Sergey Dovlatov

Արգելոց

5

Ու շիշը դրեց թմբին…

Մի քանի անգամ կորցրինք փողով ծրարը։ Գրկախառնվում էինք ծանոթ հարմոնահարի հետ։ Տուրբազայի բոլոր պատասխանատու աշխատողների աչքին ընկանք։ Ինչպես պնդում է Նաթէլլան՝ ներկայանում էինք որպես Պուշկին ու Բարատինսկի…

Նույնիսկ Միխալ Իվանիչը նախընտրեց հեռու մնալ։ Չնայած իրեն էլ էինք հրավիրում։ Ասաց․

Ես Վալերային գիտեմ։ Հետը թրջվեցիր՝ միլիցատանն ես խումհարաթող ըլնելու։

Միտրոֆանովն ու Պոտոցկին էքսկուրկիայի էին Բոլդինոյում։

Քնեցինք Պետրովսկում, ինչ֊որ խոտանոցում։ Մյուս օրը, առավոտից, այդ ամբողջ մղձավանջը կրկնվեց։ Մեզնից նույնիսկ անտառարդի ձիապաններն էին փախս տալիս։

Այդքանը քիչ էր՝ Մարկովը շրջում էր մանուշակագույն լուսամփոփը գլխին։ Իմ ձախ թեւքն էր պոկվել։

Խանութի մոտ մոտեցավ Լոգինովն ու հարցնում է․

Էդ ինչի՞ եք առանց թեւքի։

Շոգ էր, ասում եմ, դեն գցեցի։

Վանքի պահապանը մտքի մեջ ընկավ ու խաչակնքեց մեզ։ Իսկ Մարկովն ասում է․

Իզուր եք անում… Հիմա մեզ մոտ Աստծու տեղը լենինյան կենտրոնական կոմիտեն է։ Չնայած էդ բոզերի համար էլ կգա արյունով եհովականության ժամանակը…

Շվարած Լոգինովը խաչ արեց ու արագ հեռացավ։

Իսկ մենք դեռ թրեւ էինք գալիս արգելոցում։

Տուն հասա շաբաթվա վերջին։ Ու մի ամբողջ օր անշարժ պառկած էի։ Միխալ Իվանիչը գինի առաջարկեց։ Լուռումունջ շրջվեցի դեպի պատը։

Հետո մի օրիորդ հայտնվեց տուրբազայից՝ Լյուդան։

Հեռագիր ունեք, ասում է։ Ու մեկ էլ, ձեզ մայոր Բելյաեւն է փնտրում։

Ի՞նչ Բելյաեւ։ Որտեղի՞ց։

Հերս ասում է՝ ՆԳՆ֊ից է…

Ինձ մենակ էդ էր պակաս… Ասեք՝ հիվանդ է։ Ասեք՝ գնացել է Պսկով ու հիվանդացել…

Ինքը գիտի։

Ի՞նչ գիտի։

Որ արդեն քանի օր է՝ հիվանդ եք։ Ասեց՝ հենց քունն առնի, թող գա։

Ո՞ւր։

Գրասենյակը փոստի կողքին է։ Ում հարցնեք՝ ցույց կտա։ Էս էլ հեռագիրը։

Օրիորդը ամոթխած շրջվեց։ Հետո կրծկալից դրոշմանիշի չափ, ծալծլած մի երկնագույն թղթի կտոր հանեց։

Բացեցի տաքացած հեռագիրն ու կարդացի․

«Թռչում ենք չորեքշաբթի գիշերը։ Տանյա։ Մաշա»։

Ընդամենը հինգ բառ եւ ինչ֊որ անհասկանալի թվեր։

Էսօր ի՞նչ օր է։

Առավոտից երեքշաբթի էր, կատակեց Լյուդան։

Հեռագիրը ե՞րբ եք ստացել։

Մարյանան է բերել Վորոնիչից։

Ե՞րբ։

Ասում եմ, էլի, շաբաթ օրը։

Ուզում էի ասեմ՝ «Բա ո՞ւր էիք մինչեւ հիմա», բայց միտքս փոխեցի։ Նրանք հենց տեղում են եղել։ Իսկ թե ե՜ս ուր էի…

Մեկնել կարող էի միայն երեկոյան՝ ավտոբուսով։ Լենինգրադ կհասնեի ժամը վեցի կողմերը…

Հեռագրի մասին էլ գիտի, ասաց Լյուդան։

Ո՞վ։

Ընկեր Բելյաեւը։

Լյուդան մի քիչ հպարտանում էր չարաբաստիկ մայորի սրատեսությամբ ու ամենագիտությամբ։

Ընկեր Բելյաեւն ասեց՝ մինչեւ գնալը թող հանդիպի։ Թե չէ՝ շինոցի է լինելու… Էդպես էլ ասեց…

Ինչպիսի՜ հնաոճ քաղաքավարություն, ասում եմ։

Տենդագին մտածում էի՝ ինչ եմ անելու… Փողս՝ չորս ռուբլի։ Նույն այն միստիկական չորս ռուբլիները։

Վիճակս ահավոր էր։

Լյո՛ւդա, հարցնում եմ, փող ունե՞ք։

Քառասուն կոպեկ… Հեծանիվով եմ…

Այսի՞նքն։

Հեծանիվս վերցրեք, ես ոտով կհասնեմ։ Ավանում մեկնումեկի մոտ կթողնեք…

Վերջին անգամ աշակերտ ժամանակս էի հեծանիվ քշել։ Այն ժամանակ խաղուպար էր թվում։ Բայց, հավանաբար, ծերացել եմ։

Ճանապարհը կտրտված էր սոճու արմատներով։ Հեծանիվը ցատկոտում էր, զնգզնգում։ Փոքրիկ կոշտ թամբը վնասում էր հետույքս։ Անիվները թաղվում էին խոնավ ավազի մեջ։ Տանջահար աղիներս կծկումով էին արձագանքում յուրաքանչյուր ցնցումին։

Հեծանիվը պատին հենելով՝ մտա տուրբազա։

Գալինան մենակ էր։ Առանց վախի նայելով ինձ՝ հարցրեց․

Հեռագիրը ստացա՞ք։

Կարծում եմ՝ հարբեցողությամբ այստեղ դժվար էր զարմացնել որեւէ մեկին։ Ասացի․

Երեսուն ռուբլի տվեք սեյֆից։ Երկու շաբաթից կվերադարձնեմ… Միայն թե հարցեր չտաք։

Առանց այդ էլ ամեն ինչ գիտեմ։ Ձեր կինը դավաճանել է Հայրենիքին։

Ավա՜ղ, ասում եմ։

Ու հիմա մեկնում է Արեւմուտք։

Կարծես թե։

Իսկ դուք մնում եք։

Այո, մնում եմ։ Չէ՞ որ գիտեք…

Եվ շարունակելու եք աշխատե՞լ…

Իհարկե։ Եթե չազատեն…

Իսկ ճի՞շտ է, որ Իսրայելում միայն հրեաներ են ապրում… Ի՞նչ է, վատ եք զգում։ Ջուր տա՞մ։

Ջուրը չի օգնի։ Իսկ փողի հա՞րցը…

Բայց ինչո՞ւ սեյֆից։ Իմ փողից կտամ…

Ուզում էի համբուրեմ Գալինային, բայց ինձ զսպեցի։ Արձագանքը կարող էր անսպասելի լինել։

Նստեցի հեծանիվն ու քշեցի վանք։ Օրը տաք էր, բայց՝ ամպոտ։ Ծառերի ստվերները գորշ ասֆալտին հազիվ էին երեւում։ Խճուղու եզրով քայլում էին տուրիստները։ Աչքի էին զարնում անջրանցիկ բաճկոն հագածները։

Սուրացի դեպի ավազոտ լանջը։ Ղեկը դժվարությամբ էի պահում։ Կողքովս սահում էին գունաթափ, գորշ փառով պատած գլաքարերը։

Ներքին գործերի վարչության գրասենյակն անմիջապես ցույց տվին։

Փոստի կողքի տունն է, ձեռքով արեց «Ծովախորշի» հավաքարարը, տեսնում ե՞ս՝ դրոշը գլխին…

Գնացի առաջ։

Փոստի բաժանմունքի դուռը բաց էր։ Հենց այնտեղ էլ դրված էին միջքաղաքային հեռախոսի երկու խցիկները։ Մեկը զբաղված էր։ Հաստ ոտքերով մի շիկահեր կին ձեռքերը թափ տալով՝ գոռում էր․

Տատո՜ւսյա, լսո՞ւմ ես։ Խորհուրդ չեմ տա գաս… Եղանակը՝ չորսից հանած… Իսկ գլխավորը, տղամարդ չկա, բացարձա՛կ… Ալյո՜։ Լսո՞ւմ ես։ Աղջիկների մեծ մասը առանց հանգստանալու էլ գնում է։

Ես կանգ առա ու ականջ դրի։ Մտովի հանեցի գրիչը…

Կարծես թե ամեն ինչ այնքան սարսափելի է, բայց ես դեռ ողջ եմ։ Եվ գուցե մարդու մեջ ամենավերջինը ստորությո՞ւնն է մեռնում։ Ներկված շիկահերներին աչք ածելն ու գրիչի հակումը…

Վարչության սանդղամուտին աչքիս ընկավ Գուրյանովը։ Համարյա ճակատ ճակատի եկանք, ու խույս տալու հնար չկար։

Համալսարանում Գուրյանովին Գործ տվող Լյոնյա էին ասում։ Նրա գլխավոր պարտականությունը արտասահմանցիներին հետեւելն էր։ Բացի այդ, Գուրյանովն աչքի էր ընկնում աղաղակող անգրագիտությամբ։ Մի անգամ նրան քննում էր պրոֆեսոր Բյալին։ Գուրյանովին «Բելկինի պատմվածքներն» էր ընկել։

Լյոնյան փորձեց անցնել ավելի ընդարձակ թեմայի։ Խոսեց ցարական ռեժիմի մասին։

Բայց քննություն ընդունողը հարցրեց․

«Բելկինի պատմվածքները» կարդացե՞լ եք։

Մի տեսակ չի վիճակվել, պատասխանեց Լյոնյան։ Խորհուրդ եք տալիս կարդա՞լ։

Այո, իրեն զսպեց Բյալին, թախանձագին խնդրում եմ կարդալ այդ գիրքը…

Չորս ամիս անց Լյոնյան ներկայանում է Բյալիին ու ասում․

Կարդացի։ Շնորհակալ եմ։ Ահագին բան դուրըս եկավ։

Հատկապես ի՞նչը, հետաքրքրվեց Բյալին։

Լյոնյան լարվեց, հիշեց ու պատասխանեց․

«Դոմբրովսկի» վիպակը…

Եվ ահա երես առ երես հանդիպեցինք չէկայի սանդղամուտին։ Սկզբում մի քիչ շփոթվեց։ Նույնիսկ չէր ուզում բարեւել։ Ինչ֊որ կտրուկ շարժում արեց։ Բայց սանդուղքների գլխին չտեսնելու տալը դժվար է։ Եվ նա ասաց․

Հա՜, բարեւ՜, բարեւ՜… Քեզ Բելյաեւն է սպասում…

Ուզում էր ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է։ Կարծես պոլիկլինիկայում էինք հանդիպել, ոչ թե գեստապոյում։

Ես հարցրի․

Քո պե՞տն է։

Ո՞վ։

Բելյաեւը… Թե՞ ենթական։

Ձեռ մի առ, ասաց Գուրյանովը։

Ձայնի մեջ ղեկավարական հատու շեշտեր հնչեցին։

Եվ հիշիր․ ԿԳԲ֊ն հիմա ամենաառաջադեմ կազմակերպությունն է։ Ամենից իրական ուժը պետության մեջ։ Ի դեպ, ամենամարդասիրականը… Եթե իմանայի՜ր ինչ մարդիկ են…

Հիմա կիմանամ, ասում եմ։

Երեխայի պես ես մտածում, ասաց Գուրյանովը, դա կարող է վատ վերջանալ…

Ի՜նչ տառապանք էր այդ ամենը լսելը, խումհարի մեջ…

Շրջանցեցի նրան, հետ նայեցի ու ասում եմ․

Իսկ դու աղբ ես, Գուրյա՜նիչ։ Աղբ ես, տգետ ու սրիկա։ Ու միշտ էլ սրիկա ես լինելու, նույնիսկ եթե քեզ ավագ լեյտենանտ նշանակեն… Գիտե՞ս ինչի ես ծախում։ Որովհետեւ կանայք չեն սիրում քեզ…

Գուրյանովը, հետ֊հետ գնալով, նահանջեց։ Անտարբերության ու գերազանցության միջեւ էր ընտրություն անում, բանն ավարտվեց կոպտելով։

Իսկ ես ահռելի թեթեւություն զգացի։ Եվ ընդհանրապես, խոսքի անսպասելի ազատագրումից հրաշալի ի՞նչ կա։

Գուրյանովը վիրավորանքի չէր պատրաստվել։ Դրա համար էլ խոսեց բնական մարդկային ձայնով․

Ընկերոջը ստորացնելն ամենահեշտ գործն է… Ախր չգիտես, թե էդ ամենը ոնց ստացվեց։

Անցավ հնչեղ շշնջոցի․

Անչափահաս էի․ քիչ էր մնացել նստացնեին։ Հայտնի մարմիններն ինձ փաստորեն փրկեցին։ Համալսարանի համար թուղթ տվին։ Հիմա գրանցում են խոստացել։ Ախր ես Կուլունդայից եմ… Կուլունդայում եղե՞լ ես։ Միջինից ցածր հաճույք է…

Հա՜, ասում եմ, էդ դեպքում հասկանալի է… Կուլունդան ամեն ինչ փոխում է…

Ես անվերջ ինչ֊որ հրեշների սրտազեղումներն եմ լսում։ Ուրեմն իմ մեջ խելագարության տրամադրող մի բան կա…

Բարով մնաս, Գուրյա՜ն, կրի քո ծանր խաչը…

Սեղմեցի համակրելի վարդագույն կոճակը։ Դուռը բացեց թթված դեմքով, անորոշ տարիքի մի տիկին։ Ինձ անձայն թողեց հաջորդ սենյակը։

Աչքիս ընկան սեյֆը, Ձերժինսկու պատկերը, դարչնագույն վարագույրները։ Մեկին մեկ ռեստորանի վարագույրների պես։ Այնքան նման, որ թեթեւ սրտխառնոց զգացի։

Ընկա բազկաթոռին, ծխախոտ հանեցի։ Մեկ կամ երկու րոպե մենակ էի։ Հետո վարագույրներից մեկը շարժվեց։ Հետեւից դուրս եկավ մի երեսունվեցամյա տղամարդ ու խորին քամահրանքով ասաց․

Մի՞թե ես ձեզ առաջարկել եմ նստել։

Վեր կացա։

Նստե՛ք։

Նստեցի։

Տղամարդը ավելի դառնացած հարցրեց․

Մի՞թե ես ձեզ առաջարկել եմ ծխել։

Ձգվեցի դեպի աղբամանը, բայց լսեցի․

Ծխե՛ք…

Հետո նստեց եւ տխուր ու համարյա ողբերգական երկա՜ր նայեց ինձ։ Նրա ժպիտը աշխարհի անկատարության եւ այլոց մեղքերի համար պատասխանատվության ծանր բեռի արտահայտություն էր։ Բայցեւայնպես դեմքը շարունակում էր շարքային մնալ, ինչպես ներքնաշորի կոճակը։

Գլխավերեւը կախած դիմանկարն ավելի կենդանի էր թվում։ (Միայն խոսակցության կեսին հանկարծ հասկացա, որ ոչ թե Ձերժինսկին է, այլ՝ Մակարենկոն)։

Վերջապես նա ասաց․

Գլխի՞ ես ընկնում՝ ինչու եմ կանչել։ Գլխի չե՞ս ընկնոմ։ Հրաշալի՜ է։ Հարցեր տուր։ Հստակ, ոնց որ բանակում։ Ինչո՞ւ ես, Բելյա՛եւ, ինձ հրավիրել։ Ու ես քեզ կպատասխանեմ։ Նույնքան հստակ, ոնց որ բանակում․ չգիտե՛մ։ Ուրիշ տեղ է տարել ծուռ ճանապարհը… Կհավատա՞ս, զարթնում եմ գիշերները։ Տո՛մկա, ասում եմ կնոջս, մի լավ տղա է շեղվել։ Օգնել է պետք… Իսկ իմ Տոմկան մարդասեր է։ Գոռում է՝ Վիտա՜լիկ, օգնիր։ Դաստիարակչական աշխատանք տար։ Ափսոս է, մերոնքական է տղան։ Ներսը առողջ է։ Ներգործության դաժան մեթոդների չդիմե՛ս։ Չէ՞ որ մարմինները ոչ միայն պատժում են։ Մարմինները դաստիարակում են… Իսկ ես գոռում եմ․ միջազգային իրադրությունը բա՜րդ է։ Կապիտալիստական պաշարումը մոռացա՞ր։ Հեռուն է գնացել տղան։ Համագործակցում է էդ… դէ՛… «Կոնտինենտալի» հետ։ Այսինքն՝ «Ազատություն» ռադիոյի… Սոլժենիցինից պակաս գրական վլասովական չի։ Էդ քիչ է՝ հարբել, իրան կորցրել էր դատարկապորտ Վալերայի հետ… Լա՜վ, կինը ստորություն է արել… Հիմա ի՞նչ, կապտելու աստիճան պիտի հարբի՞։ Կարճ ասած, մոլորվել եմ…

Բելյաեւը դեռ մի տասնհինգ րոպե էլ խոսում էր։ Աչքերում, երդվում եմ, արցունքներ էին շողում…

Հետո դռան կողմը նայելով՝ հանեց բաժակները․

Արի մի քիչ թեթեւանանք։ Քեզ վնաս չի… եթե՝ չափավոր…

Օղին տաք էր։ Վրան «Նովոստ» թխվածք ծամեցինք։

Հեռախոսը զիլ ու ընդհատուն զնգաց։

Մայոր Բելյաեւը լսում է… Չորս անց երեսո՞ւն։ Կլինեմ… Եվ հաղորդեք, որ մենթերը քթները չխոթեն էդ գործի մեջ…

Նա դարձավ ինձ․

Ինչի՞ վրա կանգնեցինք… Կարծում ես՝ մարմիններն էս բարդակը չե՞ն տեսնում։ Մարմիններն ամեն ինչ ակադեմիկոս Սախարովից էլ լավ են տեսնում։ Բայց ո՞ւր է իրական ելքը։ Ո՞րն է։ Կապիտալիզմի վերականգնո՞ւմ… Ենթադրենք․ ձեր գովական սամիզդատը կարդացել եմ։ Աղբը «Զնամյայից» քիչ չի։ Մենակ թե՝ ամեն ինչ շուռ տված։ Սպիտակը սեւ է՝ սեւը՝ սպիտակ… Խնդրեմ, օրինակ գյուղատնտեսության պրոբլեմը։ Ենթադրենք կարելի է բռնել ու փակել կոլխոզները։ Հողը բաժանել գյուղացիներին եւ այլն, եւ այլն։ Բայց սկզբում հարցրու՝ գյուղացին ի՞նչ կարծիքի է։ Ուզո՞ւմ են էդ հողը… Ախր նրանց ի՞նչ տանձին է էդ անտեր հողը։ Նույն դատարկապորտ Վալերայից հարցրու։ Արգելոցի մոտի գյուղերը ման արի։ Մենակ Տիմոխա պապն է հիշում՝ ոնց էին ձի լծում։ Մոռացել են՝ ինչը երբ պիտի ցանվի։ Սովորական հաց թխելը չգիտեն… Ախր ուզածդ գյուղացի էդ հողը մի աչք ճպելում քառորդ լիտրանոցի կտա։ Չենք խոսում արդեն կես լիտրի մասին…

Բելյաեւը հանեց բաժակներն ու այլեւս չթաքցրեց։ Վարդագունել էր։ Միտքը սրընթաց զարգանում էր այլախոհական ուղղությամբ։

Հեռախոսը երկու անգամ զանգեց։ Բելյաեւը սեղմեց հեռախոսի կոճակը․

Վալե՛րիա Յակովլեւնա։ Չմիացնե՛ք…

Խոսեց արա, կրքոտ ու չար․

Ուզում ե՞ս իմանաս որտեղից է գալու սովետական իշխանության վերջը։ Ասե՛մ։ Վերջը օղուց է գալու։ Հիմա, կարծում եմ, աշխատավորության վաթսուն տոկոսը իրիկվա կողմ արդեն հարբած է։ Եվ ցուցանիշներն աճում են։ Կգա օրը, երբ կհարբեն բոլորը, առանց բացառության։ Շարքայինից մինչեւ մարշալ Գրեչկոն։ Բանվորից մինչեւ ծանր արդյունաբերության մինիստր։ Բոլորը, բացի մի երկու֊երեք կին ու երեխայից ու մեկ էլ, կարող է, հրեաներից։ Ինչը կոմունիզմի կառուցման համար ակնհայտորեն անբավարար է… Ու էս ամբողջ կարուսելը կկանգնի։ Գործարանները, ֆաբրիկաները, մեքենատրակտորային կայանները… Իսկ հետո կգա նոր մոնղոլ֊թաթարական լուծը։ Մենակ թե էս անգամ՝ Արեւմուտքից։ Ընկեր Քիսինջերի գլխավորությամբ…

Բելյաեւը նայեց ժամացույցին․

Գիտեմ, պատրատսվում ես Լենինգրադ գնալ։ Խորհուրդ քեզ՝ մի ցցվի։ Քաղաքավարի ասած՝ չծլվլա՛ս։ Մարմինները դաստիարակում, դաստիարակում են, բայց կարող են եւ պատժել։ Իսկ քո անձնական գործը Գյոթեի «Ֆաուստից» ուժեղ է։ Նյութը քառասուն տարվա կհերիքի… Եվ հիշի՛ր․ քրեական գործը քո համար եզրակարով շալվար չի։ Քրեական գործը հինգ րոպեում է կարվում։ Շը՛խկ, ու դու արդեն կոմունիզմի կառույցներում ես… Էնպես որ, սուսուփուս նստի… Մի բան էլ, հարբեցողության հարցով։ Խմի, բայց՝ չափավոր, մեկ֊մեկ արանք տուր։ Էդ խփնված Մարկովի հետ էլ գործ չունես։ Վալերան տեղացի է, նրան ձեռ չեն տա։ Իսկ քո կինը Արեւմուտքում է։ Բացի էդ, գրվածնքներդ սպիտակգվարդիական մամուլում են։ Մի լիքը դոսյե ելույթ ունես։ Նայի՛, շան օրը կգցեն… Կարճ ասած, գլխապատառ մի խմի։ Իսկ հիմա արի էս վերջին բաժակն էլ…

Մենք նորից խմեցինք։

Գնացեք, «դուք»֊ի անցավ մայորը։

Շնորհակալություն, ասում եմ։

Դա միակ բառն էր որ արտաբերեցի կես ժամվա ընթացքում։

Բելյաեւը քմծիծաղեց․

Զրույցն անցավ գաղափարական֊քաղաքական բարձր մակարդակով։

Արդեն դռան մոտ շշուկով ավելացրեց․

Մի բան էլ, ոնց որ ասում են՝ արձանագրությունից դուրս։ Քո տեղը լինեի՝ կպոկվեի էստեղից, քանի թողում են։ Միավորվել եմ կնոջս հետ ու պրծավ֊գնաց… Ես հեչ հնար չունեմ։ Իմ ռյազանյան պատկերքի հետ հաստատ չեն թողի… Իսկ քեզ՝ խորհուրդ եմ տալիս։ Լա՛վ մտածի։ Սա՝ մեր մեջ, հույժ գաղտնի…

Ես սեղմեցի նրա ձեռքը, գլխով արեցի խոժոռ տիկնոջն ու ելա արեւով ողողված փողոց։

Քայլում ու մտածում էի․ աշխարհը բռնվել է խելագարությամբ։ Խելագարությունը դառնում է սովորական։ Սովորը հրաշքի զգացողություն է ծնում…

Հեծանիվը թողեցի փոստում։ Ասացի՝ Լյուդային կտաք, Բերեզինից։ Ոտքով բարձրացա սարնիվեր։ Եվ, սպասելով երթուղային ավտոբուսին, վերջապես մեկնեցի Լենինգրադ։

Ճանապարհին քնեցի ու արթնացա անտանելի գլխացավով…

Լենինգրադն աստիճանաբար է սկսվում՝ խունացած կանաչից, դղրդացող տրամվայներից, մռայլ աղյուսաշեն տներից։ Բացվող առավոտի մեջ մի կերպ երեւում են նեոնե տառերը։ Անդեմ ամբոխն ուրախացնում է իր անտարբերությամբ։

Մեկ րոպե անց արդեն նորից քաղաքացի եք։ Եվ միայն սանդալների ավազն է հիշեցնում գյուղական ամառվա մասին…

Գլխացավս թույլ չէր տալիս, որ սովորականի պես ուրախացնեն լենինգրադյան եռուզեռը, գետից փչող քամին ու սալահատակ փողոցների վճիտությունը։ Ի՜նչ արժեն թեկուզ մայթերը՝ ձանձրալի բլուրներից հետո…

Խաղաղության հրապարակում իջա ավտոբուսից։ Հետո տաքսի կանգնեցրի ու տասնհինգ րոպեից տանն էի։

Դուռը մի անծանոթ, ծիծաղող, շերտավոր շապիկ հագած կին բացեց։

Ձեզ Շախնովիչնե՞րն են ուղարկել։ Սրճեփի հետեւի՞ց։

Ոչ, ասացի ես։

Ձեր ազգանունը Ազա՞րխ է։

Ես Տանյայի ամուսինն եմ, ասում եմ…

Դուրս եկավ Տանյան՝ գլուխը դարչնագույն սրբիչով փաթաթած։ Հայտնվեց աղջիկս՝ գունատ, վախեցած աչքերով։ Ասաց․

Հա՜, հայրիկն է…

Տունը լիքն էր խորհրդավոր անձնավորություններով։ Ներկաներից ճանաչեցի միայն երաժշտագետ Լազարեւին, մեկ էլ ֆարցովշչիկ Բելուգային…

Բնակարանում աղմուկ էր։ Մի անծանոթ ճաղատ մարդ խոսում էր հեռախոսով։ Ժամանակ առ ժամանակ կրկնում էր․

Դա գործնական նշանակություն չունի…

Բոլորը հերթով խոսքի էին բռնվում Տանյայի հետ։ Նիհար, մորուքավոր ծերուկը համարյա գոռում էր․

Հուսամ, պարոնա՛յք, այստեղ բոլորը յուրայիններ են։ Այնպես որ, թույլ տվեք մոռանալ գաղտնապահության մասին։ Ես Ալեքսանդր Իսաեւիչ Սոլժենիցինին հաղորդելու բան ունեմ…

Եվ ծերուկը լավ մշակված ձայնով հատ֊հատ ասաց․

Ես Սոլժենիցինին թույլատրում եմ առանց կրճատումների հրապարակել իմ «Լյուսկա» ռազմաճակատային պոեմը։ Ինձ հասանելիք հոնորարը հատկացնում եմ Սոլժենիցինի ֆոնդին։ Ընդսմին, իմ իսկական ազգանվան հիշատակումը կտրականապես արգելվում է։ Կեղծանունս Անդրեի Կոլըմսկի է։

Սեղաններին ու լուսամուտագոգերին դիզվել էին շշերը։ Ակնհայտ հարբածներ չկային։ Բոլորին ինչ֊որ ընդհանուր բան էր կապում, չնայած միայն հրեաներ չէ, որ ներկա էին։ Մեկը, կանաչ նոթատետրը թափահարելով, ինչ֊որ խորհրդավոր ստորագրություններ էր հավաքում։

Խոհանոցում շարք էին կանգնել ճամպրուկները։ Միանման, նոփ֊նոր ճամպրուկներ՝ մետաղյա կողպեքներով։ Դրանք իմ մեջ անհուսության զգացում արթնացրին… Մահճակալին ընկած էր կիթառը…

Խոսակցություններում հայտնվում էին «օվիր», «խիաս», «Բեռլինի չվերթ», «մաքսային հայտարարագիր» բառերը…

Ինձ կատարելապես ավելորդ էի զգում։ Եվ նույնիսկ ուրախացա, երբ մի անծանոթ կին հանձնարարեց իջնել ներքեւ՝ թեյ բերելու։

Մինչ այդ խմել էի ու մի քիչ թեթեւացած էի զգում։ Ոգելիցի վնասների մասին տասնյակ գրքեր են գրվել։ Օգուտի մասին՝ ոչ մի գրքույկ։ Կարծում եմ՝ իզուր…

Անցավ մի քանի ժամ։ Տանյան փաթաթում էր մոռացված ֆոտոխցիկը։ Մաշան սեւծովյան փոքրիկ քարեր էր նվիրում հյուրերին՝ ի հիշատակ։

Նրանք մի քանի անգամ մոտեցան ինձ։ Իրար ինչ֊որ անիմաստ բառեր էինք ասում․

Չտխրե՛ս, գրի՛… Ամեն ինչ լավ կլինի…

Գիտեի, որ մղձավանջը վաղն է սկսվելու։ Ու նաեւ մտածեցի՝ հո՛ խմելիքն ինձ կմնա… Մաշան ասաց․

Իսկ մեզ դոլարներ են տվել։ Ուզում ե՞ս տեսնես։

Ես ասացի․

Ուզում եմ…

Հետո Իսրայելի ռադիոյի ինչ֊որ հաղորդագրություն էր քննարկվում։

Մարդիկ գալիս էին, գնում էին։ Տանյան հասցեներ ու հանձնարարություններ էր գրանցում…

Սկանդալ էլ եղավ։ Մի ճաղատ տղա հարբել ու գոռում էր․

Հը՞, փախչո՞ւմ եք խորտակվող նավից։

Բայց նրան առարկեցին․

Ուրեմն նավը խորտակվո՞ւմ է։ Եվ մենք դա լսում ենք կուսակցության անդամի՞ց։

Ես անկուսակցական եմ, արձագանքեց սկանդալիստը, ու վիրավորական է, որ միայն հրեաներին են թողում։

Ինչի՞, դու հրեա չե՞ս։

Հրեա եմ, պատասխանեց ճաղատը…

Ազատ պահ գտա ու ասացի․

Տա՜նյա, Ամերիկայում գտիր Կառլ Պրոֆերին։ Նա պատրաստվում էր իմ գիրքը հրատարակել։

Ասեմ, որ հրատարակե՞ն։

Եվ արագ։ Կորցնելու բան չունեմ։

Տողատակին քեզ ամեն ինչ կգրեմ…

Այստեղ Լազարեւն ասաց, որ արդեն վեցն է։ Օդանավակայան մեկնելու ժամանակն էր։ Մի քանի տաքսի պատվիրեցինք, նստեցինք ու տեղ հասանք համարյա միաժամանակ։

Տանյան ու Մաշան անմիջապես անցան արգելապատը՝ հայտարարագրերը ձեւակերպելու։ Մենք շրջում էինք դահլիճներում։ Մեկը տնից հետը օղի էր բերել։

Բելուգան մոտեցավ ինձ ու ասում է․

Կեցցես, որ չես կոտրվում։

Ես պատասխանեցի․

Էդ էր պակաս։ Նորից կամուսնանամ ու մի տուն երեխա կսարքեմ։

Բելուգան զարմացած օրորեց գլուխը…

Տանյան չորս անգամ մոտեցավ արգելապատին։ Մաքսակետով չանցած իրերն էր տալիս ինձ։ Այդ թվում՝ սաթե ուլունքները, իմ բանակային լուսանկարը եւ Գլադիլինի վեպը՝ ընծայագրով։

Որ լուսանկարը վերադարձրել էին՝ շատ զայրացրեց Միշա Լազարեւին։ Նա ասաց․

Է՜ս ինչ կապիկություն է։ Ո՞ւր է արդարությունը։

Բելուգան առարկեց․

Արդարություն լիներ՝ ինչի՞ էին գնում…

Ես նորից հարմար պահ գտա ու Տանյային ասում եմ

Ի՞նչ ես կարծում, էլի կհանդիպե՞նք։

Հա, վստահ եմ։ Միանգամայն վստահ եմ։

Էդ դեպքում գուցե հավատամ, որ Աստված կա։

Կհանդիպե՜նք։ Աստված կա՛…

Կուզեի հավատալ նրան։ Պատրաստ էի հավատալ… Բայց ինչո՞ւ հենց հիմա պիտի հավատամ։ Չէի հավատում, չէ՞, երբ ասում էր, որ Ալբերտո Մորավիան լավ գրող է։

Հետո բոլորս բարձրացանք ինչ֊որ պատշգամբ։ Նայեցինք՝ ինչպես են Տանյան ու Մաշան ավտոբուս նստում։

Ժամանակը կանգ առավ։ Այդ մի քանի վայրկյանը որպես սահմանագիծ զգացի՝ անցյալի եւ ապագայի միջեւ։

Ավտոբուսը շարժվեց։

Հիմա կարելի էր գնալ տուն, առանց հրաժեշտ տալու…

Տասնմեկ օր հարբում էի կողպած բնակարանում։ Երեք անգամ իջա խմիչք առնելու։ Եթե զանգում էին, հեռախոսով ասում էի․

Չեմ կարող խոսել…

Համարձակությունս չհերիքեց հեռախոսն անջատեմ։ Անվերջ ինչ֊որ բանի եմ սպասում…

Չորրորդ օրը եկավ միլիցիան։ Առավոտյան դուռը թակեցին, չնայած զանգն աշխատում էր։ Բարեբախտաբար շղթայիկը գցել էի։ Դռան արանքից շողաց լաքած չքոցը։ Ինքնավստահ, անշտապ հազ լսվեց։

Միլիցիայից չէի վախենում։ Պարզապես չէի կարող խոսել իշխանությունների հետ։ Հենց միայն տե՜սքս ինչ արժեր…

Ես հարցրի․

Ի՞նչ է պատահել։ Ներկայացրեք օրդերը… Կացարանի անձեռնմխելիության օրենք գոյություն ունի…

Միլիցիոները սպառնագին ասաց․

Օրդերը խնդիր չի։

Եվ անմիջապես հեռացավ։ Իսկ ես վերադարձա իմ շշերին։ Դրանցից ցանկացածի մեջ հրաշալիքներ էին պահված…

Անցավ քսան րոպե։ Ինչ֊որ բան ստիպեց, որ դուրս նայեմ պատուհանից։ Բակով անցնում էր միլիցիայի վերակարգը։ Իմ կարծիքով՝ տասը հոգի։

Աստիճաններին լսեցի նրանց ծանր ոտնաձայները։ Հետո զանգը տվին, կտրուկ ու անհամբեր։

Չէի արձագանքում։

Ի՞նչ էին անելու։ Ջարդելու էին հին պետերբուրգյան դո՞ւռը։ Աղմուկի վրա ամբողջ Ռուբինշտեյնի փողոցը կհավաքվեր…

Միլիցիոներները մի ամբողջ ժամ ցցվել էին սանդղահարթակին։ Նրանցից մեկը բանալու անցքով գոռաց․

Բացատրություն տվեք Քրեական օրենսգրքի ներքոշարադրյալ հոդվածների վերաբերյալ։ Որջ պահելը, պորտաբուծություն, դիմադրություն իշխանություններին…

Հոդվածներն այնքան շատ էին, որ որոշեցի դրա մասին չմտածել։

Միլիցիոներները չէին հեռանում։ Նրանցից մեկը լավ հոգեբան դուրս եկավ։ Թակեց դուռն ու գոռաց․

Կարո՞ղ եմ մի բաժակ սառը ջուր խնդրել։

Ըստ երեւույթին, հույսն իմ սենտիմենտալության վրա էր։ Կամ աբսուրդի հրաշագործ ուժի…

Չէի արձագանքում։

Վերջապես միլիցիոներները դռան տակ ինչ֊որ թուղթ խցկեցին ու հեռացան։ Տեսա ինչպես են հատում բակը։ Այս անգամ հաշվեցի։ Վեց շքոց էր պսպղում արեւի տակ։

Պարզվեց՝ թուղթը ծանուցագիր է, որը երեք րոպեի չափ կարդում էի։ Վերջում ասվում էր․ «Ներկայանալը պարտադիր է»։ Քննիչի ազգանունը չկար։ Գործի անվանումը, որով ինձ կանչում էին՝ նույնպես։ Նշված չէր նույնիսկ, թե ով եմ՝ վկա՞, պատասխանո՞ղ, թե՞ տուժող։ Նույնիսկ սենյակի համարը չկար։ Միայն՝ ժամն ու ամսաթիվը։

Գիտեի, որ այդպիսի ծանուցագրերն անվավեր են։ Իգոր Եֆիմովն էր սովորեցրել։ Ու ծանուցագիրը գցեցի աղբամանը։

Միլիցիան հետո չորս անգամ էլ եկավ։ Ու միշտ գլխանց իմանում էի, որ գալիս են։ Հարբեցող Սմիռնովն էր զգուշացնում։

Գենա Սմիռնովը անկյալ լրագրող էր։ Իմ տան դիմաց էր ապրում։ Օրեր շարունակ պատուհանի մոտ շարտրեզ էր խմում։ Ու հետաքրքրությամբ ուսումնասիրում փողոցը։

Իսկ ես ապրում էի բակի խորքում․ հինգերորդ հարկ, առանց վերելակի։ Դարպասից մեր շքամուտքը հարյուր մետր էր։

Երբ միլիցիայի վերակարգը մտնում էր բակ, Սմիռնովը մի կողմ էր դնում շիշը, զանգում էր ինձ ու հստակ արտաբերում միակ դարձվածքը․

Բոզերը գալիս են։

Հետո ես նորից ստուգում էի փականներն ու գնում խոհանոց։ Հեռո՛ւ մուտքի դռնից։

Երբ միլիցիան հեռանում էր, նայում էի վարագույրի հետեւից։ Դիմացի հեռավոր պատուհանում երեւում էր Սմիռնովը։ Նա շշով ողջունում էր ինձ…

Տասնմեկերորդ օրը հալյուցինացիաներ սկսվեցին։ Սատանաներ չէին, այլ պարզունակ կատուներ։ Սպիտակ ու գորշ, մի քանի հատ։

Հետո վրաս որդերի անձրեւ տեղաց։ Փորիս վարդագույն բծեր էին հայտնվել։ Ափերիս մաշկը սկսեց թեփոտել։

Խմիչքը պրծավ։ Փողը վերջացավ։ Շարժվելու ու գործելու ուժ չկար։

Ինձ ի՞նչ էր մնում։ Պառկել անկողնում, գլխիս քաշել ծածկոցն ու սպասել։ Վաղ թե ուշ այս ամենը պիտի վերջանար։ Սիրտս առողջ է։ Ինձ քարշ է տվել, չէ՞, հարյուրավոր հարբեցողությունների միջով։

Շարժիչը լավն է։ Ափսոս, որ արգելակներ չկան։ Կանգ եմ առնում միայն խրամառվում…

Ծածկոցը քաշեցի գլխիս ու սսկվեցի։ Ոտքերիս տակ խորհրդավոր, լպրծուն սողուններ էին վխտում։ Խավարում զնգում էին ինչ֊որ անհասկանալի զանգուլակներ։

Ծածկոցի վրա զորաշարքով երթաքայլում էին թվեր ու տառեր։ Ժամանակ առ ժամանակ դրանք կարճ նախադասություններ էին կազմում։ Մի անգամ կարդացի․

«Միայն մահն է անուղղելի…»։

Եթե խոր մտածես՝ այնքան էլ հիմար միտք չէ…

Եվ այդ պահին հեռախոսը զանգեց։ Անմիջապես հասկացա՝ ով է։ Գիտեի, որ Տանյան է։ Գիտեի ու՝ վերջ։

Վերցրի լսափողը։ Քաոսից դուրս լողաց Տանյայի խաղաղ ձայնը․

Ողջո՛ւյն։ Մենք Ավստրիայում ենք։ Ամեն ինչ լավ է… Խմե՞լ ես։

Բարկացա․

Ինձ ինչի՞ տեղ ես դրել։

Մեզ դիմավորեցին։ Էստեղ շատ ծանոթներ կան։ Բոլորը քեզ բարեւում են…

Ոտաբոբիկ կանգնել էի հեռախոսի մոտ ու լռում էի։ Պատուհանից այն կողմ դղրդաց հորատիչը։ Հայելին անդրադարձնում էր հին վերարկուս։

Ես միայն հարցրի․

Մենք նորից կհանդիպե՞նք։

Այո՛… Եթե մեզ սիրում ես…

Նույնիսկ չհարցրի՝ որտե՞ղ կհանդիպենք։ Դա նշանակություն չուներ։ Գուցե՝ դրախտում։ Որովհետեւ դրախտը հենց հանդիպավայր է։ Եվ ուրիշ ոչինչ։ Ընդհանուր տիպի խուց, որտեղ կարելի է հանդիպել հարազատ մարդուն…

Հանկարծ աշխարհը որպես մեկ ամբողջություն տեսա։ Ամեն ինչ միաժամանակ էր կատարվում։ Ամեն ինչ տեղի էր ունենում իմ աչքի առաջ…

Կինս ասաց․

Այո, եթե մեզ սիրում ես…

Սե՞րն ինչ կապ ունի, հարցրի ես։

Հետո ավելացրի․

Սերը ջահելների համար է։ Զինծառայողների ու մարզիկների… Իսկ էստեղ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Էստեղ ոչ թե սեր է, այլ՝ ճակատագիր…

Հետո ինչ֊որ բան շխկաց, եւ ամեն ինչ լռեց։

Հիմա պետք էր քնել դատարկ ու հեղձուկ սենյակում…

1983թ․
Be the first who will comment on this

Other parts of "Արգելոց"

Yatuk Music
Noctrune
Edward Baghdasaryan

Noctrune

Saint Malo
Saint Malo
Play Online