Ալեքսանդր Շիրվանզադե
Զուր հույսեր
XVI - XVII
XVI
Տիկին Սոփիոյի հույսերը խաբվեցին։ Նա կատաղած էը ոչ միայն Մարիամի, այլև Հալաբյանի դեմ։ Այժմ նա պախարակում էր ամուրիին, աշխատում էր փքել նրա ամեն մի թերությունը, մոռանալ բոլոր լավ հատկությունները։ Հալաբյանր ծեր է, տգեղ է, տգետ է, արժե՞ Նատալիայի մի մատին անգամ։ Երբեմն յուր սրտի թույնը տիկինը թափում էր իշխան Սահարունիի գլխին։
Մեղավորը դու ես, եթե մեջտեղ չընկնեիր, ես նրա անունն էլ չէի տալ։ Նա ո՛վ է, ո՛ւմ որդին է, ի՞նչ մարդ է որ…
Իսկ իշխանը հասկանում էր քրոջ հոգին, գիտեր, նրա կատաղությունը ուրիշ ոչինչ է, եթե ոչ անաջողության արգասիք։ Նա ինքն էլ հուսահատված էր։ Այն օրից, երբ տեսավ, որ Հալաբյանին դժվար է փոխել, որ անկարելի է Նատալիային նրա վզին կապել, չէր իմանում ինչպես համոզեր քրոջը, որպեսզի նա յուր ամուսնուց մի բան պոկե։
Այլ էր եթե իշխանի անցյալ կյանքի փորձերից խրատված չլինեին թե՛ տիկին Սոփիոն և թե' Նիկողայոսը։ Բայց օրինակները պարզ էին, և Նիկողայոսը շատ լավ էր ճանաչում նրան։ Գիտեր, որ երաշխավոր լինել իշխան Սահարունիի համար, կնշանակե՝ նրա պարտքը անպայման յուր վրա վերցնել, զուտ փող տալ նրան՝ կնշանակե տվածից հավիտյան ձեռք վերցնել։ Դրստիր բանս, եթե այս եղունգիս չափ սիրում ես ինձ, անդադար հորդորում էր իշխանը յուր քրոջը։
Չեմ կարող, չեմ կարող, չեմ կարող։ Նիկոն քեզ չի հավատում, ասում է՝ այնքանն էլ հերիք է, ինչքան տվել եմ, ստացածը հետ տվե՞լ է, որ նոր պարտք է ուզում։
Ասա նրան, որ ինչ որ ինձ տվել է, տոկոսով հետ կստանա ժամանակին։ Իշխան Սահարունին քարվանսարի բազազ չի, որ սուտ կոտր ընկնի, ուրիշի փողերը կուլ տա։ Իմ անունս ու պատիվս միլիոններով չեմ ծախիլ… Հասկացրո՛ւ նրան, լսո՞ւմ ես։
Եթե կարող ես, ինքդ հասկացրու, ես այսուհետև ձեր մեջ գործ չունեմ, դրապես հրաժարվեց Սոփիոն։
Մի օր իշխանը փողի սաստիկ կարոտություն ուներ: Նա թղթախաղում տանուլ էր տվել մի բավական զգալի գումար։ Ինչ-ինչ այս տեսակ պարտքերը նա ճշտությամբ վճարում էր։ Փորձեց սրանից-նրանից խնդրել, ամենքը մերժեցին, ոչ ոք չէր հավատում նրա վարկին։ Մի առավոտ նա դարձյալ վազեց Սոփիոյի մոտ։ Նիկողայոսը տանը չէր։ Նա հրավիրեց քրոջը մի առանձին սենյակ և, գրպանից մի մուրհակ հանելով, դրեց նրա առաջ։
Առանց այլևայլի, այս վեքսիլի տակ մարդուդ ստորագրել կտաս, գոչեց նա հրամայողական ձայնով։
Սոփիոն վախեցավ նրա հուսահատությամբ լի կատաղի աչքերից։
Որ չուզենա ստորագրել, ի՞նչ անեմ։
Հրամայում եմ քեզ, որ ստիպես։ Այդ քո գործն է։
Տիկինը ավելի զարմացավ։
Սրափիոն, ի՞նչ ես խոսում, հրամայելս ո՞րն է։
Կարճ ասա, չե՞ս ուզում կատարել...
Սոփիոն մի քայլ հետ դրեց և լուռ նայեց եղբորը ոտից մինչև գլուխ։
Չե՞ս ուզում, կրկնեց իշխանը։
Չէ։
Լավ, ասաց իշխանը և շինծու հանդարտությամբ, մուրհակը վերցնելով, դրեց գրպանը, ուրեմն թող մարդդ պատրաստվի բերդը գնալու… Սոփիոն գունաթափվեց։
Բե՞րդը… արտասանեց նա, դողդողալով։
Այո՛, բերդը։ Հերիք է, ինչքան ես նրան խնայեցի քո խաթրու, հերիք է, ինչքան թաքցրի նրա կեղտոտ բաները։ Այժմ ինձ համար դիփ մեկ է, եթե այս վեքսիլով փող չստանամ, այ, սրանով կյանքիս վերջ կտամ, շարունակեց նա, սյուրտուկի ծոցի գրպանը բանալով և ցույց տալով ատրճանակի կոթը։ Ես կորչելու եմ, թող Նիկողայոսն էլ կորչի։ Այս րոպեիս կգնամ պոլիցիա և ինչ որ մարդուդ հետ միասին արել ենք, բոլորը կպատմեմ, հետո դու տես, թե ինչ կլինի։
Այս սպառնալիքը միանգամայն սարսափեցրեց Սոփիոյին, որ ապուշ դարձած լսում էր։
Ի՞նչ ես խոսում, ի՞նչ եք արել միասին, գոչեց նա, շունչը կտրված և ուժասպառ նստելով աթոռի վրա։
Ի՞նչ ենք արե՜լ… Գողություն, ավազակություն, մարդասպանություն, կերել ենք, գռփել ենք, կողոպտել ենք խեղճերին, անտերներին։ Հերիք է, որ հարյուրից մեկը միայն մեկը բացվի, ես ու մարդդ Սիբիրում կլինենք…
Այլևս Սոփիոն չկարողացավ ուրիշ բան հարցնել։ Եղբոր խոսքերը ազդեցին նրա վրա անհաշիվ, անպայման։ Նա հավատաց լիովին, թե կա մի երկյուղալի գաղտնիք։
Տուր ինձ, տուր ինձ, դու գժվել ես, գոչեց նա, ձեռը եղբորը մեկնելով:
Իշխանը մուրհակը տվեց։
Երեք օր ժամանակ եմ տալիս, ավելի չեմ կարող, խստությամբ որոշեց նա։ Կա՛ց, վեքսիլը ստորագրել կտաս, բայց ինչ որ ասացի մեր արածների մասին, չես պատմիլ մարդուդ։ Հասկանո՞ւմ ես, մի խոսք էլ չես ասիլ, թե չէ՝ վատ կլինի ամենիդ համար։
Եվ երեք օր շարունակ տիկին Սոփիոն, բոլոր մյուս հոգսերը մի կողմ թողած, մուրհակը ձեռին չէր հեռանում ամուսնուց։ Ժամանակ-անժամանակ, առավոտ-երեկո, միշտ, երբ տանն էր Նիկողայոսը, նա միևնույնն էր կրկնում.
Կամ ինձ սպանիր, կամ այս վեքսիլի տակ ձեռ քաշիր։ Անտանելի էր Նիկողայոսի դրությունը։ Ընտանեկան կյանքը նրա համար կատարյալ դժոխք դարձավ։ Նա հուզված էր, բարկանում էր, գոռում էր, հրում էր ձեռքով կնոջ կրծքին, բայց իզուր։ Ինչպես մի անխուսափելի չարիք, մի բնական պատիժ, Սոփիոն անգութ կերպով հալածում էր յուր ամուսնուն, ստվերի պես հետևելով նրան ամեն րոպե, ա մեն վայրկյան։ Մերթ նա գոռում էր, մերթ աղերսում և մերթ արտասվում, աշխատելով թունավորել մարդու հանգստությունը։
Ուրիշ ելք չկար։ Վերջապես Նիկողայոսը համաձայնեց, միանգամայն հաղթված համառ կնոջ անընդհատ հալածանքից։
Բայց ասա եղբորդ, պատվիրեց նա, մուրհակը ստորագրելիս, այս վերջին անգամն է լինելու...
Իշխանը փողը ստացավ բանկից, և այնուհետև մոռացավ (գուցե առժամանակ) Նիկողայոսին էլ, Սոփիոյին էլ, բոլոր Սադափյաններին էլ։
Ձմեռվա ընթացքում Նիկողայոսի գործերը այնքան հաջող գնացին, որ կարողացավ յուր պարտքերից մի քանիսը վճարել։ Մնում էին մի քանի խոշոր պարտքեր, ի միջի այլոց, և Հալաբյանից վերցրածի մի մասը։ Մի օր հանդիպեց ամուրիին և խնդրեց մի քանի ամիս ևս համբերել։ Հալաբյանը անտարբեր կերպով գլուխը շարժեց, կարծես, միևնույնն էր, կստանա՞ր յուր փողերը, թե ոչ։
Ես մինչև մահ չեմ մոռանալ, որ ձեզանով ոտքի կանգնեցի, ասաց Նիկողայոսը երախտագիտաբար։
Ոչի՜նչ չեմ արել ձեզ համար, որ ինձ չմոռանաք, արտասանեց Հալաբյանը վհատված ձայնով։
Փա՛հ, բաս ո՞վ է արել...
Շնորհակալ եղեք ձեր եղբոր որդուց։
Նիկողայոսը զարմացավ։ Առաջին անգամն էր նա այդ լսում: Այն ժամանակ Հալաբյանը բացատրեց բանի էությունը, հայտնեց, թե լոկ Ռուբենի խնդրելովն է նրան օգնել։
Ռուբե՞նը, Ռուբե՞նն է ինձ համար ձեզ խնդրել, գոչեց Նիկողայոսը, չհավատալով յուր լսելիքին։ Այո, Ռուբենը… բայց… արտասանեց Հալաբյանր և, գլուխը երերելով, հեռացավ։
Անհասկանալի, նույնիսկ անբնական էր թվում Նիկողայոսին վեհանձնության մի այդպիսի օրինակ։ Ի՞նչպես, նա, որին զրկել է, որին յուր տնից համարյա թե արտաքսել է, հանկարծ մոռանում է ամեն ինչ և կողմնակի օգնո՞ւմ է յուր զրկողին, այն էլ գաղտնի՞ կերպով։ Ոչ, այդ անկարելի է, մեջտեղ մի բան կա։ Մարդ ասված արարածը երբեք չի կարող այդչափ վեհանձն լինել։
Նա պատմեց Հալաբյանից լսածը յուր ամուսնուն։ Տիկին Աոփիոն, լսելով Ռուբենի անունը, կատաղեց, փրփրեց։
Այդ էր պակաս, համ ութ տարի մեր հացով ապրի, համ մեզ խայտառակ անի քաղաքում, համ էլ մեր բարերա՞րը լինի։ Չէ, Նիկո՛, մի' հավատալ, սուտ է, Ռուբենը այն պտուղը չէ…
Երբ նույն բանը լսեց յուր մորից Նատալիան, քահ-քահ ծիծաղելով ասաց.
Եթե ուրիշին օգնել կարողանում է, ինչո՞ւ շվեյկա քրոջը չի օգնում։
Օրիորդ Նատալիան այժմ Մարիամի անունն անգամ լսել չէր ուզում, ուր մնաց նրա եղբոր բարեկամությունը ընդունել։ Այն երազը, որ նա հույս ուներ կատարված տեսնել, այն ճոխ ու փարթամ կյանքը, որ պետք է զարմացներ ամբողջ քաղաքին, մնաց երազ։ Նա թեև ձայնակցում էր մորը, երբ վերջինը անխնա պարսավում էր Հալաբյանին, բայց կորուստը զգալի էր և շատ զգալի։ Տարի ու կեսից ավելի էր, նա վճռել էր յուր կյանքը կապել Հալաբյանի կյանքի հետ, թեև մյուս կողմից նա պտրում էր ավելի արժանավորին։ Սակայն բոլոր յուր շրջապատողների մեջ չկար ավելի լավը և հույս էլ չուներ երբևէ գտնել մի այդպիսուն, ուստի Հալաբյանն էր մնում միայն։ Այժմ դուրս է գալիս մի ատելի աղջիկ և վերջնապես խորատակում է նրա հույսերը։
Ահա ինչու նա այնքան կատաղել էր, նրա խելքը կրքից այնքան խավարել էր, որ ոչ մի միջոց չէր խնայում Մարիամի պատիվը արատավորելու համար։ Ոչ ոք այնպես ջերմ չէր պաշտպանում բժիշկ Մելիք-Բարսեղյանին, որպես նա, ոչ ոք Մարիամի բարոյականությունը այնքան չէր զրպարտում, որքան այդ նախանձոտ աղջիկը։
Մի անգամ նա ոտով զբոսնում էր Գոլովինսկի պրոսպեկտի վրա, մի քանի կավալերներով շրջապատված։ Պատահաբար հանդիպեց Մարիամին, որ Սաթենիկի հետ գալիս էր դեմուդեմ։ Մի քանի քայլ մնացած նա ինչ-որ ասաց յուր ուղեկիցներին, բոլորը ուշադրություն դարձրին Մարիամի վրա, իսկ ինքը բարձրաձայն ծիծաղեց, համեստության սահմանից դուրս գալով։ Մոտովը անցնելիս նա մի այնպիսի կատաղի հայացք ձգեց Մարիամի վրա, որ, կարծես, պատրաստ էր հարձակվել և տեղն ու տեղը խեղդել նրան։
Ֆո՛ւ, կատարյալ ֆուրիա է դառել այդ աղջիկը, շշնջաց Սաթենիկը Մարիամի ականջին։
Մարիամը անուշադիր թողեց Նատալիայի ծիծաղը և կռվակոչ նայվածքը, անցավ։ Նա վերջին ժամանակ մոոացել էր յուր ակամա ոխը Նատալիայի և տիկին Սոփիոյի դեմ։ Եվ առհասարակ հետզհետե նրա սրտում մեղմանում էր ատելության զգացմունքը ոչ միայն դեպի յուր հեռավոր հակառակորդները, այլ անգամ դեպի նա, որ ավելի, քան ովևէ վայելում էր նրա կծու ատելությունը։ Թե ինչպես պատահեց այդ նա չգիտեր և չէր զգում։ Չէր զգում, որ Բագրատյանի գաղտնախորհուրդ անձնավորությունը, մի անհասկանալի դյութական զորությամբ, հաղթում և նսեմացնում է ամեն բան նրա աչքում։ Տակավին այդ մարդը նրա համար մի տեսակ առեղծված էր, տակավին չէր հասկանում, թե ինչ է կատարվում յուր շուրջը, ինչ մի գաղտնի գործ է այն, որ այդքան զբաղեցնում է թե՛ Բագրատյանին և թե Ռուբենին։
Ամեն օր երկու երիտասարդները տեսակցում էին վերջինի սենյակում, խոսում էին, վիճում և շտապով միասին դուրս գալիս։ Ո՞ւր էին գնում, ինչո՞ւ հայտնի չէր։ Սովորաբար պարզախոս Ռուբենը այժմ դառել էր գաղտնապահ, անհանգիստ, նյարդային։ Մերթ Մարիամը նրան տեսնում էր սեղանի մոտ նստած, ինչ-որ մի քարտեզ առաջը դրած, խորասուզված մտքով նայելիս, մերթ թղթի վրա ինչ-որ հաշիվներ անելիս։ Նա նկատում էր, որ եղբայրը այլևս չէր պարապվում յուր սովորական գործերով չէ կարդում, չէ գրում։ Այս բոլորը ավելի ու ավելի սաստկացնում էր Մարիամի հիվանդոտ հետաքրքրությունը և դրդում նրան զանազան ենթադրություներ անել։
Սաթենի՛կ, ինչ մարդ է այդ Բագրատյանը, դառնում էր նա երբեմն յուր ընկերուհուն։
Սակայն Սաթենիկը նույնքան էր ճանաչում այդ մարդուն, որքան Մարիամը։ Մի անգամ վարժուհին ասաց, թե մի բան է լսել Բագրատյանի մասին, չգիտե որքան ճիշտ է:
Ի՞նչ, հարցրեց Մարիամը։
Ասում են, նա եկել է այստեղ մի շատ կարևոր գործով և շուտով պետք է գնա։
Ի՞նչ գործ է։
Չգիտեմ։ Ինձ ասաց իմ ծանոթներից մեկը, Բագրատյանի ուսանողական ընկերն է եղել։ Եղբայրդ էլ այդ գործով է զբաղված։
Ավելի ոչինչ չգիտեր Սաթենիկը։
Մարիամի հետաքրքրությունը փոխվեց անհամբերության։ Ռուբենը նրան ոչինչ չէր ասում և եթե մի բան հարցնում էր Մարիամը, նա բարկանում էր։ Երբեմն Մարիամը փորձում էր Բագրատյանին խոսեցնել։ Բայց իզուր։ Այդ երիտասարդը ամեն բանի մասին խոսում էր նրա հետ հաճությամբ, բայց երբ հարց էր լինում յուր մասին, նա կամ խույս էր տալիս պատասխանից, կամ բավականանում էր անորոշ խոսքերից։ Այնինչ Մարիամի համար յուրաքանչյուր անգամ նրա բնավորության և մտքերի մեջ բացվում էր մի նոր խորություն։ Մերթ Բագրատյանը դանդաղախոս էր, մերթ պերճախոս, բայց և միշտ հավատ ներշնչող, ոգելից, ազդու, մանավանդ այն ժամանակ, երբ խոսում էր կնոջ հասարակական դերի մասին։
Հաճախ, երբ Մարիամը առանձնանում էր յուր սենյակում, նրա մտախոհության առարկան այդ երիտասարդն էր։ Եվ որքան մտածում էր, այնքան անթափանցելի էր դառնում այդ մարդը նրա համար։
Պատահում էր, որ նրա մեջ զանազան կասկածներ էին ծագում Բագրատյանի վերաբերմամբ։ Թվում էր նրան, թե դա բախտախնդիրների մեկն է, որ ով գիտե ինչ-որ ներքին ձգտումները քողարկում է արտաքին խորհրդավորությամբ, օրիգինալությամբ։ Այդ անցյալի դառն փորձից առաջացած մի զգացմունք էր։ Ահա ինչու, երբ Ռուբենը սկզբում մի քանի անգամ զգացված գովեց Բագրատյանին, առանց, սակայն, հայտնելու նրա նպատակը, Մարիամի դեմքի վրա սահում էր մի կասկածելի ժպիտ։ Ժպիտ, որ, կարծես, արտահայտում էր.
Չե՞ս սխալվում արդյոք։ Դու այն մյուսին էլ գովում էիր...
Բայց ամեն անգամ, երբ օրիորդը երես առ երես հանդիպում էր Բագրատյանին, երբ լսում էր նրա առնական ազդու ձայնը, երբ նայում էր նրա աչքերի խորության մեջ թաքնված վշտախառն բարկությանը, երբ նրա սեղմված շրթունքների վրա տեսնում էր այն մշտական տխուր ժպիտը, փարատվում էին նրա կասկածները, և նա դարձյալ ենթարկվում էր նրա ազդեցությանը։ Ո՛չ, այդ ազդեցությունը նման չէ այն մարդու ազդեցությանը, որ այնպես մոլորեցրեց Մարիամին։ Ո՛չ, այստեղ կա մի բնական զորություն։ Դա ոչ խելքի, ոչ պերճախոսության, ոչ գիտության ուժն է, դա մի ուրիշ բոլորովին ուրիշ բան է։
«Ի՞նչ է, տեր աստված, ի՞նչ է», հարցնում էր Մարիամը անդադար և ոչ մի տեղից պատասխան չէր ստանում։
Արդեն ձմեռը մոտենում էր յուր վերջին, եղանակը սկսել էր մեղմանալ: Մարիամը զգում էր, որ փոքր առ փոքր վերադառնում են յուր ուժերը և նա հետզհետե կազդուրվում է մարմնապես։ Միևնույն ժամանակ, նա հոգեպես ևս փոխվում էր: Այլևս նա չէր նստում առաջվա պես ամբողջ ժամեր և ծանր վշտից ճնշված մնում մի տեսակ թմրած դրության մեջ: Այլևս դեպի շրջապատող կյանքը չէր զգում խորին անտարբերություն, ինչպես առաջ։ Ամբողջ օրը նա աշխատում էր մի անսովոր եռանդով, խոսում ու վիճում էր Սաթենիկի հետ և ազատ ժամերը ինքը խնդրում Ռուբենին գնալ միասին զբոսնելու։ Այս բոլորը ուրախացնում էր Ռուբենին և հիացնում Սաթենիկին։
Սիրելիս, ասաց մի օր վերջինը, դու այժմ կատարյալ վարպետուհի ես դառել, առանց իմ օգնության կարող ես ինքնագլուխ աշխատել։
Այո, կարող եմ և ուզում եմ աշխատել, պատասխանեց Մարիամը եռանդագին։ Բայց, գիտես ինչ, կարուձևի գործը ինձ չէ բավականացնում։ Ես ուզում եմ մի ուրիշ աշխատանք, մի ավելի ծանր, դժվար գործ…
Օրինակ, ի՞նչ գործ, հարցրեց Սաթենիկը, զարմանալով։
Ես ինքս էլ չեմ իմանում, բայց ինձ թվում է, որ կարուձևը դատարկ բան է, շատ դատարկ բան։
Սաթենիկը վիրավորվեց։ Մարիամը արհամարհում էր այն գործը, որին նա հոգով ու սրտով անձնատուր էր եղեք, և որի մեջ գտնում էր մի տեսակ երջանկություն։ Յուր ընկերուհու սրտին չկպչելու համար, նա բարվոք համարեց լռել, որպեսզի չարտահայտի յուր վիրավորանքը։ Սակայն Մարիամը զգաց յուր սխալը և շտապեց տպավորությունը մեղմացնել։
Ես չեմ արհամարհում քո պարապմունքը, ասաց նա, ընկերաբար ժպտալով, բայց կարծում եմ, դու և ես ընդունակ ենք ուրիշ ավելի բարդ գործ կատարելու։
Գիտես ինչ Մարո, արտասանեց Սաթենիկը հանդարտ եղանակով, ես տեսնում եմ, որ վերջին ժամանակ դու փոխվել ես։ Ասա ինձ ընկերաբար, արդյոք քեզ վրա մի նոր մարդ ազդեցություն չի՞ արել։
Այս անորոշ ակնարկությունը դուր չեկավ Մարիամին։ Նա հանդիմանաբար նայեց ընկերուհու երեսին։
Ինձ վրա՞… ոչ ոք և ոչինչ չի ազդել։ Ես առաջ էլ այսպես էի, միայն ամաչում էի քեզ ասել, կարծում էի դու կվիրավորվես։ Ախ, Սաթենիկ, գոնե դու ինձ լավ ճանաչեիր, հավատացիր, ես միշտ դժգոհ եմ եղել ինքս ինձանից, միշտ կարծել եմ, ինձ մի բան պակասում է։ Բայց երբեք այդ դժգոհությոմնը այնպես սաստիկ չի եղել իմ մեջ, ինչպես այժմ։ Եթե դու այդ ես փոփոխություն համարում, իրավունք ունես։
Այս խոսակցությունից անցել էր մի ամիս։ Առաջին օրերն էին։ Օդի մեջ արդեն տիրում էր գարնանային բուրմունքը։ Հարավային ջինջ երկնքի կապտությունը, արևի տաք ճառագայթները, ծառերի նորաբողբոջ տերևները, ծիծեռնակների ուրախ ծլվլոցը մի ախորժելի ազդեցություն էին գործում մարդու հոգու վրա, սիրտը լցնում էին դուրեկան զգացմունքով։ Մարդ զգում էր ապրելու և անհուն, անսահման երջանկություն վայելելու մի անհաղթելի ցանկություն։
Մի սիրուն օր էր։ Ռուբենը առավոտյան առաջարկեց Մարիամին մինչև քաղաքից դուրս ոտով զբոսնելու։ Մարիամը իսկույն համաձայնվեց։ Սաթենիկին ևս խնդրեցին, ընկերացավ նրանց։ Ռուբենը առաջնորդեց նրանց նախ մի նեղ և հետ ընկած փողոց, որ ճանապարհի վրա էր։ Մի երկհարկանի տան առջև նա խնդրեց օրիորդներին սպասել, ինքը մտավ ներս։ Փոքր անցած նա դուրս եկավ, Բագրատյանի թևից բռնած, Մարիամը ակամա մի ուրախություն զգաց։
Նրանք ծանր քայլերով անցան մի քանի փողոց և հասան քաղաքի ծայրը։ Ոչ մեկը չէր զգում ճանապարհի երկարությունը, այնքան զբաղված էին խոսակցությամբ: Առանձին տրամադրության տակ էր երևում այդ օրը Բագրատյանը։ Մերթ նա պատմում էր, մերթ զվարճախոսում և մերթ մինչև անգամ կատակներ էր անում Ռուբենի հետ։ Եվ Մարիամը, որ սովոր էր նրան մռայլ տեսնել նույնիսկ գվարճախոսելիս, զարմացած նայում էր նրա պայծառ կերպարանքին։ Նա չէր զգում այլևս ճնշումն, նա վստահ և համարձակ էր այդ մարդու մոտ։
Նրանք արդեն քաղաքից դուրս էին եկել։ Բարձրանում էին ապառաժոտ զառիվայրով Բեթխայիմի մի լեռան լանջը։ Ուղին նեղ էր, աջ ու ձախ զարդարված նոր-նոր կանաչող թփերով։ Ռուբենը գնում էր Սաթենիկի հետ առաջից։ Բագրատյանը և Մարիամը նրանց հետևից բարձրանում էին դանդաղ քայլերով, մերթ ընդ մերթ կանգ առնելով և մտիկ անելով դեպի հետ։ Ստորև բացվել էր մի սիրուն տեսարան - ընդարձակ քաղաքը յուր խիտ ծառաստաններով, խայտաբղետ կտուրներով, յուր ուղղագիծ և ծուռումուռ փողոցներով, հիսուն-վաթսուն եկեղեցիների արծաթագույն գմբեթներով, շրջակա դաշտերով ու լեռներով։
Մարիամը դիտում էր այդ տեսարանը հիացած։ Վաղուցվա ծանոթ պատկերը այսօր մի առանձին գեղեցկություն էր ստացել նրա աչքում։ Եվ զգում էր նա այդ տեսարանի ազդեցության ներքո մի տեսակ անդորր զվարճություն, խառն անորոշ մելամաղձության հետ։ Արեգակի ախորժելի տաքությունը, բարեխառն օդի թեթև հոսանքը պարգևում էին նրա հոգնած ջղերին հանգստություն, կարծես, ներշնչելով մի նոր ուժ, նոր կենդանություն։ Նրա գունատ այտերի վրա երևան էր եկել մի նուրբ կարմրություն։ Նրա թախծալի աչքերը ժպտում էին, արտահայտելով մեղմ և անուշ տրամադրություն։
Հանկարծ մի տխուր ստվեր վարագուրեց նրա դեմքը: Հոնքերը սեղմվեցին, աչքերի կոպերը խոնարհվեցին։ Պարզ էր, նրա մեջ զարթնեց մի անախորժ զգացումն։ Նա երեսը հետ դարձրեց, հառաչեց և ճիգն արավ վանել անցյալի, տխուր անցյալի, հիշողությունները։
Բագրատյանը կանգնած էր թփերի մոտ և լուռ նայում էր դեպի ցած, յուր հաստ ձեռնափայտը կռնատակին դրած:
Հավանո՞ւմ եք այդ տեսարանը, հարցրեց Մարիամը, մի բան ասած լինելու համար, որպեսզի ընդհատի անհարմար լռությունը։
Գեղեցիկ է, արտասանեց Բագրատյանը սառն, հանդարտ և անտարբեր, հայացքը չհեռացնելով քաղաքից։
Նրանք դարձյալ լռեցին։ Մարիամը գաղտուկ նայում էր յուր ուղեկցի առնական կիսադեմքին։
Երկու շաբաթից հետո, շարունակեց նա, տեսարանը ավելի կգեղեցկանա, երբ բոլոր ծառերը ծաղկած կլինին։
Երկու շաբաթից հետո՞, կրկնեց անգիտակցաբար Բագրատյանը և շարունակեց ընթանալ նրա հետ։
Դուք, իհարկե, Թիֆլիսում կլինեք։
Ոչ։
Ուրեմն շուտով գնալո՞ւ եք։
Տասն օրից հետո։
Ո՞րտեղ։ Օօ՜, նրանք ինչքա՜ն հեռացել են մեզանից, շտապենք հասնել, ասաց Բագրատյանը, ցույց տալով դեպի առաջ, ուր հեռու թփերի հետևից երևում էին Սաթենիկի և Ռուբենի գլուխները։
Մարիամին վիրավորական չթվաց այդ տարօրինակ վարմունքը։ Սակայն նա ամաչեց և կարմրեց, զգալով, որ չափազանց է յուր հետաքրքրությունը, որ վայել չէ մանրամասն հարցերով հետամուտ լինել մի մարդու, որը չէ ուզում յուր մասին խոսել։
Երբ նրանք հասան, Սաթենիկը և Ռուբենը լուռ նստած էին ճանապարհի եզրին։ Նկատելի էր, որ վայրկյան առաջ ընդհատվել է նրանց մեջ մի ջերմ խոսակցություն։ Երկուսն էլ հուզված էին։ Ռուբենը ջղային աշխույժով կտրում էր կանաչ թփի փոքրիկ ճյուղը, մանրացնում և սփռում յուր առաջ։ Սաթենիկի շրթունքների վրա երևում էր մի անհանգիստ ժպիտ։ Նրա աչքերի անսովոր փայլը արտահայտում էր հոգեկան խռովություն։
Մենք ձանձրացանք ձեզ սպասելուց, ասաց նա, սպիտակ ճակատից հեռացնելով գանգուր և գեղեցիկ մազերը, որ դուրս էին սփռվել մեխակագույն գլխարկի տակից։
Իսկ մենք շտապում էինք ձեզ հասնելու, ասաց Մարիամը։
Երկու, ըստ երևույթին, աննշան դարձվածները, որ, սակայն, փոխադարձ պատասխան էին այն բնական կասկածին, որ միաժամանակ ծագեց երկու ընկերուհիների սրտերում...
Քառորդ ժամ հանգստանալուց հետո խումբը շարունակեց յուր ճանապարհը։ Հասնելով սարի գագաթը, որի մյուս կողմում, խոր ձորի մեջ, տարածված էր բուսաբանական այգին, նրանք դարձյալ կանգ առին։ Սաթենիկը առաջարկեց հետ դառնալ։
Հոգնեցի՞ր, հարցրեց Մարիամը։
Ոչ, ես մի փոքր տկար եմ։
Իսկ դու չե՞ս հոգնել, հարցրեց Ռուբենը քրոջից։
Ծաղրո՞ւմ ես ինձ, արտասանեց Մարիամը, ոչ, ես կարող եմ երեք այսքան էլ բարձրանալ: Արդարև, նա յուր մեջ զգում էր մի անասելի ուժ. թեթև զբոսանքը նրան մանկական խաղ էր թվում։
Զիջանելով Սաթենիկի խնդրին, խումբը հետ դարձավ նույն զառիվայրով։ Այս անգամ Բագրատյանը և Մարիամն էին առաջ գնում։ Նրանք լուռ էին։ Երբեմն զառիվայրի դժվար տեղերում Բագրատյանը կամ առաջարկում էր Մարիամին յուր թևը, կամ խնդրում էր զգույշ ցած իջնել։ Օրիորդը ուշադրություն չէր դարձնում, անվախ գնում էր առաջ, մերթ ուղիով, մերթ շեղվելով մի կողմ՝ ճանապարհը կարճելու համար։ Մի տեղ նա քիչ էր մնում ընկնի, բայց կարողացավ կանգ առնել։ Միայն մի անգամ ժայռի բնական սանդուղքով իջնելիս, նա թույլ տվեց Բագրատյանին, բռնել յուր ձեռը։
Շնորհակալ եմ, ասաց նա, ժպտալով։
Նրանք կանգ առան, սպասեցին ընկերներին։
Ի՞նչ է պատահել քեզ, որ այդքան եռանդ ես ստացել, ասաց Ռուբենը մոտենալով, ես երբեք քեզ այդպես չեմ տեսել։
Մարիամը, կարծես, շփոթվեց։ Նա դարձյալ առաջ ընկավ։
Ես չէի կարծում, որ օրիորդը այդքան աշխույժ է, դարձավ Բագրատյանը Ռուբենին։
Մանավանդ, որ վերջին ժամանակ նա հիվանդ է եղել։
Խումբը հասավ քաղաք, մտավ նեղ փողոցները։ Արդեն կեսօր էր. Մարիամը մտաբերեց, թե ճաշ պիտի պատրաստի։ Նա շտապեց տուն։ Բագրատյանը և Սաթենիկը հրաժեշտ տվեցին։
Առաջին անգամ այդ օրը Մարիամը զգաց մի տեսակ ատելություն դեպի տնային տնտեսությունը։ Մտնել խոհանոց, զբաղվել մանր-մունր խոհարարական գործերով նրան վիրավորական թվաց։ Նա ամբողջ օրը աշխատում էր ակամա, մերթ ընդ մերթ ինքն իրան տրտնջալով։
Իրիկնադեմին նա ավելի հանգիստ էր։ Ստեպ-ստեպ մոտենում էր և նստում եղբոր մոտ։ Նկատելի էր, որ նա կամենում էր մի բանի մասին խոսել և… չէր վստահանում։ Հետևյալ օրը նա գնաց Սաթենիկի մոտ։
Այստեղ վիճակված էր նրան մի ուրիշ, ոչ պակաս կարևոր, նորություն ևս իմանալ։
Վարժուհին միայնակ նստած էր յուր սենյակում անգործ: Տեսնելով ընկերուհուն, նա արագությամբ ոտքի կանգնեց և, առաջ վազելով, մի անսովոր աշխույժով գրկեց նրան։ Նա հուզված էր։ Աչքերը ժպտում էին ուրախ-ուրախ, կուրծքը բաբախում էր։ Պարզ էր, որ մի արտաքո կարգի բան է պատահել նրան։
Գիտե՞ս, գոչեց նա, ազատելով ընկերուհուն յուր գրկից, ես այսօր տրամադրված չեմ գործելու։ Նստիր, նստի՛ր, շատ ուրախ եմ, որ եկար։
Մարիամը զարմացած նայում էր յուր այլափոխված ընկերուհու վրա, չկարողանալով տակավին հասկանալ նրա հուզման պատճառը։
Դու հանդիպեցի՞ր Ռուբենին, հարցրեց Սաթենիկը, ուժով նստեցնելով Մարիամին յուր քով։
Ոչ:
Հենց նոր դուրս եկավ այստեղից։ Դու զարմանո՞ւմ ես, որ նա ինձ մոտ էր... իրավունք ունես... Մարիամ, հոգիս ես քեզանից ոչինչ, ոչինչ չեմ ուզում թաքցնել այսուհետև։ Ասա՛, չե՞ս բարկանալ, չե՞ս ծաղրիլ, եթե պատմեմ, ամեն ինչ...
Եվ նա հափշտակված փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին, գլուխը դրեց նրա ուսի վրա։ Մարիամը զգում էր նրա կրծքի ուժգին բաբախումը։ Նա ապշած էր, նա դեռ ոչինչ չգիտեր։ Գուշակում էր միայն, թե դեպքը, անշուշտ, շատ նշանավոր է, որ այնքան այլափոխել է այդ մշտական հանգիստ, մշտական անվրդով աղջկան։
Անցավ քառորդ ժամի չափ, մինչև Սաթենիկը փոքր-ինչ հանդարտվեց։ Այն ժամանակ պարզվեց բանի էությունը։ Պարզվեց այն, ինչ որ վերջին ժամանակ մասամբ զգում էր Մարիամը և ինչ որ նույն րոպեին նա միանգամայն մոռացել էր: Արդեն նա նկատել էր, որ Ռուբենի և Սաթենիկի հարաբերությունները այլ կերպարանք են ստանում, որ քանի գնում, այնքան նրանց մեջ զարգանում է փոխադարձ համակրությունը։
Եվ ամեն ինչ պատմեց Սաթենիկը, բոլոր մանրամասները, առանց մի կետ անգամ թաքցնելու։
Ես նրան սիրեցի հենց այն օրից, երբ դու ինձ ծանոթացրիր նրա հետ։ Բայց ես ինձ զսպում էի, և ի՛նչ իրավունք ունեի նրա մասին մտածել անգամ, եե՜ս… Ախ, դու ծաղրում ես ինձ, Մարո, այնպես չէ՞, դու մտքումդ անիծում ես ինձ, դու պախարակում ես եղբորդ ճաշակը…
Ես այդ գուշակում էի…
Ի՞նչ, իմ և Ռուբենի մասին, մի՞թե կարծում էիր, որ իրավունք ունեմ, ե՞ս, ե՞ս տգեղ, այլանդակված արարածս։
Լռի՛ր, ընդհատեց Մարիամը սաստողաբար, Լռիր, եթե չես ուզում ինձ վիրավորել։ Նախ և առաջ քո հոգու գեղեցկությունը բավական էր, որ արժանանայիր Ռուբենի սիրույն։ Երկրորդ, ինչո՞ւ դու քեզ վրա այդպիսի վատ կարծիք ունես։ Մի՞թե կարծում ես, ծաղկի մի քանի աննշան հետքերը փչացրել են քո գեղեցիկ դեմքը։ Ոչ, դու այնքան համակրելի ես արտաքուստ, որքան և հոգով ու սրտով… Ռուբենը պետք է քեզանով պարծենա…
Անկեղծ սրտից բխած այդ խոսքերը կրկին ոգևորեցին Սաթենիկին, և կրկին նա փաթաթվեց յուր ընկերուհու պարանոցին։
Հիշո՞ւմ ես առաջվա Սաթենիկին, հիշո՞ւմ ես, ինչպես էի ծաղրում սեր ասած բանը։ Ես չգիտեի, որ նա այդպիսի բան է։ Ա՜խ, ինչպես փոխվել եմ ես, կարծես, խելքս թռել է գլխիցս… Ոչ, ես չէի հավատում, չէի հավատում, որ մի օր պետք է այս դրության հասնեմ…
Վերջապես, անցան հուզման րոպեները, և Սաթենիկը շարունակեց ավելի հանգիստ խոսակցել Մարիամի հետ։ Սակայն ամբողջ երկու ժամ նրա խոսակցության առարկան միմիայն Ռուբենն էր։
Ա՜խ, մոռացա ասելու, գոչեց նա, երբ Մարիամը, վերջապես, խոսք բաց արավ Բագրատյանի մասին, նա առաջիկա շաբաթ գնում է, Ռուբենը շատ տխուր է նրա պատճառով։ Ինչո՞ւ։
Ի՞նչ, միթե չե՞ս լսել, Ռուբենը չէ՞ պատմել քեզ։
Ռուբենը Բագրատյանի մասին չի խոսում ինձ հետ:
Ուրեմն կարող ես ինձ նախանձել։ Բայց, գիտե՛ս, մինչև հիմա ինձանից էլ թաքցնում էր գաղտնիքը, այսօր միայն հայտնեց։
Մի քանի խոսք ևս Սաթենիկի կողմից, և... վարագույրը ընկավ Մարիամի աչքերից, այլևս ամեն ինչ պարզվեց նրա համար։ Բագրատյանր պատկերացավ նրա առաջ իսկական դիրքով, սակայն ավելի զորավոր, ավելի ազդու։
Որպեսզի միանգամայն չպարզի յուր հոգեկան գաղտնիքը, կարծես, ինքն իրանից ամաչելով, Մարիամը շտապեց հրաժեշտ տալ յուր ընկերուհուն։
Նա վերադարձավ տուն խռովված հոգով և առանձնացավ յուր սենյակում։
Օրերը անցնում էին։ Բագրատյանի բաժանման ժամը մոտենում էր, և Մարիամի մտատանջությունը ավելի ու ավելի զարգանում...
XVII
Վերջին ժամանակ Հալաբյանը բոլորովին հեռացել էր մարդկանցից և տանը նստած, յուր օրերը անց էր կացնում տխուր մենության մեջ։
Թաթոսը, նրա վաղեմի հավատարիմ Թաթոսն էր միայն օրվա ընթացքում մի քանի անգամ ընդհատում նրա լռությունը։ Մյուս ծառաները նրա երեսը չէին տեսնում։ Այլևս նա տնային գործերով չէր զբաղվում, չէր էլ հետաքրքրվում անգամ։ Մոսիո Վախվախյանը փորձեց տնտեսական գերիշխանությունը յուր ձեռքն առնել, բայց Թաթոսը մի այնպիսի համառ ընդդիմություն ցույց տվեց, որ նա ստիպվեց հետ քաշվել։
Երբեմն Հալաբյանը ճաշում էր միայնակ, երբեմն նրան ընկերանում էր մոսիո Վախվախյանր առանց հրավերի։ Գալիս էր հաճախ և Ախշարումյանը, միշտ աշխատում էր ցրել նրա տրտմությունը, և միշտ ապարդյուն էր մնում նրա ջանքը: Մի անգամ նա փորձեց Ռուբենի խիղճը գրգռել Հալաբյանի վերաբերմամբ։ Սակայն, երբ խոսք բաց արավ, Ռուբենը քաղաքավարի և դրական եղանակով առաջարկեց նրան մի բառ անգամ չարտասանել այդ մասին։
Այն ժամանակ Ախշարումյանը բոլորովին համոզվեց, որ իրավ անիրագործելի են Հալաբյանի հույսերը։ Բայց նա երդվել էր վերջ տալ յուր ընկերոջ հուսահատ կամ, ինչպես ինքն էր ասում, «հիմար» դրությանը։ Վաղուց Հալաբյանը գանգատվում էր, թե տկար է, ոսկորները, կարծես, ջադված են։ Ախշարումյանը հորդորում էր, դիմել բժշկին, նա չէր համաձայնում։
Ինչ կլինի, կլինի, ասում էր վհատված ձայնով։
Մի օր Ախշարումյանը եկավ նրա մոտ քաղաքի հայտնի բժիշկներից մեկի հետ, որին վաղուց ծանոթ էր Հալաբյանը։ Ճանապարհին որկրամոլը սովորեցրել էր բժշկին, որ նա, որքան կարելի է վախեցնի ամուրիին, նկարագրելով նրա հիվանդությունը ամենախիստ գույներով։ Միևնույն ժամանակ, խնդրել էր, որ խորհուրդ տա նրան անպատճառ ուղևորվել արտասահման և այնտեղ բժշկվել։
Այստեղից հեռանալը շատ անհրաժեշտ է նրա համար, գիտե՞ք, շա՜տ, կրկնում էր Ախշարումյանը բժշկին։
Որքան ևս ձանձրացած լիներ կյանքից, Հալաբյանի վրա ազդեց բժշկի գիտնական բացատրությունը, որից նա ոչինչ չհասկացավ, բացի մեկ բանից, թե իբր յուր հիվանդությունը վտանգավոր է։ Տաղտկալի կյանքը դարձյալ ավելի քաղցր թվաց, քան մահը։
Ամուրին վախեցավ։
Այդ օրվանից Ախշարումյանը հանգիստ չէր թողնում նրան և միշտ կրկնում էր արտասահման գնալու անհրաժեշտությունը։ Վերջապես, նրա հորդորը ազդեց։ Մի առավոտ ամուրին ինքը խոսք բաց արավ արտասահմանի վերաբերմամբ։ Նույն պահին եկավ և մոսիո Վախվախյանը։ Սկսեցին խորհրդակցել` ո՞ւր գնալ։ Մոսիոն, կլիմայական և բժշկական հանգամանքները արհամարհելով, մի բերան պաշտպանում էր Փարիզ գնալու միտքը։
Աշխարհիս դրախտն է, այնտեղի Պեր-լա-Շեզում թաղվելը ուրիշ քաղաքներում ապրելուց լավ է, գովում էր նա համաշխարհային մայրաքաղաքը, որի բուլվարներում չորս տարի շարունակ թափառել էր։
Հալաբյանը հակումն չուներ դեպի մեծ կենտրոնները։ Նա եղել էր Փարիզում, այժմ տհաճությամբ էր հիշում նրա աղմկալից կյանքը, նրա բազմամարդ փողոցները։
Վիսբադեն կամ Կարլսբադ, պնդում էր Ախշարումյանը։
Եղել եմ բարեկամս, այն տեղումն էլ եղել եմ, դարձյալ մեջ մտավ մոսիո Վախվախյանը, որ, այսպես թե այնպես, հույս ուներ ուղեկցել ամուրիին, հարկավ, նրա ծախքով։
Հալաբյանը ընդունեց Ախշարումյանի խորհուրդը։ Այդ օրվանից իսկ նա սկսեց ճանապարհի պատրաստություններ տեսնել։ Այն գործերը, որ կարելի էր շուտով վերջացնել, ինքը վերջացրեց, իսկ մյուսները հանձնեց Ախշարումյանին, որ ամառը Թիֆլիսումն էր մնալու։
Ձեզ էլ խնդրում եմ, դարձավ նա մոսիո Վախվախյանին մի օր, վերահասու լինել տանս։ Ծառաներին ես կարձակեմ։ Եթե ուզող լինի այս կահ-կարասիքը, բոլորը կծախեք, փողը կտաք Ախշարումյանին։
Ո՞նց, ուրեմն էլ հետ չե՞ք գալու, գոչեց մոսիոն զարմացած։
Է՛հ, չեմ իմանում...
Մոսիո Վախվախյանը բոլորովին հիասթափվեց։ Բավական չէր, որ Հալաբյանը չէր ուզում նրան արտասահման տանել, յուր վերադառնալն էլ դեռ անհայտ էր թողնում։
Աչքիս վրա հանձն առավ նա ամուրիի պատվերը, գլուխը խեղճաբար թեքելով ուսին։
Պակաս քան տասն օրվա ընթացքում Հալաբյանը, Ախշարումյանի օգնությամբ, վերջացրեց յուր գործերը և պատրաստվեց ճանապարհի համար։ Այժմ նա անհամբեր սպասում էր Թիֆլիսից հեռանալու րոպեին։ Նրա վշտացած սիրտը ձգտում էր ժամ առաջ ազատվել յուր մշտական շրջանից, թողնել հեռանալ այն բոլոր տեղերից, որ հիշեցնում էին նրա դառն ցնորքը։ Մի առավոտ Ախշարումյանը ասաց նրան, որ Մարիամին նախընթաց օրը հանդիպել է փողոցում ինչ֊որ մի նոր երիտասարդի հետ զբոսնելիս։ Դիտմամբ հայտնված այդ լուրը ունեցավ ցանկալի ազդեցություն Հալաբյանի վրա։ Նա խղճալի դեմքով նայեց ընկերոջ երեսին և ընկճված եղանակով արտասանեց.
Ի՜նչ անեմ…
Արդեն ամեն ինչ նա վերջացած էր համարում, ամեն հույս խորտակված։
Հասավ այն երեկոն, որի հետևյալ առավոտը Հալաբյանը պետք է ուղևորվեր։ Նա նստած էր Ախշարումյանի հետ հյուրասենյակում, և խոսակցում էին առաջիկա ճանապարհորդության մասին։ Կանթեղի պայծառ լույսը լուսավորում էր նրա ոսկրոտ դեմքը, խոշորացած աչքերը։ Մի վայրկյան Ախշարումյանը սոսկաց, ուշադիր դիտելով նրա կերպարանքը. այնքա՜ն փոխվել էր ամուրին նույնիսկ այն մարդու աչքում, որ այնպես հաճախ տեսնում էր նրան։
Այդպես, ուրեմն, դու բոլորովին միայնա՞կ ես գնում, ասում էր Ախշարումյանը։
Միայնա՛կ։
Վատ չէր լինիլ, եթե հետդ ընկեր լիներ, ժամանակդ ուրախ կանցներ։
Ոչ ոքի երեսը չեմ ուզում տեսնել, ոչ ոքի, ասաց Հալաբյանը վճռապես:
Էհ, դո՛ւ գիտես, շարունակեց Ախշարումյանը, բայց լսիր ինչ եմ ասում։ Ամառը անց կկացնես որտեղ որ ուզում ես, Կարլսբադ թե Վիսբադեն, միևնույն է։ Բայց աշնանը դու իմն ես։ Սեպտեմբերին գործերս վերջացրած ետ կգամ Վիեննա, դու էլ կգաս այնտեղ, լսո՛ւմ ես, մի երկու ամիս միասին քեֆ կքաշենք… քեֆ եմ ասում, հասկանո՞ւմ ես… վը՜վվվ, Մահամմեդի հյուրիների շրջանում։ Նո՛ւ, լավ, մի՛ բարկանալ, կատակ եմ անում։ Հետո, Վիեննայից ուղիղ կճանապարհվենք Փարիզ։ Այդտեղ ամբողջ ձմեռը մարդավարի կապրենք… Լսո՞ւմ ես, հրաշալի պրոեկտ է, չէ…
Ներս մտավ մոսիո Վախվախյանը և հայտնեց, թե իսկույն փողոցում հանդիպել է Սահարունիին։
Նորին պայծառափայլությունը խիստ զարմացավ հենց որ ասացի, թե գնում եք։ Շուտով ինքն էլ այստեղ կյինի։
Արդարև, կես ժամ չանցած, ներս մտավ իշխանը։
Ներել չեմ կարող, գոչեց նա խորին հանդիմանությամբ, մեզանից հեռանում ես ու ինձ ոչինչ չե՞ս ասում։
Մուրհակը Նիկողայոսին ստորագրել տալուց հետո իշխանը դարձյալ բարեկամացել էր Հալաբյանի հետ։ Նա նպատակ ուներ այժմ հարստահարել ամուրիին, ահա ինչու նա դժգոհ էր, որ վերջինը հեռանում էր Թիֆլիսից:
Այդ երեկո վերջին անգամ չորս ամուրիները ընթրեցին միասին։ Ամենից տխուրն էր մոսիո Վախվախյանր, ամենից ուրախը Ախշարումյանը։ Ընթրիքի միջոցին և հետո երկար ժամանակ նրանց խոսակցության գլխավոր նյութն էր, հարկավ, Հալաբյանի ճանապարհորդությունը։ Մոսիո Վախվախյանի սիրտն էր թնդում, լսելով այն ամենամեծ քաղաքների, այն հրապուրիչ տեղերի անունները, որ թվում էր Ախշարումյանը, հորդորելով Հալաբյանին այցելել մի առ մի։
Արդեն ուշ գիշեր էր, երբ ամուրիները բաժանվեցին։ Իշխան Սահարունին համբուրվեց Հալաբյանի հետ, ներողություն խնդրելով, որ չէր կարող առավոտյան ճանապարհ գցելու գալ։
Տես, ասաց նա Ախշարումյանին փողոցում, աշխատիր, որ այդ մունդռեկը շուտ վերադառնա, նա մեզ հարկավոր մարդ է։
Մոսիո Վախվախյանր չկամեցավ բաժանվել Հալաբյանից, գիշերեց նրա մոտ։
Օրը լուսացավ։ Հալբայանը, վաղ զարթնելով, սկսեց արագ-արագ շորերը հագնել։ Մոսիո Վախվախյանր, արտասահման չգնալու հոգսից, ամբողջ գիշեր անքուն էր անցկացրել։
Ներս մտավ Թաթոսը տխուր ու տրտում։ Տասնուհինգ տարի շարունակ ծառայելով, նա այնքան ընտելացել էր յուր տիրոջը, որ նրանից բաժանվելը կատարյալ դժբախտություն էր համարում։
Անչափ էր նրա վիշտը այն օրը, երբ Հալաբյանը հայտնեց յուր գնալու լուրը և պատվիրեց նրան ուրիշ պաշտոն գտնել։ Նա չկամեցավ մի այլ մարդու ծառայել։ Հալաբյանը զգացվեց, տվեց նրան մի թեթև ապահովություն։ Թաթոսը վճռեց հեռանալ յուր հայրենի գյուղաքաղաքը։
Գնա՛, երկու կառք կանչիր, պատվիրեց Հալաբյանը։
Ծառան, հառաչելով, դուրս եկավ։
Գարնանային մի հրաշալի առավոտ էր։ Հալաբյանի կառքը անցնում էր Գոլովինսկի պրոսպեկտով, դիմելով դեպի երկաթուղու կայարանը։ Նա լուռ լսում էր յուր հետ նստած Ախշարումյանի, այդ փորձառու ճանապարհորդի, վերջին խորհուրդները և յուր առաջ նստած մոսիո Վախվախյանի տխուր հառաչանքները։ Հետզհետե նրա աչքից հեռանում էին այն ծանոթ փողոցները և տները, որ այնքան ձանձրացրել էին նրան և որոնցից բաժանվելը այժմ մի տեսակ թախիծ էր պատճառում նրան։
Հանկարծ նրա դեմքը ժպտաց։ Նա հրամայեց կառապանին կառքը պահել, ցած իջավ։ Փողոցի մայթով դեմուդեմ գալիս էր Ռուբենը։ Հալաբյանը մոտեցավ նրան։ Ռուբենը զարմացած կանգ առավ։
Մնացեք բարև, ես գնում եմ, ասաց Հալաբյանը, գդակը վերցնելով և ձեռք մեկնելով։
Ո՞ւր։
Արտասահման։
Բարի ճանապարհ, մաղթեց Ռուբենը քաղաքավարի, սառն և անտարբեր։
Նա չհարցրեց, թե արդյոք ինչու է գնում, չհարցրեց անգամ, թե երբ կվերադառնա։ Այնինչ Հալաբյանը սպասում էր… ավելի ջերմ վերաբերության։ Դա եղավ վերջին հարվածը ամուրիի համար նա շուտով կառք նստեց. հրամայեց կառապանին շտապել։ Ժողովարանի ամառային շինության մոտով անցնելիս նա երեսը մի կողմ դարձրեց ատելությամբ… Այստեղ էր առաջին անգամ հղացել նրա մեջ այն զգացմունքը, որ այսօր այնպես դժբախտացրել էր նրան։ Նա հասավ կայարան։ Մոսիո Վախվախյանը, նրա պատվերով, վարձեց առաջին կարգի կուպեներից մեկը։
Ամուրին ճանապարհին ևս ուզում էր մենակ լինել:
Հասավ բաժանման րոպեն։ Ախշարումյանը համբուրվեց։ Մոսիո Վախվախյանը վստահացավ նույնն անել, ավելի ամուր հպելով յուր շրթունքները Հալաբյանի բերնին։
Արդեն երկրորդ զանգը տվել էին։ Ուղևորը, կուպեի փոքրիկ պատուհանի վրա արմունկները հենած, խոսում էր յուր վաղեմի ընկերակիցների հետ, որ կանգնած էին պլատֆորմի վրա։ Զանգակը երրորդ անգամ հնչեց, լսվեց շոգենավի սուր ձայնը, գնացքը շարժվեց։ Նույն վայրկյանին, երբ Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը գդակները բարձրացրին իրանց վերջին բարևները տալու, նույն վայրկյանին նրանք Հալաբյանի աչքերի մեջ նկատեցին արտասուքի նշույլներ։ Այո, թշվառ ամուրին լալիս էր, ինչպես մի թույլ արարած։
Ախշարումյանը և մոսիո Վախվախյանը հետ դարձրին իրանց երեսները և տեսան կայարանի պատի տակ կանգնած, երեխայի պես հեկեկում էր հավատարիմ Թաթոսը։ Գուցե դա միակ մարդն էր ամբողջ աշխարհի երեսին, որ անկեղծ ցավում էր Հալաբյանի համար։
Իսկ ես հույս ունեի, դարձավ մոսիո Վախվախյանր Ախշարումյանին, կրծքի խորքից մի ծանր հոգոց արձակելով, որ Հալաբյանը ինձ վերջը մի մարդ կշինի... մնացի էլի առաջվա քաղցած, անփող, անտուն ու անտեր Վախվախյանը։
Այսօր եկ ինձ մոտ ճաշելու։
Մոսիո Վախվախյանը գլուխը թախծորեն շարժեց, Ախշարումյանի հրավերը ընդունեց։
Ռուբենը նույն պահին գնում էր ուսումնարան, երբ Հալաբյանին հանդիպեց։ Տուն վերադառնալով, նա հայտնեց Մարիամին ամուրիի գնալը։ Ինչպես Հալաբյանի առաջարկության լուրն էր Ռուբենից ընդունել սառն և անտարբեր, նույնպես և ավելի անխռով ընդունեց նրա ուղևորության լուրը։ Միայն նա նկատեց. Ասում են, վերջին ժամանակ նա սաստիկ հիվանդ է եղել, երևի գնում է բժշկվելու։
Հիվանդ լինելը չեմ իմանում, բայց այսօր աչքիս մեռելի էր նմանվում… Գիտե՜ս, Մարո, ես այժմ հոգով խղճում եմ նրան, ճշմարիտ, վատ մարդ չէր…
Մարիամը ոչինչ չասաց, և ասելու ոչինչ չուներ։ Նա արտակարգ խռովության մեջ էր մի այնպիսի պատճառով, որից դուրս նույն րոպեին ոչ մի բան չէր հետաքրքրում նրան։ Դա Բագրատյանի ուղևորությունն էր, նրա խորհրդավոր նպատակը։ Ինչ֊ինչ պատճառներով այդ ուղևորությունը հետաձգվել էր մի քանի օրով։ Եվ այդ մի քանի օրվա ընթացքում Մարիամը նկատում էր Բագրատյանի մեջ մի տեսակ փոփոխություն։ Նա այժմ տխուր և մտախոհ էր ավելի, քան երբևէ տեսել էր նրան օրիորդը։ Օրական մի երկու անգամ նա գալիս էր Ռուբենի մոտ։ Գալիս էին երբեմն և՛ մի քանի անծանոթ երիտասարդներ։ Ոմանց բարբառից երևում էր, ռուսահայեր չեն։ Ամենի հետ Բագրատյանը խոսում էր մի տեսակ հրամայողական եղանակով։ Թվում էր, որ բոլորը հպատակվում են նրա, իբրև մի տեսակ գլխավորի, խոսքին։ Եվ ո՛րքան համապատասխանում էր նրա լուրջ կերպարանքին պարագլխի դերը։
Պատահում էր, որ Մարիամը ներկա էր լինում նրանց պայմանավոր խոսակցությանը յուր ընկերների հետ։ Շատ բան այդ խոսակցությունից նա չէր հասկանում և չէր էլ ուզում հասկանալ։ Բավական էր այնքանն էլ, որ այդ բոլոր խոսակցությունների նպատակը դիտեր։ Այդ էր գլխավոր և հետաքրքրական կետը, մանրամասները երկրորդական նշանակություն ունեին նրա աչքում։
Բագրատյանը գիտեր, որ այժմ գործի էությունը հայտնի է Մարիամին, ուստի այլևս առաջվա պես գաղտնապահ չէր և միշտ Ռուբենի հետ խոսում էր նրա ներկայությամբ։ Բայց մյուս կողմից Մարիամը նկատում էր, որ Բագրատյանը անձնապես խուսափում է նրա հետ առանձին մնալուց և գալիս է միայն այն ժամանակ, երբ Ռուբենը տանն է լինում։ Կանացի բնազդմամբ նա զգում էր, միևնույն ժամանակ որ նրա խույս տալը արհամարհանքի արգասիք չէ, այլ ընդհակառակը...
Ռուբենը ասել էր նրան, որ արդեն Բագրատյանին հայտնի է բժիշկ Մելիք-Բարսեղյանի վարմունքը։ Ինքը Ռուբենն էր պատմել նրան տխուր եղելությունը։ Եվ Բագրատյանի վրա խորին տպավորություն էր գործել այն մարդու տմարդի արարքը, որի մասին նա երբեք լավ կարծիք չէր ունեցել։ Նա գրգռված էր բժշկի դեմ և հաճախ Ռուբենին ասում էր, թե պատահած ժամանակ պատրաստ է ուղղակի թքել նրա երեսին։
Այդպիսիներին երբեք չպիտի խնայել, պետք է պատմել ամեն քայլում... Ում մեջ մեռած չէ ազնվության զգացմունքը, նա պետք է Կայենի կնիքը դրոշմի այդ մարդկանց անամոթ ճակատին։
Եվ այդ ասում էր նա, ատամները կատաղաբար կրճտելով և բռունցքը ամուր սեղմելով։ Զգում էր Ռուբենը, որ, արդարև, եթե պատահի բժիշկ Մելիք֊Բարսեղյանին, առանց երկար մտածելու յուր սպառնալիքը կգործադրե։
Մի անգամ Բագրատյանը եկավ սովորականից վաղ։ Ռուբենը դեռ չէր վերադարձել ուսումնարանից։ Մարիամը միայնակ զբաղված էր խոհանոցում։ Նա անմիջապես լվացվեց շտապեց յուր սենյակը, փոխեց վերնազգեստը և դուրս եկավ նրան դիմավորելու։
Ներեցեք, ես կարծում էի Ռուբենը տանն է, ասաց Բագրատյանը, գլուխ տալով։
Կես ժամից հետո կվերադառնա։
Նրանք նստեցին՝ Բագրատյանը Ռուբենի սեղանի մոտ, Մարիամը փոքրիկ թախտի վրա։ Բավական ժամանակ նրանք լուռ էին։ Մարիամը չէր վստահում առաջինը ընդհատել լռությունը, կաշկանդված մի ինչ-որ անհաղթելի զորությունից։ Նա չէր համարձակփում անգամ նայել նրա կողմ։
Դա երրորդ անգամն էր, որ նրանք դեմառդեմ գտնվում էին առանձին։
Բագրատյանը մատիտը վերցրեց և սկսեց խազխզել սեղանի վրա դրած մի կտոր թուղթ։ Նրա ձեռները նշմարելի կերպով դողում էին, նա հուզված էր երևում։ Վերջապես, նա նայեց Մարիամի կողմը, Մարիամն էլ գլուխը բարձրացրեց, և նրանց աչքերը հանդիպեցին միմյանց։ Ինչ-որ մի տարօրինակ երկյուղի զգացում զարթնեց օրիորդի սրտում, մի զգացում, որի նմանը նա երբեք չէր կրել։ Թվում էր նրան, որ այնտեղ, մի քանի քայլ հեռու, բազմած է մի գերբնական զորություն, որի դեմ պետք է նա մաքառեր, բայց տկար էր և անզոր էր զգում իրան։
Ա՜հ, ի՜նչ ուշանում է, արտասանեց Բագրատյանը, շտապով նայելով ժամացույցին։
Իսկույն կգա։
Դարձյալ լռեցին, դարձյալ չէին նայում միմյանց վրա։ Այդ րոպեին Բագրատյանի ճակատը, հոնքերի մեջտեղում, մերթ սեղմվում էր, մերթ բացվում։ Երբեմն նա, կարծես, ցնցվում էր, գլուխը բարձրացնում և պատուհանի միջով նայում դեպի դուրս։ Ոչ, այդ հասարակ սպասող մարդու նայվածք չէր…
Եվ ինչպե՜ս գունատ էր թվում նրա դեմքը Մարիամին պատուհանից ներս տարածվող պայծառ լուսո ներքո։
Ոչ, ես չեմ կարող համբերել…
Այս դարձվածը դուրս թռավ հանկարծ նրա բերանից, կարծես, ինքնըստինքյան։ Նա ոտքի կանգնեց։
Ես հետո կգամ, ասաց նա, գլուխ տվեց Մարիամին և շուտով դուրս եկավ։
Մարիամը մնաց ապշած, նրա հետևից նայելով։ Միևնույն ժամանակ, ինչ-որ մի հեռավոր, մութ, անորոշ միտք ծագեց նրա գլխում, հիշելով այն տարօրինակ հայացքը, որ ձգեց նրա վրա Բագրատյանը։ Այժմ և միայն այժմ այդ հայացքի մեջ պատկերացավ նրան մի խորին հոգեկան պատերազմ։ Ճի՞շտ է, որ այդ երիտասարդին տանջում էր մի նոր միտք։ Ի՞նչ է արդյոք այդ։ Ինչո՞ւ նա չմնաց, ինչո՞ւ այդպես շտապեց հեռանալ, ինչո՞ւ չկարողացավ «համբերել»…
Քառորդ ժամ չանցած նա կրկին երևեցավ Ռուբենի հետ։ Նրանք փակվեցին վերջինի սենյակում և մի ամբողջ ժամ այնտեղ էին։ Երբ դռները բացվեցին, Բագրատյանը յուր լայնեզր գլխարկը մի ձեռին բռնած, մյուս ձեռը հենած սեղանի ծայրին, նայում էր մռայլ հայացքով դեպի դուրս... հեռու ու հեռու։ Ռուբենը մտիկ էր անում նրա երեսին, նույնչափ զարմացած, որչափ և Մարիամը։
Հանկարծ Բագրատյանը ձեռքով ինչ-որ վճռական շարժումն գործեց, սեղմեց Ռուբենի ձեռը, խոնարհ գլուխ տվեց Մարիամին, առանց նրա երեսին նայելու, և արագ քայլերով դուրս գնաց։
Ինչո՞ւ չհրավիրեցիր ճաշի, հարցրեց Մարիամը եղբորից։
Չնկատեցի՞ր միթե, պատասխանեց Ռուբենը, սթափվելով, այն դրության մեջ էր, որ մոռացա էլ հրավիրելու։ Ես երբեք նրան այդպես չեմ տեսել... Քեզ արդեն հայտնի է, թե նա որտեղ է գնում։ Մինչև այսօր նրա ամեն մի քայլը վճռական էր, իսկ այժմ, երբ պետք է ուղևորվի, սկսել է տատանվել։ Մահվան մասին խոսում էր սառն, անվրդով, այժմ, կարծես, վախենում է մահից... և ի՞նչ ծայրահեղ մտատանջության մեջ է։ Ի՞նչ է պատահել այդ մարդուն, տեր աստված, ավելացրեց նա յուրովի և սկսեց անցուդարձ անել սենյակում:
Ե՞րբ է գնում, հարցրեց Մարիամը։
Բոլոր ընկերները վճռել են վաղը ուղևորվել, նրան են սպասում, իսկ նա...
Վա՞ղը, ընդհատեց Մարիամը, հազիվ կարողանալով յուր շփոթությունը քողարկել։
Նույն օրը երեկոյան Ռուբենը գնաց Բագրատյանի մոտ և տուն եկավ բավական ուշ։ Մարիամը անհամբեր սպասում էր նրա վերադարձին։
Այժմ դարձյալ փոխվել է, վաղը անպատճառ գնում է, պատասխանեց Ռուբենը նրա շտապ հարցին։
Անպատճա՞ռ։
Անպատճառ:
Մարիամը գունաթափվեց։
Մարո, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ այդպես փոխվեցիր:
Վաղը նա կգա՞ այստեղ, հարցրեց Մարիամը դողդոջուն ձայնով։ Ոչ։
Մարիամը թուլացած նստեց աթոռի վրա և ձեռները ամուր սեղմեց ճակատին։
Հասկացա, ասաց Ռուբենը, դու նրան խղճում ես, այո, նա կզոհվի յուր հանդուգն ձեռնարկությանը:
Այդպես հասկացավ եղբայրը քրոջ այլայլման պատճառը, և քույրը չցրեց նրա մոլորությունը։
Հետևյալ առավոտ Մարիամը թախանձեց Ռուբենին, որ իրան տանի Բագրատյանի մոտ երեկոյան, երբ պետք է վերջինը ուղևորվեր։
Ի՞նչ գործ ունես նրա մոտ, հարցրեց Ռուբենը զարմացած։
Ուզում եմ նրան բարի ճանապարհ մաղթել։
Ոչ, չեմ կարող քեզ տանել։ Նա կբարկանա ինձ վրա։ Երեկ նա ակնարկեց, թե չէ ուզում կանանց երես տեսնվել։ Ինչո՞ւ չեմ իմանում… Նա կանանց մեջ ուրիշ ծանոթներ էլ չունի, բացի քեզանից…
Բայց Մարիամը շարունակեց յուր թախանձանքը ամբողջ օրը: Բարկացավ, հանդիմանեց Ռուբենը, բայց վերջապես համաձայնեց։
Բագրատյանը բնակվում էր մի պառավ կնոջից վարձած մի ոչ այնքան ընդարձակ անշուք սենյակում։ Երեկոյան ինն ժամն էր, երբ Մարիամը Ռուբենի հետ եկավ նրա մոտ։ Առաջ ներս մտավ Ռուբենը, նրա հետևից Մարիամը։ Կանթեղի աղոտ լուսավորությունը մի քանի վայրկյան չթույլ տվեց տեսնել, թե ինչ է կատարվում սենյակում։ Ապա նրանց աչքերը ընտելացան կիսախավար մթնոլորտին, և պարզվեց հետևյալը։ Սենյակում հավաքված էին այն անծանոթ երիտասարդները, որ վերջին օրերը երբեմն երևում էին և' Ռուբենի մոտ։ Ամենը հագած էին ճանապարհային հագուստ, երկար կոշիկներ, կարճ բաճկոններ։ Ամենի աչքերը կրակոտ էին, դեմքերը վառված, եռանդոտ։ Հատակի վրա սփռված էին զանազան փոքրիկ կապոցներ, սեղանի վրա դրած էին մի ատրճանակ և մի կարճ սուր։ Երիտասարդները, չնայելով իրանց հուզված դրությանը, խոսում էին առանց աղմուկի, գրեթե շշնջյունով։ Բագրատյանը յուր շորերն էր կապկպում։ Սրան օգնում էին երկու երիտասարդներ։ Նա այնքան զբաղված էր գործով, որ մի քանի վայրկյան չնկատեց Մարիամին, որ մի անկյունում կանգնած լուռ և հոգեզմայլված դիտում էր... երիտասարդներին։ Հանկարծ նա նկատեց օրիորդին, և նույն վայրկյանին նրա ձեռները թուլացան։ Բաց թողնելով ճանապարհային «խուրջինի» թոկերը նա հանդիմանաբար նայեց Ռուբենի երեսին:
Հավատացիր, որ ես շատ ընդդիմացա, բայց ի՞նչ անեմ, համառեց, ասաց Ռուբենը։
Մարիամը շփոթված և լուռ կանգնած էր։ Նա ժպտաց, առաջ դիմեց և, ձեռը մեկնելով Բագրատյանին, արտասանեց.
Կամեցա վերջին անգամ սեղմել այն ձեռքը, որ պետք է գործե...
Նա չավարտեց յուր ասելիքը։ Նա անչափ զգացված էր, ձայնը դավաճանեց նրան։ Նա նայեց ուղիղ Բագրատյանի աչքերին։ Րոպեաբար հաղթվելով այդ քնքուշ, սիրալիր և զգացմունքով լի հայացքից, երիտասարդը կրկին ճիգն արավ իրան զսպելու և, արտասանելով «շնորհակալ եմ», վճռական շարժվածքով շարունակեց յուր գործը։ Նա սեղանի վրա դրած սուրը տվեց ընկերներից մեկին, ատրճանակը դրեց յուր գրպանը։ Մյուս երիտասարդները զարմացած նայում էին Մարիամին։ Բարեկազմ, գեղեցկադեմ, գունատ, խոշոր և խելացի աչքերով օրիորդի երևույթը այդ ուշ երեկոյին, այդ կիսախավար անշուք պատերի մեջ, կարծես, նրանց թվում էր մի երկնային խրախուսանք... Նրանց դեմքերը ժպտացին, նրանց աչքերի մեջ փայլեց մռայլ ուրախության նշույլը։
Պարոններ, դարձավ Մարիամը նրանց, թույլ տվեք ձեր գաղափարը պաշտող մի հայ օրիորդի սեղմել ձեր ազնիվ ձեռքը... Ես ինձ բախտավոր եմ համարում, գոնե մի քանի րոպե ձեր շրջանումն եմ...
Շնորհակալ ենք, շնորհակալ ենք, արտասանեցին գրեթե բոլորը միաբերան։
Եվ Մարիամը սեղմեց յոթ երիտասարդական առողջ և կոշտ ձեռներ։ Ես պատրաստ եմ արդեն, լսվեց Բագրատյանի անհողդողդ ձայնը։
Յոթ երիտասարդներ միաժամանակ շտապեցին վերցնել նրա իրերը, միմյանց հրելով և միմյանց ձեռքից խլելով։
Սպասեցե՛ք, զոչեց Բագրատյանը, համբուրվենք մեր ընկերական ուխտը վառ պահելու համար։
Տեսարանը սրտաշարժ էր։ Անկեղծ սրտով, մաքուր զգացմունքներով, յոթ երիտասարդները հերթով համբուրվում էին իրեն՝ Բագրատյանի հետ։ Եվ այդ անկեղծ ընկերական համբույրների մեջ զգացվում էին նրանց սրտի փափկությունը, գաղափարի վսեմությունը և հոգու անվեհերությունը։ Զգացված Մարիամը ջանք էր անում զսպելու յուր կանացի տկարությունը։ Սակայն իզուր։ Արցունքը սրտի ամենախորին թելերի շարժումից առաջացած մաքուր արցունքը դուրս ձգտեցին։ Նա թաշկինակը սեղմեց աչքերին։ Այդ այն վայրկյանն էր, երբ Բագրատյանը համբուրվում էր նրա եղբոր հետ…
Մնացեք բարև, հնչեց նրա ականջին այն ձայնը, որ հենց առաջին օրից այնպես ազդել էր նրա վրա։
Նա թաշկինակը հեռացրեց աչքերից։ Ինչպես ոգևորիչ հրեշտակ, նա այժմ կանգնած էր սենյակի մեջտեղում կարմրած և վառվռուն աչքերով, ոգևորված դեմքով։ Նրա շուրջը կանգնած էին յոթ երիտասարդները և հիացմունքով նայում էին։ Նրա աջ կողմում կանգնած էր Ռուբենը, սղմված, փոքրացած, կարծես, յուր ոչնչությունը զգալով մյուսների մոտ։ Իսկ դեմուդեմ կանգնած էր Բագրատյանը, զորավոր և հաղթական պարագլուխը, յուր հսկայական ուժեղ ձեռը առաջ տարածած։ Մարիամը յուր աջը դրեց նրա ափի մեջ և զգաց մի անասելի ցնցումն ամբողջ մարմնի մեջ։
Լավ պաշտպանիր քրոջդ, նա հազվագյուտ սիրտ ունե, լսեց Ռուբենը։
Ճի՞շտ է արդյոք, իրա՞վ Բագրատյանն էր այդ խոսքերի արտասանողը, թե՞ Մարիամին այդպես թվաց։ Նրա գլուխը պտտեց, աչքերը մթնեցին։ Երազի նման նրա առաջից հերթով անցնում էին ուղևոր երիտասարդները։ Վերջինը Բագրատյանն էր։
Եթե վերադառնամ, կտեսնվենք, այս խոսքերը լսեց Մարիամը։
Նա փոքր-ինչ սթափվեց, նայեց յուր շուրջը։ Ոչ ոք չէր մնացել սենյակում, բացի Ռուբենից։ Սա ևս արտասվում էր...