Nar-Dos

Ճշմարիտ բարեկամը

II

Մեր նկարագրած անցքից մի ամիս առաջ, կյուրակի՝ կեսօրի ժամանակ, Ալեքսանդրյան այգում նվագում էր զինվորական երաժշտական խումբը: Օրը սքանչելի էր, բառիս բուն նշանակությամբ: Գարնանային մանուկ արևը սփռում էր յուր ոսկեզօծ ճառագայթները նոր կանաչած ծառերի փայլուն տերևների վերա, որոնց մեջ ճախրող անհոգ թռչունների անվերջ ճռվողյունը տոնում էր գարնան գալուստը: Օդի մեջ մի տեսակ ախորժալի թարմություն էր տիրում, և այգիի ճեմելիքները, մանավանդ «արիստոկրատիկականը», լի էին բազմությամբ: Թիֆլիսի ինտելիգենցիայից սկսած մինչև վերջին կինտոն այնտեղ էր:

Այգիի ավելի սակավամարդ ճեմելիքներից մեկում կուռ կռի տված զբոսնում էին հանդարտ մի մարդ ու կին, ինչպես երևում էր ամուսիններ: Նրանց առջևից գնում էր մոտ չորս տարեկան մի կարմրաթշիկ և շատ սիրուն հագնված երեխա, որի վերա զբոսնողներից շատերը նայում էին հրճվանքով: Նա շուտ-շուտ զանազան անմեղ հարցերով դառնում էր դեպի ծնողները, որոնք ժպտալով բավականություն էին տալիս նրա մանկական հետաքրքրությանը:

Դրանք մեզ ծանոթ Գ. Զաքարյանը, նրա կին Եղիսաբեթը, կամ, ինչպես նա սիրում էր կանչել, Լիզան և նրանց որդի Տիգրանիկն էին:

Այդ միջոցին նրանց դիմացից գալիս էր մի ցիլինդրավոր մարդ, որը դարձրեց յուր վերա Գ. Զաքարյանի առանձին ուշադրությունը: Ցիլինդրավոր մարդը, բոլորովին ուշադրություն չդարձնելով նրանց վերա, անցավ նրանց մոտից, տանելով յուր հետ Գ. Զաքարյանի զարմանքից չռած աչքերը:

Ի՞նչ ես այդպես խոր նայում այդ մարդուն, հարցրեց նրա կինը:

Բայց փոխանակ կնոջը պատասխանելու, նա կանգնեց և գոռաց ցիլինդրավոր մարդու հետևից.

Պ. Սուրեն... Արևելյան... ցիլինդրավոր մարդը կանգնեց և ետ նայեց: Մինչդեռ նա հետաքրքրությամբ նայում էր Գ. Զաքարյանին, սա թողեց կնոջն և մոտենալով նրան հարցրեց յուր մշտական ժպիտով:

Ինձ չե՞ս ճանաչում, Սուրեն…

Ցիլինդրավոր մարդն ավելի խոր նայեց:

Ներեցեք, ես ձեզ չեմ կարողանում հիշել, ասաց նա մի տեսակ լուրջ ձայնով:

Է՞, Սուրեն, այդպես շուտ չեն մոռանում վաղեմի ընկերոջն և բարեկամին, ասաց Գ. Զաքարյանը նախատական եղանակով. բայց տեսնելով, որ ցիլինդրավոր մարդը դարձյալ զարմացմամբ և խոր նայում է իրեն, ավելացրեց շտապով: Ես Գարասիմն եմ, եղբայր:

Ա՛, Գարասիմ… իսկապես որ այդ դու ես, ասաց Սուրեն Արևելյանը (մենք այսուհետև ցիլինդրավոր մարդուն այդպես կանվանենք) ավելի սառ եղանակով, քան այդ բառերը պիտի արտասանվեին, և մեկնեց դեպի նա յուր ձեռքը:

Ներիր, որ ես քեզ չկարողացա ճանաչել:

Մի՞ թե ես այնքան փոխվել եմ, կանչեց Գ. Զաքարյանը ուրախ քրքջալով և ամուր սեղմելով նրա ձեռքը:

Բայց այս ո՞ւր ես դու այսքան ժամանակ, ի՞նչ ես անում, ո՞րտեղ ես թափառում, քանի ժամանակ է ինչ մենք չենք տեսել միմյանց...

Ես ճանապարհորդում էի, պատասխան եղավ նրա անվերջ հարցերին:

Ա՜, հասկանում եմ, հասկանում եմ... խոսքը ձգեց Գ. Զաքարյանը գլուխը թափ տալով: Այո՛, դու իրագործում ես պատանեկան ցնորքներդ... հասկանում եմ... Հիշո՞ւմ ես, որ դու քո ուսանող ժամանակը միշտ ասում էիր ինձ. «Գարասիմ, ես որ հասակս առնեմ, անպատճառ պիտի ճանապարհորդեմ, և, եթե հնար լինի, ավելացնում էիր դու, ես իմ ողջ կյանքը ճանապարհորդությանը կնվիրեմ»: Հիշո՞ւմ ես:

Այո: Եվ ես, տեսնում ես, սուտ չէի ասում:

Ես վաղուց եմ ճանաչում քո հաստատ բնավորությունը, գիմնազիոնում եղած ժամանակից ի վեր... Բայց դեռ մի ե՛կ քեզ ծանոթացնեմ կնոջս և որդուս հետ... Չէ՞ որ ես արդեն ամուսին և հայր եմ, և երջանիկ ավելի, քան դու այդ կարող ես կարծել:

Եվ Գ. Զաքարյանը բռնելով Արևելյանի թևից, գրեթե քարշ տվեց նրան դեպի կինն ու որդին, որոնք մինչ այդ ժամանակ հետաքրքրությամբ նայում էին իրենց բոլորովին անծանոթ պարոնին:

Լի՛զա, դարձավ Գ. Զաքարյանը կնոջը, ներկայացնում եմ քեզ իմ վաղեմի ամենալավ և ամենասիրելի ընկերոջս ու բարեկամիս. Սուրեն Արևելյան:

Պատիվ ունիմ, տիկին, ասաց Սուրեն Արևելյանը պատվաբար գլուխ տալով Եղիսաբեթին:

Շատ ուրախ եմ ծանոթանալու ամուսնուս բարեկամի՝ հետ, ասաց յուր կողմից Եղիսաբեթը, նույնպես գլուխ տալով նրան:

Այս էլ որդիս, Տիգրանիկը, ներկայացրեց Գ. Զաքարյանը:

Սուրեն Արևելյանն այս անգամ ժպտալով սեղմեց Տիգրանիկի ձեռքը:

Գեղեցիկ որդի ունեք, ասաց նա:

Ուսանո՞ւմ է արդյոք:

Օ , ինչպես չէ, կանչեց Գ. Զաքարյանը, բավական վարժ կարդում է թե հայերեն և թե ռուսերեն:

Այդ լավ է. բայց խելո՞ք է:

Այդ հարցին թող ինքը պատասխանի:

Իհարկե, խելոք եմ, պարոն, ասաց Տիգրանիկը, նայելով Սուրեն Արևելյանին: Ես ոչ մի ժամանակ չարություն չեմ արել, կամենում եք մայրիկից հարցրեք: Գուցե շատ փոքրիկ ժամանակս ես չարություն եմ արել, ավելացրեց նա, բայց այժմ ոչ, որովհետև ես այժմ մեծ եմ և հասկանում եմ, որ չարություն անելը վատ է. մայրիկս այդ բացատրել է:

Հայր և մայր ուրախ ծիծաղեցան, իսկ Սուրեն Արևելյանը միայն նշանավոր կերպով ժպտաց և ասաց,

Ապրեք, ես տեսնում եմ, որ դուք խելոք եք և լսել եք ձեր մայրիկի բացատրությունը. այդպես պետք է լինել միշտ:

Հը՛, ինչպե՞ս է, ինքնագոհ եղանակով կանչեց Գ. Զաքարյանը, անթարթ նայելով Սուրեն Արևելյանին:

Այո՛, երեխան բավականին սրամիտ է, պատասխանեց վերջինս:

Եվ ո՞վ գիտե, դու մինչև այժմս ամուրի ես:

Այո:

Իզուր, իզուր, ասաց Գ. Զաքարյանը փորձված մարդու նման: Եթե միայն դու գիտենաս, թե որքա՞ն քաղցր է սիրող կին և զավակ ունենալը, դու այդպես անտարբեր չես գտնվի դեպի ամուսնությունը, հավատացիր:

Ամեն մեկն յուր համոզմունքն ունի, պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը:

Ինչ և իցի... Գնանք, Սուրեն, այսօր դու մեր տանը պիտի ճաշես:

Ես շնորհակալ եմ, Գարասիմ...

Երկար խոսել հարկավոր չէ, անպատճառ հո չպիտի խնդրեմ... Վերջապես, եղբայր, ամբողջ տասը տարի չենք տեսնվել, մի՞թե դու չես կամենում, որ այս մի օրը, երբ հազիվ գտել ենք միմյանց, միասին անցնենք... Գնանք, գնանք: Կինս էլ բավական ուրախ կլինի քո ներկայության համար:

Այո, պարոն Սուրեն Արևելյան, ես շատ ուրախ կլինեի, եթե դուք այսօր բարեհաճեիք պատիվ բերելու մեր տուն: Ես խնդրում եմ, ասաց Եղիսաբեթը:

Երբ դուք այդ ցանկանում եք, տիկին, այդ մեծ պատիվ է ինձ համար, ասաց յուր կողմից Սուրեն Արևելյանը լուրջ ձայնով: Մի քանի ժամ ձեր ընկերության մեջ անցկացնել ինձ համար քաղցր կլինի:

Այդպես, էլի, հե՛ր օրհնած, կանչեց ուրախ Գ. Զաքարյանը: Ես քեզ այլևս չեմ թողնի ճանապարհորդելու, դու մեզ մոտ կմնաս այսուհետև... դե՜հ, հառաջ:

Եվ նրանք խոսելով ուղևորվեցան դեպի տուն:

Սակայն նախ ծանոթանանք Սուրեն Արևելյանի հետ:

Իսկապես ո՞վ էր Սուրեն Արևելյանը, ի՞նչ պաշտոնի տեր և ո՞րտեղացի էր այդ և դրա նման հարցերին ինքը Գ. Զաքարյանն էլ, որ իրեն համարում էր նրա դասակից և ամենասիրելի ընկեր ու բարեկամ, հազիվ թե կարողանար մի որոշ պատասխան տալ: Այսքանս միայն նա կարող էր ասել և երդվել, որ նրա պես ազնիվ, համբերող, անձնվեր և մինչև վերին աստիճանի համառության հասցրած հաստատ

բնավորության տեր ընկեր դեռ նա յուր ողջ կյանքում տեսած կամ լսած չէր: Նա այս ևս գիտեր, որ Սուրին Արևելյանը յուր ծնողների միակ և սիրելի զավակն էր, որ դեռ ուսանող ժամանակը նա զրկվեց նրանցից, որոնց ահագին ժառանգությունը միայն նրան մնաց, որ ուսումն ավարտելուն պես մի օր հանկարծ նա բոլորովին չքացավ և ոչ ոք չիմացավ, թե ուր կարող էր նա գնալ, և որ շատերն յուր ընկերներից, ի թիվս որոնց և ինքը, պնդում էին, որ նա անպատճառ գնացել է ճանապարհորդվելու, որովհետև նրանց հայտնի էր, որ նրա միակ սերը ճանապարհորդությունն էր:

Այդ օրից անցել էր ուղիղ տասը տարի: Նրա բոլոր ընկեր ու ծանոթները նրան վաղուց արդեն մոռացության էին տվել, կարծելով, որ նա այլևս կենդանի չէ: Բայց Գ. Զաքարյանը դարձյալ տեսնում է նրան Թիֆլիսում և ճանաչում է յուր նախկին դասակցին:

Պարոն Սուրեն Արևելյանը մոտ երեսունհինգ տարեկան մի բարձրահասակ մարդ էր, երկար ու շեկ մորուքով, որ հարթ ու գեղեցիկ սանրված շատ սազում էր նրա գրեթե կնային և մի փոքր գունատ դեմքին: Բեղերի ոչ այնքան երկար մազերը հազիվ ծածկում էին նրա կարմիր վարդագույն շրթունքները, աչքերը մեծ ու խոհուն, քիթը նման ավելի գերմանականին, քան հայկականին, իսկ լայն ճակատը, որի վերա մի կնճիռ անգամ չէր երևում, ցույց էր տալիս նրա խելացիությունն ու հաստատ բնավորությունը: Նրա շորերը ոտից գլուխ, կարծես, կոկած լինեին նրա մարմնի կանոնավոր կազմվածքի վերա, աչքերին ակնոցներ, ձեռներին դեղին ձեռնոցներ և սևագույն ձեռնափայտ: Նա ման էր գալիս առանց օրորվելու, հաստատ և չափավոր քայլերով ու լայն կուրծքը միշտ դուրս ձգած: Նա խոսում էր քիչ և ընդհատելով, հարցեր շատ քիչ էր առաջարկում, իսկ իրեն առաջարկած հարցերին պատասխանելու ժամանակ նա խիստ հետևում էր լակոնական ոճին, բառերն արտասանում էր որոշ և շեշտելով, ձայնը պարզ էր և շատ գրավիչ: Սակայն, պատահում էր ժամանակ, երբ նա տաքանում էր, բայց «տաքանալ» ասելով, դուք մի հասկանաք, թե նա կարմրում էր մինչև ականջներն, ինչպես այդ հատուկ է շատերին ոչ, այլ, նրա տաքանալը կայանում էր միայն նրանում, որ յուր սովորությունից դուրս գալով նա սկսում էր շատ խոսել, պահպանելով յուր մշտական լրջությունն ու սառնասրտությունը: Եվ այդ այն ժամանակ էր միայն պատահում, երբ անշուշտ հարկավոր էր լինում մի որևիցե կարևոր և դժվար խնդիր լուծելու: Խոսելիս նա շատ քիչ էր նայում յուր խոսակցի դեմքին, այլ աչքերը կենտրոնացնում էր մի կետի վրա կամ շրջում էր այս ու այն կողմը: Շատ քիչ դեպքերում էր նա ժպտում, իսկ ծիծաղել՝ հազարից մի անգամ, և այդպիսի դեպքում մի՛այն նա երևացնում էր յուր երկու կարգ սպիտակ ու փայլուն ատամները: Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը նայողի վերա մի տեսակ անբացատրելի ազդեցություն էր անում: Շատ կանայք, մանավանդ նրանք, որոնք հասկանում են, թե ինչ է «տղամարդի գեղեցկություն», նրան հանդիպելիս, անկարելի էր, որ նրա վերա միայն մի հայացք ձգելով բավականանային:

Եվ այժմ, երբ նա, նստած Գ. Զաքարյանի շքեղ հյուրասենյակում, լսում է վերջինիս միամիտ երկարաբանությունները, Եղիսաբեթը, որ նստած է նրա դիմացը, նայում է այդ օտարոտի մարդուն և, զարմանալի է, որքան նա շատ է նայում նրան, այնքան ավելի է կամենում նայել, կարծես նրա աչքերը բևեռած լինեին այդ մարդու ազնիվ և լուրջ դեմքի վերա մի անհայտ զորությունից, որին հաղթելու նա յուր մեջ այնքան ուժ չէր զգում: Նրա դեմքի վերա այդ րոպեին կարելի էր նկատել մի տեսակ հոգեզմայլություն դեպի այդ մարդը, որից և պարզ երևում էր, որ եթե ամբողջ ժամերով նա այդպես նստած միշտ նայեր նրան, երբեք չէր հոգնի: Առհասարակ նրա բոլոր արտաքին տեսքը, որը մասամբ արտահայտությունն էր նրա հոգեկան դրության, ցույց էր տալիս, որ նա մի տեսակ հարգանք է զգում դեպի այդ մարդը, բայց ո՜չ, այդ մարդու հետ նա նոր էր ծանոթացել, յուր ողջ կյանքի մեջ նա այդ մարդուն առաջին անգամն էր տեսնում և խոսում նրա հետ, ուրեմն ինչպես կարող էր նա նրան հարգել և ինչո՞ւ, այդ զգացմունքը հարգանք չէր, այլ դրա նման մի բան և դրանից ավելի բարձր, ավելի ազնիվ, ավելի քնքուշ ու քաղցր, բայց իսկապես ի՞նչ այդ յուր համար ևս անբացատրելի էր...

Երկար ժամանակ նրանք նստած խոսում էին: Սուրեն Արևելյանը պատմում էր յուր ճանապարհորդությունից: Նրա պատմությունից երևաց, որ նա ճանապարհորդել է գրեթե ամբողջ Եվրոպան և այժմ մտադիր է ճանապարհորդելու Ասիայում:

Ինչպես երևում է, դուք շատ եք սիրում ճանապարհորդություն, պարոն Սուրեն Արևելյան, հարցրեց Եղիսաբեթը:

Իմ միակ սերս դա է, տիկին, պատասխանեց Սուրեն Արևելյանը րոպեապես միայն աչքերը դեպի նա դարձնելով:

Կամ, գուցե, դուք մի որևիցե վիշտ ունիք, որին բուժելու համար ճանապարհորդությանն եք դիմել:

Ես ունեի այդ վիշտը, տիկին, ծնողներիս մահը, բայց դա վաղուց արդեն բուժվել է:

Ոչ այս և ոչ այն, ինչպես ես տեսնում եմ, դու մի նպատակ ունիս, Սուրեն, մեջ մտավ մշտական ժպիտով Գ. Զաքարյանը:

Գուցե, պատասխանեց լրջորեն Սուրեն Արևելյանը:

Ախար իզուր չէիր կլանում այնպես ագահությամբ ճանապարհորդության վերաբերյալ գրքերը, մանավանդ Ժյուլ Վեռնի ճանապարհորդական սարսափելի արկածներով լի վեպերը: Հասկանում եմ, հասկանում եմ...

Ներս բերին սուրճը, որից հետո գնալով սեղանատունը, որտեղ արդեն պատրաստ էր ճաշի սեղանը, նրանք նստեցին ճաշի: Եղիսաբեթը նստած էր ուղիղ Սուրեն Արևելյանի դիմացն և շուտ-շուտ հյուրասիրում էր նրան զանազան համեղ խորտիկներով: Բոլոր ժամանակ նրա գեղեցիկ դեմքից չէր հեռանում քաղցր ժպիտը, և զանազան հարցեր էր առաջարկում Սուրեն Արևելյանին, բայց ոչ այնքան հետաքրքրությունից, որքան նրա գրավիչ ձայնը լսելու: Ամենից շատ խոսում էր Գ. Զաքարյանը, ծիծաղում, կատակներ էր անում, բայց միայն Սուրեն Արևելյանն էր, որ լուրջ էր, և միակ բանը, որ շարժեց նրա ժպիտը, Տիգրանիկին առաջարկված հարցն էր, որին նա պատասխանեց մեծ սրամտությամբ:

Ճաշը վերջացավ, և ամենքը, տեղերից վեր կենալով, նորից գնացին հյուրասենյակը: Եղիսաբեթը ուրախությունից չգիտեր թե ինչ աներ, նա մոտեցավ Սուրեն Արևելյանին և հարցրեց.

Դուք թուղթ խաղո՞ւմ եք, պարոն Սուրեն Արևելյան:

Երբեմն:

Կկամենա՞ք այժմ խաղալ:

Մեծավ ուրախությամբ, տիկին:

Ա՛յ թե լավ բան մտածեցիր, Լիզա, կանչեց ուրախությամբ Գ. Զաքարյանը: Ես հո այդ բոլորովին մոռացել էի: Ճաշից հետո առհասարակ մի բան խաղալը բժշկական տեսակետից լավ է հո... բրա՛վո, բրավո՜, Լիզա: Գ. Զաքարյանը ծափ տվավ:

Եղիսաբեթը բացեց սեղանը և խաղաթուղթ պատրաստեց:

Պարոններ, ի՞նչ եք կամենում, որ խաղանք, հարցրեց նա:

«Дурачки», հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը և ուրախ կերպով սկսեց քրքջալ: Ես բացի այդ ուրիշ խաղ չեմ իմանում, և այդ խաղն ես շատ եմ սիրում, թեպետև այդ խաղալիս «дурак»-ը հիմարը ես եմ մնում միշտ... Եղիսաբեթն էլ սկսեց ուրախ կերպով ծիծաղել, իսկ Սուրեն Արևելյանը միայն ժպտաց: Նրանք շարվեցին սեղանի շուրջն և սկսեցին խաղալ: Գ. Զաքարյանը սուտ չէր ասում, նա շատ անընդունակ էր և այդ պատճառով ամեն անգամ «дурак»-ը նա էր մնում, որով և ստիպում էր Սուրեն Արևելյանին ժպտալ, իսկ Եղիսաբեթին՝ մի կուշտ ծիծաղել:

Է՜հ, էլ չեմ կամենում այս խաղը, վերջապես կանչեց Գ. Զաքարյանը իրեն նեղացած ձևացնելով յուր անհաջողությունից և խաղաթղթերը սեղանի վերա ցրվելով: Այնքան «дурак»-ները որ գումարենք վերջն ես խելագար դուրս գամ... Եվ նա վեր կացավ տեղից:

Եղիսաբեթը թուլացավ ծիծաղից, իսկ Սուրեն Արևելյանն ասաց ժպտալով.

Բարեկամ, ինչու՞ ես այդպես շուտ տաքանում, չէ որ քո սիրած խաղն այդ է:

Այո, այդ է, բայց... այժմ ես դրան ատեցի: Այժմ գիտե՞ս ինչ կա, Լիզա, դարձավ Գ. Զաքարյանը յուր կնոջը, դու կնստես դաշնամուրի առաջ և մեզ համար մի լավ, մի սքանչելի բան կնվագես ու կերգես: Հա , Սուրեն, հանկարծ նա դարձավ դեպի Արևելյանը, դու չգիտե՞ս, որ կինս երկար ժամանակ երաժշտությամբ էր պարապում, ես դրա համար առանձին ուսուցչուհի էի՝ վարձել և այժմ տեսնես թե որքան սքանչելի նա երգում ու նվագում է...

Հա՛, հա՛, հա՛... սկսեց ծիծաղել Եղիսաբեթը, որ հավաքում էր խաղաթղթի սեղանը: Այդպես ինձ երկինքը մի բարձրացնիր, հանկարծ վայր կձգես...

Ես հո սուտ չեմ ասում...

Ես շատ կցանկանայի, տիկին, որ ձեր ամուսնու ասածները բոլորը ճիշտ լինեին, ասաց Սուրեն Արևելյանը յուր մշտական լուրջ ձայնով: Խնդրեմ, եթե ձեզ այդ նեղություն չէր լինիլ, ինձ համար մի բան նվագեիք:

Երբ դուք այդ ցանկանում եք, պարոն Սուրեն Արևելյան, ես մեծավ ուրախությամբ, ասաց Եղիսաբեթը մի փոքր կարմրելով, նստեց դաշնամուրի առաջ և սկսեց թերթել ձայնագրատետրը:

Դու չես կարող երևակայել, Աուրեն, թե որպես ես սիրում եմ այդ երաժշտությունը, ասաց Գարասիմ Զաքարյանը: Բայց ցավալին այն է, որ ես ոչ մի գործիքի վրա ածել չգիտեմ, թեպետ շատ եմ փորձել սովորելու, բայց չի հաջողվել... Այդպիսի գործերի մեջ առհասարակ ես բոլորովին անընդունակ եմ, հա՛, հա , հա ...

Այդ միջոցին Եղիսաբեթը արդեն պատրաստվեցավ նվագելու: Նա սկսեց նվագել ու երգել մի սիրային պիես, որ բավականին ձայնագրված էր քաղցր և ազդող եղանակով, ինչպես լինում են առհասարակ սիրային մեղեդիները: Եղիսաբեթի ձայնը, եթե ոչ հիանալի, բայց կարելի էր ասել քաղցր էր, բայց ոչ բոլորովին կանոնավորված: Նա իսկապես նմանում էր երգչուհու, որը նստած բեմի վերա հարյուրավոր հանդիսատեսների ու կրիտիկոսների առաջ, երգում է, աշխատելով յուր քաղցր ձայնով և ձայնի զարմանալի ելևէջներով թափանցել մինչև բոլորի սրտի խորերն և միևնույն ժամանակ, զգույշ լինելով, թե մի գուցե մի որևիցե սխալմունքով ձայնի կամ եղանակի մեջ ձգի յուր փառքը բոլոր հանդիսատեսների առաջ: Գ. Զաքարյանը մեծ հիացմունքով նայում էր Սուրեն Արևելյանին և կարծես ասում էր.

«Ինչպե՞ս է երջանի՞կ եմ, թե ոչ...»:

Իսկ Սուրեն Արևելյանի դեմքը պահպանում էր յուր մշտական լուրջ արտահայտությունը, կարծես Եղիսաբեթի քաղցր ձայնը նրա վերա ոչ մի ազդեցություն չէր անում:

Եղիսաբեթը վերջացրեց և վեր կացավ տեղից, նրա դեմքը շառագունվել էր, որից և նա ավելի գեղեցիկ էր երևում, իսկ կուրծքը ավելի արագ էր բաբախում: Նա նայեցավ Սուրեն Արևելյանին, և նրա հայացքը մի որևիցե գովասանքի էր սպասում նրա կողմից, որը վերջապես ասաց յուր մշտական լուրջ ձայնով.

Շնորհակալ եմ, տիկին, դուք գեղեցիկ երգում եք, և ձեր ամուսինը իրավունք ունի ձեզ այդ մասին գովելու:

Այդ գովասանքը ավելի շառագունեցրեց մանկահասակ կնոջը, որ, խոսք չգտնելով ասելու, միայն գլուխ տվավ նրան:

Բրա՛վո, բրա՛վո, հանկարծ գոռաց Գ. Զաքարյանը, կարծես նոր ուշքի գալով և սիրով նայելով կնոջը: Այսօրվա նման դու երբե՛ք այդպես հիանալի չես երգել: Բրավո՛, բրավիսիմո...

Արդեն երեկո էր, երբ Սուրեն Արևելյանը պատրաստվեցավ գնալու: Նրան շատ խնդրեցին թեյի վերա մնալու, բայց նա չմնաց, նա բարեկամաբար սեղմեց բոլորի ձեռքը և ասաց՝

Շնորհակալ եմ ձեր քաղցր հյուրասիրության համար: Մնաք բարյավ:

Ինչպե՞ս թե «մնաք բարյավ», կանչեց Գ. Զաքարյանը: Ես «մնաք բարյավ» չգիտեմ, ցտեսություն:

Այ, պ. Սուրեն Արևելյան, հուսով ենք, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ կբերեք մեր տուն, ասաց յուր կողմից Եղիսաբեթը:

Դուք ինձ պարտավորեցնում եք, տիկին...

Ա՛խ, մի՞թե արժե, պ Սուրեն Արևելյան, շուտով ընդհատեց նրան Եղիսաբեթը: Դուք երևակայել չեք կարող, թե որպիսի բավականություն պատճառեց մեզ այսօր ձեր ներկայությունը...

Պ. Սուրեն Արևելյան, ես ևս խնդրում եմ, որ դուք այսուհետև շուտ-շուտ շնորհ բերեք մեր տուն, ասաց Տիգրանիկը:

Շատ բարի, Տիգրանիկ, ասաց ժպտալով Սուրեն Արևելյանը, երբ դուք ևս ցանկանում եք այդ, ես ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը: Ցտեսություն:

Հա՜, Սուրեն, հանկարծ գոռաց նրա հետևից Գ՝. Զաքարյանը, երբ նա ուզում էր դուրս գնալ սենյակից, դու չասացիր, թե որտեղ ես լինում դու այստեղ:

«Grand Hotl» հյուրանոց №7:

Շատ գեղեցիկ, գուցե մի անգամ մենք քեզ այցելում ենք:

Երբ կամենաք:

Եվ նա դուրս գնաց սենյակից: Նրա հետ դուրս գնացին և Գ. Զաքարյանն ու Տիգրանիկը: Հետո, երբ Գ. Զաքարյանը մենակ դարձյալ ներս մտավ, նա տեսավ Եղիսաբեթին լուսամուտի առաջ: Նա կանգնած էր անշարժ և մտածությամբ նայում էր դեպի դուրս: Նրա դեմքն այլևս չէր կրում առաջվա ուրախ արտահայտությունը... Կարծես Սուրեն Արևելյանի գնալուն պես նրանից մի բան, մի թանկագին բան պակասեց, որը քանի գնում, այնքան ավելի ու ավելի զգալի էր դառնում նրան...

Այնուհետև Սուրեն Արևելյանը գրեթե ամեն օր կամ ինքն էր այցելում Գ. Զաքարյանի ընտանիքին, կամ սրանք էին գնում նրա մոտ «Grand Hotl» հյուրանոցը: Երբեմն նրանք միասին գնում էին թատրոն կամ մի՝ որևիցե զվարճության տեղ: Այնպես որ երկու շաբաթից հետո նրանց միմյանց տեսնելը, միմյանց հետ քաղցր զրույց անելը անհրաժեշտ պայման էին դարձել: Սուրեն Արևելյանը պահպանում էր նույն անտարբերությունն ու սառնասրտությունը, որոնք և մասամբ խանգարում էին տիկնոջը բոլորովին բացվելու նրա առաջ, ինչպես իրենց ամենամոտ բարեկամի առաջ: Նա բոլորովին զարմացած մնացել էր նրա այդ օտարոտի բնավորության վերա: Մի՞թե այդ մարդն իսկապես այն աստիճան անտարբեր ու սառնասիրտ է, որ մինչև անգամ այն սերտ բարեկամությունը, որ նա և յուր ամուսինը ցույց էին տալիս միշտ, չի կարող բացել նրա սիրտը... կամ մի՞թե նա բոլորովին զգայականություն չունի: Ինչո՞ւ նա այնպես ուշ-ուշ է ծիծաղում, մինչև անգամ ժպտում, ինչո՞ւ նա այնպես քիչ է խոսում... բայց մի՞թե նա դաժան մարդ է: Այս խոսքերի վերա նա նայում էր ուղղակի Սուրեն Արևելյանի աչքերին: Ոչ, այդ բարի, խոհուն աչքերը, դեմքի այդ համեստ ու ազնիվ գծագրությունն երբեք չեն կարող պատկանել դաժան մարդուն… Վերջապես ձայնը, մի՞թե դաժան մարդն այդպիսի գրավիչ ձայն կունենա... Ոչ: Երբե՜ք այդ մարդը դաժան չէ, այլ... մի օտարոտի, անբացատրելի մարդ:

Սակայն, ինչ էլ որ լիներ, բայց տիկինը չէր կարող նրան անտարբեր աչքով նայել, ո՛րքան դուր էին գալիս նրան նրա մեծ, խոհուն աչքերը, անուշ ձայնը, զգաստ շարժումները և մշտական լրջությունը, ո՛րպես նա ցանկանում էր ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, միշտ և միայն նրան տեսնել, նրա հետ խոսել, նրա մոտ նստած նվագել ու երգել...

«Բայց ինչո՛ւ», հանկարծ հարցնում էր նա ինքն իրեն: «Մի՞թե ես նրան... սիրում եմ»...

Այդ վերջին խոսքերի վրա նա ամբողջ մարմնով դողում էր և իսկույն երկյուղով նայում էր յուր շուրջը ոճրագործի նման, կարծելով թե մեկը նրան գաղտնի լրտեսում է, թեպետև նա այդ բառերը բոլորովին շշնջալով և մենակ ժամանակն էր արտասանում:

«Այո՛, այս զգացմունքն ուրիշ ոչինչ չի կարող կոչվել, եթե ոչ միայն սեր», պատասխանում էր անբախտ կինն ինքն յուր խոսքերին, և նրա սիրտն անասելի կերպով ճմլվում էր, որովհետև նա հասկանում էր, թե որքան վտանգավոր է այդ զգացմունքն յուր նման մի կնոջ համար, որն արդեն ամուսնացած և զավակի տեր է: «Օ՜, ինչո՞ւ ես չեմ կարողանում ընկճել այդ զգացմունքը, որը քանի գնում, այնքան սաստկանում է, շարունակում էր նա խոսել ինքն իրեն հետ: Ինչո՞ւ դրա հետ կռվելիս ես զգում եմ, որ իմ ուժերս հետզհետե թուլանում են, և ես, բոլորովին հաղթված, վերջապես անձնատուր եմ լինում դրան, որը նոր ուժերով սկսում է ավելի ու ավելի կրծել իմ սիրտս... ինչո՞ւ այդ զգացմունքն այնպես հեշտ և շուտ կարողացավ հալածել իմ սրտիցս ուրիշ երկու զգացմունքներ ամուսնական և մայրական սերը, որոնց ես այսքան տարի ամենայն անձնվիրությամբ փայփայել ու գուրգուրել եմ և որոնց ես անմիտս, կարծում էի, թե ոչինչ աշխարհիս մեջ չի կարող դուրս կորզել իմ սրտիցս... Ա՛խ, եթե միայն մի րոպե, մի վայրկյան ես կարողանայի սրտիս վերա իշխել և մոռանալ նրան, որպե՛ս ես ջերմագին կգրկեի իմ բարի ամուսնուս, որպե՛ս բուռն կրքով կսեղմեի ես անմեղ Տիգրանիկիս իմ կրծքիս և որքա՛ն ես ուրախ, երջանիկ կլինեի...»:

Ահա այդ մտքերն էին ալեկոծում խեղճ կնոջ սիրտը շատ անգամ, և նա անհուսալի կերպով ծածկում էր դեմքը ձեռքերով և լուռ միայն դառն արցունք էր թափում...

Մի անգամ Սուրեն Արևելյանն ամբողջ չորս, հինգ օր չերևացավ: Մեծ էր տիկինի հուսահատությունը: Այդ ժամանակ նա ավելի էր զգում, թե որքան մեծ է, զորեղ է այն զգացմունքը, որ կապում է նրան այդ մարդու հետ: Նա զգում էր յուր սրտի մեջ մի անբացատրելի, ծանր վիշտ, նրա միտքն ամբողջապես նրա մոտ էր: Որքան նա աշխատում էր նրա մասին չմտածել, այնքան նրա միտքն ակամայից ավելի պարզ կերպով էր նկարում նրա գեղեցիկ տեսքը, մշտական լուրջ կերպարանքը, նրա մեծ, խոհուն աչքերը, լայն, խելացի ճակատը...

Նա երկար չկարողացավ դիմանալ և դիմեց վերջապես ամուսնուն.

Գարասիմ ասաց նա նրան, ինչո՞ւ Սուրեն Արևելյանն այլևս մեզ չի այցելում... Չլինի՞ թե նա հիվանդ է...

Ես ինչպե՞ս գիտենամ, սիրելիս... Կուզե՞ս գնանք նրա մոտ:

Գնանք:

Եվ նրանք անմիջապես գնացին «Grand Hotl» հյուրանոցը, բայց նրան այնտեղ չգտան: Երկրորդ օրը գնացին, երրորդ օրը գնացին նույն անհաջողությունը: Տիկինն արդեն բոլորովին հուսահատվեցավ, անտանելի վիշտն ավելի ու ավելի էր կրծում նրա սիրտը: Ամբողջ ժամերով նա մենակ նստում էր բազկաթոռի մեջ և անձնատուր էր լինում մտածության: Հազար ու մի մտքեր, հազար ու մի ցանկություններ խռնվում էին նրա գլխում...

«Ա՛խ, մի անգամ ևս տեսնեմ նրան, մի անգամ միայն, թեկուզ այնուհետև՝ երբեք...», ասում էր նա այդպիսի ժամանակներում:

Ահա այդ դրության մեջ էր գտնվում վերջին ժամանակը մանկահասակ կինն, և այդ ցանկությունն էր բորբոքվում նրա սրտի մեջ, երբ վերջապես նրա ամուսինը, Գ. Զաքարյանը, հայտնեք նրան (ինչպես այդ արդեն հայտնի է մեզ առաջին գլխից), որ նա այդ օրը պատահել է փողոցում Սուրեն Արևելյանին, որն և ասել է, որ այդ օրը ժամի տասնմեկին իրենց մոտ կլինի: Մեզ արդեն հայտնի է, թե որպիսի ուրախություն պատճառեց այդ ավետիքը մանկահասակ կնոջը, թե որպես ուրախությունից չգիտենալով թե ինչ անի, նա միայն ջերմ համբույրներ էր թափում Տիգրանիկի կարմիր, լիք թշիկներին, և թե որպես նա դեռ կամենում էր հայտնել նրան յուր անսահման ուրախության պատճառը, բայց, նայելով նրա անմեղ աչքերին, հանկարծ լռեց, կարծես, այդ անմեղ աչքերը սաստելով ասելիս լինեին նրան. «Լռի՛ր, մայրիկ, մի խոսք անգամ չարտասանես այդ մասին այդ կարող է պղծել իմ մանկական անմեղությունը... Օ, գոնե ամաչիր դու մայրիկ... Այսուհետև ինչի՞ն ես պետք դու ինձ... Մի՞թե այսուհետև ես կարող եմ քեզ «մայրիկ» կոչել, մի՞թե այսուհետև ես կարող եմ թողնել, որ քո ձեռքերը գրկեն ինձ, որ քո շրթունքները համբուրեն իմ անմեղ դեմքս... Ո՜չ, մայրիկ, այդ երբեք չի կարող լինել... Դու ոչ այլ ինչ ես, եթե ոչ միայն մի ոճրագործ, անպիտան մայր, որ անամոթ կերպով դավաճանում ես իմ հայրիկին քո ամուսնուն,՝ որ ամենաանգութ կերպով գողանում ես մեր երկուսիս քնքուշ, անսահման սերն և նվիրում ես մի օտար մարդու...»: Այո՛, մի րոպեի մեջ նա զգաց այդ բոլորն, և այդ զգացմունքն, այդ խղճի խայթը շանթեց նրա սիրտը, որին դիմանալու ույժ չունենալով, նա միայն խուլ հեկեկանքներ արձակեց...

Be the first who will comment on this

Other parts of "Ճշմարիտ բարեկամը"

Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Alexander and Anahit Topchyan, 1972
Alexander and Anahit Topchyan, 1972
Play Online