Raffi
Սամվել
2 - Է, Ը
Է
ԽԱՅԹ
Սոսկալի խռովության մեջ, որպես մի խելագար, դուրս եկավ Մերուժանը Հադամակերտից: Նրա ականջներին դեռ զարկում էին մոր կծու խոսքերը և սուր սլաքների նման թափանցում էին մինչև սրտի խորքը: Նրանից չէին հեռանում կնոջ թախծալի դեմքը և սիրելի զավակների անմեղ ժպիտը,որոնք տեսնելով հորը յուր տան վերնահարկի բարձրությունից , կամենում էին ծտի նման թռչել և թևատարած նրա գիրկն ընկնել: Դեռ նրա առջև էր սգազգեստ քաղաքը յուր բոլոր տխուր և սպանիչ երևույթներով:
Ի՞նչ էր այդ:
Յուր սրտին այնքան մոտ պատկերները յուր համար այնքան թանկագին էակները այժմ, մթին ու մռայլ ուրվականի նման, հետևում էին նրան, հալածում էին նրան և ամենևին դադար ու հանգստություն չէին տալիս:
Այնտե՜ղ, հայրենական խաղաղ օջախի մոտ, ուր հույս ուներ նա մխիթարություն գտնել ,այնտե՜ղ, յուր ընտանիքի ջերմ գրկում, ուր փափագում էր վայելել մոր օրհնությունը, կնոջ գգվանքը և յուր զավակների սերը, այնտեղից մերժվեց նա, այնտեղից արտաքսվեցավ նա, որպես մի անառակ, որպես մի մոլորյալ որդի:
Կրքերի սաստիկ մաքառումը կատաղության չափ վրդովեցնում էր նրան: Վասպուրականի տերն ու իշխանը այժմ նույն երկրի ապօրին զավակն էր: Նա, որ նայում էր այդ ընդարձակ աշխարհի վրա որպես մի մոմի կտորի վրա, համոզված լինելով, որ նրան ամեն ձև և ամեն կերպարանք կարող էր տալ, այժմ նույն աշխարհից մերժվեցավ: Այո, մերժվեցավ, կոցնելով յուր նախնիքներից ստացած մեծ ժառանգությունը: Այն, որ թշնամու ահագին զորությունները չէին կարող խլել նրանից, խլեց մոր մի քանի խոսքը…
Ի՞նչ էր այդ: Այդ հարցը նա անդադար տալիս էր իրան, և նրա վրդովմունքը ավելի ու ավելի սաստկանում էր:
Յուր խռովության մեջ, դուրս գալով քաղաքից, ամենևին նկատել չկարողացավ նա, որ ինքը միայնակ է: Բավական հեռացել էր, երբ ետ նայեց, տեսավ, որ յուր թիկնապահները յուր հետ չեն: «Նրա՛նք ևս թողեցին ինձ»…-մտածեց նա, և մի դառն ծիծաղ անցավ զայրացած դեմքի վրա:
Նրա թիկնապահները հադամակերտցիք էին: Հայրենի քաղաքի տխուր տպավորության ներքո, որոնք այնքան սաստիկ ազդեցին նրանց սրտերի վրա, նրանք մոռացան իրանց իշխանին: Մյուս կողմից, երկար տարիների բացակայությունը և ընտանիքի կարոտությունը ձգեց նրանց դեպի իրանց տները:
Արեգակը վաղուց արդեն մայր էր մտել,երեկոյան թանձր խավարը պատել էր շրջակայքը: Մերուժանը այժմ միայն զգաց յուր բոլորովին լքյալ դրությունը: «Ո՞ւր գնամ…» այդ միտքը սկսեց տանջել նրան: Երկրի տերը յուր երկրում մի անկյուն չէր գտնում գլուխը դնելու..
Սաստիկ հոգնած էր նա: Վանա դժբախտ անցքերից հետո ամբողջ երեք օր ճանապարհի վրա էր, առանց մի տեղ դադար առնելու: Բացի դրանից, հոգեկանն ծանր տանջանքները բոլորովին վաստակաբեկ էին արել նրան: Որոնում էր մի տեղ փոքր-ինչ հանգստանալու: Գյուղերը մտնել չէր կարող գյուղացոց կոպտությանը չհանդիպելու համար: Ո՞ւր գնար: Ամեն տեղ գիտեն նրա մասին, ամեն տեղից հալածված էր նա: Այդ բոլորը անցնում էր նրա մտքով, և նա, առանց մի որևէ որոշման հասնելու, շարունակում էր քշել յուր ձին ,թեև չգիտեր, թե ուր է գնում : Հոգնած էր և ձին, որ դժվարությամբ էր փոխում քայլերը:
Հոգնածության հետ սկսեց տանջել նրան և քաղցը: Ամբողջ օրը ոչինչ չէր կերել : Նա, իբրև պատերազմական մարդ , սովոր էր բացօթյա կյանքին, կարող էր մի ժայռի, մի ծառի ներքո գլուխը դնել և հանգստանալ: Բայց ի՞նչ անել քաղցի հետ: Բնությունը իրանը պահանջում էր: Մյուս կողմից, մի խուլ կասկած ալեկոծում էր նրան: Այդ վերին աստիճանի աներկյուղ և անձնավստահ մարդը սկսել էր տատանվիլ: «Իսկ եթե հետամուտ լինեն ինձ…»-մտածում էր նա : Յուր քաղաքում մոր երկյուղից ոչ ոք չհամարձակվեցավ նրա վրա քար նետել: Մայրը, իհարկե ամենախիստ պատվեր տված կլիներ այդ մասին: Բայց ո՞վ էր արգելում մի քանի ստահակների` գաղտնի դուրս գալ քաղաքից և նրա ետևից ընկնել: Նա կյանքից երկյուղ չուներ, բայց կյանքը նրա նպատակների համար հարկավոր էր: Այդ մտքով շուռ տվեց ձիու գլուխը և դուրս եկավ ուղիղ ճանապարհից:
Դուրս գալով ուղիղ ճանապարհից, դիտավորություն ուներ` խոտորնակի շավիղներով հասնել մի ամայի տեղ, փոքր-ինչ հանգստանալ ու ձիուն հանգստացնել և ապա շարունակել յուր ուղին: Նա աշխատում էր չկորցնել գիշերային խավարը, այլ մթով դուրս գալ յուր իշխանության սահմանից, որը արևելյան կողմից շատ հեռու չէր: Այստեղ ամեն ոք կարող էր ճանաչել նրան, այստեղ նա վտանգի մեջ էր:
Երկար ձիավարում էր, բայց տակավին մշակության դաշտերի ու անդաստանների միջից չէր դուրս եկել: Մշակությունը նշան էր մարդու ներկայության, որից խորշում էր նա: Որոնում էր անապատ, ամայություն: Տեղորայքը որքան և ծանոթ էին նրան, այնուամենայնիվ, տիրող խավարը արգելում էր որոշել, թե ո՜րտեղ է գտնվում: Նա անցնում էր անգիտակցության և տարակուսանքների միջով: Վերջապես դուրս եկավ մշակված դաշտերից: Այժմ նրա առջև տարածվում էին խոտավետ մարգագետիններ: Այդ արդեն նշան էր, որ մոտենում է լեռների ստորոտներին:
Մի քանի անգամ նրա ականջներին զարկեց շան հաչելու ձայն: Ոչինչ ձայն չէր կարող նրան այնքան ախորժելի լինել, որպես այդ ձայնը: Մտածեց, կամ հովիվների է մոտեցել, կամ որսորդների: Թե՜ առաջինները և թե՜ վերջինները նրա համար անվնաս մարդիկ էին: Ձիու գլուխը դարձրեց այն կողմը, որտեղից լսվում էր ձայնը: Երբ բավական մոտեցավ, մեկ շան տեղ սկսեցին հաչել մի քանիսը: Նա շարունակում էր գնալ, մինչև շները խմբով առաջ վազեցին և նրա ճանապարհը կտրեցին: Անհնար էր ազատվել այդ գազաններից: Նա յուր հետ մի այլ զենք չուներ, բացի դաշույնից: Հասկացավ, որ հովիվների հանգրվանի է մոտեցել: Բայց վիրավորել կամ սպանել հովվի շանը, այդ նշանակում է` սպանել նրա եղբորը կամ լավ բարեկամին: Այնուհետև պետք է գործ ունենալ ուղղակի հովվի հետ: Նա միայն պաշտպանողական դիրք բռնեց: Կատաղի գազանները ամեն կողմից շրջապատել էին նրան և ամենահանդուգն կերպով հարձակումներ էին գործում: Անտարակույս պատառ-պատառ կանեին, եթե ձին չպտշտպաներ նրան: Որ կողմից որ հարձակվում էին, քաջասիրտ անասունը իսկույն շուռ էր գալիս և աքացի էր տալիս:
Շների աղմուկից, նիզակը ձեռին, մոտ վազեց մի հովիվ, որը խավարի միջից հարցրեց.
Ո՞վ ես, ի՞նչ գործ ունես այստեղ:
Նա պատասխանեց.
Նախ հանգստացրո՜ւ շներիդ, հետո կիմանաս, թե ես ով եմ:
Իմ շները չեն հանգստանա, մինչև դու չասես, թե ով ես:
Նկատելով, որ կոպիտ հովվի հետ վիճելը բոլորովին ապարդյուն կլիներ, ասաց նա.
Ես Որսիրանի սեպուհն եմ, որսորդությանս ժամանակ մութը վրա հասավ, մոլորվեցա և կորցրի իմ մարդիկներին:
Պատասխանը ոչ միայն գոհացուցիչ էր, այլ շատ փաղաքշական էր հովվի համար, որ Որսիրանի բարձրաստիճան սեպուհը, հանգամանքներից ստիպված, նրա տաղավարում գիշերային պատսպարան էր խնդրում: Նա սաստեց, շները լռեցին: Հետո մոտենալով բռնեց ձիու սանձից, ասաց,
Հետևիր ինձ, տե՜ր սեպուհ:
Շները նկատելով, որ իրենց մեծավորը որպիսի բարեսրտությամբ վերաբերվեցավ դեպի նորեկը, իրանք ևս հանգստացան, և յուրաքանչյուրը գնաց յուր տեղը:
Տարաժամ հյուրին հովիվը տարավ յուր տաղավարը, որը այնքան հեռու չէր: Իսկույն լապտերը վառեց և, տարածելով տաղավարի հատակի վրա մի թանձր թաղիք, խնդրեց նստել, իսկ ինքը մնաց ոտքի վրա` նրա սպասում:
Նստիր և դու, բարի հովիվ, ասաց նրան Մերուժանը, մի ծածքի տակ հյուրը և հյուրընկալը պետք է հավասար բարձի վրա նստեն: Հանգամանքները ինձ բերեցին քո տաղավարը, և ես շատ ուրախ եմ, որ լավ մարդու հանդիպեցա:
Բայց ինձ պետք է նախ իմ հյուրի հանգստության մասին հոգալ, տե՜ր սեպուհ, պատասխանեց հովիվը, ոտքի վրա մնալով: Ճանապարհից եկած մարդը ուտելու պետք կունենա:
Իզուր նեղություն մի՜ կրիր, ասաց հյուրը: Ինչ որ աստված տվել է, ինչ որ պատրաստի կա, ես նրանով ևս կգոհանամ: Քեզ մոտ, իհարկե, հաց կամ պանիր կգտնվի, իսկ եթե փոքր-ինչ մածուն ավելացնես, դա ինձ համար ամենապատվական ընթրիք կլինի: Ես իրավ շատ քաղցած եմ:
Տաղավարը մի շարժական քառակուսի սենյակի նմանություն ուներ, որի ստորին մասը կազմված էր բարակ և կլորիկ ձողերից, որոնք միմյանց հետ կապված էին գույնզգույն դերձանների հյուսվածքով, որ զանազան նկարներ էին ձևացնում: Իսկ ձեղունը պատած էր նույնպես գունավոր հաստ կապերտներով, որ տարածված էին գմբեթաձև առաստաղի վրա: Դեպի ամեն կողմ նայելիս, աչքի էր զարկում մի առանձին շքեղություն, որ հասարակ հովվի կացարանի համար բավական շռայլ էր: Այդ դրդեց Մերուժանին հարցնել,
Ո՞ւմ հոտերն են արածում այստեղ:
Տերունի են, պատասխանեց հովիվը մի առանձին ձայնով, որ արտահայտում էր նրա անմեղ հպարտությունը:
Մերուժանի դեմքի վրա անցավ մի թեթև շփոթություն, և նա երեսը իսկույն շուռ տվեց, որ հյուրընկալը չնկատե յուր խռովությունը: «Տերունի՛», մտածեց նա, և մնաց շվարած: Նա գտնվում էր յուր սեփական հովիվների տաղավարում: Հոտերը «տերունի» էին, այսինքն պատկանում էին իշխանական տանը: Հովիվը, ինչպես երևում էր, չէր ճանաչում յուր տիրոջը: Բայց միթե չէ՞ր գտնվի նրա ընկերների մեջ մեկը, որ ճանաչեր նրան: Նա քաշվեցավ դեպի տաղավարի մթին անկյունը, ասելով.
Այդ լապտերը փոքր-ինչ հեռացրու, և ավելի լավ կանես, եթե դրսում քարշ տաս: Իմ աչքերր սաստիկ խտըղտվում են լույսի վրա նայելիս: Առանց դրան ևս, շուտով լույս կլինի: Ահա՜, լուսինը դուրս է գալիս:
Հովիվը կատարեց հրամանը և հեռացավ ընթրիք պատվիրելու: Նա յուր ընկերների գլխավորն էր երևում: Իսկույն մի գառն մորթեցին և տաղավարից փոքր-ինչ հեռու կրակ վառեցին` թաժա հաց թխելու համար: Իսկ գլխավորը յուր հյուրին միայնակ չթողնելու համար կրկին վերադարձավ նրա մոտ:
Մերուժանը տակավին գտնվում էր այն մտածության մեջ, թե ինքը որոգայթի մեջ էր ընկած, և թե նախախնամության կամքը մատնեց իրան այդ պարզամիտ հովիվների ձեռքը, որոնք որքան բարի էին, նույնքան ավելի անհամբեր էին դեպի ամեն վատություն: Նրանց համար տերը, իշխանը ոչինչ նշանակություն չուներ, եթե աստուծո ուղիղ ճանապարհով չէր գնում: Բայց Մերուժանը սիրում էր ճակատագրի խաղերը և անհամբերությամբ սպասում էր, թե ինչո՞վ կվերջանա այդ դառն կատակը:
Նստի՜ր, կրկին դարձավ նա դեպի հովիվը: Դու քո գործը վերջացրիր, այժմ կարող ես նստել: Ինչպե՞ս է քո անունը:
Հովիվը դարձյալ չհամարձակվեցավ տաղավարի ներսումը նստել, այլ տեղավորվեցավ մուտքի մոտ, դրսումը, և մի առանձին բավականությամբ պատասխանեց.
Դու իմ անո՞ւնն ես հարցնում, տե՜ր սեպուհ: Տերտերը իմ անունը Մանեճ դրեց, բայց մարդիկ Մանի են կոչում:
Ես էլ Մանի կկոչեմ, այդպես ավելի լավ է: – Ասա՜ ինձ, բարի Մանի, որտե՞ղ է այժմ քո տերը, ի՞նչ լուր ունես Մերուժանից:
Այդ անունը լսելիս` հովվի արևից այրված դեմքը ավելի մռայլվեցավ և, յուր խռովությունը ծածկելով, ասաց,
Ի՞նչ գիտեմ, տե՜ր սեպուհ, այդ դու պետք է լավ գիտենաս, թե որտե՜ղ է նա և ի՜նչ է շինում… Այստեղ, այդ լեռների մթության մեջ, մեզ խիստ սակավ լուրեր են հասնում, և ինչ էլ որ հասնում են, տխո՛ւր են, շատ տխո՛ւր… բոլորովին այրում են մարդու սիրտը...
Երևում էր, որ տիրասեր Մանին չէր կամենում Որսիրանի սեպուհի առջև, որպես մի օտար մարդու մոտ, անվայել կերպով վերաբերվել դեպի յուր իշխանը, թեև նրա մասին շատ սակավ բան գիտեր, բայց որքան էլ և գիտեր, յուր համար սաստիկ անմխիթարական էին:
Մոտ վաթսուն տարեկան կլիներ Մանին, բայց տակավին պահպանել էր յուր երիտասարդական ժրությունը: Վասպուրականի լեռների հովիվները դարերով են ապրում և հազիվ են ծերանում: Խոշոր մարդ էր նա` դեմքի նույնպես խոշոր գծագրությամբ, որ արտահայտում էր անկեղծ և ամուր բնավորություն: Աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի թախծություն:
Դու տեսե՞լ ես Մերուժանին, հարցրեց ծպտյալ սեպուհը:
Տեսել եմ, ինչպես չեմ տեսել, պատասխանեց նա վշտալի ձայնով: Բայց այն ժամանակ դեռ շատ երիտասարդ էր, ընչացքները դեռ նոր էին սկսել աճել: Հետո գնաց Պարսկաստան, այնտեղ պարսից անօրեն թագավորը խելքից հանեց նրան… Այնուհետև շատ ժամանակ է, որ չեմ տեսել:
Այդ բոլոր հոտերը Մերուժանի՞ն են պատկանում :
Բոլորը, տե՜ր իմ: Երկնքի աստղերը թիվ և համբարք ունեն, բայց նրա անասունները չունեն: Այստեղ միայն արածում են նրա ոչխարների հոտերը. յուրաքանչյուր հոտը միագույն է և միատեսակ սևը առանձին, ճերմակը առանձին և մյուս գույները իրանց կարգով: Բայց անցի՜ր, տե՛՜ր սեպուհ, այդ լեռան մյուս կողմը, այնտեղ կտեսնես նրա այծերի հոտերը, դարձյալ յուրաքանչյուրը դասավորված իրանց գույների և բուրդերի համեմատ: Մի փոքր հեռու գնա՜, տե՜ր սեպուհ, դեպի Երվանդունիք, այնտեղ կտեսնես նրա ձիաների, ջորիների և ավանակների երամակները և կհիանաս նրանց վրա նայելիս: Այնտեղից անցի՜ր, տե՜ր սեպուհ, դեպի Անձևացյաց կողմերը, այնտեղ կտեսնես նրա արջառները, կովերի և եզների նախիրները: Հետո գնա՜, տե՜ր սեպուհ, դեպի Տիգրիսի ջերմասուն ափունքը, դեպի Ջերմաձոր, այնտեղ ճահճային եղեգնաբույսերի մեջ արածում են նրա գոմեշների գեր ու պարարտ խումբերը: Մի խոսքով, ինչո՞ւ իզուր գլուխդ ցավացնեմ, տե՜ր սեպուհ, սկսյալ Զարեվանդից մինչև Կորդիք և այնտեղից մինչև Վանա ծովակը, Մերուժանի անասուններն են արածում: Ո՞վ ունի այդքան անչափ հարստություն, որքան նա ունի: Աստված նրան ամեն կողմից լիացրել էր, աստված նրան շա՜տ էր տվել, բայց նա չիմացավ գոհացնել յուր աստծուն...
Վերջին խոսքերը արտասանելու միջոցին ծերունու ձայնը զգալի կերպով դողդողաց:
Գալի՞ս է յուր անասունները տեսնելու:
Ոչ մի անգամ չի եկել: Նա չգիտե, թե ի՞նչ ունի և որքա՞ն ունի: Նա մանկությունից սկսեց միայն կռիվներով զբաղվել և յուր գործին չնայել: Բայց այդպես չէր հանգուցյալ հայրը: Ամեն տարի, աշնան ժամանակը, կգար: Մենք առաջուց կլվանայինք կմաքրեինք ոչխարները, և սպիտակ, ձյունափայլ հոտերը կհանեինք նրա առջև: Նա կնայեր և փա՛ռք կտար աստծուն: Այդ տաղավարի մեջ շատ անգամ կերակրել եմ նրան: Կնստեր և մեծ բավականությամբ կուտեր հովվի աղքատիկ ճաշը:
Այժմ ո՞վ է նայում այդքան հարստությանը:
Տիկինը: Թո՜ղ աստված նրան երկար կյանք տա և մեր գլխից միշտ անպակաս անե: Նա խելքի և իմաստության մի մեծ ծով է: Հանգուցյալ նահապետի մահից հետո նա է կառավարում բոլոր գործերը: Կգա, կտեսնե, կուրախանա և ամեն բանի մասին հարցուփորձ կանե: Նա ո՜չ միայն ճանաչում է յուր բոլոր հովիվներին` իրանց անուններով և տեղերով, այլ ճանաչում է յուր անասուններից շատերին: Գիտե, որը որքա՜ն է մեծացել, կամ որը քանի՜ ձագ է բերել: Նա էլ ինձ Մանի է կանչում: Ախորժելի է լինում ծառային, երբ տերը նրան ճանաչում է և յուր անունով է կանչում: Բայց այդպես չէ Մերուժանը, եթե մոտիցը անցնելու լինեմ, չի իմանա, թե ես ով եմ, թեև քառասուն տարի ես նրանց անասունների վրա կյանք եմ մաշում: Այդ փոքր ժամանակ չէ՛, տե՜ր սեպուհ …
Ի՞նչ են անում այդքան անասունները:
Դեռևս հարցնո՛ւմ ես, տե՜ր սեպուհ, ասաց նա, և մի զարմացական ժպիտ անցավ նրա բարի դեմքի խորշոմների միջով: Ամեն շաբաթ հարյուր հատ ամենաընտիր խոյերից ուղարկում եմ իշխանական տան խոհանոցի համար: Գիտե՞ ս, որքա՛ն մարդիկ այնտեղ ճաշ են ուտում: Ամեն օր մի քանի հարյուր հոգի սեղան են նստում: Այնպես էլ յուղը, պանիրը, մածունը, բոլորը գնում է իշխանական տունը: Հետո, ընծաներ են լինում, աղքատներին են բաժանում, մատաղ են անում, բայց աստված այնքան առատություն է պարգևել, որ այդքան ծախսվում է և երբեք չի սպառվում:
Մինչդեռ անծանոթ տերը և յուր հովիվը այդպիսի մտերմական խոսակցության մեջ էին, լուսինը արդեն բավական բարձրացել էր հորիզոնից, և լուռ ու խաղաղ շրջակայքը հանգչում էր սքանչելի լուսավորության մեջ: Տաղավարի հանդեպ, փոքր-ինչ հեռու, վառվում էր կրակը, և նրա բոցափայլ լույսի միջից երևում էին մյուս հովիվները, որ բոլորել էին կրակի շուրջը: Նրանցից ոմանք փայտյա շամփուրներով գառան միս էին խորովում, ոմանք երկաթյա կասկարայի վրա թաժա հաց էին թխում, բայց, միևնույն ժամանակ, չէին դադարում շատախոսել, ծիծաղել և զանազան դատողություններ անել իրենց որսիրանցի հյուրի մասին:
Որսիրանցիք հայտնի էին իրանց օտարոտի սովորություններով, այդ պատճառով, ժողովրդի բերանում ստեղծված բոլոր ծիծաղելի առակները նրանց էին վերաբերում: Հովիվներից մեկը ասաց.
Երկու որսիրանցիք հյուր եղան մեկ տան մեջ. տանտիկինը սև պողոճն ու սև չամիչը խառնեց միմյանց և դրեց նրանց առջև: Պողոճներն սկսեցին փախչել: Ընկերը ընկերին ասաց, «Առաջ այդ ոտովներն ուտենք, քանի դեռ անոտներն քնած են»:
Ամենքը ծիծաղեցին, և յուրաքանչյուրը սկսեց յուր լսածն ու իմացածը պատմել: Երկար պատմում էին նրանք և երբեմն առանձին-առանձին մոտենում էին տաղավարին, հեռվից հետաքրքրոթյամբ նայում էին որսիրանցի հյուրի վրա, կարծես, ստուգելու համար, թե ո՜րքան ճշմարիտ էին իրանց պատմածները:
Ընթրիքի սեղանը Մերուժանի սպասածից ավելի ճոխ գտնվեցավ: Փայտյա խանի մեջ դրվեցավ նրա առջև թաժա հաց, պանիր, երկու գլուխ սոխ, իսկ խորովածը շամփուրներով տաք-տաք բերում էին, երբ սպառվում էր, դարձյալ կրկնում էին: Այն մարդը, որ հայոց թագավորի սեղանի մոտ նախապատիվ և առաջնակարգ նախարարի բարձ ուներ, այն մարդը, որ պարսից թագավորի հետ շատ անգամ մեկ թախտի վրա էր ճաշել, երբեք այնպիսի ախորժակով չէր կերել, որպես ուտում էր նա հովվի պարզ սեղանից: Բարեսիրտ Մանիի մոտ գտնվեցավ մինչև անգամ գինի: Երբ սեղանը դրեցին, նա անցավ տաղավարի մի կողմը, մատներով փորեց գետինը և դուրս բերեց մի խեցեղեն փոքրիկ աման, ասելով.
Ես գինին միշտ այդպես թաղում եմ, այդպես ավելի լավ է լինում, տե՜ր սեպուհ, թե՜ սառն կմնա և թե՜ արևի տաքությունից չի քացախի:
Մերուժանը խնդրեց նրան, որ ինքն ևս սեղանակից լինի, որը մեծ դժվարությամբ ընդունեց, ասելով.
Այդ ինձ համար չափազանց մեծ շնորհ է, տե՜ր սեպուհ: Թո՜ղ ծերունի Մանին առիթ ունենա մարդկանց մոտ պարծենալու, որ յուր կյանքում մի անգամ մի սեպուհի հետ հաց է կերել:
Նա նստեց և գինու ամանը դրեց յուր մոտ:
Առաջին թասը Մերուժանր քամեց մինչև վերջին կաթիլը: Այդ տեսնելով, Մանին խրախուսվեցավ և սկսեց թե՜ ինքը խմել և թե՜ ավելի հաճախ մատուցանել թասը յուր հյուրին: Երբ բավական խմել էին, նա դարձավ դեպի հյուրը, հարցնելով.
Ասա՜ ինձ, տե՜ր սեպուհ, դու ի՞նչ համբավ ունես Մերուժանից: Դու աշխարհի մարդ ես, գիտես նրա չարն ու բարին: Մենք կտրված ենք աշխարհից, չգիտենք, թե ո՞րտեղ ի՜նչ է կատարվում, ճշմարի՞տ է ա՜յն, որ խոսում են…
Ի՞ նչ են խոսում:
Ի՛նչ ասեմ… դու ինձանից լավ գիտես, տե՜ր սեպուհ… լեզուս չի բռնում, որ ասեմ…
Ես էլ ուղիղը չգիտեմ, բարի Մանի՜… շատ բան են խոսում... ո՞ր մեկին կարելի է հավատալ... Ես միայն այդքանը գիտեմ, որ շուտով կգա Մերուժանը և շատ կարելի է, որ նա հայոց թագավոր դառնա…
Հովվի խորշոմներով պատած դեմքը բոլորովին մռայլվեցավ. վերջին խոսքերը փոխանակ ուրախացնելու նրան, որ յուր տերն ու իշխանը թագավոր է դառնալու, ընդհակառակն, ավելի տխրացրին:
Այդ լավ չէ, ասաց նա վշտալի ձայնով, այդ աստուծո կամքին հակառակ բան է: Թագավորը պետք է թագավոր լինի, իսկ իշխանը` իշխան: Աստված ինձ կպատժեր, եթե ես մտածեի Մերուժան լինել: Ես նրա հովիվն եմ և պետք է գոհ լինեմ իմ վիճակով:
Բայց Մերուժանի նախնիքը նույնպես թագավոր են եղել, ընդհատեց հյուրը:
Այդ ես չգիտեմ, եղե՞լ են, թե ոչ, գուցե եղել են: Բայց ի՞նչ ուներ նա պակաս մի թագավորից: Նա հենց յուր աշխարհի թագավորն էր: Երասխից սկսած մինչև Վանա ծովակը տարածվում է նրա իշխանության երկիրը: Միթե Արշակ թագավորը այդքան երկիր ունի՞: Ես շատ եմ թափառել, տե՜ր սեպուհ, ես շատ տեղեր եմ տեսել: Ես տեսել եմ Արշակ թագավորի ձիաների երամակները, տեսել եմ և նրա ոչխարների հոտերը, բայց մեր ունեցածի կեսը, կեսի կեսը չեն լինի: Ես տեսել եմ Արշակ թագավորի որսորդության լեռները և նրա անասունների արոտամարգերը. դարձյալ մեր ունեցածի չափ չեն լինի: Այլևս ի՞նչ ուներ պակաս Մերուժանը, որ աստուծո կամքին հակառակ գնար... և թե յուր հոգուն և թե յուր աշխարհին մեղք ավելացներ... Դա՛ռն է այդ բոլորը, շատ դա՛ռն, տե՜ր սեպուհ... Թող աստված ինքը մի ողորմություն անե, չարը խափանե և բարին առաջնորդե…
Վերջին խոսքերը արտասանելու միջոցին, նա լցրեց թասը, նայեց դեպի երկինքը և աղոթելով դատարկեց, կարծես սրտի բոցն ու կրակը հանգցնելու համար:
Մերուժանը զգացվեցավ: Մի խուլ խայթ սկսեց խայթել նրա սիրտը…
Երկրորդ թասը լցրեց նա և առաջարկեց յուր հյուրին, ասելով.
Խմի՜ր, տե՜ր սեպուհ, դու ևս խնդրի՜ր, որ աստված չարը խափանե և բարին առաջնորդե: Մերուժանը որպես իմ, նույնպես և քո իշխանն է: Ես նրա նվաստ հովիվն եմ, իսկ դու նրա հարգելի սեպուհներից մեկն ես: Աղոթե՛նք մեր իշխանի համար. տեր ամենակալը կլսե մեր ձայնը:
Դողդոջուն ձեռքով ընդունեց նա բաժակը և մնաց շփոթված, տատանման մեջ: Նա պետք է աղոթեր յուր չարությունների համար, նա պետք է աղոթեր ա՜յն աստծուն, որին, պարսից արքայի առջև, հրապարակով ուխտել էր չճանաչել: Նա պետք է աղոթեր, որ այդ աստվածը դարձներ իրան չար ճանապարհից: Նա պետք է յուր լեզվով կարդար յուր մեղայականը: Բայց ի՞նչ սրտով կարդար: Դեռ չզղջացած, դեռ չհաշտված սրտով: Այդ խիստ ծանր էր նրա համար: Յուր հյուրընկալը սաստիկ դժվարին դրության մեջ դրեց նրան: Ինչպե՞ս կեղծել, ինչպես խարդավանել: Երկար տատանմունքից հետո, վերջապես, կրկնեց նա յուր հովվի խոսքերը և թասը դատարկեց…
Նա իսկույն հեռացավ սեղանից: Հովիվը նկատեց նրա թախծությունը և կարեկցաբար հարցրեց.
Դու, տե՜ր սեպուհ, որպես ճանապարհից եկած մարդ, երևում է, որ շատ հոգնած ես: Ես իսկույն կպատրաստեմ քո անկողինը: Անուշ քունը միակ դարմանն է հոգնածության: Քո անկողինը թեև անշուք կլինի, բայց հանգիստ կլինի, քեզ կտամ իմ վերարկուն, կփաթաթվես նրա մեջ և կքնես: Իսկ բարձի փոխարեն այդ տոպրակը կդնես գլխիդ տակին: Նա լցրած է խիստ փափուկ խոտով, փետուրից ավելի կակուղ է այդ խոտը:
Մերուժանը շնորհակալություն հայտնելով բարեսիրտ հովվի հոգածությունների համար` ասաց.
Գիշերը գեղեցիկ է, Մանի, իսկ սիրուն լուսինը խլեց իմ քունը: Բայց քո գինին այնքան ախորժելի էր, որ բորբոքեց իմ գլուխը: Կցանկանայի մի փոքր ման գալ, մի փոքր ցրվել սրտիս ամբոխմունքը: Առաջնորդիր ինձ, բարի Մանի, որ քո շները կրկին չխանգարեն ինձ:
Մերուժանը վեր կացավ, իսկ Մանին առեց յուր ցուպը, ընկավ նրա առջևը, հարցնելով, թե դեպի ո՞ր կողմն է ցանկանում գնալ:
Դեպի լեռան կողմը, պատասխանեց նա:
Նրանք անցան անասունների լուռ և խաղաղ հանգրվանի միջով և մոտեցան լեռան ստորոտին:
Դու ինձ միայնակ թող, բարի Մանի, ասաց նրան Մերուժանը: Այստեղ ես փոքր-ինչ կթափառեմ, հետո կնստեմ մի ժայռի վրա և նրա բարձրությունից կնայեմ, թե ի՜նչպես լուսինը սահելով ընթանում է թափանցիկ ամպերի տակով, և կլսեմ լեռնային վտակի անուշ ձայնը:
Պարզամիտ Մանին ոչ սակավ զարմացած էր իշխանի հուզված տրամադրության վրա, որ մի առանձին հոգեզմայլության մեջ էր դրել նրան: Այդ անակնկալ փոփոխությունը վերաբերում էր նա գինու ազդեցությանը: Եվ կամ, ո՞վ գիտե, ի՜նչ անհայտ զգացմունքներ ալեկոծում էին նրա սիրտը: Նա յուր հյուրին թողեց միայնակ և, տալով նրան յուր սրինգը, ասաց.
-Մնացի՜ր այստեղ, տե՜ր սեպուհ, որքան և քո սիրտը կհաճի, և վայելի՜ր զով գիշերի քաղցրությունը: Բայց երբ կցանկանաս կրկին վերադառնալ իմ տաղավարը, հնչեցրու այդ սրինգը, ես կլսեմ, կգամ և կտանեմ քեզ: Մեր շները բավական չար են, տե՜ր սեպուհ:
Շնորհակալ եմ, բարի Մանի, ասաց նա և ընդունեց սրինգը:
Հովիվը հեռացավ:
Մերուժանը մնաց միայնակ: Երկար նա, խորին այլայլության մեջ, թափառում էր լեռան ստորոտում և յուր սրտի հուզմունքներին հանգստություն տալ չէր կարողանում: Տխո՛ւր էր նա այն հուսահատական տխրությամբ, որ մարդուն անհնարին շվարման մեջ է դնում: Երբեք նրա հզոր կամքը այնպես տկարացած չէր եղել, որպես այս գիշեր: Երբեք նրա անզուսպ ինքնավստահությունը այնպես թուլացած չէր եղել, որպես այս գիշեր: Նա հենվեցավ մի ժայռի վրա և կանգ առեց: Նայում էր դեպի յուր շուրջը տիրող մռայլը, որ լուսավորված էր լուսնի աղոտ լուսով: Նայում էր դեպի թախծալի երկինքը, որ պատած էր մոխրագույն ամպերով: Լուսինը երբեմն հայտնվում էր, երբեմն ծածկվում էր ամպերի անթափանցիկ պատառների տակ: Եվ նրա հետ խավար շրջապատը րոպեապես լուսավորվում էր և դարձյալ խորասուզվում էր գիշերային մթության մեջ: Այսպես երբեմն երևում էին նրան հուսո և բաղձանքների պայծառ նշույլները, և դարձյալ ընկղմվում էին անստուգության անվերծանելի խավարի մեջ...
Հոգնած էր նա, հոգնած էր հոգով, հոգնած էր և մարմնով: Նստեց ժայռի վրա: Նստեց յուր լայնատարած իշխանության մի կտոր քարի վրա, որպես մի փախստական, որպես մի թշվառ արտաքսյալ, որ յուր սեփական երկրի վրա յուր ոտքը դնելու մի հաստատ կռվան չուներ: Մտաբերում էր այն օրվա տխուր անցքերը, մտաբերում էր յուր մոր և յուր հովվի կծու խոսքերը, և նրա սիրտը խոցոտվում էր դառն կսկիծներով...
Նա ցած իջավ ժայռից, կանգ առեց և, յուր լի սրտմտությամբ դեմքը դարձնելով դեպի երկինքը, արտասանեց հետևյալ խոսքերը.
«Ի՞նչը ձգեց ինձ այդ թշվառ դրության մեջ… Արդյոք փառասիրությո՞ւնը… ոչ, հազար անգամ ոչ... Հայոց գահը, Հայաստանի թագն ու գավազանը, որ խոստացավ ինձ պարսից սեպուհ արքան, երբե՜ք չէին կարող հրապուրել ինձ, երբե՜ք չէին կարող մի անարգ գործիք դարձնել ինձ պարսից արքայի ձեռքում... Ես այնքան վատ չէի, ես այնքան անսիրտ չէի, որ ոտնակոխ անեի սուրբ պարտականությունը և ապստամբվեի իմ թագավորի դեմ... Ես ավելի մեծ հոժարությամբ կընդունեի մահը և իմ պատիվը ինձ հետ գերեզման կտանեի, քան թե իմ ճակատի վրա կընդունեի դավաճանի սև կնիքը... Ուրեմն ի՞նչը ձգեց ինձ այդ թշվառ դրության մեջ... Արդյոք վրեժխնդրության անզուսպ կի՞րքը, արդյոք արյան անշեջ ծարա՞վը… Դարձյալ ո՜չ... Արդարև, իմ հայրերը, իմ ամբողջ ազգատոհմը սրի ճարակ դարձան և անխնա կերպով խողխողվեցան Արշակունիների ձեռքով... Եվ սկսյալ մանկությունից վրեժխնդրության սրբազան պարտքը միշտ բորբոքում էր ինձ` վրեժխնդիր լինել և դրանով հաշտվել իմ նախահարց ուրվականների հետ, որ ամեն րոպե և ամեն վայրկյան տանջում էին ինձ... Բայց ես չէի ցանկանա իմ նախահարց արյան վրեժը Արշակունիների թագավորության կործանման մեջ գտնել և իմ դավաճանությամբ հափշտակած գահը դնել նրանց դժբախտ ավերակների բեկորների վրա... Ուրեմն ի՞նչը ձգեց ինձ այդ թշվառ դրության մեջ... Ի՞նչը հարկադրեց ինձ` ուրանալ իմ աստծուն, ուրանալ հայրենական կրոնը, ուրանալ ամեն ինչ, որ նվիրական էր ինձ համար, և երկրպագություն տալ պարսից աստվածներին… Ի՞նչը քարացրեց իմ հավատը, ի՞նչը խեղդեց իմ մեջ ազգային բոլոր սուրբ զգացմունքները… Միայն դո՜ւ, քո սերը միայն, ո՜վ Որմիզդուխտ…
Այդ անունը արտասանելու միջոցին` նա խոնարհվեցավ, ծունր դրեց գետնի վրա, կարծես, երկրպագություն էր մատուցանում մի երկնային աստվածուհու:
«Ես սիրում էի քեզ, Որմիզդուխտ, խելագարության չափ սիրում ի քեզ... Այդ գիտեր քո թագավոր-եղբայրը և իմ այդ թուլությունից օգուտ քաղեց նա... Ամեն խոստմունքներ, ամեն պարգևներ, ինչ որ ամենաբարձր էր մարդկային փառքի և վայելչության համար, խոստացավ նա ինձ, բայց չկարողացավ խախտել իմ հավատարմությունը թե՜ դեպի իմ հայրենիքը և թե՜ դեպի իմ թագավորը: Իսկ քեզ տալով, նա խլեց ինձանից բոլորը, ինչ որ սուրբ էր ինձ համար, ինչ որ թանկագին էր ինձ համար... Ես հանձն առի կատարելու քո եղբոր ամենավատ ցանկությունները, միայն քե՜զ ստանալու համար, ո՜վ Որմիզդուխտ...
Մի քանի րոպե տիրեց նրան մի խորհրդավոր լռություն. ջերմ արտասուքը հեղեղի նման թափվում էր աչքերից, և խուլ ապաշավանքը ալեկոծում էր նրա սիրտը:
«Սիրո՛ւմ եմ… չեմ կարող սպանել իմ մեջ այդ սերը…» հանկարծ բացագանչեց նա և բարձրացավ յուր տեղից:
Նա կրկին աչքերը դարձրեց դեպի երկինքը և, երկու ձեռքերը դեպի վեր տարածելով, գոչեց.
«Ով տեր տերանց, ո՜վ աստված աստծոց, ցույց տո՜ւր ինձ այն անոթը, որ կրում է յուր մեջ սիրո կենսատու կաթիլները, ցույց տո՜ւր, ո՜վ տեր, ես կփշրեմ, ես կխորտակե՜մ այդ անոթը, որովհետև նրա մեջն է ամփոփված իմ բոլոր թշվառությունը… Ինչո՞ւ դրեցիր իմ մեջ այդ անոթը, ո՜վ տեր, ինչո՞ւ վառեցիր իմ սիրտը այդ անշեջ կրակով... Թո՜ղ չլիներ կնոջ սերը, թո՜ղ հավիտյան չլիներ նա, և ես ավելի բախտավոր կլինեի... Այդ սիրո համար ես հանձն առի մի ամոթալի պաշտոն... Այդ սիրո համար ես կատարեցի և պիտի շարունակեմ կատարել դժոխային բարբարոսություններ... Ես թույլ եմ, ես անզոր եմ, ո՜վ տեր, քո հզոր ձեռքը միայն կարող է մահացնել նրան... Աղաչում եմ, մեռցրու նրան և բոլորովին ցամաք անապատ դարձրո՜ւ իմ սիրտը, որպեսզի դադարեն իմ մեջ բոլոր կրքերը…»:
Հանկարծ լռեց: Դարձյալ արտասուքը սկսեց հոսիլ նրա աչքերից: Դարձյալ զգացմունքների կատաղի մրրիկը սկսեց ալեկոծել նրան: Երկար այդ խռովության մեջ տանջվում էր նա, մինչև խելագարի նման ձեռքը տարավ դեպի բորբոքված ճակատը և դողդոջուն ձայնով արտասանեց.
Ո՜չ, ո՜չ, ո՜վ տեր, ես սիրում եմ... առանց նրան ինձ համար լույս և կյանք չկա... Դո՜ւ ստեղծեցիր սերը, դո՜ւ դրեցիր իմ մեջ սերը և դո՜ւ պետք է լինես նրա զորավիգը… Նա քո արարչագործության ամենամեծ արդյունքն է… Ժամանակներից առաջ քեզ հայտնի էր նրա և՜ կեցուցիչ, և՜ մահացուցիչ զորությունը... Դու գիտեիր, թե որպիսի՜ անողորմ ձեռքով պետք է դարձնե նա մարդկանց սրտերը թե՜ դեպի բարին և թե՜ դեպի չարը... Ինձ ձգեց վերջին ճանապարհի վրա, և պետք է շարունակեմ առաջ գնալ... Թո՜ղ աշխարհի մեջ մի անարգ նշավակ դառնամ ես, թո՜ղ ապագայի համար հավիտենական դատապարտության առարկա դառնամ ես, թո՜ղ ամեն ոք անեծքով արտասանե իմ անունը, բայց ես սիրում եմ և կսիրեմ... Իմ անգին Որմիզդուխտը պետք է լինի Հայաստանի թագուհին, իսկ ես պետք է դառնամ թագավոր, միայն նրա՜ն արժանի լինելու համար... Թո՜ղ արյունով ոռոգվի այն ուղին, որ տանում է ինձ դեպի հայոց գահը... Թո՜ղ դիակներով կազմվի այն սոսկալի ամբարտակը, որ կհասցնե ինձ մինչև այդ բարձրությունը... Բոլորը քա՛ղցր է ինձ համար, բոլո՛րը ախորժելի է ինձ համար, որովհետև այդ բարձրության վրա պետք է վայելեմ նրա սերը…
Առավոտյան, դեռ արևը նոր էր ծագել, դեռ նոր հոտերը քշում էին դեպի մերձակա արոտները, երբ Մանիի տաղավարին մոտեցան երեք սպառազինված ձիավորներ:
Այստեղից անցա՞վ մի սպիտակ ձիավոր, հարցրեց նրանցից մեկը:
Նա գիշերը ինձ մոտ հյուր էր, պատասխանեց հովիվը:
Ի՞նչ եղավ:
Գնաց:
Ե՞րբ գնաց:
Նա եկավ գիշերով և գնաց գիշերով:
Ո՞ւր գնաց:
Մութն էր, ես նրա ետևից երկար նայեցի, բայց նկատել չկարողացա, թե ո՜ւր գնաց: Ո՞վ էր նա, հարցրեց հովիվը ինքը ևս հետաքրքրվելով:
Մերուժանը:
«Ա՛խ, եթե գիտենայի…» յուր մտքում ասաց հովիվը և մնաց շվարած:
«Ա՛խ, եթե փոքր-ինչ շուտ հասնեինք…» մտածեցին ձիավորները և հեռացան:
ՇԱՊՈՒՀԸ ԶԱՐԵՀԱՎԱՆԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄՈՏ
«Ապա յետ այսօրիկ խաղաց գնաց թագաւորն Պարսից Շապուհ ամենայն իշխանությամբ զօրաց իւրոց եւ չոգաւ էլ յերկիրն Հայոց. եւ առաջնորդ ունէր ընդ իւր զՎահան ի Մամիկոնեան տոհմէն, եւ զՄերուժանն յԱրծրունեաց տոհմէն...
«Իբրեւ էր բանակն Շապհոյ թագաւորին Պարսից ի գաւառն Բագրեւանդայ յաւերս քաղաքին Զարեհաւանիք… ածին ժողովեցին առաջի թագաւորին Պարսից զամենայն գերին մնացորդաց աշխարհին Հայոց. ապա հրաման տայր թագաւորն Պարսից Շապուհ, զամենայն այր ի չափ հասեալ կոխան արարեալ փղաց եւ զամենայն զկին եւ զմանուկ հանել ընդ ցից սայլից: Հազարք հազարաց եւ բիւրք բիւրուաց սպանին, զի ոչ գոյր թիւ կամ համար սպանելոցն: Եւ զկանայս ազատացն եւ նախարարացն զփախուցելոցն հրաման տայր ածել յասպարէզն` որ էր ի Զարեհաւան քաղաքի: Եւ հրաման տայր հոլանել զամենայն ազատ կանանին, եւ նստուցանել աստի անտի ասպարիսին. եւ ինքն Շապուհ արքայ հեծեալ ի ձի, շավակի (արշավակի ) անցանէր առ կանանովն...
«Եւ զազգի Սիւնեաց տոհմին ամենայն զայր ի չափ հասեալ կոտորեցին, եւ զկանայս սպանին, եւ զամենայն մանր մանկտին ներքինիս հրամայէր առնել. եւ խաղացուցանել յերկիրն Պարսից: Եւ առնէր զայս ամենայն վասն վրիժուցն Անդուկայ, որ եղեւ պատերազմ ընդ Ներսեհ արքայ Պարսից»:
Փաւստոս:
Մերուժանի և Վահան Մամիկոնյանի պարտության համբավը կայծակի արագությամբ հասավ Տիզբոն: Այդ բոթը այն աստիճան ազդեց գոռոզ Շապուհի վրա, որ վճռեց անձամբ անցնել յուր զորքերի գլուխը և մի մեծ արշավանք կատարել դեպի Հայաստան: Նրան այնքան չէր ցավեցնում յուր գունդերի կորուստը, որ ընկան Վանա պարիսպների մոտ, որքան կատաղեցնում էր այն միտքը, որ յուր նպատակները հայոց վերաբերությամբ հենց առաջին անգամից անհաջողության հանդիպեցին:
Նրա զորքերի բազմությունը դեռ Ատրպատական չէր հասած, բայց սոսկալի շարշափը տարածվեցավ դեպի ամեն կողմ: Նա գալիս էր, որպես մի մրրկածուփ հեղեղ, ամեն ինչ ողողելու, ամեն ինչ ոչնչացնելու համար: Հայոց նախարարներից շատերը նրա երյուղից թողեցին իրանց ընտանիքները, թողեցին իրանց բերդերը և փախան դեպի զանազան կողմեր: Իսկ մնացողները ամրացան անմատչելի լեռներում:
Հայաստանի արևելյան մասը, որ սահմանակից էր պարսից, նա յուր առջև բոլորովին բաց գտավ: Որտեղից և անցնում էր, յուր ետևից թողնում էր ավերակներ, տխուր անապատ և ամայություն: Քաղաքներն ու ավանները կրակի ճարակ էին դառնում, իսկ փախչելու անկարող բնակիչները գերվում էին: Նրան առաջնորդում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը:
Նա մտավ Բագրևանդ գավառը և յուր ծանր բանակը դրեց Զարեհավանի ավերակների մոտ, որ կործանված էր նրա հառաջապահ զորքերից:
Այստեղ դիմեց նա հայոց տիկնոջը, Փառանձեմին, ձերբակալելու մտքով, որ այդ ժամանակ գտնվում էր Ծաղկանց լեռների սարավանդների վրա Շահապիվանում: Ծաղկանց լեռները արքայական ամառանոցներ էին: Բայց մինչև նրա հասնելը, հայոց տիկինը խույս տվեց և տասնումեկ հազար զինվորներով մտավ Երասխաձորի Արտագերս բերդը:
Առավոտ էր, այն ողբալի առավոտը, որի մյուս օրը Շապուհը պետք է չվեր պաշարելու Արտագերս բերդը: Այս առավոտ նրա հրամանով կատարվեցան այնպիսի գործողություններ, որ վայել չէին ոչ արքայի և մարդու:
Լուռ և տխուր հոսանքով վազում էր Արածանին (Եփրատը), կարծես չտեսնելու համար այն գազանային անգթությունները, որ այս առավոտ պետք է կատարվեին նրա ափերի մոտ:
Գետի մի կողմում, նպատ լեռան լանջաց վրա, կազմված էին արքայական վրանները, բոլորը լաջվարդի գունով և մինը քան մյուսը ավելի շքեղ և ավելի փառավոր: Վրանների գույնը, միախառնվելով լեռան կանչազարդության հետ, ներկայացնում էին հիանալի տեսարան: Նրա հետ էր և յուր կանանոցը: Պարսից թագավորները սովորություն ունեին, երկարատև արշավանքների ժամանակ, կանանոցը իրանց հետ տանել: Կանանց փակ վրանները դրսից չէին երևում, որովհետև շրջապատված էին բարձր սարայփարդաներով, որ կտավյա սպիտակ պարտակներից կազմված, բոլորակ վանդակապատի ձև ունեին:
Գետեզերքի գեղեցիկ տափարակների վրա, հեռու և հեռու, տարածվում էր ընդարձակ բանակը: Այնտեղ զետեղված էին զորքերի և զորապետների վրանները: Գույնզգույն դրոշակները ծածանվում էին, որ նշանակ էին յուրաքանչյուր գնդի առանձնությանը:
Արքայական վրանի կոնաձև գագաթին դրած էր մի ոսկեղեն գունդ, որի վրա փայլում էր պարսկական սրբազան վառը ոսկեձույլ, ոսկեճաճանչ արեգակը: Այդ վրանի մեջ Շապուհը նստած էր փղոսկրյա քառակուսի թախտի վրա, որ զարդարած էր գեղեցիկ քանդակներով: Այս առավոտ հագած ուներ արյունագույն կարմիր պատմուճան: Այդ արդեն նշան էր, որ արյան հետ գործ պետք է ունենա: Գլխին կրում էր փառավոր խույրը, որի առջևի կողմից, ճակատի վրա, մարգարտաշար նարոտներով կապած էր արքայական ոսկյա գարգմանակը, որ փողփողում էր արեգնային ճաճանչներով: Կուրծքը, ուսերից սկսած, պատած էր գոհարազարդ ապիզակով, որ հասնում էր մինչև նույնպես գոհարազարդ գոտին: Թևքերի վրա, արմունկներից վերև, կապված էին ոսկյա ապարանջաններ: Երկու ականջներից քարշ էին ընկած երկու ծանր գինտեր: Իսկ աջ ուսից ձգած էր հմայքներով լի համայիլը, որ զարդարած էր գույնզգույն խոշոր քարերով, և որը կողմնակի կերպով անցնում էր կուրծքի վրայով և յուր երկու ծայրերով միանում էր ձախ թևքի տակում: Այդ համայիլի վրա գործ էին դրել նրա մոգերը իրանց բոլոր կախարդական արհեստն ու գիտությունը: Յուր թախտի վրա նստած էր նա չոքած կերպով: Գավազանի փոխարեն երկու ձեռքով բռնած ուներ մի երկաթյա ծանր լախտ, գնդաձև գլխով, որ հորիզոնական դիրքով դրած ուներ ծնկների վրա: Նրա ետևում հսկում էր Դրան զինակրապետը, որ ձեռքում բռնած ուներ արքայական սուրը: Աջ կողմում կանգնել էր Մերուժան Արծրունին, իսկ ձախ կողմում` Վահան Մամիկոնյանը Սամվելի հայրը: Երկուսն էլ նրա փեսաներն էին, երկուսն էլ գտնվում էին կատարյալ զինավառության մեջ:
Վրանից դուրս, մուտքի այս և այն կողմերում, կարգով շարված էին նրա գլխավոր զորապետները, պալատականները և այլ ավագանին: Ամենքը լուռ էին և խորին երկյուղածությամբ սպասում էին թագավորի ձայնին:
Միջահասակ էր նա, թուխ դեմքով և խոշոր, վառվռուն աչքերով: Կարճ կտրած սև մորուքը սփռված էր ոսկու փոշիով: Դեմքի վրա նշմարվում էր ահավորություն և խստություն: Նա գտնվում էր այն սրբազան ձորի մեջ, որ լի էր անմոռանալի հիշատակներով, որ ամենահին ժամանակներից եղել էր կրոնների և պաշտամունքների օրորան: Այդ ձորով անցնում էր Արածանին հայոց սիրելի Հորդանանը: Այդ գետի նվիրական ափերի մոտ բարձրանում էր վեհապանծ Նպատը հայոց սուրբ Սինան, որի այրերում մի ժամանակ ճգնում էր հայոց Լուսավորիչը, որի այրերում և հանգյավ նա: Այժմ քրիստոնեության թշնամի թագավորի բանակը դրած էր քրիստոնեության նախկին օրորանի մեջ: Լուռ էր նա, և մտահույզ աչքերը հառած էին դեպի մի հոյակապ վանք, որ կանգնած էր նրա հանդեպ, Նպատ լեռան լանջաց վրա: Գեղեցիկ վանքը, յուր գմբեթների բարձրությամբ, կարծես, մրցել էր կամենում շրջակա բարձրությունների հետ:
Այդ ի՞նչ վանք է, դարձավ նա դեպի Մերուժան Արծրունին:
Դա ս. Հովհաննու վանքն է, տե՜ր արքա, պատասխանեց Մերուժանը, ավելացնելով. Այդ վանքի տեղումն էր հայոց ամենահին սրբարաններից մեկը՝ Բագավանը, որի մեջ կանգնած էր «վանատուր» (հյուրասեր) Արամազդի մեծագանձ մեհյանը: Ամեն մի անցորդ, ամեն մի օտարական նրա բազմաթիվ օթևաններում հյուրասիրություն և գիշերային հանգստություն էր վայելում: Այստեղ, յուրաքանչյուր տարի, հայոց Նավասարդ ամսի սկզբում, կատարվում էր «ամանորի» (նոր տարու) աշխարհախումբ տոնախմբությունը: Ներկա էր լինում հայոց թագավորը յուր նախարարների հետ: Օրհնում էին հասունացած պտուղները և նվիրում էին հյուրասիրության աստուծուն: Մշտավառ պահվում էր նրա տաճարում որմզդական երկնային հուրը, և քուրմերի ահագին բազմություն սպասավորում էին սուրբ սեղանին:
Շապուհի թուխ դեմքը ավելի մռայլվեցավ այն տպավորության ներքո, որ այդ բոլորը, որ այնքան նման էին, որ այնքան զուգապատշաճ էին պարսից պաշտամունքներին, այժմ չկային, վաղուց ոչնչացրած էին, և այժմ նրանց տեղում կանգնած էր քրիստոնեական վեհափառ տաճարը:
Ո՞վ կործանեց այդ մեհյանը, հարցրեց նա:
Հայոց Գրիգոր քահանայապետը, պատասխանեց Մերուժանը, որին անմտությամբ Լուսավորիչ են կոչում:
Նա՞, որ հայերին Մազդեզանց լույսից հանեց և քրիստոնեական մոլորությունների մեջ ձգեց:
Այո՜, նա, տե՜ր արքա: Այդ կատարվեցավ այն ժամանակ, երբ նա նույնիսկ այդ գետի մեջ, որ մեր առջևում հոսում է մկրտեց հայոց Տրդատ թագավորին յուր բոլոր մեծամեծների հետ: Հայերը մինչև այսօր հավատում են, թե մկրտության միջոցին երկնքից սյունի նմանությամբ լույս ծագեց, որի գլխին արեգնային ճառագայթներով փայլում էր խաչի նշանը, և մնաց գետի վրա այնքան ժամանակ, մինչև ամենքը մկրտվեցան:
Լսելով Մերուժանի վերջին խոսքերը, Շապուհի դեմքի վրա անցավ ժպիտի նման մի ցնցում:
Պետք է այդ կյանքը կործանվի՛, ասաց նա, և որպես առաջ, նույնպես և այժմ, պետք է կրկին վառվի՜ նրա մեջ որմզդական սուրբ հուրը:
Արքայից արքայի կամքը արդեն կատարված է, պատասխանեց Մերուժանը մի առանձին պարծենկոտությամբ: Նրա մեջ ատրուշանը պատրաստված է և սուրբ հուրը վառվում է: Երեկ հրավիրեցի գերիներին և առաջարկեցի, որ երկրպագություն տան կրակին. ոմանք ընդունեցին, իսկ շատերը համառությամբ մերժեցին: Այժմ արքայից արքայի բարձր հրամանիցն է կախված, թե ի՞նչ պետք է անել այդ մոլորյալների հետ:
Բոլորին պատժել, որ մյուսներին օրինակ լինի, ասաց թագավորը, և նրա խոշոր աչքերը վառվեցան անողոք բարկությամբ: Արևելքից մինչև արևմուտք պետք է տիրե Մազդեզանց կրոնը, և ամեն ընդդիմացող մահվան չարաչար պատիժը պետք է կրե:
Այդպես ևս կարգադրված է, տե՜ր արքա, այժմ կսկսվի դատապարտության հանդեսը:
Մի տափարակի վրա, որ մոտ էր գետեզերքին, անհամբերությամբ սպասում էին փղերի վարժեցրած երամակները: Փղապանները ավելի և ավելի գրգռում էին նրանց, և ամեհի գազանները զարհուրելի ձայներ էին հանում: Հրապարակի մի կողմում կանգնեցրել էին այն գերիներին, որոնք մերժել էին կրակին երկրպագություն տալ: Լուռ և թախծալի դեմքերով սպասում էին այդ թշվառ նահատակները օրհասի վերջին րոպեներին: Բայց նույն թախծության մեջ նշմարվում էր մի վսեմ, հոգևոր մխիթարություն:
Կարծես Եփրատի սրբազան hովիտին վիճակված էր նահատակությունների հանդիսարան լինել: Այստեղ նաhատակվեցան Ոսկյանք, այստեղ նահատակվեցան և Սուքիասյանք: Այստեղ, որպես Իսրայելի Մովսեսը Նաբավ լեռան խորքերում, նույնպես և Հայաստանի Մովսեսը Լուսավորիչը անհայտացավ Նպատ լեռան մթին այրերի մեջ: Ամենախորին ժամանակներից այդ հովիտը միշտ մի արյունոտ հանդիսարան է եղել կրոնների պատերազմի: Եվ սկսյալ Մաժան քրմապետի արյան հեղեղումից մինչև Շապուհի կատարած վերջին նահատակությունները նա միշտ ցողված է եղել սուրբերի արյունով...
Մի խումբ նվագածուներ սկսեցին հնչեցնել փողերը և դափել թմբուկները: Այդ ձայներից փղերը ավելի զվարճացան, ավելի ոգևորվեցան: Սկսեցին դիվական ուրախությամբ պարել: Այդ միջոցին պարսից կարմրազգեստ դահիճները բերում էին հայոց չափահաս և անչափահաս գերիներին և խմբերով ածում էին փղերի առջև: Նախ ձգեցին նրանց առջև փոքրիկ մանուկներին: Անագորույն անասունները նույն գվարճալի խաղն էին խաղում իրանց զոհերի հետ, ինչ խաղ որ խաղում է կատուն մկան հետ, երբ ծուղակից հանելով նրա առջևն են ձգում: Ահարկու կնճիթներով հափշտակում էին թշվառներին և գնդակի նման դեպի վեր էին նետում: Նրանք ընկնում էին, դառն հառաչանքներ արձակելով: Դարձյալ բռնում էին, և, օդի մեջ պտտացնելով, զարկում էին գետնին: Այսպես շարունակում էին դժոխային խաղը, մինչև բոլորովին անշնչանում էին: Հետո ոտքերի տակ կոխ տալով, փշրում էին նրանց բոլոր ոսկերոտիքը և, իբրև մի տափակացրած բամբակի կտոր, կրկին բռնում էին կնճիթներով և նետում էին գետի մեջ: Դժբախտ Եփրատը հետզհետե լցվում էր դիակներով, և նրա պարզ ու հստակ ջուրը արյունի գույն էր ստանում... Այսպես հազարավոր անձինք փղերի ոտքի կոխան եղան:
Այդ տեսնում էր Շապուհը յուր վրանից: Այդ տեսնում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը, որ ներկա էին նրա մոտ: Եվ նրանց զվարճությունը ավելի մեծ էր փղերի զվարճությունից...
Հիմա այդ դատապարտյալները դժո՞խքը կգնան, թե՞ հայոց դրախտը, հարցրեց արքայից արքան դառն ծիծաղով:
Նրանք հավատացած են, որ դրախտը կգնան, պատասխանեց Մերուժանը նույնպես ծիծաղելով:
Այդ հիմարները, մեջ մտավ Վահան Մամիկոնյանը, ոչինչ մահ այնքան ուրախությամբ չեն ընդունում, որպես մահը կրոնի համար:
Իսկ մեր փղերը այս տեսակներին պատժելուց չեն հոգնի, ասաց արքայից արքան: Եվ մեր աստվածներին շատ հաճելի կլինի այսպիսիների արյան հեղումը: Երդվում եմ իմ հարց երեսի պայծառ լույսով, երդվում եմ Որմիզդի սուրբ անունով, որ չպիտի խնայեմ ոչ սեռի, ոչ հասակի և ոչ աստիճանի, և ամեն ոք, ազնվատոհմ, թե ռամիկ, չարաչար կպատժվին, երբ կընդդիմանան մեր կամքին, որը հզոր աստվածների կամքն է:
Այսպես խոսում էր արքայից արքան, և նրա ահավոր ձայնը դղրդեցնում էր ամբողջ բանակը:
Այդ միջոցին, փղերի գազանային հանդիսարանից փոքր-ինչ հեռու, ներկայանում էր այլ բարբարոսություն: Հրապարակի վրա շտապով քարշ էին տալիս մի տեսակ շարժական մեքենաներ, որ անիվավոր սայլակների ձև ունեին: Սայլակների յուրաքանչյուրի վրա բարձրանում էր մի երկաթյա ձող, որ երկար, սրածայր ցիցերի նմանություն ունեին: Նրանց բազմությունը իրանց ձողերով հեռվից պատկերացնում էին նավակների մի խումբ, որ խարսխած էր լինում նավահանգստում, և միայն ցցված կայմերն են երևում: Երբ մեքենաները կարգով կանգնեցրին հրապարակի վրա, սկսվեցավ դժոխային գործողությունը:
Հայոց գերիների թվում կային և շատ ազատանի կանայք ու օրիորդներ: Դրանք այն փախստական նախարարների կանայքն ու օրիորդներն էին, որ, Շապուհի գալուստը լսելով, չկամեցան անձնատուր լինել, այլ թողին իրանց ամրոցները անտեր և գնացին դեպի զանազան կողմեր: Այդ ազատանի կանայքը պահվում էին առանձին վրաններում, որ շատ հեռու չէին Շապուհի խորաններից: Թագավորական ներքինիները մտան նրանց վրանները, մերկացրին բոլորին և այնպես մերկ ու հոլանի դուրս բերեցին վրաններից և երկար շարքով կանգնեցրին հրապարակի վրա, ձողավոր մեքենաների շուրջը:
Գարշելի՛ մի տեսարան էր այդ, որ պարսկական անպատկառ անամոթությունը միայն կարող էր հնարել: Բայց անամոթությանը գերադասում էր պարսկական անգթությունը: Մերկանդամ շարքերով կանգնած էին պարկեշտասուն կանայք ու օրիորդները և իրանց մտքում երանություն էին տալիս այն բախտավորներին, որոնք փղերի ոտքի կոխան էին դառնում և գոնե միանգամից ազատվում էին Շապուհի վայրագությունից: Շատերը կանգնել չէին կարողանում, ուշաթափ էին լինում և ցած էին ընկնում: Բայց ներքինիները կրկին բարձրացնում էին նրանց: Շատերը, խելագարի նման, փետտում էին իրանց մազերը, ծվատում էին իրանց աչքերն ու երեսը, կոծում էին իրանց կուրծքը և լալագին ձայնով աղաղակներ էին բարձրացնում: Բայց ներքինիների մտրակը շառաչում էր նրանց մերկ մարմնի վրա, թողնելով յուր տեղում մի երկար արյունագույն գիծ: Նրանք լռում էին...
Դա՜ մի դա՛ռն նախատինք էր, դա՜ մի ծա՛նր անարգանք էր, որով Շապուհը կամեցել էր պատժել հայոց ազնվականներին, նրանց կանանցը, մերկանդամ կանգնեցնելով յուր բանակի առջև:
Զինվորները խուռն բազմությամբ հավաքվում էին հանդիսատես լինելու:
Հայտնվեցավ մովպետան-մովպետը, շրջապատված յուր ճերմակազգեստ մոգերով: Տիրեց ընդհանուր լռություն: Անցավ նա հրապարակի վրա, ձեռքը բարձրացրեց և, դառնալով դեպի կանանց շարքերը, խոսեց.
Ձեր ամուսինների համառությունը ձեզ այդ նախատական վիճակի մեջ դրեց: Դուք քավում եք նրանց մեղքերը: Մե՜ծ է արյաց արքայից արքան, և անբա՜վ է նրա գթությունը: Նա ձեզ ներումն կշնորհե, և դուք վերստին կվայելեք ձեր նախկին փառքն ու պատիվը, եթե կկատարեք նրա բարձր հրամանը: Որպես արեգակը սփռում է յուր կենսատու լույսն ու ջերմությունը համորեն աշխարհում, այնպես և ամբողջ աշխարհը պետք է գոհության ծունր խոնարհեցնե նրա առջև: Նա է լուսո և կյանքի աղբյուրը. նրանից է բխում ամեն բարություն: Առանց նրան, կյանք և երջանկություն չկա. առանց նրան, տիրում է Ահրիմանի մթին խավարը: Նրա լուսապայծառ օրինակն է երկրի վրա որմզդական սուրբ հուրը: Երկրպագություն տվե՜ք նրան, և ձեզ փրկություն կլինի: Ձեզանից, որպես ազնվատոհմ կանանցից, ավելի իրավունք ունենք պահանջել այդ, որովհետև ձեր օրինակին պետք է հետևե ամբողջ Հայաստանի ռամիկը: Իսկ եթե դուք ևս ձեր ամուսինների նման կհամառվեք ձեր մոլորությունների մեջ, այն ժամանակ ձեզ համար պատրաստ կլինեն այդ սոսկալի մեքենաները, նա ձեռքը տարավ դեպի ձողավոր սայլակները: Կատարեցե՜ք արյաց արքայից արքայի կամքը, մե՜ծ է նրա զորությունը և անբա՜վ է նրա գթությունը:
Թո՜ղ նրա զորությունը, թո՜ղ նրա գթությունը յուր հետ ի կորո՜ւստ մատնվի, աղաղակեցին կանայք միաձայն: Եվ թո՜ղ հավիտենական անեծքը լինի նրա մասն ու բաժինը: Մենք պատրաստ ենք միշտ այդպես գերի մնալ և ընդունել ամեն դատապարտություն, քան թե նրա չար կամքի և նրա անիրավ հրամանի գերին դառնալ:
Կրկնում եմ, երեքկնում եմ, ձայն տվեց մովպետան-մովպետը, խնայեցե՜ք ձեր անձերին, խղճացեք ձեր զավակներին: Ձեր զավակները ձեր աչքերի առջև փղերի ոտքի կոխան կլինեն, իսկ դուք այդ սայլակների վրա կդատապարտվեք չարաչար մահվամբ:
Ոչինչ չէ կարող խախտել մեր հավատը, ոչինչ չէ կարող վախեցնել մեզ: Թո՜ղ կատարվի չար բռնակալի չար կամքը: Մենք պատրաստ ենք:
Տեսնելով զայրացած կանանց հաստատամտությունը, մովպետան-մովպետը դարձավ դեպի դահիճները, հրամայելով.
Կատարեցե՛ք...
Մոտեցան կարմրազգեստ դահիճները և, կատաղի գայլերի նման, հափշտակեցին հավատավոր կանանցից շատերին և տարան, կանգնեցրին սայլակների տախտակամածի վրա: Մեքենան որքան վարպետությամբ էր կազմված, այնքան և ահռելի էր: Դա ներկայացնում էր պարսկական անգթությունը յուր բոլոր բարբարոսությամբ: Երկաթյա ձողը, որ կայմի պես տնկած էր նրա մեջտեղում, կայմի նման պարաններ ուներ: Անմեղ զոհերին կապում էին պարաններով, քարշ էին տալիս և մի րոպեում բարձրացնում էին և շամփրում էին սրածայր ձողի գլխին: Քառորդ ժամ չանցավ, հրապարակի ամբողջ մթնոլորտը լցվեցավ մերկ դիակներով, որ կախված էին օդի մեջ: Բայց ավելի քան մահվան տագնապը, զարհուրելի էր այդ քաջ նահատակների զվարթությունը, որով նրանք մերձենում էին սոսկալի մեքենային: Բարձրանալով նրա գլխին, այդ առաջին աստիճանն էին համարում, որի վրա ոտք էին դնում՝ դիմելու դեպի հավիտենական երանությունը: Կնոջ արիությունը խորտակում էր ամբարտավան թագավորի մեծամտությունը, որ յուր վրանում նստած տեսնում էր նրանց տանջանքները, լսում էր նրանց դառն հառաչանքները և լի սանդարամետական բարկությամբ վրդովվում էր, ալեկոծվում էր, նկատելով, որ յուր անօրինակ բարբարոսություններն անգամ մնում են ապարդյուն, մնում են առանց ազդեցության...
Նա ցած իջավ թախտից և դուրս եկավ վրանից: Նրա հետ դուրս եկան Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Ամբողջ ավագանին, բոլոր դրանիկները, որ կանգնած էին նրա վրանի մուտքի հանդեպ, ընկան գետնի վրա և երկրպագություն մատուցեցին:
Նա նստեց յուր ձին և դիմեց բանակը: Նրան հետևում էին Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Իսկ նրանց ետևից գնում էին արքայական թիկնապահները, ամենքը ձիավորված:
Թե՜ ինքը թագավորը և թե՜ յուր ձին վառվում էին ոսկու և գոհարների մեջ: Ձիու գագաթի վրա փայլում էր մի ճաճանչավոր մահիկ: Բանակը դիտելուց հետո, նա դիմեց դեպի այն կողմը, որտեղ կատարվում էր բարբարոսական գործողությունը:
Խորին ուշադրությամբ անցնում էր նա մերկանդամ կանանց շարքերի միջով և նայում էր յուրաքանչյուրի վրա: Մեկը նրանցից զայրացած կերպով ձայն արձակեց.
Շապո՛ւհ, այդ վայել չէ մի թագավորի, որ իրան հասարակաց հայր է կոչում: Այսպես հրապարակապես խայտառակելով պատվավոր կանանց, դու խայտառակում ես քեզ: Քո բոլոր զորությամբ տկար կնոջ հետ այդպես վարվելով, դու ապացուցանում ես քո հոգեկան ողորմելի տկարությունը...
Նա ձիու գլուխը պահեց և, դառնալով դեպի Մերուժան Արծրունին, հարցրեց.
Ո՞վ է այդ կինը:
Սյունյաց Անդովկ իշխանի տիկինն է, պատասխանեց Մերուժանը:
Վահան Մամիկոնյանը ամոթից, թե խղճի խայթից, գլուխը քարշ ձգեց: Սյունյաց Անդովկ իշխանը Մամիկոնյանների փեսան էր, և այդ պատկառելի տիկինը նրա հոր քույրն էր: Այդ պատկառելի տիկինը միևնույն ժամանակ հայոց թագուհու՝ Փառանձեմի մայրն էր: Որովհետև Արշակ թագավորը ամուսնացած էր Սյունյաց Անդովկ իշխանի դստեր՝ Փառանձեմի հետ:
Լսելով Անդովկի անունը, Շապուհի սպառնալի դեմքի վրա անցավ մի դառն ծիծաղ:
Դու ինձ նախատում ես, տիկին, ասաց նա հեգնական ձայնով: Դու ինձ նախատում ես, որ ես թագավորապես չեմ վարվում: Ապա այն վայելո՞ւչ էր, ապա այն լա՞վ էր, տիկին, որ քո ամուսին Անդովկ իշխանը գերի վարեց իմ նախորդ Ներսեհ արքայի ամբողջ կանանոցը և այրաց տիկնանց–տիկնոջը հափշտակեց, տարավ Սյունիք:
Եվ անվայել չէր, Շապուհ, պատասխանեց արիասիրտ տիկինը: Իմ ամուսինը, իրավ է, քո նախորդ Ներսեհ արքայի կանանոցը գերի վարեց: Բայց որտեղի՞ց: Պատերազմի դաշտից, յուր մեծ հաղթությունից հետո: Իսկ դու գողի նման մտար իմ ամուսնի անտեր ու անպաշտպան ամրոցը և նրա ընտանիքը հափշտակեցիր: Եթե իմ ամուսինը Բյուզանդիայում չգտնվեր, դու այդ գողությունը անել չէիր կարող: Նա յուր գերիների հետ վարվեցավ այնպես, որպես օրեն էր մի ազնիվ իշխանի: Նա Ներսեհի կանանցից ո՜չ մեկի քողը չբարձրացրեց: Իսկ դո՜ւ մեզ մերկանդամ կանգնեցրել ես այդ հրապարակի վրա: Նա Ներսեհի կանանցը արքայավայել պատվով պահելուց հետո դարձյալ պատվով ետ ուղարկեց: Իսկ դու քո կին-գերիներին բարբարոսությամբ բարձրացնում ես այդ երկաթյա անարգ սյուների վրա: Ամո՛թ քեզ, Շապո՛ւհ, դու արատավորեցիր թե՜ թագավորի մեծությունը և թե՜ մարդու առաքինությունը:
Մի՜ նախատիր ինձ, տիկին, ասաց նա զայրացած կերպով: Անմոռանալի են ինձ համար սյունեցիների հասցրած տառապանքները, և անբուժելի են իմ սրտում քո ամուսնի դրած վերքերը: Նա չէ՞ր, որ հրդեհեց, ավերակ դարձրեց իմ մայրաքաղաք Տիզբոնը և իմ բոլոր գանձերը ավարի առեց: Մինչև այսօր Տիզբոնը չէ կարողանում մոռանալ քո ամուսնի հասցրած հարվածները, մինչև այսօր իմ արքունիքի դարպասում դրված է մոխրով լի սանդը, որը ծեծելով ողբում են և անիծելով ասում են, «Սյունյաց իշխանների տերությունը և նրանց կյանքն ու զորությունը թո՜ղ այդ մոխրի նման փոշի դառնա... Եվ ես փոշի՛ կդարձնեմ... »
Այդ դեռևս աստված գիտե, Շապո՜ւհ... պատասխանեց տիկինը, և նրա վշտալի աչքերը վառվեցան բարկության կրակով: Դու քո բոլոր հույսը դրել ես քո անգթության վրա և այդ երկու անպատիվ մարդկանց վրա, որ ընկած են քո ետևից, նա ձեռքը տարավ դեպի Մերուժան Արծրունին և Վահան Մամիկոնյանը: Դրանք երկուսն էլ դժբախտաբար իմ ազգականներն են, բայց եթե բնավ չլինեին, ես ավելի երջանիկ կհամարեի ինձ: Որքան դրանք հավատարիմ մնացին իրանց հարազատ թագավորին, այնքան և հավատարիմ կմնան քեզ...
Նա լռեց, և ապա շարունակեց.
Դու, Շապո՜ւհ, հիշեցնում ես ինձ, թե ի՜նչպես իմ ամուսինը հրդեհեց Տիզբոնը և կողոպտեց քո գանձերը: Այդ ճշմարիտ է: Բայց այն ծանր վիրավորանքից հետո, որ դու հասցրիր իմ ամուսնին քո տան մեջ, քո սեղանի վրա, նրա կատարած վրեժխնդրությունը դեռ շատ բավարար չէր: Նա՜, իրավ է, հրդեհեց քո քաղաքը, կողոպտեց քո արքունիքը, բայց քո կանանցը ձեռք չմեկնեց, թեև, շատ հեշտ էր նրա համար՝ բոլորին գերի վարել Սյունիք և նրանց ձեռքով յուր ամրոցի՝ Բաղաբերդի փողոցները ավելել տալ: Բայց նա, իբրև ազնիվ մարդ, ազնվաբար վարվեցավ: Իսկ դո՜ւ...
Վերջին խոսքը մնաց տիկնոջ բերանում: Իսկույն դահիճները վրա հասան, նախ կտրեցին նրա լեզուն և ապա մաս-մաս հոշոտեցին նրա մարմինը...
Կատաղած թագավորի անգթությունը անցավ ամեն չափից, ամեն սահմանից: Հրամայեց` Սյունյաց իշխանի ամբողջ իգական սեռը կոտորել, իսկ տղաներին ներքինի դարձնել, որպեսզի Անդովկից ո՜չ մի ժառանգ չմնա և նրա տոհմը իսպառ բնաջինջ լինի ...