Լևոն Շանթ
Հին Աստվածներ
Երկրորդ արար - 1
Առաջին տեսարան
Աղբյուրի գլուխը, հինավուրց վիթխարի ծառի մի ստվերին տակ
Ծերունի վանականը նստած է ծառին տակը փայտե նստարանին ու քնած կերևա: Աղբյուրին մոտիկ խմբված են Ղազար, Մովսես, Դավիթ ու Զաքարիա վանականները և տիրացուն, կխոսին փսփսուքով ու անհանգիստ: Անոնց քովը կեցած է Աբեղան աչքերը գետին ու կլսե:
Ա
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Իրա՞վ է, նորե՞ն:
ՏԻՐԱՑՈՒՆ - Ցատկեր է անկողնուն վրա, նստեր է կոկորդին ու սկսեր է խեղդել:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ - Խեղճը հազիվ է շունչը ազատեր:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Ինչ հակառակեր է չարը հայր Բարսեղին, աս քանիերո՞րդ անգամն է:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Ինչ կերպարանքով է եղեր:
ՏԻՐԱՑՈՒՆ - Չգիտեմ: Ըսավ միայն, որ ծծումբի ծուխին պես բարձրացեր է ու առաստաղի գերաններուն մեջեն կորսվեր է դուրս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Անիծվածը: Նզովվի ինքն ալ, իր կերպարանքն ալ:
ՏԻՐԱՑՈՒՆ -Ա, սարսափելի է, ազատում չկա իր ճանկերեն:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Գիշերները մինչև չնայիմ անկողնիս տակն ու ետևը` ես երբեք պառկիլ չեմ կրնար:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Ես ալ: Անցած իրիկուն մտնեմ խուցս ու ի՞նչ տեսնեմ, գորշ սավանին մեջ փաթաթված կնկան մը պես կկզեր է անկյունը, լեղիս պատռեցավ, իսկույն խաչ հանեցի, աներևութացավ:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ -Հա, այդ նզովից արմատները կուգան կնկա կերպարանքով, կուգան խմբերով ու ալ ինչեր ըսես չեն ըներ, ինչ խայտառակություններ, ինչ գայթակղություն…
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ինծի կերևնան միշտ մեր գյուղացիներու կերպարանքով: Գինեպան Ուսեփը, մեր դրացի Գափոն, շվի փչող կույր Ակոբը, դհոլ զարնող Մինասը: Կուգան կհավաքվեն գլխուս, ձեռքներնին գինի, օղի, ուտելիքներ, խորոված: Խաշվի անմահական հոտը կլցնե խուցս, կարծես ամբողջ բակը լցվեր են ու մատաղ կեփեն: Ալ ինչ հրամմեներ, ինչ խնդիրք, ինչ համոզել, որ անպատճառ ուտեմ: Եվ մինչև Տիրամոր անունը չի տամ, չեն չքանար չիք դառնալիքները:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Պատիժ է, պատիժ: Ինչո՞ւ կտանջես մեզի, Փրկիչ:
ԶԱՔԱՐԻԱ ՎԱՆԱԿԱՆ - Հակառակի պես ալ, կարծես, մտքես կգողնան Տիրամոր անունը, կփնտրեմ, կփնտրեմ, հա, հա լեզվիս ծայրն է, բայց չեմ կրնար ըսել` “Սուրբ կույս Մարիամ”:
ՏԻՐԱՑՈՒՆ - Ախ, ո՞ւր փախչի մարդ այս գարշելիներուն ձեռքեն: Ո՞ւր փախչիս, ինչպե՞ս փախչիս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Եվ ի՞նչ կուզեն մեզմե, և անպատճառ մեզմե:
ԴԱՎԻԹ ՎԱՆԱԿԱՆ - Անապատ եկողը եկեր է սատանայեն փորձվելու, ինչպես որ ինքը Տերն մեր Հիսուս Քրիստոս:
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Հիսուս Քրիստոս ըլլա մեր զորավիգը:
ԽՈՒՄԲԸ - Հիսուս Քրիստոս:
ՏԻՐԱՑՈՒՆ - Եվ ամեն տեղ են, ամեն տեղ, ուր ալ որ երթաս: Այ ի՞նչ գիտեք, որ հիմա մեկը նստած չէ հոս, մեր ետևը (Տեղը կփոխե) Կամ հոն, քարափին ծերպերուն մեջը, կամ մեր վրան, այ, սաղարթներուն մութին մեջ: Կտեսնե՞ք… կտեսնե՞ք… մեկը այն մութին խորքը… կշարժվի, մեկն ալ հոս, այ, աղբյուրին ակնեն, նայե, նայե, ինտուր կքրքջա… (Սարսափած ետ-ետ քաշվելով աղբյուրեն) Հիսուս Քրիստոս, Հիսուս Քրիստոս: (Դեմ-դեմի կուգա վանահոր հետ):
Բ
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Խոժոռ) Ի՞նչ կա, ինչո՞ւ ես վախցեր, տիրացու
ՏԻՐԱՑՈՒՆ - Հայր սուրբ… (Կիյնա վանահոր ոտքերը):
ՄՈՎՍԵՍ ՎԱՆԱԿԱՆ - Վանահայր, չարը հանգիստ չի տար մեզի:
ՂԱԶԱՐ ՎԱՆԱԿԱՆ - Ուժեղ է խարդավանքը չարին:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Զզվանքով) Դեռ միշտ այդ հին դևե՞ն կխոսիք ինծի: (Բարկացած) Ոտքի ելիր, տիրացու:
ՏԻՐԱՑՈՒՆ - (Դեմքը ծածկած կելլե ոտքի)
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Քիչ մը լուռ կնայի անոր, վերջը մյուսներուն ու հատիկ-հատիկ) Չարեն թող վախնա ան, ով չէ տիրեր իր մարմնին ու բնազդներուն, սատանայի իշխանությունը բնազդներու վրա է միայն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ տիրեր է իր մարմնին ու բնազդներուն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ոչ, հայր սուրբ, ով եկեր է հոս ինծի հետ իմ անապատս, պետք է ավելի վեր ըլլա, քան մարդը: Իսկ չարեն թող վախնա ան, ով չէ կտրեր իր բոլոր շղթաները աշխարհքին հետ, իր անցյալին հետ, իր հուշերուն հետ, իր վշտերուն, իր ուրախություններուն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Իսկ ան ո՞վ է, վանահայր, որ կրցեր է կտրել այդ բոլոր շղթաները:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հպարտ) Ան, ով եկեր է այս անապատը, ծերունի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՆԱԿԱՆ - Մենք մարդ ենք ամենքս ալ, վանահայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ով մարդ է ու միայն մարդ` անիկա աշխարհինն է ու թող դառնա աշխարհին, ահա պատրաստ է հայր Անտոնին լաստը: Ես չկանչեցի ձեզի հոս, որ հավաքվիք ու դևերեն սարսափիք (Ոգևորված կբարձրացնե կրծքեն կախված պարզ խաչը) Հոս Տիրոջ խաչն է, հոս դևեր չկան:
ԲՈԼՈՐԸ - (Ջերմեռանդ խաչ կհանեն):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հոս կրքեր չկան, հոս բնազդներ չկան, հոս սուրբ- հոգին է միայն, հոս միտքն է միայն, վեր խոյացող միտքը դեպի ճշմարտությունը, դեպի Աստված: Այս մեկը աղեկ հասկցեք ու սատանաները թողեք աշխարհին: Դե, երթաք խաղաղությամբ և Տերը ըլլա ձեզի բոլորիդ հետ:
ԲՈԼՈՐԸ - Ամեն: (Կցրվին):
Գ
Վանահայրը կեցած է մենակ, կնայի անոնց ետևեն տխուր գլուխը շարժելով, երբ քովեն կամաց մը կմոտենա Աբեղան, կծռի, զգույշ կբարձրացնե Վանահոր փեշը և կհամբուրե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Հանկարծ կզգա և կդառնա ետ) Ի՞նչ կընես որդիս, ի՞նչ կընես:
ԱԲԵՂԱՆ - Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ի՞նչ կուզես որդիս, ի՞նչ ունիս:
ԱԲԵՂԱՆ - Որքան բարձր ես հայր, որքան որքան բարձր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Բարձր կձգտինք մենք բոլորս, որդյակ:
ԱԲԵՂԱՆ - (Արհամարհոտ): Ա, բոլորս: Քու ձայնդ ինծի կարծես երկնքեն կուգա, հեռուեն, հեռուեն, վերեն: Է, մենք բոլորս: Քանի խելքս կհասնի` եղեր եմ քու թևիդ տակը, քու խրատներուդ, քու օրինակիդ, և եղավ ժամանակ մը, երբ կարծեցի, թե ես ալ հասնելու եմ այդ բարձունքները…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Իսկ հիմա՞, որդիս:
ԱԲԵՂԱՆ - Հիմա…հիմա… (Կտրուկ) Ես քու որոնած վերիններեն չեմ հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ինչեր կխոսիս, տղաս, կբամբասես ինքդ քեզի, դուն, իմ ընտրյալս, դուն, որ այս ամենուն մեջ ամենեն ավելի վեր սավառնողն ես եղեր:
ԱԲԵՂԱՆ - Սավառնողը… գուցե, երբ թևերս ազատ էին ու թեթև:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Է, հիմա ի՞նչ եղան թևերդ:
ԱԲԵՂԱՆ - Հիմա… հիմա թևերս թրջվեցան, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Թրջվեցա՞ն:
ԱԲԵՂԱՆ - (Խորհրդավոր ու մոտենալով) Հիմա ես ալ կվախնամ, հայր:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Կվախնա՞ս, դո՞ւն ալ, սատանայե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Սատանա՞, ոչ, ոչ սատանայեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Հապա:
ԱԲԵՂԱՆ - Ես… ես կվախնամ… ծովեն:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ծովե՞ն:
ԱԲԵՂԱՆ - Ծովեն: Հոն ալիքներ կան, փոթորիկ և հուզում, և կռիվ և…և… ամեն ինչ:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Կհասկնամ, որդյակ, անցած օրվա դեպքը ցնցեր է հոգիդ, կանցնի, ի՞նչ կապ քու ու ծովուն մեջ: Թարմ է սիրտդ, գթոտ ու կարեկից ու ազատեցիր քեզի նման մանուկ էակ մը մահեն, օրհնյալ ըլլաս:
ԱԲԵՂԱՆ - Բայց այդ օրեն, հայր, ինծի կթվի թե ծովը… ծովը սիրտն է բնության:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Շեշտ կդիտե Աբեղան ու քիչ մը խիստ) Դուն նայե երկինք, որդի, երկինքը միտքն է բնության, խոր ու խաղաղ:
ԱԲԵՂԱՆ - Այո, խոր ու խաղաղ, երբ ծավի պայծառ է երկինքը, իսկ իմ մտքերս ավելի կնմանին թխպոտ օրերուն, երբ հոն ալ ամեն բան պղտոր է ու խառնակ: - (Կոտրված) Ես քու որոնած վերիններեն չեմ, հայր: ՎԱՆԱՀԱՅՐԸ - Ատիկա ըսողը դո՞ւն ես, Աբեղա: Դուն, որ իմ հպարտությունս ես եղեր, որուն հոգին ես եմ խմորեր, որուն մեջ իմ ամենաթանկագին մտածումներս եմ դրեր, իմ սեփական հոգիս եմ դրել, և որ ինծմե ետքը իմ գործիս շարունակողն է ըլլալու:
Համեստությունը ես կսիրեմ, Աբեղա, բայց իմ ժառանգս եղողի մը բերանեն ավելի խոյանք ունեցով խոսքեր կուզեի լսեմ:
ԱԲԵՂԱՆ - (Հանկարծ դեմքը ծածկելով ու հեծկլտալով) Ախ, դուն դեռ չգիտես… դուն դեռ չգիտես, հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Բոլորովին այլայլված կուղղվի և հանկարծ խիստ) ինծի նայե, տեսնեմ, նայե աչքերուս:
ԱԲԵՂԱՆ - (Կհեկեկա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Մի՞թե, մի՞թե, ճշմարիտ է կասկածս Աբեղա, նայե աչքերուս
ԱԲԵՂԱՆ - (Կհեկեկա):
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Այսպես թույլ, այսպես խեղճ… Դուն, որու հոգին ես որձաքարի պես ամուր կկարծեի, անարատ ու կույս բացառիկ հոգի մը, ու գլուխդ հպարտ ցցած վեր, դեպի երկինք, աշխարհքի ծովուն մեջ, ինչպես իմ այս կույս ու մենավոր կղզիս այս ծովուն մեջ: Թշվառական, խոնարհե՞լ կուզես այդ գեղեցիկ, այդ հպարտ գլուխը ցած, այս ցածի ծովուն դեմ, այն վերերեն, ուր մեր Աստվածն է…
ԱԲԵՂԱՆ - Աստված երեսը դարձուց ինծմե:
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Լռե, լռե: Այդպես խախուտ, այդպես ողորմելի… առաջին իսկ փորձումի՞ն:
ԱԲԵՂԱՆ - (Ծանր իջնելով) Հայր…
ՎԱՆԱՀԱՅՐԸ - (Ետ քաշվիր) Ելիր, ելիր, ես քեզի շատ եմ տեսեր ծունկներուս քովը, բայց ոչ այդպես, ոչ այդպես: Ես քեզի այդպես չեմ կրնար տեսնիլ: Ելիր, ելիր:
ԱԲԵՂԱՆ - (Կելլե ոտքի): ՎԱՆԱՀԱՅՐԸ - Եվ հեռացիր: Գնա, եղիր նորեն այնպես, ինչպես որ էիր, ետքը եկուր ինծի:
Այնպես, ինչպես որ էիր, այնպես, ինչպես որ էիր…(Խոսքը կկտրե ու կկենա անշարժ ու խոժոռ)
ԱԲԵՂԱՆ - (Լուռ ու գլխահակ կամաց կհեռանա):
Դ
ՎԱՆԱՀԱՅՐԸ - Աշխարհքը… աշխարհքն է, որ կուզե մտնե կղզիս: Հոն սատանաները, հոս այդ աղջիկը… և Աբեղան… իմ Աբեղան, այդ Աբեղան… Ոչ անկարելի է: (Դառնալով դեպի վեր, դեպի կղզիին գագաթը) Էյ դուն, դուն, ի՞նչպես է քո անունդ, դուն, ճերմակավոր, ոչ, սա պատահմունք մըն է միայն, չուրախանաս, դիպված մը անցավոր ու պատահական, չուրախանաս…
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Ժայռերուն մեջ ծովափի մի կտորը
Ձախ կողմը սեպ բարձր քարափ, աջ` ցրիվ ժայռակույտեր, մեջտեղը տափարակ ավազուտ, ճակատը ծովն է մինչև ժայռերուն ոտքը, խորքը սարերու հեռանկար:
Պայծառ արև իրիկուն է: Ժայռերը, ծառերը, ծովը և ամեն ինչ ողողված են արևի նարինջ-կարմիր շողերուն մեջ, որոնց գույները անբողջ տեսարանի միջոցին թեթև մը կփոխվին ու կվառին:
Ա
Քիչ մը ատեն տեսարանը պարապ է: Կլսվի աղջիկներու սուր քրքիջ ու աղմուկ:
Աջ կողմի ցածլիկ ժայռերեն մեկուն վրա կերևա միգանուշ մը, կնայի աշխույժ շուրջը ու ետ դառնալով ձեռքերը խաղովակաձև կդնե բերնին ու ձայն կուտա:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Հո-ո, հո-ո:
Կից ժայռին կերևա ուրիշ միգանուշ մը, որ ժիր ու թռվռուն, ձեռքով կընե ու կկանչե դեպի հեռուն:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Այս կողմը, այս կողմը:
Ու երկուքն ալ ձեռք-ձեռքի թեթև մը կցատկեն ավազուտին վրա:
Մինչ նույն ժայռերու վրայեն ու ետևեն ներս կթափին հատ-հատ ու խմբով միգանուշները, նուրբ ու թեթև, ճկուն ու շարժուն, հագած են բաց-կապույտ կամ բաց-կանաչ` ցանցնված փրփուր զարդերով, բոլորն ալ հերարձակ նույն գույնի ժապավեններով: Կցատկեն, կվազեն, կնետվին, ծիծաղ, հրմշտուք:
Նույն ժայռին ծայրը կերևա Աբեղան իր հալածողներուն ձեռքեն փախչողի մը պես: Ետևեն ուրիշ միգանուշներ:
Աբեղան կնայի ժայռեն, կշտապե վար իջնե, կգայթի ցած ու նստած կմնա ժայռի ոտքին: Ընդհանուր կայտառ քրքիջ ու զվարթ իրարանցում: Աբեղան կամաց կելլե ինկած տեղեն մռայլ ու շվար, և հուսահատ շարժումով մը ձեռքով կգոցե աչքերը:
Կլռեն բոլորը ու կանշարժանան:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Կամաց կմոտենա Աբեղային ու կկանչե ականջին) Սեդա:
ԱԲԵՂԱՆ - (Կցնցվի ու անմիջապես կբանա աչքերը):
Ընդհանուր քրքիջ, որ իսկույն կզսպվի:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Զանազան կողմերե ու դիրքերե իրար արձագանքելով) Սեդա… Սեդա… Սեդա…
ԱԲԵՂԱՆ - Կորեք, չքացեք, հանուն Հիսուսի Քրիստոսի, հանուն այս խաչի: (Ձեռքով խաչ կհանե անոնց վրա):
ԽՈՒՄԲ ՄԸ ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Շրջապատելով ու հեգնելով) Ախ, այս սիրուն խեղճ մանչը: Ախ, այս սիրուն խեղճ մանչը: Ալ անզոր է քու խաչը:
ԱԲԵՂԱՆ - (Նորեն կոտրված) Ալ անզոր է աղոթքս, ալ անզոր է իմ խաչս:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Այ, այ իզուր մի տխրիր
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ - Հոս ուրախ է ամեն իր:
ԱԲԵՂԱՆ - (Սրտնեղ) Ա, ի՞նչ կուզեք, թողեք ինծի:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Կուզենք հոգիդ առկայծի:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Մենք քեզի գեշ ի՞նչ ենք ըրեր:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ -Գիտե՞ս, բերեր ենք լուրեր:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Լուրեր, սերեր, սարերով:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Սերը սիրով,
Սերը սիրով, օրենքն աս է դարերով:
ԱԲԵՂԱՆ - (Աչքերը շփելով) Բայց ոչ, սա պատրանք է դևի:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ -Դևի՞:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ – (Թև-թևի կուտան, մեջ կառնեն Աբեղան, կդառնան շուրջը ու կերգեն պարելով):
Դևի, դևի, թև-թևի,
Պարենք, երգենք թև-թևի,
Գուցե սիրտը թեթևի
Այս անսերի, անթևի:
Թևեր, թևեր սեր ու վեր,
Տվեք թևեր թռչի վեր:
ԱԲԵՂԱՆ - (Կհարձակվի Երրորդ Միգանուշի վրա)
Ըսե, ըսե, դուն ի՞նչ ես,
Այդպես անուշ կհնչես:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ետ ցատկելով թեթև)
Չէ, ոչ դև եմ, ոչ փերի,
Քեզի ծովեն լուր բերի:
ԱԲԵՂԱՆ - Ուրեմն կա՞ս, կապրի՞ս դուն:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Կապրիմ այնպես, ինչպես դուն:
ԱԲԵՂԱՆ – Ո՞ւր է տունդ, բույնդ ո՞ւր:
ԵՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Եվ հոս, և հոն, ամենուր:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ - Ալենուշներ, միգանուշներ,
մենք բոլորս անուշներ:
ԱԲԵՂԱՆ - Ձեզի երբեք ես չեմ տեսեր:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Նախ պետք է սեր:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Ու կարոտներ, սպասումներ…
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Ընկերները ճեղքելով առաջ կանցնի):
Բայց ծանոթ ենք ես ու դուն:
ԱԲԵՂԱՆ - Իրար ծանո՞թ, ես ու դո՞ւն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հա, կհիշես այն առտուն,
երբ ծովուն մեջ, Սեդան լանջիդ,
փոթորիկը ականջիդ…
ԱԲԵՂԱՆ – (Ոգևորվելով) Երբ կռիվ էր ալիքին հետ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Շարունակելով)
… Կկռվեիր մեզի հետ, որ ոտքերդ կից մը տվին
Պինդ զարկովը ուժգին, երկու ծիծիս մեջտեղին…
ԱԲԵՂԱՆ - (Կարեցկոտ) Ցավեցա՞վ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ընկերներուն) Ցա՞վ, ի՞նչ բան է ցավ: (Շարունակելով իր խոսքը)…
Այնպես թափով, այնպես ամուր, Որ դարձա բուռ մը փրփուր:
ԱԲԵՂԱՆ - Դո՞ւն փրփո՞ւր…
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Քնքուշ փաթթվելով հինգերորդին) Անուշ քուրիկ:
Փրփուրիկ, հատ մը, հատ մը համբուրիկ:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – (Չանչ տալով) Ախ, դուք չքրքրիք:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Սրտնեղ)
Թող տուր ինծի, է հերիք:
ԱԲԵՂԱՆ - Իսկ ե՞րբ թողիր դուն ծովը:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Երբ չէր ինկեր դեռ զովը, այսօր, ջերմիկ կեսօրին:
ԱԲԵՂԱՆ - Թողիր ի՞նքդ, կամովի՞ն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հայր արևը կանչեց վեր:
ԱԲԵՂԱՆ - Հայր… արև՞ը, հրավեր: Եվ ինչո՞ւ:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - (Ծիծաղելով ու զարմանքով ընկերուհուն) Ինչու:
ԱՌԱՋԻՆ ՄԻԳԱՆՈՒՇ – Չու, չու:
ՎԵՑԵՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Չվելու, չվելու, հովերուն հետ պաչվելու:
ԱԲԵՂԱՆ - Հովերո՞ւն:
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ - Այ, այ, եկան:
ԽՈՐՔԵՆ ԽՈՒՄԲ ՄԸ - Եկան, եկան:
ՉՈՐՐՈՐԴ ՄԻԳԱՆՈՒՇ – Հովիկները, հովիկները, փախեք:
ՈՒՐԻՇ ԽՈՒՄԲ ՄԸ - (Ոստոստելով) Եկան, եկան հովիկները:
Բ
Ընդհանուր իրարանցում: Ներս կթափին հովիկները` թարմ ու թեթև պատանիներ խռիվ մազերով, հագուստնին գորշ, ծալավոր ու ծածանուտ:
Կթափին ներս տեսարանի խորքեն, կխառնվին միգանուշներուն, կփաթթվին անոնց զույգ-զույգ կամ խմբերով, և առանց բնավ կանգ առնելու, անոնք ալ իրենց հետ քաշելով, դուրս կելլեն տեսարանի առջևի մասեն ցատկելով, աղմուկով ու ծիծաղով:
Զույգ մը անցնելու ատեն:
ՄԻԳԱՆՈՒՇ – Սպասել ալ որ կուտաք:
ՀՈՎԻԿԸ – Կռվի էինք սարի տակ:
ՄԻԳԱՆՈՒՇ – Իհ, ատ որո՞ւն հետ նորեն:
ՀՈՎԻԿԸ - Ան, որ վերը ձյուներեն:
ՄԻԳԱՆՈՒՇ – Կատեմ ատոնք բոորն ալ, ինչ կոպիտ են, ինչպես, պաղ… (Կանցնին)
Փոքր խումբ մը իրար քաշելով:
ՀՈՎԻԿ ՄԸ – Մտնենք թուփին ծոցերը:
ՈՒՐԻՇ ՀՈՎԻԿ ՄԸ - Երթանք ծովուն բացերը:
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - Երթանք պարենք, հա՞, պարենք:
ՈՒՐԻՇ ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ – Չէ՞, բերկրանքի համար ենք:
(Կանցնին)
Մեծ խումբ մը թև-թև շղթա կազմած:
ՀՈՎԻԿՆԵՐ - Անուշ շունչն ենք ծովերու:
ՄԻԳԱՆՈՒՇՆԵՐ -Դուք ալ հույզքը եթերի:
ՄԻԱՍԻՆ – Մենք ջերմ փարած իրարու,
Ա, ինչ կյանք է անթերի: (Կանցնին)
Վերջին` ետ մնացած խումբ մը շտապելով:
ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - (Ետ նայելով Աբեղային) Եկուր, եկուր, տղա, դուն ալ եկուր մեզի հետ:
ՈՒՐԻՇ ՄԻԳԱՆՈՒՇ ՄԸ - (Փաթթվելով իր հովիկին) Ախ, չի կրնար, ան անզույգ է, անընկեր…
ԽՈՒՄԲԸ - (Հեռանալով) Անընկեր…
Գ
ԱԲԵՂԱՆ - (Երկար կնայի անոնց ետևեն, մինչև աղմուկը կկտրվի: Տխուր գլուխը շարժելով) Անզույգ ու անընկեր… (Լուռ քիչմն ալ ու հանկարծ սրտին խորքեն) Ախ գոնե գիտնայի, որ իզուր չէ այս ճգնությունը… Ինչ կյանք է աս, մոռացված մոմ մը խաչելության առջևը, դժգույն ու մինակ, որ կմխա ու կհալի… (Ձեռքովը կծածկե երեսը, գլուխը կկախե կրծքին ու կմնա անշարժ):
Դ
Բարձր սեպ քարափի ծայրեն կերևա ճգնավորը, գզգզված ու կիսամերկ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Պոռալով) Էյ, ով է հոդ: Ի՞նչ գործ ունիս հոդ փոսիս գլխուն:
ԱԲԵՂԱՆ - (Ապշահար կնայի վեր):
ՃԳՆԱՎՈՐԸ - Էյ, քեզի կըսեմ, ի՞նչ բանի ես հոդ (Արագ ցած կմագլցի ժայռեն, երևալով ու չքանալով քարերու ցցվածքներուն ետևը: Հասնելով քարափի կեսերուն կանգ կառնե) Ինչո՞ւ ես եկեր, մարդ, այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Ախ, երևի դուն այն Ճգնավորն ես, որ մեզմե շատ-շատ տարիներ առաջ եկեր ես մինակ այս կղզին ճգնելու: Բայց չէ՞ որ անիկա մեռած է արդեն, վաղուց, վաղուց:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իսկ դուն, դուն մեռած չէ՞ս, վաղուց, վաղուց:
ԱԲԵՂԱՆ - Ե՞ս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն: Դուն ինծի ան ըսե` ինչո՞ւ ես եկեր այս անմարդ կողմերը:
ԱԲԵՂԱՆ - Չգիտեմ, ինծի բերին:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ո՞վ բերավ քեզի:
ԱԲԵՂԱՆ - (Մտածկոտ) Չգիտեմ: Բայց չէ՞ որ քու ճգնարանդ այս ժայռերուն մյուս կողմն էր, ավելի վերը:
ՃԳՆԱՎՈՐԸ – Բայց հոստեղ է իմ փոսս:
ԱԲԵՂԱՆ - Փո՞ս, ի՞նչ փոս:
ՃԳՆԱՎՈՐԸ – Նայե ոտքերուդ տակը, ունայնության փոսը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Զգույշ, չքանդես:
ԱԲԵՂԱՆ - Ճիշտ է, Ճգնավոր, որ դուն տեր ու թագավոր ես եղեր ամբողջ ընդարձակ աշխարհներու, պալատներու մեջ ես ապրեր, հարյուրավորներ են ծառայեր քու ամեն մեկ քմայքիդ, վայելքներուդ ու զվարճություններուդ սահման չէ եղեր: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Կըսեն` թողեր ես այդ բոլորը, պալատն ու խրախճան, իշխանությունն ու փառք, թողեր ես ամեն ինչ, հագեր ես սքեմ, գացեր ես մարդոց մեջ ապաշխարանք քարոզելու, քարոզելու գութ, քարոզելու ողորմություն, քարոզելու խոնարհություն: Ճի՞շտ է, Ճգնավոր, ինչ որ կպատմեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ - Ճի՞շտ է, որ ատկե ալ ես կշտացեր, եկեր ես այս մենության մեջ անդորրություն գտնելու, մտածելու հոգիիդ փրկությունը:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն:
ԱԲԵՂԱՆ -(Հուզված) Ճգնավոր, ի՞նչ կխոսիս, ունայնություն և քու ճգնությո՞ւնդ:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Անտարբեր) Քիչ մը հեռու իմ փոսես, փուլ չի տաս:
ԱԲԵՂԱՆ – Հա, այս փոսը: Երևի, գերեզմանդ է, որ վրան այդպես կդողաս: Բայց բաց է ու պարապ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Ունայնություն և գերեզմանը: Ես գերեզման չունիմ:
ԱԲԵՂԱՆ – Հա, իրավ որ, գիտեմ: Կըսեն` քեզի նետեր ես ծովը, հոն, այն մյուս կողմի բարձր ժայռեն: Չվախցա՞ր հոգիիդ կորուստեն, չվախցա՞ր հանդերձյալ կյանքեն:
ՃԳՆԱՎՈՐԸ - Ունայնություն մըն ալ այդ քու հոգիդ ու քու հանդերձյալ կյանքդ:
ԱԲԵՂԱՆ - (Սարսափահար) Լռե, թշվառական, հայհոյանք է խոսածդ:
ՃԳՆԱՎՈՐԸ – Իզուր մի սարսափիր ու քիչ մը հեռու փոսես:
ԱԲԵՂԱՆ - Ալ ի՞նչ փոս, ալ ինչո՞ւ համար, ուրեմն ալ ինչո՞ւ ես փորեր այդ փոսը, ուրեմն ալ ինչո՞ւ կպահպանես այդպես վախով ու դողով, նույնիսկ մահեդ ալ անդին:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Գլուխը շարժելով) Ա, ատիկա է, ատիկա ունայնություններուն ունայնությունը: Փորեր եմ, փորեր, նայե, այս եղունգներովս, ուղեղովս ու սրտովս, փորեր եմ անընդհատ ծնած օրես մինչև վերջին վայրկյանը, փորեր եմ ու որոներ տակեն բան մը գտնելու համար, կարևոր բան մը, փորեր եմ ու պահպաներ, որ այդչափ աշխատանքս չկորչի, հիմա ալ կպահպանեմ, որովհետև իմ փորածս է, միակ բանը, որ իմս է, իմ ստեղծածս: Միակ բանը, այ, այդ փոսը, այդ դատարկ փոսը, այդ միշտ դատարկ փոսը, որ ինչքան փորես, այնքան ավելի դատարկ կդառնա: Դատարկ, դատարկ, կհասկանա՞ս, որ երբեք, երբեք չէ լցվելու, ոչինչով, ոչինչով: Գնա, դուն ալ գնա փորե քու փոսդ ու թող իմինս ինծի: (Կուզե հեռանա):
ԱԲԵՂԱՆ - Կեցիր, կեցիր, մարդ, քեզի հարց մըն ալ, դուն, որ այդքան իմաստուն ես:
ՃԳՆԱՎՈՐԸ - (Կես մը ժայռին ետևեն) Մարդը իմաստո՞ւն… Ունայնություն: (Դուրս):
Ե
Աբեղան կերթա նորեն փոսին գլուխը և տխուր ու մռայլ կդիտե մտածկոտ:
Քարերուն մեջեն դուրս կուգա կերպարանք մը ամբողջովին փաթթված մեգի նման քողի մը մեջ: Ծանր-ծանր առաջ կուգա ու կկենա Աբեղային դեմը:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ի՞նչ է, եկա:
ԱԲԵՂԱՆ – (Գլուխը կբարձրացնե, կդիտե թեթև զարմանքով ու տեսակ մը անփույթ) Դո՞ւն ալ անոնցմե:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինծի ինչո՞ւ կանչեցիր:
ԱԲԵՂԱՆ - Կանչեցի՞, քեզի՞:
ՔՈՂԱՎՈՐԸ – Հոգիդ կանչեց ինծի ու եկա:
ԱԲԵՂԱՆ – Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ինչո՞ւ է հոգիդ մռայլ: Ի՞նչ կխորհեիր:
ԱԲԵՂԱՆ - Հոգի՞ս:
ՔՈՂԱՎՈՐԸ – Ըսե, ու մի ըլլար այդպես տխուր:
ԱԲԵՂԱՆ – (Փոսը մատնանիշ ընելով) Այ նայե:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ատ ի՞նչ է որ:
ԱԲԵՂԱՆ - Կյանքը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Կյա՞նքը. այդ նեղ ու մութ փոսը:
ԱԲԵՂԱՆ – Այո ունայնության փոսը:
ՔՈՂԱՎՈՐԸ - Ախ, վախցեր ես այդ դատարկ փոսեն: Կուզե՞ս լեցնեմ:
ԱԲԵՂԱՆ - Լեցնե՞ս…