Muratsan
Խորհրդավոր միանձնուհի
4
Երկրորդ օր
Այժմ պետք է պատմեմ ձեզ իմ կյանքի, այսպես ասած, հոգեկան մասի պատմությունը, որն իմ վերաբերմամբ բավական տխուր էջեր է պարունակում։
Իհարկե, եթե քսան և մի երկար տարիներ անցած չլինեին այն ժամանակի վրա, որին պատկանում է այս պատմությունը և եթե ես արդեն սիրով ու համոզմամբ հաշտված չլինեի այն դրության հետ, որի մեջ գտնվում եմ այժմ, ինձ համար ով միայն ծանր, այլ գուցե և անհնարին լիներ այդ պատմությունն անել, ինչպես և ոչ մեկին չեմ արել մինչև այսօր։ Բայց ժամանակը, որ ամեն ինչ մաշում է, հնացրել է արդեն և իմ վերքերը, թեպետ բոլորովին չէ բուժել նրանց։ Ուստի այժմ հանգիստ և առանց հուզվելու կարող եմ պատմել ձեզ բոլորը, ընդունելով, թե ես էլ այս աշխարհում ունեցա մի օր մի եղբայր, որին կարողացա բանալ իմ սիրտը՝ անցյալի վերաբերմամբ։
Բայց տարին լրանալու մոտ, ես մի տարօրինակ փոփոխություն էի նշմարում իմ մեջ։ Մի ինչ որ անձուկ ճնշում էր սիրտս և անհանգստացնում հոգիս։ Ինձ այլևս չէին գոհացնում ստացածս դասերի հաջող պատրաստությունը և ուսուցչիս այս առթիվ հայտնած շնորհակալությունը։ Երբ նստում էի դաս պատրաստելու, դեռ կեսը չանցած, միտքս թռչում էր ուրիշ տեղ, աչքերս սևեռվում էին մի առարկայի վրա և երբեմն ժամերով մնում էի այդպես կես քուն, կես արթուն։ Ինքս էլ չգիտեի ինչու եմ նստել անգործ, ինչի վրա եմ մտածում... Եվ երբ ուշաբերելով, նորեն սկսում էի կարդալ, տեսնում էի, որ սովորածս արդեն մոռացել եմ։ Շատ անգամ փախչում էի իմ ծնողների ընկերակցությունից, քաշվում էի սենյակս, կեղծելով, իբր թե գիրք եմ կարդում և սակայն այդտեղ անձնատուր էի լինում մտածության։ Ինչն էր, իսկապես, իմ մտածմունքի առարկան, չգիտեի, կամ գուցե թվում էր ինձ թե՝ չգիտեմ... Այսքանը ճիշտ էր, որ երևակայությանս առաջ հաճախ պատկերանում էր իմ ուսուցիչը։ Ես նայում էի նրան կարծես գողունի հայացքով, դիտում էի նրա զվարթ և վստահ պատկերը, նրա կյանքով ու կրակով լի աչքերը, լսում էի կարծես նրա քաղցրահնչյուն ձայնը, հոգեշունչ խոսքերը, խրատականները... և հանկարծ սթափվելով բարկանում էի ինձ վրա, խանգարում երևակայությանս թռիչքը, ցրում մտածողություններս և ինքս ինձանից կամենում էի փախչել, ինչպես մի մարդ, որ հալածվում է յուր խղճից մի հանցանք գործած լինելու համար։ Եվ սակայն խիղճը չէր, որ հալածում էր ինձ, այլ բանականությունը, որ սրտիս հետ միացած փորձում էր մեղադիր լինել իմ անպարտ խղճին...։ Շատ անգամ իմ մեջ զարթնում էին հակառակ զգացմունքներ, միմյանց հակասող հուզմունքներ։ Երբեմն մի հասարակ մտածմունք, որ կապ ուներ իմ բուռն ցանկությունների հետ, այնպիսի ուրախություն էր պատճառում ինձ, որ ես կամենում էի երգել, խաղալ, թռչկոտել։ Իսկ երբեմն, դարձյալ, մի չնչին պատճառից տրտմությունն ու թախիծը պաշարում էին ինձ, մտքերս մոլորվում, և ես ուր գտնվիլս անգիտանում էի։
Մի քանի անգամ փորձեցի ստիպել ինձ՝ նախկին զգաստությամբ և աշխատասիրությամբ պարապել իմ դասերով, կամ առտընին գործերով։ Պատահում էր, նույնիսկ, հաղթահարում էի ինձ և շարունակում գործս ուշադիր լրջությամբ, բայց այդ լինում էր մի քանի օր։ Փոքրիկ առիթ պատահած ժամանակ մտածմունքներն ու հուզմունքը նորեն պաշարում էին ինձ։
Երբ ուսուցչիս գալու ժամը մոտենում էր, ես փոխարեն դասերիս ընթերցումը շարունակելու, գնում, կանգնում էի այն պատուհանի մոտ, որտեղից նրա գալը կարող էի տեսնել։ Եվ երբ նա երևում էր, սկսում էի դիտել նրան հեռվից, քննել նրա շարժվածքը, քայլվածքը և, եթե կարելի էր, նույնիսկ դեմքն ու հայացքը, մինչև որ նա գալիս մտնում էր բակը և սկսում սանդուղքով բարձրանալ։ Այնուհետև ես փոքրիկ չարաճճի աշակերտի նման վազում, հավաքում էի գրքերս և նստում իմ սովորական տեղը։ Բայց սիրտս այդ միջոցին տրոփում էր անհանգիստ, կուրծքս բարձրանում և իջնում, ես սկսում էի կասկածել ինձ շրջապատող առարկաներից, կարծես հավատալով, թե նրանք կմատնեն ինձ..։ Երբեմն շփոթվելուց մինչև անգամ տեղիցս չէի բարձրանում, երբ մտնում էր ուսուցիչս. երբեմն էլ դժվարանում էի ուղիղ նայել երեսին։ Բայց նա ծանրությամբ նստում էր յուր տեղը, սովորական կերպով հարցնում կամ դասախոսում և առանց ամենափոքր ուշադրություն դարձնելու իմ շփոթությունների վրա՝ հեռանում։ Ուսուցչիս, իհարկե, ես ճանապարհ էի դնում մինչև սանդուղքը, հետո պատշգամբի վրա կանգնած՝ հետևում նրան երկար, անթարթ աչքերով, մինչև որ նա հեռանում, ծածկվում էր իմ աչքից։ Պատահում էր նաև, որ ես ամբողջ ժամերով մնում էի այդտեղ կանգնած և աչքս հառած այն կետին, որտեղից անհետանում էր նրա երևույթը, և այդ հափշտակված դրությունից հանում էր ինձ կամ հայրս, որ ծառայությունից վերադառնալով՝ երևում էր հեռվից, կամ ձայնը իմ մոր, որ խոսում էր աղախնի կամ ծառաների հետ։
Շատ անգամ ինքս ինձ մտածում էի թե՝ ինչ պիտի լինի իմ այս տարտամ և անհանգիստ դրության վերջը։ Երբեմն որոշում էի թողնել պարապմունքս, բավական համարելով արդեն սովորածներս, որովհետև կարծում էի թե՝ ուսուցչիս երկար բացակայությունը կբժշկե իմ այս հիվանդության նմանվող այլայլությունը։ Բայց երբ մտածում էի, թե այդպիսով կարող եմ զրկվել նրան տեսնելու, լսելու, հետը խոսելու անհուն հաճույքից, երկյուղով շշնջում էի. «Անկարելի է, անկարելի է. նա երբեք չիպիտի հեռանա ինձանից...»։
Բայց ինչ տարօրինակ և անծանոթ բարեկամության մի անձուկ է այս, որ պատել, պաշարել է ինձ, մտածում էի երբեմն. ես կորցրել եմ իմ հոգու խաղաղությունը, սրտիս անդորրությունը. էլ ուրիշ ոչնչի վրա չեմ ուզում մտածել, ամեն ընկերություն ինձ նեղացնում, ամեն ուրախություն՝ տաղտկացնում է միայն լուռ ու մութ անկյուններն են, որոնք քաշում են ինձ դեպի իրենց և ուր խորհում, մտորում եմ միայն նրա համար... ինչ է արդյոք այդ փոփոխության անունը. միթե ես սիրում եմ նրան...
«Սիրում եմ», այս երկու բառերն իսկ կապում, կաշկանդում էին լեզուս, ես կամենում էի արտասանել նրանց հաճախ, բայց ինքս ինձանից քաշվում էի։
Վերջին ժամանակներն ավելի ու ավելի սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին։ Առողջությունս հետզհետե խանգարվում էր, երեսս՝ գույնը նետում, ախորժակս փոխվում և մի ընդհանուր թուլություն տիրում էր վրաս։ Ծնողներս սկսան անհանգստանալ «Ի՞նչ է պատահեց քեզ, ինչո՞ւ գունատ ես, ինչո՞ւ տխուր ես», շարունակ հարցնում էին և անհանգստացնում ինձ, սակայն ես չգիտեի ինչ պատասխանել։ «Ոչինչ և ոչինչ», այս էր իմ միակ պատասխանը։
Այսուամենայնիվ, ես արդեն հաշտվել էի այն մտքի հետ, թե սիրում եմ երիտասարդ Գարեգնին... Եվ այս սերը նոր չէր և ոչ էլ օրերի, կամ շաբաթների ծնունդ. նա դարբնվել էր իմ սրտում ամբողջ տարվա ընթացքում մի-մի կայծերով, որոնք տակավ առ տակավ միանալով այժմ վառում էին այդտեղ անշիջանելի հնոց սիրո և հիացման.. Եվ այդ կրակը, հարկավ, ես չէի կարող մարել. նա պետք է վառեր, բորբոքեր իմ սիրտը, գուցե նա լափեր, սպառեր իմ գոյությունը. այդ ճակատագրից այլևս անկարող էի ազատվել։ Միայն թե մի բան անհրաժեշտ էր այդ դեպքում. այն է աշխատել, որքան հնար էր, երևալ արտաքուստ նույնը և մշտականը, որպեսզի ծնողներիս հետապնդությունից ազատվեի, որովհետև ներքին ճնշումից ավելի վատ էր ազդում վրաս արտաքին այդ ճնշումը։ Այս պատճառով հետզհետե սովորում էի ոչ միայն քողարկել զգացմունքներս, թաքցնել հուզմունքս, այլև կեղծել ուրախություն, աշխատելով նույնիսկ խաղալ, երգել, զբաղեցնել շրջապատողներիս և այս ամենը նրա համար, որ իմ ներքին աշխարհը անտեսանելի կացուցանեմ օտար աչքերից... իսկ այս դեպքում՝ օտար էի համարում ես ամենքին, նույնիսկ ծնողներիս։ Այսուամենայնիվ, այս դրությունն էլ երկար չտևեց։ Կեղծելը, որ առաջ հետապնդությունից ազատվելու միջոց էի համարում, շուտով դարձավ ինձ անտանելի, ես սկսա ամաչել նույնիսկ ինձանից և իմ ցավը դարմանելու համար աշխատել դիմել ազնիվ միջոցի։ «Ինչու համար եմ ստորացնում ինձ, մտածում էի ես. միթե արդարև հանցանք եմ գործում՝ սիրելով երիտասարդներից ամենաազնվին և արժանավորին. ինչո՞ւ այս բանը չհայտնեմ ծնողներիս, ինչու օրն ի բուն զուր տեղը տառապիմ. միթե նրանք սիրտ չունին, զգալ չգիտեն, կամ երբեք չեն սիրել...»։
Հազիվ այս մտածմունքը հանգստացնում էր սիրտս կամ փոքր ինչ հուսադրում ինձ, և ահա՝ մի ուրիշը գալի ոչնչացնում էր նրա ազդեցությունը... «Ի՞նչ եմ ասում, մի՞թե խելագարվել եմ... հնարավոր բան է արդյոք հորս նման մի խիստ մարդուն այսպիսի անլուր, անօրինակ նորություն հայտնել։ Ո՞վ է այդ բանն արել այս քաղաքում, որին կարող են հիշել ծերունիները... Եվ միթե սա կայծակի մի հարված չի լինիլ իմ պատվասեր հոր համար, որն այնքան բարի և ազնիվ սրտով ընդունեց յուր տան մեջ օտար երիտասարդին։ Կարող էր միթե նա երևակայել, թե յուր պարկեշտ, ամոթխած Աննան, այսօրինակ համարձակ ընտրությամբ ամոթահար կանե իրեն յուր բարձակիցների առաջ... Եվ միթե Սիմոն-բեկը, քաղաքի առաջնակարգ, պատվավոր և հարուստ մարդը կկապե յուր միամոր աղջկա բախտը մի վարժապետի հետ...
Բայց երբ նորեն առողջ դատողությունը հաջորդում էր իմ նախապաշարմունքներին, ես ինձ հարցնում էի. «Ինչե՞ր եմ խոսում, ո՞վքեր են այդ պատվավոր քաղաքացիները, ինչով են նրանք ավելի բարձր ու ազնիվ, անձնվեր հայ ուսուցչից, միթե իրենց դիրքով, իրենց հարստությամբ, կամ ա՛յն համոզմունքով, որ իրենք իրենց համար կազմել են տգիտաբար։ Քանի՞ փող արժե ա՛յն դիրքը, ա՛յն հարստությունը, որ միայն իրենց անձին և գոյությանը դյուրություն տալու է ծառայում։ Մի՞թե բարձրը և ազնվագույնը սիրել գիտցող սիրտը պիտի ակնածե այդ անկենդան կուռքերից։ Ինչ պետք է ինձ նրանց հայեցակետը, քանի որ ես իմ սեփականն ունիմ։ Գարեգինն ամբողջ գլխով բարձր է իրեն շրջապատող հասարակությունից, այդ հարուստ ու պատվավոր մարդիկ գլուխ պիտի խոնարհեցնեն նրա ազնիվ սրտի և հայրենասեր հոգու առաջ...»։
Եվ այսպիսի ժամանակ, երբ մտածում էի, թե սիրում եմ նրան, որի վրա բոլոր աչքերը նայում են սիրով ու հափշտակությամբ, մի ներքին հպարտություն լցնում էր հոգիս, և ես հաստատապես վճռում էի տանել ամեն նեղություն ու զրկանք, բայց երբեք չհրաժարվիլ սիրածս անձից։
Սակայն այսպիսի որոշումով զգացածս ուրախությունը դարձյալ թունավորում էր մի ուրիշ մտածմունքով. մի՞թե ամուր չէ այս սերը, հարցնում էի ինքս ինձ. ինչպես իմանամ, թե Գարեգինը նույնպես կսիրե ինձ, թե նա կբաժանե իմ հրատոչոր զգացմունքը... Մի՞թե նրա վեհ, բարձրաթռիչ հոգին կարող է երբևիցե դեգերել եսասիրության այն նեղ մթնոլորտում, ուր ապրում է իմ հոգին։ Կա իմ մեջ մի արժանիք, որ նրա արժանիքներից փոքրագույնին հավասարեր, կամ մի ձիրք, որ նրա հիացումը գրավեր։ Հասարակ մի աղջիկ, ողորմելի զարգացումով և ավելի ևս ողորմելի ձգտումներով, միթե ես իրավունք ունիմ սիրել նրան կամ հուսալ՝ նրանից սիրվելու... Օ՛հ, ոչ, սա տղայական մի ցնորք է, որին իզուր հետևում է իմ թույլ ու անզոր սիրտը։ «Ավելի լավ է զգաստանամ և աշխատեմ մոռանալ նրան...», որոշում էի ես վերջապես և սակայն այդ որոշումը ևս թողնում անգործադիր։
Եվ այսպես օրերն անցնում էին, իսկ իմ դրությունը մնում էր նույնը, կամ գնալով վատթարանում։ Այժմ արդեն ծնողներս պարզ կերպով հետևում էին իմ քայլերին, աշխատելով որսալ իմ բերանից բառեր կամ խոսքեր, որոնք հարկավոր էին նրանց իմ գաղտնիքներին հասու լինելու համար։ Այդ պատճառով ես հետզհետե դառնում էի ավելի զգաստ և խորագետ, փախուստ էի տալիս նրանց նպատակավոր զրույցներից, կամ աշխատում շփոթել այդ զրույցները խնդրին չվերաբերող հարցերով։ Եվ ես, որ առաջ առիթ էի փնտրում միշտ Գարեգնի մասին խոսելու կամ նրա անունը հեղհեղելու, այժմ զգուշանում էի մինչև անգամ այդ անունն արտասանելուց։ Գուցե և իմ այսքան զգուշավոր լինելն ավելորդ էր, բայց ուրիշ կերպ հանգիստ լինել չէի կարող։
Մի օր մենք հրավիրված էինք մեր բարեկամներից մեկի տունը։ Գիտենալով, որ ծնողներս անպատճառ պիտի գնան այնտեղ, որովհետև խոստացած էին, ես հայտնեցի, թե գլխացավ ունիմ, ուստի չեմ կարող ընկերանալ իրենց։ Ծնողներս առանց դժվարության թողեցին ինձ տանը, աղախնի հետ, և իրենք գնացին։
Մի ժամից հետո Գարեգինը պիտի գար դասի։ Իմ գլխում մի հանդուգն միտք հղացավ, այն է՝ բանալ նրա առաջ իմ սիրտը և անկեղծությամբ խոստովանել դեպի իրեն ունեցածս ջերմագին սերը։ «Ինչ պիտի անե նա ինձ, մտածում էի ես երկչոտ սրտին հատուկ զգուշությամբ. շատ, շատ, գուցե, մի նախատինք, կամ հանդիմանություն լսեմ նրանից, այն ժամանակ ավելի լավ, ես կբժշկվիմ այս մաշող ցավից, կվերադառնամ իմ նախկին, խաղաղ դրությանը։ Իսկ եթե նա կասե, թե բաժանում է իմ զգացումը, օհ, այն ժամանակ, հեռու ինձանից թախիծ ու մտածմունք, այն ժամանակ արդեն ես ամենաերջանիկ աղջիկը կլինիմ աշխարհում և նույնիսկ այդ երջանկությամբ զորացած կոչնչացնեմ իմ ճանապարհը փակող արգելքները. կմեղմեմ, նույնիսկ, իմ հոր խստասրտությունը ու կստանամ մորս օրհնությունը»։
Եվ այս մտածմունքով ոգևորված սպասում էի իմ սիրելի ուսուցչին։
Առաջին անգամ, երբ նրա ողջույնը լսեցի, սիրտս մի հանկարծական ոստյուն արավ, որին հաջորդեց անհանգիստ և երկարատև բաբախում։ Այդ ժամանակ աչքս ընկավ հանդիպակաց հայելուն և ես տեսա, թե ինչպես շառագունել եմ։ Իմ այսօրինակ հուզմունքից սաստիկ ամաչեցի։
Դաս ասելու ժամանակ ես դարձյալ այլայլված էի, մտքերս չէի կարողանում անփոփել, սովորածս մոռացել էի։ Տեսնելով, որ այլայլությունս գնալով ավելանում է, «ներեցեք ինձ, խնդրեմ, ասացի ուսուցչիս, այսօր դաս ասել չեմ կարող, սաստիկ հուզված եմ...»։ Այդ ասելով սկսա գրքերս ժողովել։
Իմ այս տարօրինակ վարմունքը զարմացրեց Գարեգնին։ Մի քանի րոպե նա լուռ սևեռեց հայացքն իմ աչքերին և ապա հարցրեց.
Ինչ է պատահել ձեզ, օրիորդ, միայն այսօր չէ, որ հուզված եք դուք, վաղուց է, ինչ ես նշմարում եմ ձեր մեջ մի տարօրինակ փոփոխություն... ոչ դեպի լավը։ Դուք չունիք այլևս սովորելու այն աշխույժը, որ գոհություն էր պատճառում ինձ. ձեր ընդունակությունը, կարծես, կիսով չափ կորցրել եք։ Արդյոք որևէ տկարություն ունիք։
Ես աչքերս գետնին հառած չէի պատասխանում, բայց սիրտս անհանգիստ տրոփում էր։
Խնդրում եմ ասացեք, ունիք որևէ հիվանդություն, հարցրեց նա նորեն։
Ոչ, պատասխանեցի ես կիսաձայն։
Ուրեմն առողջ եք։
Դժբախտաբար ոչ…
Գարեգինը ծիծաղեց...
Այդ ինչ է նշանակում, հիվանդություն չունիք և, միևնույն ժամանակ, առողջ չեք։
Այդ նշանակում է թե... Ես չկարողացա շարունակել։
Ինչ է նշանակում, խոսեցեք, ինչու եք լռում։
Այդ նշանակում է թե՝ իմ հիվանդությունը այն տեսակներից է, որ աչքի զարնել չի կարող։
Այսուամենայնիվ, հայտնեցեք մեզ էությունը, ցույց տվեք նրա տեղը, գուցե կարողանանք տեսնել և բժշկել, նկատեց նա ժպտալով։
Օ՛, նա շատ խորն է... այնտեղ, ուր մարդկային աչքը թափանցել չէ կարող, ասացի ես ջերմությամբ ու հետզհետե սիրտ առնելով։
Ձեր խոսքերը չեմ հասկանում, նկատեց ուսուցիչս։
Ուրեմն ավելի պարզ ասեմ, իմ հիվանդությունը գտնվում է իմ սրտի, իմ հոգու մեջ։
Գարեգինը մի անհանգիստ շարժում արավ և լռեց։
Դուք հարցնելու այլևս բան չունի՞ք, նկատեցի ես, աչքերս գետնին հառած։
Էլ ուրիշ ինչ հարցնեմ, ասում եք ձեր հոգին է հիվանդ, իսկ դրա համար բժիշկ չկա, դուք ինքներդ պիտի բժշկեք ձեզ։
Բայց քանի որ չեմ կարողանում...
Դիմել եք դուք ձեր ծնողներին։
Ոչ։
Ուրեմն հանձնեք ձեզ նրանց խնամքին և վստահ եղեք, որ նրանց բարության և դեպի ձեզ ունեցած սիրույն վրա։
Նրանք կարող են ձեզ օգնել և, եթե հնար է, նաև բժշկել։
Բայց եթե ես դիմեի ուղղակի նրան, ով այս հիվանդությունը պատճառել է ինձ, միթե նա չէր կարող բժշկել, հարցրի ես ջերմությամբ և դողացող ձայնով։
Ուսուցիչս թափանցել էր արդեն իմ սրտի խորքը։
Օրիորդ, ես ակամա ինձ չվերաբերյալ խոսակցության մեջ մտա, նկատեց նա, եթե ձեր ծնողներն այստեղ լինեին, ես հարկ եղածը նրանց հետ կխոսեի և գուցե կարողանայի իմ տված խորհուրդներով օգնել նրանց ձեզ ապաքինելու։ Բայց քանի որ նրանք բացակա են, թույլ տվեք, որ այս հարցի մասին ուրիշ անգամ խոսվի...
Ես կամենում էի լռել, բայց մի ներքին ձայն դրդեց ինձ խոսել։
Այսուամենայնիվ, դուք հենց այժմ կարող եք ինձ ասել թե իմ հոգուն այս հիվանդությունը պատճառող մարդուն եթե դիմեի, կարող էր նա ինձ բժշկել, հարցրի կրկին, աչքերս միշտ խոնարհած։
Չգիտեմ, եթե դուք կարծում եք թե նա կարող է բժշկել, դիմեցեք, պատասխանեց նա անփույթ եղանակով։
Ուրեմն բժշկեցեք իմ հոգին, դուք եք նրան հիվանդացրել. ես ձեզ եմ դիմում, բացականչեցի հուզված և այնպիսի համարձակությամբ, որ ճնշման դեմ ապստամբող հոգիներին է հատուկ։
Երիտասարդը մնաց շվարած։ Ըստ երևույթին նա չէր սպասում այս դիմումին, ուստի և չգիտեր ինչ պատասխաներ։ Իսկ իմ մեջ եռանդը հետզհետե ավելանում և երկյուղը տեղի էր տալիս անկեղծության, ես գրեթե ինձ մոռացած, շարունակեցի։
Լսեցե՛ք, սիրում եմ ձեզ... սիրում եմ ջերմ, սրտագին և անվերջ սիրով և ես հանցավոր չեմ... դուք վառեցիք իմ մեջ այս կրակը... և այս խոսքերի հետ միասին, գրեթե հափշտակելով, առի նրա ձեռքը և սեղմեցի իմ շրթունքներին։
Մի թույլ, անլսելի հառաչանք դուրս թռավ երիտասարդի սրտից, նա նայեց ինձ հրացայտ աչքերով, և ձեռքը քնքշությամբ ետ քաշելով, տեղից բարձրացավ։
Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն, ասաց նա լուրջ և սառը եղանակով, ապա «մնաք բարով» ասելով՝ դուրս գնաց։
Օ՛ ոչ, նա ինձ չէ սիրում, նա չէ կարող սիրել, նա արհամարհում է ինձ... գոչեցի ես արտասուքից. Խեղդվող ձայնով և սրտաբեկ ու հուսահատ ընկնելով բազկաթոռի վրա սկսա դառնապես լալ։
Հետևյալ օրը մեծ տագնապի մեջ էի։ Իմ համարձակ որոշումն անհաջող ելք էր ստացել։ Իսկապես չգիտեի, թե ինչպես պիտի բացատրեի Գարեգնի խորհրդավոր խոսքերը. «Ես կաշխատեմ օգնել ձեզ, որ ապաքինվիք ձեր հիվանդությունից, գուցե և բոլորովին մոռանաք այն», ասաց նա։ Ինչ էր նշանակում այդ։ Արդյոք մերժման խոսքեր էին դրանք։ Չէ որ մոռացումը հետևանք է լինում անհույս սիրույն... Եթե այդպես է, ինչո՞ւ ուրեմն այս անմիտ քայլն արի. ինչո՛ւ նվաստացա նրա առաջ... Միթե մի համեստ և օրինավոր աղջկա կվայելեր այդպիսի հանդուգն վարմունք, մտածում էի ես ու տանջվում։ Ապա ցանկանում էի, որ նա այդ օրը չգար, որովհետև երեկվա անցքից հետո ես քաջություն չէի ունենալ նրա երեսը ելնելու։ Մյուս կողմից էլ մտածում թե՝ լավ կլիներ, որ գար, որպեսզի նրա հայացքից ոլ խոսքերից կարողանայի վերջնականապես իմ ճակատագիրը որոշել։ Ճիշտ է, սկզբում ծանր կլիներ ինձ դեմ առ դեմ խոսել հետը, բայց դրանով հետո իմ տագնապը կնվազեր։
Որքան ուժ ունեի, ժողովեցի դաս պատրաստելու, որպեսզի գոնե այսօր կարողանամ մի բան պատասխանել։ Կարդացի, գրեցի, բայց առանց ոչինչ հասկանալու և մեքենայաբար։ Հետո նստա իմ սովորական տեղը, պատուհանի առաջ և սպասեցի նրան։ ժամը տաներկուսը զարկեց։ Ուր որ է նա պիտի երևար, այս նրա գալստյան ժամն էր։ Սիրտս սկսավ անհանգիստ տրոփել։ Շարունակ մտածում էի թև ինչպես պիտի նրա դեմը ելնեմ։ Մտքիս մեջ խոսքեր, դարձվածքներ էի պատրաստում, որպեսզի հարկավոր դեպքում պատշաճավոր պատասխան տամ։ Մինչև անգամ մտածում էի թե՝ դեմքի ինչ արտահայտությամբ պիտի ողջունեմ նրան, կամ նրա ողջույնն առնեմ։
Սակայն անցավ քառորդ ժամ, անցավ կես ժամ, և նա չկար։ Այնուամենայնիվ, ես սպասում էի։ «Գուցե մի անակնկալ դեպք ուշացրել է նրան, նա անպատճառ կգա», մտածում էի ես։ Բայց անցավ ամբողջ ժամ և նա դարձյալ չկար։ Սա չարագուշակ նշան էր, որովհետև Գարեգինը րոպեների նկատմամբ իսկ, ճշտապահ էր։ «Չլինի թե ինձանից հեռացել է բոլորովին», մտածեցի ես և մի գաղտնի երկյուղ իմ սիրտը ճմլեց։ Վայրկյանները սլանում էին և ինչպես արագ, ինչպես սրընթաց։ Վերջապես երկրորդ ժամը զարկեց։ Ինձ հրավիրեցին ճաշի, և ես մտա սեղանատուն։
Այս ի՞նչ է, վարժապետդ այսօր չեկա՞վ, հարցրեց հայրս։
Ոչ, երևի մի անակնկալ դեպք արգելել է նրան, պատասխանեցի ես, ինքս իմ խոսքերից վախենալով։
Բոլորովին անսպասելի էր, հարեց մայրս, ամբողջ տարվա մեջ նա երբեք չէ բացակայել, չլինի հիվանդ է։
Կարող է պատահել, երևի կիմանանք, ավելացրեց հայրս և սրանով հարցը փակվեց։
Բայg նրա «երևի կիմանանք» խոսքը դող հանեց սիրտս։ Ես գուշակում էի նրա չգալու պատճառը և չգիտեի ինչ անել ամոթապարտ լինելուց ազատվելու համար։
Մեծ տանջանք կրեցի՝ ծնողներիս հետ ճաշի ժամն անցնելու համար, ախորժակ չունեի, բայց պետք է ուտեի, խոսելս չէր գալիս, պետք է խոսեի։ Տխրությունը սիրտս ճմլում էր, պետք է զվարթ երևայի։ Ուրիշ անգամ, գուցե, այդքան չաշխատեի, ծնողներիս ուշադրությունն ինձանից հեռացնելու, բայց այդ օրն, ինձ թվում էր, թե իմ լռության ու տխրության ամեն մի վայրկյանը կարող էր ինձ մատնել։ Օհ, ինչպե՛ս ծանր է կեղծել. ինչպես ծանր է ծածկել։ Միթե ես այդ բաների համար էի ստեղծված։ Եվ սակայն հարկը ինչ բաների չէ վարժեցնում մարդուն։
Սեղանից հեռանալս և մի սենյակում փակվելս մեկ եղավ։ Աղախնին պատվիրեցի ոչ ոքի չթողնել ինձ մոտ մտնելու առարկելով կարևոր պարապմունք ունիմ։
Մտնելով սենյակս սկսա դարձյալ անձնատուր լինել իմ մտածմունքներին։ Բայց տեսնելով, որ դրանով միայն ուղեղս եմ լարում և ուժերս սպառում, որովհետև տանջվելուց զատ ուրիշ բան չէի առաջացնում, աշխատեցի քնել։ Դա միակ միջոցն է մաշող մտմտուքից գեթ մի քանի ժամ ազատվելու համար, եթե միայն հաջողի։ Բարեբախտաբար քնելն ինձ հաջողում էր։
Հետևյալ օրը նույնպես Գարեգինը չերևաց։ Իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ երիտասարդն յուր մշտական բացակայությամբն է կամենում իմ հիվանդությունը բուժել։ Դա մի սարսափելի ճշմարտություն էր ինձ համար։ Այս ինչ արի, ինչ չարիք բերի իմ գլխին, մտածում էի ես գոնե առաջ ամեն օր տեսնում էի նրան, խոսում էի հետը մի ժամ, իսկ այժմ ինչ է իմ դրությունը։
Այս ամենի վրա ավելացավ և շուտով ամոթահար լինելու երկյուղը, երբ երեկոյան դեմ հայրս գնաց հոգևոր դպրոցը, ուր բնակում էր Գարեգինը, նրա բացակայության պաաճառն իմանալու։
Տեր աստված, որքան հոգեկան տանջանք կրեցի ես այդ մի ժամվա մեջ... Արդյոք ի՞նչ պիտի ասեր նա հորս, ինչ պատճառ պետք է բերեր, չէ որ իմ խոստովանության պատմությունը պիտի աներ... իսկ իմ հայրը... օհ, խելագարվում էի. որպեսի ամոթով, որքան ճնշվելով պիտի լսեր նրանից յուր պարկեշտ, ամոթխած ճանաչված աղջկա անլուր, անպատկառ արարքը... օհ, ինչպե՛ս ծանր, ինչպես անտանելի էր այդ. սիրտս ուժգին բաբախելուց, ասես թե, կամենում էր դուրս թռչել, գլուխս այրվում էր, մի վայրկյան հանգիստ չէի գտնում, մերթ նստում, մտածում էի, մերթ նորեն վեր թռչում տեղիցս, չգիտեի ուր գնալ, ուր դիմել, նույնիսկ սենյակները հալածում էին ինձ, իմ պարապմունքի սեղանը, իմ գրքերը՝ բոորն էլ այդ վայրկենին դարձել էին ատելի, ոչնչով զբաղվել, ոչնչով իմ մտքերը ցրել չէ կարողանում։
Վերջապես օրհասական վայրկյանը հասավ. հայրս երևաց բակում։ Բայց, ով զարմանք, հենց այդ րոպեին էլ իմ հուզմունքը դադարեց, հուսահատությանս ու երկյուղիս հաջորդեց բոլորովին ուրիշ, ինձ անծանոթ մի զգացմունք, իմ հոգին նոր ուժ ու կորով ստացավ, նա կարծես պատրաստվում էր ապստամբելու իրեն ճնշող, կաշկանդող ուժերի դեմ։ «Այո՛, սիրում եմ, այդպես էլ կասեմ, ես հանցանք չեմ գործում, ուրեմն վախենալու էլ ոչինչ չունիմ...», ասացի ինքս ինձ և աներկյուղ սպասեցի հորս ներս գալուն։
Վարժապետդ շտապ ավարտելու գրելիք է ունեցել, այդ պատճառով չէ եկել. շատ ներողություն էր խնդրում. ես ասացի ոչինչ, մի՛ նեղանաք։ Բայց վաղվանից կգա, ասաց հայրս սենյակը մտնելով։
Ես մնացի ապշած. չէի կամենում հավատալ ականջներիս, ուրախությունը կարծես չէր զորում մոտենալ իմ կծկված սրտին... «Մի՞թե այս ճշմարիտ է. միթե նա ճշմարիտը խոսեց..», մտածում էի ես։
Բայց որովհետև հայրս ուրիշ ոչինչ չասաց և հանգիստ սրտով մտավ սեղանատուն թեյ խմելու, ուստի իմ մեջ այլևս կասկած չմնաց, որ անցյալ օրվա պատմությունից նա ոչինչ չգիտե։ Վասնզի հայրս չէր այն մարդկանցից, որոնք առանձին շնորհք են ունենում ամեն տեսակ գաղտնիք իրենց սրտում ծածկելու, իսկ դեմքի վրա հակառակ զգացմունք արտահայտելու։ Եթե նա ունենար մի գաղտնիք և ստիպված լիներ ծածկել, այնքան անշնորհք ձևով կաներ այդ, որ ամեն ոք կգուշակեր յուր գաղտնիք ունենալը։
Ազնի՛վ և առաքինի երիտասարդ, այժմ ավելի քան երբեք սիրում եմ քեզ... բացականչեցի ես, երբ մնացի միայն իմ զգացմունքների հետ. այսուհետև այլևս տխրությունն ու մտածմունքը թող չհուզեն ինձ. ես լուռ անմռունչ կսիրեմ քեզ և եթե դու չբաժանես իսկ իմ զգացմունքը, գոնե չես արգելիլ սիրել քեզ... ինձ այնքանն էլ բավ է, որ ամեն օր քեզ տեսնելու, քեզ հետ խոսելու բախտը ունենամ...
Հետևյալ օրը Գարեգինն եկավ յուր ժամանակին։ Նա նույն հանգիստ ու զվարթ դեմքով ողջունեց ինձ, ինչպես և առաջ։ Հարկ չկա ասելու, որ ամբողջ դասի ժամանակ ես չէի համարձակվում աչքերս բարձրացնել։ Բայց երեկվանից արդեն, երբ հուզմունքս անցել էր, ես բավական դաս էի պատրաստել, բավական գրել էի և այս էր, որ մի փոքր անզգալի էր դարձնում մեր այդ օրվա տեսակցության ազդեցության ծանրությունը։
Գարեգինը ուրախ տրամադրությամբ հետևյալ դասերը խոսեց, կարդալու համար նոր գիրք նշանակեց, գրելու նյութ տվավ և քաղցրությամբ ողջունելով դուրս գնաց։
Երբեք այնպես հանգիստ, այնպես ուրախ չէի զգացել ինձ, ինչպես այժմ։
Սրանից հետո մի շաբաթ ևս նա շարունակեց յուր այցելությունները։ Բայց այդ բոլոր ժամանակ նա կարծես յուր տված դասերի ու սովորեցրածների վերջաբանն էր կազմում, նշանակելով միայն կարդալու հատվածներ և տալով շարադրության նյութեր։ Մի մի անգամ էլ հիշեցնում էր թե՝ այսուհետև ավելի առաջ գնալու համար ինձ մնում էր միայն շարունակ կարդալ և կարդացածից, օգտվել, այնպես որ յուր գալը, գրեթե, ավելորդ էր։
Վերջին ուրբաթ նա միայն շարադրելու մի նյութ տվավ, այն է՝ գրել «մարդկային պարտուց» վրա, պատվիրելով բաժանել իմ շարադրությունը երեք մասերի և բացատրել նրանց մեջ թե՝ որն է մարդկային պարտքը առ աստված, առ ընկերն և առ անձն։
Այդ գրությամբ դուք պիտի ապացուցանեք, որ իմ այսքան ժամանակվա աշխատությունն ապարդյուն չէ անցել, ասաց նա, ես կամենում եմ իմանալ, թե որ աստիճան իրավունք ունիմ այսուհետև պարծենալ ձեզմով ուրիշների առաջ։
Այս խոսքերն արդեն բավական էին նույնիսկ բանաստեղծական ավյուն ներշնչելու ինձ։ Ես ամբողջ օրը և գիշերվա կեսն աշխատեցի իմ շարադրության վրա։ «Մարդկային պարտքն առ աստված» բացատրելուց հետո, ես երկար կանգ առի «մարդկային պարտքն առ ընկերն» մտքի վրա։ Ժողովեցի իմ երևակայության առաջ պատմության նշանավոր հերոսները, հայտնի հայրենասերները, ժողովրդի նահատակները, թվեցի նրանց գործերը, դրվատեցի անձնազոհության գաղափարական բարձրությունը, առաջ բերի Քրիստոսի այն մեծախորհուրդ խոսքը թե՝ «ամեն ամեն ասեմ ձեզ, եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիշ ցի՝ ինքն միայն կայ, ապա եթէ մեռանիցի, բազում արդիւնս առնէ» և իմ բացատրություններն ու մակաբերությունը կցեցի նրան։ Շատ քիչ գրեցի, սակայն, մարդկային պարտքն առ «անձն» մտքի մասին, բավականանալով միայն բացատրությամբ այն խորհուրդների, որ կրոնը տալիս է մեզ «աստուծո պատկերի և նմանության» հետ վարվելու համար»։
Իմ շարադրությունը շատ հաջող դուրս եկավ, և ես գոհ սրտով գնացի պառկելու։ Խեղճ ես, դեռ չգիտեի թե՝ որքան ծանր ու դժվարին է գործով կատարել այն, ինչ որ այնքան հափշտակությամբ գովել, դրվատել էի։ Եթե, մարդիկ լավ գործերը նախ կատարեին և ապա նրանց մասին գրեին, որքան քիչ բան կունենայինք այդ առթիվ կարդալու...
Հետևյալ օրը Գարեգինը որոշյալ ժամանակից ուշացավ։ Հայրս արդեն ծառայությունից վերադարձել էր, մենք նստած՝ հենց Գարեգնից էինք խոսում, երբ նա ներս մտավ։ Հետո իմացա, որ նա դիտմամբ էր ուշացել։
Շատ ուրախ եմ, որ ծնողներդ էլ այստեղ են,-ասաց նա, նրանք էլ ձեր շարադրության ընթերցումը կլսեն, հապա, բերեք, կարդացեք։
Ես ուրախությամբ վերցրի սեղանից իմ երեք թերթից բաղկացած շարադրությունը և սկսա պարզ ու մեկին առոգանությամբ կարդալ։
Կարդացի, երկար կարդացի։ Գարեգինը մերթ ընդ մերթ ընդհատում էր ինձ «կեցցիք», «ապրիք», «շատ գեղեցիկ» խոսքերով։ Երբ ես ավարտեցի, նա սկսավ խոսել։
Իմ ուրախության չափ չկա, բոլոր աշխատությունս վարձատրված եմ տեսնում այսօր, ես գոհ եմ, ասաց նաև ի նշան շնորհակալության, իմ ձեռքը սեղմեց։ Ապա դառնալով ծնողներիս, շարունակեց. Այսուհետև օրիորդ Աննան ինքը կարող է առաջ գնալ, որքան և ցանկանա։ Նա հայերեն լավ գիտե. պատմություն սովորել է. Ռուսերենին տեղյակ է. նրան մնում է կարդալ և միշտ կարդալ։ Բայց այդ էլ, իհարկե, զգուշավոր ընտրությամբ։ Ոչիչ այնպես չի խանգարում կանոնավոր զարգացումն, ինչպես խակ մտքերով և մոլար վարդապետությամբ տոգորված գրքերը կամ լրագիրները։ Այդ պատճառով ես ինքս կարող եմ միշտ ընտրել ընթերցանության համար պիտանի գրքերը և ուղարկել օրիորդին կարդալու։ Ինչ վերաբերում է ինձ, ես, իհարկե, այսօրվանից օրիորդի նկատմամբ հանձն առածս պաշտոնը կատարած, վերջացրած եմ համարում, հետևապես և ձեզ ամեն օր այցելելու պատիվը չեմ ունենալ։
Վերջին հայտարարությունը կարծես ինձ հարվածեց և բոլոր տունը գլխիս շուռ բերավ. բայց ես ջանք արի պահել ինձ զոռով։
Ծնողներս երկար և ջերմաջերմ շնորհակալություն արին ուսուցչիս խնդրելով նրան՝ հաճախ այցելել իրենց։ Ես, իմ շփոթությունը հայտնի չկա ցուցանելու համար, վեր կացա տեղից և հանդիսավոր ձևով ասացի.
Ձեր երախտիքն այնքան մեծ է ինձ վրա, որ ես ոչնչով չեմ կարող փոխարինել։ Այդ պարտքի ծանրությունը ինձ անզգալի անելու համար, պետք է որ դուք պաշտոնական բարեկամ լինելուց դադարեք։ Իմ ծնողները ձեզ կընդունեն իրենց սիրելի որդու, իսկ ես իմ հարազատ եղբոր տեղ։ Այցելեցեք մեզ, խնդրում եմ, կարելվույն չափ հաճախ։ Մենք միշտ սիրով պիտի սպասենք ձեզ։ Այո, այո, խնդրում ենք, շատ ենք խնդրում, դուք մեր որդին, մեր ընտանիքի անդամն եք, գրեթե միաբերան ասացին ծնողներս։
Գարեգինը շնորհակալություն հայտնեց և խոստանալով, որ կարողացածին չափ կաշխատե մեզ այցելել, ողջունեց և դուրս գնաց։
Ես հետևեցի նրան մինչև բակի դուռը։ Եվ երբ նա այդտեղից դուրս գալիս պարզեց ինձ ձեռը վերջին «մնաք բարևն» ասելու, ես ջերմությամբ առի այն իմ ձեռքի մեջ և նկատեցի. այսուամենայնիվ, պարոն Գարեգին, մնաց դարձյալ մի դաս, որ չտվիք ինձ ուսանելու...
Ո՞րն է այդ դասը, հարցրեց նա ժպտալով։
Այն, թե ինչ պետք է անե խեղճ օրիորդը, որի սրտում վառված սուրբ սիրո կրակն անարգվում է, նույնիսկ, սրբության պաշտպանից։
Դուք այդ դասը սովորելու կարիք չունիք, օրիորդ, պատասխանեց երիտասարդը ծանրությամբ, որովհետև սրբությունը չի կարող անարգվիլ յուր երկրպագուից...
Եվ նա մի քաղցր հայացք ձգելով վրաս, ջերմությամբ սեղմեց ձեռս և հեռացավ։
Երրորդ օր
Որքան մտատանջությունների պատճառ դարձան ինձ համար Գարեգինի՝ բաժանման րոպեին արտասանած վերջին, խորհրդավոր խոսքերը։ «Սրբությունը չի կարող անարգվիլ յուր երկրպագուից», ասաց նա։ Ո՞վ էր արդյոք այդ «երկրպագուն»։ Կարո՞ղ էի միթե հուսալ թե՝ դա ինքն է, իսկ դրա համար ունեի ես ապացույց, գեթ մի թույլ փաստ, ավաղ, և ոչ մի։ Եթե նա բաժանում լիներ իմ զգացումներն, ինչու ապա դիտմամբ պիտի հեռանար ինձանից։ Նա ամենալավ պատրվակն ուներ մեզ մոտ հաճախելու, միշտ ինձ հետ տեսնվելու, որովհետև նա իմ ուսուցիչն էր։ Բայց նա, ոչ միայն այդ պաշտոնից չկամեցավ օգտվիլ այլև ինձանից բոլորովին հեռանալու համար կիսատ թողեց ուսմանս գործը։ Միթե, արդարև, ես այլևս սովորելու ոչինչ չունեի... Բայց չէ, նա չկամեցավ յուր հաճախակի այցելություններով առավել ևս բորբոքել մի անգամ արդեն վառված կրակը։ Անարգանք էր այս ուղղված իմ անկեղծ խոստովանությանը, թե բարձրագույն ազնվության ապացույց՝ զի չկամեցավ յուր բարոյական խնամքին և դաստիարակության հանձնված մի օրիորդի թուլությունից օգտվել, ճիշտը չգիտեի, միայն ես հակված էի դեպի վերջին կարծիքը։
Անցավ մի ամբողջ շաբաթ և ես Գարեգնին տեսնել չկարողացա։ Նա մեզ մոտ չեկավ, իսկ ես պտրտել նրան չէի կարող։ Մի քանի անգամ մտադրվեցա այցելել օրիորդաց դպրոցը նրան այնտեղ պատահելու հույսով. Բայց ամեն անգամ էլ պատվասիրության զգացումը թույլ չտվավ ինձ այդ անել։
«Ինչո՞ւ այդ աստիճան ստորանալ, մտածում էի ես. եթե նա պատճառներ է ստեղծում ինձանից հեռու մնալու, մի՞թե կվայելե, որ ես երթամ նրան պտրելու, իհարկե ոչ։ Գուցե հենց այդ վարմունքով նա կամեցել է զգալ տալ ինձ թե՝ իմ մասին նա բնավ չէ մտածում։ Ինչու ուրեմն քաջություն չունենալ մոռացության տալ նրան...» Եվ ես այնուհետև որոշում էի աշխատել մոռանալ նրան։
Բայց մի՞թե այդ հնարավոր էր, միթե ես այդ կարող էի անել։ Այդ տեսակ որոշումները ոչ այլ ինչ էին, եթե ոչ բռնի փորձեր՝ ներքին հրդեհի ուժը մի քանի ժամերով միայն թուլացնելու։ Անցնում էին այդ ժամերն և ահա հրդեհը դարձյալ բորբոքվում, դարձյալ նոր ուժով երևան էր գալիս, մանավանդ, երբ մտածում էի, թե իմ առաջ բերած պատճառներն աննշան հյուլեներ են, համեմատած այն արժանիքների հետ, որոնցով զարդարված էր երիտասարդը և որոնք իմ մեջ վառել էին սիրո այս չարաբաստ կրակը։
Ինձ մնում էր լուռ և անտրտունջ տանել իմ հոգեկան տանջանքը, առանց շրջապատողներիս մեջ որևէ կասկած հարուցանելու։
Որքան զարմացա և ուրախացա, երբ երկրորդ կիրակի այցելության եկավ մեզ Գարեգինը։ Ինչպե՛ս սիրտս հրճվանքից սկսավ բաբախել, որքան հուզվեցա... Դեռ նա սենյակ չէր մտել, որ մայրս նկատեց ինձ՝ «ինչո՞ւ ես շառագունել»։ Նայեցի հայելուն և ամաչելուց ավելի ևս շիկնեցի. այդպիսի դեմքով չէր կարելի դիմավորել նրան. ես քաշվեցա իմ սենյակը՝ լվացվելու։ Մի քառորդ ժամից, երբ հուզմունքս քիչ անցավ, եկա իմ թանկագին հյուրի մոտ։ Նա խոսում էր արդեն ծնողներիս հետ։ Տեսնելով ինձ, վեր կացավ տեղից, շատ սիրով ողջունեց. բայց այդ ողջույնի մեջ, հակառակ սպասածիս, ես ջերմ ու սիրաշունչ ոչինչ չգտա։ Այդ բանը սիրտս կոտրեց։ Այսուամենայնիվ պետք է գոհ լինեի, որ նա այժմ ինձ մոտ, իմ առաջ նստած էր։
Երբ դժգոհությունս հայտնեցի այն մասին թե՝ նա շատ ուշ է մեզ այցելում, Գարեգինը պատասխանեց.
Իմ ծանոթ ընտանիքների մեջ չկա մեկը, որին այնքան սիրով և հաճությամբ կամենայի այցելել, որքան ձերն, օրիորդ։ Բայg իմ զբաղմունքներն այնքան շատացել, այնքա՛ն ծանրացել են, որ ստիպված եմ այդ հաճույքից ևս զրկել ինձ։ Երևակայեցեք, շաբաթվա մեջ քսանևչորս դաս, տղայոց կամ աղջկանց դպրոցում, այնուհետև դպրոցական մի քանի գործերի վրա անմիջական հսկողություն. հետո ուսուցչական ժողովներ, ապա արձանագրությունների կազմությունը, այդ բոլորն այնքան ժամանակ են խլում ինձանից, որ բարեկամներիս այցելելու համար, գրեթե, ժամանակ չէ մնում ինձ։ Երբեմն, երեկոյան դեմ, մի կամ երկու ժամ ազատ ժամանակ եմ ունենում, բայց այդ էլ գործ եմ դնում ավագ դասատան աշակերտներին ինձ մոտ հավաքելով և նրանց հետ խոսելով։ Գիտե՞ք, շատ բան կա դասից դուրս՝ նրանց հետ խոսելու։ Ամեն այցելություն, ամեն զվարճություն պետք է զոհել այդ սուղ ժամանակը շահավոր կերպով զործադրելուն։ Վարժապետներիս վրա ծանր պարտք կա, թե ներկայի. թե ապագայի վերաբերմամբ, բավական չէ վարձկան մշակի պես նշանակած ժամերին դասախոսել և հեռանալ, պետք է անձնվիրությամբ աշխատել, պետք է գործին շունչ ու հոգի տալ, որովհետև նոր սերնդի ապագայում արած սխալ բաների պատաասխանատուն մենք ենք...
Հետո նա պատմեց մի քանի անախորժ նորություններ այն մասին, թե ինչպես քաղաքում հակառակ կուսակցության մարդիկ աշխատում են իրենց այնքան սիրով nւ եռանդով սկսած դպրոցական գործը զանազան մեքենայություններով խանգարել։ Ցավ հայտնեց, որ այդ չարագործության հեղինակներն ոչ թե հասարակ, ուսումից ու կրթությունից զուրկ մարդիկ են, այլ նրանք, որոնց մի անգամ հանձնված է եղել դպրոցի ղեկն ու բախտը։ Եվ այդ հասկացող ու զարգացած մարդիկ դպրոցի դեմ նյութում էին խարդավանանք միայն այն պատճառով, որ առիթ ունենան պարծենալու թե իրենք կարողացան քանդել այն, ինչ որ ուրիշները կամենում էին շինել...
Որքան էլ քաղցր էր ինձ՝ երկար լսել իմ սիրած երիտասարդին, այսուամենայնիվ, նա այդ հաճույքը ինձ չպատճառեց։ Հազիվ մի ժամ մնաց մեզ մոտ, և այդ մի ժամը ինձ համար անցավ մի քանի րոպեների պես։ Ներողություն խնդրելով, որ ավելի ուշանալ չէ կարող, ողջունեց մեզ և հեռացավ, խոստանալով դարձյալ այցելել, եթե ժամանակ կգտնե։
Բայց այդ ժամանակը նա շատ ուշ զտավ, կամ գուցե չկամեցավ շուտ գտնել։ Ես սպասեցի նրան երկար։ Անցավ առաջին կյուրակին, անցավ երկրորդը երրորդը, և սակայն նա չերևաց մեր տանը։ Այդ բոլոր ժամանակի ընթացքում ես մի անգամ միայն պատահեցի նրան եկեղեցում, ուր նա դարձյալ սիրով ու ժպտադեմ ողջունեց ինձ և հեռացավ...
Դրանից հետո իմ տխրությունը օրըստօրե ավելացավ։ Եu նորեն սկսա անձնատուր լինել իմ թաքուն մտածմունքներին։ Ընտանեկան գործերով չէի պարապում և բոլոր օրը, համարյա, հիվանդ էի հոգվով ու մարմնով։
Մայրս, որ, ինչպես հետո իմացա, հետևելիս է եղել իմ քայլերին, մի օր կանչեց ինձ առանձին ու ասաց.
Սիրելի Աննա, հինգ ամսից ավելի է, ինչ ես մի տարօրինակ փոփոխություն եմ նշմարում քո մեջ։ Դու այլևս առաջվա աղջիկը չես, այն զվարթ, ուրախ, միշտ երգող, ծիծաղող աղջիկը։ Ամեն օր տխուր ես, ամեն օր մտածմունքների մեջ մի տեսակ վերացած, հափշտակված... անշուշտ մի ցավ ունիս, որի մասին շարունակ մտածում ես։ Ասա՛, հոգիս, ինչ ցավ, ի՞նչ հոգս է այդ, ասա, մորիցդ մի' ծածկիր, քո սրտի ցանկությունը կատարելու համար ես ամեն բան կանեմ, ամեն ինչ կզոհեմ, միայն թե դու անկեղծ եղիր, խոստովանիր ինձ ամեն բան ճշմարտությամբ, առանց ամաչելու ու քաշվելու։
Ոչ մի ցավ չունիմ, պատասխանեցի ես։
Անկարելի է. ցավ չունեցողը տխուր չի լինիլ և ոչ էլ ամբողջ օրը մտածմունքների մեջ։ Խոստովանիր, ասում եմ, ինչ որ սրտումդ կա, եթե քո ցավը մորդ չհայտնես, ուրիշ էլ ո՞ւմ կարող ես հայտնել։
Ես կամենում էի բանալ նրան իմ սիրտը, կամենում էի խոստովանել իմ գաղտնիքը, մանավանդ ուր նա այնքան մտերմաբար սկսավ խոսել հետս, բայց լեզուս չէր հնազանդվում կամքիս, չէի կարողանում խոսել։ Ես մնացի լուռ։
Աննա, սիրելիս, հայտնի՛ր ինձ ցավդ, պատմիր մորդ քո սրտի գաղտնիքը, թախանձեց կրկին մայրս։
Բայց ես լուռ էի։
Կկամենա՞ս, որ ինքս ասեմ, հարցրեց նա ժպտալով։
Ի՞նչ, զարմացա ես։
Թե ինչու տխուր ու շարունակ մտածմունքի մեջ ես։
Ասա՛, եթե այդպիսի բան գիտես, պատասխանեցի ես անհանգստությամբ։
Դու սիրում ես Գարեգնին և նրա մասին ես այդքան շատ մտածում։
Ես մնացի ապշած և աչքերս լայն բանալով՝ հարցրի.
Այդ ո՞վ ասաց քեզ։
Դու ինքդ, սիրելիս, դու ինքդ։
Ինչպե՞ս թե ես ինքս, ես այդպիսի բան ասած չունիմ. խոսքդ չեմ հասկանում, նկատեցի ես։
Արթուն ժամանակ դու ոչինչ չես ասել, բայց քնած ժամանակ շատ բան ես հայտնել։ Դու գրեթե միշտ զառանցում ես, բոլոր ժամանակ քո երազներում խոսում ես Գարեգնի մասին, կանչում ես Գարեգնին... ինչու համար և ուրեմն այս բոլորը։
Ա՛խ, մայր իմ, մա՛յր իմ, դու արդեն բոլորը գիտես... բացականչեցի ես և հեկեկալով նրա գիրկն ընկա։ Արտասուքն սկսավ վազել աղբյուրի պես։ Նա ջերմությամբ սեղմեց ինձ կրծքին և սկսավ համբույրներով գլուխս ու երեսս ծածկել։
Մայրական սիրելի կրծքի վրա՝ երկար գլուխս դրած լաց էի լինում։ Նա չէր խանգարում իմ սրտի զեղումը, կարծես գուշակելով, որ թափվող արտասուքը մի մխիթարություն, մի բալասան էր՝ այնքա՛ն երկար ինձ տանջող ու տոչորող ցավերի համար։
Երբ մի փոքր հանգստացա, մայրս սրբեց իմ աչքերը, համբուրեց նրանց և կրկին անգամ ինձ յուր կրծքին սեղմելով` խանդակաթ ձայնով ասաց.
Իմ սիրելի, իմ անուշիկ Աննա, իզուր ես քեզ այդքան երկար տանջել, իզուր ես և այժմ այդքան վրդովվում։ Քո սրտի ցանկությունը կատարելու համար ոչ մի դժվարություն չկա։ Եթե դու սիրում ես այդ երիտասարդին և այդքան էլ նրա համար այրվում ու տոչորվում, նա կլինի ուրեմն քո փեսան, քո ամուսինը։ Վաղվանից արդեն ես ամեն բան կպատմեմ հորդ ու մենք, երկուսս միասին, կտնօրինենք ամեն ինչ այնպես, որ քո սրտի ցանկությունը անթերի կատարվի։
Ուրիշ ի՞նչ ուրախություն կարող էր հավասարվիլ այդ րոպեին զգացած իմ ուրախության։ Ես գրկեցի մորս, սեղմեցի նրան կրծքիս և առանց շնորհակալության մի բառ արտասանել կարողանալու ջերմաջերմ համբույրներով նրա երեսն ու ձեռքերը ծածկեցի։
Այդ րոպեին, արդարև, ես ամենաերջանիկ աղջիկն էի։ Հետևյալ առավոտ հայրս մտավ ինձ մոտ և յուր սովորական անկեղծությամբ ու ծիծաղով ասաց,
Այդ ինչ է, Աննիկս, առանց իմ գիտության փեսա՞ ես ընտրել։
Ես ժպտացի ու գլուխս խոնարհեցի, զգում էի, որ երեսս այրվում է։
Մի ամաչիր, հոգիս, շարունակեց նա՝ մոտենալով և գլուխս շոյելով. ես ամեն բան գիտեմ, մայրդ արդեն պատմեց, ընտրությունդ վատ չէ. սիրածդ երիտասարդը միակն է բոլոր քաղաքի մեջ, ամենից խելոք, ամենից ազնիվ։ Իհարկե, մի փոքր դժվար է ինձ համար՝ աղջիկս տալ մի աղքատ վարժապետի, մինչդեռ շատ հարուստ ու անվանի երիտասարդների ես մերժել եմ։ Բայց քանի որ դու նրան ես սիրում, ես դրա դեմ ոչինչ չունեմ։ Դու փոքր չես, քո չարն ու բարին ինքդ կարող ես հասկանալ, որ քո ընտրածը հարուստ չէ, այդ էլ, ասենք, ոչինչ, փողով հարուստ ու խելքով աղքատ մարդն էլ բանի պետք չէ։ Ինչ որ մենք ունինք, այն բավական կլինի ձեր երկուսին։ Դու մեր միակ որդին ես, նա էլ թող երկրորդը դառնա։ Վաղվանից ես արդեն ամեն ինչ կտնօրինեմ այնպես, որ քո սրտի ցանկությունը կատարվի շատ շուտով։ Ուրախ և հանգիստ եղիր, սիրելի Աննիկս, և այլևս մի՛ մտածիր ոչնչի վրա. քո փափագը կատարելը իմ առաջին ցանկությունն է։ Այս ասելով՝ նա ջերմությամբ համբուրեց ինձ ու դուրս գնաց։
Բոլորովին հարց չեղավ թե՝ արդյո՞ք երիտասարդն էլ սիրում է ինձ և համաձայն կլինե յուր բախտն ինձ հետ կապելու։ Ծնողներս այն կարծիքի էին, որ եթե իրանք համաձայնվին այդ շնորհը նրան անելու, այնուհետև վերջինիս մնում էր միայն շնորհապարտ լինել իրենց հավիտյանս հավիտենից։
Պետք է խոստովանել, որ ես ևս նույն կարծիքին էի։ Ես մինչև անգամ հավատացած էի, թե Գարեգինը սիրում է ինձ նույն չափով, որչափով որ ես իրեն (թեպետ տանջող մտածմունքների ժամանակ հակառակն էի կարծում), իսկ նրա շարունակ իրեն սառն ու ինձանից հեռու պահելը վերագրում էի յուր զգուշավոր ազնվության, այն մտքով՝ թե հույս չունենալով երբևիցե հասնել ցանկալի նպատակին, նա աշխատում է աստիճանաբար նվազեցնել և ի վերջո մարել մի անգամ արդեն վառված սիրո կրակը։
Իսկ այժմ, երբ արդեն կասկածն ու տարակուսանքը անցել էին, երբ ծնողական համաձայնությունը, որ առաջին և վերջին արգելքը կարող էր լինել, ստացվել էր, ուրիշ ինչ ուժ կարող էր խափանել իմ երջանկության ճանապարհը։ Հարկավ և ոչ մի։ Ինձ մնում էր ուրախանալ, հրճվիլ, ծիծաղել, համոզվիլ, թե արդեն բախտավոր եմ, արդեն երջանիկ եմ. թե վերջապես հասել եմ այնքան ժամանակից ի վեր իմ գուրգուրած նպատակին...
Բայց ինչու, չգիտեմ, հենց այսպիսի ուրախության ժամանակ մի անախորժ կասկած, մի գաղտնի երկյուղ դարձյալ ճնշում էր սիրտս և թունավորում իմ զգացած ուրախությունը։ Ուրիշ ինչ տխուր նորություն պիտի բացվեր ինձ համար, գուշակել չէի կարողանում, բայց, կարծես, սպասում էի նրան... կարծես մեկը շշնջում էր իմ ականջին թե «այդպես շուտ և այդքան շատ մի ուրախանար, դու չես կարող ժառանգել նրան»։
Հետևյալ օրն արդեն, որ կյուրակի էր, ծնողներս հայտնեցին թե հյուրեր պիտի ունենան, ուստի և պատվիրեցին ուշադիր լինել սենյակների կարգ ու սարքին։ Ինձ համար անակնկալ մի հրավերք էր այդ, բայց իրենք երևի, նախընթաց օրվանից էին դրա մասին հոգացել։ Երբ հարցրի թե «ովքե՞ր պիտի լինին մեզ մոտ», նրանք ծիծաղելով պատասխանեցին «միայն քո և մեր բարեկամները»։
Ես ուրիշ ոչինչ չհարցրի, որովհետև ստացածս պատասխանի եղանակն զգուշացնում էր ինձ ավելին չխոսել։ Սակայն սիրտս զգում էր, որ ծնողներս ուզում են մի անտեղի գործ կատարել։
Այսուամենայնիվ, ես նրանց ցանկության արգելք լինել չէի կարող, եթե մինչև անգամ կատարելիք գործի վնասակարությունը գիտենայի։ Որովհետև հայրս սիրում էր, որ, նույնիսկ չնչին գործերում, յուր հեղինակությունը հարգվի։
Ժամը 2-ին մեր տուն եկան պարոն տեսուչը և Գարեգինը։ Երբ նրանց մոտ մտա, հայրս ծիծաղելով ասաց.
Ահա՛ այսօրվա մեր միակ թանկագին հյուրերը։
Ես սիրալիր հարգանքով ողջունեցի երկուսին, իսկ հայրս բացատրեց նրանց յուր տարօրինակ հայտարարության պատճառը.
Սա իմ քմահաճույքն է. շատ եմ սիրում իմ Աննային անսպաս ուրախություններ պատճառել։ Ձեր գալու մասին ես նրան ավելի վաղ չհայտնեցի նրա համար, որ յուր ուրախությունը հանկարծահաս լիներ։
Հյուրերը իրավունք տվին հորս նման հաճույքներով զվարճանալու։
Չնայելով. որ ճաշի վրա միայն հինգ հոգի էինք, այսինքն երեք մենք և երկու մեր հյուրերը, այսուամենայնիվ, ուրախ և զվարճալի անցավ այդ ընտանեկան ճաշկերույթը։ Երբ բաժակները մի քանի անգամ դատարկվեցան, հայրս մինչև անգամ յուր խռպոտ ու կերկեր ձայնով երգեց մի հին երգ, որին անմիջապես հետևեց Գարեգինը յուր մի ախորժալուր և հոգեշունչ երգով։
Շատ սրտագին բարեմաղթություններ եղան մեր կենացների վրա։ Մինչև անգամ տեսուչն ու Գարեգինը զգացված բանախոսություններ արին։ Ամեն հայի տուն ու ընտանիք ոգևորում էր այդ դպրոցական առաքյալներին, իսկ մեզ մոտ, նրանք արդեն, իրենց զգում էին հարազատների մեջ։ Այդ իհարկե, անկերծ ուրախություն էր պատճառում թե ինձ և թե՛ իմ ծնողներին։
Բայց մի բան ինձ զարմացնում էր։ Ես որ մինչև այն՝ այնքան անձկությամբ, այնքան տենչանքով փափագում էի Գարեգնին տեսնել, այժմ, երբ նա իմ առաջ նստած խոսում, երգում և զվարճանում էր, չէի կարողանում նրանով ուրախանալ, նրա ներկայության քաղցրությունը վայելել... Ես, մինչև անգամ, չէի կամենում, որ նա այդ րոպեին մեր տանը լիներ, սիրտս անհանգիստ էր, ինչպես սիրտը մի գորովագութ մոր, որ որդու հետ միասին հանկարծահաս մի աղետի պատահած լինելով, մոռանում է յուր անձը և միայն սիրելիի ազատության համար մտածում... Եվ ինչպե՛ս գուշակում էր իմ հոգին։
Ճաշից վերջը, երբ կրկին ինձ համար կենաց առաջարկվեց, հայրս բաժակը ձեռքն առնելով ի մեծ զարմացումն իմ, անշուշտ և հյուրերի, հետևյալ անսպաս բանախոսությունն արավ.
Ձեզ հայտնի է, որ ես միայն մի աղջիկ ունիմ. սա է թե՛ իմ և թե յուր մոր միակ ուրախությունը բոլոր աշխարհում։ Արդեն տեսնում եք նա գեղեցիկ է ինչպես հրեշտակ, իսկ նրա սիրտն ու հոգին գեղեցիկ են ավելի, քան յուր պատկերը։ Նրան ուսում ու կրթություն տալու համար ես ոչինչ չեմ խնայել։ Մեր քաղաքում գտնված ամենալավ ուժերից հետո ես հանձնեցի նրան մեր լավագույն վարժապետի, մեր ամենից սիրելի Գարեգնի խնամքին։ Ի՞նչ սովորեցրեց նա նրան, չգիտեմ, բայց որ ինքը, վարժապետը, գոհ է յուր աշակերտուհուց, այդ ինձ համար շատ բան է նշանակում։ Կարող եմ հանգիստ լինել ուրեմն, որ իբրև հայր, իմ դստեր վերաբերմամբ, իմ պարտականության մեծագույն մասը կատարել եմ։ Մնում է ամենափոքրը, այն է՝ ընտրել նրա համար մի արժանավոր ամուսին։ Այդ արժանիքն, իմ համոզմամբ, չէ կայանում երիտասարդի ոչ հարստության, ոչ կալվածների և ոչ համբավի մեջ, որովհետև, աստուծո ողորմությամբ, ես այնքան հարստություն ու ստացվածք ունիմ, որ կարող է իմ այդ երկու որդիներին էլ բավել շատ երկար տարիներ։ Ես ցանկանում եմ միայն, որ երիտասարդը լինի ազնվամիտ, բարեբարո, առաքինի և լուսավոր։ Ահա հենց այդպիսի երիտասարդ էլ ես գտել եմ, որին նաև իմ դուստրը սիրելով սիրում է։ Նա ամենիս սիրելի, մեր առաջ նստած Գարեգինն է։ Ես նրան եմ հանձնում իմ Աննայի ձեռքը՝ հայրական վերջին պարտքից սիրովդ ազատվելու համար...
Վերջացնելով խոսքը, հայրս բաժակը դատարկեց։
Բայց ես ամոթից շփոթվել, շառագունել էի, քրտինքը առուներով խաղում էր մարմնիս վրա, չգիտեի թե որ կողմ դարձնեմ աչքերս՝ ոչ ոքին չնայելու, ոչ ոքին չտեսնելու համար։
Տեսուչը զարմացած աչքերով նայում էր մերթ հորս, մերթ ինձ և մերթ Գարեգնի վրա։ Իսկ վերջինս միայն մի անգամ արավ անհանգիստ շարժում և ապա անվրդով՝ հորս ամենավերջին խոսքին սպասեց։ Այդ սպասող վայրկյանն իմ հույսն արդեն կործանեց... մի ձայն կարծես շշնջաց իմ ականջին թե՝ «քո գուշակությունը մարմին առավ...»։
Երբ հայրս ավարտեց, վերկացավ Գարեգինը։ Նախկին զվարթությունը տեղի էր տվել նրա մեջ մի տեսակ վեհ ու պատկառելի թախծության։ Ինչո՞ւ, չգիտեմ, ինձ այնպես թվաց թե՝ նա այդ րոպեին կանգնած է գլխատման բեմի առաջ և, իբրև արի նահատակ, պատրաստվում է յուր հավատո հանգանակը փառաբանելու։ Նա մեղմ ու ազդու ձայնով սկսավ խոսել։
«Իմ կյանքը, սիրելի բարեկամներս, թեպետ հասակավոր չէ, բայց նա հոծ և լի է փորձերով ու պատահարներով։ Ես բավական շատ ապրել եմ աշխարհում, շատ չար ու բարի եմ տեսել, շատ տեսակ անձանց ու ընտանիքների եմ ծանոթացել, բայց այդ իմ բոլոր կյանքի մեջ, իմ տեսած ու ապրած աշխարհի մեջ, ես միայն մի օրիորդի պատահեցա, որ յուր աննման արժանիքներով կարողացավ գրավել ինձ այնքան, որ քիչ էր մնում թե դեպի իմ սրբազան ուխտն ու երդումն ունեցածս հավատարմությունը սասանեցնե։ Այդ աղջիկը հագելի բարեկամ, ձեր դուստրը և իմ աշակերտուհին է...
«Որովհետև դուք շատ անկեղծությամբ ու պարզությամբ խոսեցիք, թույլ տվեք, որ ես էլ նույն ձևով շարունակեմ և ավարտեմ իմ խոսքը։
«Ամենամեծ պատիվը, որ ինձ նման մի մարդու կարող էին առաջարկել, այդ ձեր առաջարկածն է, հարգելի բարեկամ։ Ձեր աղջիկն արժանի է ոչ թե ինձ նման մի հասարակ, նյութական կարողությունից զուրկ, մի որոշ անուն ու համբավ չունեցող հայ վարժապետի, այլ ինձանից թե՛ զարգացմամբ, թե՛ կարողությամբ և թե՛ արժանավոր համբավով շատ ավելի բարձր մի երիտասարդի ամուսինը լինելու։ Եթե ես, երբևիցե, մտադիր լինեի ամուսնական ընկերակցությամբ ինձ երջանիկ անելու, արդարև, ձեր պատվաաբեր առաջարկությունը կընդունեի իբրև ինձ ղրկված մի շնորհ, մի պարգև, որովհետև, ձեր դստեր նկատմամբ, ճանաչել ու գնահատել գիտցող երիտասարդը կարող է վստահությամբ ասել ահա կին, որ պիտի երջանկացնե յուր ընտանիքը...
«Սակայն ցավելով պիտի խոստովանիմ, որ անկարող եմ ձեր առաջարկությունն ընդունել, որովհետև ես ուխտել ու երդվել եմ նվիրել իմ անձը ոչ թե սոսկ մի ընտանիքի, այլ իմ ամբողջ ազգին և այս ուխտը սուրբ է ինձ համար պատանեկական օրերից սկսած մինչև այսօր։ Աշխարհային ոչ մի բարիք, ոչ մի փառք և ոչ մի հրապույր չէ գայթակղեցրել ինձ. ես հավատարիմ եմ մնացել իմ ուխտին էլ այսուհետև էլ հավատարիմ պիտի մնամ նրան, եթե, մինչև անգամ, երկրի բոլոր բարիքները համահավաք նվիրեն ինձ։
«Ո՛վ կարող է հերքել, որ աշխարհում, ճշմարիտ երջանկություն ձեռք բերելու համար, անհրաժեշտ է ամուսնանալ։ Ընտանիքը, մանավանդ սիրո, առաքինության և աշխատասիրության հիմունքների վրա հաստատված ընտանիքն, այն կենարար աղբյուրն է, որից բխում է մարդկային կյանքի երանավետությունը, ամենքիս տենչալի երջանկությունը։
«Սակայն կա և մի ուրիշ մարմին, որ ավելի սիրելի, ավելի պաշտելի է, քան մեր սեփականը։ Այդ մարմինը հայրենիքն է։ Ես ուխտել եմ իմ անձը նրան նվիրել, նրա սիրուց զատ աշխարհում ուրիշ սեր չճանաչել, նրա ցավերից զատ՝ ուրիշ ցավերով չվշտանալ, նրա բախտավորությունից զատ՝ ուրիշ բախտավորություն չխնդրել... Իմ ուժերը փոխանակ մի ընտանիքի, կամ որոշ թիվ մարդկանց բախտին նվիրելու, ես ուխտել եմ բոլոր ազգին նվիրել։
«Այդպիսի մի մեծ մարմնի բարիքներին ծառայելու համար, արդարև, իմ ուժն ու ցանկությունը փոքր են ու աննշան, սակայն ծովն էլ կազմված է կաթիլներից։ Ես ավելի լավ եմ համարում կաթիլներից մինը լինել և ծովի հատակն իջնել, քան ծովի գոյության համար դառնալ անօգուտ մի բան և լողալ նրա երեսին...
«Ներեցեք ինձ, ուրեմն, աղաչում եմ ձեզ, որ հրաժարվում եմ ձեր ինձ առաջարկած այդ գերազանց պատվից։ Որքան և ինձ համար, իբրև մահկանացուի, մեծ է այս զոհը, մանավանդ որ ես հոգվով չափ սիրում եմ ձեր աղջկան, սակայն անհրաժեշտ է, որ ես բերեմ այդ զոհը, որովհետև իմ սրբազան ուխտին և երդմանը դրժել չեմ կարող...»։
Հայրս զարմանալի սառնասրտությամբ լսեց այս խոստովանությունը և ծածկելու համար յուր ներքին վիրավորանքը, որ բավական կենդանի ցոլանում էր դեմքի վրա, հարցրեց.
Մի՞թե քո ազգին օգնեու համար անպատճառ պիտի ամուրի մնաս և ամուսնանալով հանդերձ չես կարող նրա օգտին աշխատել։
Ո՛չ, պատասխանեց Գարեգինը. որովհետև գեղեցիկ է ասված. «Ոչ ոք կարէ երկուց տէրանց ծառայել, կամ զմինն ատիցէ և զմիւսն սիրիցէ, կամ զմինն մեծարիցէ և զմիւսն արհամարհիցէ...»։ Ով որ կամենում է բոլորանվեր կերպով ծառայել ազգին, նա չպետք է ամուսնանա։ Որովհետև ամուսնությունն ինքը ունի յուր որոշ պարտքերը, որոնց ամեն մի օրինավոր ամուսին պարտավոր է անթերի կատարել։
Այդ միջոցին, ահա, հորս առաջարկությամբ, մեր հյուրերը սեղանատնից հյուրասենյակը քաշվեցան, իսկ ես դուրս գնալով փակվեցա իմ ննջարանում։ Այստեղ արդեն միայնակ տեսնելով ինձ արտասուքս սկսավ հեղեղի պես հոսել, ընկա մահճակալի վրա, ծածկեցի երեսս բարձերի մեջ և երկար, շատ երկար իմ դառն ու հուսահատ վիճակը ողբացի։
Թե այնուհետև ինչ խոսեց հայրս հյուրերի հետ, չիմացա, միայն նրանց հեռանալուց հետո, նա մտավ սենյակս, երևի ինձ մխիթարելու համար։ Տեսնելով, որ լալիս եմ, նա մոտեցավ ինձ, քնքշաբար սեղմեց յուր կրծքին և ասաց.
Մի՛ լար, իմ սիրելի, իմ անուշիկ Աննա, եթե քո սիրած երիտասարդը մերժեց քեզ, ես էլ իմ կողմից քո վրեժը կլուծեմ։ Քո հայրը մեռած պիտի լինի, որ նա այսուհետև հանգստություն գտնե... ես չարաչար կհալածեմ նրան, տանջանքներ կպատճառեմ և վերջը կոչնչացնեմ...
Ի՞նչ, դու պիտի սպանե՞ս նրան, ճչացի ես սարսափահար։
Այո՛, բայց ոչ իմ ձեռքով, պատասխանեց նա այնպիսի մի եղանակով, որ կարծես վրեժխնդրության դևն էր խոսում յուր մեջ։
Ես մի կողմ հրեցի հորս և ձեռքս կրծքիս դնելով՝ զայրույթից թուլացող ձայնով ասացի.
Առաջին գնդակն այստեղ ուղղել տուր, իսկ երկրորդը նրա վրա, հեռացիր, դու իմ հայրը չես...
Իմ հանկարծական գրգռումը զարմացրեց հորս. նա մնաց շվարած և չգիտեր ինչ պատասխանել։ Խեղճ մարդ, ամեն տեսակ զգացմունքի վրա էլ նայում էր պատվասիրության տեսակետից։ Նա այնպես էր կարծում թե սիրած երիտասարդի մերժումը՝ զայրույթ կամ ատելություն պիտի ծնեցներ իմ մեջ. նա չգիտեր, որ ճշմարիտ սերն ատելության չի փոխվիլ, որ մերժումը կարող է ճնշել, կամ խոցոտել այդ սերը, բայց սպանել նրան՝ երբեք... Երկար նայեց նա ինձ վրա, սևեռեց հայացքն ուղիղ իմ աչքերին, ցանկացավ, երևի, որ նրանք տեղի տային յուր հզոր հայացքին, բայց նրանք անքթիթ՝ արտահայտում էին իմ ցասումը...
Վերջապես նա մեղմանալով՝ մոտեցավ ինձ և այս անգամ ավելի քնքուշ ձայնով հարցրեց.
Ուրեմն, դեռ էլի սիրո՞ ւմ ես նրան։
Այո՛, և ես նրան իմ մահվան օրը կմոռանամ, պատասխանեցի ջերմությամբ։
Բայց նա քո հորն անպատվեց, քեզ անպատվեց..։
Նա չանպատվեց և ոչ մեկին։ Պետք է բավական բարձր և ազնիվ լինել նրան հասկանալ կարենալու համար։ Նրա խոստովանությունն անկեղծ էր. նրա ուխտը սուրբ է։ Մինչև այժմ ես սիրում էի նրան, իսկ այսուհետև՝ պիտի պաշտեմ...
Ուրեմն ես թշնամի չի պիտի լինեմ այդ մարդուն, հարցրեց նա։
Երբեք, պատասխանեցի ես։
Բայց կարող եմ չլինել, թույլ կտա ինձ այդ իմ պատիվը։
Եղիր ուրեմն և իմ թշնամին, եթե այդ հաճելի է քեզ, ասացի ես։
Հայրս ոչինչ չպատասխանեց և դուրս գնաց։