Ատրպետ

Ժառանգներ

ՀՈՒՍԱՀԱՏ Ա, Բ, Գ
Ա

Փրթոյի քայլերը բոլորովին դուր չէին գալիս Արտաշին։ Նա նկատում էր բեգի որդու չարամիտ ակնարկները, որոնք հառած էին միշտ յուր սիրասուն քրոջ վրա։ Օրեցօր ավելի աչքի էր ընկնում Փրթոյի վարմունքը, նա աներկյուղ պտտվում էր Ամիրխանենց տան շուրջը։ Դեռ մի քանի անգամ նա խոսք էր գցել և միտքը հասկացրել Աննմանին էլ, Արտաշին էլ։ Այս սոսկալի կացությունից ազատվելու համար Արտաշը Ավագի հետ խոսեց և վճռեցին օր առաջ պսակվել և գործին վերջ տալ։ Համբարձման օրերի մոտ սկսեցին պատրաստություն տեսնել, գնացին, խնդրեցին տերտերին, որ առաջիկա կիրակի պսակի խորհուրդը կատարե։

Մինչ նոր պսակ պիտի սպասեք, ասաց տերտերը։ Հայրապետների գիրքը խո ես չե՞մ կարող փոխել և նրանց խոսքը կտրեց։

Ախր մենք չարության վերջ տալու համար ենք խնդրում, մեզ ազատեցեք սպառնացող վտանգից, թախանձում էր Արտաշը։

Տերը կպահպանե, ինչ որ ձեր ճակատին գրել է, այն էլ կլինի։ Այսքան տարի սպասելուց հետո երեք շաբաթ էլ կարող եք սպասել։ Այն ժամանակ տերտերն էլ կպսակե։

Գոնե, տերտեր, այս խնդիրը ձեզ մոտ խոստովանանք մնա, այն օձի ծնունդի ականջը չհասնի, մինչև պսակենք, վերջացնենք։

Դուք հանգիստ եղեք, աստված կպահպանե մեզ ամեն չարիքից, թե ապաշխարելու մեղք չունենք։

Մեղք… արդյոք ի՞նչ մեղք ենք գործել նրա դեմ։

Այս անցքերից հետո Ավագի հանգստությունը կտրվեց, և նա պահապան շների հետ Ամիրխանենց կտուրի վրա էր անցկացնում գիշերները, մահակը ձեռքին, դաշույնը գոտուց կախ գցած և յափնջին ուսերին։ Բավական չէր ամբողջ ցերեկը ոտ վրա անդադար դատելը, գիշերն էլ անքուն երգելով ու երեվակայելով էր անցկացնում Ավագը։ Խեղճ պատանին, ականջները սրած, ամեն մի շշուկ, ամեն մի ձայն լսելիս պատրաստ էր դիմադրելու դժոխքից փախած ճիվաղին անգամ։ Քամին, ցուրտը, ցողը, եղյամը նա ուրախությամբ տանում էր և բուսն սիրո կրակով բորբոքված՝ չէր էլ զգում սրանց ազդեցությունը։ Աննմանի համար նա պատրաստ էր զոհվելու, նրա սիրո համար շատ աննշան էր համարում մի այդպիսի զոհը և համոզված լինելով յուր պաշտելուց կատարելապես սիրվելը, ինքն իրեն աշխարհի ամենաերջանիկ արարածն էր համարում։ Արշալույսին, արևագալից դեռ շատ վաղ, երբ դուռը բաց էր անում Աննմանը ոչխարը կթելու և հովիվներին ճանապարհ գցելու, նրա յուր պահապանի կողմը դարձրած մի քաղցր հայացքը, մի բերկրալի ժպիտը անվերջ ուրախությամբ էր լցնում Ավագի սիրտը, որը նույն տեսարանի նկարը անջինջ կերպով մտքումը տպավորած, հեռանում էր, դիմում յուր առօրյա գործին։

Այդ երեք շաբաթվա ընթացքում Ավագը յուր շներով երեք անգամ դիմադրել էր Փրթոյի և նրա լեռնական ընկերների հարձակումներին։ Այնպես ահագին աղմուկ էր բարձրացնում, որ ողջ գյուղը զարթնելով օգնության էր վազում, և չարամիտները թողնում, հեռանում էին։ Այդ հարձակումները ավելի ու ավելի սաստկացնում էին Արտաշի մտածությունները, և նա օրեցօր սոսկալի էր գտնում յուր թշվառ վփճակը։

Բ

Երկար մտատանջություններից հետո Արտաշն ու Ավագը գյուղի մեջ գտնվող իրենց քաջասիրտ ընկերների հետ խորհուրդ արին և որոշեցին, որ ամեն գիշեր քսանի չափ երիտասարդ հսկեն Ամիրխանենց տան շուրջը։ Որովհետ և երիտասարդներից շատերն էլ ունեին իրենց նշանածները, կամ հասած քույրերը, որոնց նույնպես սպառնում էին Մամոյի ծառաները, հովիվներն ու հոտաղները, այդ իսկ պատճառով բոլորն էլ անկեղծ կերպով միացան և հանձն առին իրար համար ամեն տեսակ զոհողություններ կատարել։ Մամոն, թեև ամեն մի տան ծակ ու ճեղը ման գալով, բոլոր զենքերը հավաքել էր տվել, բայց արի երիտասարդներից շատերը իրենց ղամաները (դաշույն), կեռ թրերը և ղարաբինաները կարողացել էին թաքցնել, որոնցով զինվում էին հերթապահ գիշերները։

Այս գիշերային հսկողությունները շատ զայրացրին Փրթոյին և ընկերներին, որոնք հանգամանքներն իմացրին Մամոյին։ Սա սաստիկ կերպով կատաղեց և երկյուղից չէր իմանում, թե նրանց ինչպես դիմադրեր։ Ամեն օր, Մամոն կանչում էր յուր մոտ Տեր-Մելիքսեթին և պատվիրում, որ գնա, գյուղացիներին քարոզե, որ ով որ զենք ունի, տանե բեգին հանձնե, սպառնալով, որ հակառակ գտնվողը կբանտարկվի և նրա ինչքը կգրավվի։ Իսկ Սուլոն և ընկերները առավոտից մինչև իրիկուն այս տունն ու այն տունը մտնելով, բոլոր կահ-կարասիները քանդում, տակնուվրա էին անում՝ զենք փնտրելու պատրվակով, և աչքերն ընկած առարկաները հափշտակելով, հեռանում։

Մի քանի անհաջող հարձակումները սաստկացրին Մամոյի երկյուղը, որն անդադար նախատում էր, հայհոյում անշնորհք ծառաներին և որդուն։ Այս անհաջողություններին հաջորդեց մի էլ զարհուրելի լուր, որը թեմրանցիք միայն իրար ականջի մեջ էին փսրտում, թե.

Մինաս քեհյան, որ Արզրումի միջնաբերդի բանտից փախչելուց հետո Ղարս էր գնացել, լոռեցի մի քանի տասնյակ երիտասարդների հետ եկել, անցել է Դերսիմ։ Այս լուրը մեռելային սարսուռ գցեց Մամոյի սրտում։ Բավական մտատանջվելուց հետո Մամոն գնաց Քղի, յուր բարեկամ ղայմաղամի մոտ և նրա հետ խորհրդակցելուց հետո որոշեցին, որ շատացնեն զապթիեների թիվը։ Վալիին հարկ եղած զեկուցումը գրելուց հետո անմիջապես վերադարձավ Թեմրան և շրջակա քրդերից քսանի չափ երիտասարդներ զինեց մարտինի հրացաններով, հանձնեց որդուն, որպեսզի նրանց հետ ձիավորված շրջի յուր վիճակի սահմանները, կասկածելի անձնավորություններին ձերբակալելու։

Այս ձիավորները թե իրենց, թե ձիերի ուտելիքը, խմելիքը, հագնելիքը բռնի գյուղացիներից մտրակելով հափշտակելուց հետո Մամոյից էլ պահանջում էին իրենց ռոճիկը և ուրիշ ծախսերը։ Մամոն էլ այս ծախսերը թեև բարդեց գյուղաիների հարկի վրա և տանուտերերին բռնադատում էր, որ հավաքեն իրեն հանձնեն, բայց գյուղացիներն էլ ոչինչ չունեին վճարելու, լոկ կյանքներն էր մնացել, այն էլ կծախեին, բայց գնող չկար։

Գ

Հոգեգալստի կիրակին էլ անցավ։ Ամբողջ Բեմրանի դաշտն ու սարերը դալարով էին ծածկվել։ Բարեբախտաբար այդ տարին էլ առատ էր անձրևը, ցանքերը մեկին երեսուն-քառասուն էին խոստանում։ Ուրախ էր ժողովուրդը, ուրախ էին երիտասարդները, նամանավանդ աղջիկները, որոնց ամուսնանալու, հարսանիքի ծախսերի ու զարդերի համար առատ շնորհել էր բնությունը և պսակել նրանց ջանքերը առատ բարքերով։ Թեմրանցի երիտասարդները միախորհուրդ իրար օգնելու վճռից հետո, քրդերի և Մամոյի տղի ատամները մի քանի անգամ փշրել էին, էլ չէին հանդգնում և ոչ մի տան մոտենալու։ Տղերքն իրար ետևից նշաններ էին դնում, աղջիկները մեկ-մեկ իրենց մուրազին հասնում։ Աղի էր խմածները լեղի էր կերածները, արտասուքները այտերի վրա դեռ չէին չորացել, վերքերը դեռ չէին բուժվել, սրտերից կսկիծը դեռ չէր դուրս եկել, բայց մի հանգիստ շունչ քաշելով, հուսադրվել էին և ապագա հույսերով առաջ էին մղվում։ Առաջին պսակին երկու հարսանիք միասին էին կատարվելու գյուղում, և ողջ գյուղը այդ հանդիսով էր զբաղված։

Ավագը Աննմանի հետ էր պսակվելու, Արտաշն Անահիտին էր իրենց տուն բերելու։ Ամիրխանենց տունը նորից շենանում, փարթամանում և նրա ծուխը երկինք էր բարձրանում ու ամեն բերան բարի մաղթանք էր կարդում այդ տան նորաբողբոջ տնվորների համար:

- Օհ,- ասում էր մի ծերունի իրեն շրջապատողներին,- տաշված քարը գետին չի մնալ, այդ քարը կվերցնեն էլի պատի ճակատին կդնեն:

- Աստված մեծ է, ողորմությունն անչափ: Հոր հազարները փչացնելը ամեն տեղ տեսնված է, բայց ղոչաղ տղեն էլի կծխացնե հոր քանդված օջախը:

- Աստված զորացնե այդպիսի տղերքը, մարդը սյուն դարձավ, կանգնեցրեց հոր պապենական օջախը,- ասում էր մի ուրիշը:

- Եվ որքա՜ն քաջասրտություն տվեց մեր մատղաշներին: Մեր ցախավելով մոտ արած տղերքին սերտ գործի կպցրեր, հանդը, սարը, ձորը ծաղկեցրեց: Աստված օրհնե դրա ծնունդը, շատ ապրի այդպիսի բարի զավակը:

Հարսանիքի պատրաստությունները վրդովում էին Փրթոյին ու Մամոյին: Բեգի երազը, Փրթոյի իղձը խեղդվելու էին: Գիշեր-ցերեկ Մամոն մտածելով, մի ճանապարհ չէր գտնում, որ կարողանա նպատակին հասնել՝ Ամիրխանենց ժառանգի հետ իր որդուն՝ Փրթոյին կապելով, իսպառ յուրացնել Թեմրանի ընտիր կալվածները: Ինչպես համառ Անթառամը ոչ մի կերպ չէր զիջել, չէր անձնատուր եղել Մամոյին. նրա համառագույն որդին ու աղջիկն էլ խիստ կերպով ընդդիմադրում էին Փրթոյին և ընկերներին:

Մամոն, ճարը կտրված, հարսանիքի նախընթաց իրիկունը կանչեց յուր մոտ տեր-Մելիքսեթին և զանազան սպառնալիքներով, նախատինքներով ուղարկեց Արտաշի մոտ, որ քրոջը չտա գոնե այն մուրացկանի որդուն՝ Ավագին: Միաժամանակ տերտերին էլ սպառնաց, որ եթե պսակեմ եղբորը քեհյայությունից կզրկե, երկուսին էլ միասին կբանտարկե: Այս բանը ավելի կատաղեցրեց Արտաշին, Ավագին, որոնք ընկերների հետ ուխտեցին. կամ ամբողջապես մեռնել և կամ գլուխ բերել սիրահարների ամուսնությունը: - Արտաշ,- ասաց տերտերը բեգի մոտից դուրս գալով և Ամիրխանենց դուռը դիմելով,- արի ետ կեցիր այդ մտքից։ Մի ուրիշի կտաս Աննմանին, ինչի՞ ես այդ պատճառով զայրացնում բեգին, վախենում ես տա՞նը մնա քույրդ։ Բեգը համաձայն չէ, որ դու քրոջդ տաս այդ մուրացկանի տղին։

- Տերտեր, բավակա՛ն է, բավակա՛ն։ Դու էլ նրա եղանակով հերիք է պար գաս։ Հանդերս տիրեց, կայքերս խլեց, մալերս գրավեց, հերի՜ք է, խո հոգիներս էլ չի՞ կարող առնել։

- Ախր, որդի՛, «այն ձեռքն, որ չես կարող կտրել, պագ ու ճակատիդ դիր», ահա մեր մեծարանց խոսքը։

- Տերտե՛ր,, թե դու էլ ցնորվել ես, թե քու սրտից էլ դուրս է եկել ավետարանի խոսքը, այդ ուրիշ բան է, բայց ես կմորթեմ Աննմանին իմ ձեռքով և չեմ թողնի, որ նրա հոգին սևանա, թուրքանա, քրդի լաճին կնիկ դառնա։ Ես իմ ձեռքով իմ քրոջը չեմ տալ ջինգյանա Մամոյի ու Ֆաթոյի լամուկի ճանկը։

- Դու գիտես, որդի՛, բայց արի ինձ լսիր, մի թույլ տալ, որ մեծ իրարանցում, սրածություն գա մեր գեղի գլխին։ Մեկ Աննմանի պատճառով քանի՜-քանի՜ անմեղ, աննման տղերք ու աղջիկներ կարող են կոտորել բեգի մարդիկը։ Արի՛ դու քու ձեռքով զոհիր այդ մեկին ու ազատիր մնացող խեղճերին։ Բեգի տղեն խելռում է Աննմանի համար, նա յուր ընկերներով արյունով կողողե մեր գեղը, և դու պատասխանատու կմնաս առաջին աստծու և առաջին մարդկանց։

- Տերտե՛ր, տերտե՛ր, եթե ես թողնեմ, մենք թողնենք… Այսօր իմ քրոջս կտանեն, էգուց քու աղջիկը, մյուս օրը՝ դրացիինը և այդպես անվերջ կտանեն ու կտանեն։ Ո՛չ, ո՛չ, տերտեր, այդ ճանապարհը մեզ կջնջե աշխարհից, ավելի լավ է ես առաջ իմ քրոջս խեղդեմ, արյունաքամ անեմ, հետո տամ այդ անիծածի ձեռքը նրա սառած դիակը։ Ես իմ ձեռքով ողջ-ողջ չեմ հանձնիլ քրոջս անհավատին։

- Մեղքը քու վզին, ես իմս ասի, էլ չեմ խոսի,- ասաց հեռանալով ավետարանի անարժան աշակերտը։ Տերտե՛ր, տերտե՛ր, այդ խոսքերն ինձ ասիր, ուրիշին չասես, ետևիցն ասաց Արտաշը, ուրիշ տեղ բերանդ չբանաս, թե չէ գլուխդ մի հարվածով կթռցնեմ։

Տերտերը սաստիկ էլ վախկոտ էր, Արտաշից սոսկում էր։ Սա մնացել էր երկու կրակի մեջ, բեգը մի կողմից, Արտաշը՝ մյուս կողմից նրան սպառնալիք էին կարդում։ էլի բեգի ճիրաններից մի կերպ ազատվելու հույս ուներ, բայց Արտաշը անողորմաբար կիրագործեր ասածը, եթե տերտերը հանդգներ նրան հակառակ գործել։

"Ժառանգներ" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել

Աղջիկները ծաղիկներով, 1964
Աղջիկները ծաղիկներով, 1964
Խաղա առցանց