Լևոն Շանթ

Հին Աստվածներ

Երրորդ արար

Առաջին տեսարան

Վանահոր խուցը

Ճակատը քառակուսի ցած լուսամուտ մը` հասարակ տախտակե փեղկով: Լուսամուտին մեկ կողմը քանի մը շարք դարակ` լիքը ամեն մեծության ու ձևի ձեռագիրներով ու մագաղաթներով: Գրադարանին ու լուսամուտին առջևը փայտե սեղան մը` վրան նորեն գրքեր ու այլ մանր իրեր: Դուռը կողմնակի, գրասեղանին դեմը:

Ա

Բաց լուսամուտեն արևի առատ պայծառ ոսկի շերտ մը ինկած է սենյակի հատակին ու սեղանին: Սեղանին առջևը լույսի այդ ողողումին տակ նստած է Վանահայրը` երկու արմունկը սեղանին ու գլուխը թաղած ափերուն մեջ:

Քիչ մը ատեն լուռ է: Կամաց կբացվի դուռը ու կմտնե Վարպետը` աշխատավորի փոշոտ ու աղտոտ հագուստներով: Քայլ մը կընե դեպի սեղանը ու կկենա:

ՎԱՐՊԵՏԸ – Ինծի կանչեր էիր, վանահայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Անշարժ է):

ՎԱՐՊԵՏԸ - Հայր սուրբ, կանչեր էիր ինծի:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Ծանր կբարձրացնե գլուխը ու կնայի դիմացինին) Հա: (Քիչ մը լուռ): Դե, ըսե նայիմ, հիմա ի՞նչ պիտի ընենք:

ՎԱՐՊԵՏԸ – Ի՞նչը, հայր սուրբ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մենք հիմա ի՞նչ պիտի ընենք այդ շենքը:

ՎԱՐՊԵՏԸ - Եկեղեցի՞ն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Գլուխը կշարժե դրական):

ՎԱՐՊԵՏԸ - Այսինքն ինչպե՞ս: Արդեն գիտես, հայր սուրբ, որ մինչև Աստվածածնի տոնը ավարտված կըլլա գմբեթը, մնացածը երկրորդական բաներ են:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Մտածկոտ) Մինչև… Աստվածածին:

ՎԱՐՊԵՏԸ – Ի՞նչն է, որ քեզ հոգ կպատճառե, վանահայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ուրեմն… մինև Աստվածածին կըլլա ավարտած: Հըմ, այդպես հաստատ գիտե՞ս:

ՎԱՐՊԵՏԸ - Ես իմ խոսքիս տերն եմ հայր սուրբ;

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Տաք ու կտրուկ) Ես ալ, ես ալ իմ խոսքիս տերն եմ վարպետ

ՎԱՐՊԵՏԸ – Ուրեմն…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Քանի՞տարի է, որ դուն վարպետ ես:

ՎԱՐՊԵՏԸ – Ե՞ս, ինչ գիտնամ, քսան մը կըլլա:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ուրեմն քսան տարի է, որ կշինես ու կշինես, իսկ երբեք պատահե՞ր է, որ շինելեդ ետքը քանդես:

ՎԱՐՊԵՏԸ – Քանդե՞մ, իմ շինա՞ծս, ինչո՞ւ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ այդպես զարմացար: Չէ՞ որ շինելն է դժվարը, քանդելը դյուրին է միշտ:

ՎԱՐՊԵՏԸ - Այո, ուրիշի շինածը: Իր շինածը քանդելը շատ դժվար է, հայրս սուրբ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հայացքը լուսամուտեն դուրս նետած ու երազկոտ) Դժվար է, դժվար, իհարկե, երբ մանավանդ կապված է անցյալիդ, երիտասարդ օրերուդ, չէ՞, վարպետ: Դժվար է, իհարկե, (Լուռ ու ակնապիշ կմնա քիչ մը` աչքերը լուսամուտեն դուրս, և հանկարծ գլուխը շրջելով` խիստ ու կտրուկ) Փակե սա փեղկը:

ՎԱՐՊԵՏԸ – Փակե՞մ, լուսամո՞ւտը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, այո լուսամուտը:

ՎԱՐՊԵՏԸ - Բայց ինչ ախորժելի արև է, ինչպես ուրախ ու տաք:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ու փակես պիտի ճիշտ ատոր համար:

ՎԱՐՊԵՏԸ - Բայց…

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Արևը… Մեզի անպատճառ պետք է արև, ուրախ ու տաք արև: Մենք դեռ արևապաշտներ ենք, արև… Չենք կրնար ապրիլ առանց ախորժելի արևի, առանց ուրախ ու տաք արևի: Գոնե լուսամուտ մը, գոնե ճեղք մը, գոնե գողունի ներս սպրդած ճառագայթ մը…(Հանկարծ բռունցքը զարնելով սեղանին) Ոչ: Գոցե, կըսեմ քեզի, ի՞նչ ես քարացեր:

ՎԱՐՊԵՏԸ – (Վարանքով կերթա կգոցե փեղկը):

Սենյակը գրեթե մութ է:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այդպես: Պետք է խցվի այդ անցքը, ուրկե արևը կնայի ներս, ուրկե ցամաքը կնայի ներս, ուրկե աշխարհքը կնայի ներս:

ՎԱՐՊԵՏԸ - Բայց բնակարանդ դարձավ խավար ու մռայլ, ինչպես դամբարան:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսե` ինչպես եկեղեցի:

ՎԱՐՊԵՏԸ - (Ուսերը կցնցե):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ինչո՞ւ կվախնաս խավարեն: Խավարը խավար է կարճատես աչքերուն:

Բոլոր մեծ հղացումները խավարի ծոցեն են գոյացել, բոլոր մեծ խորությունները միայն խավարի մեջ կարելի է տեսնել: Եվ այդ ձեր պաշտած լույսը միթե ծնունդը չէ՞ խավարի, ծնունդ մը ու մահկանացու մը; Խավարն է միայն, որ կա ու կմնա անմահ ու հավիտյան: (Ելած է ոտքի, կխոսի մտածելով):

Բ

Վանահայրը լռած է ու մտասույզ, լուռ է նաև Վարպետը, կմտնե Աբեղան ու կկենա դռան քովը լուռ ու խոնարհ:

ՎԱՐՊԵՏԸ – Վանահայրը նոր հրաման ունի՞ ինծի տալու:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այո, միայն ոչ այս վայրկյանիս, նախ ուրիշ հաշիվ ունիմ մաքրելու: Գնա այժմ: Շնորհակալ եմ քեզմե, Տերը քեզի հետ: (Դառնալով Աբեղային): Դո/ւն ինչու ես եկեր, Աբեղա:

Գ

ԱԲԵՂԱՆ – (Նախ կսպասե մինչև Վարպետի հեռանալը, վերջը գլուխը ավելի խոնարհելով) Քեզի խոսելիք ունիմ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ամեն մարդ ինքը պիտի բանա իր ճամփեն, Աբեղա:

ԱԲԵՂԱՆ – Գիտեմ, գիտեմ, որ ալ փակ է ինծի համար քու հոգիիդ ճամփան: Կհասկնամ, որ ասկե ետքը ես քեզի համար անարգ ու անարժան արարած մըն եմ, իսկ դուն ալ ինծի համար… (Կլռե):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսե, մի քաշվիր:

ԱԲԵՂԱՆ – Կըսեի, եթե գիտնայի: Ինքս ալ չգիտեմ, կզգամ միայն, որ մենք իրարու անհաշտ թշնամի ենք:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Թշնամի՞… Եվ հիմա ատիկա ըսելու համար է, որ եկել ես ինծի:

ԱԲԵՂԱՆ – Ոչ: Ես եկել եմ ուրիշ բան մը հայտնելու:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Խոսե:

ԱԲԵՂԱՆ – Դուն ըսեր ես, որ հոս, այս կղզին երբեմն ուրիշ աստվածներ են ապրեր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Իր ցնցումը զսպելով) Ե՞տքը:

ԱԲԵՂԱՆ – Ըսեր ես` շատ-շատ տարիներ մեզմե առաջ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ե՞տքը:

ԱԲԵՂԱՆ – Ըսեր ես` հիմա մեռած են բոլորը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):

ԱԲԵՂԱՆ – Մեռած, վաղուց մեռած:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Լուռ է):

ԱԲԵՂԱՆ – Ահա եկեր եմ քեզի ըսելու, որ սխալ ես, այդ աստվածները մեռած չեն:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – (Ահաբեկ ու ապշած): Իսկ դո՞ւն… իսկ դո՞ւն ատիկա ուրկե գիտես:

ԱԲԵՂԱՆ – (Ցածր ու խորհրդավոր) Ես… ես տեսա:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Տեսա՞ր, դո՞ւն, իմ մե՞ջս, ինչպե՞ս տեսար:

ԱԲԵՂԱՆ – Քու մե՞ջդ, ինչպես թե` քու մեջդ; Ոչ, ես տեսա հոն… դուրսը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ո՞ւր:

ԱԲԵՂԱՆ – Հոն, հին ճգնարաններուն շուրջը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ի՞նչ տեսար հոն, ճգնարաններուն շուրջը:

ԱԲԵՂԱՆ – Տեսա այն մյուս… հին աստվածներուն արարածները:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Արարա՞ծ…

ԱԲԵՂԱՆ – Կսխալիս, վանահայր: Քեզի կըսեմ` հին աստվածները կապրին, ու հին աստվածներուն հետն ալ իրենց հին կյանքը: Երբ մենք հոս, մեր մութ ու նեղ եկեղեցիներուն մեջ գետնատարած կապաշխարհենք, անոնք հոն կապրին ազատ, կապրին տաք ու պայծառ արևին տակ, կապույտ ծովուն վրա, ծփուն օդերուն մեջ, ավազուտ ափին, կապրին իրենց զվարթ ու եռուն կյանքը, լի շարժուն ու հարափոփոխ: Մենք կաղոթենք, անոնք կապրին: Այս ծովը, այս սարերը, այս կղզին, անոնցն է այս բոլորը, մերն է միայն այս խուցերն ու եկեղեցին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ոչ: Մերը չէ նաև ոչ այս խուցերը իրենց կեղծավոր լուսամուտներով, ոչ ալ եկեղեցին: Անոնցն է, բոլորն ալ անոնցն է:

ԱԲԵՂԱՆ – (Նախ ապշած, ետքը վախով) Հայր, ասիկա ըսողը դո՞ւն ես:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մեր Աստվածը հոս ոչինչ չունի, ոչինչ:

ԱԲԵՂԱՆ – Հայր…

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Անոնցն է այս բոլորը: (Մոտենալով Աբեղային ու ցած): Ու քանդվի պիտի այս բոլորը, Աբեղա: Մինչև Աստվածածին հոս քար մը քարի վրա չի պիտի մնա ոչ այս խուցերեն, ոչ եկեղեցիեն:

ԱԲԵՂԱՆ – Հայր, կծաղրե՞ս ինծի: Գեշ կատակ է ըրածդ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ծաղր մըն է եղեր իմ ըսածներս մինչև այսօր ու գեշ կատակ մըն է եղեր ըսածներս մինչև հիմա: Բայց ասիքե ետքը ալ լուրջ է: Փոխվի պիտի այս կղզիին վրա ամեն բան: Ոչինչ, ոչինչ չի պիտի մնա հոս, ոչ արդի շենքերեն, ոչ արդի ոգիներեն:

ԱԲԵՂԱՆ – Իսկ հին աստվածնե՞րը, հայր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Պնդե գոտիդ, որդիս, կանչե կամքդ ու դուրս վանե մեջեդ բոլոր այդ հին աստվածները: Քանդե, քանդե, եթե պետք ըլլա, քանդե ամբողջ հոգիդ; Քու հոգիդ ազնիվ է, արժե այդ աշխատանքը: (Դուրս):

ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Մեհյանի մը գավիթը

Երկու կողմը երկու շարք բարձր ու հաղթ սյուներ: Ճակատը մեջտեղը լայն ու մեծ կամար մը, որ ծածկված է վարագույրով: Կամարին երկու կողմերը նույնպես սյուներ են, որոնց ետևը քիչ մը տարածություն ու քարե պատ: Կամարի մութ վարդագույն վարագույրին վրա ոսկենկար ճաճանչավոր արև մը:

Վարագույրին առջևը տեսարանին խորքը դրված է քարե փոքրիկ բագին մը, որ կմխա: Բագնի աջ ու ձախ կողմեն երկար քարե սեղաններ քիչ մը ծուռ դիրքով ու քարե նստարաններ, սեղանները մեջտեղի բագնին հետ միասին պայտի ձևը կկազմեն:

Սյուներուն առջևը բարձր աշտարակներ ու առկախ ջահեր: Բագինը, սյուները և աշտարակներուն մեջքը բոլորն ալ գալարված է ծաղիկներու ու կանաչի շղթայով:

Ա

Վառ է միայն երկու ջահ բագնին երկու կողմեն, խորքը, այնպես որ ահագին բարձր շենքը դողդոջուն կես-մութի մը մեջ է:

ՍԵԴԱ – (Ձախ կողմի առջևի սյուներուն ետևեն ետ-ետ ներս կմտնե, միշտ նույն հագուստով, թեքված քիչ մը դեպի առաջ ու երկու ձեռքովը սրտանց կանչելով) Եկուր, եկուր…

ԱԲԵՂԱՆ – (Երևնալով) Սեդա, Սեդա…

ՍԵԴԱ – Եկուր:

ԱԲԵՂԱՆ – Տուր ինծի իմ հանգիստս, տուր ինծի իմ աղոթքներս, տուր իմ վստահությունս ըրածիս, կյանքիս, ուժիս: Ամեն, ամեն ինչ կփլի շուրջս:

ՍԵԴԱ – (Միշտ ետ-ետ դեպի աջ երթալով) Եկուր, եկուր…

ԱԲԵՂԱՆ – Ալ չկա ինծի հանգիստ ոչ խուցիս մենության մեջ, ոչ դուրսը, ոչ ալ եկեղեցիին կամարներուն տակը: Սաղմոսներուն մեջեն քու ձայնդ կլսեմ, մութ կամարներուն տակեն քու աչքերդ ինծի կժպտին, խունկի հոտին մեջեն քու թաց մազերուդ բույրը կզգամ… Ինչո՞ւ, ինչո՞ւ կտանջես ինծի:

ՍԵԴԱ – Եկուր, եկուր…

ԱԲԵՂԱՆ – Ետ տուր ինծի իմ հպարտությունս, իմ մեծամիտ խորհրդածություններս, ետ տուր ինծի իմ հավատքս, իմ Աստվածս, տուր, ետ տուր ինծի իմ Աստվածս…

ՍԵԴԱ – Եկուր, եկուր… (Ու կքաշվի, կաներևույթանա աջ կողմի սյուներուն ետին):

Բ

ԱԲԵՂԱՆ – Գնաց նորեն: Նորեն մենակ…(Շենքի մեջտեղն է, կկենա, գլուխը կբարձրացնե, կնայի չորս դին ու զարմանքով) Աս ուր եմ ես: Աս ո՞ւր բերավ ինծի: Դուրսեն կլսվի հեռավոր աղմուկ ու ձայներ: Շտապ ներս կմտնե ծերունի պաշտոնյա մը` ձեռքին լույս ու արագ կվառե ջահերն ու մոմերը:

ԱԲԵՂԱՆ – (Հանկարծ մոտենալով) Ծերունի, ի՞նչ շենք է աս, ո՞ւր եմ ես:

ԾԵՐՈՒՆԻՆ – Վայ, վախցա, արևը վկա: Ո՞վ ես դուն:

ԱԲԵՂԱՆ – Եկեղեցի՞ է, ի՞նչ բան է սա:

ԾԵՐՈՒՆԻՆ – Եկեղեցի՞, ինչ հիմար լեզու կխոսիս: Ջարդվածներու ու խաչվածներու տեղ չէ հոս, հանգիստ եղիր:

Դուրսի աղմուկը հետզհետե կմոտենա:

ԱԲԵՂԱՆ – Ինչ ուրախ է հոս, ինչ տոնական:

ԾԵՐՈՒՆԻՆ – Անշուշտ, կյանքը ուրախության համար է տված մեզի:


ԱԲԵՂԱՆ – Եվ ատիկա ըսողը ալևոր ծերունի մըն է:

ԾԵՐՈՒՆԻՆ – Այո ծերանալը ծանր բան է, բայց հոգիս առույգ է դեռ ու սիրտս երիտասարդ, դեռ կրնամ վայելել կյանքը և վայելեմ պիտի, արևս վկա, քանի շունչ կա շրթունքիս: Իհարկե, ըլլալ քեզի նման երիտասարդ, ա, մեծ բախտ է: Ափսոս որ ետ չեն դառնար այդ խենթ ու անզուսպ օրերը: Ըհը, եկան (Կերթա դեպի աղմուկը):

ԱԲԵՂԱՆ – (Կքաշվի ետ-ետ ու կծածկվի սյուներու ստվերին ետևը):

Գ

Ձախ կողմի խորքի սյուներուն մեջեն ներս կմտնեն Իշխանը իր զենընկերներուն հետ` երեսուն հոգիի չափ, այդչափ մըն ալ մեհենական աղջիկներ, այլև խումբ մը զինակիր պատանիներ` ջահեր բռնած: Շենքը կողողվի լույսով: Այրերը սաղավարտ ունին, վահան, մեջքներուն սուր: Կանայք հագված են թեթև ու սպիտակ, մազերուն մեջ իբրև զարդ խրած ունին աստղ մը:

Ամենեն առաջ ներս կմտնեն քանի մը ջահակիր ու խումբ մը աղջիկներ, ուրախ ու ոգևորված: Ետքը Իշխանը` շրջապատված իր մեծերեն: Անոնց ետևեն ալ` զինվորականներն ու աղջիկները խառն, ուրախության բացականչություններով, ջահակիրներ քովերեն ու ետևեն:

ԱՂՋԻԿՆԵՐՈՒ ԱՌԱՋԻՆ ԽՈՒՄԲԸ – (Սյուներեն ներս ոտք դնելուն պես) Կեցցեն հաղթողները… Կեցցեն քաջերը…

ԲՈԼՈՐԸ - Կեցցեն, կեցցեն հաղթողները: Իշխանը կերթա կանգ կառնե բագնին առջևը, բոլորը կխռնին անոր ետևը: Աջ կողմի խորքի սյուներուն մեջեն դուրս կուգա քուրմ մը` ճերմակներ հագած, ուրիշ երկու քուրմ աջեն ու ձախեն:

ՔՈՒՐՄԸ – (Գալով իշխանին ընդառաջ) Բարի գալուստ իշխանին: Բարի գալուստ մարտնչողներու:

ԻՇԽԱՆԸ – Եկեր ենք մեր զենքերը դնելու Քաջն Վահագնի բագնին ոտքը ու իր սուրբ ծագումը երկրպագելու:

ՔՈՒՐՄԸ - Իր սուրբ ծագումը ձեզի զորավիգ, ձեր թևերը միշտ ամուր, ձեր սուրերը միշտ հատու, ձեր վահանը անխորտակ: Լույս ու արև Վահագնի օրհնությունը ձեզ հետ, դուք, որ հաղթողներն եք կյանքի կռվին մեջ, ձերն ըլլա միշտ հաջողությունն ու հաղթանակը:

ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Հաջողությունը մեզի հետ, հաջողությունն ու հաղթանակը:

ՔՈՒՐՄԸ - Դեռ բավական ժամանակ կա մինչև մեր լույս Տիրոջ ծնունդը, իշխան: Նստեցեք ու հանգստացեք: Նստեցեք Մեծն Վահագնի ու մեծն Աստղկան սեղանը: Նստեցեք ու վայելեցեք, դուք, որ կռվողներն եք կյանքի մեծ կռվին մեջ, կռվողներն ու հաղթողները, ձերն է հաղթությունը, ձերն է վայելքը:

ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Մերն է հաղթությունը, մերն է վայելքը:

ՔՈՒՐՄԸ - Բացեք, աղջիկներ, Տիրոջ սեղանը, բացեք Վահագնի ու Աստղկան սեղանը: Բերեք գինի անապական և ուրախություն, բերեք ձեր գեղեցկությունն ու ձեր նազանքը, բերեք, մինչև արժանանաք երկրպագելու լուսածին Վահագնի ու մեծն Աստղկան սեղանը: Վահագնին ու փրփրածին Աստղկան բացեք, աղջիկներ վայելքի սեղանը: (Իր երկու ընկերներուն հետ կելլե դուրս):

Դ

Իշխանն ու իր զենընկերները կհանին սաղավարտնին ու վահանները, կուտան զենընկերներուն, որոնք կառնեն ու սյուներուն մեջեն կտանին դուրս:

Աղջիկներուն մեկ մյուսը կվազե ձախ սյուներեն դուրս, կբերեն ծաղիկներ, արագ շաղ կուտան քարե սեղանին, կբերեն սեղանի բազմաճյուղ աշտանակներ և գինով լեցուն արծաթե ավազաններ, կբերեն ոսկի ու արծաթ թասեր, բաժակներ և եղջյուրե գալարուն ըմպանակներ:

Այդ պատրաստության միջոցին է, որ կխոսվի.

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – (Առաջ գալով) Բայց կռիվ էր, տաք կռիվ:

ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – Թող անպակաս ըլլա կյանքեն սուրբ կռիվը:

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Սարսափելի ջարդ կերան:

ՈՒՐԻՇ ՄԸ - (Կատակով) Կմեղքնա՞ս, թող խնայեիր:

ԻՇԽԱՆԸ – Ատ ո՞վ է, որ խնայելու մասին կխոսի: Երբեք, որդիներս, կյանքի կռվին մեջ չխնայեք երբեք և ոչ ոքի: Խնայելը թուլություն է, մեղքնալը պարտություն: Զարկեք, ով ձեր դեմն է, ով ձեր ճամփան կգոցե: Ով որ քեզի կարգելե` քու թշնամիդ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Զարկեք, հաղթողը մենք ենք:

ՈՒՐԻՇ ՄԸ – Ինչ լավ է հաղթող ըլլալը:

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ – Հաղթող ըլլալ ու կռվեն դառնալ:

ԻՇԽԱՆԸ – (Երթալով սեղանին գլուխը) Դե, հիմա եկեք նստինք, Տիրոջ սեղանը, արդար հատուցում մեր դաժան կռվին:

Աղջիկ ու զորական խառն կնստին: Աղջիկներեն շատերը կմնան ոտքի, կմոտենան ու կծառայեն մեկուն-մյուսին, մեկ-երկուքը կերթան կուգան: Զինակիրները կշարժվին իրենց տերերուն ետևը ու կարձանանան:

Բազմության կեսը նստած է արդեն, կեսը դեռ ոտքի, որ կխոսվի:

ԶՈՐԱԿԱՆ ՄԸ - (Բաժակը վերցնելով) Կեցցե կռիվը:

ԿՈՂՔԻ ԱՂՋԻԿԸ - Կեցցե կռվողը:

ԴԵՄԻ ԶՈՐԱԿԱՆԸ - Կեցցե գեղեցկությունը:

ՈՒՐԻՇ ՄԸ - Կեցցե սերը:

ԱՂՋԻԿՆԵՐԸ – Կռիվը կյանքն է աշխարհի:

ԶՈՐԱԿԱՆՆԵՐԸ – Սերը վայելքն է աշխարհի:

ԻՇԽԱՆԸ - (Ծիծաղելով) Կեցեք, կեցեք, մի շտապեք, էյ, դուք, կռիվ, էյ, դուք, սեր: Մի բռնկիք այդպես շուտ: Նստեցեք հանգիստ հպատակվինք հին կարգին: Թասերը պատրաստ, մեր մեծ Աստծուն ձոն եմ ձոնելու: Աղջիկները գինի կլցնեն թասերը մեջտեղի գինիի ավազաններեն: Խոր լռություն:

ԻՇԽԱՆԸ - (Վերցնելով գինիի մեծ եղջյուր մը` կերթա կկենա բագինին առջևը, դեմքը դեպի վարագույրը դարձուցած ու գինին բարձր պահած) Քեզի, ով մեծդ Աստված, Վահագն արի, դուն արևը աշխարհի, դուն կյանքն ու աշխույժ, դուն կռիվ և ուժ, դուն լույս ու զտող, ազնիվը զատող, փառքը ազատող, դուն, որ հաղթեր ես վատի, խավարի, ամեն մռայլի, այլև երկնքին, սև ամպ ու թուխպին, դևին, վիշապին, աշխարհի ափին, քեզի, այգածին, ճառագայթածին, քեզի կձոնեմ այս վայելքի եղջյուրը` լիքը ազնիվ արբեցնող գինով, դուն, որ ապրելու ու կռվելու արբեցումը կուտաս մեզի: Տեր, ընդունե մեր ձոնը: (Մեկ-երկու կաթիլ կթափե կրակին, ուժեղ ու պայծառ բոց):

ՁԱՅՆԵՐ ԱՄԵՆ ԿՈՂՄԵՆ – Ընդունված է… ընդունված է… ընդունված է…

ԻՇԽԱՆԸ - (Դառնալով իր տեղը) Հաղթողի ձոնը հաղթողի բագնին վրա միշտ է ընդունված: Խմենք: Կեցցե կյանքն ու իր կռիվը:

ԲՈԼՈՐԸ - (Աղմուկով ու իրարանցումով, նստած, կեցած, թասերը իրարու բախելով) Կեցցե կյանքն ու իր կռիվը:

Կխմեն ու կնստին, լռություն:

Ե

ԱԲԵՂԱՆ - (Դողդոջուն քայլերով առաջ կուգա, ամչկոտ վարանքով հայացքը գետին, ձեռքը առաջ մեկնած) Տվեք թաս մըն ալ ինծի: Ես ալ կուզեմ:

Ընդհանուր զարմանք ու խոր լռություն:

ԻՇԽԱՆԸ - Դո՞ւն հոս ինչ գործ ունիս, սևազգեստ:

ԱԲԵՂԱՆ - Տուր թաս մըն ալ ինծի, ես ալ կուզեմ:

ԻՇԽԱՆԸ - Այս եղջյուրեն խմել ուզողը կռվեն պետք է, որ գա:

ԱԲԵՂԱՆ - (Աղաչավոր) Մեկ թաս մը միայն, իշխան, ի՞նչ մեծ բան է որ: Անգամ մը միայն, մեկ ումպ մը միայն քու այդ կռվի ու վայելքի եղջյուրեդ:

ԻՇԽԱՆԸ - (Արհամարհոտ) Տիրոջ սեղանին վրա, այ թշվառ, ոչինչ չի ստացվիր աղաչանքով, գնա մուրացկաններուն սեղանը:

ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – (Ծաղրով) Էյ, բարեկամ, ո՞ր հովերն են քեզի այս կողմը նետեր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Գինիի հոտ է ինկեր ծոմ պահողին քիթը:

ԻՇԽԱՆԸ – Տարին տասը չափ ցորեն նվիրեր եմ ես իմ կալերես ձեր անապատին, գնա նստե ու կեր:

ՀԱՍԱԿԱՎՈՐ ՄԸ – (Ծաղրով) Ու աղոթե քու աստվածներուդ մեր մեղքերուն համար:

ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Մե՞ղք…(Փորը բռնած սաստիկ կխնդա) Աղոթե, աղոթե մեր մեղքերուն համար… անթիվ մեղքերուն…

Ընդհանուր հռհռոց:

ԱԲԵՂԱՆ – Իշխան, դուն ինծի չե՞ս ճանչնար:

ԻՇԽԱՆԸ - Այսպես ալ աներես մարդ (Բարկացած) Պիտի հեռանա՞ս, թե չէ:

ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Ես կճանչնամ քեզի, ես: Դուն այն ցած վախկոտը չե՞ս, որ սուրդ նետեր ես գետին ու փախեր ես կյանքի կռվեն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Դուրս, հայդե, ցած արարած:

ՈՒՐԻՇ ՄԸ - Դուրս, վախկոտ:

ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն մեծամիտ տխմարը չե՞ս, որ կարհամարհես մեր վեհն Վահագնի նվիրած ամենեն վեհ նվերը` կյանքը. և քու թշվառ գլուխդ չես ուզեր խոնարհել անոր լույս պատկերին առջևը:

ԲՈԼՈՐԸ – Կորսվե, կորսվե դուրս:

ՄԵԿԸ - Կորսվե դուրս այս սուրբ վայրեն:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Աստվածուրաց:

ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն ամբարտավանը չե՞ս, որ երկրպագել չես ուզեր մեր փրփրածին Աստվածուհիին, ոչ անոր նվերը եղող սիրուն, ոչ ալ կնոջ գեղեցկությանն ու հմայքին:

ԱՂՋԻԿՆԵՐԸ - Դուրս այդ ամբարտավանը:

ԱՂՋԻԿ ՄԸ - Ապուշ…

ՀԱՍԱԿԱՎՈՐԸ – Դուն այն սրբապիղծը չե՞ս, որ կարհամարհես մարմինը, Վահագնի ու Աստղկան այդ հրաշալի կերտվածքը:

ԱՂՋԻԿ ՄԸ - (Քովի տղան մատնանիշ) Արհամարհել այս մարմինը, այս առողջ, այս ճկուն, այս ուժեղ մարմինը:

ԱՂՋԻԿՆԵՐԸ - Սրբապիղծ…

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – (Քովի աղջիկը մատնանիշ) Այս քնքուշ, այս գեղեցիկ, այս հոյակապ մարմինը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ - Սրբապիղծ…

ԱԲԵՂԱՆ - (Ամեն հարձակման ավելի ու ավելի խորտակված, ավելի ու ավելի գլուխը վար կկախե ու քայլ-քայլ կքաշվի ետ: Վերջին խոսքերուն մտած է արդեն իր նախորդ տեղը` սյուներուն ետևը ու ալ չերևար):


Զ

ԻՇԽԱՆԸ – Թողեք, թողեք կորչի: Ես ձոն ունեմ ձոնելու: Առեք թասերը:

Բոլորը կլեցնեն:

ԻՇԽԱՆԸ - (Եղջյուրը առած կերթա նորեն բագնին առջևը ու գինին վեր բարձրացնելով):

Քեզի, ով, վեհդ դիցուհի, ով փրփրածինդ Աստղիկ, որ անարատ ես ու սքանչելի, քու ելած փրփուրիդ նման, դու վերին գեղեցկություն, դուն գերագույն հմայք ու քնքշություն, քու տված լույսիդ նման: Դուն, որ աղբյուրն ես սիրու, հույսերու և հուզումներու, քեզի օրորող ալիքներուն նման, քեզի, ծովածին, քեզի կնվիրեմ այս վայելքի եղջյուրը` լիքը ազնիվ ու արբեցնող գինով, դուն, որ գեղեցկության ու սիրու վայելքը, հեշտանքն ու արբեցումը կուտաս մեզի: Ընդունե, դիցուհի, իմ ձոնս: (Մեկ-երկու կաթիլ կթափե կրակին, ուժեղ ու պայծառ բոց):

ՁԱՅՆԵՐ ԱՄԵՆ ԿՈՂՄԵՆ - Ընդունված է… ընդունված է… ընդունված է…

ԻՇԽԱՆԸ - (Դառնալով իր տեղը) Հաղթողի ձոնը միշտ է ընդունված գեղեցկության բագնին վրա: Խմենք: Կեցցե գեղեցկությունն ու սերը:

ԲՈԼՈՐԸ - (Աղմուկով ու ծիծաղով, կատակներով, ըմպանակները իրարու բախելով) Կեցցե գեղեցկությունն ու սերը: Կխմեն ու կնստին, լռություն:

Է

ԱԲԵՂԱՆ - (Դուրս կելլե իր անկյունեն և վճռական կմոտենա Հաստ զինվորականին, ձեռքը կդնե անոր ուսին ու կտրուկ) Տեղ տուր ինծի:

Ընդհանուր զարմանք

ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ – Քեզի տեղ չկա այս սեղանին:

ԱԲԵՂԱՆ - (Գրգռված ու դողալով) Ես պետք է նստիմ այս սեղանին:

ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ – Տեղ չկա` ըսինք քեզի. սուր չունեցողին հոս տեղ չկա. ի՞նչ ես կպեր, ձիու ճանճ:

ԱԲԵՂԱՆ -(Հանկարծ կփաթթվի Հաստ զորականի մարմնին, կվերցնե նստարանեն, կգլտորե գետին):

Նախ ընդհանուր անբարեհաճ հուզում ու իրարանցում, որը սակայն հանկարծ տեղի կուտա բուռն ու միահամուռ ծիծաղի մը:

ԱԲԵՂԱՆ - (Ծունկը կդնե նստարանին ու բռունցքը սեղանին զարնելով) Ես պետք է նստեմ այս սեղանին:

ՀԱՍՏ ԶՈՐԱԿԱՆԸ - (Վեր կթռչի կատղած, կքաշե սուրը ու կվազե Աբեղային վրա) Անդին, անզգամ, չեմ ուզեր պղծել այս սուրբ մեհյանին գավիթը քու պիղծ արյունովդ:

ԱԲԵՂԱՆ - (Հաստատ ու ծանր քայլերով կմոտենա անոր: Վայրկյան մը շեշտ կդիտեն իրար մոլեգին: Հանկարծ Աբեղան բոլոր ուժովը կզարնե դիմացինի թևին, որուն սուրը կիյնա վար: Աբեղան իսկույն կխլե ու նորեն ծունկը դնելով նստարանին) Ահա, իշխան և իմ սուրս: Ընդհանուր ոգևորություն, աղմուկ, հիացում:

ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Իրարու) Ինչ ուժ, ինչ ուժ…

ԱՂՋԻԿ ՄԸ – Ինչ երկաթի ձեռք:

ՀԱՍՏ ԶՈՐՈԿԱՆԸ – Ոչ, իշխան, դուն տեսար բռնությունը, դուն բոլորը տեսար, իմինս է այդ սուրը:

ՁԱՅՆԵՐ – Ոչ, ոչ ալ ոչ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Քու մեջքդ դպավ գետին:

ԻՇԽԱՆԸ – Սուրը անորն է, որուն ձեռքը որ է:

ԲՈԼՈՐԸ - Ապրի մեր արդար իշխանը:

ՁԱՅՆԵՐ - Ապրի մեր նոր ընկերը:

ՄԵԿԸ - (Մոտենալով պարտվածին) Կներես, բարեկամ, բայց կտեսնես, որ քեզի այլևս տեղ չկա հոս:

ՀԱՍՏ ԶՈՐՈԿԱՆԸ - Աղեկ, ես կերթամ, բայց մենք դեռ կպատահինք, սևազգեստ. կամ սուրս կուտաս ինծի, կամ կյանքդ:

ԱԲԵՂԱՆ – Կյանքս` գուցե:

Ը

ՁԱՅՆԵՐ - Գինի տվեք հաղթողին:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԸ – Վերցրու անոր թասը: Հիմա ան ալ քուկդ է:

ԱԲԵՂԱՆ - (Կառնե Հաստ զորականի ըմպանակը և կնետե անոր ետևեն) Ես չեմ ուզեր ուրիշին խմուկը:

ԱՂՋԻԿ ՄԸ - (Թևը երկարելով) Առ, քաջ իմ թասս:

ԱԶՋԻԿՆԵՐԸ - (Երկարացնելով իրենց թասերը) Առ իմ թասս… առ իմ թասս… առ իմինս…

ԱԲԵՂԱՆ – Իշխան քիչ մը առաջ ես քու եղջյուրդ խնդրեցի, այն եղջյուրը, որով ձոնդ ձոնեցիր:

ԻՇԽԱՆԸ - (Եղջյուրի միջինը կթափե ու կուտա մոտի աղջկանը լուրջ ու հանգիստ) Լեցուր ու տուր իրեն:

ԱՂՋԻԿԸ - (Կկատարե ու կուտա քնքշանքով, խորապես սրտանց) Առ:

ԻՇԽԱՆԸ - Առաջին թասը, նորեկ, գիտցիր, միշտ Վահագնինն է. այդպես է աշխարհի հին օրենքը:

ԱԲԵՂԱՆ - Առաջին թասը… ձեր այս կյանքի սեղանին առաջին թասը ես կխմեմ… կյանքի ու աշխարհի օրենքով… ես կխմեմ կռվի կենացը, կռվի, որ վերն է խավարին ու ամպերուն մեջը, ինչպես որ կըսեք, կռվի, որ դուրսն է աշխարհի վրա, ուրկե դուք կուգաք, կռվի, որ հոն է, ծովուն մեջ, փոթորկի ատեն, ուրկե ես կուգամ:

ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Սաստիկ հետաքրքիր, փսփսուքով իրարու) Ծովե՞ն… ծովե՞ն…

ԱԲԵՂԱՆ – Թող օրհնված ըլլա կյանքի կռիվը (Կխմե):

ՁԱՅՆԵՐ - Անուշ, անուշ… Հաջողությունը, հաղթանակը միշտ քեզի…

ԻՇԽԱՆԸ - Աղեկ: Լեցուր երկրորդ թասը:

ԱՂՋԻԿՆԵՐԸ - (Իրար անցած) Գինի, գինի:

ԱՂՋԻԿԸ - (Նորեն կլցնե ու կուտա սրտանց) Առ:

ԻՇԽԱՆԸ - Երկրորդ թասը, նորեկ, գիտցիր, միշտ Աստղիկինն է, այսպես է աշխարհի հին օրենքը:

ԱԲԵՂԱՆ - Երկրորդ թասը… այո, Աստղիկինն է, ան, որ ինչպես կըսեք, ծնավ գեղեցիկ հորդ փրփուրեն, դուրս ելավ սիրարծարծ հուզվող ու եռացող ալիքներեն. ան, որ փոթորկի անդունդներուն մեջը կգալարի ու կհափշտակե քեզի: Իշխան, այս թասը ես կխմեմ քու աղջկանդ կենացը (Կխմե):

ԱՂՋԻԿՆԵՐԸ – Սեդա՞ն… Սեդա՞ն…

ԻՇԽԱՆԸ – Աղջի՞կս…

ԲՈԼՈՐԸ – (Սաստիկ հուզված, վախով ու սպասողական դիրքով կնային իշխանին կողմը:)

ՀԱՍԱԿԱՎՈՐ ԶՈՐԱԿԱՆ ՄԸ – Իշխան, քու աղջի՞կդ…

ԻՇԽԱՆԸ – Կեցիր, այ տղա, կարծես քու դեմքդ ծանոթ է ինծի:

ԱԲԵՂԱՆ - (Թեթև հեգնանքով) Հիմա, իհարկե, իշխան, հիմա պետք է, որ ճանչնաս:

ԱՂՋԻԿՆԵՐԸ – (Իրարու փսփսուքով) Ո՞վ է, ո՞վ է, ո՞վ է որ:

ՔՈՒՐՄԸ - (Կերևա վարագույրին առջևը) Պատրաստ եղեք, հաղթողներ, ու թողեք սեղանը: Արևելքը շիկներ է, ծովը ծիրան է հագեր, ու թարմ բնությունը թափ կուտա քունը աչքերեն Մեծ Աստծուն երկրպագելու: Լուսատուն ու լուսաստղը գրկելու են հիմա իրար, պատրաստ եղեք դուք ալ երկրպագելու:

ԱՄԵՆՔԸ - (Իսկույն վեր կցատկեն իրենց տեղերեն, զինակիրները շտապ կբերեն սաղավարտներն ու վահանները իրենց տերերուն, որոնք կհագնին ու կերթան բագնին առջևը երկու զուգահեռ տողաշար կկազմեն երեսները վարագույրին, աջ` զորականները, ձախ` աղջիկները):

ԻՇԽԱՆԸ – (Մոտենալով Աբեղային) Տուր ինծի ձեռքդ ու երթանք երկրպագելու, երկրպագելու մեր վեհ աստվածներուն:

ԱԲԵՂԱՆ – Երկրպագելու… նո՞ր աստվածներուն:

ԻՇԽԱՆԸ – Հին աստվածներուն. միշտ հին ու միշտ նոր ու միշտ հավիտյան: Եկուր:

ԱԲԵՂԱՆ – (Անշարժ ու համառ կեցած է, աչքերը գետին):

ԻՇԽԱՆԸ – Եկուր, կըսեմ քեզի, շուտ. դուն, որ խմեցիր կռվի կենացը, դուն, որ խմեցիր իմ Սեդայիս կենացը, պետք է, որ գաս: Տուր ձեռքդ ինծի:

Թ

Վարագույրին ետևեն կլսվի շեփորին կանչը մեկ-երկու ելևէջ, որուն կհաջորդե քուրմերու ուրախ ու հաղթական երգը: Երգի միջոցին կբացվի կամաց-կամաց ճակտի վարագույրը և տեսարանի մնացած բոլոր մասերը հետզհետե կթաղվին մութի մեջ:

Խորքի բեմը, որ ավելի ալ բարձր է, կներկայացնե Սևանի գագաթն իր ավերակներով: Աջ` կեցած են քուրմերը, բոլորն ալ ճերմակազգեստ, հերարձակ ու մազերուն մեջ խրած խոշոր աստղ մը: Հեղ մը քուրմերը կերգեն, հեղ մը քրմուհիները, վերջը բոլորը միասին:

Նոր բեմի խորքը հորիզոնն է, ծովուն ու երկնքին իրար կպչող ծիրը: Երկինքը շառագույն է, տեղ-տեղ դեղին, ծովը լերթ-կարմիր, տեղ-տեղ ծիրանի: Երգի միջոցին հետզհետե կնշմարվի հսկա արևի մը սկավառակը, որ կբարձրանա կամաց-կամաց; Երբ կեսին չափը դուրս է եկած ջուրեն` արևը կբացվի ոստրեի մը պես ու կափարիչը կիյնա ջուրին երեսը` արևի ցոլքին նման: Ոստրեին մեջը վառ կփայլի աչք խտիտ տվող արծաթ-մարգրիտ փայլով մը: Եվ այդ վառ փայլին մեջ կեցած է հաղթական Վահագնի մերկ, բարձր, շիտակ, հաղթ ու առողջ, աջ ձեռքը առաջ պարզած, մազերն ու մորուքը ասորական ձևի և շեկ, աչքերը բոցոտ: Անոր ձախ կողմը թեթև թեք է ինկած նազանքով ծովային խոտերու ու ծաղիկներու վրա Աստղիկը, սա թեթև մը փաթաթված է Վահագնին ու գլուխը հենած անոր մարմնին. ինքը` մերկ, ճկուն, նուրբ, մազերուն մեջ ահագին ադամանդե աստղ մը ու մարմնին վրա մեկ-երկու թել ծովային նուրբ ու երկար սեզ:

Երգեցողությունը կտևե մինչև ոստրեի լրիվ բացումը: Երբ երգը հանկարծ կկտրվի, կլռվի նորեն շեփորին կանչը ու բոլոր բազմությունը իսկույն կթափի գետին խորը երկրպագությամբ: Քուրմերն ու քրմուհիները կխոնարհին մինչև մեջքը: Ոտքի կմնա միայն Աբեղան` ուղիղ և անշարժ:

ՔՈՒՐՄԸ - (Խումբին մեջեն, ահեղ) Երկրպագե, դուն, շվարած:

ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):

ԻՇԽԱՆԸ – (Սարսափահար ու կիսաձայն) Երկրպագե, անմիտ:

ԱԲԵՂԱՆ – (Անշարժ է):

ՍԵԴԱ - (Կերևա հանկարծ բարձր բեմի սանդուղքներուն վրա, հանգիստ առաջ կուգա, կկենա ուղիղ Աբեղայի դեմը, քնքուշ ու հրամայական) Երկրպագե, երկրպագե ծովուն ու իր աստծուն:

ԱԲԵՂԱՆ – (Նախ գլուխը կթեքե, ետը ծունկերը քիչ-քիչ կծալլվին ու հանկարծ կիյնա գետին): Սաստիկ դղրդյուն մը. և մեկ անգամեն կկորչի ամեն բան, կտիրե խորին մութ ու լռություն: Երբ թանձր մութը կսկսի փարատիլ` տեսարանը փոխված է: Հետզհետե բացվող աղոտ լույսին մեջեն կնշմարվի հաստ ու ցածր սյուներու զույգ շարք մը տեսարանին ճիշտ մեջտեղը: Եկեղեցի է: Խորքը կերևա միայն երկու վառ մոմ, որուն առջևը երկու վանական սաղմոս կկարդան փոխնիփոխ: Անոնց ետևը կիսաշրջանով կեցած են վանականները երեսնին դեպի խորանը:

Մռայլ ու մութ, ընթերցումը տխուր ու միալար:

Լռիկ աղոթող վանականներու շարքին մեջ հանկարծ խլրտում մը կիյնա:

ՎԱՆԱԿԱՆ ՄԸ - (Մյուսներուն կռնակեն ծռվելով դեպի ետ, փսփսուքով) Ջուր, ջուր, երեսին ջուր:

Ձախ կողմի խորքի սյուներուն մեջեն կերևան երկու վանական, որոնք Աբեղայի թևերը մտած ու բարձրացուցած կբերեն առաջ: Աբեղան թույլ ու անզգա: Մովսես վանականը կուգա անոնց ետևեն` օգնելով: ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - (Արագ դուրս աջ կողմի սյուներուն մեջեն, կմոտենա Մովսեսին, երբ Աբեղան արդեն անցուցած են, և կիսաձայն) Ի՞նչ է, ի՞նչ կա, ի՞նչ եղավ:

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - (Միշտ կիսաձայն) Աբեղան մարեցավ: Կեցեր էր առջևս կաղոթեր, մեյ մըն ալ տեսա` գլուխը կախեց, քիչ մը ծռեցավ ու բոլոր ուժովը ինկավ գետին:

ԱԴԱՄ ՎԱՆԱԿԱՆ - Խեղճ Աբեղա. երևի գիշերը շատ է ճգներ: Տարեք աղբյուրը, տարեք աղբյուրը: (Եվ ինքը կդառնա ետ իր նախորդ տեղը):

ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - (Կշտապե գացողներուն ետևեն):

ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ

Իշխանուհիին առանձնասենյակը

Փոքրիկ, կոկիկ, ցած առաստաղով սենյակ մը ամբողջովին գորգերու մեջ: Ճակատը բազմոց, մոտիկը ցածլիկ աթոռակ մը: Անկյունը ճերմակ ֆոնի վրա սև սիրուն խաչելություն մը ճերմակ նեղ սեղանին. երկու կողմը երկու ամանի մեջ վարդի թարմ փունջեր: Առաստաղեն կախված է արաբական գունավոր լապտեր մը:

Մուտքը աջեն ու ձախեն:

Ա

Իշխանուհին կեցած է բազմոցին առջևը ձիգ ու անշարժ: Քիչ մը հեռուն, անոր դեմը, դռան մոտիկ կեցած է Վանահայրը: Երկունքն ալ հայացքնին նետած են գետին:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հանգիստ ու պաշտոնական)… Ան է կապեր մեզի իրար, ան ծնունդն է մեր երկուքի, անիկա մեր կապն է, իսկ մեր մեջը չի պիտի ըլլա ոչ մեկ կապ, մեր մեջեն պետք է խզվի ամեն կապ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Գլուխը բարձրացնելով ու նունպես հանգիստ)

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խիստ) Անոր հիմը, իշխանուհի, մեղքի վրա է դրված:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ինչպես թե` մեղքի:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո մեղքի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Հպարտ) Մեղքը միշտ օտար է եղեր ինծի և միշտ ալ օտար պիտի մնա ինծի:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կին, նորե՞ն խաբել կուզես:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ապշած) Խաբե՞մ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այո, խաբես ու կեղծես:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ե՞ս:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Դուն, դուն: Ի՞նչ կզարմանաս, դուն, որ ամբողջ կյանքդ խաբեր ես ու շարունակ կեղծեր: Խաբեր ես տարիներ ու տարիներ այն մարդը, որ իբրև իր կինը իր տունն է տարեր քեզի, խաբեր ես քու զավակներդ, որոնք շոյանքի կարոտով գիրկդ են վազեր, խաբեր ու կապեր ես բոլոր շրջապատողներուդ աչքերը, խաբեր ես ինծի, թեև, այո, առանց խոստում մը տալու, առանց բառ մը արտասանելու, խաբեր ես և քեզի, քեզի քու աչքիդ նահատակ ես նկարեր, դուն, որ մարդդ մեռեր է թե չէ, վազեր եկեր ես հոս` ինծի հետ նոր շենք շինելու, քու կեղծիքիդ աստծուն նոր տաճար կառուցանելու (Քիչ մը լուռ):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - (Կեցած է ձիգ ու հպարտ, ունքերը կիտած, ոչ շարժում, ոչ ծպտուն):

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Իհարկե, չէ՞ որ քու աստվածդ սերն է: Ով սոփեստություն: Ի՞նչ է սերը, ինչի՞ սեր է Աստված, արուի՞ ու էգի՞: Կին, մեղանչանք է քու անունդ, կեղծիք է քու հոգիդ ու զգայարանքներդ, քու աշխարհդ: Մեղքի վրա է շինված այս եկեղեցին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ըսի՞ր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Դե, բաց է դուռը:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Վիրավորված) Իշխանուհի:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ի՞նչ է: Գնա, գնա քանդե:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ատիկա իմ պարտքս է և ես գիտեմ, բայց պետք է, որ դուն ալ կատարես քու պարտքդ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այսինքն: Ի՞նչ է ուզածդ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Պետք է անմիջապես հեռանաս հոսկե, Ցամաքաբերդեն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հեռանամ… այդպե՞ս կհրամայես:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ըսի, ինչ որ պարտական էի ըսելու:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Կհրամայես… (Հանկարծ բուռն բարկությամբ) Եվ ո՞վ ես դուն, ի՞նչ գործ ունիս հոս, հոս, իմ դեմս, ո՞վ ես դուն;

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ես… ես վանական մըն եմ, իշխանուհի, քաշված անապատը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Անապատ մըն ես դուն ինքդ և օտար, օտար հոգիիս, ինչպես ամենքը; Ամբողջ կյանք մը ապրեր եմ ես օտարներու մեջ, օտար եմ եղեր ես ինքս բոլորին, օտար ու մենակ, մենակ պալատներու ամբոխի մեջ, միս-մենակ իմ իսկ պալատիս, իմ սեփական ընտանիքիս մեջ, մենակ, միշտ: Եվ հոգիիս միակ լուսավոր աստղը եղեր է այն մտածումը, որ հեռու, հեռու կա ուրիշ հոգի մը, իմինիս պես մենակ, իմինիս պես լքված, իմինիս պես կարոտ, եղբայր հոգի մը, որ կհասկանա ինծի ու իմ կրած ծանր խաչս, որ մոտիկ է ինծի ու կսիրե ինծի: (Լուռ):

ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Կեցած է անշարժ ու լարված, բռունցքները սեղմած` տեսակ մը կռվի պատրաստ դիրքով):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ - Այդ սարսափելի, այդ հավիտենական, այդ խելագարեցնող մենության ձեռքեն փախած, եկեր ապաստաներ եմ հոս, վերջապես միասին ըլլալու, միասին ըլլալու հոգիի մը հետ, միասին ապրելու, միասին ստեղծելու շենք մը, այն միակ հոգիին հետ, որ ինծի կհասկանա, որ հեռուեն ինծի հետ է եղեր ամբողջ կյանքս: Եվ ահա թե ինչպես կհասկնա ինծի այդ միակ հոգին: Ես կին, ես մեղք, ես էգ ու խաբեբա: (Զայրացած) Գնա, հեռացիր:

ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ավարտե ու կերթամ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ոչինչ չունիմ քեզի հետ ավարտելու: Ապրեր եմ միշտ մինակ ու օտար, մինակ ու օտար ալ կիջնեմ գերեզման: Անմտություն է ճակատագրի հետ կռվիլը: Գնա, գնա քանդե, փուլ տուր այն քարերը, իմ տաճարս արդեն փուլ եկավ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ -(Խոժոռ) Ներե, իշխանուհի, եթե ավելորդ խոսք ըսի: Ես ավելի ինծի կխոսեի, քան քեզի: Ես ուզեցի, որ ճշմարտությունը մերկ կանգնի մեր առջև, ես ուզեցի բանամ մեր երկուքիս ալ աչքերը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Եվ բացիր, շնորհակալ եմ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Կցավիմ, եթե բաց աչքով տեսածդ ան չէ, ինչ որ կուզեիր: Աշխարհիս երեսին եթե տեսնել կուզես, ինչ որ սրտիդ ուզածն է` պետք է նայիս փակ աչքերով:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ճշմարիտ է:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Այդ ճշմարտությունը ես քեզմե սորվեցա… ասկե ուղիղ քսանհինգ տարի առաջ: Ներե, իշխանուհի: Եվ կարծեմ մեր մեջ ալ մաքրված է ամեն հաշիվ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Իմ բոլոր հաշիվներս` ալ մաքրված են կյանքի մեջ:

ՎԱՆԱՀԱՅՐԸ – Մաքրե վերին հաշիվներդ: Մնաս բարով, իշխանուհի: Իշխանուհին կեցած է լուռ ու անշարժ, մինչ Վանահայրը հանդարտ ու գլխահակ կելլի դուրս: Իշխանուհին կամաց ու տեսակ մը ակամա կսահի վար ու խորտակված կնստի բազմոցին, ձեռքերը անուժ մեկը բազմոցի վրա նետած, մյուսը` գոգը, անկյանք հայացքը կետի մը հառած:

Բ

ՊԱՌԱՎԸ - (Մտնելով հակառակ դռնեն) Մինա՞կ ես:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլուխը ճոճելով) Մենակ, մենակ…

ՊԱՌԱՎԸ - Գնա՞ց:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:

ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ:

ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ ըսավ որ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ո՞վ:

ՊԱՌԱՎԸ – Վանահայրը:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Չգիտեմ: (Քիչ մը լուռ) Բեր ինծի այն…

ՊԱՌԱՎԸ - Ի՞նչը, իշխանուհի

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Հատակագիծը:

ՊԱՌԱՎԸ - Եկեղեցիի՞ն:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Տխուր գլխով կընե):

ՊԱՌԱՎԸ - (Դուրս կելլե իր եկած դռնովը և իսկույն ալ կվերադառնա կուտա ոլորը) Առ: (Ինքը կքաշվի դեպի խաչելությունը):

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Կբանա հատակագիծը, կնայի քիչ մը, կբարձրացնե, կհամբուրե և հանգիստ ու կանոնավոր շարժումներով կսկսի պատռել` զսպելով հեկեկանքը, մինչդեռ կուրծքը ուժգին կելևէջե և արցունքները առատ կթափին, առանց ծպտուն մը հանելու):

ՊԱՌԱՎԸ - (Ետ նայելով ապշած) Ատ ի՞նչ կընե իշխանուհին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – (Ձայնը դողդոջուն) Չե՞ս տեսներ: Կպատռեմ:

ՊԱՌԱՎԸ - Կպատռե՞ս, ինչո՞ւ:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Ալ… ալ վերջացավ:

ՊԱՌԱՎԸ - (Ուրախ) Վերջացա՞վ, ավարտվեցա՞վ եկեղեցին:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Այո, ավարտվեցավ:

ՊԱՌԱՎԸ – Ի՞նչ կըսես: Դե, աչքը լույս իշխանուհիիս, ալ ինչո՞ւ ես վշտացեր:

ԻՇԽԱՆՈՒՀԻՆ – Վշտացե՞ր, ո՞վ, ե՞ս, ամենևին; Չե՞ս տեսներ, պառավ, ինչպես ուրախ եմ, ինչպես բախտավոր: Չե՞ս տեսներ` կուլամ:

ՊԱՌԱՎԸ - (Հուզված ու երկյուղած) Այո, իշխանուհիս կուլա… (Առջևը չոքելով) Կուլա տիրուհիս: Ես քու լացդ դեռ չէի տեսեր, այնքան վշտեր, այնքան ցավեր էիր տեսեր: Եվ ինչ տարօրինակ լաց է եղեր ուրախության լացը:

"Հին Աստվածներ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող

Տեսարան Սևանա լճից, 1869թ․
Տեսարան Սևանա լճից, 1869թ․
Խաղա առցանց