Nar-Dos

Ճշմարիտ բարեկամը

IV

Հետևյալ առավոտն այն աստիճան սքանչելի էր, որ մարդու սիրտն ակամայից փառավորվում էր: Թռչունները բնության հրաշալեաց այդ փոքրիկ քնարերգուքը վաղուց արդեն սկսել էին իրենց բազմանվագ երաժշտությունն, իսկ ծաղիկներն ու վարդերը լցրել էին օդը մի տեսակ անուշ բուրմունքով:

Արևը տակավին թաքցրած ուներ յուր գլուխը սարերի հետևը, բայց շառագունված հորիզոնն ավետում էր, որ նա շուտով կբարձրանա յուր օրվա աշխատանքը սկսելու:

Եղիսաբեթը նստած էր իրենց պարտիզում մենակ նստարանի վերա: Մայիսյան առավոտվա օդի ցուրտ խոնավությունից պաշտպանվելու համար նրա ուսերին մի շալ էր գցած: Նրա դեմքն այն աստիճան գունատ էր, որ կարծես երկարատև հիվանդությունից նոր էր առողջացել, իսկ աչքերի տակի կապույտը ցույց էր տալիս, որ նա գիշերն անքուն էր անցրել: Նրա նստվածքի դիրքը, դեմքի արտահայտությունը, վերջապես հայացքը, որ նա ուղղել էր դեպի նորաբաց ծաղիկները, ցույց էին տալիս, որ նա ոչինչ չէր զգում: Դեռ երկար ժամանակ նա նստած էր նույն դրության մեջ, երբ վերջապես պարտիզի ծայրին երևեցավ Գ. Զաքարյանը: Նա նկատելի անհանգստությամբ նայում էր այս ու այն կողմը, որպես թե մեկին խիստ փնտրում էր: Բայց երբ Եղիսաբեթին տեսավ, իսկույն վազեց դեպի նա և կանչեց այլայլված ձայնով.

Լի՜զա, Լի՜զա, դու այստեղ ես...

Եղիսաբեթն ապուշի նման նայեց նրան և ոչինչ չպատասխանեց: Գ. Զաքարյանն առավ նրա ձեռքերն և շարունակեց,

Քեզ փնտրելով հոգիս դուրս եկավ, ես սարսափելի վախեցա, երբ քեզ ննջարանում չգտա... Բայց ի՛նչ ես շինում դու այստեղ այսպես վաղ առավոտյան:

Ըստ երևույթին մանկահասակ կինը նոր ուշքի եկավ. նա ցնցվեց ամբողջ մարմնով և զարմացած շրջահայեց: Հետո նայելով յուր ամուսնուն, նա հարցրեց.

Ի՞նչ ես կամենում, Գարասիմ...

Ես քեզ հարցնում եմ, թե այսպես վաղ դու այստեղ ի՞նչ ես շինում:

Ոչինչ:

Ուրեմն ի՞նչ կա այստեղ, որ նստել ես... Լիզա, դու հիվանդ ես, ամբողջ գիշերն էլ դու զառանցում էիր... իսկ այժմ այսպես վաղ եկել ես, նստել այս ցրտում այդ հո բոլորովին հիվանդացար: Ե՞րբ ես այդպես արել, որ այժմ անում ես... ես չեմ հասկանում, թե երեկվանից դեսը քեզ ինչ է պատահում... Լի՜զա, հոգիս, գնանք տուն, քո երեսիդ գույն չկա: Գնանք:

Մանկահասակ կինը ետ քաշեց յուր ձեռքերը, վեր կացավ և, առանց մի խոսք անգամ արտասանելու, առաջ ընկավ դեպի տուն: Գ. Զաքարյանը հետևեց նրան: Սանդուղքներով բարձրանալիս նա կամենում էր բռնել կնոջ թևից և օգնել նրան բարձրանալու, բայց վերջինս չթողեց: Նրանք գնացին ննջարանը, որտեղ բացի իրենց մահճակալից, դրված էր և Տիգրանիկի փոքրիկ մահճակալը, որի վերա այդ րոպեին դեռևս ննջում էր նա յուր մանկական անուշ քնով: Եղիսաբեթը նստեց մահճակալի վերա և գլուխը բարձի վերա դրեց...

Լի՜զա, հոգի՛ս, ախր ինչդ է ցավում, որ դու այդպես փոխվել ես, ասաց վերջապես Գ. Զաքարյանն անհանգստությամբ նայելով կնոջ թախծալից դեմքին:

Ոչինչ, ոչինչ, Գարասիմ... Ես ինքս էլ չեմ հասկանում, թե այս մի քանի օրերս ինչ է պատահում ինձ հետ...

Դու թաքցնում ես ինձանից...

Ա՛խ... մանկահասակ կինը մի անհանգիստ շարժում արավ: Խնդրում եմ ինձ հանգիստ թո՜ղ, Գարասիմ:

Կամենո՞ւմ ես բժիշկ կանչեմ:

Հարկավոր չէ:

Տե՛ր աստված, բաս հո միշտ այդպես չես մնալու...

Գարասիմ, եթե ինձ սիրում ես, աղաչում եմ, ինձ հանգիստ թող... Ես կամենում եմ մենակ մնալ:

Կամենո՞ւմ ես, այսօր ծառայության չեմ գնալ և ողջ օրը քեզ մոտ կանցկացնեմ:

Հարկավոր չէ, իմ պատճառով իզուր պաշտոնիցդ մի ընկնիր:

Եվ նա ծածկեց աչքերը: Պարզ երևում էր, որ խոսակցությունը ձանձրացնում էր նրան:

Գ. Զաքարյանը տխրությամբ վեր քաշեց ուսերն և գնալով մինչև դուռը, նորից վերադարձավ և ասաց.

Գոնե վերմակը ծածկեմ կմրսես:

Ոչինչ հարկավոր չէ:

Տեսնելով որ կինն ամեն բանում հակառակում է իրեն, Գ. Զաքարյանը ստիպված դուրս գնաց սենյակից: Նա բոլորովին զարմացել էր կնոջ այդ փոփոխության վերա և որքան էլ գլուխը կոտրում էր, նա չէր կարողանում մի իրավացի պատճառ գտնել, որին կարելի լիներ վերագրել այդ փոփոխությունը: Նա ասում էր, որ հիվանդ չէ, եթե իսկապես հիվանդ էլ է, բայց այդտեղ ի՞նչ կա ծածկելու

իրենից... կամ գուցե մի որևիցե գաղտնիք է կրծում սիրտը, բայց այն ինչ գաղտնիք պիտի լինի, որ չհամարձակվի նա իրեն հայտնելու և ինչո՞ւ... Նա հուսահատվել էր: Սակայն այսքանս միայն երբեմն նրա մտքովն անցնում էր, որ այդ փոփոխությունը պատահել էր նրան հենց այն օրից երբ Սուրեն Արևելյանն առաջին անգամ իրենց տունն ոտ դրեց, բայց որ յուր կինը, կարելի է, սիրում է այդ մարդուն դրա մասին նրա մտքովը մի վայրկյան անգամ չի անցել: Մի՞թե այն կինը, որ այնքան ժամանակ ամենաջերմ սիրով ապրել է նրա հետ, կարող է երբևիցե դավաճանել նրան երբե՜ք, այդ անկարելի է... Միամի՜տ մարդ: Եթե նա գիտենար, թե ո՜րքան շուտ և անսպասելի փոփոխության է ենթարկվում մարդուս սիրտը... Սակայն նրա սիրտը անասելի կերպով ճմլվում էր, երբ նրան այդպես մելամաղձոտ էր տեսնում, նա պատրաստ էր ամեն բան զոհել: Միայն կարողանար նրան ուրախացնել: Խեղճը մնացել էր սառած և չգիտեր թե ինչ աներ: Նա առանց թեյ խմելու պատրաստվեցավ գնալ, բայց նրա սիրտը չհամբերեց և կամեցավ գնալուց առաջ մի անգամ ևս տեսնել կնոջը: Նա զգուշությամբ բացեց դուռը և ներս մտավ: Մանկահասակ կինը պառկած էր նույն դրության մեջ: Նրա հազիվ լսելի շնչառությունը խառնվում էր Տիգրանիկի միահավասար շնչառության հետ:

Նա քնած էր: Երբեմն նրա գունատ շրթունքները բացվում էին և մի-մի անորոշ խոսքեր էին դուրս թռչում բերանից:

Գ. Զաքարյանն երկար ժամանակ և անշարժ նայում էր նրա գեղեցիկ, բայց վշտից տանջված դեմքին, ականջ էր դնում նրա բերանից դուրս թռած խոսքերին, բայց ոչինչ չէր կարողանում որոշել: Վերջապես նա հառաչեց խոր և դարձյալ զգուշությամբ դուրս գնաց:

Անցավ բավական ժամանակ, տակավին ոչինչ չէր խանգարում մոր և որդու քունը, երբ դուռը կամաց բացվեցավ և այս անգամ ներս մտավ մի մանկահասակ աղախին: Նա ոտների մատների վերա զգուշությամբ մոտեցավ սեղանին, որը դրված էր կնոջ մահճակալի մոտ, և վայր դնելով մի ծրար, կամեցավ դուրս գնալ: Դուրս գնալիս դուռը ճռռաց և մանկահասակ կինն այդ ձայնից վախեցած իսկույն վեր թռավ: Նա նայեց յուր չորս կողմը:

Այդ ո՞վ էր, շշնջաց նա:

Ես եմ, տիկին, ասաց աղախինը նորից ներս մտնելով:

Ի՞նչ ես կամենում:

Ոչինչ, տիկին: Պարոն Սուրեն Արևելյանն այժմ այստեղ էր...

Այստե՞ղ էր, շտապով հարցրեց մանկահասակ կինը:

Այո, տիկին: Նա կամենում էր ձեզ տեսնել, բայց որովհետև դուք քնած էիք, և պարոնն էլ տանը չէր, այդ պատճառով նա մի նամակ թողեց և պատվիրեց ինձ, որ հետո երբ դուք կարթնանայիք, ուղղակի ձեզ հանձնեմ:

Բայց ո՞ւր է այն նամակը:

Այդտեղ է սեղանի վերա է:

Գնա՜, լավ, ասաց մանկահասակ կինն նախքան աղախինը դուրս կգնար, նա վերա ընկավ ծրարին, վերցրեց, բացեց դողդոջուն ձեռքերով և կարդաց հետևյալը,

«Հարգելի տիկին.

Ներեցեք, որ ես անձամբ չկարողացա ձեզ տեսնել և որ իմ վերջին ողջույնս ուղարկում եմ ձեզ այս նամակով: Ես այսօրվանից հեռանում եմ այստեղից ընդմիշտ և որքան շուտ, այնքան լավ: Ես զգում եմ, որ անկարելի է ինձ այլևս այստեղ մնալ և շարունակել մեր բարեկամությունը: Ես չեմ կամենում և չպիտի դառնամ ձեր և ձեր ամուսնու թշվառության պատճառը: Ես երբե՜ք չեմ դավաճանիլ և չպիտի դավաճանեմ իմ ընկերոջս, իմ բարեկամիս, խնդրում եմ միշտ հավատարիմ եղեք և դուք նրան, իբրև ձեր ամուսնուն, որի հետ այսքան ժամանակ ամենասերտ կապով կապված եք եղել նա արժանի է դրան: Որպես ես եղա ձեր ընտանեկան խաղաղության վրդովելու պատճառը, նույնպես և ես ի սրտե ցանկանում եմ այդ խաղաղությունը դարձնել ձեզ նորից, և միակ միջոցը ես գտնում եմ մեր ընդմիշտ անջատման մեջ: Մի աշխատեք ոչ մի կերպ իմանալու ես ձեզ սիրում էի թե ոչ. այդ մի գաղտնիք է, որն ավելորդ է գիտենալ... Ուրեմն, մնացեք բարյավ, տիկին: Աշխատեցեք ինձ մոռանալ, և դուք նորից երջանիկ կլինեք... իմ կողմից ներողություն խնդրեցեք ձեր ամուսնուց, որ նրան ևս չկարողացա տեսնել, բարևս մատուցեք նրան և համբուրեցեք Տիգրանիկին: Կրկին անգամ, հավատարիմ եղեք ձեր ամուսնուն: Հիշեցեք իմ խոսքերը, ամեն մի քայլափոխում խոհեմ եղեք, և հաղթանակը ձեր կողմն է:

Ձեզ միշտ բարի ցանկացող՝
Սուրեն Արևելյան»:

Նրա ձեռքերը թուլացան և ընկան ծնկների վերա: Նա յուր կոկորդում զգաց մի ինչ-որ ճնշող բան և, գլուխը ծածկելով բարձի մեջ, սկսեց երեխայի նման հեկեկալ: նույն րոպեին արթնացավ Տիգրանիկը և նստեց մահճակալի վերա: Տեսնելով մորը հեկեկալիս, նա վախեցած ցած թռավ իսկույն մահճակալից, վազեց դեպի նա և, փաթաթվելով նրա ծնկներովը, կանչեց.

Մայրի՜կ, դու այսօր է՞լ ես լալիս:

Մայրը գրկեց նրան և սեղմելով յուր կրծքին, ասաց հեկեկալով.

Տիգրանիկս, իմ անգի՜ն զավակս, այսուհետև դու, միայն դու պիտի բուժես իմ խորտակված սիրտս...

  • * *

Այդ օրից անցել են տարիներ:

Գ. Զաքարյանը մինչև օրս էլ ապրում է յուր կնոջ և որդու հետ: Եղիսաբեթը զգում է, որ հետզհետե սառչում է յուր մեջ այն զգացմունքը, որ մի ժամանակ նա տածում էր դեպի այն մարդը, որը առավել նրա և նրա ամուսնու թշվառության պատճառը չդառնալու համար հեռացել էր նրանից ընդմիշտ: Նա ուրիշ ոչ մի կերպ չի մտածում այդ մարդու մասին, եթե ոչ միայն մի ազնիվ, խելոք, հաստատակամ և անձնվեր ու ճշմարիտ բարեկամի մասին, որի նմանը շատ և շատ քիչ են պատահում... Որքան խորն է մտածում նա այդ մարդու վարմունքի մասին, այնքան նա զգում է, որ շատ և շատ է պարտական դրան: Մի՞թե նա սուտ էր ասում՝ «Կռվի՛ր, և հաղթանակը քո կողմը կլինի»: Նա կռվեց նրա քարոզած հաստատակամությամբ, և մի՞թե այդ բարոյական կռվի հետևանքն ահա մի պայծառ ն ամենաքաղցրիկ հույսեր խոստացող առավոտ չէ: Նա տեսնում է իրեն շրջապատված յուր բարի ամուսնուց և որդուց: Նրանք ժպտում են, սիրում են նրան, գգվում են, ինչպես մի մանկան, և պատասխանում է նրանց յուր սրտի մեջ արդեն բոլորովին նոր և ավելի հաստատ արմատներ բռնող քաղցր և անվերջ սիրով...

Սուրեն Արևելյանը մինչև օրս էլ կորած է անհետք, ոչ ոք նրա մասին ոչ մի տեղեկություն չունի:

Իսկ ինչ վերաբերում է Գ. Զաքարյանին, նա չափից դուրս ուրախ է, որ յուր սիրելի Լիզան նորից կազդուրվել է և սիրում է իրեն առաջվա նման: Բայց նա չգիտե և գուցե երբեք էլ չի գիտենալ, որ յուր այդ անսահման երջանկությամբ պարտական է միայն Սուրեն Արևելյանին յուր ճշմարիտ բարեկամին:

1886

Be the first who will comment on this

Other parts of "Ճշմարիտ բարեկամը"

Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors

Alexander and Anahit Topchyan, 1972
Alexander and Anahit Topchyan, 1972
Play Online