Vahan Totovents

Նոր Բյուզանդիոն

2
ՊԱՏԿԵՐ
Տյուզյան ամիրաների բոսֆորահայաց ապարանքի դահլիճը, կահավորված նոր-բյուզանդական ոճով: Վարագույրը բացվելիս երկու ծառա դահլիճում զբաղված են մաքրությամբ:

Ա. ԾԱՌԱ. Սարսափելի է եղելությունը։ Երկու օրվա մեջ Տյուզյան ամիրաներից ոչ ոք չմնաց։

Բ. ԾԱՌԱ. Առաջին անգամ չէ, որ օսմանյան մայրաքաղաքը ականատես է լինում այսպիսի եղեռնագործությունների։

Ա. ԾԱՌԱ. Ավերվեց Տյուզյանների այս շքեղ ապարանքը։ Կանայք չեն կարող կանգուն պահել այն։ Նահատակների թաղումը ե՞րբ է կատարվելու։

Բ. ԾԱՌԱ. Երեկ գիշեր Բոսֆորի ձկները խնջույք սարքեցին մեր ամիրաների դիակներով։

Ա. ԾԱՌԱ. Արդյոք կմնա՞նք մենք այս ապարանքում ամիրաների նահատակությունից հետո։

Բ. ԾԱՌԱ. Երևի ոչ։

Ա. ԾԱՌԱ. Եթե չենք մնալու, գլխներիս ճարը տեսնենք։ Այսքան տարի այստեղ գերություն արինք և մի արծաթ չունենք մեր գրպանում։

Բ. ԾԱՌԱ. Ի՞նչ անենք։

Ա. ԾԱՌԱ. Պետք է մտածել։

Մտնում են մայրը, Հաջի Չելեբի, Տիգրան և Պողոս ամիրաները: Երկու ամիրաները բռնած են մոր թևերից: Մայրը լաց է լինում:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Այսօր, մեծ տիկին, լացից առաջ մենք պարտական ենք մտածել մի ուրիշ բանի մասին։

ՄԱՅՐԸ. Ի՞նչ բան, ամիրա։ Մի՞թե ավելի կարևոր բան կա ինձ անելու, քան խորախոր սուգը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Տյուզյանների տան պատիվը, մեծ տիկին, ահա մեծ բանը։ Սպանությունը, ոճիրը չեն աղարտի ընտանեկան պատիվը, բայց եթե խայտառակ ձևով ծախեն այս տան կահ-կարասիները... ահա մեծ, ահավոր բանը։

ՄԱՅՐԸ. Այդ եղեռնագործությունից հետո կարող են կրակի տալ Տյուզյանների ողջ ապարանքը։ Իմ որդիների գլխատումից հետո հարկավոր չեն ո՛չ ապարանք, ո՛չ ադամանդ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Հարգում եմ ձեր վիշտը, մեծ տիկին, զգում եմ ցավի թույնը, որ սողոսկում է ձեր մայրական սիրտը, բայց կա մի ուրիշ մեծ բան, մեծ տիկին. ողջ մի սերունդի գոյության հարցն է դրված մեր առաջ։ Պետք է փրկել այդ սերունդի հավատքը, փրկելու համար սերունդը։

ՄԱՅՐԸ. Փրկեցեք, ինչպես որ կամենում եք, ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Մեր տարաբախտ ամիրաները իրենց գլխատումից առաջ, հավատում եմ, մտածեցին իրենց կրոնի փրկության համար։

ՊՈՂՍՍ ԱՄԻՐԱ. Պետք է անցնել գործի անմիջապես, որովհետև արդեն մոտ է ժամանակը։ Շուտով այստեղ կլցվեն անհավատներր։

ՄԱՅՐԸ. Արեք, ինչպես հարմար եք դատում։ Ինձ միայն մնում է արցունք թափել և աղոթել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Սպասում ենք ձեզանից, մեծ տիկին, ձեր հասակի վայել քաջասրտություն։ Խոնարհվում եմ ձեր սպիտակ մազերի առաջ։ Ներեցեք ինձ։

ՄԱՅՐԸ. Ամեն ինչ կորած է, ամիրա, բայց օրհնված կլինեք, եթե... եթե կարողանաք փրկել մեր հավատքը։ (Սպասելով և մնալով անպատասխան) Ինչի՞ մասին եք մտածում, ամիրա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մատուռի մասին, մեծ տիկին։ Անհրաժեշտ է, որ մատուռի գոյությունը գաղտնի պահվի։ Մատուռի բացվելը նշանակում է վնասել Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ կաթոլիկության։

ՄԱՅՐԸ. Ի՞նչ եք մտածում անել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մեծ պահարաններից մեկը պետք է բերել և դնել այս մատուռի դռան առաջ՝ զերծ պահելու համար նշմարվելուց։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. Առանց այդ էլ մատուռի դուռը աննշմարելի է, ամիրա։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Զննում է դուռը՝ բաց անելով և փակելով։ Մատուռը զետեղված է դաճլինի խորքում՝ փոքրիկ, պատի հետ նույնացած, դռնով, բայց ամբողջ պատը բաժանվում է երկու մասի և աջ ու ձախ կողմերի վրա բացվելով՝ փոքրիկ մատուռը կազմում է դահլիճի շարունակական մասը:) Այնուամենայնիվ անհրաժեշտ է զգույշ լինել։ Օսմանյան կայսրության ամենախիստ օրենքներից մեկն է կաթոլիկ պաշտամունքի արգելումը։ Իսկ մենք այս մատուռում արած գաղտնի պաշտամունքով գործել ենք կայսրության օրենքի և կրոնի դեմ։

ՊՈՂՐՍ ԱՄԻՐԱ. Անհրաժեշտ է անել այդ անմիջապես (դուրս):

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ես խոսել եմ մի հայ վաճառականի հետ, որ անպայման նա գնի այդ պահարանը և թողնի իր տեղում։

ՄԱՅՐԸ. Ատում եմ կենդանի մարդկանց։ Ներեցե՛ք ինձ, ամիրա, խոսում եմ հոգու խորքից։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Հասկանում եմ ձեզ, մեծ տիկին, արդար է ձեր ատելությունը։ Մարդկային է սերը, մարդկային է և ատելությունը։

ՄԱՅՐԸ. Ես կարծում էի, որ երեկվա ոճիրներից հետո պետք է ամեն ինչ շարժվեր, պետք է ամեն ինչ փուլ գար։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Դեռևս ժամանակ կա, մեծ տիկին։

ՄԱՅՐԸ. Լռում են, երբ դեռ դիակները տաք են և արյունը պղպջում է։ Միթե ամեն ինչ սառելո՞ւց հետո պիտի շարժվի։ Ժամանակը կուլ է տվել սրանից ավելի խոշոր ոճիրներ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Եթե սրանից ավելի խոշոր ոճիրները կուլ են գնացել ժամանակի անդունդում, ինչո՞ւ...

ՄԱՅՐԸ. Ձեր գործին նայեցեք, ամիրա։ Վիշտը մոլորեցնում է ինձ։ Միայն խնդրում եմ թույլ չտալ, որ ամբարիշտ Իսխել հրեան գնի Տյուզյանների կահ-կարասիները։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Անխուսափելի է դա։ Իսխելը հարուստ է և ոխերիմ թշնամի նահատակներին։ Նրանց գլխատումը դավադրելուց հետո անպայման կգնի և նրանց կարասիները։

ՄԱՅՐԸ. (Հառաչում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Կարգադրել եմ, որ մեր բարեկամները գնեն ձեզ համար հարգելի և հիշատակելի իրեղենները։

ՄԱՅՐԸ. Ինչքան ծանր են այս բոլորը մոր համար։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Զգում եմ իբրև հայր, մեծ տիկին։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. (Ներս) Բերում են պահարանը։ (Երկու ծառաները բերում են մեծ պահարանը, դնում են մատուռի դռան առաջ և գնում են դուրս:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Այսպես լավ է։ (Լռություն) Պիտի լինել սառնարյուն և քաջասիրտ։

ՀԱՐՍԸ. (Սևեր հագած և արցունքոտ աչքերով մտնում է և չոքելով սկեսուրի առաջ) Մայր։

ՄԱՅՐԸ. Ոչ ոքի այնքան իրավունք չի տրվել արցունք թափելու, որքան քեզ, աղջիկս։ Բայց հավատա աստծո վրեժխնդրության։

ՀԱՐՍԸ. Սուտ է, մայր, ամեն ինչ սուտ է, և՛ աստվածը, և՛ նրա պատվիրանները։ Այսպիսի՜ ոճիր։ Օսմանյան կայսրությունը չի ունեցել նման հավատարիմ ծառաներ, ինչպես իմ ամուսինը և տագրերը։ Գլխատեցին նրանց։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Օսմանյան կայսրությունը ինքը խորտակեց իր ամենահզոր սյուները։ Հավատացե՛ք աստծո արդարության, աղջիկս։

ՀԱՐՍԸ. Երբե՛ք, երբե՛ք:

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ձեր չհավատալու համար աստվածը կարող է հրաշքներ գործել։

ՀԱՐՍԸ. (Լալիս է) Մենք հրաշք չենք տեսնի, ամիրա։

ՍՊԱՍԱՎՈՐ. (Ներս մտնելով) Օսմանյան արքունիքի արարողապետը, սենեկապետը, թարգմանը և նազիրներ։

ՄԱՅՐԸ. Գնանք աղջիկս, և աղոթենք սուրբ կույս Մարիամին։

Գնում են դահլիճի աջ դռնով: Հաջի Չելեբի, Պողոս ամիրա և Տիգրան ամիրա աճապարում են ընդունել նրանց: Ներս են մտնում արարողապետ, սենեկապետ, թարգման և երկու պալատական: Ամիրաները թրքական խոր բարևով ընդունում են նրանց:

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Տյուզյաններից ո՞չ ոք չկա այստեղ մեզ ընդունելու, Հաջի Չելեբի։ Պատերի՞ն պետք է կարդանք սուլթանական ֆերմանը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Աստծո կամքովը և կամքովը մեր փառապանծ արքայի Տյուզյաններից ոչ մի տղամարդ այլևս չի կարող լսել սուլթանական ֆերմանը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Հեգնական ծիծաղում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Նրանք իրենց գլուխներով քավեցին իրենց մեղքերը, տեր իմ։ Տյուզյանների ապարանքում միայն կանայք կան, և կանայք իմացել են ֆերմանի բովանդակությունը։ Գոհ են արքայական կարգադրությունից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Դուք նշանակված եք նրանց գործերի փոխանորդ, այնպես չէ՞։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ներեցեք, տեր իմ, մենք այստեղ գործադրելու ենք Արքունիքի հրամանները միայն... (Ներս են մտնում Հալետ էֆենդի, Իսխել և զանազան ազգերի մի քանի վաճառականներ:) Մենք սպասավորներն ենք Օսմանյան կայսրության շահին և փառքին։ (Չելեբու աչքերը հանդիպում են Իսխելին և Հալետին:) Սպասավորությունը կայանում է նրանում, որ հաջողենք ավելացնել նրա շահերը և փառքը։ Մենք այս իմաստով ծառայել ենք, ինչպես և Տյուզյանները ծառայեցին այդպես... (Պաշտոնատարներից անախորժ արտահայտություն, Չելեբին անմիջապես շարունակում է) մինչև իրենց սայթաքումը և անկումը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Դուք անգի՛ր եք արել ձեր ճառը, Հաջի Չելեբի։

ԻՍԽԵԼ. (Մեղմ շնական ծիծաղ:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Խստիվ աչքերը չռելով Իսխելի վրա) Մենք շատ ենք եփված, տեր իմ, պետական ծառայության դժվարին գործերում։ Մեկ օրից մյուսը կարելի չէ սովորել պետական գործը։ Կայսրությունը թեև հիմնված է նորին վեհափառության, մեր օգոստափառ արքայի ուսերի վրա, բայց նրա ծանր բեռը թեթևացնում են կայսրության հավատարիմ ծառաները։

ՀԱԼԵՏ. Իսկ ոչ-հավատարիմ ծառաները կպատժվեն Տյուզյանների նման։

ԻՍԽԵԼ. (Ուրախության արտահայտություն:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Այո, պետք է պատժվեն անհավատարիմները, բայց մարդիկ կան, որոնք կայսրությանը այնքան մեծ ծառայություններ են մատուցել, որ նրանց բոլոր մեղքերը, միասին կշռած, ավելի թեթև են, քան ուրիշների ծառայությունները։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Թարգմանին) Կարդացեք սուլթանական ֆերմանը։

ԹԱՐԳՄԱՆ. (Առաջ գալով և բանալով կանաչ ժապավենով կապված հրովարտակը՝ կարդում է) Սուլթան և որդի սուլթանների, սուլթան խանը ղազի, հաջորդ փառավոր մարգարեի, թագավոր երկու աշխարհաց, ստվեր աստծո ի վերա երկրի, օգոստափառ կայսր և խալիֆա, հրամայում է, որ այս ֆերմանս ձեզ հասնելուն հայտնի լինի, որ արքունի փողերանոցիս պետ Տյուզյանների՝ զեղծարարության պատճառով գլխատումից հետո աճուրդի են հանվում նրանց ողջ կահ-կարասիքը։ Աճուրդը տեղի պիտի ունենա 24 ժամվա ընթացքում Տյուզյանների ապարանքում։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Կանչեցե՛ք մունետիկը։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. Պատրաստ է, տեր իմ։

Մտնում է մունետիկը:

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Աճուրդի դիր ապարանքում գտնված կահ-կարասիները, բացի ընտանիքի անձնական իրերից։

ՄՈՒՆԵՏԻԿ. Պատրաստ եմ, տեր իմ։ Աճուրդի է դրվում այս մարմարյա մեծ սեղանը իր ամբողջ կարգ ու սարքով։

ԻՍԽԵԼ. 1 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 1 ոսկի։

Մի ՎԱՃԱՌԱԿԱՆ. 2 ոսկի։

ԻՍԽԵԼ. 5 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 5 ոսկի... (Լռություն) 5 ոսկի։ (Լռություն) Ծախված է։ Աթոռները և բազկաթոռները։

ԻՍԽԵԼ. 10 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 10 ոսկի։ (Լռություն) 10 ոսկի։ Ավելացնող չկա՞. (Լռություն) Տասը ոսկի։ (Լռություն) Ծախված է։ Վարագույրները։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ. 3 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 3 ոսկի։

ՄԻ ՀՐԵԱ. 4 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 4 ոսկի։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ. 10 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. (Ոգևորված) 10 ոսկի։

ՄԻ ՀՐԵԱ. (Ապշած) 11 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 11 ոսկի (Լռություն) 11 ոսկի։

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ. 15 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 15 ոսկի (Լռություն):

ՄԻ ՀՐԵԱ. (Քաշվում է մի կողմ:)

ՄՈՒՆԵՏԻԿ. 15 ոսկի։ (Լռություն) Ծախված է։ (Մոտենալով պահարանին): Պահարանը։

Բոլոր ամիրաները դժգունում են, միայն Հաջի Չելեբին սառնարյուն է:

ՄԻ ՎԱՃԱՌԱԿԱՆ. 1 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 1 ոսկի։

ԻՍԽԵԼ. 15 ոսկի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Աչքերը չռում է Իսխելի վրա:)

ՄՈՒՆԵՏԻԿ. 15 ոսկի, 15 ոսկի։ (Իսխելը և Հալետը փսփսում են:)

ՄԻ ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆ. 20 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 20 ոսկի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Տեղը փոխելով՝ նստում է մի ուրիշ տեղ և սկսում է սառնարյուն միրուքը շփել:)

ԻՍԽԵԼ. 50 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 50 ոսկի։

ՀԱՅ ՎԱՃԱՌԱԿԱՆԸ. 51 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 51 ոսկի։

ԻՍԽԵԼ. 70 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 70 ոսկի։ (Լռություն) 70 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամ՝ 70 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամն է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Սա շատ հին պահարան է։ Տալիս եմ 100 սսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. (Ոգևորված) 100 ոսկի։

ԻՍԽԵԼ. 200 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 200 ոսկի։ (Լռություն) 200 ոսկի։ (Լռություն) Վերջին անգամ՝ 200 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԻՍԽԵԼ. (Անցնելով Հաջի Չելեբու առաջից, կծու քմծիծաղով մոտենում է պահարանին, տնտղում և ապա գնում է դուրս:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Մի՞թե այդքան արժեքավոր էր այդ պահարանը, Հալետ էֆենդի։

ՀԱԼԵՏ. Ապրանքների լավագույնը հրեաներն են ճանաչում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Երևի դա հնություն է։

ԻՍԽԵԼ. (Մտնում է երկու բեռնակրի հետ միասին) Տարեք այս պահարանը իմ տունը։ (Բեռնակիրներն սկսում էն տանել:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ինչպե՞ս իմացար, Իսխել, որ այդ պահարանը այդքան արժեքավոր է։

ԻՍԽԵԼ. (Խոնարհվելով) Վաղուց էի տեսել այդ պահարանը (դառնալով Հաջի Չելեբուն) երջանկահիշատակ Տյռւզյանների ապարանքում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Եվ սպասում էիր այս րոպեին, այնպես չէ՞։

ԻՍՊԵԼ. Բայց, ավա՜ղ, կայսրությանը վնասելու այս դժբախտ պարագաներից հետո։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Շարունակի՛ր, մունետիկ, շուտ վերջացրու։

ՄՈՒՆԵՏԻԿ. Ջահը։

ՀԱԼԵՏ. 50 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 50 ոսկի։ (Լռություն) 50 ոսկի։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ. (Պահարանը տարվելուց հետո` պահարանի դրված տեղի պատի վրա փնտրտուքներ է անում:)

ՄՈՒՆԵՏԻԿ. Վերջին անգամ՝ 50 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Դուրս:)

ՄՈՒՆԵՏԻԿ. Արևելյան գորգերը։

ՄԻ ՀՐԵԱ. 2 000 ոսկի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Ներս է գալիս մի փոքրիկ տուփով:)

ՄՈՒՆԵՏԻԿ. 2000 ոսկի։ (Լռություն) 2000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ՄԻ ՀՐԵԱ. (Էժան գնելու համար ձեռքերն է շփշփում:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Տուփը դնելով սեղանի վրա) Սա ամենից արժեքավորն է Տյուզյանների ապարանքում։

ԻՍԽԵԼ. (Առանց ուշադրություն դարձնելու Հաջի Չելեբու խոսքերին՝ պատի վրա փնտրտուքները շարունակում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ադամանդներ և զանազան գոհարեղեններ են ծախվում, Իսխել էֆենդի, չեք կարող անտարբեր լինել։

ԻՍԽԵԼ. Ես հնարավորություն չունեմ մտածելու ի՛մ ունեցած ադամանդների ու գոհարեղենների մասին։ Չեմ ցանկանում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Հա՜, հա՜, հա՜, զարմացնում եք, ապշեցնում եք դուք ինձ։

ԻՍԽԵԼ. Կարող է պատահել։

ՄՈՒՆԵՏԻԿ. (Խոշոր մարգարիտների մի շարան, որոնց մեջտեղում փայլում են ադամանդներ և սուտակներ՝ բռնում և բարձրացնում է վեր) Ահավասիկ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Ձեռքը երկարում է:)

ՄՈՒՆԵՏԻԿ. (Հանձնում է շարանը արարողապետին:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ի՜նչ հարստությունների են տիրացել Օսմանյան կայսրության հավատարիմ ծառաները։

ՍԵՆԵԿԱՊԵՏ. Արդար միջոցներով այսքան հարստություն...

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Միայն արդարությունն է վարձատրվում, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ուրեմն դուք կարծում եք, որ Տյուզյանները արդա՞ր էին։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Եթե անարդար էին, նրանք քավեցին այն իրենց արյունով, իսկ եթե պատմությունը ցույց տա, որ արդար էին...

ՀԱԼԵՏ. Օսմանցիների սուլթանը անարդար չի կարող լինել։

ԻՍԽԵԼ. (Մոտենալով) Արդար է մարգարեի հաջորդը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Արդար է մարգարեի հաջորդը, բայց նրա լսողությունն ու տեսողությունը կախված են ուրիշներից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Հաջի Չելեբի, ինչպես երևում է, դուք ցանկանում եք մարտիրոս դառնալ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մենք բոլորս էլ զոհաբերության համար ենք ապրում։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ծախի՛ր այս հրաշալի շարոցը, մունետիկ։

ՄՈՒՆԵՏԻԿ. (Առնելով շարոցը՝ վեր է բարձրացնում և լույսի տակ խաղեր է անում) Մարգարիտների, ադամանդների և սուտակների մի շարոց։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ. (Էլի մոտենում է մատուռի դռան:)

ՄՈՒՆԵՏԻԿ. Մարգարիտների, ադամանդների և սուտակների շարոց։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. 25 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 25 000 ոսկի։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Վերջապես խզվեց ձեր լռությունը, Տիգրան ամիրա։

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. (Խոնարհվելով) Լսում էի, տեր իմ։

ՄՈՒՆԵՏԻԿ. 25 000 ոսկի։

ՀԱԼԵՏ. 30 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 30 000 ոսկի։

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. 40 000 ոսկի։ (Ոտքի կանգնելով և խոնարհվելով արարողապետի առաջ) Ներեցե՛ք, տեր իմ։

ԻՍԽԵԼ. (Մոտենալով մունետիկին և շարոցը տնտղելով) Երբ Պողոս ամիրան ցանկանում է մի բան գնել, միայն ձկնորսները կարող են չհասկանալ նրա արժեքը։ 50 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 50 000 ոսկի, 50 000 ոսկի։ (Լռություն:)

ԻՍԽԵԼ. (Մոտենում է դեպի մատուռի դուռը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Ետ բերելու համար) 60 000 ոսկի։

ԻՍԽԵԼ (Անմիջապես ետ է գալիս, և տնտղում է շարոցը:)

ՄՈՒՆԵՏԻԿ. 60 000 ոսկի։

ԻՍԽԵԼ. (Հաջի Չելեբու վրա չռելով աչքերը և հեգնական քմծիծաղով) 75 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 75 000 ոսկի։

ԻՍԽԵԼ. (Մոտենում է դեպի մատուռը:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. 80 000 օսկի։

ԻՍԽԵԼ. (Առանց ետ դառնալու) 100 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 100 000 ոսկի։ (Լռություն) 100 000 ոսկի։ (Լռություն) 100 000 ոսկի (Լռություն) Վերջին անգամ։ 100 000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԻՍԽԵԼ. (Ետ գալով, առնում է շարոցը և խոնարհությամբ երկարելով արարողապետին) Խոնարհությամբ և երախտագիտությամբ նվիրում եմ այս չնչին իրը նորին օգոստափառ կայսեր արարողապետին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ապրի՛ս, հավատարիմ և հլու ծառա։ Բայց արքունի սպասավորները ոչինչ չեն տանի իրենց հետ այս ապարանքից։

ԻՍԽԵԼ. (Չարամիտ մի հայացք դեպի Հաջի Չելեբին և հերթով մյուս ամիրաներին, խոնարհվելով և ետ գնալով՝ մոտենում է մատուռի դռան:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ծախի՛ր մնացածները, մունետիկ։

ԻՍԽԵԼ. (Ճանկռոտելով պատը՝ բաց է անում մատուռի դուռը) Ա՜, այստեղ ուրիշ հարստություններ կան, տեր իմ։ (Մտնում է ներս:)

ՊՈՂՈՍ ԱՄԻՐԱ. (Գաղտնի կերպով փախչում է դուրս:)

ՏԻԳՐԱՆ ԱՄԻՐԱ. (Դողում է դժգունած:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Աննկարագրելի սառնասրտությամբ միրուքն է շփում և նայում անորոշ ուղղությամբ:)

ՍԵՆԵԿԱՊԵՏ. Երևի պահված է հարստությունը։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Գազազած) Նոր հանցանքներ են բարդվում դիակների վրա։ (Հաջի Չելեբուն) Ի՞նչ է այդ, Հաջի Չելեբի։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մենք միասին ենք ականատես լինում առաջին անգամ, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Անծանո՞թ է ձեզ այդ սենյակը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Բոլորովին անծանոթ։

ՀԱԼԵՏ. Այս տան այդքան մոտիկ անձնավորություն և անծանոթ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Այս տան ներքին ընտանեկան և առևտրական գործերին դուք էիք ավելի ծանոթ, Հալետ էֆենդի, օգոստափառ սուլթանը ձեր ցուցմունքներով գլխատել տվեց Տյուզյաններին։

ՀԱԼԵՏ. Իմ գիտցածի չափով դուք ևս տեղյակ էիք հանցավորների գործերին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ինչ որ էլ լինի, պահված է հարստությունը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ուրախ եմ, որ գաղտնիքը պարզված է, և չի տուժի կայսերական գանձարանը։

ԻՍԽԵԼ. (Ներսից բաց է անում մատուռի պատերը, աջ ու ձախ կողմերի վրա: Մատուռը նույնանում է դահլիճի հետ: Մատուռի բոլոր մոմերը վառված են: Տաճարի ֆոնում երևում է ս. կույս Մարիամի մեծադիր նկարը, տաճարի վրա՝ պատարագի բոլոր սարքը: Տաճարի առջև ծնկի են եկած մայրը և հարսը սևեր հագած և կաթոլիկական վարդարանը ձեռքներին, երկուսն էլ մրմնջում են «Ողջույն քեզ, ս. կույս Մարիամ» երգը: Պատերը բացվելուց հետո՝ նրանք անտարբեր շարունակում են երգը: Մատուռի աջ ու ձախ պատերի վրա կախված են Քրիստոսի խաչելության մեծադիր բրոնզե արձանները, առաջները վառվում են մոմերը: Իսխելը ամբողջ մատուռը բանալուց հետո սկսում է մի շնական և երկար ծիծաղ:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Եկեղեցի...

ՀԱԼԵՏ. Պարզվում է ամեն ինչ։

ԻՍԽԵԼ. Կաթոլիկ եկեղեցի։ Կաթոլիկ պաշտամունք:

ՍԵՆԵԿԱՊԵՏ. Պիտի լուր տալ նորին օգոստափառության։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Պիտի գլխատել և կանանց։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Սրա հեղինակները պատժված են, տեր իմ։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Պիտի կրկին պատժել։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Թեթև ժպիտով) Պիտի վերագլխատել, այո՛, տեր իմ։

ԻՍԽԵԼ. (Բարձրանում է տաճարը, առնում է սկիհը, բերում է ներքև և արնամարհական արտահայտությամբ մոտենալով Հաջի Չելեբուն ու բարձր հռհռալով) Այս ի՞նչ է, հը՞, թքամա՞ն։ (Թքում է սկիհի մեջ)

ՀԱԼԵՏ. (Հռհռում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Շառաչուն մի ապտակ է իջեցնում Իսխելին։)

ԲՈԼՈՐԸ. (Խառնվում են իրար:)

ԻՍԽԵԼ. (Մի պահ շփոթվում և զայրույթի արտահայտություն է ստանում, բայց իսկույն քմծիծաղով խոնարհվում է արարողապետի և Հալետի առաջ): Ես վիրավորված եմ զգում, որ այդ կաթոլիկը անպատվում է Ձեզ։

ՀԱԼԵՏ. Շուտով սուլթանից հրաման ձեռք կբերեմ քո գլուխը կտրելու անձամբ Խաթթը Հյումայունի առաջ։ Երդվում եմ մարգարեի անունով։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ձեր սուրը շատ է մաշվել իմ գլուխը կտրելու համար։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ձեր գլուխը կգնա, եթե դուք մատ ունեք այս գործում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Մի մոռանաք, տեր իմ, որ այս ապարանքը Տյուզյան ամիրաների ապարանքն է։

ԻՍԽԵԼ. Այսպիսի մի մատուռ կարելի է գտնել և ձե՛ր ապարանքում։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Խիստ նայում է Իսխելին և չի պատասխանում:)

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Ուղարկեցե՛ք այս մատուռի ամբողջ հարստությունը հայոց պատրիարքարան։ Մունետիկ, աճուրդի դիր և այս ապարանքը։

ՄՈՒՆԵՏԻԿ. Ծախու է ապարանքը, բոսֆորահայաց այս շքեղ բնակարանը։

ԻՍԽԵԼ. 250 000 ոսկի։

ՄՈՒՆԵՏԻԿ. 250 000 ոսկի։ (Լռություն) 250 000 ոսկի։ (Լռություն) 250 000 ոսկի։ Վերջին անգամ՝ 250 000 ոսկի։ (Լռություն) Ծախված է։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Պիտի ուղարկել այսօր ևեթ եկեղեցու բոլոր հարստությունը հայոց պատրիարքարան։ (Գնում է:)

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Ինչքա՞ն ժամանակ եք տալու, տեր իմ, կանանց տեղափոխելու այս ապարանքից։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. Այսօր ևեթ պետք է դուրս գան։ Ապարանքը պատկանում է Իսխելին։

ԻՍԽԵԼ. (Հռհռում է:)

ՀԱԼԵՏ. Հաջի Չելեբին լավ է իմանում սեփականության իրավունքը, տեր իմ։

ԻՍԽԵԼ. Վճարել եմ ես դրա համար իմ ճակատի քրտինքները։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ։. Դուք ձեր քրտինքները վճարեցիք ոչ թե ապարանքին, այլ իմ ապտակին։

ԱՐԱՐՈՂԱՊԵՏ. (Դուրս: Նրա ետևից դուրս են գնում սենեկապետը, Ա. թարգմանը և երկու պալատականներ:)

ԻՍԽԵԼ. (Գազազած) Լսեցեք դուք Հալետ էֆենդիի երդումը։

ՀԱԼԵՏ. Երդվում եմ՝ դուք ետ կստանաք այդ ապտակը ձեր գլխով։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. Տյուզյանները շատ երիտասարդ և միամիտ էին, Հալետ էֆենդի։ Ես 40 տարեկան եմ։

ՀԱԼԵՏ. 40 գլուխ էլ ունենաք, վաղը չպետք է լինի նրանցից և ոչ մեկը։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Ջղային շարժումներով միրուքն է շփում:)

ԻՍԽԵԼ. Մի մոռանաք, ամիրա, որ այս ապարանքը ինձ է պատկանում, և ձեր ներկայությունը հաճելի չէ։

ՀԱՋԻ ՉԵԼԵԲԻ. (Գազազած աչքերով և քթերի ծակերը լայն-լայն բացած՝ նայում է Իսխելին, ապա մտնում է մատուռը և Տյուզյանների մոր թևից բռնելով՝ բարձրացնում է, իսկ հարսին՝ ձեռքից, և գնում են դահլիճի դռնից դուրս:)

ՄԱՅՐԸ. (Դուրս գալուց առաջ արցունքոտ աչքերով նայում է ամբողջ դահլիճին և լուռ հեռանում:)

ՀԱՐՍԸ. (Գլխիկոր և լալով հեռանում է:)

Նրանց հետևում են բոլորը, բացի Հալետից և Իսխելից:

ԻՍԽԵԼ. Իմ բոլոր ծառայությունների փոխարեն ես մինչև հիմա ոչինչ չեմ խնդրած ձեզանից։ Պահանջում եմ հիմա Հաջի Չելեբու գլուխը։

ՀԱԼԵՏ. Երդվեցի մարգարեի անունով և կկատարեմ, բայց սուլթանին պետք է հասկացնել և ձեռք բերել գլխատման հրամանը։

ԻՍԽԵԼ. Գլուխը, Հալետ էֆենդի, Հաջի Չելեբու գլուխը, թե ոչ չեմ կարող տանել կաթոլիկ սրիկայի ապտակը:

ՀԱԼԵՏ. Պետք է պատճառաբանել նրա գլուխը կտրելու պահանջը։ Հաջի Չելեբին արքունի գլխավոր սեղանավորն է։

Be the first who will comment on this

Other parts of "Նոր Բյուզանդիոն"

Yatuk Music
Dreams
Arno Babajanyan

Dreams

Carthage, 1968
Carthage, 1968
Play Online