Ալեքսանդր Շիրվանզադե
Արսեն Դիմաքսյան
Երկրորդ մաս, IV - VII
IV
Նույն միջոցներին Պյոտր Սոլոմոնիչը զարմացած էր մի բանի վրա. արդեն Գայանեն բավական ժամանակ էր չէր այցելում յուր քիռիին, այնինչ նրա ամուսինը ճիշտ շաբաթը երկու անգամ ներկայանում էր պատկառելի քաղաքացիին։ Նա պատճառը հարցնում էր կնոջից և մի դրական պատասխան չէր ստանում։
Աստված գիտե ինչու չէ գալիս, երևի մադամ է դարձել, փքվել է, ասում էր տիկին Բախտամյանը։
Պյոտր Սոլոմոնիչը հարցնում էր Բարաթյանից։ Սա նույն անորոշ պատասխաններն էր տալիս. «ժամանակ չունե, տկար է, «անհարմար» է համարում տնից դուրս գալ»։ Հարկավ, այդ բոլորը Պյոտր Սոլոմոնիչին չէին գոհացնում։ Նա գուշակում էր, թե կա, անշուշտ, մի ուրիշ, ավելի հիմնավոր, պատճառ։ Նա տեսնում էր, որ յուր կինն էլ մի առանձին ցանկություն չէ հայտնում Գայանեին տեսնելու, թեև արտաքուստ տրտնջում է նրա չգալու դեմ։
Ինձ այնպես է թվում, որ ձեր միջով սև կատու է անցել, ասաց, վերջապես, մի անգամ ծերունին։
Տիկինը քմծիծաղ տվեց։ Ինչո՞ւ պիտի սև կատու անցներ, ի՞նչ հաշիվ ունի նա Գայանեի հետ այսուհետև։
Ես պարտքս կատարեցի, վերջացրի, խոմ չեմ կարող էլի նրա համար մայրություն անել։
«Մայրություն» բառը տիկինը այնպես գրգռված, այնպիսի զզվանքով արտասանեց, որ, կարծես, խոսքը աղախին լինելու մասին լիներ։
Հարցը մնում էր հարց, և Պյոտր Սոլոմոնիչը, ուսերը վեր քաշելով, չէր կարողանում հասկանալ կնոջ սառնության պատճառը։ Մի օր նա իրիկնադեմին կլուբից վերադարձավ սովորականից շատ վաղ։ Նա չափազանց վրդովված էր և ինքն իրան խոսում էր։ Նրա երեսին գույն չկար, իսկ աչքերի մեջ փայլում էր անսովոր բարկություն։ Նախասենյակում նա, առանց որևէ պատճառի, գոռաց սպասավորի վրա, որ մոտենում էր նրա վերարկուն հանելու։ Նա մտավ ուղիղ հյուրասենյակ։ Օվսաննան Լիզոչկայի և Էլեչկայի հետ պարապում էր:
Ի՞նչ եք անում այստեղ, չե՞ք կարող ձեր սենյակում խաղալ։ Օվսաննան վիրավորված ոտքի կանգնեց։ Մանկահասակ քույրերը ապշած նայեցին իրանց հորը, որին հազիվ թե երբևէ այդպես չարացած տեսած լինեին։
Ո՞ւր է ձեր մայրը, գոչեց ծերունին։
Էլեչկան ցուցամատը բերանին դրած, մյուս ձեռը մեկնեց դեպի աջ։
Պյոտր Սոլոմոնիչը անհապաղ անցավ կից սենյակը։ Տիկինը սովորական զբոսանքից նոր վերադարձել էր և հա հագուստը փոխում էր։ Լսելով ամուսնու քայլերի ձայնը, նա ուզեց հանդիմանել, որ առանց նախազգուշացնելու համարձակվում էր ներս մտնել։ Նա հետևում էր արիստոկրատ տիկինների օրինակին, մարդուն թույլ չէր տալիս շատ էլ համարձակ վարվել, այսինքն ուզած ժամանակը մտնել նրա սենյակը։ Բայց երբ նայեց նրա այլայլված դեմքին, ապշեց։ Նրա ձեռները մնացին կրծքի կոճակների վրա։
Պյոտր Սոլոմոնիչը կանգնեց նրա դեմուդեմ, նայեց նրան ոտից մինչև գլուխ և դառն ծիծաղով արտասանեց.
Գեղեցկուհին, ինչպես երևում է, նոր է վերադարձել։
Ի՞նչ է պատահել, Պետյա, «Պետյա» կամ «Պետկա» նա կոչում էր ծերունի Պետրոսին այն ժամանակ, երբ փաղաքշանքով խոսելու կարիք էր լինում։
Ինչ է պատահե՛լ... աստված ինձ բախտավորեցրել է։
Ես չեմ հասկանում։
Օօօ՛, դու շատ լավ ես հասկանում, մռնչաց Պյոտր Սոլոմոնիչը, ատամները չարաչար կրճտելով։
Խելագարվել ես, ի՞նչ է։
Իհարկե, խելագարվել եմ, ծերացել եմ, այստեղս դրուստ չէ, մազերս բամբակ, ինքս ուժից ընկած, թուլացած, տգեղացած, իսկ դու, դու, դու... Նա շնչասպառ մի քայլ առաջ դրեց։ Նա դողում էր ոտից մինչև գլուխ։ Նա խոսք չէր գտնում սրտի կատաղությունը միանգամից արտահայտելու: Տիկինը, ուսերը թոթվելով, կրկնեց, թե ոչինչ և ոչինչ չէ հասկանում և շարունակեց կրծքի կոհակները կապել։ Բայց նա մասամբ կեղծում էր։ Եթե ամեն բան չէր հասկացել, գոնե գուշակում էր գործի էությունը։ Նա զգաց, որ կատակի ժամանակ չէ, որ, վերջապես, սկսվում է վաղուց սպասված փոթորիկը։ Միայն կամենում էր ժամանակ որսալ, ուշ ու միտքը ժողովել, պաշտպանվելու փաստեր և միջոցներ գտնել։ Այնինչ՝ Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները սեղմած, մի քայլ ևս առաջ դրեց և խեղդված ձայնով գոռաց.
Անամո՛թ, խաբեբա՛։
Տիկինը հետ ու հետ քաշվեց, նայեց նրան ոտից մինչև գլուխ, ցույց տալով միաժամանակ և՛ զարմանք, և՛ բարկություն, և՛ վիրավորանք, և՛ արհամարհանք։ Թվում էր, որ նա խոսք չի գտնում պատասխանելու ամուսնու չտեսնված, չլսված, կոշտ, կոպիտ և վայրենի խոսքերին։
Փոթորիկի առաջին պտույտը անցել էր։ Ամենածանր խոսքը արտասանվել էր։ Պյոտր Սոլոմոնիչը, բռունցքները բաց արավ և շարունակեց մի քիչ հանդարտ եղանակով։ Նա ասաց, թե գիտե յուր կնոջ նմանների սովորությունը։ Այո՛, տիկինը կզարմանա կեղծ կերպով, կգոռա, լաց էլ կլինի, կերդվի էլ, բայց նրա համար միևնույնն է, ճշմարիտ է թե սուտ, անում է տիկինը թե չէ, բավական է, որ մարդիկ խոսում են, բավական է, որ Պյոտր Սոլոմոնիչը լսում է։
Ախար ի՞նչ ես լսում, ի՞նչ։
Չգիտես հաա՞, խեղճ, ողորմելի, անմեղ կնիկ։
Ո՞վ է խոսում, ի՞նչ են խոսում, ասա էլի, ասա՛, որ ես էլ իմանամ։
Ինձ համար միևնույնն է, ով որ էլ խոսի... Տեր աստված, տեր աստված, այն էլ... հաա՛, հիմա եմ հասկանում, թե ինչու սիրտս չէր կպչում, ինչու ատում էի...
Այստեղ տիկինը հասկացավ մնացյալը, որ դեռ նրա համար կասկածելի էր։ Բայց նա արդեն ուշքի էր եկել և իշխում էր իրան լիովին։ Այժմ եթե Պյոտր Սոլոմոնիչը մարմնացած վրեժ դառնար, դարձյալ չէր կարող սոսկալի լինել նրա համար։
Անշարժ, անվրդով նա կանգնած էր մարդու առջև և խրոխտ կերպով նայում էր մերթ նրա նորից սեղմված բռունցքներին, մերթ կատաղի աչքերին։
Զարմանում եմ, արտասանեց նա հանդարտ եղանակով, մինչև անգամ քմծիծաղ տալով, զարմանում եմ, որ չեք խփում։ Խփեցեք էլի, ինչո՞ւ եք սպասում, ես պատրաստ եմ ամեն տեսակ վիրավորանք ստանալ։ Վերջացրեք, քանի որ սկսել եք, ես սպասում եմ։
Ուրեմն ճշմարի՞տ է, ասա՛, անպատկառ, ճշմարի՞տ է։
Տիկինը խորին հանդիմանությամբ և զզվանքով գլուխը երերեց։ Ապա հանկարծ նրա դեմքը ընդունեց հպարտ արտահայտություն։ Նա հոնքերը վեր քաշեց, գլուխը բարձրացրեց և, ուսի վրայով ծուռ նայելով մարդու երեսին, ասաց, եթե նա կշարունակե այնպես մոռանալ ինքն իրան, եթե մարդավարի չի խոսիլ, այս րոպեին դուրս կգնա և այլևս չի վերադառնալ։
Գնա՛, գնա էլի, կորիր այնպես, որ փոշիդ էլ չմնա իմ տանը։
Տիկինը բարձրաձայն ծիծաղեց։ Ի՞նչ զվարճալի բան, նրան արտաքսում է մարդը. շատ լավ, շատ գեղեցիկ, նա կգնա, իսկույն, հենց այս րոպեիս։ Բայց հասարակության առաջ նրա պատվի մասին պատասխանատու կլինի Պյոտր Սոլոմոնիչը։ Ուրեմն տերը նրա հետ։
Եվ տիկինը մի քանի քայլ արեց դեպի դռները, խրոխտ, հաստատ և անշեղ քայլեր։ Պյոտր Սոլոմոնիչր կարծեց, թե նա կարող է գնալ, կգնա և, իրավ, երբեք չի գալ։ Նա յուր ճակատը շփեց և, ծանր հառաչելով, նայեց նրա հետևից։
Կա՛ց, ասաց հանկարծ, կա՛ց, ասելիքս ասեմ, հետո գնա ուր որ ուզում ես։ Կանգնի՛ր, ասում եմ, կարող է պատահել, որ ես... այո՛, ինչ գիտեմ, խելքս կորցրել եմ...
Տիկինը, ձեռը դռան բանալիի վրա դնելով, կանգ առավ և հպարտությամբ նայեց նրան։ Ես պահանջում եմ, որ դու բացատրություն տաս հենց այս րոպեիս, շարունակեց Պյոտր Սոլոմոնիչը:
Ես պահանջներ չեմ կատարում։
Նա առաջ եկավ և սկսեց ինչ-որ բան որոնել յուր տուալետի սեղանի վրա, շարունակելով.
Պահանջում եմ, կարծես, ես ստրուկ եմ կամ աղախին։ Դուք միայն կարող եք խնդրել, այն էլ խաղաղ կերպով, մարդավարի։ Կպատասխանեմ, ինչու չէ, ես պատասխանելուց չեմ վախենում։
Նա գտավ մի արկղիկ և սկսեց արագ-արագ մատներով խառնել նրա մեջ, միևնույն ժամանակ, շունչը կտրված արտասանելով.
Ներս է մտնում և գժի պես գոռում, եթե ես մի վախկոտ կնիկ լինեի, պետք է տեղնուտեղը սարսափից մեռնեի։
Իսկ եթե իմ տեղը մի ուրիշը լիներ, նա, առանց գոռալու, քեզ տեղնուտեղը կսպաներ, որովհետև...
Պյոտր Սոլոմոնիչը մի վայրկյան կանգ առավ։ Տիկինը նրա փոխարեն շարունակեց.
Որովհետև ես խաբեբա եմ, չէ՞, անամոթ եմ, անպատկառ, այնպես չէ՞։ Դուք ասում եք, թե խոսում են. ի՞նչ են խոսում... Ինձ բամբասում են, այնպես չէ՞, այսինքն, պարզ խոսիր էլի, ինչո՞ւ ես թաքցնում, ասում են, որ ես լավ կնիկ չեմ, հավատարիմ չեմ։ Դա ինձ համար նորություն չէ։ Մի՛ զարմանաք, մի՛ վեր թռչեք, հանգիստ նսստեցեք ու լսեցեք։
Եվ տիկինը շարունակեց հանդարտ հոգով, սառն կերպով, տրամաբանորեն «բացատրել»։ Այո՛, մարդկանց բամբասանքը նոր բան չէ նրա համար։ Բայց ի՞նչ է կարծում Պյոտր Սոլոմոնիչը, չպիտի՞ խոսեն, չպիտի՞ բամբասեն։ Ո՛չ, ընդհակառակը, զարմանալի կլիներ, եթե չբամբասեին։ Թող լավ մտածի Պյոտր Սոլոմոնիչը և կտեսնի, որ աշխարհի երեսին ոչ մի կնոջ այնքան լավ չէ սազում զրպարտությունը, որքան նրա կնոջը։ Ուրիշ բանի մասին չէ ասում տիկինը, կարելի է Պյոտր Սոլոմոնիչը շատ խելոք է, շատ կրթված է։ Բայց տարիքը, տեր աստված, տարի՞քը։ Ինչո՞ւ է Պյոտր Սոլոմոնիչը վրդովվում, խոմ նրա ծերությունը թաքցնելու բան չէ, ինչպես և թաքցնելու բան չէ նրա կնոջ երիտասարդությունը և գեղեցկությունը։ Ի՞նչ կմտածի Պյոտր Սոլոմոնիչը, եթե ինքը մի այդպիսի զույգ տեսնի մի տեղ։ Նա իսկույն կասի. «երևի, հայր ու աղջիկ են»։ Իսկ եթե իմանա, որ մարդ ու կնիկ են, կասի, «ծնողները խեղճ աղջկան փողի համար ծախել են այդ պառավին»։ Հիմա, բան է, մի օր մի հանդիպում, թատրոնում կամ հենց փողոցում Պյոտր Սոլոմոնիչը պառավ մարդու ջահել կնկան տեսնի մի երիտասարդի հետ, չի մտածիլ, թե կնիկը անխիղճ է, նա ողորմելի ծերունուն դավաճանում է։
Չէի՞ք ասիլ, օօ՜օ, այնպես կասեիք, որ... Դա հերիք չէ, դուք այն ժամանակ էլ կբամբասեիք, եթե այդ պառավ մարդու ջահել կնոջը տեսնեիք յուր ամենամոտիկ ջահել, գեղեցիկ, կրթված, խելոք, սրախոս ազգականի հետ...
Պյոտր Սոլոմոնիչը մի զորեղ շարժում գործեց և հառաչեց։ Բայց կնոջ խոսքը չընդհատեց։ Տիկինը շարունակեց.
Կրկնում եմ, եթե այդ ամենամոտիկ ազգականի հետ էլ տեսնեիք, կասեիք «միմյանց սիրում են» կամ, է՛հ, մի ուրիշ, ավելի վատ բան։ Ձեր խիղճը ձեզ չէր տանջիլ, որովհետև դուք ի՞նչ գիտեք այդ պառավ մարդու ջահել կնոջ սիրտը։ Ինչ գիտեք, որ նա ոչ միայն չէ խաբում յուր պառավ, ուժից ընկած, սպիտակած, մեջքից կռացած, ատամները թափված մարդուն, այլ մինչև անգամ մտքում ծաղրում էլ է բոլոր երիտասարդներին։ Ինչ գիտեք, որ այդ ջահել, գեղեցիկ կինը միայն մեկին է պատկանում աշխարհի երեսին, այսինքն յուր զավակների հորը, յուր օրինավոր ամուսնուն։ Վայ մեզ, վայ մեզ, վայ խեղճ կանանցս, մեր դրությունը ահա այսպես է։ Մարդիկ մեզ պրինցիպներից զուրկ են համարում ։ Կարծում են, որ մենք երեխաներ ենք, եթե մեր առաջ կարմրացրած երկաթ պահեն, կասենք ոսկի է, կվերցնենք։ Չեն մտածում, որ մենք հասկանում ենք, թե երկաթը մեր ձեռքը կայրի, հո գեղեցիկ մարմնի վրա կդնի մի վերք, մի արատ, որ ոչնչով չէ կարելի մաքրել: Հույս ունեմ, որ դուք իմ ասածը հասկացաք, ուրիշ ասելիք չունեմ, մնացյալը դուք գիտեք...
Որքա՜ն այդ վայրկյանին նա Պյոտր Սոլոմոնիչի աչքում գեղեցիկ էր, որքա՛ն խելոք և հրապուրիչ։ Բայց և ո՛րքան Պյոտր Սոլոմոնիչը ինքն յուր աչքում ծեր էր, զառամյալ և անարժան այդ գրավիչ արարածին։
Կա՛ց, ասաց նա, տեսնելով, որ կինը, խոսքը ավարտելուց հետո, ուզում էր դուրս գնալ։
Ի՞նչ, կանգնի, որ նա հայհոյի՞, գոռա՞, «կինտոյի պես» ձե՞ռք բարձրացնի նրա վրա։ Ոչ, ոչ, տիկինը վճռել է և պետք է գնա։
Պյոտր Սոլոմոնիչը մոտեցավ նրան մի քանի քայլ, կանգնեց նրա առաջ, նայեց աչքերին։ Օ՜օ, եթե Աննայի ասածների կեսը, կեսի կեսը ճշմարիտ է, այն ժամանակ անիծվեն չար լեզուները, որ բամբասում են։ Մի՞թե Պյոտր Սոլոմոնիչը կարո՞ղ էր հավատալ, եթե ուրիշներից լսած չլիներ։ Սովորական ժամին նա մտավ կլուբ։ Նա կամենում էր մի քիչ թղթախաղ խաղալ։ Նա պարտնյորներ էր փնտրում, հանկարծ նրա ականջին հասավ յուր անունը։ Նա կանգ առավ դռների մոտ։ Կանաչ սեղաններից մեկի շուրջը նստած էին չորս չարամիտներ և խոսում էին։ Խոսում էին նրա մասին այն ամենը, ինչ որ կարելի է խոսել մի պատվավոր մարդու անունը աղբի մեջ թաղելու համար։ Նա ականջները փակեց և հեռացավ։ Չար կասկածը նրա արյունը տակնուվրա արեց։ Նա ամոթից չկարողացավ կլուբում երկար մնալ և շտապեց տուն, խելքը կորցրած, աչքերը արյուն կոխած։
Ես ձեզ չեմ մեղադրում, արտասանեց տիկինը, նրա բացատրությունը լսելուց հետո, դուք միամիտ մարդ եք, ձեզ ամեն մի երեխա կարող է խաբել։ Ա՜խ, տեր աստված, տեր աստված, ես խաբեբա՞, ես անամո՞թ, ես անպատկա՞ռ, ես դավաճա՞ն...
Նա սկսեց բարձրաձայն հեկեկալ։ Պյոտր Սոլոմոնիչը շտապեց ներողություն խնդրել։ Նա ծեր է, միամիտ է, նրան խելքից հանեցին, բայց նա այժմ չէ հավատում, և չի հավատալ, եթե ամբողջ աշխարհն էլ խոսի։
Հեռո՛ւ ինձանից, գոչեց տիկինը, ձեռով հրելով նրան, ես ձեր վիրավորանքի պատճառով չեմ լաց լինում, արդար մարդը ոչ մի զրպարտությունից չի վիրավորվում, ես իմ բախտն եմ ողբում... Դռների միջից ներս ցցվեցին երկու գանգրահեր փոքրիկ գլուխներ։ Լիզոչկան և Էլեչկան վախեցած դեմքով նայում էին իրանց բարձրաձայն արտասվող մորը։
Տիկինը արագությամբ աչքերը սրբեց և մոտեցավ նրանց, գոչելով.
«Անբախտ երեխաներ, ի՛նչ կրթություն կարող եք ստանալ այս տանը...»։
V
Ամառը սկսվել էր։ Դիմաքսյանը դպրոցում գործ չուներ։ Տնային պարապմունքը թեև առաջվա պես չէր եռում նրա ձեռքի տակ, բայց այժմ աշխատելու ցանկություն ուներ։ Նրա գլխում հղանում էին նորանոր գաղափարներ, նրա եռանդուն միտքը հանգիստ չուներ։ Դիտելով հասարակական կյանքի բազմատեսակ վատ երևույթները, նա օր օրի վրա համոզված էր, որ բոլոր այդ երևույթների հիմնական պատճառը մի բան է անհատի բարոյական աշխարհի սղությունը։ Նա ասում էր, թե ոչ մի հասարակություն չէ կարող առաջադիմություն անել, եթե նրա մեջ չկան բարոյապես զորեղ անձինք։
«Բարձրացրեք անհատին, կրկնում էր նա, կբարձրանա և շրջանը։ Ոչ մի բարեփոխություն չէ կարող հիմք գտնել, եթե նա չունե ապահով պատնեշներ։ Այդ պատնեշներն են առանձին անձնավորությունները, զինված մտավոր և բարոյական ուժերով։ Հասարակությունը կարող է մի որևէ վերանորոգության համար պատրաստի հող չունենալ։ Անհատները կարող են այդ վերանորոգությունը իրանց ուսերի վրա պահել, մինչև որ նրանք ամուր պատվանդան կպատրաստեն»։
Նրա խորին համոզմունքով լոկ գիտությունը դեռ բավական չէր՝ մարդկանց հասարակական ուղեցույց ջահեր դարձնելու համար։ Անկեղծ հավատ դեպի քաղաքակիրթ ապագան, խորին հույս որևէ ձեռնարկած գործի հաջողության վրա և անդրդվելի կամք ահա այն պայմանները, որ նա պահանջում էր ամեն մեկից, որ ձգտում էր ուրիշներին օգտավետ լինել։ «Եթե դու ուզում ես ծառայել մի գործի առաջ ինքդ պարտավոր ես կուրորեն հավատալ այդ գործի ճշմարտությանը։ Եթե դու հույս չունես քո ուժերի վրա մի՛ դուրս գալ ասպարեզ։ Եթե դու կամք չունես մի՛ կարծիլ, թե մազի չափ կարող ես ուրիշի կամքի վրա ազդել»։
Այս էր նրա նշանաբանը, և այս էր նա քարոզում թե՛ գրչով և թե՛ բերանացի։ Եվ նրա խոսքերը ապարդյուն չէին անցնում։ Նրա հորդորանքով կազմվում էր մի ընկերություն, որի նպատակը պետք է լիներ, տարածել եվրոպական գիտության տարրերը ժողովրդի բոլոր խավերի մեջ։ Նա այժմ շրջապատված էր բավականաչափ բարեկամներով, որոնց նա միշտ, ինչպես հարատև խթան, դրդում էր գործել։ Ավելի մեծ խրախույս էր այդ բարեկամների համար նրա անձնական օրինակը։ Նա այդ տեսնում էր և զգում։ Ահա ինչու, չնայելով հոգնածությանը, նա գործում էր անդադար։ Նա արդեն վերջացրել էր անցյալ տարի սկսած յուր գրավոր այն մեծ աշխատությունը, որ պետք է պարզեր նրա գաղափարների ամբողջ աշխարհը։ Նա բաց չէր թողնում ոչ մի ընկերական ժողով, ոչ մի գործ, ուր հարկավոր էր նրա օգնությունը կամ խորհուրդը։
Դպրոցի շրջանավարտներին նա տվեց մի համառոտ ծրագիր, որով և նրանք պետք է գործեին իրանց շրջաններում, ուր որ լինեն նրանք գյուղում թե քաղաքում և թե ինչ պաշտոն ևս ունենան ուսուցչական թե քահանայական։ Նրա միտքը միշտ զբաղված էր լուրջ խնդիրներով։ Նրա գլուխը գործում էր անընդհատ, ինչպես մի լարված մեքենա։ Եվ այդ մեքենան երբեք չէր հոգնում, երբեք չէր ձանձրանում։ Հոգնում էին միայն այդ մարդու ջղերը, հոգնում էր նա ֆիզիկապես և ոչ բարոյապես։
Մի առավոտ նա յուր սովորական առանձնակի զբոսանքից տուն էր վերադառնում։ Միքայելյան ծառազարդ փողոցի վրա նա հանդիպեց Մսերյանին և բժիշկ Սալամբեկյանին։ Նրանք գալիս էին դեմուդեմ մի անծանոթ օրիորդի հետ։
Լավ պատահեցինք, գոչեց Մսերյանը բռնելով Դիմաքսյանի թևից, կա՛ց։ Խնդրեմ ծանոթանաք. օրիորդ Կարինյան, Դիմաքսյան իմ ամենաթանկագին ընկերը։ Իդեալիստը ստիպեց նրան հետ դառնալ։
Այս րոպեիս քո մասին էինք խոսում։ Օրիորդին հարկավոր են մի քանի տեղեկություններ, որ քեզանից լավ ոչ ոք չգիտե։ Խոսեցե՛ք։
Նա, բժիշկ Սալամբեկյանի հետ ետ կանգնելով, օրիորդին թողեց առաջ Դիմաքսյանի հետ։ Հայտնվեց, որ Կարինյանը մի մասնավոր վարժուհի է, պատրաստվում է գնալ արտասահման՝ գործնական մանկավարժություն սովորելու, որպեսզի հետո Թիֆլիսում մանկական պարտեզ բաց անի։ Նա միայն կամենում էր իմանալ՝ ո՞ւր ավելի նպատակահարմար է գնալ։
Դիմաքսյանը հաղորդեց օրիորդին անհրաժեշտ տեղեկություններ, յուր կողմից ավելացնելով մի քանի խորհուրդներ։ Օրիորդը լսում էր նրան ուշադիր և մինչև անգամ ակնհայտ ակնածությամբ։
Դա մի գունատ արարած էր, նիհար, սակավ ինչ թուխ դեմքով, խելացի և արտահայտիչ գծերով։ Ընդհանրապես նա ոչ միայն սիրուն չէր, այլ կարող էր տգեղ համարվել, եթե չունենար յուր ձայնի և աչքերի մեջ անչափ եռանդի և տոկունության հետ մի տեսակ հեզ անուշություն։ Նա խոսում էր դրական եղանակով, համոզված մարդու պես, նրա շարժվածները ազատ էին, բայց միևնույն ժամանակ, ամոթխածությամբ լի:
Նա Դիմաքսյանի վրա լավ տպավորություն գործեց։
Վերջացրի՞ք, ասաց Մսերյանը, որ ամբողջ ժամանակ աչքը չէր հեռացնում օրիորդից, ուրեմն մենք այժմ կարող ենք միասին խոսակցել։
Նա մոտեցավ օրիորդին և սկսեց նրա հետ քայլել, բժշկին թողնելով հետ։ Այս հանգամանքը բավական զարմացրեց Դիմաքսյանին։ Առաջին անգամն էր նա տեսնում Մսերյանին այդքան ուշադիր դեպի մի կին։
Բժիշկ Սալամբեկյանը Դիմաքսյանին հաղորդեց, որ իրան մի նոր պաշտոն են առաջարկում և առաջարկողն է Բարաթյանը։ Քաղաքը նոր հիվանդանոց է բաց անում, հարկավոր է մի բժիշկ դիրեկտոր։ Բարաթյանը խոստանում է յուր բարեկամների հետ միասին ամեն ճիգ գործ դնել, որ Սալամբեկյանը ընտրվի։
Տեսնո՞ւմ ես, մարդը այնքան առաջ է գնացել, որ յուր ընկերներին էլ հովանավորություն է ցույց տալիս։ Բայց ես չեմ ուզում այդ հովանավորությունը։
Ինչո՞ւ։
Նրա համար, որ չեմ ուզում ոչ մի բանով պարտական լինել այդ մարդուն։
Պատճա՞ռը։
Նրա երգը վերջացած է, նա ուխտադրուժ է, գաղափարի դավաճան։
Դիմաքսյանը զգուշացրեց, թե անհարմար է մի օտար օրիորդի մոտ այդ բանի մասին խոսել։ Բժիշկը յուր քայլերը ծանրացնելով, պատասխանեց, թե օրիորդը շատ լավ է ճանաչում Բարաթյանին և թե նրանք այժմ մինչև անգամ ազգականներ են։
Օօ՛, ինչպես փոխվում են մարդիկ, շարունակեց նա վրդովված երկու տարի չկա և արդեն... ուֆ, ոչինչ չի մնացել անցյալից, շոգիացել է...
Այն մարդիկ, որոնց դեմ Բարաթյանը պետք է մաքառեր, այժմ նրա բարեկամներն են դառել։ Նա մտերմաբար սեղմում է երեկվա կանտրաբանդիստի կամ վաշխառվի ձեռը։ Նա թև թևի տված ման է գալիս խաբեբա կապալառվի հետ, որովհետև մտադիր էր ընկերանալ նրան։ Այժմ նա ուզում էր կապալներ վերցնել նոր կառուցվող երկաթուղու վրա։
Բժիշկը ստիպված եղավ խոսքը ընդհատել, երբ օրիորդը և Մսերյանը, փողոցի ծայրին հասնելով, հետ դարձան։ Մսերյանը ոգևորված մի ինչ-որ պատմություն էր անում оրիորդի համար, և առհասարակ շատ էր զբաղված նրանով։
Փողոցի կեսում օրիորդը ցտեսություն ասաց, խնդրելով ամենքին մի օր շնորհ բերել յուր տունը։
Ես ապրում եմ մեծ մորս և հորաքրոջս հետ։ Դեռ մի ամիս այստեղ եմ, շատ ուրախ կլինեմ եթե գաք։
Բժիշկը գնաց նրան ուղեկցելու։
Ո՞վ է այդ օրիորդը, հարցրեց Դիմաքսյանը Մսերյանից։ Սալամբեկյանի մի մեռած ընկերոջ քույրն է։ Հավանեցի՛ր։ Գիտես, որ ես կանանց առհասարակ չեմ սիրում, բայց այս մեկը ինձ դուր է գալիս։ Արի մի օր միասին այցելենք նրան։
Դիմաքսյանը խոսք տվեց և մի շաբաթ անցած գնաց նրա հետ օրիորդի մոտ։
Կարինյանը բնակվում էր գետի ափում գտնվող միհարկանի մի տան մեջ, որ բավական բանաստեղծական դիրք ուներ։ Տան առջև տարածված էր մի ընդարձակ այգի, որ վերջանում էր գետափին։ Բակի վիթխարի ընկուզենիի տակ նստած էր մի զառամյալ պառավ, շրջապատված անթիվ հավերով։ Նա գարիի հատիկները ցրվելով, խոսում էր հավերի հետ, հանդիմանելով նրանց ագահության համար։ Դա Կարինյանի տատն էր։
Օրիորդը հյուրերին ընդունեց քաղաքավարի և պարզ կերպով։ Նրա հորաքույրը տանը չէր, իսկ ինքը, կարի մեքենան առջևը դրած, պատշգամբի վրա յուր համար հագուստ էր կտրում։
Երեք սերունդների ներկայացուցիչները միասին ապրելով, հաճախ հայացքների տարբերությունից իրարու հետ ընդհարումներ էին ունենում։ Այս պատճառով օրիորդի կյանքը մխիթարական չէր այդ շրջանում։ Տատը հաշտվել անգամ չէր ուզում այն մտքի հետ, թե պետք է յուր թոռը, մենակ աղջիկ, ինքնագլուխ գնա ով գիտե ինչ երկրներ։ Նույն մտքի էր և նրա հորաքույրը, որ յուր կողմից ավելի էր գրգռում պառավին օրիորդի դեմ։
Այս բոլորը պատմեց ինքը օրիորդը, անկեղծաբար, առանց յուր դրությունից քաշվելու։
Բայց ի՞նչ էլ լինի, նրանք արդեն համաձայնվել են իմ գնալուս, թեև ամեն օր տրտնջում են։
Դիմաքսյանին դուր եկավ օրիորդի հաստատակամությունը։ Ահա, վերջապես մի հայ կին, որ ինքնուրույն է և չէ խոնարհվում կամակոր հնության առջև։ Նա գովեց օրիորդի նպատակը։
Թողեք հներին, աշխատեցեք նորերի համար։ Շատ անգամ մեռնող սերունդը յուր եսին ուզում է զոհել հաջորդի երջանկությունը: Եթե մենք նրա ամեն քմահաճություններին սենտիմենտալ կերպով հպատակվենք, ոչինչ առաջադիմություն չենք կարող անել: Հիշեցեք, թե ձեր ձեռնարկությունը որքան օգուտ պետք է տա ապագա սերնդին, և դուք կտեսնեք, որ անարդար կլիններ այդ գեղեցիկ նպատակը զոհել պառավներին:
Բայց պառավը ընկուզենիի տակ հավերի հետ նիստ կազմած տատն էր: Իսկ մյուսը, օրիորդի հորաքույրը, եթե պառավ ածականը լսեր, առանց այլևայլի պետք է արտաքսեր Դիմաքսյանին: Ահա նա, այրի Մելանիա Բոլումբաշյանը, սանդուղքով վեր է բարձանում: Իսկապես նրա քառասնյակը վաղուց արդեն անցել է, բայց ո՞վ կարող է նրան երեսուներկու տարեկանից ավելի համարել:
Այրին համարձակ քայլերով մոտեցավ և թոթվեց Մսերյանի ձեռը: Նրանք արդեն ծանոթ էին:
Նա հագնված էր ժամանակի մոդայով: Ամեն բան նրա վրա եվրոպական էր, բացի թասակրավից: Նա գլխարկ չէր հագնում, քաջ համոզված լինելով, որ վիրական գլխակապը ավելի է սազ գալիս յուր կլորիկ կարմրախայտ երեսին: Նա խոսում էր ռուսերեն, արագ-արագ, արհամարհելով քերականական բոլոր կանոնները: Եվ խոսում էր մեծ մասամբ Մսերյանի հետ, որի երեսին շուտ-շուտ ժպտում էր, ծիծաղում: Զգալի էր, որ ողբացյալ այրին չէր հրաժարվիլ ամուսնության դառն լուծը երկրորդ անգամ քաղցրությամբ հանձն առնելուց, եթե Մսերյանը բարեհաճեր ուշադիր լինել դեպի նա: Սակայն իդեալիստը այրիի մասին այնքան էր մտածում, որքան և՛ յուր հագուստի մասին: Իսկ նրա հագուստը այսօր մե առանձին բանաստեղծական անկարգության մեջ էր: Մաշված և տրորված սև սյուրտուկի կուրծքը փայլում էր սափրավիրի սրոցի պես, իսկ ձմեռային գունատ վարտիքը վաղուց արդեն գրավել էր փողոցային հնավաճառների ուշադրությունը: Ավելի ողբալի էր նրա հին ձևի շապիկը, որի օձիքը ճմլվել էր և կպել նրա կոկորդին յախույի պես: Այնինչ՝ սև փողկապը թռել էր վզին և այնտեղ նստել երկչոտ ծիծեռնակի նման:
Նա այրիի բարբաջանքին պատասխանում էր «այո՛», «ինչպես չէ», «ցը ցը ցը» և այլն հնչյուններով, իսկ ուշը օրիորդի կողմն էր։ Վերջապես, շաղակրատ տիկնոջից ձանձրացած, նա ցտեսություն ասաց և ընկերոջ հետ դուրս եկավ:
Հը՞մ, հավանո՞ւմ ես, դարձյալ հարցրեց նա Դիմաքսյանից։
Որի՞ն։
Իհարկե, օրիորդին, մյուսը ինչ հորս ցավն է։
Ի՞նչ ասեմ...
Եղբայր պատվական, ես հիացած եմ, իսկ և իսկ եռանդուն և տոկուն հայուհու տիպարն է, միայն տաշված, հղկված, հասկանո՞ւմ ես։
Էլի ոգևորվեցի՞ր։
Ի՞նչպես չոգևորվեմ, նորոգիչներից է, հասկանո՞ւմ ես...
Այդ օրից հետո Դիմաքսյանը Մսերյանի հետ մի քանի անգամ էլ այցելեց Կարինյանին։ Ժամերով նախ խոսում էր ու վիճում օրիորդի հետ և հաճույք էր զգում, տեսնելով, որ նա հասկանում է իրան, ունե զարգացում և հազիվ է նեղն ընկնում լուրջ խոսակցության ժամանակ։ Նա չէր քաշվում օրիորդի մոտ, չէր կաշկանդվում այնպես, ինչպես Գայանեի առջև։ Նրա մեջ չէր շարժվում օձը, սիրտը հանգիստ էր։ Սակայն ինչ և լիներ, որքան ևս Կարինյանը համակրելի լիներ, երբեք և վայրկյան անգամ չէր մոռացնել տալիս նրան այն մյուսին, որի պատկերը այնքան ամուր և այնքան որոշ դրոշմվել էր նրա սրտի մեջ։ Կանգնած էր գիշեր-ցերեկ այդ պատկերը նրա աչքի առջև, ինչպես նրա անաջող բախտի ուրվականը և մենության մեջ միշտ նրան պատճառում էր այն ծանր թախիծը, որ կարծես, հավիտյան տիրել էր նրա հոգուն...
VI
Հուլիսի վերջին Դիմաքսյանը ուղևորվեց Անդրկովկասի մի մասում ճանապարհորդելու։ Նա կամենում էր մոտիկից ծանոթանալ ժողովրդի բարոյական կացության հետ։ Բայց ժամանակը շատ էլ չէր ներում. մի ամիս մի քանի տեղեր այցելելուց հետո, նա թարմացած վերադարձավ և եռանդով աևձնատուր եղավ յուր զբաղմունքին։
Դպրոցի մեջ բարձրացրել են նոր աղմուկներ։ Շուտով պետք է ընտրվեին նոր հոգաբարձուներ։ Դիմաքսյանի հակառակորդները սկսել էին ծածուկ գործել։ Նրանք մտադիր էին նրա կողմնակից հոգաբարձուներին սևացնել և փոխարենը ուրիշներին ընտրել։
Նախագահը, որ նրանց աջակիցն էր, գաղտնի հրահանգ էր տվել ծխական քահանաներին։ Պատվիրված էր եկեղեցական ընտրությունների ժամանակ առաջ գցել այնպիսիներին, որ պետք է նախագահի ուզած մարդկանց քվե տային։
Հակառակ կուսակցությունը հասկացել էր բանի էությունը և բացարձակ հարձակվում էր նախագահի վրա։
Երկու բանակների մեջ սկսվել էր մի ծայրահեղ բանակռիվ, որի արտահայտիչներն էին երկու միմյանց թշնամի լրագիրներ։ Ոչ մեկը չէր խնայում մյուսին. երկու կողմից էլ լսվում էին ծանր մեղադրանքներ, ծաղր, հայհոյանք, նույնիսկ զրպարտություններ։
Դիմաքսյանը սկզբում կամեցավ հեռու պահել իրան այդ կռվից։ Սակայն չկարողացավ։ Նորից արյունը բորբոքվեց, աչքերը վառվեցին, և հարձակվեց ասպարեզ, ինչպես պատերազմի ծարավ մի քաջ զինվոր։ Նա մոռացավ դպրոցը, նա չէր հոգում մի վայրկյան անգամ յուր մասին, նրա մտքովն անգամ չէր անցնում, թե կարող է զրկվել պաշտոնից, եթե հաղթությունը թշնամիները տանեն։
Նրա դեմ ասպարեզ էր դուրս եկել և՛ Վեքիլյանը, այս անգամ յուր իսկական անունով և ազգանունով։
«Փաստեր, փաստե՜ր», կրկնում էր փաստաբանը, մոռանալով, որ ինքը ոչինչ փաստեր չէ տալիս հակառակորդին, բացի վիրավորիչ ակնարկներից։
Մի օր Դիմաքսյանը դարձյալ յուր մասին կարդաց մի ֆելիետոն, միայն ուրիշ կեղծանունով։ Այս անգամ նրա անձնականին չէին կպչում, խոսում էին նրա գործունեության մասին։ Ֆելիետոնը գրված էր սուր գրչով, զարդարված ճարպիկ կալամբուրներով և շնորհալի սրախոսություններով։
Առաջին անգամ Դիմաքսյանը զգաց, որ հանդիպում է ոչ թե մի ստոր սողոսկողի, այլ մի զորեղ հակառակորդի, որի հետ կռվելը շատ էլ դյուրին բան չէ։
Արյունը խփեց գլխին։ Մի չարագուշակ ժպիտ աղավաղեց նրա բերանը։ Առանց երկար մտածելու, նա աղեղը լարեց դեպի այն կողմ, ուսկից գիտեր, որ գալիս են վարագուրված հարվածները։
Աա՛, բավական չէ Բարաթյանի գործով արածը, գրչո՞վ էլ է ուզում նրա հետ մրցել։ Դա առանց նպատակի չէ։ Անշուշտ նա հոգաբարձու ընտրվելու միտումներ ունե։
Այսպես էր մտածում Դիմաքսյանը, և նա չսխալվեց։ Բարաթյանը ընտրվեց եկեղեցական պատգամավոր։ Մի քայլ արված էր, մնում էր մյուսը, և նա արդեն Դիմաքսյանի իշխանավորն էր հոգաբարձու։
Կարծեմ, մենք կհաղթվենք, ասաց մի օր Դիմաքսյանին նրա կողմնակից հոգաբարձուներից մեկը, Ամբակում Աֆանասևիչը շատ է աշխատում։ Երեկ լայնաթևը նրա մոտ ճաշի է եղել. նրանք գործում են ձեռք֊ձեռքի տված։
Այն ժամանակ երկու հակառակորդ բանակները պաշարեցին ընտրողներին։ Շատերի գույնը արդեն որոշ էր, քաշել նրանց մի բանակից մյուսը դժվար էր։ Հարկավոր էր գրավել չեզոքներին, և ահա սրանց վրա հարձակվեցին երկու կողմից գիշակեր ագռավների պես։ Գործ էին դրվում քաղցր ժպիտներ, սիրալիր բարևներ, սպառնալիքիներ, խոստումներ։
Նուկուջան Փարսադանովիչին իմ խորին հարգանքն եմ վկայում։ Հը՛մ, ամսիս քսանվեցին ընտրու՞մ ենք։
Ընտրում ենք, ոնց չէ, ընտրում ենք։
Նուկուջան Փարսադանովիչ, չմոռանաք, որ մենք հին քաղքցիներ ենք, դուք մերն եք։
Վա՛հ, հեստի չորնի զակատիտ անիմ վուր է...
Կռիվը քանի գնում սաստակնում էր և խեղճ Նուկուջաններին այնքան քշեցին այս բանակից այն բանակ, որ ընտրության օրը նրանք ներկայացան միանգամայն ջարդուփշուր եղած խելքով։ Պատարագի ժամանակ մի քարոզ ընտրողներին բացատրեց նրանց պարտքը եկեղեցու և ազգի առաջ, «քանզի պետք է խղճի մտոք և անաչառությամբ» տային իրանց քվեները:
Նույնը կրկնվեց և՛ ընտրությունների դահլիճում։
Ամբակում Աֆանասևիչի բանակը հաղթեց։ Դիմաքսյանի կողմնակից հոգաբարձուներից չորսը սևացան։ Փոխարենը ընտրվեցին Ամբակումը, Բարաթյանը, Վեքիլյանը, և մի ուրիշը սրանց բարեկամներից։
Բարաթյանը անմիջապես շտապեց տուն և ուրախ-ուրախ համբուրեց յուր մի ամսական ժառանգին։
Գայանեն նոր էր վեր կացել անկողնից։ Նա գունատ էր, նիհար, անզոր։ Այլևս անցել էին կապրիզները։ Այժմ նա խաղաղ էր, հանգիստ, գոնե արտաքուստ այդպես էր երևում։
Ամբողջ օրը նա չէր հեռանում նորածնի օրորանից։ Համբուրում էր նրան քնքուշաբար, խոսում էր նրա հետ, հարցեր էր տալիս և ինքը նրա փոխարեն պատասխանում։ Նրա աշխարհը այժմ ամփոփված էր այդ փոքրիկ արարածի մեջ, և ուրիշ ոչ մի բան նրան չէր հետաքրքրում։ Նա մոռացել էր նույնիսկ յուր մշտական կասկածները, արյուն ու մարմին դարձած կասկածները ամուսնու վերաբերմամբ։
Տիկին Բախտամյանը երբեմն այցելում էր նրան։ Երեխայի մկրտության օրը նա հետը բերել էր անթիվ ընծաներ։ Առհասարակ նորածինը երկու տիկինnերի մեջ ձգել էր մի նոր բարեկամություն։ Միայն տիկին Բախտամյանի և Բարաթյանի մեջ երևում էր մի անհասկանալի փոխադարձ սառնություն։ Գոնե այդպես էին նկատում մի կողմից Գայանեն, մյուս կողմից Պյոտր Սորոմոնիչը։
Ծերունին յուր կնոջ հետ այլևս նախանձի տեսարաններ չէր սարքում։ Արդեն բավական պատժվել էր այն օրվա յուր շտապ մեղադրանքի փոխարեն։ Նա զգում էր, որ շատ կոշտ վարվեց կնոջ հետ և մտքում հայհոյում էր չար բամբասասերներին։ Սակայն, միևնույն ժամանակ, կասկածը արմատախիլ չէր եղել նրա մեջ։ Այժմ նա տանջվում էր լուռ, առանց արտահայտելու յուր սրտի մեջ բուն դրածը։
Հաճախ նա մենակ, առանձնացած յոււր սենյակում, մտածում էր ամուսնական կյանքի դառնությունների մասին: նա մեղադրում էր ինքն իրան։ Տասը տարի էր նա միշտ նախանձում էր, միշտ կասկածում, միշտ լարված դրության մեջ էր։ «Միթե այդ կյա՞նք է։ Ոչ, ոչ, տանջանք ու աստծու պատիժ է», կրկնում էր նա։
Մյուս կողմից նա սիրում էր Աննային, ինչպես մի կենդանի, վառվռուն պատանի, և ցավում ու մորմոքվում էր, որ վաղուց կորցրել էր յուր երիտասարդությունը։ Իրավ, մի՞թե նա ինքը չգիտեր, որ Աննայի ընկերը չէ, որ ամոթ է մինչև անգամ մի թառամած ծերունու մի այդպիսի թարմ կին ունենալ։ Բայց, է՛հ, ի՞նչ արած, թող նախանձը միշտ տանջե նրան, միշտ չարչարե, միայն թե Աննային նրա ձեռքից չխլեն և միայն թե Աննան խնայի նրա ընտանեկան պատիվը։
Իսկ Աննան նրա հետ վարվում էր սառն, խոսում էր միշտ «դուք»-ով, այն էլ խոսում էր այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը ստիպում էր։ Նա գիտեր, որ յուր պաղությունով տանջում է ծերունուն և հենց դիտմամբ շարունակում էր, անուշադիր թողնելով նրա փաղաքշանքները, աղերսանքները և պես-պես խոստումները։
«Թողե՛ք ինձ, թողե՛ք իմ հիմարության պատիժը քաշեմ» կրկնում էր նա միշտ։
Իսկ հիմարություն նա համարում է ծերունու հետ ամուսնանալը, մի ծերունու, որ թունավորում էր նրա կյանքը «անտեղի կասկածներով, անտեղի զրպարտություններով»։
Մի օր Պյոտր Սոլոմոնիչը վճռեց յուր կնոջը մի սյուրպրիզ անել, որպեսզի, վերջապես, ձեռք բերի նրա հաշտությունը։
Ա՛նիչկա, ե՞րբ է ձեր ընկերության տարեդարձը, հարցրեց նա։
Ես ի՞նչ գիտեմ երբ է, ես ձեռք եմ քաշել ընկերություններից էլ, մարդկանցից էլ, ես դժբախտ կին եմ։
Դե լավ, բավական է, ես քեզ մի լավ բան պետք է ասեմ։
Տիկինը կամեցավ սառն լինել, բայց միևնույն ժամանակ, չկարողացավ զսպել կանացի հետաքրքրությունը։ Նա աչքի տակով ծուռ-ծուռ նայեց ամուսնուն:
Ուզում եմ քո անունով, արտասանեց Պյոտր Սոլոմոնիչը, քո անունով ընկերությանը հազար ռուբլի բաշխել, որ դու պատվավոր անդամուհի լինես։
Սնափառ տիկնոջ համար, արդարև, դա մի վերին աստիճանի ախորժելի սյուրպրիզ էր։ Մինչև այդ ժամանակ կանանց ընկերությունը ոչ մի պատվավոր անդամուհի չուներ, ուեմն նա առաջինը կարող էր լինել։ Բայց նա թաքցրեց յուր ուրախությունը, ոչինչ չասաց և միայն հառաչեց։
Տարեդարձի օրը Պյոտր Սոլոմոնիչը փողերը համրեց կնոջ առջև։ Վերջապես, Աննան թույլ տվեց նրան, որ համբուրի իրան և այդպիսով հաշտվեց ամուսնու հետ։
VII
Բարաթյանի և Վեքիլյանի հոգաբարձու ընտրվելը, հարկավ, ազդեցություն գործեց Դիմաքսյանի վրա։ Նա զգաց, որ այժմ նրանց հետ պետք է ընդհարումներ ունենա երես առ երես։
Կռվից նա չէր վախենում, չէր մտածում և՛ յուր պաշտոնի մասին։ Նրան անհանգստացնում էր աշակերտների դրությունը և առհասարակ դպրոցի վիճակը, այն դպրոցի, որ արդեն կրում էր յուր վրա նրա գաղափարների դրոշմը։ Այսուհետև, ուրեմն, նրա հարուցած ամեն մի խնդիր պետք է հանդիպի Բարաթյանի ու Վեքիլյանի կամքին և հետո իրագործվի կամ ոչ։ Արդեն նա անհարթելի էր համարում յուր և նրանց մեջ բացված վիհը։ Պետք է այսպես թե այնպես կռվել։ Պետք է մեկը մյուսին գլորի այդ անկասկած է։ Միևնույն շրջանում, միևնույն ժամանակ երկու հակադիր ձգտումներ չեն կարող հավասար համակրություն վայելել և իրանց գոյությունը շարունակել։
Առաջ այդ մարդիկ հաշտ էին, գաղափարակից էին, ընկեր էին նրա հետ։ Նրանք ուխտել էին միասին գործել, այժմ բաժանված են։ Կյանքը, տվեց մեկին մի ուղղություն, մյուսներին այլ ուղղություն։ Գուցե մտքերի այս հակադրությունը առաջ էլ կար, միայն չէր արտահայտվում։ Այժմ ասպարեզ կա, նա երևան է գալիս։ Բարաթյանը և Վեքիլյանլը աշխատում են խոչընդոտ լինել նրա գործունեությանը, ծաղրում են, հալածում, կնշանակե նրանք թշնամիներ են։ Սակայն նոր հոգաբարձուները դեռ լուռ էին, չնայելով, որ երկու ամիս էր արդեն հաստատվել էին իրանց պաշտոնում։ Բարաթյանը ուսումնասիրում էր հանգամանքները: Շաբաթը մի կամ երկու անգամ այցելում էր դպրոցը։ Դիմաքսյանը նրան ընդունում էր պաշտոնական ձևով, խոսում «դու»-ով, բայց սառն և առանց ընկերական մտերմության։ Դպրոցի տնտեսականի և վարչականի վերաբերմամբ նոր հոգարարձվին տալիս էր մանրամասն տեղեկություններ, բայց երբ հարց էր լինում ուսումնականի և բարոյականի մասին, խույս էր տալիս պատասխաններից և առհասարակ չէր ուզում խոսքը երկարացնել։ Նա կամենում էր հենց առաջին քայլից նոր հոգաբարձվին զգալ տալ նրա իրավունքների սահմանը: Բարաթյանը, հարկավ, հասկանում էր նրա միտքը։ Նա ոչինչ չէր ասում, բայց մտքում կրկնում էր.
«Եթե դու ուզում ես քեզ ցույց տալ, ես էլ շուտով ինձ ցույց կտամ»։
Մեծ պասի առաջին օրերն էին։ Տրամադրությունը կրոնական էր, դպրոցը հոգևոր։ Հոգաբարձուներից երկուսը եկեղեցասեր վաճառականներ էին, մեկը եպիսկոպոսի եղբայր, երկուսն էլ երեցփոխներ։ Բարաթյանը մի նիստում թեթև կերպով հարց բարձրացրեց, արդյոք աշակերտների կրոնական կրթության վրա բավարար ուշադրություն դարձնո՞ւմ են դպրոցում։
Նախագահի կարմիր և առույգ դեմքի վրա խաղաց գոհունակության ժպիտը։ Նա յուր երկայն, թիաձև, չալ մորուքր շփելով, հայտնեց, թե այդ հարցով ինքն էլ զբաղված է։ Ավելացրեց, թե խնդիրը վերին աստիճանի կարևոր է, բայց ինքը չէր կամենում նախկին հոգաբարձությանը առաջարկել, սպասում էր նորերի ընտրությանը։ Այժմ նա կարող է խոսել։ Եվ սկսեց խոսել։
Հրամանոցդ հայտ է, որ մեր դպրոցները գտանին ի ներքո հովանավորության Հայաստանյացս առաքելական եկեղեցվո և նորին վեհափառության տյառն տյառն սրբազնագույն կաթողիկոսին ամենայն հայոց։ Այսպես։ Գերազնիվ պարոնայք, մենք ժամու և ի տարաժամու պարտ ենք երախտապարտ և ջերմեռանդագույն հոգով զգացված լինել առ մերս առաքելական եկեղեցի հարսնացյալն ի տերն մեր հիսուս քրիստոս և նորին աստվածընտրյալ պետն, հաղագս կենաց որին աղոթեմ ի տվնջյան և ի գիշերի։ Այսպես։ Սակայն իմ հոգևոր տկար աչոքս այս վերջին տարիներ այլ և այլ խուսափումներ նկատում եմ ի մեծս և փոքունս, իսկ առավելագույն չափով ի մերում դպրանոցի։ Հուսամ առ ամենաբարձրյալն, որ այսուհետև այդ զանցառությունները վերացվին, քանզի մեր հոգաբարձություն այսօր, հուրախություն սրտի իմո, կազմեն ձեզի պես գերաշնորհ, պայծառամիտ, խոհունակ, հանճարազարդ և պարկեշտասուն անձինք։ Այսպես։ Պայտն քարտուղարեն կխնդրեի արձանագրել այս իմ համեստագույն խոսք ատենագրություն։
Ձեր ասածը միանգամայն արդարացի է։ Մեր աշակերտների մեջ պետք է զարգացնել բարոյականություն, մանավանդ կրոնասիրության։ Արևմտյան Եվրոպայում կրոնի դասավանդությունը շատ հարգելի տեղ է բռնում դպրոցներում։ Ուրեմն ա՛յն, ինչ որ ընդունված է լուսավորված ազգերի մեջ, կարծում եմ, չպիտի արհամարհվի մեզ նման մի փոքրիկ ազգի կողմից։
Պարոն քարտուղարեն կխնդրեի շնորհազարդ պարոն Բարաթյանի խոսքերը արձանագրել։
Այդ ճշմարիտ է, մանավանդ որ մեր դպրոցը հոգևոր է։
Պարոն քարտուղար, բարեծնունդ Ամբակում աղա Սարզափյանի խոսքեր մեկիկ-մեկիկ թարգմանեցեք ու շարադրեցեք։
Բացի դրանից, մենք նախ և առաջ կրոնական ազգ ենք և եկեղեցուց ավելի ոչինչ չունենք։
Պարոն քարտուղար, ուշի ուշով դիտեցեք ողջախոհ պարոն Վեքիլյանի ասածներ: Ի՛ա, հեր օրհնած, ի՞նչ ես Բեթանիացի բորոտի պես քինթդ քորում։ Այսպես, գերազնիվ պարոնայք, խնդիրը եզրափակենք։ Ըստ իս՝ վաղը մեր մեծապատիվ պարոն տեսչին հայտնելու է այս մեր որոշում։ Շնորհազարդ պարոն Բարաթյան, կարծյոք, այս պարտքերը ձեր վրա դնելու է, քանզի, եթե չեմ սխալվում, դուք եք հերթակալը։ Պարոն քարտուղար, արձանագրեցեք մեր որոշում այսպես. «Առաջարկյալ եղիցի վերատեսչին պարոն Արսեն Մարգարյան Դիմաքսյանի՝ հարգել զկրոն ըստ չափու պահանջման հոգաբարձությանս և զսանս դպրանոցի հանապազօրյա առաջնորդել եկեղեցի անձամբ»։
Հին հոգաբարձուներից մեկը, որ նորից ընտրվել էր, նկատեց, թե տեսչի համար վիրավորական է այս տեսակ որոշում՝ «հարգել զկրոն», բանի որ նա առանց այդ էլ հարգում է կրոնը։
Նախագահը խնդիրը քվեարկեց, և ձայների ճնշող մեծամասնությամբ նրա որոշումը ընդունվեց։
Հետևյալ օրը Բարաթյանը Դիմաքսյանի մոտ կարդաց արձանագրությունը։ Մի արհամարհական ժպիտ փոփոխեց տեսչի դեմքը, հետո նրա կրծքից թռավ մի կծու ծիծաղ։
Ինչո՞ւ ես ծիծաղում։
Նրա համար, որ քիչ է մնում ինձ հերետիկոսության մեջ մեղադրեք։ Լսված բա՞ն է այդ տեսակ որոշում մտցնել մի պաշտոնական արձանագրության մեջ, որի տակ ստորագրել են տասնումեկ հասարակական ներկայացուցիչներ։ «Հարգել զկրոն»։ Ասա խնդրեմ, ե՞րբ եմ ես արհամարհել կրոնը։
Ոչ ոք չի ասում, թե արհամարհել ես, միայն այսպես գրված է։ Դու գիտես, որ դպրոցը հոգևոր է։
Հետո՞։
Ուրեմն զարմանալի բան չկա այս որոշման մեջ։
Զարմանալին այն է, որ այդ կրոնապաշտական դատավճռի տակ ստորագրել եք դու և Վեքիլյանը։ Դա բավական չէ, հարցը մինչև անգամ դո՛ւ ես զարթեցրել։
Ես զարթեցրել եմ մի շատ ժամանակակից հարց։
Ա՜խ Բարաթյան, ինքդ էլ շատ լավ գիտես, որ կեղծում ես, որ այդ սուտ է, չես հավատում, ծիծաղում ես մտքումդ։
Մի՞թե դու համաձայն չես, որ պետք է աշակերտների մեջ կրոնական զգացմունք զարթեցնել։
Զգացմունք և ոչ փարիսեցիություն։ Ասում են, աշակերտներին թույլ չես տալիս եկեղեցի գնալու։
Սուտ են ասում։ Ես երբեք նրանց միտքը և զգացմունքը չեմ բռնաբարում։
Բայց չի կարելի պատանիների զգացմունքները թողնել առանց որևէ ուղղության։
Դիմաքսյանը զայրացած նայեց ընկերոջ երեսին։ Նրան թվաց, թե յուր առջև կանգնած է մի սուտ ճգնավոր և ոչ մի դիպլոմավոր երիտասարդ։ Նա ասաց, թե ոչ մի զգացում լինի նա կրոնական, թե ուրիշ չի կարելի բռնի ուժով արմատացնել ուրիշի սրտում: Պատիժը, երկյուղը, նույնիսկ խրատը չեն կարող փոխել սաների բարոյական կազմը։ Մարդու սրտում պատրաստվում և արմատ է ձգում այն գաղափարը, որ ազատ սիրելուց է առաջանում։ Վերջապես, բռնությամբ և արվեստական կերպով պատվաստել զգացումը շատ անգամ հակառակ հետևանք է ունենում։
Ուրեմն, դու հերքո՞ւմ ես կրթության նշանակությունը, հարցրեց Բարաթյանը, ժպտալով, դու չե՞ս ընդունում ղեկավարի կամ առաջնորդող մարդու ազդեցությունը։
Ազդեցություն և ոչ բռնություն։ Ի՞նչ ես կարծում, պատանիների համար ո՞րն է ազդու՝ սպառնալի՞քը, թե՞ կենդանի օրինակը։ Եթե դուք կրոնի անունով աշակերտին ստիպում եք եկեղեցի գնալ, ի՞նչ կմտածի նա, տեսնելով, որ դուք ինքներդ եկեղեցի չեք հաճախում, փախչում եք նրանից, ինչպես մի ավելորդ բեռնից։ Վերջապես, ի՞նչ կարիք կա երկար վիճելու, իմ պատասխանը մեկ է. ես համաձայն չեմ, որ հոգաբարձոթյունը խառնվի դպրոցի ուսումնական-բարոյական մասի մեջ։ Նա իրավունք էլ չունի։
Դիմաքսյանը քանի գնում, այնքան ավելի գրգռվում էր և ձայնը բարձրացնում։ Բարաթյանը խոսում էր սառը, անվրդով։ Հենց այդ էր, որ ավելի բորբոքում էր նրա հակառակորդին։ Մի բան շատ պարզ էր Դիմաքսյանի համար ընկերոջ բուն նպատակը։ Ուստի նա որոշ և դրական եղանակով ասաց.
Ես չեմ ընդունում ձեր որոշումը։ Այո՞։
Այո։
Եվ դուրս եկավ սենյակից վրդովված։ «Ահա ինչ ծայրից են սկսում, ասում էր նա մտքում, քիչ էր մնում ինձ անաստված հրատարակեն»։
Նա համոզված էր, որ յուր բոլոր պաշտոնակիցները նույնպես կվրդովվեն հոգաբարձության դեմ։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը, երբ նրա զայրացումը հանդիպեց ընդհանուր լռության։
Բոլոր ուսուցիչները նայեցին միմյանց երեսին։ Կարծես, ամեն մեկը սպասում էր, որ մյուսը խոսի։ Այդ լռության մեջ Դիմաքսյանի համար կար վիրավորական, միևնույն ժամանակ, ատելի մի բան։ Դա այն ընդհանուր երկյուղն ու տաժանումն էր, որ երևում էր ամենքի, նույնիսկ յուր կողմնակիցների, դեմքերի վրա։ Նա ասաց, թե հերթակալ հոգաբարձվին հայտնել է, որ հոգաբարձությունը իրավունք չունի խառնվել դպրոցի ուսումնական-բարոյական գործերի մեջ։ Նա հույս հայտնեց, որ ամենքը համաձայն են այս մտքի հետ և հարկավոր եղած ժամանակ նրան ձայնակից կլինեն։
Համր լռությունը Դիմաքսյանի միակ պատասխանը եղավ։
Ինչո՞ւ եք լռում, գոչեց նա։
Սկզբունքով համաձայն ենք, խոսեց, վերջապես, նրա կողմնակիցներից մեկը, բայց եթե...
Եթե՞։
Եթե հոգաբարձությունը կամենա խառնվել, մենք ի՞նչ կարող ենք անել։ Նա իշխանություն է, մենք ստորադրյալներ...
Գերմանական մանկավարժ Ինյաթյանը քնթի տակ ծիծաղեց, ծաղրաբար և անհոգ քայլերով դուրս եկավ։ Մյուսները ոչինչ չասացին։
Խնդիրը շատ պարզ էր Դիմաքսյանի համար։ Մի վայրկյան նա կարողացավ իրան զսպել և հեգնաբար ասաց.
Ձեր ասածը ճիշտ է. նրանք իշխանավորներ են, մենք ստորադրյալներ, այսինքն անբան ստրուկներ: Ուրիշ ոչինչ, պարոններ, գնացեք, զանգակը դասի է հրավիրում։