Sergey Dovlatov

Մերոնք

2

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

Ռոման Ստեփանովիչ քեռիս սիրում էր կրկնել.

― Առողջ մարմնում՝ համապատասխան ոգի...

Երիտասարդության տարիներին կինտո էր Թիֆլիսում։ Այս բառը թարգմանելը բավական դժվար է։ Կինտոն ո՛չ խուլիգան է, ո՛չ հարբեցող, ո՛չ էլ պորտաբույծ։ Թեև խմում է, խուլիգանություն է անում ու չի աշխատում...

Քեռիս հսկայական խանչալ ուներ։ Պատանեկությունից սիրում էր նապարեալի գինի ու մարմնեղ շիկահեր կանանց...

Ճշմարիտ կինտոյի գլխավոր արժանիքը, թերևս, սրամտությունն է։ Քեռուս հումորը աչքի էր ընկնում որոշ յուրօրինակությամբ։ Տասնչորսամյա քեռիս, օրինակ, քիչ էր մնացել խափանի վրացական խորհրդային հանրապետության հոբելյանը։

Տեղի էր ունեցել հետևյալը։ Թբիլիսիում լայնորեն նշվում էր նշանակալի տարելիցը՝ հանրապետության յոթնամյակը։ Լիբկնեխտի անվան մշակույթի պալատի հսկայական դահլիճը լեփ-լեցուն էր։ Բարձրաստիճան ղեկավարությունը ճառեր էր արտասանում։ Նրանցից հետո բեմ էին բարձրանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Հայերի կողմից ելույթ պիտի ունենար մորաքույրս։ Անունը Անելյա էր։ Անելյա մորաքույրս երկու շաբաթ պատրաստվել էր այդ ելույթին։

― Արդեն յոթ տարի է... ― սկսում է նա։ Դահլիճը սսկվում է։

― Արդեն յոթ տարի է... ― կրկնում է մորաքույրս։

Ինչ-որ չխկոց է լսվում։ Ինչ-որ մեկը փորձում է անձայն անցնել շարքերի միջով։

― Արդեն յոթ տարի է... ― փոքր-ինչ ավելի վստահ ձայնով ասում է Անելյա մորաքույրս։

Ետնաբեմի դիմանկարից խորամանկ ժպիտով հանդիսականներին է նայում գեներալիսիմուսը։ Լիակատար լռություն է։ Այս պահին լսվում է քեռուս առույգ ձայնը.

― Արդեն յոթ տարի է, ոչ ոք չի ուզում ամուսնանալ Անելյայի հետ։

Անելյա մորաքույրս հեկեկալով հեռանում է բեմից։ Ռոման քեռուս մի օր պահում են միլիցիայում...

Դեռ պատերազմից առաջ քեռիս որոշում է ընդունվել համալսարան ու դառնալ փիլիսոփա։ Որոշակի նպատակ չունեցող մարդու համար միանգամայն բնական որոշում։ Կյանքի անորոշ ու մշուշոտ զգացողությամբ բոլոր մարդիկ երազում են զբաղվել փիլիսոփայությամբ։

Ռոման քեռիս գործերը տալիս է համալսարան։ Ռուս գրականության քննությունն է։ Քեռիս կանգնեցնում է քննությունից դուրս եկող դիմորդներին ու հարցնում․

― Կներես, սիրելիս։ Քեզ ի՞նչ հարց ընկավ։

― Պուշկին, ― ասում է մեկը։

― Հիանալի է, ― բացականչում է քեռիս։ ― Հենց դա չէի սովորել։

― Լերմոնտով, ― ասում է երկրորդը։

― Հիանալի է, ― բացականչում է քեռիս։ ― Հենց դա չէի սովորել։

― Գոգոլ, ― ասում է երրորդը։

― Հիանալի է, ― բացականչում է քեռիս։ ― Հենց դա չէի սովորել։

Վերջապես կանչում են Ռոման քեռուս։ Մոտենում է սեղանին, քաշում տոմսը ու կարդում․ «Գրիբոյեդովի ստեղծագործական ուղին»։

― Վայ իմ բախտին, ― բացականչում է քեռիս։ ― Հենց սա չէի սովորել․․․

Երբ սկսվեց պատերազմը, քեռիս ուրախացավ։ Պատերազմում նրա պես մարդիկ գին ունեն։ Խաղաղ ժամանակ էլ քեռիս կռվել սիրում էր։

Վերադարձավ փոխգնդապետի կոչումով։ Պատերազմը նրան մարդ դարձրեց։

Մյուս բոլոր պաշտոնաթող փոխգնդապետների պես, քեռիս ղեկավարում էր անվտանգության տեխնիկայի բաժինը «Լուչ» ֆաբրիկայում։ (Գնդապետները ղեկավարում են կադրերի բաժինները։)

Հնարավոր է, որ գաղափար ուներ անվտանգության տեխնիկայի մասին․ չի բացառվում։ Իր ողջ եռանդը, սակայն, նվիրում էր ֆիզկուլտ-մասսայական աշխատանքներին։ Կազմակերպում է կոլեկտիվ մրցալողեր, դահուկավազքեր։ Անցկացնում է վոլեյբոլի մրցումներ։ Նրա մասին գրում են թերթերում։

Վաթսուներեք տարեկանում նա հիանալի դահուկորդ էր ու կարող էր հաջողությամբ կռվել փողոցում։

― Առողջ մարնում՝ համապատասխան ոգի, ― հաճախ կրկնում էր նա։

Իմ նկատմամբ Ռոման քեռիս տածում էր անկեղծ քամահրանք։ Առավոտյան մարզանք չէի անում։ Սառը ջրով մարմինս չէի շփում։ Առհասարակ՝ ատում էի կտրուկ շարժումները։ Իսկ եթե ինձ կոպտում էին, փորձում էի զիջումների գնալով հարթել։ Թեև ինձ հազվադեպ են վիրավորում։ Ամբողջ կյանքիս ընթացքում՝ ընդամենը երեք անգամ։ Երեք անգամն էլ՝ քեռիս։

― Ինտելիգե՛նտ, ― գոռում էր նա։ ― Կնիկարմա՛տ...

Երբ հարցնում էին, թե ով է իր սիրած գրողը, քեռիս անվարան պատասխանում էր.

― Մարտին Իդենը։

Փողոցային կռիվներում իր սխրանքների մասին պատմում էր ժամերով։ Ընդ որում՝ շատը հորինում էր։ Իսկ երբ հարցնում էի պատերազմի մասին, քեռիս համառորեն լռում էր։ Չէր սիրում այդ մասին խոսել։ Չեմ կարող ասել, թե ինչու...

Քեռիս երեխաներ ուներ Սուխանովա Աննա Գրիգորևնայից։ Տղա և աղջիկ։ Պարբերաբար այցելում էր նրանց։ Թերթում էր դպրոցական տետրերը, ստորագրում օրագրերը։ Եվ անփոփոխ կրկնում.

― Առողջ մարմնում՝ համապատասխան ոգի։

Մի անգամ Աննա Գրիգորևնան խոհանոցում գործ անելիս է լինում։ Երեխաները սենյակում խաղալիս են լինում հոր հետ։ Քեռիս անսպասելիորեն բաց է թողնում։ Երեխաները սկսում են հռհռալ։

Լսելով աղմուկը՝ գալիս է Աննա Գրիգորևնան։ Կանգնում է շեմին, ձեռքերը խաչում կրծքին ու խորիմաստ ասում.

― Երեխաներին, այնուամենայնիվ, հայր պետք է։ Ինչ լավ խաղում են, կատակում, ծիծաղում...

Քեռիս կին էլ ուներ՝ Գալինա Պավլովնան։ Ինչպես ինքն էր ասում՝ բուժաշխատող։ Քեռիս սիրում ու հարգում էր նրան։ Քանզի Գալինա Պավլովնան կիսում էր նրա փիլիսոփայական կրեդոն՝ «Առողջ մարմնում՝ համապատասխան ոգի»։

Մի օր նրանց բնակարանի զանգը տալիս են։ Քեռիս աշխատանքի է լինում։ Իսկ Գալինան ընդմիջմանը եկել էր ճաշելու։ Եվ ահա հնչում է դռան զանգը։

― Ո՞վ է, ― հարցնում է Գալինան։

Տղամարդու ձայնն ասում է.

― Մի բաժակ ջուր կտա՞ք հղի կնոջս։

Բացվող դռնից ներս է մտնում մի հաղթանդամ տղամարդ ու առանց որևէ բառ արտասանելու սրած խարտոցը խրում տանտիրուհու փորը։ Գալինան նետվում է դեպի հեռախոսը։ Գիտակցությունը կորցնելով ճչում․

― Ռոմա՛։ Փրկի՛ր։ Սպանում են․․․

Քեռիս տեղ է հասնում կես ժամ հետո՝ բեռնատարով։ Գալինային «Շտապ օգնությունն» արդեն տարած է լինում։ Բանդիտին բռնել էին հարեւանները։ Ձեռքերը ոլորելիս, նա ծիծաղում էր։ Նրա արարքի շարժառիթները այդպես էլ անհայտ մնացին։ Հնարավոր է, որ մոլագար էր․․․

Այդ օրը քեռիս ամբողջ երեկո լավ է եղել։ Իսկ երբ Գալինային դուրս գրեցին հիվանդանոցից, գամփռ շուն առավ։

Անունը Գոլդա էին դրել։ Դա քեռուս սրամտության ու հազիվ նկատելի հակասեմիթիզմի դրեւորումն էր։

Հայերից շատերը (հատկապես Վրաստանի հայերը) չեն սիրում հրեաներին։ Չնայած շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե չսիրեին ռուսներին, վրացիներին կամ թուրքերին։ Հրեաներն էլ առանձին ջերմությամբ չեն վերաբերում հայերին։ Երեւի հալածվածները հակված չեն սիրելու այլ հալածականներին։ Գերադասում են սիրել տերերին։ Ծայրահեղ դեպքում՝ իրենց․․․

Գամփռի անունը Գոլդա էր։ Սկզբում հմայիչ ծուռթաթ քոթոթ էր։ Հետո մեծացավ, մասնակցում էր ցուցահանդեսների։ Ինչ֊որ երկրորդական մեդալ էլ կարծեմ ստացավ։ Բայց մի օր առանց որեւէ պատճառի դաժանորեն կծեց Գալինային։

Քեռիս ուզում էր սպանել շանը, բայց կինը համոզեց չանել այդ բանը։ Հանձնեցին շնաբուծարան։ Ռոման քեռիս շարունակում էր առավոտները մարզանք անել, ձիգ ու բարեկազմ տեսք ուներ։ Կարող էր ցատկել ընթացող տրամվայի ոտնակին ու կարգի հրավիրել ցանկացած խուլիգանի։ Սակայն խուլիգանների գրեթե չէր հանդիպում, տրամվայներն էլ քաղաքում շատ չէին․․․

Ու հանկարծ ինձ հաղորդեցին, որ քեռիս հոգեբուժարանում է։ Գալինա Պավլովնան ասաց՝ «նյարդաբանական կլինիկայում»։ Բայց դա հոգեբուժարան էր։

Գնացի այնտեղ։ Մի քանի անշուք, գորշ շինություններ՝ շրջապատված անխնամ ծառերով ու ցանցառ թփերով։ Փոշոտ ծառուղիներում ճեմում էին հիվանդները՝ միատեսակ գորշ խալաթներով։ Խալաթները կամ շատ մեծ էին, կամ շատ փոքր։ Կարծես բարձրահասակներին դիտմամբ տալիս էին փոքր չափսերը։ Իսկ վտիտ ցածրահասակներին՝ ամենամեծերը։

Հիվանդները հիմնականում միայնակ էին զբոսնում։ Ոմանք զուսպ ու վերացած շարժումներ էին անում՝ անձայն բացուխուփ անելով բերանները։ Վախ չէի զգում, միայն խղճահարություն։

Վերջապես կանչեցին քեռուս։ Զարմանալիորեն աշխույժ ու առույգ տեսք ուներ։ Դեմքը նույնիսկ փոքր-ինչ թխացել էր արևից։ Ասաց, որ լավ են կերակրում։ Իսկ գլխավորը՝ թույլ են տալիս երկար ժամանակ անցկացնել մաքուր օդում։

Հետո քեռիս տագնապած նայեց շուրջը ու շշուկով ասաց.

― Ուշադիր լսիր ինձ։ Ակնոցավորները վիթխարի ավանտյուրա են ձեռնարկել...

― Ովքե՞ր, ― չհասկացա ես։

Հարցիս չպատասխանեց։ Մի տեսակ զվարթ ոգևորությամբ շարունակեց.

― Բարդուղիմեոսյան գիշերվան փառք ենք տալու...

Ինձ կորցրի։ Դրան պարտաստ չէի։ Չգիտեի ինչպես պահեմ ինձ։ Առարկեմ թե համաձայնեմ։

Մի պատանի անցավ մեր կողքով՝ հրելով սայլակի վրա ամրացված խմելու ջրի տակառը։ Ծորակի տակ սև տառերով գրված էր՝ «Ջուր»։

Քեռիս անսպասելիորեն սկսեց սուլել։ Պատանին անհետացավ ծառերի հետևում։

― Արյան գետեր են հոսելու, ― գլուխը տարուբերեց քեռիս։ Սարսափից մտա տարօրինակ մի դերի մեջ։

― Գուցե մի կերպ դո՞ւրս պրծնենք, ― ասացի։

― Ոչ մեկի չեն խնայելու, ― ցածրաձայն ասաց քեռիս։ ― Մի մասին կոչնչացնեն, մյուսներին կստիպեն ստորագրել։ Բայց ես մի բան եմ մտածել։ Ուշադիր լսիր։

Գլուխը մոտեցրեց գլխիս ու խորամանկ ժպիտով ասաց.

― Ամենահանճարեղ պլանն անգամ խոցելի է։ Եվ շղթան, որպես կանոն, կտրվում է ամենաանսպասելի տեղում։ Աննշմար մի շարժում՝ և խաղաթղթերն իրար են խառնվում... Խախտված են, ինչպես ասում են, խաղի կանոնները... Գաղտնիքն այն է, որ դա պետք է բացարձակապես անկանխատեսելի քայլ լինի... Ես գտել եմ։ Ուշադիր լսիր։

Քեռուս ժպիտը չքացավ, նա խոսեց սպայի պես՝ հակիրճ ու հատու.

― Առաջին քայլը հիմնականն է։ Երկրորդը՝ ապահովության համար։ Եթե ձախողվենք։ Գրառումներ մի՛ արա, ― կտրեց քեռիս։

― Եղավ, ― ասացի։

― Ու հիշի՛ր։ Նախեւառաջ՝ ծխել սիգարետներ առանց ֆիլտրի եւ մի՛միայն առանց ֆիլտրի։ Երկրորդը, հագնել միաժամանակ երկու անդրավարտիք․․․

Հաղթականորեն հռհռաց, շփելով ձեռքերը։

― Հասկացա՞ր, ― հարցրեց։

― Այո, ― ասացի։

― Պլանը գատնի է։ Ոչ մի բառ՝ անգամ մոտիկ մարդկանց։ Այլապես ամեն բան կորած է։ Սպասեք իմ հետագա ցուցումներին։ Իսկ հիմա ես պետք է գնամ։ Բարով մնաս։ Շնորհակալ եմ մտքերի համար․․․ Թեեւ դրանք բացարձակ ֆիկցիա են․․․

Եվ հեռացավ՝ անհեթեթ խալաթը հագին, թեթեւ֊սպորտային քայլքով․․․

Մեկ ամսից քեռիս առողջացավ։ Հանդիպում էինք ընտանեկան խնջույքներին։ Քեռիս զուսպ քմծիծաղում էր։

Պատմում էր, որ ամեն օր վազում է Անտառատեխնիկական ակադեմիայի շուրջը։ Իրեն արտակարգ առողջ ու առույգ է զգում։

Հատուկ նրա համար միշտ պատրաստում էին թարմ բանջարեղեն։ Կողքին անփոփոխ նստում էր Գալինա Պավլովնան։ Վերջինիս ձեռքերին երեւում էին շան ատամների թողած սպիները։

Պատկերացրի, թե ինչպես է քեռիս վաղ առավոտյան վազում Անտառատեխնիկական ակադեմիայի ցանկապատի երկայնքով։

Աստված իմ, ո՞ւր․․․

ԳԼՈՒԽ ՉՈՐՐՈՐԴ

Լեոպոլդ հորեղբորս կյանքը ծածկված էր տարաշխարհիկ մշուշով։ Նրանում ինչ-որ բան կար Մայն Րիդի և Կապերի հերոսներից։ Նրա ճակատագիրը երկար տարիներ հանգիստ չէր տալիս երևակայությանս։ Հիմա դա անցել է։

Եկեք, սակայն, առաջ չընկնենք։

Հրեա պապս երեք որդի ուներ։ (Թող չշփոթեցնի ձեզ այդ բիլինայական երանգը)։ Նրանց կոչում էին Լեոպոլդ, Դոնաթ և Միխայիլ։

Կրտսերին՝ Լեոպոլդին, կարծես դիտմամբ էին անդրծովյան անուն տվել։ Հաշվի առնելով իր՝ ապագա կոսմոպոլիտի կենսագրությունը։

Դոնաթ անվան ծագումը անորոշ բալթյան-լիտվական է։ (Ինչը համապատասխանում է հորս անորոշ դրությանը։ Յոթանասուներկու տարեկան հասակում նա արտագաղթեց Ռուսաստանից)։

Զուտ ուղղափառ անուն կրող Միխայիլը թոքախտից մահացել է շրջափակված Լենինգրադում։

Անունը, համաձայնեք, նկատելիորեն կանխորոշում է մարդու բնավորությունն ու անգամ կենսագրությունը։

Անատոլին գրեթե միշտ լկտի ու կռվարար է լինում։

Բորիսը՝ գիրանալու հակում ունեցող խոլերիկ։

Գալինան՝ ճղճղան ու գռեհիկ բանսարկու։

Զոյան՝ միայնակ մայր։

Ալեքսեյը թուլակամ ու բարեհոգի։

Գրիգորի անվան մեջ ես նյութական բարեկեցության հնչերանգներ եմ լսում։

Միխայիլ անվան մեջ՝ վաղաժամ ողբերգական մահվան խուլ նախագույժ։ (Հիշեք Լերմոնտովին, Կոլցովին, Բուլգակովին...)։ Եվ այլն։

Միխայիլը ինքնամփոփ ու անմարդամոտ երեխա էր։ Բանաստեղծություններ էր գրում։ Հեռավոր Արևելքում ֆուտուրիստական խմբակ էր ստեղծել։ Նրան չափավոր լկտի, բարեկամական նամակ էր գրել անձամբ Մայակովսկին։

Հայրս պահում է ավագ եղբոր գրած երկու գրքերը։ Մեկը կոչվում է «Մ-ու-ու»։ Երկրորդի վերնագիրը մոռացել եմ։ Վերնագրի մի մասը հանրահաշվական բարդ բանաձեւ է։

Բանաստեղծությունները բավական անհեթեթ են։ Լիրիկական բանաստեղծությունների մեկը վերջանում է այսպես․

Ամբողջ մարմնով դողում էի, եւ ցանկությունս միակ Գլուխս պատին տալն ու ջարդված գլխով վայր ընկնելն էր․․․

Գրքի վերաբերյալ պահպանված մի գրախոսությունից հիշողությանս մեջ մնացել է գռեհիկ այս արտահայտությունը՝ «Ապուշին ուղարկիր Աստծուն աղոթելու, նա ճակատն էլ կջարդի»․․․

Միխայիլը արտասովոր ինքնամփոփ մարդ էր։ Ազգականները պատկերացում իսկ չունեին, թե նա ինչով է զբաղվում։ Մի անգամ, արդեն հասուն տարիքում, Դոնաթն ու Միխայիլը միմյանց անսպասելիորեն հանդիպում են Բրյանսկի ամառային թատրոնի հետնաբեմում։ Պարզվում է, որ եղբայրները մասնակցում են նույն էստրադային ծրագրում։ Դոնաթը երգիծական քառյակներ էր երգում։ Միխայիլը հանդես էր գալիս ասմունքով։

Ավագ եղբայրները հակում ունեին դեպի գրականությունը, արվեստը։ Կրտսերը՝ Լեոպոլդը, փոքրուց ընտրել էր այլ՝ ավելի ապահով ուղի։

Լեոպոլդը աֆերիստ էր մեծանում։

Տասնչորս տարեկանում ծխախոտ էր վերավաճառում նավահանգստում։ Արտսահմանցի նավաստիներից սիգարներ էր գնում Ուրին եղբայրների գիշերային ռեստորանի համար։ Հետո անցավ կանացի գուլպաներին ու կոսմետիկային։ Հարկ եղած դեպքում արտասահմանցիներին ուղեկցում էր Կոստյա փողոցի հասարակաց տունը։ Զուգահեռաբար բռնցքամարտ էր պարապում «Իկար» մարզական ակումբում։ Իսկ կիրակի օրերին շեփոր էր նվագում քաղաքային այգում։

Տասնութ տարեկանում Լեոպոլդը իրականացրեց իր առաջին մեծ խարդախությունը։ Այսպես եղավ։

Քաղաքի կենտրոնական խանութներից մեկն է մտնում մի վտիտ, համեստ պատանի՝ ձեռքին ճմրթված թերթերի մեջ փաթաթված ջութակ։ Պատանին դիմում է խանութի տիրոջը՝ Տանակիսին․

― Անձրեւը շատ հորդ է։ Վախենում եմ ջութակս թրջվի։ Կարո՞ղ եմ ժամանակավորապես այստեղ թողնել։

― Կարող ես, ինչո՞ւ չէ, ― անտարբեր ասում է Տանակիսը։

Մեկ ժամ անց խանութում հայտնվում է շքեղ հագնված մի օտարերկրացի՝ կասկածելիորեն շիկավառ բեղերով։ Երկար շրջում է ցուցադարակների արանքում՝ անշտապ դիտելով ապրանքը։ Հետո պարզում է ձեռքը, մի կողմ քաշում ճմրթված թերթն ու բացականչում.

― Չի՛ կարող պատահել։ Չե՛մ հավատում։ Երա՛զ է սա։ Արթնացրե՛ք ինձ։ Այս ի՜նչ բախտավորություն է իսկական Ստրադիվարի։ Ես գնում եմ այս ջութակը։

― Ջութակը չի վաճառվում, ― ասում է Տանակիսը։

― Պատրաստ եմ վճարել ցանկացած գումար։

― Ցավում եմ...

― Տասնհինգ հագար՝ կանխիկ։

― Խիստ ցավում եմ, պարոն...

― Քսան հազար, ― բացականչում է օտարերկրացին։

Տանակիսը շառագունում է.

― Ես կխոսեմ տիրոջ հետ։

― Դուք շռայլ միջնորդավճար կստանաք։ Ախր իսկական Ստրադիվարի է։ Ո՛չ, մի՛ արթնացրեք ինձ, մի՛ արթնացրեք... Քիչ անց վերադառնում է գունատ պատանին։

― Եկել եմ ջութակս տանելու։

― Ես ուզում եմ գնել ձեր ջութակը, ― ասում է Տանակիսը։

― Չեմ կարող վաճառել, ― տխուր ասում է պատանին։ ― Ցավոք, չեմ կարող։ Դա պապիկիս նվերն է։ Ունեցածս միակ արժեքավոր իրը։

― Երկու հազար ռուբլի կտամ։ Պատանու աչքերը լցվում են։

― Ես, իրոք, փողի կարիք ունեմ։ Կմեկնեի բուժվելու։ Բժիշկ Շվարցն ասում է, որ դա պարտադիր է առողջությանս համար։ Եվ այնուամենայնիվ՝ չեմ կարող... Նվեր է...

― Երեք հազար, ― ասում է խանութպանը։

― Ավաղ, չեմ կարող։

― Հինգ, ― վրա է տալիս Տանակիսը։

Մտքում արագ հաշվում է. «Հինգ հազար կտամ այս լակոտին։ Օտարերկրացին կվճարի քսան հազար՝ գումարած միջնորդավճարը։ Կստացվի...»

― Ներիր, պապիկ, ― լացակումած ասում է պատանին, ― Ներիր ու մի բարկացիր։ Հանգամանքներն են ստիպում դիմել այս քայլին ․․․

Տանակիսը արդեն հաշվում էր թղթադրամները։

Պատանին համբուրում է ջութակը։ Հեռանում է՝ հազիվ զսպելով լացը։

Տանակիսը գոհունակությամբ շփում է ափերը․․․ Հասնելով շենքի անկյունին, պատանին կանգ է առնում։ Հաշվում է թղթադրամները։ Հետո գրպանից հանում է հսկայական շեկ բեղերը, գցում աղբարկղն ու հեռանում ․․․

Մի քանի ամիս անց Լեոպոլդը փախչում է տնից։ Օվկիանոսային շոգենավի նավանբարում հասնում է Չինաստան։ Ճանապարհին առնետը կծում է նրան։

Չինաստանից ուղեւորվում է Եվրոպա։ Հիմնավորվում է, չգիտես ինչու, Բելգիայում։

Իսահակ պապս նրա բացիկները չէր կարդում։

― Մալխամովես, ― ասում էր պապս, ― պերե օդոմ։

Ու կարծես մոռանում էր Լեոպոլդի գոյության մասին։ Տատս թաքուն լալիս ու աղոթում էր։

Անցնում է մի քանի տարի։ Իջնում է երկաթե վարագույրը։ Լեոպոլդից լուրեր չեն գալիս։

Հետո գալիս է ինչ֊որ Մոնյա։ Պապիս ու տատիս տանը ապրում մեկ շաբաթ։ Ասում է, թե Լեոպոլդը առեւտրի գծով է։

Մոնյան հիանում է հնգամյակների թափով։ Երգում է՝ «Մեր շոգեքարշ, սուրա առաջ․․․»․․․ Հետն էլ խիստ անկիրթ մարդ է լինում։ Զուգարանից բնակարանով մեկ գոռում է․

― Պապի՛ռ, պապի՛ռ։

Ու տատս կիսաբաց դռան ճեղքից նրան թերթ է տալիս։

Հետո Մոնյան մեկնում է։ Դրանից քիչ անց պապիս գնդակահարում են որպես բելգիական լրտեսի։

Լեոպոլդին քսան տարով մոռանում են։

Վաթսունմեկ թվականին հայր պատահաբար մտնում է կենտրոնական հեռագրատուն։ Աշծատակցուհիներից մեկի հետ զրուցելիս իմանում է, որ այդտեղ կան եվրոպական բոլոր մայրաքաղաքների հասցեներն ու հեռախոսները։ Բացում է Բրյուսելի հեռախոսագիրքը։ Ու անմիջապես գտնում իր բավական հազվադեպ ազգանունը․․․

― Խոսակցություն կարո՞ղ եմ պատվիրել։

― Իհարկե։

Երեք րոպեից միացնում են Բրյուսել։ Հստակ լսվում է ծանոթ ձայնը.

― Հելլոու։

― Լեոպոլդ, ― բացականչում է հայրս։

― Սպասիր, Դոդիկ,– ասում է Լեոպոլդը, ― տելեվիզիոնն անջատեմ.. ․

Եղբայրներն սկսում են գրել միմյանց։ Լեոպոլդը գրում է, որ կին ունի՝ Հելենա, որդի՝ Ռոմանո, և դուստր՝ Մոնիկ։ Ինչպես նաև պուդել՝ Իգոր անունով։ Որ «իր գործն» ունի։ Որ գրամեքենաներ ու թուղթ է վաճառում։ Որ թուղթը թանկանում է, ինչը միանգամայն ձեռնտու է իրեն։ Որ սղաճը, այդուհանդերձ, գրեթե սնանկացրել է իրեն։

Իր աղքատությունը Լեոպոլդը նկարագրում էր այսպես. «Տներս վերանորոգման կարիք ունեն։ Մեքենաներս չորս տարի չեն թարմացվել...»։

Հորս նամակները անհամեմատ ավելի լավատեսական էին. «... Ես գրող եմ ու ռեժիսոր։ Ապրում եմ փոքրիկ, հարմարավետ բնակարանում։ (Նկատի ուներ ֆաներայի միջնապատով առանձնացված իր խուցը)։ Կինս մեքենայով մեկնել էր Մերձբալթիկա։ (Իրոք, հորս կինը պրոֆմիության ավտոբուսով գնացել էր Ռիգա զուգագուլպաներ գնելու)։ Իսկ թե ինչ բան է սղաճը, գաղափար անգամ չունեմ...»։

Հայրս բազմաթիվ հուշանվերներ ուղարկեց Լեոպոլդին։ Փայտե գդալների ու ափսեների մի ամբողջ նավատորմ։ Լև Տոլստոյի ինքնաեռի մելքիորե կրկնօրինակը։ Ուրալյան կիսաթանկարժեք քարերից պատրաստված մի քանի արձանիկ։ Շևչենկոյի «Կոբգարի» հոբելյանական հրատարակությունը, որ միջին տապանաքարի չափ էր։ Ինչպես նաև «Տապան զրահապատ» անունը կրող հուշանվերային արտադրանքը։

Լեոպոլդն արձագանքեց ձյունաճերմակ թաշկինակով՝ շատ գեղեցիկ տուփի մեջ։ Հետո հորս համար տրիկոտաժե մայկա ուղարկեց «Էդդի Շապիրո։ Անիվներ և անվադողեր» մակագրությամբ։ Հայրս չէր հանձնվում։ Զանգեց քաղկոմի իր ծանոթ հրահանգչին։ Վերջինիս միջոցով հայթայթեց մի եզակի հուշանվեր։ Դա շաքարի ութ կիլոգրամանոց ամբողջական կտոր էր։ Դա շաքարի ութ կիլոգրամանոց ամբողջական կտոր էր։ Երկնագույն սատինի փայլող թղթում փաթաթած։ Վեցդյույմանոց տրամաչափի մի արկ։ Մակագրությունն էլ հին ուղղագրությամբ՝ «Առաջին գիլդիայի վաճառական էլպիֆիդոր Ֆոմինի առեւտրային տուն»։

Ծանոթ հրահանգչին հայրս պարտավորված կոնյակ հյուրասիրեց։ Եզակի հուշանվերը ուղարկեց Լեոպոլդին։

Երկու ամիս հետո ծանրոցի ծանուցագիր ստացանք։ Քաշը՝ տասներկու կիլոգրամ։ Մաքսատուրքը՝ վաթսունյոթ ռուբլի։

Հայրս խիստ ոգեւորության մեջ էր։ Փոստատուն գնալիս երազում էր․

«Մագնիտոֆոն․․․ Դուբլյոնկա․․․ Վիսկի»։

― Քո կարծիքով, դուբլյոնկան քանի՞ կիլոգրամ կլինի։

― Մոտ երեք, ― պատասխանեցի։

― Ուրեմն երեք հատ դուբլյոնկա է ուղարկել։

Փոստատան ծառայողը մե հանձնեց ծանր արկղը։

― Տաքսիով գնանք, ― ասաց հայրս։

Վերջապես հասանք տուն։ Նյարդային ծիծաղով հայրս բերեց դուրը։ Ֆաներայե կափարիչը ճռռոցով մի կողմ թռավ։

― Ապո՜ւշ, ― տնքաց հայրս։

Արկղում տասը կիլոգրամ դեղնավուն շաքարավազ էր․․․

Դրանից ութ տարի հետո ես ու մայրս ստիպված էին արտագաղթել։ Հայտնվեցինք Ավստրիայում։ Հյուրանոցի տերը՝ Ռեյնհարտը շատ սիրալիր էր մեր նկատմամբ։ Ամեն առավոտ մեզ մատուցում էին թեյ՝ դեռեւս տաք թխվածքով ու ջեմով։ Ամեն առավոտ Ռեյնհարտը անպայման հարցնում էր․

― Մի բաժակ օղի ուզո՞ւմ ես․․․

Հավելումն՝ մեզ ռադիոընդունիչ էր տվել ու էլեկտրական տոստեր։

Երեկոները հաճախ զրուցում էր հետը։

Իմացա, որ Ռեյնհարտը Արեւելյան սեկտորից էր փախել Արեւմուտք։ Որ ինժեներ֊շինարար է։ Որ նեղվում է հյուրանոցում աշխատելուց, թեեւ լավ եկամուտ ունի․․․

― Ամուսնացա՞ծ ես, ― հարցրի։

― Էրիկան ապրում է Զալցբուրգում։

― Ասում են, ամենակայուն ամուսնությունը ապահարզանի եզրին գտնվողն է։

― Ես այդ եզրն արդեն հատել եմ։ Այնուհանդերձ՝ ամուսնացած եմ․․․ Զարմանո՞ւմ ես։

― Ոչ, ― ասացի։

― Կուսակցության անդամ եղե՞լ ես։

― Ոչ։

― Իսկ երիտասարդական միությունո՞ւմ։

― Այո։ Դա մեխանիկորեն է լինում։

― Հասկանում եմ։ Արևմուտքը հավանո՞ւմ ես։

― Բանտից հետո ամեն ինչ էլ հավանում եմ։ Հորս ձերբակալել էին քառասուն թվականին։ Նա Հիտլերին անվանում էր «բրաուն շվայնե»։

― Կոմունի՞ստ էր։

― Ոչ։ Հայրս կոմմի չէր։ Նույիսկ կարմիր էլ չէր։ Պարզապես կրթված մարդ էր։ Լատիներեն գիտեր... Դու լատիներեն գիտե՞ս։

― Ոչ։

― Ես էլ չգիտեմ։ Երեխաներս էլ չեն իմանա։ Ափսոս... Լատիներենն ու Ռոդ Սթյուարտը, իմ կարծիքով, անհամատեղելի են։

― Ո՞վ է Ռոդ Սթյուարտը։

― Կիթառով գիժ։ Օղի ուզո՞ւմ ես։

― Այո։

― Սենդվիչներ բերեմ։

― Պետք չէ։

― Ճիշտ ես ասում...

Վիեննայից գրեցի Լեոպոլդին։ Հորեղբայրս զանգեց հյուրանոց։ Ասաց, որ ինքնաթիռով կգա շաբաթավերջին՝ շաբաթ օրը։ Կիջևանի «Կոլիզեումում»։ Խնդրեց, որ շաբաթ օրը չնախաճաշեմ։

― Քեզ կհյուրասիրեմ լավ ռեստորանում, ― ասաց...

Վաղ առավոտյան նստած էի «Կոլիզեումի» նախասրահում։ Այդ հյուրանոցը մերից շատ ավելի շքեղ էր երևում։ Կողքովս անցնում էին ընտրագույն շներ։ Հանդերձապահը նման էր կինոդերասանի։

Ուղիղ ժամը տասնմեկին իջավ հորեղբայրս։ Անմիջապես ճանաչեցի նրան։ Լեոպոլդը նման էր հորս՝ բարձրահասակ, բարեկազմ, գեղեցիկ արհեստական ատամներով։ Հետը երիտասարդ մի կին էր։

Գիտեի, որ հարկավոր է գրկել այդ, ըստ էության, անծանոթ մարդուն։

Գրկախառնվեցինք։ Համբուրեցի Հելենայի ձեռքը։

― Այս ինչ հսկա ես, ― բացականչեց Լեոպոլդը։ ― Իսկ ո՞ւր է մայրդ։

― Նա վատառողջ է։

― Շատ ափսոս։ Ես տեսել եմ նրա լուսանկարները։ Դու շատ նման ես մորդ։

Նրան մեկնեցի բերածս փաթեթը։ Խավիար էր, փայտե մատրյոշկաներ, քաթանե սփռոց։

― Շնորհակալություն։ Սրանք կթողնենք դռնապանի մոտ։ Ես նույնպես նվերներ ունեմ ձեզ համար․․․ Իսկ հիմա կգնանք ռեստորան։ Դու սիրո՞ւմ ես ռեստորան գնալ։

― Այդ մասին չեմ մտածել։

― Այնտեղ հաճելի երաժշտություն է լինում, գեղեցիկ կանայք․․․

Քայլում էինք կենտրոնի ուղղությամբ։ Լեոպոլդը անդադար խոսում էր։

Հելենան լուռ ժպտում էր։

― Տեսնում ես, ինչքան մեքենա կա։ Դու երբեւէ արտասահմանյան մեքենաներ տեսե՞լ էիր։

― Լենինգրադ շատ զբոսաշրջիկներ են գալիս․․․

― Վիեննան փոքր քաղաք է։ Ասենք՝ Բրյուսելն էլ։ Ամերիկայում մեքենաներն անհամեմատ ավելի շատ են։ Եվ ի՜նչ մեքենաներ։ Լենինգրադում մեծ խանութներ կա՞ն։

― Խանութներ կան, ― ասում եմ։

― Այս ինչ հսկա ես։ Քեզ, երեւի, կանայք սիրում են, չէ՞։

― Շուտով կերեւա։

― Հասկանում եմ։ Կինդ Ամերիկայում է։ Մենք այցելեցինք նրան Հռոմում։ Պայուսակի փոխարեն պլաստիկե տոպրակ էր ձեռքին։ Ես նրան լավ պայուսակ նվիրեցի՝ վաթսուն դոլարանոց․․․ Հասանք։ Հենց այստեղ էլ կնախաճաշենք։ Իմ կարծիքով, սա լավ ռեստորան է։

Ներս մտանք, հանվեցինք, նստեցինք լուսամուտի մոտ։

Մեղմ հնչող երաժշտության մեջ արտառոց ոչինչ չկար։ Գեղեցիկ կանայք էլ ինչ֊որ չէին երեւում։

― Պատվիրիր ինչ ուզում ես, ― առաջարկեց Լեոպոլդը, ― գուցե տավարի կամ թռչնի մի՞ս։

― Ինձ համար միեւնույն է։ Ձեր հայեցողությամբ։

― Ինձ հետ «դու»֊ով խոսիր, խնդրում եմ։ Չէ՞ որ հորեղբայրդ եմ։

― Քո հայեցողությամբ։

― Գուցե համադա՞մ ինչ-որ բան։ Դու սիրո՞ւմ ես համադամ ուտելիք։

― Չգիտեմ։

― Ես շատ եմ սիրում համադամ ուտելիք։ Բայց լյարդս հիվանդ է։ Քեզ համար կպատվիրեմ ձկան պաշտետ ու մի քիչ ծնեբակ։

― Հիանալի է։

― Ի՞նչ ես խմելու։

― Գուցե օղի՞։ ― Դեռ վաղ է։ Կարծում եմ՝ սպիտակ գինի կամ թեյ։

― Թեյ, ― ասացի։

― Եվ պիստակի պաղպաղակ։

― Հիանալի է։

― Ի՞նչ ես խմելու, ― կնոջը դիմեց Լեոպոլդը։

― Օղի, ― ասաց Հելենան։

― Ի՞նչ, ― ապշեց Լեոպոլդը։ ― Օղի, օղի, ― կրկնեց կինը։

Մոտեցավ մատուցողը՝ սևահեր, կոճղանման, երևի հարավսլավացի կամ հունգարացի։

― Սա իմ զարմիկն է Ռուսաստանից, ― ասաց Լեոպոլդը։

― Մոմենտ, ― ասաց մատուցողը։

Արագ հեռացավ։ Հանկարծ երաժշտությունը դադարեց։ Թեթև խշշոցից հետո լսվեցին «Պոդմոսկովնիյե վեչեռայի» վաղուց ձանձրացրած առաջին ակորդները։

Հայտնվեց մատուցողը։ Նրա դեմքին փայլում էր ինքնագոհ ու հիմար ժպիտը։

― Շնորհակալ եմ, ― ասացի։

― Նա լավ թեյադրամ կստանա, ― ականջիս շշնջաց Լեոպոլդը։ Մատուցողն ընդունեց պատվերը։

― Հա, քիչ մնաց մոռանայի, ― բացականչեց Լեոպոլդը, ― ծնողներս ինչպե՞ս են մահացել։

― Պապին ձերբակալել էին պատերազմից առաջ։ Ռայա տատը մահացավ քառասունվեց թվին։ Ես նրան աղոտ եմ հիշում։

― Ձերբակալե՞լ էին։ Ինչի՞ համար։ Նա կոմունիստներին դե՞մ էր։

― Չեմ կարծում։

― Հապա ինչո՞ւ ձերբակալեցին։

― Հենց այնպես։

― Տեր Աստված, ինչ վայրենի երկիր է, ― խուլ տնքաց Լեոպոլդը։ ― Ախր, գոնե ինչ֊որ բացատրություն կարո՞ղ ես տալ։

― Թերեւս չեմ կարող։ Այդ մասին տասնյակ գրքեր են գրվել։

Լեոպոլդը թաշկինակով սրբեց աչքերը։

― Ես գրքեր կարդալու ժամանակ չունեմ։ Ես չափազանց շատ եմ աշխատում․․․ Նա մահացել է բանտո՞ւմ։

Չէի ուզում ասել, որ պապին գնդակահարել են։ Մոնյայի անունն էլ չէի ուզում տալ։ Որ ի՞նչ․․․

― Ի՜նչ վայրենի երկիր է։ Ես եղել եմ Ամերիկայում, Իսրայելում, շրջել ամբողջ Եվրոպայում․․․ Իսկ Ռուսաստան չեմ գնա։

― Այնտեղ համատարած շախմատ է, բալետ ու «սեւ ագռավ»․․․ Դու շախմատ սիրո՞ւմ ես։

― Այնքան էլ չէ։

― Իսկ բալե՞տ։

― Դրանով առանձնապես չեմ հետաքրքրվում։

― Ինչ֊որ հիմարություն է՝ ուրվականներով, ― ասաց հորեղբայրս։

Հետո հարցրեց․

― Հայրդ ուզո՞ւմ է գալ այստեղ։

― Հուսով եմ։

― Ի՞նչ է անելու այստեղ։

― Ծերանալու է։ Ամերիկայում նրան ոչ մեծ թոշակ կնշանակեն։

― Այդ թոշակով դժվար է առանց նեղվելու ապրել։

― Մի կերպ կապրենք, ― ասացի։

― Քո հայրը ռոմանտիկ է։ Երեխա ժամանակ շատ էր կարդում։ Իսկ ես, ընդհակառակը՝ միայնգամայն առողջ եմ մեծացել․․․ Լավ է, որ դու մորդ նման ես։ Ես նրա լուսանկարները տեսել եմ։ Դու շատ նման եք իրար․․․

― Մեզ հաճախ նույնիսկ շփոթում են, ― ասացի։

Մատուցողը բերեց պաղպաղակը։ Հորեղբայրս ձայնն իջեցրեց․

― Եթե փողի կարիք ունես, ասա։

― Մեր ունեցածը բավարար է։

― Այնուամենայնիվ, եթե փող պետք լինի, հայտնիր ինձ։

― Կհայտնեմ։

― Իսկ հիմա եկեք շրջենք քաղաքում։ Ես տաքսի կանչեմ․․․

Հորեղբորս բնավորության մեջ հավանում էի տեղաշարժման սրընթացությունը։ Ուր էլ հայտնվեինք, անդադար կրկնում էր.

― Շուտով ճաշելու ենք։

Ճաշեցինք քաղաքի կենտրոնում, բացօդյա ռեստորանում։ Հունգարական քառյակ էր նվագում։ Հորեղբայրս արժանապատվությամբ պարեց կնոջ հետ։ Հետո նկատեցինք, որ Հելենան հոգնել է։

― Գնանք հյուրանոց, ― ասաց Լեոպոլդը։ ― Քեզ համար նվերներ ունեմ։

Հյուրանոցում, հարմարեցնելով պահը, Հելենան շշնջաց ականջիս.

―Մի բարկացիր։ Նա բարի մարդ է, թեև շատ հասարակ է։

Անասելի շփոթվեցի։ Ես չգիտեի, որ նա ռուսերեն գիտի։ Հետը զրուցելու ցանկություն ունեցա։ Բայց արդեն ուշ էր...

Տուն վերադարձա յոթին մոտ։ Ձեռքիս փաթեթում քլթքլթում էր մորս օծանելիքը։ Փողկապն ու ճարմանդները դրել էի գրպանս։

Նախասրահում Ռեյնհարտից բացի ոչ ոք չկար։ Նա ինչ-որ հաշվարկներ էր անում կալկուլյատորով։

―Ուզում եմ լինոլեումը փոխել, ― ասաց։

― Վատ գաղափար չէ։

― Չխմե՞նք։

― Հաճույքով։

― Բաժակները տարել են չեխ հայրենակցական միության տղաները։ Թղթե բաժակով կխմե՞ս։

― Ես ակնոցի տուփով էլ եմ խմել։ Ռեյնհարտը հարգալի բարձրացրեց հոնքերը։ Մի-մի բաժակ բրենդի խմեցինք։

― Կարող ենք հենց այստեղ էլ գիշերել, ― ասաց Ռեյնհարտը, ― ափսոս բազմոցները նեղ են։

― Ես գինեկոլոգիական աթոռին էլ եմ քնել։

Ռեյնհարտը ինձ նայեց էլ ավելի մեծ հարգանքով։ Մի-մի բաժակ էլ խմեցինք։

― Լինոլեումը չեմ փոխի, ― ասաց նա։ ― Այդպես որոշեցի, քանի որ աշխարհը դատապարտված է։

― Ճիշտ է, ― ասացի։

― Յոթ փող ունեցող յոթ հրեշտակները արդեն պատրաստ են։

Դուռը թակեցին։

― Մի բացիր, ― ասաց Ռեյնհայտը, ― դա գունատ ձին է... Եվ ձիավորը, որին կոչում են մահ․․․

Էլի խմեցինք․․․

― Գնամ, ― ասացի, ― մայրս անհանգստանում է։

― Բարով գնաս, ― դժվարությամբ արտաբերեց Ռեյնհարտը։ ― Չաո։ Եվ կեցցե՜ քունը։ Քանի քունը անգործությունից է։ Իսկ անգործությունը միակ բարոյական վիճակն է։ Ցանկացած գործություն՝ քայքայում է․․․ Չաո․․․

― Մնաս բարով, ― ասացի, ― կյանքն անհեթեթ է։ Անհեթեթ է թեկուզ այնքանով, որ գերմանացին ինձ ավելի մոտ է, քան հարազատ հորեղբայրս․․․

Ռեյնհարտին դրանից հետո տեսնում էի ամեն օր։ Ճիշտն ասած, ինքս էլ չհասկացա, թե նա ինչպես մտավ այս պատմվածքի մեջ։ Չէ՞ ր խոսքը միանգամայն այլ մարդու մասին էր։ Իմ հորեղբայր Լեոյի մասին․․․․

Իսկ լինոլեումը, այնուամենայնիվ, փոխեց․․․

Լեոպոլդին այլեւս չեմ տեսել։ Որոշ ժամանակ նամակագրական կապի մեջ էինք։ Հետո մեկնեցի Միացյալ Նահանգներ։ Նամակագրությունը ընդհատվեց։ Հարկավոր է նրան բացիկ ուղարկել Ծննդյան տոնին․․․

Be the first who will comment on this

Other parts of "Մերոնք"

Yatuk Music
New flower
Elen Yolchyan

New flower

Old Tbilisi
Old Tbilisi
Play Online