Մուրացան

Անդրեաս Երեց

6

ԺԴ

Տեր Անդրեասի կալանավորության լուրը կայծակի արագությամբ տարածվեց ավանի մեջ և ամենքին էլ, մեծ թե փոքրը, համակեց տխրությամբ։ Երբ մանավանդ հայտնի եղավ այն՝ թե երիտասարդ երեցը Շահի ցասումը ժողովրդի վրայից հեռացնելու նպատակով է մատնել իրեն, էլ չկար մի հայ որ խոր սրտից չվշտանար նրա համար։ Գրեթե այն վայրկյանից, որ երեցին բանտը տարին, նա ժողովրդի համար դարձավ պաշտելի սուրբ։ Տղամարդիկ ու կանայք, ծերեր և երիտասարդներ գունդագունդ դիմում էին դեպի զնդանը՝ անձնվեր հովվին տեսնելու համար։ Այդտեղ եկավ նաև հայոց մեծամեծները մելիքներ և իշխաններ՝ կալանավոր երեցին մխիթարելու կամ նրան քաջալերական խոսքեր ասելու։ Բայց քահանային շտապել փակել էին ամենախուլ գետնափորներից մինում և Շահռուխի հրամանով թույլ չէին տալիս ոչ ոքի տեսնվիլ նրա հետ։ նույնիսկ տեր-Անդրեասի ծնողներին, որոնք իրենց որդու գլխին հասած դժբախտությունը լսելով՝ լաց ու կոծով և մազերնին փետտելով բանտն էին վազել՝ չկարողացան սիրելվո գեթ երեսը տեսներ պահապանները նրանց ևս մյուսների նման հեռացրին զնդանի դռներից։

Եվ սակայն այս ամենը չէր արգելում Ագուլյաց ժողովրրդին շարունակ գալ և խոնվիլ բանտի շուրջը, կանգնել այդտեղ ժամերով և սիրեցյալ հովվի վիճակն ավաղել: Թեպետ այդպիսով երեցի դրությունը չէր թեթևանում, այսուամենայնիվ, ամեն մի հայ յուր պարտքն էր համարում այցելել այն տեղին, ուր բանտարկված էր քահանան և լսել նրա մասին մի որևէ նորություն։ Այդպիսի նորություններ, իհարկե, չկային, որովհետև դեռ ոչ ոք չէր հաջողել տեսնել բանտարկյալին, կամ տեղեկություն առնել նրա դրության մասին։ Սակայն ամեն մի այցելու գոհ էր լինում և այն լուրերով, որոնք հետզհետե ստեղծվում էին ամբոխի մեջ և տարածվում իբրև ճշմարտություն։

Երբ երեցի կալանավորության առթիվ տիրող երկյուղը մի փոքր թուլացավ, հայոց մեծամեծները մտածեցին դիմել շահի գթության և ներումն հայցել բանտարկյալի համար: Սա թեպետ հանդուգն մի հայցված էր և խնդրարկուները դրանով կարող էին իրենց վտանգի ենթարկել, այնուամենայնիվ, արժանավոր հովվին նեղությունից ազատելու ցանկությունը այնքան էր մեծ, որ նրանք այդ որոշումը կայացրին։ Նույնիսկ այս անգամ գործի գլուխ անցավ ինքն առաջնորդը, որի մեջ աեր Անդրեասի անձնվիրությունը զարթուցել էր նախանձավորության գեղեցիկ զգացում։ Այն մարդը, որ սովոր էր հանգստության, որին մինչև այդ հետաքրքրել էին միայն անձնական հաշիվները, պաշտոնի շահը և իշխանական իրավունքը, այժմ կերպարանափոխվել, նոր մարդ էր դարձել։ Նա աներկյուղ ձեռնարկում էր վտանգավոր գործի, որպիսին էր զայրացած Շահաբասին միջնորդելը. և այդ անում էր՝ բռնավորի երեսը մի անգամ տեսնելուց, նրա ահավոր ձայնը սարսափով լսելուց հետո:Անձնվիրության լավագույն մի օրինակը դարձել էր վարակիչ. և առաջնորդը չէր քաշվում սովորել առաջնորդյալից հոգևոր պաշտպանին արժանապես ծառայելու դժվարին արհեստը։

«Քաջ հովիվը կատարեց յուր պարտքը՝ հոտն ազատելու համար. այժմ էլ հոտի վրա է պարտք մնում հոգալ յուր հովիվ ազատության համար...», ասում էր նա հայոց մեծամեծներին, որոնց ժողովել էր յուր մոտ՝ մտադրյալ միջնորդության մասին խորհրդակցելու։ Ժողովականներն առաջնորդի խոսքերը լսում էին սիրով և պատրաստակամություն հայտնում՝ չխնայելով ոչինչ՝ տարապարտ զոհին ազատելու համար։ Եվ այդ իսկ նպատակով հարուստը բերում էր դրամական նվերներ շահի մերձավորներին գրավելու, իսկ արքայի առաջ հարգ ունեցողը՝ խոստանում էր յուր բարոյական աջակցությունը։

Մինչդեռ հայերը այս պատրաստության մեջ էին, Շահռուխ բեկն աշխատում էր ուրիշ գործի համար։ Նա մոտեցավ թագավորին և իրավունք խնդրեց նրանից ստիպել բանտարկյալին կատարել արքայի հրամանը, այն է՝ ընդունել փութով մահմեդականություն, կամ ենթարկվիլ տանջանքների. «հակառակ դեպքում ասում էր բեկը, երեցի անհնազանդությունը իբր օրինակ կծառայե տեղացի քրիստոնյաներին և ըմբոստությունը հետզհետե աճելով նրանց մեջ՝ մեծ հոգսեր կպատճառե արքայից արքային»։

Շահը բանավոր գտավ սենեկապետի խորհուրդը և հրաման տվավ նրան վարվիլ բանտարկյալի հետ ըստ յուր ցանկության։

Շահռուխն, առանց ժամանակ կորցնելու, շտապեց դեպի զնդանը։

Կամենալով հասու լինել թե՝ որքա՞ն ճշգրտությամբ են կատարել յուր հրամանը, նա անձամբ իջավ այն գետնափորը, ուր փակված էր քահանան։

Խուլ ու խավարչտին մի նկուղ էր այն, բորբոսնած պատերով ու խորշերով, հատակը թաց, օդը տոգորված գարշահոտությամբ։ Մի նվազ լույս, որ թափանցում էր այդ գուբը պատուհանի տեղ ծառայող խողովակի միջով՝ հազիվ նշմարելի էր կացուցանում թշվառ բնակարանի թշվառագույն բնակչին: Նա ընկած էր գետնի վրա՝ ինչպես անշնչացած մի դիակ, ոտքերը կապված շղթաներով, ձեռքերը պրկված կոճղի մեջ, իսկ պարանոցը անցցրած երկաթյա օղակ, որի ժանգոտած շղթայի ծայրը ամրացած էր բորբոսնած պատի մեջ։ Այս դրությամբ կապյալը չէր կարողանում ոչ նստել, ոչ կանգնել և ոչ իսկ պառկել ցանկացած ուղղությամբ, զի սնարի կոճղը արգիլում էր նրա ամեն մի շարժումն, իսկ ծանր օղակը պարանոցը ճնշելով՝ թույլ չէր տալիս գեթ գլուխը բարձրացնել: Խեղճն ստիպված էր կծկվել շարունակ մի կողմի վրա, գարշահոտ ցեխի մեջ... և անկարող օգտվելու այն մի կտոր ճաթից (կորեկահաց) ու գավաթ ջրից, որ դրել էին նրա առաջ իբրև կերակուր։

Եվ ահա բորբոսնած խորշերի կողմը լսվեցավ ոտնատրոփ, փականքը շարժեցին և ժանգահար դուռը բացվեցավ: Երեցը փորձեց գլուխը վեր առնել, բայց չկարողացավ, միայն մարմնի շարժվելով ոտքերի և օղակի շղթաները շաչեցին։

Հա, քեշիշ, ի՞նչպես է քեֆդ. հնչեց հանկարծ նկուղի մեջ Շահռուխի ծաղրող ձայնը։

Կապյալը չպատասխանեց։ Նրան մինչև անգամ չհուզեց այցելուի ծաղրը։

Անշուշտ, գոհ ես քո վիճակից և շարունակ աղոթում ես. այնպես չէ՞, հեգնեց բեկը նորեն և մի քայլ առաջ անցավ։

Գոհ եմ և աղոթում եմ... պատասխանեց երեցը կիսաձայն։

Չեմ զարմանում, հայ չե՞ս, հարեց բեկը և ապա դառնալով իրեն հետևող բանտապետին՝ ասաց. այստեղ անկարելի է շնչել. վերև հանիր սրան։

Այս ասելով Շահռուխը դուրս գնաց. բանտապետը մոտենալով երեցին՝ արձակեց ձեռները գելարանից, հանեց օղակը պարանոցից և թողնելով միայն ոտքերի շղթաները՝ առաջնորդեց նրան դեպի վեր։

Մտնելով բանդապետի սենյակը, Շահռուխը սպասում էր երեցին և միևնույն ժամանակ մտածում թե՝ ի՞նչ եղանակով սկսե զրույցը, որպեսզի հաջողություն ունենա. արդյոք բարկությամբ ու սպառնալիքով, թե՞ քաղցրությամբ և համոզիչ խոսքերով, շշնջում էր նա ինքնիրեն։

Մինչև երեցի տևսնիլն, այո, նա այն կարծիքին էր թե՝ կապանքների խստությունը ճնշած կլինի կապյալի կամակորությունը և, հետևապես, մի քանի նոր սպառնալիքներ կհաղթահարեն նրան բոլորովին։ Բայց երբ յուր արած ծաղրական հարցի պատասխանը լսեց, նա համոզվեցավ որ քահանայի մեջ տա կավին չէ ընկճվել հոգեկան արիությունը: Ուստի որոշում է խոսել նրա հետ կարելույն չափ մեղմ և ամոք եղանակով:

Բայց ի՞նչ հաջողություն էր սպասում բեկը։ Մի՞թե, արդարև, նա հետաքրքրվում էր քահանայի կրոնափոխությամբ, կամ մտածում էր այն մասին թե՝ շահին անպատվողը անպատճառ պիտի պատժվի՞։ Իհարկե ոչ։ Նա իբրև մինը բնության այն այլանդակություններից, որոնք ապրում և վայելում են կյանքը միշտ ուրիշների կենաց և արյան գնով մտածում էր միայն յուր հաճույքների, յուր զգայական զվարճությանց մասին։ Նա չէր մոռանում այն աղջկան, որին մի օր խլել էին իրենից. չէր մոռանում և այն անպատվությունը, որ կրել էր նրա պատճառով։ Եվ ահա այժմ, երբ բախտը հաջողում էր իրեն, նա կամենում էր օգտվիլ այդ հաջողությունից։ Նա տեսնում էր հակառակորդին յուր ճանկերում, ուրեմն և պիտի ճնշեր նրան որքան ուժերը կթույլատրեին, մինչև որ կդարձներ յուր հին կորուստը, մինչև որ կլուծեր յուր պատվի վրեժը...»

Երբ երեցը ներս մտավ՝ Շահռուխը հրամայեց բանտապետին հեռանալ։ Ապա դառնալով քահանային, որ հյուծված դեմքով և տխուր աչքերով կանգնել էր առաջ, հրցրեց.

Ճանաչում ես դու ինձ։

Երեցը նայեց նրա վրա դեմքի խաղաղ արտահայտությամբ, հազիվ նշմարելի արհամարհանքով և ապա հայացքը դարձրեց ուրիշ կողմ։

Չե՞ս պատասխանում ինձ, հարցրեց Շահռուխը կրկին։

Ճանաչում եմ, պատասխանեց երեցը անփույթ եղանակով։

Իհարկե, կճանաչես։ Բայց ի՞նչ կարծիք ունիս այժմ իմ մասին:

Քաջ ես և հզոր, պատասխանեց երեցը հեգնորեն։

Այդքա՞ն միայն։

Եվ ամենակարող։

Այդ է ճիշտ պատասխանը, հարեց Շահռուխը ժպտալով ապա, կարծես, համոզված որ երեցը խոսում է լրջությամբ, ավելացրեց. այժմ ես կհայտնեմ քեզ իմ այցելության պատճառը: Քո հանցանքը, բարեկամ, ամենածանրն է և աններելին։ Ուստի արքայի հրամանը պիտի համարես անդառնալի։ Դու կամ պիտի մեռնես և կամ մահմեդականություն ընդունես։ Ազատության ուրիշ ելք չունիս։

Կմեռնեմ, պատասխանեց երեցը։

Բայց ես կամենում եմ փրկել քեզ. ես խնայում եմ քո երիտասարդությունը։

Շնորհակալ եմ։

Ես խնայում եմ քեզ, նաև, իբրև իմ հայրենակցի, դու պիտանի մարդ ես և ափսոս է որ մեռնես։

Եթե աստված մահ է սահմանել ինձ համար, մարդիկ չեն կարող այդ մահն արգիլել։

Բայց դու ասացիր որ ես ամենակարող եմ. ուրեմն հավատա որ պիտի փրկեմ քեզ։

Երեցը զարմացած նայում էր Շահռուխին և չէր կարողանում հասկանալ թե՝ ի՞նչ տարօրինակ հոգածություն է այս որ յուր նախկին հակառակորդը ցույց է տալիս այժմ իրեն։

Այո, պիտի փրկեմ, կրկնեց Շահռուխը, բայց դրա համար կպահանջեմ քեզնից մի թեթև վարձատրություն։

Այսինքն։

Այնպիսի վարձատրություն, որը քո մեռնելուց հետ պիտի հասնե ինձ, բայց ես կամենում եմ որ քո ձեռքով լինի տրված։

Ես, ինչպես գիտեք, մի աղքատ քահանա եմ և գանձեր չունիմ, պատասխանեց երեցը, կարծելով թե բեկը, իբրև արծաթասեր պարսիկ, կաշառքի համար է խոսում։

Օ, դու ունիս մի գանձ, որ ինձ կարող է լիուլի գոհացնել, հարեց Շահռուխն աշխույժով։

Ի՞նչ գանձ է այդ։

Եվ որը, գուցե, կորցրել է յուր հարգը քո աչքում։ Այդպես է աշխարհում առհասարակ։ Ամենալավ բանն իսկ ձանձրացնում է մարդուն, երբ նա այդ լավը շարունակ յուր ձեռքում, յուր մոտն է ունենում... Բայց ի՞նչ գանձի մասին է քո խոսքը, ընդհատեց երեցը մի առանձին հետաքրքրությամբ։

Եվ երբ մի բարիք յուր հարգը կորուսած է, կամ, գոնե, սիրելի չէ այնքան, որքան էր առաջ, լավ է որ այդ բարիքը տալով կյանքդ ազատես քան պահպանելով նրան մեռնես։ Մարդու մահվանից հետ, հո գիտես, նրա ունեցածը ուրիշներն են վայելում ։

Բայց ասա վերջապես, ի՞նչ բարիքի մասին է խոսքդ։

Այն, որն ըստ օրինի ինձ պիտի պատկաներ, բայց դու խլեցիր։

Երեցը հասկացավ չար պարսկի միտքը և վրդովվեցավ։ նրա դալկահար դեմքը շառագունեց և շրթունքները հուզմունքից դողացին։

Անշուշտ գուշակեցիր որ Վարդենիի մասին է խոսքըս, շարունակեց բեկը. այո, նա է քո փրկության գինը. նրան ինձ տալով՝ դու կազատվես կախաղանից։

Բեկ.. բացականչեց երեցը խուլ ձայնով և, կարծես, զայրույթից խեղդվելով։

Ի՞նչ, դու համաձայն չե՞ս. դու, մինչև անգամ, հուզվո՞ւմ ես. հարեց Շահռուխն այնպիսի մի եղանակով որ կարծես խոսում էր հասարակ մի վաճառքի մասին։

Հրամայիր որ ինձ նորեն իմ արգելարանը տանեն, խնդրեց քահանան։

Ես քեզ հետ խոսում եմ, իսկ դու արգելարա՞նդ ես վերադառնում։

Ես չեմ կարող քեզ լսել։

Թշվառական, դու չես կամենում մեծափառ շահնշահի սենեկապետին լսե՞լ... գոչեց Շահռուխը բարկությամբ։

Հաճիր հրամայել որ ինձ հեռացնեն այստեղից, կրկնեց քահանան ավելի հաստատ ձյնով։

Խորհուրդ եմ տալիս քեզ լսել ինձ. ես քո բարեկամն եմ. խոսեց բեկը՝ նորեն խաղաղելով. հակառակությամբ ոչինչ ես շահիլ. որովհետև դու անզոր ես, իսկ ես զորավոր, դու գերի ես, իսկ ես՝ հրամայող։ Այն վայրկյանից որ այդ շղթաները ոտքերիդ զարկեցին, քո գույքն ու հարստությունը դարձավ իմ սեփականություն։ Ուրեմն այն, ինչ որ ես պահանջում եմ, կստանամ և առանց քեզ, միայն թե՝ ինչպես առաջ էլ ասացի, ցանկանում եմ որ այդ լինի քո կամքով և հաճությամբ, որպեսզի դրա փոխարեն՝ ես էլ քո կյանքն ազատեմ և իմ խղճի առաջ պարտապան չմնամ քեզ ոչնչով։

Քեզ մինչև վերջը լսեցի, բեկ, և մեծ ուժ գործ դրի լսել կարողանալու համար... այժմ աղաչում եմ վերջին անգամ, հրամայիր հեռացնել ինձ այստեղից. ես չեմ կամենում ավելին խոսել։

Ապուշ, ես քեզ խոսք եմ ասում, իսկ դու քո՞նն ես կրկնում։ Իմացիր որ քո առաջ երկու ճանապարհ կա միայն. կամ նամակ պիտի գրես ծնողներիդ՝ և պատվիրես՝ որ Վարդենին ղրկեն ինձ մոտ (իբր թե քո գործի առթիվ հարցուփորձվելու), և ինքդ սպասես ազատության, և կամ դահիճների հետ պիտի քարշ գաս մինչ շահի դուռը՝ այնտեղ հրապարակով մեր սուրբ կրոնն ընդունելու։ Ընտրիր այդ երկուսից ո՛րն էլ կամենաս. բայց ընտրիր շուտով. առանց ժամանակ կորցնելու։

Երեցի հուզմունքը հետզհետե աճում էր, նա խուլ հառաչում էր և ծանր շունչ էր քաշում. կարծես թե սիրտը պատրաստվում էր պայթելու։

Ես քեզ խորհուրդ եմ տալիս ընտրել փրկության ճանապարհը, շարունակեց բեկը տեղից վեր կենալով և երեցին մոտենալով. ի՞նչ բան է կինը, արժե՞ միթե նրա պատճառով մեռնել կամ կախվել... նա փոխադրական մի ստացվածք է, այսօր քոնն է, վաղը ուրիշինը... գրիր որ ղրկեն նրան ինձ և թող ղրկեն հենց այս երեկո, իսկ վաղը դու ազատված կլինես...։

Գարշելի սրիկա, պիտի լռե՞ս թե ոչ, գոչեց զայրույթից դողալով և այլագունելով։

Ի՞նչ, «գարշելի սրիկա՞», այդ դո՞ւ ասացիր, անհավա՛տ շուն, դու մինչև այդտեղ լրբացա՞ր... այս ասելով բեկը մի զորավոր ապտակ իջեցրեց խեղճ կալանավորի դեմքին։ Երեցն, որ արդեն ուժազուրկ էր, երերաց, և որովհետև ոտքերը կապված էին, կորցրեց հավասարակշռությունը և գլորվեցավ հատակի վրա:

Այստեղ եկեք, դուրս հանեցեք այս անզգամին, քարշեցեք նրան շահի դուռը. թող նա այնտեղ, դահճի հարվածների տակ փչե յուր պիղծ հոգին... գոռաց Շահռուխն աղմկարար ձայնով և բանտապետն ու պահապանները ներս թափվեցան իսկույն։

Այս անհավատ շունը ոչ միայն չի ուզում մեծափառ շահի հրամանը կատարել, այլև հայհոյում է Կըբլեյը–Ալեմին և մեր սուրբ ու մեծ Մարգարեին... դո՛ւրս հանեցեք սրան, դահիճներ կանչեցեք, վարոցներ պատրաստեցեք, թող այսօր ևեթ շանսատակ լինի սա, շարունակում էր Շահռուխը գոռալով և փրփրելով:

Պահապանները վեր քաշեցին երեցին կոպտաբար և անողորմ հարվածներ իջեցնելով նրա դեմքին, կրծքին ու թիկունքին, սկսան նորից ձեռքերը շղթայել և պարանոցն անուրներ անցցնել։ Ապա դուրս հանելով բանտի բակը, հանձնեցին նրան դահիճների ձեռքը։

Վերջիններս, Շահռուխի հրամանի համաձայն, առաջնորդեցին զոհին դեպի շահի դուռը։ Իսկ ինքը, բեկը, ձին աշտանակելով շտապեց արքայի մոտ. յուր այցելության արդյունքը նրան հայտնելու համար։

ԺԵ

Այն միջոցին որ դահիճները տեր–Անդրնասին շահի դուռը բերին, հայոց երևելիները իրենց առաջնորդի և քահանաների հետ միասին, գտնվում էին արքայական ապարանքի սրահում։ Նրանք եկել էին թողություն խնդրելու թշվառ կալանավորի համար։ Բայց մինչև նրանց թագավորին տեսնելը՝ Շահռուխն արդեն ներկայացել էր վերջինիս և հայտնել նրան թե՝ կալանավորը ոչ միայն արքայի հրամանը չէ կատարում և մահմեդականություն չէ ընդունում, այլև հայհոյում է վեհափառ շահին և մեծ փեյդամբարին. և թե այդ պատճառով ինքն հանձնել է նրան դահիճների ձեռքը թագավորի դուռը բերելու համար: Այս հայտնության հետ միասին բեկը բարդեց քահանայի վրա նաև այնպիսի զրպարտություններ, որոնք շահի զայրույթը սաստիկ գրգռեցին։ Նա դուրս ելավ անմիջապես հանդուգն կալանավորին տեսնելու և անձամբ հրամայելու՝ որ գանակոծեն նրան յուր իսկ աչքի առաջ։

Պատահելով սրահում հայոց երևելիներին՝ շահը բարկությամբ հարցրեց թե՝ ինչո՞ւ համար են ժողովվել։

Եկել ենք մեծափառ վեհապետիդ ոտքերը համբուրելու և համայն Սիսականի ժողովրդյան կողմից թողություն խնդրելու այն քահանայի համար, որ անմտանալով՝ արևափայլ շահնշահիդ արդար զայրույթը գրգռեց։

Այս խոսքերով մոտեցավ թագավորին առաջնորդ վարդապետը և ծունկ չոքելով նրա առաջ՝ կամեցավ ոտքերը համբուրել։

Նույն ձևով գետին խոնարհեցին նաև առաջնորդի հետևորդները։

Շահը զայրույթից կատաղեց։

Թշվառականներ, ինչպե՞ք եք համարձակվում թողություն խնդրել մի սրիկայի համար, որ հանդգնել է անարգել Իրանի հզոր գահակալին, ձեր թագավորին և վեհապետին, գոռաց նա վարդապետի վրա։

Երիտասարդական անփորձությունը, տեր, մոլորեցրել է նրան, եթե մեծափառ շահը հաճի այս անգամ արժանացնել հանցվորին յուր մարդասեր գթության, այնուհետև նա շահնշահի ջերմեռանդ երկրպագուն կդառնա։

Կարճիր լեզուդ, ապուշ, շահնշահը ունի բյուրավոր երկրպագուներ, նա կարոտ չէ մի սինլքոր սևազգեստի երկրպագության։

Բայց խեղճ սևազգեստը, նրա զառամյալ ծնողները և անմխիթար ամուսինը կարոտում են մեծափառ շահնշահի գթության...

Եթե կհամարձակիս երկրորդել խնդիրդ, քեզ կախել կտամ իսկույն, գոչեց թագավորը զայրագին։

Վարդապետը ետ կասեց, երկյուղից այլագունելով։ Բայց նրա հետևորդներից մի քանիսը, որոնք հայտնի մելիքներ և ազնվականներ էին, առաջ անցնելով՝ ծունկ խոնարհեցին թագավորի առաջ և աղաչեցին որ շահը հաճի փոխել հանցավորի պատիժը դրամական տուգանքի (ինչպես նա անում էր հաճախ), և այդ տուգանքը հանձն էին առնում վճարել իրենց սեփականությունից։

Նույնը խնդրեցին նաև հարուստ խոջաները։

Չնայելով որ նմանօրինակ խնդիրներ լսելը և այնոնց կատարելը սովորական էր շահի համար (ըստ որում նա շատ անգամ բանտարկում ու պատուհասում էր՝ միայն ևեթ տուգանքներ կորզելու նպատակով), այսուամենայնիվ մելիքների խնդիրը նա անտես արավ այս անգամ։

Հանցավորը պիտի պատժվի, տուգանքը չի փրկիլ նրան, գոչեց շահը բարկությամբ. և ապա սպառնալով՝ որ նոր խնդիր առաջարկողը անմիջապես կպատժվի, հրամայեց որ ամենքը իջնին ապարանքի առաջ բացվող հրապարակը՝ մեղապարտի կրելիք պատժին ներկայելու համար:

Ի՛նչ նոր պատիժ պիտի կրեր երեցը, խնդրարկու հայերը չգիտեին. բայց և այնպես, նրանցից ոչ ոք ձայն հանել չիշխեց։ Թագավորն յուր հետևորդներով դուրս ելավ պատշգամբը, որ նայում էր հիշյալ հրապարակի վրա, իսկ հայ երևելիները իջան նույն տեղը՝ իրենց անվան հասանելիք նախատինքը տեսնելու։

Այն միջոցին որ շահը երևաց դրսում, հրապարակն ամբողջապես լցված էր ժողովրդով։ Որովհետև ագուլեցիք տեսնելով տեր֊Անդրեասին շահի դուռը բերելիս, հետևել էին նրան գունդագունդ: Շատերն էլ առաջուց ժողովված այդտեղ՝ սպասում էին պատգամավոր հայերի միջնորդության հետևանքին։

Շահը գոհ եղավ այդ բազմությունը տեսնելով, որովհետև ցանկանում էր որ տրվելիք պատիժը երկյուղ ազդե շատերին: Բայց ժողովուրդը ուրիշ նորության էր սպասում։ Նա կարծում էր թե՝ շահը հարգելով հայ մեծամեծների միջնորդությունը, բերել է տվել երեցին՝ որպեսզի նրան ներումն շնորհե հրապարակավ։

Եվ ահա պատշգամբից շահի ձայնը լսվեցավ։ Նա հրամայեց մոտ բերել հանցավորին։

Տեր- Անդրեասն առաջ անցավ։ Նրա տխուր դալկահար դեմքը և շղթաներից ճնշվող քայլվածքը ծանր տպավորություն արավ շրջապատողների վրա, ուստի և շատերի կրծքից հառաչանքներ թռան։Այդ երևի հանցանք էր: Ֆարրաշները ետ մղեցին հառաչել համարձակվողներին և ոմանց էլ հարվածներ հասցրին։ Բայց երբ թագավորի ձայնը նորից հնչեց, ամեն մի շարժում յուր տեղը սառեցավ։

Կատարեցի՞ ր դու իմ հրամանը, հարցրեց շահը երեցին։

Ես բանտարկվեցա խավարչտին զնդանում և կրեցի այն բոլոր տանջանքները, ինչ որ շահնշահի հրամանը որոշեց.. նվաղած ձայնով պատասխանեց քահանան։

Այս մասին չէր իմ հարցը. պատրաստվեցա՞ր արդյոք դավանածդ կրոնը թողնելու։

Իմ կրոնը թողնելո՞ւ... այդ մասին չեմ էլ մտածել։

Բայց ես հրամայեցի քեզ:

Իսկ ես պատասխանեցի թե՝ չեմ կարող այդ հրամանը կատարել։

Եվ պնդում ես դու քո պատասխանի վրա՞։

Պնդում եմ։

Եվ չի պիտի դառնաս այդ որոշումից։

Երբեք։

Դահիճներ, մերկացրեք այդ անզգամին, զոչեց թագավորը, և ապա դառնալով հայոց մեծամեծներին՝ զայրացած հարցրեց.

Սրա՞ համար էիք միջնորդում...։

Ոչ ոք չպատասխանեց։

Գոնե խոստովանո՞ւմ եք հանցավոր լինելնիդ... հարցրեց նորեն շահը, բայց այս անգամ այնպիսի եղանակով, որից կարելի էր գուշակել թե՝ ինչ փոթորիկ պիտի բարձրանա՝ եթե հայերից մինը համարձակվի արդարացնել իրեն։

Հանցավոր ենք, տեր, ձայն տվին վերջիններս գրեթե միաբերան։

Թող ուրեմն ձեր հանցանքն ևս քավե այս կամակորը, հարեց թաղավորը և ապա դառնալով դահիճներին որոնք երեցին մերկացրել էին կիսով չափ, հրամայեց, պառկեցրեք դրան գետնի վրա և հարվածեցեք։ Թող գավազանները հասկացնեն դրան այն, ինչ որ շահնշահը անկարող եղավ հասկացնել։

Բռնավոր հրամանը կատարվեցավ: Դահիճները գլորեցին երեցին գետնի վրա և սկսան ձաղկել գավազաններով։ Ըսկզբում խեղճ զոհը աշխատեց տոկալ. կամեցավ կրել տարապարտ պատիժը եկեղեցվո նահատակին վայել համբերությամբ. բայց երբ անգութ հարվածները սաստկացան, ուժազուրկ մարմինը անկարող եղավ այլևս հանդուրժել։ Նա ըսկսավ հեծել և մռնչալ նախ խուլ և ապա բարձր ու աղիողորմ ձայնով... Եվ այդ ձայները, որոնք կրկնվում էին ամեն մի հարված իջնելու ժամանակ, կարծես իբր շանթեր մխվում էին շրջապատող հայերի սրտերը և կեղեքում նրանց։ Երեցի հետ միասին հեծում ու հառաչում էին հարյուրավոր մարդիկ. և դրանցից յուրաքանչյուրն՝ հարվածի պատճառած մորմոքիչ ցավը զգում էր յուր վրա։

Փոքր մի ևս, և ահա, ամբոխի մեջ սկսավ խլրտում Մարդիկ բարձրաձայն գոռում ու գոչում էին. ոմանք խնդրում էին շահին պատիժը դադարեցնել, իսկ ուրիշները հայհոյում ու անիծում էին դահիճներին։ Կային և այնպիսիք, մանավանդ անժույժ երիտասարդներից, որոնք ձգտում էին բեկանել զինվորների շղթան և առաջ վազելով՝ հափշտակել զոհը դահիճների ձեռքից։ Սակայն մտրակների հարվածներն, որոնք տեղում էին աջ ու ձախ, ետ էին կասեցնում հանդուգն ձեռներեցներին։

Այն միջոցին որ շահը յուր ուշադրությունը դարձուց խլրտող կողմի վրա և պատրաստվում էր հրամայել հալածել աղմկարարներին, ամբոխի միջից դուրս վազեց մի սպիտակահեր ծերունի և դաղդոջուն բազուկները դեպի վեր տարածած՝ աղաչում էր ֆարրաշներին թույլ տալ իրեն մոտենալ շահին։

Թագավորը տեսավ ծերունու և հրամայեց մոտ բերել նրան:

Ո՞վ ես դու և ի՜նչ ես կամենում, հարցրեց նա, երբ ծերուկը չոքեց պատշգամբի առաջ.

Ես այդ դժբախտ քահանայի հայրն եմ. տեր արքա, պատասխանեց ծերունին լալաձայն, աստված չէ զրկել քեզ որդիներից և դու կարող ես չափել մի թշվառ հոր կսկիծը, երբ նա տեսնում է յուր առաջ սիրած որդուն գետնատարած, անգութ հարվածների տակ հեծելիս... Գթա, տեր արքա, ապաբախտ հոր արտասուքներին. ազատիր որդուս դահիճների ձեռքից. բավ համարիր նրան յուր տառապանքները և աստված կօրհնե քեզ քո գթասրտության համար...:

Դադարեցրեք, հրամայեց շահը դահիճներին. ապա դառնալով ծերունուն՝ ասաց. կամակոր որդի ես ծնել և անհնազանդության վարժեցրել. արժանի ես, ուրեմն, այն կսկծին, որ կրում ես ահա ծերությանդ օրերում...: Բայց եթե, արդարև, ծանր է քո կսկիծը, գնա, մոտեցիր որդուդ և խրատե նրան իմ հրամանը կատարել. թող նա յուր մոլար կրոնը թողնելով՝ դառնա Մահմեդի ուղիղ հավատին: Այն ժամանակ ես նրան ոչ միայն կրելիք պատիժներից կազատեմ, այլև կհասցնեմ մեծ պատվի ու փառքի. իմ իշխաններից մեծագույնին կփեսայացնեմ և իմ արքունիքում պաշտոնատար կկարգեմ:

Ծերունին գլուխը խոնարհեց:

Հա, ի՞նչ ես ասում. ընդունո՞ւմ ես պայմանս թե ոչ:

Տեր արքա, խնայիր իմ ծերությանը, աղաչում եմ. խնայիր անզոր ծնողին. թախանձեց ծերունին արտասուքը զառամած այտերի վրա ծորելով։

Չլսեցի՞ր ինչ ասացի, ծերուկ, բարկացավ շահը։

Լսեցի, տեր իմ, բայց...։

Ի՞նչ։

Անհնարին պայման է առաջարկածդ...

Թշվառական... ինչպե՞ս ես ուրեմն համարձակվում ներումն հայցել։

Աստված, որ զրկել է մեզ ամեն իրավունքներից, թողել է գեթ մի մխիթարություն, տեր արքա. այդ խնդրելու և հայցելու իրավունքն է. մի՛ կապտիր այն մեզանից, մի՛ զրկիր մեզ այդ միակ...

Շատախոսում ես, ծերուկ, ընդհատեց թագավորը, գնա, համոզիր որդուդ կատարել իմ հրամանը, ես խնայում եմ նրա երիտասարդությանն և առնական գեղեցկությանը թող ինքն ևս խնայե իրեն, թող արքունիքը գերադասե բանտից և արքայական շնորհները՝ անարգ գանակոծությունից:

Ծերունին լուռ էր, բայց հայացքը սևեռած թագավորի վրա։

Գնա և համոզիր որդուդ, հրամայում եմ քեզ։

Ծերունին անշարժ էր։

Եթե մի վայրկյան ավելի դանդաղես՝ կհրամայեմ քեզ ևս ձաղկել, գոչեց թագավորը։

Չեմ դանդաղիլ, տեր իմ, ասաց ծերունին և շուռ գալով դեպի որդին՝ բարձր ձայնով գոչեց.

Անդրե, իմ սիրեցյալ զավակ. թող դահիճների փոխարեն՝ դևեր կոչեն դժոխքից. թող փայտի փոխարեն՝ վարոց բերեն երկաթից. թող հարվածեն քեզ անխնա. դու մի՛ սասանիր. կրիր քո խաչը. կրիր անտրտունջ. հային վայել համբերությամբ. մեռիր, որդյակ, բայց մի՛ ուրանար մեր լույս հավատը. մեր Լուսավորչին...

Ծերունին դեռ խոսում էր, երբ շահը որոտաց.

Լռեցրեք այդ անզգամին։

Հսկահասակ մի սարվազ հարձակվեց ծերունու վրա և բռունցքի շեշտակի հարվածով գետին գլորեց նրան։

Չէ, չի ուրանալ... մեր սուրբ հավատը... մեր լույս հավատը... մրմնջում էր դեռ ծերունին, մինչ կատաղի սարվազը անգթաբար հարվածում ու կոխկռտում էր նրան։

Դահիճներն այս տեսնելով՝ իրենք էլ երեցի պատիժը նորոգեցին։ Բայց հազիվ թե մի քանի հարվածներ իջեցրին և ահա ամբոխի մեջ բրդեց մի խուլ աղմուկ, որ հետզհետև սպառնական կերպարանք առավ։ Հանկարծ զինվորների շղթան կտրվեցավ, ֆարրաշների շարքը խանգարվեց և ամբոխն աղաղակելով հորդան տվավ դեպի առաջ։

Ինչի՞ էր ձգտում հուսահատ ժողովուրդը. ո՞ւմ դեմ էր խիզախում, ո՞ւմ հետ պիտի կռվեր. ինքն էլ չգիտեր. նա այդ վայրկյանին չէր էլ մտածում, նա հուզվել, գրգռվել էր անօրեն բռնության դեմ և կամենում էր անպատճառ սիրած հովվին ազատեր: Բայց ու ճանկերից. չէ՞ որ հակառակորդը հզոր Շահաբասն էր... Մի քանի վայրկյան ժողովուրդն ու զինվորները խառնվեցան իրար. հարվածներ տեղացին, մարդիկ գլորվեցան, մինչև անգամ, դահիճներից մի քանիսը փախան:

Բայց շուտով թագավորի ահարկու ձայնը որոտաց. հրամանատարները ներքև վազեցին և մի գունդ սարվազներ արշավասույր ու սուսերամերկ հրապարակը մտան:

Այդքանն արդեն բավական էր որ հուզումը դադարեր։ Հարձակվողներն, արդարև, ետ կասեցան. զինվորները հրապարակը գրավեցին և շահատակության գործը վերջացավ նրանով, որ մի քանի հոգի ծանր հարվածներ առին, մի քանի տաք-գլուխներ ձերրակալվեցան, իսկ գանակոծված երեցին, կիսամեռ վիճակի մեջ, նորեն բանտը տարին։

ԺԶ

Օրը երեկոյացավ։ Հայոց թաղերը հետզհետե խավարում էին։ Ոչ ոք այլևս չէր մտածում թե՝ ջահը դեռևս հյուր է Ագուլիսում. թե՛ ամեն ոք պարտավոր է լուսավորել յուր տունը, կտուրն ու սարվույթը, թե պետք է բակերում խարույկներ բորբոքել և ընկեր, հարևան դրանց շուրջը ժողոված՝ մինչև կես գիշեր խրախություններ անել. թե ժողովուրդը խմբերով փողոցները պիտի պտտեր և փողերով, թմբուկներով օդը թնդացներ, թե՝ միով բանիվ, ամեն ոք պարտավոր էր մասնակցել որևէ հրապարակական զվարճության և չի պիտի գտնվեր մի անկյուն, ուր մարդիկ տխրեին, թեկուզ այդ անկյունը լիներ սգավորի տուն։

Այդպես էին տեսել ագուլեցիք մինչև այդ օրը. և շահն ամեն անքամ յուր ապարանքի ապակեզարդ փենջարեից նրանց հրապարակական խրախությունները տեսնելով՝ ուրախացրել էր և յուր գոհունակությունը հայտնել շրջապատող իշխաններին։

Բայց այսօր քաղաքը կարծես սուգի մեջ է. հայոց թաղերը խավար, փողոցները դատարկ, երաժշտության ձայները լռած և միայն թյուրքերի ու ֆռանկ կոչված հայերի աննշան թաղերն էին, որոնք իրենց աղոտ լուսավորությամբ հիշեցնում էին շահին թե՝ բուն հայերն, ուրեմն չեն կամենում ուրախանալ։

Այս ի՞նչ է, խան, հայերը կարծես կոտորվել են. նրանց թաղերում կենդանության նշույլ չէ երևում. հարցրեց Շահն Ամիրգյունեին, որ եկել էր թագավորին «բարի երեկո» մաղթելու։

Խանը նայեց ապակեզարդ փենջարեի միջով և այնպես ձևացրեց իբր թե նոր է այդ բանը նկատում։ Բայց և այնպես չկարողացավ մի հարմար բացատրություն գտնել հայերին արդարացնելու համար։

Գուցե՛ կրոնական սուգի օր է, խան, հարցրեց շահը հեգնելով։

Չգիտեմ, տեր իմ, բայց եթե հաճիս հրամայել, իսկույն կիմանամ, պատասխանեց Ամիրգյունեն, ընդ նմին պատրաստվելով դուրս գնալ և հրաման արձակել որ կատարվող անկարգության առաջն առնվի։

Եթե շահն հաճի լսել, ես կբացատրեմ պատճառը, խոսեց Շահռուխը, որ կանգնած էր իշխանների հետ։

Բացատրիր, հրամայեց թագավորը։

Հայերը չեն ուրախանում այն պատճառով՝ որ շահը ձաղկել տվավ ըմբոստ քահանային։ Այդ ցույցով նրանք ցանկանում են վրեժխնդիր լինել մեծափառ արքային։

Հավանական չե՞ս գտնում այս բացատրությունը, հարցրեց Շահը Ամիրգյունեին։

Եթե իմ արեգակնափայլ տերը հավանական է գտնում...

Բոլորովին հավանական, ընդհատեց շահը զայրագին. և ապա դառնալով Շահռուխին ասաց. այս հանդուգն ժողովուրդը մի նժարի մեջ է դրել թե մեղապարտ քահանային և թե յուր թագավորին. քեզ եմ հանձնում, բեկ, սանձահարել դրանց... վաղն ևեթ շտապիր բանտարկյալի մոտ և աշխատիր խոստովանել տալ նրան թե ո՜վքեր են եղել յուր մեղսակիցները։ Անշուշտ, վաթսուն աշակերտների գլուխները նա միայնակ չէ գերծել։ Բրածեծն ուտելուց հետո՝ երեցն այժմ հեշտությամբ կխոստովանե ճշմարտությունը։ Ապա անմիջապես կալանավորել տուր ցույց տված մարդկանց և հրամայիր գանակոծել նրանց հրապարակով։ Թող այնուհետև հայերը մի մարդու փոխարեն` շատերի սուգը պահեն։

Իսկ թե չխոստովանե, տեր իմ, հարցրեց բեկը։

Ձաղկել կտաս նրան ամեն օր, մինչև որ նա կստիպվի կամ ճշմարտությունը խոստովանել, կամ հավատն ուրանալ և կամ, վերջապես, հարվածների տակ կմեռնի։

Գողին մութ գիշեր էր հարկավոր և տրվեցավ: Հետևյալ առավոտ Շահռուխն շտապեց դեպի բանտ: Նա դուրս հանեց երեցին զնդանի հրապարակը, ուր պատրաստ կեցած էին ոչ միայն վարոցավոր դահիճներն, այլև մի վաշտ զորք, որ պաշտոն ուներ ամբոխի խառնակության առաջն առնելու, եթե այն տեղի ունենար։

Եկա քեզ հայտնելու շահի բարի կամքը, ասաց Շահռուխը երեցին, երբ կանգնեցրին նրան յուր առաջ. նա գթացավ քեզ վրա և կամենում է որ դու անպատճառ ազատվիս թե կապանքներից և թե զնդանից։

Շնորհակալ եմ, թող աստված երկար կյանք պարգևե նրան, պատասխանեց երեցը կիսաձայն։

Բայց նա ցանկանում է որ կապանքներից ազատվելուցդ առաջ հայտնես նրան այն մարդկանց անունները, որոնք գործակից եղան քեզ աշակերտների գլուխները գերծելու գործում։

Երեցի գունատ շրթունքները շարժվեցան և նրա դալկահար դեմքի վրա խաղաց մի սառն ու արհամարհական ժպիտ։

Այս անգամ, անշուշտ դու խելոք կլինիս և ուրիշների պատճառով չես մատնիլ քեզ նոր տանջանքների, հարեց Շահռուխը։

Հրամայիր, բեկ, որ նորեն տանջեն ինձ... ես իմ ասելիքը ասել եմ արդեն շահի առաջ։ Ես գործակիցներ չունիմ։ Մի՛ հուսաք բնավ թե մատնության գնով կհոժարիմ երբևիցե ազատել ինձ տանջանքներից։

Եթե գործակիցներդ քո բարեկամներն են և դու խնայում ես նրանց, դու ազատության ուրիշ ճանապարհ ունիս. թողիր կրոնդ և դարձիր մեր հավատին։ Այդ քայլը կբախտավորեցնե քեզ։ Մի՛ խոսիր այդ մասին, բեկ։ Եթե տասն անգամ ավելի երկարացնեիք իմ կյանքը, քան որքան վիճակված է ինձ ապրել և ընդ նմին շրջապատեիք ինձ այն արքայական բարիքներով, որ վայելում է Իրանի հզոր գահակալը, ես դարձյալ իմ հավատը չի պիտի ուրանամ, անարգանաց այդ աստիճանին ոտք չի պիտի դնեմ։

Քեզ մնում է վերջապես մի երրորդ ճանապարհ... այս ասելով Շահռոլխը մոտեցավ երեցին և կամացուկ ձայնով շշնջաց նրա ականջում խելոք եղիր. մի՛ համառիր. տուր ինձ նրան, զոհիր նրան և դու կփրկվիս...։

Հեռացիր, բեկ, դու քո թագավորի ամենաարժանավոր ծառան ես... ես ավելի սիրով իմ տանջանքները կտանեմ՝ քան քո պիղծ շունչը, որ մոտենում է ինձ...

Գետին գլորեցեք և ջարդեցեք այդ անզգամի համառ ոսկորները. ով չէ ուզում մարդու պես ապրել, նա շան պես պիտի սատկի, գոչեց Շահռուխը կատաղությամբ և դահիճները գետին տարածելով թշվառ երեցին, սկսան գանակոծել նրան անգթաբար։

Չնայելով որ բանտը գտնվում էր ավանի մի հեռավոր անկյունում, այսուամենայնիվ, այդ օրն էլ ժողովված էր այդտեղ մեծ բազմություն, որ ներկա եղավ երեցի տանջանքներին, լսեց նրա արձակած աղիողորմ ձայները, սիրտ կտրատող մռնչյունը, հուզվեցավ, արտասվեց և սակայն յուր ցասումը արտահայտել չհամարձակեցավ, որովհետև տեսավ որ սուսերամերկ զինվորները փոքրիկ առթի են սպասում յուր վրա հարձակվելու։

Եվ երեցին գանակոծելուց դադարեցին այն ժամանակ, երբ խեղճի ձայնը բոլորովին կտրվեցավ։ Ապա նորեն շղթայի զարնվելով՝ կիսամեռ վիճակի մեջ բանտը տարին նրան։

Իսկ այնուհետև, գրեթե ամեն օր դուրս էին բերում նրան նույն հրապարակը և միևնույն ձևով ստիպում որ յուր գործակիցների անունները հայտնե, կամ քրիստոնեական հավատը ուրանա։ Երեցը, ինչպես միշտ, մնում էր անհողդողդ: Ուստի և նորեն գանակոծում ու նորեն բանտ էին տանում։ Նրա մարմինը թեպետ արդեն ծյուրվել, ուժազուրկ էր եղել և մի զորեղ հարվածից կարող էր անշնչանալ, բայց նրա հոգին տակավին զորեղ և արիությունն անպարտելի էր։ Նույնիսկ յուր տանջանքների մեջ նա գտնում էր սփոփանք, այն մտածությամբ թե՝ համայն Սիսականի ժողովուրդը ցավում է յուր համար և համակվում յուր վշտով. թե դահիճների ամեն մի հարվածն՝ յուր մարմնին ցավ պատճառելուց առաջ մորմոքում ու կսկծեցնում էր յուր տանջանքները դիտող հայ մարդկանց սրտերը... նա մխիթարվում էր մանավանդ այն հավատով, որ յուր, տանջանքների գնով փրկել է դահիճների ձեռքից հարյուրավոր հայ մարդիկ և արգելք եղել «մանկաժողովին», որ ամեն հայի տուն լաց ու կոծով պիտի լցներ: Եվ այս ամենը այնքան էր զորացնում հայրենասեր երեցի հոգին, որ նա մոռանում էր յուր տանջանքները և հաճախ անզգայանում դեպի կապանքների խստությունը։

Եվ սակայն յուրմով բարերարյալ հայերն ևս պարապ չէին նստած։ Երբ նրանք տեսան թե հայ մեծամեծների միջնորդությունը ապարդյուն անցավ, մտածեցին դիմել շահի նախարարների և ավագանու բարեխոսության։ Դրա համար իհարկե հարկավոր էր մեծաքանակ գումար, որպեսզի կարողանային իշխաններից յուրաքանչյուրին գոհացնել ըստ արժանվույն։ Այդ նպատակով առաջավոր հայերը դիմեցին Ժողովարարության, որի արդյունքը եղավ սպասածից ավելի։ Որովհետև աղքատը չխնայեց յուր լուման, հարուստը՝ յուր ոսկիները, իսկ կանայք և աղջկունք՝ իրենց զարդերը։

Ավագանին, իհարկե, չկարողացավ մերժել հայերից առաջարկված նվերները, զի ըստ արժանյացն ու քանակին կարի գրավիչ էին. ուստի և հանձն առավ բարեխոսել երեցի ազատության համար։ Բայց երբ նրանք միահամուռ ներկայացան թագավորին և իրենց խոնարհ խնդիրն առաջարկեցին, վերջինս զայրացավ, որովհետև գուշակեց որ այդ իշխանները դիմել են իրեն ոչ թե կարեկցության զգացումից դրդված, այլ գրավված հայոց առատ ոսկիներից։ Այդ պատճառով ոչ միայն նրանց խնդիրը չընդունեց և աղաչանքներին չզիջավ, այլև երդվեց յուր գլխով՝ որ երբեք չի ներիլ ստահակ քահանային մինչև նա սրտանց չի ուրանալ հավատը և թլփատվելով՝ մահմեդական չի դառնալ։ Հայերի հույսը բոլորովին կտրվեցավ։ Այլևս միջնորդելու ճանապարհ չէր մնում։ Այդ պատճառով գործող անձինք աշխատելուց դադարեցին և թշվառ քահանայի վիճակը թողեցին բախտի կամքին։

Եվ սակայն հենց այդ հուսահատության միջոցին երևան եկավ մի ուրիշ ուժ, որ հույս ներշնչեց լքված սրտերին։ Դա հայ կինն էր, որ գալիս էր յուր ժառանգական պարտքը կատարելու. այն է՝ տագնապի րոպեին այր մարդուն оգնության հասնելու։ Եվ նա ասպարեզ եկավ ի դեմս խոջա-Անձրևի կնոջ՝ Սառա-խաթունի, որն այդ միջոցին գտնվում էր Ագուլիսում և որին ոչ միայն ճանաչում էր Շահաբասը, այլև հարգում իբր արժանավոր կնոջ և նրան իրեն «մայր» էր անվանում։

Դուք արդեն ձեր պարտքը լիուլի կատարեցիք, թույլ տվեք որ մենք էլ մերը կատարենք, ասաց Սառան ամուսնուն, երբ վերջինս հայտնեց նրան նախարարների միջնորդության անհաջողությունը։

Ի՞նչ կարող եք անել, հարցրեց Անձրևը։

Այն՝ ինչ որ դուք արիք, պատասխանեց Աառան. մենք ևս կերթանք միջնորդելու։

Եվ ոչինչ չեք շահիլ, հարեց խոջան։

Բայց չենք կորցնիլ ավելի՝ քան ինչ որ կորուսել ենք. եթե շահը մինչև անգամ անտես անե մեր խնդիրը, գեթ մեզ կմնա այն մխիթարությունը թե՝ մենք անգործ չնստեցինք, երբ այր մարդիկ գործում էին։

Խոջա Անձրևը չհակառակեց, բայց ցանկացավ այդ մասին առաջնորդ վարդապետի և հայ մեծամեծների կարծիքը հարցնել։

Վերջիններս ոչ միայն հուսադրական գտան խաթունի առաջարկությունը, այլև գովեցին նրան՝ այդպիսիր հաջող միտք հղանալուն համար։

Եվ Աառան մտավ հայ ընտանիքները՝ հրավեր կարդալու չուր սեռի ներկայացուցիչներին։

"Անդրեաս Երեց" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Անուրջներ
Առնո Բաբաջանյան

Անուրջներ

Տանձ, դեղձ և կուժ
Տանձ, դեղձ և կուժ
Խաղա առցանց