Ալեքսանդր Շիրվանզադե

Արսեն Դիմաքսյան

Առաջին մաս, XV-XVIII

XV


Պսակադրության պայմանավորված ժամանակը մոտենում էր, Բարաթյանի անհանգստությունը ավելանում։ Օժիտի խնդիրը դեռ չէր պարզվել։ Իսկ Պյոտր Սոլոմոնիչը հանգստանում էր սեփական ամառանոցում։ Օրվա մեծ մասը նա, մի երկար ճյուղավոր փայտ ձեռին, զբոսնում էր յուր բնակարանի առջև ձգված հասարակական պարտեզում։ Նա իրանից ձևացնում էր քաղաքական գործերից հոգնած մի եվրոպական բուրժուա, որ նոր ուժ է ժողովում հայրենիքին նոր ծառայություններ անելու։

Հարսանիքի հոգսերը նա լիովին ձգել էր յուր կնոջ և քրոջ աղջկա վրա։ Շաբաթը մի անգամ տիկինը և օրիորդը գալիս էին քաղաք հագուստներ պատվիրելու։

Բարաթյանը գիտեր նրանց գալու ժամանակը։ Որոշյալ ժամին նա միշտ երկաթուղու կայարանումն էր լինում նրանց դիմավորելու համար։ Գայանեն ուզում էր ամեն բան նրա ճաշակով գնել և կապել տալ. ուստի ուր գնում էր, նրան էլ հետը տանում էր։ Հարսանիքի պատրաստությունները օրիորդին կլանել էին լիովին։ Ամբողջ օրը նա չափում էր, կտրում, փորձում և անհամբեր սպասում երջանիկ օրին։ Եվ նա ժամանակ չուներ քննելու, թե ինչու տիկին Բախտամյանը այնքան հաշտ է յուր հետ, որ, կարծես, նախկին նախանձի նշույլն անգամ չէր մնացել։

Մի օր Բարաթյանը, վերջապես, վճռեց կողմնակի կերպով խոսք բաց անել Գայանեի հետ օժիտի մասին։ Օրիորդը այնքան համոզված էր նրա սիրույն, որ ինքը առայժմ ավելորդ էր համարում փողի մասին խոսելը։ Արժե՞ր միթե սիրո բանաստեղծական հրապույրը համեմել նյութականով և փոխադարձ զգացման երկնային հմայքը պրոզա դարձնել։ Փոխադարձ, այո՛, որովհետև Բարաթյանն էլ սիրում էր նրան և սիրում էր անկեղծ։ Միայն նրա զգացումը այնքան կուրացուցիչ չէր, որ միանգամայն մոռացնել տար ապագայի խնդիրը։ Չէ՞ որ կանցնի բանաստեղծականը, և կյանքի իրականությունը մի օր կմերկանա ապագա ամուսնինների առջև յուր բոլոր անողոք պահանջներով:

Ուրեմն դու և Օվսաննան ունեք տարեկան հինգ հազար ռուբլի եկամուտ, կնշանակե քո մասը տարեկան երկու հազար հինգ հարյո՞ւր է։

Այո՛, ի՞նշ կա, ինչո՞ւ լռեցիր։

Պյոտր Սոլոմոնիչը ասում էր, թե քո ծնողները ոչինչ չեն թողել։ Ինչպե՞ս, դու ուրեմն նրա հետ խոսե՞լ ես այդ մասին։

Ես չէի հետաքրքրվում, նա ինքը ասաց հենց այն օրը, երբ ես գնացել էի ձեռքդ խնդրելու։

Նա չէր կարող այդպես ասել, այդ անկարելի է։

Հավատացնում եմ, որ ասաց։

Գայանեն լռեց։ Այդ լուրը նրա համար զգալի և տխուր լուր էր, բայց ավելի անտանելի էր, որ Բարաթյանը խոսում էր օժիտի մասին։

Լա՛վ ասաց նա, ես նրանից բացատրություն կխնդրեմ։

Այո՛, սիրելիս, խնդրիր։ Դու ուրիշ բան չկարծես, ես փողասեր չեմ, բայց եթե կա, ինչո՞ւ ուրիշների մոտ մնա, այնպես չէ՞։

Իհարկե...

Վերջապես, տարեկան երկու ու կես հազարը մեզ համար մեծ բան է, դու կարող ես շիկով ապրել։

Ինձ շիկ հարկավոր չէ, բավական է, որ դու ինձ միշտ սիրես։

Ախ սիրելիս, իհարկե, պետք է միշտ սիրեմ, բայց Պյոտր Սոլոմոնիչի հետ խոսիր։ Իմ սերը դեպի քեզ անհուն է, միթե դու չգիտե՞ս։ Այո՛, շուտով խոսիր, հենց այսօր կամ վաղը։ Մյուս անգամ գալիս ինձ համար դրական պատասխան բեր։ Միայն իմ անունը չհիշես, այսինքն չասես, թե ես եմ քեզ սովորեցրել կամ ինձ հետ այդ մասին խոսել ես։ Ախ սիրելիս, ե՞րբ պետք է հասնի երջանիկ օրը...

Երկու շաբաթ էր մնում հարսանիքին, երբ Գայանեն վերջապես, հարմար ժամանակ գտավ յուր քեռիի հետ խոսելու։ Պյոտր Սոլոմոնիչը սկզբում անորոշ պատասխաններ էր տալիս։ Բայց երբ տեսավ օրիորդի թախանձանքը, հարցրեց.

Փեսացո՞ւդ է սովորեցրել այդպես համարձակ խոսել։

Նա օժիտի մասին մի խոսք անգամ չէ ասել, նա ինձ այնքան սիրում է։

Սիրո՞ւմ է։

Ինչ եք ուզում ասել, քեռի։ Ուզում եմ հաստատ իմանալ, նա քեզ սիրո՞ւմ է:

Այո՛, շատ։

Այնքան, որ եթե դու աղքատ լինես, էլի քեզանից չի՞ հրաժարվիլ:

Պյոտր Սոլոմոնիչը մի զննողական հայացք ձգեց նրա վրա: Հետո բացատրեց, թե Գայանեն աղքատ չէ, նրա հորից մնացել են մի շարք խանութներ։ Բայց նա փորձում էր թե՛ Բարաթյանին և թե՛ Գայանեին։ Իսկ այժմ թող Գայանեին հայտնի լինի, որ նա ունե տարեկան 3150 ռուբլի զուտ եկամուտ։ Երբ որ ուզենա կարող է կալվածները յուր անունով հաստատել տալ։ Եվ Պյոտր Սոլոմոնիչը Գայանեին խորհուրդ էր տալիս յուր անունով հաստատել և ոչ ամուսնու։

Այդ միևնույնն է, քեռի, ասաց օրիորդը, սիրտը շնորհակալության զգացումներով լի դեպի ազնիվ ազգականը։

Իհարկե, միևնույնն է, բայց դու լսիր փորձված քեռուդ խորհուրդը։ Բացի դրանից, բանկում ունես յոթ հազար ռուբլի զուտ փող, այդ էլ կարող ես հենց այսօր ստանալ։ Հայրդ մի քանի պարտքեր էր թողել, բոլորը վճարած են քո եկամտից, այդ յոթ հազարը մնացորդն է։

Մի՞թե, ես այդ չգիտեի, գոչեց Գայանեն ոգևորված։

Ունիս, ունիս, որդի, ես զրկող ազգականներից չեմ. փառք աստուծո, ինքս այնքան ունեմ, որ որդոց որդի հերիք է իմ երեխաներին։

Հենց մյուս օրը Գայանեն շտապեց քաղաք և ուրախալի լուրը հաղորդեց Բարաթյանին։

Երևակայիր, քեռին քեզ և ինձ փորձելու համար էր թաքցրել իմ ունեցածի մասին, գոչեց նա զվարթ ձայնով և պատմեց Պյոտր Սոլոմոնիչի ասածը։

Բարաթյանը մի փոքր շփոթվեց, ամաչելով յուր վարմունքից։ Նա զգաց յուր փոքրոգությունը և շտապեց մի կերպ սխալը ուղղել։

  Իսկ դու էլ երևակայիր, որ ես էլ քեզ էի փորձում։ Օժիտի մասին խոսելով կամենում էի իմանալ, արդյոք  կարծիքդ կփոխե՞ս իմ մասին։ Այժմ տեսնում եմ, որ դու հավատում ես իմ անկեղծ սիրույն, ուրեմն երջանիկ ենք...

Տասը օր անցած կատարվեց հարսանիքը, մի փառավոր հարսանիք Պյոտր Սոլոմոնիչի շնորհիվ։ Հրավիրված էին թեմական առաջնորդը, նահանգապետը, գեներալներ, հյուպատոսներ, քաղաքագլուխը բոլոր առաջնակարգ իրավասուների հետ։ Վերջապես, երևան եկավ այդ Ամբակում Աֆանասևիչ կոչված իրավասուն, որի ասածներից Պյոտր Սոլոմոնչը միշտ ցիտատներ էր բերում։ Դա տեղական հայտնի տուզերից մեկն էր, հայտնի, բացի յուր դիրքից, երեք արշին շրջապատ ունեցող փորով և ձմերուկի չափ երեսով։ Բարաթյանը յուր կողմից հրավիրել էր ընկերներից միայն մի քանիսին։ Անգործ Մսերյանը մոռացվել էր։ Խաչեղբայրը Վեքիլյանն էր։

Դիմաքսյանը հրավիրատոմսը պատռեց և ձգեց մի կողմ։ Այդ հրավերը նա համարում էր մի նոր ծաղր և վիրավորանք Բարաթյանի կողմից։ Նոր պաշտոնը նրան գրավել էր բոլորովին։ Օգոստոսի ընթացքում ցուցակագրած թերությունները նա ասպարեզ էր հանել։ Կողմնակից հոգաբարձուները, հակառակ դիմադրող կուսակցության, վճռեցին կատարել նրա պահանջները։ Իսկ ինտրիգները շարունակվում էին, մանավանդ ուսուցիչների մեջ։ Գերմանական մանկավարժ Ինյաթյանը, այդ դեղնագույն աչքերով և սառն դեմքով երիտասարդը, վիրավորվել էր, որ տեսչական պաշտոնը իրան չէին հանձնել։ Օգնության կանչելով յուր մանկավարժական պաշարը, նա կատաղի կերպով բողոքում էր Դիմաքսյանի դեմ։ Նրա կարծիքով, նոր տեսուչը ոչինչ և ոչինչ չէր հասկանում, որովհետև մանկավարժության մեջ մասնագետ չէր։ Հանուն Հերբերտ-Ցիլլեր-Պեստալոցիի ուրվականների նա պարզել էր յուր դրոշակը մի լրագրում և անստորագիր հոդվածներով հարվածում էր Դիմաքսյանի սիստեմը։ Իսկ Դիմաքսյանը ընդունում էր այդ հարվածները։ Ծծում էր նրանց թույնը յուր սրտի մեջ և հաճախ յուր մենության մեջ վրդովվում, որովհետև նրա ուղղությունը բացատրվում էր սխալ, վայրիվերո, անբարեխիղճ կերպով։ Հարկավ, նա բոլորին պատասխանում էր։ Բայց երբեմն հակառակորդները այնպիսի վտանգավոր ակնարկություններ էին անում, որոնց դեմ նա դժվարանում էր պատասխանել։ Դա վերաբերվում էր նրա քաղաքական հայացքներին...

Մի առավոտ նա, սովորության համեմատ, կանուխ զարթնելով, կամեցավ պարապվել մինչև դպրոց գնալը։ Բայց զգաց մի թեթև տկարություն և թույլ գլխացավ։ Նա չկարողացավ պարապվել։ Առհասարակ վերջին օրերը առողջ չէր զգում իրան, բայց ուշադրություն չէր դարձնում։ Նա հագուստով պառկեց անկողին հանգստանալու, թեև նոր էր վեր կացել։

Սիրականը սամովարի և կոշիկների հետ ներս բերեց այն օրվա լրագիրները։ Այժմ հակառակորդները Դիմաքսյանի դեմ գրում էին գրեթե ամեն օր։ Այս անգամ նրա աչքին ընկավ մի ֆելիետոն։ Նա սկսեց կարդալ։ Դեռ մինչև այժմ նա յուր մասին չէր հանդիպել մի այդպիսի կծու, ծաղրական գրվածի։ Ֆելիետոնի վերնագիրն էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»։ Երգիծական ոճով պատկերացրած էր մի «հերոս», սնափառության զգացումներով լի։ Կերպարանքը նկարագրված էր ճիշտ այնպես, ինչպես Դիմաքսյանն էր, ֆոտոգրաֆիական բոլոր մանրամասներով։ Որքան ծաղր և հեգնություն կար այդ նկարագրի մեջ, որքան օձային սողոսկումներ դեպի «հերոսի» հոգեկան աշխարհը։ «Ոզնին» մտնում է դպրոց, «ոզնին» մտնում է ըտանիքների, հասարակական բոլոր հիմնարկությունների, բոլոր խավերի մեջ։ Ամեն տեղ նա ոգևորված նոր մտքեր է քարոզում։ «Մկները դուրս են գալիս բներից ականջ դնելու և իրանց պոչերը շարժում են նրա առջև»։ Մի օր «ոզնին» ֆրակ է հագնում, սպիտակ փողկապ կապում, գնում է մի գեղեցիկ և հարուստ օրիորդի ձեռը խնդրելու։ Նա արտասուքը աչքերին թավալվում է բազկաթոռից օրիորդի ոտերի տակ, անշնորհ կերպով յուր փշերով ծակոտում է ձեռները, նրա հորեղբայրը գալիս է և կոշկի ծայրով «ոզնիին» դուրս շպրտում։

«Կանայք և օրիորդներ, ծերեր և երիտասարդներ, զգույշ կացեք ոզնիից, նա ձեր մեջ է պտտում»։ Նա շպրտեց լրագիրը մի կողմ և ոտքի կանգնեց։ Նա կամեցավ ծիծաղել, արհամարհել, բայց օձը կատաղել էր։ Ո՛չ, թող Մսերյանը անտարբեր մնա յուր փիլիսոփայական հայացքների մեջ, իսկ նա չի կարող սառնարյուն կրել այդ ստոր հարվածները։ Ի՞նչ պատասխանել, հարվածը ո՞ր կողմից ուղղել, որ խոցոտի, վիրավորի, թավալագլոր անե հակառակորդին։

«Հալածել մարդուն նրա համար, որ նա հանդգնում է յուր գլուխը ձեր ստոր մակերևույթից բարձրացնե՞լ, հալածել նրան տմարդի զենքո՞վ։ Այդպես, ուրեմն, դուք ինքներդ ձեր ձեռքով հանում եք այն խցանը, որ հազիվ զսպում էր իմ մեջ կուտված թույնը։ Աա՛, սպասեցեք և կտեսնեք ո՛րքան խորը կցցվեն ոզնիի ասեղները հասարակության խոցերի մեջ, որ նրանց միջից դուրս հանեն վարակիչ թարախը»։

Նա արագ-արագ անցուդարձ էր անում սենյակում։ Նրա երեսին գույն չկար, նա դողում էր ամբողջ մարմնով։ Նա փորձեց հարվածին պատասխանել իսկույն, սակայն ձեռը չհնազանդվեց կամքին։ Նա շտապով դուրս եկավ տնից։ Նա ցանկանում էր հանդիպել մեկին, բերանացի արտահայտել սրտի մաղձը։ Նա քայլերն ուղղեց դեպի Մսերյանի բնակարանը։ Առավոտյան դեռ ութ ժամն էր։ Փողոցներով անցնում էին միայն խոհարարներ, բանվորներ և սայլեր։ Երկինքը ամպամած էր, գիշերը մինչև լույս անձրևել էր։ Թեթև աշնանային քամին թոթափում էր ծառերի դեղնած տերևները և զարդարում ցեխոտ մայթերը։

Նա այնքան հուզված դուրս եկավ տնից, որ մոռացավ վերարկուն և կալոշները հագնել։ Նա զգաց ոտների վրա խոնավության ազդեցությունը։ Բայց չկամեցավ տուն վերադառնալ։ Նա կառք փնտրեց, չգտավ։ Այնինչ Մսերյանը ապրում էր Քուռ գետի մյուս ափում, մի խոր փողոցի անկյունում։

Դիմաքսյանը անցնում էր կամրջով։ Հանկարծ հեռվից նա տեսավ մի կառք, ապա երկրորդը, երրորդը և մի շարք միմյանց հետևից, որ դուրս էին գալիս փողոցի ծայրից։ Նա կանգ առավ։ Երևի, կառքերից մեկը դատարկ կլինի, պետք է սպասել: Մի րոպեում առաջին կառքը հավասարվեց նրան։ Դա մի ծածկած կարեթ էր։ Երկու սպիտակ նժույգներ ամպի արագությամբ թռցնում էին նրան առաջ։ Մի վայրկյան Դիմաքսյանի աչքերը փակ լուսամտով թափանցեցին կառքի ներսը։ Մի թարմ, առույգ և ուրախ երիտասարդ ժպտաց, գլուխը շարժելով։ Ժպտաց և՛ մի կանացի վառվռուն և երջանիկ դեմք։ Նրա կապտագույն աչքերը պսպղացին սև ու երկար թերթերունքների միջից։

Կասկած չկար, որ նրանք էին։

Զույգի հետևից երևեցան Վեքիլյանը տիկին Բախտամյանի հետ, Պյոտր Սոլոմոնիչը Օվսաննայի հետ և մի շարք ծանոթ ու անծանոթ մարդիկ ու կանայք, զույգ֊զույգ նստած առանձին֊առանձին կառքերում։

Նա կանգնած էր և նայում էր լուռ, սակայն շատ բան արտահայտող, երջանիկ հանդիսի հետևից։ Կամրջի ծայրում կարեթը ծռվեց դեպի ձախ։ Նա սլանում էր դեպի երկաթուղու կայարանը։ Երջանիկ զույգը գնում էր ճանապարհորդելու:

Նա ամբողջ մարմնի մեջ զգաց մի տարօրինակ սառնություն։ Կարծես, արյունը նրա երակների մեջ դադարեց վազելուց։ Անցա՜վ, ուրեմն, նրա աչքի առջև այն երանությունը, որին նա հանդգնել էր մի ժամանակ յուր համար երազել։ Գնա՜ց հակառակորդը յուր հաղթության պտուղը վայելելու։ Իսկ նա ընկճված, ոչնչացած, հրապարակական ծաղրի ենթարկված, կանգնել է և նայում լքացող բախտի հետևից:

Նա ձեռը հենեց կամրջի լապտերի թուջյա սյունին և անզգայաբար ցած նայեց։ Այնտեղ, հսկայական կամարների տակ մռնչալով անցնում էր պղտոր, հորդացած, դեղնագույն գետը։ Մի վայրկյան նրա աչքերը մթագնեցին, գլուխը պտտեց, ծանրացավ։ Թվաց նրան, որ մի աներևույթ ձեռք մղում է նրան դեպի ցած։ Դա ընթացող ջրի ձգողական ուժն էր։ Նրա մարմնով անցավ մի սուր սարսուռ։ Նա երեսը հետ դարձրեց և վերադարձավ տուն։

Սիրականը, պատշգամբի վրա նստած, լսելի ձայնով կարդում էր «Ոզնին Լյուտերի քղամիդով»: Նրա շիլ աչքեքրի ձեջ նշմարվում էր զվարճության փայլը, երևի, նա գրվածը շատ էր հավանել։ Ներս եկ, հրամայեց Դիմաքսյանը խեղդված ձայնով։

Նա գրեց երկու նամակ և տվեց ծառային, ասելով.

Տար այս մեկը դպրոց, իսկ մյուսը՝ Մսերյանին։

XVI


Բժիշկ Սալամբեկյանը հիվանդանոցից նոր էր վերադարձել և մեջքի վրա պառկած նայում էր առաստաղին։ «Արդյոք ավելի լավ չէ՞ր լինիլ, մտածում էր նա, մի որևէ վանքում նստած Սաղմոս կարդայի մարդկանց մեղքերի թողության համար, քան թե նրանց բժշկեի մարմնավոր ցավերից»:

Ասում էին և ինքն էլ տեսնում էր, որ բժիշկները առհասարակ ճարպիկ մարդիկ են, դեսուդեն են վազում, միմյանցից հիվանդներ խլում կամ առողջներին հիվանդացնում։ Իսկ ինքը ի՞նչ է անում։ Ամսական ստանում է հիսուն վաթսուն ռուբլի և, կարծես, արդեն հասել է բախտի զենիթին։

«Կամ պետք է ես էլ շառլատանություն սկսեմ, կամ թե չէ՝ դա ինչ ցավիս բժիշկն եմ։ Գնում եմ ամեն օր հիվանդանոց և տեսնում եմ մի շարք գլուխներ ու դեմքեր։ Փը՛ղկ, ինչ գլուխներ ու դեմքեր։ «Ձեռդ տուր», «լեզուդ հանիր», պրծավ գնաց, հետո գալիս եմ, մեջքիս վրա ահա այսպես պառկում (նա ոտները բարձրացրեց և գրեց անկողնակալի կողի վրա) ու ինքս ինձ ասում, «աշխարհս դատարկ բան է»։ Ասենք զահրումարը դատարկ բան է, բայց մարդս քիչ եռանդ պետք է ունենա, չէէ՞...»։

«Այ տղա, արի պսակվենք, գոչեց նա հանկարծ և գլուխը մի քիչ բարձրացրեց, բայց ո՛չ, ամուսնությունն էլ խաթաբալա շատ ունի։ Մեկ էլ տեսար ծնեց։ Սատանան գիտե ծնունդն է, ինչպես կլինի, պլացենտա պրեվե, էպիզիոտոմիա, լիպորոկելիֆոտոմիա, իսկ երեխաները, հոհո՜ո, դիֆտերիա, սկառլատինա, ֆոլիկուլյարնայա ժաբա, թյո՛ւ, թյո՛ւ, թյո՛ւ»։

«Չեմ ուզում, չեմ ուզում», կրկնեց նա, ձեռները այնպես այնպես շարժելով, որ, կարծես, նույն րոպեին դռները բացվեցին և կես դյուժին երեխաներ ճըվճըվալով ներս թափվեցին:

Ի՞նչ է պատահել բժիշկ, գոչեց Մսերյանը, շտապով ներս մտնելով յուր հաստ ձեռնափայտը և լայնեզր գլխարկը ձեռին։

Բժիշկը մեջքի վրա շուռ եկավ ընկերոջ ձայնին։

Այդ դո՞ւ ես։ Հը՛մ, ի՛նչ է ասում իդեալիստի վարդագույն երևակայությունը ինֆուզորիաների մասին։

Ժամանակ չէ, եղբայր, պատերի հետ մասլահաթ անելու։ Այն ի՞նչ հորս ցավն էին տալիս, չէիր ուզում։ Վեր կաց ոտքի։

Այսպես ավելի բանաստեղծական է, պառկի՛ր, զրույց անենք։

Վե՛ր կաց, ասում եմ, Արսենը հիվանդ է։

Հոգեպե՞ս, թե՞ մարմնապես։

Երեսունութ ու վեց տասնորդական աստիճանի տաքություն ունի, իսկույն չափեցի։

Ասենք, դա նրա նորմալ դրությունն է, տեմպերատուրան շատ բարձր է։

Մսերյանը, բռնելով նրա թևից, ուժով ոտքի կանգնեցրեց և ստիպեց հագնվել։

Երբ նրանք ներս մտան, Դիմաքսյանը անկողնի մեջ նստած ծնկների վրա ինչ-որ գրում էր։ Մսերյանը խլեց նրա ձեռքից թուղթն ու գրիչը, գոչելով.

Երևակայում եմ, այդ դրության մեջ ի՛նչ խելոք բան կգրես։

Սալամբեկյանը տնքտնքալով, ծուլաբար քննեց ընկերոջը, քթի տակ մրթմրթալով.

Հիմա մեռնենք, թե երեսուն տարի հետո՝ միևնույնն է։ Դատարկ բան է, մրսել ես...

Նա գրեց մի քանի դեղեր։ Մսերյանը անձամբ շտապեց վազել դեղատուն։ Առհասարակ նա շատ էր վախենում ընկերոջ մասին և հոգում էր, ինչպես ավագ եղբայր։

Ամբողջ օրը ընկերները մնացին հիվանդի մոտ։ Մսերյանը չէր թողնում Սիրականին ներս մտնել։ Մի ժամանակ նա հիվանդանոցներում շատ է հիվանդապահի պաշտոն կատարել յուր ընկերների համար, այժմ էլ կկատարի։ Եվ նա պատմում էր յուր կյանքի այդ շրջանից զանազան էպիզոդներ։

Իրիկնադեմին Դիմաքսյանը ասաց, թե թեթևություն է զգում և գրեթե ուժով Մսերյանին ստիպեց թողնել նրան մենակ։

Գիշեր էր։ Սեղանի վրա վառվում էր կանթեղը։ Մերթ ընդ մերթ Սիրականը ներս էր մտնում իմանալու արդյոք հիվանդը մի բան չէ՞ պահանջում։ Պարոնի հիվանդությունը ծառային շատ էր անհանգստացնում, որովհետև Սիրականը նրան սիրում էր անկեղծ սիրով։

Այդ սիրո շարժառիթը Դիմաքսյանի ստեպ-ստեպ նվիրած փողերը, հագուստը չէին կամ ձրի դասատվությունը, այլ ավելի խոր պատճառ կար։ Մինչ ամենքը ծաղրում և հալածում էին Սիրականին նրա տգեղ և ծիծաղելի կերպարանքի համար, մինչ ամենքը մի-մի կոպիտ ածական էին տալիս նրան, մինչ երեխաներն անգամ փողոցներում վազում էին նրա հետևից և «մայմուն, մայմուն» կանչելով, քարեր էին արձակում նրա վրա Դիմաքսյանը, այդ «ուսումնական աղան», այդ «մեծ օջախի որդին», այդ «ինսպեկտորը», նրա հետ վարվում էր մեղմ, մարդասիրաբար, ինչպես յուր հավասարի, յուր ընկերոջ և լավ ընկերոջ հետ։ Դա մի հազվագյուտ, մի անգնահատելի բան էր Սիրականի համար։ Եվ նա չգիտեր, ինչպես արտահայտեր յուր սրտի երախտագիտությունը։

Վերջին անգամ ներս մտնելով, նա կանգնեց հիվանդի գլխի կողմում և, շունչը զսպելով, կամեցավ իմանալ, քնա՞ծ է նա, թե՞ արթուն։ Լսվում էր հիվանդի ծանր և ընդհատվող շնչառությունը։ Մի վայրկյան նա աչքերը բաց արավ, տեսավ ծառային և հառաչեց։

Դու այստե՞ղ ես։

Հրամերեք, աղա։

Քանի՞ ժամն է։

Տասից կես է անցել: Ի՛նչ ուշ է անց կենում գիշերը։ Լա՛վ, գնա՛ գործիդ, Սիրական, հոգնած ես, պառկիր քնիր։

Ես հոգնած չեմ, աղա, գործ էլ չունեմ, խանումին կերակուր տվեցի, պրծա։

Այն շիշերը և ժամացույցը դիր այս սեղանի վրա։

Սիրականը իսկույն կատարեց նրա հրամանը և, ձեռները փորի վրա դարսած, մնաց կանգնած։

Ուզում ես ինձ մոտ մնալ, որ ծառայե՞ս։

Հրամերեք, աղա։

Հարկավոր չես, ես ուզում եմ մենակ մնալ։ Գնա, բայց դռները ամուր կողպիր, որ քամին չբաց անի։

Սիրականը ակամա դուրս գնաց։ Հիվանդը մնաց մենակ։

Արդարև, այժմ նա ավելի հանգիստ էր։ Իսկապես յուր տկարությանը ոչինչ նշանակություն չէր տալիս։ Զարմանում էր անգամ Մսերյանի անհանգստանալու վրա։ Մարմնին տիրած տաքությունը մի առանձին ախորժություն էր պատճառում նրան։ Թվում էր նրան, թե կաշվի տակ մի թմրեցուցիչ և հաճոյական հեղուկ են սրսկել։ Նրա քունը չէր տանում, միայն աչքերը փակած անձնատուր էր եղել ֆիզիկական դուրեկան անդորրությանը, որ նմանվում էր հաշիշի կամ ափիոնի ազդեցության։ Նրա մտքով անցնում էին օրվա դեպքերը։ Առավոտյան նա զարթնեց, ճշմարիտ է մի թեթև գլխացավով, բայց հանգիստ և խաղաղ հոգով։ Այդ ժամանակ նա մոռացել էր յուր թշնամիներին, ուզում էր պարապվել, թեև տկար էր։ Եվ հանկարծ դարձյալ զարթեցրին նրա սրտում թունավոր օձը, դարձյալ տակնուվրա արեցին նրա արյունը։ Բայց արժե՞ր արդյոք վրդովվել մարդկանց տմարդի վարմունքից, միթե չէ՞ր կարելի սառնասիրտ արհամարհանքով վերաբերվել ստոր լուտանքներին։ Ինչո՞ւ նա այնպես բռնկվեց, ինչպես մի դյուրաբորբոք հեղանյութ։

«Արդյոք ե՞րբ, վերջապես, կչափավորվի իմ զգայությունը»։

«Երբե՛ք, երբե՛ք», պատասխանեց նրան մի ուրիշ ներքին ձայն։

«Ինչո՞ւ»: «Որովհետև դու աննորմալ մարդ ես, Բարաթյանը ճիշտ է ասել և ճիշտ են ասում մյուսները»։

Աա՛, այդ Բարաթյա՛նը, այսօրվա այն չարագուշակ հանդե՛սը, նրա հաղթական ժպիտը, դեմքի երջանիկ արտահայտությո՛ւնը։

Ո՞ւր է նա այժմ։ Երկաթուղու գնացքը ամբողջ օրը բախտավոր զույգին սլացրել է կայարանից կայարան։ Ահա՛ նրանք, ահա նա մի ձեռքով Գայանեին գրկած, մյուսով շոյշոյում է նրա գանգուր բաց գույնի մազերը։ Իսկ Գայանեն գլուխը մեղմիկ թեքած է նրա ուսին և յուր կապուտակ կրակոտ աչքերով ցածից վեր նայում է նրա երեսին։

«Ցածից վեր, այո՛, եթե ես լինեի, պետք է վերևից ցած նայեր ինձ»։

Նրանք կանգնած են վագոնի փոքրիկ պատուհանի առջև, իհարկե, առանձին կուպեում, և դիտում են աշնանային լռության հրաշալիքները։ Տեսարանները փոխվում են գեղեցիկ կալեյդոսկոպի արագությամբ։ Նրանց աչքի առաջով անցնում են գյուղական աղքատիկ խրճիթները, այս ու այնտեղ ցրված, դեղնած դաշտերը, սիրուն ձորերը և շքեղ հովիտները։ Պղտոր Քուռը այնտեղ պարզ է, փայլուն և գրավիչ։ Նա ժպտում է բախտավորների երեսին և սիրով ողջունում նրանց միությունը։ Այնինչ նույն գետը այնքան մռայլ, այնքան թշնամաբար էր նայում նրան այսօր առավոտյան։ Նա, կարծես, աշխատում էր գրավել դժբախտին դեպի յուր ցուրտ ծոցը, ուր թաքնված է ժանտ մահը։ Ի՞նչ կլիներ, եթե նա գցեր իրան այնտեղ։ Ոչ ո՛չ, ինչո՞ւ համար, ո՞ւմ համար, արժե՞ր...

Այստեղ հիվանդը զգաց մի նոր սառնություն յուր ոսկորների մեջ։ Երջանիկ զույգը համբուրվում է։ Ա՛խ, այդ սիրային համբույրները, արդյոք ի՞նչ զգացմունք են պատճառում համբուրվողներին։ Արդյոք կարժանանա նա երբևէ, գեթ մի անգամ յուր ամբողջ կյանքի ընթացքում այդպիսի ջերմ համբույրի մի այնպիսի արարածի հետ... Ի՞նչ ասել է փոխադարձ սեր։ Նա ուզում է զգալ, նա կարոտ է, նրա սիրտը պահանջում է մի այդպիսի սեր, վերջապես, իրավունք ունի պահանջելու։ Նրա ատամները դողդողում էին և ուժգին ու արագ-արագ զարկվում միմյանց։ Ա՛հ, ցուրտ է, սաստիկ ցուրտ։ Ինչո՞ւ նրա ողնաշարը այնպես ցավում է, կարծես, նա ուզում է բաժան-բաժան լինել, կարծես, ոսկորները ուտում են միմյանց։ Նրա ամբողջ մարմնին տիրեց կապարային ծանրություն։ Այդ ի՞նչ է նշանակում. ցուրտ է, պետք է ծածկվել։ Եվ նա վերմակը քաշեց գլխին, ոտները հավաքեց, կծկվեց, կուչ եկավ ամբողջ մարմնով և դարձավ մի փոքրիկ կծիկ։ Լսվում էին նրա ծանր տնքտնքոցը ու հառաչանքները։ Տասը րոպեից հետո ցուրտն անցավ։ Սկսվեց մի նոր տաքություն. և այս անգամ ավելի սաստիկ։

Նա դեն շպրտեց վերմակը, կուրծքը բաց արավ և ձեռները տարածեց աջ ու ձախ։ Նրա պղտոր և կարմրած աչքերը թափառում էին առաստաղի վրա, պատից պատ, անկյունից անկյուն։ Իսկ մթնած միտքը կայծակի արագությամբ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները անբնական կերպով, չափազանցրած, անկապ, անորոշ, հատ ու կտոր...

XVII


Հանկարծ նրան թվաց, թե ինքը դպրոցումն է։ Ահա և՛ աշակերտները, շարեշար նստած, պատասխանում են նրա հարցերին։ Մի չար պատանի, ընկերներին աջ ու ձախ բոթելով, ստեպ-ստեպ մատը բարձրացնում է և ոտքի կանգնում։

«Արաբյա՛ն, հանգիստ նստիր», գոչեց նա բարձրաձայն։

Բայց ո՛չ, դա ուսումնարան չէ։ Նա կանգնած է մի ընդարձակ դահլիճում։ Նրա առջև հավաքված է անթիվ բազմություն, գյուղացիների և քաղաքացիների մի խառնիճաղանջ ամբոխ։ Նա քարոզում է ամբոխին լույս և գիտություն։ Նրա ձախը դյութական զորությունով ամենքին գրավել է, լսում են լուռ, ուշադիր, անշարժ։ Օ՜օ, ո՜րքան լավ է ընդհանուրի մտքին տիրելը։ Հանկարծ մի շշուկ է բարձրանում։ Նա զգում է, որ մեկը հետևից բռնեց նրա հագուստի փեշերը։ Նրան ուզում են ցած գլորել։ Նա հետ է նայում, աա՛, դա նրա հակառակորդներն են մեկը գերմանական Ինյաթյանը, մյուսը փաստաբան Վեքիլյանը։ Չարամիտնե՛ր, դուք նախանձում եք, որ խավար բազմությունը մի՞տ է դնում նրա լուսավոր գաղափարներին։

«Ի՞նչ եք ուզում ինձանից», գոռաց նա բարձրաձայն, ձեռը խփելով բարձին։

Ոչինչ չկա, ոչ ամբոխ, ոչ թշնամիներ, ոչինչ։ Նա մենակ է և գտնվում է դատարկ տարածության մեջ, օդի վրա քաշ ընկած։ Նա ոչ մի հենարան չունի, վախենում է անհուն բարձրությունից ընկնի և անհետանա այն խավար անդունդի մեջ, որ բացված է ներքևում, ուղիղ նրա ոտների տակ...

Մի ինչ-որ սպիտակահեր ծերունի տալիս է նրան մի բազկաթոռ։ Նա նստում է։ Այժմ նա ծանոթ ընտանիքի հյուրասենյակումն է։ Ինչքա՛ն հյուրեր կան։ Մեծ մասը կանայք են և ի՛նչ սիրուն, ի՛նչ գեղեցիկ, ի՛նչ երիտասարդ կանայք։ Նստած են խումբ-խումբ, ուրախ դեմքերով։ Ա՛հ, հարսանիք է, ո՞ւմը։ Սենյակը աղմկվում է հյուրերի զվարթ և բարձրաձայն խոսակցություններով ու քրքիջներով։ Մի երիտասարդ ջութակ է ածում, մի օրիորդ երդում է, մյուսը դաշնամուր է նվագում։ Իսկ այնտեղ սպիտակ հագուստով, գլուխը գեղեցիկ պսակով զարդարած, դեմքը մի նոսր և նուրբ շղարշով ծածկած, կանգնած է նա՛, Գայանեն...

«Բարև ձեզ», ասաց հիվանդը խռպոտ ձայնով։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում Դիմաքսյանի վրա։ Նա նստած է սենյակի մի անկյունում, աննշմարելի այդ ուրախ հանդիսում, այդ զվարթ հասարակության մեջ։ Ի՛նչ լավ նվագում է այն օրիորդը, ինչ գեղեցիկ է Գայանեն, ինչ ուրախ է Բարաթյանը։

«Բրա՛վո, բրա՛վո», գոչեց դարձյալ հիվանդը։

Մթությո՛ւն, խավար, ոչինչ չկա, ձայներ են լսվում, տարօրինակ, սարսափելի ձայներ։ Բայց ահա դարձյալ հյուրասենյակը լուսավորեց, և ոչ ոք չի տեսնում Դիմաքսյանին։ Այսպես չի կարելի, կամ պետք է այստեղից դուրս գալ կամ պետք է ուշադրություն գրավել: Նա կահ-կարասի չէ, նա մի կոտրված աթոռ չէ, կամ մի անպետք լաթի կտոր, նա Արսեն Դիմաքսյսանն է... «Տիկիննե՛ր, օրիորդնե՛ր». նորից գոռաց հիվանդը, ավելի խռպոտ ձայնով։

Հյուրասենյակում տիրում է միանվագ լռություն։ Բոլոր հանդիսականները երեսները դարձնում են դեպի նրա կողմ։ Վերջապես, նշմարեցի՞ք Դիմաքսյանին։

«Ով է խրվել այն բազկաթոռի մեջ», ասում է մի գոռոզ տիկին, մոնոկլը պահելով աչքին։

Դիմաքսյանը ոտքի է կանգնում։

Հիվանդը նստեց անկողնի մեջ։

Ամենքը զարմացած են։ Սպասեցե՛ք, իսկույն նա ցույց կտա, թե ով է ինքը։ Բոլորը անշարժ են, բերանները կիսաբաց, գլուխները վեր բարձրացրած։ Դյութական ձայնը նրանց մի ակնթարթում արձանացրել է նույն դիրքում, ինչ դիրքում որ էին։ Կառքերի ձայնը խլացնում է նրան, օօօ՛, ամբողջ քաղաքը, կարծես, զվարճանում է նրանց երջանկությունով։ Իսկ ինքը մենակ, արհամարհված, ընկճված։ Այս ի՞նչ ձայներ է լսում նա, ինչո՞ւ են հարձակվում նրա վրա։

«Ինչո՞ւ, ինչո՞ւ»...

Հիվանդը ձեռը զարկեց անկողնակալի կողքին։

Լսվում է մի բարձր ծիծաղ։ Նա թատրոնումն է, Վեքիլյանի առաջ կանգնած։ Գայանեն մոտենում է նրան և նայում։ Նա հանկարծ բռնում է օրիորդին ամուր ձեռներով, խելագարի պես։ Վայրկենաբար օրիորդի կրծքից դուրս է թռչում մի բարձր ճիչ։ «Դա հրե՛շ է», գոչում է նա և սարսափած փախչում։ «Հրե՛շ է», կրկնում են բոլոր կանայք և վազում այս ու այն կողմ։ Տղամարդիկ ծիծաղելով հետևում են նրանց։ Ամենից հետո դուրս է գալիս Բարաթյանը և դուրս գալուց առաջ զզվանքով նայում է Դիմաքսյանի վրա։ Նա համբուրում է Գայանեին, օօօ՛, համբուրում է յուր հարսնացվին, յուր ամուսնուն։ Հիվանդը, ատամները կրճտելով, ձեռներով ամուր բռնեց գլխի մազերը։

Նա միայնակ է և դարձյալ նույն հյուրասենյակում։ Նրա հայացքը ընկնում է դիմացի հայելու մեջ։ Այնտեղ նա տեսնում է յուր ամբողջ կերպարանքը նկարված ոտից մինչև գլուխ։ Տեր աստված, ի՞նչ բանի է նմանում նա։ Այտերի ոսկորները դուրս ընկած, ահռելի բերանը լայն բացած շրթունքները լնդերքին կպած։ Աչքերի փոխարեն մթին խորշեր, ականջներ սևացած, պարանոցը ոսկրացած։ Իսկ մարմինը։ Ի՞նչ պստիկ, ինչ զազրելի կերպարանք։ Այո', իրավունք ունի Գայանեն նրան ատելու, նա մարդկային պատկեր չունի, նա հրեշ է, ճիվաղ է...

«Ես հրե՛շ եմ, հրե՛շ եմ, բոլորը ասում են», լսվեց դարձյալ հիվանդի ձայնը։ Եվ նա անկողնից վեր թռավ անբնական արագությամբ, կանգնեց հատակի վրա։ Սեղանի վրա շարունակ վառվում էր կանթեղը։ Դրսում քամի էր, աշնանային սարսափելի քամի, որ ամեհի և սոված գազանի պես լիզում էր դաշտերը։ Դռների և լուսամուտների արանքից նա ներս էր թափանցում, սուլելով ինչպես օձ, բառաչելով որպես մորթվող չորքոտանի։

Հիվանդը կանգնած էր սենյակի մեջտեղում բարակ գիշերային շապիկով, կուրծքը կիսով չափ բաց։ Նրա աչքերի շրջանակները արյունով լի պնակների էին նմանում. լայնացած բիբերը, կարծես, ձգտում էին դուրս գալ իրանց բնից։ Նա ատամները կրճտում էր կատաղի կերպով, գլխի մազերը խճճվել էին և հավաքել գագաթում։ Նա մի բռունցքի մեջ սեղմած էր վերմակի ծայրը, մյուսի մեջ շապկի եզերքը։ Կարծես, նա պատրաստվում էր հարձակվել մի աներևույթ թշնամու վրա։

Նա ոտները ուժգին զարկեց հատակին և գոռաց.

«Վայրենի ժողովուրդ»։

Դա մի սարսափելի, մի խուլ գոռոց էր, արձակված սաստիկ տենդի մեջ գտնվող հիվանդի տանջվող և տառապող կրծքից։

Այդ գիշերային մենավոր լռության մեջ, այդ դատարկ սենյակում նա հիշեցնում էր յուր որջի մեջ բռնված մի վայրի գազանի, որին դրսից պաշարել էին և կամենում էին կենդանի-կենդանի այրել։ Դեմքը կորցրել էր ամեն ինչ, որ մարդկային էր, որ արտահայտում է գիտակցություն և բանականություն, և երևան էր հանել, ինչ-որ գազանային է։

Դռան արանքից ներս սլացող քամին կպչում էր նրա այրվող մարմնին։ Դա էր, որ մի ակնթարթ մեղմացրեց նրա տենդային ցնորքները, թույլ, շատ թույլ կերպով լուսավորեց նրա մթնած գիտակցությունը:

Նա նայեց յուր շռւրջը, բռունցքները բաց արավ, հառաչեց ծանր և երկարատև։ Նա մոտեցավ գրասեղանին, ձեռները հենեց նրա ծայրին և նորից հառաչեց։

Կանթեղի մոտ դրած էին մի մեծ թանաքաման, մի քանի գրքեր և լրագիրներ։ Նա անմիտ հայացքով նայեց նրանց, հետո պատերին, հետո առաստաղին, հետո հատակին, հետո ինքն իրան ոտից մինչև գլուխ։ Եվ երբ գլուխը կրկին բարձրացրեց, նրա հայացքը ընկավ կանթեղի մյուս կողմում դրած փոքրիկ քառանկյունի հայելիին։ Նրան թվաց, որ այդ մի մեծ գավաթ է ջրով լի: Նա վերցրեց երկու ձեռներով և մոտեցրեց շրթունքներին։ Հետո ցած բերեց, նայեց նրան, նայեց երկար ժամանակ։ Դռան արանքից սուլացող քամին մի նոր ցրտություն տարածեց նրա մարմնի վրա։ Ահա նա, այն կերպարանքը, որին ամենքը ծաղրում են։ Ահա այն խորը թաղված աչքերը, երեսի թուխ և կոշտ կաշին, նոսր մորուքը, տգեղ բերանը, լայն սևացած ատամները։ Իսկ հասա՛կը։ Նա հայելին պահեց գլխիվայր, կիսահորիզոնական ձևով և նայեց իրան ոտից մինչև գլուխ։ Ա՛խ, ո՛րքան նա փոքրիկ է, ո՛րքան չնչին։ Ինչո՞ւ նա այդպես է ծնվել, ինչո՞ւ նրա ահագին գլուխը տեղավորված է այդ մի քանի թզաչափ մարմնի վրա։ Ինչո՞ւ նա և ոչ ուրիշը։ Անե՛ծք բնությանը, անեծք նրա օրենքներին, անեծք ամբողջ տիեզերքին, անեծք նրա աներևույթ զորությանը։ Կամ գուցե այդ նրա ծնողների, նրա պապերի և նախահայրերի մեղքն է։ Բայց ինչո՞ւ բնությունը նրան և միմիայն նրան է ընտրել այդ մեղքերի պատիժը կրելու, ինչո՞ւ, ինչո՞ւ...

Նա անթարթ աչքերով շարունակ նայում էր հայելու մեջ։ Եվ նրա կուրծքը ուժգին բաբախում էր, երեսի բոլոր մկանունքները ցնցվում էին։ Սակայն նա դարձյալ նայում էր ինքն իրան։ Կարծես, առաջին անգամն էր տեսնում կամ գուցե ուզում էր վերջին անգամ սիրտը տանջել կամավոր փորձով: Նա հայելին դրել էր սեղանի վրա։ Նա կատաղությունից եղունգներով ճանկռտում էր սեղանի ծածկոցը, բայց էլի նայում էր։ Նա գտնվում էր կիսատենդային և կիսարթուն գրության մեջ։ Հանկարծ նա դողդոջուն ձեռներով խլեց հայելին սեղանի վրայից, ավելի ու ավելի մոտեցրեց աչքերին։ Նրա շրթունքները բացվեցին և ատամները դուրս ցցվեցին։ Նա հայելին բարձրացրեց գլխից վեր և բոլոր ուժերով զարկեց սենյակի հատակին։

Ապակին շրջանակից բաժանվեց, փշրտվեց։ Նրա տասնյակ բեկորները ցիրուցան եղան այս ու այն կողմ։ Նույն միջոցին հիվանդի կուրծքը արձակեց մի դառն, երկարատև և կատաղի ծիծաղ։

Բորբոքված աչքերով նա նայում էր հայելու կտորներին, որոնց հնչյունների մեջ զգաց ջախջախված թշնամու վերջին հուսակտուր հառաչանքները։ Կարծես, նա յուր վրեժը լուծեց տալով բնությանը արժանի վարձ նրա անարդարության համար։

Իրավ, այժմ նա ավելի հանգիստ էր երևում, թեև տենդը տակավին չէր անցել։ Հոգնած, շնչասպառ, ծանր հառաչելով նա հետ ու հետ քայլեց և թուլացած նստեց անկողնակալի վրա։ Նրա գլուխը ծանրացել էր, թեքվել կրծքին։ Միտքը դեռ պղտորված էր, նա չէր գործում, այլ վերաստեղծում էր անցյալի տպավորությունները։ Փոքր առ փոքր նա սկսեց սթափվել, բայց դեռ չգիտեր արթո՞ւն է, թե՞ երազում։ Գիտեր միայն, որ ինչ-որ բան է պատահում իրան, մի տարօրինակ, մի չտեսնված բան։

Մի անգամ նա աչքերը վեր բարձրացրեց, և նրա պղտոր հայացքը ընկավ դիմացի դռների ապակու վրա, բայց չնշմարեց մի զարմանալի երևույթ։ Դա երկու ձեռնաչափ դեղնագույն մի բան էր ամուր կպած ապակուն, ինչպես չորացած, դեղնած մեծ տերև։

Երբեմն այդ բանը շարժվում էր, քսվելով ապակուն։ Նույն միջոցին դռների հետևից լսվում էր ինչ-որ շշուկ։ Կարծես, այդ շշուկը հասավ նրա ականջին։ Նա ձեռով շփեց տաքությունից այրվող ճակատը, տրորեց ցամաքած աչքերը...

Դեղնագույն բանը չքացավ, ապակին մթնեց։ Մեկը դրսից դռները շարժում էր։

«Կորե՛ք, կորե՛ք», գոչեց հիվանդը խուլ ձայնով։ Դռները հանդարտ և կամացուկ բացվեցին։ Ներս մտավ կապույտ շապկով, կուրծքը բաց, ոտաբոբիկ մի արարած, ինչպես գիշերային ոգի, որ գալիս է վհուկի ձայնին։ Բայց ոգին կամ ուրվականը սաստիկ վախեցած էր։ Նա դողում էր ոտքի վրա, նա չգիտեր առաջ գա՞ր, թե՞ դռների մոտ մնար։

Այնքան պղտորված էր հիվանդի միտքը, այնքան մթագնած էին նրա աչքերը, որ նա չճանաչեց ուրվականին:

«Կորի՛ր», կրկնեց նա, ոտքի կանգնելով։

Սիրականը, ձեռները փորի վրա դարսած, մի քանի քայլ առաջ եկավ։

«Ջուր, ջո՛ւր», սիրտս այրվում է։

Ծառան բարձրացրեց կանթեղի լույսը, տվեց հիվանդին մի բաժակ ջուր։

Հետո նա ասաց.

Աղա, կմրսես, պառկի՛ր։

Հիվանդի թուլացած գլուխը թեքվեց բարձին։ Սիրականը ուղղեց նրա մարմինը և վերմակով ծածկեց։

Անցավ մոտ քառորդ ժամ, և հիվանդը, կարծես, քնեց։ Սիրականը կանգնած էր նրա գլխի մոտ, ինչպես մի խնամող մայր։ Խե՛ղճ մարդ. նա կարծում էր, որ երիտասարդ պարոնը խելագարվել է։ Նա դիտմամբ յուր անկողինը բերել էր սենյակի դռների մոտ և այնտեղ պառկել, որ հիվանդին մոտիկ լինի, հարկավոր եղած ժամանակ նրան օգնություն հասցնելու։

Հազիվ նա նիրհել էր, Դիմաքսյանի տարօրինակ գոռոցները զարթնեցրին նրան։ Նա ամբողջ ժամանակ դռների հետևից հետևել էր նրա արածներին, չհամարձակվելով ներս մտնել։ Այժմ նա ապշած նայում էր հայելու կտորներին, գլուխը շարժում և հիվանդին ձեռով խաչակնքում։

Արդեն լուսաբացին մոտ էր, երբ Սիրականը աթոռի վրա նստած նիրհեց։ Նա սթափվեց այն ժամանակ, երբ ուսի վրա զգաց մի ծանրություն։

Դա Մսերյանի ձեռն էր։

Գիշերը հանգի՞ստ է քնել։

Չարչարվել է խեղճը մինչև լույս։

Սիրականը նրան կանչեց մի կողմ և շշնջյունով պատմեց գիշերվա եղելությունը։ Մսերյանը վախեցած մոտեցավ հիվանդին և զգուշությամբ ձեռը շփեց նրա ճակատին։ Հիվանդը քրտնած էր։ Մսերյանը ծառային պատվիրեց հայելու բեկորները հավաքել և դուրս գնալ։ Իսկ ինքը նստեց լուր ընկերոջ անկողնակալի մոտ։

Մի ժամ անցած եկավ բժիշկ Սալամբեկյանը։ Հիվանդը դեռ քնած էր. Մսերյանը հաղորդեց նրան ծառայի պատմածը։

Կնշանակե սաստիկ տաքության մեջ է եղել։ Ոչինչ, ոչինչ, մի՛ վախենալ, սովորական ցնորք է...

Վերջապես, Դիմաքսյանը շարժվեց վերմակի տակ։ Ծանր հառաչելով, նա երեսը դարձրեց ընկերներին և արտասանեց.

«Ես հիվանդ եմ, բժշկեցե՛ք ինձ...»

"Արսեն Դիմաքսյան" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Նոր երկինք Լուսնի համար
Էլեն Յոլչյան

Նոր երկինք Լուսնի համար

Լուսաբացից առաջ. 1971 թ
Լուսաբացից առաջ. 1971 թ
Խաղա առցանց