Nar-Dos
Սպանված աղավնին
7
Այդ երեկո պարապելու ոչ մի տրամադրություն չունեի, ուստի ինքս ինձ մի քիչ ցրելու համար ճանապարհին մտա թատրոն։ Բայց երկար դիմանալ չկարողացա և, հազիվհազ մինչև առաջին գործողության վերջը մնալուց հետո, վեր կացա, որ տուն գնամ հաշիվ տալու ինձ այդ օրվա տպավորություններիս մասին, որոնք քանի գնում՝ այնքան ավելի ու ավելի տիրապետում էին ինձ։
Դուրս գալով դահլիճից, քայլերս ուղղեցի դեպի հանդերձասրահը, տեսնեմ ֆոյեում խռնվող հասարակության մեջ դեմս ելավ Թուսյանը՝ երկու տիկնոջ հետ, որոնք թևանցուկ բարձրաձայն ծիծաղում էին նրա մի ինչ-որ, ըստ երևույթին, շատ զվարճալի, պատմության վրա։ Մեկը տիկին Սարումյանն էր բարձրահասակ ու հաստլիկ, կրկնակի կզակով և դեղձան մազերի մեջ հուրհրատին տվող ծամկալներով. մյուսին չէի ճանաչում. երկուսն էլ պճնված, քսված և չափազանց ուրախ տրամադրության մեջ։ Տիկին Սարումյանի հետ սովորական հարցուբարևը փոխանակելուց և մյուս տիկնոջ հետ ծանոթանալուց հետո ասացի.
Կներե՞ք, որ ձեր հետաքրքրական կավալերին մի քանի րոպեով անջատեմ ձեզնից։
Տարեք թեկուզ բոլորովին, բացականչեց տիկին Սարումյանը քրքջալով. սպանեց, այնքան ծիծաղեցրեց։
Առա Թուսյանի թևը և մի կողմ տարա։
Այսօր քո ետևից շատ եմ ման եկել, ասացի։ Հիմա տուն եմ գնում. դու էլ որ գաս, շատ լավ կանես։ Եկ միասին գնանք։
Այս րոպեի՞ն։
Հենց այս րոպեին։
Ի՞նչ է պատահել որ։
Մի շատ կարևոր բան։
Հեռագիր հո չկա՞ մեր տանից։
Չէ, բայց կա այնպիսի մի բան, որի համար դու պետք է հենց այս գիշեր հեռանաս այստեղից։
Թուսյանը կարճ ժամանակ նայում էր ինձ զարմացած։ Տեսնում էր, որ շատ լուրջ եմ խոսում, և նրա դեմքն էլ լուրջ ու մտառու արտահայտություն ստացավ։
Դե, էլ ի՛նչ ես երկարացնում, ասա ու պրծի, է՛լի, բացականչեց անհամբեր։
Եկ գնանք, կասեմ. այստեղ հարմար չէ, ժամանակ էլ չկա. այնպես անենք, որ գնացքին հասնես։
Թուսյանը շարունակում էր նայել ինձ զարմացած և, ըստ երևույթին, մի քիչ էլ վախեցած, հետո ուսերը թոթվեց տարակուսանքով և ասաց.
Լավ, դու գնա հագնվիր, ես էլ իսկույն գալիս եմ։
Ու վազեց երկու տիկինների ետևից, որոնք կորել էին խռնվող հասարակության մեջ։
Հանդերձասրահում վաղուց հագնվել և սպասում էի մուտքի դռան մոտ, երբ վերջապես երևաց Թուսյանը։ Շտապով հագնվեց և միասին դուրս եկանք։
Չգիտեմ՝ իմ բախտն է թարսվել, թե Սարումյանի բախտն է բանում, ասաց մի ծխախոտ վառելով, հազիվհազ հույս ունեի այս գիշեր բանը դրստելու, և թարսի պես եկար մեջտեղ ցցվեցիր։ Դե ասա տեսնեմ։
Մի քիչ շուտ-շուտ արի, որովհետև հիմա իննից անց է, և հազիվ թե կարողանաս պատրաստվել, որ գնացքին հասնես, ասացի և քայլերս արագացրի։
Հանաք չես անո՞ւմ, հարցրեց Թուսյանը, նույնպես արագացնելով քայլերը։
Այ հիմա կտեսնես՝ հանաք եմ անում, թե ոչ։ Լսիր։ Դու գիտե՞ս, որ քո պատմվածքի հերոսուհին իմ ամենալավ բարեկամի կինն է։
Թուսյանը հանկարծակի կանգ առավ։
Ինչպե՞ս թե...
Կանգ առա և ես ու նայեցի նրան։ Փողոցի էլեկտրական լուսավորությունը հնարավորություն էր տալիս ինձ տեսնելու նրա դիմագծերի բոլոր փոփոխությունները։ Նա նայում էր ինձ ծայրահեղորեն ապշած իմ անակնկալ հայտնությունից։
Հետո, դու գիտե՞ս, որ նա նոր է ամուսնացել, և ես նրա խաչեղբայրն եմ։
Խաչեղբա՞յրը...
Հետո դու գիտե՞ս, ով է եղել, որ այս երկու գիշեր գալիս քաշում էր զանգակը։
Ո՞վ։
Սառայի ամուսինը։
Որ ի՞նչ:
Որ քեզ սպանի։
Իմ այս հայտնությունը կարծեմ ամենից անակնկալն էր նրա համար, որովհետև նա հանկարծակի այնպես սփրթնեց, որ ակամա զղջացի, թե ինչու այդքան սուր կերպով հայտնեցի այդ բանը։ Կարճ ժամանակ նայում էր ինձ կատարյալ ապուշի պես, հետո ասաց.
Ի՜նչ հեքիաթներ ես պատմում։
Դժբախտաբար կյանքը հեքիաթ չէ, բարեկամ, վրա բերի ես, և այս տրագեդիան էլ հենց այն բանի հետևանքն է, որ դու կյանքը զվարճալի հեքիաթի տեղ ես դրել։
Լավ, որ գալիս էր, ինչո՞ւ չէր մտնում ու սպանում, մանավանդ, որ երկրորդ գիշերը ես ինքս գնացի դուռը բաց արի։ Ո՞ւր էր փախել։
Ես մի քիչ շփոթվեցի նրա այս շատ տրամաբանական հարցումի վրա, բայց իսկույն մտածեցի, որ եթե ճշմարտությունը հայտնեի, կնշանակեր, թե ամբողջ գործը պիտի փչացնեի։ Ուստի պատասխանս խուսափոխական եղավ։
Ո՛վ գիտե, ասացի, գուցե վերջին րոպեին մտածել էր, որ ինձ շատ անախորժ դրության մեջ պիտի դներ, եթե իր վրիժառության վայրը իմ տունը դարձներ։ Բայց գիտեմ, ավելացրի ես խոսքերիս նրա վրա թողած տպավորությունը չթուլացնելու համար, նա ման է գալիս, որ ուրիշ տեղ բռնի քեզ։ Եվ ահա թե ինչու ես անհրաժեշտ եմ համարում, որ դու այս գիշեր ևեթ հեռանաս։
Ու, առնելով նրա թևը, առաջ տարա։ Այլևս ձայն ծպուտ չհանեց։ Հետևում էր ինձ հանցավոր երեխայի պես։
Հա՛, մի բան էլ, հանկարծ մտաբերեցի ես։ Դու գիտե՞ս, որ քեզնից զավակ էլ է ունեցել։
Գիտեմ, ասաց նա կամաց, իր վերջին նամակների մեջ գրում էր, որ հղի է։
Հետո՞։
Հետո էլ չգիտեմ. նամակագրությունը դադարեց։
Ուրեմն չգիտե՞ս, որ իր նորածին մանուկը ինքն իր ձեռքով սպանել է։
Ճի՞շտ, գրեթե ճչաց Թուսյանը և կանգ առավ հանկարծ։ Ո՞վ ասաց քեզ այդ։
Արի, արի, ես քեզ բոլորը կպատմեմ։
Ճանապարհին մինչև տուն հասնելը, մանրամասնորեն պատմեցի այդ օրվա Գարեգինի ինձ արած այցը, հետո իմ արած այցը Սառային և այն բոլոր խոսակցությունը, որ ունեցել էի նրանց հետ, իհարկե որոշ գունավորումով։ Օգտվելով այն հանգամանքից, որ Թուսյանը բնավ չէր ճանաչում Գարեգինին և իր կյանքում չէր էլ տեսել նրան, Սառայի ամուսնուն ներկայացրի ոչ թե իբրև անհիշաչար, թույլ ու անկամ մի երիտասարդի, որ իր սիրած կնոջ անցյալին ոչ մի նշանակություն չէր տալիս, այլ իբրև մի կատաղի մարդու, որ վրիժառությամբ լցված, շարունակ կրկնում է, թե չի հանգստանա, մինչև որ իր ախոյանին «շանսատակ» չանի։ Ես այդպես էլ ասացի և նկատեցի, որ Թուսյանի թուքը ցամաքեց. այնպես որ, երբ տուն հասանք, նա երկար ժամանակ նստած էր լուռ ու կաշկանդված, ըստ երևույթին չիմանալով ինչ ասի, ինչ անի:
Ծառային պատվիրեցի, որ վազի մի կառք կանչի, իսկ Թուսյանին ստիպեցի, որ շուտով տեղավորի իր իրեղենները, որպեսզի չուշանա գնացքից։
Լուռ վեր կացավ, դանդաղորեն, կարծես ակամա, հանեց հագի տոնական զգեստը, հագավ այն հնամաշ շորը, որով հյուր էր եկել ինձ մոտ, և նույն դանդաղկոտությամբ սկսեց տեղավորել ճամպրուկի մեջ, շարունակ խորասուզված ինքն իր մեջ, կարծես տատանվելով՝ գնա՞, թե չգնա։ Երբ տեղավորեց պրծավ, ճամպրուկը փակեց, թոկով կապկպեց, վեր կացավ նստեց և շարունակում էր մտածել կենտրոնացած հայացքը մի կետի հառած։
Բայց, ինչպես երևում էր, այդ միայն ժամանակավոր ընդարմացում էր, որ եկել տիրել էր նրան և բխում էր ոչ թե նրա խառնվածքից, որը բնավ վախկոտ չէր և օրգանապես անընդունակ տևականորեն խորանալու դրության մեջ, ինչքան էլ որ այդ դրությունը վտանգավոր լիներ այլ հետևանք էր իմ հայտնած անսպասելի նորության և մանավանդ այն լուրջ եղանակի, որով խոսում էի նրա հետ:
Եվ ես չսխալվեցի իմ այդ ենթադրության մեջ, որովհետև մեկ էլ նայեմ տեսնեմ՝ դեմքը պարզվել է և նայում է ինձ ժպտալով։
Քեռի, ասաց, արի մի բան ասեմ, և դու էլ խոստովանիր, որ չեմ սխալվել։
Ի՞նչ։
Տեսար տանդ խնամի եմ նստել, ինքդ էլ հեղինակ, վառ երևակայության տեր, այդ բաները հեղինակեցիր, որ գլխիցդ ռադ անես։ Չէ՞:
Պատասխանս միայն ուսերիս արհամարհական շարժումը եղավ, և, երևի, ես չկարողացա զսպել զզվանքիս արտահայտությունը, որովհետև նա նորից լուրջ կերպարանք առավ։
Լավ, ասաց,- բայց ի՞նչպես է, որ անցյալ օրը մեր առաջին հանդիպումին մի առանձին թշնամական վերաբերմունք չնկատեցի նրա մեջ դեպի ինձ։ Կամ, գուցե, դա մի խորամանկություն էր և հասցես առավ նրա համար, որ... Ասենք; ե՛ս չեմ, որ պիտի վախենամ մահից, բայց չէ՞ որ մահն էլ որևէ իմաստ, որևէ արդարացում պիտի ունենա: Թե չէ ահա՛ իմ ճակատը և ահա՛ քո գնդակը, տուր գլորիր, թե ի՞նչ:
Ի՞նչ ես ուզում ասել դրանով, հարցրի զարմացած:
Ա՛յն եմ ուզում ասել, որ... մի՞թե, հիրավի, ես այնքան մեղավոր եմ, որ ուզում են ինձ շանսատակ անել: Չէ՞ որ ես բռնի կերպով չտիրացա նրան, ինչպես անում են վերջին կինտոները։ Նա այնքան ուզում էր ինձ, որքան և ես իրեն։ Մեր հոգիները և մեր մարմինները փոխադարձաբար ձգտում էին իրար, և այդ փոխադարձության հետևանքն ուրիշ բան չէր կարող լինել, քան այն, ինչ որ կատարվեց։ Ճիշտ է, ամուսնանալու խոստում էի տվել, բայց այդպիսի դեպքերում սեփական կյանքը զոհաբերելու խոստում էլ են տալիս, և ո՞վ է լուրջ նշանակություն տալիս այդ բանին, որովհետև մի խոստում, որ չի կատարվում իսկույն, վաղվան համար հո մի կոտրած գրոշ էլ չարժե։ Իսկ ես հեռացա, հետո տարիներ անցան, և եթե այս պատահական հանդիպումը չլիներ, ո՞ւմ մտքով կանցներ, թե մի ժամանակ անտառում ինչ եմ արել։ Եվ ո՞ր մեկը հիշեմ. մեկն այստեղ, հարյուր մեկն այնտեղ Ռուսաստանում։ Եվ ինչո՞ւ պիտի հիշեմ։ Մի բան, որ բնական է, պիտի կատարվի անցնի։ Հո մենք չենք հիշում, թե օրը-օրին ինչ ենք ուտում, քաղցը ստիպում է ուտել, ուտում ենք և մոռանում։ Հետո... զավակ՝ ասում ես։ Խոստովանում եմ, այդ բանին էլ լուրջ նշանակություն չեմ տվել։ Վերջին նամակների մեջ, որ գրում էր, թե հղի է, ինքս ինձ ասում էի՝ վնաս չունի, աբորտ կանի, կանցնի։ Նրա պես քանիսներն են այդպես արել։ Բայց որ ասում ես, թե ծնել է և... Ա՜յ, այստեղ ես բան չեմ հասկանում։ Ի՞նչպես կարելի է այդ։ Ինքն էր, չէ՞, որ ինձ մոռացնել տվեց սպանությունը։ Մինչդեռ իմ սպանածը միայն մի աղավնի էր։ Նա աղի արցունք էր թափում մի անպետք թռչունի համար և հանկարծ ինքն իր ձեռքով սպանում է իր սեփական արգանդից նոր ելած մանուկը։ Դա ի՞նչ սոսկալի հակադրություն է։
Ա՛յ, լավ ասացիր, վրա բերի ես։ Հենց այդ բանից էլ կարող ես եզրակացնել քո մեղավորության չափը։ Որքա՜ն այլանդակված պիտի լիներ քո վարմունքով նրա հոգին, որքա՜ն լքված ու հուսահատված պիտի զգար նա իրեն, որ ստիպված լիներ այդպիսի մի սոսկալի ոճիր գործել։ Ես լիովին հասկանում եմ նրան և ամենևին չեմ դատապարտում, որովհետև ներկա հասարակության և ներկա հասարակարգի մեջ ո՞ւր գնար, ո՞ւմ ապավիներ, ո՞ւմ և ո՞ր օրենքի օգնությանը դիմեր մի անմեղ, անփորձ աղջիկ՝ ապօրինի մանուկը ձեռքին։ Եվ դեռ հարցնում ես, թե մի՞թե այնքան մեղավոր ես։
Թուսյանը չառարկեց և լսում էր ինձ անկեղծ զարմանքով։ Տեսնում էի, որ իսկապես լուրջ նշանակություն չէր տվել այդ բանին և հազիվ թե երբևէ մտածած լիներ առհասարակ այդպիսի բաների մասին, և այժմ զարմանում էր, թե ի՞նչպես կարող էր մի ուրիշն այդքան դժբախտանալ իր պատճառով։
Եվ այդ բոլորից հետո, ավելացրի ես, դու դեռ երես ես ունեցել ոչ միայն մոտենալու նրան, այլև ինչ֊որ զզվելի առաջարկ անելու, «շնական» առաջարկ, ինչպես ինքն
Գուցե փող չունես, ասացի, կարծելով, թե նրա վարանման պատճառն այդ է:
Մեքենայաբար շոշափեց գրպանները և ոչինչ չասաց։
Համենայն դեպս հանեցի տվի գրպանումս եղած բոլոր փողը։ Առավ ձեռքի մեջ, առանց գրպանը դնելու, և դուրս գնաց։
Մինչև կառքը ճանապարհ դրի։ Շարունակ լուռ էր և մտազբաղ։ Եվ այդպես էլ բաժանվեց, նույնիսկ առանց մնաս բարև ասելու։
Թուսյանին ճանապարհ դնելուց հետո դարձա սենյակս։ Սովոր լինելով ուշ քնելու, չուզեցի այդպես վաղ հանվել ու պառկել, չնայելով որ, թե՛ ֆիզիկապես, և թե՛ հոգեպես շատ հոգնած և ճնշված էի զգում ինձ։ Ուստի առանց հանվելու թիկն տվի մահճակալիս վրա, որ մի քիչ հանգստանամ և կարգի դնեմ այդ օրվա տպավորություններս, մանավանդ այն տպավորությունը, որ ստացել էի վերջին րոպեին Թուսյանի մեջ նկատած անսպասելի և խորհրդավոր փոփոխությունից։ Եթե չվախենայի, որ նա կարող է ուշանալ գնացքից և այդ գիշերն էլ մնալ, իսկ այդ գիշեր ո՛վ գիտե ինչ կարող էր պատահել, անշուշտ մի քիչ ավելի երկար կպահեի նրան՝ իմանալու համար, թե ինչ է կատարվում նրա մեջ։ Գուցե զղջում, գուցե իր յուրօրինակ էպիկուրյան մտահայացքի հեղաշրջում։ Եվ մինչդեռ, զանազան ենթադրություններ անելով, ընկել էի մտքերիս ծովը, չէի նկատել, թե ինչպես հոգնածությունից քունս տարել էր։
Ու քնիս մեջ մի տարօրինակ երազ տեսա։ Իբր թե մի մեծ դահլիճումն եմ։ Մարդիկ և կանայք խռնվում են զուգված-զարդարված, ինչպես պարահանդեսում։ Բեմ կա։ Բեմի վրա հետին ոտների վրա բարձրացած ցատկոտում է մի սպիտակ այծ ահագին պոզերով և երկար մորուքով։ Այծի երեսն իբր թե այծի չէ, այլ մարդու երես՝ ցոլուն աչքերով։ Հետո մեկ էլ տեսնեմ՝ այծը այծ չէ, այլ կին, և այդ կինն իբր թե Սառան է բալերինի նման սպիտակ փրփուր հագուստով: Գլխին պղնձի մի սափոր ուներ, և այդ սափորը նրա ասաց։ Եվ ոչինչ այնքան չի վիրավորել ու վրդովել նրան, որքան այդ հանդգնությունը։ Որովհետև ի՞նչ է նշանակում այդ։ Այդ նշանակում է, որ դու նրան էլ համարում ես այն կանանցից, որոնց հետ՝ երբ կամենաս՝ կարող ես դործ ունենալ, ինչպես օրինակ, տիկին Սարումյանի հետ, և ամենևին նկատի չես առել, որ նա ոչ միայն ամուսնացած է, այլև վաղը չէ մյուս օրը մայր պիտի լինի։
Ի՞նչպես թե մայր...
Չէ՞ որ նա հղի է...
Фу ты черт! բացականչեց Թուսյանը, վեր կացավ և սկսեց անցուդարձ անել սենյակում։ Դա ի՜նչ դժբախտություն է. այն ժամանակ հղի, հիմա հղի...
Եվ այս անգամ գուցե ավելի դժբախտ հետևանքով:
Թուսյանը հանկարծ կանգ առավ և վախեցած նայեց երեսիս.
Ի՞նչպես։
Որովհետև քո վարմունքից այնքան է վրդովվել, որ եթե ժամանակից առաջ չվիժի և կենդանի մնա, այդ ուղղակի հրաշք կլինի։
Ի՞նչ ես ասում, շշնջաց Թուսյանը, գույնը նետելով։
Ես քեզ բան եմ ասում, որովհետև աչքովս տեսա, թե ինչպես սոսկալի ցավեր է զգում։
Թուսյանը շարունակ երեսիս նայելով, կարճ ժամանակ մնաց քարացած։ Հետո նստեց և այլևս ձայն ծպուտ չհանեց։ Միայն անսովոր լուրջ ու մտազբաղ, որ բնավ չէր սազում նրան, հայացքը հառել էր մի կետի։ Պարզ էր, որ իմ հայտնություններից և ոչ մեկն այնպես չէր ազդել նրան, որքան վերջին հայտնությունը Սառային սպառնացող վտանգի մասին։
Այդ միջոցին վերադարձավ ծառան և հայտնեց, որ կառքը բերել է։ Թուսյանը բնավ ուշադրություն չդարձրեց, կարծես ինքը չէր գնացողը, և շարունակում էր անշարժ նստած մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ ծառան դուրս տարավ նրա ճամպրուկը։
Դե վեր կաց, որ չուշանաս, ասացի։
Մեքենայաբար վեր կացավ, գլխարկը ծածկեց և սկսեց շատ դանդաղորեն, կարծես ակամա, հագնել վերարկուն, ամեն մի ցատկումից վերև էր թռչում ու նորից նստում գլխին։ Բայց հանկարծ կանգ առավ, գլուխը թափահարեց, և սափորն ընկավ գետին ուժգին զրնգոցով։
Աչքերս բաց արի ականջումս լսված մի սուր ձայնից: Սկզբում ինձ թվաց, թե այդ սափորի զրնգոցն էր: Հետո, երբ կես քնած, կես արթուն նայում էի չորս կողմս և աշխատում սթափվել, ձայնը կրկնվեց։ Այս անգամ արդեն պարզապես տեսա, որ դռանս զանգակի ձայնն էր։
Վեր թռա։ «Մի՞թե դարձյալ նա է», ասացի ինքս ինձ, կարծելով, թե Գարեգինն է, որ Սառայի դրդմամբ նորից եկել է Թուսյանին «սպանելու», բայց մեկ էլ մտածեցի, թե դա կարող էր և Թուսյանը լինել, որ երևի ուշացել էր գնացքից և ետ դարձել:
Ու շտապեցի դուռը բանալու։ Բայց որքան եղավ զարմանքս, ու վախս նույնիսկ, երբ դուռը բանալով, առջևս տեսա ոչ թե Գարեգինին կամ Թուսյանին, այլ Սառային։
Տիկի՜ն,- ակամա դուրս թռավ բերնիցս և մեքենայաբար ետ քաշվեցի, որ տեղ տամ մտնի։
Այնուհետև ինչ որ պատահեց, մինչև օրս էլ ինձ թվում է, թե երազ էր կամ հենց նոր տեսած երազիս շարունակությունը նոր փոփոխությունով։
Սառան մի րոպե լուսնոտի պես անշարժ կանգնած էր դռանս առջև գտնված մի հատիկ աստիճանի վրա։ Լուսինը աշնանային պարզկա երկնքից՝ կողքից լուսավորում էր նրա կիսադեմը։ Մեծ զարմանքով նկատեցի, որ այդ ցուրտ գիշերին գլխաբաց էր և նույն թեթև հագուստի մեջ, որով տեսել էի նրան այդ երեկո իրենց տանը, բայց տանը տաքուկ շալ ուներ ուսերին, իսկ այժմ այդ էլ չուներ։ Լուսնոտի պես անշարժ և անվրդով, շեշտակի նայում էր դեպի ներս, ոչ թե ինձ, այլ դեպի մութ նախասենյակը։ Մի աչքից, այն աչքից, որ կողմից լուսինն էր լուսավորում, կարծես կայծեր էին դուրս ցայտում, և այդ աչքը հիշեցրեց ինձ երազիս մեջ տեսած պարուհու ցոլուն աչքերը։
Ոչ մի ձայն չհանեց, ձեռքը կամաց, կարծես երկաթի ծանրությամբ, բարձրացրեց և ուղղեց դեպի նախասենյակը։ Ձեռքին լուսնի տակ ինչ-որ պլպլաց պողպատի սպիտակ փայլով։ Մեքենայաբար ետ ընկա դեպի նախասենյակի պատը և թաքնվեցի դռան ետևը։ Նույն վայրկյանին լսվեց մի տրաքոց կարճ ու հատու, պողպատի բերանն ուղղակի դեմքիս առջև կրակի մի խուրձ արտավիժեց, և նախասենյակը լցվեց վառոդի հոտով։
Արյունը սառավ երակներիս մեջ, մազերս փշաքաղվեցին, և ինձ թվաց, թե աչքերս հանկարծ դուրս պրծան խոռոչներից։ Մի րոպե կարծեցի, թե վիրավորված եմ, և զարմանում էի, որ չէի ընկնում։ «Երևի նրա համար, մեքենայաբար բացատրեցի ինքս ինձ, որ վերքս նոր է, և դեռ չեմ զգում»։ Ու, մահվան սարսափի մեջ կաշկանդված, սպասում էի, թե ահա որտեղ որ է՝ պիտի ընկնեմ ու մահանամ։
Չգիտեմ, որքան տևեց այս սարսափելի դրությունը, որը երբեք չեմ մոռանա, բայց դեռևս կանգնած էի ոտքիս վրա, և ինձ թվում էր, թե տափակել կպել եմ պատին այնպես պինդ, որ անկարող եմ պոկվել։
Հանկարծ մի միտք լցրեց ամբողջ էությունս մի խելագար ուրախությամբ։ «Կարող եմ և վիրավորված չլինել», մտածեցի և սկսեցի շոշափել գլուխս, կուրծքս, փորս, կողերս։ Ոչ մի տեղ արյան տաքություն չզգացի ու կարծես մոգական մի գավազանի զորությամբ վերակենդանացա։
Առաջին գործս այն եղավ, որ առանց համարձակվելու դեպի դուրս նայել, դուռն արագորեն փակեցի և խելագարի պես վազեցի սենյակս։
Երբ արդեն լիովին ապահով էի սենյակիս մեջ, նոր զգացի, որ ամբողջ մարմնովս դողում եմ։ Նստեցի, ձեռքերս սեղմեցի ծնկներիս մեջ և ծնոտներս պինդ հուպ տվի իրար, որ զսպեմ ջղաձգումներս։ Մի ջիղ մանավանդ, որ ոչ մի կերպ զսպել չէի կարողանում, ամբողջ մեջքս ի վեր մինչև շլինքս սեղմվում ու բացվում էր առաձգական ռետինի պես և ամեն սեղմվելիս դեպի ետ, դեպի ներքև էր քաշում գլուխս երբեմն այնքան ուժգին, որ թվում էր, թե եթե փորձեմ դեպ առաջ խոնարհվել, շլինքս ու մեջքս պիտի կոտրվեն չոր փայտի պես։ Աշխատում էի հավաքել խոհականությունս ու սառնասրտությունս, որպեսզի հաշիվ տայի ինձ, թե այդ ինչ էր, որ պատահեց, ոչինչ չհաջողվեց։ Շարունակում էի մնալ կարծես հավիտենական մղձավանջային մի դրության մեջ, որից, հակառակ ջանքերիս, ելնել չէի կարողանում։ Ինձ թվում էր, թե այդ մի քանի րոպեի մեջ, երբ ես կրել էի մահվան բոլոր սարսափը, աշխարհը կործանվել էր, տարտարոսը դուրս էր վիժել իր բոլոր արհավիրքները, զարմանում էի, թե ինչպես էր եղել, որ այդ տիտանական զարհուրանքի մեջ չէր զարթել ոչ ոք ամբողջ տան մեջ, իսկ դուրսը, փողոցում, այնպիսի անդորրություն էր տիրում։ Ես բացեիբաց հրաժարվում էի հավատալ, թե այն բոլորը, ինչ որ տեսա և զգացի այդ մի քանի րոպեում, իրականություն էր, և ինչպես երբեմն պատահում է սարսափելի երազի մեջ, ինքս ինձ սրտապնդում էի նրանով, որ ասում էի, թե այդ երազ է միայն, ուրեմն և վախենալու ոչինչ չկա, ահա որտեղ որ է՝ կզարթնեմ և ամեն բան կանցնի։
Այդ դրության մեջ էի դեռևս, որ հանկարծ մի սուր ձայն ռետինի գնդակի պես վեր նետեց ինձ, նորից փշաքաղելով ամբողջ մարմինս։ Դռանս զանգակի ձայնն էր նորից և այնքան ահավոր, որ կարծես ինքը մահը ճչաց։ Ու, ինչպես վիրավոր մի գազան, որ խելակորույս ինքն է վազում որսորդի գնդակի դեմ, ես դուրս նետվեցի։ Եվ երբ դուռը բաց արի այն անգիտակցական վճռականությամբ, որ իսկույն վրա ընկնեմ և ատրճանակը խլեմ ձեռքից, ապշած, գրեթե զգաստացած տեսա, որ ոչ թե Սառան է, ինչպես համոզված էի ես, այլ Գարեգինը ծանր հևքը բերնին, երևի վազելուց։
Ի սե՛ր աստծո, օգնի՛ր, ասաց հազիվ շունչը հետ բերելով։ Սառան չկա... քնած էի... դուրս է եկել... չգիտեմ ուր է գնացել... Պետք է օգնես... Ես խելքս կորցնում եմ... չեմ իմանում ինչ անեմ... ի սեր աստուծո, շուտ... արի գնանք...
Ո՞ւր:
Որոնելու։
Ո՞րտեղ։
Չգիտեմ... ես այլևս մտածելու ընդունակություն չունեմ... Դու ասա, ո՞րտեղ կլինի։
Նա այստեղ էր։
Այստե՞ղ... քեզ մո՞տ, աղաղակեց խեղճը և վրա ընկավ ձեռքերիս։ Հետո՞։
Շնչասպառ էր լինում, լափում էր ինձ հետաքրքրությունից և անհամբերությունից չռած աչքերով։
Մի քանի խոսքով պատմեցի եղելությունը։
Լսեց ինձ, լսեց, հետո մի «վայ» արավ, երկու ձեռքով պինդ խփեց գլխին և մնաց այդպես քարացած։ Հետո հանկարծ խեղդվողի պես բռնեց ձեռքիցս և ձիգ տվեց, որ տանի իր ետևից։
Գնանք... ի սեր աստուծո, գնանք շուտով... շուտով...
Ո՞ւր։
Չգիտեմ... Գետը... Հիմա՛ եմ հիշում. սպառնում էր, որ ի՛նքը կսպանի, եթե ես չսպանեմ, և հետո գետը կընկնի կխեղդվի... Գնանք, մենք կազատենք նրան...
Եվ խելագարի պես մի կատաղի ուժով շարունակում էր, ձեռքիցս պինդ բռնած, քաշել իր կողմը, որ տանի ինձ իր հետ։
Մեծ ուժ և սառնասրտություն էր հարկավոր ինձ, որ պահեի նրան և համոզեի, թե դա դատարկ սպառնալիք է եղել նրան վախեցնելու համար, թե Սառան անշուշտ բռնված է եղել սպանելու մանիայով, և այն բանից հետո, երբ ատրճանակը պարպեց այստեղ, երևի կարծել է, թե արդեն սպանեց, և հանգստացած վերադարձել է տուն։
Դու կարծո՞ւմ ես, դու կարծո՞ւմ ես, բացականչեց Գարեգինն ուրախացած։ Որ այդպես է, տուն գնանք... Շուտ, աղաչում եմ, շուտ։
Շտապով դարձա սենյակս, գլխարկս ծածկեցի, վերարկուս հագա և, դուրս գալով, Գարեգինի հետ դիմեցի դեպի նրա բնակարանը։ Այժմ ինձ առաջ էր մղում ավելի հետաքրքրությունը, քան օգնության կարիքը, որովհետև ինձ համար ոչ մի տարակույս չկար, որ աղետն արդեն կատարված վերջացած պիտի լիներ, թեև Գարեգինին հայտնած ենթադրությունս էլ անհավանական չէր թվում ինձ։
Գիշերը, ինչպես երևում էր, շատ ուշ էր. փողոցներում ոչ մի կենդանի շունչ չէր երևում, բացի գիշերապահներից, որոնք ահագին մուշտակների մեջ կոլոլված դանդաղորեն չափում էին խանութների շարքերը։ Կես ճանապարհին հազիվ մի կառք գտանք և նստեցինք։ Երբ հասանք, կառքը, համենայն դեպս, պահեցի և բարձրացանք վերև։ Գարեգինը երկայն սանդուղքի երկու աստիճանը մեկ էր անում։
Նրա բնակարանի դուռը բաց գտանք և ճրագները վառ: Գարեգինն ուղղակի վազեց դեպի ննջարանը։ Ես հետևեցի նրան։
Այստեղ մեր աչքերի առջև բացվեց հետևյալ տեսարանը։
Սառան իսկապես տուն էր դարձել։ Աղախինը հետո պատմում էր, որ նա չափազանց ուրախ էր, ծիծաղում էր, ծափ տալիս, թռչկոտում երեխայի պես, գրկում էր իրեն, համբուրում և շարունակ կրկնում. «Գիտե՞ս, Նատաշա, սպանեցի՜, սպանեցի՜, սպանեցի արդեն...»։ Հետո սկսել էր գանգատվել, որ մրսում է, պառկել էր առանց հանվելու և պատվիրել, որ շատ բան ծածկի և վառարանը վառի։ Այնուհետև սկսվել էին անտանելի ցավեր, որոնցից ճչում էր շարունակ և գալարվում։ Աղախինը վախեցած վազել է Գարեգինի սենյակը, որ զարթեցնի նրան, բայց նրան այնտեղ և ամբողջ բնակարանում ոչ մի տեղ չգտնելով, դիմել էր կողքին ապրող տանտիրուհու օգնության։ Տանտիրուհին, մի ռուս գեներալի այրի կին, շատ բարի ու եռանդոտ, չէր զլացել անկողնուց վեր կենալու և, Սառայի վիճակը տեսնելուց հետո, իր կողմից դիմել էր տան ներքին հարկում ապրող բժշկի օգնության։
Մենք որ մտանք, բժիշկը նոր էր եկել։ Հողաթափները ոտներին, խալաթը հագին, քնաթաթախ աչքերով, քննում էր հիվանդի զարկերակը։ Մոտը կանգնած էր տանտիրուհին՝ նույնպես ձեռաց հագնված, խճճված սպիտակ մազերը ծամկալներով մի կերպ ամրացրած։ Դռան մոտ արձանացել էր աղախինը՝ վախից սառած, ցամաքած։ Վառարանի մեջ ճրթճրթում էր կրակը։
Գարեգինը վազեց դեպի կնոջ մահճակալը, մի տեսակ անմարդկային, գրեթե անասնական ձայնով կանչեց «Սառա՛» և ըստ երևույթին, ուզում էր վրա ընկնել նրան, բայց բժիշկը, մի ձեռքով հիվանդի զարկերակը բռնած, մյուսով կամաց հեռացրեց նրան, և խեղճը տեղն ու տեղն արձանացավ, աչքերը սարսափահար գամելով կնոջ դեմքին։
Սառան պառկած էր անշարժ, դեմքն սպիտակել էր քաթանի պես. շրթունքներն ուռել կապտել էին, շրջապատված լայն սևավուն շրջանակներով. կիսարար կոպերի տակից պլպլում էին աչքերի սպիտակուցները ապակու անկենդան փայլով։ Սկզբում ինձ թվաց, թե արդեն մեռած է, բայց հետո տեսա, որ կուրծքը վեր ու վար է անում, և կիսաբաց շրթունքներից մի թեթև հևք է լսվում։
Հիվանդի զարկերակը քննելուց հետո բժիշկը ետ նայեց, մատով մոտ կանչեց աղախնին և, դառնալով մոտը կանգնած տանտիրուհուն, խնդրեց, որ հիվանդի հագուստը հանեն։
Այլևս անհարմար համարելով իմ ներկայությունը, ես դարձա և դուրս գնացի առաջին իսկ դռնով։ Սկզբում չիմացա, բայց հետո տեսնեմ՝ մտել եմ հյուրասենյակը, ուր այդ երեկո տեսակցություն ունեցա Սառայի հետ։ Ահա այն աթոռը դռան մոտ, որի վրա նստած էր Սառան, և մի րոպե ինձ թվաց, թե ականջումս դեռ հնչում են նրա ցասմնալից խոսքերը և ապա աղեկտուր հեծկլտանքը։ Ինչ էր պատահել այնուհետև, երբ, այդ տեսակցությունից հետո, ես թողի նրան ուժգին հիստերիկայի մեջ, այդ մասին ոչինչ չգիտեի, բայց ինձ համար միանգամայն պարզ էր, որ մեր չարաբաստիկ խոսակցությունը ճակատագրական դեր էր խաղացել Սառայի հետագա վիճակի մեջ։ Իսկ այդ վիճակի հետևանքը ես այժմ տեսա աչքիս առջև։ Թեև մի կողմից ինքս ինձ արդարացնում էի նրանով, որ մտածում էի, թե այդ բոլորը կատարվել էր և պիտի կատարվեր մի տեսակ տարերային ուժով և հակառակ իմ ցանկության, բայց և այնպես ուղեղիս մեջ գամվել էր այն միտքը, թե այդ բոլորի պատճառը միայն ես էի, և թերևս ոչինչ չպատահեր, եթե չլսեի Գարեգինին և բնավ չմիջամտեի։ Այս պատճառով նստած էի հոգեպես միանգամայն սպանված, իր գործած ոճիրի ծանրությունը գիտակցող մարդու պես, և ականջներս լարել էի դեպի հարևան սենյակը, որտեղ լսվող ամեն շրշյուն կլանում էի ամբողջ էությամբ։ Չէի կարծում, թե սիրտս այնքան ուժգին ու խորապես արձագանքեր այդ շրշյուններին, եթե այնտեղ, հարևան սենյակում մերձ ի մահ պառկած լիներ իմ սրտակից հարազատներից որևէ մեկը: