոմճյանը բռնեց նրա ձեռքը, խիստ բարեկամաբար սեղմեց և ծանոթացրեց նրան Սարյանի հետ։

Թիֆլիսի ինքնուս երիտասարդների տիպն է սա, ասաց նա Սարյանին, ծխական դպրոցից զատ, ուրիշ ոչ մի տեղ չէ կարդացել. բայց ինքն իրեն պարապելով շատ բան է սովորել. խոսում է գրական լեզվով, հայոց բոլոր լրագիրները կարդում է, Րաֆֆիի վեպերը բերան գիտե, ռուսերեն էլ սովորում է։ Բայց սրա ամենամեծ արժանիքը այն է, որ յուր մասնավոր գործից ավելի հասարակական գործերով է հետաքրքրվում ու զբաղվում, որ հազվագյուտ երևույթ է մեր մեջ։

Բազազ Գարսոյի աշկիրտն է, ղորթ է. ամա՛ էնենց տղա է, վուր դիփունանք արիվովը օրթում ին ուտում, շարունակեց Չաչանակը Վանոյի գովասանքը, բազազնիրը, Հավլաբարի մեյդնի շիրաջնիրը, բաղալնիրը, զառափնիրը ինլկլի շալ ու յափունջի ծախող դերձկները դիփունանք էլ ճանչնում ին Վանոյին, դիփունանք էլ հիդը ախպեր ին։ Ո՞վ է հարցնում, թե բազազի աշկիրտ է. մե խոսք, ան մե խնդիր վուր արավ, ան սհաթը կուկատարին։ Ա՛յ, էսենց տղա է միր Վանոն։

Այդքան մի՛ գովեք ինձ, ես արժանի չեմ, վերջապես նկատեց Վանոն, ցույց տալու համար, որ այդքան առավելությունների հետ միասին համեստություն էլ ունի։

Ո՛չ, դուք ավելի գովության եք արժանի, նկատեց Մոմճյանը, միայն թե չեմ կամենում հայտնել, որ ձեր համեստությունը չվիրավորվի։ Այժմ գործին անցնենք։ Սերգոյի տված թերթիկները ի՞նչ արիք։

Բոլորն էլ բաժանեցի։

Կարող է պատահել, որ բարեկարգիչը այդ թղթերը հավաքելով ուրիշ թերթեր բաժանե և ստիպե ժողովականներին նորից անուններ գրել։

Այն ժամանակ, ինչպես պատվիրել եք, ինքս կգրեմ նրանց համար:

Իսկ եթե ստիպե յուր ներկայությամբ գրե՞լ։

Այդ դեպքում արդեն մեր մարդիկը գիտեն, թե ինչ պիտի պատասխանեն։

Ապրիք. ուրեմն ամեն բան կատարել եք այնպես, ինչպես պատվիրել եմ։

Այո, ամեն բան։

Այս միջոցին ներս մտավ եկեղեցու բակը բարեկարգի քահանան կարմրած ու քրտնած երեսով և շտապ խոսելով ներողություն խնդրեց ժողովականներից, որ ակամա սպասեցնել է տվել իրենց։

Հակառակի պես, այսօր ննջեցյալ ունեի, ստիպված էի ուշանալ, ասաց նա ժողովականներին. բայց վնաս չունի. շուտ կավարտենք։

Հաջաթ չէ, տերտեր ջան, հաջաթ չէ, մինք յոլա կեհանք, դուն սաղ ըլիս, ձայն տվին այս ու այն կողմից ժողովականները։

Բայց Մոմճյանը առաջ անցնելով լուրջ ու կտրուկ ձայնով նկատեց.

Արժանապատիվ հայր, ձեր վարմունքը օրինավոր չէ. ժամը 11-ին նշանակել ենք ընտրությունը, այդ ժամին էլ պետք է ներկա լինեիք, ծխականների կամ ժամավորների ինչ պետքն է, թե դուք ննջեցյալ ունեիք։

Բարեկարգիչ հայրը հանկարծակի եկածի նման սկսեց նայել Մոմճյանին և չգիտեր ինչ պատասխանել։ Որովհետև յուր բոլոր պաշտոնավարության ժամանակ առաջին անգամս էր նա այսպիսի հարձակման ենթարկվում և այն խեղճ ու միամիտ ժողովրդի առաջ, որ յուր քահանայի վրա նայել էր միշտ հարգանքով և ակնածությամբ։

Որդի, ննջեցյալին հո չէինք կարող եկեղեցում թողնել, պետք է տանեինք թաղելու, այդ պատ... հազիվ բարեկարգիչը սկսեց արդարացնել իրեն և ահա Մոմճյանը ընդհատեց նրան։ Առաջ պետք է կենդանիների մասին մտածել, հետո ննջեցյալների։

Եվ վերջապես, մենք ի՞նչ պարտավոր ենք մեր ժամանակը վատնելու մի ննջեցյալի պատճառով. գլուխը խրտնած ձիու պես շարժելով ներս ընկավ գործիչ֊Վանոն։

Վա, էտենց խոմ չի իլի, տերտեր ջան, վրա բերեց Չաչանակը. էս ղադա խալխը էստի քիղ ին մնում ու դուն ասում իս ննջեցյալ ունեի. ախար մինք էլ մարթիկ ինք, ուտիլ կուզինք, խմիլ կուզինք. ննջեցելը խոմ միր փուրը չի կշտացնի...

Ներողություն, որդիք, ներողություն, վշտացած ու տխուր ձայնով ասաց բարեկարգիչը և ներս մտավ եկեղեցի։ Մի քանի խեղճ բանվորներ գրգռվեցան խոսողների դեմ, բայց ոչ մի նկատողություն անել չհամարձակվեցան, որովհետև տեսան, որ խոսողների գլխավորը մաքուր հագնված, փայլուն գլխարկով և փղոսկրյա ձեռնափայտը ձեռին մի աղա մարդ է։

Մի ծերունի միայն գլուխը տմբտմբացնելով մոտեցավ Մոմճյանին և կորացած մեջքով յուր երկար ձեռնափայտի վրա հենվելով նայեց ուղղակի աղա մարդու աչքերին ու նկատեց.

Պարոն ջան, էրեվում է, վուր խելոք տղա իս. կուլի վուր ունիվերստեմեն էլ եկած ըլիս. ամա դուն ոչ միր էգեղեցու ծխական իս, վունչ ժամավոր իս, վունչ էլ մի գամ յիս քիզ էստի տեհիլ իմ, չուն ամեն առտու ու իրիկուն յիս էստի իմ. Հիմի ամութ չըլի հարցնիլը, դուն ի՞նչ դավա ունիս մեր էգեղեցու հիդ, ինչի՞ էս ղադա խալխի միջումը անպատիվ իս անում մեր գահանին։

Ես ձեր իրավունքներն եմ պաշտպանում, խեղճ ծերուկ, վրդովված պատասխանեց Մոմճյանը։

Ի՞նչ... հարցրեց ծերունին։

Դա այդ տեսակ խոսքերը ի՞նչ է հասկանում, շշնջաց Մոմճյանի ականջին գործիչ Վանոն և ապա դառնալով ծերունուն բարձրաձայն ասաց, այս պարոնին սրբազանն է ղրկել այստեղ, հասկանո՞ւմ ես, հոգևոր տերը։

Հոգևուր տե՞րն է ղրկի... զարմացած հարցրեց ծերունին: Մա՞շ. հոգևուր տերը իրա մագիար ղրկիլ է էս պատվական մարթուն, թե գնա, տիս, վուր էնդի իրիցփուխ ջոկելու վուխտը խալթաբանդություն չանին. հիմի կի հասկացար, բացատրեց չաչանակ Սերգոն։

Հասկացա, հասկացար. գլուխը տմբտմբացնելով խոսեց ծերունին դաոնալով դեպի Մոմճյանը, թե վուր հոգեվուր տերն է ղրկի, դրան խոսք չունիմ։ Ամա պիտի ասի, վուր էգեղեցու օրենքին յիս էլ խաբար իմ. չունե մե դամ էստի իրիցփուխ էլիլ իմ։ Էն վուխտը միր առաջնուրդը ողորմածիկ Սարգիս սրբազանն էր. լավ մարդ էր, խիստ կուսիրեր ինծ։ Մակար սրբազանն էլ ինձ կուճանչնար։ Դուն կուլի վուր, շատ բանի խաբար իս, կուլի վուր, էդեղեցուն էլ հավատում չրլիս, էդ քու բանն է. էս խալխի առչիվը խուսելու ի՞նչ ունիս. էս խիղճ ջեհիլները քիմեն ի՞նչ պտին սովրի. ախար բանող ու մշակ մարդիք ին, շկոլ չին տեսի, գիմնազ չին իմացի, մե աստուծ գիդին, մե լուսավորչի էգեղեցի ու մեկ էլ նրա գահանեն. հիմի դուն վուր էդ գահանին էլ նրանց առչիվը անպատիվ իս անում, էդ վո՞ւնց կուլի։

Մոմճյանն զգաց յուր սխալը և չկամենալով այլևս գրգրռել ծերունուն՝ «ինձ չհասկացար, բիձա ջան, ինձ չհասկացար...» ասելով ետ քաշվեց և աչքով արավ չաչանակին:

Վերջինս առաջ անցավ և բացականչեց.

Լավ, լավ, էրկան մասլահաթնիրու տիղ չէ էստի. գնանք, տեր-հայրը միզ է մնում. այս ասելով նա Ժողովականներից մի քանիսին առաջ հրեց։

Ի՞նչ եք կանգնել էստեղ, գնանք էլի, խոսեց մյուս կողմից գործիչ-Վանոն և մի քանիսին էլ նա առաջ տարավ։ Ժողովականները կամաց-կամաց մոտեցան եկեղեցու դռանը և մեկ֊մեկ գլխարկները վերցնելով ու դռան խաչը համբուրելով՝ ներս մտան։

Նրանց հետ միասին ներս մտավ և ճոն Մարտիրոսը գրլուխը շարժելով և ինքն իրեն մրմնջալով՝ «տեր աստուծ, դուն ազատե միզ էս թավուր ալքիրեմեն...»։

Բարեկարգիչը նստած էր արդեն եկեղեցու մեջ դրված սեղանի առաջ և անունները գրելու համար թերթիկներ էր պատրաստում։ Նրա կողքին նստել էր եկեղեցռւ տիրացուն և բարեկարգիչի թելադրությամբ գրում էր արձանագրության թերթը, Ծխականներն ու ժամավորները հետզհետե հավաքվելով շարժվեցան եկեղեցում դրված աթոռների վրա։ Ներս մտան նաև Մոմճյանն ու Սարյանը և նստեցին բարեկարգիչ քահանայի հանդեպ։

Բարեկարգիչը թերթիկները պատրաստելով վեր կացավ տեղից և սկսեց բաժանել այն ժողովականներին։

Ձեզանից ամեն մեկը թող յուր ասած թերթիկի վրա գրե երկու կամ երեք մարդկանց անուններ, և թերթիկը ծալելով հանձնե ինձ, կարգագրեց բարեկարգիչը:

Գուցե շատերը միայն մի մարդու են արժանավոր ճանաչում, ի՞նչ հարկ կա երկու կամ երեք անուն գրելու, նկատեց բարեկարգչին Մոմճյանը։

ճիշտ է ասում պարոնը, տեր-հայր, ձայնակցեց Մոմճյանին Վանոն։ Ես, օրինակ, մեր ծուխի մեջ միակ արժանավորը ճանաչում եմ սոսոյի տղա Ծղալոբին, մի՞թե չեմ կարող միայն նրա անունը գրել։

իհարկե, կարող ես. ո՞վ է դրա դեմ, պատասխանեց քահանան. ով որ մի մարդ է ճանաչում, թող մեկի անունը գրե. ով որ երկու, երեք կամ ավելի մարդկանց է ճանաչում թող երկու, երեք կամ ավելի անուն գրե։

Ուրեմն մեկ-մեկ անուններ կգրեք, բարձրաձայն ասաց երիտասարդ Վանոն և մոտեցավ յուր բարեկամներին։

Այ տղա, ի՞նչ շատ իս խոսում, նկատեց երիտասարդին ճոն Մարտիրոսը. քիմեն սավայի էլ մարթ չկա՞ էստի:

Ւնչ ե՞մ խոսում, ասում եմ, որ մեկ-մեկ անուն գրեն։

Ի՞նչ դավա ունիս դուն. մեկը կուգրին թե տասը կուգրին. այ, բարեկարգիչը ինչ վուր ասավ, էնենց էլ կուգրին դուն խառնվիլու ի՞նչ ունիս։

ճիշտ է ասում, վուրդի. դու քեզ համար գրիր. ուրիշների գործում մի խառնվիր, նկատեց քահանան։

Վանոն հոնքերը կախելով և աչքերը խոժսռելով նստեց տեղը, բայց միայն մի րոպե, հետո կրկին վեր կենալով մոտեցավ այս ու այն ժողովականին և ինչ որ բաներ փսփսաց սրա կամ նրա ականջում:

Ապա, տերտեր ջան, յիս վուր գիր չիմ գիդի, վո՞ւնց պիտիմ գրի, տեղից վեր կենալով հարցրեց ժողովականներից մինը։

Այ, ես կգրեմ քեզ համար, մոտեցավ իսկույն Ժողովականին երիտասարդ Վանոն։

Թող այդ երիտասարդը գրե, միամտաբար համաձայներ քահանան։

Վանոն վերցնելով անգրագետից նրա թուղթը հարցրեց։

Ո՞ւմ անունն ես կամենում, որ գրեմ։

Դուն ո՞ւմը պիտիս գրի, հարցրեց անգրագետը։

Սոսոյի տղա Ծղալոբի։

Ծղալոբի՞։

Այո։

Վա, մասխարա իս գցում. նա ի՞նշ խելք ունի վուր իրիցՓոխ շինինՔ նրան:

Ինչո՞ւ, լավ մարդ է։

Վա, գանա յիս չիմ ճանաչում, էրկու իշի գարին չի կանա փայ անի։

Ուրեմն ո՞ւմ անունը գրեմ։

Այ, գրիր մեկ ճոն Մարտիրուսի անումը, մեկ էլ իմ բիձու տղա զարաֆ Արութինի անումը։

Երիտասարդը փոխանակ այդ անունները գրելու, գրեց Սոսոյի տղա Ծղալոբի անունը և թուղթը ծալելով տվավ անգրագետին։

Այս ձևով նա մոտեցավ և մի քանի ուրիշ անգրագետ մարդկանց և նրանց համար էլ միևնույն անունը գրեց։

Մի քանի հոգի այս ու այն կողմից բողոքեցին երիտասարդի վարմունքի դեմ և պահանջեցին բարեկարգչից, որ անգրագետներին բերել տա յուր մոտ և ինքը նրանց ցանկացած մարդկանց անունները գրե։

նա գրած, թե սա գրած, միևնույն չէ՞, մեջ մտնելով հարցրեց Մոմճյանը։

Ոչ, պարոն, միևնույն չէ, նկատեց գրագետ երիտասարդներից մինը։ Եթե միևնույն է, թողեք, որ քահանան գրե. ինչու ամենքին միևնույն երիտասարդն է կամենում ծառայել, կասկածավոր եղանակով հարցրեց մի ուրիշը։

Վա, լվութին անիլը մի՞ղք է. իրա հոքու համա է անում, բացականչեց չաչանակ Սերգոն։

Մի Վիճեք, որդիք, մի վիճեք. բերեք բոլորի համար էլ ես կգրեմ, խոսեց բարեկարգիչը։

Քահանայի այս խոսքերի վրա անգրագետ ծխականներից մի քանիսը մոտեցան նրան։

Հա, ո՞ւմ անունն ես կամենում, որ գրեմ, Հարցրեց քահանան առաջին մոտեցողին։

Ումը գուզիս գրե, տերտեր ջան, միամտաբար պատասխանեց ծխականը։

Իմ ուզածը չի լինիլ, դուպետք է ասես։

Յես ի՞նչ ասեմ։

Ո՞ւմը կուզես, որ երեցփոխ ընտրենք այս եկեղեցու համար։

Իրիցփո՞ւխ։

Հա։

Այ, Արութին Գոզալովը լավ մարթ է. նրա անումը գրե։ Քահանան գրեց և ապա նորեն հարցրեց։

Գրեցի, էլ ուրիշ ո՞ւմ ես կամենում։

Գանա քանի՞ իրիցփոխ պիտինք ջոկի, զարմացած հարցրեց ծխականը։

Մեկ. բայց կարելի է Հարություն Գոզալյանցը չդուրս եկավ. մեկ ուրիշի անունն էլ ասա։

Մեկ էլ իմ անումը գրե։

Քո անունը չի կարելի, ժպտալով նկատեց քահանան։

Ինչի՞, դանա յիս մարդ չի՞մ, հ այ քրիստոնյա չի՞մ, միամտաբար հարցրեց ծխականը։

Ժողովականներից շատերը սկսեցին ծիծաղել։ Իսկ քահանան բացատրեց, թե ինչո՞ւ ինքը չի կարող բացարձակ ձայն տալ իրեն։ Այդ Միջոցին Չաչանակը միամիտ ծխականին մոտեցած փսփսում էր նրա ականջին, որ երկրորդ անունը Սոսոյի տղա Ծղալոբինը գրել տա: Ծխականը, որ մի երկրորդ անուն էր որոնում, որպեսզի գրել տա ու ազատվի, Ծղալոբի անունը լսելով նրա անունն էլ տվավ ու հեռացավ։

Սրա օրինակին հետևեցին և մի քանի ուրիշները։

Իսկ նրանք, որոնք առաջուց թերթիկներ էին ստացել Վանոյից, վերջինի խորհրդով ձևացնում էին, որ իբր թե անուններ են գրում, բայց իսկապես մատիտներ էին շարժում առանց թերթիկների վրա մի բան գրելու:

Երբ ամենքը վերջացրին, բարեկարգիչ քահանան կարգադրեց ժողովականներին բերել իրեն թերթիկները:

Տեր֊հայր, հրամայեցեք, որ երիտասարդներից մինը բոլորը հավաքե և միանգամից բերե, ինչ հարկ կա, որ ամենքըն էլ տեղերից վեր կենան ու խառնվին, խորհուրդ տվավ Մոմճյանը։

Լավ եք ասում. թող մեկը հանձն առնե այդ նեղությունը, առաջարկեց քահանան։

Այ, տերտեր ջան, յիս կու հավաքիմ, ձայն տվավ չաչանակ Սերգոն և առաջ անցավ:

Յիս էլ շատ կուխնդրեմ, տերտեր ջան, վուր հրամանք անիք ամեն մարթ ինքը բերե իրա թուղթը, տեղից վեր կենալով խոսեց ճոն Մարտիրոսը։

Ի՞նչ զանազանություն կա դրա մեջ, պարոն Մարտիրոս, միթե միևնույն չէ՞, թե բերողը մեկն է, թե՜ շատերը։

Զանազանությունը էն է, տերտեր ջան, վուր կուլի մեկը մի խոսք ունի քեզ ասելու ան դուն ունիս հարցնելու, ո՞վ գիդա, ասիլ չի ըլի. ժողովուրդ ու գահանա մի իրար երես վուր տեհնիք լավ կուլի:

Այդպես լավ է, այդպես լավ է, ձայն տվին մի երկու հոգի էլ:

Թող այդպես լինի, համաձայնեց բարեկարգիչը և պատվիրեց, որ ամեն մեկը յուր թերթիկը ինքը ներկայացնե։ Մոմճյանը այս բանին չընդդիմացավ, վախենալով, թե մի գուցե յուր ընդդիմությունը կասկած հարուցանե և գաղտնիքներից մեկը կամ մյուսը բացվի։

Երբ ժողովականները թերթիկները սկսան բերել, երիտասարդ տիրացուն նկատեց, որ թերթիկներից շատերը ավելի սպիտակագույն թղթից էին և բարեկարգչի ուշադրությունը հրավիրեց այդ հանգամանքի վրա։

Բարեկարգիչը համեմատեց և տեսավ, որ, արդարև, յուր բաժանած թերթիկների գույնը կիսասպիտակ էր, մինչդեռ ժոզովականներից շատերի բերածի գույնը կատարյալ սպիտակ։

Այս թու ղթը ո՞վ տվավ քեզ, հարցրեց քահանան մի նոր մոտեցող արհեստավոր ծխականի։

Դուն տվիր, ո վ տվավ, պատասխանեց ծխականը։

Ես չեմ տվել, վճռաբար հայտնեց քահանան։

Վա, տերտեր ջան, հիմի էս ղադա խալխի միջումը դուն չբաժանեցի՞ր, գանա գահ անեն էլ իրա արածը հաշա կուտի՞, հանդգնությամբ խոսեց արհեստավորը։

Տո, հաշա ուտող էլ ես, ստախոս էլ ես, իմ բաժանած թուղթը, այ, էս հասարակ թղթիցն էր, իսկ քո բերածը, թե ավելի սպիտակն է և թե լավ տեսակը, բարկացած նկատեց քահանան։

Ծխականը մնաց շվարած և Վանոյի ու Չաչանակի աչքերին էր նայում։

Տեր-հայր, գուցե ձեր բերած թղթերի մեջ սպիտակ թերթեր եղել են, ի՞նչ գիտեք, հարցրեց Մոմճյանը։

Ոչ, պարոն, թուղթը ես եմ գնել, վկայեց տիրացուն. երեք կոպեկ ավի մեր մոտիկ խանութպանին և վեց թերթ՝ ահա, այս հասարակ կիսասպիտակ թղթից գնեցի, կամենում եք, գնացեք, հարցրեք։

Լավ, հիմա ինչի՞ վրա եք վիճում, հարցրեց Մոմճյանը. թուղթը սև է թե սպիտակ, այդ միևնույն է։ Դուք կարդացեք, թե մեջը ի՞նչ է գրած, գուցե ծխականները իրենք իրենց տնից ընտրելիի անունը տանը գրել ու բերել են, ձեզ ի՞նչ։

Ճիշտ է ասում, տեր-հայր, դուք այն հարցրեք, թե ու՞մն են ուզում, թե չէ թղթի սևն ու սպիտակը ինչների՞դ է պետք, ձայնակցեց Վանոն։

Տերտեր ջան, յիս իմը, միր տանը գրեցի ու բերի սրամեն խո զարար չունի՞ս, վրա բերավ չաչանակ Սերգոն։

Ի՞նչ իս ասում, տո, մի ասա յիս էլ լսեմ, հարցրեց ճոն Մարտիրոսը Չաչանակին։ Ասում վուր վուր իմ թապթը յիս մեր տանը գրեցի ու բերի։

Դո՞ւն գրեցիր։

Ցիս գրեցի, մաշ։

Տո, դուն վո՞ւրդանցի գրող իս, գանա դուն գրել գիդիս սուտ ինչի՞իս խոսում:

Գրիլ չիմ գիդի, դրուստ է, մագրամ իմ քվիր տղեն խիստ արմաղան է գրում. այ, նրան գրիլ տուի։

Յիս էլ իմ բիձու տղին գրիլ տուի, վրա բերավ մի ուրիշը:

Ինձ համար էլ իմ դեյդի տղեն գրեց, հարցրեց մի երրորդը, և այսպես շատերը:

Բարեկարգիչը տեսնելով, որ աղմուկը հետզհետե մեծանում է, բոլորին էլ լռեցրեց։ Ապա սկսեց թուղթ ներկայացնողներից մեկ-մեկ հարցնել, թե ումն է կամենում։ Ումը ուզում իմ, այ էդ թղթի մեջը գրած է, ասաց ծխականին մեկը։

Ո՞ւմն ես ուզում, բերնով ասա, նկատեց քահանան։

Կարդա էլի, թուղթը ձեռնումդ չի՞։

Ես կարդալ չեմ իմ անում, ասա տեսնեմ, ո ւմ անունն ես գրել տվել։

Իմ էլ մտեմես ննգավ, տերտեր ջան։

Ուրեմն այս թուղթը կպատռենք. հիմա նորից ասա տեսնեմ, ո՞ւմն ես կամենում, ես քեզ համար կգրեմ։ Այս ասելով քահանան պատռեց ծխականի բերած թերթիկը և նորը վերցրեց գրելու։

Տեր֊հայր, այդ ի՞նչ եք անում, մեջ մտավ Մոմճյանը, ընտրությունը պետք է գաղտնի լինի և ժողովականներն էլ գաղտնի անուններ գրելով հանձնել են ձեզ. իեչու ստիպում եք նրանց ընտրելիների անունները ձեր և բոլորի առաջ նորեն արտասանելու։ Գուցե նրանք չեն կամենում, գուցե քաշվում են, մարդիկ են, միմյանց հետ գործ ունին, հաշիվ ունին. ինչո՞ւ ստիպում եք, որ մի ընտրության պատճառով նրանք միմյանց վիրավորեն, միմյանց հետ թշնամանան։

Այ որդի, բաս չիմանանք, թե ո՞վ ում է ուզում։

Այ, կարդացեք բերած թղթերը, էլի՞։ Դրանցով կիմանաք: Կամ ինչների՞դ է պեաք քննել, թե ո՞վ ում է ուզում, ձայները հաշվեցեք, ով որ շատ ձայն կլինի ստացած, նա էլ երեցփոխ կլինի:

Ձայները հաշվեցեք, ձայները հաշվեցեք, բացականչեց երիտասարդ Վանոն և մի քանի ուրիշներն էլ հետևեցին իրեն:


Մի գոռաք, մի գոչեք, ի սեր աստծո, թողեք գործը օրինավոր ճանապարհով ավարտենք, խոսեց բարեկարգիչը, այստեղ ես պարզ տեսնում եմ, որ ծխականներից և Ժամավորներից շատերը ուրիշների պատրաստած թղթերն են ներկայացնում և իրենք մեջը գրած մարդու անունն անգամ չգիտեն. սա ընտրություն չէ, այլ ճարպիկ մարդկանց հնարած ու սարքած մեքենայություն, թույլ տվեք, որ այս թաքուն գործերի հեղինակը մի գտնենք։

Ձայները հաշվեցեք, տեր հայր, ձայները հաշվեցեք, գոռացին դարձյալ այս ու այն կողմից:

Այս անգամ արդեն ճոն Մարտիրոսի համբերությունը հատավ. նա գլուխը տմբտմբացնելով առաջ անցավ և երկու ձեռքով յուր անբաժան մահակի վրա հենվելով խոսեց.

Ախպրտի՛նք. մե նիմուտ ինձ լսեցեք, երկու խոսք ունիմ, ասիմ ձիզ ու գնամ:

֊ Յիս, կուլի վուր իմացած ըլիք, իրիք քսան ու տասնը օխտը տարեկան իմ։ Էս ղադա վուխտ էս էգեղեցու ծխական իմ. շատ ննդրություննիր ինք արի. շատ իրիցփոխնիր ինք ջոկի. ամա վունչ մե գամ էս թավուր բան յիս չիմ տեսի։ Սուտ ինչի՞ ասիմ, հոգի ունիմ տալու. միր մեջ էլ խոսք ու ջուղաբ էլիլ է. ասիլ ինք իրիցփուխը լավ մարթ է, ինչի մեկ էլ նուրը ճոկինք։ Ամա, իսկի չիմ իմացի, վուր մեկը սուտ թղթեր շինե, սուտ անումնիր գրե ու թաքուն բաժնե մարդկերանց, թե ի՞նչ է էս մարթը ննդրվի ան մեկելը։

Մինք էնենց ինք իմացի, թե իրիցփուխ ջոկելը մե սուրփ գործ է. ով ումին լավ մարդ է ճանաչում, նրա անումն էլ պիտի տա. ամա էսօր տեսնում իմ, վուր չէ. էս սուրփ գործի մեջ էլ ղալթաբանդութին իք մտցրի, աստծու տան մեջ էլ սուտեր իր մոգոնում. խափեփայութիննիր իք անում... Պարոն Մարտիրոս, դուք, կարծեմ, ավելորդ բաներ շատ եք խոսում, ընդհատեց ծերունուն Մոմճյանը:

Բավական է, բավական է, լռեցեք, գլխարկը օդի մեջ շարժելով ձայնակցեց նրան երիտասարդ Վանոն:

Վա, էստի էկիլ ինք ննդրություն անի՞նք, թե՞ քարոզ լսինք, վրա բերեց Չաչանակը։

Ուստա, դուն էլ պաովիլ իս ու խոսածնիդ լիս հասկանում, խոսեց վերջապես Սոսոյի տղա Ծղալոբը։

Մի քանի ուրիշներն էլ միևնույն բացականչությունները արին:

ճոն Մարտիրոսը զայրացավ. նա մի քանի քայլ դարձյալ առաջացավ և յուր բարկությամբ լի աչքերը խոսողների վրա սևեռելով ազդու ձայնով բացականչեց։

Գանա դուք ուզում իք, վուր ճոն Մարտիրոսը ձիր առջևը սուս կենա՞. ուզում իք, վուր յիս սուտն ու խափեբայութինը տեսնիմ ու չխոսի՞մ. էգեղեցին գա՞նա ձիր հոր մուլքն է, վուր ինձ միջիցը դուս անի՞ք. գանա յիս, վուր պառվիլ իմ, ուժեմես ննկի՞լ իմ, հինց գիդի՞ք, թե խելքս կորցրիլ ի՞մ, չէ, ախպրտինք, չէ, յանղլիշ իք։ Դուք, կուլի վուր չիմանաք. ջեհիլնիր իք. ամա ձիր դեդեքն ու մամեքը լավ կուիշին, որ ճոն Մարտիրուզը էն Մարտիրուզն է, վուր քառասուն տարի առաջ ֆարմասոն Ակոփին էս քարափեմեն դվիր գլորեց, ու Քուռումը խեղդից, չուն նա մեր լուսավորչի սուրփ էգեղեցին վատաբանիլ էր. ճոն Մարտիրուզը չի համփիրի, վուր ձիզ պես մարթիքը ձիր էս սուրփ էգեղեցու պատիվը չճանչնան ու էգեղեցու մեջը օյինբաղութիննիր սարքին...

Վիրչն ասա, վիրչը, ուստա Մարտիրուզ, ախար ուշանում ինք, ընդհատեց ճոնին մի արհեստավոր։

Վիրչն էն տո օղորմելի, վուր ձիզ պես մարթկերանց էս շլապավուր ուսումնականնիրը ձեռք ին գցի. վիրչն էն է, վուր, ձիզ պես խեղճ, անմեղ ու քրիստոնյա փիշաքարներուն խելքերեմեն հանիլ ին ու վուր թենն ուզում ին էնդի ին քաշ տալի, ու դուք էլ մե չիք հարցնում, թե դժո՞ւղքն ին տանում ձիզ, թե արքայութինը։ Ախար ո՞վ է տեսի, վուր էս սուրփ էգեղեցումը, էս սուրփ սեղանի առչիվը մշակ ու փեշաքար մարթը սուտ ասե ան սուտ մոգոնե... էս դիփ դուք իք արի, դու, դարձավ ճոնը դեպի Մոմճյանը, էս անմիղ քրիստոնյաներուն դուք իք ճամփից հանի, էս խեղճերու հոգին դուք իք սատանայի փայ արի։ Ախար աշխրքից ի՞նչ պիտիք տանի. ասինք, թե էս խեղճերուն խափեցիք, ասինք, թե դիփ մարդկերանց խափեցիք, խոմ ստիղծող աստծուն չիք կանա խափի, խոմ մե օր նա ձիր դատաստանը կոնե...

Տեր֊հայր, այս մարդն արդեն չափն անցկացրավ ի՞նչ եք լռել, բարեկարգիչ եք, զայրացած բացականչեց Մոմճյանը։

Չափն յի՞ս անցրի. այ հառամ ըլի. ձիզ ձիր ուսումը, հառամ ըլի. աստծու տանը, որ էդ իք անում, յարաբ դսերումը ինչի՞ր չիք անի... վրդովված սրտով խոսեց ծերունին և փայտի վրա հենած ու գլուխը տմբտմբացնելով դուրս գնաց եկեղեցուց։ Նրա հետ դուրս եկան և մի քանի հոգի, որոնք համակրում էին ծերունու խոսքերին։

Հիմի կի էդ գիժեմեն ազատվեցանք, տեր ֊հայր, բանը քութահ արեք, գոռաց չաչանակ Սերգոն։

Ձայները համարեցեք, տեր֊հայր. ուշանում ենք, ժամը երեքը դառավ, խոսեց Վանոն։

Ձայները, ձայները, գոռացին ժողովականներից շատերը։

Որդիք, մի համբերեցեք, ախար այստեղ անկանոնություններ են կատարվել, պետք է քննենք, հետևենք...

Անկանոնության բան չկա, մարդիկը կանոնավոր ընտրություն են արել, գործը մի ուշացնեք, գլուխն ու բռունցքը շարժելով բացականչեց գործիչ֊Վանոն։

Տեր֊հայր, ո՞վ էր այս ճոն Մարտիրոսը, խնդրեմ նրա մասին մանրամասն տեղեկություններ տվեք, նա, թե ինձ և թե այս ժողով ականներին և' անպատվեց, և' վիրավորեց, ես պետք է դատ բանամ նրա դեմ, գրգռված մոտենալով քահանային հարցրեց Մոմճյանը։

ճոն֊Մարտիրոս են ասում, որդի, ես էլ լավ չեմ ճանաչում ։

Էհ, բան չունի՞ս. գիժ է, խելքեմեն ելած է. քի պես պատվական մարթը նրա հիդ պտի գլուխ դնի՞, առաջ անցնելով խոսեց Ծղալոբը։ Գիժ է, գիժ է, ի՞նչ ունիս նրա հիդ, դուն իրիցփուխի բանը քութահ արա, խոսեցին ուրիշ մարդիկ:

Դեհ, լավ, տեր-հայր, վերջացրեք, որ գիժ է՝ էլ ավելորդ է նրա հատ ընկերանալ, ձեր գործը վերջացրեք, որոշեց Մոմճյանը:

Բայց, որդի, ախար այստեղ անկանոնություններ կային...

Ուրեմն չեք կամենում, կնշանակե ցանկանում եք ժողովականների կամքի հակառակ ընտրություն անել։ Լավ. թողեք ուրեմն գործը մնա կիսատ. ես այսօր կերթամ և հարկ եղածը սրբազանին կպատմեմ. ինչ որ հարկավոր է, թող նա ինքը կարգադրե, սպառնաց Մոմոճյանը:

Եթե բոլոր ժողովականները կամենում են, ես ընդիմանալու ի՞նչ ունիմ, ասաց բարեկարգիչը, Մոմճյանի ըսպառնալիքից վախենալով։

Կամենում ենք, կամենում ենք, վերջացրեք, շուտ արեք, գոռացին, գոչեցին այս ու այն կողմից։

Բարեկարգիչ քահանան սկսեց կարդալ թերթիկները և տիրացուն ու Վանոն գրեցին ընտրելիների անունները։ Երբ ընթերցումը ավարտեցին, սկսան ձայները հաշվել և տեսան, որ մի քանի հոգի երկու կամ երեք ձայներ են ստացել. մինչդեռ Սոսոյի տղա Ծղալոբը ստացել է հիսունևերեք ձայն։

Բարեկարգիչը հայտնեց, որ պարոն Ծղալոբը ընտրված է երեցփոխ։

Ընտրողներից շատերը շնորհավորեցին նրան, իսկ քչերը զարմացած հարցնում էին իրար թե՝ ինչպե՞ս պատահեց, որ Ծղալոբի պես անհայտ ու աննշան մարդը երեցփոխ ընտրվեց. բայց որովհետև դրանք էլ խեղճ ու միամիտ մարդիկ էին, ուստի շատ չերկարացրին. «Տերն իրանց հիդ» ասացին ու դուրս գնացին։

Բայց Մոմճյանն ու յուր արբանյակները գոհ էին, որ գործը, թեպետ մի փոքր դժվարությամբ և անհաջող միջադեպով, այնուամենայնիվ իրենց ցանկացած ձևով վերջացավ։

Ինչ նորընտիր երեցփոխին էր վերաբերում, նա այնքան ուրախ էր, որ քիչ էր մնում թե թևեր առներ ու թռչե։ Երբ բոլոր ժողովականները հեռացան, նա մոտեցավ Մոմճյանին, որը կանգնած էր Սարյանի հետ, և շնորհակալություն արավ նրան յուր ընտրությունը հաջողացնելու համար:

Այդ միջոցին մոտեցավ և չաչանակ Սերգոն ու ժպտադեմ բացականչեց:

Հը, վո՞ւնց է, լոթի, իրիցփուխ էլ շինեցինք քիզ, էրազդ խոմ կատարվի՞ց. հիմի կի իրիք թումանանոց ճաշը պիտիս սարքի։

Իմ ջուխտ աչքի վրեն, իրիք թումանանոց չէ, հինդ թումանանոց պիտիմ սարքի, աոջևներիս կիրակին Օրթաճալում իմ ղոնաղն իք քսանհինգ ան յարսուն մարթով, պատասխանեց Ծղալոբը ծիծաղելով։

Երիտասարդ Սարյանը այս բոլորը տեսավ ու լսեց և խոր մտածմունքների մեջ հեռացավ եկեղեցուց։

ԺԴ

ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Մինչև նախընթաց գլխում նկարագրած ընտրությունը, Վահան Սարյանը նայում էր Մոմճյանի վրա իբրև մի խելոք, ազնիվ, առաքինի և լուսավոր գաղափարներով հարստացած երիտասարդի վրա, որի միակ նպատակն էր ազնվությամբ և անխարդախ հոգվով յուր ազգին ծառայելը. նրա թե խոսքերի և թե գործերի մեջ նա շարունակ տեսնում էր նրա այդ արժանավորությունների ապացույցները։ Մոմճյանին ընդունելով իբրև անկեղծ և անձնվեր հայրենասերի կատարելատիպ՝ նա ինքն յուր մեջ որոշել էր ամեն բանի մեջ հետևել և նմանիլ նրան: Այս էր պատճառը, որ Սարյանը նրան, մինչև անգամ, յուր մենտորն էր անվանում։

Բայց Ձորաբաշի եկեղեցում կատարված ընտրության ներկա գտնվելով և այդ ընտրության ժամանակ որոշ նպատակով գործ դրված զեղծումներին և անարդարության վկա լինելով և, մանավանդ, Մոմճյանին այդ զեղճումներին կուսակից և պաշտպան տեսնելով, Սարյանի վրա մի տեսակ հիասթափություն եկավ. նրա հոգվո աչքերը կարծես բացվեցան և նա սկսեց խիստ քննական աչքով դիտել ու զննել այն ամենը, ինչ որ կատարվում էր յուր շուրջը: Նրան թվում էր, թե բախտը դավաճանել է իրեն՝ մտցնելով գործողների այնպիսի մի շրջան, որից ինքը, իսկապես, պիտի փախչեր և որի դեմ մինչև անգամ պիտի կռվեր՝ երբ յուր գործելու ժամանակը հասներ։ Այս պատճառով նա մտածեց, որ կարելվույն չափ շուտով հեռանա այդ շրջանից և փորձե ավելի ազնիվ և անկեղծ մարդկանց մոտենալու։

Բայց որովհետև Թիֆլիս մտնելու օրից սկսած նա միքանի ուրիշ դեպքերի վերաբերմամբ էլ հիասթափվել էր, իսկվերջը գործին տեղեկանալով՝ նախկին հիացման ու համոզմունքին էր եկել, ուստի որոշեց, որ այս առթիվ էլ դեռ մի առժամանակ սպասե։

«Ով գիտե, գուցե, այս անգամ էլ սխալվողը ես եմ. մտածում էր ինքն իրեն Սարյանը. իեչո՞ւ շտապել։ ԳուցեՄոմճյանը ստիպված էր այդպես վարվելու. գուցե ընտրության ժամանակ նկատածս զերծումները անհրաժեշտ էին:Պետք է գործը ամեն կողմից քննել և հետազոտել. ապա թե ոչ հեռանալ ես ամեն րոպե կարող եմ. բայց պետք է հեռանամ այնպես, որ էլ զղջալու տեղիք չունենամ»։

Այս մտածմունքների հետ միասին տանջում էր Սարյանին և այն միտքը թե' ինչո՞ւ Մոմճյանն ու յուր համախոհները երեցփոխ ընտրեցին այն տգետ և ապուշ մարդուն, որի վրա «թեյարանի սպասավորն» անգամ արհամարհանքով է նայում։Մի՞թե Մոմճյանը այնքան խելք և ճանաչողություն չուներ,որ այդ մարդու ո՞վ և ի՞նչ լինելը չիմանար։ «Անկարելի է.այստեղ թաքնված է մի գաղտնիք, որը, անշուշտ, արժանի էուշադրության», մտածում էր երիտասարդը, բայց թե ի՞նչգաղտնիք պիտի լիներ այդ, նա չէր կարողանում գուշակել և,միևնույն ժամանակ, չէր էլ կամենում Մոմճյանից բացատրություն պահանջել, որպեսզի նա պատրաստ պատճառաբանություններով յուր միտքը չպաշարե։ Այլ որովհետև մի անգամ արդեն սկսել էր կասկածել այդ երիտասարդի անկեղծության և ազնվության վրա, ուստի որոշեց քայլ առ քայլ հետևել նրա գործողության և անձամբ համոզվել, թե որքա՞ն նա արժանի էայն համոզմունքին, որ ինքը նրա վրա ուներ։ • Առիթը ինքն իրեն ներկայացավ։

Ընտրության հետևյալ օրը նշանակված էր խմբագրական ժողով, որին Մոմճյանը պիտի ներկայացներ «Ամբոխի մեջ գործելու եղանակները որոշող հրահանգը» ի քննություն։

Ընթերցողները, անշուշտ, հիշում են առաջին խմբագրական ժողովի մեջ կայացած այն վճիռը, որի հիման վրա Մոմճյանը պարտավորվել էր հիշյալ հրահանգը պատրաստելու։

Ժողովը տեղի ուներ դարձյալ տիկին Մարթայի կահավորված հյուրասենյակում։

Նշանակված ժամին «Փնջիկ»-ի թե խմբագիրը, թե աշխատակիցները և թե բարեկամները հավաքված էին այդտեղ։ Ներկա եղողների մեջ օտարը իսկապես Սարյանն էր, որին Մոմճյանը ծանոթացրեց հին բարեկամների հետ, նախապես մի պատշաճավոր գովասանական ճառ խոսելով նրա մասին։

Խմբագրական ժողովի երիտասարդ անդամները առաջին անգամից իսկ հարգանքով և ակնածությամբ վերաբերվեցին դեպի երիտասարդ աշխատակիցը և մեծ գովություններով խոսեցին նրա այն աշխատությունների մասին, որոնք լույս էին տեսնում «Փնջիկ»-ի մեջ։

Ինչ վերաբերում է օրիորդներին, նրանք հարգանքից ու ակնածությունից զատ՝ մի ուրիշ բան էլ զգացին դեպի երիտասարդ գավառացին։ Այդ այն էր, որ նրանք հիացան Սարյանի բարեկազմ հասակի և առնական գեղեցկության վրա։

Փոքրիկ դեմքով և հասակով օրիորդը, որ ներկայացավ երիտասարդին էմմա Քանանյան ազգանունով, աշխատեց նստել ուղիղ Սարյանի հանդեպ և նայել նրա խելոք ու կենդանությամբ լի աչքերին, որքան որ կարող էր։

Կարճ հասակով և երկար քթով օրիորդը, որ իրեն Զարուհի Թեմուրյան անվանեց, ամեն միջոց գործ դրավ Սարյանի աթոռին կից տեղ որոնել, որովհետև հավատացած էր, որ կարիք կունենա այս և այն հարցի մասին յուր հետ առանձին խոսելու։

Օրիորդ Սառա Մամուլյանը, որ յուր անվան և Սարյանի ազգանվան մեջ զարմանալի նմանություն գտավ և բացատրեց նրան, որ ինքը երևի այդ պատճառով է սիրում, որ իրեն Սարա անվանեն և ոչ թե Սառա (նա ատում էր հայոց ռ տառը), նստեց Քանարյանի կողքին, աշխատելով միևնույն գործով պարապել, ինչով որ դրացուհին էր պարապում, այն է՝ շարունակ նայել Սարյանի դեմքին։

Օրիորդ Լուսիկ Բարյանը միայն շատ հեռու նստեց, որովհետև եղածների մեջ նա ամենից գեղեցիկն էր։ Ուներ գրավիչ աչքեր՝ երկար արտևանունքներով եզերված, լայն ճակատ և կամար հոնքեր, բարակ ու գեղեցիկ քիթ, փոքր ինչ մեծ, բայց անուշ ժպտող բերան, դեմքը թեպետ մաշված, բայց համակրելի, հասակը՝ բարեկազմ, ձայնը մեղմ և քնքուշ, միով բանիվ ներկա եղող օրիորդների ընդհանուր տգեղության ներդաշնակությունը խանգարող: Օրիորդի նպատակն այն էր, որ գեղեցիկ երիտասարդը մոտիկ եղող տգեղություննրը տեսնելուց հետո նայե իրեն, որպեսզի յուր գեղեցկությունը կրկնապատիկ երևա նրան։

Սակայն տ. Մարթան, որ Շուշանի հետ միասին այս ժողովում էր գտնվում (Մոմճյանը առհասարակ սիրում էր, որ խմբագրական ժողովները բազմամարդ լինեն), ինքն յուր սրտում ծիծաղում էր օրիորդ-ժողովականների միամտության վրա։ «Իզուր եք աշխատում հաճելի լինել, մտածում էր ինքն իրեն, Շուշանի փեսացուն ձեզ չի հավանիլ, նա յուր արժանավոր հարսնացուն գտել է արդեն...»։

Ինչ օրիորդ Շուշանին է վերաբերում, նա լուռ ու մտախոհ նստած, երբեմն միայն գողունի հայացքներ էր ձգում Վահանի վրա և ապա ներկա եղող օրիորդներին նայում՝ գուշակելու համար, թե արդյոք նրանք չե՞ն ծաղրիլ իրեն, եթե իմանան, որ Վահանի նման տղին յուր փեսացուն է համարում։

Մոմճյանը առանց ուշադրություն դարձնելու օրիորդների մտավոր աշխարհը հուզող և զբաղեցնող քնքուշ պատճառների վրա, ժողովը բացավ և հայտնեց, որ խոստացած հրահանգը արդեն պատրաստել, բերել է ժողովի քննության առաջարկելու։ Բայց նախքան հրահանգի ընթերցումը նա կարևոր համարեց նախընթաց ժողովի արձանագրությունը կարդացվի, որպեսզի պ. Սարյանը, որ ներկա չէր եղել անցյալ ժողովին, ծանոթանա քննության առաջարկվող հրահանգը կազմելու շարժառիթների հետ։ Ժողովականները սիրով համաձայնվեցին։

Խմբագիր Շաշյանը, որ առհասարակ, խմբագրական Ժողովներում մի դրական պաշտոն կատարելու մեծ ցանկություն ուներ, ձեռք առավ արձանագրությունը և սկսեց կարդալ.

«թիֆլիս, 188* թ. սեպտեմբեր 17.

«Փնջիկ»-ի խմբագրատան մեջ կայացավ տասնհինգերորդ խմբագրական ժողովը, որին ներկա էին՝ տնօրեն և գործավար պ. Մոմճյան, խմբագիր-հրատարակիչ պ. Շաշյան, աշխատակից պարոններ՝ Մովսիսյան, Թաթուլյան, Վարդանյան, Արազյան, Ասլանյան և Հակոբյան. աշխատակից օրիորդներ՝ էմմա Քանարյան, Լուսիկ Բարյան...

Այդ ի՞նչ խավարամտություն է. օրիորդ աշխատակիցների անունները տղա աշխատակիցներից հետո՞ եք գրել. սուր ու ճչող ձայնով ընդհատեց ընթերցումը օր. Քանարյանը։

ԵՎ իրավ. այդ ի՞նչ միջնադարյան հնամոլություն է, ձայնակցեց օրիորդին աշխատակից Թաթուլյանը։

Այդ երևի մի սխալմունք է, վնաս չունի, հետո կուղենք. շարունակեցեք, խոսեց Մոմճյանը և խմբագիրը շարունակեց։

«Էմմա Քանարյանը, Լուսիկ Բարյանը, Զարուհի Թեմուրյանը, Սարա Մամուլյանը...»։

Օ, հո, իմ անունը ամենից վե՞րջն եք գրել, երևի ես «Փնջիկտ-ի խմբագրության երկրորդական, երրորդական կամ. ով գիտե, չորրորդական և հինգերորդական աշխատակիցն եմ... խնդրեմ, խնդրեմ, իմ անունը ջնջեցեք, քիթն ու պռունկը վեր քաշելով խոսեց օրիորդ Սարան և շուռ գալով մեջքը դեպի Շաշյանը արավ։

Օրիորդ, ինչի՞ եք վիրավորվում. անունը առաջ գրած, թե ետ գրած միևնույն չէ՞, նկատեց օրիորդ Բարյանը։

Խնդրեմ, օրիորդ, թե որքա՞ն միևնույն է՝ այդ ես լավ գիտեմ։

Օրիորդ Բարյանը այս անսպաս հայտարարության վրա մինչև ականջները կարմրեց և սրտնեղությունից քիչ մնաց, որ լաց լինի։

Այս տեսակ նկատողություններ նա շատ էր լսել յուր ընկերուհիներից և երբեք էլ չէր վշտացել. բայց այս անգամ խմբագրական ժողովում և այն՝ նոր ծանոթացած երիտասարդի ներկայությամբ, իհարկե, լսել և տանել չէր կարող։ Բայց մինչև որ նա մի պատասխան կտար, Մոմճյանը օգնության հասավ։

Օրիորգ Սարա. դուք գործը սխալ եք հասկանում, ձեր համեմատությունն էլ անհաջող էր. անունները ետ ու առաջ գրելու մեջ տարբերություն չկա. օրիորդ Լուսիկի նկատողությունը իրավացի էր...

Բայց ինչպե՞ս, դուք...

Խնդրեմ, խնդրեմ, մի ընդհատեք ինձ. ես ոչ ոքի խոսք շեմ տալիս և շատ խնդրում եմ, ժողովականներից, որ ոչ ոք արձանագրության ընթերցումը չընդհատե. հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք ամբողջ մի ժամ ընթերցանության վրա կորցնելու։ Շարունակեցեք պ. Շաշյան։

Խմբագիրը շարունակեց։

«...Զարուհի Թեմուրյան, Սարա Մամուլյան, Շուշան Մեհերյան և տիկին Մարթա Մեհերյան»։

Տեսնո՞ւմ եք, օրիորդ, իմ անունը ամենից վերջն է գրված. բայց ես չեմ նեղանում, որովհետև գիտեմ, որ սեղանի վրա անուշ բաժինը ամենից վերջն են բերում, ժպտալով խոսեց տ. Մարթան և ժողովականները ծիծաղեցին։

Դուք էլ ուրեմն ինձ ընդհատեցիք, նկատեց Շաշյանը

Վնաս չունի. քեզ ընդհատեցի, բայց աղջկերանց սիրտը շահեցի, դա էլ հարկավոր էր. փորձառու եղանակով պատասխանեց տ. Մարթան։

Խմբագիրը գլուխը շարժեց և նորից ընթերցումը սկսեց.

«...Ժողովի պարապմունքը տնօրեն Մոմճյանի՝ կուսակցություն կազմելու մասին արած առաջարկությունն էր, որը նա ամփոփում էր հետևյալ խոսքերի մեջ. մեր բարձր նպատակներին հասնելու համար մենք պատրաստ ենք ստեղծել զորեղ կուսակցություն, որպեսզի նրա շնորհիվ հասարակական որոշ գործեր կարողանանք ձեր ձեռքն առնել ֊ Այդ նպատակին հասնելու միակ ճանապարհը պարոն Մոմճյանը գտնում է ամբոխի հետ ձեռք ձեռքի տված գործելու մեջ»։

ներկա եղող աշխատակիցներից պ. Մովսիսյանը, դեռ Մոմճյանի պատճառաբանությունները չլսած հակաճառեց նրա առաջարկությանը...

Մովսիսյանի մասին գրվածը թողեցեք, կարգադրեց Մոմճյանը. կարդացեք իմ պատճառաբանությունները միայն։

Բայց ինչո՞ւ չեք կամենում, որ բոլորը կարդամ, հարցրեց Շաշյանը։

Թե ինչո՞ւ չեմ կամենում, դրա պատասխանը հետո, կարդացեք այն, ինչ որ խնդրեցի։

Խմբագիրը Մոմճյանի ձայնի ելևէջներից արդեն գուշակեց, որ բարկացրեց նրան, ուստի շարունակեց ընթերցանությունը.

«... Օրիորդ էմմա Քանարյանի այն հարցին, թե ի՞նչ բան է հզոր կուսակցությունը, պ. Մոմճյանը պատասխանում է.

Հզոր կուսակցություն կնշանակե ունենալ քաղաքի մեջ հավատարիմ բարեկամների այնպիսի մի բազմություն, որը քեզ հետ համամիտ և համակարծիք լինի ամեն դեպքում, որին եթե ասես՝ մածունը սև է, նա էլ քեզ հետ միասին գոչե թե՝ այո, սև է, եթե ասես մուրը սպիտակ է, նա էլ գոռա ամեն տեղ թե՝ այո, սպիտակ է։

Գալով այն հարցին, թե մեր ինչի՞ն է պետք հզոր կուսակցությունը, պ. Մոմճյանը ասում է. ենթադրենք, թե մեր բարեկամներից ոմանք ուսումը ավարտելով վերադառնում են հայրենիք. նրանցից մեկը բժիշկ է, մյուսը փաստաբան, երրորդը ճարտարապետ և այլն։ Նրանք նորեկներ լինելով՝ հարկավ, հասարակությանն էլ անծանոթ կմնան։ Բայց եթե մենք զորեղ կուսակցություն ունենանք, կառաջարկենք նրան հարկավոր դեպքում մեր նորեկ բարեկամներին դիմելու, և նա այդ կանե։ Այսպիսով մեր բարեկամների առաջ գործելու ճանապարհ կբացվի, որոնք հասարակության մեջ մտնելով, իրենք էլ իրենց հերթում մեր կարծիքներին կծառայեն։ Այս եղանակով կարելի է օգնել նաև մեր կուսակցության պատկանող դպրոցավարտ օրիորդներին, եթե նրանք վարժուհության կամ հասարակական ուրիշ պաշտոններ ստանալու ցանկություն ունենան։ Որովհետև պաշտոն տվող հոգաբարձուները, տեսուչները, կառավարիչները և այլն, պիտի գտնվին մեր կուսակցության մեջ։

Կուսակցության համամիտ և համազոր գործողության շնորհիվ հնարավոր է նույնպես ձեռք առնել երեցփոխանական, հոգաբարձուական և հայոց ընկերական հաստատությունների բոլոր ընտրությունները և այդպիսով մտնել ամեն տեղ, տիրել ամեն գործի և հասարակական բախտի կառավար ու առաջնորդ հանդիսանալ...»։

«Սույն պատճառաբանությունները լսելով՝ խմբագրական Ժողովը միաձայն ընդունեց պ. Մոմճյանի առաջարկությունը և հանձնեց նրան՝ ամբոխի մեջ գործելու և ամբոխի առաջարկությամբ կուսակցությունը ստեղծելու միջոցները սովորեցնող մի հրահանգ խմբագրել և ներկայացնել այն հետևյալ խմբագրական ժողովին ի քննություն»։

Երբ Շաշյանը արձանագրության ընթերցումը ավարտեց, Մոմճյանը ժողովականներին դառնալով հարցրեց.

Ձեզանից ո՞վ ինչ նկատողություն ունի անելու։

Կարծեմ ոչ ոք, լսվեցավ մի ձայն։

Ուրեմն... բայց ոչ, դուք ի՞նչ նկատողություն ունիք անելու, պ. Սարյան։

Ինչի՞ վերաբերմամբ։

Մեր այս արձանագրության։

Ես ներկա չեմ եղել ձեր ժողովին. հետևապես ձեր արձանագրության մասին էլ նկատողություն անել չեմ կարող։

Նկատողություն չէ, բայց մի միտք, մի կարծիք խո կարո՞ղ եք հայտնել։

Այսինքն ի՞նչ կարծիք կկամենայիք, որ հայտնեի։

Օրինակ թե՝ իմ աոաջարկած կուսակցությունը հարկավո՞ր է ունենալ, թե ոչ։

Իմ կարծիքով ամեն լավ բան կատարելու համար ցանկալի է, որ մարդ ուժ ու կարողություն ունենա. եթե կուսակցությունը այնպիսի ուժ է, որ մեզ պիտի օգնե մեր բարի նպատակները իրագործելու, իհարկե, անհրաժեշտ է ունենալ նրան։

Բրավո, բրավո, գեղեցիկ միտք, հրաշալի միտք, բացականչեց խմբագիր Շաշյանը։

Մոմճյանը աչքերը խոժոռեց նրա վրա և քթի տակ շշնջաց։

Հատկապես խնդրում եմ, որ մինչև ժողովի վերջը լուռ մնաք...

Շաշյանը մի կեղծ ժպիտ խաղացրեց դեմքի վրա և սկսեց մատիտով առջևը դրած թուղթը խազխզել։

Իհարկե, կուսակցությունը հենց այն ուժն է, որ օգնում է մեզ մեր նպատակներին հասնելու, հաստատեց Մոմճյանը:

Բայց գլխավոր հարցը այն է, թե ո՞ր աստիճան մեր նպատակները բարի են, նկատեց Սարյանը։

Մեր նպատակների բարի լինելու մասին կասկածել ավելորդ է, մենք ծառայում ենք մեր ազգին և դիմում ենք դեպի առաջադիմություն։ Ահա այս է մեր գործը և մեր նպատակը. սրանց մեջ չար բան լինել չէ կարող։

Սարյանը լռեց և չկամեցավ երկարացնել, որովհետև հասկանում էր, որ ցանկացած կարծիքները արտահայտելուց՝ հարցը կարող է վիճաբանության փոխվել. մինչդեռ ինքը, խմբագրական ժողովի ներկա եղող անդամների մասին մի գաղափար կազմելու համար՝ որոշել էր ոչ խոսել և ոչ էլ կարծիք հայտնել, այլ միայն լսել։

Ուրեմն ես կարող եմ իմ պատրաստած հրահանգը կարդալ, հայտարարեց Մոմճյանը։

Կարդացեք, կարդացեք, ձայն տվին այս ու այն կողմից։

Իմ հրահանգը ընդարձակ չէ, ասաց Մոմճյանը, հանելով ծոցից մի քառածալ թուղթ և բանալով նրան. նա կազմած է ընդամենը տասը հոդվածներից, որոնք, սակայն պարունակում են իրենց մեջ այն ամենը, ինչ որ հարկավոր է մեզ գիտենալ զորեղ կուսակցություն կազմելու համար։ Կարդացեք, կարդացեք լսենք, ձայն տվին Ժողովականները։

Իսկույն. և նա սկսեց կարդալ

«Հրահանգ համամիտ և համախոհ կուսակցություն կազմելու համար։

Այդ վերնագի՞րն է, պ. Մոմճյան, ճչալով հարցրեց օրիորդ Քանարյանը:

Այո, վերնագիրն է, մի նկատողություն ունի՞ք անելու սրա մասին։

Ոչ, ուզում էի ասել, որ գեղեցիկ վերնագիր է։

Իմ կարծիքով լավ կլիներ, եթե վերնագիրը կոնսիստորի լեզվով գրեիք, նկատեց աշխատակից Հակոբյանը, որ մի կարճահասակ, կոպիտ ու տափակ դեմքով և փոքրիկ տղա էր։

Կոնսիստորի լեզուն ո՞րն է, զարմացած հարցրեց, Մոմճյանը։

Կոնսիստորի լեզուն չգիտե՞ք։

Կոնսիստորի լեզուն ո՞րն է, այդ շատ հետաքրքրական է, աչքերը մեծ բացած և ծիծաղադեմ հարցրեց օրիորդ Բարյանը։

Այ, կոնսիստորի լեզուն այս է, բացատրեց Հակոբյանը, եթե կամենաք ասել <հրահանգ համամիտ և... մյուս բառն ի՞նչ էր...

«Համախոհ», հիշեցրեց Սարյանը։

Հա. «... համամիտ և համախոհ կուսակցություն կորզելու հա...

«Կորզելու» չէ, տո, «կազմելու» ասա, ուղղեց Մոմճյանը։

Ներողություն... «կազմելու համար» պետք է ասեք. «Հրահանգ վասն կազմելոյ ի համամիտ և...» ֆու, էլի այն բառը մոռացա։

«Համախոհ, համախոհ», Հիշեցրեց կրկին Սարյանը։

Հա... «վասն կազմելոյ ի համամիտ և համախոհ կուսակցութիւն»։

  «Ի համամիտ» չէ, այլ «զհամամիտ և զհամախոհ կուսակցություն...»,  ուղղեց Սարյանը։    Այո, կտրծեմ, այդպես է։ 

Այդ ի՞նչ բարբարոս լեզու է. երևի գրաբար է, հարցրեց օրիորդ Մամուլյանը։

Այո, գրաբար է, և իմ հայրս սովորեցնում է ինձ այդ լեզուն։

Դե, «գրաբար» կասեիք, էլ ի՞նչ եք «կոնսիստորի լեզու» ասում։

«Գրաբար» բառը մոռացել էի, օրիորդ։

Էլի քահանայի որդի եք, է, մի փտած կարծիք պիտի հայտնեիք, նկատեց Մոմճյանը դեմքը խոժոռելով։

Եվ այն էլ ի՞նչ քահանայի, կոնսիստորի անդամի, հարեց Հակոբյանի ընկերը։

Երևի նրա համար է գրաբարը «կոնսիստորի լեզու» անվանում, նկատեց մի ուրիշը։

Բավական է, պարոններ, մենք ժամավաճառ ենք լինում, լսեցեք կարդամ, վերջացնեմ։

Կարդացեք, կարդացեք։

Խնդրեմ ընդհատող չլինի:

Միամիտ կացեք։

Մոմճյանը շարունակեց։

«Հրահանգ համամիտ և համախոհ կուսակցություն կազմելու համար»։

«1 ին հոդված. Գործելու, հառաջադիմելու և մեր նպատակին հասնելու համար մենք կազմում ենք զորեղ միաբանություն, որ կոչվում է «Փնջիկի կուսակցություն»»։

«2 րդ հոդված. Մեր կուսակցության մեջ ընդունում ենք ամենքին, առանց խտրության կրոնի, սեռի, հասակի, վիճակի և այլն»։

Ներողություն, պ. Մոմճյան, այդ հոդվածի միտքը լավ չեմ հասկանում, կարո՞ղ եք բացատրել, ընդհատեց օրիորդ Թեմուրյանը։

Այո, սրա միտքը այն է թե՝ մենք մեր կուսակցության մեջ պետք է ընդունենք և՛ հայադավաններին, և՛ կաթոլիկներին, և՛ լութերականներին, և' պրրիգուններին (իհարկե, եթե նրանք հայ են), և՛ կանանց, և՛ տղամարդկանց, և՛ մեծին, և՞ փոքրին, և՛ հարստին, և՛ աղքատին, և՛ խելոքին, և՛ հիմարին, միով բանիվ նրանք բոլորին, որոնք երկու աչք ունին...

Եվ մի ստամոքս, պ. Մոմճյան, սրախոսեց օր. Քանարյանը:

Այո, և մի ստամոքս։ Ստամոքսը, օրիորդ, մեծ դեր է խաղում կուսակցության մեջ, այդ պետք է իմանաք:

ճիշտ է, պ. Մոմճյան, շանը որ մի անգամ հաց ես տալիս, դռնիցդ չի հեռանում, հաստատեց ուսանող Հակոբյանը։

Այդպես է, բայց մենք շարունակենք:

«3-րդ հոդված. Փնջիկի կուսակցությունը զորեղացնելու համար մեր ամենամեծ ուշադրությունը դարձնում ենք տգետ և աղքատ դասակարգի վրա որը կազմված է արհեստավորներից, բանվորներից, անգործ ու անպաշտոն մ արդիկներից և որը սովորական անունով կոչվում է ամբոխ»։

«4-րդ հոդված. Ամբոխի մեջ գործելու համար ընտրում ենք Ժիր ու գործունյա երիտասարդներ և օրիորդներ մեր հավատարիմներից ու մտերիմներից և, նշանակելով նրանց այս և այն շրջանի վրա, տալիս ենք նրանց նաև խոսելու, համոզելու և գործելու որոշ ծրագիրներ»

«5-րդ հոդված. Ամբոխի մեջ գործողը պետք է խտրություն չդնե ոչ անձի, ոչ տեղի և ոչ հանգամանքի մեջ։ Նա ամենքին պիտի մոտենա, ամեն տեղ պիտի մտնե, ամեն հանգամանքներում պիտի գործե։ Նա աղքատի սեղանին պիտի ընկերանա, արհեստավորի վիճակով պիտի հետաքրքրվի, բանվորի կրած նեղություններին պիտի վշտակցե, և նույնիսկ սրիկաների անբարոյական գործերին պիտի մասնակցեմ...»։

Այդ ի՞նչ եք ասում, պ. Մոմճյան, տեղից վեր թռչելով բացականչեց Սարյանը և մի զարմացած հայացք ձգեց Մոմճյանի վրա:

Ժողովականները, որ ուշադրությամբ չէին լսում «հրահանգի» ընթերցումը, կամ եթե լսում էին՝ շատ բան չէին հասկանում, Սարյանի բացականչության վրա ականջները սրելով՝ սպասեցին Մոմճյանի բացատրությանը։ Բայց վերջինս ավելորդ համարեց որևէ բացատրություն տալ, վախենալով, թե մի գուցե Սարյանը զորեղ կերպով ընդդիմախոսե և ժողովականների. առաջ յուր կազմած հրահանգի վարկը ձգե։

Ես գիտեմ, թե ձեզ ո՞ր կետը անհանգստացրեց, դարձավ նա Սարյանին քաղցրությամբ, բայց այդ կետի մասին ես ձեզ առանձին բացատրություն կտամ:

Սարյանը լուռ ու մունջ նստեց տեղը, զղջալով յուր միջամտության վրա։

Մոմճյանը շարունակեց։

«6 րդ հոդված. Ամեն աշխատություն պետք է գործ դնենք մեզ հավատարիմ և մտերիմ դարձնելու այն անձինքներին, որոնք ընտանիքների մեջ հաճախելու պաշտոններ ունին: Այդ կարգին պատկանում են վարժուհիները, մանկաբարձուհիները, վարսավիրները, սափրիչները և լվացարարները»։

Ասացեք խնդրեմ պ. Մոմճյան, մանկաբարձուհիները ի՞նչ ծառայություն կարող են անել մեզ, հետաքրքրությամբ հարցրեց օր. Մամուլյանը։

Մանկաբարձուհինե՞րը, օ՜, նրանք մեծ ծառայություն կարող են անել։ Երևակայեցեք, թե նրանք քանի՜ քանի՜ ընտանիքներ են մտնում, որքա՜ն կանանց հետ գործ ունին։

Ի՞նչ գործ ունին, ծնվող երեխաներին են ընդունում։ Նրանց հո մեզ կուսակից չի պիտի շինեն։

Նրանց չեն շինիլ, բայց նրանց մայրերի հետ խոսելու շատ բան կունենան։ Չէ՞ որ ծնող կանանց մոտ նրանք երկար ժամերով են նստում։

Կարծեք թե ծնող կինը յուր ցավերի ժամանակ մանկաբարձուհու ճառերին ուշադրություն պետք է դարձնե։

Նա չի դարձնիլ, բայց նրա մոտ այդ ժամանակ բարեկամուհիներ ու ազգականուհիներ շատ կլինեն, նրնրանք ուշադրություն կդարձնեն։ Երբեմն քամին փոքրիկ սերմը թռցնում տանում է և նրանից անապատում մեծ ծառ է բուսնում։ Այդ իմացեք։

Իսկ սափրիչները ի՞նչ ծառայություն կարող են անել. հարցրեց երիտասարդ աշխատակիցներից մինը։

Սափրիչների ծառայությունն էլ նշանավոր է։ Երևակայեցեք, որ դուք ոչ մի բանից տեղեկություն չունեցող մի վաճառական եք, բայց շաբաթը երկու անդամ ձեր ուռած թշերը թրաշել եք տալիս։ Սափրիչը գալիս է ձեզ մոտ։ Դուք, թե՛ պատրաստվում եք թրաշվելու և թե՛ նրան շոյելու համար հարցնում եք թե' «ի՞նչ նորություն գիտես, ուստա՛ Պեպան»

Նա ծանր ու բարակ, մի կողմից սապոնի փրփուրը երեսղ քսելով, մյուս կողմից ածելին սրելով՝ պատմություններ է անում։ Պատահում է երբեմն, որ երեսիդ կեսը թրաշած՝ մյուս կեսր թողնում է և ածելին հեռու բռնած հետաքրքիր նորություններ է հայտնում։ Ուզեք, չուզեք պիտի լսեք, որովհետև ոչ կարող եք վեր կենալ, ոչ կարող եք բարկանալ: Ահա՛, եթե այդ սափրիչը մեր մտերիմը լինի, նա ձեզ կասե, կհայտնե ա՛յն, ինչ որ ես չեմ կարող ասել ու հայտնել, և դուք նրան մի չեզոք մարդ համարելով՝ նրանից լսածները ավելի սիրով կնդունեք:

Ներեցեք, պ. Մոմճյան. չեմ կարող ինձ զսպել, գեղեցիկ և հրաշալի միտք հայտնեցիք, բացականչեց Շաշյանը:

Իսկ լվացարարնե՞րը, ինչ պիտի անեն, նրանք հո տանտիկինների կամ տանտերերի հետ չե՞ն խոսում, հարցըրեց օր. Բարյանը։

Նրանք էլ աղախինների, ծառաների և խոհարարների հետ կխոսեն։ Չէ՞ որ այդ վերջիններն էլ իրենց աշխարհն ունին և ամբոխի մեջ պատվավոր տեղ են բռնում։

Իրավունք ունիք, իրավունք ունիք, շարունակեցեք. խորհուրդ տվավ խմբագիրը։

Մոմճյանր շարունակեց։

«7-րդ հոդված. Պետք է պատրաստել այսպես անվանյալ «աղմկարարների խումբ», որը կազմված կլինի հայտնի շատախոսներից, շաղակրատներից, սոփեստներից, բամբասողներից, զրպարտողներից և, նամանավանդ, աներկյուղ ու համարձակ անվանարկողներից։ Այս խմբին կաջակցեն նաև անգործ պտտվող շրջմոլիկները, որոնց ցույց տված ծառայությունը միշտ շահավոր է լինում»։

Այս միջոցին Սարյանը մի անհանգիստ շարժում արավ։ Նա ցանկանում էր հարցնել Մոմճյանին թե՝ արդյո՛ք կատակ է անում, թե՛ իրոք այդ խոսքերը գրել է յուր հրահանգի մեջ։ Բայց հիշելով, որ մի փոքր առաջ յուր այդպիսի միջամտության պատճառով նա լռեցրեց իրեն, այլևս ձայն չհանեց։ Այսուամենայնիվ, աշխատակից Թաթուլյանը կարևոր համարեց մի հարց առաջարկել.

Շատախոսների, բամբասողների և զրպարտողների ի՞նչ բանի պիտանի լինելը՝ հասկանալի է, ասաց նա, բայց «անգործ պտտող շրջմոլիկները» մեր ինչի՛ն են պետք։

Մեր կուսակցությանը ամենալավ ծառայություն կարող են անել «անգործ շրջմոլիկները», պատասխանեց Մոմճյանը, որովհետև փորձված է, որ գործ ունեցողը որքան էլ շատ խոսե, որքան էլ շատ քարոզե, դարձյալ չի կարող անգործ մարդու չափ օգնել գործին։ Պատճառն այն է, որ որոշ պարապմունքի տեր մարդը, եթե օրվա մեջ մի ժամ ժամանակ մեզ նվիրե, տասնևմեկ ժամ իրեն պիտի նվիրե. ուրիշ կերպ անել չի կարող։ Մինչդեռ անգործ մարդը բոլոր ժամերը կարող է նվիրել, որովհետև նա պարապությունից ձանձրացած միշտ մի զբաղմունք է պտրտում, իսկ մեզ համար խոսիլը, վիճելը, քարոզելը, ինքնըստինքյան մի զբաղեցնող գործ է նրա համար։ Ա՛յ, ձեզ օրինակ մեր չաչանակ Սերգոն. որտեղ չկա նա, որտե՞ղ չէ մտնում, ո ւմ հետ չէ խոսում։ Դուք նրան կարող եք պատահել և փողոցներում, և հրապարակներում, և՛ խանութներում, և՛ եկեղեցու բակում, ամեն տեղ էլ գլխին հետաքրքիր լսողների մի խումբ հավաքած, մեկին պատմում է, մյուսի հետ վիճում է, երրորդին համոզում է, չորրորդին խայտառակում է. և այսպիսով մեզ ու մեր մարդիկներին գովում ու երկինքն է բարձրացնում, իսկ մեր հակառակորդներին պախարակում ու դժոխքն է իջեցնում։ Այս տեսակ մարդիկը, իսկապես, ինքնաշարժ հայտարարություններ են և ամեն մի կուսակցության կարի պիտանի։

Եթե այդպես է, մեր կուսակցության անունով մի ընծա պատրաստենք և Չաչանակին նվիրենք, ասաց Շաշյանը։

Ժողովականներից ոմանք ծիծաղեցին, բայց Մոմճյանը անուշադիր թողեց նրա խորհուրդը և շարունակեց.

8-րդ հոդված. Պետք է պատրաստենք այսպես անվանյալ «երկդիմիների խումբ», որի պաշտոնը կլինի մոտենալ մեր հակառակորդներին, նրանց կուսակից և բարեկամ ձևանալ և ապա նրանց բոլոր մտքերին, գաղափարներին, համոզմունքներին և գաղտնիքներին հիմնովին տեղեկանալուց ետ՝ հրապարակով հեռանալ նրանցից և սկսել նույնիսկ իրենց կետերով մրոտել իրենց»։

«9-րդ հոդված. Պետք է աշխատել հարուստ մարդկանց, կանանց և, նամանավանդ, հարուստ այրիների բարեկամությունը վաստակել՝ ինչ ճանապարհով և գնով ուզում է լինի։ Որովհետև ամբոխի ուժից հետո վճռական ձայնը պատկանում է փողին, իսկ այդ վերջինին միշտ կարիք ունին կուսակցությունները»։

Բայց որո՞նք են, օրինակ, հարուստների բարեկամությունը վաստակելու ճանապարհները, դրանցից մեկին, գոնե, ես կկամենայի ծանոթ լինել, ծիծաղելով հարցրեց աշխատակից պարոններից մեկը։

Հարուստների բարեկամությունը վաստակելու ճանապարհները շատ են, պատասխանեց Մոմճյանը, բայց ամենից դյուրինը և գործնականը նրանց թուլություններից օգտվիլն է։ Օրինակի համար' կան հարուստներ, որոնք փառամոլ են, պատիվ ու պարծանք են որոնում։ Նրանց կարելի է հռչակել մեծագործ, բարերար, ազգասեր, հայրենասեր։ Նրանց կարելի է ընտրել ընկերությունների պատվավոր անդամ, դպրոցների հոգաբարձու, եկեղեցու երեցփոխ, անկելանոցի խնամակալ և այլն։ Կան հարուստներ, որոնք եսասեր, վրիժառու և հակառակորդների հալածող են։ Նրանց կարելի է ծառայել տպագրական խոսքով, ինչպես այդ անում են Եվրոպայում, որտեղ publicite կոչված լրագրական ծառայության համար հարուստները տասը հազարներ են վճարում: Կան հարուստ այրիներ, որոնք երևալու, փայլելու և երկրպագուներով շրջապատվելու կարիք են զգում։ նրանց պետք է օգնել, որ իրենց անմեղ ցանկություններին հասնեն։ Այսպես կարելի է թվել և ուրիշ շատ ճանապարհներ։

Բավական հասկանալի է. այժմ կարդացեք 10-րդ հոդվածը, խոսեց օրիորդ Քանարյանը։

10-րդ հոդվածը, օրիորդ, վերաբերում է «խմբագրական խորհրդին», և նրա ներկայությամբ էլ կկարդացվի։ Ժողովի քննության առաջարկելիքը այս ինը հոդվածներն էին, որոնց մասին կարող եք ձեր կարծիքները հայտնել։ Ցանկալի էր, որ ամենից առաջ պ. Սարյանի կարծիքը լսեինք այս հրահանգի մասին, ասաց օրիորդ Քանարյանը, նայելով երիտասարդի ալքերին։

Uարյանը մի անհանգիստ շարժում արավ և կամենում էր պատասխանել, բայց Մոմճյանը առաջ անցավ:

Պ. Սարյանը, օրիորդ, «խմբագրական խորհրդի» անդամ է, ասաց նա, և յուր կարծիքը միայն «խորհրդին» կհայտնե։ Այժմ կարծիք հայտնել կարող եք միմիայն դուք, ժողովի անդամներդ։

Սարյանը հասկացավ, որ Մոմճյանը չէ կամենում, որ ինքը խոսե, ուստի ձայն էլ չհանեց։

Իսկ օրիորդ Քանարյանը տեղից վեր կենալով հայտարարեց ժողովի անդամներին թե՝

Որովհետև պ. Սարյանը «խորհրդի» անդամ լինելով կարծիք չէ հայտնում, հարկավ, պ. Մոմճյանն ու Շաշյանն էլ չի. պիտի հայտնեն։ Այդ դեպքում, ես կարծում եմ, մեզ մնում է համաձայնվել կարդացած հրահանգի ինը հոդվածների հետ և ստորագրել նրան, եթե հարկավոր է։

Այո՛, ստորագրել հարկավոր է, ասաց Մոմճյանը, . բայց պետք է հարցնել, թե ժողովի մյուս անդամները ևս համաձա՞յն են, թե ոչ։

Համաձայն ենք, համաձայն ենք, ձայն տվին ժողովականները գրեթե միաբերան և մեկ֊մեկ մոտենալով սեղանին ստորագրեցին Մոմճյանի խմբագրած հրահանգը, որի 10֊րդ հոդվածը, սակայն, դեռ չէր արձանագրված:

"Լուսավորության կենտրոնը" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Չինար ես
Կոմիտաս

Չինար ես

Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Լորդ Բայրոնի այցը Սուրբ Ղազար կղզի
Խաղա առցանց