Vahan Totovents
Դոկտոր Բուրբոնյան
2
Բուրբոն ճառախոսած ժամանակ վեր-վեր կը ցատկեր, բազուկները բացած, կը նայեր առաստաղին, մազերը թափած իր ճակատին վրա, երբեմն մեջբերումներ կըներ Դուրյանի բանաստեղծություններեն.
«Փշրե խոկն հսկա, Աստված ոխերիմ»։
Բուրբոն թերևս այսպիսի ճառ արտասանելու որոշում տված չէր մինչև անգամ... ապագային։ Դուրյանեն կը ցատկեր Բայրնին «Roll thou ocean roll», կարտասաներ ֆրանսերեն, անգլերեն և հայերեն լեզուներով։ Իր ըսածներուն շեշտ և ուժգնություն տալու համար կը հայտարարեր. «Այսպես կը մտածե նաև ֆրանսացի նշանավոր փիլիսոփա մը։ Բուրբոնի համար գրականության, գեղարվեստի, գիտության և փիլիսոփայության մեջ տարբերություն չի կար, անոր համար ամեն ինչ փիլիսոփայություն էր, բոլոր մեծ մարդիկ փիլիսոփա էին, որևէ պատմական անուն, որուն հանդիպեր գրքի մը անկյունը՝ անիկա Բուրբոնի համար ամպայման փիլիսոփա էր։ Ավելորդ է լսել, որ Բուրբոնի ճառին գլխավոր պակսածը նյութն էր ինչպե՞ս սկսավ, ինչպե՞ս ընթացք տվավ իր ըսելիքներուն և ո՞ւր վերջացուց և ինչո՞ւ վերջացուց։
Երբ Բուրբոն հոգնած և քրտնած լրացուց իր խոսքերը՝ ծաղկեփունջերու տարափ մը սկսավ զինք ողողել։ Իր հայրենակիցները չափազանց գոհ մնացեր էին այդ ճառեն։ Ֆակուլտեի այն անդամները, որոնք ամերիկացի էին և լավ չէին տիրապետեր հայերեն լեզվին՝ հիացեր էին այդ ճառին վրա։
Բուրբոն վկայականը և տիտղոսը առավ և դուրս ելավ քոլեջի շրջափակեն անգամ մըն ալ չվերադառնալու երդումով։
Բուրբոն այդ օր մեծ ճաշկերույթ սարքեց իր հայրենակիցներուն համար, որոնցմե ներկա էին 30-է ավելի, անոնց ներկայության շարունակեց իր հաղթական ճառախոսությունները անվերջանալի ոգևորությամբ։
Երբ անիկա վերջացուց իր ճաշկերույթները՝ մտածեց իր տիտղոսի մասին։ Բուրբոն արդեն երկար մտածելե ետք՝ հասած էր եզրակացության պիտի կոչվեր դոկտոր և դոկտոր կոչվելու համար պետք էր անպայման մեկնիլ Բեյրութ բժշկական վարժարան։
Եփրատ քոլեջի իր վկայականը առնելե հետո՝ անիկա նամակ գրեց իր հորը և մորը և հայտնեց իր մտադրությունը։ Բուրբոն նամակին տակ ստորագրեց «Ձեր որդին Տ. Բուրբոնյան»։ Ամբողջ տունը հավաքվեցավ այդ լատինական տառերու իմաստը հեգելու, բայց բան մը դուրս չեկավ։ Բուրբոնի հայրը կանչեց ավանի քահանան և անոր հմտության հանձնեց լատինական գրերը, բայց քահանային ալ անիմանալի թվեցավ, մեկու մը, որ կրնար լուծել քրիստոնեական խորհուրդները և մեկնաբանել ավետարանական առասպելները, մինչև անգամ... անապական հղությունը։
Վերջը վերջը Բուրբոնի ոչ պակաս խելացի հայրն էր, որ գտավ այդ լատինական տառերու իմաստը։
Քրիստոսի խաչին վրա գրված Հ. Ն. Թ. Հ.-ի պես բան մըն է, ըսավ անիկա։
Բուրբոն իր նամակին մեջ գրած էր, որ չէր կրնար այցելել իր հայրենի գյուղը, որովհետև անմիջապես պիտի մեկներ գեպի Բեյրութ։ Ծնողները շատ խնդրեցին իրենց պատասխանին մեջ գալ և զիրենք տեսնել և ապա մեկնիլ, բայց Բուրբոն չլսեց։
Բուրբոն մեկնեցավ Բեյրութ, ճանապարհին հանդիպելով Տիգրանակերտ, Ուրֆա, Այնթապ, Հալեպ, արտասանելով ամեն մեկ քաղաքի մեջ ոգևորիչ ճառեր, թողելով խոր տպավորություն։
Բեյրութ հասնելուն՝ Բուրբոն զարմացավ. անիկա կսպասեր տեսնել գավառական քաղաք մը, ուր կարենար աչքի իյնալ, Բեյրութ իր տեսած բոլոր քաղաքներեն ավելի աղմկոտ և բազմամարդ էր, անոր պակսեցան այնտեղ ճառի ամենօրյա առիթներ։ Բուրբոն իր ստացած A.B. տիտղոսով, առանց քննության ընդունվեցավ Բեյրութի ամերիկյան բժշկական համալսարանը իբրև ներքին հիվանդություններու ուսանող։ Իր դասընկերներն ալ դրսեն եկած էին և անծանոթ էին քաղաքին։ Օր մը այցելեց իր դասընկերներեն մեկուն սենյակը և տեսավ օրիորդի մը լուսանկարը անոր սեղանին վրա։
Ի՞նչ լուսանկար է այս, հարց տվավ իր դասընկերին։
Իմ սիրուհիս է, պատասխանեց դասընկերը։
Բուրբոն այս պատասխանին վրա հիշեց Սիրանուշը, որուն իզուր մերժած էր իր սերը։ Իր երիտասարդի արյունը սկսավ եռալ և սկսավ կարոտիլ... սիրո՜։
Անոր համար պուրակները լեցուն էին սիրով, թավուտներու ճիչերը կը դողդողացնեին անոր սիրտը։ Մեկ քանի անգամ փորձեց երթալ ծովի ափը և հռետորություն ընել, բայց ծափահարություններ չլսեց։ Միայն արժանացավ ալիքներու արհամարհանքին։
Սիրել կը ցանկար...
Բուրբոն երկարորեն Սիրանուշի նամակը փնտրեց Խարբերդեն բերած իր նամակներուն մեջ, դժբախտաբար չգտավ։
Օր մը, երբ իր սենյակին լուսամուտին առջև նստած էր, սուրիացի աղջիկ մը երևցավ դիմացի պատուհանին մեջ։ Բուրբոն խռովվեցավ, հուզվեցավ, կարմրեցավ, տժգունեցավ, սենյակին մեջ գնաց և եկավ և զգաց, որ... կը սիրե։
Գիշերը հայելիին դեմ կանգնած՝ վեր առավ թևերը, օդը սեղմեց իր կրծքին, սիրո երդումի երկար ճառ մը արտասանեց։
Այս ճառեն հետո անիկա արդեն բուռն կերպով սիրահարած էր։ Կը սիրեր մեկը, որ գեղեցիկ էր Բեատրիչի պես, որ զինք կառաջնորդեր լուսեղեն ոլորտներ, ուր կունկնդրեր երկնային նվագներու։
Բայց ի՞նչ էր սուրիացի գեղեցիկ աղջկան անունը չէր գիտեր։ Եթե հարցներ, այդ կըլլար իրական, բայց Բուրբոն պետք էր երևակայեր, որպեսզի իրական դառնար։
Հանիֆե... այսպես երևակայեց սուրիացի աղջկան անունը։
Բուրբոն պատրաստ էր զոհվելու Հանիֆեի համար։
Մեկ քանի օր հետո երևակայեց, որ իր սիրուհին կակնկալեր իրմե սիրո համար ծովը նետվիլ։ Գնաց ծովեզերք, որոշեց անմիջապես ինքզինք հանձնել ծովի անգութ ալիքներուն, բայց վերջին րոպեին մտածեց, որ գեթ վերջին անգամ պետք էր տեսնել Հանիֆեն և ապա... մեռնիլ։
Ո՛չ, ո՛չ, պետք է վերջին անգամ տեսնել, աղաղակեց ինքնիրեն և վերադարձավ ծովեզրեն դեպի սենյակը։
Հավիտյան, հավիտյան հավատարիմ կը մնամ քեզ, կը փոխեմ ծովերու և գետերու ընթացքը, եթե այդպես կամենաս, ո՜վ Հանիֆե, կը մռլտար ինքնիրեն կեսգիշերեն հետո։
Օր մը, երբ իր առանձնասենյակին պարտեզի կողմի լուսամուտը նստած վերջալույսը կը դիտեր՝ սկսավ թևի հանդիսավոր շարժումներ ընել, կարծես մեկու մը հետ խոսակցության մեջ էր։ Երբ բավական մթնեց և լուսինն ալ կորսվեցավ ամպին ետև՝ ճրագ վառեց և իր այդ օրվան օրագրության մեջ արձանագրեց հետևյալը.
«Այսօր Հանիֆեի հետ էի մեծ խնջույքի մը մեջ: Անիկա իմ կողքիս նստած՝ սիրագին կը հևար և կերգեր: Ես կատաղի կերպով կը սիրեի զինքը և մեղմիվ կը շոյեի իր վարսերը: Բոլորը կը նախանձեին ինձ: Ես բաժակ առաջարկեցի իմ Հանիֆեի կենացը և իր շրթունքներուն մեջեն խմեցի երկնային նեկտարը: Երբ ես խոսեցա, բոլորը կը ծափահարեին: Ես հուզված էի, իսկ Հանիֆեն երջանկութենեն խելահեղ կարտասվեր, լեցնելով իր ձեռքին բռնած ոսկյա բաժակը: Ո՜վ Հանիֆե, երկնային թևավոր հրեշտակ, դուն իմս ես հավիտյան և ես, ես, ես քուկդ եմ հավիտյան...»։
Բուրբոն վերևի օրագրած դեպքը միայն երևակայեց...
1908-ի գարնան, Բեյրութ ժամանող ֆրանսական շոգենավեն դուրս կելլեր միջահասակ, նիհար, սև և իմասաուն աչքերով, արտաքինով չափազանց խեղճ, 40-ի մոտ մարդ մը։ Մոտիկեն զննող աչք մ'իսկ չէր կարող գուշակել այս մարդու ներքինը և իր առաքելության նպատակը։ Անիկա իր ձեռքին կը կրեր պայուսակ մը, որուն մեջ իր ճերմակեղեններեն և անցագրեն բացի ոչինչ չկար։ Այս մարդը շոգենավեն դուրս գալուն պես, իր քայլերը ուղղեց դեպի քաղաքամեջը, վարձեց անշուք հյուրանոցի մը փոքրիկ սենյակը և ըլլալով հոգնած, պառկեցավ ու քնացավ։
Հաջորդ առավոտ իր առաջին գործը եղավ հասկնալ Բեյրութի մեջ հաստատված ֆրանսական և ամերիկյան բժշկական վարժարաններու հասցեները և ուղղվեցավ դեպի ամերիկյանը։
Այս մարդը, որ կը կոչվեր Սարգիս Սավարյան, հայ մըն էր, ուղարկված Շվեյցարիայի Ժընև քաղաքի մեջ հրատարակվող «Դրոշակ» թերթի խմբագրության կողմեն Բեյրութի հայ ուսանողության մեջ հեղափոխական սերմեր ցանելու համար։ «Դրոշակ» թերթը պաշտոնական օրգանն էր Հայ Հեղափոխական Դաշնակցության, որուն գործունեությունը կը տարածվեր Կովկասի և Տաճկական Հայաստանի հյուսիսային գավառներու մեջ։ Սարգիս Սավարյան կուգար իր կուսակցության համար նոր դաշտեր գտնելու։ Այս մարդը նվիրված էր այդ կուսակցության հոգևին, լինելով կուսակցության հիմնադիրներեն մեկը։
Սավարյան քիչ խոսող մարդ էր, իր խոսելակերպը՝ համակրելի և գրավիչ։
Այդ առավոտն իսկ անիկա ծանոթացավ հայ ուսանողի մը, որ իր կարգին զինքը ծանոթացուց մեկ քանի ուրիշ ուսանողներու։ Սավարյանը երբեք չտատամսեցավ իր առաքելության նպատակը բացորոշ դնելու այդ մի քանի նոր ծանոթացած ուսանողներու առջև, որոնք բուռն խանդավառությամբ ընդունեցին զայն։ Սավարյան առաջարկեց այդ ուսանողներուն իր նպատակը պարզել ընկերներու և առաջարկեց գաղտնի ժողով մը սարքել, ուր պիտի խոսեր ինքը հայ ժողովուրդը թրքական լուծեն ազատելու մասին։
Գաղտնի ժողովը տեղի ունեցավ։ Երեք ժամ ամբողջ Սարգիս Սավարյան խոսեցավ աշխարհի բոլոր հեղափոխությանց պայթման պատճառներու և գործելակերպի մասին։ Ամփոփ կերպով ներկայացուց իր պատկանած կուսակցության պատմությունը, իր ընկերներու հերոսական սխրագործությունները, տեռորները, պետությանց հետ ունեցած բանակցությունները, 1905 թ․ Պոլսի մեծ մահափորձը, Ծովասարի կռիվները, իր կուսակցության առժամյա և ապագա ծրագիրները։ Ուսանողները անկեղծ խանդավառությամբ մտիկ ըրին Սարգիս Սավարյանը։
Սավարյան իր ըսելիքները լրացնելե հետո՝ խոսք տվավ նաև ունկնդիր ուսանողներու իրենց տպավորությունը հայտնելու և առհասարակ արտահայտվելու։ Ուսանողները բոլորն ալ լուռ էին և ինկած խոր խոհերու մեջ, բայց անոնցմե մեկը, որ Սավարյանի զրույցի ամբողջ ընթացքին անհանգիստ շարժումներ կ'ըներ, ոտքի կանգնեցավ շատ հանդիսավոր կերպով և խոսելու պատրաստ՝ իր շուրջը սկսավ դիտել։ Այդ ուսանողը կ'ըլլար քսանևհինգը անցած, կարճահասակ, սրունքները անհամեմատ կարճ քան իրանը, բայց չորցած սյունի պես ուղիղ, թևերը անհանգիստ շարժման մեջ, աչքերը խոշոր և բոցավառ, պեխերը գլխիվայր դարձված հսկա ստորակետներ ու նման իր քթին երկու կողմերը անկված։ Հակառակ այս նկարագրության անիկա մինչև անգամ գեղաdեմ երիտասարդ էր։
Հայաստանի ազատագրության մեծ ուխտավոր, սկսավ անիկա, և դուք, ուսանող պարոններ, Ես․․․ ես անհուն տենչանքով կսպասեի այս երջանիկ օրվան տարիներե ի վեր։ Հայաստանի ազատագրության իդեալը եղած է իմ երազներուս բոցավառության բուն շարժառիթը։ Ես երջանիկ եմ այսօր և ես կուզեի, որ բոլորդ ալ ըլլաք երջանիկ։ Մեզ մոտ եկած է հայ ազգի պարծանքը, մեծն Սավարյանը (Բեյրութի մեջ ոչ ոք լսած էր Սավարյանի անունը և Սավարյան ինքը ոչինչ խոսած էր իր մասին), մենք կերդնունք, ես կերդնում իր առջև մնալ հավատարիմ այն սրբազան կրակին, որ այսօր վառեց պարոն Սավարյանը մեր հոգիներու մթության մեջ։ Մենք կ'երթանք, ես կ'երթամ վրեժ լուծել, գավաթ-գավաթ խմել տուշմանի արյունը և ապա ես կը մեռնիմ։
Ավելի պիտի շարունակեր, եթե Սարգիս Սավարյան չընդհատեր ճառը՝ հիշեցնելով, որ գաղտնի ժողովի նստած էին և կարելի չէր այդքան բարձրակոչ արտահայտվիլ։
Ես շնորհակալ եմ, ընկեր ստուդենտ, ձեր ցույց տրված խանդավառության հանդեպ, երբ ինձ ուղարկում էին Ժընևից այստեղ՝ զգում էի հեռվից այս խանդավառությունը, ես շատ ուրախ եմ, որ իմ և իմ ընկերների հույսերը ի դերև չպետք է ելլեն, պատասխանեց Սավարյան։
Սարգիս Սավարյան կը խոսեր հեղափոխորեն կովկասյան հայ բարբառով։
Սարգիս Սավարյան դարձյալ դիմեց ուսանողներու արտահայտվելու համար, բայց ոչ ոք ուզեց տեղեն շարժիլ, այս անգամ դարձյալ միևնույն անհանգիստ ուսանողը ուզեց ցատկել և խոսիլ, բայց իր ընկերները չթողուցին. Սավարյան տեսնելով այդ՝ ուզեց հանդարտեցնել և ըսավ.
Բավական է, ընկեր, արդեն մենք առիթը ունեցել ենք լսելու ձեզ և թափանցելու ձեր եռանդին։
Այս անհանգիստ ուսանողը մեր Բուրբոնն էր։ Բայց Սարգիս Սավարյանի «ընկեր» հորդորումը եռացած ջուրի վրա սառ ջուր լցնելու պես բան մըն էր, որովհետև Բուրբոնը թեև վեց ամսվան բժշկական ուսանող էր, բայց արդեն տունը գրած նամակներուն մեջ «Ես, ձեր որդին, կամ ձեր եղբայրը՝ դոկտոր Բուրբոնյան» կստորագրեր:
Սարգիս Սավարյան ուսանողական կոմիտե մը ընտրեց, որ կոչվեցավ Ջրաքաղաքի Կոհակ Կոմիտե։
Երեք օր հետո Սարգիս Սավարյան գնաց ֆրանսական հյուպատոսարանը, անկից Ժընևեն ստացված «Հեղափոխական» հրատարակությունները առավ և բերավ հանձնեց Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեին և ինքը մյուս օրը մեկնեցավ դեպի Կիլիկյան ափեր միևնույն ոգին տարածելու համար, ուր հայ հեղափոխության նվիրված մյուս կուսակցությունները արդեն կենտրոնացուցած էին իրենց ուժերը:
Սարգիս Սավարյան շատ խոր տպավորություն ստացավ հայ ուսանողությունեն, բայց Բուրբոնյանը գամված մնաց իր մտքին մեջ իբրև իր կուսակցության «տիպիկ» շրջուն պրոպագանդիստ:
Ամենահարմար տիպն է դա, կը մտածեր Սավարյան, պիտի գործածել դրան:
Սարգիս Սավարյանի առաքելությունը Բուրբոնի երևակայության մեջ ստեղծեց նոր փոթորիկներ:
Բուրբոնը կը շարունակեր սիրել իդեալական սիրով, բայց Սավարյան ազդարարած էր, որ ուսանողները պետք էին հրաժարիլ աշխարհիկ կյանքե, մեկդի թողուլ կյանքի բովանդակ կրակը, երիտասարդության խոլական խաղերը և նվիրվիլ աստվածային ոգևորությամբ հեղափոխության փշոտ ճանապարհին:
Պիտի ապրել հոգեկան աշխարհում, հայտարարած էր Սավարյան:
Համաձայն ամենատարրական տրամաբանության՝ Հանիֆեի սերը որևէ կապ չուներ աշխարհիկ կյանքի հետ և Սավարյանի «աշխարհիկ» դարձվածքը չպիտի խանգարեր մեր Բուրբոնի ultra-պլատոնական սերը: Ատիկա այդպես էր համաձայն... տրամաբանության, բայց Բուրբոնը չէր տրամաբաներ Բուրբոնը կ'երևակայեր, հետևաբար կը գործեր, անիկա կյանքի ամենեն իրական սահմանին մեջ էր: Անիկա ուրեմն կը վայելեր. աշխարհիկ սեր, կը գրկեր և կը սեղմեր իր կուրծքին Հանիֆեն, կը համբուրեր զայն, անվերջ կը համբուրեր, երբեմն նույնիսկ մարելով և իյնալով գետին անոր սիրո ազդեցության տակ։ Օրվան բոլոր ժամանակը Բուրբոն նվիրած էր Հանիֆեին հաճոյակատար ըլլալու ծառայության։ Անոր հետ գիշերները խնջույքի մեջ կը գտնվեր, կր գինովնար անոր սիրույն համար։
Կես-գիշերեն հետո Հանիֆեն կուգար... իր սենյակը, շոյելով և փայփայելով անոր խոնջած ճակատը։ Մթնշաղին կը մեկներ պարտեզի դուռնեն իր տունը, որպեսզի մարդիկ չի նշմարեին, տանելով իր հետ մեր գինով, արբշիռ Բուրբոնի սիրո աղաչանքներն ու պաղատանքները։
Այսպես կ'երևակայեր անիկա։
Բուրբոնը սկսավ լուրջ մտածել կնոջ և հայրենիքի մասին։ Սավարյան բոցավառ ճառերով պատկերացուցած էր գարիբալդիները, վաշինգտոնները, անդրանիկներն ու սերոբները։ Կոչ էր ըրած երիտասարդ ուսանողության հոգիին՝ նվիրվելու հանրային դատին և զոհվելու։
Կ'սկսեր խոսիլ ինքն իր դեմ շատ անգամ իր սենյակին մեջ կամ ծովեզրը։
Սե՞ր թե հայրենիք այս էր Բուրբոնի երևակայության տանջանքը։
Արդարև, Սավարյանի «հեղափոխականացումեն» հետո՝ Բուրբոնի մեջ տեղի ունեցած էր նոր երևակայության հրդեհ, որ զինքը կը բարձրացներ իր համար մինչև այդ թվականը անծանոթ հորիզոններ։
Անիկա մտածեց կախաղանի մասին, բայց իրեն դաժան չթվեցավ, որովհետև Սավարյան պատմած էր զանազան դյուցազնական մահերու մասին։ Անիկա չսարսափեցավ բանտի հեռապատկերներեն, որովհետև Սավարյան կոչ էր ըրած ասպետին վայել հոգիով տոկալ փորձանքներու, դիմագրավել հեղափոխական մահացու վտանգները։ Բայց մյուս կողմեն կը տեսներ Հանիֆեն ծունկի եկած իր առջև, աչքերը դարձուցած արտասուքի աղբյուր, կը լսեր անոր երգը, որ հավիտենական հեծեծանքն էր սիրո թշվառության, բայց Սավարյանի պատգամը կը հնչեր. «Մի մոռանաք, ընկերներ, որ երբ ձեր կյանքը զոհում եք մի աղջկան համար, ձեր քույրերից հազարավորներ գնում են անողոք յաթաղանի տակ»։
Բուրբոնը պետք էր միայն մեկ որոշում տար, կամ մնալ Բեյրութ և սիրել Հանիֆեն և կամ ձգել վարժարանը և երթալ գյուղերն ու քաղաքները քարոզելու հեղափոխություն և ժողովուրդը ըմբոստացնելու բռնակալության դեմ։ Վարժարանը դյուրությամբ կրնար լքել, որովհետև իր պատանեկության ամենակարմիր երազը կոչվիլ դոկտոր իրականացած էր, բացի իր նամակներուն տակ «Դոկտոր Բուրբոնյան» ստորագրելը, այցետոմս տպագրել տված էր, չորս լեզուներով միևնույն հորջորջումով։
Տիտղոսը ստանալես հետո պետք է նվիրվեմ... որո՞ւ, դժվար էր պատասխան տալ Հանիֆե և Հայաստան, երկուքն ալ այնքան տեսլական, այնքան շողով և քաղցրությամբ լեցուն։
Անիկա կրկնապատկեց իր ծովեզրյա պտույտները և ավելի կատաղի կերպով կը ճառախոսեր ալիքներուն։ Մերթ կ'ըմբոստանար տիրող պետական կարգերուն դեմ, կը տեսներ, որ հարյուրավոր մարդիկ շղթայված՝ սվիններով կը քշվեին դեպի բանտ։ Կը տեսներ, որ ձորի մը մեջեն հայդուկներ զենքը ձեռքերնին, «աչքերնին աստղերով լեցուն» դեպի լեռը կը բարձրանային, և կը պոռար որոտընդոստ.
Ես ձեզի հետ կուգամ, ես լեռ կ'ելլեմ, ես զենք կ'առնեմ, և ես ձեզի օգնության կուգամ, ես՝ դոկտորս, կ'արհամարհեմ ամեն ինչ, և՛ փառք, և՛ հարստություն, և՛ սեր, և՛ հանգստություն։
Տուն վերադարձին կ'երևակայեր, որ Հանիֆեն արցունքներու մեջ կը խեղդվի, օգնություն կ'աղերսե, կը մարի, կ'իյնա, կը զառանցի։
Ահա Հանիֆեն՝ մազերը թափթփած իր ուսերուն վրա՝ աչքերը գիշերի չափ մութ և աղերսագին՝ ինկած է Բուրբոնի անկողնի վրա և բազուկները պարզած՝ կը պոռա. «Ինձ ծովը նետեցեք, մարեցեք իմ հոգիի հրդեհը, բռնեցեք մազերես և քաշեցեք փողոցներուն մեջ»։
Տակավին շատ երկար պիտի տևեին Բուրբոնի երևակայության չարչարանքները, եթե նոր պատգամ մը չի գար և կշիռքին մեկ կողմը զգալապես չծանրացներ։
Ամառվան արձակուրդեն քանի մ'օր առաջ Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեն գաղտնագիր նամակ ստացած էր ընկեր Սավարյանեն, որուն համար ուսանողները ժողով ունեցան։ Մեկ քանի հոգիներ իրարու քով եկան և սկսան գաղտնագիրը հեգել և դասավորել կարդալու համար Ժողովին առջև, որ ատեն դոկտ. Բուրբոնյանը սենյակին մեջ անհանգիստ պտույտներ կըներ ծանրակշիռ լուր մը լսելու կանխահոգությամբ։
Կը զարնեն, կը թալանեն, կը սպանեն, ազատորեն ոճիրներ կը գործվին, ես անոնց կը սովրեցնեմ, ես կը նվիրվիմ անոնց ազատագրության, կը խոսեր ինքնիրեն դոկտ. Բուրբոնյանը։
Ահավասիկ, պոռաց ուսանողներեն մեկը, որ ժողովի քարտուղարն էր և սկսավ կարդալ. «Սիրելի ընկերներ, նոր ուխտի զինվորներ, ես գրում եմ ձեզ այս նամակը Հայաստանի «Ժայռ» ռայոնից, ուր ես բաց եմ արել գործունեության նոր ասպարեզ։ Ողջ հայ տառապած ժողովուրդը ձեր օգնությանն է սպասում, դուք պիտի լինիք հեղափոխության և հայրենիքի աղը։ Պիտի ստեղծել ժողովուրդին մեջ հեղափոխական տենդենցներ։ Ես առաջարկում եմ «Կոհակ» կոմիտեիդ արձակուրդի առաջին իսկ օրից ընկեր Բուրբոնյանը ճամփա հանել դեպի Հայաստան, բոլոր գյուղերում ու քաղաքներում քարոզելու հեղափոխություն։ Իր հետ միք մոռանա տալ «Դրոշակ»-ի հրատարակություններից, որ ստացել էիք իմ միջոցով Ժընևից։ Պրոպագանդան պիտի լինի խիստ գաղտնի ընկեր Բուրբոնյանի կողմից։ Մաղթում եմ ձեզ եռանդ և ընկեր Բուրբոնյանին՝ անսահման անձնազոհություն, համբուրելով ձեր հեղափոխականի անբիծ ճակատները։ Լռակյաց։
Նամակի ընթերցումը լրանալեն անմիջապես հետո՝ ընկեր Բուրբոնյանը ցատկեց ոտքի և կոխոտելով իր հեղափոխականի ոտքերուն տակ Հանիֆեն ու կյանքի բոլոր վայելքները, սկսավ ոգևորիչ ճառ մը ըսել։ Անիկա փրփրած և կատաղած էր։
Կեցե՛ք բարով, ընկեր ուսանողներ, ըսավ անիկա, ես կերթամ դեպի բանտ և աքսոր, դեպի մահ ու կախաղան, դեպի փառք ու երկինք, դեպի Հայաստանի լեռները, դուք, ո՛վ բոլոր բռնակալներ այս աշխարհին, գողացեք, սասանեցեք, գուշակեցեք այն բոլոր սարսափները, զոր ես պիտի ուղարկեմ ձեզ, իմ հեղափոխականի անբիծ ճակատը երբեք չպիտի խոնարհի ձեր առջև, անիկա, իմ հեղափոխականի սեգ, վսեմ ու մաքուր ճակատը, պիտի հպի աստղերուն, կեցե՛ք բարով, ընկերներ, ես կը համբուրեմ ձեր ճակատները, դուք ալ համբուրեցեք իմ բոցավառ ճակատը։ Ես կ'երթամ, դուք կը մնաք հոս, ես կ'երթամ, դուք կ'արտասվեք հոս. կեցե՛ք բարով, կեցե՛ք բարով։
Տակավին շատ պիտի երկարեր, եթե լուրջ ուսանողներեն մեկը Սավարյանի նման չընդհատեր զայն, հիշեցնելով գաղտնի ժողովի հանգամանքը։ Ուսանողներեն մեկ քանին այնքան հուզված էին, որ սկսած էին արտասվել։ Բուրբոնյանը իր ճառը բարձրագույն հռետորական արվեստով լրացնելե հետո բռնեց բոլորին ձեռքերը և պինդ-պինդ համբուրեց բոլորին ճակատները։ Ուսանողներն ալ փոխադարձաբար համբուրեցին ընկեր դոկտոր Բուրբոնյանի հեղափոխականի անբիծ ճակատը։
Գիշերը ուշ ատեն ցրվեցան՝ ճանապարհորդության բոլոր ծրագիրները մշակելե հետո։ Բուրբոնյանը մերժեց ծովով ճամփորդել, որովհետև կուզեր ցամաքով երթալ արաբական նժույգի վրա նստած։ Ուսանողները համաձայնեցան այդ ցանկության։
Կես-գիշերեն հետո տուն վերադարձին՝ երևակայեց փողոցին մեջտեղը կանգնած Հանիֆեն, որ վհուկի մը պես աչքերը ոլորած, մազերը ցանուցրիվ, զգեստները պատառոտուն, թևերը պարզած՝ իրեն կաղերսեր և կաղաղակեր.
Մի՛ ըլլար այդքան անգութ, ով իմ սրտին ծաղիկը, ես ալ կուգամ քեզի հետ դեպի սարեր ու ձորեր, ես ալ կընկերանամ քեզի, քու բանտերու չարչարանքներուդ, ես մինակ եմ այս ամայի աշխարհին մեջ, ոչ ոք ունիմ զիս սիրող, դուն ես իմ արևը, դուն ես իմ թագավորը, արքայից արքան, և ինկավ Բուրբոնի ոտքերուն։
Բուրբոնը արհամարհեց այդ բոլորը, անիկա որոշում տված էր նվիրվիլ և զոհվիլ հայրենիքին համար և կին մը երբեք արգելք չպիտի ըլլար իր հեղափոխական քայլերուն։ Անիկա առանց տատամսելու, հպարտորեն և վեհորեն թողուց խեղճ, սիրավառ Հանիֆեն ամայի փողոցին մեջ և եկավ տուն մեկ քանի օրեն մեկնելու համար դեպի՜... հեղափոխություն։
Բուրբոնյան արաբական ձի մը գնեց և ճամփա ինկավ դեպի Հալեպ։ Անիկա հագված էր արաբ ձիավորի նման։ Առաջին օրեն իսկ անիկա սկսավ մտածել կարևոր բանի մը մասին։ Այդ բանը դարձավ հոգեկան տանջանք իր համար։ Ջրաքաղաքի «Կոհակ» կոմիտեն իրեն պատվիրած էր հեղափոխական քարոզչությունը տանիլ խիստ գաղտնի, տված էին անոր հեղափոխական արվեստի բոլոր նրբությունները, ինչպես պետք էր մտնել քաղաք, ինչպես պետք էր ծանոթանալ հեղափոխական տիպերու հետ, բայց Բուրբոնյանը անոնցմե և ոչ մեկուն կարևորություն չտվավ։ Նոր հեղափոխականին տանջանքը այն էր, որ քարոզչությունը պիտի տարվեր խիստ գաղտնի, ուրեմն անիկա զրկված էր․․․ ճառախոսութենե։
Եթե մեկը ըլլար, որ իր ճառախոսությունը սաստեր և կասեցներ զայն, գեթ ինք կրնար երբեմն-երբեմն սկսիլ և մեկ քանի վայրկյան վայելչորեն... ճառախոսել։
Ճանապարհին ձիուն վրայեն ամայի արահետներու մեջ բավական գոհացում տվավ իր տոչորող մարմաջին, ճառախոսելով համարձակ և հեղափոխականացնելով․․․ լեռներն ու ձորերը։ Հանկարծ ուրիշ միտք մը սկսավ տանջել զինք, որ տիպար հեղափոխական ըլլալու համար պետք էր բանտ մտնել քեռիներու, երկաթներու, փինթի մինասներու, սյունկի ավետիսներու, ջան-թասներու, դժոխքներու, նժդեհներու պես։ Առանց այդ բանտային արկածի ինք չէր կրնար ըլլալ հեղափոխական հերոս, հետևաբար որոշեց սարսափելի քայլեր առնել փութացնելու համար արկածը, որուն ետևեն պիտի հասներ փառքը և հեղափոխական մեծ վայելչությունը։
Երբ անիկա մոտեցավ Հալեպին, արդեն ինքզինք կը զգար հոգնած և աշխատանքի ծանրության տակ ընկճված․.. Ձին կապեց ծառի մը և ստվերին տակ ընկողմանեցավ հանգստանալու։ Երկու ժամվա մրափե մը հետո, որ ատեն զառանցանքներ կ'ըներ և թևերու ու գլուխի անհանգիստ շարժումներ, աչքերը բացավ և տեսավ երկու թուրք ժանդարմներ, որոնք իրենց ձիերուն վրա հեծած կամաց-կամաց ճանապարհը կը կտրեին։ Երբ անոնք մոտավորապես հիսուն քայլ հեռու էին՝ հեղափոխականը (տակավին հերոս չէր) ոտքի կանգնեցավ և սաստեց անոնց կանգ առնել։
Ո՞ւր կերթաք, հարցուց անոնց։
Անոնք իրարու երես նայեցին և անմիջապես չպատասխանեցին։ Ընկեր Բուրբոնյանը անհամբեր՝ քաշեց իր ձիու արծաթազօծ մտրակը (այն ատեն չուներ ոչ մի զենք) և սպառնալով՝ վրանին խուժեց։ Ժանդարմները կարծելով զայն արաբ բարձրաստիճան սպա, ահաբեկված՝ իրենց ձիերը մղեցին քառատրոփ փութկոտության և փախան։ Երբ անոնք կտրվեցան տեսողութենե՝ Բուրբոնյանը վերադարձավ իր ձիուն քով և ճառախոսեց այսպես․
Ո՛վ հայրենակիցներ․ ո՛վ տառապյալներ, ես եկա ձեզ փրկելու, ես ազատագրեցի ձեզ երկու սադայելներե։ Անոնք իմ շնորհիվ հավետ... կորած են։ Անոնց սուրը այլևս չկրնար բարձրանալ ձեր անմեղ վիզերուն վրա։ Ես կ'ազատագրեմ ձեզ բոլոր խուժդուժ, ցածոգի ժանդարմներե, կեցցե՜ հեղափոխությունը, կեցցե՜ հերոսությունր։
Ընկեր Բուրբոնյան այլևս հերոս էր, միայն աշխարհահռչակ դառնալու համար պետք էր բանտ մտներ։
Իրիկունը ուշ ատեն անիկա մտավ քաղաք և գնաց ընկեր լինելու ատակ երիտասարդի մը տունը, որուն հասցեն տրված էր իրեն «Կոհակ» կոմիտեեն։ Այս երիտասարդը անըմբռնելի երկչոտությամբ ընդունեց հերոսը։ Գոցեց դուրսի դուռը, փակեց լուսամուտի փեղկերը, որպեսզի, աստված մի արասցե, դուրսեն մեկը չտեսներ այդպիսի հեղափոխական տարազով մեկը։ Տնեցիները նշմարելով տղամարդու անսահման զգուշավորությունը, իրենք ալ սկսան ցած ձայնով խոսիլ, գրեթե փսփսալ իրարու։
Երկյուղը իր գագաթնակետին հասավ, երբ հերոս Բուրբոնյանը պատմեց իր ազատագրական առաջին ակտը։ Հյուրասերը տենչալով տենչաց առավոտը, որպեսզի կերպով մը ազատվեր իր հյուրեն։
Դոկտոր Բուրբոնյանը Հալեպ քաղաքը մոտենալու ճանապարհին հայտնաբերած հերոսությունը պատմելեն հետո՝ պատմեց և ուրիշներու հերոսությունները հեղափոխականացնելու համար իր շրջանակը։
Գիշերը անիկա երազեց, որ բռնակալ կառավարության կողմեն ձերբակալեցին զինք, նետեցին բանտ... «առանց քննության՝ երկու ժանդարմներ ռումբով սպանելու ամբաստանությամբ»։ Բվանտին մեջ սարսափելի տառապանքներու ենթարկեցին զայն, մեխերու վրա նստեցուցին, եռացած հավկիթներ դրին թևերուն տակ, տաքցած երկաթներով այրեցին մարմինը և անիկա հերոսաբար դիմադրեց բոլոր չարչարանքներուն և, հակառակ այնքան խոստումներուն, ոևէ հեղափոխական գաղտնիք չտվավ։ Հիշեց իր հանգիստ ուսանողական օրերը, հիշեց Հանիֆեն, անոր արցունքները, բայց հպարտ զգաց իր տանջանքներուն համար, որովհետև ամեն մեկ տանջանքով կազատագրեր հազարավորներ իր եղբայրներեն և քույրերեն։ Միայն անհունորեն կը տենչար, որ իր հեծեծանքները, իր հեղափոխականի վայել ընթացքը հառներ Սավարյանին և արժանի ըլլար անոր կեցցեին։
Այդ լուրը ես շուտով կը հասցնեմ անոր ականջին, կը մտածեր ինքնիրեն բանտի... խոր լռության մեջ։
Առավոտուն անիկա արդեն լրիվ հերոս էր։
Երիտասարդ հյուրասերը, որ հեղափոխությունը և անոր քարոզչությունը այդ ձևով չէր հասկնար և լուռ աշխատանքի մարդ էր, նախաճաշը ընելեն հետո, դառնալով դոկտ․ Բուրբոնյանին.
Ընկեր Բուրբոնյան, ըսավ լրջորեն, ես լուր ստացա, որ Տիգրանակերտի մեջ ձեր ներկայությունը շատ զգալի է, այնտեղ գործը բավականին քայքայված է և կառավարությունը դիմած է ամենեն անմարդավայել միջոցներու ձերբակալելու համար հայ ժողովուրդի մեծամեծները։ Մենք հոս բավականին առաջ տարած ենք կազմակերպության գործը, իմ և իմ ընկերներու կարծիքը այն է, որ դուք հիմա ճամփա ելլեք դեպի Տիգրանակերտ՝ ուր մեծ կարիք կա նոր և տիպար հեղափոխականի։
Ես իսկույն կը մեկնիմ հոն և կազատագրեմ բոլորը։
Միայն թե, ընկեր Բուրբոնյան, լավ... լավ չէ՞ր ըլլար որ... գիտե՞ք, մենք շատ հայ ազգաբնակչություն չունինք Հալեպի մեջ, դուք պետք է երթաք ավելի հայաշատ գավառներ։
Ճիշտ է, ես Հայաստան կ'երթամ, պատասխանեց տիպար հերոսը և կ'ազատագրեմ բոլորը։