Vahan Totovents

Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

9
ԺԸ
Այդ աշխարհում մի սերունդ կար, որ մեծացել էր բաղնիքների ետևում դիզված կայծեր պարունակող մոխրակույտերի մեջ։

Այս սերունդը թուրքերեն լեզվով կոչվում էր քյուլխան բեյի մոխրակույտերի իշխան, որոնց ծնունդը հար և նման էր մեզանից 1930 տարի առաջ ծնված Նազովրեցի Հիսուսի ծնունդին՝ անհայր, որովհետև մեր դարում չէր ճարվի մի դուրգար Հովսեփ, որ կնության առներ մի կույս՝ երեխան գրկում։ Այդ կույսերը տանում, ձգում էին իրենց ոտի ելած մանուկներր բաղնիքների ետևում դիզված մոխրակույտերի մեջ, և նրանք մեծանում էին առանց Հովսեփի ու առանց «սուրբ կույս» մոր։

Ձմեռները նրանք բաց էին անում մոխիրներր, մտնում մեջը, պառկում, մոխիրը քաշում վրաները և քնում՝ ազատվելով անգութ և անկարեկից ցրտից։

Մոխրակույտերի այս իշխաններն ապրում էին կիսամերկ, մեջիդների դռներին սլքտալով, ապտակ ուտելով։

Ճաշում էին աղբակույտերում, ձմերուկի, սեխի, խնձորի կեղևներով, կատուների ճանկերից մսի կտորներ գողանալով, մսագործի խանութներից՝ ոչխարի մի տոտիկ կամ մի գլուխ, քաղաքում հավկիթներ էին թռցնում, թաղերում հարուստների փոքրիկ երեխաների ձեռքից կորզում էին կարկանդակ և մրգեր։

Կեսօրին հավաքվում էին զորանոցի ետևը և օգտվում թափված խարավանայից։ Հարձակվում էին գյուղից քաղաք եկող իշաբեռների, սայլերի վրա, ծեծվելով, քիթ ու բերան ջարդոտելով՝ ձեռք էին բերում մի քանի ափ ցորեն կամ ալյուր, հարձակում էին գործում, մանավանդ, ճակնդեղի բեռների վրա, որովհետև կարող էին ճակնդեղները խաշել բաղնիքի նոր դուրս թափված այրող մոխրի մեջ և ուտել։

Պետական, կրոնական, հասարակական և բարեգործական ոչ մի կազմակերպություն գոյություն չուներ, որ մտածեր այդ «իշխանների» մասին։

Մեռածներին թաղում էին իրենք, մոխրակույտերից մի քիչ հեռու, մի քանի գլուխ ջարդելով նրա ցնցոտիների բաժանման պայքարում։

Տարին մի անգամ բաղնիքի տերը, համաձայն քաղաքային օրենքի, պարտական էր մաքրել ամբողջ մոխրակույտը։ Այդ մաքրության ընթացքում տասնյակ դիակներ էին դուրս գալիս։

Շատերը հենց քնել էին և չէին զարթել։

***

Մոխրակույտերի իշխաններից մեկն էր Ալին, նրանց ամենից գեղեցիկ հերոսը, բարձրահասակ, սիրուն կազմվածքով և ուժեղ։

Ալին 25 տարեկան էր, երբ հայրս կանչեց իր մոտ և նշանակեց նրան մեր ագարակի պահապան։ Մեր ագարակն ավերողները մոխրակույտի իշխաններն էին։ Ալիի պաշտոնի գլուխ անցնելուց հետո՝ ոչ մի «իշխան» չմտավ մեր ագարակը, միայն Ալին իր սեփական խմբին երբեմն մատակարարում էր մեր ագարակից մրգեղեն և բանջարեղեն։

Հայրս գոհ էր Ալիի պաշտպանությունից։ Ագարակը միանգամայն փրկվեց փչանալուց։

Ալին հավատարիմ էր, անկեղծ և հանդուգն։ Նա կռվի էր բռնվում ոստիկանների հետ և հաղթում։

Մեր ագարակը մտնելուց հետո՝ նա փոխեց իր շորերը, կյանքում երրորդ անգամը լինելով՝ լողացավ, ածիլվեց, մազերը խուզեց, լայն, երկար և կանաչ գոտի կապեց մեջքին և նրա մեջ խրեց դանակն ու մարդ ծեծելու փայտի կամ գավազանի չափ հաստ և երկար մուշտուկը։

Այս կերպարանափոխությունից հետո էլ մարդիկ չմոռացան նրա սոցիալական ծագումը և ամեն առիթի նրա երեսին շպրտում էին նախկին արհամարհական խոսքը․

Քյուլխան բեյի

Մի օր Ալին եկավ հորս մոտ, ամաչելով կանգնեց և ասաց․

Հաջի էֆենդի, ես մտածում եմ ուրիշ քաղաք գնալ, այստեղ բոլորն էլ գիտեն, որ քյուլխան բեյի եմ։

Ամաչելով իր ծագումից, կյանքումը լաց չեղած այս բիրտ մարդը լաց եղավ, թափեց այրող արցունքներ, որ մինչև այն ժամանակ անծանոթ էին նրա կոպերին։ Նա լաց էր եղել

միայն փայտի հարվածներից և ոստիկանների հանկարծակի հասցրած մտրակներից։

Ականջ մի՛ կախեր, Ալի՛, ասաց հայրս, մի քանի տարիեն ամեն մարդ կմոռանա քու քյուլխան բեյի ըլլելդ, մարդ կդառնաս, և նրա ձեռքը դրավ մի քանի մեջիդ արծաթ դրամ։

Ալին փող չէր պահում իր մոտ, հորիցս առած փողը պահ էր տալիս իմ պառավ հորաքրոջս։ Նա, ուտելուց և հագնելուց բացի, ոչ մի պահանջ չուներ, ուտում էր մեզ մոտ, հագնում էր հորս գնած չուխան, պառավ հորաքույրս էլ մատակարարում էր նրան ծխախոտ՝ հորս Տրապիզոնի պահեստից։

Ալին մտահոգված էր իր խմբի ընկերներին մի մի պաշտոն գտնելով։ Մի քանիսին սպասավոր դարձրեց, շնորհիվ մեր տան միջոցով ձեռք բերած իր ծանոթությունների, մի քանիսին կառապանի պաշտոնի բարձրացրեց, մի քանիսին՝ ձի պահող, իսկ մնացածներն էլ մարդ սպանեցին ու փախան սարը և դառան ահ ու սարսափ ազդող բանդիտներ։

Խոսում էին, որ Ալիի բանդիտ ընկերները մեկ֊մեկ իջնում են սարից և հյուրընկալվում մեր ագարակում Ալիի կողմից, բայց մենք երբեք չէինք տեսել։

Քաղաքային իշխանությունը մի քանի անգամ գաղտնի ոստիկաններ պահեց մեր ագարակում՝ բռնելու Ալիի ընկեր բանդիտներին, բայց բոլոր փորձերն անցան անհաջող։ Մի փոքրիկ նշան պարսպի դռան վրա բավական էր, որ սարից իջնող մարդիկ չմտնեին ագարակը։ Բայց որպեսզի իզուր չանցներ սարից քաղաք իջնելը, կողոպտում էին հանդիպած մարդուն և հեռանում։

Մայրս միշտ մտահոգված էր, որ մի՜ գուցե մի օր էլ հայրս պատահեր նրանց և կողոպտվեր։

Գիշերները շուտ եկուր ագարակեն, ասում էր մայրըս, օր մըլ քեզ կը կողոպտին, գոնե սահաթդ և փարաներդ հետդ մի՛ տաներ։

Ականջ մի կախեր, կնիկ, պատասխանում էր հայրս, ընծի կը ճանչնան, էդպես ապուր չեն ուտեր։

Եվ մի օր էլ այդ ապուրը կերան, հայրս տուն եկավ կողոպտված։ Մայրս հիշեցրեց նրան իր նախազգուշացումը։

Շատ մութ էր, ա՛ղջի, ձենս էլ չճանչցան, պատասխանեց հայրս։

Էնքան մութ էր, որ չճանչցա՞ն։

Եթե ճանչնային, էդ ապուրը չէին ուտեր։

Հայրս կես֊գիշերին մարդ ուղարկեց մեր ագարակը և Ալիին կանչել տվեց։

Ալին շնչասպառ եկավ։ Հայրս պատմեց նրան եղելությունը։ Ալին տխրեց, դուրս եկավ տնից առանց մի բան ասելու։

Առավոտյան կանուխ անծանոթ մարդիկ մեր լուսամուտից ներս նետեցին կողոպտված ժամացույցը, վերարկուն, փողերը և մի քանի թղթեր։

Ալին կեսօրից առաջ տուն եկավ, կանգնեց հորս առաջ ամոթահար։

Հաջի էֆենդի, չեն ճանչցեր, ասաց։

Անոթի մարդիկ են, պատասխանեց հայրս, չեմ մեղադրեր։

Ալին հավատարմությամբ և հերոսությամբ պաշտպանեց մեր ագարակը՝ ամեն 8 և 10 օրը մեկ անգամ արյուն թափելով մի թփի և կամ աննշան մի տերևի համար։

Մի օր Ալին տնկվեց հորս դիմաց՝ ինչ֊որ մտքերով պաշարված։ Աչքերը փայլում էին, կարծես մի բան էր գտել և ուզում էր հորս հայտնել, բայց ամաչում էր ու քաշվում։.

Ի՞նչ կա, Ալի, հարցրեց հայրս։

Հաջի էֆենդի, բան մը պիտի ըսեմ, ամա կամչնամ, վախենամ վրաս խնդաս։

Ըսե, մի վախնար, եթե խնդալու է, կխնդանք, ինչու՞ կքաշվիս։

Ալին կմկմալով, բայց խորապես համոզված շեշտով, սկսեց․

Հաջի էֆենդի, որոշեցի բոբիկ ոտքով Մեքքե երթամ, հաջի ըլլամ ու ետ գամ։ Ուխտ եմ դրեր, կուզեմ կատարել։

Շատ աղեկ բան ես մտքիդ դրեր, Ալի, գնա, բայց ինչու՞ բոբիկ ոտքով։

Բոբիկ ոտքով, որպեսզի միտքս դրած մուրազս կատարվի։

Շատ աղեկ, շատ աղեկ, եզրակացրեց հայրս։

Ալին մի բան էլ ուներ ասելու, ավելի շուտ այս բանի համար էր, որ նա սկզբից ամաչում և քաշվում էր։

Հաջի էֆենդի, ես քու ոտքիդ ղուրբան ըլլիմ, պաղատեց Ալին։

Հայրս հասկացավ։

Ալի՛, ըսե՛, ես քեզի շատ բան եմ պարտական։

Ալին համարձակվեց։

Հաջի էֆենդի, երկու ոսկի տաս ինձ, ճանապարհին անոթի չմեռնեմ, կմկմաց։

Երկու ոսկին քիչ է, պատասխանեց հայրս, քըզի տասնևհինգ ոսկի կուտամ։

Ալին կռացավ և հորս վերարկուի քղանցքները համբուրեց։

Հաջորդ օրն իսկ Ալին հայտարարեց իր ուխտագնացությունը։ Իսլամական սովորության համաձայն պետք է նվերներով ճամփու դնեին Ալիին իր իսլամ կրոնակիցները։

Հաջորդ օրը, երբ հայրս Ալիի բռումը համրեց տասնևհինգ ոսկին, մորս կրոնական զգացումներին դիպավ։ Նա ասաց․

Եթե հայ քրիստոնյա մը Երուսաղեմ գնա՝ չես տար։

Ես իմ գործը գիտեմ, պատասխանեց հայրս, Ալին թող ետ գա, ես հարյուրներ կը վաստակեմ։

Մի քանի օրից, երբ Ալին ճանապարհ ընկավ, ցնցոտիներ հագած, բոբիկ և ձեռին մի երկար և անտաշ գավազան, իր իսլամ կրոնակիցներից շատերը ողջերթ մաղթեցին նրան։ Նվեր գրեթե չստացավ։ Նրա սոցիալական ծագումը հաղթեց կրոնական զգացումներին և ընդհանուր հավատքին։

Ալին նորից համբուրեց հորս վերարկուի քղանցքները և համառ, հանդուգն ու վճռական տոնով ասաց․

Հաջի էֆենդի, աշխարհքին խերը պիտի անիծեմ։

Հայրս Ալիի ճակատից համբուրեց և գաղտագողի մի ոսկի ևս դնելով նրա ափի մեջ՝ ասաց․

Երուսաղեմեն որ անցնիս, էնտեղ մի ջրհոր կա, Հակովբա ջրհորը, ուր մեր Քրիստոսը հանդիպավ Սամարացի կնոջ, էդ ջրհորին վրա, իմ հոգու համար, մի մոմ վառե՛։

Մի քանի հատ կը վառեմ, հաջի էֆենդի, անհոգ ըլլիր, եղավ Ալիի վերջին խոսքը և ճանապարհ ընկավ դեպի Մեքքե։

***

Ալին գնաց, անցավ երկու տարի։ Նրանց ոչ մի լուր։

Գնաց մի քաղաք, տված դրամդ դրամագլուխ շինեց և բացեց մի խանութ ու կապրի իր համար, ասում էին շատերը հորս։

Հայրս համառորեն պնդում էր․

Ալին վերջը֊վերջը կուգա, դուք կտեսնեք։

Մեր քաղաքից մի քանի թուրքեր վերադարձան Մեքքեից։

Հայրս հարցուփորձ արավ։

Ես տեսա նրան Երուսաղեմում, ասաց նրանցից մեկը, նա դեռևս ուշ կգա, ոտով էր գնում։

Իսլամ ուխտավորները տարածեցին ամբողջ քաղաքում Ալիի ջերմեռանդությունը, նրա կրոնական կրակը։ Նա այդ զոհաբերությամբ պիտի սրբեր սոցիալական իր ամբողջ «բասիրը», իր ծագման ամբողջ «կեղտը»։

***

Երեք տարի անցնելուց հետո՝ մի օր մեր քաղաքի պատերի վրա յաֆտաներ փակցրին, որ Ալին գալիս է Մեքքեից բոբիկ ոտքերով, հոգնած և ուժասպառ, և որ ամեն իսլամի պարտականությունն է դիմավորել ու հոտոտել նրանից իսլամներին խոստացված դրախտը։

Լուր տարածվեց, որ Ալին գալիս է մարգարեից ստացված չտեսնված շնորհով։ Այդ շնորհին արժանացել էր նա բոբիկ ոտքերով մինչև Մեքքե քայլած լինելուն համար, այրելով իր ճակատը և ոտները արաբական կիզիչ արևի տակ և ավազների վրա։

Երկու օրից Ալիին բեյ հռչակեցին Ալի բեյ։ Այս տիտղոսը նա ստացավ ինքնաբուխ կերպով հավատացյալ ժողովրդից իր ժամանումից առաջ։

Ամեն մի հավատացյալ իսլամ պատրաստվեց դիմավորել նրան նվերներով։

***

Ամառ է։ Դաշտի օդն ալիքավորվում է միջօրեի տապից, այրվում է հողը, մի դաժան և անկարեկիր արև վառում է դաշտի ցորենները։

Բազմահազար ժողովուրդ լցված է փոշեթաթախ ճանապարհին, երկու֊երեք մղոն գետնին փռված արևելյան գորգերը կորցրել են իրենց կախարդական գույները փոշուց։

Հեռվից նշմարվում է մի կետ։ Ճանաչելի է դառնում։ Ալին է․ գլխին մի կանաչ ապարոշ, հագին երկար և կանաչ աբա, ձեռքին նույն երկար և անտաշ գավազանը, կուրծքը բաց, բոբիկ․ նա բաց է արել նաև իր արությունը, որի վրա, մարգարեի հաճությամբ, դրոշմված է հաջին․ ահա այն շնորհը, որին նա արժանացել է ի փոխարեն իր բոբիկ և ցնցոտիապատ ուխտագնացության։

Խռնվում է ժողովուրդը նրա շուրջը լուռ և անձկագին աճապարանքով, սկսում են երկյուղածությամբ համբուրել մարգարեի շնորհին արժանացած նրա արության խորհրդանշանը՝ հաղորդակից լինելով իսլամական դրախտի շնչին։ Ամեն համբուրող, նրա քղանցքներին և գավազանին դիպչող ամեն մի մարդ մատուցանում է իր նվերը բոբիկ ընտրյալին։

Ոմանք բերում են ձիեր իբրև նվեր, ոմանք նվիրում են իրենց կալվածների մի մասը, մի ամբողջ խանութ, հայտարարում են իրենց նվերները համբուրելիս, բերում են մետաքսներ, արծաթներ, ոսկիներ, բերում են կահ֊կարասիներ, խալիչաներ, սփռոցն եր, խուտնի֊խումաշ անկողիններ, մահճակալ, վառարան, հագուստեղեններ։ Նվերների համար պատրաստված կառքերը լցվում են, և շարքը քանի գնում երկարում է։

Ալին լուռ է, փոշեթաթախ և դողահար։

Մտնում է քաղաք։

Տանիքները լիքն են հետաքրքրվող ժողովրդով, լուսամուտների վանդակների ետև ծակում են աչքերը կանանց, մարմրում են սրտերն իսլամ մայրերի՝ իրենց փոքրիկ աղջիկներին ընծայաբերելու մարգարեի ընտրյալին։

Ալին լուռ է։ Փոշին և քրտինքն ակոսներ են փորել նրա ճակատի վրա և քունքերից վար։ Քայլում է դանդաղ, պարտասուն։

Հասնում է քաղաքի մեջիդը, չոքում է դռան շեմքին, համբուրում է մաշված մարմարը, աղոթում է երեսը դեպի հարամ, մտնում է ներս, էլի աղոթում։

Ալիին առաջնորդում են մեջիդի կողմից իրեն նվիրված մի գավառական պալատ՝ ուր հասնելիս նա ցանկություն է հայտնում քնել։

Հայրս նրա մոտ չգնաց, բայց կես֊գիշերին Ալին մարդ էր ուղարկել հորս և խնդրել նրանից՝ «շնորհ բերել» իր մոտ։

Երբ հայրս մտնում է Ալիի սենյակը, նա ոտքի է կանգնում, վազում և համբուրում է նրան։

Հաջի էֆենդի, քու շնորհիվ աշխարհքին խերն անիծեցի, ասում է նա։

Բաժանվելուց առաջ Ալի բեյը ստիպում է հորս ետ վերցնել իր տված փողը։ Հայրս կտրականապես հրաժարվում է։

Ես իմ հոգու համար եմ տվել, ասում է հայրս։

Ալի բեյը խոստանում է մինչև անգամ իր կյանքի գնովն օգնել հորս իր նեղությունների մեջ։ Հայրս շնորհակալություն է հայտնում։

***

Մի ամսից հետո Ալին նպարեղենի խանութ բաց արեց, որի մեջ կշեռք և չափ չկար, որովհետև հաճախոդներին ապրանք չէր ծախում։

Նա նստում էր խանութում, մետաքս, խուտնի֊խումաշ բարձերով շրջապատված, մարգարեական կանաչ արան հագին, մի արշին երկար մուշտուկը բերնին, կանաչ ապարոշով։ Անցնող հարուստներին նա հրավիրում էր խանութը։

Ձեր տունն ի՞նչ ուղարկեմ, հարց էր տալիս։

Հարուստները նրանից խնդրում էին ուղարկել խանութի ապրանքի ամեն տեսակից և դնում էին մետաքսե բարձերի վրա մի քանի դեղին ոսկի։

Ալի բեյն ապրում էր անիմանալի ճոխության, շռայլության և շվայտության մեջ, ապրում էր նա ժամանակակից հազար ու մեկ գիշերներ։

Իրար ետևից նա կնության առավ 8 աղջիկ, բոլորն էլ 12 տարեկան։

Նա շատ աշխատեց իր ընկերներին սարից քաղաք բերել, խոստացավ նրանց փող, տուն, խանութ և պաշտպանություն, բայց նրանք չհամաձայնեցին թողնել սարը և քաղաք իջնել։

Մի օր քաղաքում իրարանցում էր։ Ալին ապտակել էր մի կատաղածի համբավ ունեցող ոստիկանապետի։ Ալին տեսել էր, որ ոստիկանապետը ձգել էր իր մտրակի տակ մի քյուլխան բեյի և ծեծում էր։ Քյուլխան բեյին ճչում էր մտրակի հարվածների տակ այնպես, ինչպես հարյուրավոր անգամներ ճչացել էր Ալին, ինքը․ նա նախ մտածել էր անտարբեր անցնել, բայց ճիչը նրան պարտադրել էր ետ դառնալ և մի ապտակ իջեցնել ոստիկանապետին։

Քյուլխան բեյին կպաշտպանե, ասում էին բոլորը գաղտնի, անկյուններում, չհամարձակվելով հրապարակով դեմ գնալ մարգարեի ընտրյալին։

Մոխրակույտերի բոլոր իշխաններն օրական երեք անգամ խռնվում էին Ալի բեյի տան առաջ։ Ալին նստում էր լուսամուտի ետև, ամբոխից աննշմարելի, մինչև սպասավորները յուրաքանչյուր անգամին 50֊ական օխա հաց էին փրթում։ Ստեղծվում էր մի դաժան տեսարան, «իշխանները» իրար էին բզկտում մի կտոր ավելի կորզելու համար, քաշքշում էին իրար, տասնյակներ թափվում էին իրար վրա, ճխլտելով տակի մնացածներին։ Եվ վերջ ի վերջո մնում էին ամենաթշվառները, որոնց ձեռքը մի փշուր անգամ չէր անցնում։ Ալին նրանց կանչում էր ներս և իր ձեռքով բոլորին էլ մեկ֊մեկ բաժին տալիս և ուղարկում։

Ալին մի օր ասել էր հորս․

Մոխիրներու մեջ պառկելն էնպես եմ կարոտցե՜ր․․․

Մետաքսների, իսլամ հուրիների և ոսկիների մթնոլորտում տենչում էր երբեմն անցյալ կյանքը։ Հրամայում էր իր սպասավորներից մեկին՝ կապել կարմիր և կեղտոտ գոգնոց, դրսի թուրք ղայֆեճիների նման, և թրքական մի սուրճ բերել, խմելուց հետո խնդրում էր սպասավորից, որ փող չունի վճարելու, պետք է ապառիկ գրի։ Սպասավորը սենյակի դռան ետև ածուխով մի գիծ էր քաշում իբրև սուրճի պարտք, այնպես, ինչպես դրսի մարդիկ անում էին ղայֆեխանաներում։

Ալին մեծ բավականություն էր զգում այս սուտ ղայֆախանան հաճախելուց։

― Բոշայից փաշա դուրս չի գա, ասում էր հայրս։

Ալիի Մեքքեից վերադարձից հետո՝ հայրս նրա միջոցով գլուխ բերեց զանազան գործեր՝ ետ առավ գրավված հողեր, իր բարեկամներին և ազգականներին բանտից հանել տվեց, մինչև անգամ արտոնություն ստացավ ընդարձակելու հայոց գերեզմանոցը, մի հարց, որի համար մի ամբողջ սերունդ չարչարվել էր, մինչև անգամ Պոլիս, սուլթանի մոտ, պատգամավորություն էր գնացել և մերժված վերադարձել․․․

ԺԹ

Մենք մի հարևան ունեինք, որ աղավնի էր խաղացնում՝ աղվընիկ խաղցնող Ակոբը։ Մոտավորապես հարյուր թև աղավնի ուներ նա։

Աղվընիկ խաղցնելը համարվում էր ամենաստոր զբաղմունքը։

Ծերերն ասում էին. «Աղվընիկն անմեղ է, բայց մահ է»։

Մինչև անգամ, երբ աղավնի էին տեսնում երազում սարսափում էին նրանք։

Ամեն անգամ, երբ մայրս տեսնում էր աղավնին մեր կտուրի վրա իջած, ահով էր բռնվում։

Աղվընիկը տեներին (կտուրին) վրե է նստեր, ― ասում էր և խաչակնքում դողահար։

Հին այդ երկրռւմ որևէ մեկին անարգելու համար «աղվընիկ խաղցնող» էին կանչում, եթե մինչև անգամ աղավնիների հետ կապ էլ չունենար։

Դպրոցում մեր կրոնի վարժապետը դաս չիմացող աշակերտի երեսին թքում էր և բղավում.

Դասդ չես գիտեր, աղվը՛նիկ խաղցնող։

Մենք կարող էինք գանգատվել դպրոցի տեսչին, որ խոսակցության ընթացքում մի աշակերտ մի ուրիշ աշակերտի «աղվընիկ խաղցնող» ածականով է որակել։ Սա ավելի ստոր հայհոյանք էր համարվում, քան մորը հայհոյելը։

Իսկ իսկական աղվընիկ խաղցնողին մատով էին ցույց տալիս, ինչպես պոռնիկին և գողին։

Ոչ միայն աղվընիկ խաղցնողին աղջիկ չէին տալիս և աղվընիկ խաղցնողի տղին, այլ նաև աղջկան չէին ուզում։ Որոնում

էին, մինչև անգամ, թե՝ տղի կամ աղջկա «ճինսին» մեջ աղվընիկ խաղցնող եղե՞ր է, թե չէ։

Եթե մեկնումեկը ասեր թե՝

Կրսեն քի աղջկա (կամ տղի) մորը հորհղբոր փեսի ախպարն աղվընիկ խաղցնող է եղեր։

Եվ եզրակացությունը պարզ էր՝ անմիջապես նշանը (եթե մինչև անգամ տվել էին) ետ էին ուղարկում, խնամիական բոլոր կապերը խզում։

Բայց մենք՝ մանուկներս, սիրում էինք աղավնիները, իսկ աղվընիկ խաղցնողները մեր աչքերում հերոսներ էին։

Մանուկների համար այդ բոլորն անհասկանալի, այդ բոլորը տարօրինակ, այդ բոլորն ապշեցնող էին։

Չէ՞ որ եկեղեցում ոսկյա աղավնու բերանից էին կաթեցնում մեռոնը՝ թևաբաց ոսկյա աղավնու։

Աղավնին գովաբանվում էր, իբրև անմեղության նշան, բոլոր երգերում։

Մանկությունն անմեղություն է

Եվ մենք սիրում էինք աղավնիներին։

Մենք մի փոքրիկ մարմարյա արձան ունեինք։ Դա մի մերկ, սիրուն աղջիկ էր՝ աջ ուսին մի աղավնի թառած։

Այդ արձանը հայրս Ստամբուլից էր բերել։ Դրված էր իր սենյակում, ընկուզե փայտից շինված պատվանդանի վրա, ետևում թավշյա սև ֆոն։

Որքան որ մայրս սարսափում էր աղավնուց, բայց էլի լավ բաները նմանեցնում էր աղավնու։

Երբ մեծ եղբորս երեխա էր ծնվում, գրկում էր, սիրում, վեր֊վեր թռցնում և ասում․

Ձագո՛ւկս, աղվընիկի կըլմանիս։

Իսկ երբ բաղնիքում մի սիրուն, ջահել աղջիկ էր տեսնում, ասում էր․

Լուսինկայի պես մարմին ունի, թամամ ճերմակ աղավնիկ։

Ես հրճվում էի, որ մայրս այդպես բարձր էր գնահատում աղավնիները, տխրում էի, որ սարսափից խաչակնքում էր։

Ինձ այրում էր մի տենչանք՝ ուզում էի, որ ծնողներ չունենայի, լինեի որբ, բոլորովին ազատ և դառնայի աղվընիկ խաղցնող։

Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։

Ես ամեն օր բարձրանում էի կտուրը, որպեսզի դիտեմ Ակոբի աղավնիները։

Կտուր էի բարձրանում գաղտնի, որ ոչ ոք չիմանա։ Ամոթ էր մեր ընտանիքի որևէ անդամի համար, թեկուզ ինձ նման աննշան անդամի համար, բարձրանալ կտուրը՝ դիտելու աղվընիկ խաղցնող Ակոբին, ամոթ էր հրճվել աղավնիների թռիչքով։ Բայց ես, անդիմադրելի մղումով, բարձրանում էի և դիտում։

Նրանք գլուխկոնծի էին տալիս մաքուր, ջինջ, կապույտ օդում։

Հրճվում էի ես խելագարի նման։ Երբեմն պահվում էի կտուրի լողտուրի ետև, որպեսզի աղավնիները չվախենան, իջնեն մեր կտուրի վրա և ես կարողանամ, թերևս, բռնել նրանցից մեկնումեկը, կպցնել մատներս փետուրներին։ Ոչ մի անգամ էլ չէր հաջոդվում այդ։

Լողտուրի ետևում պահված՝ ես տեսնում էի, որ նրանցից մի քանիսն իջան մեր կտուրի քիվի վրա։ Ես միայն տասը քայլ հեռու եմ նրանցից, դիտում եմ ագահությամբ, այնպես զգույշ, շունչս փորս գցած, որպեսզի շուտ չթռչեն։

Ես երազումս տեսնում էի Ակոբի աղավնիները։ Իջել են նրանք գլխիս, ուսերիս, թևերիս։ Լսում եմ նրանց մրմունջը։

Սկսում եմ ցատկել, պարել։

Նրանցից ոչ մեկը չի փախչում, բռնում եմ, շոյում, սիրում, գգվում, համբուրում, դնում ծոցիս մեջ։

Հանկարծ զգում եմ, որ երազ է, բայց շարունակվում է երազը, աղավնիներր գլխիս վրա են, ուսերիս, ծոցումս։

Զարթնում եմ, ամեն ինչ չքանում է, միայն դեռևս, կարծես, շարունակում եմ լսել նրանց մրմունջը։ Երկար շարունակվում է սպիտակ աղավնիների երազի անիմանալի խայտանքը։

Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ արհամարհում էին աղավնիները, ինչո՞ւ էին անարգում, անպատվում աղվընիկ խաղցնողներին, մանավանդ աղվընիկ խաղցնող Ակոբին։

***
Երեկո է։ Արևը դեռ չի թաղվել հեռավոր սարերի ետևը, քիչ տեղացող անձրևը մաքրել է երկրի դեմքը։

Պայծառ լույս է։ Լուսամուտների ապակիները փածկլտում են։

Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արեց աղավնիների դռնակը։

Աղավնիները թռան դուրս ուրախ համերգով։

Ոմանք սպիտակ են, կաթնագույն։ Թռչելիս մի բմբուլ է պոկվում, օրորվելով ընկնում գետին, մանուկները վազում են, իրար ձեռքից խլում, ձեռք բերողը ամրացնում է գդակին։ Ոմանք ժայռային մուգ֊կապույտ գույն ունեն, ոմանք՝ տեղ֊տեղ սպիտակ, մուգ գույնով, լուսնկայի կաթնային սկավառակի վրա մուգ գույնի թղթի կտորներ փակցվածի նման, ոմանք՝ ծխախառն բոցի գույնով, արևմարի վերջին շողերի նման, ոմանք՝ դեղնագույն կարմիր, կարծես աշնան տերևներ են հագել։

Օդում երբ կաթնագույնները հանդիպում են բամբակի կույտերի նման սպիտակ ամպերի ֆոնին, էլ չեն երևում, կարծես հալչում են, իսկ երբ ամպերը մթին էին լինում՝ մոխրագույններն էին անէանում, կարծես լուծվում էին ամպերում։

Ահա մի զույգ, կրծքները կլորաձև կանաչին է տալիս, բայց երբ մի ակնթարթ փոխվում են դիրքերը, կանաչը կորչում է և մանիշակագույնին է տալիս։

Նազանքով և մրմունջներով կտուրի վրա քայլում է մի ուրիշ խումբ, ամբողջովին շագանակագույն֊սուրճի և շաքարի փոշու խառնուրդ երբ թռչում են, պոչերն աղեղնաձև բացած, քչքչում են, վիզերը հարատև շարժման մեջ, ջրի նման շարժուն այնքան թեթև, դարձդարձիկ ու լույծ՝ ալիքի վրա նետված գնդակի նման։

Եվ աղավնիները մահ էին, չար, սև՜ մահ։

Ես երբեք չէի կարող հասկանալ մթին այս առեղծվածը։

«Աղվընիկ խաղցուց, տունը մոխիր դարձավ», ասում էին հին մի աղվընիկ խաղցնողի մասին։

***
Աղվընիկ խաղցնողները մշտական կռվի մեջ էին։ Երբ նրանք տեսնում էին աղավնիներ օդում ճախրելիս, բաց էին թողնում իրենց լավագույն աղավնին, որպեսզի գնա, նրանցից մեկնումեկին քաշի, բերի։

Իրար ձեռքից աղավնիներ էին խլում սա էր աղավնի խաղցնելու հմայքը։

Աղավնին չափազանց դարպասող թռչուն է, դյութող ու դյութվող։

Սեռն աղավնու ամենուժեղ բնազդն է։

Տաքացած տափակ կտուրի վրա, երբ արևի շողը կաթկթում է հեղուկի նման, կտուցներն այրվում են սիրուց, քչքչում են, թռվոտում, կտուցներն ընկղմում իրենց փետուրների մեջ, կտցահարում են մարմինները՝ խայտանքից հարբած, մոտենում են իրար՝ սիրուց կրակված, քսվռտվում են, կտուցները զարնում իրար, թռնում իրար վրա։

Աղվընիկ խաղցնողը տեսնում է, որ մի կտուրից համարձակ օդը բարձրացավ մի մարի (էգ)։

Գեղեցիկ է։ Փոփոխակի մանիշակագույն և կանաչ կուրծքը փռվում է արևի շողերի տակ։

Հանում է մի դարպասող պապի (արու), «ճինս» աղավնի, տասնյակ հաղթանակներ տարած։

Պապին գնում էր, օդում դարձդարձիկ շարժումներ գործում, դառնում էր, անվերջ դառնում, մինչև հմայեր մյուսին, քաշեր բերեր իր բույնը։

Աղավնիների այդ պայքարի ժամանակ երկու աղավնիների տերերը, տարբեր կտուրների վրա, բռնվում էին անսահման անձկությամբ։ Նրանք օտարոտի սպասում էին վախճանին, ներքևից ընտանի սուլոցներ բաց թողնելով՝ ոգևորելու և քաջալերելու իրենց պայքարող աղավնիներին։

Մինչև պայքարի վախճանը նրանք ապրում էին կես հոգեվարք։ Մութը պատում էր նրան, որի աղավնին հմայված մյուսից գնում էր նրա ետևից։

Դրանից սկսվում էր մահացու թշնամությունը՝ մինչև արյուն, մինչև մահ։

Պարտված աղավնու տերը զգում էր իրան ցեխի մեջ տրորված, անպատված։ Նրա համար ավելի նախընտրելի էր, որ ինքը խայտառակվեր ամբողջ քաղաքում, քան թե իր աղավնին պարտվեր պայքարում։

Թշնամությունը տևում էր սերունդից սերունդ, չէր մոռացվում ահավոր անպատվությունը։

Եվ հաճախ պարտված աղավնու տերը, չհամբերելով, որ

մի օր անցնի և պատահարը դառնա պատմություն, գալիս, կանգնում էր հաղթանակող աղավնու տիրոջ տան շեմքին։

Փայլում էր դանակը։

Հավաքվում էր աղվընիկ խաղցնողների և աղավնու սիրահարների խումբը, բաժանվում երկու մասի։

Խարդախությամբ տարավ աղվընիկս, գոչում էր պարտվողը։

Ի՞նչ խարդախություն կարող էր լինել անմեղ թռչունների սիրային պայքարում, այն էլ օդում։

Ետ տի տաս աղվընիկս, չէ նե․․․ և ցույց էր տալիս դանակը։

Հաղթանակող աղավնու տերը, շողացնելով մի ուրիշ դանակ, հայտարարում էր․

Ուր կուզես նե գնա, չիմ տար, էրիկ մարդ ես՝ դիմացի՛ր։

Դանակները զարկվում էին իրար, նրանց զիլ և սուր զրնգոցը ճեղքում էր օդը իրարանցում, խռնվում, քաշքշոց, շորերի պատառոտում, կանանց և երեխաներրի լաց և․․․ հոսում էր արյունը մեկնումեկից։

Եթե պարտվող աղավնու տերն էր արյուն թափողը, ամիսներով նրան չէր կարելի տեսնել քաղաքի փողոցներում։ Նա փակվում էր տանը, լուսամուտների վարագույրները քաշում։

Կնկանը վարտիքն է մտեր, դուրս չելլեր, ասում էին նրա հակառակորդները։

Իսկ եթե հաղթանակող աղավնու տերն էր արյուն թափողը, վերքը կապելուց հետո դուրս էր գալիս փողոց, գլուխը բարձր բռնած, ֆեսը հասցրած մինչև հոնքերը և ծոպն առաջը ամենագոռոզ և ամենալկտի ֆես դնելու ձևը քայլում էր ոչ ոքին չբարևելով, ոչ ոքի երեսին մտիկ չտալով։ Ռազմի դաշտից վերադարձած արյունարբու հերոսի նման։

Ահա թե ինչու ծերերն ասում էին, որ աղվընիկն անմեղ է, բայց մահ է, աղավնու կաթնագույն թևերի տակ արյուն կար և մահ։

Բայց այդ զարհուրանքից և արյունից հետո էլ իմ հոգին ձգտում էր դեպի աղավնիները։

Երբ փողոցում դանակներ էին շողում և ատելությամբ զարկվում իրար, վերևում, պաղպաջուն և կապույտ երկնքում, աղավնիները շարունակում էին ճախրել ու դառնալ իրենց անմեղության պարը։

Ի՞նչ կապ ունեին աղավնիները մարդկանց պատվի, դիրքի և չարության հետ։ Նրանք ճախրում էին արևի շողերի ծովում, շողերի հեշտագին ալիքներում, ինչ փույթ, թե ներքևում մարդիկ արյուն էին թափում և թափված արյան հանցանքր փաթաթում իրենց սպիտակ և անմեղ վզերին։ Մեկը հմայվում էր մյուսից, հանձնվում էր նրան, հետևում էր, գալիս, իջնում էր նրա տաքուկ բույնը, ամբողջ գիշերն քչքչում, կտուցը կտուցին զարկում, հարբում սիրուց և առավոտյան, արևի շողերի տակ, շարունակում սիրո անմեղ խաղը։

***

Մեր հարևան աղվընիկ խաղցնող Ակոբն արհեստով սափրիչ էր։

Նա այդ արհեստին օրվա քիչ ժամանակն էր նվիրում։ Գրեթե միշտ կտուրի վրա էր, աղավնիներն էր թռցնում, ետ կանչում, նորից բաց թողնում, հետևում յուրաքանչյուր աղավնու թռիչքին, հետևում սրտատրոփ և հափշտակված։

Ակոբը թեև լավ ածիլող, մաքրասեր սափրիչ էր, բայց սակավաթիվ հաճախորդներ ուներ, որովհետև հաճախորդ վաստակելու ջանք չէր թափում։

Մենք՝ մանուկներս, գնում էինք նրա կրպակը։ Ակոբը գործի վրա է, սապնել է հաճախորդի երեսը, սպիտակ փրփուրով լցրել, միայն քիթն ու աչքերն են ազատ։ Ակոբը հենց փորձում է ածելին սրել կաշվի վրա, որպեսզի սկսի սափրել, մենք սկսում ենք խոսել քաղաքում մի որևէ անուն հանած աղավնու մասին։

Կըսեն քի՝ Պեյրոսի չիլը երկու ձագ հաներ է, ասում է մեզանից մեկը և գաղտագողի ժպտում։

Մենք միայն իրար հետ ենք խոսում և իբր թե սպասում ենք մազերնիս խուզելու, բայց Ակոբը չի դիմանում, թողնում է հաճախորդին և մոտենում է մեզ.

Ուրկե՞ լսեցիք, վո՞վ ըսավ, հարցնում է անձկագին։

Մինասն ըսավ։

Չէ՜, ջանը՜մ։

Հա, իրավ է, երկու ձագ։

Մինասը սուտ կը խոսա…

Հաճախորդը գոռում է, երեսի օճառի փրփուրներր հետզհետե սմքում են։ Քթի տակը օճառի պղպջակների պայթելուց՝ քորվում է։

Ածիլե՛ երթամ, բե՛ ջանըմ։

Շատ մի խոսա՛, էստեղ գործ ունիմ, պատասխանում է Ակոբը և շարունակում վիճել չարաճճի մանուկների հետ աղվընիկ խաղցնող Պեյրոսի Չիլ աղավնու մասին։

Ծո, շուտ ըսե, վո՞վ ըսավ, քեզի կըսիմ, նորից հարցնում է Ակոբը մտահոգ։

― Աչվըներովս տեսանք։

Ակոբը տխրում է։ Դա նշանակում է, որ Պեյրոսը շուտով առավելություն է ձեռք բերելու։ Պեյրոսի Չիլը Դիարբեքիրից են բերել, համարվում է Փոքր Ասիայի ամենաազնիվ ճինսերից մեկը, երկնքից կարող է քաշել֊տանել որևէ աղավնի և նա աճել է երկուսով։

Մութը պատում է Ակոբին։

Չիլի անունը մենծ է, ամա ադքան չէ, հարում է Ակոբն իրան մխիթարելու համար, բայց թախիծը թանձրանում է նրա աչքերում։

Հաճախորդը զայրանում է։

Տ՚ածիլե՞ս թե չէ, և հայհոյում է։

Ակոբի աչքերը թարս ու թուրս են նայում, հաճախորդը վախենում է այդ աչքերից․ Ակոբը, հանկարծ, կարող է փոխել ածելիի իսկական դերը։ Ակոբը մոտենում է հաճախորդին՝ ածելին ձեռքը։

Ի՞նչ կուզես, հարցնում է հանգիստ, բայց սարսափելի է այդ հանգիստ տոնը, որովհետև դա զայրույթի բարձրագույն կետն է։

Հաճախորդը մեղմանում է և աղաչական հարում․

― Կուզիմ քի, ածիլես երթամ։

Ակոբը քաշում է սրբիչը, մաքրում հաճախորդի երեսի օճառը և՝

Վերջացավ, յալլա՜․․․

Հաճախորդը վեր է կենում նստարանից, ֆեսը դնում և հեռանում, եզրակացնելով, որ ազատվեց ստույգ վտանգից։

Ուրիշ գործ չունիմ դե՝ իրեն երեսը տածիլիմ, մրթմրթում է Ակոբը հաճախորդի ետևից։

Մենք էլ հեռանում էինք, Ակոբին թողնելով լուռ տանջանքում։ Իսկ նա մի սիգարա է փաթաթում, քաշում արագ֊արագ, փակում կրպակը, գնում տուն, ճանապարհին աչքերը երկնքին, տեսնելու համար, թե ո՞ւմ աղավնիներն են ճախրում երկնքում։

Ակոբը տուն գնալուց հետո՝ բարձրանում էր կտուրը, դուրս բերում իր աղավնիները, մոռանում Պեյրոսի Չիլը, ինքն էլ ունի փոքրասիական հռչակ վայելողներ։

Բռնում էր ոմանց, գլուխները կոխում բերանը (դա նրա սիրելու ձևն էր) և բաց թողնում։

Կտուրի վրա, Ակոբի գլխավերևր, շրխկում էին աղավնիների թևաբախումները։ Ամեն մի թևաբախման՝ Ակոբը ներքևից հափշտակությամբ բացականչում էր․

Օ՜խ, թևերուդ ղուրբան, օ՜խ․․․

***

Մի օր, մի պարտված աղավնու տեր կանգնեց Ակոբի դռանը, հետն առած կողմնակիցներին (գրեթե բոլորն էլ Ակոբի աղավնիներից դաղված աղվընիկ խաղցնողներ)։

Եկավ, կանգնեց և ասաց*

Դու՛րս եկուր։

Երբ Ակոբի կինը լսեց գոռոցը և փոքրիկ լուսամուտից տեսավ փողոցում կանգնած աղվընիկ խաղցնողներին, մանավանդ երբ տեսավ փայլփլացող դանակը, գլխաբաց, նիհար, մոմի նման դժգույն ձեռքերր պարզած՝ վազեց դեպի կտուր տանող սանդուղը։

Այդ ժամանակ Ակոբը, դանդաղ, ծանր քայլերով, իջնում էր կտուրից։ Դեմքն ամբողջովին այլափոխված էր, շրթունքները դողում էին զայրույթից։

Կինն ըրնկավ ամուսնու ոտը․

Ոտքդ պագնիմ, մ՚երթա։

Բայց Ակոբը հավի նման շպրտեց կնոջը։

Էրիկ մարդ եմ, շատ մի խոսա։

Նա լուռ առաջացավ դեպի պահարանը, որի բանալին միայն իր մոտ էր լինում։ Բանալին ծակը խրելու հետ միասին՝ կինն ընկավ սալահատակին ուշագնաց։

Ակոբը բաց արավ պահարանը, դուրս բերեց հին, պապենական դանակը, քաշեց պատյանից, համբուրեց սառը պողպատը, նորից դրեց պատյանը և գնաց դուրս։ Աղջիկը տանը չէր, կինը մնաց սալահատակին ընկած։

Ակոբի դռան առաջ երևնալը և դանակը բոցի նման շողացնելը բավական եղավ, որ հակառակորդները նահանջեն, որովհետև մինչև այդ Ակոբի կողմնակիցներն էլ հավաքվեցին։

Քիչ անց ո՛չ ոք չմնաց Ակոբի դռանը, այն ժամանակ Ակոբն ամոթ չզգաց ներս գնալու։

Ակոբը տեսավ կնոջն ընկած գետնին, բարձրացրեց նրան, մի քիչ ջուր սրսկեց երեսին, և երբ կինն ուշքի եկավ, ասաց․

Հեչ ջիգեր չունիս, կնիկ, մեղք որ ի՛մ կնիկս ես։

***

Բայց Ակոբի կնոջ սիրտն ուրիշ վերք էր կրծում, նա դանակից վախեցողը չէր, շատ էր տեսել, տեսել էր և ամուսնու արյուն թափելը, շատ անգամներ էր նրա վերքը կապել։

Կինը մտածում էր այն բանի մասին, որ աղջիկը մեծացել էր, և եթե ամուսինը ձեռք չքաշեր աղվընիկ խաղցնելուց, սիրուն աղջիկը տանն էր մնալու։

Առհասարակ, երբ աղավնի խաղցնողները հասակն առնում էին, թողնում էին աղավնիները։

Մինչև անգամ շատերը թողնում էին ամուսնությունից անմիջապես հետո։ Բայց ոչ մի հույսի նշույլ չէր երևում, որ Ակոբը թողնի աղավնիները և խաղաղ զբաղվի իր արհեստով։

Վազ անցիր աղվընիկներեն, ա՜յ մարդ, աղաչում, պաղատում էր կինը, աղջիկ զավակ ունիս, տունը կը մնա, մեղք է։

Ակոբը ցնցվում էր, մարմինը փուշ֊փուշ լինում, երբ կինն աղջիկ զավակի խոսքն էր մեջ գցում։ Նրա հոգու առաջ կանգնում էին կաթնագույն աղավնիներն ու կաթնագույն, սև մազերով աղջիկը և չէր կարողանում ազատվել մեկնումեկից, մռայլվում էր, տանջվում, թախիծը, թանձր, մթին մշուշի նման, իջնում էր ճակատի վրա և չգտնելով ոչ մի ելք՝ ապտակում էր կնոջը և գոռում․

Կենե սկսար վռվռալ հերի՛ք է, մաշեցիր։

Կանչում էր աղջկան, դիտում նրա հասակը, ձմերուկի կտերի նման սև աչքերը, նստեցնում ծնկանը, շոյում մազերը և արցունքոտ աչքերով շշնջում․

Կըզըմ, չինար բոյլի կըզըմ

Արցունքները չէին թողնում, որ շարունակի, վեր էր կենում, բարձրանում կտուրը, բաց թողնում աղավնիները դեպի պաղպաջուն և կապույտ երկինքը, մոռանում աշխարհն ու իր չար օրենքները։

Երբ օդում շրխկում էին աղավնիների թևերը, մռայլը փարատվում էր Ակոբի աչքերից, ճակատի թախիծը սրբվում, և նրա ամբողջ դեմքը փայլում էր անձրևից լվացված կանաչի նման։

Բայց կինը հանգիստ չէր տալիս նրան, կրկնում էր անդադար,

Աղջիկ զավակ ունիս, հողը դիր, ազատվի։

Բայց Ակոբն ինչպես ազատվեր աղավնիներից։

Աղավնիների ամեն մի բմբուլը կապված էր նրա հոգու հետ։

Օրվա ամեն մի րոպեին, ինչ էլ որ աներ, քնած թե արթուն, նա ապրում էր աղավնիների հետ, լսում էր նրանց մրմունջը։

Փողոցում քայլելիս՝ հանկարծ մի թռչուն էր թռչում նրա գլխի վրայից։ Ակոբը ցնցվում էր և աչքերը հառում վեր։

Ես կարծեցի քի՝ աղվընիկ է, ասում է Ակոբը և ժպտում։

***

Թափվեց տիեզերքի ձյունը նրա գլխի վրա։ Դարձավ ալեխառն՝ նման իր մոխրագույն աղավնիներին, բայց նա հոգով մնաց մանուկ, ինչքան հասակն առավ, ավելի ու ավելի մանկացավ։

Օրերով խանութը չէր բաց անում, որովհետև կարող էր հաճախորդին վշտացնել։

Ածիլած ժամանակն աչքը լուսամուտից դուրս էր։

Երբ օդում աղավնիներ էր տեսնում, թողնում էր հաճախորդին,

գալիս կանգնում էր դռան առաջ, ածելին ձեռքը, սպիտակ խալաթը հագին, մոռանում էր, որ հաճախորդը սպասում է։

Երբ աղվընիկ խաղցնողն ամուրի էր լինում, մարդիկ նրա մորը, կամ եթե մեծ քույր ուներ՝ մեծ քրոջը, իսկ եթե որևէ հարազատ չունենար՝ իրեն էին հայհոյում։

Ակոբի աղջիկը մեծացել էր, մազերը հասել էին մինչև սրունքները, թշերն ու շրթունքները նռան նման կարմրել։

Էլ մոռացան նրա կնոջը և սկսեցին հայհոյել աղջկան։

Ակոբի կինն ավելի ընկավ ամուսնու ետևից․

Ա՛յ մարդ, քիչ մը մտմտա, մեղք է աղջիկդ։ Աստվա՛ծ, աղջիկ զավակ չունենայի, մուրայի ու ապրեի։

Մոր համար, մեծ, անլուծելի պրոբլեմ էր՝ հասած աղջիկը տանը։

Իհարկե, աղջկան ուզողներ կային, բայց բոլորն աղվընիկ խաղցնողներ էին։

Թե՛ Ակոբը և թե՛ նրա կինը երդվել էին, որ իրենց աղջկան աղվընիկ խաղցնողի չտային։

Վո՜ւյ, ձյունը մաղվի գլխիս, աղջիկս աղվընիկ խաղցնողի՞ն տամ։

Անդուլ ու անդադար կինը կրկնում էր․

Աղվընիկները թող կըսիմ, հերիք է, սաղ քաղաքն աղջիկ զավկիդ կը քֆրե։

Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել ողջ քաղաքի բերանը։

Ես ալ բյութունին կնիկներն ու աղջիկները․․․ փոխադարձ հայհոյում էր Ակոբը ու իրան մխիթարում։

Ժամանակի ընթացքում Ակոբն ինքն էլ զգաց, որ փոխադարձ հայհոյանքը ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը։

Արդեն խեղճ աղջկան հասել էր կյանքի խոշորագույն հարվածր՝ կիսատ էր թողել դպրոցը, որովհետև մինչև անգամ ուսուցիչները նրան «աղվընիկ խաղցնողի աղջիկ» էին կանչում։

Հենց որ դասը մի քիչ վատ իմանար, ասում էին․

Հը, հարդ աղվընիկ կխաղցնե՞։

Ի՞նչ կապ կար աղվընիկ խաղցնելու և դասի միջև, բայց ասում էին, անդադար կրկնում։

Ակոբը միտք արավ, միտք արավ և գտավ ճարը։

Մորուք թողեց։

Առհասարակ կռվի ժամանակ, երբ կռվողը մորուք էր ունենում, կնոջը կամ մորը չէին հայհոյում, հայհոյում էին մորուքին։

Ակոբն էլ մորուք թողեց, որ մորուքին հայհոյեն։

Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը։

Մինչև անգամ ծաղրում էր ամուսնու մորուքը։

Գլխուս տերտեր դարձավ, ասում էր։

Նա էլի հետապնդում էր, որ իբրև հայր մտածի աղջիկ զավակի բախտի և պատվի մասին։

Ի՞նչ տ՚էնես աղջիկդ, տանը թթո՞ւ տի դնես, մի օր հարց տվեց կինը։

Ակոբը պատասխանեց․

Շատ մի վռվռա, իշտե մորուք թողուցի։

Իհարկե, մորուքն էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային անմեղ աղջկան, նրանք շարունակեցին հայհոյել, երբ տեսնում էին հորը՝ կտուրի վրա աղվընիկ թռցնելիս։

Վա՛յ քու աղջկանդ․․․

Ակոբն իջնում էր կտուրից, տեսնում էր աղջկան՝ աղի արցունքներ թափելիս, հարցնում էր․

Աղվընիկս, ինչո՞ւ կուլաս։

Նորեն քֆրեցին, պատասխանում էր աղջիկն արցունքների միջից։

Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։

***

Տան եկամուտը հետզհետե պակասեց։ Խանութից ոչ մի հույս չկար։ Շաբաթական մեկ֊երկու օրը հազիվ էր բաց անում, միայն պատահական հաճախորդներ ընդունում։

Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը։

Հինգ կարմիր ոսկով նա ծախեց իր լավագույն «ճինս» աղավնիներից մի զույգ։

Այդ մի զույգ աղավնին նրա ամբողջ սիրտն էր, բայց

որովհետև նրանցից ձագ էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։

Ակոբը, երբ ոսկիներն առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները, հանձնեց նոր տիրոջը, նրա աչքերից արցունքի կաթիլներ ընկան աղավնիների փետուրների վրա։

Բայց արցունքները սրբեց, ուրախության մի ալիք ողողեց նրա երեսը։ Հինգ ոսկին բավական էր մի տարի ապրելու համար, և պարտավոր չէր խանութը բաց անելու և հաճախորդների «քթի հոտը քաշելու»։

Երբ նա տուն եկավ, աղջիկը դիմավորեց նրան։

Ակոբը հանկարծ ուրախությունից բացականչեց․

Աղվընի՛կս, ճերմա՛կ աղվընիկս։

Նրանք փաթաթվեցին իրար։

Մի քանի անգամ Ակոբը որոշեց ծախել աղավնիները, ոչնչացնել տուն֊տեղ, գնալ մի ուրիշ քաղաք, թերևս մի ուրիշ երկիր, որպեսզի մարդիկ չիմանան, թե ինքը եղել է աղվընիկ խաղցնող։ Աղջիկը մեծանում էր և տանն էր մնում։

Որքան որ որոշում էր ծախել, բայց սարսափում էր այդ հեռապատկերից։

Գիշերները, կես քուն, կես արթուն, նրան այնպես էր թրվում, որ ինչ֊որ մարդիկ եկան, սարսափելի դեմքով մարդիկ, բարձրացան կտուրը, բաց արին աղավնիների դռնակը և տանում են աղավնիները, տանու՜մ են, տանու՜մ։

Չիմ տար, մի տանիք, գոռում էր Ակոբը քնի մեջ, որից ահաբեկվում էին կինը և աղջիկը։

Վեր էր ցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում աղավնիների դռնակը, մտիկ տալիս նրանց մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։

Վերջապես, Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել։

Ակոբը չէր կարող հաշտվել այն մտքի հետ, որ աղավնիներն ապրեին, լինեին ողջ, թռչեին, մրմնջեին և իրենը չլինեին։

Մի երեկո Ակոբը հայտնվեց կտուրի վրա։

Երկար ժամանակ էր նա կտուր չէր բարձրացել։

Աղջկա վիճակը տանջում էր նրան։

Երանի էր տալիս, որ աղջիկը չլիներ, ինքն ազատ լիներ։

Ինքը և աղավնիները․․․ դա կլիներ դրախտային կյանք․ կյանքի բաժակը կլիներ քաղցրությամբ լեփ֊լեցուն։

Բայց աղջիկը կար և այրում էր իր հորը։

Նրա դեմքը պարզապես զարհուրելի էր, ավելի զարհուրելի, քան երբ դանակը վերցնում էր և փողոց դուրս գալիս կռվի։

Աղջկանը այնպես թվաց, որ հայրը նիհարել, չափազանց ծերացել է։

Աղջիկը վազեց անմիջապես մորը մոտ։

Չկարողացավ ոչինչ ասել, փաթաթվեց նրան և սկսեց հեկեկալ։

Ինչու՞ կուլաս, կինե՞ քֆրեցին։

Աղջիկը հազիվ կարողացավ արտասանել․

Հայրիկը․․․

Մայրը վազեց դեաի կտուրը։

Իսկ Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը։ Աղավնիները դուրս թռան։

Նրանց համերգը տարածվեց օդում։

Շատերը թառեցին Ակոբի վրա, կարծես կարոտել էին։

Ակոբը լուռ կանգնեց պահ մի, հետո դարձավ հեռավոր սարերի ետև մայր մտնող արևին, հանեց ֆեսը, բռնեց աղավնիներից մեկը, քաշեց դանակը․․․

Թռցրեց աղավնիներից մեկի գլուխը։

Արյունը ժայթքեց նրա կրծքի սպիտակ շապկի վրա։

Ձեռքերը դողում էին։

Բռնեց երկրորդ աղավնին, բայց ձեռքերը թուլացան, դանակն ընկավ գետին։

Այդ ժամանակն էր, որ կինը բարձրացավ կտուրը, տեսավ արյունոտ դանակը գետնին, ամուսնու արյունոտ կուրծքը և նրա սարսափահար աչքերը։

Կինը չնշմարեց մորթված աղավնին, որ ընկած էր մի քանի քայլ հեռու և կարծեց, որ Ակոբը դանակով վիրավորել է իրան։

Կտուրի վրա բարձրացավ աղիողորմ ճիչ։

Աղջիկը վազեց վեր, փաթաթվեց մեկ՝ մորը, մեկ՝ հորը։

Կնոջ ճչից ես վազեցի մեր կտուրը։

Շատերն էին հավաքվել թե՛ փողոցում, թե՛ կտուրների վրա։

Դիտողները չիմացան, թե ինչ էր կատարվում։ Նրանք կարծեցին, թե աղվընիկ խաղցնող Ակոբը կնոջն էր ծեծում և աղջիկն աշխատում էր մորն ազատել հոր ձեռքից։

Եվ էլի հայհոյեցին անմեղ աղջկան։

Վա՛յ, ես քու աղջկանդ․․․

Իսկ աղվընիկ խաղցնողը, արյունոտ աչքերով, սեղմեց իր մեկ հատիկ աղջկանը աղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց․

Իմ ճերմակ աղվընիկս․․․ իմ բյութուն աղվընիկնեըս քըզի ղուրբան կէնիմ․․․

Ներքևում այղ ալեխառն գլխով մանուկը լաց էր լինում, թափում էր կոպերն այրող արցունքներ։

Իսկ երկնքից մաղում էր մանիշակագույն մոխիր աշխարհի վրա։

Ի

Վերջի՜ն, վերջի՜ն անգամ իմ քայլերս ուղղվում են դեպի գերեզմանատուն, վերջին այցը տալու իմ հոր շիրմին։

Ինչքա՜ն է աճել այն թթենին, որ տնկել ենք մենք նրա շիրմի գլխավերևում։

Ուզում եմ խոսել հորս հետ։ Նա կանգնած է իմ առաջ իր բարձր հասակով։ Տխուր է, տխու՜ր, ինչպես մի մենավոր ծառ ամայի հովտում։ Լռություն, անսահմա՜ն լռություն․․․

Նայում եմ թթենուն, աչքերս խորասուզվում են դեպի նրա արմատները, որոնք բյուրավոր մազմզուկներով մտել են հորս գանգի մեջ և կերել ամբողջ ուղեղը, ահա բերանից ու աչքերից ներս են խուժում ծարավ թելիկները դեպի գանգի խոռոչը։

Թթի այն հատիկը, որ լեցուն է քաղցրությամբ, վերցրել է իր հյութը հորս գանգից և սրտից․․․

Թթենին՝ նա իմ հայրն է ճյուղավորված և կանաչած։ Քամին երգում է նրա տերևների մեջ։ Ո՛չ թե հայրս է լսում այդ երգը, այլ ինքն է երգում իր տերևներով։ Թթենու, ստվերները գրկում են ինձ՝ հորս թևերն են փաթաթվում ինձ ու բարձրացնում վեր։

Հա՜յր, դու գրկում ես ինձ մահվան ջերմաջերմ քո թևերով, և քամին երգում է․․․

Ես լսել եմ քամու այդ երգը, լսել եմ իմ սրտում, երբ կարոտով,

կարոտով, կարոտով երազել եմ քեզ, հա՜յր, դա քո արյան երգն է, որ կարկաչում է իմ երակներում, դա այն երգն է, որ արևն է երգում, երգում է յուրաքանչյուր փոքրիկ խոտ, երգում է լուսնի ամեն մի արծաթյա շող, որ թափառում է մեր պարտեզի վարդերի կածաններում։

Ե՜րգ, երգ անվերջանալի և հավիտենապես սարսռուն, երգ, որ կաթում է երկնքի մանիշակների բաժակներից, կաթում է արևագույն հողի մեջ և նորից բարձրանում վեր իբրև ծաղիկ և իբրև տերև, երգ, որ վազում է գարնան հեղեղների հետ, գետի ալիքներով, երգ, որ փռվում է անսահման ծովերի վրա իբրև կապույտ անդորր։

Համբուրում եմ շիրիմը, փաթաթվում եմ թթենու բունին՝ ահա փաթաթվում եմ հորս մեջքին։

Քամին երգում է, թթենու տերևները սվսվում են։

Անվախճան երգ, անվախճան կյանք, անվախճան մահ, անվերջ թախիծ և անվերջ խնդությու՜ն․․․

***

Վերջին անգամ երևում է քաղաքն իբրև ոսկյա մի ծառ լեռների կապույտ ծոցում։

Ճամփորդությո՜ւն․․․

Կառքը սլանում է հին հռովմեական ճանապարհով դեպի ծովը, դեպի Բյուզանդիոն և Հռովմ։

Առավոտ։ Ձիերի սմբակները կայծեր են արձակում։

Գիշեր։ Ձիերն ուտում են, իսկ մենք, հոգնած՝ աստղերը դիտելուց, խորասուզվում ենք և քնի քնարն օրորում է մեր հոգնածությունը։

Մի առավոտ տեսնում եմ ծովը։ Ո՞ւր է ծովը և ու՞ր է երկինքը։ Սահմանագծերը գրկել են իրար։

Ծո՜վը․․․ հիշեցի հպարտությամբ, որ հայրս ինձ կանչում էր՝ «իմ ծովաչվի տղաս»։

Երկու գիշեր, և ահա կգտնեմ ինձ Պոլսում՝ իմ երազների քաղաքը։

Ես կուզեի, որ Պոլիսը լիներ այնպես, ինչպես երազել եմ։ Թերևս ավելի չքնաղ էր, քան իմ երազածը։ Ավելի չքնաղը ես չէի ցանկանա։ Ես ձգտում էի իմ երազին։

***

Այդ հին երկրում արևը ճչում է մրգի հատիկներով, հողը շնչում է անսպառ խոտով, առվակները կարկաչում են, բացվում են մեծ առավոտներ, և իջնում են հրաթև վերջալույսեր, բարձրանում և կապույտում լողում է մի արծաթյա թաս՝ մեջը լիքը նոր կթած կաթով, տիեզերանում է գիշերն աստղահնչուն, ծառները սլանում են դեպի երկինք, և բոլոր ծաղիկները սարսռում են ու շշնջում։

Այժմ ես կուզեի հանգչեցնել իմ հոգնած գլուխն այդ երկնքի կապույտ մարմարին և լսել այն երգը, որ հեղեղում են ծառները, առվակներն ու աստղերը։

1930
Be the first who will comment on this

Other parts of "Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա"

Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

The Greek Woman, 1921
The Greek Woman, 1921
Play Online