Մուրացան

Անդրեաս Երեց

5

Ժ

Ավանի մեջ շուտով տարածվեցան զանազան լուրեր թե՛ ժողովի մասին, որ տեղի էր ունեցել առաջնորդարանում և թե՛ այն առաջարկության, որ ունիթորների կարգապետը արել Էր տեր-Անդրեասին։ Այդ պատճառով ժողովուրդը, որ շահի գալստյան առթիվ արդեն վարանման մեջ էր, այժմ սկսավ հուզվիլ ներքին երկպառակությունից։ Շուկայի մեջ, հրապարակում և եկեղեցիների բակերում խոսում, դատում և վիճում էին այդ խնդիրների մասին։ Մարդիկ բաժանվել էին մի քանի կուսակցության։ Դրանցից մինը պաշտպանում էր առաջնորդին և պահանջում՝ որ ետ դարձնեն թաքցրած երեխաներին և նրանց հետ միասին դիմավորելով շահին՝ իրենց հույսը դնեն նրա մեծանձնության վրա. այսինքն, «մանկաժողովն» արգելելու համար՝ փոխանակ անձնիշխանաբար գործելու՝ խոնարհին շահի առաջ և նրա գթությունը հայցեն։ Հակառակ դեպքում ասում էին նրանք, շահը իմանալով որ գեղեցիկներին թաքցրել ենք, կզայրանա և ավելի մեծ չարիք կհասցնե ժողովրդին։ Երկրորդ կուսակցությունը, որ թեպետ փոքրաթիվ, բայց կազմված էր գեղեցիկ զավակների տեր հարուստ ծնողներից, պահանջում էր որ ընդունվի հայր Երաղմոսի առաջարկությունը և ցանկացողները ունիթորների թվում գրվելով՝ հաշվվին ու վկայվին հայ հոգևորականությունից իբր պապական եկեղեցուն պատկանողներ։ Երրորդ և ավելի զորեղ կուսակցությունը, որ բաղկացած է հոգվով ու սրտով հայ մարդիկներից, երիտասարդներից և քաջ հոգևորականներից, պաշտպանում էր տեր-Անդրեասին և պահանջում՝ որ ամենքն հետևեն նրա խորհրդին և կատարեն այն՝ ինչ որ նա բարվոք և անհրաժեշտ է համարում, որովհետև իրենք մեծ հավատ ունեին այդ մարդու խելքի և հայրենասիրության վրա։ Նրանք պաշտպանում էին տեր-հոր այն միտքը թե՝ չպետք է կուրորեն հնազանդել շահին կամ նրա կառավարիչների ամեն մի անիրավ հրամանին. այլ՝ թե երբեմն պետք է, նաև, ընդիմանալ ցույց տալու համար թե՝ արդարև ժողովուրդը կազմված է կենդանի և զգացող մարմիններից և ոչ թե դիակներից, որոնց կարելի լինի գլորել ուր էլ որ կամենան։ Կար և անտարբերների, կամ արքայական հաճությունը որոնող պաշտոնյաների մի խումբ, որ պնդում էր թե՝ պետք է ամեն բան անել, ամեն ինչ զոհել միայն ևեթ Շահի ընդունելությունը փառավոր կացուցանելու համար, և այդ նկատմամբ առաջարկվում էր հետևել միայն մարմնավոր իշխանության ներկայացուցչի, այն է՝ Ագուլյաց վեքիլի հրամաններին և մատակարարել նրան այն ամենը, ինչ որ նա անհրաժեշտ է համարում ունենալ՝ շահնշահի ընդունելությունը փառավորագույն կացուցանելու համար։

Հայոց կողմից լինելիք ընդունելության պատրաստությունը վեքիլը հանձնել էր այս վերջին կարգի պաշտոնյաներին, որոնք և արյուն-քրտինք մտած՝ մեծ աշխատությունների մեջ էին։ Դրանցից ոմանք զարդարել էին տալիս տներն ու պատշգամբները, ոմանք քաղաքը լուսավորելու կարիքն էին հոգում. ուրիշները հրավառություններ պատրաստելու ետևից էին. ռազմական կարգերին ծանոթ եղողները շահին դիմավորող խմբերն էին կազմակերպում, իսկ ավելի կիրթ ճաշակ ունեցողները կարգավորում էին երգչուհիների, կաքավողների և, ընդհանրապես, գեղեցկուհիների խմբակներն, ընտրելու այդպիսիներին ոչ միայն ամուսնացյալ կանանցից ու հարսնացու աղջկերանցից (որքան որ կարողանում էին գտնել), այլև կուսանոցներից բերած միանձնուհիներից։ Սույն կարգադրիչներն էին, որոնք և վեքիլի անունով հրաման ղրկեցին Անդրեասին, որ նա նշանակված օրն ու ժամին պատրաստ գտնվի Որտուատում յուր բոլոր աշակերտներով։ Վերջիններս հարուստ ու ծաղկյա շապիկներ հագած՝ պետք է հետևեին եկեղեցական թափորին, որը կազմելու էր առանջորդը և իրենց քաղցր երգերով շահի լսելիքը զվարճացնեին։

Այս հրամանի վրա աշակերտների ծնողները թափվեցան դպրատունը և լաց ու կոծով խնդրում էին տեր-Անդրեասին՝ մի ճար անել իրենց զավակները շահի առաջ չհանելու համար։

Երեցը ծանոթացրեց նրանց գրոծի դրության հետ և ցավելով հայտնեց, որ այլևս չի կարող օգնել իրենց այդ գործում, որովհետև յուր ծրագիրները վերջնականապես խանգարվել էին կարգադրիչների այդ նոր հրամանով։ Բայց նա խորհուրդ տվավ նրանց դիմել առաջնորդին, ասելով թե՝ գուցե նա, իբրև հոգևոր հովիվ, ձեռնհաս լինի գտնել մի պատճառով աշակերտներին Որտուատ չտանելու համար: Երեցը, որ ժողովի օրը այնքան խստությամբ հանդիմանում էր առաջնորդին և այժմ իսկ ամեն անհաջողության պատճառ նրան էր համարում, մի բառով անգամ տրտունջ չհայտնեց նրա դեմ, չկամենալով ծնողների առաջ նվաստացնել յուր իշխանավորին։ Այս պատճառով ծնողները, թեպետ և ամեն բանի տեղյակ՝ այսուամենայնիվ, լսեցին տեր-հորը և գնացին առաջնորդի մոտ։

«Աման, հայր սուրբ, հրամայիր կոտորել մեր երեխաներին, միայն թե նրանց հոգիները դժոխքից ազատիր», այս խոսքերով դիմեցին նրանք վարդապետին, և չէին կեղծում։ Արդարև, նրանք ավելի հեշտությամբ իրենց որդվոց մահը կտեսնեին` քան թե նրանը` շահի դուռը տանելն ու թուրքացնելը:

Առաջնորդը ծնողների հուսահատությունը տեսնելով, նոր հասկացավ թե՝ ինչու տևր-Անդրեասը յուր բոլոր ուշադրությունը դարձրել էր միայն այդ խնդրի վրա, և շատ զղջաց, որ յուր անխորհուրդ ժողովով ու աղմուկով բանը մեծացրել և երեցի գործին արգելք էր դարձել: Բայց որովհետև սխալն արդեն արված էր և այն ուղղելու ոչ մի հնար չկար, ուստի վարդապետին ոչինչ չէր մնում անել, եթե ոչ խորհուրդ տալ ծնողներին՝ դնել իրենց հույսը աստուծո ողորմության վրա։ «Նա, որ Իսրայելի երեք որդիները ազատեց Նաբուգոդոնոսորի վառել տված հնոցից, անշուշտ ձեր զավակներին էլ կազատե չարիքից», ասաց նա ծնողներին։

Բայց վերջիններին այդքանը չգոհացրեց։ Երկար ու բարակ այս մասին խոսելուց հետո, ծնողներից մինը, որ արհեստով վարսավիրա էր, ասաց.

Հայր սուրբ, եթե քեզ չլսենք և մեր որդիները չուղարկենք Որտուատ նրանց, միևնույն է, զոռով դուրս կքաշեն տանից. այդ հաստատ գիտենք։ Ուրեմն ուզենք-չուզենք՝ պիտի ղրկենք։ Բայց ի՞նչ կասեիր դու, օրինակ, եթե մենք նրանց տգեղացնեինք և այնպես ուղարկեինք։

Տգեղացնե՞իք... ի՞նչպես, հարցրեց առաջնորդը։

Այնպես, ինչպես որ կարող ենք, կամ հնարավոր կլինի։

Եթե կարողանանք տգեղացնել այնպես՝ որ չերևա թե արհեստական կերպով եք տգեղացրել, ինչու չէ, կարելի չէ, համաձայնեց առաջնորդը։

Ես այնպես կանեմ, որ արհեստական չի երևալ։

Բայց ի՞նչ կանես, հարցրեց մի ուրիշը։

Նախ կսափրեմ երեխայի գլուխը. այդպիսով նրա գեղեցկության մի մասը կկորչի: Ապա գիտեմ մի դեղ, որ մորթի վրա քսելուց՝ նրան կարմրացնում և վրան գոնջի պես վերք է գոյացնում։ Այդ դեղը կքսեմ և երեխայի գլուխը գոնջոտված (քաչալ) կերևա։

Բայց մի՞թե այդ վնաս չի պատճառիլ երեխային, հարցրեց ծնողներից մինը: Ոչ մի վնաս. կամեցած ժամանակդ կարող ես վերքը բուժել մի հասարակ օծանելիքով։

Եթե այդպես է, մենք ամենքս կարող ենք գործածել այդ միջոցը, խոսեցին այս ու այն կողմից։

Եվ դա այն առավելությունն ունի, հարեց վարսավիրան, որ ամենքին կարծել կտա թե՝ երեխաները վարակված են գոնջով, իսկ այդ հիվանդությունը, ինչպես գիտեք, սաստիկ տարածվող է և մանավանդ, ատելի պարսիկներին. թեպետ հենց նրանք են որ մեծ մասամբ վարակված են այդ ախտով։

Ծնողները բանավոր գտին վարսավիրայի առաջարկությունը և առ այդ վարդապետի համաձայնությունն առնելով իրենց տները ցրվեցան:

Երկու օրից հետ, այն է՝ Որտուատ ուղևորվելու համար նշանակած ժամին Խցաձորի դպրատունը հավաքվեցին տեր-Անդրեասի աշակերտները, բոլորն էլ սափրած գլուխներով և նրանցից գեղեցիկները՝ վարակված արհեստական գոնջով։

Տեր-Անդրեասը առաջին անգամ տեսնելով աշակերտներին այդպես այլանդակված, զարմացավ, որովհետև ինքը դեռ անտեղյակ էր ծնողների որոշման. բայց երբ հասու եղավ իրողությանը՝ շատ վշտացավ, որովհետև կատարված գործը, ըստ յուր կարծյաց, կարի անխորհուրդ էր։ Աշակերտների արտաքին տգեղությունը այնպես էր աչքի ընկնում, որ նրա արհեստական լինելը անկարելի էր ծածկել Շահաբասի սուր տեսությունից։

Բայց այլևս ուշ էր. սխալն անկարելի էր ուղղել։ Մնում էր որ տեր-հայրը հնազանդվելով հայ տնօրենների հրամանին՝ պատրաստեր յուր աշակերտները և միանալով հոգևորականների խմբին՝ ուղղվեր Որտուատ։

Այդպես էլ արավ նա։

ԺԱ

Չնայելով որ Որտուատ ի հարուստ այգիներն ու պարտեզները զրկված էին իրենց կանաչագեղ զարդերից և ձյունը ծածկել էր ոչ միայն ավանի հետևից բարձրացող լեռնալանջերը, այլև Որտուատն ու նրա շրջակաները, այսուամենայնիվ պայծառ արևը, որ հուշիկ բարձրանում էր Ալանգեոզի ետևից, մի առանձին կենդանություն էր ավել թե՝ կանաչազուրկ այգեստանին և թե՛ նրա առապարուտ շրջականերին։ Գյուղաքաղաքը, որ արդեն անսովոր շարժման մեջ էր, գեղեցիկ եղանակի շնորհիվ ավելի ուրախ կերպարանք առավ։ Փողոցներում զեռում էր ամբողխը. ֆարրաշները պտտում էին խմբերով, իսկ ֆարրաշբաշիները հրամաններ էին տալիս, որոնք կատարվում էին արագ ու ճշտությամբ։ Դրանցից շատը կայանում էր նրանում՝ որ հայհոյանքով ու հարվածներով հալածում էին խուժանը մի փողոցից դեպի մյուսը, կամ անցքերը մաքրում խռնված ժողովրդից։ Այդ ճնշումներից ազատ էին մնում կտուրների վրա հավաքված հանդիսատեսները, տղամարդիկ թե կանայք, որոնք հետաքրքրությամբ սպասում էին շահի գալստյան։ Դրանցից առաջինները խռնված էին տանիքների բաշերի վրա, իսկ վերջինները՝ նրանց հետևում, ծածկված սպիտակ շղարշատեռերով և ապավինած, կարծես, տղամարդկանց պաշտպանության։ Փողոցներից անցնող ֆարրաշները դիտում էին այդ ծածկվող դեմքերը վայրենի հայացքով և, կարծես, զայրանում, որ չեն կարողանում բարձրանալ դեպի վեր և հափշտակել նրանց պաշտպանների ձեռքից։ Սակայն ժողովուրդը ապահով էր այդ օրը ամեն օրերից ավելի, որովհետև շահի գալուստը ամեն չարագործական եռանդ զսպել ու սառեցրել էր։

Ագուլիսի վեքիլը, որ անձամբ հսկում էր տեղի ունեցող պատրաստությանց վրա, այդ միջոցին գտնվում էր ավանից դուրս: Որտուատի կարգապահությունը հանձնելով յուր վերակացուներին, նա իջել էր դեպի Երասխը ձգվող մեծ հարթավայրը, ուր ժողովված էր արդեն աշխարհախումբ բազմություն։ Այդտեղ գտնվում էին Սիսականի այն բոլոր ընտրյալները, որոնք պիտի դիմավորեին շահին առանձնապես։ Մելիքներ, ազնվականներ, դատավորներ, խոջաներ, ամեն մինը յուր սեփական մարդիկներով և ավագության կարգով՝ բռնած էին մի որոշ տեղ։ Դրանց հետևում էին պարսիկ կրոնավորներրն իրենց կրոնապետով և հայ ու կաթոլիկ հոգևորականներն իրենց առաջնորդներով, երգեցիկներով և եկեղեցական հագուստ սպասավորությամբ։ Դրանց հետ էին նաև Սյունյանց կուսանոցներից եկած միանձնուհիները, այլև, տեր-Անդրեասի աշակերտները, որոնք, հայ տնօրենների կարգադրությամբ, հագած էին ծաղկյա հարուստ շապիկներ և ձեռքերնին բռնած դեղնամոմի ճրագներ։ Աշակերտներից հետո գալիս էին գեղեցիկ պատանիների և երիտասարդուհիների խմբերը՝ շքեղապես զարդարված։ Ապա գուսանական պարերը (խումբ), կազմվված ամենաընտիր գեղեցկուհիներից։

Այս առաջին ու ընտրյալ խմբերին հաջորդում էին արհեստավորների դասակարգերը՝ իրենց բազմազան ու գույնրըզգույն դրոշակներով, ապա Սիսականում գտնվող զորքերը և վերջն՝ ամբոխասաստ մի բազմություն, որ գրաված ուներ ոչ միայն հարթավայրի տարածությունը, այլև մերձակա բլուրներն ու կարավանի ընդարձակ ճանապարհը։

Վեքիլն աշխույժ նժույգի վրա նստած և ֆարրաշներին հետևից ձգած անընդհատ անցուդարձ էր անում բազմության միջով, հրամաններ էր տալիս վերակացուներին և երբեմն Էլ քաղցրությամբ ու ժպտադեմ խոսում էր մելիքների, բեկերի և հոգևոր առաջնորդների հետ, սպասելով բոլոր ժամանակ թե ե՞րբ կերևա աոաջին սուրհանդակը, որ պիտի ավետեր շահի գալուստը։

Եվ ահա կեսավուր մոտ, Ջուղայի ճանապարհով արշավասույր ընթացող մի ձիավոր՝ ձեռքին բռնած դրոշը ծածանելով՝ հայտնեց ամենքին շահի մերձենալը։ Իսկույն ամբոխի մեջ բրդեց մի շշուկ, Ժողովուրդը տեղից խլրտեցավ և խումբերը սկսան տատանիլ ինչպես ալեկոծության մոտեցող ծովի կոհակներ։ Փողերն ու թմբուկները որոտացին և նրանց արձագանքը սկսավ մերձակա ձորերն ու լեռները թնդացնել։

Շուտով երևաց շահին ուղեկցող հեծյալների գունդը, որ արշավասույր դիմում էր Որտուատ, ապա արքայական ասպախումբը, որի առաջին հեծյալը ինքը հզոր Շահաբասն էր, նստած ահիպարանոց նժույգի վրա։ Նրան հետևում էին յուր մերձավոր իշխաններն ու գլխավոր զորապետները, որոնց գեղեցիկ զեն ու զարդը փայլփլում էր հեռվից իբրև ոսկեղեն միապաղաղ զանգված։ Դրանցից հետո գալիս էր Շահի հարեմը, զետեղված զանազան պատգարակներում, որոնք ծածկված էին թանձր քողերով ու վարագույրներով և բարձված զույգ զույգ ջորիների վրա, Սևամորթ ներքնապետը, յուր զրահավորված ներքինիներով՝ հսկում էր այդ անմատույց սրբարանին։ Իսկ դրանց բոլորին հետևում էին վերջապահ հեծելխմբերը:

Հասնելով հարթավայրին՝ շահը ողջունեց իրեն ընդառաջող բազմամբոխ ժողովրդյան, որը լուռ և խոնարհ երկրպագում էր իրեն, ապա արշավասույր ընթացքով ուղղվեցավ Որտուատ, ուր փոքր միջոց հանգստանալով՝ ապա պիտի ճամփվեր Ագուլիս։

Բյուրավոր աչքեր այդ վայրկյանին իրենց տեսությունը լարել էին ահավոր Շահաբասին տեսնելու համար։ Տների կտուրներից, պատուհաններից և փողոցների բարձրավայրերից նայում էին նրան երկյուղով և հիացմամբ։ Եվ տիրապետն այդ վայրկյանին արժանի էր, արդարև, յուր համբավին։ նա նստած էր արաբական ազնվարյուն նեջեդիի վրա, որի ասպազենը ծածկված էր ոսկեձույլ ու հակնթակապ զարդերով: Նժույգի բարձր ու սեգ հասակին քաջ համապատասխանում էր հեծյալի հաղթանդամ և քաջալանջ իրանը, հպարտ բայց կարճավիզ գլխով, խոշոր և գիրուկ դեմքով, հարուստ ու առատ ընչացքներով, որոնք անոլոր ցրված էին ածիլած ծնոտների վրա և մեծ մեծ ու գեղեցիկ աչքերով, որոնք նայում էին յուր շուրջը սուր և թափանցող հայացքով և կարծես ըսպառնում' որ ոչ մի մահկանացու՝ հարուստ լինի նա թե աղքատ, արդար թե հանցավոր, չհամարձակվի թաքչել յուր արքայական տեսությունից։ Նա հագած էր հնդկական նրբագործ խլա, որի օձիքն ու կուրծքը բանված էին ոսկով, մարգարիտով և մեծագին գոհարներով։ Կապած էր ոսկեհուռն և հակրնթակապ գոտի, որից քարշ Էր ընկած դամասկյան կեռ սուրը համակ ոսկեպատ և ակնակուռ։ Գլխին ուներ արքայական խույր, որին հովանավորում էին թանձր ցցունքներ։ հույրի ճակատը զարդարված էր գույնզգույն քարերով, իսկ նրա ձախ կողմի վրա փայլում էր շողակնյա մի մեծ աստղ, որի մեջ ցցված էր արքայական ջղան: Շահի հարուստ զարդարանքները լրացնում էին նրա երկու գինդերը, բաղկացած երկու խոշոր ձվաձև հակինթներից, որոնք վայլում էին նրա ականջների  վրա՝ իբրև զույգ հրավառ աստղեր և ոսկեձույլ հմայիլը, որ կապած էր թևի վրա:


Անցնելով Որտուատի կամուրջը, նա ուղղվեցավ դեպի մեծ հրապարակը, որի վրա կառուցած էր նախկին տիրապետ Ղասաբ Հաջիի շքեղ ապարանքը, որ տասնևչորս տարիներից, այն է՝ Ղասաբ Հաջիի օսմանցիներից գերվելուց ի վեր՝ գտնվում էր տխուր և անփառունակ դրության մեջ։ Այդ օրը, սակայն, այդ ապարանքն զգացել էր յուր նախկին պերճությունը: Նրան զարդարել էին թավշով ու կերպասով, հատակների վրա փռել մեծագին գորգեր, փենջարանրեը զարդարել վարագույրներով, իսկ սանդուղքներից սկսած մինչև հրապարակի դուռը տարածել էին կարմիր փիանդազ, որի վրայով պիտի անցներ երկրի տիրապետը։ Ապարանքի գլխավոր դահլիճի մեջ, որ զարդարված էր ոսկեկար օթոցներով և փղոսկրյա կահերով ու կարասիներով՝ բացված էր համադամ նախաճաշի սեղան։ Այդտեղ պատրաստ կեցած էին նաև երգիչ գուսաններ և ընտիր գեղեցկուհիների մի խումբ, որ պերճորեն հագնված, կիսամերկ կրծքով ու հոլանի թևերով պիտի սպասավորեր շահին՝ մատուցանելով նրան անուշ խորտիկներ, ազնիվ գինի, ընտիր պտուղներ և քաղցրահույզ օշարակ։

Սիսականցվոց ընդունելությունը հաճելի տպավորություն էր արել շահի վրա. այդ պատճառով նա յ՛ուր օթևանը մտավ ուրախ տրմադրության մեջ. սիրալիր կերպով ողջունեց հանդիսապետներին։ Երբ նրա շուրջը խմբվեցան յուր ավագներն ու իշխանները, նա հրամայեց ներս հրավիրել նաև հայոց գլխավորներին, այն է՝ մելիքներին, ազնվականներին և նրանց հոգևոր առաջնորդներին, ի թիվս որոց և ունիթորների կարգապետին և պապի նվիրակին։ Ըստ յուր հաճոյախոս բնավորության, շահն ամենքին ողջունելով՝ արժանի արավ նրանց, նաև, մի քանի բարեհաճ հարցերի, որից հետո և հրավիրեց ամենքին՝ նախաճաշ վայելել յուր հետ միասին:

Այդպես նա անում էր հաճախ, չնայելով որ յուր պարսիկ իշխանների համար մեծագույն մի նախատինք էր՝ նստել քրիստոնյաների հետ միասին և ճաշել միևնույն սեղանի վրա։ Բայց որովհետև հրամայողը հզոր Շահաբասն էր, ուստի ոչ մի շրթունք չէր համարձակվում տրտունջ շշնջալ նրա դեմ։ Նույնիսկ պարսիկ կրոնապետը կատարում էր այդ հրամանը կուրորեն, որովհետև համոզված էր, որ հակառակ դեպքում կկապեին իրեն ձիու պոչին։

Բայց շահի յուրաքանչյուր այդպիսի արարք կապ ուներ մի նենգ և, շատ անգամ, անարգ դիտավորության հետ։ Հաճախ նա պատվում կամ բարձրացնում էր մարդուն միայն նրա համար, որ նորեն նվաստացնելով ավելի ևս զգալ տա նրան յուր անկման նախատինքը։ Բազմացնելով յուր սեղանի վրա հայոց գլխավորներին՝ նա, միևնույն ժամանակ, առանձին հրամայել էր՝ ներս բերել նաև հայոց կաթողիկոսին, որին շղթայակապ հասցրել էին Որտուատ՝ այդտեղից Ագուլիս և անտից Պարսկաստան տանելու համար։ Գուսանական երգերով և գինարբությամբ համեմված հացկերույթի միջոցին՝ հանկարծ հնչեցին դահլիճում կալանավորի շղթաները։ Բոլորր ետ նայեցան։ Պարսիկ իշխաններին տիրեց մեծ հրճվանք. հաճության ժպիտ խաղաց, նաև, ունիթորների կարգապետ հայր Երազմոսի և պապի նվիրակ Չիտտագինիի դեմքերին, մինչդեռ հայ ավագները կարծես շանթահար եղան. նրանց դեմքերը այլագունեցան և քիմքերը դառնացին...։ Նրանց առաջ կանգնած էր Մելիքսեդեկ կաթողիկոսը՝ ճնշված և նվաստացած, նիհար ու դալկադեմ։ Աղքատիկ մի քուրձ հազիվ էր պաշտպանում նրա մարմինը ձմռան ցրտությունից և դեղնած վեղարը ծառայում էր իրեն ոչ իբր գլխանոց՝ այլ իբրև ծածկույթ յուր դեմքին, որի վրա նկարված էր այնքան վիշտ ու տառապանք։

Այսպիսի մի ուրախության օր, երբ հայ իշխաններդ վայելում եք ինձ սեղանակից լինելու բախտավորությունը, ես կամեցա մի ուրիշ հաճույք էլ պատճառել ձեզ, խոսել սկսավ շահը կեղծավորաբար. գիտեմ որ դուք սիրում եք ձեր խալիֆին, ուստի նրան Իրան ղրկելուց առաջ (որտեղից այլևս նա չի դառնալու), կամեցա որ վերջին անգամ յուր տեսությունը վայելեք։

Թող աստված երկար կյանք պարգևե շահին, որ այդքան առատորեն թափում է մեզ վրա յուր ողորմածության պարգևները, պատասխանեց հայոց առաջնորդը՝ խոնարհելով մինչև գետին։

Այդ պատասխանը թեպետ միամտաբար տրվեցավ, բայց նա ազդեց խորադետ շահի վրա, որովհետև զգալ տվավ նրան՝ թե հայ առաջնորդի բարեմաղթությունը նույն արժեքն ունի յուր համար, ինչ որ յուր «պարգևները» հայ ազգի համար:

Բայց ինչո՞ւ արդյոք շահը բերավ կաթողիկոսին այդտեղ. ի՞նչ նպատակի էր ծառայում նրա այդ վայրենի զվարճությունը։

Առաջին նպատակն այն էր՝ որ հայ իշխանները տեսնելով իրենց պետին այդ նվաստ դրության մեջ, ամաչեն, նամուսի գան, և շահին տալիք նվերների հետ միասին վճարեն, նաև, կաթողիկոսի, կամ որ նույնն է, էջմիածնական Աթոռի պարտքը (որը դեռ օսմանցիների տիրապետության ժամանակից հանիրավի դրված էր սուրբ Աթոռի վրա). երկրորդ՝ կամենում էր հաճույք պատճառել պապի նվիրակին՝ գիտենալով նրա հակառակությունը հայոց եկեղեցու հետ և դրանով նրան պարտավորեցնել՝ ծառայել յուր կամքին ուրիշ դեպքերում։ Երրորդ՝ այդպիսով ամոքում էր շահը յուր հավատարիմների սիրտը, միևնույն ժամանակ հասկացնելով նրանց թե՝ յուր համար միայն վայրկյանի գործ է՝ գլորել մեկին ամենաբարձր աստիճանից մինչև ստորագույնը, եթե նա կհանդգնի անհաճո լինել իրեն որևէ մի բանով։

Կաթողիկոսը կանգնած մնաց դահլիճում մինչև նախաճաշի վերջը, որից հետո զինվորները վերադարձրին նրան յուր արգելանոցը։ Ոչ ոք հայերից չհամարձակվեցավ նույնիսկ ամենաթույլ դժգոհության մի ցույց արտահայտել շահի դեմ։ Միայն Անդրեաս երեցը, որ յուր աշակերտների հետ միասին կանգնած էր դրսի սրահում և ի պատիվ շահի երգել էր տալիս նրանց, տեսնելով կաթողիկոսին շղթայակապ, իսկույն հուզվեցավ և ծունկ չոքելով նրա առաջ՝ աջը համբուրեց։ Նույնն անել տվավ նա և յուր աշակերտներին։ Բացի այդ, բոլոր ժամանակ որ կաթողիկոսը գտնվում էր դահլիճում, նա թույլ չտվավ որ յուր աշակերտները երգեն։ Այս հանգամանքը, բարեբախտաբար, աննկատելի մնաց շահի և դահլիճում գտնվող մեծամեծների համար, որովհետև գուսանական երգերը ավելի էին գրավում նրանց, քան հայ աշակերտների մեղեդիները։

Քիչ ժամանակից հետո հանդիսապետները դուրս եկան դահլիճից՝ արքային ուղեկցող գնացքը կարգավորելու։ Այժմ ամենից առաջ պիտի ընթանար հայ հոգևորականությունը, կազմելով շքեղ եկեղեցական թափոր, կրելով ձեռքին նվիրական սպասներ և շարունակ երգելով ու խնկարկելով Նրան պիտի հետևեին հայ միանձնուհիները, իրենց առանձին երգչուհիներով։ Ապա տեր-Անդրևասը՝ յուր աշակերտական խմբով։ Սրանցից հետո պիտի գային պարսիկ հոգևորականները, ազնվականները, ժողովրդյան ավագները, ապա գեղեցիկների և գեղեցկուհիների խմբերը, գուսաններն ու կայթողները, վերջը՝ Շահաբասը յուր թիկնապահներով ու իշխաններով, որոնց և կհետևեին՝ հարեմը, հեծելախումբը և այլն և այլն:

Երբ ամեն ինչ պատրաստվեցավ, դուրս եկավ շահը յուր ապարանքից։ Արաբական նեջեդին պատրաստ կեցած էր գլխավոր մուտքի առաջ։ Նրա ոսկե սանձը բռնել էր արքայի հավատարիմ Շահռուխը, իսկ ասպանդակը՝ Ամիրգյունե խանը:Շահը մոտենալով ձիուն՝ թռավ նրա վրա ինչպես քսանամյա մի պատանի և առաջ անցավ։

Հանդիսավոր գնացքը, որի մի ծայրը գտնվում էր ապարանքի ընդարձակ հրապարակում և մյուսը՝ Որտուատից մի քարընկեց դուրս, նշան անելուն պես առաջ շարժվեցավ։ Չնայելով հետիոտների ահագին բազմության՝ նա ընթանում էր արագ, և յուր այդ դիրքում նմանում լեռնային մի լայնատարր հեղեղի, որ զորեղ հոսանքով առաջ մղվելով՝ ծավալվում է աջ ու ձախ, գրավում ընդարձակ դաշտեր ու հովիտներ և յուր շատաջուր ողողման ներքո ծածկում պատահած ամեն խոչ ու խութ. բայց ծածկում առ ժամանակ և ապա ամեն ինչ յուր տեղը թողնելով հոսում, անհետանում։

Այդ հանդիսավոր գնացքը, որ արտաքուստ երևում էր կարի շքեղ ու փառավոր, ներքուստ չուներ ոչ մի ներդաշնակություն։ Առջևից գնացող հայ հոգևորականությունը երգում էր շարականներ, իսկ նրան հետևող գուսանների խումբը՝ աշխարհային անպարկեշտ երգեր:Մի տեղ կրում էին խաչ ու վառեր և սրբազան սպասներ, մյուս տեղ՝ դափ ու ծնծղա և աճպարարական գործիքներ։ Միանձնուհիների և աշակերտների համեստ խմբերին հաջորդում էին կայթողներ ու կաքավողներ, իսկ ազնվականության գլխավորներին՝ խեղկատակները և ձեռնածուներ։ Միով բանիվ, ամեն տեղ երևում էր անճաշակ զվարճասիրության արդյունք։ Շահաբասը ցանկանում էր, որ ուր որ էլ գնար՝ դիմավորեին իրեն հանդիսով, որ ամեն ազգ և ժողովուրդ հաներ յուր առաջ ամենը՝ ինչ որ ուներ փայլուն ու գեղեցիկ, իսկ թե դրանց մեջ կա՞ր միություն կամ ներդաշնակություն, այդ բանը նա չէր պտրում բնավ։

Այսուամենայնիվ, այդ հանդիսական գնացքին ամենից ավելի փայլ էր տալիս հայ հոգևորականությունը յուր վեհաշուք թափորով և արտաքին արդուզարդով, Շահաբասը, որ մի առանձին հաճությամբ հաճախում էր Սպահանում հայոց եկեղեցին և ներկա լինում նրանց տոնական արարողությանց, նամանավանդ ջրօրնյաց, զատկի, համբարձման և վարդավառի տոներին, այստեղ էլ զննում էր թափորի հանդեսը ոչ առանց հետաքրքրության։ Այդ նպատակով իսկ, Որտուատից բավական հեռանալուց հետո՝ նա առաջ վարեց յուր նժույգը և մոտեցավ հայ հոգևորականներին, թափորն ի մոտո զննելու համար։ Քահանաների երգեցողության ձայնակցում էին այդ միջոցին տեր–Անդրեասի վաթսուն աշակերտները։ Եվ այդ ձայնակցությունը այնքան զորավոր ու ներդաշնակ էր, որ գրավեց շահի բարձր ուշադրությունը։ Բայց հազիվ նա նայեց նրանց վրա մի վայրկյան և ահա իսկույն դեմքը խոժոռեց և դառնալով թիկնապահներին հրամայեց.

Կանչեցեք այստեղ Ամիրգյունեին:

Նախարարը մոտ եկավ իսկույն։

Խան, այս ի՞նչ աղտեզություն է, որ հանդես ես բերել այստեղ, հարցրեց շահը զայրագին։

Ի՞նչ, ձերդ մեծություն, հարցրեց նախարարը, չկարողանալով իսկույն հասկանալ թե ինչի՛ մասին է խոսում շահը։

Նայիր, ահա, այս գոնջոտների խմբին. ինչի՞ համար են սրանք այստեղ։

Ամիրգյունեն նայեց տեր–Անդրեասի աշակերտների վրա, որոնք, չնայելով որ հագած էին հարուստ շապիկներ, այնուամենայնիվ, իրանց սափրած և կեղծ–գոնջոտ գլուխներով ներկայացնում էին մի կատարյալ տգեղություն։

Դրանք հայոց դպրոցի աշակերտներն են, տեր. հայերը սովորություն ունին գերծել ուսանող տղաների գլուխները, պատճառաբանեց նախարարը։

Բայց նրանք ամենքն էլ վարակված են գոնջով, ո՞վ համարձակվեց հանել նրանց իմ առաջ, հարցրեց Շահը ավելի գրգռվելով։

Ամիրգյունեն մնաց լուռ, որովհետև չգտավ մի պատճառ, որով կարողանար արդարացնել իրեն։ Այդ դեպքում նա չէր կարող մեղադրել վեքիլին կամ հայոց առաջնորդին, որովհետև շահի առաջ ինքն էր միակ պատասխանատուն։

Շահաբասը նախարարի լռությունը տեսնելով՝ մի խուլ մռնչյուն արձակեց և նժույգի գլուխը դարձնելով՝ յուր առաջվա տեղը դարձավ։

Արքայի զայրույթը, որ ուղղված էր Ամիրգյունեի դեմ, տխրեցրեց նրա բարեկամներին, որոնք ծանոթ էին շահի չարահույզ բնավորության հետ, իսկ Շահռուխ բեկին, ընդհակառակն, մեծ հաճույք պատճառեց, որովհետև այդ դեպքը հույս տվավ նրան թե՝ շուտով պիտի կարողանա վրեժխնդիր լինել ոչ միայն նախարարին, որ պաշտոնանկ արավ իրեն, այլև տեր-ԱՆդրեասին, որ խլեց իրենից գեղեցիկ Վարդենիին։

ԺԲ

Չնայելով անախորժ միջադեպին, շահը մտավ Ագուլիս գեթ առերես ուրախ, որովհետև իբրև փորձառու մարդ անպատշաճ էր համարում խոժոռված դեմքով ու սպառնացող հայացքով մուտ գործել մի քաղաք, ուր ամենքը սրտատրոփ սպասում էին իրեն, ուր ամեն ինչ պատրաստած էր յուր աչքերը պարարելու և հաճույքը գրգռելու համար։ Չնայելով ձմեռային եղանակին, փոքրիկ ավանը զարդարված էր կարի շքեղորեն։ Սարավույթներն ու պատշգամբները զարդարված էին վառերով, իսկ տների բարձունքը գույնզգույն լապտերներով։ Շահի անցնելիք փողոցներում կանգնեցրած էին զանազանակերպ կամարներ, իսկ հրապարակներում հրավառության գահեր ու ճախրակներ։ Տունը, որի մեջ օթևան էին պատրաստել շահի համար, Ագուլիսի միակ հոյակապ շենքն էր և պատկանում էր հայոց խոջաներից մինին։ Ներքուստ ու արտաքուստ զարդարել էին նրան թավշով, կերպասով և հնդկական դիպակներով, իսկ հատակները ծածկել ազնիվ ու մեծագին գորգերով։ Նրա սենյակները կահավորված էին արծաթե ու փղոսկրյա կարասիներով, ապակեզարդ փենջարեները՝ սքողված նուրբ ոսկեթել վարագույրներով, իսկ նրանց քիվերը՝ ծածկված ծաղիկներով, որոնք դրված էին ճենապակյա սկահակներում։ Լայնադիր սանդուղները ծածկում էր քրքմագույն փիանդազ՝ տարածվելով մինչև բակի մեծ դուռը, որ զարդարված էր գույնզգույն վառերով, լապտերներով և մշտադալար ծառերի ոստերով։

Շահն ամեն ինչ Ագուլիսում գտավ պատշաճավոր և հաճոյական, նամանավանդ, երբ երեկոյան քաղաքը լուսավորեցին տասնյակ հազարավոր լապտերներով և ահարկու հրավառությամբ։ Թեպետ դրանք չնչին բաներ էին համեմատելով այն փառահեղ ընդունելության հետ, որ Շահաբասի համար պատրաստել էին մի օր բարգավաճ ջուղայեցիք և որոց միայն լապտերների թիվը հասնում էր այն ժամանակ հիսուն հազարի, այսուամենայնիվ, փոքրիկ Ագուլիսի համար՝ եղած պատրաստություններն էլ շատ հերիք էին։ Մանավանդ որ Շահաբասը (որի կործանիչ ձեռքը ավերել էր ոչ միայն անվանի Ջուղան, այլև շատ քաղաքներ ու գեղեր՝ ցրելով ու տարագրելով նրանց բնակիչներին), վաղուց էր, ինչ չէր տեսել այնպիսի ընդունելություն, որպիսին այժմ պատրաստել էին տակավին շեն ագուլեցիք։ Այս պատճառով նա զվարճանալով զինքը շրջապատող հրապույրներով՝ մոռացավ մինչև անգամ այն տհաճությունը, որ նա ճանապարհին զգացել էր իրեն ընդառաջող տղաների «գերծած գլուխները» տեսնելով։

Բայց սատանան, որ միշտ գործում է մարդու ձեռքով և խոսում նրա լեզվով, չէր դադարում հայոց բախտի անիվը դեպի ձախ դարձնելուց։ Երբ թագավորն յուր մեծամեծների առաջ գոհունակություն հայտնեց ագուլեցվոց ընդունելության մասին, Շահռուխ-բեկն իսկույն հիշեցրեց նրան «գերծած գլուխների» չարահուշ դեպքը, ավելացնելով թե՝ «այդ ամենամեծ անարգանքն է, որ հայերն, առհասարակ, ցույց են տալիս իրենց անհաճո եղող թագավորին»։ Այդպիսով բեկը կամենում էր շարժել շահի զայրույթը, որի հետևանքը, հարկավ, պիտի լիներ նախատինք Ամիրգյունեին և կորուստ՝ բազմաթիվ ու անվանի հայերի։

Բայց որովհետև Ամիրգյունեն ներկա էր այդ զրույցին, ուստի թույլտվություն խնդրելով թագավորից՝ ծանր դիտողություն արավ չարասեր Շահռուխին:

Դու արքայի հավատարիմն ես և քեզ չի վայելիլ չարախոսել նորին մեծափայլության առաջ յուր հպատակ ժողովրդից և դրանով արքայի սիրտը վշտացնել, այն արքայի, որ միայն ևեթ յուր ժողովրդի բարօրության ու հանգստության վրա է մտածում։ Եթե հայերը երազեին նվազեցնել իրենց հարգանքը դեպի արեգակնափայլ շահը, ապա նրանք չէին ընդառաջել նրան այնպիսի աշխարհախումբ բազմությամբ, որպիսին տեսար դու այսօր։ Նրանցից ոչ մեկին մենք չենք ստիպել, այլ իրենք են հոժարակամ եկել տեսնելու այն մեծ արքային, թագավորաց թագավորին, որի մի բարի խոսքը ազգեր է բախտավորեցնում, մի քաղցր հայացքը թշվառություններ վերացնում, որն ամենակարող աստծուց ու նրա մարգարեից հետո՝ միակ պաշտպանն է անօգնական այրիների, խղճուկ որբերի, ոտնակոխ եղած իրավունքների... որ ուրախությամբ վարձատրում է բարությունը և քաջալերում յուր ծառաների հավատարմությունը, որ իհարկե, չի կայանում գաղտնի քսությամբ անմեղներին մատնելու մեջ...։

Նախարարի վերջին հաճոյախոսությունը ավելի ազդեցություն արավ շահի վրա՝ քան Շահռուխի չարախոսությունը, այդ պատճառով կամենալով յուր հաճությունը ցույց տալ Ամիրգյունեին, շահը ընդհատեց.

Ես շնորհակալ եմ հայերից, խան և, մինչև անգամ պիտի ներեմ նրանց, եթե իմանամ որ տղաների գլուխները նրանք գերծել են միամտաբար։ Բայց և այնպես, ես Շահռուխին իրավունք եմ տալիս քննել այդ բանի պատճառները և հայտնել ինձ անհապաղ թե՝ ո՛վ ո՛րքան հանցավոր է այդ գործում ։

Եվ սակայն «գերծած գլուխների» գործը կարելի էր մոռացնել, կամ, գոնե, այդ առթիվ ներողություն հայցել, մանավանդ որ Ամիրգյունեն հոգում էր հայերի համար: Բայց շուտով առաջ նկավ նաև մի հանգամանք, որ կրկին Շահաբասի զայրույթը գրգռեց, որով և հայոց հանցանքի կշիռը ծանրացավ։

Շահի Ագուլիս մտնելու երկրորդ օրը, ինչպես օրենք էր, ժողովրդի գլխավորները ներկայացան արքային՝ բարի գալուստ մաղթելու և այդ առթիվ նրան ընծաներ տալու համար։

Պարզ է, որ ներկայացողների ամենամեծ մասը հայոց մելիքները, խոջաները և ազնվականներն էին։ Չնայելով որ նրանց բերած թե՛ ընծաները և թև՛ ոսկիները ավելի շքեղ ու առատ էին, բայց որովհետև համաձայն տեր-Անդրեասի խորհրրդի և կանխավ արած որոշման, նրանցից յուրաքանչյուրը ընծաներն առաջարկեց Շահին իբրև նվեր, իսկ ոսկին՝ իբրև ս. Աթոռի պարտավճար, ուստի շահն այդ բանից սաստիկ վիրավորվեց։

Երբ ամենքն արդեն իրենց ընծաները տվին, իսկ ոսկիները կուտակեցին ոսկե սկուտեղներում, շահն սկսավ ոլորել յուր հարուստ ընչացքները և ապա նորեն ցրվել նրանց յուր գիրուկ ծնոտների ուղղությամբ։ Այդ նշան էր որ նա կամենում էր խոսել։ Ուստի ամենքը ձեռքները կրծքին և գլուխները խոնարհած՝ լարեցին իրենց լսողությունը։

Նրանք, որոնք այժմ իմ գալուստը շնորհավորեցին իսկությամբ ըմբռնելով Իրանի մեծ գահակալին և արքայից արքային պարտ ու պատշաճ հարգանք մատուցանելու պարտքերին, հարկավ, կարժանանան իմ բարեհաճ ուշադրության։ Իսկ նրանք, որոնք թերահավատել են իրենց պարտավորության մեջ կամ գռեհկությամբ աշխատել են աչքերը խաբել, նրանք, եթե չիջնեն իսկ իրենց արդի դիրքից, գեթ կմնան այնտեղ, ուր երբեք չի հասնիլ մեր վեհ աթոռի կենդանարար ճառագայթը...

Այս բարձրահոն պատգամից հետ՝ շահը դարձավ նախարար Ամիրգյունեին.

Խան, ասաց նա, ես սիրում եմ և ճշմարտախոսին, և՛ փիլիսոփային. բարեբախտաբար դու և առաջինն ես, և երկրորդը, արդ, ասա ինձ, կարելի՞ է փրկել այն անհատին կամ ժողովրդին, որ կամենում է կորչել։

Ոչ, տեր իմ, պատասխանեց Ամիրգյունեն։ Ես էլ այդ կարծիքին եմ, հարեց իսկույն շահը, այս հայերը, խան, շատ թարս մարդիկ են. ինձ թվում է թե՝ նրանց մանուկներին մանկաբարձը միշտ ձախ ձեռքով է ընդունում... այսպիսի սովորություն կա՞ ձեր մեջ, հարցրեց շահը հայոց մելիքներին։

Ոչ, մեծափառ տեր, պատասխանեցին նրանք:

Ուրեմն ուրիշ տեղ պետք է որոնել ձեր թարսության պատճառները։

Այս ասելով շահը նորեն սկսավ յուր ընչացքը ոլորել և ապա դառնալով Խոջա Նազարին, որ հարուստ ու անվանի լինելուց զատ, նաև պաշտոն ուներ արքունիքում, խիստ ձայնով հարցրեց.

Խոջա-Նազար, ինչո՞ւ քո այս հայերը անպատճառ կամենում են կորչել։

Եթե քո մեծափառության աջը հովանավորում է նրանց, նրանք չեն կորչիլ, պատասխանեց Նազարը։

Այս օրվանից իմ աջը ես հեռացնում եմ նրանցից։

Այդ անելուց առաջ, մեծափառ արքա, հրամայիր որ իմ հայրենակիցները մատնեն իրենց Երասխի կատաղի ալիքներին։

Քո խելքը, Նազար, չի փրկիլ դրանց:

Բայց քո գթությունը կփրկե։

Անկարելի է, ասում եմ քեզ։

Արևը միայն լույս ու կենդանություն է սփռում, նկատեց Նազարը այլաբանորեն։

Բայց նա շատ անգամ, նաև, չորացնում ու այրում է, պատասխանեց շահը նույն ձևով։

Ինչո՞վ արդյոք, մեծափառ տեր, իմ հայրենակիցներն արժանացան քո արդար բարկության:

Ինչո՞վ. դու սպասավորում ես արքայի դռանը և դեռ չգիտես թե՝ ի՛նչ հանցանք գործեցին այժմ իմ առա՞ջ։

Իմ միտքը լուսավորվում է միայն արքայի իմաատուն թելադրությամբ, առարկեց Նազարը։

Եթե այդպես է, ուրեմն լսիր։ Այս ասելով շահը դարձավ դեպի հայոց գլխավորներն ու շարունակեց. ասացեք ինձ անկեղծորեն, երբ ձեզ մոտ գալիս է մի թանկագին հյուր, որի հետ դուք առաջուց ունենում եք հաշիվներ, արդյոք դուք նախ նրա գալուստն եք շնորհավորում, ողջույնի ճաշ մատուցանում և ապա թե նրա հաշվի մասին խոսո՞ւմ, թե՞ ամենից առաջ հաշվի մատյանն եք բանում.

Հայերը լուռ էին։

Ձեր Աթոռը, կամ ճիշտն ասած, ձեր կաթողիկոսը պարտ է իմ գանձարանին երեք հարյուր թուման, այդ փողը պիտի վճարվեր ընդունված եղանակով. հակառակ դեպքում, ձեր կաթողիկոսը պիտի կրեր յուր շղթան մինչև կյանքի վերջը, այդ հայտնի՞ էր ձեզ թե ոչ:

Հայտնի էր, տեր, պատասխանեցին մելիքները։

Արդ, ի՞նչ իրավունքով դուք նրա հաշիվները խառնել եք այսօր այն նվերների հետ, որ պիտի մատուցանեիք ձեր վեհապետին։

Ամենքը լուռ էին։

Ակզբից արդեն դուք սովոր էիք ընծաների հետ միասին բերել ձեր արքային նաև առատ ոսկի։ Այդ կարգն առաջին անգամ ես տեսա Ջուղայում, ուր մուտ գործեցի ես տասներկու տարի առաջ։ Այդպե՞ս է թե ոչ, խոջա Անձրև, դարձավ թագավորը Ծղնայի խոջային։

Այո, տեր իմ. և ոսկվո առաջին սկուտեղը բախտ ունեցավ ներկայացնել քո մեծափառության խոջա Խաչիկը։

Այո, իմ բարի հյուրընկալը, որ Երասխի ափից մինչև յուր տունը մետաքսե ազնիվ փիանդազ էր փռել իմ ոտքերի տակ... տեսնո՞ւմ եք, ես չեմ մոռանում իմ լավ հպատակի արժանավոր գործը... բայց ի՞նչպես եղավ նրա վախճանը, չեմ հիշում, հարցրեց շահը՝ դառնալով Նազարին։

«Խոջա Խաչիկը խեղդվեցավ Երասխում այն տարին, երբ քո մեծափառության հրամանով հայերը քշվեցան Պարսկաստան։ Քշող վերակացուներից մինը երկաթե գավազանով հրել էր նրան դեպի գետը այն ժամանակ, երբ խոջան կամենում է եղել ազատել յուր տասներկու տարեկան աղջկան, որին, գետից անցընելու պատրվակով, առևանգում է եղել մի զորական։

Թող աստված լուսավորն նրա հոգին, հարեց շահն անտարբերությամբ և ապա դառնալով մելիքներին՝ շարունակեց.

Ջուղայեցվոց այդ ընդունելությունը հաճելի եղավ ինձ. և ես հրամայեցի որ այնուհետև ամեն տեղ իմ երկրում նույն կերպով ընդունեն ինձ։ Արդ, եթե այս ոսկիները դուք խնդրում եք ընդունել կաթողիկոսի պարտքի տեղ, հապա ո՞ւր են այն ոսկիները, որ պարտավոր եք մատուցանել իբրև գին այն շնորհին, որ արավ ձեզ Իրանի մեծ գահակալը՝ այցելելով ձեր այս խղճուկ քաղաքին։

Հայերը դարձյալ լուռ էին։

Ի պատիվ իմ ազնիվ խան Ամիրգյունեի, որ հոգում է միշտ ձեր բարօրության համար և ի շնորհս ձեր հայրենակիցների, խոջա Նազարի, խոջա-Սուլթանումի, մելիք-Հայկազի, մելիք-Սուջումի, քաջ Միրվելիի և ուրիշների, որոնք արժանացել են իմ դրան մեծագույն պատվին, ես ներում եմ ձեզ ձեր այդ հանցանքը և այս ավուր բերած թե՛ ընծաներն և թե՛ ոսկիները ընդունում եմ միայն իբրև ողջույնի նվեր, որն ամեն մի հավատարիմ հպատակ պատրաստ է դնել յուր շահնշահի ոտքերի տակ...։ Իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսի պարտքին, այն պիտի վճարվի իմ գանձարանին մինչև վերջին փողը, հակառակ դեպքում կաթողիկոսի միսը ես պոկել կտամ աքցաններով, ինչպես որ արի չորս տարի առաջ, Ամիրգյունեի որդու ձեռքով Երեվանի հրապարակում։ Ես մինչև անգամ կախել պիտի տայի նրան Գորիում, ուր եկել էր այդ ժամանակ իմ գթությունը հայցելու, եթե իմ այս բարի խանը կրկին և կրկին բարեխոսած չլիներ նրա մասին և թողություն խնդրած։

Հայոց գլխավորները առանց մի բառ անգամ արտասանելու խոնարհեցին շահի առաջ մինչև գետին և միայն խոջա Անձրևը համարձակություն առավ բոլորի կողմից ասելու՝

«Թող կատարվի հզոր շահի կամքը, որի առաջ խոնարհելը ոչ միայն պարտավորություն, այլև բախտավորություն է մեզ համար»։

Շահի հեռանալով մեջլիսը ցրվեցավ։

ԺԳ

Թեպետ Շահռուխ-բեկը գոհ չեղավ արքայի դեպի հայերն ունեցած ներողամտությունից, այսուամենայնիվ, նա քաջալերվեցավ այն դեպքից, որն առիթ տվավ շահին՝ երկրորդ անգամ հայերի դեմ զայրանալու, ըստ որում այդ նշանակում է թե կրակն արդեն պատրաստ է. մնում էր միայն փչել վրան և հրդեհն ինքնիրեն կբորբոքի։

Այս պատճառով, ահա օգտվելով շահի՝ «գերծած գլուխների» գործը հետազոտելու մասին իրեն տված իրավունքից, Շահռուխ-բեկը սկսավ մի կարի խիստ և բազմակողմանի քննություն։ Նրա նպատակն ոչ այնքան գործի պատճառները հետազոտելը և ճշտությունը երևան հանելն էր, որքան հայոց վրա նոր հանցանքներ բարդելը։ Եվ այդ նպատակին հասնելու համար՝ նա գործ դրեց ամեն հնարավոր միջոց։

Երկու օրից ետ Շահռուխը ներկայացավ շահին և հետևյալն ասաց.

«Հայերի հանդգնությունը, տեր, անցել է ամեն չափ ու սահման։ Քn արևափայլ մեծության նրանք հասցրել են այնպիսի անարգանք, որի նմանը մինչև այսօր չէ հասել Իրանի ոչ մի գահակալին...»։

Թագավորը կատաղեց.

Կարճիր լեզուդ, թշվառական, ո՞վ է այն ապերասանը, որ համարձակվի երազել՝ անարգանք հասցնել ահավոր Շահաբասին, գոչեց նա տեղից վեր թռչելով և յուր մեծ-մեծ աչքերում վայրենի հուր ցոլացնելով։

Ավաղ, տեր իմ, կատարված քննությունն ապացուցեց որ հայերը ոչ միայն կարողացել են երազել, այլև գործադրել։ Ներիր քո ծառային, որ դժբախտությունն ունի այսօրինակ մի անախորժ լուր քո մեծության հաղորդելու, պատասխանեց Շահռուխը կեղծ ակնածությամբ։

Դու իրավունք չունիս ոչինչ թաքցնելու. խոսիր, ինչ որ գիտես, հրամայեց թաղավորը՝ հրացայտ աչքերը պաշտոնյայի վրա սևեռելով։

Ես պտտել եմ Իրանի շատ գավառներ, գտնվել եմ շահնշահի հովանին վայելող ամենահեռավոր երկրներում, և ամեն տեղ, տեր իմ, տեսել եմ ժողովրդին քեզ սիրող ու անձնվեր, քո անվան երկրպագու։ Ընդարձակածավալ Իրանի մեջ ևս չեմ պատահել մի մարդու, որ երջանիկ չհամարեր իրեն, եթե վերցնեին նրանից ոչ միայն յուր գույքն ու հարստությունը, այլև բոլոր զավակները՝ մեծափառ շահին նվիրելու համար։ Ամեն մի ուղղափառ սիրով կխոնարհեր գլուխը այդօրինակ հրամանի առաջ՝ հավատալով թե դրանով պիտի արժանանա շահի գեթ մի ողորմած հայացքին...։

Ինչո՞ւ համար է այդ նախաբանը, ընդհատեց շահն անհամբերությամբ։

Համեմատելու համար մեր ուղղափառներին այս քրիստոնյա հայերի հետ, որոնց դու իրավամբ «թարս» անվանեցիր։ Երբեք չէի կարող կարծել, կամ նույնիսկ երևակայել թե՝ այս ագուլեցի հայերը իրենց մանուկների գլուխները կզերծեին՝ արհեստական կերպով նրանց տգեղացնելու համար, որպեսզի մեծափառ շահը նրանցից ոչ ոքին գեղեցիկ չգտնելով, չտանե յուր հետ Սպահան։

Անկարելի է... ճշմարտությունը խոսիր, Շահռուխ, ապա թե ոչ, այս րոպեին մեխել կտամ գլուխդ դարբասի պատի վրա, գոչեց թագավորը այնպիսի սրտմտությամբ, որից ամեն ոք կարող էր դողալ։ Բայց Շահռուխը, որ լավ էր ճանաչում յուր վեհապետին, խաղաղ ձայնով պատասխանեց.

Ինչպե՞ս կհանդգնեմ ստել քո ահավոր մեծության առաջ, տեր իմ։

Թշվառական, ես ինքս տեսա, որ այդ մանուկները վարակված էին գոնջով. անշուշտ նրանց գլուխները զերծել են՝ գոնջը դարմ անելու համար։

Հենց գլխավորն այն է՝ որ այդ գոնջն էլ կեղծ է:

Ինչպե՞ս, դու չե՞ս զառանցում։

Ոչ, տեր իմ. ես ճշմարտություն եմ խոսում. հայ ծնողներն այդ գոնջը առաջացրել են մանուկների գլխների վրա արհեստական եղանակով։ Այդպես է վկայում քո բժշկապետը։

Ուղուրլու-բեկը։

Այո, տեր իմ։

Կանչեցեք նրան այստեղ, հրամայեց շահը շաթիրներին։ Բժշկապետը ներս եկավ և հաստատեց այն ամենը, ինչ որ հաղորդել էր Շահռուխը. այլև ավելացրեց թե՝ ինքն այդ գոնջի նմանող վերքերը կարող է բուժել երկու օրվա մեջ՝ ամենահասարակ օծանելիքով, մինչդեռ գոնջը, ինչպես հայտնի է, հազիվ է բուժվում մի քանի ամիսների և երբեմն, ամբողջ տարվա ընթացքում:

Թագավորը թեպետ սաստիկ զայրացավ, բայց չկամենալով իսկույն եթե պատմել հանցավորներին. հրամայեց հետևյալ օրը կազմել բազմամարդ ատյան, բերել այդտեղ նաև մանուկների ծնողներին և յուր ներկայությամբ հարցուփորձել նրանց։ Եվ որպեսզի հանցավորները ժամանակ չունենային միմյանց հետ տեսնվելու և արդարացման պատճառներ հերյուրելու, շահը պատվիրեց չհայտնել ոչ ոքի թե՝ ինչո՞ւ համար է ատյան հրավիրվում։

Եվ հետևյալ օրը մունետիկները հնչեցրին քաղաքում ջահի հրամանը։ Իսկույն ավագանին շտապեց ապարանքի սրահը։ Եկան այդտեղ հայ ու պարսիկ մեծամեծները մելիքները, բեկերը, խոջաները, դատավորները, հայոց առաջնորդը և քահանաները, ունիթորների կարգապետն ու պապի նվիրակը և վերջապես տեր-Անդրեասի վաթսուն աշակերտների ծնողները, որոնք գուշակելով թե՝ ինչի՞ համար են հրավիրված, մտնում էին սրահը իբրև մահապարտներ։ նրանց դեմքերի վրա նկարված էր երկյուղ և սարսափ։

Երբ ատյանը բոլորեց, ներս մտավ Շահաբասը, հագած հանդիսավոր զգեստ և շրջապատված դրանիկներով ու շաթիրներով։

Նստելով գոհարազարդ գահի վրա, նա հրամայեց դպրապետին կարդալ մեղադրականը։

Եվ վերջինս կարդաց։

Ապա շահը հրամայեց խոջա Նազարին բացատրել մեղադրականի բովանդակությունը այն հայերին, որոնք անծանոթ էին պարսկական լեզվին։

Այդ հրամանը նույնպես կատարվեցավ։ Ապա թագավորը դառնալով հայոց առաջնորդին՝ բարձր ու ցասկոտ ձայնով հարցրեց. -Ճշմարիտը խոստովանիր, մահրասա, քո գիտությամբն է կատարվել այս հանցանքը թե՞ ոչ:

Աստված մի՛ արասցե, տեր, ինչպե՞ս կհամարձակվեի թերանալ իմ պարտավորության մեջ, որ է երկրպագել իմ թագավորին ուղիղ սրտով և ծառայել նրան հավատարմությամբ, պատասխանեց վարդապետը խոնարհելով մինչև գետին։

Ո՞վ է ուրեմն առաջին անգամ այս դժոխային կատակը մտածել, թող առաջ գա և խոստովանե, գոչեց թագավորը նորեն և յուր հրացայտ հայացքը սևեռեց ծնողների վրա, որոնց դեմքերը այլագունել էին արդեն ահից:

Եվ սակայն ոչ ոք չշարժվեց տեղից և ոչ իսկ ձայն հանել համարձակվեցավ:

Առաջ արի և խոստովանիր. ե՞րբ և ինչպե՞ս գերծեցիր քո որդու գլուխը կամ ո՞վ խորհուրդ տվավ քեզ այդ, դարձավ շահը ծնողներից մինին:

Վերջինս մոտեցավ դողդողացող ծնկներով և ասաց ավելի ևս դողացող ձայնով.

Ես ոչինչ չգիտեմ... իմ որդու գլուխը տեսել եմ գերծած և չգիտեմ թե ո՛վ է արել...

Թշվառական, եթե քո որդվո գլուխը գերծելու փոխարեն կտրեին, մի՞թե չի պիտի իմանայիր թե ո՛վ է արել:

Մարդը լուռ էր:

Թագավորը դարձավ երկրորդին, երրորդին, չորրորդին, բայց ամենքն, համարյա, նույն պատասխանը տվին. ոչ ոք նրանցից չկամեցավ խոստովանել յուր մասնակցությունը այդ գործի մեջ։ Ահն ու սարսափը այնպես էր տիրել խեղճերին, որ նույնիսկ խոսածները չէին հասկանում. «չգիտեմ», «չեմ արել», «տեղեկություն չունիմ». այս էր նրանց միակ պատասխանը։

Թագավորի կատաղությունը հասավ յուր գագաթին։ Նա գոռում, գոչում էր և երդվում յուր գլխով, որ բոլորին միասին գլխատել կտա իսկույն, եթե չեն խոստովանիլ իրենց հանցանքը։ Բայց ոչ ոքի բերանից խոստովանության խոսք չլսվեցավ։

Այն ժամանակ թագավորը հրամայեց ատյան բերել բոլոր վաթսուն տղաներին և նրանց բերանից իմանալ ճշմարտությունը։

Սոսկումը կալավ ծնողներին. էլ ազատության հույս չէր մնում. տղաները միամտաբար պիտի մատնեին նրանց, այդ մասին բնավ չէին մտածել և ոչ իսկ կանխավ մի բան հոգացել։ Ի՞նչ անեին ուրեմն։ Նրանք շվարած նայեցին իրար վրա և ապա դեպի երկինք։ Այդտեղից էին այժմ օգնություն սպասում:

Ես պիտի գլխատեմ ոչ միայն ձեզ, այլև ձեր զավակներին,ձեր իսկ աչքերի առաջ, որպեսի աշխարհն իմանա թե՝ ի՛նչ պատիժ են կրում խաբեբաները, գոչեց նորեն Շահաբասը և նրա որոտացող ձայնը զարհուրեցրեց ամենքին։ Բայց հազիվ բռնավորն յուր վերջին խոսքն արտասանեց և ահա սրահի խորքից լսվեցավ մի անակնկալ ձայն.

Մեծափառ արքա. թույլ տուր քո խոնարհ ծառային՝ հայտնել ատյանի առաջ այն հանցավորի անունը, որի պատճառով սպառնում ես դու կոտորել այս անմեղներին։

Ով է խոսողը, թող առաջ գա, հրամայեց թագավորը։ Քահանաների խմբից ելնելով՝ սկսավ դեպի ատյանն առաջանալ Անդրեաս երեցը։

Բոլորի վրա տիրեց ահ և զարմացում. ի՞նչ պիտի հայտներ արդյոք նա ատենի առաջ. որի՞ն պիտի մատներ, ի՞նչ տեղեկություններ պիտի տար։ Գործված հանցանքի մեջ, այո, նա ինքը մաս չուներ. ուրեմն և կարող էր անվանել հանցավորներին.. բայց մի՞թե տեր Անդրեաս կգործեր այդպիսի ոճիր. մի՞թե նա ժողովրդին կդավաճաներ... անկարելի էր. ոչ ոք չէր հավատում. մանավանդ նրանք, որոնք ճանաչում էին երեցին։ Բայց միևնույն ժամանակ ամենքը վախենում էին նրա ճշմարտախոսությունից։ Իսկ ինչ վերաբերում է առաջնորդին, նա ահից ու սարսափից արդեն սառել էր։ Չէ՞ որ վերջին օրերում նա անպատվել էր այդ քահանային և նախատել նրան ժողովի առաջ։ Ահա, ուրեմն, հասել էր ժամանակը որ տեր-Անդրեասը վրեժխնդիր լիներ առաջնորդին։ Եվ դրա համար Նա ուներ զորավոր միջոց. «գլուխներ զերծելու» խորհուրդը առաջին անգամ հղացվել էր առաջնորդարանում, իսկ այդ բանը հայտնի էր երիտասարդ երեցին... Այսպես էր մտածում առաջնորդը և սոսկալով նայում էր տեր-Անդրեասի վրա, որ խաղաղ քայլերով առաաջանում Էր դեպի ատյանը։

Բայց քահանայի դեմքի վրա չէր նշմարվում մատնիչի մաղձ և Նախանձ, ոչ էլ աչքերում չարության կրակ։ Նրա դեմքն, ընդհակառակն, վեհ էր այդ վայրկյանին և հույժ պատկառելի, հայացքը վճիտ և հրեշտակային, կեցվածքը սեգ և գեղեցիկ։ Երբ նա կանգ առավ ատյանի առաջ, թագավորն ակամայից հառեց աչքերը նրա վրա և սկսավ դիտել երեցի աննման գեղեցկությունը, որ մի առանձին շուք ու վեհություն էր տալիս նրա քահանայական տխուր սքեմին։

Ո՞վ ես դու և ի՞նչ գիտես այստեղ քննվող գործի մասին, խոսիր ճշմարտությամբ և դու կարմանան աս իմ բարեհաճ ուշադրության, դարձավ շահը երեցին։

Ես, տեր արքա, վարժապետ ու դաստիարակ եմ այն վաթսուն աշակերտների, որոնց զերծած գլուխները այս ատենի քննության առարկան են դարձել, պատասխանեց երեցը խաղաղ ձայնով։

Դու նրանց վարժապե՞տն ես, հարցրեց շահը հետաքրքրությամբ։

Այո, տեր։

Բարի, ուրեմն ամենից առաջ քեզ պետք էր հարցնել։ Ասա այժմ ինձ. ովքե՞ր են գերծել քո աշակերտների գլուխները, և ո՞վ է հնարել արհեստական գոնջը։ Անշուշտ դու ամենից ավելի տեղյակ ես այդ բանին։

Թե՛ գլուխները գերծելու, և թե՛ արհեստական գոնջ առաջացնելու հեղինակը մեկն է, տեր, խոսեց քահանան։

Այստե՞ղ է այդ հանդուգն հոգին, գոչեց թագավորը բարկությամբ։

Այո, տեր. նա կանգնած է քո առաջ։

Տուր շուտով նրա անունը, հրամայեց թագավորը։

Ես ինքս եմ, տեր արքա։

Դո՞ւ...

Այո, տեր։

Թագավորը աչքերը սևեռեց քահանայի վրա և սկսավ դիտել նրան քննական հայացքով։ Նրան թվում էր թե՝ երեցը Խելագարին մեկն է, որ մի ամբողջ ժողովրդի գործած հանցանքն առնում է յուր վրա։ Մնացին ապշած նույնպես ատենականները, պարսիկ իշխանները և, նամանավանդ, ունիթոր կարգապետները։ Վերջիններս րոպե առ րոպե սպասում էին շահի՝ հանցավորները կոտորելու մասին արվելիք հրամաին, որպեսզի իրենք, հանուն Հռովմա գահի միջամտելով՝ արգիլեն կոտորածը, իսկ դրա փոխարեն իրենց կողմը դարձնեն մի քանի հարյուր հայ ընտանիք։ Եվ սակայն տեր-Անդրեասի խոստովանությունը ոչնչացնում էր նրանց հույսը։

Զարմացողների թվին պատկանում էին նաև տեր-Անդրեասի հակառակորդները և նրանց հետ միասին ինքն առաջնորդը, որ մինչ այդ այնքան աննպաստ կարծիք ուներ երիտասարդ երեցի մասին, որին և այդ պատճառով վշտացրել էր հանիրավի։

Չզարմացան միայն հայ ծնողները և երեցին կուսակից քահանաները, որոնք քաջապես ճանաչում էին նրան և գիտեին թե՝ որպիսի գեղեցիկ համարձակության տեր և ինչ անօրինակ անձնվիրության ընդունակ պաշտոնյա է նա։ Երբ վերջինս հանցանքն առավ յուր վրա, ամենքի համար պարզվեցավ այն միտքը թե՝ հայրենասեր երեցը յուր անձը զոհ է բերում ժողովրդին, ավելի լավ համարելով որ ինքը զոհվի միայնակ, քան շատերը միասին։ Այդ պատճառով նրա վրա բարեկամներն սկսան նայիլ սրտահույզ արգահատությամբ, իսկ հակառակորդները՝ ամոթով և խղճահարությամբ։

Ուրեմն դո՞ւ ես գերծել տղաների գլուխները, հարցրեց շահը առժամանակյա լռությունից հետ։

Այո, տեր, պատասխանեց քահանան։

Իսկ գո՞նջը ով առաջացրեց։

Այն էլ ես արի, իմ պատրաստած դեղով։

Նպատակդ ի՞նչ էր, բացատրիր տեսնեմ, հարցրեց շահը առանց բարկանալու, որովհետև քահանայի խոստովանությունը իջեցրել էր արդեն նրա զայրույթը։

Որպեսզի իմ նպատակը բացատրեմ։ շահը պիտի հաճի լսել ինձ համբերությամբ։

Խոսիր, ես կլսեմ, քեզ, ասաց վերջինս մեղմով և միևնույն ժամանակ հետաքրքրվելով թե՝ ի՞նչ պիտի ասե քահանան։

Մեր օրենքը, տեր արքա, հրամայում է մեզ՝ աստծունը տալ աստծուն և թագավորինը՝ թագավորին...։

Այդ լավ օրենք է, ընդհատեց շահը։

Այդ միևնույն օրենքը, շարունակեց երեցը, ամբարիշտ է համարում նրան, ով արգիլում է մեզ առ աստված ունեցած մեր պարտքը կատարել։ Եվ այդ իսկ պատճառով հրամայում է մեզ դիմադրել ամբարիշտների ձգտումներին՝ թագավորնե՞ր լինին նրանք թե հասարակ մարդիկ։

Ճանաչո՞ւմ ես արդյոք այդպիսի մի մարդու, որ արգիլում է ձեզ տալ աստծունը աստծուն, հարցրեց շահը անհամբերությամբ։

Այո, տեր։

Արտասանիր անունը, ես գլխատել կտամ նրան։

Նա կոչվում է Իրանի մեծ գահակալ, Խուդավենդի որդի՝ հզոր Շահաբաս։

Դահճապետ, խլիր այդ թշվառականի լեզուն, գոչեց թագավորը այնպիսի մի ձայնով, որից սրահը դողաց։

Սուսերամերկ դահիճը մոտ վազեց իսկույն. սարսափը պատեց բոլորին, բայց երեցն անվրդով էր։

Դու չե՞ս զարհուրում, հանդուգն արարած, գոչեց թագավորը զայրագին։

Երկու անհաղթելի ուժեր կան աշխարհում տեր. մինը պատկանում է նրան՝ որ որոշել է մեռնել. մյուսը նրան՝ որ խոսում է ճշմարտությունը։ Այդ երկուսն էլ այժմ գտնվում են իմ մեջ...

Իսկ երրորդը մոռացար, նա գտնվում է ահա դահճապետի ձեռքում, որ պիտի լռեցնե քեզ, ընդհատեց թագավորը։

Ոչ, տեր իմ, երրորդ անհաղթելի ուժը գտնվում է այն թագավորի սրտում, որ իրեն անհաճո եղող ճշմարտությունը կարողանում է համբերությամբ լսել, հարեց երեցը մեղմորեն։

Այս մարդը, խան, կարի հանդուգն է, բայց զուրկ խելքից. լսենք նրան մինչ վերջը, դարձավ շահը Ամիրգյունեին։

Մեծափառ շահի ցանկությունը վեր է մեր բոլորի իմաստությունից պատասխանեց խանը։

Ես քեզ սպանել կտայի իսկույն, եթե այդ ինձ համար մի խոսքից ավելի արժենար, դարձավ շահը երեցին, ապրիր ուրեմն և ասելիքդ շարունակիր։ Ես արդեն խոստացել եմ և կլսեմ քեզ համբերությամբ։

Շահաբասի մեջ այդ վայրկյանին խոսում էր ոչ թե արքայական մեծանձնությունը, այլ մի կասկածոտ հետաքրքրություն։ Նրան թվում էր թե՝ ժողովուրդն ունի որոշ գաղտնիքներ կամ դիտավորություններ, որոնք կապ ունին, անշուշտ, մեծ հանցանքների կամ, գուցե, դավադրությանց հետ, որոց մասին սակայն, ինքը տեղեկություն չունի։ Այդ պատճառով նա հանցավորին չէր զրկում կյանքից, որպեսզի ինքն ևս զուրկ չմնա երևակայած գաղտնիքների ծանոթությունից։

Այն գահակալը, որ հաճախ ծպտյալ մտնում էր հպատակների տունը, ընկերանում էր անցորդներին կամ ուղեկցում գյուղացվոց՝ որպեսզի նրանց հետ խոսակցելով՝ կարողանա հասու լինել իրենից ծածկվող ճշմարտությանց, և կամ ստուգե թե՝ ժողովուրդն ի՞նչ չափով սեր կամ ատելություն է տածում դեպի իրեն, բնական է որ այժմ ձեռքից չթողներ տեր Անդրեասին, հուսալով թե՝ նրա խոստովանությունը գաղտնիքների մեծ աշխարհ պիտի բանա յուր առաջ։

Եվ երիտասարդ երեցը անվրդով սկսավ յուր խոսքը շարունակել.

Ասացի որ մեր օրենքը ուսուցանում է մեզ՝ դիմադրել նրանց, որոնք արգիլում են մեզ՝ դեպի աստված ունեցած մեր պարտքը կատարել...

Եվ թե՝ ես ինքս եմ, որ այդպիսի արգելք եմ դնում ձեր առաջ, ընդհատեց շահը։

Այո, տեր։

Թվիր, ուրեմն, այդ արգելքները։

Այն մանկաժողովը, տեր, որ քո հրամանով պիտի կատարվի այս քաղաքում, մինն է այդ արգելքներից: Մանկաժողո՞վը։ Մի՞թե նա արգիլում է ձեզ՝ առ աստված ունեցած ձեր պարտքը կատարել:

Նա արգելում է շատ ծնողների՝ հայրենի հավատով մեծացնել իրենց որդիներին։ Իսկ ամեն մի այդպիսի արգելքին մենք դիմադրում ենք, որովհետև...

Ոճիր եք գործում, թշվառականներ, ընդհատեց թագավորը. մի՞թե չգիտեք որ երկրի ամենալավ ծաղիկները նախ թագավորի արքունիքը պիտի զարդարեն։

Այո, այն ծաղիկները, որոնց թուփերը չեն արտասվում՝ երբ զրկում ես նրանց իրենց զարդերից։ Բայց այն ծաղիկները, որոնց «մանկաժողովն» է փնջում, լաց ու կոծով լցնում են այն պարտեզները, որոնց մեջ նրանք ծնվել ու սնունդ են առել։

Ո՞ր ծնողն է դժգոհ մնում այն բանից, որ յուր որդին աննշան անկյունից ելնելով՝ ապրում է արքունիքում և ամեն օր արքայի երեսը տեսնելու և խոսքը լսելու բախտին արժանանում։

Ընդհանրապես բոլոր հայ ծնողները։

Թագավորը մի անհանգիստ շարժում արավ և դեմքը խոժոռեց։ Բայց նորեն զսպելով իրեն՝ հարցրեց.

Ի՞նչ է պատճառը։

Այն, որ նրանց որդիքը քո արքունիքը մտնելուց հետ՝ դադարում են այլևս քրիստոնյա լինելուց. կորչում են հոգվով և մարմնով։ Իսկ հայ ծնողի համար՝ ավելի լավ է հայ թաղել յուր որդուն, քան տեսնել նրան կյանքի մեջ փառավորյալ և սակայն՝ մահմեդական։

Ով տեր, հրամայիր ինձ ելնել այս ատենից, զի ականջներս չեն հանդուրժում լսել այսօրինակ հայհոյանքներ մի պիղծ քրիստոնեի բերանից, բացականչեց պարսիկ կրոնապետը՝ տեղից վեր թռչելով։

Նրանք, որոնք չեն կամենում համբերություն սովորել իրենց թագավորից, պիտի գնան ախոռը՝ չորքոտանիներից այդ բանը սովորելու, գոռաց շահը՝ միջամտող կրոնապետի վրա և վերջինս այլագունելով՝ յուր տեղը կծկվեցավ: Ապա շահը դառնալով քահանային, նույն ցասկոտ ձայնով հրամայեց. Շարունակիր, քեշիշ, ես կամենում եմ տեսնել թե՝ հայը ո՞ր աստիճան կարող էր լրբանալ՝ եթե նրա գլխէց զսպող սանձը հանվի։

Ես կշարունակեմ, տեր, հզոր շահնշահին ցույց տալու համար թե՝ արժանավորը ո՛ր աստիճան աներկյուղ կարող է ճշմարտությունը խոսել, երբ հարկը պահանջե, պատասխանեց քահանան և ապա հարեց. որովհետև, տեր իմ, ես արդեն գիտեի թե կատարվելիք «մանկաժողովը» մեծ վիշտ պիտի պատճառե իմ ազգակիցներին, ուստի մտածեցի՝ կարյացս լափով մեղմել հարվածի ծանրությունը, այսինքն՝ ազատել այդ պատուհասից գեթ իմ աշակերտներին, որոց վրա ես մեծ աշխատանք ունեի, որոց հետ միասին տարիներ էի անցուցել՝ ուսուցանելով նրանց ճշմարտության և առաքինության ճանապարհները... Բայց ի՞նչ կարող էի անել այդ դեպքում։ Արքայի հրամանին անսաստել անհնար էր. մնում էր ուրեմն խորամանկել։ Այդ, արդարև, մի հանցանքն էր. քրիստոնեական օրենքը արգիլում է մեզ դմանօրինակ գործ։ Բայց որովհետև այդ օրենքից առաջ նախախնամությունը դրել է մեր սրտում և մի ուրիշ մեծ օրենք, որ կոչվում է եղբայրասիրություն, ուստի ես հնազանդվեցի այդ անդրանիկ օրենքին, ես խորամանկեցի, այո, բայց խորամանկեցի նրա համար, որովհետև հայտնապես դիմադրել չէի կարող։ Եվ գիտցիր, ով արքա, որ չկա աշխարհում ավելի մեծ պատուհաս' քան հնազանդիլը բռնավորին, որ ստիպում է մարդկանց ստել, կեղծել, և խորամանկել բռնության զրկանքներից ազատվելու համար... Խոստովանում եմ հանցանքս. ես ինքս զերծեցի աշակերտների գլուխները. վարակեցի նրանց արհեստական գոնջով՝ միայն ևեթ լինելիք «մանկաժողով»-ից նրանց ազատելու համար: Եվ մի՞թե հանցավոր էի, կամ հանցավո՞ր կլինեին նրանք, որոնք կհետևեին իմ օրինակին։ Երբ որսորդի բարակը հալածում է էրեին, սա փախչում, թաքնվում է անտառի խորքերում, կամ թռչում է ահավոր անդունդների վրայից՝ այրերն ու խորշերը ապավեն առնելու իրեն... մի՞թե հանցավոր է թշվառ կենդանին, որ խույս է տալիս բռնության երեսից, որ ճգնում է յուր կյանքն ու ազատությունն ապահովել...։

Հանցավոր է, քեշիշ, որովհետև նա ծնվել է մարդ արարածին կերակուր լինելու համար, ընդհատեց շահը զայրագին։

Հանցավոր է, որովհետև թույլ է և տկար...։

Կամ այդպես ընդունիր. իսկ թույլերը միշտ կուր պիտի լինին զորեղին. այդպես է սահմանել ինքը նախախնամությունը: Մի՞թե չգիտես որ առյուծը պատառում է գիշախանձ բորենուն, իսկ վերջինս ցրվում է գայլերի վոհմակները: Եթե ոչխարն էլ ժանիք ունենար, անշուշտ յուր հերթում կհալածեր եղջերուին. բայց այդպիսի զենքից զուրկ լինելուն համար՝ ինքն է գայլերին կերակուր դաոնում:

Եվ հենց այդ պատճառով մենք խոնարհում ենք նախախնամության սուրբ կամքի առաջ:

Բայց ուր է այդ խոնարհությունը, հարցրեց շահը զայրագին:

Այդ դու տեսնում ես ակներև։ Մենք ծառայում ենք քեզ հավատարմությամբ և նույնը ուսուցանում մեր որդվոց, մենք կատարում ենք դեպի քո մեծ իշխանությունն ունեցած մեր օրինական պարտավորությունները. զոհում ենք քո գահին մեր մարմնական ու ստացական բարիքները և այդ բոլորի փոխարեն՝ ձգտում ենք միայն պահպանել մի բան մեր հոգեկան բարիքը, այն է՝ հայրենի կրոնը պաշտելու, հայրենի լեզվով աղոթելու մեր միակ իրավունքը...

Ո՞վ է արգիլում ձեզ այդ, աղոթեցեք, որքան կարող եք:

Մենք աղոթում ենք. մեզ ոչ ոք չէ արգիլում, բայց զրկանքը հասնում է մանուկներին. «մանկաժողովի» ցանցում բռնվողները զրկվում են հայրենական լեզվից և հավատից:

Ծնողներին չե՞ն արգիլում, գոհ եղեք դրանով, ի՞նչ եք մանուկների մասին մտածում:

Օ, տեր իմ, երանի թե միայն ծնողներին արգիլեիք... ի՞նչ հոգ երբ կացինը տապալում է այգու չորացող ծառերը: Բայց այգին, ավաղ, ավերակ է դառնում, երբ նրա միջից հանում են ծաղկածին ծառերը, մատղաշ տունկերը... և այդ դեպքում մի՛ զայրանար երբ խեղճ այգեպանը կռվում է ավերող ձեռքի կամ ուժի դեմ...։

Ես ուրեմն ավերող ձեռքն եմ, իսկ դու այգեպա՞նր, որ կռվում ես իմ դեմ... թշվառական, մի՞թե մուկերն էլ պիտի երազեն թե՝ կարող են կռվել առյուծի դեմ...։ Երբ Շահաբասը ցանկանում է որ ձեր որդիքը հայ չմնան, մի՞թե դուք կարող եք դիմադրել այդ ցանկության: Ինչո՞ւ գոհ չեք լինում որ չեմ փակում ձեր եկեղեցիները և չեմ մահմեդականացնում ձեզ ամենքիդ. կա՞ միթե աշխարհում մի ուժ, որ համարձակվի իմ արքայական հրամանին դիմադրել...

Այս խոսքերն արտասանվեցին այնպիսի մի եղանակով, որ ներկա եղող քրիստոնյաները սարսափեցան: Նրանց թվում էր թե՝ ահա, ուր որ է, թագավորը կհրամայե եկեղեցիները փակել և իրենց ամենքին բռնի մահմեդականացնել... Չէ՞ որ իրանի գահակալները կատարել էին նմանօրինակ բռնություններ, իսկ Շահաբասը ահավորտգույնն էր նրանց մեջ։

Բայց թագավորի զայրույթը երիտասարդ քահանայի դեմ էր։ Մի վայրկյան լռելուց և յուր բարկացայտ հայացքը ատենի վրա շրջելուց հետ՝ նա նորեն դարձավ երեցին.

Դու պիտի գիտենաս, ով սինլքոր, որ չնչին մի որդ յուր նմանների ազատարարը լինել չի կարող։Նա միայն չարիք կբերե յուր գլխին՝ եթե համարձակվի որդն լինելուց զատ մի ուրիշ բան լինել... Դու ցանկանում էիր քրիստոնյա պահել քո աշակերտներին. իսկ ես այժմ հրամայում եմ որ ինքդ թողնես քրիստոնեությունը և դավանես այն հավատը, որը քո թագավորը և հզոր իրանի գահակալն է դավանում։ Քո ամենափոքր ընդդիմությունը կարող է կենազուրկ անել քեզ։

Տեր-Անդրեասը չպատասխանեց և միայն արհամարհական մի ժպիտ խաղացրեց շրթունքների վրա։

Այդ բանի համար քեզ տալիս եմ միայն մի օր ժամանակ հարեց թագավորը։

Իմ պատասխանը, տեր արքա, կարող ես լսել այս վայրկյանին։

Ասա՛։

Ես կարող եմ մեռնել, բայց քո հավատը դավանել՝ երբեք:

Քեզ հրամայում է Շահաբասը, գոռաց թագավորը։

Եթե ինձ հրամայեին տասը Շահաբասներ միասին՝ դարձյալ չէի սասանիլ իմ հավատից, պատասխանեց երեցը համարձակորեն: Դու հանդգնում ես մինչն այդտե՞ղ … գոռաց շահը. դահճապե՛տ, քաշիր այս թշվառականին դեպի մահապարտների բանտը, շղթայիր ոտները ամենածանր շղթաներով, պրկիր ձեռները գելարանի մեջ, իսկ պարանոցը անցցրու ծանր օղակներ, որոնք շարունակ դեպի գետին խոնարհեն սրա հիմար և հպարտ գլուխը։ Թող նա տանջվի այդտեղ ամենածանր տանջանքներով և ապա պատրաստվի անարգադույն մահվան համար։

Այս ասելով՝ շահը բարձրացավ տեղից զայրագին և հետևորդների հետ միասին հեռացավ դեպի յուր հանգստարանը։ Իսկ դահճապետը մոտենալով՝ բռնեց տեր Անդրեասի թեվից և կոպտաբար քաշելով՝ դուրս հանեց նրան դահլիճից։

"Անդրեաս Երեց" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Անուրջներ
Առնո Բաբաջանյան

Անուրջներ

Տանձ, դեղձ և կուժ
Տանձ, դեղձ և կուժ
Խաղա առցանց