Vahan Totovents

Դոկտոր Բուրբոնյան

3

Երիտասարդ հյուրասերը չհամարձակեցավ ըսել թե ավելի լավ կ'ըլլար արաբական զգեստները փոխել, վախենալով, մի գուցե, որ օր մը ավելի կենար իր տանը նոր հագուստներ պատրաստելու համար, բայց ընկեր Բուրբոնյանը երբեք մտադիր չէր իր տարազին դպչիլ իզուր էր երիտասարդի վախը։

1908 թ. հուլիսի 14-ին, Օսմանյան սահմանադրության նախօրին, դոկտ. Բուրբոնյան տակավին Տիգրանակերտ չէր հասած և Մշերիկ գյուղի մեջ զբաղած էր հեղափոխական կազմակերպության գործով։

Այսպես էր իր կազմակերպելու ձևը կը կանչեր գյուղի երիտասարդներեն մին, առաջին անգամ կը պատմեր Հայաստանը ազատագրելու իր առաջին ակտը, ամեն անգամ զարդարելով, ամեն անգամ ավելի խոր գույներ տալով պատկերներուն, կը նկարագրեր իր բանտային տանջանքները և ոգևորությամբ կոչ կըներ նմանիլ իրեն։

Դուք պետք է նմանիք ինձ՝ Արքայազնիս (այս էր իր հեղափոխական-պրոպագանդիստի ծածկանունը), կաղաղակեր։

Այդ մեկը կը խոստանար նմանիլ Արքայազնին։ Կը կանչեր մեկ քանի ուրիշ երիտասարդներ, անոնց ալ կը պատմեր միևնույն պատմությունը քիչ մը ավելի զարդարված, քան առաջինը։ Անոնք կը խոստանային նմանիլ... իրեն։ Բոլորին մեկանց երդում ընել կուտար մի ոևէ «հեղափոխական-հերոսի անհետ կորած սրբազանի գերեզմանի անունով» և վերջացած կը նկատեր իր գործը: Մեկ քանի գյուղերու մեջ գնաց եկեղեցին և արտոնություն խնդրեց ճառախոսելու։ Անիկա արևի ծագումը նկատելով իբրև հեղափոխության այլաբանություն՝ ճառախոսեց, երևան բերելով ուսանողական շրջանի նման անուններու և պատմական թվականներու այնպիսի մեկին խառնիճաղանջությունն, որմե խեղճ գյուղացիները ափուբերան մնացին առաց բան հասկնալու, խոստովանելով նորեկի «յաման» ճառախոսելու կարողությունը:

Այս արարողություններեն հետո՝ Արքայազնը Համիդի ռեժիմը տապալելու համար 1907 թվին Փարիզի մեջ գումարված Կոնգրեի թռուցիկը կը բաժներ՝ ավելցնելով.

Ես եկած եմ տապալելու համիդյան ռեժիմը, հույս մեծ ունեցեք, ես կը հաջողիմ իմ հեղափոխական-հերոսի փշոտ ճանապարհին։

Տակավին Մշերիկ գյուղի մեջ էր, երբ տարտամ լուրեր եկան Օսմանյան սահմանադրության հռչակման մասին։ Առաջին անգամ բավական զսպեց ինքզինք, բայց հետզհետե սկսավ երևակայել... Կոնգրեն գումարվեցավ, ամբողջ Թուրքիան հեղափոխականացավ, ինքը արդեն հեղափոխական սերմեր տարածած էր Բեյրութեն մինչև Մշերիկ գյուղը և... ազատությունը եկավ։ Անիկա ձին հեծավ և քառատրոփ հասավ Տիզրանակերտ։ Քաղաքի մեծ պարիսպեն դուրս տեսավ գյուղացիներ, որ կը փութային դեպի ներս՝ սահմանադրական թափորներուն մասնակցելու համար։ Երբ դոկտ. Բուրբոնյանը ներս մտավ, հանդիպեցավ այդ թափորներեն մեկուն, որ գինովցած օրվան ազատութենեն, որովհետև բանտերեն և դժոխային զնդաններեն դուրս էին եկած հեղափոխական հինավուրց գործիչներ, գլխարկները օդին մեջ ճոճեցուցին «կեցցե» պոռալով։

Ընկ. Բուրբոնյան փութաց իրեն վերագրել այդ ցույցը։ Կանգնեցուց իր ձին, արաբական գլխանոցը հանեց գլուխեն և ճոճելով օդին մեջ՝ սկսավ... ճառել։

Ողջո՛ւյն ձեզ հանուն Հեղափոխական Դաշնակցության, հանուն Ժընև քաղաքին։ Այս ազատությունը, որ կը վայելեք այսօր, դուք, երեկվան ստրուկներ, գործն է մերայնոց։ Շնորհակալ եմ ձեր ուրախության արտահայտությանց համար, որ կը պոռթկան դուրս ձեր կուրծքերեն ի պատիվ ինձ, անտեղի չէ այդ և անպտուղ չմնար երբեք։ Բոլոր հեղափոխությանց մեջ այսպես եղած է, ինչպես Գարիբալդին՝ ֆրանսական մեծ հեղափոխության հերոսը։ Ես լսեցի Հալեպի մեջ, որ Մեծն Տիգրանի այս քաղաքը վտանգված է պաշտոնյաներու կողմե, վազեցի և եկա կտրելով անցնելով հազար ու մեկ խոչընդոտներ։ Հիմա կը տեսնեմ, որ կը ծափահարեք և երախտապարտ եք...

Այստեղ Բուրբոնյան քիչ մը կանգ առավ և սպասեց... ծափահարության, բայց ոչ ոք չի ծափահարեց։ Այս անգամ ահռելի ձայնով գոռաց՝

Կեցցե՜ ժողովուրդը։

Կեցցե՜ հեղափոխությունը։

Այս անգամ ժողովուրդը արդեն զգաց և ծափահարեց երկար և որոտընդոստ։

Կեցցե՜ մեր հերոսը, արձագանքեցին անոնք։

Մենք տապալեցինք օսմանյան բռնապետությունը, մենք կը հիմնենք Հայաստանի թագավորությունը, ավելցուց անիկա իր ճառին մեջ։

Իր առաջին ազատ ճառերուն մեջ նաև հայտնեց իր հեղափոխական-հերոսական ծածկանունը։

Դոկտ․ Բուրբոնյանը ինկավ ժողովուրդի առաջը խլելով դրոշակներեն մեկը և բռնելով իր ձեռքը, անցավ փողոցներով։

Քրիստոսի Երուսաղեմ մտնելու օրը միայն մեկ բանով կը տարբերեր Քրիստոս նստած էր իշու վրա, կրելով իշու վրա նստած ասպետի վայել համեստությունը։

Թափորը հանդիպեցավ ուրիշ թափորի մը։ Բուրբոնյանը, այս անգամ ազատության դրոշակը ձեռքը, երկրորդ անգամ ճառախոսեց գրեթե միևնույն նյութի մասին, ավելի ոգևորված, ավելի հուզված, կոչականներով և «ո՜հ»-երով լեցուն, պատմեց դարձյալ ազատագրության իր առաջին ակտը և բանտային չարչարանքները։

Ժողովուրդը երբեք չկասկածեցավ անոր հեղափոխականության մասին, ընդունեց զինքը իր հերոսներեն մեկը, ծաղկեփունջեր նվիրելով անոր։ Այն օրվան ծնված բոլոր տղամանուկները ութն օր հետո մկրտվեցան և անվանակոչվեցան Բուրբոն՝ ի հիշատակ մեծ հեղափոխական հերոսի։

Հերոս Բուրբոնյանը չբավականացավ ճառախոսություններով, զորոնք արտասանեց զանազան փողոցներու մեջ և մեծ հրապարակներու վրա, այլ միացած թուրք քաղաքական աքսորականներու հետ՝ ժողովուրդը գրգռեց ընդդեմ նախկին ռեժիմի պաշտոնյաներու և հրապարակ բերելով զանոնք՝ հանձնեց ժողովուրդի դատաստանին։ Շատերը ծեծվեցան, մեկ-երկուքը սպանվեցան, մեկ-քանին անհետ կորան քաղաքին մեջ։

Թափորները և ցույցերը լրացնելե հետո՝ հեռագիր մը խմբագրեց և անմիջապես ուղարկեց Ժընևի «Դրոշակի» խմբագրության։

Հեղափոխական ընկերնե՛ր:

Ես ազատությունը գործադրեցի Տիգրանակերտի մեջ, քշեցի բոլոր նախկին վտանգավոր մարդիկը, և կառավարությունը առի իմ ձեռքին մեջ: Կանցնիմ ուրիշ քաղաքներ:

Կեցցե՜ ազատությունը:

Կեցցե՜ մեր գործը:

ԴՈԿՏ. ԲՈՒՐԲՈՆՅԱՆ

Երկրորդ օրը, ի պատիվ դոկտ. Բուրբոնյան հեղափոխական-հերոսին, Տիգրանակերտի բարձր դասը և մտավորական երիտասարդությունը ճաշկերույթ մը սարքեցին մեծ սալոնի մը մեջ, ուրտեղ ներկա էին եվրոպական պետությանց հլուպատոսները և ամերիկյան միսիոնարական ներկայացուցիչները։ Ներկա էին նաև օտարականներու տիկինները և օրիորդները և մեկ-քանի ազատամիտ հայ վարժուհիներ։ Բուրբոնյանը սալոնին մեկ անկյունը ջղային շարժումներով շուրջիններուն կը պատմեր իր կռիվները թուրք ժանդարմներուն հետ, իր հարաբերությունները արտասահմանի հեղափոխականներուն հետ, կը պատմեր մեծ հիացումով և խոր հարգանքով ընկեր Ս. Սավարյանի մասին, որ գացած էր ամբողջ Կիլիկիան հեղափոխականացնելու։ Արդեն նստած էին ճաշի և բոլորը հերթով իրենց բաժակները կը պարպեին ի պատիվ մեծ հյուրին, որ հերոս էր և փրկած էր Հայաստանը գիշատիչ պաշտոնյաներե, երբ հանկարծ մեկ քանի բուրժուա տղոց հետ ներս մտավ շիք պարոն մը, կեղծ ծիծաղ մը իր դեմքին վրա։

Շիք պարոնը միջահասակ էր, լայն ճակատով, որ կը վերագրվեր ավելի ճակատի մազը կանխահասորեն թափելուն, քան իմացական լայնաճակատության, քիթը քիչ մը հակած դեպի աջ կողմը, կը խոսեր ռնգային և կանացի խեղդված ձայնով, խոսած ժամանակն ալ ուսերը քիչ մը վեր կառներ, տեսակ մը կիսաեվրոպականացած գավառացիի ձախավեր արտահայտությամբ, հագած էր սև ռեդինգոթ, լամբակին վրա զետեղած էր մեծ, ճերմակ ծաղիկ մը, մատները անցուցած մեկե ավելի խոշոր ակով մատանիներ, նայվածքի կապկություններով։ Իրեն ընկերակցողներեն մեկը ներկայացուց կոչնականներուն նորեկ շիք պարոնը․

Ձեզի կը ներկայացնեմ պարոն Տիրան Ղալանյան, հայտնի Ֆանթազիոն, որ երկար տարիներ, հակառակ իր երիտասարդության, ծառայած է հեղափոխության և հայրենիքին։

Ֆանթազիոն մոտեցավ առաջին անգամ տիկիններուն և համբուրեց անոնց ձեռքերը ի զարմանս տեղացի կոչնականներուն, որոնք առաջին անգամ կը տեսնեին այդպիսի բան, հետո հերթով սկսավ պարոններուն ձեռքը սեղմել ամեն մեկուն արտասանելով իր անունը․

Ֆանթազիո, étudiant en driot։

Երբ կարգը եկավ դեկտ․ Բուրբոնյանին, Ֆանթազիոն զննողաբար դիտեց, որովհետև մեր հերոսը տակավին չէր փոխած իր արաբական ձիավորի տարազը։

Դուք կը ներկայանաք դոկտոր Բուրբոնյանին, արտասանեց մեր հերոսը քիթը տնկած վեր, առանց ձեռքը երկարելու։

Դուք կը ներկայանաք Ֆանթազիոյին, étudiant en driot, պարոն, պատասխանեց շիք պարոնը առանց ձեռքը երկարելու և գրավեց իրեն հրամցված աթոռը։

Շատերուն այնպես թվեցավ, որ Ֆանթազիոն և Բուրբոնյանը իրարու արդեն ծանոթ էին և անցյալին մեջ գժտված, բայց չուզեցին ուրիշներու ներկայության զգացնել և այդպիսի տարօրինակ ձևով ներկայացան իրարու։ Ֆանթազիոն և դոկտ․ Բուրբոնյան իրարու երբեք ծանոթ չէին, բայց առաջինը՝ Տիգրանակերտ մտնելուն պես լսած էր առաջի օրվան թափորի և Բուրբոնյանի ճառերու մասին։

Ֆանթազիոն հինգ տարիե ի վեր գտնված էր Ժընև և Փարիզ՝ իբրև իրավաբանության ուսանող։ Ւր իրավաբանական ուսանող ըլլալը կը կայանար այն իրողության մեջ, որ այցետոմս տպել տված էր իր անունով և ծածկանունով, ավելցնելով տակը étudiant en droit, Ժընև և Փարիզ։ Չենք սխալիր, եթե ըսենք, որ պատահաբար ներկա գտնված էր, հինգ տարիներու ընթացքին, մեկ-երկու իրավաբանական դասախոսությանց։ Իր բովանդակ հմտությունն էր, թե օրենքը հիմնված է իրավունքի վրա, թե կա code de Napoleon-ը, թե եվրոպական արդի օրենքի հիմքը կը կազմեին հռովմեական և գերմանական օրենքները։ Անիկա իբրև շրջանավարտ վերադարձած էր Մալաթիա, իր ծննդավայրը, անհուն ուրախություն պատճառելով իր ծնողներուն։ Վկայականի մասին անիկա... վկայած էր, որ ետքը պիտի ղրկվի իրեն համալսարանեն։ Հայրը վաճառական մարդ և թանձրացյալ բաները սիրող, հարցուցած էր, թե՝ որ համալսարանին մեջ ավարտած էր ուսումը իր սիրասուն որդյակը, անիկա պատասխանած էր, որ ավարտած էր՝ թե՛ Ժընևի և թե՛ Փարիզի համալսարանները փոխն ի փոխ։ Ֆանթազիոն այս պատասխանով չէր կրնար չզարմացնել նույնիսկ գավառի մեծ մտավորական մը, ուր մնաց իր քիչ զարգացած վաճառական հայրը։

Մալաթիա հասնելուն՝ հայրը ուղարկեց զայն Բաղդադ առևտրական գործով։ Դեպի Բաղդադ ճանապարհին հռչակվեցավ Օսմանյան սահմանադրությունը։ Ֆանթազիոն Ժընևի մեջ շատ մոտ եղած էր հեղափոխական գործիչներուն, որոնք առանց երկնչելու և երկմտելու «կարմիր նամակներ» կը գրեին թերթերու մեջ՝ ուղղված Յըլտըզի մեծ հիվանդին, անդուլ և անդադար սպառնալիքներ տեղալով թուրք բռնակալության հասցեին։

Ֆանթազիոն մոտեն ծանոթ էր 1905-ի մահափորձին, մեկ քանի տեռորներու (ոչ թե գործադրությանց, այլ հղացման շշուկներուն) և տեսած էր բոլոր այն գործիչները, որոնք եկած և անցած էին Ժընևեն, շատերը նույնիսկ հյուր ըլլալով Ֆանթազիոյի սենյակը։ Օսմանյան սահմանադրության հոչակմամբ Ֆանթազիոն մոռցավ հորը իրեն հանձնած առևտրական առաքելությունը և ինքնաբերաբար դարձավ հեղափոխական գործիչ և Տիգրանակերտ մտավ իբրև այդպիսին։ Զինքը ծանոթացնողները, երբ հայտնեցին, թե անիկա երկար տարիներ ծառայած էր հեղափոխության և հայրենիքին՝ իր մասին որևէ օտար աղբյուրներ չունեին բացի իր պատմածները։

Հերթը եկավ դոկտոր Բուրբոնյանին բաժակ առաջարկելու։ Տանտերը, որ հաստավիզ փաստաբան մըն էր և ամբողջ ճաշկերույթի ընթացքին ուրիշ բան չուներ ընելու, եթե ոչ իր ծառաներուն և մեծ տղուն վրա բարկացկոտ աչքեր պտտեցնել, արդեն պատրաստ էր մեծ հարգանքով և հպարտությամբ ընդունիլ բաժակը։ Ոչ ոք կը կարծեր, թե հերոսը պիտի մոռնար հիշել տանտերը։ Դոկտ. Բուրբոնյան ոտքի կանգնեցավ և սկսավ.

Ազատ քազաքացինե՛ր, այս բաժակը (բոլորին թևերը իրենց օղիի լեցուն բաժակներով երկարեցան դեպի Գաբրիել էֆենտին, որ արդեն կանգնած էր պատրաստ), ես կառաջարկեմ խմել այս բաժակը բոլոր հեղափոխական-հերոսներուն ի պատիվ, որոնք ինկան և որոնք կանգնած են։ (Ֆանթազիոն, որ մինչև այդ խոսքը նստած էր... փութաց ոտքի կանգնիլ։) Թևերը քաշվեցան ետ և ոմանք ուղղվեցան դեպի առաստաղը, ոմանք դեպի Բուրբոնյանը և մեկ քանին ալ դեպի Ֆանթազիոն։

Դոկտ. Բուրբոնյանին մտքեն չէր անցներ երբեք ուրիշը նսեմացնել, բայց Ֆանթազիոն զգաց, որ պետք էր զարմացնել կոչնականները և ուշադրությունը շրջել իր կողմը։ Ֆանթազիոն սպասեց իր հերթին, մինչև այդ շաղակրատելով եվրոպացի տիկիններու հետ Փարիզի, Լոնդոնի, Նեապոլի, Ցյուրիխի, Մյունխենի և Մոնտե-Կարլոյի մասին ֆրանսերեն լեզվով, ծաղրելով անգլերենը և Շեքսպիրի լեզվին միմիքը ընելով իր քիչ մը դեպի ձախ հակած շրթունքներու տանջալից շարժումներով։

Դոկտ. Բուրբոնյանը, դարձյալ խոսք առավ և պատմեց իր քաջագործությունները, որոնց բոլորը մտիկ ըրին ապշած։ Նստելե հետո՝ մատի շարժումով կանչեց ծառաներե մին և անոր պատվիրեց լավ նայիլ իր Փայլակին։ (Փայլակը իր ձիու անունն էր։)

Շաա լավ, էֆենտի, պատասխանեց ծառան։ Բուրբոնյանը քիչ մը բարկացած, բայց զսպելով իր բարկությունը, միգուցե ուրիշները լսեին, ըսավ ծառային թեթև հանդիմանանքով մը։

Ես դոկտոր եմ, կը հասկնա՞ս։

Շատ լավ, շատ լավ, դոկտոր էֆենտի, պատասխանեց ծառան և ետ-ետ գնաց հանդիպելով Գաբրիել էֆ․-ի բարկութենեն ոլորապտույտ աչքերուն։

Կարգը եկավ Ֆանթազիոյին։ Անիկա ոտքի կանգնեցավ, լուռ կեցավ պահ մը, ուսերը բարձրացսւց վեր՝ պոլսահայ դերասանի անհաջող շարժումներով և սկսավ իր կանացի խռպոտ ձայնով։

Տիկիննե՛ր (խոնարհվելով մինչև գետին) և պարոննե՛ր (առանց խոնարհության), դոկտ. Բուրբոնյանի քիչ առաջ պատմած դեպքը ունի բոլորովին անհատական և փոքրիկ բնույթ, ես ձեզի պատմեմ, թե ինչպես տեղի ունեցավ 1905-ի մեծ մահափորձը։

Բոլոր նստարանները շարժեցան, գավաթները վար դրվեցան, ծառաները ֆեսերնին վար առին և սկսան ապշած և բերանբաց մտիկ ընել։ Ֆանթազիոն պատմեց նախափորձերը, նախածրագիրները և հետո ամբողջ դեպքը, ինքզինքը ներկայացնելով կենտրոնական դեմքը, ներկայացուց օր․ Ռուբինան, բաղդատելով զայն ֆրանսացի Ժան դ'Արկի հետ և բաժակ առաջարկեց Ռուբինայի կենացը։ Ըստ իր պատմության՝ Ռուբինան չէր մասնակցած մահափորձին, բայց ոչ ոք անդրադարձավ այդ իրողության։ Հանկարծ ընդոստ վեր ցատկեց դոկտ. Բուրբոնյանը և բաժակ առաջարկեց իտալացի կառապանի հիշատակին։ Գաբրիել էֆենտին տեսնելով Ֆանթազիոյի հուզմունքը և զայրույթը դեպի Բուրբոնյանը (Բուրբոնյան երբեք չէր նայեր Ֆանթազիոյի կողմը), առաջարկեց խմել երկուքին ալ կենացը։ Իզուր Ֆանթազիոն ջանաց ըսել, թե մեկը մեռած է, իսկ մյուսը՝ ողջ, արդեն գավաթները պարպված էին և Ֆանթազիոն գավաթը ձեռքը՝ տատանեցավ և նստավ։

Եվրոպացի կոչնականները վերջին անգամ հաջողություն մաղթեցին Օսմանյան սահմանադրության, շնորհակալ եղան Գաբրիել էֆենտիեն և առանց երկու մեծ հյուրերուն ակնարկություն ընելու՝ հրաժեշտ առին և գացին։

Երկրորդ օրը դարձյալ տեղի կունենար մեծ խնջույք մը Ֆանթազիոյի նշանախոսության առթիվ։

Տիրան Ղալանյանի նախկին, բայց շատ սիրելի և հուզիչ սովորությունն էր՝ նշանվիլ հասած հարուստ աղջկան հետ, կորզելով մեծ գումար իր աներոջմեն զանազան սուտ պատրվակներով և անցնիլ ուրիշ քաղաք։

Գաբրիել էֆենտիի դուստրը, 18 տարեկան գեղանի օրիորդ մը, վերջընթեր զոհերեն եղավ Ֆանթազիոյի այս սովորության։ Անիկա կը խաբեր աղջիկները այն թեթևասրտությամբ, ինչ թեթևասրտությամբ որ մարդիկ առհասարակ հոտավետ ծաղիկ մը կը փրցնեն իրենց լամբակները զարդարելու։

Ոչ ոք տեղեկություն ուներ Ֆանթազիոյի անցյալ կյանքի մասին, ոչ ոքե ալ չուզեցին աղջկան ծնողները տեղեկություն առնել, որովհետև Ֆանթազիոն կը նկատվեր իդեալ փեսացու։

Նշանախոսությունն անցավ նշանակելի։ Դոկտ․ Բուրբոնյանը, որ հրավիրված էր նշանախոսության հանդեսին, ոգևորված ճառ խոսեցավ Ֆանթազիոյի իմացականության և անոր հեղափոխական փայլունության մասին։ Առաջի օրվան խնջույքին՝ Ֆանթազիոն լեցված էր ատելությամբ Բուրբոնյանին դեմ, բայց այդ իրիկուն բարեկամացան և քաշվելով անկյուն մը՝ երկար խոսեցան իրենց նախկին հեղափոխական սխրագործություններեն...

Դոկտ. Բուրբոնյան ցույց տվավ այն նամակը, որով ինք կը նշանակվեր շրջուն պրոպագանդիստ, ստորագրված Սավարյանի կողմե։

Ֆանթազիոն ինքն ալ իր գրպանի թուղթերուն մեջ շատ փնտրեց համապատասխան վավերաթուղթ մը, բայց, դժբախտաբար, չի կրցավ գտնել ըսելով, որ կորսնցուցած է։

* * *

Բուրբոնյանը նախքան գյուղ մը կամ քաղաք մը մտնելը մարդ կը ղրկեր ծանուցանելու ժողովուրդին, թաղականներուն մասնավորապես, որ հեղափոխականը կուգա և պետք է դիմավորել։ Ազատությամբ գինով ժողովուրդը այս լուրին վրա թափոր կը կազմեր և մեծ շքով կընդուներ դոկտ. Բուրբոնյանը Փայլակին վրա նստած, հոխորտ և արհամարհոտ, քիթը այնքան վեր, որ կզակը զուգահեռական մը կը կազմեր իր ուսերուն հետ։

Բուրբոնյանը Տիգրանակերտեն դուրս ելլելուն փոխեց իր արաբական ձիավորի տարազը եվրոպացի որսորդի տարազի հետ, բայց շատ զղջաց, որովհետև ճանապարհի վրա հանդիպած միամիտ մարդկանց զարմանքը կորսվեցավ։

Երբ դրոշակակիր թափորներով կը դիմավորեին զինքը, Բուրբոնյանը, ըստ սովորության, ողջույններ կուտար հանուն հեղափոխության և ազատության, հետո՝ պերճախոսության այն ատենվան գերագույն ձևով, կը պատմեր իր կռիվները վայրեվայր ձևափոխելով, զարդարելով և զարմացնելու, ապշեցնելու բոլոր հնարավոր մանրամասնություններ ավելցնելով։ Փոքրիկ քաղաքի մը մեջ պատմեց, առաջին անգամ ըլլալով, որ ինք եղած է այսինչ իսլամական ուխտատեղին օդը հանողը։ Պարտեզի վրա այդպիսի ուխտատեղի չի կար, բայց անիկա օդը հանած էր զայն... մեկ քանի անգամներ։ Բուրբոնյանը սուտի մասին գաղափար չուներ։ Իր համար ամենաիրական բանը իր երևակայությունն էր և այն, ինչ որ կը պատմեր ու կը պատկերացներ՝ իր աշխարհի եղելություններն էին։

Զինքը դիմավորող թափորները կառաջնորդեր դեպի կառավարական շենքը և կոչ կըներ ժողովուրդին մատնանշել այն բոլոր հին պաշտոնյաներուն անունները, որոնք անիրավություններ գործած էին, որոնք այսպես թե այնպես խժդժություններ ի գործ դրած էին խեղճ, խաղաղ ժողովուրդի վրա։ Ազատությամբ գինով ժողովուրդը կը թվեր անունները բոլոր անոնց, որոնք իսկապես նախկին ռեժիմի օրով սիրտ և և խիղճ չէին ունեցած։

Բռնի ուժով դոկտոր Բուրբոնյանը դուրս կը կանչեր այս մարդիկը և կը հանձներ ժողովուրդի զայրույթին։ Ապա թափորը կառաջնորդեր, ինք միշտ ձիուն վրա նսաած, դեպի բանտը, միգուցե տակավին մնացած ըլլային ներսը քաղաքական բանտարկյալներ։ Իր վերջին ճառը կը խոսեր այդտեղ՝ պատմելով իր բանտային հուշերեն, իր անլուր չարչարանքներեն, պոռալով.

Կեցցե՜ն բոլոր նախկին բանտարկյալները։

Արաբկիրի մեջ դոկտ. Բուրբոնյանը ճառախոսելու մարմաջեն՝ հանդիպեցավ անմահորեն ծիծաղելի պատահարի մը։

Իր Արաբկիր մտած օրը հուղարկավորությունը պիտի կատարվեր Գալուստ էֆենտի Յամանյանի, բայց գալստյան առթիվ հետաձգվեցավ հաջորդ օրը։ Հանգուցյալ Յամանյան էֆենտիի մոտիկ բարեկամները գացին Բուրբոնյանին և խնդրեցին գալ թաղման հանդիսին և դամբանական մը խոսիլ։ Դոկտորը այդպիսի առաջարկ մը մերժելու ուժ չուներ։

Հաջորդ օրը անիկա ներկա չգտնվեցավ պատարագի, բայց երբ հուղարկավոր թափորը հասավ գերեզմանատուն, դոկտ. Բուրբոնյանը ձիուն վրա նստած՝ հասավ վայրը, իջավ ձիեն (ձիուն սանձը բռնելու համար քանիներ վազեցին, բայց մեկին միայն բախտը շնորհվեցավ), մոտեցավ դագաղին, հանդիսավոր կերպով իր գլխարկը հանեց և կանգնեցավ սպասելով երգեցողության լրանալուն։ Առաջին անգամն էր, որ մարդիկ տեսան, թե դոկտ. Բուրբոնյանը կարճահասակ մարդ էր, երբ անիկա ձիեն վար իջավ։ Իրանը գրեթե համահավասար մեծություն և լայնություն ուներ բարձրահասակ և միջակ մարդոց իրաններու հետ, բայց սրունքները ծիծաղելիորեն կարճ էին։

Դոկտորը, երգեցողութենեն ետքը, սկսավ իր դամբանականը, պատմելով հայ հեղափոխության պատմությունը և հանգուցյալը ներկայացուց իբրև զոհը այդ հեղափոխության։ Դոկտ. Բուրբոնյանը երբեք չխորհեցավ, թե հանգուցյալի մասին ինք ոչինչ չգիտեր, կասկածելի էր, թե անունը իմացած էր, կարծեց թե մեռյալը դաշնակցական էր և ներբողը կարդաց Դաշնակցական կուսակցության, որ այդպիսի անձնվերներ մեծցուցած էր իր ծոցին մեջ։

Եվ որովհետև հանգուցյալը կը պատկաներ Հնչակյան կուսակցության, աղմուկները ծայր տվին, անլուր հայհոյանքներ սկսան տեղալ օրվան ճառախոսին, մեկ քանիներուն քիթեն արյուն հոսեցավ, որովհետև Բուրբոնյանի պատկանած կուսակցության մարդիկը մեջ ինկան և հուղարկավորությունը վերածվեցավ չտեսնված կոմեդիայի մը։

Հանգուցյալին մոտիկ կիներ և երեխաներ դառնորեն կարտասվեին և կաղաղակեին։

Այդ բոլոր խայտառակության մեջ միայն հանգուցյալն էր անպարտ և արդար, որ անտարբեր կերպով կը ննջեր պատանքներուն մեջ։

Ավելի լուրջ մարդիկ կերպով մը կրցին կռիվը դադրեցնել, որմե հետո դամբանախոսը նստավ ձիուն վրա և հեռացավ առանց վայրկյան մը իսկ մտածելու հուղարկավորության լրջությունը խանգարած ըլլալուն։

Դոկտ․ Բուրբոնյանի համար կարևորը իր ճառախոսած ըլլալն էր։

Ամբողջ օրը գրեթե ձիեն վար չիջավ, պտտեցավ փողոցները, բոլորը պատուհաններեն և դուռներեն մատով կը ցուցնեին տարօրինակ ձիավորն Արաբկիրի փողոցներուն մեջ։

Գիշերը հավաքվեցան հնչակյանները և դոկտ․ Բուրբոնյանին դաշնակցական կլուբեն դուրս ելլելու ատեն հետևեցան անոր և մութ, ետ ինկած փողոցի մը մեջ հարձակեցան վրան և ծեծելով՝ կիսամեռ թողուցին և հեռացան։

Երկրորդ օրը դոկտ․ Բուրբոնյանը պատմեց դեպքը զինքը այցելողներուն բոցավառ գույներով, թե ինչպես 150 հին ռեժիմի ժանդարմներ հարձակած էին իր վրա, թե ինչպես ինք դիմադրած էր անհավասար կազմի մեջ և փախցուցած էր բոլորը առանց անդրադառնալու իր երեսին և կռնակին վրա տակավին չչորցած արյան հետքերուն և ոչ ոք ալ չհամարձակեցավ հարցուփորձել։

* * *

Ֆանթազիոն Տիգրանակերտեն վերադարձավ Խարբերդ։ Առաջին օրը հյուր եղավ Արփիարյան ընտանիքի տունը, ուր հավաքված էր մեծ բազմություն։ Ֆանթազիոն հարստացուցած էր իր դեմքի միմիքը և պատմությունները։

Ազատամտության իբրև առաջին քայլ՝ հրավիրված էին կիներ, որոնք սալոնին մեջ առանձին նստած, բայց կը մասնակցեին երեկույթին։ Ֆանթազիոն պատմեց հանդիսավոր կերպով, թե ինչպես ինք հեղափոխականացուցած էր բովանդակ Տիգրանակերտը, թե ազատության և հեղափոխության ինչ մեծ խանդավառություն կը տիրեր այն տեղի հայ և թուրք ազգաբնակչության մեջ։

Պատմեց անիկա իրեն ծանոթ հեղափոխականներու մասին, որոնք պատկառանքով մոտեցած էին իրեն, իբրև Ժընև և Փարիզ տեսնող մեկը, իբրև ամենամոտիկը հեղափոխության ռահվիրաներուն։ Հիացումը և ապշությունը կատարյալ եղավ, երբ Ֆանթազիոն անդրադարձավ դարձյալ 905-ի մեծ մահափորձին։

Ֆանթազիոն իր բոլոր ըսելիքները լրացնելե հետո՝ բաժակ առաջարկեց գեղեցիկ սեռի կենացը։

Կոչնականներու մեջ կային մարդիկ, որոնք մինչև անգամ չհասկցան «գեղեցիկ սեռ» բացատրությունը, բայց որովհետև շատերը դարձան դեպի կիները՝ կիները գլուխնին վար կախեցին և ամեն ինչ լռեց։ Ֆանթազիոն հեգնական քմծիծաղով մը շարունակեց իր խոսքը.

Հելլենական և հռովմեական կյանքի մեջ, ըսավ անիկա, և նույնիսկ մեր նախկին թագավորության ժամանակ, երբ տակավին իսլամները չէին արշաված մեր սրբազան և անպարտելի լեռները, սովորություն կար, որ կիները և տղամարդիկ զիրար կը համբուրեին բազմության ներկայության և բաղնիս կերթային միասին, իսկ իսլամները...

Պր. Ֆանթազիո, նկատեց ամենածեր կոչնականներեն մեկը, անցնենք ուրիշ նյութի։

Դուք շատ նեղ կը մտածեք, ընկեր, պատասխանեց Ֆանթազիոն, պետք է թոթափել հինը և զգենուլ նորը՝ եվրոպական վերջին խոսքը։ Եվրոպայի մեջ հիմա այլևս ամուսնություններ անգամ չկան. ով ինչ կին որ կուզե, կառնե և կը տանի իր սենյակը։

Այս խոսքին վրա շատերը ծիծաղեցան, բայց հանկարծ լսվեցավ մեծ աղմուկ։ Ներկա եղող ջղային մարդոցմե մեկը, որ երբեք չէր կրնար հանդուրժել այդպիսի միտք՝ առավ օղիի շիշը և նետեց Ֆանթազիոյի ճակատին։ Ֆանթազիոյի ճակատեն արյունը սկսավ հոսիլ։ Շիշը նետողին մոտիկ մարդիկ բռնեցին զայն մինչ ուրիշներ ալ կաշխատեին Ֆանթազիոն տանել ուրիշ սենյակ մը անախորժության վերջ տալու համար։

Դուք վայրենիներ եք, դուք հակահեղափոխականներ եք, հին ռեժիմի գործակատարներ, սրիկաներ եք, աղաղակեց Ֆանթազիոն։

Կռիվը կերպով մը դադրեցուցին Ֆանթազիոն տանելով մյուս սենյակը։ Կիները սարսափելի կերպով վախեցած՝ կամաց-կամաց քաշվեցան գացին։ Սեղանը մնաց մեջտեղը։ Մյուս սենյակին մեջ ծխախոտ վառեցին և դրին պ․ Ֆանթազիոյի վերքին վրա, ուրկե արյունը կը կաթկթեր։ Երբ առավոտուն արթնացավ, թուղթ, թանաք և գրիչ ուզեց և հետևյալ հեռագիրը խմբագրեց ղրկելու համար Պոլիս՝ «Ազատամարտ»-ի խմբագրության․

Եկա Խարբերդ քարոզելու համար հեղափոխության խոսքը, բայց վայրենի հակառակորդներ իմ ճակատը ծակեցին։ Այս տիպի մարդոց պահանջն է նախկին կառավարության ձևը և նախկին պաշտոնյաներու վերագրավումը իրենց աթոռներուն։ Հեղափոխությունը վտանգի մեջ է, հեռագրեցեք՝ թե ինչ կերպ վարվելու եմ։
Կեցցե՜ Ազատությունը։
Կեցցե՜ Հեղափոխությունը։
ՖԱՆԹԱԶԻՈ
Etudiant en droit

Ֆանթազիոն տակավին անկողնի մեջ էր և դուրս չէր ելած իր վերքը չցուցնելու համար, երբ հեռագիր ստացավ Դաշնակցության Պոլսո պատասխանատու մարմինեն հետևյալ բովանդակությամբ.

Ընկեր Ֆանթազիո,
Տեղվույդ հեղափոխական ուժերու աջուկցաթյամբ բանտարկեցեք և խստիվ պատժեցեք այդպիսի տիպերը:
Կեցցե՜ Ազատությունը:

Պոլսի պատասխանատու մարմինը նաև դիմեց Պոլսի Իթթիհ ատ Վե Թերագգը օսմանյան կոմիտեին հեռագրելու Խարբերդի իր մասնաճյուղին աջակցելու համար ընկեր Ֆանթազիոյին։ Խարբերդի իթթիհատականները իրենց Պոլսի մարմինեն հեռագիրը ստանալուն պես՝ փութացին գտնել Ֆանթազիոն։

Ֆանթազիոյին շիշ նետող մարդը, Ազնավուրյան էֆենտին, իր բոլոր արբանյակներով մյուս օրը քշվեցավ, բայց այդ գիշերը Ֆանթազիոն վախնալով ժողովուրդի ցասումեն՝ փախավ ուրիշ քաղաք։

Be the first who will comment on this

Other parts of "Դոկտոր Բուրբոնյան"

Yatuk Music
Expromt
Arno Babajanyan

Expromt

The girl with a book
The girl with a book
Play Online