Raffi

Սամվել

Թ, Ժ

Թ

ԱՐՏԱԳԵՐՍ

«Ապա իբրեւ ետես տիկինն աշխարհին Հայոց, կինն Արշակայ թագաւորին Հայոց՝ Փառանձեմ, զզօրս թագաւորին Պարսից... առեալ ընդ իւր մարդիկ իբրեւ մետասան հազար՝ ազատս ընտիրս սպառազէնս պատերազմողս, եւ հանդերձ նոքօք դիմեաց եմուտ ի բերդն Արտագերից՝ որ ի յերկրին Արշարունեաց... Ապա եկին հասին ամենայն զօրքն Պարսից, շուրջ զբերդաւն նստէին, պահ արկանէին, պատեցին պաշարեցին... Եւ նստան շուրջ զբերդաւն ամիսք երեքտասան եւ առնուլ զբերդն ոչ կարացին, զի կարի ամուր էր տեղին»:

Փաւստոս:

Զարեհավանի եղեռնագործություններից հետո, Շապուհը ուղղակի դիմեց Արտագերս բերդը, որի մեջ ամրացած էր հայոց Փառանձեմ տիկինը՝ արքայական գանձերի հետ: Պարսից ընչաքաղց թագավորին այնքան չէր հրապուրում հայոց արքայի գանձերը, որքան հայոց արքայի կինը: Նրան ձերբակալելով նա ամբողջ Հայաստանը ձերբակալած էր համարում: Թագավորին վաղուց արդեն յուր ճանկերի մեջ ուներ նա: Մնում էր թագուհին:

Արտագերսը ուներ յուր տխուր պատմությունը: Նա Արշարունյաց գավառի ամուր և անմատչելի բերդերից մեկն էր, որ նախ պատկանում էր Կամսարականներին: Արշակ թագավորը խիստ ապօրինի միջոցներով խլեց նրանցից այդ բերդը և սեփականեց իրան: Այժմ անիրավությամբ հափշտակված բերդը նրա կնոջ ապաստարանն էր դարձել:

Տիկինը մտավ այդ բերդը տասնևյոթ հազար հոգով, որոնցից տասն և մեկ հազարը տղամարդիկ էին, իսկ վեց հազարը կանայք: Այդ բազմության մեծ մասը բաղկացած էր հայոց իշխանական տոհմերից, որոնք տագնապի ժամանակ միայնակ չթողին իրենց թագուհուն:

Մի քանի ամիսների համառ պաշարումից հետո, մի քանի ամիսների սաստիկ կռիվներից հետո, Շապուհը յուր բաղձանքների մեջ բոլորովին հուսախաբ գտնվեցավ: Նրա զորքերի անթիվ բազմությունը, իրանց ռազմական ահարկու պատրաստություններով, ո՜չ միայն բերդը գրավել չկարողացան, այլ ամեն անգամ պաշարվածներից չարաչար ջարդ կերան: Արյաց արքայից արքան, որի առջև ամբողջ արևելքն ու արևմուտքը դողում էր սարսափից, սկսեց կատաղությունից մրրկածուփ ծովի նման ալեկոծվիլ, սկսեց գազանային բարկությամբ փրփրիլ, երբ տեսնում էր, որ յուր բոլոր զորությունները ապադյուն կերպով փշրվում էին, խորտակվում էին Արտագերսի անսասան ապառաժների վրա:

Ծա՛նր էր Շապուհի դրությունը: Նա ընկել էր այն սոսկալի ցանցի մեջ, ուր Երասխը և արագավազ Ախուրյանը, հատանելով լեռնային սարավանդները և, խորին կիրճերի ու խոխոմների միջով ընթանալով, վերջապես, գրկվում են, իրանց ուժերը միացնում են, բազմաթիվ անհնարին որոգայթներ պատրաստելով հայոց թշնամիների համար: Այդ գետերի մթին քարանձավներում մի ժամանակ որջացած էին հայոց վիշապները և սարսափ էին տարածում դեպի ամեն կողմ: Իսկ այժմ իրանց թագուհու հետ ամրացած էին հայոց հսկաները: Հսկաները գործ ունեին արևելքի ահարկու հսկայի հետ:

Այնտե՜ղ, ուր Ախուրյանը և Երասխը միանում են միմյանց հետ, կազմելով մի սուր եռանկյունի, այնտե՜ղ, ուր սեղմված էր հին Երվանդաշատը, որի բարձրադիր որձաքարյա ամրության վրա ոտք դնելով, Երվանդը մինչև Արշակունիների գահը բարձրացավ, այնտեղ կանգնած էր և Արտագերսը, ոչ այնքան հեռու հիշյալ բերդից: Նա կանգնած էր բարձր, կապտագույն ապառաժների վրա, և նրա ստորոտում, խորին անդունդի մեջ, որոտում էր Կապույտ գետը:

Արտագերսը ծանոթ էր Հռոմին, ծանոթ էր և Բյուզանդիային: Կայիոս կեսարը, Օգոստոս կայսրի որդեգիրը, նրա հզոր պարիսպների մոտ մահացու վերք ստացավ բերդի Ատտոն իշխանից: Իսկ Շապուհը համառությամբ պաշարումը շարունակում էր, համոզված լինելով, որ եթե զենքի ուժով չկարողանա գրավել, անշուշտ քաղցը և սովը կստիպեն անձնատուր լինել: Բայց բերդի ամբարներում բավական պաշար կար:

Նա բնության մեծ հրաշալիքն էր, որի հետ մարդը մաքառելու համար խիստ անզոր միջոցներ ուներ: Ժամանակի ռազմական անոթները ո՜չ հասնել և ո՜չ ազդել կարող էին նրա անմատչելի, բարձրադիր ամրությունների վրա:

Ավելի քան բերդի ամրությունը անխորտակելի էր պաշարյալների եռանդը: Անձնազոհությունը չափ և սահման չուներ: Ազատանի կանայք գիշերները պարիսպների վրա էին պառկում: Ազատանի օրիորդները անքուն հսկում էին աշտարակներից թշնամու ամեն մի շարժումը: Ինքը թագուհին յուր ձեռքով էր դարմանում յուր զինվորների վերքերը: Այր և կին վառված էին հայրենասիրության ջերմ ոգվով, և մեկը մյուսին աշխատում էր գերազանցել: Եվ բոլորին ոգևորողը, բոլորին քաջությունը բորբոքողն էր ինքը թագուհին:

Մի անգամ Շապուհը հրամայեց վճռական հարձակում գործել: Պարսից վահանափակ և ասպարապատ զինվորները բարձրացան մինչև բերդի պարիսպները: Կռվում էին նրանք հերոսաբար, և բերդից կարկուտի նման տեղացող նետերը չէին կարողանում զսպել նրանց կատաղությունը: Թագուհին, զրահավորված, կանգնել էր պարսպի վրա և խրախույս էր տալիս յուր զինվորներին: Մի նետ դիպավ նրա ուսին, ծակեց զրահը, և ցցված մնաց յուր տեղում: Զորապետներից մեկը շտապով մոտ վազեց, ձեռքը մեկնեց, որ դուրս քաշե նետը: «Ինչո՞ւ ես իզուր ժամանակ կորցնում, նկատեց նրան թագուհին, այդ հետո էլ կարելի է հանել»: Այդ խոսքը այն աստիճան ազդեց, որ զինվորները, խորին քաջալերություն ստանալով, կրկնապատկեցին իրանց եռանդը, և վանեցին թշնամուն պարիսպների մոտից:

Երբեմն գիշերով, երբեմն ցերեկով, բերդից դուրս էին գալիս զանազան խումբեր և զարկվում էին պարսիկների հետ: Այդ փոքրիկ խմբակները, հանկարծահաս կայծակի նման, ոչ միայն շփոթում էին թշնամու ամբողջ բանակը, այլ շատ անգամ հաջողվում էր նրանց՝ գերիներով կամ ավարով ետ դառնալ:

Պաշարման համեցողությունը, հաջողության հապաղումը վրդովեցնում էր Շապուհին: Արտագերսի պարիսպների մոտ նա երկար մնալ չէր կարող: Պարսկաստանից ավելի կարևոր գործեր կոչում էին նրան: Իսկ այնպես, առանց որևէ հետևանքի հասնելու, թողնել և հեռանալ, այդ թույլ չէր տալիս նրա անսահման գոռոզությունը: Երբ տեսավ, որ ուժը չէ ներգործում, նա դիմեց յուր սովորական խորամանկությանը: Պատգամավոր ուղարկեց թագուհու մոտ, մեծամեծ խոստումներով խնդրեց, որ երկու կողմից ևս զինադուլ լինի, և թագուհին ցած իջնե բերդից, գա նրա մոտ, հաշտության պայմանների մասին անձամբ բանակցելու համար: Թագուհին խստությամբ մերժեց, պատասխանելով, որ չէր ցանկանա մի այնպիսի խաբեբայի ոչ երեսը տեսնել և ոչ խոսել նրա հետ: Որքան և դառն էր վիրավորանքը, այնուամենայնիվ, պարսից արքայից արքան զիջավ՝ գոնե հեռվից խոսել նրա հետ: Ավագանին խորհուրդ տվեց թագուհուն՝ ընդունել վերջին առաջարկությունը:

Նշանակած օրը, ամբարտավան թագավորը միայնակ, և միայն Մերուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ, մոտեցավ բերդի ստորոտին: Եվ որպեսզի ձայները հասնեն միմյանց, նրան թույլ տվին ոտով մինչև պարիսպները բարձրանալ: Այստեղ նրա համար պատրաստված էր մի փառավոր բազմոց, և մի խումբ պալատականներ կանգնած էին ընդունելու: Նա եկավ, բայց տհաճությունը թույլ չտվեց նրան նստել, մնաց ոտքի վրա: Այդ միջոցին, աշտարակի վրա, շրջապատված յուր նախարարներով, հայտնվեցավ թագուհին: Բարձրահասակ, վայելչագեղ տիկինը, յուր ավագների խումբի մեջ, հանդիսանում էր որպես մի հրաշափառ աստվածուհի: Տեսնելով, նրան, Շապուհը ներքևից ձայն արձակեց.

Դո՜ւ, որ այդքան գեղեցի՛կ ես, տիկին, քեզ համար, որ Արշակ թագավորը այն աստիճան խելագարվեցավ, որ յուր դժբախտ եղբորորդու, Գնելի արյունը թափելով, քեզ հափշտակեց նրա ձեռքից, դո՛ւ, տիկին, ավելի նազելի կլինեիր, եթե այդ սքանչելի գեղեցկությանդ հետ` փոքր-ինչ խելք ու խոհեմություն ունենայիր: Բայց սյունեցուն չէ տված խելքը, չէ տված և խոհեմությունը: Նրան տված է վայրենի կոպտությունը և անսանձ հպարտությունը միայն: Նրա սիրտը, նրա միտքը, յուր լեռների ապառաժների նման, կոշտ է և անզգա: Այդպես էր քո հայրը՝ Անդովկ իշխանը, այդպես էր և քո մայրը: Ես քո մոր մարմինը, յուր հանդուգն համարձակախոսության համար, մաս-մաս հոշոտել տվի Զարեհավանի ավերակների մոտ: Ես քո բոլոր ազգատոհմը ջնջեցի: Մնում են քո եղբայրները միայն, որոնք գտնվում են իմ գերիների թվում: Նրանց ևս սպասում է նույն ցավալի վախճանը, եթե դու, տիկին, կշարունակես քո համառության մեջ մնալ: Ինչո՞ւ ես ամրացել այդ բարձրության վրա: Միթե այդ ապառաժները կարո՞ղ են փրկել քեզ: Մե՛ծ է արյաց արքայից արքայի զորությունը և սոսկալի է նրա բարկությունը: Նրա ահավոր շունչից լեռները մոմի նման հալվում են և ծովերը ցամաքում են: Իսկ դու, տիկին, անմտությամբ կղզիացած ես այդ քարերի գագաթների վրա, առանց մտածելու, որ ալիքները կբարձրանան, մրրիկը կփոթորկվի, և այդ ողորմելի կղզին կկորչի, կանհետանա իմ բարկության անողոք հոսանքի մեջ... Ինչո՞ւ ես ամրացել այդտեղ: Դրանով դու չես կարող ազատել, տիկին, ոչ քո անձը և ոչ քո երկիրը: Ամբողջ Հայոց աշխարհը իմ ոտքի տակն է: Բավական է մի թեթև ճնշում, և նա մոխիր կդառնա: Քեզ համար, տիկին, մի ա՜յլ հույս չկա, բացի իմ մեծահոգությունը: Նրա վրա հենվի՜ր, և քեզ փրկություն կլինի: Եթե դու կին չլինեիր, ես քեզ չէի ների: Բայց կներեմ, որովհետև կին ես: Ցած իջի՜ր այդ բարձրությունից, համբուրի՜ր արյաց արքայից արքայի ոտքերի փոշին, և նա ողորմած կլինի դեպի քեզ:

Թագուհին անվրդով կերպով լսում էր: Վրդովված էին միայն նրա նախարարները, վրդովված էր և ավագանին: Այդ սպառնալիքների պատասխանը կարող էր լինել մի նետ, որ վերևից արձակելով, կլռեցներ գազանին: Եվ նախարարները պատրաստ էին հարվածելու նրան, եթե տիկնոջ լուռ ակնարկությունը չզսպեր նրանց բարկությունը: Նա չկամեցավ դավաճանին դավաճանությամբ պատասխանել, և յուր ամրոցի դռնից հյուրի դիակը ետ ուղարկել:

Նա պատասխանեց.

Լսի՜ր, Շապուհ, դու թագավորի վեհության հետ կորցրել ես և՜ թագավորի քաղաքավարությունը: Դու մոռանում ես, որ խոսում ես թագուհու հետ, դու մոռանում ես, որ խոսում ես կնոջ հետ: Դու ինձ հիշեցնում ես, Շապուհ, քո գազանային վարմունքը իմ մոր և իմ ազգատոհմի հետ, և ամբարտավանությամբ պարծենում ես քո բարբարոսություններով: Բայց դու պետք է սարսափեիր քո կատարած եղեռնագործությունների առջև, եթե քո սրտում մարդկային զգացմունքի մի ամենափոքր նշույլ մնացած լիներ: Դու սպառնում ես ինձ, Շապուհ, այն աղետալի վախճանը, որով դատապարտվեցան իմ տոհմայինները: Բայց չես մտածում, որ այդ սպառնալիքը ավելի կբորբոքեր իմ վրեժխնդրությունը և ավելի կամրապնդեր իմ համառությունը՝ ձեռք չմեկնել այն մարդուն, որի ձեռքերը շաղախված են իմ մոր և իմ հարազատների արյունով: Դու ինձ ներումն ես խոստանում, և հրավիրում ես՝ ցած իջնել իմ ամրոցի բարձրությունից: Լավ մտածի՜ր, Շապուհ, այն բոլոր խաբեբայություններից հետո, որ դու մինչև այսօր գործ ես դրել մեզ հետ, միթե թողե՞լ ես մի ամենափոքր հավատարմություն՝ թե՜ դեպի քո խոսքը և թե՜ դեպի քո խոստմունքները: Այն օրից, որ դու իմ թագավոր-ամուսնին, որ քեզ շա՜տ և շա՜տ վտանգներից ազատել էր, այն օրից, որ դու նենգությամբ նրան քեզ մոտ հրավիրեցիր, և քո հյուրին, և քո մտերիմ դաշնակցին, վատությամբ Անհուշ բերդը աքսորեցիր, ա՛յո այն օրից դու զրկեցիր քեզ հայոց բոլոր հավատարմությունից: Դու հայոց աշխարհը քո ոտքերի տակն ես համարում, Շապուհ, և սպառնում ես՝ մի հարվածով ոչնչացնել նրան: Այդ ցնորքը իրականություն կլիներ, եթե պարծենկոտությունը, եթե անսանձ պոռոտախոսությունը քաջություն համարվեր: Չափազանց գոռոզությունը խլել է քո հիշողությունը, Շապուհ: Մտաբերո՞ւմ ես, թե քանի՜, քանի՜ անգամ քո զորքերի դիակները թողել ես մեր դաշտերի վրա, իսկ ինքդ միաձի փախել ես մեր երկրից: Եվ եթե քո բանակը այսօր դրած է իմ ամրոցի մերձակայքում, այդ ոչ քո և ոչ քո զինվորների քաջության շնորհիվն է: Այլ այդ քո նենգավորության և քո դավաճանության ամոթալի արդյունքն է, որ վայելում ես դու, Շապուհ: Դու իմ թագավոր-ամուսնին խաբեությամբ հեռացրիր յուր աշխարհից, և նրա երկիրը անտեր թողնելով, քեզ համար ճանապարհ բաց արեցիր: Եվ որպես ճարպիկ գողը օգուտ է քաղում տան տիրոջ բացակայությունից, նույնպես և դու մտար անպաշտպան երկիրը: Դու ավելի ցած գտնվեցար քո գողության մեջ, դու կաշառեցիր տան ծառաներին, և գիշերով դռները քո առջև բաց արին: Ահա՜ այդ տիրավաճառ և տիրանենգ ծառաներից երկուսը քեզ մոտ կանգնած են, երկուսին ևս, իբրև կաշառք, տվել ես քո քույրերին:

Նա ձեռքը տարավ դեպի Մերուժան Արծրունին և դեպի Վահան Մամիկոնյանը, և ապա շարունակեց.

Բայց մի՜ մոռանար, Շապուհ, հայոց աշխարհը դարձյալ տեր ունի. նախ նա, որ ամբողջ տիեզերքի տերն ու թագավորն է, նա ձեռքը տարավ դեպի երկինքը, երկրորդ, ե՜ս, որ խոսում եմ քեզ հետ, և ապա իմ որդին, որ այժմ գտնվում է կայսրների քաղաքում (Բյուզանդիայում): Սնոտի հպարտությունը և կույր անձնախաբեությունը մոլորության մեջ են դրել քեզ, Շապուհ: Լա՜վ մտածի՜ր, և ուշի ե՜կ Շապուհ: Եթե ամենքը կջնջվեն, եթե կմնա հայոց խրճիթներում մի թույլ աղջիկ միայն, նա դարձյալ կպատերազմե քեզ հետ: Բայց դեռ այդ տեղը չէ հասել: Դու չե՞ս տեսնում, որ քո բոլոր զորությամբ զարկվեցար այդ ամրոցի ապառաժների վրա, և ոչինչ ազդել չկարողացար: Բայց որքա՞ն այդպիսի ամրոցներ դեռ կան մեր աշխարհում, որոնց մեջ իմ նախարարները զենքը ձեռքում սպասում են քեզ: Դու ընկել ես հայոց լեռների որոգայթի մեջ, և շատ բախտավոր կլինես, եթե դուրս գալ կարողանաս: Գնա՜, Շապուհ, հեռացի՜ր այստեղից: Գնա՜, բորբոքի՜ր քո բոլոր չարությունները, և ինչ որ բարբարոսություններ, որ տակավին կարող ես կատարել, մի՜ խնայիր: Քո սպառնալիքները չեն կարող վախեցնել ինձ: Գնա՜: Այն բոլոր վատություններից հետո, որ դու գործ դրեցիր, այլևս մեր մեջ ոչինչ հաշտություն կայանալ չէ կարող: Քանի որ իմ թագավոր-ամուսինը հեծում է Անհուշ բերդում, Հայոց աշխարհը, վրեժխնդրության զենքը ձեռքում, կպատերազմե քեզ հետ...

Տեսնե՛նք... կատաղաբար մռնչաց գազանը, և սկսեց ցած իջնել բերդի բարձրությունից:

Անցավ համարյա մի ամբողջ ամիս:

Արտագերս բերդը զվարճանում էր ընդհանուր ցնծության մեջ: Փողոցները զարդարված էին, գույնզգույն դրոշակները ծածանվում էին աշտարակների բարձրության վրա: Բնակիչների խուռն բազմությունը լցրել էր հրապարակները: Այր և կին, տղա և աղջիկ պար էին բռնել և նվագարանների ուժգին հնչյունների եղանակով թնդեցնում էին գետինը: Արքայական պալատի շուրջը հավաքված էին` հարուստ զենքերով ու զարդերով պճնված զինվորականների ուրախ խումբերը:

Երեկ Շապուհը թողեց բերդի պաշարումը և հեռացավ դեպի Պարսկաստան: Այսօր բերդը տոն էր կատարում:

Արքայական պալատի ընդարձակ սրահներից մեկը շքեղ կերպով զարդարված էր: Մի կողմում, երկար սեղանի վրա, դրված էին թանկագին զգեստներ, գեղեցիկ զենքեր ու զրահներ, և զանազան տեսակ ոսկեղեն ու արծաթեղեն անոթներ, որոնց փայլը աչք էր շլացնում: Դրանք դուրս էին բերված թագավորական գանձարանից պարգևաբաշխության համար: Թագուհին, ամրանալով այդ բերդում, յուր հետ բերեց և թագավորական գանձը:

Շքեղազարդ բազմոցի վրա նստած էր թագուհին և գտնվում էր, օրվա պատշաճին վայել, փառավոր զգեստավորության մեջ: Այսօր հանդիսավոր ընդունելություն ուներ: Նրա չքնաղ դեմքը՝ յուր պալատականների ընդհանուր ուրախությունից` ավելի զվարթություն էր ստացել, թեև այդ բռնի զվարթությունը, որ ավելի պաշտոնական էր, հազիվ կարողանում էր սքողել այն խորին տխրությունը, որ թաքնված էր նրա գեղեցիկ աչքերում:

Այո՜, գեղեցի՛կ էր Սյունյաց աշխարհի այդ հրաշագեղ դիցուհին, և նրա գեղեցկությունն էր, որ Արշակ թագավորին կատարել տվեց մի եղերական գործ, որ միայն ծայրահեղ սիրահարությունը կարող էր արդարացնել...

Գլխին կրում էր փոքրիկ գոհարազարդ թագը, որ բոլորակ պսակի նման՝ հավաքել էր նրա սև գանգուրները, որոնք սփռված էին գունաթափ այտերի վրա, իսկ ետևից մանր հյուսերով ծածկել էին հարուստ թիկունքը: Սպիտակ շղարշը յուր թափանցիկ ծալքերով սքողում էր վեհափառ գլխի այդ սիրուն զարդը, որ նրա կախարդիչ դեմքին մի առանձին վայելչություն էր ընծայում: Ոսկյա գինդերը ծածկված էին գանգուրների սև ալիքների ներքո, և միայն վառվռուն ակների փայլը երբեմն երևան էր հանում նրանց ներկայությունը: Այդ թանկագին գինտերը այն աստիճան ծանր էին, որ ականջների փոխարեն, կարթաձև ճարմանդներով քարշ էին ընկած թագի երկու կողմից: Իսկ նրանց ծայրերը վերջանում էին զանգակաձև փնջիկներով, որոնց յուրաքանչյուրի մեջ բռնված էր մի-մի խոշոր գոհար: Մի մարգարատաշար շղթա միացնում էր գինդերի երկու ծայրերը և իջնում էր մինչև կուրծքը: Պարանոցին կրում էր նույնպես գոհարազարդ մանյակը, որից քարշ էր ընկած արքայական լանջաց պատիվը, որը ճաճանչավոր լուսնի ձև ուներ և հանգչում էր փառավոր կուրծքի վրա: Հոլանի բազուկները զարդարված էին ոսկյա ապարանջաններով, իսկ աջ ձեռքի ճկույթի վրա փայլում էր թագուհու հատուկ մատանին: Նա հագել էր ծիրանի պարեգոտ, որ երկար և մեղմ ալիքներով իջնում էր մինչև ոտները, որ կրում էին նախշուն, մարգարտահյուս մաշիկներ: Մեջքը պնդած էր միաձույլ ոսկյա լայն կամարով, որի ծայրերը առջևից կցված էին երկու ականակուռ վահանակներով: Ուսին կրում էր թեթև սամույրենի թիկնոցը, որ պատած էր վարդագույն թավիշով:

Նրա աջ կողմում, առաջին տեղում, կանգնած էր Մուշեղ Մամիկոնյանը՝ հայոց զորքերի ընդհանուր սպարապետը: Հետո Սահակ Պարթևը՝ Ներսես Մեծի որդին: Դրանցից ներքև, իրանց աստիճանի և տոհմային գերազանցության համեմատ, կարգով շարված էին զանազան նախարարներ և զանազան ավագներ: Վերջինների թվումն էր Մեսրոպ տարոնեցին: Իսկ ձախ կողմում, նույն կարգով, կանգնած էին ազատանի կանայք և օրիորդներ, որոնք իրանց ամուսինների հետ բերդն էին մտել: Բոլորի դեմքերի վրա նկարված էր անսահման ուրախություն, բոլորի աչքերը փայլում էին խորին բերկրությամբ:

Հանդիսականներից ոչ ոք նստած չէր, բացի Խադ եպիսկոպոսը, Ներսես Մեծի տեղապահը, որին նա յուր փոխանորդ կարգեց, երբ ուղևորվեցավ Բյուզանդիա:

Դրսից լսելի էին լինում նվագարանների ձայներ, և ամբողջ բերդը թնդում էր ցնծության աղաղակներով: Իսկ սրահում տիրում էր խորին լռություն:

Թագուհին դարձավ դեպի հանդիսականները այդ խոսքերով.

Երկարատև պաշարումից հետո, վերջապես, Շապուհը թողեց մեր բերդը: Նրա բոլոր ահարկու զորությունները փշրվեցան մեր ապառաժների վրա: Բայց ավելի քան ապառաժների ամրությունը, անխորտակելի եղավ ձեր քաջությունը, ձեր անձնազոհությունը, իմ սիրելի զորապետներ: Տերը ուժ տվեց ձեր բազուկներին և դուք իբրև լավ հերոսներ, հերոսաբար կռվեցաք մեր հայրենիքի վայրագ թշնամու հետ: Դուք ապացուցեիք, որ նրա արժանավոր զավակներն եք: Դա՛ռն էր այդ երկարատև պատերազմը և լի ցավալի աղետներով: Դա՛ռն էր, կրկնում եմ, որովհետև, բացի օտար թշնամուց, մենք ստիպված էինք կռվել և մեր հարազատների հետ: Մեր թշնամուն առաջնորդում էին մեր հարազատները: Որդին կռվում էր հոր դեմ, եղբայրը՝ եղբոր դեմ: Եվ դրա մեջն էր ձեր հայրենասիրության բարձր ոգին, որ դուք չխնայեցիք ձեր տոհմայիններին և նրանց զենքերին զենքով պատասխանեցիք: Գովում եմ ձեր առաքինությունը և տալիս եմ իմ մայրական օրհնությունը:

Ամենքը լռությամբ գլուխ խոնարհեցին, արտահայտելով իրանց խորին շնորհակալությունը: Նա շարունակեց.

Բայց դեռ շատ գործեր են մնում մեզ կատարելու, և ամենադժվար գործեր: Մենք թշնամուն վանեցինք մեր բերդի չորեք կողմից, բայց ոչ մեր աշխարհից: Մենք պաշտպանեցինք մեր անձերը, բայց ոչ մեր աշխարհը: Մեր աշխարհը, մեր սիրելի աշխարհը, դեռ դրած է նրա բարբարոսության առջև: Ես տարակույս չունեմ, որ Շապուհը, այնպես ամոթալի կերպով հեռանալով մեր բերդի ստորոտից, պիտի կարողանա՞ արդյոք մոռանալ այդ դառն վիրավորանքը: Նա յուր մաղձն ու թույնը կթափե, անշուշտ, մեր աշխարհի մյուս անպաշտպան մնացած տեղերի վրա: Իսկ այսպիսի տեղեր սակավ չեն: Մեր նախարարներից ոմանք այնքան երկչոտ գտնվեցան, որ իրանց երկիրը թողին անտեր և փախան դեպի զանազան կողմեր: Նրանց ամրոցները գրավել է թշնամին: Նրանց ընտանիքները բանտարկված են իրանց սեփական ամրոցների մեջ և պահվում են որպես պատանդ: Բացի դրանցից, Զարեհավանի ցավալի արյունահեղությունից հետո, ուր Շապուհը ցույց տվեց յուր գազանային կատարյալ վայրագությունը, մեր գերիներից դեռ ստվար բազմություն գտնվում է թշնամու ձեռքում: Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ մեր եղբայրները ու քույրերը գերության մեջ են գտնվում: Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ կմնա այն անպատվության մուրը, որ քսեց Շապուհը մեր նախարարների երեսին, նրանց կանանցը և օրիորդներին մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև... Դա՛ռն է, սաստիկ դա՛ռն ինձ՝ մի ըստ միոջե հիշել, թե որքա՜ն անթիվ են մեր տառապանքները, և որքա՛ն անբժշկելի են մեր վերքերը: Ես իմ հույսը դրել եմ աստուծո օգնության և ձեր հայրենասիրության վրա, ո՜վ քաջեր, և աներկբա եմ, որ դուք այսուհետև ավելի մեծ եռանդով կապացուցանեք, որ արժանի եք ձեր կոչմանը...

Նրա քաղցր և ազդու ձայնը, որ մետաղի հնչյուններով արձագանք էր տարածում ընդարձակ սրահի մեջ, նրա ոգելից խոսքերը, որ կրակի նման հեղվում էին բոցավառ շրթունքներից, խորին տպավորություն գործեցին բոլոր հանդիսականների վրա, որոնք կրկին և կրկին գլուխ խոնարհեցին արտահայտելով իրանց անձնանվիրության անկեղծ հավաստիքը:

Հետո խոսեց եպիսկոպոսը.

Հայրենիքը վտանգի մեջ է, այո՜, բայց ավելի մեծ վտանգի մեջ է եկեղեցին: Պարսկական պղծությունը արդեն մուտք է գործել մեր տաճարներում: Մեր սուրբ սեղանների վրա վառվում է որմզդական կրակը: Մոգերով ու մոգպետներով լցված են մեր վանքերը: Միանձնուհիք հալածվում են, իսկ միանձանց բռնադատում են պաշտոն տանել կրակին: Մեր նախարարներից ոմանք, պարսից արքային ավելի հաճոյանալու համար, իրանց տներում ատրուշաններ են կառուցել: Մեր բազմաչարչար Լուսավորիչ հոր դառն աշխատանքներով հիմնած եկեղեցին այժմ կործանվելու մոտ է: Պարսիկը շատ անգամ արշավել է մեր երկիրը, շատ անգամ հաղթել է մեզ, և շատ անգամ հաղթվել է մեզանից: Մեր երկիրը միշտ ողողված է եղել անընդհատ պատերազմների արյունով: Բայց անցել են կռվի ու կոտորածի տխուր օրերը, և արյան հետքերի վրա՝ կրկին ծաղկել է ժողովրդի կյանքը և նրա բարօրությունը: Իսկ այժմ սպանվում է եկեղեցին, սպանվում է կրոնը, և յուր հետ դեպի հավիտենական մահ է տանում ամբողջ ժողովրդին: Օրհասը մոտ է, և այդ օրհասից փրկություն չկա: Դա մա՜հ է, որ հարություն չունի: Դա՜ ազգի մահն է: Դա՜ հայության մահն է: Որքա՛ն ազգեր, որքա՛ն ազինք, անհագ վիշապի նման, կլանեց Զրադաշտի սոսկալի դևը: Որքա՛ն սրբություններ այրվեցան նրա վառած կրակի անշեջ բոցերի մեջ: Պետք է մարել այդ կրակը, որ արդեն սկսել է բորբոքվիլ մեր աշխարհում: Պետք է մարել այդ հուրն ու բոցը, որ պիտի լափե մեր սրբությունները: Այո՜ պետք է մարել նրան, որ վերստին կյանք ստանա մեր եկեղեցին, որի մեջն է կայանում և մեր ազգի ու պետության կյանքը:

Թո՜ղ օրհնյալ լինի աստուծո կամքը, թո՜ղ տերը ինքը պահպանե յուր սուրբ եկեղեցին, իսկ մենք նրա ուխտապահ զինվորները կլինենք, միաձայն գոչեց ամբողջ ավագանին:

Թագուհին վերկացավ: Կրկին տիրեց լռությունը: Ուշիկ քայլերով մոտեցավ նա երկար սեղանին, որի վրա դրված էին պարգևաբաշխության համար պատրաստված իրեղենները: Այնտեղից վեր առեց մի սուր և, առաջարկելով եպիսկոպոսին, ասաց.

Սրբազան հայր, թշնամին սրով և արյունով մտցրեց յուր պղծությունը մեր սուրբ տաճարներում, մենք նույնպես սրով և արյունով պետք է մաքրենք մեր տաճարները այդ պղծությունից: Ահա՜ քեզ մի զենք, և օրինակ տուր քո պաշտոնակիցներին՝ դրանով նախանձախնդիր լինել եկեղեցու փառքին:

Եպիսկոսոպը ընդունեց զենքը:

Հետո թագուհին վեր առեց մի ոսկեհուռ վերարկու, և մոտենալով Մուշեղ Մամիկոնյանին, ասաց.

Դու, Մուշեղ, այդ կռիվների մեջ ապացուցեցիր, որ քո արժանահիշատակ հոր հարազատ զավակն ես, ա՜յն հոր, որ յուր կյանքը դրեց յուր հայրենիքի և յուր թագավորի վրա: Քեզ վայել է մեծարել այն ընծայով, որ ամենաբարձրն է արքայական պարգևների մեջ: Դու այժմ քո հզոր ուսերի վրա ես տանում հայոց աշխարհի բոլոր ծանրությունը: Եվ ես այդ արժանի ուսերը կզարդարեմ այն վերարկուով, որ մի ժամանակ կրել է իմ թագավոր-ամուսինը:

Սպարապետը խորին երախտագիտությամբ ծունր դրեց տիկնոջ առջև, և նա ձգեց նրա ուսերի վրա արքայազգեստ վերարկուն:

Հետո թագուհին մերձեցավ ընծաների մթերքին, վեր առեց մի ոսկյա բաժակ և, մոտենալով Սահակ Պարթևին, ասաց.

Քո հայրը, Սահակ, յուր հայրենիքի ամենահաստատուն նեցուկն էր, և նրա սիրո համար՝ այժմ կրում է աքսորի տաժանական կյանքը: Քո վեհափառ ճակատի վրա փայլում է հորդ լուսապայծառ աստղը, և այդ երևեցավ վերջին կռիվների մեջ: Ընդունի՜ր այդ բաժակը, և ամեն անգամ, երբ ըմպելու լինես դրանով, հիշի՜ր իմ դեպի քեզ ունեցած ջերմ զգացմունքը :

Պարթևազն երիտասարդը ծունր դրեց և ընդունեց նրա ձեռքից գեղեցիկ բաժակը:

Այսպես առատաձեռն պարգևներով վարձատրում էր խելացի տիկինը յուրաքանչյուրի քաջությունը, և նրա քաղցրախոս լեզվում ամենի համար կային խիստ իմաստալի գովասանքներ, համեմատ նրանց տոհմային նշանակությանը և նրանց մատուցած ծառայություններին: Մե՛ծ էր նրա նախարարների գոհունակությունը, և անսահման էր նրանց մխիթարական ոգեորությունը: Տիկնոջ ամեն մի ժպիտը, ամեն մի մայրական զգացմունքներով լի հայացքը` նրանց նոր ոգի, նոր եռանդ և անձնանվիրություն էր ներշնչում: Նրանք ուրախ էին, որ իրանց ծառայությունները ոչ միայն վարձատրվում են, այլ հասկացվում են, և մի այնպիսի ազնվամիտ կնոջ համակրությանն են արժանանում, որպիսին էր հայոց տիկինը:

Երբ տղամարդերի պագևաբաշխությունը վերջացավ, տիկինը դարձավ դեպի ազատանի կանայքը, որոնք պաշարման ժամանակ խիստ փայլուն ծառայություններ էին ցույց տվել: Նրա գեղեցիկ աչքերը որոնում էին մեկին, որը կանանց խմբի մեջ չէր երևում:

Իմ քաջերի թվում կար և մի օրիորդ հերոսուհի, ասաց նա: Ո՞ւր է Աշխենը, կանչեցե՜ք այստեղ Աշխենին:

Ռշտունյաց նազելի օրիորդը համեստությունից թաքնվել էր: Մի քանի րոպեից հետո ներս մտավ նա, զինվորական շքեղ զրահավառության մեջ: Բոլորի աչքերը դարձան դեպի գեղեցիկ, վայելչակազմ հերոսուհին: Տիկինը գրկեց նրան և, ճակատը համբուրելով, ասաց.

Սիրելի՛ Աշխեն, կար մի ժամանակ, հանգստի և խաղաղության երջանիկ ժամանակներում, մեր իշխանազուն օրիորդները իրանց մատների ճարտարությունը ցույց էին տալիս գեղեցիկ գործվածքների մեջ, որոնցով զարդարում էին նախարարների փառավոր սրահները և մեր տաճարների սուրբ սեղանները: Անցավ խաղաղության ժամանակը, եկավ արյան և կոտորածի տագնապը: Եվ դո՜ւ, քո գովելի օրինակով, մի գեղեցիկ դաս տվեցիր քո իշխանազուն քույրերին, թե երբ հայրենիքը վտանգի մեջ է, կնոջ քնքուշ մատներն ևս, ասեղի փոխարեն, պետք է նիզակ բանեցնեն, իսկ թելի փոխարեն, պետք է ձգեն աղեղի ամրապինդ լարը: Դու արդյամբ կատարեցիր այդ, և կատարեցիր հրաշալի կերպով: Եվ ես, սիրելի Աշխեն, ահա այդ արժանավոր կամարով գոտևորում եմ քո արիական մեջքը, ցանկանալով քեզ ավելի աշխույժ և զորություն:

Տիկինը յուր ձեռքով կապեց ականակուռ կամարը նրա մեջքին, իսկ օրիորդը ուրախության արտասուքը աչքերում համբուրեց նրա բարերար ձեռքը:

Մյուս կանանցից և օրիորդներից շատերը նույնպես ընծաներ ստացան: Երբ պարգևաբաշխության հանդեսը վերջացավ, եպիսկոպոսը կարդաց օրհնության մաղթանքը: Այդ միջոցին սեղանատան մեջ հնչեցին պալատական նվագարանները, և թագուհին ամենայն սիրելությամբ դարձավ դեպի հանդիսականները, հրավիրեց յուր մոտ ճաշելու:

Մինչև երեկո բազմությունը պալատի դռան հանդեպ, հրապարակի վրա, անհամբերությամբ սպասում էր նախարարներին: Երբ նրանք հայտնվեցան, լսելի եղան ուրախության բարձրագոչ աղաղակներ: Ամբոխի ոգևորությունը չափ չուներ: Ամեն կողմից շրջապատեցին սիրելի իշխաններին, ամեն կողմից նետվում էին, որ ձեռքերի վրա բարձրացնեն և այնպես տանեն, հասցնեն նրանց մինչև իրանց օթևանները: Իշխանները համեստությամբ մերժեցին այդ մեծ պատիվը: Բայց բազմությունը, դարձյալ նրանց առջևը ընկած, երգերով ու ցնծության ծափահարությամբ տարան, հասցրին մինչև իրանց օթևանները:

Ժ

ՄՈԻՇԵՂ «ԽՈՏՈՐՆԱԿԻՆ ԽՈՏՈՐՆԱԿ»

«Եւ հասանէր սպարապետն զօրավարն Հայոց Մուշեղ, անկանէր ի վերայ բանակին (Պարսից) քառասուն հազարաւն, եւ անդէն ճեռն ի գործ արարեալ կոտորէր: Ապա միաձի մազապուր թագաւորն Պարսից Շապուհ ճողոպրեալ փախչէր… Զի զբազումս կոտորէին, եւ զբաղումս յաւագանց Պարսից ձերբակալս առնէին, և առնուին զգանձս թագաւորին Պարսից յաւարի, եւ ըմբռնէին զՏիկնանց Տիկինն հանդերձ այլովք կանամբքն… Եվ զամենայն աւագանին, արս իբրեւ վեց հարիւր հրամայեր մորթել զօրավարն Հայոց Մուշեղ, եւ լնուլ խոտով… Առնէր զայս ի վրէժս հօրն իւրոյ Վասակայ»:

Փաւստոս:

Արտագերսի պաշարումը լուծելուց հետո, Շապուհը յուր զորքերի մեծ մասը հանձնեց Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, թողեց նրանց Հայոց գրավված երկրներում, իսկ մնացածը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան: Երկու ամբողջ շաբաթ տևեց, մինչև նա հասավ Թավրիզ և յուր ծանր բանակը դրեց այդ քաղաքի մոտ:

Միևնույն ժամանակ մի քանի գունդեր, բոլորովին այլ ճանապարհով, դիմում էին դեպի պարսկական բանակը: Դրանք անցել էին Հեր և Զարևանդ գավառները, և Կապուտան ծովակի հյուսիսային եզերքով ավելի առաջ գնալով, արդեն հասել էին Աղի գետի ափերի մոտ:

Այդ գունդերը կազմված էին միայն թեթև ձիավորներից, որոնք ավելի ասպատակ-հրոսակների էին նմանում, քան թե կանոնավոր զորքերի, թեև նրանց թիվը փոքր չէր: Գնում էին գիշերով, իսկ ցերեկները, ճանապարհից դուրս գալով, հանգստանում էին թաքթաքուր տեղերում: Զարևանդից մինչև Թավրիզ տարածված արևակեզ անապատների տվնջյան անտանելի տոթը չէր ,որ ստիպում էր նրանց գիշերով ճանապարհ գնալ, այլ գուցե մի ուրիշ նպատակ, որ չէին ցանկանում շատ աչքի ընկնել: Գունդերը միասին չէին գնում, նրանք բաժանված էին զանազան խումբերի, որոնց մինը մյուսից մի քանի մղոն հեռավորություն ուներ:

Գիշերից բավական անցել էր, երբ առաջին խումբը հասավ Աղի գետի մոտ: Գարնանային հորդությունների ժամանակ գետը, յուր հեղհեղուկ ափերը ողողելով, բացել էր բավական լայն և խորընկած հեղեղատ, որի միջով հոսում էր նա: Իսկ այժմ ջուրը պակասելով, քաշվել էր, թողնելով յուր ափերի մոտ ընդարձակ լիլային տարածություն, որ պատած էր ճոխ բուսականությամբ: Այդ տարածությունը այնքան խորն էր ընկած շրջակայքի մակերևույթից, որ եթե հազարավոր անձինք տեղավորվեին այնտեղ, դարձյալ վերևից ճանապարհով անցնողը տեսնել չէր կարող: Այստեղ, գետի աջ ափի մոտ, իջևանեցին նրանք փոքր-ինչ հանգստանալու համար: Ձիաների ոտները պնդեցին ոտնակապերով, թողեցին գետեզերքի շամբուտներում արածելու, իսկ իրանք ինչ որ ունեին պայուսակների մեջ հանեցին, կերան, հետո գլուխները դրեցին իրանց զենքերի վրա և քնեցին: Բայց մեկը մնաց արթուն:

Որպես մի մարմնացած անհամբերություն, թափառում էր նա գետի ափերի մոտ և, միևնույն ժամանակ, կրծում էր ձեռքի ապխտած մսի կտորը, որ յուր հետ վեր էր առել: Գիշերային խավարը ծածկել էր շրջակայքը, և ոչինչ չէր երևում: Միայն հեռվից մանր, հրեղեն աստղիկների նման նշմարվում էին պարսկական բանակի դեռ չշիջած լապտերները: Նա անդադար նայում էր դեպի այդ կողմը:

Նա սկսեց գետի հակառակ ուղղությամբ վեր բարձրանալ, մինչև հասավ կամուրջին: Պղտոր–լերդագույն հոսանքով վազում էր գետը բազմաթիվ կամարների տակով, և յուր խուլ դղրդյունով աղմկում էր գիշերային լռությունը: Նա չանցավ կամուրջը, այլ կանգնեց նրա մի կողմում, բարձր սյուներից մեկի մոտ, և այստեղից թե՜ յուր աչքերը և թե՜ յուր լսելիքը լարեց դեպի պարսկական բանակը: Երկար նայում էր նա, թեև որոշ ոչինչ չէր տեսնում, և որոշ ոչինչ չէր լսում, բացի գետի խուլ դղրդյունից: Բանակը դրած էր Թավրիզ քաղաքի մոտ, որ գտնվում էր գետի ձախ կողմում, երեք ժամյա հեռավորության վրա:

Այդ միջոցին մեծ ճանապարհի եզրում, որ տանում էր դեպի կամուրջը, մեկը խլուրդի նման գլուխը դուրս հանեց գետնի մեջ փորված գուբից և սկսեց դիտել յուր շուրջը: Նրա աչքերը այն աստիճան սովորած էին գիշերային խավարին, որ, գազանի նման, մթության մեջ ևս տեսնում էին: Նա իսկույն նկատեց սյունի մոտ կանգնած մարդուն և, յուր գետնափոր որջից դուրս գալով, սկսեց մեծ ջանքերով սողալ դեպի նա:

Ողորմացե՛ք խեղճին, ճայն արձակեց նա, երբ բոլորովին մոտեցավ:

Սյունի մոտ կանգնած մարդը ցնցվեցավ, երբ տեսավ, որ յուր ոտների մոտ խլրտում էր մի անորոշ, գնդաձև մարմին:

Երկու օր է, ոչինչ չեմ կերել, մեռնում եմ սովից, ողորմացե՜ք խեղճին, կրկնեց նա ավելի խղճալի ձայնով:

Սյունի մոտ կանգնած մարդը ձգեց յուր ձեռքի ապխտած մսի կտորը, թեև ինքը նույնպես ոչ սակավ սոված էր: Նա շան նման խլեց անուշ պատառը, և իսկույն սկսեց կրծել, ոսկորներն ևս մանրելով յուր սուր ատամներով:

Դու շատ քաղցած ես երևում, նկատեց նրան սյունի մոտկան գնած մարդը:

Ինչպե՞ս քաղցած չլինել, տե՜ր իմ, երկու օր է, որ կամուրջով ոչ ոք չէ անցնում:

Ինչո՞ւ:

Չե՞ս տեսնում, այնտեղ դրած է թագավորի բանակը: Նրա երկյուղից ոչ ոք այդ կողմերով չէ անցնում: Ճանապարհները դատարկված են: Մարդիկ վախենում են տանից դուրս գալ և նրա զինվորներին հանդիպել: Անիրավները, սոված գայլի նման, դեպի ամեն կողմ թափառում են,,.

Նրանք քեզ ոչինչ չտվի՞ն:

Անիծվի՛ն նրանք… ես շատ ուրախ կլինեի, եթե ինձ չկողոպտեին… Զինվորներից մեկը վերարկուս խլեց, տարավ: Ամբողջ տասն տարի` ինձ համար այդ վերարկուն թե՜ անկողին էր և թե՜ վերարկու... Ստացել էի մի հայ ուխտավորից... Չգիտեմ, ի՛նչ կլինի իմ դրությունը այսուհետև... Ինձ մնում է ցրտից սառչել, և արևից այրվել...

Վերջին խոսքերը մի այնպիսի խղճալի ձայնով արտասանեց նա, որ սյունի մոտ կանգնած մարդը առեց յուր ուսերից զինվորական վարապանակը և, տալով նրան, ասաց.

Ահա քեզ մի վերարկու:

Նա մեծ ուրախությամբ խլեց անսպասելի ընծան և, օրհնելով յուր բարերարին, խնդրեց.

Օգնի՜ր ինձ, ողորմած տեր, տանել այդ վերարկուն մինչև իմ խուցը: Նա շատ հեռու չէ այստեղից:

Նա սկսեց սողալով քարշ գալ դեպի յուր որջը, իսկ անծանոթ բարերարը տանում էր նրա ետևից վերարկուն: Այդ թշվառականը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ այն ողորմելի ուրուկներից մեկը, որոնց արտաքսում են մարդկային բնակություններից, և նրանք կենում են քաղաքներից դուրս, մեծ ճանապարհների եզերքի մոտ, գետնափոր ծակերի մեջ, և ապրում են անցուդարձ անողների ողորմությամբ:

Եթե լույս լիներ, անկարելի էր առանց սոսկալու նայել այդ այլանդակված ճիվաղի վրա: Ձեռքերն ու ոտքերը գոսացած էին: Երկու ծայրատ մատներ միայն շարժվում էին ձախ ձեռքի վրա: Երեսի վրա քթի կամ շրթունքների նշան չկար: Դուրս ցցված ատամները ամբողջապես երևում էին: Խորն ընկած աչքերը անհանգիստ կերպով վառվում էին մազերը թափված, կոշտացած հոնքերի տակից: Ձայնը խանձված էր, կարծես, կոկորդը ամբողջապես քայքայված լիներ: Նրա խուղը իսկապես մի ծակ էր, որ փորել էր գետնի մեջ: Նրանում նստել կարող էր նա, բայց ձգվելու կամ պառկելու չափ ընդարձակություն չուներ: Եվ այդ այնքան հարկավոր ևս չէր, որովհետև նրա գնդաձև մարմինը տարածվելու պետք ևս չուներ: Նրա ամբողջ կարասին մի խեցեղեն ջրի աման էր, որ դրած էր յուր համար հատկապես փորված մի խորշում: Նրա ողորմելի բնակարանն առանց ծածքի չէր: Չորս երկճղի փայտեր, քառակուսի ձևով, ցցված էին այդ ծակի չորս անկյուններում, և նրանց վրա դրած էին ուրիշ փայտերի կտորներ ու մացառներ, հետո ծեփել էին կավով: Այդ ծածքը պահպանում էր նրա խուղը թե՜ անձրևից և թե՜ արևից: Նա մտավ յուր որջի մեջ, բայց անծանոթ բարերարը չհեռացավ նրանից: Երբեմն մարդկային հասարակությունից բոլորովին արհամարհված և բոլորովին մերժված արարածներն անգամ մի բանի պիտանի են լինում:

Դու ասացիր, որ երկու օր է, ոչ ոք չէ՞ անցել կամուրջից, հարցրեց նրանից անծանոթը:

Ոչ ոք, տեր իմ: Ես, ամբողջ օր ու գիշեր, իմ ծակից գլուխս դուրս հանած, նայում եմ: Եթե մի ճանճ էլ անցնի, կտեսնեմ: Միայն այս առավոտ, դեռ բավական մութն էր, անցան երկու հոգի: Նրանք գնում էին դեպի բանակը:

Դու լավ տեսա՞ր նրանց: Ի՞նչ տեսակ մարդիկ էին:

Տեսա, ինչպես չտեսա, և նա սկսեց նկարագրել տեսած մարդիկներին:

Այդ մարդիկը չե՞ն վերադարձել:

Չեն վերադարձել: Եթե վերադառնային, ես կտեսնեի:

Կամուրջի այդ անքուն պահապանի հաղորդած տեղեկությունները փոքր-ինչ հանգստացրին անծանոթին, և նա, բարի գիշեր մաղթելով թշվառ արտաքսյալին, հեռացավ նրա ողորմելի բնակարանի մոտից: Սկսեց կրկին դիմել դեպի ձիավորների բացօթյա իջևանը:

Ամենքը քնած էին ծանր, անզգա քնով, որ վայելում է ճանապարհորդը երկար հոգնությունից հետո: Ձիաներից շատերը կերել, կշտացել էին, նույնպես պառկած էին խոտերի վրա, և հռհռալով թավալվում էին, որ փոքր ինչ կազդուրեն իրանց խոնջացած մարմինը: Միակ անձնավորությունը, որ յուր հանգստության մասին չէր մտածում, նա էր, որ կամուրջի մոտից վերադառնալով, լուռ անցավ յուր փոքրիկ բանակի միջով, նայեց յուրաքանչյուրի վրա, հետո գնաց, անշարժ արձանի նման կանգնեց գետեզերքի մոտ: Նրա վառվռուն աչքերը հառած էին դեպի այն մանր, հրեղեն բծերը, որ նշմարվում էին հեռվից, երբեմն հանգչում էին, երբեմն դարձյալ հայտնվում էին: Եվ նրա սիրտը, այդ կրակների նման, վառվում էր անհնարին ջերմությամբ, և ավելի ու ավելի բորբոքում էր նրա անհամբերությունը:

Այդ միջոցին կամուրջով անցնում էին երկու հոգի: Ամենայն աչալրջությամբ նայում էին նրանք ետ ու առաջ և, միևնույն ժամանակ, հազիվ լսելի ձայնով խոսակցում էին.

Եթե եկած լինեն...

Անպատճառ եկած կլինեն...

Այս գիշերվա համար ժամանակ նշանակեցին...

Եվ այդ կամուրջի մոտ...

Նրանց ոտնաձայնը հասավ գետնափորի մեջ պահված ուրուկի սուր ականջներին: Նա գլուխը դուրս մեկնեց ծակից և ուշադրությամբ նայեց շուրջը: «Այն երկու հոգին են... » մտածեց նա, և սկսեց յուր գնդաձև մարմնով գլորվիլ դեպի եկվորները:

Մի մարդ հարցնում էր ձեզ, խավարի միջից ձայն տվեց նա:

Եկվորները մնացին շվարած, չգիտեին, թե ո՜րտեղից լսելի եղավ անսպասելի ձայնը: Ուրուկը ավելի մոտեցավ: Նրանք տեսան խոսող գունդը:

Ի՞նչ եղավ այն մարդը, հարցրին նրանից:

Այսպես, գետի ընթացքով գնաց դեպի ցած: Թո՜ղ աստված նրա գործին հաջողություն տա, ավելացրեց նա, թե՜ իմ սոված փորը կերակրեց, և թե՜ մերկ մարմինս զգեստավորեց:

Երկու մարդիկը գետի ընթացքով սկսեցին ցած իջնել, միմյանց ասելով…

Լավ ժամանակ հասանք...

Բայց որտե՞ղ գտնել սպարապետին…

Պատասխանը չուշացավ.

Դո՞ւք եք, լսելի եղավ սպարապետի ձայնը, որ դեռ կանգնած էր գետեզերքում:

Այո՜, տեր, ասացին նրանք մոտենալով:

Սպարապետը ուրիշ ոչ ոք չէր, եթե ոչ Մուշեղ Մամիկոնյանը:

Պատմեցե՜ք, ի՞նչ տեսաք, դարձավ նա դեպի եկվորները:

Նրանք սկսեցին պատմել: Սպարապետր խորին ուշադրությամբ լսում էր: Նա չհամբերեց` մինչև վերջացնեին, սկսեց ինքը զանազան հարցեր առաջարկել.

Դու ինձ այն ասա՜, քաղաքի ո՞ր կողմումն է բանակը:

Քաղաքի արևելյան կողմում, կարմիր լեռան ստորոտից փոքր-ինչ ցած:

Բանակի ո՞ր կողմում են զետեղված արքայական վրանները:

Դեպի վերևի կողմը, այսինքն` դեպի լեռան ստորոտը, մի բարձրության վրա:

Իսկ արքայական կանանո՞ցը:

Դեպի արքայական վրանների աջակողմը:

Ինչպե՞ս է դասավորված բանակը:

Ինչպես միշտ` պայտի ձևով, որի ծայրերը հասնում են մինչև արքայական վրանները:

Որտե՞ղ են պահվում հեծելազորի ձիաներ:

Տարել են ավելի քան տասն փարսախ հեռավորության վրա արածացնելու:

Ե՞րբ դիտավորություն ունեն չվելու:

Երեք օրից հետո:

Մի քանի այլ հարցեր ևս առաջարկելուց հետո և բոլորի մասին մանրամասն տեղեկություններ ստանալուց հետո սպարապետը դարձավ նրանց, ասելով.

Գնացեք հանգստացեք:

Նրանք հեռացան: Հարցուփորձը Շապուհի բանակի մասին էր: Այդ երկու մարդիկը ծպտյալ կերպով ուղարկված էին լրտեսելու նրա բանակը:

Սպարապետը մնաց միայնակ և սկսեց դարձյալ անհանգիստ կերպով դեգերել գետի ափերի մոտ: Նա այժմ գիտեր թշնամու բանակի դիրքը, գիտեր նրա ամենամանրամասն դրությունը, և այդ տեղեկությունները բավական էին նրան, որ նրանց հիման վրա` կազմեր յուր վերին աստիճանի վստահ ձեռնարկության ծրագիրը: Նա դիտավորություն ուներ այս գիշեր հարձակվելու Շապուհի բանակի վրա: Եվ նրա դիտավորությունը որքան երկյուղալի էր, այնքան և վճռական էր:

Արտագերսի պարիսպների մոտից` Շապուհի կորագլուխ կերպով հեռանալուց հետո, սպարապետը բավական չհամարեց պարսից արքայից արքայի այդ ամոթալի պարտությունը, և վճռեց թույլ չտալ նորան` ողջանդամ դուրս գալ հայոց սահմաններից: Նրա կատարած չարագործությունները ա՜յն աստիճան զգալի էին, նրա գործ դրած միջոցները ա՜յն աստիճան վիրավորական էին, որ պետք էր պատժել այդ գազանին: Նա ավերակ դարձրեց յուր անցած երկրները, նա կոտորել տվեց յուր ձեռքն ընկած գերիները, այդ դեռևս կարելի էր տանել, Հայոց աշխարհը սովոր էր այդ տեսակ հարվածների: Բայց նա Զարեհավանի ավերակների մոտ` ազատանի կանանց վերաբերությամբ գործ դրած տմարդի վարմունքով` վիրավորեց հայոց ազնվականների պատիվը: Այդ անկարելի էր տանել, մանավանդ այն խոսքերից հետո, որ Արտագերսի տոնախմբության օրը հայոց թագուհին արտասանեց յուր ճառի մեջ, «Մեզ համար չէ հանգստությունը, քանի դեռ կմնա ա՜յն անպատվության մուրը, որ քսեց Շապուհը մեր նախարարների երեսին, նրանց կանանցը և օրիորդներին մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև…»: Մի խումբ ազատանի երիտասարդներ, որ ներկա էին հանդեսին, հենց այն րոպեում վճռեցին վրեժխնդիր լինել: Այդ էր պաճտառը, որ սպարապետի հրոսակների մեծ մասը բաղկացած էր հայոց նախարարների որդիներից, որոնք ուխտել էին վերականգնել վիրավորված պատիվը:

Սպարապետը անցավ նրանց գլուխը, առեց յուր հետ մի քանի գունդեր, և Շապուհի Արտագերսից հեռանալուց հետո սկսեց անմիջապես հետամուտ լինել: Նա այնքան չմոտեցավ, մինչև Շապուհը յուր զորքերի բազմությունը բաժանեց մի քանի մասների: Մի մասը հանձնեց Մերուժան Արծրունուն և Վահան Մամիկոնյանին, և մի մասը յուր Զիկ և Կարեն զորավարներին, թողեց նրանց հայոց գրաված երկրները պահելու և նոր նվաճումներ անելու: Իսկ մնացաձ մասը յուր հետ առնելով, ճանապարհ ընկավ դեպի Պարսկաստան: Այդ վերջին մասին հետամուտ եղավ սպարապետը: Մինչև Թավրիզ հասնելը, նա մի հարմար տեղ, կամ մի հարմար ժամանակ չգտավ յուր դիտավորությունը ի կատար ածելու: Այժմ թշնամին եկել, հասել էր Հայոց երկրի սահմանագլխին: եթե այժմ ևս չդիմեր յուր նպատակին, այնուհետև ամեն հույս պետք էր կորած համարել: Որովհետև նա կանցներ սահմանը, ոտք կդներ պարսկական հողի վրա, և գործը կդժվարացներ: Ուրեմն պետք էր օգուտ քաղել այգ գիշերից, այդ վերջին և միակ գիշերից:

Նա շարունակում էր դեգերել գետի ափերի մոտ և լի սրտմտությամբ նայում էր դեպի արևելքը: Հեսուն` Իսրայելի հերոսը հրամայեց արեգակին կանգնեի մինչև վերջացնե յուր կռիվը: Իսկ Մուշեղ Մամիկոնյանը հայոց հերոսը կցանկանար հրամայել նրան, որ ամենևին չդուրս գա, մինչև սկսե յուր կռիվը: Երբեմն նրա անհամբեր աչքերը դառնում էին դեպի այն ճանապարհր, որով եկել էր նա: Նայում էր դեպի խավար մթությունը, և նրա մրրկածուփ սրտում անդադար կրկնվում էր այդ հարցը. «Ի՞նչ եղան... ինչո՞ւ այդքան ուշացան...»:

Շատ չանցավ, նույն տեղում, ուր իջևանել էին նրա ձիավորները, հասան մի քանի խումբ նոր ձիավորներ: Նա փոքր-ինչ հանգստացավ. դրանց էր սպասում: Բայց այդ դեռ բոլորը չէր. դեռ ետ մնացած մի քանի խումբեր ևս կային:

Նորեկ խումբերի գլխավորը մոտեցավ սպարապետին:

Տեղեկություններ ստացա՞ր, հարցրեց նա անհամբեր կերպով:

Ստացա, պատասխանեց սպարապետը ուրախ կերպով:

Ի՞նչ կա:

Ամեն ինչ լավ է: Բայց մերոնք շատ ուշացան: Ինչո՞ւ պետք է այդքան ուշանային...

Երևի, կգան: Դեռ բավական գիշեր կա:

Բայց այստեղից մինչև բանակը բավական էլ ճանապարհ կա: Մինչև հասնենք,բոլորովին կլուսանա:

Ավելի լավ: Գոնե կտեսնենք, թե ինչ ենք անում, և կույր հավկուրի նման խավարի մեջ չենք խարխափի:

Սպարապետը ժպտաց, բայց գիշերային մթությունը թույլ չտվեց նկատել նրա հեգնական ժպիտը:

Դու բավական վստահություն ունես քո վրա, Մեսրոպ, ասաց նա:

Ես ոչ թե բավական, այլ մեծ վստահություն ունեմ իմ ձիավորների վրա, Մուշեղ, պատասխանեց փոքրիկ սպան:

Դա, իրավ, Մեսրոպ տարոնեցին էր: Ինքը` կարճ, լեզուն` երկար: Խոսակցությունը ընդհատեցին զանազան խուլ հնչյուններ, որ հայտնի չէր, թե որ կողմից էին լսվում: Երկուսն էլ իրանց ուշադրությունը լարեցին դեպի այդ հնչյունները:

Շեփորի և թմբուկների ձայներ են, ասաց սպարապետը: Բանակի կողմիցն են լսվում:

Այդ ի՞նչ է նշանակում, հարցրեց Մեսրոպր փոքր-ինչ անհանգստանալով:

Այդ պարսից առավոտյան ամենօրյա սովորությունն է, հանգստացրեց նրան սպարապետը: Գիշերը լուսանալու մոտ է. շեփորները հնչեցնում են, թմբուկները դափում են, որ մարդիկ զարթնեն, պատրաստվեն, ծագող արեգակին երկրպագություն տալու համար:

Շա՛տ գեղեցիկ, թող զարթնեն: Իսկապես չավ բան չէ քնած մարդու վրա հարձակվիլը:

Բայց այդ դեռ առաջին կոչնական ձայնն է: Մինչև արևի ծագելը երկու անգամ ես պետք է հնչեցնեն:

Նրանք սկսեցին ետ ու առաջ շրջել գետի ափերի մոտ, մինչև բոլոր սպասվող խումբերը եկան: Թե՜ սպարապետը և թե՜ Մեսրոպը երկուսն էր վազեցին դիմավորելու: Տեսնելով նրանց, մի բարձրահասակ երիտասարդ շտապով ցած իջավ ձիուց և գրկեց երկուսին ևս:

Ես, երևի, երկար սպասել տվի ձեզ, ասաց նա ներողություն խնդրելով: Բայց այդ իմ մեղքը չէ: Իմ բռնած ճանապարհը սաստիկ ցեխ էր: Զիաները հազիվհազ կարողանում էին շարժվել: Երեկվա անձրևը բոլորովին փչացրել էր ճանապարհը:

Ուրեմն պետք է սպասել, մինչև ձեր ձիաները փոքր-ինչ հանգստանա՞ն, հարցրեց սպարապետը:

Անպատճառ: Սաստիկ հոգնած են:

Այդ զվարթ, փառահեղ երիտասարդը Սահակ Պարթևն էր` Ներսես Մեծի որդին: Նրա ձիավորները առանձին խումբերով զետեղվեցան առաջիններից փոքր-ինչ հեռու, իսկ ինքը, սպարապետին և Մեսրոպին յուր հետ առնելով, մեկուսացան դեպի մի այլ կողմ, նստեցին գետեզրի մոտ, փափուկ խոտերի վրա: Սպարապետը հաղորդեց նրանց` յուր լրտեսների միջոցով ստացած բոլոր տեղեկությունները: Իսկույն կազմվեցավ մի բացօթյա պատերազմական խորհուրդ, որը տևեց մինչև պարսկական բանակից լսելի եղավ թմբուկների և շեփորների երկրորդ կոչնական ձայնը: Այդ խորհրդավոր ձայնը շտապեցրեց նրանց: Այդ ձայնը կոչում էր բարեպաշտ զրադաշտականներին դեպի աղոթք, դեպի երկրպագություն տվնջյան լուսատուին, իսկ հայոց ուխտապահներին կոչում էր նա դեպի կռիվ, դեպի արյունհեղություն...

Նրանք վերկացան, հրամայեցին պատրաստվել և ճանապարհ ընկնել: Շեփորների և թմբուկների երրորդ ձայնը պիտի ավետեր արշալույսի ծագումը: Վճռեցին` որ գոնե այդ ժամանակ հասած լինեն նշանակած տեղը…

Կեսօրից բավական անցել էր: Շապուհի բանակատեղը ներկայացնում էր խիստ տխուր տեսարան: Կիսակործան վրանները, իրանց տեղում անշարժ մնացած, դատարկ էին: Զինվորներ չկային նրանց մեջ, կար միայն պարսից վայելչասեր զինվորի հարուստ կարասին, որ մնացել էր իբրև ավար հաղթողին: Ամբողջ բանակատեղը և նրա շրջակայքը ծածկված էին դիակներով: Արյան թացությունը ամեն կողմում սարսափ էր ազդում: Կենդանի մնացածները գերվել էին: Փոքր չէր և փախստականների թիվը, որոնց դեռ որոնում էին:

Ինքը` արքայից արքան չէր երևում ոչ դիակների մեջ և ոչ գերիների թվում: Ասողներ կային, նույնիսկ պարսիկներից, որ նա փախավ հենց այն ժամանակ, երբ առաջին հարձակումը գործեցին: Նա փախավ յուր սենեկապաններից մեկի հագուստով, որ չճանաչվի: Ձիավորների մի քանի սրընթաց խումբեր գնացել էին դեպի զանազան կողմեր բռնելու նրան:

Արքայական փառավոր վրանները` իրանց բոլոր հարստությամբ մնացել էին իրանց տեղում: Մնացել էր և կանանոցը, լի արևելքի և արևմուտքի գեղեցկուհիներով: Նրանց թվումն էր արյաց տիկնաց-տիկինը Շապուհի թագուհին: նրանց թվումն էր և Որմիզդուխտ օրիորդը Մերուժան Արծրունու նշանածը: Հայ պահակների մի զինված շղթա բոլորել էր կանանոցի շուրջը և նրան անմատչելի էր կացուցել:

Պայտաձև բանակի հրապարակի վրա կանգնացրել էին գերիներին: Նրանց միջից ջոկում էին ազնվականներին, ինչպես ոչխարները զատում են այծերից: Երբ վերջացրին, ազնվականների թիվը հասավ վեց հարյուրի, որոնք զանազան աստիճանի զորապետներ և սպաներ էին:

Հրապարակի մեջտեղում, բարձր սայլացիցի ծայրին, շամփրած էր մի ճերմակազգեստ մարմին: Դա մովպետան-մովպետն էր, այն հրեշը, որ Զարեհավանի ավերակների մոտ սայլացիցերի վրա բարձրացրեց հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին: Ամենի աչքերը հառած էին դեպի այդ սոսկալի մարմինը:

Այդ միջոցին, Շապուհի արքայական վրանների մի կողմում հարած էր հայոց սպարապետի հասարակ զինվորական վրանը: Այստեղից երևում էր նրա հաղթության ամբողջ արդյունքը` յուր բոլոր բավարար պատկերներով: Ինքը, սպարապետը, նստած էր մի անշուք ճանապարհորդական բազմոցի վրա, որ բնավ չէր պատշաճում ոչ նրա աստիճանին և ոչ նրա փառքին: Նրան շրջապատել էին յուր զինակից սպաները, որոնց մեջ առաջին տեղը բռնել էր Սահակ Պարթևը, և ապա Մեսրոպ տարոնեցին:

Լուռ էին նրանք, և բոլորի դեմքերի վրա նկարված էր մի տեսակ զայրացյալ դժգոհություն, որ տեղի է ունենում ջերմ հակաճառություններից հետո: Ինքը, սպարապետը, սաստիկ խոժոռված էր, և յուր անհանգիստ մատներով անդադար ոլորում էր գեղեցիկ, սևորակ ընչացքները, կարծես թե, նրանք արգելում էին բոցավառ շրթունքներին թափելու այն կրակը, որ մի քանի րոպե առաջ հեղում էր նա յուր զինակիցների գլխին: Ոչ սակավ խռովյալ դրության մեջ էր գտնվում և Սահակ Պարթևը: Նա կթողներ և իսկույն դուրս կգար այդ վրանից, եթե զինվորական պարտաճանաչությունը չզսպեր նրան: Իսկ վաքրիկ Մեսրոպը, ինչպես ասում են, յուր կաշու մեջ չէր պարտակվում. անդադար շարժվում էր յուր տեղում, կարծես թե, փշերի վրա նստած լիներ:

Ի՞նչ էր, որ այդպես վրդովմունքի մեջ էր դրել նրանց: Ի՞նչ էր, որ այն րոպեում, երբ պետք էր հաղթության ուրախությունը վայելել, որի մեջն է զինվորի փառքը և նրա մխիթարությունը, ընդհակառակը, ձգել էր նրանց խորին սրտմտության մեջ:

Այդ բռնադատյալ հուզմունքը, որ րոպեապես լռության մեջ ամբոխվում էր, անտարակույս, նորից պետք է պայթեր, եթե սպարապետի թիկնապահներից մեկը ներս չմտներ և զեկուցում չտար, թե դահճապետին բերել են: Երբ կանգնացրին նրան վրանի հանդեպ, սպարապետը հարցրեց,

Դո՞ւ ես պարսից արքայից արքայի դահճապետը:

Այո՜, նվաստս է, տեր իմ, պատասխանեց նա, խորին կերպով գլուխ տալով:

Քեզ համար գործ բացվեցավ, ասաց նրան սպարապետը Ժպտալով, որ արտահայտում էր ավելի մաղձ և դառնություն, քան թե հեգնություն: Դու, անտարակույս, կձանձրանայիր, եթե մի օր առանց մարդիկ մորթելու մնայիր: Իսկ ես այսօր կտամ քեզ բավական մեծ պաշար: Դու միայն այն ասա՜, քանի՞ օգնականներ ունես քո ձեռքի տակ:

Օգնականներս սակավ չեն, սպարապետ տե՜ր, դու միայն ինձ գործ տուր, գո՜րծ, ես ծույլ չեմ իմ պաշտոնի մեջ, ասաց նա դիվական ծիծաղով, և ապա ավելացրեց. արքայից արքան միշտ գոհ էր իմ ծառայություններով, և տարի չէր անցնի, որ ինձ մի քանի գյուղեր և ագարակներ չպարգևեր: Հույս ունեմ, որ հայոց մեծափառ սպարապետը նույնպես առանց վարձատրության չի թողնի յուր ծառային: Վերջին խոսքերի միջոցին` նրա գազանային աչքերում դարձյալ երևաց դիվական ծիծաղը:

Դու ինձանից առատ վարձատրություն կստանաս և արքայից արքայի շնորհած պարգևները կմոռանաս: Լսիր՜, դահճապետ: Մենք երկար մնալու չենք այստեղ. մի քանի օրից հետո չվելու ենք այստեղից, և մեզ հետ պետք է տանենք մեր ձերբակալած գերիներին: Եվ որպեսզի այդ բազմությունը մեզ համար չափազանց ծանրություն չլինի, դու պետք է փոքրինչ թեթևացնես մեր բեռը:

Դահճապետը շանթահարի նման ամբողջ մարմնով դողաց:

Այդ քո մարդիկն էլ կարող են անել, սպարապետ տե՜ր, ասաց նա րոպեական շփոթությունից հետո: Իսկ ե՜ս, քա՛վ լիցի, իմ ձեռքերը չեմ թաթախի իմ ազգայինների արյան մեջ:

Իրավ է, այդ իմ մարդիկն էլ կարող էին անել, եթե միայն մորթել պետք լիներ: Բայց ա՜յդ չէ իմ ցանկացածը: Իմ մարդիկը սաստիկ անվարժ են կենդանի մարդկանց մորթազերծ անելու և նրանց պաճուճապատանը խոտով լցնելու արհեստում: Իսկ դո՜ւ, Շապուհի ծառայության մեջ, կատարյալ վարպետ ես դարձել այդ գործում: Եվ ինձ այդ է հարկավոր: Չէ՞ որ կենդանի մարդիկ յուր հետ տանելը` այդ բավական մեծ ծանրություն է, իսկ նրանց մորթիքը տանելը այդ բավական հեշտ է և թեթև:

Դահճապետը, որ առաջ կարծում էր, թե յուր հանձն առնելիք ծառայությունը հայերի վերաբերությամբ կլինի և այդ պատճառով այնքան մեծ հաճություն ցույց տվեց, այժմ հասկանալով սպարապետի ցանկությունը, ոչ միայն դժկամացավ նա, այլ նրան տիրեց մի տեսակ կատաղություն, որով հանդգնություն ունեցավ պատասխանելու.

Ճշմարիտ է, տե՜ր սպարապետ, մենք, պարսիկներս, շատ վարպետ ենք այդ արվեստի մեջ: Եթե դու տեսնեիր, բոլորովին կհիանայիր, թե ինչպես ես մորթազերծ արեցի քո հորը և նրա պաճուճապատանը ցրի խոտով... Իմ ձեռքով կատարեցի այդ... Այժմ ևս ո՜վ որ տեսնելու լինի, չի ասի, թե սպանված է նա... Դեռ գույնը յուր տեղումն է, դեռ աչքերը նայում են, և նայում են միշտ յուր թագավորի վրա, և այնտեղ, Անուշ բերդում, մխիթարում են միմյանց... Ես իմ գործը միշտ մեծ հաճությամբ եմ կատարում, երբ իմ ձեռքը տալիս են ազնվականներ... Իսկ քո հայրը, քեզ նման, ընդհանուր հայոց սպարապետն էր...

Դահճապետի լրբությունը, որով հիշեցնում էր նա սպարապետի հոր ցավալի վախճանը Տիզբոնում, վերին աստիճանի կծու էր: Բայց դժբախտ հոր մեծահոգի որդին զսպեց յուր բարկությունը, ասելով.

Տեսնու՞մ ես, այդ կնշանակե, որ ես չսխալվեցա իմ կարծիքի մեջ քո վարպետության վերաբերությամբ: Դու սիրում ես ազնվականներին մորթազերծ անել, և ես քո ճաշակը գոհացնելու համար կտամ` քո ձեռքը նույնպես ազնվականներ, և գիտե՞ս որքան` թվով վեց հարյուր…Գնա՜, հագի՜ր քո արյունագույն համազգեստը, գնա՜, բորբոքիր քո բոլոր անգթությունները և կատարի՜ր քո ըղձալի ծառայությունը: Ինձ նույնպես շատ ցանկալի է` պարսկին պարսկի ձեռքով մորթել տալ...

Այդ ես չեմ կարող անել, պատասխանեց նա համառությամբ: Հրամայի՜ր, թող ինձ մորթեն:

Քեզ անել կտան... ասաց սպարապետը և, դառնալով դեպի յուր դրանիկները, հրամայեց.

Տարեք այդ մարդուն, հավաքեցեք Շապուհի բոլոր դահիճներին, և կատարել տվեցեք...

Նրան հեռացրին:

Ներկա գտնվողները անհամբերությամբ լսում էին սպարապետի խոսակցությունը դահճապետի հետ, որը վերջանալուց հետո, դարձավ նա դեպի շրջապատողները, ասելով.

Ես այդ բարբարոսությունը ամենայն հաճությամբ կատարել կտամ. ես այդ վեց հարյուր պարսիկ ազնվականներին մորթել կտամ, և նրանց պաճուճապատանները կտանեմ, կնվիրեմ հայոց տիկնոջը, թող նրանցով զարդարե յուր ամրոցի աշտարակների բարձրությունները: Այո՜, ես այդ կանեմ, և դրանով գուցե կգոհացնեմ իմ հոր անմահ հոգին, ա՛յն հոր, որի կյանքը հազարավոր ազնվականների արժեր, ա՜յն հոր, որին Շապուհը այնպես տմարդի կերպով մորթազերծանել տալով, կանգնացրեց Անուշ բերդի նկուղներից մեկի մեջ, յուր աքսորյալ թագավորի աչքերի առջև: Վրեժխնդրության սուրբ պարտականությունը թույլ է տալիս հնձ անել այդ: «Խոտորնակին` խոտորնակ», այսպես ավանդեցին մեր հայրերը: Իսկ ա՜յն, որ դուք եք պահանջում, ես երբե՜ք ընդունել չեմ կարող...

Ինչո՞ւ, Մուշե՜ղ, հարցրեց Սահակ Պարթևը զայրացած ձայնով, ինչո՞ւ չես կարող ընդունել: Եթե դու հիմնվում ես վրեժխնդրության վրա, որպես մի սուրբ պարտականության վրա, մի՜ մոռանար, որ այդ դեպքում ևս կատարվում է նույն սուրբ պարտականությունը. դարձյալ «խոտորնակին խոտորնակ... »:

Այդ դեպքում, Սահակ, կատարվում է մի աններելի անազնվություն միայն: Իսկ մեզ վայել չէ այդ աստիճան ստորանալ: Մենք պետք է ապացուցանենք, որ շատ բարձր ենք պարսիկներից:

Մենք պետք է ապացուցանենք և ա՜յն, թե գիտենք անազնվությունը ըստ կարգին պատժել: Ինչո՞ւ ես դու այսպես մոռացկոտ դարձել, Մուշեղ: Դեռ շատ ժամանակ չէ անցել այն աղետավոր օրից, երբ Շապուհը Բարեհավանի ավերակների մոտ` հայոց իշխանազն տիկիններին և օրիորդներին մերկանդամ կանգնացրեց յուր բանակի առջև: Եվ այդ բավական չհամարեց. շատերին սայլացիցերի վրա բարձրացրեց, շատերին գերի վարեց: Երբ անզգամ Շապուհը իրան թույլ տվեց այդպես վարվել, այլևս ինչո՞ւ մենք պետք է խնայենք նրան:

Ինչ որ կարող է իրան թույլ տալ պարսիկ Շապուհը, նույնը չէ կարող իրան թույլ տալ քրիստոնյա Մամիկոնյանը: Ես մոռացկոտ չեմ, Սահակ, ես գիտեմ և հիշում եմ նրա վարմունքների բոլոր վայրագությունը: Բայց դու ես մոռանում քեզ, ամենևին ի նկատի չառնելով, որ մեր վիճաբանության առարկան կին է: Շապուհի եղեռնագործությունների վրեժը մենք պետք է առնենք նրա կանանցից: Այդ ես պահանջում դու: Իսկ ես նրա բոլոր կանանցը կդնեմ պատգարակների մեջ, և ամենայն հարգանքով կուղարկեմ Շապուհի այրքունիքը, և այդ կլինի իմ ամենամեծ վրեժխնդրությունը...

Սպարապետի կծու ակնարկությունը սաստիկ վիրավորեց պարթևազն երիտասարդին և նրա սեգ աչքերը վառվեցան բարկության բոցով: Նա դրեց յուր պատրաստ ձեռքը ականակուռ դաշույնի վրա, և յուր լիահնչյուն, խրոխտալի ձայնով, որ ավելի որոտում էր, քան թե խոսում, արտասանեց հետևյալ խոսքերը.

Ես հասկանում եմ, որ մեր վիճաբանության առարկան կին է, Մուշե՜ղ: Բայց դու կարծո՞ւմ ես, որ այն վսեմ, այն սրբազան պատկառանքը, որ կարող է զգալ Մամիկոնյանը դեպի կինը, դրա համար փակվա՞ծ է Պարթևի սիրտը: Դու կարծո՞ւմ ես, որ միայն դո՜ւ ընդունակ ես` քեզ այնքան բարձր պահել և չստորանալ մինչև կնոջ հողաթափները: Սաստիկ սխալվում ես, Մուշե՜ղ: Այս գործի մեջ` քո ասպետական փափուկ զգացմունքները ամենևին տեղիք չունեն: Ես նայում եմ գործի վրա բոլորովին զինվորական տեսակետից: Մենք Շապուհի հետ պատերազմ ունենք, և այդ պատերազմը, անտարակույս, կտևե երկար, այո՜, շատ երկար: Նրա կանայքը մեր ձեռքումն են, որոնց թվում է և այրաց տիկնանց-տիկին: Կպահենք նրանց ամենայն պատվով մեզ մոտ, իբրև պատանդ, ինչպես Շապուհը պահել է մեր նախարարներից շատերի կանանցը առանձին բերդերում: Մեր վարմունքի մեջ պախարակելի ոչինչ չկա, որովհետև դա վաղուց արդեն ընդունված զինվորական օրենք է: Քանի դեռ տևում է պատերազմը, գերիներին ետ չեն տալիս:

Սպարապետը նույնպես ձեռքը դրեց դաշույնի վրա, պատասխանելով.

Այդ ես էլ գիտեմ, Սահա՜կ, ինձ պետք չէ զինվորական օրենքները քեզանից սովորել: Բայց դու մի բան չգիտես, լսի՜ր, Սահակ: Դու չգիտես հայոց տիկնոջ` Փառանձեմի խստասրտությունը: Նրա գեղեցիկ, մեղմ և քնքուշ կեղևի ներքո թաքնված է մի հրեշավոր հոգի: Դու չգիտես, որ եթե տանելու լինենք այդ անմեղ կանանցը նրա մոտ, նա, անպատճառ, բոլորին կախ կտա Արտագերսի աշտարակներից: Նա՜, որ դժբախտ Ոլիմպիադային սպանել տվեց և հափշտակեց նրանից հայոց տիկնանց տիկնությունը, նա՜, որ հայոց արևելյան գնդերի քաջ զորավար Վաղինակին սպանել տվեց և յուր հորը հանձնեց արևելյան գնդերի մեծ զորավարությունը, նա՜, որ յուր հին ոխակալության համար սպանել տվեց յուր ամուսնի եղբոր որդի Տիրիթին, անտարակույս, չի խնայի և Շապուհի կանանցը: Ես, իհարկե, պետք է ընդդիմանամ նրան, և դրանից կծագի մի մեծ հակառակություն իմ և նրա մեջ, որ շատ նպաստավոր չի լինի մեր գործերի այժմյան խառն դրության մեջ: Նա իրավունք կհամարի կոտորել տալ Շապուհի բոլոր կանանցը, որովհետև Շապուհը Բարեհավանի ավերակների մոտ սպանել տվեց նրա մորը: Ուրեմն, թե՜ ազնվությունը և թե՜ խոհեմությունը պահանջում է, որ մենք այդ կանանցը ուղարկենք պարսից արքունիքը: Իսկ ես առանց ոչ ոքին լսելու պետք է անեմ այդ: Եվ եթե մեզ հարկավոր է պատանդ, այդ պատանդը կպահենք մեր ձեռքում : Շապուհի կանանոցում գտնվում է և Շապուհ ի քույրը` Որմիզդուխտը Մերուժանի գեղեցիկ նշանածը: Մենք կպահենք այգ օրիորդին, և այդ բավական է: Դու գիտե՞ս, Սահակ, որ մեր պատերազմների սկզբնապատճառը միայն այդ նազելի օրիորդն է եղել: Նրա գեղեցկոլթյունը խելքից հանեց Մերուժանին, և նրան մոլորության մեջ դրեց: Մերուժանը վատ մարդ չէր. նա յուր սիրահարության զոհը դարձավ: Իսկ Շապուհը, օգուտ քաղելով այդ սիրահարությունից, խոստացավ տալ նրան Որմիզդուխտին, և դրանով հաջողացրեց Մերուժանին մի պատուհաս դարձնել Հայոց աշխարհի համար: Այժմ պահելով մեր ձեռքում Մերուժանի սիրած օրիորդին, միևնույն ժամանակ, մենք Մերուժանի թե՜ սանձը և թե՜ սիրտը մեր ձեռքում կունենանք, իսկ Շապուհը, առանց Մերուժանի գործակցության, ոչինչ անել չէ կարող:

Այսպես ջերմ կերպով վիճում էին երկու մեծ տոհմերի երկու հզոր ներկայացուցիչները` հայոց սպարապետի որդին և հայոց քահանայապետի որդին: Բայց վերջինը այլևս ոչինչ չխոսեց, դժգոհությամբ վեր կացավ և դուրս եկավ սպարապետի վրանից: Նրա հետ դուրս եկան Մեսրոպ տարոնեցին և մի քանի այլ իշխանազն երիտասարդներ: Մեծամիտ Պարթևի արհամարհանքը ավելի վրդովեցրեց Մամիկոնյան իշխանին: Նա դարձավ դեպի յուր սենեկապաններից մեկը, հրամայելով,

Գնա՜, արքայական կանանոցի ներքինապետի միջոցով իմացում տուր արյաց դշխոյին, որ ես խնդրում եմ այցելել նրան:

Նա վերկացավ, նրան շրջապատող բոլոր սեպուհները նույնպես ոտքի ելան: Սկսեց դիմել դեպի Շապուհի կանանոցը, յուր հետ առնելով միայն յուր թիկնապահներին:

Շապուհի հարուստ կանանոցը բաղկացած էր առանձին– առանձին վրաններից, որոնց յուրաքանչյուրի մեջ զետեղված էր նրա կանանցից մեկը` յուր բազմաթիվ աղախիններով և նաժիշտներով: Ներքինիների մի ստվար բազմություն հսկում էր գեղեցկության և փափկության այդ անմատչելի թանգարանի վրա, որ այժմ գերության մեջ էր ընկած:

Տխուր և արտասվալի աչքերով նստած էր յուր վրանում արյաց տիկնանց-տիկինը, և յուր ոսկու ու գոհարների մեջ` պատկերանում էր որպես մի հուսահատ թախծություն: Նրա փառավոր վրանը հեշտության մի դրախտ էր, որ հորինել էր նրա համար պարսկական պճնասիրությունը: Երբ ներքինապետը ներկայացավ, հայտնեց նրան, թե հայոց սպարապետը կամենում է այցելել, այդ միջոցին նրա գեղեցիկ դեմքը բոլորովին գունաթափվեցավ, և շփոթությունից չգիտեր` ինչ պատասխանել: Բարկությունը և երկյուղը փոփոխակի կերպով սկսեցին վրդովեցնել նրան: Բարկանում էր, որովհետև մի հայ զորավար համարձակվել էր նրան մի այսպիսի լուր տալ: Վախենում էր, որովհետև ինքր նրա գերին էր… Բայց, միևնույն ժամանակ, նրան զարմացնում էր այն միտքը, թե, որպես գերի, սպարապետը կարող էր նրան քարշ տալ յուր մոտ, իսկ այդ ի՞նչ բարեհոգություն էր, որ սպարապետը յուր ոտքովն էր գալիս նրա մոտ: Երկար մտատանջությունից հետո, ասաց նա ներքինապետին.

Թող գա…

Հետո ավելացրեց.

Խստությամբ կպատվիրես բոլոր ներքինիներին, որ ոչ մի անկարգություն չպատահի...

Եվ իրավ, սպարապետի կողմից սաստիկ անհոգություն էր, որ այնպես անփույթ կերպով, միայնակ, մի խումբ թիկնապահների հետ, պիտի մտներ պարսից արքայից արքայի կանանոցը, ուր ոչ մի օտար արարած մինչև այն օր ոտք չէր դրել: Բոլոր ներքինիները ալեկոծվում էին գազանային կատաղության մեջ: Ո՞վ կարող էր արգելել այդ մոլեռանդներին, ո՞վ կարող էր զսպել նրանց կատաղությունը, թեև ամբողջ կանանոցը շրջապատված էր հայոց զինվորներով: Նրանք հենց կանանոցի շեմքի վրա կխողխողեին հանդուգն այցելուին, որ համարձակվում էր մուտք գործել արքայից արքայի սրբարանը: Բայց ներքինապետի սաստիկ պատվերը հանգստացրեց նրանց: «Հայոց սպարապետը ձեր դիակների վրայով կանցնի և կգնա տիկնանց-տիկնոջ մոտ, եթե դուք ամենափոքր անկարգոլթյուն անելու լինեք», սպառնացավ նրանց ներքինապետը:

Նա դուրս եկավ դիմավորելու սպարապետին, իսկ մյուս ներքինիները երկու կարգով շարվեցան մինչև դշխոյի վրանի մուտքը: Սպարապետը, շրջապատված յուր թիկնապահներով, անցավ նրանց շարքերի միջով, որ կանգնած էին որպես երկու կենդանի պատեր: Թիկնապահները մնացին վրանի մուտքի աջ և ձախ կողմերում, իսկ ինքը ներքինապետի հետ ներս մտավ:

Վրանում ոչ ոք չերևաց, որովհետև, դեռ սպարապետը ներս չմտած, թագուհին յուր բազմոցի վրայից վերկացավ և անցավ վարագույրի ետևը, որ երկու մասն էր բաժանում վրանը: Ներքինապետը ձեռքով ցույց տվեց, թե այնտեղ է թագուհին, և կարող է սպարապետը խոսել: Որքան սպարապետի համար տարօրինակ էր այդ, այնուամենայնիվ, հարգելով ընդունված սովորությունը, այլևս չնստեց, և ոտքի վրա արտասանեց հետևյալ խոսքերը.

Ողջո՛ւյն և խաղաղությո՛ւն արյաց մեծափառ դշխոյին: Ես շատ ցավում եմ, որ ներկայանում եմ այնպիսի դառն և ցավալի դեպքերից հետո, որ խիստ սակավ բառեր պիտի գտնեմ մխիթարելու քեզ, ո՜վ մեծափառ դշխո: Բայց պետք է հաշտվենք պատե րազմի տխուր արկածների հետ: Այդ գործում մենք, հայերս, այնքան հանցավոր չենք, որքան հանցավոր է քո թագավոր-ամուսինը, ո՜վ մեծափառ դշխո: Նա զենքը ձեռին ոտք դրեց մեր երկրի վրա և մեզ ստիպեց նույնպես զենք բարձրացնել նրա դեմ: Բայց ես եկա ավետելու քեզ, ո՛վ մեծավւառ դշխո, որ հայոց նախարարները գիտեն թշնամու վատությունը լավությամբ ջնջել: Դու, իհարկե, ականատես եղար, թե ո՜րպես վարվեցավ քո թագավոր–ամուսինը մեր կանանց հետ` Զարեհավանի ավերակների մոտ: Բայց ես չեմ ցանկանա նրա չարության փոխարեն` չար գործել: Ես քեզ, մեծափառ դշխո, և Շապուհ արքայի բոլոր կանանցը, որ այժմ գերի են իմ ձեռքում, իրանց աղախիններով ու ներքինիներով, կդնեմ ժանվարների մեջ, և էգուց ամենայն պատվով կուղարկեմ Տիզբոն: Ձեզ կուղեկցեն իմ ձիավորների զինված խումբերը, և ապահովությամբ կհասցնեն մինչև Շապուհի արքունիքը: Թո՛ղ Շապուհը տեսնե ձեզ, և գուցե ստրջանա, թե ինքր ո՜րքան անիրավ վարվեցավ...

Դեռ սպարապետը յուր խոսքերո չէր ավարտել, հանկարծ թագուհին վարագույրի ետևից դուրս հայտնվեցավ և, հափշտակված կերպով գրկելով սպարապետի ոտները, բացագանչեց.

Դու մարդ չես, քո լեզվով խոսում է անմահ Որմիզդի ոգին, որ բոլոր բարությանց արարիչն է:

Այդ անակնկալ հայտնությունը այն աստիճան շփոթեցրեց սպարապետին, որ նա հազիվհազ կարողացավ վեր բարձրացնել նրան և նստեցնել յուր բազմոցի վրա: Ոչ սակավ ապշության մեջ էր գտնվում և ներքինապետը, որ ներկա էր այնտեղ: Տիկինը մի քանի րոպե մնաց լուռ խռովության մեջ, և ապա, յուր արտասվալի աչքերը բարձրացնելով, խոսեց.

Քո մեծահոգությունը, ո՜վ քաջ, միշտ անմոռաց կմնա իմ սրտում: Երբ կհասնեմ Տիզբոն, իմ առաջին խոսքը այդ կլինի իմ թագավոր-ամուսնին. «Հայոց սպարապետը յուր ազնվությամբ մի ծանր պարտք դրեց քո վրա, և այդ պարտքը միայն նույնպիսի ազնվությամբ կարող ես վճարել…»:

Տիկինը այժմ միայն նկատեց, որ սպարապետը ոտքի վրա էր, և մի առանձին սիրով խնդրեց նրան.

Նստի՜ր, տե՜ր սպարապետ, քո առաքինությունը այնքան մեծ է, որ դու իրավունք ունես վայելելու իմ ամենախորին հարգանքը:

Սպարապետը, շնորհակալություն հայտնելով, նստեց և, միևնույն ժամանակ, բացատրեց նրան, որ դեռևս տևող պատերազմական հանգամանքները պահանջում են` պարսից արքայական ընտանիքից մեկին, իբրև պատանդ, պահել հայոց տիկնոջ մոտ, և ինքը, սպարապետը, ազնիվ խոսք է տալիս, որ նրա թե՜ պատիվը և թե՜ կյանքը ամեն կերպով ապահովված կլինի:

Որպես հաճո է քեզ, տե՜ր սպարապետ, այնպես արա, պատասխանեց տիկինը խորին հոժարությամբ: Մենք ամենքս քո գերին ենք և քեզ ենք պատկանում: Դու միայն շնորհում ես մեզ մեր թագավորին, առանց ո՜րևէ փրկանք պահանջելու: Ընտրի՜ր մեզանից` որին որ քո կամքը կհաճի:

Ես որոշել եմ Որմիզդուխտ օրիորդին:

Շատ գեղեցիկ: Ես կհրամայեմ ներքինապետին, որ Որմիզդուխտ օրիորդին յուր բոլոր աղախիններով ու ներքինիներով քեզ հանձնե:

Սպարապետը վերկացավ: Երբ նա գլուխ տալով և բարի ճանապարհ ցանկանալով կամենում էր հեռանալ, տիկինը կանգնեցրեց նրան, ասելով.

Անմահ աստվածներին է միայն հայտնի, տե՜ր սպարապետ, մարդկանց ճակատագիրը և նրանց գալոցն ու ապագան: Ո՞վ գիտե, թե էգուց ի՛նչեր կարող են պատահել: Մարդկային բախտն ու դժբախտությունը միևնույն սանդուղքներով են ելևէջ անում: Ես թողնում եմ քեզ մոտ մի հիշատակ, որպես առհավատչյա իմ երախտագիտության: Ամեն անգամ, երբ դու ո՜րևէ կարյաց մեջ կգտնվես, ուղարկի՜ր ինձ մոտ այդ նշանը, և արյաց տիկնանց տիկինը ամեն ջանք գործ կդնե, օգնության ձեռք մեկնելու քեզ: – Այդ խոսքերի հետ նա հանեց յուր մատից արքայական մատանին և առաջարկեց յուր ազատողին:

Սպարապետը քաղաքավարությամբ մերժեց, ասելով.

Քո բարեսրտությունը, թագուհի, ինձ համար մեծ առհավատչյա է:

Նա կրկին ու կրկին անգամ գլուխ տվեց և դուրս եկավ թագուհու վրանից:

Ազատության լուրը արդեն տարածվել էր ամբողջ կանանոցում, և Շապուհի գեղեցկուհիների ուրախությունը չափ չուներ: Ամենքը անսահման հրճվանքով օրհնում էին, փառաբանում էին այն մարդու կյանքը, որ նրանց ազատություն շնորհեց: Եթե սովորությունների խստությունը չզսպեր նրանց ոգևորությունը, անպատճառ, խմբովին դուրս կվազեին իրանց փակյալ օթյակներից, արտահայտելու իրանց շնորհակալության խորին զգացմունքները:

Երբ սպարապետը դուրս եկավ թագուհու վրանից և սկսեց գնալ յուր իջևանը, այդ միջոցին զարմացած ներքինիները` խուռն բազմությամբ թավալվում էին նրա ողորմած ոտքերի տակ և համբուրում էին զգեստների դրոշակները: Իսկ կանանց վրանների հետ քաշած վարագույրների ետևից` հարյուրավոր գեղեցիկ աչքեր, լի գոհունակության արտասուքներով, նայում էին վայելչագեղ երիտասարդի վրա, որ յուր քաջության հետ միացրել էր այնքան հոգեկան ազնիվ հատկություններ:

Նա ո՜չ միայն բոլորին ազատություն շնորհեց, այլ չկողոպտեց և կանանոցի անբավ հարստությունը, որ ժամանակի սովորությամբ` յուր սեփականությունն էր համարվում: Նա թողեց կանանոցը յուր ամբողջ պարագաներով անձեռնմխելի, յուր զինվորներին պատվիրելով, մի շյուղ անգամ չհափշտակել, ինչ որ կանանոցին է պատկանում: Նա ավարի առեց միայն Շապուհի արքայական վրանների հարստությունը և նրա բանակը յուր բոլոր ռազմամթերքով: Իսկ կենդանի մնացած զինվորներին գերի վարեց:

Մուշեղի վարմունքը ընղհանուր համակրության և խորին զարմացման արձագանք գտավ Տիզբոնում: Պարսից համար մի տարօրինակ հրաշք էր այդ տեսակ վարմունքը: Շապուհը հրամայեց իսկույն վեր առնել նրա հոր պաճուճապանը, որ Անուշ բերդում դրած էր Արշակ թագավորի առջև, և պահել Տիզբոնի մեծ տաճարում: Իսկ նրա մեծահոգության հիշատակը հավերժացնելու համար, նրա պատկերը, յուր ճերմակ ձիու վրա նստած, նկարել տվեց յուր ոսկյա բաժակի վրա, որով միշտ սովորություն ուներ խմել: Եվ ամեն անգամ, հանդիսավոր տոնախմբությունների ժամանակ, երբ ձեռքն էր առնում այդ բաժակը, հիշում էր ազնիվ հերոսի ազնիվ գործը, և խմում էր կրկնելով. «Ի փառս ճերմակաձիույն», այսինքն` ճերմակ ձի նստողի փառքի համար:

Այդ` Մամիկոնյան իշխանի բարոյական վեհության արձանն էր, որ քանդակել տվեց պարսից արքայից արքան յուր սրտի և յուր ուրախության բաժակի վրա: Բայց նա ուներ և յուր քաջության արձանը, որ մի ժամանւսկ կանգնեցրին նրա համար ասորիները Միջագետքում, որ կոչվում էր «Դուռն –Հոնի»: Եփրատի ափերի մոտ բարձրանում էր մի ահագին քարաժայռ, որի հարթած ճակատի վրա քանդակած էր մի սպառազինված հերոս, նստած սիգապանծ նժույգի վրա, իսկ նրա ոտների` տակին ընկած էր մի հաղթահարված հսկա: Ձիավորը ներկայացնում էր Մուշեղ Մամիկոնյանին յուր անբաժան ճերմակ նժույգով, իսկ ընկած հսկան ներկայացնում էր այն սոսկալի ելուզակին, որ երկար ժամանակ ասպատակում էր Միջագետքը և Հայաստանի հարավային գավառներր: Մի մենամարտության մեջ Մուշեղը սպանեց նրան և ազատեց երկիրը այդ հրեշի կատարած ավերմունքներից:

Բայց նրա մեծահոգության արձանը ավելի բարձր եղավ քաջության արձանից…

Be the first who will comment on this

Other parts of "Սամվել"

Yatuk Music
New sky for Moon
Elen Yolchyan

New sky for Moon

Vardanank
Vardanank
Play Online