Raffi

Զահրումար

ԻԹ, Լ, ԼԱ

ԻԸ

Կոջորի սառն, հովասուն օդը և խոնավ կլիման, փոխանակ ուղղելու Քաջբերունու առողջությունը, խիստ վատ ներգործություն արեցին նրա վրա։ Նրա ավերված թոքերը դարձյալ ցավագարվեցան, և նա սկսավ ծանր կերպով հազալ։ Նա փակված էր յուր կացարանում և ամենևին դուրս չէր գնում տանից։

Արամյանը խիստ տխուր էր սիրելի ընկերոջ տկարության համար և ամբողջ օրը չէր հեռանում նրա մոտից։ Այդ պատճառով մի շաբաթից ավելի էր նա չէր եղած Հացի-Գելենց մոտ։

Մի գիշեր նա երկար նստած Քաջբերունու մահճակալի մոտ, դառն մտածության մեջ էր. հիվանդն անդադար հազում էր և հոգվոց հանում։ Արամյանը նշմարելով, որ նա քնեց, հուշիկ, ոտքի մատների վրա հեռացավ նրա քնարանից։ Նա դուրս եկավ բակը՝ մի փոքր թարմ օդ շնշելու։

Հիանալի լուսնկա գիշեր էր։ Բոլոր շրջակայքում թրթռում էր ամառային եղանակը տաք, մանկական, ախտաբորբոք կյանքով։ Անցնելով Հացի-Գելենց կացարանի մոտից, հանկարծ լսեց նա քնքուշ ձայն.

Պարոն Վահե։

Մին էլ երևան ելավ օրիորդ Սոֆիի վայելչահասակ կերպարանքը, որ նույն րոպեին նմանում էր գիշերային հավերժահարսի։

Օրիորդ Սոֆի, այգ դո՞ւք եք, մոտեցավնրան Արամյանը։

Այո՛, պատասխանեց նա։

Այս խորին գիշերային պահո՞ւն։

Այնպես, դուրս եկա․․․ ես ինքս չգիտենալով, թե ինչո՞ւ համար...

Արամյանը տեսավ, որ նրա դեմքն այնպես գունատված էր, ինչպես սառն մարմարիոն և նրա գիսակները խառնված էին և աչքերը վառվում էին կատաղի կրակով։

Դուք այլևս չեք երևում, պարոն Վահե, հարցրեց օրիորդը։

Ընկերիս հիվանդությունը չէ թողնում ինձ տանից հեռանալ, պատասխանեց Արամյանը։

Այժմ ի՞նչպես է նա։

Լավ չէ՛։

Վա՜յ, ափսոս։ Ի՞նչ է նրա հիվանդությունը։

Բարակացավ։

Վաղո՞ւց է։

Այո՛, վաղուց, համալսարանում ևս ուներ։

Օրիորդը մտածմունքի մեջ ընկավ։ Կարծես այդ լուրը տխրեցրեց նրան։

Տեսնո՞ւմ եք, պարոն Վահե, ի՞նչ հիանալի գիշեր է, խոսեց նա րոպեական լռությունից հետո։

Այո՛, հիանալի է, պատասխանեց Արամյանը։

Պարոն Վահե, բարի եղեք, գնանք մի փոքր շրջելու․ չէ՞ որ դուք ևս սիրում եք լուսնկա գիշերը։

Ես սիրում եմ, միայն այժմ խիստ ուշ է. գիտե՞ք, ժամը երկուսն է։

Խնդրում եմ... գնանք. ձեզ ասելու բաներ ունիմ, այստեղից մի քիչ հեռանանք․․․։ Արամյանը ակամայից համաձայնեցավ։

Դեպի ո՞ւր, հարցրեց նա։

Դեպի անտառ, պասխանեց օրիորդը, տվեք՛ ինձ թևդ։

Արամյանը տվավ նրան յուր թևը, և նրանք սկսան դիմել դեպի անտառ։

Ամբողջ շաբաթ է, որ դուք չեք եղել մեզ մոտ, ասաց օրիորդը։

Այո՛, բայց ինձ անկարեւի էր դալ, պատասխանեց Արամյանը։

Ես շատ ցանկանում էի ձեզ տեսնել։

Դուք ինքներդ կարող էիք գալ մեզ մոտ, երբ ցանկանում էիք։

Քանի անդամ ես կամեցա գալ, միայն մտածեցի գուցե կբարկացնեի ընկերոջդ, չէ՞ որ նա այնպես խստասիրտ է։

Ո՛չ, ընդհակառակն՝ նա խիստ բարի տղա է, նա ուրախ կլիներ, եթե դուք նրա մոտ գայիք։

Ուրեմն առավոտյան ես կգամ նրան տեսնելու։ Քաջբերունու հիվանդությունը ինչի՞ց առաջացավ։

Անհանգիստ պարապմունքից և մի քանի դժբախտություններից... նրա կյանքը միշտ կապակից է եղել թշվառությունների հետ։

Ափսո՜ս․․․, կրկնեց օրիորդը։

Այդպես տաքացած խոսակցությամբ նրանք բավական հեռացան իրանց բնակությունից, և օրիորդը նկատեց, որ իրանք անտառումն են։

Ես հոգնեցա, Վահե, մի փոքր հանգստանանք այստեղ, ասաց նա։

Նրանք նստեցին մետաքսանման փափուկ խոտերի վրա։ Արամյանը պառկեցավ, իսկ Սոֆին խիստ մոտ նստեց նրա մոտ և յուր թևով կռթնեց նրա կրծքին

Այս դրության մեջ, անշարժ և լուռ մնացին նրանք մի քանի րոպե, մինչև օրիորդն ասաց.

Վահե, տուր ինձ ձեռքդ։

Արամյանը տվավ նրան յուր ձեռքը։

Օրիորդը բռնեց նրան յուր ափերի մեջ։

Որքա՜ն սառն է քո ձեռքը, ասաց նա։

Այո՛, սառն է, պատասխանեց Արամյանը։

Թո՛ւյլ տուր ես նրան տաքացնեմ ծոցիս մեջ։

Կարող ես։ Եվ օրիորդը նրա ձեռքը սեղմեց յուր փափուկ կրծքի վրա, որ նույն րոպեին սաստիկ կերպով զարկում էր ինչպես ալեկոծյալ ծովը։

Այժմ տաքացա՞վ, հարցրեց օրիորդը։

Ես ոչինչ չեմ զգում, պատասխանեց նրան Արամյանը։

Այո՛, դու անզգա ես, պատասխանեց օրիորդը, բայց շոշափի՛ր կուրծքս։

Արամյանը ձեռքը դրեց նրա սրտի վրա։

Քո սիրտը սաստիկ կերպով զարկում է, պատասխանեց նա։

Այդտեղ անհանգստություն կա, այնպես չէ՞, հարցրեց օրիորդը։

Այո՛, դու վրդովված ես։

Օրիորդը ոչինչ չպատասխանեց, երկու կողմից ևս տիրեց րոպեական լռություն։

Վահե՛, այնպես չէ՞, ես խիստ անհամեստ եմ, հարցրեց օրիորդը նրա ձեռքը հանելով յուր ծոցից։

Ես այդպիսի կարծիք չունիմ քո մասին, պատասխանեց Արամյանը։

Դու այդպես ասելով միայն չես կամենում վշտացնել ինձ, բայց ես զգում եմ, որ ոչ միայն անհամեստ եմ, այլև հիմար, ցնորված.․.։

Արամյանը ոչինչ չպատասխանեց նրան, միայն լսեց նրա դառն հեկեկանքը։

Ինչո՞ւ այդպես, Սոֆի, նրա ձեռքը բռնելով հարցրեց Արամյանը և նույն րոպեին նստեց պառկած տեղից։

Վահե՛ խոսեց նա, ներիր իմ անհամեստությանը, պատճառը որ դու այնքան բարի ես... իսկ ես՝ թշվառականս, ամենաչնչին էակ եմ... ես զգում եմ իմ բոլոր ոչնչությունը քո առջև... արդարև, ես արժանի չեմ քեզ... միայն դու ներիր ինձ, որ ասեմ, թե «սիրում եմ քեզ»:

Դու ինձ սիրո՞ւմ ես, հարցրեց նույնպես վրդովմունքով Արամյանը։

Այո՛, պատասխանեց օրիորդը, չդադարելով լաց լինելուց։ Սրբազան խռովությունը տիրեց Արամյանին, և նա հափշտակվեցավ սքանչելի հոգեզմայլությամբ, երբ նրա ականջներին զարկեցին մոգական խոսքի վերջին հնչյունը՝ այո՛։

Դու սիրո՞ւմ ես ինձ... ուրեմն թույլ տուր համբուրեմ քեզ, ասաց նա ուրախությամբ։ Օրիորդը փարվեց նրա պարանոցով։

Մի քանի րոպե տիրեց խորհրդավոր լռություն...։

Այժմ գնանք, ասաց օրիորդը, որպես թե սթափվելով յուր մտավոր արբեցությունից։

Գնանք, կրկնեց Արամյանը և վեր կացավ։

Օրիորդը նրա թևն առավ, նա իրան բավական հոգնած էր զգում, նա գնում էր Արամյանի կողքից թույլ և անհավասար քայլերով։

ճանապարհին ասաց օրիորդը.

Այժմ կասես, թե դու ևս սիրում ես ինձ։

Սիրում եմ, պատասխաննց Արամյանը։

Այժմ ես կարող եմ կոչվել քո կինը, այնպես չէ՞, կրկնեք օրիորդը։

Խնդրում եմ, Սոֆի, չհիշել ինձ այդ..․։

Այդ բոլոր...

Խնդրում եմ, չվրդովել ինձ։

Եվ դու չե՞ս խղճալու ինձ։

Ես արդեն ասացի, թե սիրում եմ քեզ. այդ բավական է։

Այդ բավական չէ...։

Առայժմ այլ խոսք չեմ կարող քեզ ասել, պատասխանեք Արամյանը և լռեց։

Դարձյալ արտասուք երևեցավ օրիորդի աչքերում։

Երկար նրանք գնում էին. երկու կողմից ևս տիրում էր խորին լռություն, մինչև նրանք հասան իրանց կացարանին։ Երբ կամենում էին բաժանվել, Արամյանը գրկեց նրան և կրկին համբուրելով ասաց.

Իմ կյանքումս ոչ մի օրիորդ չէր լսած իմ բերանից՝ «սիրում եմ քեզ» խոսքը, բայց ես զոհեցի դրան քեզ, այդքանով մենք երկուքս կարող ենք լինել բախտավոր...։

Օրիորդը նույնպես գրկեց և համբուրեց նրան, նրանք բաժանվեցան։

Առավոտյան աստղը վաղուց շողշողում էր արևելքում, և թռչունները երգում էին իրանց վաղորդյան երգը։

Մտնելով յուր անկողինը, օրիորդը այլևս չկարողացավ քնել։ Հազարավոր մտածմունքներ խռովում էին նրան։ Նա զգում էր Արամյանի ձեռքի առաջին շոշափումը յուր ծոցի մեջ. նա զգում էր նրա ջերմ համբույրները յուր թշերի վրա և այլևս ուրիշ բան չէր զգում նա...։ Մի քանի ժամ այսպես նրա երևակայությունը վառված էր հրապուրիչ երևույթներով, և նա անքուն մնաց, մինչև լուսարացին տիրեց նրա հոգնած անդամներին քաղցրիկ քունը։ Արամյանը վերադառնալով յուր կացարանը՝ նախ առանց ձայն հանելու մտավ Քաջբերունու մոտ և նկատեց, որ նա հանգիստ քնած է, հետո դարձավ յուր քնարանը։ Նա մտավ անկողին, բայց քունը մատ չեկավ նրա աչքերին։ Մի կիրք, որ ավելի նման էր ամոթանքի և զղջման, չարաչար տանջում էր նրան. «Այս ի՞նչ գործեց»..․ ասաց նա, և միևնույն րոպեին զգաց յուր խղճի խայթը։

ԻԹ

Առավոտյան Արամյանը ծուլանում էր վեր կենալ յուր անկողնից, բայց երբ լսեց մյուս սենյակից Քաջբերունու ծանր հազը, իսկույն վեր թռավ անկողնից և գիշերազգեստով մտավ ընկերոջ քնարանը։ Նա գտավ նրան վատ գրության մեջ։

Քաջբերունին տեսնելով նրան՝ ասաց.

-Վահե, այսօր ինձ համար մի սայլակ վարձիր, ես պիտի քաղաք գնամ, այնտեղ գոնյա երկու բան մոտ կլինի ինձ-բժիշկ և գերեզմանատուն, բայց այստեղ երկուսից ևս զրկված եմ։

Արամյանը շատ աշխատեց համոզել նրան և հետաձգել նրա գնալը, բայց հնար չեղավ։

-Դու արդեն կատարել ես քո հյուրասիրական պարտքը, մեղն իմն է, որ երկար չկարողացա վայելել նրան, ասաց Քաջբերունին։

Տասը ժամին ճանապարհորդական սայլակը կանգնած էր Արամյանի կացարանի դռանը։

Արամյանը իրանց գնալու պատրաստության հոգացողության մեջ էր։ Նա դուրս եկավ, որ մի քանի կարգադրություններ անե և մեկ էլ հանկարծ դռան շեմքի վրա հանդիպեց օրիորդ Սոֆիին։ Նա գունաթափված էր որպես մահ։

-Ես ուղիղ քեզ մոտ էի գալիս, Վահե,- ասաց նա։

-Ինձ մո՞տ, կրկնեց Արամյանը զարմանալով։

-Այ՛ո։

-Հրամեցե՛ք։

Նրանք ներս մտան Արամյանի սենյակը։

-Դուք գնում ե՞ք հարցրեց օրիորդը նստելով փոքրիկ գահավորակի ծայրին։

-Գնում ենք, պատասխանեց Արամյանը։

-Ե՞րբ։

-Կարելի է մի ժամից հետո։

Եվ դու գնում էիր առանց ինձ հետ տեսնվելո՞ւ։ -Ես առանց քեզ տեսնելու չէի գնա։

Օրիորդը հեզիկ նայեց Արամյանի երեսին։

-Ի՞նչ պատճառով եք գնում, հարցրեց նա։

-Սմբատի հիվանդությունը օրըստօրե վատանում է, հարկավոր է քաղաքում լինել։

-Մի՞թե առանց քեզ չէ կարող գնալ։

-Կարող է, միայն ես չեմ կամենում նրան միայնակ թողնել։

-Եվ դու պիտի մնաս նրա մոտ քաղաքում։

-Այո', պիտի մնամ հոգ տանելու նրա առողջությանը։

Վերջին խոսքը ծանր ներգործություն ունեցավ օրիորդի վրա։

Եվ դու պիտի թողնես ինձ այստեղ միայնա՞կ, հարցրեց նա ողորմելի կերպով նայելով Արամյանի երեսին։

-Ի՞նչ արած, այդպես պատահեցավ, պատասխանեց Արամյանը։

-Չէ' որ դու ասացիր, թե սիրում ես ինձ, և այժմ կամենում ես միայնակ թողնել ինձ... բոլորովին չմտածելով, թե ես տխուր էի առանց քեզ...։

-Ես շատ ափսոսում եմ, որ այսպես շուտ բաժանվում եմ քեզանից, միայն համաձայնիր, որ Սմբատն այժմ առավել կարոտ է իմ կարեկցությանը, քան թե դու։ Ես նրան նույնպես սիրում եմ, ինչպես իմ դաղափարակից ընկեր, ես չեմ կարող նրանից բաժանվել։

Արամյանի վերջին խոսքերը խիստ զգալի եղան օրիորդին, նա մի քանի րոպե մտածման մեջ ընկավ և ապա պատասխանեց.

Այո՛, Սմբատն այժմ առավելապես կարոտ է քո կարեկցությանը, քան թե ես. Վահե՛, գնա', տեր ընդ քեզ, և հոգ տար այդ պատվելի տղամարդու առողջության մասին, ես չեմ կամենում բաժանել քեզ քո սիրելի ընկերից։

Արամյանին խիստ ազդեց օրիորդի քնքուշ զգացողությունը և նա մոտեցավ նրան, գրկեց և սեղմեց յուր կրծքի վրա։

-Հիմա կարելի է պարոն Սմբատին տեսնել, հարցրեց օրիորդը։

-Ինչո՞ւ չէ կարելի, պատասխանեց Արամյանը։

-Ես կկամենայի նրան տեսնել։

-Ուրեմն սպասիր, իմացում տամ։

Արամյանը մտավ Քաջբերունու սենյակը։ Քաջբերունին, փաթաթված յուր թանձր մուշտակի մեջ, պառկած էր մահճակալի վրա։

-Օրիորդ Սոֆին կամենում է քեզ տեսնել, ասաց նրան Արամյանը։ Ինձ անախորժ է իմ այժմյան զզվելի կերպարանքով տխրեցնել քնքուշ օրիորդի սիրտը,- պատասխանեց նա,-ասա թե չեմ կարող ընդունել։

-Նա խնդրում է, նա քեզ տեսնելու է եկել։

-Լա՛վ, թո՛ղ գա։

Արամյանը դուրս գնաց և մի քանի վայրկյանից հետո օրիորդի հետ ներս մտավ հիվանդի սենյակը։

-Սոֆին գնաց բռնեց Քաջբերունու ձեռքը և խիստ մոտ նստեց հիվանդի մահճակալին։

-Հեռու նստեցեք, օրիորդ Սոֆի, այժմ անախորժ է ինձ մոտենալ։ Բայց Սոֆին ամենևին չշարժվեցավ յուր տեղից և ասաց.

-Դուք այժմ ևս այնպես բարի և սիրելի եք, որպես առաջ։


-Ո՛չ, սիրելիս, հիվանդության հետ կատակ չի կարելի անել, պատասխանեց Քաջբերունին։

Օրիորդը սկսավ հարցնել նրան հիվանդության մասին, այնուհետև հայտնեց, թե ինքը շատ տխրում է, որ նրանք այնպես շուտ թողնում են ամառանոցը, որովհետև նրանց դրացությունը ախորժելի էր իրանց գերդաստանին։ Եվ ավելացրեց մի քանի բարեկամական խոսքեր։

Քաջբերունին կարճ պատասխանեց, թե՝

-Մենք շատ հեռու չենք գնում, եթե այս հազը շուտով չիջեցնե ինձ սառը հողի տակ, մենք դարձյալ կարող ենք միմյանց տեսնել։

Օրիորդը սկսավ նրան մխիթարել, թե չպետք է այդպես շուտ հուսահատվել կյանքից և խորհուրդ տվավ նրան գնալ Նիցցա։

-Այո՛, եթե ես փող ունենայի, շատ տեղեր կերթայի, պատասխանեց նա։

Ապա օրիորդը ասաց, որ ինքը ևս միտք չունի ամառանոցում երկար մնալու, այլ շուտով քաղաք կդառնա, և այնտեղ շուտ-շուտ կայցելե նրան։ Քաջբերունին հայտնեց յուր շնորհակալությունը։

Օրիորդը, քնքշությամբ սեղմելով հիվանդի ձեռքը, հեռացավ։

Արամյանը նույնպես դուրս եկավ նրան ճանապարհ ձգելու։ Օրիորդ Սոֆին հայտնեց, թե նրան մի քանի ասելիք ունի, նրանք մտան դարձյալ Արամյանի սենյակը։ Սոֆիի դեմքն արտահայտում էր ներքին վրդովմունք։ Արամյանը նստեց գահավորակի վրա, իսկ օրիորդը, աթոռի վրա նրա առջև նստելով, բռնեց նրա ձեռքը և ասաց.

Իմ այս գիշերվա վերջին հարցը մնաց առանց պատասխանի, այնպես չէ՞, հարցրեց նա՝ ուղղակի Արամյանի երեսին նայելով։

Այո՛, պատասխանեց Արամյանը, բայց ես խնդրեցի, որ դու այդ մասին ոչինչ չհարցնես։

Ինչո՞ւ։

Որովհետև զանազան հանգամանքներ ստիպում են այդ մասին լռեր։

Բայց իմ կարծիքով, ուր կա ճշմարիտ սեր, այնտեղ ոչինչ հանգամանքներ տեղ չպետք է ունենան։

Արամյանը դժվար դրության մեջ էր։

Մի՞թե սիրելու համար դու կարծում ես, թե անպատճառ պետք է կոչվել ամուսին, հարցրեց Արամյանը։

Ես այդպես չեմ կարծում, պատասխանեց օրիորդը պինդ ձայնով, ես մինչև անգամ հերքում եմ ամուսնությունը, ես կբավականանամ միմիայն քո սիրով, եթե դու իսկապես խոստովանես, թե սիրում ես ինձ։

Դու կարող ես բոլորովին հավատալ, թե ես սիրում եմ քեզ։

Ուրեմն թո՛ւյլ տուր համբուրեմ քեզ, ասաց օրիորդը։

Նրանք գրկախառնվեցան... և մի քանի րոպե նրանք չէին բաժանվում միմյանցից...։

Օրիորդը բոլորովին շառագունած դուրս եկավ Արամյանի սենյակից։

Ճանապարհին նրան հանդիպեց Մայիլովը, պատանին գլուխ տվավ նրան, բայց օրիորդը ամենևին չնշմարեց և անցավ։

Գնալով իրանց տուն, օրիորդն ուղղակի ներս մտավ յուր սենյակը. նա բոլորովին գոհ էր յուր վիճակից, նրա դեմքն արտահայտում էր անսպառ ուրախություն, և նա թռչնակի նման հանգիստ չէր կարողանում նստել, այլ երգելով թռչկոտում էր այս կողմը, այն կողմը։

Լ

Դիաչկովր լսելով, թե Արամյանն ու Քաջբերունին գնացել են քաղաք, իսկույն վարձեց նրանց կացարանը, և այդպիսով մերձավոր դրացի դարձավ Հացի-Գելենց։ Այնուհետև սկսավ հնարքներ բանացնել այդ գերդաստանի հետ ծանոթանալու, և շուտով նա հասավ յուր նպատակին, երբ մի օր տիկին Բարբարեն ինքը հրավիրեց նրան իրանց մոտ ճաշելու։

Դիաչկովը հայտնվեցավ ճիշտ պայմանյալ ժամին։ Նա հագնված էր այնպես պճնված, կարծես երևելի տոն էր, և նա նոր էր վերադառնում Նևսկի պրոսպեկտից։

Դիաչկովը՝ հայրական ահագին ժառանգությունը մայրաքաղաքում զոհելով թատրոնների, բալերի, կրուժոկների և այլ շռայլության ու զեխության կուռքերին, ոչինչ բան չէր շահել, այլ մի այն ճշմարտությամբ ուսել էր, թե ինչպես պետք է վարվել հասարակական կյանքում, այսինքն՝ ինչպես պետք է հանդիպել մանուկ օրիորդներին կամ մանկահասակ տիկիններին, ինչպես նրանց գլուխ տալ, խոսք կցել, զվարճախոսել, սեթևեթել, մի խոսքով՝ նա գիտեր յուր դերը խիստ հմուտ կերպով խաղալ կյանքի ամեն մի հանգամանքում։

Նա խիստ քաղաքավարի կերպով ներկայացավ Հացի-Գելենց գերդաստանին, նախ և առաջ մոտեցավ տիկին Բարբարեին և համբուրեց նրա ձեռքը, հետո շնորհալի կերպով դարձավ դեպի օրիորդ Սոֆին՝ «բոն ժուռ, մադմուազել Սոֆի» ասելով, ապա ձեռք տվավ Լիզային և Ելենային, որոնց վրա նրանց առաջին հյուրերը ամենևին ուշադրություն չէին դարձնում։

Դիաչկովի քաղաքավարի վարվեցողությունը առաջին օրից տպավորություն գործեց տիկին Բարբարեի վրա։

Դիաչկովը յուր ընդունելության առաջին խոսքերը սերտած գեղեցկախոսությամբ արտահայտելուց հետո ասաց․

Այժմ ես ձեր դրացությամբ կարող եմ բոլորովին երջանիկ համարվել, մտածելով, թե ես կարող էի այնքան բախտավոր լինել, շահելով ձեր բարի համարումը․․․։ Ա՜խ, ի՞նչ էր իմ առաջին կացարանը․ կատարյալ դժոխք․ ոչ ոք չկար ժամանակ անցկացնելու, թեև ինձ մերձակա էին կենում գեներալ Կ․..ի և կնչազ Ն․․․ի գերդաստանները, բայց ի՞նչ ախորժանք նրանցից․․․ ճշմարիտն ասած, ես սաստիկ ատում եմ այդ ազնվականներին, չնայած որ նրանք ինձ հարգում էին և ոչ մի օր առանց ինձ ճաշ և ընթրիք չէին անում։ Բայց ի՞նչ նպատակով հաճախել այդպիսի գերդաստանների մոտ, դնում ես, այո՛, քեզ ընդունում են շատ սիրով, նստում ես, և ահա ծերունի գեներալն սկսում է շաղակրատել իր պատերազմական գործունեությունից՝ սկսյալ Պասկևիչից, Աբաս Միրզայից հասնում է Վորոնցովը, առանց ժամանակ տալու յուր աղջիկներին մի բան խոսելու։ Նրանք՝ խղճալիքը տհաճությունից տոչորվում են իրանց մտքի մեջ անիծելով իրանց դատարկաբան հորը։ Իսկ կնյազը ավելի հին ժամանակից է սկսում։ Ախտա Շահից, Հերակլից և գալիս մինչև Շամիլը։ Այժմ երևակայեցեք, կարելի՞ է այդպիսի փտած կոճղերի հետ ժամանակ անցկացնել։

Տիկին Բարբարեն և օրիորդ Սոֆին ծիծաղեցին, պատասխանելով, թե բոլորովին ուղիղ է նրա նկատողությունը։

Առհասարակ, շարունակեց Դիաչկովը, այստեղ սակավ են կատարյալ քաղաքակրթված ընտանիքներ, ուր կարելի լիներ զգալ ճշմարիտ հյուրասիրության համն ու հոտը. խնդրեմ իմ նկատմունքը ձեզ վրա չառնեք, որովհետև ձեր ընտանիքը այդ բանում կատարյալ բացառություն է կազմում։ Դիարկովից Պետերբուրգում հիանալի գերդաստաններ կան, արժե նրանց հետ ժամանակ անցկացնել։

Եվ մայր ու աղջիկ սկսան հարցնել Դիաչկովից Պետերբուրգի կյանքից։

Դիաչկովը պատմեց երկար ու երկար, առանց լռելու. բառերը, որոնց կամավ տալիս էր նա մի առանձին մուզիկական արտահնչություն, կարծես թե առնելու էին նրա բերանից։ Եվ ամեն խոսքի վերջավորությունը բերում էր յուր վրա՝ ցույց տալով, թե ինքը ժամանակով մայրաքաղաքում եղած է հասարակական խոսակցության առարկա։

Բայց երբ նրանից հարցրին, թե այժմ ինչով է պարապո՞ւմ, պատասխանեց.

Ավարտելուց հետո ինձ նշանակեցին Պետերբուրգ ում մի մեծ թաղի միրովոյ սուդյա, ես ատեցի այդ ստոր պաշտոնը և եկա Կավկազ, գուցե բարձր տեղեր գտնելու։ Այստեղ օկրուժնոյ սուդում անդամի տեղ են առաջարկում ինձ, բայց ես դարձյալ չեմ կամենում ստորացնել ինձ... Նախագահի պաշտոնը... այն ևս ակամայից, կարելի է համաձայնել... կամ պալատում անդամ... պրոկուրոր և կամ մի այդպիսի բան... թեև ծառայությունն առհասարակ ինձ անտանելի է, որովհետև ես սիրում եմ ազատ կյանք։ Այլև իմ գլխավոր նպատակն այն է, որ գնամ Փարիզ, մի քանի տարի մնամ այնտեղ, հետո գնամ Պետերբուրգ իրավաբանական պրոֆեսորի քննություն տամ։ Ինձ առավել սիրելի է համալսարանում պրոֆեսորի ամբիոնը, քան պալատում նախագահի աթոռը։ Այդ արդեն հիանալի է, երբ մարդ կանգնած ամբիոնի վրա ոգևորված պատմում է, զորօրինակ՝ քաղաքական իրավունքների մասին, և Թեմիդեսի հազարավոր աշակերտներ լուռ, հոգիացած լսում են նրան։ Այդ խոսքերը Դիաչկովն արտասանեց բավական կրքով և խորը հոգվոց հանելով։

Բայց այժմ բոլորովին անգո՜րծ եք, հարցրին նրանից։

Այժմ ես պարապում եմ խիստ ազատ վաստակով, պատասխանեց Դիաշկովը։ Արդարև ես մինչև այն աստիճան չեմ կարող ստորացնել ինձ, որ գնամ օկրուժնոյ սուդ կամ պալատ, ատյանում կանգնեմ և պաշտպանն որևիցե գործ, որպես անում են այստեղի փաստաբանները. բայց արհեստում չծուլանալու համար, երբեմն մեծ գործերում, երբ լինում են դժվար իրավաբանական հարցեր, ես գրում եմ միմիայն խնդիրներ, թեև խիստ չնչին վարձով, զորօրինակ՝ մի քանի հազար մանեթով։

Բոլորովին սուտ էր խոսում Դիաչկովը. նա ոչ միայն օկրուժնոյ սուդն ու պալատը չէր գնում գործեր պաշտպանելու, ինչպես հավատացնում էր յուր թեթևամիտ ունկնդիրներին, այլ հարյուր մանեթ գործի համար նա միրովոյ սուդերումն էր քարշ գալիս։ Միով բանիվ, նա քաղաքիս ամենաստոր փաստաբաններից մեկն էր, որին հանձնում են այն ամենակեղտոտ գործերը, որ յուր պատիվը պահպանող ոչ մի փաստաբան հանձնառու չէ լինում ընդունելու։

Հանկարծ նա նշմարեց անկյունում դրած դաշնամուրը։

Ա՜, այդ ո՜վ է ածում, հարցրեց նա զարմացք ձևացնելով յուր դեմքի վրա։

Սոֆին, պատասխանեց տիկին Բարբարեն։

Մադմուազել Սոֆի՜ն, կրկնեց Դիաչկովը ուրախությամբ։ Ա՜խ ես Պետերբուրգից դուրս գալուց հետո Կովկասում ոչ մի գերդաստանում չեմ լսած պիանոյի ձայն. ես հուսով եմ, որ օրիորդ Սոֆին այնքան ողորմ կլինի, որ այդ մեծ զվարճությունը կպատճառի ինձ։

Տիկին Բարբարեն սկսավ թախանձել յուր դստերը, որ նա նվագե։

Օրիորդ Սոֆին մեծ հոժարությամբ մոտեցավ պիանոյին և սկսավ նվագել շատ վատ։ Բայց Դիաչկովն անդադար ծափահարելով, դառնում էր դեպի տիկին Բարբարեն՝ ասելով.

Այս արդեն հրաշք է... ա՜խ, որքան հիանալի նվագում է մադմուազել Սոֆին, Պետերբուրգում սակավ աղջիկներ միայն կարքղ են այդպես նվագել։

Օրիորդը ոգևորված այդ գովասանքով նվազեց ամբողջ կես ժամ, նա երգեց և մի ռոմանս, նույն միջոցին Դիաշկովը զմայլմունքից ինքը նույնպես յուր խռպոտ ձայնը խառնեց նրա ձայնի հետ Օրիորդը վերջացնելուց հետո, Դիաչկովը մոտեցավ նրան և մինչև գետին խոնարհվելով շնորհակալություն արավ, ավելացնելով, թե այնուհետև չէր ցանկանա լսել Մոցարտին և Բեթհովենին՝ նրա նվագը լսելուց հետո։

Ապա ինքը Դիաչկովը նստավ պիանոյի մոտ և նվազեց երգելով մի սոնետ. նրա անախորժ ձայնը այնպես նման էր կատվի մլավյունի հնչյուններին, որ Գրիգոլի ծիծաղը շարժեց, որ լուռ նստած լսում էր։ Բայց Դիաչկովը յուր երգը կիսատ թողնելով հեռացավ պիանոյից՝ հավատացնելով, թե համալսարանում շատ պարապմունքի պատճառով կրծքի հիվանդությունը զրկեց նրան յուր անուշ ձայնից, եթե ոչ, նա մի անգամ Պետերբուրգում գրաֆ Տամրալովսկու տանը մրցության մեջ մտավ իտալացի առաջին երգիչ Կասոնի հետ և ինքը տարավ մրցանակը։

ԼԱ

Քաջբերունին քաղաք գնալուց հետո ամբողջ մի ամիս հիվանդ պառկեցավ, մինչև նրա առողջությունը փոքր֊ինչ ուղղվեցավ. բայց այնուհետև երկու ընկերները չկամեցան ամառանոց գնալ, որովհետև քաղաքում ևս բավական հով էր եղանակը։

Մի օր նրանք նստած էին. Արամյանի դեմքը չէր ցույց տալիս բոլորովին ուրախ արտահայտություն, կարծես թե ներքին թախիծներ վրդովում էին նրա սիրտը, մինչև նա ընդհատեց լռությունը՝ խոսելով.

Սմբատ, մի՞թե միշտ այսպես անպաշտոն և անգործ պիտի մնանք մենք։

Այո՛, պատասխանեց սառնությամբ Քաջբերունին, որովհետև նա, ով որ պիտի մեզ պաշտոն տա, ռոճիկ տա, մենք նրա համար անպիտան կարասիներ ենք, այլ խոսքով մենք նրա գործին անհարմար ենք։

Ի՞նչ պետք է արած, տհաճությամբ հարցրեց Արամյանը։

Ի՞նչ պետք է արած, կրկնեց - Քաջբերունին, և նրա երեսի վրա երևեցավ թթու արտահայտություն։ Կամենո՞ւմ ես պաշտոն... պրծավ գնաց...

Մի՞թե այդ կարելի է անել։

Ուրեմն գո՛հ եղիր աղքատությամբ։

Բայց ա՞զգը, հարցրեց Արամյանը։

Ազգը ի՞նչ։ - Քաջբերունին։ Նա մեզ հաց չի՞ տա։

Կտա, եթե նրա ոտքերը լիզես և նրա քմացը համար խունկ ծխես։

Նրանց խոսակցությունն ընդհատեցավ, երբ ներս մտավ Դիաչկովը՝ ուրախության ծիծաղը երեսին։

Նա առանց ողջունելու և առանց նրանց ձեռք տալու, զլխարկը վերցրեց և կանգնելով նրանց առջև՝ ասաց.

Շնորհավորեցեք, պարոններ, իմ քաջագործությունը, այսօր ես տարա սուդում մի այնպիսի փառավոր գործ, որ կատարյալ հրաշք է. վասն որո, եղբարք, երեք հազար մանեթ գրպանեցի...

Տո՛, Թաթոս, դու ի՞նչ օրենք գիտես, որ քո տարած գործն ինչ լինի, ասաց նրան Արամյանը։

Եղբայր, օրենք գիտենալն այս քաղաքում ոչինչ նշանակություն չունի, պատասխանեց Դիաչկովը կծու կերպով։ Ահա քո ընկերը ևս մագիստրոսի դիպլոմը ծոցում պարապ տանը նստած է. միայն այստեղ գլխավորապես պետք է լինել սիրենա և կարողանալ գրավել օրենքը, դատաստանը և դատավորները։

Քաջբերունին լուռ լսում էր նրանց։

Ինչո՞վ, հարցրեց Արամյանը։

Ինչո՞վ, կրկնեց Դիաչկովը. ծիծաղելի հարց. «տո՛ւր կայսերն կայսեր, և աստծույն աստծո» ահա՛ թե ինչով։

Կարելի է այդ աստիճան ստորանալ, կեղտոտ գործիք դառնալով անպիտան մարդկանց լումայասիրության, հարցրեց Արամյանը։

Արդարը միշտ սովից մեռնում է, եղբայր, պատասխանեց նրան Դիաչկովը։

Արամյանը կամենում էր մի խոսք ևս ասել, բայց նրան ընդհատեց Քաջբերունին` ասելով․

Ես բոլորովին համաձայն եմ քեզ հետ, պարոն Դիաչկով այսօրվա օրում ով չգիտե ստախոսել, հաճոյամոլությամբ կեղծավորել և ուրիշի կամքին ու նպատակներին զոհել յուր ամենայնիվ և ամենասուրբ զգացմունքները, չէ կարող արծաթ շահել։ Որովհետև մեր քաղաքական կյանքը, դժբախտաբար, այնպիսի հանգամանքների մեջ է դրված, որ դրանք անհրաժեշտ պիտույքներ են եղած։ Եվ մենք մի քանի րոպե առաջ սույն նյութերի վրա էինք խոսում, դու ընդհատեցիր մեզ։

Քաջալերվելով Քաջբերունու խոսքերից, որ նա խոսեց կծու արհամարհանքով, Դիաչկովն ասաց. Եղբայրը, ճշմարիտն ասած, դուք խիստ հիմար գաղափարների եք ծառայում, մի խոսքով դուք լոկ օդ եք կուլ տալի, իսկ այդ ձեր փորին սնունդ չի տալ, պետք է ժամանակի հանգամանքների հետ ընտելանալ և արևահայաց ծաղկի նման արևը ո՛ր կողմից ծաղկե, դեպի այն կողմը պետք է շրջել յուր դեմքը։

Դեպի ամեն կողմ թեքվել, դեպի ամեն կողմ խոնարհվիր այդ կատարյալ կապկություն է, խոսեց Արամյանը։ Մինչդեռ պատիվը պահպանելը միշտ եղել է և պիտի լինի սուրբ։

Աղքատը ոչինչ պատիվ չունի, պատասխանեց Դիաչկովյը պատիվը արծաթի մեջ է և առանց ձեր ասած կապկության չէ կարելի արծաթ վաստակել։

Ուրեմն ամենայն սուրբ բան պիտի զոհել արծաթին։

Այո՛, որովհետև նա միակ գերագույն սրբազան էակն է տիեզերքում, վճռական կերպով պատասխանեց Դիաչկովը։

Ահա՛ քեղ լոգիկա, ծիծաղելով խոսեց Արամյանը։

Եղբայր, դու ուղիղ ես, դարձավ դեպի Դիաչկովը Քաջբերունին, կյանքի մեջ դու քո դասը ավելի լավ ես սերտել, քան թե մենք, դու գնում ես մի ճանապարհով, որտեղից խուժանը ստեպ ընթանալով դարձել է հարթ և հավասար, բայց մեր ճանապարհը փշոտ է և շատ էլ բանուկ չէ...։ Դու պաշտիր արծաթը, քո աստվածը, մենք էլ ունինք մեր հպարտությունը և գոհ ենք մեր աղքատությամբ։

Դրանք թող մնան, դատարկ խոսքեր են, չարժե խոսել դրանց վրա, նրա խոսքը կտրեց Դիաչկովը։ Բայց ես, պարոն Քաջբերունի, հատկապես եկա ձեզ մոտ, շնորհակալ լինել քո հիվանդության համար։ Բոլորովին ճշմարիտ է առակը, թե «մեկի դժբախտությունը մյուսին բախտավորում է»։ Այո', քո փառավոր հիվանդությունը պատճառ տվավ քեզ և նախանձավոր ընկերիդ հեռանալ Կոջորից և թողնել այնտեղ ձեր նվիրական կացարանը բոլորովին իմ տիրապետության ներքո, որի մեջ մի անկյուն ինձ տալու դուք զլացաք։

Այդ խոսքերով ի՞նչ ես կամենում ասել, շտապով հարցրեց Արամյանը։

Այն, պատասխանեց Դիաչկովը՝ ուղիղ նայելով Արամյանի երեսին, ինչ որ ես ցանկանում էի, այսինքն՝ իմ դրացությունս առիթ տվավ ինձ ծանոթանալ Հացի-Գելենց, հետևապես նաև օրիորդ Սոֆիի հետ։ Այդ մի մեծ բախտ չէր, Թաթոս Իվանիչ, պատասխանեց Արամյանը արհամարհական ծիծաղը երեսին․ որի մասին հարկավոր լիներ այդպես հրճվանքով խոսել։

Ի՞նչ բախտ կարող է լինել դրանից մեծ,- պատասխանեց Դիալկովը ջերմեռանդությամբ։ Օրիորդ Սոֆիի ամեն մի խոսքը, նրա ամեն մի ժպիտը, վերջապես նրա ամեն մի համբույրը... այդ արդեն կյանք է և անմահություն․..։

Բոլորովին սուտ ես խոսում, պատասխանեց Արամյանը, և նրա դեմքը գունատվեցավ ներքին վրդովմունքից։

Երդվում եմ աստուծով։

Չեմ հավատում։

Երդվում եմ պատվովս։

Չեմ հավատում։

Ի՞նչ տեսակ մարդ ես դու։

Ի՜նչ եք վիճում, նրա խոսքը կտրեց Բաջբերունին։ Ի՜նչ մի զարմանալի բան կա այստեղ դժվար հավատալու։

Արամյանը լռեց։ Նրա երեսի գույնը ստեպ-ստեպ փոխվում էր։ Դիաչկովը սկսավ պատմել, թե ինչ հնարքով նա ծանոթացավ Հացի-Գելենց հետ, և այնուհետև ի՛նչպես նա տիրեց օրիորդ Սոֆիի սրտին, և նա պատմեց յուր բոլոր սիրաբանությունները օրիորդի հետ։

Թեև քո պատմության մեծ մասը զարդարված է ստախոսութան ներկերով, բայց դարձյալ նրա մեջ կան մի քանի հավատալիքներ, պատասխանեց Քաջբերունին։ Զարմանալի չէ, որ օրիորդ Սոֆին ունեցել է քեզ հետ սիրաբանություններ, այդ արդեն ինստիտուտական օրիորդի իսկական հատկությունն է։ Այդպես են այդ աղջկերքը, դրանցից յուրաքանչյուրը նախ և առաջ կսիրահարվի մի գիմնազիստի վրա, հետո իրան սիրական կընտրե մի որևիցե դերասան, իսկ այնուհետև երբ նա յուր ճաշակը փոքրինչ կրթված համարի, կփաթաթվի ամեն մի ուսանողի շլինքով, որոնք հաճախում եմ նրանց տուն իբրև հյուր. այնուհետև սատանան գիտե, թե ինչ է դառնում այդ տեսակ թեթևսոլիկ աղջկերանց վերջը։

Արամյանը տհաճությամբ լսում էր։

Դիաչկովը նույնպես տխրեց, երբ յուր սիրո առարկայի վրա այդպիսի նկատողություններ արին։

Նրանք եկե՜լ են Կոջորից, հարցրեց Արամյանը Դիաչկովից։

Հապա այս ցրտում ո՜վ կմնա ամառանոցում, պատասխանեց Դիաչկովը։ Երրորդ օրն է, որ նրանք եկած են. այսօր ես շնորհ ունիմ նրանց մոտ ճաշելու։

Ուրեմն այդպե՞ս... ուղիղ Դիաչկովի երեսին նայելով խոսեց Արամյանը։

Ինչ կա որ. քո սրտին ինչո՞ւ է դիպչում, հարցրեց նրան Դիաչկովը։

Ոչինչ..., պատասխանեց Արամյանը։

Այդ խոսակցությունը տևեց մի քանի րոպե ևս, մինչև Քաջբերունին տաղտկացավ։

Չարժե դրա վրա այդքան խոսել, ասաց նա։ Պատմի՛րր, ին՞չ նոր լուր գիտես, պարոն Դիաչկով։

Ահա՛ ձեզ նոր լուր, ինձ առաջարկում են միրովոյ սուդիայի պաշտոն նահանգում, բայց ես չեմ ընդունում։

Ինչո՞ւ, Թաթոս։

Նահանգում միրովոյ սուդիա լինելու համար չարժե հեռանալ քաղաքի զվարճություններից, առանց դրան էլ իմ դրությունս այստեղ բոլորովին ապահոված է։

Քանի՞ հազար ես որսացել մինչև հիմա։

Ո՛չ ավելի, քան տասն հազար...

Եվ Դիաչկովը նայեց ժամացույցին, իսկույն կանգնեց, առավ գլխարկը և հեռացավ ասելով.

Ինձ ներեցեք, արդեն ճաշին քառորդ ժամ է մնում, ինձ կսպասեն Հացի-Գելենց տանը։

Ահա՛ այդպիսի հիմարները կարողանում են փառավորապես ապրել այս աշխարհում, որովհետև նրանք տալիս են «կայսերն կայսեր, և աստծույն աստուծո»։ Զզվելի՜ կեղծավորություն..., ասաց Քաջբերունին՝ ներքին վրդովմունքով։

Բայց Արամյանը համարյա չլսեց այդ խոսքերը, նա սաստիկ կերպով խռոված էր։ Դիաչկովի խոսքերը Հացի-Գելենց մասին հարուցին նրա սրտում անախորժ զգացմունքներ։

Be the first who will comment on this

Other parts of "Զահրումար"

Yatuk Music
Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling
George Gurdjieff

Holy Affirming, Holy Denying, Holy Reconciling

Karmravor
Karmravor
Play Online