Ատրպետ
Ժառանգներ
Ե, Զ, Է
Մինաս քեհյա, ասաց կատակի ձևով մի օր Մամո Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել։ Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու։ Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ իմ անունովս հերկեիք, գուցե այդ ձեր առատասրտությունը տեսնելով, աստված գոհարով ու մարգ արտով կլեցներ նրա մեջ աճելիք ցորենի հասկերը։ Է՜հ, փուչ աշխա՛րհ, ապերախտ մարդի՛կ, ես ձեզ համար հոգվով աշխատեմ, չթողնեմ, որ մինչև անգամ ձեր մի ոչխարի քիթն արյունի, իսկ դուք մտածում էլ չեք, որ մի կտոր հաց գոնե տաք Մամոյի երեխաներին…
Իրավունք ունիս, բե՛գ, շատ արդար է ձեր պահանջը, մենք հանցավոր ենք… Բայց դուք, որպես մեր մեծը, պետք է ներեք ձեր ստորադրյալների հանցանքը, պիտի ցույց տաք մեր պարտականությունը և հրամայեք, որ կատարենք ինչ որ հարկն է։
Երկարաբանություն պետք չէ, ասաց քուրդը կտրելով շողոքորթ և ստորաքարշ քեհյայի խոսքը։ Գնացեք, գեղովի ժողով արե՛ք, եթե տուն-գլուխ ինձ մի օրավար հոգ տաք, ես էլ կլինեմ ձեզ մի դրացի, ես էլ կունենամ ինձ ապրուստ։ Ես ձեզանից, էլի չասի, խարջ ու խալաթ չեմ ուզում, աստծու տված հողից ինձ էլ բաժին տվեք, թե պաշտոնս ուրիշ տեղ փոխվի, էլի ամեն մարդ յուր հողին տիրություն կանե։
Շատ լավ եք ասում, բե՜գ, բայց բանը նրանումն է, որ մեր գեղի սահմանը որքան որ բարեբեր է, այնքան էլ փոքր է, ամեն մարդ յուր տանը բավականացնելու չափ հող հազիվ ունի։ Այս փոքր սահմանի մեջ հարյուր քսան տուն է կառավարվում և ամեն տուն չորս-հինգ օրավարից ավելի հող շունի, ես ո՞ր մեկի հողից կտրեմ ու ձեզ տամ… Ւ՞նչ իրավունք ունիմ ուրիշի սեփականության վրա, ամեն մարդ թագավորական քոչաններով (купчий) տիրում է յուր հողին, մի՞թե ինձ կլսե…
Այդպե~ս ես լսում դու մեծավորիդ, այդպե՞ս ես կատարում դու իմ հրամանները։ Ես չեմ ասում քոչանը ինձ վրա դարձնեն, ես չե՜մ ասում ինձ բաշխեն, ես ասում եմ ժամանակավոր ինձ կառավարելու համար տան, ես գնալիս խո հետս չե՛մ տանելու, էլի՛, իրենց։ Ես խո չե՞մ ցանելու, չե՞մ վարելու, չե՞մ քաղելու, էլի իրենք պիտի ցանեն, իրենք պիտի քաղեն, իրենք պիտի կալսեն ինձ համար։
Ի՞նչ եք մուրացկանի նման ողորմություն խնդրում դրանից, ես իմ հողերից քեզ տասն օրավար կտամ, ասաց խոսակցության մեջ մտնելով Քյալաշ քեհյան:
Գյուղի էն լավ հողերը ձեր ձեռքն են, Քյալաշ քեհյա, ասաց Մինասը, դուք հիսուն-վաթսուն օրավար միայն ջրարբի հող ունեք, դուք կարող եք տալ, բայց հինգ-տասը օրավար ունեցողն ի՞նչ տեղից տա։
Ւնչի՞, քեզ ի՞նչ է եղել։
Գզիր Մատոյի որդու ձեռք բերածը Ամիրխան քեհյայի թողածներին չի հավասարվիլ, ես իմ տասը-տասնհինգ օրավար հողով ձեր առաջ չեմ կարող փքվել։ Բեգը գիտե, որ ես յոթ եղբայրներիս հետ երեսունհինգ շունչ ընտանիք եմ կերակրում, առանց այդ հողերի քաղցած կջարդվենք, թե կընդունե մեկ-երկու օրավար հող, էն էլ մի տարով, ի՜նչ պիտի ասեմ, աչքիս վրա, նրա համար ցանեմ, քաղեմ, կալսեմ ու հանձնեմ: Բայց աղքատի ու անճարի բերանից պատառը քաշելը, որբի ձեռքերը ծոցը թողնելը ես հույս ունիմ, որ հաճելի չի լինի մեր բեգին։ Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ։ Դու խո տալիս ես երկու օրավար։ Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք։ Բայց… Բայց-մայց պետք չէ՛, դու գնա, գզիրը ուղարկի՛ր, համբաներին կանչի՛ր քեզ մոտ, խոսի՛ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք։
Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները։ Շատ խոսեցին, շատ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց մեջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին․ մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեղին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով ցանել։
Այ մարդ, էս ի՞նչ է քոլ արածը, էս ի՞նչ ճանապարհ ես բռնել, գիտե՞ս ուր ես դիմում, ասում էր վշտալի սրտով մի գիշեր անկողնում Անթառամը յուր ամուսին Քյալաշին։ Դու ձայնդ կտրիր, այդ քու գործը չէ, տղամարդու գործին խառնվելը երկար մազ ունեցողներին չէ մնացել։ Ախար դու էդ գայլին ինչի՞ բերի՛ր տունդ կոխեցիր, քանի՜ մեկ նա իր ավազակներով ուտե, խմե, կոտրե, թափե էս տան մեջ։ Հորս կտակը ոտքի տակ գցեցիր, ժամ և ուսումնարան շինելու համար չտվիր էն հողը, որտեղ այժմ ավազակր իրեն համար սարայ է շինում։ էդ էլ հերիք չէ, էսօր վեր ես առել և տասը օրավա հող էլ ես բաշխում… Ո՞ւմ հողը ումն ես տալիս… Գյուղերը քանդեց, դատարկեց, մարդիկը կոտորեց յուր շինելիք մի բրիշակ դառնալու սարայի համար, այժմ էլ թշվառի բերանից պատառն է խլում։ Քանի՜ մեկ անեծք ու նզովք պիտի կարդա քոլ գլխին գյուղ ու գավառը, քանի՞ մեկ քու պատճառով գերեզմանի մեջ անգամ հորս խաղաղությունը։ պիտի վրդովվի, էս ի՜նչ սև օրի թողիր դու ինձ, ո՛չ տանից դուրս կարող եմ գալ, ո՛չ մի դրկիցի տուն մտնել, ո՛չ էլ երկնավոր թագավորին մի խնդրվածք անելու համար աղոթարանի դուռը գնալ։
Զահլա մի՛ տանիլ, դու ի՞նչ գիտես իմ միտքս, ես իմ կարողության թշնամին խո չեմ, որ ցրիվ տամ ունեցածս։
Ա՜յ մարդ, էդ սառած օձը մի՛ տաքացնիլ կրծքիդ վրա դա զորանալու պես ամենից առաջ քեզ կխայթե, ամենից առաջ քու սիրտը կծակե… Դրա գալուց հետո քունս ու դադարումս կտրվել է, աչքերը աչքերիս հառելիս ողջ մարմնով սոսկում եմ, գիշեր չի լինում, որ գեշ–գեշ երազները քունս չխռովեն…
Ղեռ շատ ես զահլա տանելու, շնթռկի՛ր, թո՛ղ քնեմ, հերիք լեզվիդ տաս։
Ա՜խ, էս ի՞նչ սև օրը մն՜ացինք, մարդ էլ ձեռքով յուր ոչխարի հոտը գայլին պահ տա…
Ձայնդ կտրե, թե չէ հիմի քեզ ոտքիս տակը կգցեմ, խաշիլ կշինեմ… Ձա՜յնդ, ձա՜յնդ, թող քիչ հանգստանամ…
0՜ֆ, համբերությունս կտրվեց, սիրտս տրաքվում է, գլուխս խոստուկից բժժել է, ես էս համառ, ամբարտավան մարդու ձեռքում քանի մեկ պիտի տանջվիմ։ Անխիղճ, անհոգի, մի՞թե կարելի է Մատոյի աղի՝ Մինասի, հախից գալու համար ամբողջ գեղը–գավառը կրակին դնել ու խորովել, հինգ–տասը մարդու պատժելու համար հազար տան ծուխը կտրել։ Թեմրացիներին խոնարհեցնելու համար ողջ գավառը սգացնել։ Ինչի՞դ էր պետք քեհյայությունը։
Աղջի՛ , ձայնդ կտրի՛ր, կնի՛կ, ինձ մի կատաղեցնիլ, ես գիտեմ, քու սատկելիքդ մոտեցել է, մի՛ ինձ ստիպիլ քեզ վրա ձեռք բարձրացնելու…
Քեզ պես անխիղճ մարդու հետ ապրելուց, չապրելը հազար անգամ ավելի բարի է։
Լռի՛ր, սատկի՛ ր, դո՛ւրս կորիր, ձայնդ էլ ականջիս չհասնի,– ասելով բարձրացավ պառկած տեղից Քյալաշը և մի քանի հարվածներ տալով, հրելով դուրս արավ սենյակից Անթառամին։ Բայց ինքն էլ գիշերը հանգիստ քուն չունեցավ։ Անթառամը նույն գիշերը գնաց աղջկա՝ Աննմանի, կողքին ընկավ, քնեցավ մինչև արևագալը։
Առավոտ վաղ Մամո բեգը յուր նախաճաշը կատարելուց և ղայֆան խմելուց հետո Անթառամին կանչել տվեց յուր մոտ։ Քյալաշը նստած էր բեգի դիմաց, բազմոցի գլխին, օջախհ ձախ կողմը։
− Անթառա՛մ խաթուն,− ասաց Մամոն հրամայական ձայնով,− մեր սարայը վերջանալու մոտ է, մեկ-երկու ամսից կգնանք այնտեղ և քեզ էլ նեղությունից կազատենք: Բայց մինչև սենյակների պատրաստելը, ես քեզ վրա մի պարտք եմ ուզում դնել, նախ խոստացիր, որ կկատարես։
Անթառամը գլխով նշան արավ, իբր թե լսում էր բեգի հրամանները։
− Ջահել տղերքը խոստացան սարայիս ընդունարանի համար մի մեծ թաղիք թափելու, դու էլ գեղի հարս-աղջիկները հավաքիր և մի այնպիսի խալի պատրաստիր, որ ամբողջ սենյակի հատակը ծածկե։ Շատ մեծ չէ, երկայնությունը տասներեք արշին, լայնությունը յոթ արշին: Բայց այնպես գեղեցիկ բան պիտի լինի, որ վալիի սարայում էլ նմանը չգտնվի: Ուշացնելու չէ, պիտի այս շաբաթ սկսես, որ ժամանակին հասնի։
Անթառամը չգիտեր ի՞նչ պատասխան տալ անօրենին։ Նա յուր որդու՝ Արտաշի, ականջում ասաց, որ բեգին հայտնի, թե շուտով գյուղացիք յայլա էին գնալու, այդ բանը հետաձգելու էր մինչև ձմեռ։ Իսկ Քյալաշը որդու խոսքը ընդմիջեց և կնոջ կողմից խոստացավ բեգին, որ հրամանը անպատճառ ժամանակին կկատարվի: Անթառամը, յալաշի սպառնալիքներից ստիպված, հավաքեց յուր շուրջը հարս-աղջիկ և ամառանոցում կաթնային գործերը կատարելուց հետո, մնացյալ ժամանակը զբաղվում էին թելեր մանելով, ներկելով, հինելով և գործելով։ Թշվառ կանայք այնքան զբաղված էին, որ մայիսի մեջ երկնքի առատապես շնորհած պարգևը հավաքելու ժամանակ չէին գտնում, որով գոնե կարողանային ձմեռը, մեծ պասին կերակրել իրենց կաթնակերներին։
Սարայը պատրաստ էր, մնում էր միջի զարդարանքը։ Աղքատ գյուղացու պատռած ու կեղտոտ փալասներովդ չէր կարելի զարդարել, թանկագին գորգեր, կերպասներ, բեհեզներ և ոսկեթել դիպակներ էին հարկավոր, այնպիսի կտորներ, որոնց մասին գաղափար անգամ չուներ կոպիտ մշակը։ Ջինգյանայի ծակ քսակից երբեք արծաթ, ոսկի չի դուրս գալ մետաքս ու դիպակ գնելու, բայց նա յուր թափառական կյանքում, մեծատան և իշխանական դոներում յուր ապրուստը մուրալիս դրանց մասին կարողանում է գաղափար կազմել։ Ո՞ր ջինգյանան չէ՝ Հաճոյացել յուր երգերով առատաձեռն աղային կամ նրա տիկնոջը և չէ արժանացել յուր կյանքում հինգ-տասը կիսամաշ կամ մնացած զգեստներով կուրծքն ու ագդրը զարդարելու։ Մամոն, որ այնչափ բաց բերաններից չէր, տիրոջ աչքով քննել էր արևելյան իշխանականների ճոխ ապարանքները։ Նա ուզում էր նմանիլ Բաղդադի, Շամի, Կահիրեի փարթամ կալվածատերեին։
Քյալա՛շ քեհյա, ահա ուստա Սեթոն պրծավ գաջի ծեփվածքը, ապակիներն էլ խո՛ ժամկոչի տղան ղալամը ձեռքին գիշեր֊ցերեկ նախշում է, բայց ինչպե՞ս անենք միջի սարքը։
Պետք է երթալ Արզրում և հարկավոր եղած կահ-կարասիները գնել և բերել։ Այնտեղ ինչ որ պետք է կգտնես։
«Կգտնե՛ս», բայց գտնելու համար փող է պետք, առանց փողի ո՞վ ինձ ապրանք բաց կթողնե, այն էլ թանկագին ապրանքներ՝ մետաքսի, բրդի կտորներ, արծաթյա, ապակյա անոթներ, դրանք նիսիա չեն ծախում։
Ուղիղ է, դրանց համար կանխիկ և շատ փող է պետք։
Տիրեց խորհրդավոր լռություն․ երկուսն էլ զբաղված էին փող ճարելու մտքով։ Ո՛չ հեշտ էր այնքան փող ճարելը և ո՛չ էլ ձեռքները կշարժվեր այդքան փողը քսակից հանելով, վաճառականին վճարել։ Քիչ մտածելուց հետո մի խորհրդավոր ժպիտ երևեցավ Մամոյի ճակատի վրա, և նա ուրախ֊ոլրախ կանչեց,․ Սուլո՛, Սուլո՛, ձիերը թամքի՛ր, Մատոյին էլ ասա պատրաստվի։
Ո՞ւր ես մտադիր գնալու, ասաց Քյալաշը։
Արզրում կամ Խարբերդ, ձիս ո՛ր ճանապարհը որ բռնե։ Հա՛, լավ կլինի, քո քյոհլանը տուր, մի փառավոր կերպով մտնեմ քաղաք, էլի կվերադարձնեմ…
Քեզ փեշքյաշ, Սուլո՛, գնա՛ թամքիր, թեև երեսանց, ասաց Քյալաշը, բայց բարկությունից քիչ մնաց սիրտը տրաքեր։ Նա յուր սեփական ձին, որին աչքի լսի հետ չէր փոխիլ, որի վրա որդին անգամ չէր բարձրացել, թույլ տար, որ մի մուրացկան, ջինդյանա նստի՞ … բայց արդեն ուշ էր, նժույգի համար չէր կարելի նրա սիրտը կոտրել։ Երբ մի ժամ հետո Մամոն յուր ձիավորների հետ սլացավ գնաց, Քյալաշը նրանց ետևից երկար ժամանակ դիտելուց հետո ասաց քթի տակ.
Անոթի գա՛յլ, հերիք չէր որ փորդ կշտացրի, թիկունքիդ և ազդրիդ մերկությունը ծածկեցի, բոբլիկ ոտքերդ տաքացրի, հիմի էլ աչքդ տնկեցիր իմ քյոհլանիս վրա՞։
Հայտնի բան է, այս խոսքերը ոչ միայն չէր լսում Մամոն, այլ մտքովն անգամ չէր անցնում, որ յուր ընթացքով վրդովում էր Քյալաշին։ Քուրդը, որ հազիվ նպատակին հասել ու ձեռք էր բերել նժույգը, անընդհատ սանձարձակ մղում էր, մինչև բոլորովին հեռացան Թեմրանի սահմաններից։
Կոռո՛, Սուլո՛, ասաց ճանապարհին Մամոն, երեկվա Եկավեկացվենց քարավանը ո՞ր կողմը գնաց։
Բալու։
Հիմա նրանք որտե՞ղ կլինեն։
Բալվա սահմանը դեռ անցած չեն լինիլ:
Քշենք, նրանց հասնենք։ Ամեհի երիվարները անդադար արշավելով անցնում էին դաշտեր, սարեր ու ձորեր։ Քրդական օբաներում երբեմն-երբեմն իջնելով, թե՛ իրենց և թե՛ անասուններին կերակրում, կշտացնում և, առանց հանգստանալու, դիմում էին իրենց նպատակին։
Ութ օր հետո Մամոն յուր ձիավորներով Մշում յուր ծանոթներին այցելելուց հետո դիմեց Արզրում։ Մի ամիս Արզրում մնաց, մինչև որ ոսկերիչներն ապսպրած զանազան անոթները պատրաստեցին և այդ ժամանակամիջոցում Սուլոն և ընկերները քաղաքից Թեմրան էին կրում բեգի գնած զանազան հախճապակյա ամանները, էպինոսի զարդերը, հայելիները Ղարսից բերել տված նիկելի հեշտաեռները՝ իրենց պարագաներով։ Արդուզարդի բոլոր պարագաները գնելուց հետո նա Արզրումից վեր առավ հայտնի հալաջ ստամբուլեցու Յուսուֆ ուստային դիմեց Թեմրան։ Մի ամիս չանցած հալաջը Լիոնի, Դամասկոսի և Լահորի թանկագին կերպասներով և դիպակներով զարդարեց Մամո բեգի դահլիճների և սենյակների բազմոցները, գահավորակները, բազկաթոռները, աթոռները, դռների ու լուսամուտների վարագույրները, և Անթառամի գործած ծաղկուն գորգը սրահի հատակի վրա փռելուց հետո մեծ վարձատրությամբ վերադարձավ իր տունը։