Sergey Dovlatov

Արգելոց

2

Միխալ Իվանիչի տունը սարսափելի տպավորություն թողեց։ Ծռված ալեհավաքը սեւին էր տալիս ամպերի ֆոնին։ Տանիքը տեղ֊տեղ նստել էր՝ մերկացնելով անհավասար, մգացած հեծանները։ Պատերն անփութորեն պատված էին նրբատախտակով։ Ճաքած ապակիներ՝ վրան թերթի թուղթ սոսնձած։ Անհարմար ճեղքերից դուրս էր ցցվել կեղտոտ խծուծը։

Տանտիրոջ սենյակում թթված ուտելիքի հոտ էր կանգնած։ Սեղանի գլխին Մաոյի գունավոր նկարն էր՝ «Օգոնյոկից»։ Կողքին լայնաշուրթ ժպտում էր Գագարինը։ Փշրված էմալի սեւ շրջանակներով զարդարված լվացարանում մակարոններ էին լողում։ Ժամացույցը լուռ էր։ Ծանրոցին փոխարինող արդուկը հասել էր հատակին։

Երկու հերալդիկ կատու՝ ածխասեւ ու ճերմակավարդագույն, ափսեները շրջանցելով, հեզանազ ճեմում էին սեղանին։ Տանտերը շպրտեց ձեռքի տակ ընկած վալենկան։ Զնգացին ամանեղենի բեկորները։ Կատուները խելագար ծղրտոցով թռան մութ անկյունը։

Հարեւան սենյակն ավելի այլանդակ էր։ Առաստաղը կենտրոնում սպառնալից կախվել էր։ Երկու մետաղյա մահճակալների վրա լաթեր ու գարշահոտ ոչխարենի էր թափած։ Ամենուր ճերմակին էին տալիս քնթուկներն ու ձվի կճեպի փշուրները։

Անկեղծ ասած, փոքր֊ինչ շփոթվել էի։ Երեւի պիտի ազնվորեն ասես․ «Իմ սրտով չի…»։ Բայց, ամենայն հավանականությամբ, ես համենայնդեպս ինտելիգետն եմ։ Եվ ինչ֊որ քնարական բան արտաբերեցի․

Պատուհանները հարա՞վ են նայում։

Ամենա, ամենահարավ, վրա բերեց Տոլիկը։ Պատուհանից այն կողմ կիսաքանդ բաղնիքն էր։

Գլխավորը, ասացի, որ մուտքն առանձին է։

Առանձին է, համաձայնեց Միխալ Իվանիչը, բայց մխած է։

Հա՜, ասում եմ, ափսոս։

Այն մոմե՜նտ, ասաց տանտերը, թափ առավ ու քացով տեղահան արեց դուռը։

Ինչքա՞ն եմ վճարելու։

Հե՛չ։

Ո՞նց թե, հարցնում եմ։

Հենց տենց։ Վեց շիշ թույն ես բերում, տեղը քոնն է։

Իսկ եթե ավելի կոնկրե՞տ։ Ասենք, քսան ռուբլին հարմա՞ր է։

Տանտերը մտքի մեջ ընկավ։

Էդ ինչքա՞ն կանի։

Ասում եմ՝ քսան ռուբլի։

Որ շշով հաշվենք։ Հատը՝ մեկ ու չորս։

Տասնինը շիշ «Վարդագույն թունդ»։ Մի հատ «Բելոմոր»։ Էրկու լուցկի, զեկուցեց Տոլիկը։

Էրկու ռուբլի էլ ճամփի փող…

Ես հանեցի փողը։

Արտաքնոցը տեսնել կուզե՞ք։

Հետո, ասում եմ։ Ուրեմն պայմանավորվեցի՞նք։ Որտե՞ղ եք պահում բանալին։

Բանալի չկա, ասաց Միխալ Իվանիչը, կորել է։ Բա ո՞ւր ես գնում, թռնենք֊բերենք։

Տուրբազայում գործ ունեմ։ Թողենք հետո…

Ոնց կասես։ Տուրբազա իրիկունը կգամ։ Լիզկայի քամակը թակեմ։

Ո՞վ է էդ Լիզկան։

Կնիկս։ Ոնց որ ասած՝ կինս։ Տուրբազայում քույր֊տնտեսուհի է։ Բաժան ենք։

Էլ ինչի՞ եք ծեծում։

Ո՞ւմ… Դրան կախելն էլ քիչ է, բայց չեմ ուզում գլուխ դնեմ։ Հրացանս էին ուզում առնեին, իբր ասել եմ՝ սպանելու եմ… Մտածեցի՝ հրացանի հաշվով ես…

Դրան կրակելն ափսոս է, միջամտեց Տոլիկը։

Էլ մի ասա, համաձայնեց Միխալ Իվանիչը, օրը գա՝ էս ձեռքերով կխեղդեմ… Ձմեռը հանդիպեցինք, դեսից դենից, լավով… Գոռում է․ «Վա՜յ, Մի՛շենկա, էլ չեմ անի, վա՜յ, թող…»։ Մայոր Ջաֆարովը կանչեց, թե․

«Ազգանո՞ւնդ»։

Ես իրան․

«Ձիու թրիք…»։

Տասնհինգ օր տվին։ Ոչ ծխելիք, ոչ բան… Բայց հեչ վեջս չէր… Նստելն աշխատել չի… Լիզկան դատախազին գրել էր՝ նստացրեք, թե չէ կսպանի… Ինչի՞ պիտի սպանեմ…

Ղալմաղալից գլուխ չես թափի, համաձայնեց Տոլիկը։ Ու ավելացրեց․

Լա՛վ, գնանք։ Թե չէ խանութը կփակեն…

Ընկերներն ուղղվեցին դեպի միկրոշրջան․ կենսախինդ, վանող ու մարտական, ինչպես մոլախոտը…

Իսկ ես մինչեւ փակվելը նստեցի գրադարանում։

Էքսկուրսիային պատրաստվելուն գնաց երեք օր։ Գալինան ինձ ներկայացրեց երկու, իր կարծիքով՝ լավագույն զբոսավարներին։ Նրանց լսելով ու ինչ֊որ բաներ գրառելով՝ շրջեցի արգելոցում։

Արգելոցը բաղկացած էր երեք հուշավայրից։ Պուշկինների տունն ու կալվածքը Միխայլովսկոյեում։ Տրիգորսկոյեն, որտեղ ապրել են պոետի ընկերները, եւ ինքը լինում էր համարյա ամեն օր։ Եվ, վերջապես, վանքը՝ Պուշկին֊Հաննիբալների ընտանեկան դամբարանով։

Էքսկուրսիան Միխայլովսկոյեում բաղկացած էր մի քանի բաժնից։ Կալվածքի պատմությունը։ Բանաստեղծի երկրորդ աքսորը։ Արինա Ռոդիոնովնան։ Պուշկինների ընտանիքը։ Ընկերների այցելությունն աքսորյալ պոետին։ Դեկտեմբերյան խռովությունը։ Եվ աշխատասենյակը՝ Պուշկինի ստեղծագործության համառոտ տեսությամբ։

Փնտրեցի֊գտա թանգարանի պահապանին ու ներկայացա։ Վիկտորիա Ալբերտովնան կլիներ քառասուն տարեկան։ Բոլորածալերով երկար կիսաշրջազգեստ, խունացած խոպոպներ, թիկնոց, հովանոց՝ Բենուայի հավակնոտ նկար։ Մեռնող գավառական ազնվականության այս ոճը ակնհայտ ու միտումնավոր արմատավորվում էր այստեղ։ Տեղիս գիտաշխատողներից յուրաքանչյուրի մեջ արտահայտվում էր նրա որեւէ բնութագրական գիծը։ Մեկը կրծքին էր քաշում ֆանտաստիկ չափերի գնչուական շալը։ Մյուսի մեջքին նրբագեղ ծղոտե լայնեզր գլխարկն էր օրորվում։ Երրորդին բաժին էր ընկել անհեթեթ փետուրե հովհարը։

Վիկտորիա Ալբերտովնան թերահավատ ժպտալով զրուցում էր ինձ հետ։ Դրան արդեն սկսել էի վարժվել։ Պուշկինի պաշտամունքի բոլոր սպասավորները զարմանալիորեն խանդոտ էին։ Պուշկինը նրանց կոլեկտիվ սեփականությունն էր, նրանց պաշտելի սիրեցյալը, սիրասուն զավակը։ Ցանկացած ոտնձգություն այդ անձնական սրբության դեմ՝ զայրացնում էր։ Շտապում էին համոզվել, որ անգրագետ եմ, ցինիկ ու շահամոլ։

Ինչի՞ համար եք եկել, հարցրեց պահապանուհին։

Փող աշխատելու, ասում եմ։

Վիկտորիա Ալբերտովնան քիչ մնաց ուշաթափվեր։

Ներեցեք, կատակ արեցի։

Կատակներն այստեղ միանգամայն անտեղի են։

Համաձայն եմ։ Կարելի՞ է մի հարց։ Թանգարանի ո՞ր ցուցանմուշներն են իսկական։

Մի՞թե դա կարեւոր է։

Կարծում եմ՝ այո։ Չէ՞ որ թանգարանը թատրոն չէ։

Այստեղ ամեն ինչ իսկական է։ Գետը, բլուրները, ծառերը Պուշկինի հասակակիցն են։ Նրա զրուցակիցն ու բարեկամը։ Այս վայրերի ամբողջ ապշեցուցիչ բնությունը…

Խոսքը թանգարանի ցուցանմուշների մասին է, ընդհատեցի ես, դրանց մեծ մասի վերաբերյալ ուղեցույցում խուսափողական բացատրություններ են տրվում։

«Կալվածքի տարածքում հայտնաբերված սպասք…»

Ձեզ կոնկրետ ի՞նչն է հետաքրքրում։ Ի՞նչ կցանկանայքի տեսնել։

Ասենք, անձնական իրերը… Եթե այդպիսիք կան…

Ո՞ւմ եք հասցեագրում ձեր դժգոհությունը։

Ախր ի՜նչ դժգոհություն։ Առավել եւս՝ ձեզնից։ Ընդամենը հարցրի…

Պուշկինի անձնական իրե՞րը… Թանգարանը ստեղծվել է նրա զոհվելուց տասնյակ տարիներ անց…

Ըհը, ասում եմ, միշտ այդպես է։ Նախ կկործանեն մարդուն, հետո կսկսեն փնտրել անձնական իրերը։ Էդպես արին Դոստոեւսկուն, Եսենինին… Էդպես կլինի Պաստեռնակի դեպքում։ Ուշքի կգան՝ կսկեն Սոլժենիցինի անձնական իրերը փնտրել…

Բայց մենք վերստեղծում ենք միջավայրը, մթնոլորտը, ասաց պահապանուհին։

Պարզ է։ Գրապահարանն իսկակա՞ն է։

Համենայնդեպս՝ այդ դարաշրջանի։

Իսկ Բայրոնի դիմանկա՞րը։

Իսկական է, ուրախացավ Վիկտորիա Ալբերտովնան, Վուլֆն է նվիրել… Վրան մակագրություն կա… Բայց ի՜նչ չմահավանն եք։ Անձնական իրե՜ր, անձնական իրե՜ր… Իսկ իմ կարծիքով՝ դա հիվանդագին հետաքրքրասիրություն է…

Ինձ օտար բնակարանում բռնված կողոպտիչ էի զգում։

Բայց առանց դրա, ասում եմ, ի՞նչ թանգարան։ Առանց հիվանդագին հետաքրքրասիրության։ Առողջ հետաքրքասիրություն միայն ապուխտի հանդեպ է լինում…

Ձեզ քիչ է բնությո՞ւնը։ Քիչ է, որ նա շրջել է այս լանջերո՞վ։ Լողացել այս գետո՞ւմ։ Հիացել այս հմայիչ համայնապատկերո՞վ…

Ախր, մտածում եմ, ի՞նչ եմ կպել սրանից։

Հասկանալի է, ասում եմ, շնորհակալություն, Վի՛կա։

Հանկարծ նա կռացավ։ Ինչ֊որ բույս պոկեց։ Ցավոտ խփեց դեմքիս։ Կարճ, նյարդային ծիծաղեց ու հեռացավ՝ բարձրացնելով բոլորածալերով մաքսի֊փեշը։

Ես միացա Տրիգորսկոյե գնացող խմբին։

Կալվածքի պահակները՝ ամուսնական զույգ, անսպասելիորեն դուր եկան ինձ։ Ամուսնացած լինելով՝ իրենց կարող էին այնպիսի շռայլություն թույլ տալ, ինչպիսին բարեհոգությունն էր։ Պոլինա Ֆյոդորովնան իշխանատենչ, եռանդուն եւ փոքր֊ինչ ինքնավստահ էր թվում։ Կոլյան մոլորված դանդալոշի տպավորություն էր թողնում ու երկրորդ պլանում էր։

Տրիգորսկոյեն ճամփից դուրս էր։ Ղեկավարությունը հազվադեպ էր լինում այնտեղ։ Ցուցադրանքը տրամաբանորեն ու գեղեցիկ էր կառուցված։ Պատանի Պուշկինը, համակրելի սիրահարված օրիորդներ, ամառային նրբագեղ սիրախաղի մթնոլորտ…

Ես շրջանցեցի այգին։ Իջա գետափ։ Գետի մեջ կանաչին էին տալիս շրջված ծառերը։ Թեթեւ ամպեր էին լողում։

Ուզում էի ջուրը մտնել, բայց այդ պահին մոտեցավ ավտոբուսը։

Մեկնեցի Ավյատոգորսկի վանք։ Դարպասի մոտ ծեր կանայք ծաղիկ էին ծախում։ Մի քանի կակաչ առա ու բարձրացա դեպի շիրիմը։ Տուրիստները լուսանկարվում էին շրջափակի մոտ։ Նրանց ժպտուն դեմքերն ինձ զզվելի թվացին։ Հարեւանությամբ երկու անհաջողակներ էին տեղավորվել՝ նկարակալներով։

Դրեցի ծաղիկներն ու հեռացա։ Պետք էր նայել Ուսպենսկի տաճարի ցուցադրությունը։ Սառը քարե խորշերն արձագանքում էին։ Կամարների տակ նիրհել էին աղավնիները։ Տաճարն իրական էր, գետնանիստ ու նրբագեղ։ Կենտրոնական սրահի անկյունում աղոտ պսպղում էր ջարդված զանգը։ Տուրիստներից մեկը բանալին զնգացնում էր կողին…

Հարավային կցաշենքում տեսա Բրունիի նշանավոր նկարը։ Այնտեղ ճերմակին էր տալիս մահադիմակը։ Երկու հսկա կտավներ վերարտադրում էին գաղտնի փոխադրումն ու թաղումը։ Ալեքսանդր Տուրգենեւը կնոջ նման էր…

Տուրիստների խումբը մոտեցավ։ Ես գնացի դեպի ելքը։ Հետեւիցս լսվեց․

Մշակույթի պատմությունը ողբերգականությամբ համարժեք այլ իրադարձություն չգիտի… Ինքնակալությունը բարձրատոհմիկ չարագործի ձեռքով…

Եվ այսպես, տեղավորվեցի Միխալ Իվանիչի մոտ։ Խմում էր անընդմեջ։ Ապուշության, կաթվածի, զառանցանքի աստիճան։ Ընդ որում, զառանցանքը բացառապես հայհոյանք էր։ Իսկ հայհոյում էր նույն հուզումով, որով տարեց ինտելիգենտները երգում են կիսաձայն։ Այսինքն՝ ինքն իր համար առանց գովեստի կամ բողոքի ակնկալության։

Սթափ վիճակում երկու անգամ տեսա։ Այդ տարիմաստ օրերին Միխալ Իվանիչը միաժամանակ միացնում էր հեռուստացույցն ու ռադիոն։ Հագնված պառկում էր, հանում «Հեքիաթ» տորթի տուփն ու սկսում կարդալ բացիկները, որ ստացել էր ողջ կյանքի ընթացքում։ Կարդում ու մեկնաբանում էր․

« Բարեւ, քավո՛ր հայրիկ… Բա՛րեւ, բա՛րեւ, ոչխարի ծնունդ… Հաջողություններ եմ մաղթում աշխատանքում… Հաջողություն է մաղթում, քու ծնողը… Մնամ հավերժ՝ քո Ռադիկ… Հավերժ քո՜, հավերժ քո՜… Թե դու իմ ինչ տանձին ես…»։

Գյուղում Միխալ Իվանիչին չէին սիրում, նախանձում էին։ Իբր, ես է՜լ կխմեի։ Ախ, ո՜նց կխմեի, բարի՛ մարդիկ։ Ո՜նց կխմեի, հերն էլ անիծած… Բայց տնտեսությո՜ւնը… Իսկ իրա վեջը չի… Միխալ Իվանիչը տնտեսություն չուներ։ Երկու նիհար շուն, որ երբեմն օրերով անհետանում էին։ Վտիտ խնձորենին ու մի մարգ կանաչ սոխ…

Մի անձրեւոտ երեկո խոսքի բռնվեցինք․

Մի՛շա, կնոջդ սիրո՞ւմ էիր։

Ո՞ւմ։ Կնո՞ջս։ Կնկա՞ս, այսինքն։ Լիզկայի՞ն, ուրեմն, իրար անցավ Միխալ Իվանիչը։

Լիզային։ Ելիզավետա Պրոխորովնային։

Սի՞րելս որն է։ Էն բանից արիր ու պրծավ֊գնաց…

Բա ի՞նչն էր գրավում։

Միխալ Իվանիչը երկար մտքի մեջ ընկավ։

Հանգիստ էր քնում, ասաց նա, սուսուփուս, ճիճվի նման…

Կաթը հարեւան տնից՝ Նիկիտիններից էի առնում։ Սրանք հիմնավոր էին ապրում։ Հեռուստացույց, Կրամսկոյի «Անծանոթուհին»… Առավոտվա հինգից տանտերն իր բանին էր։ Չափարն էր կարկատում, բանջարանոցը փորփրում։ Մի անգամ նայեմ՝ հորթը ոտերից կախ տվել՝ մաշկում է։ Իսկ դանակը՝ ճեփ֊ճերմակ ու արյունոտ…

Միխալ Իվանիչը Նիկիտիններին արհամարհում էր։ Նրանք էլ՝ իրեն, բնականաբար։

Էլի խմում է՞, հավի կերը տաշտակի մեջ շաղախելով՝ հետաքրքրվեց Նադեժդա Ֆյոդորովնան։

Բազայում հանդիպեցի, մեծ ռանդան բանեցնելով՝ ասաց Նիկիտինը, առավոտից իրան տեսել էր…

Չէի ուզում ձայնակցել։

Բայց հո՛ բարի է։

Բարի՜ է, համաձայնեց Նիկիտինը, քիչ էր մնացել կնկան մորթի։ Շորշիրթը լրիվ կրակ տվեց։ Երեխեքը ձմեռով բոբիկ են վազվզում… Իսկ էնպես՝ բարի է…

Միշտ խելառ է, հասկանում եմ, բայց՝ բարի ու ներքուստ բարեկիրթ…

Իսկապես, Միխալ Իվանիչի մեջ ինչ֊որ ազնվական բան կար։ Դատարկ շշերը չէր հանձնում, դեն էր գցում։

Ամաչում եմ, ասում էր, հո ուզվոր չե՜նք…

Մի անգամ արթնացավ ու շա՜տ վատ էր։ Բողոքեց․

Ներսս ո՜նց է քրքրվում…

Մի ռուբլի տվեցի։ Կեսօրին հարցնում եմ․

Հը՞, թեթեւացա՞ր։

Ո՞վ։

Խումհարաթող եղա՞ր։

Բա՜։ Ոնց որ թավային թքես, էն ի՜նչ թշշոց էր…

Երեկոյան նորից վատացավ։

Նիկիտինի մոտ գնամ։ Կարող է փող տա կամ մի բաժակ…

Դուրս եկա սանդղաուտ։ Լսում եմ․

Հարեւա՜ն, խոլե՛ր, մի հինգնոց տու։

Աստվածածնի տոնից պարտք ես։

Կտամ։

Կտաս՝ էն ժամանակ կխոսանք։

Ավանսից կտամ։

Ի՞նչ ավանս։ Քեզ վաղուց են դուրս արել, հոդվածով…

Ա՜… Դրանց… ծնունդը… Տուր, էլի՛, հինգնոցը։ Սկզբունքով տու, դրա մերը… Ցույց տու մեր սովետական բնութքը։

Արաղի ես տալու, չէ՞։

Ո՞ւմ։ Չէ՜, գործ կա…

Ախր ի՞նչ գործ պիտի ունենաս, ա՛յ ձրիակեր։

Միխալ Իվանիչի համար դժվար է սուտ ասելը, թուլացել է։

Ուզում եմ խմեմ։

Չեմ տա։ Կուզես նեղացի, կուզես՝ չէ, չեմ տա։

Ախր ավանսին կբերեմ։

Չեմ տա։

Ու խոսակցությունը փակելու համար Նիկիտինը կապույտ փոստարկղով ծանր դուռը չխկացնելով՝ տուն է մտնում։

Դու հլա սպասի, հարեւա՜ն, բորբոքվում է Միխալ Իվանիչը, սպասի՜… Կտեսնե՜ս… Էն էլ ո՜նց կտեսնես… Կհիշես էս զրույցը…

Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հավերն են շրջում։ Սոխի ոսկեգույն կապուկները՝ շեմագլխին…

Սեւ եմ բերելու գլխներին… Կտեսնե՜ք…

Շառագունած, գզգզված՝ Միխալ Իվանիչը շարունակում է գոռալ․

Մոռացա՞ր։ Սողո՛ւն, լրիվ մոռացա՞ր։ Մաքում մոռացա՞ր…

Ի՞նչն եմ մոռացել, դուրս է նայում Նիկիտինը։

Մոռացել ես՝ կհիշացնեն՜նք։

Ի՞նչն եմ մոռացել, ասա՛։

Ամեն ինչ կհիշացնենք։ Տասնյոթ թիվը կհիշացնենք։ Մենք քեզ… Մենք քեզ, ա՛յ խոլեր, կուլակաթափ կանենք։ Բոլոր պարտիականներին կուլակաթափ կանենք։ Չեկա կուղարկենք դրա պես… Բատկա Մախնոյի նման… Քեզ էնտեղ մի շնչում……

Ու, փոքր ինչ դադար տալով․

Հարեւա՜ն, փրկի՜, մի հինգնոց տու… Լա՜վ, իրեքնոց… Աստծու սիրուն… Քոսո՛տ շուն…

Վերջապես համարձակվեցի գործի անցնել։ Ինձ բաժին ընկած խումբը Մերձբալթիկայից էր։ Զուսպ, կարգապահ մարդիկ էին։ Լսածով բավարարվում՝ հարցեր չէին տալիս։ Ջանում էի կարճ խոսել ու վստահ չէի, որ հասկանում են։

Ավելի ուշ ինձ մանրամասն հրահանգավորեցին։ Ռիգայի զբոսաշրջիկներն ամենից բարեկիրթն են։ Ինչ էլ ասես, գլխով են անում ու ժպտում։ Եթե հարց էլ տալիս են, ինչպես ասում են՝ տնտեսության վերաբերյալ։ Քանի՞ ճորտ է ունեցել Պուշկինը։ Ի՞նչ եկամուտ էր բերում Միխայլովսկոյեն։ Տերունական կալվածքի նորոգումն ի՞նչ արժեցավ։

Կովկասցիներն իրենց ուրիշ կերպ էին պահում։ Ընդհանրապես չեն լսում։ Զրուցում ու ծիծաղում են։ Տրիգորսկոյեի ճանապարհին զմայլված նայում են ոչխարներին։ Հանձին նրանց ակնհայտորեն հավանական խորոված տեսնելով։ Եթե հարց են տալիս՝ միանգամայն անսպասելի։ Օրինակ․

«Ինչի՞ համար են մենամարտել Պուշկինն ու Լերմոնտովը»։

Ինչ վերաբերում է հայրենակիցներին՝ նրանց պետք է դասակարգել։ Աշխատավորներին շարադրել հակիրճ ու պարզորոշ։ Ծառայողների հանդեպ ավելի ուշադիր լինել։ Նրանց մեջ բազմագիտակներ են պատահում։ Պիկուլ, Ռոժդեստվենսկի, Մեյլախ կարդացած։ Նովիկովից արտառոց տեղեկություններ քաղած…

Կրթվածներն ավելի քմահաճ ու դավադիր են։

Տուրիստական ճանապարհորդության պատրաստվելով՝ սրանք սերտում են ձեռնարկները։ Որեւէ երրորդական փաստ խոր տպավորվում է հոգու մեջ։ Հեռավոր ազգականության դրվագ։ Տարօրինակ արարք, արտահայտություն, դեպք… Աննշան մեջբերում… Եվ այսպես շարունակ։

Աշխատանքիս երրորդ օրը մի ակնոցավոր կին հարցրեց․

Ե՞րբ է ծնվել Բենկենդորֆը։

Յոթանասուն թվին, պատասխանեցի ես։

Իմ շրջասության մեջ անվստահություն էր հնչում։

Իսկ ավելի ստո՞ւյգ, հարցրեց կինը։

Ցավոք, ասում եմ, մոռացել եմ…

Մտածում եմ՝ ինչո՞ւ եմ ստում։ Ազնվորեն ասես՝ «Սատանան գիտի»… Ի՜նչ մի երջանկություն է Բենկենդորֆի լույս աշխարհ գալը։

Ալեքսանդր Քրիստաֆորովիչ Բենկենդորֆը, հանդիմանանքով արտաբերեց տիկինը, ծնվել է հազար յոթ հարյուր ութսունչորս թվականին։ Ընդ որում՝ հունիսին…

Ես գլխով արեցի՝ հասկանալ տալով, որ արժեքավոր եմ համարում տեղեկությունը։

Այդ պահին նա չէր դադարում հեգնոտ ժպտալ։ Ասես Բենկենդորֆի հանդեպ իմ անտարբերությունը վկայում էր կատարյալ հոգեւոր սնանկության մասին…

Եվ այդպես, անցա աշխատանքի։ Մեթոդիստները սովորաբար առաջին էքսկուրսիան չեն լսում։ Վարժվելու, վստահություն զգալու հնարավորություն են տալիս։ Հենց դա էլ ինձ փրկեց։ Իսկ պատահեց ահա թե ինչ։

Ես բարեհաջող անցա նախասենյակը։ Ներկայացրի հողաչափ Իվանովի նկարը։ Պատմեցի առաջին աքսորի մասին։ Հետո՝ երկրորդ։ Անցնում եմ Արինա Ռոդիոնովնայի սենյակը… «Միակ հարազատ մարդը ճորտ դայակն էր…»։ Ամեն ինչ՝ ինչպես հարկն է… «Միաժամանակ ներող ու փնթփնթան, պարզամտորեն աստվածավախ եւ չափազանց գործնական»։ Սերյակովի հեղինակած հարթաքանդակը… «Ազատման թուղթ էին տալիս, հրաժարվեց…»։ Եվ վերջապես․

Պոետը բանաստեղծություններում շարունակ դիմում էր դայակին։ Բոլորին են հայտնի, օրինակ, այս սրտառուչ տողերը…


Դեռ ապրո՞ւմ ես դու, մա՜յր իմ սիրելի,
Ես էլ եմ ապրում, ողջո՜ւյն քեզ, ողջո՜ւյն,
Հյուղակիդ վրա թող հոսի էլի…

Քարացա։ Հիմա մեկնումեկը կգոռա․

«Անգրագե՜տ ապուշ։ Ախր էդ Եսենինն է, «Նամակ մորը…»։

Ես շարունակում էի արտասանել՝ տենդագին մտածելով, թե ինչ անեմ․

«Այո՜, ընկերնե՜ր, միանգամայն իրավացի եք։ Իհարկե Եսենինն է։ Իսկապես «Նամակ մորը» բանաստեղծությունը։ Բայց նկատեք, թե Պուշկինի հնչերանգը որքան հարազատ է Սերգեյ Եսենինի քնարերգությանը։ Եսենինի պոետիկայում ինչ ներդաշնակ է առարկայանում…»։ Եվ այսպես շարունակ։

Շարունակում էի արտասանել։ Վերջին մոտիկ սպառնալից շողում էր ֆիննական դանակը… «Տրա֊տա֊տամ մեկը ծխոտ պանդոկում, տրա֊տա֊տամ սիրտն իմ ֆիննական դանակ…»։ Այդ ահեղ շողշողացով շեղբից մի սանտիմետրի վրա ինձ հաջողվեց արգելակել։ Վրա հասած լռության մեջ սպասում էի փոթորկի։ Բոլորը լուռ էին։ Հուզախռով ու խստադեմ։ Միայն մի տարեց զբոսաշրջիկ բազմանշանակ ասաց․

Հա՜, ի՜նչ մարդիկ կային…

Հաջորդ դահլիճում «Մնեմոզինան» վերագրեցի Դելվիգին։ Հետո Սերգեյ Լվովիչին Սերգեյլ Ալեքսանդրովիչ ասացի։ (Հավանաբար Եսենինը տեւական ժամանակով էր զավթել ենթագիտակցությունս»։ Բայց դրանք դատարկ բաներ էին։ Չեմ խոսում արդեն երեք կասկածելի գրականագիտական ենթադրությունների մասին։

Տրիգորսկոյեում ու վանքում էքսկուրսիան բարեհաջող անցավ։ Պետք էր տրամաբանական դարձնել դահլիճից դահլիճ անցումները, այսպես ասած՝ հանգույցներ գտնել։ Մի դեպքում դա ինձ երկար ժամանակ չէր հաջողվում։ Զիզիի սենյակի ու հյուրասենյակի արանքում։ Վերջապես հորինեցի այդ չարաբաստիկ հանգույցը։ Ու հետագայում անփոփոխ օգտագործում էի․

«Բարեկամնե՛րս, տեսնում եմ, որ այստեղ նեղվածք է։ Անցնենք հաջորդ սրահը…»։

Զուգահեռ՝ մյուս էքսկուրսիաներն էի լսում։ Ամեն մեկի մեջ ինձ հետաքրքիր որեւէ բան կար։ Մտերմացա լենինգրադցի զբոսավարների հետ։ Արդեն մի քանի տարի ամռանը արգելոց էին գալիս։

Նրանցից մեկը Վոլոդյա Միտրոֆանովն էր։ Հենց նա էլ ինձ համոզել էր։ Ու եկել էր իմ հետեւից։ Կուզեի ավելի մանրամասն պատմել այդ մարդու մասին։

Դպրոցական տարիներին Միտրոֆանովը աչքի էր ընկել այսպես կոչված «հայելային հիշողությամբ»։ Հեշտությամբ անգիր էր անում դասագրքերի ամբողջական գլուխները։ Նրան հրաշամանուկ էին համարում։ Ավելին, Աստված Միտրոֆանովին օժտել էր գիտելիքների անհագ ծարավով։ Նրա մեջ զուգորդվում էին անսահման հետաքրքրասիրությունն ու բացառիկ հիշողությունը։ Նրան փայլուն գիտական առաջընթաց էր սպասում։

Միտրոֆանովին հետաքրքրում էր ամեն ինչ՝ կենսաբանությունը, աշխարհագրությունը, դաշտի տեսությունը, որովայնախոսությունը, ֆիլատելիան, սուպրեմատիզմը, վարժեցման հիմունքները… Օրը երեք լուրջ գիրք էր կարդում… Շռնդալից ավարտեց դպրոցը, հեշտուհանգիստ ընդունվեց բանասիրական։

Համալսարանական պրոֆեսորները մտահոգված էին։ Միտրոֆանովը գիտեր բացարձակապես ամեն ինչ ու նոր գիտելիքներ էր պահանջում։ Խոշոր գիտնականներն օրեր շարունակ նստում էին գրադարաններում՝ Միտրոֆանովի համար մշակելով մոռացված տեսություններն ու գիտության բաժինները։ Զուգահեռ Միտրոֆանովը դասախոսություններ էր լսում իրավաբանական, կենսաբանական ու քիմիայի ֆակուլտետներում։

Յուրահատուկ հիշողությունն ու գիտելիքների անհագ ծարավը, զուգորդվելով, հրաշքներ էին գործում։ Բայց այստեղ ի հայտ եկավ մի ապշեցուցիչ հանգամանք։ Միտրոֆանովի էությունը հենց այդ հատկություններով էլ սահմանափակվում էր։ Այլ որակներով Միտրոֆանովն օժտված չէր։ Նա մաքուր ճանաչման հանճար էր ծնվել։

Առաջին իսկ կուրսային աշխատանքն անավարտ մնաց։ Ավելին՝ գրեց ընդամենը առաջին դարձվածքը։ Ավելի ճիշտ՝ դարձվածքի սկիզբը։ Ահա․ «Ինչպես մեզ հայտնի է…»։ Սրանով էլ հանճարեղ մտահղացումը սպառվեց։

Միտրոֆանովը ֆանտաստիկ ծույլ էր, եթե կարելի է ծույլ համարել տասը հազար գիրք կարդացած մարդուն։

Միտրոֆանովը չէր լվացվում, չէր սափրվում, չէր մասնակցում լենինյան շաբաթօրյակներին։ Չէր վերադարձնում պարտքերն ու կոշկաթելերը չէր կապում։ Ծուլանում էր կեպի դնել։ Պարզապես գցում էր գլխին։

Բերքահավաքին կոլխոզ չգնաց։ Բռնեց ու չգնաց․ առանց հարգելի պատճառի։

Միտրոֆանովին հեռացրին համալսարանից։ Ընկերները փորձեցին աշխատանքի տեղավորել։ Որոշ ժամանակ ակադեմիկով Ֆիրսովի անձնական քարտուղարն էր։ Սկզբում ամեն ինչ հրաշալի էր։ Ժամերով նստում էր Գիտությունների ակադեմիայի գրադարանում։ Ֆիրսովի համար անհրաժեշտ նյութեր էր ընտրում։ Հաճույքով տրամադրում էր մտապահած տեղեկությունները։ Տարեց գիտնականը կենդանություն առավ։ Վոլոդյային առաջարկեց համատեղ մշակել անկյունագծային գիդատոպիրոմորֆիզմի տեսությունը։ (Կամ դրա նման մի բան)։ Ակադեմիկոսն ասաց․

Դուք եք գրի առնելու։ Ես կարճատես եմ։

Հաջորդ օրը Միտրոֆանովը չքացավ։ Ծուլանում էր գրել։

Մի քանի ամիս պարապ էր։ Եվս երեք հարյուր գիրք կարդաց։ Երկու լեզու սովորեց՝ ռումիներեն ու հինդի։

Ճաշում էր ընկերների մոտ՝ վճարելով տպավորիչ ու ծավալուն դասախոսություններով։ Նրան մաշված հագուստ էին նվիրում…

Հետո Միտրոֆանովին փորձեցին տեղավորել Լենֆիլմում։ Ավելին՝ հատուկ նոր հաստիքային միավոր հաստատեցին՝ «Խորհրդատու բոլոր հարցերով»։

Դա բացառիկ հաջողություն էր։ Միտրոֆանովը գիտեր բոլոր դարաշրջանների տարազներն ու սովորույթները։ Նախապատմական իրադարձությունների ամենափոքրիկ մանրամասները։ Երկրորդական պետական գործիչների տարիմաստ արտահայտությունները։ Գիտեր՝ քանի կոճակ կար Թալեյրանի կամզոլին։ Հիշում էր Լոմոնոսովի կնոջ անունը…

Միտրոֆանովը չկարողացավ լրացնել անձնական թերթիկը։ Նույնիսկ այն բաժինները, որտեղ ասվում էր․ «Անհրաժեշտն ընգծել»։ Ալարում էր…

Նրան պահակության տեղավորեցին կինոթատրոնում։ Գիշերային աշխատանք․ կուզես՝ քնի, կուզես՝ կարդա, կուզես՝ մտածի։ Միտրոֆանովից ընդամենը մի բան էր պահանջվում․ ժամը տասներկուսից հետո ինչ֊որ անջատիչ պիտի չխկացներ։ Միտրոֆանովը մոռանում էր անջատել։ Կամ ծուլանում էր։ Գործից ազատեցին…

Հետագայում ցավով տեղեկացանք, որ Միտրոֆանովը պարզապես ծույլ չէ։ Պարզվեց, որ հազվագյուտ կլինիկական հիվանդություն ունի՝ աբուլիա։ Այսինքն կատարյալ կամազրկություն։

Նա բուսական աշխարհի երեւույթ էր։ Քմահաճ ու վառվռուն ծաղիկ։ Քրիզանթեմը չի կարող խնամել ու ջրել ինքն իրեն…

Վերջապես Միտրոֆանովը լսեց Պուշկինյան արգելոցի մասին։ Եկավ, նայեց։ Ու պարզվեց, որ դա միակ հաստատությունն է, որտեղ կարող է օգտակար լինել։

Ի՞նչ է պահանջվում զբոսավարից։ Վառ ու տպավորիչ պատում։ Ուրիշ ոչինչ։

Միտրոֆանովը պատմել գիտեր։ Նրա էքսկուրսիաները հագեցած էին անսպասելի զուգահեռներով, շլացուցիչ վարկածներով, բացառիկ արխիվային տեղեկություններով ու վեցլեզվյա մեջբերումներով։

Նրա էքսկուրսիաները կրկնակի երկար էին տեւում։ Երբեմն տուրիստները ուշաթափվում էին լարվածությունից։

Իհարկե, նաեւ բարդություններ կային։ Միտրոֆանովը ծուլանում էր բարձրանալ Սավկինի բլուրը։ Զբոսաշրջիկները մագլցում էին, իսկ Միտրոֆանովը ստորոտում կանգնած՝ գոռում էր։

Ինչպես եւ շատ տարիներ առաջ, այս մեծ, կանաչ բլուրը վեր է խոյանում Սորոտի վրա։ Նրա ձեւերի ապշեցուցիչ համաչափությունը խոսում է արհեստական ծագման մասին։ Ինչ վերաբերում է անվան ծագումնաբանությանը՝ «Սորոտ», ապա այն բավականին ուշագրավ է։ Չնայած եւ՝ ոչ այնքան պարկեշտ…

Մի դեպք եղավ, երբ զբոսաշրջիկները, մաշկալաթե թիկնոցը փռելով, Միտրոֆանովին պառկեցրել վրան ու քաշել֊հանել էին սարը։ Իսկ նա գոհունակ ժպտում ու բարբառում էր․

Ավանդությունն ասում է, որ այստեղ է եղել Վորոնիչի վանքերից մեկը…

Արգելոցում նրան գնահատում էին…

Պակաս վառ անհատականություն չէր Ստասիկ Պոտոցկին։ Ծնվել է Չեբոկսարի քաղաքում։ Մինչեւ տասնվեց տարեկանը ոչնչով աչքի չի ընկել։ Հոկեյ էր խաղում՝ առանց լուրջ հարցերի մասին մտածելու։ Վերջապես պատանի մարզիկների պատվիրակության կազմում հայտնվեց Լենինգրադում։

Առաջին իսկ օրը նրան կուսությունից զրկեց «Սոկոլ» հյուրանոցի հարկի հերթապահուհին։ Ստասիկի բախտը բերեց։ Տարիքոտ ու նրբանկատ կին էր։ Սկսնակին «Ալաբաշլի» գինի հյուրասիրեց։ Արտասվաթաց, հարբած, սիրահարված տղային շշնջում էր․

Տես, է՜, պստիկ է, բայց ճխտիկ է…

Պոտոցկին արագ հասկացավ, որ աշխարհում երկու բան կա, հանուն ինչի արժե ապրել։ Կինն ու գինին։ Մնացածն արժանի չէ ուշադրության։ Բայց կինն ու գինին փող արժեն։ Հետեւաբար, պիտի վաստակել կարողանաս։ Ցանկալի է՝ առանց հատուկ ջանքի։ Ու որ լավ վճարեն։ Ու որ բանտ չընկնես…

Նա որոշեց վիպասան դառնալ։ Ժամանակակից տասներկու գիրք կարդաց։ Համոզվեց, որ դրանից վատ չի գրի։ Մոմլաթակազմ տետրակ առավ, ինքնահոս գրիչ ու հավելյալ միջուկ։

Առաջին իսկ ստեղծագործությունը հրապարակվեց «Յունոստում»։ Պատմվածքը կոչվում էր «Շուրկա Չեմոդանովի հաղթանակը»։ Պատանի հոկեյիստ Չեմոդանովը սկսում է իրեն երեւակայել ու թողնում է ուսումը։ Հետո խելքի է գալիս։ Սկսում է հրաշալի սովորել ու ավելի լավ խաղալ։ Ստեղծագործությունն այսպես էր ավարտվում․

«Գլխավորը մարդ լինելն է․ Շո՛ւրկա, ասաց Լուկյանիշն ու հեռացավ։ Շուրկան երկա՜ր֊երկա՜ր նայում էր նրա հետեւից…»։

Պատմվածքը զարմանալիորեն շարքային էր։ Նրա տասնյակ ու հարյուրավոր երկվորյակները զարդարում էին երիտասարդական ամսագրի էջերը։ Պոտոցկու հանդեպ զիջողամիտ էին։ Ըստ երեւույթին, որպես գավառական հեղինակ, զեղչ էր վաստակել։

Մեկ տարվա ընթացքում նրան հաջողվեց յոթ պատմվածք ու մի վիպակ տպել։ Տափակ գործեր էին, գաղափարապես լիարժեք, աղքատիկ։ Բոլորի մեջ ինչ֊որ ծանոթ բան էր լսվում։ Գրաքննությունից նրանց պաշտպանում էր գրական երկրորդայնության զրահը։ Մեջբերումների պես համոզիչ էին հնչում։ Այդ գործերում ամենից արտահայտիչը ոճական սխալներն ու վրիպակներն էին…

«Հոկտեմբերին լիացավ Միշուտկայի տասներեք տարին…» («Միշուտկայի վիշտը» պատմվածքը)։

«Հողը թեթեւ չի լինի նրա աճյունին, իր խոսքն ավարտեց Օդինցովը…» («Ծուխը ելնում է երկինք» պատմվածքը)։

«Փայտ մի խրեք իմ անիվների մեջ, սպառնալից ասաց Լեպկոն…» («Ճայերը թռչում են դեպի հորիզոնը» պատմվածքը)։

Հետագայում Պոտոցկին ինձ ասում էր․

«Ես գրող եմ, դրա մերը, ոնց որ Չեխովը։ Չեխովը բացարձակ ճիշտ էր։ Ինչի մասին ասես՝ կարելի է պատմվածք գրել։ Լիքը սյուժե կա։ Վերցնենք ուզածդ մասնագիտություն։ Օրինակ, բժիշկը։ Խնդրեմ։ Վիրաբույժը, դրա մերը, վիրահատություն է անում։ Ու տեսնում է, որ հիվանդը իր հակառակորդն է։ Ում հետ կինը դավաճանել էր իրեն։ Բժշկի առաջ, բարոյական, դրա մերը, դիլեմա է։ Փրկել մարդուն կամ կտրել դրա… Չէ, էդ չափից դուրս է, ծայրահեղություն… Մի խոսքով, վիրաբույժը տատանվում է։ Հետո առնում է նշտարն ու հրաշք գործում։ Վերջը, էսպես է․ «Բուժքույրը երկար֊երկար նայում էր նրա հետեւից…»։ Կամ, օրինակ, ծովի մասին, ասում էր Պոտոցկին, հեչի պես… Նավաստին, դրա մերը, գնում է թոշակի։ Հեռանում է հարազատ նավից։ Նավի վրա են մնում ընկերները, անցյալը, ջահելությունը։ Մռայլ քայլում է Ճոնտանկայի առափով։ Ու տեսնում է, մի տղա խեղդվում է։ Նավաստին առանց տատանվելու նետվում է սառցասառը հորձանուտը։ Կյանքը վտանգելով՝ հանում է տղային։ Վերջը էսպես է․ «Ընդմիշտ հիշեց Վիտկան նրա ձեռքը։ Լայնոսկր, կոշտուկապատ ձեռքը՝ դաստակին՝ կապույտ խարիսխ…»։ Այսինքն, նավաստին միշտ նավաստի է մնում, նույնիսկ եթե, դրա մերը, թոշակի է…»։

Պոտոցկին օրական մի պատմվածք էր հորինում։ Տպվեց նրա գիրքը։ Կոչվում էր «Դժվար ճամփաների երջանկությունը»։ Բարյացակամ գրախոսեցին՝ մեղմ ակնարկելով հեղինակի գավառական ծագումը։

Ստասիկը որոշեց թողնել Չեբոկսարին։ Ուզում էր բացել թեւերը։ Տեղափոխվեց Լենինգրադ։ Սիրեց «Եվրոպա» ռեստորանն ու երկու մանեկենուհիների։

Լենինգրադում նրա ստեղծագործություններին սառը վերաբերվեցին։ Կարծրատիպերն այստեղ բարձր հարգի էին։ Կատարյալ ապաշնորհությունը չէր վարձատրվում։ Տաղանդը տագնապ էր հարուցում։ Հանճարը սարսափելի էր։ Ամենահեռանկարայինը «ակնհայտ գրական ունակություններն» էին։ Պոտոցկին ակնհայտ ունակություններ չուներ։ Ինչ֊որ բան էր առկայծում նրա ստեղծագործություններում, սահում ստվերի պես, թրթռում։ Ինչ֊որ պատահական արտահայտություններ, առանձին դարձվածքներ… «Սխտորի սադափե գլխիկը…», «Ուղեկցորդուհու պարաֆինե ոտքերը…»։ Բայց ակնհայտ ունակություններ չկային։

Նրան սկսեցին չտպել։ Ինչ ներվում էր գավառացի նորելուկին, մայրաքաղաքային գրողի պարագայում զայրացնում էր։ Ստասիկը սկսեց խմել եւ ոչ թե «Եվրոպայում», այլ՝ նկուղներում, նկարիչների մոտ։ Եվ ոչ թե մանեկենուհիների, այլ՝ ծանոթ հերթապահուհու հետ։ (Հիմա նա միրգ էր ծախում փողոցում…)

Այսպես չորս տարի հարբեցողությամբ զբաղվեց։ Մի տարի նստեց շրջմոլիկության համար։ Հարկի հերթափահուհին (նույն ինքը՝ առեւտրի աշխատողը) լքեց։ Ծեծե՞լ էր նրան, թե՞ կողոպտել…

Հագուստը քրջոտեց։ Ընկերներն արդեն փող չէին տալիս ու դեն գցելու շալվարներ չէին նվիրում։ Միլիցիան նորից բանտով էր սպառնում անձնագրային ռեժիմի խախտման համար։ Ինչ֊որ մեկը հուշեց մեկնել արգելոց։ Ստասիկը ոգի առավ։ Պատրաստվեց։ Սկսեց էքսկուրսիաներ վարել։ Ընդ որում, վատ չէր վարում։ Հաղթաթուղթը մտերմավորությունն էր․

«Պուշկինի անձնական ողբերգությունը մինչ օրս էլ արձագանքում է մեր մեջ հոգու տառապագին ցավով…»։

Իր մենախոսությունները Պոտոցկին զարդարում էր ֆանտաստիկ մանրամասներով։ Դերերով խաղարկում էր մենամարտի տեսարանը։ Մի անգամ նույնիսկ ընկավ խոտերին։ Էքսկուրսիան ավարտում էր խորհրդավոր բնազանցական մտարկումով․

«Տեւական ու տառապալից հիվանդությունից հետո վերջապես Ռուսաստանի մեծ քաղաքացին վախճանվեց։ Իսկ Դանտեսը դեռ ողջ է, ընկերնե՛ր…»։

Երբեմն սկսում էր խմել, թողնում աշխատանքը։ Փող էր խնդրում միկիտանի սանդղամուտին։ Թփերի տակից դատարկ շշեր էր հավաքում։ Քնում էր Ալեքսեյ Նիկոլայեւիչ Վուլֆի ճաքած տապանաքարին։

Միլիցիայի կապիտան Շատկոն նրան հանդիպելիս հանդիմանանքով ասում էր․

«Պոտո՛ցկի, դուք ձեր կերպարով խաթարում եք այս վայրերի ներդաշնակությունը…»։

Հետո Պոտոցկին մի նոր բան մոգոնեց։ Շրջում էր վանքում։ Շիրիմի մոտ դարանակալում զբոսաշրջիկների հերթական խմբին։ Սպասում էր էքսկուրսիայի ավարտին։ Կանչում էր ավագին ու շշուկով հարցնում․

«Անտր նու։ Մեր մեջ մնա։ Մարդը երեսուն կոպեկ հավաքեք՝ ցույց տամ Պուշկինի իսկական գերեզմանը, որ բոլշեւիկները թաքցնում են ժողովրդից»։

Հետո խումբը տանում էր անտառ եւ էքսկուրսանտներին ներկայացնում մի անշուք թումբ։ Երբեմն որեւէ տառակեր տուրիստ հարցնում էր․

Իսկ ինչո՞ւ են թաքցնում իսկական գերեզմանը։

Ինչո՞ւ, չարախինդ քմծիծաղում էր Պոտոցկին։ Ձեզ հետաքրքրում է՝ ինչո՞ւ։ Ընկերնե՛ր, քաղաքացուն հետաքրքրում է, թե ինչու…

Հա՜, հասկացա՛, հասկացա՛, քրթմնջում էր տուրիստը…

Գալուս նախօրեին Ստասիկը տանջահար էր մեկշաբաթյա խումհարից։ Մի ռուբլի խնդրեց ու դարչնագույն սանդալներս։ Հետո մի դրամատիկ պատմություն արեց․

Ծերո՜ւկ, քիչ էր մնում հարստանայի։ Մի բառացիկ ֆինանսական խաղ էի հորինել։ Լսի՛, գաղափարն էս է։ Ծանոթանում եմ որեւէ հարիֆի հետ։ Մեքենա ունի, փող, դրա մերը, եւ այլն։ Վերցնում ենք մեկին, ծտերից, էլի՜, ու գնում բնության գիրկը։ Էնտեղ երկուսով գրանցվում ենք…

Չհասկացա։

Դրան էն բանից, էլի՛, հերթով… Առավոտը վազում եմ մոտը․ «Բիձո՛ւկ, իմը ծերից կաթում է»։ Նա խուճապի մեջ է։ Ու էդ ժամանակ ասում եմ․

«Կարո՞ղ է, դրա մերը, օգնես։ Ընդամենը քսանհինգանոց է նստելու»։ Հարիֆը ուրախությունից վեր֊վեր է թռնում։ Վերցնում եմ ներարկիչը, ծորակից մաքուր ջուր լցնում։ Մի֊մի սրսկում՝ իմ ու իրա քամակին։ Հարիֆը ուրախ֊ուրախ տալիս է քսանհինգանոցը։ Ու բաժանվում ենք որպես բարեկամներ։ Ծիտիկը յոթռուբլանոց զուգագուլպա է ստանում։ Տասնութ ռուբլի մաքուր եկամուտ։ Ամեն ինչ հանճարեղ էր մտածված։ «Կեղծ վրիպակ» գործողությունը… Բայց արի ու տես, չստացվեց, դրա՜ մերը…

Այսի՞նքն։

Սկզբում ամեն ինչ լավ էր։ Հարիֆն էն ո՜նց սիրեց ինձ։ Կոնյակ առանք, բուտերբրոդներ։ Շլդո Միլկային կանչեցի, «Վիտյազից»… Գնացինք բնության գիրկը, դրա մերը։ Խմեցինք, գրանցվեցինք։ Եվ ի՞նչ։ Հարիֆն ինքն է առավոտ շուտ վազում մոտս։ «Բիձո՜ւկ, գոռում է, կաթում է ծերից…»։ Հետո նստում է, մեքենան ու հայդա։ Ես վազում եմ Ֆիմայի մոտ, պոլիկլինիկա։ Թե՝ էսպես ու էսպես։ Ֆիման ասում է․

«Քսանհինգ ռուբլի…»։ Վա՜յ, մերիկ։ Որտեղի՞ց։ Ամբողջ Պսկովշչինան ոտի տակ տվի, մի կերպ քերեցի։ Տասնմեկ օր չէի խմում… Հետո, դրա մերը, պասը լուծեցի… Դրա հետ ո՞նց ես։

Բնության գրկի՞։

Պորտվեյնի։

Ձեռքս թափ տվի։ Իմը ոնց է, հերիք է սկսեմ։ Կանգնել չկա։ Առանց արգելակների բեռնատար…

Ստասիկը գցեց֊բռնեց մետաղյա ռուբլանոցն ու գնաց…

Վաղը ձեզ են լսելու, ասաց Գալինան։

Արդե՞ն։

Իմ կարծիքով՝ պատրաստ եք։ Ինչո՞ւ հետաձգենք։

Սկզբում նյարդայնացա՝ Վիկտորիա Ալբերտովնային տուրիստների մեջ տեսնելով։ Վիկան ժպտում էր՝ բարեկամաբա՞ր, թե՞ հեգնանքով։

Կամաց֊կամաց համարձակություն առա։ Պահանջկոտ խումբ էր։ ԴՕՍԱԱՖ֊ի ակտիվիստներ, Տորժոկից։ Մի գլուխ հարցեր էին տալիս։

Սա, ասում եմ, Կիպրենսկու հեղինակած նշանավոր դիմանկարն է… Դելվիգն է պատվիրել… Վսեմ մեկնաբանություն… Որոշակի ռոմանտիկ երանգներ… «Տեսնում եմ ինձ՝ ինչպես հայելու մեջ…»։ Պուշկինը գնել է բարոնի այրուց…

Ե՞րբ։ Ո՞ր թվին։

Կարծում եմ՝ երեսուն։

Քանիսո՞վ։

Ի՞նչ տարբերություն, չդիմացա ես։

Վիկան, շուրթերը անձայն շարժելով, ինչ֊որ բան էր հուշում։

Անցանք առանձնասենյակ։ Ներկայացնում եմ Բայրոնի դիմանկարը, ձեռնափայտը, գրապահարանը… Անցնում եմ ստեղծագործությանը… «Արդյունավետ շրջան… Հոդվածներ… Ամսագրի նախագիծը, «Գոդունովը», «Գնչուները», գրադարանը, «Կմեռնեմ շուտով, կանցնեմ անհետ, բայց իմ ստվերը սիրելով…»։ Եվ այսպես շարունակ։

Հանկարծ լսում եմ․

Ատրճանակներն իսկակա՞ն են։

Իսկական մենամարտային ատրճանակներ են, Լեպաժի սիստեմի։

Նույն ձայնը․

Լեպաժի՞։ Կարծում էի՝ Պուշկինինն են։

Բացատրում եմ։

Այդ դարաշրջանի ատրճանակներ են։ Նշանավոր զինագործ Լեպաժի արտադրության։ Պուշկինը գիտեր ու սիրում էր լավ զենքը։ Այսպիսի ատրճանակներ ուներ…

Իսկ տրամաչա՞փը։

Տրամաչափը ի՞նչ։

Ինձ տրամաչափն է հետաքրքրում։

Հարմար տրամաչափ է, ասում եմ։

Շշմելու բան է, անսպասելի խաղաղվեց տուրիստը։

Քանի դեռ իմ խումբը նայում էր դայակի տունը, Վիկտորիա Ալբերտովնան շշնջաց․

Լավ եք շարադրում, անկաշկանդ… Մի տեսակ՝ ձեր վերաբերմունքն ունեք։ Բայց երբեմն… Ուղղակի սարսափած եմ… Դուք Պուշկինին խելագար կապիկ կոչեցիք…

Այնքան էլ այդպես չէր։

Ընդամենը խնդրում եմ՝ ավելի զուսպ եղեք։

Կաշխատեմ։

Իսկ ընդհանուր առմամբ՝ վատ չէր…

Սկսեցի կանոնավոր էքսկուրսիաներ վարել։ Երբեմն մի հերթափոխին՝ երկուսը։ Ակնհայտորեն ինձնից գոհ էին։ Եթե մշակույթի գործիչներ, ուսուցիչներ, մտավորականներ էին գալիս, հետները ես էի աշխատում։ Իմ էքսկուրսիաներն ինչ֊որ բանով առանձնանում էին։ Օրինակ՝ «շարադրման ազատ ոճով», ինչպես նշում էր Տրիգորսկոյեի պահապանը։ Այստեղ, անշուշտ, զգալի նշանակություն ուներ դերասանություն անելս։ Չնայած հինգ օրից արդեն էքսկուրսիայի տեքստը լրիվ անգիր գիտեի, ճարպկորեն հուզավառ իմպրովիզացիա էի նմանակում։ Արհեստական կմկմում էի՝ ասես ձեւակերպում փնտրելով, սխալվում էի, ձեռքերս էի թափահարում՝ մանրակրկիտ մշակած էքսպրոմտներս զարդարելով Գուկովսկուց ու Շչեգլովից մեջբերումներով։ Ինչքան լավ էի ճանաչում Պուշկինին, այնքան քիչ էի ուզում նրա մասին դատողություններ անել։ Այն էլ այդպիսի խայտառակ մակարդակի։ Մեքենայաբար կատարում էի դերս՝ դրա համար ոչ վատ վարձատրություն ստանալով։ (Լրիվ էքսկուրսիան մոտ ութ ռուբլի արժեր)։

Տեղական գրադարանում Պուշկինի մասին մի տասնյակ եզակի գիրք գտա։ Բացի այդ, վերընթերցեցի նրա արձակն ու հոդվածները։ Ամենից ավելի ինձ հետաքրքրում էր Պուշկինի օլիմպիական անխռովությունը։ Ցանկացած տեսակետ ընդունելու եւ արտահայտելու պատրաստակամությունը։ Մշտական ձգտումը գերագույն անաչառության։ Լուսնի պես, որ լուսավորում է ե՛ւ գիշատչի, ե՛ւ զոհի ճանապարհը։

Ո՛չ միապետական, ո՛չ դավադիր, ո՛չ քրիստոնյա․ նա ընդամենը բանաստեղծ էր, հանճար եւ համակրում էր կյանքի շարժմանն ընդհանրապես։

Նրա գրականությունը բարձր է բարոյականությունից։ Հաղթում է բարոյականությանն ու նույնիսկ փոխարինում նրան։ Նրա գրականությունը աղոթքի, բնության պես է… Ասենք, ես գրականագետ չեմ…

Աշխատանքս սկսվում էր առավոտվա իննին։ Այցելուներին սպասելով՝ հավաքվում էինք բյուրոյում։ Խոսակցությունները Պուշկինի ու զբոսաշրջիկների մասին էին։ Ավելի հաճախ՝ զբոսաշրջիկների։ Նրանց աղաղակող անգրագիտության։

«Պատկերացնո՞ւմ եք, հարցնում է՝ ո՞վ է Բորիս Գոդունովը…»

Անձամբ ես նման իրավիճակներում չէի բորբոքվում։ Ավելի ճիշտ՝ խեղդում էի բորբոքումս։ Մարդիկ գալիս են հանգստանալու։ Արհկոմը էժան ուղեգրեր է փաթաթել վզներին։ Պոեզիայի հանդեպ, ընդհանուր առմամբ, անտարբեր են։ Պուշկինը նրանց համար ընդամենը մշակույթի խորհրդանիշ է։ Զգացողությունն է կարեւոր․ ես եղել եմ այստեղ։ Անհրաժեշտ է նշում անել գիտակցության մեջ։ Ստորագրել հոգեւորության գրքում…

Իմ պարտականությունը նրանց ուրախություն պատճառելն է՝ առանց հոգնեցնելու։ Ստանալով յոթ ու վաթսուն եւ հուզիչ մակագրություն՝ կարծիքների գրքում․ «Ես տեսա կենդանի Պուշկինին՝ այսինչ զբոսավարի ու նրա համեստ գիտելիքների շնորհիվ…»։

Օրերս միանման էին։ Էքսկուրսիաներն ավարտվում էին երկուսին։ Ճաշում էի «Ծովախորշում» ու գնում տուն։ Մի քանի անգամ Միտրոֆանովն ու Պոտոցկին կանչեցին խմելու։ Չգնացի։ Մեծ ջանք չէր պահանջվում դրա համար։ Առաջին բաժակից հեշտ եմ հրաժարվում։ Բայց, այ, չեմ կարողանում կանգ առնել։ Շարժիչը լավն է, բայց արգելակները փորձանքի են բերում…

Կնոջս ու աղջկաս չէի գրում։ Իմաստ չուներ։ Մտածում էի․ համբերենք՝ կերեւա…

Կարճ ասած, կյանքը մի փոքր կայունացել էր։ Աշխատում էի քիչ մտածել կողմնակի բաների մասին։ Դժբախտություններս տեսադաշտից դուրս էին։ Ինչ֊որ տեղ թիկունքում։ Քանի հետ չես նայել՝ հանգիստ ես։ Կարելի է հետ չնայել…

Ձեռի հետ կարդացի Լիխոնոսովին։ Լավ գրող է, անշուշտ։ Տաղանդավոր, վառ, ճկուն։ Կենդանի խոսքը հրաշալի է վերարտադրում։ (Տոլստո՜յը լսեր այսպիսի հաճոյախոսություն)։ Բայցեւայնպես՝ հիմնականում անհույս, վհատ, կպչուն զգացում։ Ճապաղ ու ձանձրալի հանգերգ․ «Ո՞ւր ես, Ռո՛ւսիա։ Ո՞ւր ես չքացել։ Ո՞ւր են խաղիկները, նախշանկար սրբիչները, գլխազարդերը։ Աղուհա՞ցն ուր է, կտրիճությունը, թափը։ Ո՞ւր են ինքնաեռները, սրբապատկերները, ճգնավորները, կրոնախեւերը։ Ո՞ւր են ստեռլետը, կարպը, մեղրը, հատիկավոր խավիարը։ Ո՞ւր են սովորական ձիերը, գրո՛ղը տանի։ Ո՞ւր է ողջախոհ ամոթխածությունը զգացումների…»։

Գլուխ են ջարդում․

«Որտե՞ղ ես, Ռո՛ւսիա։ Ո՞ւր ես չքացել։ Ո՞վ այլանդակեց քեզ…»։

Ո՞վ, ո՞վ… Պարզ չի՝ ով…

Ու գլուխ ջարդելու կարիք էլ չկա…

Միխալ Իվանիչի հետ հարաբերությունները պարզ ու գործնական էին։ Սկզբում հաճախ էր մտնում իմ սենյակ։ Գրպանից հանում էր շշերը։ Ես հրաժարվում էի։ Հենց շշից էլ խմում էր՝ բազմաբառ քրթմնջոցով։ Նրա ընդարձակ մենախոսությունների իմաստը դժվարությամբ էի որսում։

Եվ ընդհանրապես, Միշայի խոսքը ուշագրավ էր կառուցված։ Հոդաբաշխ ու շեշտված արտաբերում էր միայն գոյականներն ու բայերը։ Գերազանցապես՝ անպարկեշտ կապակցություններում։ Իսկ երկրորդական անդամները Միխալ Իվանիչը կամայական էր օգտագործում։ Որը պատահեր։ Չեմ խոսում արդեն նախդիրների, մասնիկների ու ձայնարկությունների մասին։ Նրա խոսքը նման էր դասական երաժշտությանը, աբստրակտ գեղանկարչությանը կամ կարմրակատարիկի երգին։ Հույզերն ակնհայտորեն իշխում էին իմաստի վրա։ Ենթադրենք ասում եմ․

Մի՛շա, ճիշտ կլինի միառժամանակ թողես խմելը։

Ի պատասխան լսվում էր․

Էդ պիդըռը աստվագիտի ուր… Հինգնոցը լուսով առ ու թըռ… Ավանսը՝ դիպոնենտ… Ո՞ւմ հոր խերին… Թողեմ՝ օգո՞ւտը… Հոգիս առնի…

Միշայի ելույթները ռեմիզովյան դպրոցի հնչահանգությունն էին հիշեցնում։

Շատախոս կանանց չաչանակ էր ասում։ Անշնորհք տանտիրուհիներին՝ լափառոշ։ Անհավատարիմ կանանց՝ բեռնանավ։ Գարեջրին ու օղուն՝ դանդալոշ, թույն ու կերոսին։ Երիտասարդ սերնդին՝ վերգիր…

«Տուրբազայում էդ վերգիրը աստվագիտի այլանդա…»։ Այն իմաստով, որ ջահելությունը, անչափահաս ավազակները չարություն են անում ու Աստված գիտի՝ ինչ այլանդակություններով են զբաղված…

Մեր հարաբերությունները հստակ էին։ Միշան ինձ համար զոքանչից սոխ, թթվասեր, սունկ ու կարտոֆիլ էր բերում։ Փողից վրդովմունքով հրաժարվում էր։ Փոխարենը՝ ամեն առավոտ խմիչքի համար մի ռուբլի էի տալիս։ Ու հետ էի պահում կնոջը՝ Լիզային գնդակահարելու փորձերից։ Երբեմն՝ վտանգելով կյանքս։

Ստացվում էր՝ քվիտ էինք։

Ինչ մարդ էր՝ այդպես էլ չհասկացա։ Արտաքուստ՝ անհեթեթ, բարի, անճարակ։ Մի օր արոսենուց երկու կատու կախեց։ Օղակները պատրաստեց կարթաթելից։

Լցվել են, ասում է, շուխուռչիները, շատանում են ճագարի նման…

Մի անգամ պատահմամբ դուռը ներսից սողնակով փակել էի։ Մինչեւ լույս նստեց սանդղամուտին․ չէր ուզել արթնացնի…

Անհեթեթ էր նրա թե՛ բարությունը, թե՛ չարությունը։ Ղեկավարությանը երես առ երես հայհոյում էր ամենավերջին խոսքերով։ Իսկ Ֆրիդրիխ Էնգելսի նկարի մոտով անցնելիս հանում էր գլխարկը։ Շարունակ անիծում էր Ռոդեզիայի դիկտատոր Յան Սմիթին։ Բայց հարգում ու սիրում էր միկիտանի բուֆետապանուհուն, որը նրան միշտ հաշվի մեջ խաբում էր․

«Առանց դրա չի լինի, կարգը կարգ է։»

Նրա ամենասարսափելի անեծքն այսպես էր հնչում․

«Կապիտալիստների համա՜ր է բանում»։

Be the first who will comment on this

Other parts of "Արգելոց"

Yatuk Music
Aria and Toccata for violin and piano
Ghazaros Saryan

Aria and Toccata for violin and piano

Saint Malo
Saint Malo
Play Online