Ալեքսանդր Շիրվանզադե

Զուր հույսեր

I

Թիֆլիսի ժողովարանի ամառային բնակարանում ընտանեկան երեկույթ էր։ Ուղիղ տասը ժամին, երբ այգին կիսով չափ լցվել էր երկու սեռի հանդիսականներով, ընդարձակ ճեմելիի ծայրում երևեցավ ամբողջ քաղաքին հայտնի Միքայել Հալաբյանը։

Նախ քան առաջ գալը, նա քանի մի վայրկյան կանգնեց դալար պատատուկով վարագուրված վանդակապատի մոտ, կուրծքը դուրս ցցեց, նայեց զբոսնող հասարակությանը։ Հետո նա աջ ձեռով ուղղեց սպիտակ մետաքսյա փողկապը, որի վրա պսպղում էր ադամանդյա խոշոր գնդասեղը, հարթեց ձյան պես ճերմակ ժիլետը, որի վրա փայլում էր ոսկե ժամացույցի բարակ ոսկե շղթան, շփեց a la Բուլանժե խուզած միրուքը և, գլուխը բարձր պահած, ծանր, հանդարտ և, կարծես, ակամա քայլերով առաջ ընթացավ։

Նա հասավ այգու միակ ավազանին, ուր ուղիղ գծով դեպի վեր խփող շատրվանից, մանր անձրևի պես, թափվում էր հստակ ջուրը։ Նա կանգնեց, մտիկ արավ շատրվանին, մտիկ արավ ջրի շողափայլ շիղերին, ավազանի մեջ սև ստվերների նման լող տվող ձկներին, գլուխը թախծությամբ շարժեց և երեսը հետ դարձրեց։ Երբեմն նա աջ կամ ձախ ուսի վրայով նայում էր անցուդարձողներին և պատասխանում յուր ծանոթների բարևներին, հազիվ արժանի համարելով շարժել սևագույն, ամուր գլխարկի եզրը։ Նա նույն ակամա քայլերով անցավ և մտավ ժողովարանի ռոտոնդան։

Երեկույթը հետզհետե այստեղ էր կենտրոնանում։ Շուտով պիտի սկսեին եվրոպական պարերը, առ ժամանակ նվագում էին ասիական երաժիշտները։ Մի սպա դեսուդեն վազվզելով, պարողներ էր հավաքում։ Օրիորդների մի մասը կավալերներ գրավել էր, շատերը դեռ սպասում էին։ Երեկույթը վերջինն էր ամառվա շրջանում, շուտով ժողովարանը պիտի տեղափոխվեր ձմեռային բնակարան. պետք էր վերջին անգամ եռանդով պարել, զվարճանալ։ Մայրերը շարեշար նստած էին դահլիճի աջ ու ձախ կողմերում և զգաստ աչքերով դիտում էին աղջկերանց, ստեպ-ստեպ ուղղելով իրանց Թասակրավը, այսինքն գլխի ապարոշները։ Ամեն մեկը հենված էր յուր փակ հովանիի կոթի վրա, ինչպես սովորաբար հենվում է ցուպի վրա յուր գառնուկներին արթուն աչքով հսկող հովիվը։

Հալաբյանը կանգնած էր արևելյան երաժշտության սիրահարների շարքում։ Նվագվում էր այն եղանակը և երգվում էր այն երգը, որ հատուկ սիրում էր Հալաբյանը։ Այս առանձին պատիվը նա վայելում էր իր իբրև ժողովարանի ինը վերակացուներից մեկը և, որ գլխավորն է, իբրև հարուստ, ամուրի, առատաձեռն Հալաբյանը։

Եվ որքան ոգևորված էր թուրք երգիչը։ Նրա սաթի պես սև աչքերը կարմրել էին, պսպղում էին, ինչպես վառված ածուխի կտորներ և կոկորդային ուժի ծայրահեղ լարվելուց վզի երակները կապտել էին, ուռել և դուրս ցցվել։ Ավարտելով պարսիկ բանաստեղծի խոսքը մերթ մեղմ, մերթ զիլ և առաձգական կլկլոցով, նա քանի մի ակնթարթ լռում էր, շունչը խանգարվում էր, կուրծքը ուժգին բարձրանում էր և նիհար կոկորդի չոր ոսկորը դողդողում։ Նա գլուխը դահիրեի հետևից վեր էր ցցում, զայն թաց արած թոքերը լցնում էր դահլիճի ծանր, սղմված օդով և ձայնը ավելի բարձրացնում։ Քեմանի և թառի լարերի հնչյունները ներդաշնակ հետևում էին նրա քմածին ձայնի անկանոն ելևէջներին։

Աֆերի՜մ, աֆերի՜մ, սովորաբար ասում էր Հալաբյանր, խրախուսելով մերթ երգչին, մերթ նվագողներին։ Բայց այս անգամ նա յուր գովասանքը չարտասանեց, մի քանի վայրկյան լսեց երգչին, ապա քայլերը ուղղեց դահլիճի խորքը, մի փոքրիկ սանդուղքով բարձրացավ վերև, դեպի աջ։

Այստեղ թղթասերները, չորս-չորս հոգի նստած կանաչ սեղանների շուրջը, խաղում էին, խորասուզված իրանց զբաղմունքի մեջ, ինչպես օրվա առևտուրը երեկոյան համարակալի վրա գումարող վաճառականներ։ Շատերը նրանցից լուռ էին, չէին նայում իրարու երեսին։ Երբեմն միայն հատ-հատ անհասկանալի բառեր էին արտասանում և, քաղցած գայլերի նման, խոժոռ հայացքներ ձգում մեկմեկու ձեռների վրա։ Կարծես, այդ մարդիկ անհաշտ թշնամիներ էին, չար ճակատագրի կամքով ասպարեզ էին դուրս եկել իրարուց վրեժ առնելու։ Գրեթե ամեն մի սեղանի մոտ կանգնած կամ նստած էին հետաքրքիր չեզոքներ, մարդիկ, որ միշտ սիրում են ուրիշների բախտի ընթացքին հետևել, գուցե սեփականը չունենալու պատճառով։

Հալաբյանը մոտեցավ այդ սեղաններից մեկին, աջ ձեոը դրեց չորս խաղացողներից մեկի ուսին, ձախը դրեց մյուսի ուսին։ Առաջինը հաստ ու սևամորթ պարանոցով, ճարպալի աչքերով, կոշտ շրթունքով, սև աչքունքով, ցցված փորով երեսուն ու հինգամյա զվարճասեր Ախշարամյանն էր։ Երկրորդը իշխանատոհմ Սրափիոն Սահարունին էր ժողովարանի ուղն ու ծուծը կազմող վերակացուներից մեկը։ Մի մաքուր հագնված ջենտլմեն, կարճ միրուքով ու մազերով, կարմրադեմ, աչքերի տակի կաշին կուչկուչված։ Քինթը արծվանման, շրթունքը ջրալի, վարդագույն, ավելի գեր քան նիհար, մոտ հիսուն տարեկան մի տղամարդ, որի դեմքի վրա վաղուց շռայլ, անկանոն կյանքը դրոշմել էր յուր անջնջելի հետքը։

Ուշացե՛լ ես, ասաց իշխանատոհմ Սահարանին յուր խուլ, խզված ձայնով, վեր կենա՞մ։

Այսօր խաղալու ցանկություն չունիմ, պատասխանեց Հալաբյանը և ձեոները վերցրեց բարեկամների ուսերից։

Մոսիո Վախվախյա՜ն, դարձավ նա հանկարծ իշխանի կողքին կանգնած մի մարդու, որ չէր մասնակցում թրղթախաղին։

Մոսիո Վախվախյանը, որ քառասուն տարեկան մի տղամարդ էր, մաքուր սափրած երեսով, լիք-լիք թշերով, արդեն գդակր վերցրած սպասում էր Հալաբյանի ուշադրությանը, կես-բարեկամական և կես-շողոքորթ մի ժպիտ երեսին։

Ի՞նչպես է պարոնիս ամենաթանկագին առողջությունը, մեջքից խոնարհ թեքվելով, կրկնեց նա միևնույն հարցը մի քանի տարբեր խոսքերով և, բավարար պատասխան ստանալով, շարունակեց։ Շատ ուրախ եմ, հիմա նորին պայծառափայլությունը ձեր մասին էր հարցնում, ասացի, երևի, կգա։

Ինչո՞ւ տխուր ես, հարցրեց Ախշարումյանը, նայելով Հալաբյանի երեսին։

Ես... տխուր չեմ... պատասխանեց Հալաբյանը, տատանվելով, մոսիո Վախվախյան, գնանք այգի։

Մոսիո Վախվախյանը, ուրախ-ուրախ հետևեց նրան և դուրս եկավ ճեմելիի վրա։ Նա, անդադար պտույտ անելով Հալաբյանի շուրջը, մերթ անցնում էր աջ, մերթ ձախ կողմ, ինչպես հարմար էր վերջինին։

Այն էլ լսած կլինեք, որ Ամբակումովը մեռել է ու ազգին երկու քսան Թուման, երկու շահի ու վեց կոպեկ է թողել, խոսեց մոսիո Վախվախյանը, Հալաբյանին զվարճացնելու նպատակով, կտակել է, որ այդ փողով երեք ուսումնարան բաց անեն ու տասներկու ստիպենդիանտ պահեն ազգի պայծառության համար։

Եվ նա մի քայլ առաջ գնալով, երեսը մի կողմ դարձրեց, քնթի տակ ծաղրեց ու հայհոյեց հանգուցյալին։

Հին հեքիաթ ես ասում, մոսիո Վախվախյան, ասաց Հալաբյանը, ես քեզ ասել եմ, որ միշտ նոր-նոր լուրեր պատմես ինձ։

Այ նոր լուր, ըհը՛մ, ա՛յն կողմ մտիկ արեք

Եվ այս ասելով, մոսիո Վախվախյանը ցույց տվեց մի գեղեցկադեմ շիկահեր կնոջ, որ մի տգեղ կնոջ թևից բռնած գալիս էր դեմուդեմ։

Այդ էլ թող, նկատեց Հալաբյանը, ուշադրություն չդարձնելով գեղեցկադեմ կնոջ վրա։ Եթե կարող ես, զվարճացրու ինձ, մոսիո Վախվախյան, ես տխուր եմ։

Տխո՞ւր, կրկնեց մոսիո Վախվախյանը զարմացած, դուք որ տխուր եք, ե՞ս պիտի ուրախ լինհմ։ Այ, այսպես է աշխարհիս բանը։ Ձեր ի՞նչն է պակաս, ասեք տեսնեմ, փող, խելք, առողջություն, ազատ ապրուստ, դո՞ւք էլ եք տխրում։ Բաս վա՛յ ինձ նմաններին, ավելացրեց նա, խորին հառաչելով։

Դու ամենաբախտավոր մարդն ես։

Ե՞ս...

Բախտավոր ես, որ հոգս ու ցավ չունես։ Ետ գնանք, այս մարդկանց երեսը հազար անգամ տեսել եմ և ձանձրացել։

Նրանք մտան դահլիճ։ Եվրոպական պարերը առ ժամանակ ընդհատվել էին։ Խուռն բազմությունը կազմել էր մի փոքրիկ շրջան, ուր ցանկացողները պիտի ասիական պարեր պարեին։

Երաժիշտները նվագում էին, թմբկահարը բարակ ձողերով ուժգին զարկում էր թմբուկի չորացած կաշվին, երգիչը գահիրեին, հանդիսականները ծափահարում էին, ասպարեզում պարող չկար։

Հանկարծ խրոխտ քայլերով մեջ մտավ մի բարձրահասակ, գեղեցիկ կերպարանքով վրացի երիտասարդ իշխանազն յուր ազգային մետաքսյա բազմերանգ հագուստով։ Դա հայտնի էր Թիֆլիսում իբրև ամենալավ պարիչ։ Ծափերը ավելի սաստկացան։ Իշխանազնը յուր նուրբ, մետաքսից կարած, ծայրերը սուր և կրունկները բարձր մաշիկները դահլիճի ողորկ հատակին քսելով, սահեց առաջ։ Ամբոխը ետ ու ետ քաշվեց, ասպարեզը լայնացավ։ Իշխանազնը մի պտույտ գործեց, մոտեցավ, մեջքից թեքվեց և մորթե կարճլիկ գդակը ձեռին բռնած, գլուխ տվեց մի հայ օրիորդի։

Բրա՛վո, բրա՛վո, գոչեցին միաբերան այս ու այն կողմից, որոնց թվում ամենից բարձր մոսիո Վախվախյանը։

Օրիորդը գլխով բացասական նշան արավ։ Ցանկանում էր նա պարել, պետք է խնդրեին, և խնդրեցին, այսինքն մի քանի չափահաս տեղացի կանայք բոթեցին նրան և ուժով ներս մղեցին։

Քանի մի վայրկյան իշխանազնը և օրիորդը հուշիկ քայլերով պտտեցին այս կողմ, այն կողմ, առաջ եկան, ետ քաշվեցին, շուռ եկան դեպի հետ, սկսվեց Դաղստանի պարերից մեկը։ Մի պար, որ այնքան վայրենի է թվում եվրոպացուն և այնքան շարժում, դղրդում է ասիական մարդու սրտի զգայուն թելերը։

Մի պար, ուր զգացվում է կրակոտ լեռնականի արյան ուժգնությունը, սրտի կատաղի զարկը, հոգու անվեհերությունը, զգացողների սաստկությունը։

Տա՜շ, տա՜շ, տա՜շ, գոչում էին հանդիսականները։

Տա՜շ, տա՜շ, տա՜շ, գոռում էր մոսիո Վախվախյանը, ոգևորված ծափահարելով։

Շնորհալի թևերը մեղմիկ և քնքշաբար շարժելով, երբեմն աջ, երբեմն ձախ ձեռը կողքին դնելով, գլուխը հեզաբար ուսին թեքած, օրիորդը լողում էր շեղաձև, ինչպես մի թեթև մակույկ անդորր ծովի մակերևույթի վրա։ Նրա հետևից, մեջքը սակավ ինչ կորացրած, աչքերը վառ, սլանում էր իշխանազնը, որպես մի թևատարած բազե, որ ձգտում էր յուր մագիլներով որսալ անմեղ թռչնիկին։

Դահլիհը թնդում էր, դեմքերը ուրախ-ուրախ փայլում էին, ամբոխը խռնվում էր առաջ ու առաջ, շրջանր հետզհետե սղմվում էր, թմբուկի ձայնը ավելի ու ավելի սաստկանում էր։ Հանկարծ օրիորդը կանգնեց, ձեռները ցած գցեց, իշխանազնր սկսեց նրա դեմ կատաղի պտույտներ գործել։ Մի կետի վրա, նա կրունկները ուժգին թափով զարկում էր հատակին, ցրվում էր ոտների մատների վրա, քաշանում էր, բարձրանում, ժպտում էր օրիորդի երեսին և մի կրակոտ շարժում գործելով, կրկին սկսում էր շրջաններ անել, որպես մի մանկական պտուտակ։


Դուք հավանո՞ւմ եք այդ աղջկա պարելը, լսեց Հալաբյանր, որ ամբոխից քիչ հեռու մոսիո Վախվախյանի հետ կանգնած, անորոշ հայացքով նայում էր պարողներին։ Նա ետ մտիկ արավ, և երես առ երես հանդիպեց յուր ծանոթ տիկին Սոփիո և օրիորդ Նատալիա Սադափյաններին։

նա գդակը վերցնելով, սեղմեց տիկնոջ և նրա աղջկա ձեռը։

Ատելով ատում եմ հավլաբարցիներին, նկատեց օրիորդը արհամարհանքով ժպտալով, մեջ են ընկնում պարելու, այն էլ ո՛՛ւմ, իշխան Մարգուլաձեի հետ։ Ա՜խ, ինչ գեղեցիկ տղամարդ է, ես սիրահարվեցի բոլորովին։ Այստեղ տոթ է, մամա, գնանք այգի, դարձավ նա յուր մորը և, բռնելով վերջինի թևից, շարունակեց խոսել Հալաբյանի հետ։

Մոսիո Վախվախյանը, հեռվից բարևելով, չհամարձակի վեց մոտենալ և ակամա հեռացավ Հալաբյանից։ Ամուրին խուռն բազմության միջով հետևեց յուր ծանոթ դամերին և կրկին դուրս եկավ նրանց հետ այգի։

Տիկին Սոփիոն նիհար, դեմքի մանր գծերով, միջահասակ, եռանդուն բերանով, ալեխառն մազերով հիսուն տարեկան մի կին էր տեղական հագուստով։ Նրա քայլվածքր, ծանր շարժվածքը, արհամարհական հայացքը արտահայտում էին մի անընկճելի գոռոզություն։ Նույն գոռոզությունն երևում էր և նրա դստեր, Նատալիայի, դեմքի վրա, միայն ավելի մեղմ, շնորհիվ երիտասարդ տարիներին։ Այդ միջին հասակով, բարակ կազմվածքով, մոտ քսան և ութ տարեկան աղջիկը յուր մոր համապատկերն էր ներկայացնում։ Աչքերը փոքրիկ, կապուտակ, շրթունքը սեղմված, քինթը ուղղագիծ, սրածայր, ճակատը տափարակ, սև-սև խիտ հոնքերը քնթի արմատի մոտ միախառնված, կարմրախայտ այտերը նիհար, ծնոտը փոքր-ինչ դուրս ցցված, մազերը ագռավի փետուրի պես սիփ-սև ահա Նատալիայի կերպարանքը։ Կորսեի մեջ ամուր սեղմված մեջքը այնչափ բարակ էր, որ, կարծես, կարելի էր երկու ձեռի մատների ծայրերով գոտևորել նրան։ Մուգ-կարմրագույն հագուստը ծայրե ի ծայր սքողված էր նուրբ ծաղկանկար մետաքսյա հյուսվածքով։ Մորենագույն թավշյա ուսնոցակը, թևավորելով կոները մինչև արմունկները, ծածկում էր նրա թիկունքը և կրծքի մի մասը։ Ահագին սպիտակ փետուրով զարդարված բաց-դեղնագույն գլխարկի լայն եզրը, աջ կողմից դեպի վեր ծռված, տեսանելի էր կացուցանում նրա գլխի մի մասը, նեղ ճակատը և հարթ ու տափարակ քոնքը։

Շատերը ինձ նախատում են, թե ինչու շատ քիչ եմ գալիս ժողովարան, խոսում էր նա Հալաբյանի հետ, ասացեք խնդրեմ, ի՛նչ կա այստեղ։ Նայեցեք այս մեկի հագուստին, նայեցեք այն մյուսի գնացքին և, վերջապես, այդ դեմքերը… ֆի՜... ափսոս չէ «Կրուժոկի» հասարակությունը։ Դիփ քարվանսարի բազազների աղջկերքն են ու կնիկները, հարեց տիկին Սոփիոն, շրթունքը արհամարհանքով ծռելով։

Ափսոս Մարոն այստեղ չի, շարունակեց Նատալիան, որ այդ անհայտ երիտասարդներից մեկի հետ երկար ու բարակ խոսեր։

Նա ցույց տվեց մի խումբ համալսարանական ուսանողների, որ նստած էին ճեմելիի նստարաններից մեկի վրա։ Մարո անունը, կարծես, սթափեցրեց Հալաբյանին, որ մինչև այդ վայրկյան լուռ լսում էր մոր և դստեր պարսավանքը հանդիսականներին։

Օրիորդ Մարիա՞մը, ասաց նա հետաքրքրված, ե՞րբ կգա։

Ով գիտե, նա Դիլիջանը խիստ է հավանել, կգա՜ շուտով, թե՜ չէ, պատասխանեց Նատալիան, ըստ երևույթին ակամա։

Ինչո՞ւ համար էիք հարցնում, հարցրեց տիկին Սոփիոն Հալաբյանին։

Հենց այնպես, պատասխանեց Հալաբյանը, տեսնելով, որ յուր հարցը դուր չեկավ ո՛չ օրիորդին, ո՛չ տիկնոջը։ Նրանք կրկին վերադարձան ռոտոնդա, և այստեղ Հալաբյանը, ներում խնդրելով տիկնոջից և օրիորդից, հեռացավ։ Նա մոտեցավ մի վաճառականի, մի քանի վայրկյան խոսեց, հետո մոտեցավ մի իրավաբանի, հետո մի բժշկի։ Ոչ ոքի հետ նա երկար չէր խոսում։ Առհասարակ նրա տրամադրությունը սովորականը չէր։

Ի՜նչ տխուր է այս երեկո, ասաց նա, թախծությամբ լի հայացքով նայելով զբոսնող բազմությանը։

Տասն ու վեց տարի էր, որ Հալաբյանը այցելում էր այդ ժողովարանը, և այդ երկար տարիների րնթացքում հասարակական զվարճարանը քառասուն ու երեքամյա ամուրիի համար դարձել էր մի տեսակ ընտանիք։ Այստեղ էր նա, ցերեկվա աշխատանքից հետո, երեկոները հանգստություն վայելում։ Գալիս էր միևնույն ժամին, գնում էր միևնույն ժամին։ Ձմեռը ժողովարանի տան պայծառ լուսավորված րնդարձակ սենյակները, ամառը նրա այգու միակ ճեմելին, միևնույն հասարակությունը, կանաչ սեղանների մոտ նստած միևնույն քնահարբ դեմքերը, ուռած ալքերը, այս ու այն կողմ պտտող ծույլ և համառ սպասավորները, բոլորը, բոլորը նրան այնքան ծանոթ էին, որքան յուր բնակարանի կահ-կարասին, յուր վրայի հագուստը։ Տարբերությունն այն էր, որ կահ-կարասին և հագուստը հնանալիս նա փոխում էր, այնինչ ժողովարանը նրա աչքում մնում էր անփոփոխ։ Եվ եթե որևէ նորմուծություն լինում էր, եթե երևում էին նոր դեմքեր, շուտով ձուլվում ու միանում էին հների հետ, և նա դարձյալ տեսնում էր մի տաղտկալի ամբողջություն։ Տաղտկալի և միևնույն ժամանակ այնքան ընտանի մի շրջան, որից բաժանվելը նրա համար կնշանակեր բաժանվել յուր կյանքի մի բնական մասից, զրկվել գոյության մի անհրաժեշտ տարրից։

Բայց երբեք նա այնքան ձանձրացած չէր, որքան այդ երեկո։ Ի՞նչ էր պատճառը ինքն էլ տակավին չէր կարողանում որոշել։ Մի բան պարզ էր, որ նրա տխրությունը սկսվեց ժողովարան գալուց մի քանի ժամ առաջ։ Իրիկնադեմ էր. նա կանգնած էր յուր տան առաջ, փողոցի անկյունում և խորհում էր, թե ուր և ինչպես անցկացնի երեկոն, որ ավելի զվարճալի լինի։ Այդ րոպեին հանկարծ նրա առաջով անցավ այն հասարակական կառքերից մինը, որ բանում են քաղաքի և մոտակա ամառանոցների միջև։ Կառքի մեջ նստած էր մի մարդ յուր կնոջ և բազմաթիվ երեխաների հետ, որ ամառանոցից վերադառնում էին քաղաք։ Հալաբյանը նայեց սլացող կառքին, լսեց երկու մանուկների և մի փոքրիկ աղջկա ուրախ քրքիջը, և հանկարծ մի անորոշ զգացում համակեց նրա սիրտը։ Նրան տիրեց մի թախծություն։ Օրը մթնեց, այս թախծությունն ավելի սաստկացավ, իսկ ականջում դեռ հնչում էր ուրախ ընտանիքի քրքիջը։

Եվ այս տրամադրությամբ նա եկավ ժողովարան։ Նա ախորժակ չուներ ոչ թուղթ խաղալու, ոչ ընթերցարան ում երգիծաբանական թերթերով յուր միտքը զբաղեցնելու և ոչ երաժշտությամբ զվարճանալու։ Նա այնքան տխուր էր, որ կամեցավ դուրս գալ ժողովարանից սովորական պահից երեք ժամ առաջ։ Նա արդեն քայլերը ուղղել էր դեպի դուրս, երբ նրա առաջը կտրեցին իշխան Սահարունին, Ախշարումյանր և մոսիո Վախվախյանր։

Նրան գրեթե ուժով նստեցրին ընթրելու այգու ծալերից մեկի տակ։ Ճեմելին հետզհետե դատարկվում էր, ընտանետեր հանդիսականները ցրվում էին, մնում էին պարողները, ընթրողները, ազատ ու ազափները ու մի քանի կանայք, որոնց ամուսինները դեռ չէին վերջացրել թղթախաղը կամ «նարդին»։ Այս կանանց թվումն էր և' մի առողջ կազմվածքով, կարմիր այտերով, գեղեցիկ և երիտասարդ կին, որ մի երիտասարդ պարոնի հետ նստած էր Հալաբյանի խմբից ոչ այնքան հեռու։

Իշխան Սահարունին յուր կրքոտ աչքերը հառեց առողջադեմ կնոջ վրա։

Շարմա'նտ, ձերդ պայծառափայլություն, դարձավ մոսիո Վախվախյանր իշխանին, ճանաչո՞ւմ եք։

Ո՞վ է, ո՞վ է, հարցրեց հետաքրքրված հաստապարանոց Ախշարումյանր։

Երեք քսան ու վեց տարեկան քավթառի մի անտիկա, պատասխանեց մոսիո Վախվախյանր։ Ո՞նց եք, պարոն Ախշարումյան։

Ե՜ս․․․ վը՞վվվ։ մռնչաց Ախշարումյանը, աչքերը պսպղացնելով և յուր խոշոր ու սպիտակ ատամների վերին շարքով սեղմելով ներքին սև շուրթը։

Այդ վայրկյանին նրա ամբողջ կերպարանքը ներկայացնում էր մի մարմնացած վավաշոտություն։

Կեցցե՜ն տխմար ծերերը, կեցցե՜ն երիտասարդ կանայք, գոչեց իշխան Սահարունին, գինու բաժակը դատարկելով։ Չեե՜կ, դարձավ նա սպասավորին, որ որսային շան պես պտույտ-պտույտ էր անում ամուրիների սեղանի շուրջը, գինին սեղանից պակաս չլինի։

Այս երկդիմի ակնարկների ժամանակ Հալաբյանը, երեսը հետ դարձրած, նայում էր մի ուրիշ կողմ։ Հարևան սեղանի մոտ նստած ընթրում էր երեսուն ու հինգ տարեկան մի տղամարդ յուր երիտասարդ կնոջ հետ։ Հալաբյանը ճանաչում էր այս ամուսիններին։ Մարդը քաղաքային վարչության մեջ մի հասարակ պաշտոնյա էր, երեք տարի առաջ պսակվել էր և յուր չափավոր ռոճիկով կառավարում էր ընտանիքը։ Ամեն երեքշաբթի երեկո մարդ ու կին գալիս էին ընտանեկան երեկույթ, զբոսնում էին իրանց փոքրաթիվ ծանոթների հետ, առանձին ընթրում և թև թևի գցած գնում։

Արմունկները սեղանին հենած, մարդը ծխելով զվարճախոսում էր․ կինը պաղպաղակ էր ուտում։ Ոչ ոքի վրա ուշադրություն չէին դարձնում, նրանց նայվածքը արտահայտում էր փոխադարձ սեր, հավատարմություն և փաղաքշանք։ Համակրելի էր թվում Հալաբյանին մանավանդ երիտասարդ կնոջ ժպիտը։ Այդ տեսակ քաղցր, գրավիչ երանություն արտահայտող մի ժպիտ նա յուր կյանքում չէր տեսել։ Բազմազգի, բազմալեզու ամբոխի մեջ այդ զույգը նրան թվում էր ամենից երջանիկը և անհոգը։

«Ի՜նչ է նրանց խոսակցության առարկան», մտածեց նա, հառաչելով։ Հանկարծ կինը քահ-քահ ծիծաղեց, ոտքի կանգնեց։ Մարդը վճարեց ընթրիքի համար, երկու անգամ համարեց սպասավորի հետ բերած փողը, խնամքով դրեց գրպանը, առավ կնոջ թևը և ուրախ-զվարթ խոսակցելով, դիմեցին դեպի դուրս։

«Կզարթնի կտեսնի ես մոտը չեմ, լաց կլինի... ա՜խ, հոգյակս Լևոն»։

Այս խոսքերը պարզ հասան Հալաբյանի ականջին, երբ զույգը անցնում էր նրա մոտով։

«Լևոնր նրանց երեխան է», մտածեց նա և այնքան նայեց հետևից, մինչև նա բոլորովին անհայտացավ։

Չհաջողվե՜ց, ձայն տվեցին միաբերան Իշխան Սահարունին և Ախշարումյանը։

Հալաբյանը վիրավորվեց, երկդիմի ակնարկությունը երջանիկ զույգին էր վերաբերվում։

Զարմանալի է, արտասանեց նա և դանակ-պատառաքաղը վերցրեց ընթրիքը շարունակելու։

Ի՞նչն է զարմանալի, ասաց իշխան Սահարունին, զարմանալի է, որ նետդ քարի՞ն կպավ։

Հալաբյանր դադարեց ուտելուց և մի հանդիմանական հայացք ձգեց իշխանի երեսին։ Գիտեք, պարոններ, դարձավ նա յուր սեղանակիցներին լուրջ եղանակով, եթե մի օրինավոր մարդ լսի մեր խոսածը, կզզվի։

Սեղանակիցները զարմացած նայեցին միմյանց երեսին․ ի՞նչ էր նշանակում հանկարծակի փոփոխությունը մի մարդու, որ երբեք ընկերական կատակների նկատմամբ բծախնդիր չէր եղել։

Ներողություն, գոչեց իշխան Սահարունին, ես չիմացա, որ նրանք ազգականներդ են։

Ոչ ազգականներս են, ոչ էլ ծանոթ եմ այդ զույգի հետ, պատասխանեց Հալաբյանը, ես ուզում էի նկատել, որ առհասարակ մենք… Բայց թողնենք, պարոններ… Այս երեկո իմ տրամադրությունս լավ չէ։

Ոչ, պետք է ասելիքդ վերջացնես, համառեց իշխան Սահարունին, ի՞նչ էիր ուզում ասել, որ մենք… ի՞նչ։

Որ մենք մեր լեզուն մաքուր չենք պահում, որ մենք բամբասում ենք, որ մենք զրպարտում ենք ուրիշներին, որ վերջապես, մենք ոտից մինչև գլուխ փչացել ենք…

Այս ասելիս Հալաբյանը այնքան հուզվեց, որ պատառաքաղը խփեց ափսեին։

Օ՜օ, անմեղ գառն, о՜о, սուրբ ճգնավոր, գոչեց իշխան Սահարունին ծաղրաբար, արի փեշերդ համբուրեմ, արի՛։ Այդ ո՞ր բաղնիսում ես այսօր լվացվել, ո՞ր վարդապե¬ տից ես այդ քարոզը սովորել… Հա՛, հա՛, հա՛, հա… Մի՞թե, ճշմարիտ, դու էլ հավատում ես, թե Սահարունին այնքան ծեր է, որ պիտի պառավի պաս պահի։ Օծվի՛ր, վարդապետ, իսկ ե՞ս… ես փող, գինի ու կին, մանավանդ կին, ահա իմ հավատամքը։ Ատա՜նդե, ատա՜նդե, դու ուզում ես, որ Սահարունին չզվարճանա ահա այդ տեսարանով։ Նայի՛ր, նայեցե՛ք պարոններ։

Նա ձեռքով համարձակ ցույց տվեց մի ծերունի, որ անցնում էր սեղանի մոտով։ Առողջակազմ երիտասարդ կնոջ մարդն էր դա, «նարդին» վերջացրել էր և ձեռները մետաքսյա «արխալուղի» գրպանը դրած, գնում էր ամուսնու մոտ, որ դեռ միևնույն տեղում նստած սիրալիր խոսում էր յուր երիտասարդ կավալերի հետ։ Ամոթ քեզ, ամոթ քեզ, Սահարունի, քնած ես, չես տեսնո՞ւմ նոր աքաղաղներին, գոչեց իշխանը և կրծքի խորքից մի ա՜խ քաշելով, դարձավ մոսիո Վախվախյանին, Սերգո, սազանդարներին կանչիր այստեղ։

Սերգոն վաղուց էր սպասում այդ պատվերին։ Նա վազեց դահլիճ։ Երեկույթը գրեթե վերջացել էր, պարողներ չկային, ասիական երաժիշտները ազատ էին, եկան, նստեցին ամուրիների սեղանի մոտ և մի նոր եռանդով սկսեցին նվագել իշխանի պատվիրած եղանակները։

Գիշերվա երկու ժամից անցել էր արդեն, երբ Հալաբյանը առաջինն ասաց, թե տուն գնալու ժամանակ է։ Նա վճարեց ընթրիքի փողը ամենի փոխարեն։ Իշխանը վիրավորվեց։

Ձերդ պայծառափայլություն, մի՛ նեղանաք, ընկերություն է, այսօր մեկը, էգուց մյուսը, միջամտեց մոսիո Վախվախյանր և իսկույն մտքումը ավելացրեց, Սերգոն էլ մեջտեղ ձրի կուտի, ա՜յ քո տիրոջ նամուսը գետինը մտնի…

Քանի մի րոպե անցած մի կառք Հալաբյանին տեղափոխում էր յուր բնակարանը։ Թանձր փոշիով լի փողոցներով կառքը անցնում էր ահագին դղրդոցով և ծանրաքայլ։ Դա անիվները քայքայված, զսպանակները ժանգոտ, ծածկոցը գույնից զրկված այն կմախքներից մինն էր, որ փողոց են դուրս բերում միայն կեսգիշերից հետո։ Երկու նիհար ձիեր հազիվ կարողանում էին նրան քարշ տալ իրենց հետևից, տնքալով, հազալով և գլուխները վայր ու վեր շարժելով։ Երբեմն նրանք կանգնելու տրամադրություն էին ցույց տալիս։ Կառապանը ոտքի էր կանգնում և երկար մտրակով հարվածում դանդաղ կենդանիներին։

Կա՛ց, գոչեց Հալաբյանը բարկացած, երբ կառքը սկսեց արդեն չափից դուրս անխնա տրորել, ձգելով մի կողքից մյուսի վրա և մեջքը խփելով քարի պես ամուր կաշվե բարձին։

Նա ցած իջավ, վճարեց կառքի վարձը և մնացյալ ճանապարհը շարունակեց ոտով։ Երբեք նա այդ անախորժ տրամադրությամբ տուն վերադարձած չէր։ «Ի՜նչ կյանք է, ի՜նչ ապրուստ է, մտածում էր նա, օրինավոր մարդիկ իրանց գլուխը բարձին դրած հանգստանում են, ես քարշ եմ գալիս փողոցներում»։ Եվ քանի մոտենում էր բնակարանին, այնքան կատաղությունը սաստկանում էր: Նա նայում էր աջ ու ձախ Սոլոլակի տների մութ պատուհաններին, և գիշերային ընդհանուր լռությունն ու խավարը ավելի ճնշում էին նրա սիրտը։

Նա հասավ մի ուղիղ և բավական լայն փողոց, կանգնեց մի երկհարկանի տան առջև։ Նա մատը սեղմեց պատի մի կետին։ Փոքր անցած դռները կարծես ինքնըստինքյան բացվեցին, նա ընդարձակ մաքուր սանդուղքով բարձրացավ տան վերին հարկը։

Գավթի դռների մոտ նրան դիմավորեց մի կարճահասակ մարդ, որ շտապում էր բութ մատներով կապել յուր երկայն արխալուղի կոճակները։ Դա նրա վաղեմի ծառան էր, ղազախեցի Թաթոսը, նրա չորս սենյակից բաղկացած բնակարանի մի միակ շնչավորը, որ ամեն գիշեր պարտավոր էր յուր տիրոջ առաջը դուրս գալ, որքան ևս նա ուշ վերադառնար։

Հալաբյան լուռ թույլ տվեց Թաթոսին վերարկուն հանել, մտավ ներս մի կես-եվրոպական և կես-ասիական ճաշակով կահավորված սենյակ։ Նա հոգնած, թուլացած, գլուխը խառնիխուռն մտքերով լի, նստեց տաճկական թախտի վրա մեջքը տվեց փափուկ բարձին։

Թաթոսը սենյակի մեջտեղում կանգնած, ձեռքերը կրծքին դրած, սպասում էր: Նա պետք է հաներ տիրոջ կոշիկները, հագցներ հողաթափները, երկար ծխաքարշը տար նրան, սպասեր մինչև ծխել վերջացնելը, ճանապարհ դներ ննջարան, և այնուհետև միայն ազատ էր։ Բայց, չտեսնված և անսպասելի բան, պարոնը փոխանակ յուր սովորական հրամանները տալու, մի բարկացկոտ հայացք նետեց Թաթոսի վրա և բարձրաձայն գոռաց.

Կորի՛ր աչքիցս։

Ծառան մի քանի վայրկյան ապշած մնաց, մտիկ արավ չորս կողմ, հետ ու հետ քաշվեց և վախեցած դուրս եկավ։

Հիմար, անմիտ, աննպատակ կյանք, ասաց Հալաբյանը, մնալով միայնակ յուր ընդարձակ և լռիկ սենյակում։

II


Առավոտյան տասն ու մեկ ժամն էր։ Թաթոսը վաղուց սպասում էր յուր տիրոջ զարթնելուն։ Մի քանի անգամ նա զգաստ քայլերով մոտեցավ ննջարանի դռներին, ականջ դրեց, ձայն-ձուն չէր լսվում։ Մի անորոշ երկմտություն ծագեց նրա գլխում. ի՞նչ մի տարօրինակ փորձանք է պատահել պարոնին արդյոք, որ գիշերը այնքան բարկացած էր և մինչև այժմ դեռ չի զարթնել։

Նա կրկին մոտեցավ ննջարանի դռներին, և այս անգամ յուր կոլորակ, խիտ մազերով սև միրուքը ցցելով, սկսեց դռան բանալիի անցքով նայել դեպի ներս։ Նա կարողացավ տեսնել միայն յուր տիրոջ ամառային վերմակի սպիտակ ծայրը։

Տեր աստված, ասաց նա, վերջապես հուսահատվելով, չլինի այդ մարդը անմաս մեռավ։

Նա վճռեց ներս մտնել, և հանկարծ լսեց յուր տիրոջ հազալու ձայնը։ Նա ներս շտապեց։ Հալաբյանը մի կռան արմունկը կարապի փետուրով լցրած սպիտակ բարձին հենած, ծխում էր։ Նրա թավամազ կուրծքը կիսով չափ բաց էր, աչքերի շրջանակները կարմրած, կոպերը մի քիչ ուռած։ Անկողնակալի մոտ գտնվող փոքրիկ, բոլորակ, սևագույն սեղանի վրա դեռ վառվում էր ննջարանի փոքրիկ ղամբարը։ Մոխրամանը լիքն էր ծխախոտի մնացորդներով, սենյակի մթնոլորտը տոգորված էր թանձր ծխով:

Այս բոլորը ցույց էին տալիս, որ Հալաբյանը կամ ուշ է քնել, կամ շատ վաղ է զարթնել։ Հատակի վրա դեսուդեն սփռված էին նրա շորերը ու կոշիկները։ Այս տեսակ անկարգություն Թաթոսր առաջին անգամն էր տեսնում յուր տասնամյա ծառայության ընթացքում։

Քանի՞ ժամն է, հարցրեց Հալաբյանը դանդաղ և խռպոտ ձայնով։

Կեսօրին մոտ է։

Հարցնող եղե՞լ է։

Ոչ:

Հալաբյանր ծխախոտը հանգցրեց և կրկին գլուխը բարձին դնելով, վերմակը քաշեց կրծքին: Ծառա եմ հրամանքիդ, սամովարը երեք անգամ կրակ եմ գցել, համարձակվեց հայտնել Թաթոսը։

Չորրորդ անգամ կրակ գցիր։

Թաթոսը ձեռները փորի վրա դարսեց, հետ քաշվեց և կանգնեց պատի տակ։ Մի րոպե չանցած, նա չկարողացավ զսպել յուր լեզուն։

Լվացարարը այսօր առավոտյան շորերդ բերել է, կփոխե՞ք։

Հալաբյանը լուռ էր։ Նա, գլուխը կրծքին թեքած, նայում էր ձեռների մատներին։ Նրա ուռած կոպերը, թառամած այտերի գունատությունը, ճակատի խոշոր կնճիռները կրկին կասկածի մեջ ձգեցին Թաթոսին։ Եվ անհանգիստ ծառան կամեցավ անպատճառ իմանալ յուր տիրոջ տարադեպ տրամադրության հիմքը։

Աղա, ձայն տվեց Թաթոսը, մի քայլ առաջ գնաչով։ Աղան չպատասխանեց։

Աղա, կրկնեց Թաթոսը համառորեն և մի քայլ ևս առաջ դրեց, աղա, ցավդ առնեմ, խոմ հիվանդ չե՞ք։

Հալաբյանը քնից հանկարծակի զարթնողի պես գլուխը բարձրացրեց ու ձեռը ուժգին անկողնակալի ծայրին խփելով, որոտաց.

Կորի՛ր, անպիտան։

Թաթոսը երկյուղից ուսերը վեր քաշեց, ձեռները տարածեց աջ ու ձախ և հետ ու հետ քաշվելով, կամացուկ դուրս սլկվեց։ Նա մյուս սենյակումն էլ չմնաց, գնաց խոհանոց և նստեց սնդուկի վրա։

Այդ մարդը կամ գժվել է, ասաց նա, երկյուղածությամբ յուր սպրդնած երեսը խաչակնքելով, կամ արևը մայր մտնելիս պիտի գժվի։

Հալաբյանը ոտքի կանգնեց և սկսեց հագնվել, առաջին անգամ առանց ծառայի օգնության։ Նա յուր գլուխը ծանրացած էր զգում, ոսկորները մի տեսակ թմրած։ Ամբողջ գիշերը նա համարյա չէր քնել։ Այն մտքերը, որ հղացել էին նրա գլխում նախընթաց օրը, խուլ գիշերին, միայնակ դրության մեջ, ավելի հուզեցին նրան։ Երկար ժամանակ նա շրջում էր ննջարանում, անդադար ծխելով և մերթ ընդ մերթ կրծքից արձակելով ծանր հառաչանքներ։

Մինչև ե՞րբ նա պիտի ամուրի մնա, ահա այն պարզ առանցքը, որի շուրջը պտտում էին նրա խառնիխուռն մտքերը։ Ինչո՞ւ համար է նա Հալաբյան անունը անհայտությունից հանել և դրել ամբողջ Թիֆլիսի բերանը. նա՛, որ մի աննշան վաճառականի որդի էր։ Մի՞թե նրա համար, որ այսօր կամ վաղը այդ ազգանունը ջնջվի աշխարհի երեսից առանց մի հետք թողնելու։ Իսկ նրա հարստությունը ո՞վ պիտի ուտի նրա մահից հետո։ Նրա քրոջ շռայլ որդինե՞րը, ինչպես շատ այդպիսի շռայլներ ուտում են իրենց քեռու կամ հորեղբոր արյուն քրտինքով ձեռք բերած կարողությունը։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։

«Քսան տարեկան հասակից սկսած ոսկոր կոտրեմ, ասում էր նա, հորս թողածը տասն անգամ ավելացնեմ, հավաքեմ, հավաքեմ, հանկարծ մի օր մեռնեմ, և շների ու գայլերի բաժին դառնա՞։ Ո՛չ, ամենևին։ Այդ իմ գերեզմանիս վրա էլ ասել չի լինիլ: Ոսկորներս էլ հողի տակ հանգիստ չեն մնալ։ Հալաբյանի հարստությունը պետք է Հալաբյանները ուտեն։ Իմ սերունդս պիտի շարունակվի որդուց որդի։ Որքան հիմար եմ եղել ես, որքան հիմար։ Ի՞նչ օգուտ իմ անցյալից, ո՞ւր են ծախսվել իմ հազարները... Շռայլ, անպիտան կյանք: Այն ուրախ քրքիջը, ծնողի այն քաղցր ժպիտը... որքան բախտավոր էին երևում նրանք, կրկնեց ամուրին, մտաբերելով երեկվա յուր տեսած ընտանիքը, որ վերադառնում էր ամառանոցից, միթե ես չպիտի՞ վայելեմ այդ բախտը։ Իսկ այն համեստ զույգը, որ ամեն երեքշաբթի գալիս է ժողովարան։ Ահա երջանիկ մարդ, աղքատ և երջանիկ: Իսկ ե՞ս... մինչև ե՞րբ միայնակ բուի նման կյանք վարեմ... Բավական է... Թող իշխան Սահարունին ծիծաղի, թող շարունակի Աշխարումյանի հետ յուր... անառակ կյանքը... Զզվեցի... զզվեցի..»։

Եվ այս մտքերի ծանրությունից նրա հուզված նյարդներր չէին հանգստանում։ Երկար ժամանակ նրա մարմնի վիթխարի ստվերր սահում էր ննջարանի պատերի վրա, մերթ հասնելով առաստաղին և մերթ ընկնելով հատակի վրա։ Հանկարծ նրա ճակատի կնճիռները բացվեցին, դեմքը մի վայրկյան փայլեց։ Նա վերցրեց ննջարանի փոքրիկ ղամբարը, անցավ կես-ասիական և կես-եվրոպական ճաշակով կահավորված սենյակը, հանեց գրպանից բանալիների կապոցը և բացավ յուր գրասեղանի արկղիկը։ Այնտեղ մի թղթի մեջ փաթաթված էին մի խումբ լուսանկարներ։ Նա կանթեղը դրեց սեղանի վրա, բաց արավ փաթեթը, նայեց մեկին, մյուսին: Միմյանց հետևից զանազան անձանց պատկերները ընկնում էին նրա ձեռքից սեղանի վրա։ Վերջապես մեկը մնաց նրա մատների արանքում։ Նա սկսեց նայել, նայել երկար ժամանակ, խորասուզված դեմքով այդ փոքրիկ լուսանկարին։ Կարծես, այնտեղ նա ձգտում էր կարդալ յուր ապագան, յուր բախտը, վերջապես յուր ամբողջ ճակատագիրը։ Ի՞նչ էր այդ… Մի օրիորդ, որի հետ նա վաղուց ծանոթ էր, որին նա հավանում էր և բոլոր յուր ծանոթ օրիորդներից վեր էր դասում։ Նա լուսանկարը շուռ տվեց այս կողմ, այն կողմ, մոտեցրեց ղամբարի լույսին, և նրա շրթունքը երկու անգամ հազիվ լսելի շշուկով արտասանեցին.

«Մարիամ»:

Հետո նա լուսանկարը դրեց մի առանձին թղթի մեջ. սեղանի մի այլ արկղիկում թաքցրեց, հեռու մյուսներից։

Երբ նա անցավ ննջարան և պառկեց անկողին, արդեն լույսը սկսել էր բացվել։ Նա քնեց երկու ժամ միայն և զարթնեց յուր սովորական ժամին։ Այլևս նա չկարողացավ շարունակել քունը։ Նա զզվանքով հիշեց յուր առավոտյան մանր¬մունր սովորությունները, ծանր ու հանդարտ լվացվելը, հագնվելը, հայելու առաջ խնամքով սանրվելը, և նրա մարմնին տիրեց մի ծուլություն։ Նա կկամենար ամբողջ օրը անկողնից չվերկենալ։ Եվ հենց այդ ժամանակ ներս է մտնում անմիտ ծառան և հիշեցնում նրա ամուրի, միայնակ, աննպատակ կյանքը։

Դռների ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Նա հետ նայեց, և կրկին տեսավ ծառային զգաստորեն և երկյուղով ներս մտնելիս։

Ի՞նչ ես ուզում, կոշտ ձայնով հարցրեց նա, ժիլետի կոճակները կապելով։

Թաթոսը լուռ մոտեցավ և տվեց նրան մի այցետոմս։ Հալաբյանը նայեց այցետոմսին և իսկույն հրամայեց ծառային հյուրին ընդունել։

«Այդ մարդը նրա հորեղբայրն է, իմ բարեկամը, պետք է ավելի բարեկամանալ», ասաց նա և դուրս եկավ մյուս սենյակ:

Բազկաթոռի վրա նստած էր եվրոպական տարազով հագնված հիսուն ու հինգ տարեկան մի մարդ։ Մի թեթև ալեխառն մազերով, բայց շատ առույգ ծերունի, որի ամբողջ կերպարանքից բուրում էին եռանդ, համարձակություն, տոկունություն և հնարագետ խելք։ Նրա սափրած երեսը, թանձր ընչացքը, մեծ գլուխը, բարձր և լայն ճակատը, թավ հոնքերը, բերանի անկյուններում որոշ գծավորված խորշերը և վերջապես, սուր ու փայլուն աչքերը գործնական կյանքին անձնատուր մարդու ազդեցություն էին գործում։ Երբ Հալաբյանին տեսավ, նրա դեմքի վրա իսկույն երևան եկավ մի խորին բարեկամական ժպիտ։

Դա հայտնի կապալառու Նիկողայտս Սադափյանն էր։

Ներեցեք, պարոն Միքայել, որ ձեզ նեղություն եմ տալիս, ասաց նա, ոտքի կանգնելով քսան ու հինգ տարեկան երիտասարդի աշխուժությամբ։

Խնդրեմ, խնդրեմ, ձեզ համար ես միշտ պատրաստ եմ, պարոն Նիկողայոս, պատասխանեց Հալաբյանը և հարգանքով սեղմեց իրանից հասակով բարձր Սադափյանի մեծ ու փափուկ ձեռը։ Նստեցեք, խնդրեմ։

Սադափյանր նստեց յուր տեղը և մի քանի սովորական հարցերից հետո, անմիջապես դիմեց յուր այցելության նպատակին։

Ձեր օգնության կարոտ եմ, պարոն Միքայել, ասաց նա ժպտալով։

Պատրաստ եմ ծառայել, ինչքան կարող եմ, ծխեցեք, խնդրեմ, առաջարկեց Հալաբյանը սիգարների արկղիկր որը բաց դրած էր սեղանի վրա։

Ես երբեք փողի պակասություն չեմ քաշել, շարունակեց Սադափյանր, բայց գործերս այնքան մեծացրի, որ հիմա ստիպված եմ բարեկամներիս ձեռք մեկնել: Ինձ մի երեք օրից հետո վեց-յոթ հազար ռուբլի է հարկավոր. ունե՞ք ազատ փող։

Հալաբյանը բարեկամաբար ժպտաց և, մի վայրկյան մտածելուց հետո, պատասխանեց.

Չունենամ էլ, ձեզ համար ուրիշից կվերցնեմ, պարոն Նիկողայոս, էէ, եթե ձեզ էլ փող չտամ, ո՞ւմ պիտի տամ։

Սադափյանը տեղից քիչ բարձրացավ և գլուխ տվեց Հալաբյանին։

Տոկոսի մասին չեմ խոսում, ասաց նա, ինչքան կամքդ է նշանակիր վեց ամիս ժամանակով։

Իսկ եթե առանց տոկոսի տա՞մ, հարցրեց Հալաբյանը։

Չեմ վերցնիլ, պատասխանեց Սադափյանը, բարեկամությունը իրան կարգին, գործն էլ իրան կարգին։ Ես առևտրական կանոններից չեմ կարող շեղվել։

Հալաբյանը ոչինչ չասաց։ Նա գիտեր, որ Սադափյանը կեղծում է, որ նա չէր հրաժարվիլ գուցե, եթե առանց տոկոսի փող տվող լիներ նրան։

Թաթոսը ներս բերեց արծաթյա սկուտեղի վրա դրած մի բաժակ չայ, կարագ, հաց, սեր և երկյուղով դրեց յուր տիրոջ առաջ։

Ինչո՞ւ մեկն ես բերում, հանդիմանեց Հալաբյանը, չես տեսնում, որ հյուր կա։

Հյուրը առավոտյան ութ ժամին է չայ խմում, ասաց Սադափյանը, շնորհակալ եմ, չի հարկավոր։

Ծառան դուրս եկավ։

Այժմյան երիտասարդները, շարունակեց Սադափյանր, վերջին բառը առանձին շեշտելով, գիշերը ցերեկ են դարձրել, ցերեկը գիշեր։ Ութ ժամից սկսած ոտքի վրա եմ, պարոն Միքայել, ա՛յ, ինչ ասել է ընտանիքի տեր լինել:

Երիտասարդ բառը դուր եկավ Հալաբյանին և միևնույն վայրկյանին նա մի կողմնակի հայացք ձգեց դեմուդեմի պատին քարշ արած հայելու մեջ։

Խոսակցությունը շարունակվեց նույն եղանակով։ Սադափյանը սկսեց գանգատվել յուր դրության վրա։ Ծերության օրերում ինքն յուր գլուխը խառնեց մեծ գործերի մեջ, դարձյալ մի նոր կապալ է վերցրել, օգուտ շա՜ատ այդ տերունական կապալներից, բայց ի՛նչ անի, որ նեղություն էլ շատ կա։

Մեկը անում եմ, մյուսը մոռանում, հարեց նա, մարդս առանց սրտացավ մարդու միձեռանի է։ Գործակատարներին հավատալ չի լինում, մեկ անում են, երկու գողանում։ Հավատացեք, պարոն Միքայել, եթե ես ձեզ պես մի ազնիվ ընկեր ունենայի, միլիոններ կարող էի աշխատել:

Ինձ նման ծույլ ընկերը ձեզ միայն վնասել կարող է, պատասխանեց Հալաբյանը, մարդ պետք է մի գործ սիրի, որ կարողանա սրտով կպչել: Կապալների գործերը ինձ այնքան ձանձրացրին, որ ես վերջը թողի։ Ինչ որ ունիմ, այսուհետև այն էլ ինձ բավական է, պարոն Նիկողայոս։ Բայց ձեր ասածը ճշմարիտ է, որ մի լավ օգնական է հարկավոր ձեզ։

Որ չունեմ սրտացավ մարդ, ի՛նչ անեմ, գոչեց Սադափյանը, ձեռները ծնկներին խփելով։

Ձեր եղբոր որդի՛ն, այ ձեզ սրտացավ մարդ։ Ինչո՞ւ նրան չեք խառնում ձեր գործերի մեջ։

Ռուբենի՞ն, արտասանեց Սադափյանը, հեգնաբար ժպտալով, էէ, պարոն Միքայել, դուք նրան չեք ճանաչում։

Ես նրան ճանաչում եմ, պատվական տղա է, պատասխանեց Հալաբյանը։

Սադափյանը գլուխը շարժեց աջ ու ձախ։

Պարոն Միքայել, ասաց նա, աջ ձեռքով շփելով աչքերը, ինչպես երբեմն անում է մարդ, որի ասածը լավ չէ հասկանում խոսակիցը, ես, ճշմարիտ է, ծերացել եմ, բայց հին մարդ չեմ։ Հավանում եմ նոր ժամանակի խելոք երիտասարդներին. նրանք մեզանից գիտուն են, շատ բան են սովորում, նրանց իմացածի քառորդը ինձ նմանները չեն իմանում։ Բայց մի բան կա, որ ինձ դուր չի գալիս, որ ատում եմ, ինչ թաքցնեմ։ Ծույլ են մեր ուսումով երիտասարդները, պարոն Միքայել, աշխատանքից փախչող են։ Խոսք բացվեց, ասեմ: Այդ եղբորս որդին հենց որ Ռուսաստանից եկավ, ես նրա հետ խոսեցի։ Ասացի, ահա որդի, ուսումդ վերջացրիր, հիմա, իհարկե, մի գործ պետք է ճարես քեզ համար։ Չէ՞. լա՛վ։ Լսիր, ասացի, դու բժիշկ չես, որ քեզ համար պրակտիկա ձեռք բերեմ, ինժեներ չես, որ երկաթուղումը քեզ մի պաշտոն գտնեմ իմ ծանոթների միջոցով, է, իրավաբան էլ չես, որ գնաս սրան ու նրան Սիբիր ուղարկես։ Ի՞նչ ես։ Ֆիլոլոգ իստորիկ, լեզվագետ եմ, էլ չգիտեմ, պատմաբան եմ, ասում է։ Ի՞նչ գործ կարող ես կատարել։ «Ես, ասում է, միտք չունիմ ծառայելու, ես պետք է գիտությամբ պարապվեմ։ Իսկ եթե, ասում է, ծառայելու լինեմ, միայն վարժապետ կարող եմ լինել»։ Վարժապե՞տ. ի՞նչ պիտի տան քեզ վարժապետության համար, ասացի, չե՞մ տեսնում, վարժապետները քաղցածությունից իրանց թևերն են կրծում։ Արի, ասացի, որդի, քեզ երեք անգամ ավելի ռոճիկ տամ, իմ գործերիս մեկ մասը վրադ առ։ Ես քո հայրը, դու իմ որդին։ Ի՞նչ կասեք, պարոն Միքայել, լավ հորեղբայրը դրանից ավելի՞ կաներ յուր եղբոր որդու համար։

Չընդունե՞ց։

Քինթը վեր քաշեց, շարունակեց Սադափյանը միշտ հեգնական եղանակով։ Ես, ասում է, «անընդունակ եմ առևտրական գործերում, ես չեմ կարող վաճառական կամ կապալառու լինել»։ Տեսնո՞ւմ եք. քաղցած ապրել կարող է, սրան ու նրան գլուխ տալով ամսական հիսուն-վաթսուն մանեթի համար ծառայել կարող է, ազատ, ինքնագլուխ վաճառական լինել չի կարող։ Ահա, այս էլ մեր ժամանակի ուսում առած խելոք երիտասարդները։ Հիմա էլ կանգնել է. «ես ուզում եմ երկու տարով արտասահման գնալ, որ կատարելագործվեմ»։ Այս էլ իմ եղբոր որդին, որին դուք պատվական տղա եք համարում։ Չէ, պարոն Միքայել, ուսումն էլ առանց խելքի կոպեկ չարժե։ Մարդուն առաջարկում են հարստության ճանապարհ, փախչում է, թե, չգիտեմ, ես այդ չեմ հավանում, այն եմ հավանում: Կա՞ աշխարհիս երեսին մի բան, որ փողից ավելի հավանելի լինի, ասացե՛ք, կա՞։

Նոր երիտասարդներից շատերի համար կա, պատասխանեց Հալաբյանը։ Նրանք փառասեր են, անունը, հռչակը փողից բարձր են համարում։

Անուն, հռչակ, գոչեց Սադափյանը, հավատացեք, ձեզ և ինձ այնպիսի գեներալներ ու իշխաններ են նախանձում, որ նրանց ոտի փոշիին չեմ հասնիլ ես։ Ինչո՞ւ. որովհետև անունը մարդուս փորը չի կշտացնում։

Միանգամայն համոզված, որ յուր ասածը զուտ ճշմարտություն է, Սադափյանը թիկն տվեց բազկաթոռին և յուր հայացքը ձգեց առաստաղին։ Մի քանի վայրկյանից հետո նա ավելացրեց.

Բшյց թող ինչ ուզում է անի, ես իրավունք չունիմ այսուհետև նրա վրա։ Ես իմ պարտքս կատարեցի, պահեցի, մեծացրի, ուսում տվեցի, հիմա ազատ է։ Թող գնա, որտեղ ուզում է, թեկուզ քրոջն էլ տանի, ինչպես ասում էլ է, որ պիտի տանի հետը։

Քրո՞ջը, օրիորդ Մարիամի՞ն, գոչեց Հալաբյանր, չկարողանալով զսպել յուր զարմանքը և հետաքրքրությունը։

Հապա՛, պատասխանեց Սադափյանր, քմծիծաղ տալով, իբր թե ստացած կրթությունը պակաս է։ Ասացեք, խնդրեմ, մեր ժամանակի օրիորդին ավելի ի՞նչ է հարկավոր, գիմնազիայում ուսումը ավարտել է, ֆրանսերեն գիտե, պարել, պիանինո ածել, մինչև անգամ երգել գիտե։ Խոմ չի՞ կարող գնալ ադվոկատ կամ ինժեներ դառնալ։ Բժի՞շկ պիտի դաոնա... ատելով ատում եմ բժիշկ կանանց։ Նրանք կանայք չեն, նրանք կես-տղամարդ են... էէ, խոսքով եղա ու ուշացա, ավելացրեց նա հանկարծ, ժամացույցին նայելով, մեկին կես է մնում։ Ներեցեք, պարոն Միքայել, ես մինչև ճաշ մի քանի տեղեր ունիմ գնալու։

Եվ նա բազմազբաղ մարդու դեմքով ոտքի կանգնեց ասելով.

Ուրեմն հույս ունենա՞մ փողերի մասին։

Համարեցեք, որ ձեր գրպանումն են, միամտացրեց Հալաբյանը, վաղը ուղարկեցեք ձեր գործակատարին, որ ստանա։

Հա՛, կիրակի օրը կսպասեմ ձեզ ճաշին, ասաց Սադափյանր, կինս այսօր ասաց, որ երեկ ձեզ ժողովարանում տեսել է ու հանդիմանել։ Իրավունք ունի, պարոն Միքայել, շատ ուշ-ուշ եք գալիս մեր կողմերը։ Բարեկամությունը այդպես չի լինիլ, մի փոքր էլ մեզ վրա ուշադրություն դարձրեք։ Կիրակի օրը անպատճառ մեր տանն եք, խոսք տալի՞ս եք: Ուրախությամբ, պատասխանեց Հալաբյանը, հարգանքով ճանապարհ դնելով յուր հյուրին մինչև նախագավիթ։

Նա վերադարձավ, և ձեռները վարտիկի գրպանը դնելով, սկսեց քայլել հետ ու աոաջ մտահույզ դեմքով։

«Աննման է. աննման է, չկա նրանից լավը ամբողջ Թիֆլիսում, կրկնում էր նա յուր մտքում։ Ի՞նչ ասաց այդ մարդը, մի՞թե նա պիտի գնա արտասահման։ Մի՞թե ես պիտի թողնեմ, որ այդ բախտը փախչի իմ ձեռքից։ Հետո՞, ո՞վ կարող է նրա նման ինձ դուր գալ: Ոչ ոք։ Զարմանալի բան է, կարծես, որքան մտածում եմ այդ աղջկա մասին, այնքան ավելի եմ հավանում։ Ե՞ս, որ քառասուն ու երեք տարիս շուտով կլրանա…>»։

Բնազդմամբ նա մոտեցավ հայելուն և սկսեց զննել իրան ոտից մինչև գլուխ: Երբեք նա ինքն իրան այնքան ծեր, թառամած, տգեղ չէր երևացել, որքան այս անգամ պատկերացրեց անողոք հայելին։ Աչքերի տակ թառամած կաշին, բերանի անկյուններում որոշ գծավորված խորշերը, վերջապես, ճաղատ, փայլուն գլուխը, միրուքի սպիտակ թելերը, ծերության այս բոլոր անջնջելի նշանները վհատեցնելու չափ ազդում էին: Նա ինքն իրանից խորշելով, երեսը հետ դարձրեց հայելուց և հուզված սկսեց կրկին անցուդարձել։

Նախագավթից լսվեց մի ծանոթ ձայն, և նույն վայրկյանին դռները զգույշ բանալով, ներս մտավ մոսիո Վախվախյանը կամացուկ։

Մի րոպե, միայն մի րոպե շնորհեցեք ինձ, ասաց նա, կարմիր ձեռները միմյանց այնպես շփելով, որ կարծես ցրտից սառել էին։

Եվ սիրալիր ժպրտը երեսին, մեջքից խոնարհ թեքվեց, բռնեց Հալաբյանի աջը և սեղմելով յուր կրծքին, շարունակեց.

Երեկ ժողովարանից շատ տխրած դուրս եկա: Բնությունս վատ է, պարոնս, շատ վատ է. հենց որ բարեկամներիցս մեկին մի քիչ տխուր եմ տեսնում, սիրտս, ասես, սև է կապում։ Կարելի՞ է հարցնել ձեր առողջության մասին։

Առողջ եմ և ուրախ, պատասխանեց Հալաբյանը հակիրճ։

Օօ, փառք աստուծո, հհմա հանգստացա, գոչեց մոսիո Վախվախյանը, ձեռը քսելով կրծքին։ Ի՞նչ եք կամենում, ծառայի՞ն, ավելացրեց նա, Հալաբյանի մի թեթև նշանից գուշակելով նրա միտքը, այս վայրկյանիս։

Նա անմիջապես դույրս վազեց և ծառային կանչեց ներս։

Դեհ, ցտեսություն, էլ գործ չունեմ, ասաց նա վերին աստիճանի խեղճ եղանակով։

Սպասիր, միասին դուրս կգանք, պատվիրեց Հալաբյանը, և ծառայի հետ անցավ ննջարան։

Մնալով միայնակ, մոսիո Վախվախյանր դեսուդեն նայեց, վերցրեց սեղանի վրա դրած սիգարներից մեկը, խնամքով ծայրը կտրեց, վառեց, թիկն տվեց բազկաթոռին, ոտը ոտի վրա ձգեց և սկսեց ծխել: Նրա դեմքի քաղցր արտահայտությունից և աչքերի բիբերի ժպտուն փայլից կարելի էր գուշակել, թե որքան ախորժելի ազդեցություն է անում նրա շնչափողի վրա արտասահմանից հատկապես Հալաբյանի համար բերված հավանյան սիգարի ծուխը։ Մոսիո Վախվախյանր, իբրև նուրբ ախորժակի տեր, գիտեր հազվագյուտ բաների ճաշակը։ Թանձր ծուխը բերանից դեպի առաստաղը բաց թողնելով, նայում էր նրա օղաձև հոսանքին և հրճվում, ինչպես կարող է հրճվել բուն ճարտարագետը մի գեղեցիկ բանով։ Եվ այդ վայրկյանին նրա կոլորակ, մսալի գլուխը արտադրում էր հետևյալ գաղափարը. «ծխողն էլ ահա այս տեսակ պիտի ծխի, թե չէ գրպանիս դարմանը... Օօ'ֆ, մոխրին նայեցեք, բամբակ է»...

Հանկարծ նա մտատանջության մեջ ընկավ։ Իսկապես նրա այցելությունը մի շատ գործնական նպատակ ուներ։ Նա էր իմանալու, արդյոք Հալաբյանը մի որևէ ծանոթ ընտանիքի հրավիրված չէ՞ ճաշի։ Եթե ոչ, եղանակը հրաշալի է, կարելի է Միքայելյան փողոցի այգիներից մեկում, Հուռի ափում, մի լավ «սուկի» խորովել տալ։

Հալաբյանր դուրս եկավ մաքուր հագնված, մոտեցավ, որ հայելու առջև փողկապը ուղղի։

Օրեց-օր բացվում եք վարդ ու մանիշակի պես, գոչեց մոսիո Վախվախյանը, ոտքի թռչելով և իբրև հիացած նայելով ոտից մինչև գլուխ հարուստ ամուրիին։ Ա'յ, ինչու են կանայք սիրահարվում։ Երեկ ժողովարանում մի գեղեցիկ կնիկ իրան մարդուն հարցրեց ձեր մասին «ո՞վ է այդ համակրելի տղամարդը»։ Արևս վկա, ականջովս լսեցի։ Ասում եմ էլի, որ աստված տալիս է, ամեն կողմից է տալիս, հապա՜, ինչո՞ւ մի քոսոտն էլ ինձ համար չի ասում, թե «համակրելի» եմ։

Եվ տեսնելով, որ իր հաճոյախոսությունը մի ժպիտ շարժեց Հալաբյանի երեսի վրա, նա հանեց գրպանից մի արծաթյա տուփ և խուփը բանալով, պահեց նրա առաջ, ասելով.

Գլխի ցավի համար խիստ լավ է։

Վարպետ ես, Սերգո, ասաց Հալաբյանը, ցուցամատի ու բութ մատի ծայրերով վերցրեց մի պտղունց քթախոտ, մեջքից թեքվեց, որ նոր կարված սև սյուրտուկը չապականվի, և ախորժակով քաշեց։

Քթախոտ քաշելը Հալաբյանի քմահաճություններից մեկն էր, որ սակայն մտաբերում էր շատ քիչ անգամ և այն էլ մոսիո Վախվախյանին տեսնելով։ Վերջինը միշտ յուր գրպանում պահում էր լիք տուփը հատուկ նրա համար։

Այսօր միասին կճաշենք, ասաց Հալաբյանը, իսկ այժմ գնանք Կավկազ հյուրանոցում մի թեթև նախաճաշիկ անենք:

"Զուր հույսեր" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Էնզելի
Ալեքսանդր Սպենդիարյան

Էնզելի

Նկարչի արվեստանոց, 1963 թ
Նկարչի արվեստանոց, 1963 թ
Խաղա առցանց