Vahan Totovents

Նոր Բյուզանդիոն

6

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. Մի հակ մնաց, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Շուտ արե՛ք և վերջացրե՛ք։ (Բեռնակիրները դուրս: Նազիրին) Այնուամենայնիվ, առանց տրկղներից մեկնումեկը բանալու չենք տանի։

ՆԱԶԻՐ. Կարիք չկա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Կարող է պատահել, որ մեր իմաստությունն են փորձում, տեր իմ։

ՆԱԶԻՐ. Հա՞, այդպե՞ս։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Կարող է պատահել, տեր իմ։

ՆԱԶԻՐ. Բանալուց և ստուգելուց ոչ մի վնաս։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Այո։

Բեռնակիրները բերում են մի մեծ հակ և դարսում ես մաքսատան մեջ:

Ա. ԲԵՌՆԱԿԻՐ. Նավը դատարկվեց, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Շատ լավ։ (Կարգադրիչին) Փակեցե՛ք մեծ դուռը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Փակում է դուռը, դադրում է աղմուկը, և ամբողջ մաքսատունը մթնում:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մի մոմ վառեցե՛ք։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Վառում է մոմը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Բացե՛ք այս արկղը։

Բ. ԲԵՌՆԱԿԻՐ. (Աքցանը առնելով՝ բաց է անում մի արկղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Զգույշ, արկղը չկոտրես։ (Իր ձեռքով խառնում է մեջը և դուրս բերում ոսկիներ) Ահավասիկ օսմանյան կեղծ ոսկիներ, տեր իմ։

ՆԱԶԻՐ. Տեսնում եմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Փակեցե՛ք արկղը, շալակեցե՛ք և հետևեցեք մեզ։

Գ. ԲԵՌՆԱԿԻՐ. (Մեխում է արկղի կափարիչը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Կարգադրիչին) Դուք այստեղ մնացե՛ք։ Ոչ մի ապրանք դուրս չտալ՝ մինչև իմ վերադարձը։ Լսո՞ւմ եք։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Խոնարհվելով) Թե՛ լսում եմ և թե՛ հասկանում, տեր իմ։

ՆԱԶԻՐ. (Ոտի է կանգնում և գնում է դեպի մեծ դուռը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Այս դռնից, տեր իմ։

Հաջի Չելեբի, նազիրը և բեռնակիրներ՝ արկղները շալակած, գնում են դուրս աջ դռնով:

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Մոմը ձեռքին՝ կանգնած տեղում մնում է մեխված և շվարած:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Ետ գալով) Ես քեզ ազատեցի մի վտանգավոր արարքից. պահի՛ր ոսկիները մոտդ և ուրիշ առթիվ ոսկիները թող չշլացնեն քեզ այդպիսի վտանգավոր խոստումներ տալու։ Երիտասարդ ես և հանդուգն, բայց այդ բոլորը անարժեք և անուժ են իմաստության առաջ։ (Դուրս:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Երկար կանգնելուց հետո՝ փչում է մոմը, գնում, բաց է անում մաքսատան մեծ դուռը, լուսավորում է մաքսատունը: Նավը հեռացել է քարափից, ցանցառ երթևեկ քարափի վրա:)

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ. (Ներս մտնելով) Կարո՞ղ եմ իմ ապրանքը տանել իսկույն ևեթ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Ո՛չ։ Վերատեսուչը պետք է վերադառնա, ապա։

ՎԱՃԱՌԱԿԱՆ. Ա՛յ քեզ բան։ Իսկ իմ ապրանքը ուշ ստանալուս և վնաս կրելուս պատասխանատուն ո՞վ է լինելու։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Ոչ ոք։ Այդպես է վերատեսչի հրամանը։

ՎԱՃԱՌԱԿԱՆ. Վերջապես պետք է հասկանալ խնդիրը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Ուրիշ բաներ ունեմ մտածելու, ավելի կարևոր, քան քո գործը։ Հեռացի՛ր այստեղից։

ՎԱՃԱՌԱԿԱՆ. Մի նեղանաք։ Ասացեք խնդրեմ, ե՞րբ է վերադառնալու վերատեսուչը, ո՞ւր է գնացել։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Չեմ իմանում։

ՎԱՃԱՌԱԿԱՆ. (Գլուխը երերցնելով՝ դուրս:)

ԿԱՐԳԱԴՐԻՉ. (Երթևեկում և ջղային դրության մեջ:)

ԻՍԽԵԼ. (Աճապարանքով ներս) Ասացեք, ամեն ինչ ճիշտ ասացեք, միայն շուտ ասացեք. ի՞նչ պատահեց, ո՞ւր մնացին արկղները։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Վերատեսուչը և նազիրը բռնեցին ապրանքները։

ԻՍԽԵԼ. Աղետավոր է դա, մահվան չափ ծանր է այդ լուրը։ Կորած եմ, կորած եմ, կորած եմ։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Ուրիշ ոչ մի հնար չկար։ Նրանք իմանում էին արկղների գալու մասին։

ԻՍԽԵԼ. Հատկապես դրա համար էին եկել։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Այո, բացարձակապես դրա համար էին եկել։

ԻՍԽԵԼ. Բացի՞ն արկղները։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Միայն մեկը,

ԻՍԽԵԼ. Ի՞նչ գտան մեջը։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Այն, ինչ դուք ակնկալում էիք։

ԻՍԽԵԼ. Ոսկի՞, այո՞։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Կեղծ ոսկիներ։

ԻՍԽԵԼ. Եթե ես վստահ չլինեի քո վրա, երիտասարդ, տարբեր միջոցներ կձեռնարկեի։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Ոչ մի տարբեր միջոց չկար։ Նրանք իմացել էին արկղների գալու մասին՝ գալուց առաջ, նրանք հսկիչ էին նշանակել նավի վրա, իսկ իրենք էլ ներս եկան, քննեցին բոլոր ապրանքները և բռնեցին քո արկղները։

ԻՍԽԵԼ. Դու հիմար ես։ Կկաշառեի նավապետին, և առանց արկղները դուրս հանելու նավից՝ ետ կտաներ։

ԿԱՐԳ՛ԱԴՐԻՉ․ Դա կարելի էր։ (Լռություն) Իսկապես որ դա կարելի էր։

ԻՍԽԵԼ. Քո մոտ մարդ ուղարկեցի, որ դուրս գայիր, ինչո՞ւ չեկար։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Վերատեսուչը արգելեց ինձ դուրս գալ մաքսատնից։

ԻՍԽԵԼ. Ասացեք խնդրեմ, ո՞ւր տարան արկղները։

ԿԱՐԳԱԴՐԻՉ. Այդ մասին ոչինչ չգիտեմ։

ԻՍԽԵԼ. (Զայրացած) Կաշառակերությունն էլ իր առաքինի և բարոյական կողմերն ունի, բարեկամս, ինձանից կաշառք ես կերել և պարտավոր ես գեթ մի քիչ օրենքից և պատվերներից դուրս գալու առաքինություն ունենալ։ Ո՞ւր տարան իմ արկղներր։

ԿԱՐԳԱԴՐԻՉ․ Ճշմարիտ եմ ասում։ Ոչինչ չգիտեմ։

ԻՍԽԵԼ. (Աչքերը չռում է կիսախելագար վիճակում և հանկարծ բղավում է) Ա՜, ապրում եմ իմ վերջին օրը, ապրում եմ իմ վերջին րոպեները։ (Վազում է դուրս:)

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ՊԱՏԿԵՐ

Դահլիճ սուլթանական սարայում

ՄԻ ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ. (Մի ուրիշ երիտասարդ ներքինու) Այսպես է կայսրության գործը, թագավորը չի իմանում, թե ինչ է կատարվում տերության ներքին կյանքում։ Լսում է ուրիշներից, անում է ուրիշների ձեռքով։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ. Փաշաներն ու վեզիրներն ասում են, որ թագավորը պատանի եղած ժամանակ շատ իմաստուն է եղել։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ. Վեզիրներն ու փաշաները պոկում էին նրա պատանեկան թարմ ծաղիկները և հեքիաթներ էին հյուսում նրա իմաստության շուրջը։ Այս հեքիաթները հիմա իրականություն են դառել։ (Հեգնական ծիծաղ:)

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ. Աշխարհի մասին շատ բան գիտես, ծերունի։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ. Աշխարհի մասին մի բան անհրաժեշտ է գիտենալ, մնացածը հեշտ է. պետք է գիտենալ, որ աշխարհը կանգնած է շողոքորթության, սուտի և փառասիրության սյուների վրա. այս իմանալուց հետո՝ ամեն բան կիմանաս և ամեն գործում կլինես իմաստուն և հաղթական։ Պետք է շողոքորթես իշխանավորներին, պետք է ստես ընկերոջդ և սողոսկես ավելի ու ավելի բարձր դիրքեր։ Փողոցային հասարակ և տգետ մարդիկ այժմ նազիր և վեզիր են մեր սարայում այս երեք առաքինություններով։ Մեր երկրորդ սենեկապետը հինգ տարի առաջ Ղալաթիայում պոռնկանոցի տեր էր, սողոսկեց մինչև արքունիքի դռները, և դու կտեսնես, որ մի օր նազիրներից մեկը կանհետանա, և սենեկապետը կդառնա նազիր։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ. Զարմանալի է, որ այդ իմաստությամբ դեռևս ծառա ես արքունիքում։

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ. Մենք սևամորթ ենք, տղաս, այս բոլորը սպիտակամորթների համար է։ Մեր պաշտոնը պետք է լինի ծառայել մեր ապուշ թագավորին և ապրել ինչքան սատանան է կամենում։ Սևամորթ... դա արդեն ինքնին բնական անեծք է։ Սևամորթը, այն երեք առաքինություններից բացի, պիտի ունենա և մի ուրիշ առաքինություն՝ դավադրել, իսկ դավադրելը կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր սևամորթները միանան։ Այդ միությունը չկա։ Մեկ-մեկ ուզում եմ խեղդել թագավորին և մի քանի նազիրների, տապալել գահը, բայց թեկուզ սպիտակամորթ, մի հոգով ոչ մի բան ձեռք չի բերվի։ Բաժանել են մեր ցեղի մի մասը զանազան երկրներում, իսկ մնացածն էլ ապրում է Աֆրիկայում՝ կիզիչ անապատներում։ Ո՛ւհ, այնպես ցանկանում եմ դավադրել։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԵՐՔԻՆԻ․ Թագավորը, թագավորը...

ԾԵՐՈՒՆԻ ՆԵՐՔԻՆԻ. Աղոթենք մեր թագավորի արևշատության համար։ (Երկուսն էլ խոնարհվում են:)

Մտնում են և արքունի արարողապետները:

ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ լուր այսօր իմ կայսրության մայրաքաղաքի կյանքից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Մի խումբ հարբած մարդիկ աղմկելով անցել են այս առավոտ սարայի առջևից, բարեբախտաբար օգոստափառը քնած էր ծովահայաց ննջարանում։ Ձերբակալված են աղմկողները։

ՍՈՒԼԹԱՆ. Հրամայում եմ, որ աղմկողները իսկույն ևեթ գլխատվեն։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ․ Կկատարվի, տեր իմ։ (Խոնարհվում է:)

ՍՈՒԼԹԱՆ. Ապա կարգագրի՛ր, արարողապետ, որ ձկնորսները առավոտները աղմուկ չբարձրացնեն ծովում, սարայի լուսամուտների տակ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Հրամայեցեք և կկատարվի իսկույն, օգոստափառ։ (Լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ. Այսօր ի՞նչ օր է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Կիրակի է, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ. Չեմ սիրում ես կիրակի օրը։ Կիրակի օրերը ես անպայման վնաս եմ հասցնում մի իսլամի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Թող համբերատար լինի խանը ղազին և իսլամների խալիֆան։

ՍՈՒԼԹԱՆ. Պիղծ և անպիտան օր է կիրակին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Քավ լիցի, որ մի որևէ իսլամ մտածի, թե խալիֆան հանցավոր կարող է լինել, բայց պետք է հաղթել, օգոստափառ, չար օրվա չար բերումներին։

ՍՈՒԼԹԱՆ. Մարգարեի անունով երդվում եմ, որ չեմ խնայի և ամենահավատացյալ իսլամին, եթե նա գործել է իմ կայսրության շահերի դեմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Իսլամը միայն փոքրիկ սխալներ կարող է գործել, հանցանք՝ երբեք։

ՍՈՒԼԹԱՆ. Լսի՛ր։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Լսում է միակ արքայի միակ ստրուկը, խանը ղազի։

ՍՈՒԼԹԱՆ. Քո լեզուն շատ է բլբլում։ Կկտրեմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ինչպես որ իմ տիրոջ կամքը կցանկանա իր ստրուկի համար։ (Խոնարհվում է. լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ. Գտի՛ր ինձ համար մի վրացի հարճ։ Դուր են գալիս ինձ այդ սևաչյա վրացուհիները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Պատրաստ է նա մարգարեի հաջորդի համար։

ՍՈՒԼԹԱՆ. Այսօր ևեթ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Պատրաստ է, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ. Չեմ ցանկանում կամազուրկներին։ Կամազուրկները ինձ ձանձրացնում են։ Ուզում եմ դժվարահաճներին, հասկանո՞ւմ ես։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Լսում է արքայի ստրուկը և կկատարի նրա փոքրագույն կամքը։ (Լռություն:)

ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ լուրեր են պտտվում թագաժառանգի հիվանդության մասին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Աղոթում է ժողովուրդը նրա երկարակեցության համար։

ՍՈՒԼԹԱՆ. Թագաժառանգի հիվանդության առթիվ մորթել տուր 500 ոչխար և բաժանել տուր աղքատներին, առանց կրոնի և ցեղի խտրության, 5 000 օխա հացով։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Կկատարվի փադիշահի հրամանը։ Բայց թող ների փադիշահը իր ամենախոնարհ ստրուկին, անհավատները իսլամի մատաղը չեն ուտի։

ՍՈՒԼԹԱՆ. Ուտեն կամ չուտեն՝ մեկ է, բաժանել տուր, առանց ցեղի և կրոնի խտրության։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Կկատարվի փադիշահի հրամանը։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Ներս մտնելով) Ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսուչը խնդրում են նորին օգոստափառ սուլթանից ունկնդրություն կայսերական շատ կարևոր և անհետաձգելի գործի համար։

ՍՈՒԼԹԱՆ. Ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսո՞ւչը։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ. Այո, փադիշահ, ելևմտից նազիրը և մաքսատան վերատեսուչը։

ՍՈՒԼԹԱՆ. Երևի մի մաքսանենգություն կա։ Հ՛ը, կատաղում եմ ես մաքսանենգների դեմ։ Չասացի՞ն, թե ինչու՞ համար են ունկնդրություն խնդրում։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ. Ոչ, փադիշահ, ասացին՝ կայսրության շատ կարևոր գործի համար։

ՍՈՒԼԹԱՆ. Հրամայում եմ նրանց իմ ներկայության։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ. Արարողապե՛տ, կատարի՛ր իմ պատվերները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Խոնարհվելով քաշվում է դուրս:)

(Ներս են մտնում ելևմտից նազիրը, Հաջի Չելեբին և երեք խափշիկ ներքինիներ՝ արկղներ շայակած:)

ՍՈՒԼԹԱՆ. Նվերներ եք բերել և ասում եք՝ կայսրության շատ կարևոր գործով ունկնդրությո՞ւն եք խնդրում։

ՆԱԶԻՐ. Երանի թե նվերների համար մենք անհանգստություն ցանկանայինք նորին կայսերական վեհափառության։

ՍՈՒԼԹԱՆ. Ապա ի՞նչ արկղներ են դրանք։

ՆԱԶԻՐ. Օսմանյան կեղծ ոսկիներ՝ կտրված արտասահմանում և բերված այստեղ այսօրվա նավով։

ՍՈՒԼԹԱՆ. Երեք արկղ ոսկի և կե՞ղծ։

ՆԱԶԻՐ. Այո, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ. Ո՛ւհ, զայրացնում են ինձ այս եվրոպացիները։ Կամաց-կամաց նրանք իրենց քթերը խոթում են և մեր գանձի մեջ։ Պետք է արգելել եվրոպացիների մուտքը օսմանյան կայսրության բոլոր սահմանների վրա։

ՆԱԶԻՐ. Եվրոպացիներ չեն, դժբախտաբար։

ՍՈՒԼԹԱՆ. Ապա՞։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Եվրոպացիների համար արքայի սուրը կտրուկ է, օգոստափառ, մեր երկրի հավատարիմներն են նորին վեհափառության կայսրության դավաճանները։

ՍՈՒԼԹԱՆ. Չեմ հասկանում։ Ուզում եք ասել, որ իմ կայսրության հպատակնե՞րն են արել այս բանը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Դժբախտաբար, այո, փադիշահ։

ՍՈՒԼԹԱՆ. Ովքե՞ր են այդ սրիկաները։

ՆԱԶԻՐ. Օսմանյան կայսրության հավատարիմ ծառաներ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Սկսում է արկղներբ բանալ) Բանանք արկղները, և թող իր աչքովը տեսնի օսմանյան կայսրության վեհապետը։ (Բաց է անում արկղները:)

ՍՈՒԼԹԱՆ. (Կեղծ ոսկիները տեսնելուց հետո) Ո՞վքեր են այս սրիկաները, ասացե՛ք։

ՆԱԶԻՐ. Երկու հոգի են, օգոստափառ, մեկը՝ իսլամ, մյուսը՝ անհավատ։

ՍՈՒԼԹԱՆ. Վերջապես ովքե՞ր են։

ՆԱԶԻՐ. Հալետ էֆենդին և Իսխելը։

ՍՈՒԼԹԱՆ. (Կատաղությունից երթևեկում է:)

ՆԱԶԻՐ. Երկուսն էլ հավասար հանցավորներ, տեր իմ։

ՍՈՒԼԹԱՆ. Ինչպե՞ս եք հաստատում, որ նրանք են։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Պոստատանը բռնված էր մի նամակ Հալետի ստորագրությամբ, որի մեջ գրում է Հալետը արտասահման՝ ուղարկել ոսկիները ոչ թե իր անունով, այլ Իսխելի անունով։ Այսօրվա նավից դուրս բերված ապրանքների մեջ նազիրի հետ միասին բռնեցինք այս արկղները, և ինչպես տեսնում եք, նախ գրված է Հալետի անունով և ապա փոխված է Իսխելի անվան։ Ոսկիները կտրված են Վիեննայում։ Հալետի նամակի՝ պոստատան նազիրի ձեռքով վավերացված պատճենը կա։ Ահավասիկ, օգոստափառ, այդ նամակը, կարող եք տեսնել անձամբ (նամակը երկարում է սուլթանին):

ՍՈՒԼԹԱՆ. (Նամակը խլելով՝ արագ կարդում է և ձգում գետնին) Հավատում եմ այս սրիկայության։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Առնում է գետնից նամակը և դնում ծոցը:)

ՍՈՒԼԹԱՆ. (Ներքինուն) Կանչի՛ր այստեղ առաջին սենեկապետին։

ՆԵՐՔԻՆԻ. (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ. Պիտի պատժել այդ դավաճաններին։

ՆԱԶԻՐ. Պիտի պատժել, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Համաձայն օսմանյան արդարության։

Մտնում են Ա. Սենեկապետը և ներքինին:

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ. Թող հրամայի փադիշահը:

ՍՈՒԼԹԱՆ. Կանչի՛ր այստեղ մեծ վեզիրին։

Ա. ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Խոնարհելով՝ քաշվում է:)

ՍՈՒԼԹԱՆ. Այս մաքսանենգներից ո՞վ է ամենածանր հանցավորը, նազիր։

ՆԱԶԻՐ. Հավասար հանցավոր են երկուսն էլ, փադիշահ:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Աններելի հանցավորներ։

ՍՈՒԼԹԱՆ. Կպատժեմ երկուսին էլ։ Մաքսանենգները գոյություն չպետք է ունենան իմ կայսրության մեջ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Զարմանալի է, որ հավատացյալները միշտ մի անհավատ բարեկամ կունենան մաքսանենգության գործում, (մի պահ լռությունից հետո) դրանից է, որ անհավատները քաջալերվում են հավատացյալներից պետական խարդախության մեջ:

ՆԱԶԻՐ. Խարդախության մեջ հավատացյալները անճարակ են։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ինձ թվում է։

ՍՈՒԼԹԱՆ. Խաբվող հավատացյալը ավելի հանցավոր է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Դժվար է, վեհափառ տեր, որոշել չափերը:

ՆԱԶԻՐ. Մեկը լրացնում է մյուսը։

ՍՈՒԼԹԱՆ. Երկուսն էլ հանցավորներ են։ Կպատժեմ երկուսին էլ՝ գերագույն պատիժը, որ մարդկային արարածին կարող եմ հասցնել:

ՆԱԶԻՐ. Մահվան պատիժ, տեր իմ:

ՍՈՒԼԹԱՆ. Մի՞թե չհասկացաք իմ միտքը:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Շփում է միրուքը և խորը ժպտում:)

ՆԵՐՔԻՆԻ. Մեծ վեզիրը։ (Բաց է անում վարագույրը:)

ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Ներս մտնելով) Հույս ունեմ, փադիշահ, այսպես աճապարանքով որ կանչել եք, մի մեծ ուրախության համար կլինի։

ՍՈՒԼԹԱՆ. Այո, պիտի վայելես մի մեծ և դաժան ուրախություն։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Դժգունում է:)

ՍՈՒԼԹԱՆ. Մեծ վիշտ է կայսրության դեմ դավաճաններ գտնելը, բայց գտնելուց հետո նրանց պատժելը ուրախություն է, մեծ վեզիր։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Մի՞թե նորին վեհափառության կայսրության դեմ դավաճաններ կան (նայում է Հաջի Չելեբուն, կարծելով, որ խնդիրը դառնում է նրա շուրջը):

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Խորը ժպտում է:)

ՍՈՒԼԹԱՆ. Այո, կան զզվելի դավաճաններ։ Տե՛ս այդ արկղները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Քննելով արկղները) Օսմանյան կեղծ ոսկիներ: Մայրաքաղաքո՞ւմն են կտրված արդյոք։

ՆԱԶԻՐ. Արտասահմանում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Այստեղ հասած է ուրեմն մաքսատան միջոցով։ (Էլի նայում է Հաջի Չելեբուն՝ հաստատ համոզված լինելով, որ Հաջի Չելեբին է բռնված այդ գործում) Միայն անհավատները կարող են այսպիսի խորամանկություն փորձել, տեր իմ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Շփելով միրուքը՝ խորը ժպտում է:)

ՍՈՒԼԹԱՆ. Կան և անհավատ իսլամներ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Պիտի խստիվ պատժել։

ՍՈՒԼԹԱՆ. Մահվան պատիժ եմ սահմանում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Նայելով Հաջի Չելեբուն) Թող կտրուկ լինի սուլթանի խոսքը և սուրը։

ՍՈՒԼԹԱՆ. Բայց անհավատի հետ խառն է և մի հավատացյալ:

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Թող խալիֆան ների հավատացյալին։

ՍՈՒԼԹԱՆ. Ոչ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Փադիշահ...

ՍՈՒԼԹԱՆ. Կարգադրիր, որ անմիջապես ձերբակալեն Հալետին և Իսխելին ու բերեն պալատ։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Փադիշահ...

ՍՈՒԼԹԱՆ. Ոչ մի ավելորդ խոսք։ Կարգադրի՛ր նաև, որ ամբողջ ավագանին ներկայանա պալատ։ Աճապարի՛ր։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ. Սրիկանե՛ր։ (Ներքինուն) Կանչիր այստեղ սենեկապետին:

ՆԵՐՔԻՆԻ. (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Ներս:)

ՍՈՒԼԹԱՆ. Ուղարկիր այս արկղները արքունի փողերանոց։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Դուրս և անմիջապես ներս: Նրա հետ մտնում են երեք ներքինի և տանում են արկղները: Սենեկապետն էլ դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ. Շուտ պետք է կատարվեն այս բոլորը, որպեսզի կատաղությունս հագենա։

ՆԱԶԻՐ. Հանգստացեք, խանը ղազի, ամեն ինչ կկատարվի ձեր կամքի և հաճույքի համաձայն։

ՍՈՒԼԹԱՆ. Ցանկանում եմ, որ շուտ կատարվի։

ՆԱԶԻՐ. Այնքան շուտ, որքան մարդը կարող է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Խոնարհվելով) Թող թույլ տա ինձ իմ թագավորը հեռանալու պալատից։

ՍՈՒԼԹԱՆ. Ո՛չ, դու պետք է մնաս այստեղ և տեսնես քո հավատարմության պսակը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Թող ների ինձ կայսրը, իմ հոգին տկար է արյուն տեսնելու համար։

ՍՈՒԼԹԱՆ. Մի՛ միջամտի, չեմ կարող պատիժը մեղմացնել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Քավ լիցի, տեր իմ, որ ես միջամտեմ կայսեր և կայսրության գործերին, միայն խնայեցեք ինձ արյան տեսարանը։

ՍՈՒԼԹԱՆ. Կայսրության ծառան պետք է տոկա արդարության համար գործված ոճրին։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Թող ների ինձ իմ կայսրը:

ՍՈՒԼԹԱՆ. Մնացի՛ր այստեղ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Քաշվում է մի կողմ և միրուքը շփելով՝ արտահայտում է անհուն բավականություն:)

ՄԵԾ ՎԵԶԻՐ. (Ներս) Մի քանի րոպեից այստեղ կլինեն ձերբակալվածները։

ՍՈՒԼԹԱՆ. Ասացեք՝ կայսրության դավաճանները։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Կայսրության դավաճանները, տեր իմ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Ներս) Ամբողջ ավագանին այս րոպեիս կլինի փադիշահի ներկայության։

ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ վիճակի մեջ է պալատը։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. Կես-գիշերվա խոր և խաղաղ քնի մեջ է, տեր արքա։

ՍՈՒԼԹԱՆ. Հսկի՛ր, որ աղմուկ չբարձրանա և չխռովի պալատի անդորրությունը։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Խոնարհվելով՝ քաշվում է դուրս:)

ՍՈՒԼԹԱՆ. Ի՞նչ վիճակի մեջ է մայրաքաղաքը։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Խաղաղություն և հանգստություն, տեր արքա։

ՍՈՒԼԹԱՆ. Կեսգիշերին միայն ես եմ անհանգիստ այս դավաճանների ձեռքում։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Ծանր է կայսրության բեռը, խանը ղազի։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Բանալով վարագույրը) Ավագանին, փադիշահ։

Ներս են մտնում նազիրներ և պալատականներ, խոնարհվում են և տեսնելով սուլթանին գազազած վիճակի մեջ՝ սկսում են ինչ-որ փսփսալ:

ՍՈՒԼԹԱՆ. Ո՞ւր են հանցավորները, մեծ վեզիր, եթե փախչե՞ն։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Շուտով կլինեն նորին վեհափառության ներկայության։

ՍՈՒԼԹԱՆ. Շուտ, կատաղությունս կարող է ավելի աղետավոր դառնալ իմ կայսրության համար։

ՆԱԶԻՐ. Համբերեցեք, վեհապետ։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Ներս) Կալանավորները, տեր արքա։

Մտնում են Հալետ և Իսխել:

ԻՍԽԵԼ. (Ներս մտնելուն պես՝ փռվում է սուլթանի ոտները) Իմ անունը միայն գործածված է, ես ոչ մի բաժին և շահ չունեմ ոսկիների մեջ:

ՍՈԻԼԹԱՆ. Հեռացրե՛ք պետության այս դավաճանին իմ ոտներից։ Օձի պես է փաթաթվում։

ԻՍԽԵԼ. Գթացեք, օգոստափառ։

ՀԱԼԵՏ. (Բոլորովին լուռ է և արհամարհական:)

ՍՈԻԼԹԱՆ. Սրանք դավաճանել են իմ կայսրության դեմ՝ օտար երկրներից փոխադրելով օսմանյան կեղծ ոսկիներ։ Սենեկապետ, կանչի՛ր արքունի դահճապետին։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. (Խոնարհվելով՝ քաշվում է:)

ՍՈՒԼԹԱՆ. Ես իմանում էի, որ անհավատները կարող էին դավաճանել, բայց չէի իմանում, որ նրանց աջակից կարող է լինել և մի իսլամ։ Կպատժեմ ես այս դավաճաններին։

Ավագանին հուզվում է:

ԻՍԽԵԼ. Գթացեք ինձ։

(Ներս է մտնում դահճապետը մի ահռելի բեղով և ոսկրոտ մարդ, դանակներով զինված և մի դանակ էլ խածած առաջի ատամներով):

ԴԱՀՃԱՊԵՏ. (Բարևում է) Կտրուկ է խանը ղազիի սուրը։

ՍՈՒԼԹԱՆ. Իսկույն ևեթ կտրիր կայսրության այս դավաճանների գլուխները։

ԴԱՀՃԱՊԵՏ. (Անգութ համարձակությամբ բռնում է Հալետի և Իսխելի վզակոթերից և հրում է դեպի դուրս:)

ԻՍԽԵԼ. (Գնալիս) Եհովա, Եհովա, Եհովա...

(Ավազանին հուզվում է ու շփոթվում)

ՍՈՒԼԹԱՆ. Գիշերվա ո՞ր ժամն է։

ՄԵԾ ՎԵԶԻՐ. Կեսգիշերը վաղուց անցել է, տեր արքա։

ՍՈՒԼԹԱՆ. Ողջ աշխարհը վաղուց քնած է, իսկ այս սրիկաները վրդովում են իմ գիշերը։ Արարողապետ, ննջարան ուղարկիր վրացուհուն։ Գնա՛նք։ (Գնում է, նրա ետևից մեկ-մեկ գնում են՝ մեծ վեզիրից սկսած բոլորը):

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Մնում է մենակ, կանգնում դահլիճի մեջտեղում, շփում է միրուքը և ցինիկորեն հռհռում:)

Be the first who will comment on this

Other parts of "Նոր Բյուզանդիոն"

Yatuk Music
The sun of Autumn
Tigran Mansuryan

The sun of Autumn

Carthage, 1968
Carthage, 1968
Play Online