Vahan Totovents
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
8
Մենք ունեինք և թուրք հարևաններ։
Շեմսին մեր թուրք հարևանի որդին էր, որի հետ մենք հասակակից էինք, գրեթե միասին էինք մեծացել։ Մեծացել էինք երկու եղբոր պես․ իրար վեգ էինք տվել, տնից վերցրած քաղցրավենիքներ էինք հյուրասիրել իրարու, միասին լողացել և միասին կմշտել նրա մեծ քրոջը՝ իրենից երկու տարով մեծ՝ լացացրել նրան միասին։
Սանիեն, նրա քույրը, կարծես եթերից էր շինված, այնքան թեթև, այնքան սպիտակ և ոսկեգույն էր, հակառակ իր եղբոր թուխ մորթին, սև մազերին, հոնքերին և մանավանդ սևասև աչքերին։
Նրանց պարտեզում կար մի մեծ ակացիայի ծառ։ Ես նրան շատ էի նմանեցնում ակացիայի սպիտակ ծառին։
Սանիեն մի քիչ քթից էր խոսում ինչ֊որ ընկել էր փոքրիկ եղած ժամանակ և վնասվել բայց ինձ չափազանց դուր էր գալիս այդ քթի միջից խոսելը, այնքան էր դուր գալիս, որ ուզում էի բոլոր աղջիկներն էլ քթից խոսեին։ Սանիեն առաջին աղջիկն էր, որի մարմնի ամենափափուկ տեղերին դպել էին իմ մատները, հաճույք էի զգացել և կարծում էի, որ իսկական[ էջ ]
Շեմսիի համար այդպես չէր, նա անընդհատ ծաղրում էր Սանիեին, որ քթից էր խոսում։ Եվ Սանիեն ինձ մոտենում էր անսահման ջերմությամբ, զգալով, որ, ընդհակառակն, ինձ դուր էր գալիս իր ծաղրի առարկա պակասությունը և թողնում էր, որ իմ ձեռքերս ազատորեն պտտեցնեմ իր մարմնի բոլոր մասերի վրա․․․
Իսկ այդ մարմինն ինչքա՛ն մասեր ուներ․․․
Ամեն անգամ ես նրա մարմնի մեջ գտնում էի ինձ համար բոլորովին անծանոթ մի վայր, ավելի և ավելի փափուկ և սպիտակ, ավելի սարսռոտ և հոտավետ։
Նման հեռավոր և անծանոթ երկրի, նման մթին և թավշյա թավուտների՝ ես ամեն վայրկյան գտնում էի մի նոր և նորագույն բարձրունք կամ խորություն, մի նոր և անսովոր սարսուռ։ Երբ մի նոր խորշ կամ մի նոր ծալք, կամ մի բարձունք էի գտնում, ինձ թվում էր, որ էլ նորը չկա, հանել և տիրել եմ արդեն անծանոթ և զգլխիչ երկրամասի բոլոր կետերին։
Ոչ։
Էլի նոր ծալքեր, էլի մի փոքրիկ ուռուցք, էլի մի թավշյա, սպիտակ, փոքրիկ, բայց անհո՜ւն մի տարածություն․․․ գծեր, որ վազում են, կլորություններ, որ ալիքավորվում են և բարձրանում։ Հետևում եմ մի գծի֊գնում է, դառնում, ոլորվում, թավալվում և հանկարծ անէանում մի սպիտակ և հղկված մարմարյա դաշտում։
Գնում եմ անծանոթից ավելի և ավելի անծանոթը, ահա պետք է հասնե՜մ․․․
Ինձ թվում է, որ ահա պետք է պարզեմ ամբողջ մթին անծանոթը․․․ Պիտի լինի առավոտ, պիտի հոսի արեգակի կաթը աշխարհի վրա, բայց Սանիեն չկա, վազել է պարտեզի կեռասենիների տակ, ծիծաղում է․․․
Պոկել էի առասպելական ծաղկի հազարավոր թերթերը, բայց դեռևս պետք է պոկեի հազար հազարավոր թերթեր՝ հասնելու համար ծաղիկի հոգու հոգուն։
Ծիծաղում էր Սանիեն։
Կարկաչում էր երկինքներից հոսող կապույտ առուն․․․
Բայց երբեմն ես և Շամսին կռվում էինք իրար հետ։ Կռվում էինք առանց պատճառի։
Նա ինձ հանկարծ անվանում էր «կյավուր», իսկ ես անմիջապես նրան անվանում էի «իթ»։
Այս բառերը մենք սովորել էինք մեր տներից և դպրոցներից։ Բոլոր թուրքերը հայերին կյավուր էին անվանում, և բոլոր հայերը թուրքերին՝ իթ։
Հորս մոտ գալիս էին թուրքեր, արժանսնում էին մեծագույն հյուրասիրության, բայց երբ գնում էին, սիրալիր և հարգալիր ողջույններով բաժանվում, հայրս նրանց ետևից մրթմրթում էր «իթլեր»։
Ւհարկե, երբ հայրս էր դուրս գալիս մի չափազանց հարգալից հյուրասիրությունից, նրա ետևից թուրքերը մրթմրթում էին «կյավուր»։
Կյավուրը և իթը, անհավատը և շունը չէին կարող ապրել իրար հետ։
Որևէ թուրք երբ ինձ կյավուր էր անվանում, ես ինքնաբերաբար իթ էի անվանում փոխադարձ, բացի Սանիեից։
Սանիեն ակացիայի ծաղիկն էր, որ բուրում էր գարնանային զով գիշերում։
Երբ ձերբակալված և շղթայակապ մի հայի կամ մի խումբ հայերի անցկացնում էին փողոցից դեպի բանտ, հայերը գլխիկոր անցնում էին, իսկ թուրքերը կանգնած՝ հրճվում էին, խնդությամբ լցվում։
Իսկ երբ մի թրքական դագաղ էր անցնում փողոցից, հայերը, աչքերը դեպի երկինք հառած, մրմնջում էին. «Փա՜ռք քեզ աստված»։ Ուրախանում էին, որ մի թուրք պակասել է։
Ինչո՞ւ էր այդպես՝ ես չէի ըմբռնել, և առանց հարցուփորձի իմ մեջ խորացավ ատելություն դեպի «շները», և Շեմսիի մեջ աճեց ատելություն դեպի «կյավուրները»։
Սանիեն անհետացավ վանդակապատ լուսամուտների ետև,[ էջ ]
Սանիեն անցնում էր մեր դռան առաշից՝ փաթաթված մի մանիշակագույն ամպով, իմ աչքերը մխրճվում էին նրա չադրայից ներս և թափառում անծանոթ երկրի աստղաբորբ թաքստոցներում։
Ամեն առավոտ և ամեն երեկո վանդակապատ լուսամուտից մի աչք է նայում ու մի ձեռք է երկարում դուրս և մի ծաղիկ նետում ոտներիս տակ։
Վանդակապատ լուսամուտը մեր դռնից մի քանի դուռ ներքևում է, պատկանում է մի թուրք կրոնավորի։ Ուրբաթ օրերը նա ո՛չ մի քրիստոնյայի չի բարևում և այդ օրը ո՛չ մի քրիստոնյայի բարևին չի պատասխանում։
Բայց ուրբաթ օրն էլ միևնույն ձեռքը, փափուկ, ինչպես առավոտի հասմիկը, երկարում է դուրս, մի ծաղիկ նետում և քաշվում ներս։
Վանդակապատ լուսամուտից լսվում է նրա մեղմ ծիծաղը, ուրախության զսպված ճիչը։
Թուրք կրոնավորի երրորդ կինն է, պատանի մի աղջիկ, բանտարկված վանդակների մեջ։
Իմ մեջ բոցավառվում է մի կարոտ, ուզում եմ տեսնել նրան, խոսել հետը։
Վերցնում եմ նետած ծաղիկը, տանում եմ տուն, հոտոտում եմ անվերջ։ Այդ ծաղկից անցնում է իմ հոգուն մի անիմանալի դող, խայտանքով լեցուն մի սարսուռ։
Կրոնավորը վաթսունն անց է, կռացած մեջքով, չար, դեղին աչքերով։ Ածիլում է ցցված այտոսկրները, միրուքը կլորում, հինայում։ Ամեն դուրս գալուն խստիվ պատվիրում է մյուս կանանց հսկել Բահրիեին, չթողնել լուսամուտի մոտ գնալ, ճանճ չպետք է անցնի անից ներս։[ էջ ]
Բայց Բահրիեն, գարունքից կրակված, միջոց է գտնում ոչ միայն լուսամուտին մոտենալու, այլև ձեռքը դուրս հանելու, ծաղիկ նետելու և շշնջալու։
Վաղը պարտեղն իջիր, քաֆթառները գնալու են, լսեցի մի օր լուսամուտի ետևից։
Այդ ձայնը կարկաչեց իմ ականջին, զարթեցրեց իմ մեջ կինը․․․
Լսեցի ու անցա, բայց կարծես նա պոկեց սիրտս և լուսամուտի նեղ վանդակներից քաշեց ներս։
Հեռացա, բայց ձայնը շարունակեց հնչել իմ հոգում, ավելի և ավելի ուժգին։
Կանգ առա մի ծառի շվաքի տակ, արևը ծաղիկներ է հյուսել գետնի վրա, տեսնում եմ Բահրիեին այդ հյուսվածքի մեջ, հովը շնկշնկում է տերևների մեջ Բահրիեն է խոսում․
Վաղը պարտեզն իջիր․․․
Գիշերը կանգնեցի կտուրի վրա, ակացիայի ճյուղերը կռացել են, լուսինը՝ ճիշտ մեր կտուրի վրա, Բահրիեի դեմքն եմ տեսնում լուսնի վրա՝ խոշոր, սև աչքերով, մազը կարճ կտրած, թափվել է ճակատի վրա։ Ժպտում է։
Առավոտյան բարձրացա մեր պարտեզի պատի վրա, ցատկեցի հարևանի պարտեզը, շորերս թրջվեցին առավոտի ցողից։ Պետք է երեք պարտեղից անցնել Բահրիեի պարտեզը մտնելու համար։
Բարձրացա նրանց պարտեզի պատի վրա։ Դողում եմ, բայց ինձ թվում է, որ կարող եմ թռչել։
Բահրիեն տեսավ ինձ։ Վազեց։
Ես ներքևումն եմ, ծաղկած նռնենու տակ, քիչ հեռուն գտնվող եղրևանին ծածկում է ինձ։ Բահրիեն երևաց, կանգ առավ, հևում է, դողում, ձեռքր դրած ուռած կրծքի վրա։ Գրկեցի նրան, հարբեցի նրա բուրումից, այրվեցին շրթունքներս․․․
Գնանք, ասում է, ներս գնանք։
Կրոնավորը գիշերով գնացել է հին քաղաքն իր երկու կանանցով․ ինչ֊որ ժառանգական դատ կա, դրսի դուռը փակել են Բահրիեի վրա, ոչ մի կասկած չկա, որ նա կարող է դուրս գալ տնից։
Ձեռքս բռնած՝ Բահրիեն տարավ ինձ ներս, ննջարանը։[ էջ ]
Փաթաթվում է, լաց է լինում, ժպտում, համբուրում։ Անկողինը դեռևս չի շինած, նոր է դուրս թռել միջից։ Գրկեցի թարմ, պատանի աղջկան, թավալվեցինք անկողնու վրա։ Հարբեցուցիչ է կնոջ բուրումը։
Այրեց ինձ կինն առաջին անգամ իմ կյանքում։
Վախը և առաջին ուրախությունը պաշարեցին ինձ, շղթայեցին, և ընկղմվեցի առաջին հանցանքի քաղցրության մեջ։
Երգեցին բոլորը, իրերը ճչացին խայտանքից․
Բահրիե՜․․․
Անշարժ պառկած է, լռությամբ ապրում է մի քանի վայրկյանի դարավոր բերկրանքը։
Գնա՛, շուտ հեռացի՛ր։
Սկսում է լաց լինել։
Երեկոյան պիտի գան, ասում է։
Նրա արցունքները խառնվում են երջանկության կապույտ կաթիլներին։
Երևի ցցվում է նրա դեմ ծերունին՝ դեղին աչքերով։
Գալիս է մինչև ծաղկած նռնենին։ Պոկեցի մի կարմիր ծաղիկ, փակցրի նրա կրծքին, բռնեցի ձեռքը, համբուրում եմ․․․
Բարձրանում եմ պատի վրա, լսում եմ նրա լացը և ուրախության հևքը։ Բահրիեն կանգ է առնում մուգ֊կանաչ եղրևանու հովանու տակ, կարոտագին նայում։
Ցատկում եմ մյուս պարտեզը և հավիտենապես բաժանվում առաջին կնոջից։
[ էջ ]
Մայրիկդ հիվա՞նդ է, անմեղորեն հարցնում է Վերոնիկան։
Ո՛չ, մայրիկս հիվանդ չէ։
Ոչ մի կերպ նա չի կարող գուշակել։ Նա ման է գալիս դեռևս անմեղության կապույտ բլուրների վրա։ Իհարկե, նրա կրծքում ևս շշնջում է բնությունը ինչ֊որ դյութիչ, կախարդական երգ, բռւյց հեռու է իմ հանցանքը գուշակելուց։ Վերոնիկան երբեք, երբեք չէր կարող պատկերացնել, որ մի ծաղկատի կին, բաց է արել իր մարմնի թաքուն գանձերը իմ առաջ ո՛չ միայն առանց ամաչելու, այլև բորբոքալից կարոտով, կարոտովը գիշերը բացվող և լուսաբացի շողերին սպասող ծաղկին։
Գնում ենք պարտեզի խորքը։ Ծաղիկներ են ճզմվում մեր ոտների տակ, իսկ ծառերից մրգեր են կախվել։ Որոշում եմ, որ երբ հասնենք բարձր թթենուն, խոստովանեմ իմ հանցանքը, բայց երբ հասնում ենք թթենուն, Վերոնիկան սկսում է վազվզել և աղաղակել․ «Ինձի բռնե»։ Վազում եմ, չեմ ուզում շուտ բռնել, վերջապես բռնում եմ, և մեր շրթունքները, անիմանալի ինչ֊որ մղումից, փարվում են իրար։ Բոլոր տերևները թվում է, ծափ են տալիս, մրգերը երգում են, իսկ պարտեզը, իբրև ոսկյա ծնծղա, թրթռում է։
Վերո՛ն, լսվում է ցածր։
Դառնում ենք։ Քրիստինեն։ Մոտենում ենք։ Քրիստինեն ամբողջ մարմնով դողում է։ Հազիվ շշնջում է․
Բենոն կուգա։
Թո՛ղ գա, ասում է Վերոնիկան և թևերը վեր բարձրացնելով՝ միրգ է քաղում։ Նրա ստինքները կարծես ուզում են երկինք թռչել։
Բենոն Վերոնիկայի եղբայրն էր և իմ դասընկերը։ Նրա մոտենալուց չէր, որ Քրիստինեն դողում էր, նա դողում էր մեր համբույրից։
Բենոն մոտեցավ։ Միասին բարձրացանք թթենին։ Թութն այրվել է արևից, ցամաքել, քաղցրացել։
Վերոնիկայի գլխի վրա ևս փշրվեց երկնքի փիրուզը, փչեց անապատի մահաշունչ խորշակը, և նրա մարմմինը ծածկվեց ավազների տակ։
Միայն առավոտյան աստղը մի քանի կաթիլ արցունք թողեց նրա վրա, ապա երեկոն իջավ արյունալից աչքերով։[ էջ ]
Առավոտ։ Գորշ, մռայլ երկինք, բայց ձյունն ամբողջ գիշեր թափվել է, ծաղկել երկիրը շուշաններով։
Պայուսակը կռնատակիս դուրս եմ գալիս տնից՝ վազելու դպրոց։ Շները ողջունում են իմ առավոտը։
Տեսնում եմ՝ մարդիկ քայլում են արագ, լու՜ռ, ահաբեկված աչքերով։ Մի կին է կանգնած առաջին փողոցի անկյունում, նրա աչքերում անդնդախոր լռություն կա։
Ընդհանուր լռություն է տիրում, կարծես ձյունը մի վիթխարի դագաղի սպիտակ սավան է։ Բնազդորեն զգում եմ, որ մի բան կա, որն ինձ ահ է ներշնչում, այդ ահն աճում է, ինչքան առաջ են շարժվում քայլերս։
Մի տան լուսամուտի վարագույրը խորհրդավոր կերպով քաշում են ներսից, կարծես չեն ցանկանում, որ օրվա լույսը թափանցի ներս։ Մեկը դուռը բաց է անում, երկյուղալից աչքերով նայում է փողոցին վերից վար ու փակում։
Հանդիպում եմ Գրիգոր աղային, դանդաղաշարժ մի մարդ, բայց աճապարում է։
Ո՞ւր կերթաս, հարցնում է։
Դպրոց, պատասխանում եմ։
Ուզում է մի բան ասել, բայց ձեռքը թափ է տալիս ու անցնում։ Կարծես վազում է, եզան նման այդ դանդաղաշարժ մարդը, կարծես փախչում է վերահաս վտանգից։
Մի խումբ մարդիկ կուչ եկած, բայց արագ քայլերով աճապարում են քաղաքի մեծ հրապարակից։ Ուզում եմ մի բան հարցնել, բայց ոչ ոք գլուխը վեր չի բարձրացնում։ Արագ անցնում են։
Խանութները փակ են։ Ո՛չ կիրակի է, ո՛չ էլ ուրբաթ։ Մեկ֊մեկ կիսաբաց խանութներ կան։ Ներս եմ նայում փեղկերից։
Մարդիկ նստած են անկյունները, կծկված, չեն խոսում, միայն ծխում են։
Ոչ ոք, ոչ ոք չի խոսում, նայում են ինձ մեկ֊մեկ ցավագին ժպտում։
Որքան մոտենում եմ մեծ հրապարակին, այնքան խորանում է լռությունը։
Մի կին ահաբեկված դուրս է գալիս, չսանրած մազերով, գրեթե գիշերային շորերով, բռնում է տասը տարեկան մի մանկան ուսից և աճապարանքով քաշում ներս, դուռը փակում։
Հասնում եմ հրապարակ։
Հրապարակի մեջտեղում, ընդհանուր ձյունի սպիտակության մեջ, մի սև կույտ։ Չորս զինվոր՝ փայլփլացող սվիններով, կանգնել են այդ սև կույտի բոլորտիքը, հատ֊հատ մարդիկ, կծկված և ահաբեկված, մոտենում են, դիտում, աչքերը փակում և անցնում լուռ։
Մոտենում եմ։
Տեսնում եմ առանց մարմնի մի գլուխ։
Ձյան վրա արյունը սառել Է, սևացել։ Գլուխը պառկած է, քնելու նման։
Դառնում եմ մյուս կողմը թևերը ձյան մեջ խրած մի մարդ՝ առանց գլխի։
Սառած մնացել եմ, ոտքերս չեն շարժվում։
Զինվորներից մեկը հրամայում է․
Հեռացի՛ր։
Հեռանում եմ։
Առավոտյան, մթնշաղին, սուլթանական բռնակալությունը կտրել է երկու հեղափոխականի գլուխ։
Մյուսը քաղաքի վերևի հրապարակումն է։
Առաջին անգամ տեսնում եմ չար բռնակալության պատկերը, զարհուրելի պատկեր։
Տխրեց իմ մանկական հոգին։
Ուզում եմ տուն դառնալ, բայց հրապարակի վերևում բարձրանում է մի աղմուկ։ Բազմություն։ Վազում եմ։
Ֆուադ բե՜յը, Ֆուադ բե՜յը․․․
Ֆուադ բեյը գեղեցիկ գլխով, խարտյաշ, երազուն աչքերով մի թուրք է, երիտասարդ, լայնաճակատ, նրբակազմ, բայց առնական, հագնում է չերքեզի շորեր, քայլում է դանդաղ ու հպարտ։ Ֆուադ բեյը Պոլսից աքսորված թուրք հեղափոխականներից մեկն էր, որ աղմուկ էր բարձրացրել հեղափոխականների գլխատման համար։
Ահա բարձրացավ նա մի խանութի քարե աստիճանների վրա և խոսում է հավաքված բազմության։ Նա այլևս այն երազուն աչքերը չունի, մոլեգին մի նայվածք, վսեմորեն վայրենացած,[ էջ ]
Բազմությունը, ահաբեկված, զարհուրած, ցրվում է։
Իջնում է նորից լռությունը՝ ծա՜նր, ծա՜նր։
Դառնում եմ տուն։ Բոլոր լուսամուտների վարագույրները քաշված են։
Ներս եմ մտնում։
Ո՛չ ոք չի խոսում։
Փաթաթվում եմ մորս։
Նա լու՜ռ շոյում է գլուխս։
Խեղդում է ինձ այդ լռությունը։
Ուզում եմ ճչալ, բայց շղթայված եմ լռությամբ։ Ամբողջ քաղաքը դարձել է մի գերեզման։
Սրտիս մեջ երբեմն լսվում է թնդյուն, խուլ արձագանքում և մարում։
Կտրված գլու՜խ․․․ Չէ՞ որ միայն ոչխարի գլուխն են կտրում։
Ո՞վ է կտրել այդ գլուխները։
Ահմեդ Չավուշը, Ահմեդ Չավուշը․․․ շշնջում են։
Ահմեդ Չավուշը դառնում է իմ աչքին այն առասպելական հրեշը, որի մասին շատ էի լսել, բայց երբեք չէի տեսել և չէի էլ կարող պատկերացնել։
Մի անձրևոտ գիշեր դաշունահար սպանվեց մեր դպրոցի տեսուչ Հակոբ Սիմոնյանն իր տան առաջը գտնված փշենու ծառի տակ։
Առավոտյան լուրը կայծակի պես տարածվեց թուրքերը դաշույնի հարվածներով սպանել են Հակոբ Սիմոնյանին, թուրքե՜րը, շնե՜րը․․․
Լուրն ինչքան տարածվում էր, ատելությունն այնքան խորանում էր և փրփրում։
Քաղաքի մի քանի փողոցներում արդեն ընդհարումներ էին տեղի ունեցել հայի և թուրքի միջև։ Թուրքերը անցնելիս՝ հայերը հայհոյել էին նրանց կրոնը, Մուհամմեդին, և սկսել էր կռիվը։
Ամբողջ օրն առաջնորդարանում ժողով էր տեղի ունենում, ուզում էին հեռագրել Պոլիս՝ պատրիարքին՝ բողոքելու տեղի ունեցած ոճրագործության դեմ։ Քաղաքը պաշարվեց զինվորներով, ամեն մի փողոցի անկյունում զինված ոստիկաններ էին կանգնած ու արգելում էին անցքը և անցնողներին ձերբակալում։ Ձերբակալում էին միայն հայերին։ Շատերը, ձերբակալությունից խուսափելու համար, սպիտակ ապարոշ էին կապում իրենց ֆեսի շուրջը և դուրս դնում։ Ոստիկանները, տեսնելով ապարոշը և կարծելով մոլլաններ, ազատ անցք էին տալիս։ Մինչև երեկո քաղաքը լցվեց «մոլլաներով»։
Երեք օր շարունակվեց այդ դրությունը և գնալով դարձավ մի մութ մղձավանջ։ Դիակը մնաց իր բնակարանում՝ հարազատներով շրջապատված։
Հնարավորություն չկար թաղելու։
Երեք օր հետո կատարվեց թաղումը, և ձերբակալվածներն ազատ արձակվեցին, որպեսզի մասնակցեն թաղմանը։ Բազմահազար մասսա էր հավաքվել թաղմանը, եկել էին մարդիկ և հեռավոր գյուղերից։ Թաղումը տեղի ունեցավ առանց որևէ ծայրահեղությունների, բոլորն էլ հանգստացել էին, գլուխները կախ արել, բոլորն էլ երևում էին մի տեսակ ամոթահար։
Ինչո՞ւ։
Պարզվել էր, որ Հակոբ Սիմոնյանին սպանողը թուրք չի եղել, այլ մի երիտասարդ հայ, այն էլ տեսչի սաներից մեկը, որը երկու տարի առաջ ավարտել էր և զբաղվում էր ուսուցչությամբ։
Ինչո՞ւ էր սպանել Հակոբը Հակոբ Սիմոնյանին։
Սպանողի անունն էլ Հակոբ էր։
Հակոբ Սիմոնյանը ունեցել էր մի ազգականուհի, սիրուն մի աղջիկ, որին ոճրագործը սիրահարված էր եղել։
Աղջկա ծնողները տեսչից խորհուրդ են հարցրել իր աշակերտի
Անմիտ և խենթ տղային մեկն է, պատասխանել էր տեսուչը։
Ծնողները, իրենց աղջկան համոզելու համար, հայտնում են նրան ազգական տեսչի՝ իբրև քաղաքում ամենամեծ մտավորականի, կարծիքը, աղջիկն էլ, իր հերթին, հայտնում է Հակոբին տեսչի այդ կարծիքը՝ բացատրելու համար այն դժվարությունները, որոնք ծառացել են իր դեմ՝ նրա հետ կապվելու ճանապարհին։
Եվ ահա Հակոբը, անմիտ և խենթ, կտրել է տեսչի առաջ կես֊գիշերին և դաշունահար արել տեղնուտեղը։
Քաղաքի ամենավերջին թուրքը մազաչափ մասնակցություն չէր ունեցել այս ոճրագործության մեջ։ Հայերը, ամոթահար, լռեցին, բայց թուրքերն աշխատեցին չմոռանալ այն։
Այս դեպքից մի ամիս անց, քաղաքի ամենակատաղի թուրքերից մեկի՝ Ահմեդ Չավուշի կինը խեղդամահ գտնվեց իր սեփական անկողնում։
Ահմեդ Չավուշը մունետիկ էր, բարձր և խռպոտ ձայնով։
Եթե կառավարությանը հարկ լիներ մի որևէ հայտարարություն անել, կանչում էր Ահմեդ Չավուշին և նրան էր հանձնարարում անել այդ հայտարարությունը։ Հանկարծ ղողանջում էր Ահմեդ Չավուշի ձայնը․ «․․․չանսացողները կբարձրանան կախաղան․․․»։ Նրա հայտարարությունները միշտ վերջանում էին պատժի գերագույն չափի անողորմ հայտարարությամբ։
Եվ հանկարծ, կես֊գիշերին, մեր թաղում լսվեց Ահմեդ Չավուշի ձայնը․ «Հայերը կնոջս խեղդեցի՜ն ու փախա՜ն, փախա՜ն․․․» այս բառերից հետո լսվեց մի կատաղի մռնչոց, կարծես մի գազան էր ողբում։ Ձայնը լսվում էր կտուրից, նա բարձրացել էր կտուրը, պտույտ էր գալիս իր առանցքի վրա և գոռում, ձեռները վեր բարձրացնելով և ճոճելով օդում՝ «հայերը կնոջս խեղդեցին ու փախա՜ն․․․»։
Կես֊գիշերին բոլորը նստեցին իրենց անկողինների մեջ, քնից զարթնած և սարսափած, խաչակնքեցին և լռեցին՝ սպասելով, թե ի՞նչ աղետ պիտի պատահեր առավոտյան։
Բայց աղետը չսպասեց առավոտյան, եկավ հասավ կես֊գիշերին։
Ահմեդ Չավուշի տունը լցվեց ոստիկաններով ու թուրքերով։
Հայերը եկել էին, մտել տունը, Ահմեդ Չավուշին կապել, բերանը բամբակով փակել, և երբ ճգնել էր իրեն ազատել, ծեծել էին, կնոջը խեղդամահ արել անկողնում և փախել, այս էր Ահմեդ Չավուշի պատմությունը ոստիկաններին և թուրքերին։
Հայերն անգամ հավատում էին այս պատմության, որովհետև վրեժխնդրություն էին կարծում։ Ամիսներ առաջ Չավուշն էր եղել, որ մսագործի յաթաղանով կտրել էր երկու հայ հեղափոխականների գլուխները հրապարակով, միակ մարդը, որ համաձայնել էր դահճի դեր կատարել, գլուխները կտրելուց հետո էլ՝ ափով վերցրել էր արյունը, քսել միրուքին և կտրված գլուխներից մի քայլ հեռու չոքել և աղոթել ալլահին։
Կես֊գիշերին սկսվեցին ձերբակալումները և տևեցին մինչև առավոտ։ Առավոտյան բանտը լցվեց հայերով։ Մինչև բանտ հասցնելը ծեծում էին, վիրավորում, թքում, անպատվում։
Դեպքի երեկոյան Չավուշը կնոջն ասե՛լ էր, որ գնում է գյուղ։ Շատ անգամ էր նա գյուղ գնում։ Գնացել էր շուկա ձի վարձելու։ Խոստացել էին ձիապանները, բայց սպասեցրել։ Ահմեդ Չավուշը մինչև կես֊գիշեր սպասել էր ձիուն, չէր ստացել և հուսահատ տուն էր վերադարձել կես֊գիշերին, տեսել էր մի ջահել թուրք իր տանը, կինն էլ նրա գրկում։ Չավուշը, կատաղած, ջահել թուրքին խեղդել էր և նետել հորը, կնոջը խեղդել էր և թողել անկողնում, բարձրացել կտուրը և սկսել էր ոռնալ՝ «Հայերը կնոջս խեղդեցին ու փախա՜ն․․․»։
Ահա այսպես էր պատահել դեպքը։
Ջահել թուրքի դիակը հանեցին հորից, ձերբակալեցին Ահմեդ Չավուշին։ Հորը նետված թուրքի ծնողները հարուստ էին և ազդեցիկ, հետապնդեցին արդարադատությունը և Ահմեդ Չավուշին աքսորեցին Կոնյա՝ արգելելով նրան վերադառնալ։
Բոլոր ձերբակալված հայերին միասին ազատ չարձակեին, այլ մեկ֊մեկ, կամաց֊կամաց, ամենավերջինին՝ ամենավերջին օրն էլ հարցաքննելով Ահմեդ Չավուշի ոճիրի կապակցությամբ։
Մի թուրք մոտենում էր մի հայ խանութպանի և հավաննելով մի ապրանք՝ արժեքն էր հարցնում։
Արշինը տասը ղուրուշ, պատասխանում էր հայ խանութպանը։
Հինգով տուր, առաջարկում էր թուրքը։
Չեմ կրնար տալ, ընծի արդեն ութը ղուրուշ մալ է եղեր։
Թուրքը պահանջում էր, որ հինգով տա, հայը չէր տալիս, թուրքը հեռանում էր ատելությամբ, ատամները կրճտացնելով։
Անցնում էր մեկ֊երկու օր, և ահա փողոցում մի իրարանցում թուրքերը ծեծում են ինչ֊որ հայու։
Արշինը հինգ ղուրուշով ապրանք չտվող հայ խանութպանն է ծեծ ուտողը։ Թուրքն էլի էր հանդիպել նրան փողոցում։ Թուրքը հարցրել էր․
Հինգ ղուրուշով չե՞ս տար, գյավուր։
Ո՛չ,
Եվ թուրքն սկսել էր բղավել։
Դինիմե սեոկտի․․․ հասեք, ես խաղաղ անցնում էի, Մուհամմեդին հայհոյեց, սուրբ կրոնը հայհոյե՜ց․․․
Ահա ամբոխը կոտրտում էր հայ խանութպանի քիթն ու բերանը, իսկ հայ խանութպանն ամեն մի հարվածին պատասխանում էր․
Հինգ ղուրշով չեմ տար, ամա ձրի կուտամ, տարե՛ք։
Ոչ ոք չէր հարց տալիս, թե ինչո՞ւ ծեծ ուտող մարդն այդ խոսքերն է աղաղակում, ի՞նչ կապ ունեն այդ խոսքերը սուրբ կրոնի հետ։[ էջ ]
Պատահում էր ուրիշ դեպք։
Մի քանի հայ, ամայի մի վայրում, հանդիպում են մի թուրքի, բոլորովին անծանոթ։
Հայդե՛, ծո, աղեկ բռնեցինք․․․
Մոտենում էին թուրքին, խոսակցության բռնվում, անարգական խոսքեր ասում, թուրքը պատասխանում էր փոխադարձ անարգական խոսքերով։
Ծո՛, դուն ո՞ր շունն ես, որ էդպես կպատասխանես, հավկըլե, ծո։
Ձեռաց սպանում էին, գցում մի փոս և հեռանում։ Մի քանի օրից գտնում էին դիակը և սկսում էին ձերբակալությունները։
Ոսկերիչ Տիգրանը մի այգի ուներ քաղաքի սպանդանոցի մոտ։ Ես գնացել էի մեր ազգականի այգին, որր գտնվում էր ոսկերիչ Տիգրանի այգուն կից։
Կեսօրին մի թուրք մտավ այգին մի կողով շալակած և խաղող ուզեց։ Տիգրանը չուզեց տալ, բայց մայրը միջամտեց.
Տո՛ւր, շուն է, կը դուշմըննա։
Տիգրանը տվեց նրան խաղող, բայց ոչ կողովը լցվելու չափ։ Թուրքը պահանջեց, որ ամբողջ կողովը լցնի։
Կողովը լցնեմ, չես կարող շալակել, ծանր է, ասաց Տիգրանը, կատակելով և հասկացնելով, որ ավելին չի ցանկանում տալ։
Թուրքը պահանջեց, որ անպայման կողովը լցնի։ Մայրն էլ միջամտեց, բայց Տիգրանը զայրացավ և մերժեց։
Այդքան ը որ ձրի տվի, հերիք է, հայտարարեց Տիգրանը։ Թուրքն էլի պահանջեց։ Նրանք կպան իրար։
Տիգրանը նիհար և թուլակազմ մի մարդ էր, իսկ թուրքը՝ ուժեղ և հաղթանդամ։ Տիգրանը պարտվեց, կուշտ ծեծ կերավ և մի ատամն էր վրա տվեց։ Ոչ ոք չմիջամտեց։
Շուն է, կերթա հազար ու մեկ խառնակչություն կենե, ասին բոլորը և թույլ տվին, որ Տիգրանը ծեծն ուտե։
Հինգ օր հետո Տիգրանին կանչել էին դատի։
Ես գնացել էի դատարան այդ դատը տեսնելու, հակառակ մորս պատվերին, որ այդպիսի տեղեր չգնամ։
Թուրքը դատարան ներկայացավ՝ ճակատը սպիտակ թաշկինակով կապած։ Իբր թե Տիգրանը խփել էր քարով նրա ճակատին և ջարդել։ Թուրքը ներկայացրեց դատարանին բժշկի տեղեկանքը վերքի մասին։ Տիգրանին երկու ամիս բանտ վճռեցին և ծեծելով տարան բանտ, իսկ Տիգրանը դատարանում միայն մի բան էր խնդրում.
Քանդեցե՛ք թաշկինակը և տեսե՛ք թե՝ վերք կա՞։
Դատարանը գտավ, որ կառավարական բժշկի տեղեկանքը կա և բավական է։
Երբ Տիգրանին տարան բանտ, և մենք էլ դուրս եկանք, ես իմ այս աչքերովս տեսա, որ թուրքը իջավ փողոց և հանգիստ սրտով քանդեց ճակատի թաշկինակն ու դրավ գրպանը ոչ մի վերքի հետք, մինչև անգամ ճանկռտուքի հետք չկար ճակատի վրա։
Մի օր, ցերեկով, մի սարսափելի լուր տարածվեց մի հայ սափրիչ ածիլվող մի թուրքի վիզն է կտրել։
Լուրը տարածվեց կայծակի արագությամբ։ Ամեն մարդ ջանաց անմիջապես խանութը փակել և տուն գնալ։ Տասնևհինգ րոպեում քաղաքի շուկան ստացավ կիրակնօրյա կեր֊պարանք՝ դատարկվեց։
Ի՞նչ էր պատահել։
Հայ սափրիչը թուրքին ածիլելիս է եղել, երբ սափրիչին մի ծանոթ հայ ներս է մտնում և նրա ականջին շշնջում.
Դուրսը թուրքն ու հայն իրար են խառնվեր, դուն ի՞նչ կենես հոս։
Այդ եղել էր պարզ մի կատակ։
Սափրիչը, մի վայրկյան մտածելով, որ դուրսն արդեն սկսել են, իր առաջ կա կենդանի պատեհություն, լավ է ձեռաց օգտվել այդ պատեհությունից, կես քնի մեջ ածիլվող թուրքի վիզը կտրում է, ընկնում դուրս՝ ածելիով խառնվելու դրսում սկսված պայքարին։ Տեսնում է, որ դրսում ամեն ինչ խաղաղ է և ահաբեկված զարհուրելի հեռանկարից՝ ձին նստում է ու փախչում քաղաքից դուրս։
Երեկոյան սափրիչի կնոջը ոստիկանները տանում են բանտ ծեծելով և ստիպելով.
Ամուսնուդ թաքստոցն ասա։
Հռչակվեց օսմանյան սահմանադրությունը։
Համբույրներ, գրկախառնումներ, ողջագուրումներ, սիրո և եղբայրության լիրիկական զեղումներ։
Բաց արին բանտի դռները, դուրս եկան քաղաքական բանտարկյալները, որոնց մեջ և իմ երկու ուսուցիչները։
Կառավարական շենքի առաջ կատարվեց ազատության հանդես, դուրս եկան և խոսեցին թուրք հեղափոխականները Կանունը Էսասիի մասին։
Առաջին անգամն էր, որ ես տեսնում էի թուրք հեղափոխականներ. մի՞թե թուրքը երբևիցե կարող էր հեղափոխական լինել այսպես էին ինձ ասել, այդպես էլ հավատացած էի։
Այդ հանդեսից էի վերադառնում, հոգնած, փոշեթաթավ, քաղցած և բերկրանքով լեցուն։
Փողոցում հանդիպեց ինձ Շեմսին։
Երկար ժամանակ էր մենք իրար չէինք բարևում։ Նա իմ հորս էր գյավուր անվանել, ես էլ իր հորը իթ անվանել։ Մենք շատ էինք այդ ածականներն ասել իրարու և հաշտվել, բայց այս անգամ մենք վիրավորել էինք մեր ծնողներին։
Մանավանդ ես դաշունահար վիրավորվել էի նրա խոսքից,
Շեմսին ինձ նայեց աչքի պոչովը։
Ես էլ։
Ժպտացի։
Նա էլ։
Ես չեմ կարող ասել, թե ինչպես մեր ոտները շարժվեցին ու մոտեցան իրար և մեր թևերը փաթաթվեցին իրարու։
Շեմսին ինձ քաշեց֊տարավ իրենց տունը։ Օտարոտի թվաց այդ հին տունը, վաղուց էր չէի տեսել։ Շեմսին ինձ առաջնորդեց ներս, ոտնակոխելով տան հարեմական սովորությունները։ Համբուրեցի նրա մոր ձեռքը, դարձա և տեսա Սանիեին, որ կանգնած ժպտում էր։ Իմ և նրա ձեռքերը երկարեցին իրար, ինչպես մարդու սեփական ձեռքերը, երբ սիրտը ցանկանում է ծափահարել։
Շատ վաղուց էր ես Սանիեին չէի տեսել առանց մանիշակագույն ամպի։
Նա մի քիչ, շատ քիչ, կորցրել էր իր եթերայնությունը, բայց դարձել էր արյունալի։
Երբ ես ձեռքն ուժգին սեղմեցի, կարմրեց, շրթունքները դողացին և ինչ֊որ շշնջաց՝ մորը դառնալով։ Այդ շշուկի մեջ այնքան կանացիություն կար, որ ես նրան անմիջապես պատկերացրի ավազանում լողանալիս, և ավազանի սառը ջուրը սառսռում է նրա մարմնի արևային ջերմությունից։
Համբույրներն ու գրկախառնումները ոչինչ չօգնեցին, որովհետև մի քանի օր հետո իսկ, «իմաստուն» հայեր շշնջացին ուրիշ ականջների՝
Չի խաբվիք։
Եվ «իմաստուն» թուրքեր ևս շշնջացին՝
Զգույշ, հայերը կուզեն մեր երկիրը իշխեն և վերացնեն կրոնը։
Կարծես ժամանակը ետ դարձավ։
Երբ մենք փոքր էինք, մի խաղ էինք խաղում, որ կոչվում էր «հայ և թուրք»։ Դա պարզ մի խաղ էր՝ մեջտեղը մի քարակույտ, որ ամրոց էր կոչվում, մանուկները բաժանվում էին երկու մասի՝ ամրոցը գրավելու։ Բաժանված խմբերից մեկը կոչվում էր հայ, իսկ մյուսը՝ թուրք։
Ծո՛, թուրքերը մտան…
Հայերը բերդին կմոտենան, տվե՛ք գլխներուն։
Եվ սա համարվում էր անմեղ խաղ։
Այդ խաղը շարունակվեց մինչև իմպերիալիստական պատերազմը։ Այդ պատերազմում խաղացվեց նույն խաղը, մի֊այն այն տարբերությամբ, որ այս անգամ կողմերն իսկական հայեր և թուրքեր էին, խաղում էին լուրջ և իրական հողի վրա, անսահման ատելությամբ բոցավառված։
Ո՛չ ոք, բացարձակապես ո՛չ ոք մեզ չէր ասում թե՝ մի խաղաք այդ խաղը։ Երբ մենք խաղում էինք, մեծերը, բեղերով մարդիկ, շատ լուրջ և իմաստուն մարդկանց համբավ ունեցող մարդիկ, դիտում էին այդ խաղը և ժպտում։ Եվ, առհասարակ, դիտողները հրճվում էին, երբ «թուրքերր» պարտվում էին։ Խաղի պաֆոսն այնքան էր խորանում, որ «հայերը» «թուրքերին» խաղի ժամանակ կանչում էին այն անարգական ածականներով, ինչ որ իրական կյանքում, խաղից դուրս։
Երբ տաքանում էինք՝ սկսում էինք աղաղակել.
Վուռուն իթլերե… (Զարկե՛ք շներին)։
Կյավուրլար կիրդիլեր… (կյավուրները մտան)։
Խաղն սկսելու համար մենք միշտ կանգնած էինք լինում մի դժվարության առաջ՝ ո՛չ ոք չէր ցանկանում «թուրք» լինել։ Ստիպված էինք լինում վիճակ գցել։ Ով որ «հայ» էր քաշում, անսահման ուրախանում էր, իսկ «թուրք» քաշողները տխրում էին, ակամա մասնակցում խաղին, պարզապես մանկական խաղի կարգապահության կարգով։
Մենք մեծանում էինք այս ոգով։
Պիպերի համար փոխանակ ասելու «կծու է», ասում էինք «տաճիկ է»։
Մեր բարբառում տաճկընալ կամ թրքանալ, կը նշանակեր՝ զայրանալ, վայրենանալ։
Համբերանքս հատավ, տաճկըցա, ասում էինք…
Եվ գալիք սերունդները կը պատմեն մի զարմանալի հեքիաթ։
«Լինում է, չի լինում, մի փոքրաթիվ և հին ժողովուրդ է լինում, որ ապրում էր Վանա ծովից մինչև Միջերկրականը, Բաղդատից մինչև Բյուղանդիոնը։ Լինում է այդ հին ժողովուրդը հողագործ, աղքատ, արհեստավոր, մտավորական, վաճառական, կալվածատեր, բանկիր, պետական բարձր պաշտոնատար, փողոցների կեղտն հավաքող, ծառա, ճորտ և այլն։ Այդ ժողովրդին սիրաբորբոք սիրում են իր հարուստ ցեղակիցները նրա սահմաններից դուրս, սիրաբորբոք սիրում են նրանց և Արևմտյան պետությունների մինիստրները, որովհետև այդ ժողովուրդն ուներ սև ու սիրուն աչքեր և տարածում էր կուլտուրա ողջ խավար Արևելքում։ Սիրաբորբոք սիրուց մղված՝ իր հարուստ ցեղակիցները և Արևմտյան մինիստրները հրում են այդ ժողովրդին դեպի կռիվ իր հարևանների դեմ, հարևաններ, որոնք տարբեր էին կրոնով, արյունով և կուլտուրայով, ունեին սուրեր և զրահ, զորք, ռազմատորմիղ և գերակշիռ թիվ։ Լինում է, չի լինում, մեծ պատերազմ է լինում։ Ողջ աշխարհը բռնում է վառոդի ծուխը, և արյան գետեր են հոսում։ Հին այդ ժողովրդի ականջին գոռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները. «Եկել է ազատության ժամը, խփի՛ր քո հարևանին, խփի՛ր նրա մահակին քո խաչով»։ Հին այդ ժողովրդի սև ու սիրուն աչքերը փայլում են ազատության տենչից, սկսվում է անհավասար կռիվ, զարկում են, զարկվում, և հին այդ ժողովրդից մնում է միայն մի փշուր՝ իբրև կոշմարային հիշատակ։
Ապա գերագույն ու վսեմ ցինիզմով հռհռում են մինիստրները և հարուստ ցեղակիցները՝ ոսկորների և մոխիրների վրա։
Եվ երկնքից ընկնում է երեք խնձոր…»