Sergey Dovlatov

Մերոնք

3

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Սկզբում Մառա մորաքույրս առաքման բաժնի տեսուչ էր։ Այնուհետև՝ ավելի բարձր որակավորում պահանջող տպագրական աշխատող, եթե չեմ սխալվում՝ լինոտիպիստ։ Էլի որոշ ժամանակ անց՝ սրբագրիչ։ Դրանից հետո արդեն՝ խմբագրության քարտուղար։ Եվ ամբողջ կյանքում խմբագրել է ուրիշների գրքերը։

Մորաքույրս խմբագրել է բազմաթիվ հիանալի գրողների։ Օրինակ, Տինյանովին, Զոշչենկոյին, Ֆորշին...

Դատելով ընծայագրերից, Զոշչենկոն լավ էր վերաբերվում նրան։ Անընդհատ շնորհակալություն է հայտնում համատեղ աշխատանքի համար...

Մորաքույրս առինքնող արտաքինով կին էր։ Նրա հայկական, կրքալի գեղեցկության մեջ կեղծ երանգներ կային։ Ինչպես լեռնային բնապատկերում կամ Լերմոնտովի ռոմանտիկ բանաստեղծություններում։

Մորաքույրս սուր աչք ուներ ու սուր միտք։ Գերազանց հիշողության տեր էր։ Նրա պատմածներից շատ բան ընդմիշտ մնացել է հիշողությանս մեջ։ Հիշում եմ, օրինակ, իր կյանքի հետևյալ դրվագը։

Մի անգամ փողոցում հանդիպում է Միխայիլ Զոշչենկոյին։ Գրողի կյանքում արդեն ծանր ժամանակներ էին։ Զոշչենկոն, շրջվելով, արագ հեռանում է։

Մորաքույրս հասնում է հետևից ու հարցնում.

― Ինչո՞ւ ինձ չեք բարևում։

Զոշչենկոն քմծիծաղում ու ասում է.

― Ներող եղեք։ Բարեկամներիս օգնում եմ ինձ չբարևել...

Մորաքույրս խմբագրել է Յուրի Գերմանին, Կոռնիլովին, Սեյֆուլինային։ Նույնիսկ Ալեքսեյ Տոլստոյին։ Եվ յուրաքանչյուրի մասին որևէ զավեշտական պատմություն ուներ։

...Հանգստյան տանը Ֆորշը թերթել է բողոքի գիրքը։ Հայտնաբերել է հետևյալ գրառումը. «Շիլայի մեջ շատ հաճախ լինում են ամենատարբեր անտառային միջատներ։ Վերջին ընթրիքի ժամանակ կեղևակեր բզեզ գտա...»

― Ինչ եք կարծում, ― հարցրել է Ֆորշը, ― սա բողո՞ք է, թե՞ գովասանք։

Բորիս Կոռնիլովի մասին էլ է ծիծաղելի դեպք պատմել։

․․․ Նիկոլայ Տրիխոնովը նյութեր էր հավաքում ժողովածուի համար։ Մորաքույրս այդ հրատարակության քարտուղարն էր։ Տրիխոնովը խնդրում է մորաքրոջս Կոռնիլովից վերցնել բանաստեղծությունները։ Կոռնիլովը հրաժարվում է տալ դրանք։

― Թող սիկտիրը քաշի ձեր Տրիխոնովը, ― հայտարարում է նա։

Մորաքույրս վերադառնում է ու ասում գլխավոր խմբագրին․

― Կոռնիլովը բանաստեղծությունները չի տալիս։ Ասում է՝ թող ՍԱՆՁԵՐԸ քաշի ձեր Տրիխոնովը․․․

― Սիկտի՛րը, ― նյարդայնացած ուղղում է Տրիխոնովը, ― սիկտիրը քաշի։ Մի՞թե այդքան դժվար է հիշել․․․

Ալեքսեյ Տոլստոյի մասին էլ ուշագրավ պատմություններ ուներ։

․․․ Մի անգամ բարձրահասակ ու մարմնեղ Ալեքսեյ Տոլստոյը գնալիս է լինում խմբագրության միջանցքով։ Դիմացից, ոտքերի տակ նայելով, վազելով գալիս է մորաքույրս։ Ցածրահասակ ու վտիտ՝ նա ընթացքից թափով գլխով հարվածում է Տոլստոյի փորին։

― Այ քեզ բան, ― հարվածի տեղը շփելով ասում է Տոլստոյը։ ― Բա որ այստեղ աչքս լիներ․․․

Մորաքույրս անթիվ զավեշտական պատմություններ գիտեր։

Հետագայում արդեն՝ ինքնուրույն, իմացա, որ Կոռնիլովին գնդակահարել էին։

Որ Զոշչենկոն փառաբանել է ճամբարային ստրկական աշխատանքը։

Որ Ալեքսեյ Տոլստոյը սրիկա էր ու երեսպաշտ։

Որ Օլգա Ֆորշը առաջարկում էր սկսել նոր թվարկություն՝ ոմն Ջուղաշվիլու (Ստալինի) ծննդից ի վեր։

Որ Լեոնովը էվակուացիայում գորգեր էր վերավաճառում։

Որ Վերա Ինբերը պահանջում էր մահապատժի ենթարկել իր զարմիկին (Տրոցկուն)։

Որ հետաքրքրասեր Պավլենկոն գնում էր նայելու, թե ինչպես են հարցաքննում Մանդելշտամին։

Որ Յուրի Օլեշան դավաճանել է իր ընկեր Շոստակովիչին․․․

Եւ այլն։

Մորաքույրս, մինչդեռ, հիշում էր միայն ծիծաղաշարժ պատմությունները։ Ես նրան չեմ մեղադրում։ Մեր հիշողությունը ընտրական է, ինչպես քվեատուփը։

Իմ կարծիքով, մորաքույրս լավ խմբագիր է եղել։ Ինձ այդ մասին ասել են այն գրողները, ում գործերը նա խմբագրել է։

Թեև ես ամենևին չեմ հասկանում, թե ինչի է պետք խմբագիրը առհասարակ։

Եթե գրողը լավն է, խմբագրի կարիք, կարծես թե, չկա։ Եթե վատն է, ապա խմբագիրն էլ չի փրկի։ Կարծում եմ՝ պարզից էլ պարզ է։

Ես գիտեմ, թե ինչպես էր մորաքույրս աշխատում հեղինակների հետ։ Երբեմն ներկա եմ եղել։ Նա, օրինակ, ասում էր.

― Յուրա, այստեղ չորս անգամ հանդիպում է «սառած» բառը։

― Իրոք, ― զարմանում էր Յուրի Գերմանը։ ― Չեմ էլ նկատել։

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ գրողին խմբագիր պետք չէ։ Անգամ լավ գրողին։ Իսկ վատ գրողին՝ առավել ևս։

Հայտնի է, օրինակ, հետևյալ պատմական փաստը։ Վեպերից մեկում Դոստոևսկին գրել էր. «Կլոր սեղանը ձվաձև էր...»։

Ինչ-որ մեկը կարդում է այդ ստեղծագործության ձեռագիրն ու ասում.

― Ֆյոդոր Միխայլովիչ, այստեղ սխալվել եք, ուղղել է պետք։

Դոստոևսկին մտածում է մի պահ ու ասում.

― Թողեք ինչպես որ կա...

Ինչո՞ւ Դոստոևսկին չի կամեցել ուղղել ակնհայտ վրիպակը։ Ինչո՞ւ Ալեքսանդր Դյուման իր վեպը վերնագրել է «Երեք հրացանակիրները», չնայած նրանք չորսն են։

Հարյուրավոր նման օրինակներ կան։

Հավանաբար, սխալները, անճշտությունները սիրելի են գրողի համար։ Նշանակում է նաև՝ ընթերցողի համար։

Ինչպե՞ս կարելի ուղղել, օրինակ Ռոզանովին՝ «Մենք նման բան չենք լացել...»։

Ես անգամ տառասխալները կուղղեի միայն հեղինակի գիտությամբ։ Էլ չեմ խոսում կետադրության մասին։ Կետադրությունը ամեն հեղինակ ինքնուրույն է ստեղծում։

Ես կարծում եմ, մորաքույրս լավ խմբագիր է եղել։ Ավելի ճիշտ՝ լավ մարդ է եղել՝ բարյացկամ ու խելոք։

Անձամբ ինձ լավ խմբագիրներ չեն հանդիպել։ Թեև նրանց մեջ շատ էին հրաշալի մարդիկ։

Լավ խնբագրի հանդիպել եմ միայն մեկ անգամ։ Կարծեմ Լենֆիլմում էր։ Դա ոմն Հելլա Ռումմոն էր։ Էստոնուհի էր ու ռուսերեն շատ վատ էր խոսում։ Լեզվի թույլ իմացությունը նրա ասածներին առանձնահատուկ հստակություն էր հաղորդում։ Նա ասում էր.

― Սցենարը լավն է։ Ուրեմն չեն ընդունի...

Վաթսունական թվականներին սկսեցի գրելու փորձեր անել։ Գրածներս ցույց տվի մորաքրոջս։ Պատմվածքներումս հարյուրավոր սխալներ գտավ։ Ոճական, ուղղագրական, կետադրական։

Նա ասում էր․

― Այստեղ գրված է․ «․․․լռության ու ցրտի միասնություն»։ Ճշգրիտ չէ։ Լռությունն ու ցուրտը տարակարգ երեւույթներ են։ Հարկավոր է գրել․ «Անտառում լուռ էր ու ցուրտ»։ Առանց խուճուճացնելու․․․

― Ինչպե՞ս թե՝ անտառում, ― զարմանում էի ես։ ― Գործողությունը տեղի է ունենում պատժախցում։

― Ինչ որ է, ― ասում էր մորաքույրս․․․

Այն տարիներին նրան գրական միավորում էին վստահել։ Այդտեղից բազմաթիվ լավ գրողներ են դուրս եկել։ Օրինակ Գանսովսկին ու Պիկուլը։

Ի թիվս մյուսների, միավորում էր եկել նաեւ Իոսիֆ Բրոդսկին։ Մորաքույրս նրան չէր ընդունել։ Բանաստեղծությունների մասին ասում էր․

― Խելագարի բարբաջանք է։

(Իդեպ, Բրոդսկու պոեզիայում դա էլ կա)։

Բրոդսկուն չընդունեցին։ Փոխարենը ընդունեցին շատ ու շատ ուրիշների։ Լենինգրադում շատ են բանաստեղծները։ Միայն Նեկրասովները երեքն էին՝ Վլադիմիր, Գեորգի եւ Բորիս․․․

Մորաքույրս կուսակցության անդամ էր։ Ես նրան չեմ մեղադրում։ Արժանի ու ազնիվ բազմաթիվ մարդիկ են հայտնվել կոմունիստական կուսակցության շարքերում։ Նրանք մեղավոր չեն։ Պարզապես ուզում էին ավելի լավ ապրել։ Ավելի բարձր պաշտոններ զբաղեցնել․․․

Մորաքույրս, իհարկե, խիստ անհանգստանում ու ցավում էր, երբ տանջում էին Ախմատովային եւ Զոշչենկոյին։ Իսկ Պաստերնակին հետապնդելու օրերին հիվանդացավ։ Նա ասում էր․


― Քաղաքականապես սխալ քայլ է դա։ Մենք կորցնում ենք մեր հեղինակությունն Արեւմուտքում։ Մասնակիորեն նահանջում ենք քսաներորդ համագումարի նվաճումներից․․․

Տարիների ընթացքում մորաքույրս լավ գրադարան էր հավաքել։ Գրքերի մեծ մասը՝ ընծայագրերով։ Հաճախ՝ ջերմ ու հուզիչ․․․

Վալենտին Պիկուլի պաճուճազարդ ընծայագիրը սկսվում էր հետեւյալ բառերով․

«Մեր հոգիների մանկաբարձին․․․»։

Ֆանտաստ Գանսովսկու ընծայագիրը հռչակում էր. «Մեծագործ տարիների ու տարածության միջով ձեռք եմ մեկնում...»։

Վերջերս պարզվեց, որ Գանսովսկին ստուկաչ էր։ Մատնում էր ծանոթներին։

Պիկուլն էլ աչքի ընկավ։ Դատի ժամանակ ասաց Կիրիլ Վլադիմիրովիչ Ուսպենսկան.

― Կիրիլ։ Մենք քո լավն ենք ուզում, իսկ դու շարունակում ես ստել․․․

Ազատականության վերելքի այդ տարիներին Ուսպենսկուն հինգ տարի տվեցին։

Իսկ Պիկուլին՝ բնակարան Ռիգայում...

Ծերության տարիներին մորաքույրս շատ էր կարդում։ Ընծայագրերով գրքերը չէր վերընթերցում։ Նրա մահճակալի կողքին դրված էին Ախմատովայի, Պաստերնակի, Բարատինսկու հատորյակները...

Մորաքրոջս մահից հետո գրադարանն անմիջապես վաճառեցին։ Եղբայրս ու իր կինը նախապես պոկել էին ընծայագրերով էջերը։ Թե չէ անհարմար կլիներ...

Մահանալուց ոչ շատ առաջ մորաքույրս ինձ մի բանաստեղծություն կարդաց.

Կյանքիս կեսը անցել եմ արդեն,
Ու դեռ առջևում են՝ սարեր շուռ տալը,
Արտեր ցանելը, գործերը ամեն։
Կյանքիս մեծ մասը անցել եմ արդեն...

― Մի բանաստեղծուհի է գրել, ― ժպտաց մորաքույրս։

Ես կարծում եմ, իր գրածն էր։ Ոտանավորն, իհարկե, անհարթ է։ Առաջին տողը բառացի մեջբերում է՝ Դանթեից։

Եվ այդուհանդերձ, այն հուզեց ինձ.

Կյանքիս կեսը անցել եմ արդեն,
Ու դեռ առջևում են՝ սարեր շուռ տալը...

Մորաքույրս սխալվում էր։

Կյանքն արդեն ավարտին էր մոտենում։

Սխալներն անհնար էր ուղղել...

ԳԼՈՒԽ ՎԵՑԵՐՈՐԴ

Մորաքրոջս ամուսնու՝ Արոնի կենսագրությունը լիովին արտացոլում է մեր պետության պատմությունը։ Սկզբում նա գիմնազիստ էր։ Հետո՝ հեղափոխական ուսանող։ Հետո՝ կարճ ժամանակ՝ կարմիրբանակային։ Հետո, որքան էլ անհավանական է՝ սպիտակգվարդիական։ Հետո՝ կրկին կարմիրբանակային՝ արդեն ավելի գիտակից։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո մորքրայր Արոնը ընդունվում է բանֆակ։ Հետո դառնում է նէպման ու, եթե չեմ սխալվում՝ ժամանակավորապես հարստանում։ Հետո՝ պայքարում է կուլակների դեմ։ Հետո՝ զտում կուսակցության շարքերը։ Հետո՝ արդեն իրեն են զտում։ Այն բանի համար, որ ժամանակին նէպման է եղել․․․

Ժողովում մորքրայրս ելույթ է ունենում։ Ասում է․

― Եթե ինձ հեռացնեք, ստիպված եմ լինելու այդ մասին պատմել կնոջս։ Դա անասելի վեճուկռվով է հղի։ Մի խոսքով, ձեր որոշելիքն է․․․

Ընկերները մտածեցին ու որոշեցին․

«Հեռացնե՛լ»։

Ավելի ուշ, ճիշտ է, վերականգնեցին։ Ավելին՝ մորքրայր Արոնը այդպես էլ չնստեց։

Նա դարձավ վարչական աշխատող։ Միշտ ինչ֊որ բանի տնօրեն էր։ Կամ որեւէ գծով փոխտնօրեն․․․

Ստալինին մորքրայրս պաշտում էր։ Ինչպես չարաճճի որդուն են պաշտում։ Տեսնելով թերությունները։

Գեներալիսիմուսի ճառերով ձայնասկավառակները պահվում էին կարմիր ալբոմներում։ Այդպիսի ալբոմներ կային՝ քուղերով ու առաջնորդի ռելիեֆային դիմանկարով․․․

Երբ պարզվեց, որ Ստալինը բանդիտ է, մորքրայրս անկեղծորեն վշտացավ։

Հետո սիրեց Մալենկովին։ Ասում էր, որ Մալենկովը ինժեներ է։

Երբ Մալենկովին հանեցին, նա սիրեց Բուլգանինին։ Բուլգանինը նախահեղափոխական գավառական ոստիկանապետի արտաքին ուներ։ Իսկ մորքրայրս ծագումով հենց գավառից էր՝ Նովոռոսիյսկից։ Չի բացառվում, որ անկեղծորեն սիրում էր իր մանկության կուռքերին հիշեցնող Բուլգանինին։

Հետո նա սիրեց Խրուշչովին։ Իսկ երբ հանեցին Խրուշչովին մորքրայրս դադարեց սիրելուց։ Նա հոգնել էր իր զգացմունքներն իզուր վատնելուց։

Նա որոշեց սիրել Լենինին։ Լենինը վաղուց մեռել էր, ու նրան անհնար էր հանել։

Շոշափելիորեն վարկաբեկելն անգամ հեշտ չէր։ Ուստիև՝ խլել սերը...

Դրա հետ մեկտեղ մորքրայրս մի տեսակ քաղաքականապես այլասերվեց։ Սիրեց Լենինին, բայց սիրեց նաև Սոլժենիցինին։ Սախարովին նույնպես սիրեց։ Հիմնականում ջրածնային ռումբը ստեղծելու համար։ Եվ այն բանի համար, որ դրանից հետո հարբեցող չդարձավ, այլ սկսեց պայքարել հանուն ազատության։

Բրեժնևին մորքրայրս չէր սիրում։ Բրեժնևին ժամանակավոր երևույթ էր համարում (ինչը չհաստատվեց)...

Կյանքի վերջին տարիներին գրեթե այլախոհ էր։ Բայց՝ չափավոր այլախոհ։ Վլասովին չէր ընդունում։ Սոլժենիցինին հարգում էր ընտրողաբար...

Մորքրայրս Բրեժնևին անանուն գրություններ էր ուղարկում։ Դրանք գրում էր խնայդրամարկղում՝ մանուշակագույն թանաքով։ Նաև՝ ձախ ձեռքով ու տպագիր տառերով։ Գրությունները հակիրճ էին։ Օրինակ.

«Ո՛ւր ես տանում Ռուսաստանը, հրեշ»։

Եվ ստորագրություն.

«Գեներալ Սվիրիդով»։

Կամ.

«ԲԱՄ-ը կեղծիք է»։

Եվ ստորագրություն.

«Գեներալ Կոլյուժնի»։

Երբեմն գեղարվեստական միջոցների էր դիմում.

«Հոնքերդ թավ՝ արյան ծարավ»։

Եվ ստորագրություն.

« Գեներալ Նեչիպորենկո»...

Մորքրայրս ուզում էր վերադառնալ լենինիզմի ակունքներին։ Իսկ ես չէի ուզում։ Ու անվերջ վիճում էինք։ Մեր բանավեճի մակարդակը բարձր չէր։

― Գերմանացի լրտես, ― ասում էի Լենինի մասին։

― Սրբապիղծ հիմար,― արձագանքում էր մորքրայրս՝ արդեն իմ հասցեին։

Շոշափում էինք թեմաների բավական նեղ շրջանակ․ Լինչի դատաստան, բարքերի անկում, վիետնամական էպոպեա․․․

Մորքրայրս սոսկալի բարկանում էր․

― Ֆաշի՜ստ, ― գոռում էր երբեմն մորքրայրս․․․

Ու հանկարծ մորքրայրս մեռավ։ Ավելի ճիշտ՝ ծանր հիվանդացավ։ Ու որոշեց, որ իր մեռնելու ժամանակն է։ 76 տարեկան էր։

― Կանչեք Սերյոժային, ― խնդրել էր նա։

Անմիջապես գնացի։ Մորքրայրս պառկած էր՝ նիհար ու գունար։ Բոլորին խնդրեց հեռանալ սենյակից։

― Սերգեյ, ― շատ ցածրաձայն ասաց մորքրայրս, ― ես մեռնում եմ ․․․

Չպատասխանեցի։

― Մահից չեմ վախենում, ― շարունակեց մորքրայրս։

Դադար պահեց ու կրկին խոսեց․

― Ես ազնիվ մոլորության մեջ եմ եղել․․․ Տանջալիորեն գիտակցել եմ սխալներս․․․ Եվ ահա թե ինչի եմ հանգել՝ այն սրբությունները, որոնց ներքո ապրել եմ, կեղծ էին․․․ Ես գաղափարական պարտություն կրեցի․․․

Ջուր ուզեց։ Բաժակը մոտեցրի շուրթերին։

― Սերգեյ, ― շարունակեց մորքրայրս, ― ես միշտ նախատել եմ քեզ։ Նախատել եմ, որովհետեւ վախեցել եմ։ Վախեցել եմ, որ քեզ կձերբակալեն։ Դու չափազանց անզուսպ ես․․․ Քեզ քննադատել եմ, բայց ներքուստ միշտ համամիտ եմ եղել։ Դու ինձ պետք է հասկանաս։ Քառասուն տարի այս․․․ (մորքրայրս թունդ հայհոյեց) կուսակցության մեջ։ Վաթսուն տարի այս ․․․․ (մորքրայրս կրկնեց հայհոյանքը) պետության մեջ․․․

― Հանգստացիր, ― ասացի։

― ․․․ նրանք ինձ պոռնիկ դարձրին։

Շունչ քաշեց ու շարունակեց․

― Դու միշտ ճիշտ ես եղել։ Առարկում էի, որովհետեւ վախենում էի, որ քեզ կձերբակալեն։ Ներիր․․․

Նա արտասվեց։ Շատ խղճացի իրեն։ Այդ պահին եկան բուժաշխատողներն ու մորքրայրիս տարան հիվանդանոց։ Մորաքույրս կարծում էր, թե նրան կտանեն Սվերդլովի անվան հիվանդանոցը։

― Չէ՞ որ դու բոլշեւիկ ես, ― ասում էր մորաքույրս։

― Ոչ, ― առարկում էր մորքրայրս, ― ես հին բոլշեւիկ չեմ։

― Ինչպե՞ս թե։

― Հին բոլշևիկը կոնկրետ հասկացություն է։ Հին բոլշևիկը նա է, ով կուսակցության շարքերն է ընդունվել մինչև երեսունհինգ թվականը։ Ես ավելի ուշ եմ ընդունվել։

Մորաքույրս չէր կարողանում հավատալ։

― Ուրեմն դու հին բոլշևիկ չե՞ս։

― Ոչ։

― Մեկ է, ― ասում էր մորաքույրս, ― գուցե քեզ էլ ինչ-որ բան հասնում է։

― Հնարավոր է, ― համաձայնում էր մորքրայրս, ― ինչ-որ բան կարող է և հասնում է։ Օրինակ, խնձոր...

Մի խոսքով, մորքրայրիս տարան սովորական հիվանդանոց։ Բուժող բժշկին մորքրայրս հարցնում է.

― Բժիշկ, դուք ճակատային զինվոր եղե՞լ եք։

― Այո, ― պատասխանում է բժիշկը, ― ես ճակատային եմ։

― Ես էլ եմ ճակատային, ― ասում է մորքրայրս։ ― Ասացեք ինձ ազնվորեն, ինչպես ճակատայինը ճակատայինին, երկա՞ր կպառկեմ այստեղ։

― Բարենպաստ ընթացքի դեպքում՝ մեկ ամիս, պատասխանում է բժիշկը։

― Իսկ անբարենպաստի դեպքում, ― քմծիծաղում է մորքրայրս, ― շատ ավելի քի՞չ...

Հիվանդանոցում պառկեց երեք շաբաթ։ Հետո նրան տուն բերեցին։

Անմիջապես գնացի մոտը։

Մորքրայրս տրտում էր ու խաղաղ։ Ասես գերագույն իմաստնություն էր ձեռք բերել։

Բայց երբ խոսքի մեջ հիշատակեցի Չե Գևարային, զգաստացավ։

― Ավանտյուրիստ է ու գանգստեր, ― ասացի ես։

― Իսկ դու պորտաբույծ ես ու տխմար, ― արձագանքեց մորքրայրս։ Ու շարունակեց ընդգծված ոգևորությամբ. ― Կարո՞ղ ես բարեբեր մի գաղափար նշել, որ կոմունիզմի շրջանակներից դուրս գտնվի...

Չպատասխանեցի։

Դրանից հետո հաճախ էինք հանդիպում ու միշտ վիճում էինք։ Մորքրայրս նզովում էր ռոք երաժշտությունը, արտասահման փախած Բարիշնիկովին ու գեներալ Անդրեյ Վլասովին։ Ես՝ անվճար բժշկությունը, «Կարապի լիճն» ու Ֆելիքս Ձերժինսկուն։

Հետո մորքրայրս նորից հիվանդացավ։

― Կանչեք Սերյոժային։

Անմիջապես գնացի։ Նիհարած էր ու գունատ։ Մահճակալի կողքի աթոռին անթիվ սրվակներ էին դրված։ Այնտեղ էին նաեւ ինտիմ֊վարդագույն դնովի ատամները։

― Սերյոժա, ― խուլ ձայնով ասաց մորքրայրս։

Ձեռքը շոյեցի։

― Մի մեծ խնդրանք ունեմ։ Խոստացիր, որ կկատարես։

Գլխով արեցի։

― Խեղդիր ինձ, ― խնդրեց մորքրայրս։

Շփոթված լռեցի։ ― Զզվել եմ ապրելուց։ Այլեւս չեմ հավատում, որ հնարավոր է կոմունիզմը կառուցել առանձին վերցրած երկրում։ Գլորվել֊ընկել եմ տրոցկիզմի ճահիճը։

― Այդ մասին մի մտածիր, ― ասացի։

― Դու պատրա՞ստ ես կատարել խնդրանքս․․․ Տեսնում եմ, երկմտում ես․․․ Կարող եմ, իհարկե, քսան հաբ քնաբեր ծամել։ Ավաղ, դրանից ոչ միշտ են մահանում․․․ Իսկ եթե կաթվածահա՞ր լինեմ։ Ու ծանր բե՞ռ դառնամ բոլորիդ համար։ Այդ պատճառով էլ քեզ եմ դիմում․․․

― Վերջ տուր, ― ասացի, ― վերջ տուր․․․

― Անչափ շնորհակալ կլինեմ, ― ասաց մորքրայրս, ― քեզ կկտակեմ Լենինի բոլոր հատորները։ Որպես մակուլատուրա «Բուրատինո»֊ի հետ կփոխես․․․ Բայց նախ խեղդիր ինձ։

― Վերջ տուր, ― ասացի։

― Մեր շուրջը համատարած չարություն է ու հիմարություն, ― ասաց մորքրայրս, ― ճշմարտություն չկա․․․

― Հանգստացիր։

― Գիտե՞ս ինչու եմ տանջվում, ― շարունակեց նա։ ― Երբ ապրում էինք Նովոռոսիյսկում, այնտեղ մի ցանկապատ կար։ Բարձր դարչնագույն ցանկապատ։ Ամեն օր անցնում էի դրա կողքով։ Ներսում ինչ կար, չգիտեմ։ Չեմ հարցրել։ Չէի կարծում, թե դա կարեւոր է․․․ Ինչ անիմաստ ու հիմար ձեւով ապրեցի կյանքս։ Ուրեմն հրաժարվո՞ւմ ես։

― Վերջ տուր, ― ասացի։

Մորքրայրս շրջվեց դեպի պատն ու լռեց։

Երկու շաբաթ հետո առողջացավ։ Ու կրկին թունդ վիճեցինք։

― Տխմա՛ր, ― գոռում էր մորքրայրս։ ― Չես ուզում հասկանալ։ Կոմունիզմի գաղափարը, թեև վարկաբեված է ապաշնորհների կողմից, առաջվա պես հանճարեղ է։ Զուր չէ, որ այն ընդունում են միլիոնավոր մարդիկ։

― Այդ ո՞վ է ընդունում, ― ասում էի ես, ― Ոչ մի առողջ դատող մարդ...

― Ուրեմն չե՞ն ընդունում, ― կարմրատակում էր մորքրայրս։ ― Չեն ընդունում ու լռո՞ւմ են։ Ուրեմն բոլորը երեսպա՞շտ են...

― Գաղափարախոսությունը ընդունելն ամենևին էլ պարտադիր չէ, ― ասում էի։ ― Դրան կամ համաձայն են, կամ ոչ։ Բանտի պես է՝ ուզես-չուզես, պիտի նստես...

― Տխմա՛ր, ― գոռում էր մորքրայրս, ― ֆարցովշչիկ...

Գլխավերևում Սոլժենիցինի դիմանկարն էր կախել։ Երբ հյուրեր էր ունենում, հանում էր...

Այդպես կրկնվեց մի քանի անգամ։ Մորքրայրս հիվանդանում էր, հետո առողջանում։ Մենք կռվում էինք։ Հետո հաշտվում։ Տարիներ անցան։ Նա շատ ծերացավ։ Քայլել չէր կարողանում։ Մորքրայրիս շատ էի կապված...

Ինչպես արդեն ասել եմ, մորքրայրիս կենսագրությունն արտացոլում է մեր պետության պատմությունը... Մեր սիրելի ու սոսկալի պետության...

Հետո մորքրայրս մահացավ։ Ափսոս...

Իսկ ինձ հանգիստ չի տալիս բարձր դարչնագույն պարիսպը...

Be the first who will comment on this

Other parts of "Մերոնք"

Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Old Tbilisi
Old Tbilisi
Play Online