Nar-Dos

Սպանված աղավնին

4

Պսակից մի երկու շաբաթ հետո ավելի շուտ հետաքրքրությունից, քան քաղաքավարական մի պարտք կատարելու համար, այցելեցի նորապսակ զույգին (դրանից մի օր առաջ նրանք այցելել էին ինձ, բայց, դժբախտաբար, ես տանը չէի եղել)։

Գարեգինը թողել էր իր հայրական մռայլ տունը, ուր ապրում էր ամուսնանալուց առաջ, և վարձել էր քաղաքի ամենալավ և խաղաղ թաղերից մեկում մի շատ սիրուն բնակարան մի մեծ տան վերին հարկում, որտեղից հիանալի տեսարան էր բացվում ամբողջ քաղաքի վրա և դեպի լեռնային հորիզոնները։

Աղախինը նոր էր առաջնորդել ինձ դեպի ընդունարան, որ դրսից, երկաթե պատշգամբից, ներս վազեց Գարեգինը, չափազանց ուրախ ու կայտառ, գրկեց, համբուրեց ինձ և ձեռքիցս բռնած, անմիջապես տարավ դեպի պատշգամբը, ուր իմ գալուց առաջ նստած էր իր նորատի կնոջ հետ և երեկոյան թեյն էր վայելում։

Սառան, հակառակ սպասածիս, ինձ ընդունեց բավական սառն կերպով։ Իսկույն մտքովս անցավ, որ Գարեգինն իր անհեռատես պարզությամբ, անշուշտ պատմել էր նրան, թե ինչ կարծիք էի կազմում նրա մասին ամուսնությունից առաջ և ինչ խորհուրդ էի տալիս իրեն։ Եվ այն ուրախ տրամադրությունը, որ հաղորդել էր ինձ Գարեգինն իր աղմկալի ընդունելությամբ, միանգամից կոտրվեց Սառայի այդ անբարեհաճ ընդունելության հանդեպ։ Զղջացի, թե ինչու այդ բանը չէի նախատեսել և Գարեգինին չէի նախազգուշացրել, որ ամուսնությունից առաջ Սառայի մասին մեր միջև եղած խոսակցությունը պահի իր համար: Բայց էլ ի՞նչ կլիներ։ Այժմ, քանի որ բանը բանից անցել էր, պետք է ամեն կերպ աշխատեի ցույց տալ Սառային, որ ես ոչ միայն փոխել եմ իմ կարծիքն իր մասին, այլև չափազանց հարգում եմ իրեն և շատ ուրախ եմ, որ նրան իմ ընկերոջ ամուսինն եմ տեսնում։ Բարեբախտաբար, այդ շատ էլ դժվար չեղավ. Գարեգինն իր սիրահարվածի և մեղրամիսը վայելող երջանիկ ամուսնու խանդավառ ոգևորությամբ, որով ակամա վարակում էր դիմացինին, մի տեսակ հաշտեցնողի, մերձեցնողի դեր էր կատարում իմ ու Սառայի միջև:

Հավանում ես, չէ՞, մեր այս բնակարանը և այս տեսարանը, ասաց Գարեգինը՝ ցույց տալով Կովկասյան լեռներն այնպիսի մի պարծենկոտությամբ, որ կարծես այդ բնակարանն էլ, այդ տեսարանն էլ իր ստեղծագործության արդյունքն էին։ Տես, որքան պարզ է հորիզոնը, ամպի նշույլ անգամ չկա, և ինչպես պսպղում են այն վիթխարի սարերն իրենց սպիտակափառ գագաթներով. ձյուն չէ, կարծես, այլ արծաթի մի հսկայական զանգված։ Հենց նոր ես ու Սառան ծրագրում էինք այս ամառ մի ճանապարհորդություն կատարելու այդ կողմերով դեպի հյուսիս և գուցե այնտեղից էլ դեպի արտասահման: Դու անցել ես, չէ՞, Ռազմավիրական ճանապարհով։ Ի՜նչ հրաշք ու հրաշալիք, ի՜նչ սարսափ ու հիացք. այդ գահավեժ անդունդները, այդ ահավոր գագաթները, որոնք թռել էին երկինք և կորել ամպերի մեջ: Վերևը երկինք, ներքևը, անդունդների երախի մեջ գալարվող գոռ գետը, որ իր կատաղի վազքով թնդացնում է այդ անդունդները կատաղության փրփուրը բերանին. իսկ մեջտեղը դու քո փոշոտ խճուղով, որ օձի պես գալարվելով գոտևորում է այդ անվերջ վերելքներն ու վայրէջքները։

Դու բանաստեղծ ես եղել, նկատեցի ես ծիծաղելով և նայեցի Սառային։

Սառան նստած էր լուռ և կենտրոնացած հայացքով նայում էր Կովկասյան լեռների կողմը, բայց նկատեցի, որ կատակով արած իմ նկատողության վրա հազիվ նշմարելի մի ժպիտ անցավ նրա դեմքի վրայով։

Բանաստեղծ, բացականչեց Գարեգինը։ Մի՞թե դու կարծում ես, թե նա՛ է միայն բանաստեղծ, ով վարժվել է հանգերով ոտանավորներ գրել։ Ամեն ոք, ով սիրում է, անպայման բանաստեղծ է։ Ես առհասարակ բոբիկ եմ գրականության պատմությունից, շատ քիչ եմ ծանոթ մեծ պոետների կենսագրություններին, բայց համոզված եմ, որ ամենալավ պոետներն, անշուշտ, նրանք են, որոնք սիրել են, որովհետև սերը... գիտե՞ս ինչ բան է սերը։ Սերը... Ասենք դու չե՛ս հասկանա, որովհետև... չնայելով, որ դու սիրո նկարագրություններ ունես քո գրվածքների մեջ, բայց սիրո իսկական նկարագիրը տալու համար պետք է...

Բանաստեղծ դառնամ քեզ պես, վրա բերի ես ծիծաղելով և նորից նայեցի Սառային։

Այո, պետք է սիրես ինձ պես. ի՛նձ պես, շեշտեց Գարեգինը և, խոնարհվելով դեպի նորատի կինը, քնքշորեն առավ նրա ձեռքն ու սկսեց կաթոգին համբուրել։

Սառան նայեց ինձ և ժպտաց այնպիսի հայացքով, որով կարծես ասում էր՝ «տեսնո՞ւմ եք որքան մեծ երեխա է»։ Այդ լուռ դիմումի, այդ բարի ժպիտի մեջ ես հալված տեսա նրա դեպի ինձ ցույց տված սառնությունը, որ սկզբում բավական կաշկանդում էր ինձ։

Շուտով Սառայի տրամադրությունն այն աստիճան բացվեց, որ նա սկսեց ոչ միայն մասնակցել մեր խոսակցությանը, այլև վերաբերվել դեպի ամուսինը ճիշտ այնպես, ինչպես ես էի վերաբերվում կես-լրջորեն, կես-կատակով և զիջողաբար, որ անշուշտ սիրո նշան էր, այն անմեղ սիրո, որպիսին մեծերն են տածում դեպի փոքրիկները։ Ասենք այդպիսի վերաբերմունքի բուն պատճառը պետք էր որոնել իրեն իսկ Գարեգինի մեջ, որի անսահման բարի սիրտը, կայտառ հոգին, ոգևորված շատախոսությունը և պարզամիտ փիլիսոփայական հայացքները միշտ այդպիսի վերաբերմունք էին թելադրում փոքրիշատե խելահաս խոսակցին։ Ինձ թվում էր, որ եթե Գարեգինը ներկա չլիներ, ես ու Սառան երկու խոսք չէինք գտնի իրար ասելու, մինչդեռ նրա ներկայությամբ մեր խոսակցությունն ի՜նչ բանի վրա ասես չէր դառնում։

Գարեգինի խանդավառությանը քիչ չէր նպաստում, անշուշտ, իմ այցը, մայիսյան հրաշալի երեկոն և մանավանդ իր պաշտած նորատի կնոջ ներկայությունը, որի գեղեցկությամբ, ինչպես թվում էր ինձ, պարծենում էր իմ առջև իր հոգու խորքում։

Այդ երեկո ես նորից առիթ ունեցա համոզվելու, որ Սառան հիրավի մի կատարյալ գեղեցկուհի էր, այն ուրույն գեղեցկուհիներից, որոնց դեմքի ինքնատիպ գծագրությունը մի անգամ տեսնելուց հետո խորապես դրոշմվում է մարդու հիշողության մեջ։ Նա հագած ուներ յապոնական ձևի տնային թեթև վերնազգեստ կարճ ու լայն թևերով, ծայրեզերված պերճ անկվածներով։ Երբեմն, երբ ձեռքերը բարձրացնում էր հարուստ մազերն ուղղելու, լայն թևերը ետ ծալվելով մերկացնում էին նրա արմունկները սպիտակ ու ողորկ և ծածկված փայլուն աղվամազով՝ ոսկու փոշու մեջ։

Բայց ինձ ավելի հետաքրքրում էր նրա ներքինը, քան թե արտաքինը, նրա հոգին, քան թե գեղեցկությունը։ Ու, դիտելով նրան, աշխատում էի նրա դեպի ամուսինը ցույց տված վերաբերմունքից կանխագուշակել, թե երկա՞ր կդիմանա արդյոք այդ «մեծ երեխայի» ձեռքին։ Թեև այդ նորատի կինը դեռևս մի կատարյալ հանելուկ էր ինձ համար, բայց լավ ճանաչելով նրա ամուսնուն, եզրակացությունս տխրառիթ էր։ Մի կին լիներ նա Սառան թե մի ուրիշը կարող էր խղճալ, գուրգուրել և սիրել Գարեգինին այնպես, ինչպես մեծ քույրը փոքր եղբորը, բայց կապվել նրա հետ կանացի բոցոտ սիրով՝ անկարող էր, որովհետև Գարեգինի իր բոլոր պատվական առաքինություններով հանդերձ զուրկ էր կնոջ մեջ այդպիսի անվերապահ սեր հարուցանող բացասական առաքինությունից արուի ամեն ինչ ընկճող, ամեն ինչ հպատակեցնող միահեծան կամքից մի բան, որ բոլոր դրական բարեմասնություններից ավելի սիրում է կինը տղամարդու մեջ։

Մինչդեռ ես, այս խոհերին անձնատուր, դիտում էի այդ անհամապատասխան զույգը, Գարեգինը անհոգ ու երջանիկ, խոսում էր, հա՛ խոսում, ջրաղացի չախչախի պես անդնջում։

Ու չնկատեցի, թե ինչպես արևն արդեն հանգցրել էր իր վերջին ճաճանչները, և մութը սկսել էր բարձրանալ երկրի կրծքից։ Մի աներևույթ ձեռք կարծես գորշագույն շղարշ էր փռում քաղաքի վրա, և այդ շղարշը քանի գնում, այնքան թանձրանում էր։ Եվ ահա այստեղ ու այնտեղ սկսեցին փայլփլել առաջին ճրագները սկզբում աղոտ, հետո քանի բարձրանում էր խավարը, ավելի ու ավելի պայծառ։ Եվ մինչդեռ քաղաքն արագորեն սև էր հագնում՝ կորցնելով իր գծագրությունը, երկինքը դեռ երկար ժամանակ լուսավորված էր վերջալույսի մեռնող փայլով:

Շատ էի ուզում գեթ մի քանի րոպե մենակ մնալ Գարեգինի հետ, որպեսզի հարցուփորձ անեի Սառայի մասին, բայց այդ չհաջողվեց։ Սառան շարունակ նստած էր մեզ մոտ, և եթե կարիք էր լինում հյուրասիրության վերաբերմամբ որևէ պատվեր տալու աղախնին, միշտ Գարեգինն էր գնում։ Իսկ երբ, բավական ուշ, վեր կացա հրաժեշտ տալու, Սառան ևս եկավ մինչև դուռը ճանապարհ դնելու ինձ և ամուսնու հետ խնդրեց, որ շուտ-շուտ այցելեմ իրենց։

Բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես, հակառակ ցանկությանս, այլևս հնար չունեցա այցելելու նրանց։ Մի քանի օրից մի անակնկալ շտապ գործով հեռացա Թիֆլիսից ես ամբողջ ամառը, մոտ երեք ամիս բացակա էի։ Այնուհետև երբ վերադարձա, առաջին գործս այն եղավ, որ տեսության գնացի բարեկամներիս։ Բայց նրանց բնակարանը փակ գտա, և հարևաններն ինձ ասացին, որ նորապսակ զույգը դեռևս հունիսին մեկնել է քաղաքից հայտնի չէ ուր։ Նոր հիշեցի, որ նրանք մտադիր էին ամառը մի ճանապարհորդություն կատարելու։ Մի ամսվա ընթացքում նորից մի քանի անգամ գնացի Գարեգինի բնակարանը և միշտ էլ բացակա գտա նորապսակ զույգին։ Գնացի պետական կալվածների տեղական վարչությունը, և այնտեղ ինձ ասացին, որ Գարեգինը պսակվելու օրից թողել է պաշտոնը և հայտնի չէ ուր է գնացել։ Գնացի Սառայի հորանց տուն, որ նրանցից տեղեկանամ, թե ո՛ւր է չքացել նորապսակ զույգը և ե՛րբ կվերադառնան, բայց այնտեղ էլ այն միայն իմացա հարևաններից, որ Բաղիրյանը տնով-տեղով քոչել է Բաթում, պաշտոնով փոխադրվելով այնտեղի մաքսատուն։

Վերջ ի վերջո ստիպված եղա դադարեցնել որոնումներս և նույնիսկ գրեթե մոռացել էի բարեկամներիս, երբ բախտը նորից դեմ-հանդիման բերեց մեզ իրար, բայց այս անգամ այնքան անակնունելի, այնքան տարապայման պարագաներում, որ այն, ինչ որ պատահեց, մինչև օրս էլ մղձավանջային մի ծանր երազ է թվում ինձ։

Սակայն առաջ չվազեմ և դեպքերը պատմեմ իրենց հաջորդականությամբ։

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
1

Նոյեմբերի մի ցուրտ գիշեր, երբ, երեկոյան պաշտոնական աշխատանքս վերաջացնելուց հետո, վերադարձա տուն և մտա ննջարանս՝ գրական գործովս պարապելու (ննջարանս միշտ տաք էր, որի պատճառով այդտեղ էի փոխադրել գրասեղանս), ակամա կանգ առա զարմացած։ Գրասեղանիս վրա վառվում էր լամպը։ Մահճակալիս վրա երեսնիվեր պառկած էր մեկը և խռմփալով քնած էր։ Վերմակը, ինչպես երևում էր, սկզբում ծածկել էր, բայց հետո, քնի մեջ, պատի կողմն էր գցել։ Աջ ձեռքը կախ էր ընկել, մահճակալից ներքև։ Ժիլետի կոճակները բաց էին, և տակից երևում էր սատինի կապույտ վերնաշապիկը, որի օձիքը կապվում էր կողքից։ Բաճկոնը, մաշված աստառով, կախված էր մահճակալի գլխից։ Գլխարկը, ուսանողական կապույտ երիզով, ընկած էր բաճկոնի տակ հատակի վրա։ Ճամփորդական երկարաճիտ կոշիկներից մեկը հագին էր, մյուսը երկարումեկ պառկած էր մահճակալի առջև։ Աթոռի վրա ընկած էր ձմեռվա վերարկուն մազի օձիքով և մաշված աստառով, որի տակից տեղ-տեղ սպիտակին էր տալիս բամբակը։ Սենյակի անկյունում դրված էր մի ահագին ճամպրուկ՝ թոկով կապկպած, ջարդված ու ճխլված։

Զարմանքը տիրել էր ինձ։ Մոտեցա, որ լավ դիտեմ, թե ով կարող էր լինել այդ անկոչ հյուրը, որ այդպես ազատ-համարձակ եկել տեղավորվել էր սենյակումս։ Կարճ խուզած, բայց շատ խիտ և շատ սև ու փայլուն մազերով, ժամանակին չսափրած լիքը դեմքով և առատամազ հոնքերով, արծվաքիթ մի երիտասարդ էր, բոլորովին անծանոթ մի դեմք։ Դուրս գնացի խոհանոց, զարթեցրի ծառային և սկսեցի հարցուփորձ անել։ Նրա քնաթաթախ կցկտուր խոսքերից այս միայն իմացա, որ անկոչ հյուրս եկել է կառքով, մթնշաղին, մի ուրիշ պարոնի հետ, այդ պարոնը հեռացել է նույն կառքով, իսկ հյուրս իր ճամպրուկով ուղղակի մտել է, իմ անունս է տվել, ուտելու բան է պահանջել և, ոչինչ չստանալով, հանվել պառկել է անկողնումս, պատվիրելով, որ երբ գամ, զարթեցնի։

Վերադարձա ննջարանս և սկսեցի նորից դիտել քնած հյուրիս դեմքը։ Երկար ժամանակ հիշողությանս մեջ պրպրտում էի ինձ ծանոթ հին, մոռացված դեմքեր, որպեսզի նմանություն գտնեի դրանցից որևէ մեկի և անկոչ հյուրիս միջև, բայց և այնպես քնածի դեմքը մնում էր բոլորովին անծանոթ։

Ու մինչդեռ կանգնած էի նրա առջև և ապարդյուն պրպրտումներ էի անում հիշողությանս մեջ, նա, բերանը բաց, շարունակում էր խռմփալ այնքան ուժգին, որ զարմանում էի, թե ինչպես էր, որ իր սեփական խռմփոցի ձայնը չէր զարթեցնում նրան։ Երբեմն խռմփոցը կտրվում էր, և նրա բաց բերանից այնպիսի կերկերուն ձայներ էին դուրս գալիս, որ ինձ թվում էր, թե խեղդվում է։

Ձեռքս կամաց տարա նրա ուսին ոչ այնքան նրան զարթեցնելու, որքան նրա անտանելի խռմփոցի ձայները կտրել տալու համար։ Ձեռքիս շփումից նա հանկարծ մի կատաղի խռռոց արձակեց, լռեց, շարժվեց և աչքերը բանալով՝ ուղղակի տնկեց վրաս խոր քնից հանկարծ արթնացածի խելագար հայացքով, հետո աչքերը ման ածեց այս ու այն կողմը և նորից բերեց տնկեց վրաս։

Մարգարյանն ես, չէ՞, հարցրեց խռպոտ ձայնով։

Ոչինչ չպատասխանեցի։ Այժմ, որ նրա աչքերը, խոշոր, սև աչքերը, բաց էին, ինձ թվաց, թե այդ դեմքը ծանոթ է ինձ։

Ոտները ցած դրեց մահճակալից և սկսեց հետաքրքիր հայացքով նայել աչքերիս։

Դե Միքայել Մարգարյանն ես, է՛լի, որ կաս, ասաց դրական կերպով, կանգնեց, գրկեց ինձ և համբուրեց շրթունքներս։ Բայց այդ ի՞նչ է, արդեն ծերանո՞ւմ ես. մազերդ սկսել են սպիտակել։

Ներողություն... ես.․. թոթովեցի նրա անսպասելի մտերմական վարմունքից շփոթված, դեռևս լավ չկարողանալով մտաբերել, թե ով է։

Պա՛հ, չես ճանաչո՞ւմ, բացականչեց նա անկեղծ զարմանքով, Թուսյանը չե՞մ, Ռուբեն Թուսյանը։

Սա...

Հա՛, հա՛, հենց ինքը Սատանի ճուտը. իսկույն լրացրեց նա խոսքս։

Ձեռքս խփեցի ճակատիս։ Նոր հիշեցի, որ մի ժամանակ, շատ տարիներ առաջ, դասընկերներ ենք եղել, և նա մեր ընկերական շրջանում այդ մականունով էր հայտնի իր շատ չարաճճի բնավորության և արարքների պատճառով։

Դե որ հիշեցիր, արի մեկ էլ պռոշտի անենք։

Ու, չնայելով խուսափումիս, որովհետև բերանից ծխախոտի ծանր հոտ էր փչում, նորից համբուրեց շրթունքներս և գնաց նորից նստեց մահճակալի վրա։

Դու այնքան փոխվել ես... ասացի՝ մի բան ասած լինելու համար։

Տնաշեն, բա այսքան տարիների ընթացքում մարդ չի փոխվի՞․․․ մանավանդ արևելցին, որ այսօր, տեսնում ես, մազ չկա երեսին, իսկ վաղն արդեն արջի պես մազակալել է։ Դե ասա տեսնեմ ոնց ես, ոնց չես, ի՛նչ ես անում։

Ու առանց սպասելու, որ ասեմ, թե ո՛նց եմ, ոնց չեմ և ինչ եմ անում, հարցրեց.

Ժամը քանի՞սն է։

Նայեցի ժամացույցիս. տասնևմեկն էր։

Պա՛հո, քնել եմ է՞։ Շնորհակալ եմ, սենյակդ տաք էր։ Ճանապարհին շան պես մրսում էի։ Հազիվ ջանս տեղն է եկել։ Վլադիկավկազից սկսած բեռնակիր ֆուրգոնով եմ եկել, ոսկրներս սաղ ջարդուփշուր արեց։

Հորանջեց, ձեռքերը տարավ վզի ետևը, մատները հյուսեց իրար մեջ և ամբողջ մարմնով ճմլկոտաց այնքան ուժգին, որ մատների խաղերը և վզի ոսկորները ճրթճրթացին։

Այս անտեր մազոլն էլ հո հոգիս հանում է, ասաց և, կոշիկն առնելով հատակից, սկսեց հագնել դեմքի ցավագին ծամածռություններով ու տնքտնքոցով, հետո վեր կացավ և կուզեկուզ եկավ կանգնեց առջևս։

Ինչ եմ ասում, Մարգարյան։ Գիտեմ, շատ էլ սրտովդ չի լինի, բայց ուզես-չուզես՝ քո հյուրն եմ։ Շատ չէ, մի քանի օր միայն, մինչև որ տանից պատասխան գա։ Փողս այնպես հատել է, որ ոտներիցս կախես, մի սև գրոշ չի ընկնի գրպանիցս։ Ոնց ուզում ես՝ հաշվիր Պետերբուրգից մինչև Թիֆլիս երեք տեղ պարտք եմ արել, մի տեղ էլ ոսկե ժամացույցս եմ գրավ դրել։ Գնում եմ տուն։ Հայրս մեռնում է, գրել էր, որ հոգուն վրա հասնեմ, ու փող չէր ուղարկել։ Թե որ Սարումյանը չպատահեր, հիշո՞ւմ ես, ինչքան էի լացացնում նրան դպրոցում, թե որ նա չպատահեր, ստիպված պիտի լինեի փողոցում գիշերելու։ Ասաց, թե տնփեսա է, հարմարություն չունի իր մոտ տանելու, մի խոսքով, գլխից ռադ արավ ու բերեց քեզ մոտ։ Տեսնում ես, ես մեղավոր չեմ, թե նեղանալու ես, նրանից նեղացիր։

Ինչո՞ւ պիտի նեղանամ։

Դե ի՛նչ գիտեմ։ Մի քիչ աներես մարդ եմ, գիտես, է՛լի։ Նոր հո չես ճանաչելու։ Սարումյանից փող ուզեցի, չտվեց. ասաց՝ չունի։ Սուտ էր ասում սրիկան։ Բայց ստիպված էր կառքիս փողը տալ։

Այս ասելով՝ մոտեցավ լվացարանին և սկսեց լվացվել։ Երեսը սրբելիս եկավ նորից կանգնեց առջևս։

Հիմա գիտե՞ս ինչ կա, Մարգարյան. ես շան պես քաղցած եմ, քունս էլ հանել եմ։ Մի քիչ որ բան տաս ուտեմ, հորդ հոգին արքայությունը կգնա։

Ասացի, որ սովորաբար չեմ ընթրում, ուստի ուտելու բան չունեմ տանը, այդ ժամին խանութներն էլ փակ են, որ ուտելու բան բերել տամ, և առաջարկեցի, որ եթե ուզում է, գնանք մոտակա ճաշարանը։

Ես կլուբ կուզեի, բայց վնաս չունի. կլուբը հեռու է, ժամանակն էլ ուշ է, երևի դու կուզես շուտ քնել։ Գնանք ճաշարան։

Երեսսրբիչը շպրտեց աթոռի վրա, արագորեն կոճկեց ժիլետը, բաճկոնը հագավ, ծոցի գրպանից հանեց սանրը, մազերը, հոնքերն ու բեղերը սանրեց, աչքերով որոնեց, գտավ գլխարկը, թափ տվեց, ծածկեց, վերարկուն հագավ, ու դուրս եկանք։

2

Ճանապարհին առավ թևս և խոսում էր այնպիսի մտերմությամբ, որ կարծես ինձնից ավելի սրտակից բարեկամ չուներ։ Ճիշտ է, մի ժամանակ դասընկեր էինք եղել, բայց այդ այնքան վաղուց էր, որ ես ոչ միայն իսպառ մոռացել էի նրան, այլև այժմ, որ նորից հանդիպել էինք իրար, ոչ մի կապ չէի զգում իմ ու նրա միջև։ Եվ այդ էր պատճառը, որ նրա մտերմական վարմունքն սկզբում բավական տարօրինակ և նույնիսկ անախորժ էր թվում ինձ։ Բայց հետո, երբ նրա բնավորությունն սկսեց կամաց֊կամաց պարզվել ինձ համար, մի գիծ այդ բնավորության մեջ թեև բացասական կարծես թե գրավեց ինձ. այդ գիծն այն էր, որ նա ցինիկի պես անկեղծ էր, լրբի պես համարձակ և երեխայի պես անփույթ։ Ինձ թվում էր, թե նա ընդունակ էր և՛ ամենամեծ ցածությունը գործել, և՛ ամենամեծ առաքինությունը, և երկու դեպքումն էլ առանց իր արածի գիտակցությունն ունենալու, ինչպես մի մարդ, որ գործում է լոկ րոպեի ազդեցության տակ։

Գլխարկիցդ տեսնում եմ, որ ուսանող ես. ո՞ր մասնաճյուղն ես ուսումնասիրում, հարցրի։

Բոլորը, այսինքն՝ էրոտիկականը, կոնծաբանականը, կարտյոժնիկականը, թատերական-ցիրկային-կուլիսականը, բորսայականը, տոտալիզատորականը և ուրիշ ի՞նչ նման ական ուզում ես, շարեց իրար ետևից Թուսյանը, առանց բնավ ցույց տալու, թե կատակ է անում։ Ասենք, կատակ անելիս էլ, լուրջ խոսելիս էլ նա միշտ միևնույն տոնով էր խոսում։ Այս գլխարկս էլ որ տեսնում ես, ավելացրեց նա, շատ վաղուց է հրաժարական տվել ինձ, բայց հիմա, որ տուն եմ գնում, առել գլխիս եմ դրել, որ հորս ցույց տամ, թե դեռ ուսանող եմ, թե չէ՝ էլ մի քոռ կոպեկ էլ չի ուղարկի, որ աչքս կոխեմ, եթե, իհարկե, արդեն հոգոցն հանգուցելոց եղած չի լինի։

Լավ, էլ ինչո՞ւ ես նստել Պետերբուրգում, շարունակեցի հարցուփորձս։

Որովհետև հեչ միտք չունեմ ճգնելու։ Երբ որ կտեսնեմ մի ոտս արդեն գերեզմանումն է, նոր կգամ ձեր այս մեռելների աշխարհը հոգիս աստծու փայ անելու։ Ահավասիկ, նայիր չորս կողմդ, դեռ կեսգիշեր էլ չկա, և փողոցն այնքան սուսուփուս է, որ կարծես ամեն մի տան մեջ մի մեռել կա։ Եվ սա քո գովական Կովկասի մայրաքաղաքն է, հապա որ մեր գավառական օրհնյալ քաղաքը գաս տեսնես...

Ճաշարանը, ուր մտանք, բոլորովին դատարկ էր։ Բուֆետչիկը համրիչն առջևը, ինչ֊որ հաշիվներ էր անում․ սպասավորներից մեկը քնած էր գլուխը սեղանի վրա դրած. մի ուրիշը, ոտները խաչաձև և անձեռոցիկն ուսին, մեջքը հենել էր պատին և բութ հայացքով նայում էր դռանը, ըստ երևույթին քունը հաղթահարելով։

Ահավասիկ քեզ մի ուրիշ ապացույց, որ ես ընկել եմ մեռելների աշխարհը, ասաց Թուսյանն աչք ածելով ընդարձակ դատարկ սրահում. ռեստորան, գիշեր և տորիչելյան դատարկություն. ոչ մարդ, ոչ մյուզիկ, ոչ ծխախոտի ծուխ։ Հրաշալի է։

Նստեցինք սեղաններից մեկի մոտ, և Թուսյանն սկսեց ընթրիքի մասին պատվեր տալ ծուլաբար մոտ եկող սպասավորին, անդադար դիմելով ինձ՝ «Ես բիֆշտեքս կուտեմ, դո՞ւ։ Կոնյակ չե՞ս խմի․ ես մի բաժակ կկոնծեմ» և այլն։ Կոնյակը կոնծեց մի ումպով։ Մինչև բիֆշտեքս կբերեին, սառը մսեղենի վրա ընկավ քաղցած գայլի պես։ Բիֆշտեքսն էլ չկշտացրեց, և դարձյալ մսեղեն պահանջեց։ Եվ այդ բոլորը ջրեց մի շիշ կարմիր գինով։ Հետո ծխախոտ պահանջեց և հրամցրեց, որ ես էլ ծխեմ։ Հրաժարվեցի, որովհետև չէի ծխում։

Ի՞նչ տեսակ մարդ ես, ասաց, ոչ ծխում ես, ոչ խմում, ոչ էլ կարգին հաց ուտում, քեզ հետ քեֆ անել չի կարելի։

Դանակով ծեծեց գինու դատարկ շիշը և պատվիրեց, որ մի շիշ էր բերեն։

Կուզե՞ս ասեմ այս րոպեիս ինչ ես մտածում, ասաց, տեսնելով, որ ես սուսուփուս նստած դիտում եմ իրեն։

Ի՞նչ։

Մտածում ես. «էս հարամզադեն համ ի՛մ հյուրն է, համ էլ ինքն է բաներ պահանջում, որ զահրումար անի»։ Չէ՞։

Ծիծաղեցի։

Տեսնում ես, չսխալվեցի, վրա բերեց Թուսյանը լուրջ։ Ինչ ուզում ես՝ ասա, անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։ Այդպիսի սովորությունների կարգը պիտի դասել անշուշտ մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու ցերեմոնիաները։ Մի կողմից՝ չեմ ուզում ջիբս դիր, մյուս կողմից, անուշ արա քթովդ դուրս գա։ Կեղծիք է, չէ՞։ Իսկ կեղծիքն ինձնից ավելի կատաղի թշնամի չի կարող ունենալ։ Մի բան, որով կարող եմ պարծենալ, այդ այն է, որ ոչ ոքից և ոչ մի բանից չեմ քաշվում, որովհետև քաղաքավարությունը, համեստությունը, ամոթը և այլ նման, այսպես կոչված, առաքինությունները քողարկված կեղծավորություն եմ համարում, որ մարդիկ հնարել են իրենց վատ ներքինը ծածկելու համար, ինչպես աղբակույտը ծածկես թավշյա ծածկոցով։ Տկլոր երեխան գլխիգլոր է գալիս, ցուցահանելով իր բոլոր հրաշալիքներն առանց ամաչելու։ Ինչո՞ւ։ Որովհետև, կասեիր դու, նրա մեջ դեռ չի զարթել ամոթի զգացումը։ Իսկ ես կասեմ՝ որովհետև նրա հոգին դեռևս չի ապականվել։ Ապականված հոգին է միայն, որ ամոթ է զգում։

Դու այդ աֆորիզմները ո՞րտեղից ես վերցրել, նկատեցի ես ժպտալով։

Մի ձեռքով գինու բաժակը մոտեցնելով շրթունքներին, մյուսով մատնանշեց իր ճակատը, ասել ուզելով, թե իր սեփական գլխից։

Գիտե՞ս ինչ կա, Մարգարյան, ասաց բաժակը դատարկելուց հետո մի կտոր հաց ու պանիր գցելով բերանը, երբեմն լավ է, որ մարդ զոռ է տալիս խելքին, շատ անգամ այնպիսի բաներ է գտնում այս անտերի մեջ, որ զարմանալի։ Հետո, դու նկատե՞լ ես, որ մարդիկ խմելիս միշտ փիլիսոփա են դառնում։ Ես թեև շատ էլ չեմ սիրում փիլիսոփայությունն առհասարակ, իբրև «пленной мысли раздражение», ինչպես ասում է բանաստեղծը, բայց և այնպես ինքս մասամբ փիլիսոփա եմ, այսպես ասած` էպիկուրյան կարգի փիլիսոփաներից։ Եվ իմ այդ կարգի փիլիսոփայական ուղեղով ես հսկայական հիմարներ եմ համարում առհասարակ այն մարդկանց, որոնք ներկան զոհում են ապագայի համար։ Մի ընկեր ունեի ուսանողներից` չափազանց ջանասեր և իր կեղևի մեջ պինդ փակված, ինչպես անպետք մի տխիլ, որ ատամով չի կոտրվում՝ գրպանում որ մի մանեթ ունենար, մորթեիր մի կոպեկ չէր ծախսի. ասում էր` վաղը քաղցած կմնամ, բայց մոռանում էր, որ այսօր քաղցած է մնում։ Իսկ ես, ընդհակառակը, այսօր ինչքան փող ուզում ես դիր գրպանս, վաղը կտեսնես մի կոպեկ չկա։ Քերականության միջից պետք է ջնջել ապառնի ժամանակը։ Ապագա չկա, որովհետև անհայտ է, իսկ ինչ որ անհայտ է, այդ մասին մտածելն ու հոգալը բնականաբար հիմարություն է։ Վաղվան մասին մտածում են վախկոտները, այսինքն նրանք, որոնք վստահություն չունեն իրենց ուժերի վրա։

Նորից լցրեց իր բաժակը և, տեսնելով, որ իմը դեռ լիքը դրված է առջևս, բացականչեց.

Տո՛, խմիր, է՜։ Չլինի՞ դու էլ իմ ասած վախկոտներիցն ես. վախենում ես հարբես և վաղն անպետք դառնաս գործի համար։

Շատ ճիշտ գուշակեցիր, նկատեցի ես ժպտալով։

Բաժակը, որ արդեն մոտեցրել էր շրթունքներին, նորից դրեց սեղանի վրա և դարձավ ինձ շատ լուրջ տոնով.

Լսիր, Մարգարյան։ Թեև ինձնից քեզ խրատ չի հասնի, բայց և այնպես խորհուրդ կտամ երբեք չմտածես վաղվա մասին: Այլապես ամբողջ կյանքդ կթունավորես։ Ի՞նչ է կյանքը։ Կամ, ավելի ճիշտ ձևակերպենք, ի՞նչ պետք է լինի կյանքը այն դժբախտ մահկանացուի համար, որի անունն է մարդ. րոպեական հաճույք և հաճոյական րոպեների մի շարահար շղթա, մինչև որ կգա անխուսափելի սահմանը, որից դենն արդեն Նիրվանայի թագավորությունն է։ Է՛հ, երբ որ ներկա րոպեի հաճույքը վանում ես քեզնից ինչ-որ անհայտ վաղվան հաշիվներով, էլ ի՞նչու ես ապրում։ Այդպիսով իբր թե խոհեմությամբ, ա՛յ մի բան, փայտի պես բութ ու անհամ, որ ատելով ատում եմ, իբր թե խոհեմությամբ, բայց իսկապես վախկոտությամբ, միշտ էլ չես անի ա՛յն, ինչ որ թելադրում է սիրտդ, մարդկային բնույթը, միշտ կզսպես քեզ ժլատ մարդու պես, իսկ հետո մեկ էլ տեսար չկաս, Նիրվանա։ Այդպիսի կյանքը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի անվերջ մեծ պաս առանց զատկի։ Մահվան գաղափարը խելացի մարդու համար մեծ խթան պետք է լինի ամեն բան անելու, այսինքն այն ամենը, ինչ որ կարող է հաճույք պատճառել։ Այսօր թե վաղը պետք է մեռնեմ․ չէ՞, էհ, երբ որ այդպես է, ինչո՞ւ չօգտվեմ կյանքից, ինչո՞ւ չանեմ այն, ինչ որ սիրտս ուզում է, և ինչ որ կարող եմ անել այս րոպեին։ Ես դեռ կանեմ, հետո հերն անիծեմ, ինչ ուզում է, թող լինի։ Սա անարխիա է, կասես․ ոչ, սա ինքը կյանքի փիլիսոփայությունն է։ Հին փիլիսոփաների մեջ ամենից խելոքը, իմ կարծիքով, Էպիկուրն էր․ խլի՛ր կյանքից ա՛յն ամենը, ինչ որ հաճույք կարող է պատճառել քեզ և ոչ մի բանի մասին մի մտածիր։ Այս է՝ աստված լուսավորի նրա հոգին։

Եվ Թուսյանը դատարկեց գինու բաժակը։

Բայց դու մոլորության մեջ ես, այլևս չկարողանալով համբերել, նկատեցի ես։ Էպիկուրն այդպիսի բան չի քարոզել։ Դու միայն կրկնում ես տարածված ընդհանուր սխալ կարծիքը նրա վարդապետության մասին, մի կարծիք, որի աղբյուրը ստոիկների զրպարտությունն է։ Ինչպես հայտնի է, ստոիկները էպիկուրի հակառակորդներն էին և ամեն տեսակ ափեղցփեղ բաներ էին տարածում նրա վարդապետության մասին, որպեսզի վարկաբեկեն նրան։

Ի՞նչպես, զարմացավ Թուսյանը։

Այ ինչպես։ Եթե դու քիչ թե շատ հետաքրքրված լինեիր փիլիսոփայության պատմությամբ, կտեսնեիր, որ քո հավանած այդ փիլիսոփան ճիշտ հակառակն էր քարոզում այն բանին, ինչ որ դու ես դավանում և անում։ Ամենից առաջ պետք է իմանաս, որ Էպիկուրը շատ սակավապետ մարդ էր, գործ էր ածում ամենահասարակ կերակուր և խմում էր միմիայն ջուր։ Այն այգու մուտքի վրա, ուր նա հավաքում էր իր բարեկամներին, այսպիսի մակագրություն կար. «Ո՞ւզում եք հաճելի ժամանց ունենալ մտեք այստեղ, ուր կգտնեք գարու հաց և աղբյուրի մաքուր ջուր»։ Իսկ դու այնպիսի խորտիկներ ես ուտում և առհասարակ այնքան ես ուտում ու խմում, որ քիչ է մնում ինձ էլ կուլ տաս։ Այդ մարմնական ֆիզիկականը։ Իսկ հոգեկան֊բարոյականը...

Հոգուդ սատկեմ, Մարգարյան, սպասիր, հանկարծ ամբողջ կրծքով առաջ նետվեց Թուսյանը, էքստրա քո կենացը խմեմ շատ տեղին նկատողությանդ համար։ Ճիշտ է, թեև ուտել-խմելս մի քիչ թանկ կնստի քեզ, բայց պետք է ներես հանուն մեր հին բարեկամության նորոգման։

Այս ասելով, բաժակը նորից լցրեց, խմեց մինչև վերջին կաթիլը, լեզուն ծլմփացրեց և, արմունկներով հենվելով սեղանին, աչքերը տնկեց աչքերիս։

Այդ մարմնական-ֆիզիկականը, հետո՞։

Ինչ վերաբերում է հոգեկան-բարոյականին, այսինքն նրա վարդապետության էականին, շարունակեցի ես, ճիշտ է, Էպիկուրը ստոիկներին հակառակ, պնդում էր, թե երջանկությունը հաճույքի մեջ է, բայց ամեն մի հաճույք ճաշակելուց առաջ ամենախիստ քննության էր ենթարկում հավանական հետևանքը, որովհետև, ասում էր, կան հաճույքներ, որոնց հետևանքը դառն է լինում։ Այ, օրինակ, այս րոպեին, ինչպես տեսնում եմ, որ դու հաճույք ես զգում, գինի խմելուց, բայց գիտեմ, դու էլ գիտես, որ վաղը ամբողջ օրը տրամադրությունդ շատ վատ պետք է լինի։

Ի՞նչ, գլխի ցավ և ա՞յլն։ Անհոգ կաց, այդ կողմից ես ապահովագրված եմ, որովհետև վաղուց է, որ խմելը սովորություն եմ դարձրել։

Այդ ավելի վատ։ Եթե ամեն մի հաճույք սովորություն ես դարձրել, ուրեմն հաճույքները կորցրել են քեզ համար իրենց նպատակը քաղցրությունը կամ, ինչպես Էպիկուրն էր ասում, երջանկությունը։ Հենց այդ նպատակը պահպանելու և ուժեղացնելու համար էր, որ Էպիկուրը քարոզում էր ժուժկալություն, և ոչ թե անսահման սանձարձակություն, ինչպես դու ես հասկանում, որովհետև հայտնի է, որ պահեցողությունից և ինքնազսպությունից հետո հաճույքի քաղցրությունն ավելի ուժեղ է լինում։ Ավելի վաղը քան թե այսօր, ավելի ապագան, քան թե ներկա րոպեն, ահա՛ Էպիկուրի վարդապետության իսկական իմաստը, այսինքն քո դավանանքի ճիշտ հակառակը։

Հե՛րն անիծեմ, բացականչեց Թուսյանը, կարծում ես՝ կվիճե՞մ։ Չեմ վիճի։ Բայց և այնպես թույլ տուր ասե՛մ, որ ես չհավանեցի և չեմ կարող հավանել քո Էպիկուրին, որովհետև որտեղ խոսք կա ժուժկալության, պահեցողության և ինքնազսպողության մասին, այնտեղ մղդսիության հոտ է փչում, իսկ մղդսին ու մղդսիությունն ինձնից ավելի մեծ թշնամի չեն կարող ունենալ։ Ուրեմն, չնեղանաս, Մարգարյան, չնայելով բոլոր պերճախոս բացատրություններիդ և հերքումներիդ, ես մնում եմ դարձյալ իմ Էպիկուրի հետ և նորից խմում եմ նրա ողորմաթասը։

Արդեն արբած էր, բայց շարունակում էր խմել, ըստ երևույթին, ոչ թե նրա համար, որ ուզում էր, այլ որովհետև, ինչպես ասաց, սովորություն էր դարձրել։ Խմում էր ու ծխում, ծխում էր ու խմում և ոչ մի րոպե դադար չէր տալիս լեզվին։ Համբերությամբ սպասեցի, մինչև որ մի շիշն էլ դատարկեց, հետո պատվիրեց, որ վճարեմ, և, վերջապես դուրս եկանք ճաշարանից։

Հիմա գիտե՞ս ինչ, Մարգարյան, ասաց թևս առնելով և ոտներն ու լեզուն մի քիչ շաղելով։ Ես ախր սովոր եմ լուսացնելու, բայց դու, ինչպես տեսնում եմ, պուրիտանական բնավորության տեր մարդ ես։ Եթե այդպես չլիներ, կառաջարկեի, որ այսքան ուտել-խմելուց հետո մի, այսպես ասած, էքսկուրսիա կատարեինք դեպի․․․

Ես թույլ չտվի, որ խոսքը վերջացնի, և հանգիստ, բայց լուրջ ու կտրուկ եղանակով ասացի, որ մենք էքսկուրսիա ենք կատարում դեպի տուն, ուր նա այնքան ուտել-խմելուց հետո հանգիստ կպառկի կքնի։

Տանը անկողին պատրաստեցի ընդունարանումս։ Բայց նա դեռ երկար ժամանակ ինձ հանգիստ չտվեց իր արբածի անվերջ շատախոսությամբ։

Be the first who will comment on this

Other parts of "Սպանված աղավնին"

Yatuk Music
Symphonic Images
Ghazaros Saryan

Symphonic Images

Tracking Down Guiltless Doves
Tracking Down Guiltless Doves
Play Online