Ալեքսանդր Շիրվանզադե

Զուր հույսեր

XVIII

XVIII

Օրեցօր բժիշկ Մելիք-Բարսեղյանի ասպարեզը ընդարձակվում էր։ Ձմեռվա ընթացքում ձեռք բերած ծանոթները, ուժեղներին և իրավատերերին դուր գալու ձիրքը, վերին աստիճանի փափուկ և սիրալիր վարվողությունը, այս բոլորը և ուրիշ շատ առավելություններ նպաստում էին նրան։

Այլևս նա կարիք չուներ Գոլովինսկի պրոսպեկտով օրական մի քանի անգամ կառքով անցնելու արտաքին ցույցի համար։ Կարիք չուներ նույնպես հիվանդանոցներում ձրի հիվանդներ ընդունելու։ Այժմ նրա յուրաքանչյուր ժամը փող էր։ Ամբողջ օրը կառքը նրան պտտեցնում էր քաղաքի մի ծայրից մյուսը, մեկ հիվանդից մյուսի մոտ, և ամեն օր նրա ընդունարանը լիքն էր հիվանդներով։

Արհեստակիցները նախանձում էին նրան, հասարակությունը զարմացած էր նրա արագ հառաջադիմությանը։ Ոմանք նրա հաջողությունը վերագրում էին մի քանի անհուսալի հիվանդների առողջացնելուն և հիշում էին այս կամ այն մարդուն, որին նա «ազատել էր մահից»։ Իսկ թե քանիսին էր «կյանքից ազատել», այս մասին մարդկանց հիշողությունը թույլ էր, քանի որ հասարակության մեջ արդեն կազմվել էր այն կարծիքը, թե Մելիք-Բարսեղյանը լավ բժիշկ է: Միջին և ստորին դասակարգերր նրա մասին ասում էին «որ ձեռքը թեթև է», բարձր դասակարգը՝ лечит симпатиею: Այո՛, այժմ ամենքը նրան «սիմպատիչնի» երիտասարդ էին համարում, որովհետև ամենքի սիրտը այս կամ այն կերպ կարողացել էր հրապուրել։

Կային միայն մի քանի տաքգլուխներ, որ չէին ենթարկվում ընդհանուրի կարծիքին և համառ կերպով պնդում էին, թե Մելիք-Բարսեղյանր «ճարպիկ շառլատան էր», ուրիշ ոչինչ։ Այդպիսիներն էին նրա նախկին ընկերներից ոմանք, որոնք մի առանձին դիրք և ձայն չունեին հասարակության խավերում, ուստի և նրանց խոսքը ազդեցություն չէր անում լսողների վրա։ Ինքը Մելիք-Բարսեղյանն էլ մի առանձին ուշադրություն չէր դարձնում այդպիսիների կարծիքին։ Սակայն հարմար դեպքում չէր մոռանում նրանց սիրտն ևս շահել, զգալով, որ, է՛հ, ինչևէ, դարձյալ ավելի լավ է նրանց ևս բարեկամ ունենալ, քան չարակամ։

Եվ քանի՜-քանիսն էին պարծենում նրա ծանոթությամբ, քանի՜-քանիսն էին պատիվ համարում նրա հետ բարեկամանալ։

Ախ, ներիր, հոգյակս, երեկ չկարողացա քեզ մոտ զալ, դոկտոր Մելիք֊Բարսեղյանը մեր տանը հյուր էր։

Ես պարել չեմ սիրում, բայց անցյալ օրը Մայկոյի երեկույթում դոկտոր Մելիք-Բարսեղյանը այնքան զոռեց, որ էլ չկարողացա ձեռքից ազատվել։

Այսօր դոկտոր Մելիք֊Բարսեղյանը մեր տանն էր։

Պարծությամբ արտասանված այս դարձվածքներն էին պտտում տիկինների և օրիորդների մեջ։ Խնջույք, մեծարանք, երեկույթ, ամեն տեղ և ամեն կողմից նա հրավիրվում էր և հազիվ ժամանակ էր գտնում հնգից մեկի տունը գնալու։ Իսկ երբ գնում էր, ստեպ֊ստեպ նայում էր ժամացույցին և հանկարծ վեր թռչում տեղից, սովորաբար ուղղելով տանտիրուհուն միևնույն փքուն դարձվածքը։

Արհեստիս ծանր պարտականությունը ստիպում է ինձ զրկվել ձեր հյուրասիրությունը վայելելու քաղցր զվարճությունից։ Մինչդեռ բժշկի գործերը այնպես հաջող էին ընթանում, նրա վրա աչք ունեցող մայրերի և հարսնացուների թիվն էլ օրեցօր ավելանում էր։ Բայց նա տակավին հետամուտ էր երկուսին օրիորդ Վարինկա Ագամովային և այն վաճառականի աղջկանը, որի հետ ծանոթացել էր Ագամովների տանը։

Առաջինը նշանավոր ազգականների, երկրորդը օժիտի քանակությամբ գերազանցում էին բոլոր մյուսներից։ Եվ բժիշկը տատանվում էր, չգիտեր որին ընտրել և որից հրաժարվել: Սակայն, երբ ձեռք բերեց ծանոթների մեծ շրջան, հետզհետե սկսեց թեքվել վաճառականի աղջկա կողմը։ Նա վճռեց, վերջապես, լուրջ կերպով հետամուտ լինել վերջինին։ Փոքր առ փոքր գրավեց նրա ծնողների սիրտը, բարեկամացավ, և ստեպ-ստեպ այցելում էր նրանց։ Սկզբում, նա օրիորդի կողմից հանդիպեց սառնության, ապա նկատեց, որ այդ սառնությունը արվեստական է և օրիորդը սրտում իսկապես համակրում է։

Ավելի ի՞նչ էր մնում անելու, եթե ոչ ուղղակի առաջարկություն։ Բայց տակավին նա զգույշ էր վարվում, չէր շտապում։ Նա տեղեկացել էր, որ օրիորդի հայրը ահագին կարողություն ունե և աղջկա համար նշանակած օժիտը այդ կարողության համեմատ շատ չնչին է։

Քաղաքում սկսվեց հռչակվել այժմ, որ դոկտոր Մելիք-Բարսեղյանը ամուսնանում է վաճառական Մեհրաբովի աղջկա հետ։ Լուրը հասավ և՛ Ագամովներին։ Տիկին Ագամովան զայրացավ, օրիորդ Վարինկան վիրավորվեց, տխրեց։

Դարձյալ Մելիք-Բարսեղյանի անունը ընկավ հասարակության բերանը, դարձյալ սկսվեցին թեր ու դեմ խոսակցությունները։ Ոմանք պնդում էին, թե հարցը դեռ վճռված չէ, բժիշկը դեռ չի կապել յուր պայմանագրությունը օրիորդի ծնողների հետ։ Ասում էին, թե նա Մեհրաբովից պահանջում է, որ տասնուհինգ հազար ռուբլի էլ ավելացնի յուր աղջկա օժիտի վրա և, բացի դրանից, պարտավորվի մի քանի հազար էլ տալ՝ պսակվելուց հետո արտասահմանում ճանապարհորդելու։

Այդ լուրերը, հարկավ, զբաղեցնում էին և տիկին ու օրիորդ Սադափյաններին։ Վերջին ժամանակ, երր տիկին Սոփիոյի հույսերը Հալաբյանի վերաբերմամբ խորտակվեցին, նա սկսել էր ուշադրություն դարձնել բժիշկ Մելիք-Բարսեղյանի վրա, որ երբեմն այցելում էր նրանց։ Սկզբում երիտասարդ բժիշկը բոլորովին մի արժանավոր փեսացու չէր թվում նրան, ո՛չ դիրք ուներ, ո՛չ փող, ո՛չ անուն։ Բայց երբ հասարակության մեջ նա հարգանք ձեռք բերեց, երբ մայրերը ընկան նրա հետևից, փոխվեց հետզհետե տիկնոջ կարծիքը։ Նա տեսավ, որ շատ էլ չի կարելի արհամարհել այդպիսի մեկին, թեկուզ Հալաբյանից հետո:

Նույն կարծիքի էր և օրիորդ Նատալիան, որի աշխարհայեցողությունը գրեթե ոչնչով չէր տարբերվում մոր աշխարհայեցողությունից։ Մայր և աղջիկ ավելի սիրալիր հարաբերություն սկսեցին բժշկի հետ։ Սակայն երբ լսեցինք որ նա արդեն ընտրություն արել է, օրիորդը դադարեց անունը հիշելուց, մայրը անզուսպ տիկին Սոփիոն շտապեց կազմել բժշկի թերությունների ցանկը և տարածել յուր ծանոթների շրջանում։

Մի օր բժիշկը եկավ այցելության, օրիորդ Նատալիան չդուրս եկավ սենյակից նրան հանդիպելու։ Տիկին Սոփիոն սառն ընդունեց և ուղղակի շնորհավորեց։

Բժիշկը շփոթվեց։

Թիֆլիսի հասարակությունը զարմանալի է, ասաց նա վիրավորված մարդու եղանակով, բավական է, որ մեկի տունը մի քանի անգամ գնում ես, իսկույն սկսում են բամբասել։

Բայց այդ բամբասանք չէ, ասում են, նշանվել եք, ինչո՞ւ եք թաքցնում, գրգռվեց համառ տիկինը։

Բժիշկը, շրթունքը կծելով, լռեց։

Ճշմարիտն այն էր, որ օրիորդ Մեհրաբովայի ծնողները ընդունել էին նրա պայմանները։ Բայց նա դարձյալ տատանվում էր։ Այժմ նա ափսոսում էր, որ ավելի մեծ պայմաններ չառաջարկեց, քանի որ առևտուրը այնպես հաջողվում էր։ Բայց կար մի հանգամանք, որի վրա սկզբում նա ուշադրություն չէր դարձրել և որ հետո դրեց նրան նեղ դրության մեջ և ստիպեց վճռական քայլ անել։ Բանն այն է, նա նկատում էր, որ, լուրը տարածվելուց հետո, շատ ընտանիքներում սառն են ընդունում իրան։ Սադափյանների և Ագամովների տանը այդ սառնությունը արտահայտվում էր խիստ կերպով։ Մյուս ընտանիներում ևս չէր վայելում առաջվա հարգանքն և հյուրասիրությունը։

Երկդիմի դրությունը նրան վտանգավոր թվաց ոչ միայն բարոյական, այլև նյութական տեսակետից։ Այսպես թե այնպես, «արկածախնդիր» մարդու հռչակ վայելելու միտքը սարսափեցրեց նրան։ Նա վճռեց, վերջապես, պսակվել... օրիորդ Մեհրաբովայի հետ։

Նշանդրությունը կատարվեց զատկի երկրորդ օրը։ Պսակը տեղի ունեցավ յոթ շաբաթ անցած։ Օրիորդի ծնողները մի շռայլ հարսանիք տվեցին իրանց միակ դստեր համար։ Նրանք հրավիրել էին քաղաքի ամեն դասակարգի մարդիկ վաճառականներ, չինովնիկներ, բանկիրներ, կապալառուներ, օֆիցերներ, իրավաբաններ, մի քանի վրացի իշխաններ և այլն։ Բժիշկը յուր կողմից հրավիրել էր յուր արհեստակիցներից ոմանց, մի քանի հասարակական գործիչներ, երկու հեղինակ, երկու հայ խմբագիր, մի ռուս խմբագիր, չորս ուսանող, մի քանի ուսուցիչներ...

Հանդեսը բազմամարդ էր, ճոխ և շռայլ։ Հարսանիքը կատարվում էր աղջկա ծնողների տանը, որ գտնվում էր քաղաքի կենտրոնում։ Ամբողջ փողոցի բնակիչները իրարանցման մեջ էին։ Պատուհանները և պատշգամբները լիքն էին հետաքրքիր հանդիսասերներով։ Եկեղեցու բակում խռնվել էր ահագին բազմություն։ Եկեղեցու մեջ ասեղ գցելու տեղ չկար։ Տիրում էր մի անասելի աղմուկ։ «Դեդիները» և պառաված ու պառավող օրիորդները, միմյանց հրելով, առաջ էին ձգտում, որ տեսնեն նորահարսը ինչպե՞ս է զուգվել, նորափեսան ի՞նչ կերպարանք ունե, խաչեղբայրը ո՞վ է և այլն, և այլն։ Պսակ կատարող քահանան, մի քանի անգամ ընդհատելով պսակի խորհուրդը, ամբոխին հրավիրեց խաղաղ կենալ։ Բայց նրան լսող չկար։

Փառահեղ պսակադրությունր վերջացավ։ Նորապսակները շքեղ կառքով վերադարձան տուն։ Ուղիղ մի ժամ ու կես նրանք կանգնած շնորհավորություններ էին ընդունում, այնքա՜ն մեծ էր հանդիսականների բազմությունը։ Միմյանց հետևից, թնդալով, բացվում էին շամպանիայի շշերը։ Երաժշտությունը դղրդեցնում էր վաճառականի փարթամ դահլիճը։ Նորապսակները զգացված էին։ Բազմաթիվ ճրագները լուսավորում էին նրանց ուրախ դեմքերը։ Բժիշկը մի քիչ գունատված էր, նորահարսի դեմքը վարդի պես կարմրած։ Ընթրիքը սկսվեց գիշերվա երկու ժամին, վերջացավ լուսաբացին։

Նույն օրը երեկոյան նորապսակները ուղևորվեցին արտասահման։

Այլևս չքացան հետամուտ եղող մայրերի հույսերը բժիշկ Մելիք-Բարսեղյանի վերաբերմամբ…

Ամառն էր։ Քաղաքի բնակիչները ցրվում էին ամառանոցները։ Հետզհետե դատարկվում էր Սոլոլակը, ուր այնպես տարածվել էր բժիշկ Մելիք-Բարսեղյանի անունը, ուր ամեն ընտանիք խոսում էր նրա մասին։

Տիկին Սոփիոն, տխուր սրտով, իզուր անցած հույսերով, յուր կիսաթառամ աղջկա հետ, ուղևորվեց Բորժոմ, և այնտեղ շարունակում էր պարսավել բոլոր փեսացուներին…


Արտասահման ուղևորվելուց մի ամիս անցած Ախշարումյանը Հալաբյանից ստացավ մի նամակ։ Ամուրին յուր մասին մի քանի համառոտ տեղեկություններ տալուց հետո խնդրում էր ընկերոջը՝ հաղորդել իրեն հանձնված գործերի դրությունը։

Ախշարումյանն արդեն կատարել էր նրա պատվերները, բացի մի քանիսից։ Նա դիմել էր և՛ Նիկողայոս Սադափյանին, առաջարկելով վճարել յուր պարտքը Հալաբյանին։ Բայց Նիկողայոսը խնդրում էր դարձյալ հետաձգել։

Գործերս հաջող են, բայց փողի պակասություն ունեմ, ասում էր նա։

Ախշարումյանը հաղորդեց Հալաբյանին, ի միջի այլոց, և' այդ բանը։ Ամուրին իսկույն պատասխանեց, թե Սադափյանի պարտքը հետաձգել չի կարող և խնդրում է Ախշարումյանին յուր պարտապանի հետ վարվել ամենայն խստությամբ։ Առհասարակ նրա նամակը տոգորված էր դեպի Սադափյանները ատելությամբ և ամեն տեղ վրդովմունքով էր հիշում այդ ազգանունը։ Ախշարումյանը ստիպված եղավ կրկին և կրկին անգամ դիմել Նիկողայոսին և վերջը մի օր սպառնաց դատաստանի անունով։ Մեջտեղ ընկավ իշխան Սահարունին, հեռագրով խնդրեց Հալաբյանին համբերել։ Պատասխանը եղավ «չեմ կարող», և մի շաբաթ անցած իշխանը ստացավ մի կոշտ նամակ, ուր Հալաբյանը արտահայտում էր մի տեսակ արհամարհանք նորին պայծառափայլությանը։

Վերջապես, Նիկողայոսը ստիպվեց Հալաբյանի պարտքը վճարել Ախշարումյանին։ Իսկ իշխան Սահարանին յուր կողմից մի գոռոզ և վիրավորական նամակ ուղարկեց Կարլսբադ ամուրիին։ Եվ այսպես ընդհատվեց նրանց բարեկամությունը հավիտյան...

Աշնան սկզբին Ախշարումյանը, վերջացնելով յուր և Հալաբյանի գործերը, ինչպես խոստացել էր, ուղևորվեց Վիեննա։ Այնուհետև Հալաբյանի մասին Թիֆլիսում այլևս ոչ ոք տեղեկություն չէր ստանում և ոչ ոք էլ չէր մտածում նրա վրա։ Միայն նրա քրոջ որդիները, որոնց հետ նա ոչինչ հարաբերություն չուներ, երբեմն հիշում էին, որ արտասահմանում մի հարուստ քեռի ունեն։ Եվ հիշում էին այն մտքով, որ գուցե մի օր կարողանան տիրանալ նրա ժառանգությանը։ Սակայն նրանց հույսերն էլ խաբվեցին։ Քաղաքում մի օր լուր տարածվեց, թե Հալաբյանը այլևս մտադիր չէ յուր հայրենիքը վերադառնալու։ Նա վճռել է մնալ արտասահմանում և մտադիր է յուր բոլոր կարողությունը կտակել ազգին։

Լուրը քաղված էր Ախշարումյանի մի նամակից, և սխալ չէր...

Մարիամը նստած էր դեպի փողոց նայող սենյակի պատուհանի մոտ և նայում էր դուրս։ Հոկտեմբերի խոնավ և ցուրտ օրերից մեկն էր, երկինքը հետզհետե մթնում էր միմյանց վրա կուտակվող խիտ-խիտ ամպերից։ Երբեմն նա վեր էր կենում տեղից, քայլում էր սենյակում և կրկին նստում, կրկին հայացքը ուղղում դեպի փողոց։

Անձրևը սկսեց թեթև շաղել, կառքերը անցնում էին բաց ծածկոցներով, մարդիկ նույնպես, Մարիամը թույլ, մոլոր քայլերով շարունակում էր անցուդարձ անել, ձեռները կրծքին ծալած։ Երբեմն նա ցնցվում էր, կանգ էր առնում, նայում յուր շուրջը։ Կարծես ալքերով որոնում էր մի բան, որով կարողանար թեթևացնել յուր սրտի ճնշող ծանրությունը։

Վեց ամիս է անցել Բագրատյանի գնալուց, և նրա մասին ոչ մի տեղեկություն չկար։ Միայն առաջին ամիս Ռուբենը ստացավ նրանից մի նամակ, որով հայտնում էր, թե յուր ընկերների հետ հասել է ճանապարհորդության կետին… Ուրիշ ոչինչ։

Արդյոք ի՞նչ պատահեց նրան, արդյոք կենդանի՞ է, թե՞ արդեն զոհ է դարձել յուր վտանգավոր ձեռնարկությանը։ Այս էր մտածում Մարիամը, և եղանակի վատությունն ավելի ծանրացնում էր նրա սրտի վիշտը։

Նախընթաց օրը նա թախանձել էր Ռուբենին հայտնել ճիշտը՝ ո՞րտեղ է գտնվում Բագրատյանը։ Բայց Ռուբենը ինքն էլ չգիտեր նրա տեղը, և աշխատում էր մի կերպ իմանալ։ Այսօր մեկը խոստացել էր ճիշտ տեղեկություն տալ նրան։ Նա գնացել էր, և այժմ Մարիամը նրան էր սպասում անհամբեր։

Այլևս Մարիամը չէր թաքցնում ոչ Ռուբենից, ոչ Սաթենիկից յուր զգացմունքը։ Հայտնի էր Բագրատյանի նրա սրտում զարթեցրած խորին, անհաղթելի զգացմունքը, որին ոչ նրա բացակայությունը և ոչ ժամանակի ընթացքը չէին մեղմացնում, այլ ընդհակառակը…

Այն օրից, երբ Բագրատյանը հեռացել էր, այն օրից Մարիամի դեմքի վրա մի ժպիտ չէր երևում, այն օրից չուներ մի րոպե հանգստություն։ Ժամերով նստում էր նա անգործ, լուռ, մտազբաղ, ոչ մի բան նրան չէր զբաղեցնում, ոչ մի բան չէր շարժում նրա հետաքրքրությունը։ Նրան տիրել էր մի տեսակ ծուլություն։ Կարուձևով նա համարյա այլևս չէր պարապում, և եթե երբեմն յուր ձեռքն էր առնում կարի մեքենան, լոկ Սաթենիկի թախանձանքից ստիպված և Ռուբենից ամաչելով։ Իսկ տնային գործերը կատարում էր ռուս աղախինը, որին երկու ամիս էր արդեն վարձել էին։

Այժմ Ռուբենի նյութական դրությունը համեմատաբար ապահով էր։ Սեպտեմբերի մեկից նրան տվել էին նույն ուսումնարանում ուսուցչի լի պաշտոն։ Նա ստանում էր այնքան վարձ, որ կարող էր միջակ ապրուստ վարել։ Բագրատյանի գնալուց հետո նա դարձյալ փոխվել էր, պարապվում էր յուր սովորական խաղաղ գործերով։ Նա զբաղված էր այն գիտական գրավոր աշխատությամբ, որ սկսել էր մի տարի առաջ։

Նա արդեն վճռել էր ձմեռը ամուսնանալ Սաթենիկի հետ։ Սկզբում երկուսն էլ մտադիր էին հետաձգել մի տարով։ Բայց Մարիամի համառ թախանձանքը փութացրել էր վճիռը։ Նա ցանկանում էր օր առաջ տեսնել յուր սիրելի եղբոր և ընկերուհու բախտը ընտանեկան խաղաղ կյանքում։ Նրա խռովված հոգին և փոթորկալից սիրտը ձգտում էին մտերիմների փոխադարձ երջանկության մեջ գտնել մեղմ մխիթարություն։

Արդեն սկզբնական պատրաստությունները տեսնվել էխն։ Ռուբենի այժմյան բնակարանը նոր էր վարձված։ Այն սենյակը, ուր այնպես հանգիստ անցուդարձ էր անում Մարիամը, բավական ընդարձակ էր։ Կահ-կարասին նոր էր. յուր առաջին ամսվա ռոճիկը Ռուբենը այդ բանին էր հատկացրել։ Պատի տակ դրված էր ծաղկանկար բարձերով և մութաքաներով զարդարված թախտը։ Մի անկյունում երևում էր մի սևագույն փոքրիկ պահարան, որի հարկերի վրա կանոնավոր դարսված էին երկու տասնյակ կազմած գրքեր։ Մյուս անկյունում դրված էր մի գահավորակ, երեք թերբազկաթոռներ, որոնց մուգ-մոխրագույն ասվյա ծածկոցը համագույն էր պատերի պաստառին։

Այս բոլորը դասավորված էին մեծ խնամքով։ Մարիամի ճաշակն էր երևում ամեն տեղ, նա էր ղեկավարել աղախնի գործը։ Մաքրությունը օրինակելի էր, ոչ մի տեղ, ոչ մի անկյունում չէր երևում ավելորդ կամ անկանոն ձգված բան։ Սեղանները՝ իրանց վրա դրած պարագաներով, աթոռները, հատակը, նույնիսկ դռները փայլում էին իստակությունից։ Պատուհանների ապակիների վրա չէր երևում մի փոքրիկ արատ, և ցերեկվա լույսը ներս էր տարածվում անխափան։ Ամեն ինչ այստեղ տրամադրում էր ընտանեկան խաղաղ կյանքի։ Միայն Մարիամի հոգու խռովութունը այդ բոլորի հակապատկերն էր արտահայտում նրա դեմքի վրա։ «Եթե վերադառնամ, կտեսնվենք», կրկնում էր նա մտքում Բագրատյանի վերջին խոսքը: Եվ նա հուսով էր, որ կվերադառնա, ապրում էր ու շնչում այդ հույսով։ Անշուշտ կվերադառնա և անշուշտ կկամենա տեսնել Մարիամին։ Նա զգում էր Բագրատյանի այդ խոսքի բուն միտքը, և ճիշտ էր զգում…

Դռները բացվեցին։ Նա ցնցվելով հետ նայեց Ռուբենն էր ներս մտնողը։

Լուր կա՞, եղավ Մարիամի առաջին հարցը։

Կա, պատասխանեց Ռուբենը և, գրպանից մի կեղտոտված ու սևացած նամակ հանելով, տվեց քրոջը։

Մարիամը շտապով բաց արավ նամակը։ Նրա ձեռները դողում էին անհամբերությունից։ Հասցեն Ռուբենի անունով էր գրված։ Կարդալով երեք էջերից բաղկացած նամակը, Մարիամի դեմքը մերթ մռայլվում էր ավելի, մերթ պայծառանում և փայլում ներքին գոհունակությունից։

Բագրատյանը տեղեկություն էր տալիս յուր մասին, նկարագրում էր յուր ձեռնարկության դժվարությունը։

«Հեռվից ավելի դյուրին էր թվում ինձ, բայց այն չէ, ինչ որ կարծում էի, գրում էր նա: Առայժմ ես բավականանում եմ խոսքով, մինչև որ գործը հիմք ստանա։ Շատ հավանական է, որ հանկարծ վրա հասնի վճռական քայլ անելու ժամը, որովհետև մեր կամքը մեզանից չէ կախված, այլ… Հակառակ կողմը կարող է ինքը առիթ տալ խոսքից գործին դիմելու… Այն ժամանակ… մնացեք բարև… իմ վերադարձը ցնորք է…»։

Մարիամը գունաթափվեց, կանգ առավ, նայեց Ռուբենի երեսին։

Այնուհետև Բագրատյանը գրում էր մասնավոր բաների մասին։

Մարիամը որոնում էր յուր անունը, և գտավ նամակի վերջում. ստորագրությունից հետո, երկու տողի մեջ։

«Բարևիր օրիորդ Մարիամին և ասա, որ աղոթե մեր գործի հաջողության համար…»։

Մարիամը թուլացած նստեց թախտի վրա, նամակը ձեռում ամուր սեղմած, կարծես, վախենալով, մի գուցե խլեն նրանից։

Դժվար, շատ դժվար դեր է հանձն առել, ասաց Ռուբենր։

Նա կկատարե, նա կարող է կատարել, գոչեց Մարիամը վրդովվելով յուր եղբոր հուսահատության դեմ։

Կկատարե, բայց յուր կյանքի գնով...

Մարիամը մի ծանր հայացք ձգեց եղբոր վրա: Մի հայացք, որ արտահայտում էր և՛ կծու հանդիմանություն, և՛ վիշտ, և՛ հուսալու, անպայման հուսալու բուռն կարոտ։ Ռուբենը զգաց այդ և շտապեց յուր սխալն ուղղել։ Մարիամը լուռ լսում էր նրա հուսադրական խոսքերը, աշխատելով հավատալ՝ յուր ալեկոծված հոգուն սակավ ինչ հանգստություն տալու համար։

Օր օրի վրա անցնում էր, Մարիամն ավելի ու ավելի անհանգիստ ու նյարդային էր դառնում։ Ամեն օր նա գնում էր Սաթենիկի մոտ յուր տխրությունը փարատելու համար։ Ամբողջ ժամերով նստում էր ընկերուհու մոտ, և նրա խոսակցության միակ նյութը Բագրատյանն էր, նրա ասածները, նրա բնավորությունը և գաղափարները, որոնց անձնատուր էր եղել այդ մարդը...

Սաթենիկն երբեմն լսում էր սիրով, երբեմն ձանձրանում էր մտքում, բայց և երբեք դժկամություն չէր արտահայտում։ Նրա անդորր բնավորությանը և մեղմ ձգտումներին չէր համապատասխանում Մարիամի հոգեկան տրամադրությունը և այսպիսով ընկերուհիների հայացքների տարբերությունը քանի գնում, այնքան ավելի խստանում էր։ Սակայն երկուսն էլ փոխադարձաբար հարգում էին իրարու գաղափարները։ Հաճախ Սաթենիկը խոսք էր բաց անում Ռուբենի մասին, և միշտ նրա ասածների մեջ զգացվում էր հոգու բուռն ձգտումը` օր առաջ արժանանալ ամուսնական կյանքի երջանկությանը։

Տեսնելով այդ, Մարիամր մտքում վճռեց առժամանակ մի կերպ զսպել յուր մտադրությունը և զբաղվել այլ խնդիրներով։ Այս պատճառով նա աշխատում էր Ռուբենի և Սաթենիկի առջև ուրախ ձևանալ։ Վերջապես նրա թախանձանքով ամուսնության օրը որոշվեց։ Երկար հետաձգելու կարիք չկար մի ձեռք պսակադրության զգեստ Սաթենիկի համար և մի նոր հագուստ Ռուբենի համար ահա ինչ էր մնում անելու։ Սաթենիկն ինքը ձևեց և կարեց իր զգեստը Մարիամի օգնությամբ։

Հասավ որոշված օրը։

Ռուբենը հրավիրեց յուր նախկին ու նոր ընկերներից ոմանց և մի քանիսին իր պաշտոնակիցներից։ Սաթենիկը հրավիրեց յուր ընկերուհիներին և մի քանի ազգականներ։

Երիտասարդ հանդիսականների ընկերության զվարթ շրջանում համեստ հարսանիքն անցավ շատ ուրախ։ Ուրախ ու զվարթ էր այդ երեկո և Մարիամը։

Դեկտեմբերի վերջն էր։ Մի սառը և քամի օր։ Հարսանիքից անցել էր ամիս ու կես։ Այն սենյակում, ուր երկու ամիս առաջ Մարիամը կարդացել էր Բագրատյանի մռայլ նամակը, նստած էր Սաթենիկը և անհամբերությամբ նայում էր դեպի դուրս։ Կեսօրից հետո էր. արդեն երկու ժամ էր, որ նա սպասում էր Ռուբենին, և վերջինը չէր երևում։

Ներս մտավ տասը տարեկան մի գեղեցկադեմ աղջիկ սևահեր և սևաչյա։

Ի՞նչ ես ուզում, Անահիտ, հարցրեց Սաթենիկը բարկացոտ ձայնով։

Գրքերս բերե՞մ։

Ոչ, այսօր չեմ կարող քեզ հետ պարապել։

Աղջիկն ուրախացավ։

Մարիամն էլ չի ուզում պարապել Վարդուհու հետ, այսօր մեզ համար տոն է, գոչեց փոքրիկը և թռչկոտելով դուրս վազեց։

Անահիտն ու Վարդուհին Սաթենիկի փոքրիկ քույրերն էին, որ այժմ ապրում էին իրանց ավագ քրոջ հետ և նրա հովանավորության տակ։

Սաթենիկը դարձյալ մենակ էր և դարձյալ անհամբեր նայում էր պատուհանով դեպի փողոց։ «Ուշացավ, շատ ուշացավ, երևի, չի կարողանում գտնել ճիշտ տեղեկանք», ասում էր նա մտքում անդադար։

Արդեն օրը մթնում էր, երբ, վերջապես, Ռուբենը եկավ ոտքից մինչև գլուխ թրջված ձյունախառն անձրևից։ Նա գունատ էր, աչքերի մեջ երևում էր արցունքի հետքը։

Վերջապես, գոչեց Սաթենիկը, ընդառաջ վազելով:

Նա մի քանի քայլ մնացած կանգ առավ և սարսափած նայեց ամուսնու այլայլված երեսին։

Ուրեմն ճի՞շտ է։

Ճիշտ է, պատասխանեց Ռուբենը և հոգնած ու շնչասպառ նստեց թախտի վրա։

Դժբա՜խտ Բագրատյան, արտասանեց Սաթենիկը խորին դառնությամբ։

Դժբախտ, բայց նախանձելի...

Ի՞նչպես է պատահել սպանությունը և ո՞րտեղ:

Մի լեռնային կիրճում նա անցնելիս է եղել յուր յոթ ընկերներից չորսի հետ։ Հանկարծ առաջ է դուրս եկել կիրճի խորքից մի ստվար խումբ։ Ուժերը եղել են անհավասար: Բագրատյանը սպանել է երկուսին, չորս ընկերները նույնպես մի քանիսին։ Հինգ հոգուց ընկել են երեքը, որոնց թվում է Բագրատյանը։

Ո՞վ պատմեց քեզ։

Նրա դիակը իր աչքով տեսնողներից մեկը։

Խե՜ղճ Մարիամ, ասաց Սաթենիկը և հեկեկաց, ի՜նչպես պիտի հայտնենք նրան։

Ո՞րտեղ է նա։

Յուր սենյակում։

Նախազգո՞ւմ է մի բան։

Ինձ թվում է, այո, երբեք նրան այսօրվա պես անհանգիստ չեմ տեսել։ Ահ, ի՜նչպես նա սիրում է Բագրատյանին, ի՜նչպես, այդ միայն ես գիտեմ...

Լռի՛ր, կարծեմ, նա գալիս է։

Դռների հետևից լսվում էր հետզհետե մոտեցող քայլերի ձայնը։

Ռուբենն ու Սաթենիկը ճիգն արին իրանց հուզումը թաքցնելու։ Մարիամը ներս մտավ հուշիկ քայլերով և նայեց յուր շուրջը:

Ո՞րտեղ էիր այս վատ եղանակին, դարձավ նա Ռուբենին։

Վայրկենաբար քույր ու եղբոր հայացքները խաչաձևվեցին, և Մարիամը անմիջապես գուշակեց գուժաբեր լուրը։ Նա ցնցվեց, կանգնեց եղբոր առջև և, բռնելով նրա ձեռը, գոչեց.

Անխի՜ղճ, ինչո՞ւ ես լռել, ասա՛։

Սաթենիկը հեկեկաց և գրկեց նրան։

Մարիամի երեսը թղթի գույն էր ստացել։ Նրա դեմքի մկանունքները, կարծես, քարացել էին, նրա բարակ շրթունքները սառել կպել էին ատամներին…

Հանկարծ այդ քարացած դեմքը փայլեց ինչ-որ ներքին լույսից, և աչքերը վառվեցին…

Նա սպանվել է, ես էլ պիտի զոհվեմ նրա գաղափարներին…

Ասաց Մարիամը, և նրա ուժերը սպառվեցին վերջին բառի հետ։ Նրա գլուխը թուլացավ, թեքվեց կրծքին։ Ուշքը կորցնելով, նա ընկավ Ռուբենի և Սաթենիկի գիրկը:

"Զուր հույսեր" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Ճոճվող Բախ
Դավիթ Բալասանյան

Ճոճվող Բախ

Նկարչի արվեստանոց, 1963 թ
Նկարչի արվեստանոց, 1963 թ
Խաղա առցանց