Muratsan
Խորհրդավոր միանձնուհի
3
Հունիսի 7.
Անցյալ օրը քույր-Աննայից հեռանալով՝ բավական մտածում էի իմ տեսած ու լսածների վրա։ Ինձ զբաղեցնում էին միանձնուհու հայտնած կարծիքներն ու հայացքները, երկար որոճում էի նրա գեղեցիկ խոսքերը և վերջը գալիս այն եզրակացության թե՝ արդարև այդ բոլորը երազներ չեն և գոյություն ունին։ Բայց նախկին մտածմունքը դարձյալ տանջում էր ինձ. «Ով է վերջապես այդ կինը»...։ Ես անպատճառ ցանկանում էի իմանալ, նման այն մանրակրկիտ հետաքրքրին, որ արհեստի մի հրաշալիք տեսնելուց, չէ բավականանում նրա վրա նայելով ու զվարճանալով, այլև հետամուտ է լինում նրա ստեղծագործության գաղտնիքն իմանալու։
Արդեն որոշել էի դիմել քույր-Աննային և առանց այլևայլության խոսելու նրա հետ, ինձ մտատանջություն պատճառող հարցի մասին։ Երբ մի կին այս աստիճանի հետաքրքրում է ինձ յուր հասարակական օրինակելի գործունեությամբ, հանցանք չէ, որ ես փափագեմ նրա անձին ու անցյալին ճշմարտապես ծանոթանալու, այստեղ քաշվելու բան չկա. մտածում էի ես։
Այդ իսկ պատճառով, երեկ, դեռ առավոտվանից, դարձյալ դպրոցումն էի։ Տեսնվեցա քույր-Աննայի հետ, լսեցի նրա դասերը, խոսեցինք զանազան նյութերի վրա, բայց և այնպես չկարողացա մոտենալ իմ նպատակին։
Զարմանալի և տարօրինակ մի կին է այդ միանձնուհին։ Երբեմն այնքան մեղմ, քաղցր ու հեզահամբյուր է, որ մարդ կարծում է, թե նրա ամբողջ գոյությունը կարող է առնել իր ափի մեջ, իսկ երբեմն այնքան լուրջ սառն և բարձրահոն, որ ես համարձակ չեմ կարողանում նայել երեսին։
Այսուամենայնիվ, երեկ ճաշից հետո դարձյալ գնացի նրա մոտ վճռած լինելով իմ մտքում հայտնել նրան իմ ցանկությունը առանց տատանվելու։
Քույր-Աննային պատահեցի ուսումնարանի բակում օրիորդ Մանիշակի հետ։ Նրանք զբաղված էին իրենց ծաղիկներով։ Կույսն ինձ տեսնելով թողեց գործը, մոտեցավ և բարևեց, ապա աթոռներ բերել տալով առաջարկեց նստել հովանավոր նշդարիների տակ։
Սկսանք խոսել։ Մի քանի թեթև հարցեր շոշափելուց հետո, ես աշխատեցի մեր զրույցը դարձնել այնպիսի խնդիրքերի վրա, որոնց միջոցով կարելի լիներ պարզել իմ հայացքներն այս կամ այն հարցի վերաբերմամբ և այդ ճանապարհով ծանոթացնել քույր-Աննային իմ ներքին աշխարհին, համոզմունքներին և գաղափարներին, որպեսզի դրանով նրա հոգեկան մտերմությունը վաստակեի։ Եվ որովհետև ես այն կարծիքին էի թե ոչ մի արտաքին հանգամանք այնպես շուտ չի գրավիլ կնոջ բարեկամությունն ու մտերմությունը (խոսքս, իհարկե, լրջամիտ և զգայական կյանքով չապրող կնոջ մասին է), որքան ներքին համոզմունքների և գաղափարների միությունը, ուստի անչափ գոհ եղա, երբ տեսա, որ նա, շատ հարցերի նկատմամբ, համամիտ ու գաղափարակից է ինձ։ Ուրեմն կարելի էր հուսալ, թե շուտով պիտի հասնեմ նպատակիս։ Որովհետև մի անգամ ինձ ճանաչելուց հետո հեշտ կլիներ նրան այնուհետև բացվիլ իմ առաջ։ Այդ իսկ պատճառով այժմ էլ սկսա խոսել այնպիսի հարցերից, որոնք առիթ պիտի տային ինձ ուղղակի ցանկացածս խնդրին դիմելու։
Սակայն այդ միջոցն ևս ապարդյուն անցավ։ Քույր-Աննան, կարծես, գուշակելով իմ դիտավորությունը, հաճախ մի խոսքի, կամ լոկ մի բառի բացատրությամբ այնպես անսպաս շրջում էր խոսքի ձևը, կամ զրույցի ընթացքը փոխում, որ ես մնում էի կանգնած հենց նույն տեղը, որտեղից սկսել էի։ Ես նորից փորձ էի անում, նորից նմանօրինակ նյութի վրա խոսում և այն ժամանակ, երբ մտածում էի, թե ահա հասել եմ նպատակիս, դարձյալ նրա բոլորովին նոր հարցով, կամ դիտավորությամբ ստիպված էի լինում ճանապարհս կորցնել և յուր ետևից գնալ։ Հուսահատությունը տիրում էր ինձ։ Ես նմանում էի ծովամույն եղող մի մարդու, որ ալիքների հետ կռվելով աշխատում է ափին մոտենալ և հենց այն րոպեին, որ ձգում է ձեր ժայռերից բռնելու, ահա մի կոհակ գալիս, խփում է նրան և հեղձամղձուկ անելով կրկին ծովի խորը նետում, նա նորից փորձ է անում, նորից մոտենում ափին և դարձյալ ալիքներից մղվում դեպի ծովի խորքերը։
Քույր-Աննան այժմ երևում էր ինձ իբրև մի անմատչելի աշտարակ, որի վրա պետք էր նայել հեռվից և նրա արտաքինով միայն զվարճանալ, առանց իրավունք ունենալու ներքինը գիտելու։ Այժմ ես այլևս չէի մեղադրում տեր-Հովսեփին յուր անտաբերության համար, որովհետև տեսա, որ նա այդ կետում հանցանք չուներ։ Կյանքումս առաջին անգամ էի պատահում մի կնոջ՝ այդքան գերազանց ուժով։
Առանց մի բավարար եզրակացության գալու մեր բոլոր խոսակցությունից վերադարձա տուն, գրեթե հուսահատ։
Հունիս 10.
Երեք օր էր, որ չէի տեսել քույր-Աննային։ Այդ բոլոր ժամանակը շրջում էի գյուղի մոտակա անտառներն ու լեռները տեր-հոր կրտսեր որդու Հակոբի հետ։ Մենք որսում էինք։ Այդ զբաղմունքը այնքան էր ինձ գրավել, որ ես որոշել էի այսօր ևս լեռներում անցցնել գնալով ավելի հեռավոր կողմեր։ Բայց Հակոբը չկամեցավ ինձ ընկերանալ՝ առարկելով, թե կյուրակե լինելու պատճառով, չէ կարող գյուղից հեռանալ։ Պետք է եկեղեցի գնանք պատարագ լսենք, ասում էր նա։ Իսկ ես այդ օրվա կյուրակի լինելը մոռացել էի։
Հարկ չկա ասել, որ յուր ժամանակին եկեղեցումն էի։ Ինչ զվարճություն կարող է գերակշռել քույր-Աննայի և նրա խմբի հրաշալի եգեցողությունը լսելու հաճույքին։
Պատարագը վերջանալուց հետո, դուրս եկա եկեղեցու բակն, ուր պատահեցի վարժապետ Պետրոսին։ Ինձ ողջունելուց հետո նա հայտնեց, թե քույր-Աննան մի քանի անգամ հարցրել է իմ մասին և անհանգիստ է եղել, որ այսքան ժամանակ չեմ երևացել։ «Նա կարծում էր, թե հիվանդ եք, շարունակեց Պետրոսը, բայց ես եկա և տեր-հորից իմացա, որ որսորդության եք գնացել»։
Այո, կամենում էի ծանոթանալ ձեր լեռներին, ասացի ես, բայց ինչպես է քույր-Աննայի առողջությունը։
Փառք աստուծո, նա միշտ առողջ է և այդ մեզ շատ է ուրախացնում, պատասխանեց Պետրոսը այնպիսի մի եղանակով, որ կարծես ամենասիրելի մոր համար է խոսում։
Մենք զրուցելով առաջացանք դեպի ուսումնարանի բակը, ուր Պետրոսը ներողություն խնդրելով, բաժանվեց ինձանից, որովհետև աշակերտները եկեղեցուց եկել էին ուսումնարան, պետք էր արձակել նրանց։
Շուտով երևաց և քույր-Աննան, որ սիրով ու մտերմաբար ինձ ողջունելուց հետո, մեղադրեց, որ իմ պարտքը չեմ կատարում այցելելով իրեն ամեն օր։
Գիտե՛ք, չի վայելիլ որ ես ձեզ պտրեմ, նկատեց նա անկեղծորեն. դուք երիտասարդ եք և ավելի ազատ, դուք պետք է գաք մեզ մոտ։ Եվ ես սպասում եմ ձեզ իրավունքով, որովհետև միայն մի երկու ամիս եք այստեղ, իսկ ձեր հեռանալուց հետո, գուցե երկար ժամանակ ձեզ նման հյուր այլևս չունենանք։
Ես ներողություն խնդրեցի քույր-Աննայից, հայտնելով, որ երեք օր իրեն չայցելելուս պատճառը որսորդական զբոսանքներս էին, որոնց, իսկապես, ձեռնարկեցի նրա համար, ավելացրի ես, որ չէի ցանկանում իմ հաճախակի այցելություններով յուր պարապմունքը խանգարել։
Օ, դրա համար մի՛ մտածեք, գյուղում այնքան թանկ չէ ժամանակը, նկատեց քույր-Աննան ժպտալով, բայց թանկագին և հազվագյուտ են մարդիկ, որոնց կարելի լիներ լսել։ Միթե կարծում եք թե՝ հեշտ բան է ստիպված լինել միշտ խոսել, միշտ լսողներ ունենալ, բայց անկարող լինել երբևիցե լսել մի ուրիշին, կարծիքներ իմանալ մտքեր փոխանակել...
Քույր-Աննան այնպիսի մի մտերմական եղանակով արտասանեց այս խոսքերը, որ ես զգացվեցա։
«Արդարև, ապրել շարունակ գյուղում, տեսնել շուրջդ միայն գյուղացին և նրա միօրինակ կյանքը, չստանալ նրանից ոչինչ նոր, ոչինչ թարմացնող և ստիպված լինել սպառել նրա համար ինչ որ ունիս պաշարած, սա դժվար կացություն է։ Պետք է մարդ այս դեպքում հոգու գերազանց ուժ և կորով ունենա ձանձրույթից բոլորովին չխեղդվելու համար...։
Այս մտածմունքը րոպեապես անցավ իմ գլխով և ես, չգիտեմ ինչպես, համարձակություն առի՝ այնքան շատ ինձ մտատանջություն պատճառող հարցի մասին ուղղակի խոսել։
Հասկանում եմ ձեր ասածը և զգում ձեր դրության բոլոր ծանրությունը, պատասխանեցի ես, բայց հասկանում մի բան, որ ինձ շատ է մտածել տալիս։
Ի՞նչ, հարցրեց քույր-Աննան հետաքրքրությամբ։
Այն թե՝ նախախնամության որպիսի տնօրինությամբն եք գտնվում դուք այս լեռների մեջ։
Քույր-Աննան լուրջ կերպարանք առավ, նա, անշուշտ, չէր սպասում այս հարցին և, կարծես, պատրաստվում էր նկատել, թե ինչու ես այդքան համարձակություն առի, բայց ես նրան խոսելու ժամանակ չտվի
Մի՛ վշտանաք իմ հարցից, հարգելի քույր, ասացի նրան, ձեր այս մեծ գործերը տեսնելուց հետո, գործեր, որոնք արդյունք են մեծ անձնազոհության և որոնք ժողովրդի բախտն են կառավարում, ես, իբրև հայ մարդ, իբրև իմ արյունակիցների ուրախության ու վշտերին բաժանորդ, բնական է, որ հետաքրքրվեմ ձեր անցյալով, ոչ իբրև մասնավոր անձի, այլ իբրև հասարակական անձնվեր գործչի։ Ծանր է ինձ, արդարև, ծանոթ լինել ձեր անվանը և ստեղծած գործերին, և, միևնույն ժամանակ, չիմանալ թե դուք ով եք, կամ որ աշխարհի ծնունդ... ներեցեք, որ ես պահանջում եմ ավելին, քան գուցե այժմ թույլատրելի է ինձ, բայց հավատացեք, որ ես չեմ ներիլ ինձ, եթե հեռանամ այստեղից լոկ այն ծանոթությամբ ինչ-որ ունիմ ձեր մասին։
Քույր-Աննան մի ներողամիտ հայացք ձգեց վրաս և ժպտաց։
Այդ ժպիտը նոր վստահություն ներշնչեց ինձ. ես ավելացրի։
Ուրեմն, մի՛ մերժեք ինձ, խնդրում եմ, պատմեցեք ձեր մասին մի քանի բան, ծանոթացրեք ինձ ձեր անցյալին, որքան այդ հնարավոր է և դա կլինի ամենամեծ շնորհը, որ դուք կանեք ինձ։
Իմ անցյալի՛ն... հավատացեք, որ նա հետաքրքրական ոչինչ չունի յուր մեջ։
Թող այդպես լինի, այսուամենայնիվ, ես ցանկանում եմ լսել ձեզ և այս ցանկությունից ետ կկենամ այն ժամանակ, երբ կասեք թե անհաճո է ձեզ ծանոթացնել ինձ այդ անցյալին, որը, հավատացած եմ, նույնպիսի հիացում պիտի պատճառե ինձ, որպիսին պատճառում է ներկան։
Ի՞նչ կկամենայիք, օրինակ, որ ես պատմեի ձեզ, նույն մեղմ ժպիտով հարցրեց ինձ քույր-Աննան։
Օրինակ թե՝ ինչ դիպվածներ ստիպեցին ձեզ հեռանալ մեր սիրելի աշխարհից և ապաստանել այս հեռավոր լեռներին։
Միթե այս լեռները ձեր աշխարհում չեն գտնվում. հարցրեց նա ծիծաղելով։
Ոչ, ինչպես և միանձնուհիները չեն ապրում մեր աշխարհում։
Հասկանում եմ, բայց ասացեք խնդրեմ, կա ձեր աշխարհում ավելի քաղցր ու սիրելի մի կյանք, քան ինչ-որ այստեղ վայելում եմ ես։
Չկա, այդ ճշմարիտ է, բայց այդ կյանքի քաղցրությունը ճանաչել կարողանալու համար, շատ փոքր պիտի լիներ այն հասակը, որ ունեցել եք դուք այստեղ գալու ժամանակ։ Իմացա, որ քսան տարուց ավելի է, ինչ գործում եք այստեղ։
Ընդունեցեք, ուրեմն, որ այստեղ գալու ժամանակ էլ քսան տարեկան էի։ Եվ միթե այդ հասակը բավական չէր, որ ես ճանաչեի սիրած աշխարհի ոչնչությունը և նրա մեջ ինձ համար գրավիչ ոչինչ չգտնելով հեռանայի նրանից ավելի բարձր կյանքի նվիրվելու համար։
Անկարելի է, բացականչեցի ես, աշխարհը որքան էլ ոչինչ, որքան էլ ունայն լինի, դարձյալ մի քսանամյա երիտասարդ աղջկա համար շատ հրապույրներ ունի յուր մեջ։ Անկեղծ եղեք ինձ հետ, աղաչում եմ և խելամուտ արեք ինձ ճշմարտությանը։ Դուք, ուրեմն, մեզ բոլորովին անհայտ մի աշխարհի ծնունդ եք, որ այդ հասակում կարողացել եք անձնվիրության մասին մտածել։ Մեր երկրում այդպիսի բույսեր չեն աճում, գուցե և նրա համար որ սերմանող չկա։ Բայց ինձ, որ պաշտում եմ ձեր մեջ այդ մեծ առաքինությունը, թույլ տվեք հետաքրքրվել և սովորել թե՝ ինչպես է նա մարմնացել ձեր մեջ։ Հավատացեք, որ ես ձեր հայտնությունների և զգացմունքների ամենահավատարիմ ավանդապահը կլինեմ։
Քույր-Աննան ոչինչ չպատասխանեց, նա յուր աչքերը հառեց իմ աչքերին, կարծես կամենալով կարդալ նրանց մեջ իմ խոսքերի անկեղծությունը։ Բայց այդ հայացքը այնքան զորեղ էր որ ես ակամա փախցրի իմ աչքերը նրանից։ Կարճ լռությունից հետո սկսավ խոսել։
Ես կրկնում եմ, որ իմ անցյալի պատմությունը չի կարող ձեզ հետաքրքրել։ Կան դրություններ, որոնց պատճառած հաճույքն ու վիշտը զգալու համար, պետք է անպատճառ այդ դրություններին ենթարկվել։ Հետևապես, նա, որ միայն այդ դրությունների նկարագիրն է լսում և բնականաբար չի բաժանելու դրանց պատճառած հաճույքն ու վիշտը, կարող է ակամա ցավ պատճառել նկարագրողին։ Թույլ տվեք, ուրեմն, որ ես այդ մասին ոչինչ չխոսեմ։
Չեմ կարծում, թե դուք կամենում եք ինձ վիրավորել, բայց հավատում եմ, որ զգալու և հասկանալու ընդունակ չեք համարում ինձ, այդ դեպքում ինձ մնում է ետ առնել իմ խնդիրը, վշտացած նկատեցի ես։
Որպեսզի ապացուցանեմ, թե դուք սխալվում եք, ես կկատարեմ ձեր խնդիրը, ասաց քույր-Աննան քաղցրությամբ բայց ես այդ կանեմ ոչ այս րոպեին։ Ինձ ժամանակ պիտի տաք ամփոփելու հիշողությանս մեջ քսան տարի առաջ տեղի ունեցած անցքերի պատմությունը։
Շնորհակալ եմ, դուք ինձ ամենամեծ պատիվն եք անում, ուրեմն երեկոյան դեմ շնորհ կունենամ ձեզ լսելու, ասացի ես։
Այդքա՞ն շուտ, նկատեց քույր-Աննան ժպտալով, դուք, ուրեմն, կխեղդեիք ձեր պարտապաններին, եթե նրանք պայմանաժամը չհարգեին։
Այդ դեպքում անպատճառ, պատասխանեցի ես ծիծաղելով. ձեր պարտքը այնքան մեծ արժեք ունի իմ աչքում, որ ես ժամ առաջ կկամենայի գանձել այն։
Թող այսպես լինի, ասաց քույր-Աննան, և ես շնորհակալություն հայտնելով հեռացա։
Հունիս 11.
Նշանակած ժամին դպրոցումն էի, բայց քույր-Աննային տանը չգտա։ Ուսումնարանի աղախինն ասաց թե՝ նա հենց նոր օրիորդ Մանիշակի հետ իջավ փոքրիկ անտառակը, որ գտնվում է եկեղեցուց ներքև։ Ես ևս այն կողմն իջա, պտրեցի նրանց, բայց չկարողացա գտնել։ Մոտիկ հոսող առվակի ափին, հովանավոր լաստենու տակ, շինված էր մի տախտակե նստարան, որի վրա նստա և սպասեցի։ Որ ուր էլ լինեին, տուն վերադառնալու համար նրանք այդտեղից պիտի անցնեին։
Ամառային այն գեղեցիկ երեկոներից մինն էր, որ բնությունը միայն այս լեռներին է պարգևում։ Արևը թեպետ անցել էր անտառապատ սարերի ետևը, բայց նրա ճառագայթները դեռ վառում էին գյուղի հանդիպակաց լեռան գագաթը։ Միջանցուկ ձորը՝ յուր խիտ անտառներով՝ ստվերի մեջ էր և զովարար զեփյուռը գուրգուրում էր այդտեղ ծաղիկն ու խոտը, մացառն ու ծառը, փչելով մերթ թույլ, մերթ զորեղ շնչով։ Անտառային թռչունները երգում էին հատ ընդ հատ, մինչդեռ ճնճղուկները աղմկում օդը իրենց ճռվողյունով։ Կողքիս հոսող առվակը խոխոջում էր մեղմաձայն և վարսագեղ ափերը հանդարտ քերելով սահում դեպի խորունկ ձորի լանջի վերը և աղմկում այնտեղ տիրող լռությունը։ Ես նստած սպասում էի և անտառի քաղցրաբույր հովը վայելում։
Եվ ահա քույր-Աննան երևաց ծառերի մեջ։ Նա առաջանում էր դեպի ինձ լուռ և մտախոհ։ Այդ վայրկենին նա այնքան էր վեհ ու գեղեցիկ, որ ես ակամա հայացքս սևեռելով՝ սկսա դիտել նրան անհագ հիացմունքով։ Հոյակապ հասակը, սիգաճեմ գնացքը և ազնվաշուք դեմքը նմանեցնում էին նրան անտառային մի դիցուհու, կամ հայոց պաշտած սուրբ կույսերից մինին։ Պակասում էր միայն մի լուսապսակ, որ յուր մեջ ամփոփելով այդ հողաստեղծ արարածին, դարձներ նրան երկնային այնքան գեղանի , վեհաշուք էր նա, չնայելով որ տարիքը անցած էր քառասանից...
Մոտենալով առվակին, նա նշմարեց ինձ նստարանի վրա և ժպտաց։
Անշուշտ չեք բարկանում, որ ես ճշտությամբ հետևում եմ պարտապանիս. ասացի ծիծաղելով և ոտքի ելա։
Իհարկե ոչ, ես էլ իմ պարտքը չէի մոռացել։ Բայց Իմ օրիորդին ճանապարհ դնելու համար այս կողմն անցա, նա գնում է իրենց գոմի տունը, որ մոտ է այս տեղից։
Մենք միասին բարձրացանք դեպի ուսումնարանը և նստանք բակում գտնվող ծառերի տակ, ուր արդեն աթոռներ կային։ Քույր-Աննան հրամայեց աղախնին թեյ բերել մեզ, իսկ մինչև այդ նա լուռ մտածում էր, անշուշտ կամենալով անցյալը, կարելվույն չափ, կենդանացնել հիշողության մեջ։ Քառորդ ժամից հետո նա սկսավ խոսել։
Քույր Աննայի պատմությունը
Առաջին օր
Թե ինչպես են անցել իմ մանկության օրերը, չեմ հիշում, բայց այն օրից, որ սկսա գիտակցաբար ապրել, գրեթե ոչինչ, նույնիսկ մի աննշան դեպք, ես չեմ մոռացել։ Տասներկու տարեկան աղջիկ էի, երբ հայրս, որ քաղաքում պաշտոնական անձն էր, ինձ կարդացնելու որոշումն արավ։ Այդ ժամանակ աղջիկ կարդացնելը մի հազվագյուտ և միայն հարուստ տներին վայել սովորություն էր։ Լավ հիշում եմ, թե այդ օրը ինչ մեծ տոն էր ինձ համար։ Հայրս, մինչև անգամ, մի փոքրիկ հացկերույթ էր սարքել հյուրասիրելու ինձ համար նշանակված վարժապետին, որ մեր քաղաքի ամենագիտնական քահանան էր։ Նա առաջին անգամ իմ ձեռքը տվավ մի պատկերազարդ այբբենարան։ Առաջին դասս սկսա «Խաչ օգնեա ինձ» բառերով, բառեր, որոնց ես այդ ժամանակ թութակի պես արտասանեցի, բայց որոնք հետո իմ դժվարատար օրերի միակ մխիթարիչ հառաչանքները դարձան...
Ես սկսա սովորել եռանդով։ Քերականը ավարտելուց հետո, սաղմոսն ու ռուսերենը միասին սկսա։ Երկու տարուց հետո, իմ հոր կարծիքով, ես հայերենն արդեն ավարտել էի, որովհետև ավետարանը կարդում և թարգմանում էի, ցանկացածս նամակը գրում էի. կրոնից էլ արդեն գիտեի մի փոքր բան. ուրեմն դրանից ավել սովորելիք չէր մնում։ Այդպես էր ասում գոնե հայրս, որի հեղինակությունը մեծ էր իմ աչքում։ Բայց ռուսերենը դեռ երկար պիտի շարունակեի, մինչև որ այդ լեզվով ազատ խոսելն ու անսխալ գրելը սովորեի, որպեսզի հարկավոր դեպքում հորս չամաչացնեի յուր պաշտոնակիցների առաջ։ Բայց որովհետև իմ վարդապետ քահանայի ռուսերեն լեզվի պաշարը մեծ չէր, ուստի հարկավոր եղավ արքունական դպրոցի ուսուցիչներից մինին վարձել։ Վերջինս, թեպետ ծերուկ, բայց եռանդով էր պարապում ինձ հետ, այնպես որ կարճ ժամանակի մեջ հորս սպասածից ավելի առաջադիմություն ցույց տվի ռուսերենում։ Ես ոչ միայն ազատ խոսում ու գրում էի, այլև կարող էի մասնավոր վարժուհու պաշտոն կատարել։
Այնուհետև ինձ համար բացվում էր ասպարեզ համարձակ մտնելու այն շրջանները, ուր մեր քաղաքի զարգացած մարդիկ, կանայք և օրիորդներն էին լինում։ Գավառական քաղաքներում, առհասարակ, բարձր շրջանը կազմում են մի քանի ազնվական տներ և պաշտոնական անձանց ընտանիքներ։ Ես և՛ ազնվական, և՛ պաշտոնական մարդու աղջիկ էի։ Իմ հայրը, Սիմոն-բեգը, քաղաքի գավառապետի օգնականն էր։ Այդ մի մեծ պաշտոն էր այն ժամանակ։ Նա շենք ու շնորհքով մարդ էր և բավական ազդեցիկ։ Բացի այդ, նա յուր բարի և միշտ օգնող բնավորությամբ սիրելի էր ամենին, մեծից սկսած մինչև փոքրին։
Ինչպես մեր, նույնպես և մեր շրջանին պատկանող ընտանիքներում, հաճախ տեղի էին ունենում խնջույքներ, հացկերույթներ և պարահանդեսներ, ուր հրավիրված էր լինում քաղաքի ընտիր հասարակությունը։ Ես իմ ծնողների հետ գնում էի անխտիր ամեն տեղ։ Սիրում էի պարել, խոսել, ծիծաղել, ուրախանալ և ուրախացնել։ Ամենքը սիրում էին ինձ, ես էլ սիրում էի շատերին։ Ի՛նչ էր մտածմունքը, ինչ էր տխրությունը, չգիտեի։ Բոլոր ժամանակ, որ նստած էի լինում տանը, ես զբաղվում էի միայն մի հաշվով. ով և երբ պիտի այցելե մեզ, ում և երբ պիտի այցելենք մենք, ով ունի խնջույք, ով պարահանդես, երբ պիտի պարենք, երբ ուրախանանք... Ես մի անհոգ, անմեղ և միշտ հրճվող թռչնիկ էի։ Նույնիսկ ծնողներս, որոնց միամոր աղջիկն էի ես, ոչինչ չէին խնայում ինձ ուրախացնելու և զվարճացնելու համար։ Նրանք շրջապատում էին ինձ ամեն տեսակ գգվանքներով։
Այսպես անցավ կյանքս մինչև տասն և վեցերորդ տարին։ Իսկ այնուհետև արդեն դիպչում էին ականջիս նոր բառեր, նոր խոսքեր։ Ասում էին, որ ես արդեն հարսնացու եմ, որ ինձ համար այս ու այն երիտասարդս առաջարկություն է անում, որ ես շատ գեղեցիկ եմ... Իմ ընկերուհիները նախանձով էին նայում վրաս։ Ասում էին, թե ես գրավել, կաշկանդել եմ երիտասարդներին, թե նրանք ամեն տեղ միայն իմ մասին են խոսում։ Այս խոսքերից շատերը ես չէի հասկանում, բայց աշխատում էի հասկանալ։
Շատ ժամանակ չէր, ինչ այս նորությունները սկսել էին ինձ զբաղեցնել երբ անսպաս մի հանգամանք մոռացնել տվավ նրանց և իմ կյանքի ընթացքը բոլորովին փոխեց»։ 1864 թվականն էր։ Մեր քաղաքի հայոց հոգևոր դպրոցի համար նոր տեսուչ և նոր վարդապետներ էին եկել։ Ինչ մարդիկ էին նրանք, չգիտեի, միայն թե նրանց գալն ու սկսած գործերը մեծ աղմուկ էին հանել քաղաքում։ Ամեն տեղ նրանց մասին էին պատմում, խոսում և վիճում։ Այդ առիթով մեր տանը նույնպես սկսան խոսել։ Մեզ մոտ հաճախող բարեկամների ու ծանոթների զրույցն էլ այդ մարդկանցն էր վերաբերում։ Ինչ տուն կամ ընտանիք որ մտնում էի, այնտեղ էլ նրանց մասին խոսք կար։ Ես այդ ժամանակ միայն հայոց հոգևոր դպրոցի ինչ լինելն իմացա, և զարմանում էի, թե ինչու մինչև այն ոչինչ չէի լսել նրա մասին։
Բոլոր խոսք ու զրույցներից հայտնվում էր, որ հայոց հոգևոր դպրոցի նախկին տեսուչն ու վարժապետները հեռացված և նրանց փոխարեն նորերն են կարգված։ Այդ պատճառով քաղաքի մեջ երկու կուսակցություն էր կազմվել. մեկը՝ հին խմբի պաշտպան և նորերին թշնամի, մյուսը՝ նորերին պաշտպան և հներին թշնամի։ Հայրս, իբրև հառաջադեմ խմբի կուսակից, վերջինների կողմն էր և յուր ազդեցիկ ձայնով մեծապես նպաստում էր նոր խմբի ձեռնարկությունների հաջողության։
Անզգայապես ես էլ սկսա այդ նորություններով հետաքրքրվել։ Ամեն օր, երբ հայրս վերադառնում էր տուն, անպատճառ մի նոր և ինձ հաղորդելու արժանի նորություն էր բերում։ Այս պատճառով նրա գալստյան ես սպասում էի այժմ մի առանձին հետաքրքրությամբ։
Մի երեկո մեր տունը հավաքվեցան քաղաքում ձայն ու կշիռ ունեցող մի խումբ մարդիկ, որոնց հետ և նորեկ վարժապետներից մի քանիսը։ Առանձին սենյակում փակված նրանք երկար խորհրդակցում էին։ Շատ սպասեցի, որ խորհուրդը վերջանար և ես իմ հորից խորհրդի ինչ լինելն իմանայի, բայց այն շուտ չվերջացավ և ես քնեցի։
Հետևյալ առավոտ հայրս հայտնեց, որ արդեն որոշել է մեր քաղաքում բանալ հայոց օրիորդական դպրոց (որ առաջին փորձն էր), թե՝ հարուստներից մինն արդեն յուր տան մի հարկը ձրիաբար դրել է ապագա դպրոցի տրամադրության ներքո և թե՝ շատ շուտով դպրոցական պարագաները պիտի պատրաստվին, որպեսզի աշակերտուհիների ընդունելությունն սկսվի։ «Դու էլ, սիրելիս, կշարունակես այդտեղ քո ուսումը, ավելացրեց հայրս, քեզ դեռ շատ բան է պակասում»։
Հորս վերջին խոսքն ինձ զարմացրեց։ Ես արդեն ուսումնավար աղջիկ էի համարում ինձ, իսկ նա դեռ նոր էր ասում, թե շատ բան էԷ պակասում ինձ։
Ի՞նչ պիտի սովորեմ այնտեղ, հարցրի ես հեգնական ժպիտով։
Հայերեն, սիրելիս, հայերեն, այդ բանում դու շատ ետ ես մնացել։
Ես բոլորովին զարմացա։
Բայց չէ որ դու ասում էիր թե հայերենի համար ավետարան կարդալ ու թարգմանելը և մի փոքր էլ նամակ գրելը բավական է, հարցրի ես տարակուսած։
Այո՛, բայց այն ժամանակ քո առողջությունը թույլ էր, ես չէի կամենում որ երկու առարկայի դասերով ծանրաբեռնվիս։ Բայց այժմ որ բավական առողջ ես, ուսմանդ պակասը պիտի լրացնես, պատասխանեց նա։
Սակայն բուն պատճառը ուրիշ էր։ Հայրս թեպետ շատ բարի, բայց սեփական կարծիք ու համոզմունք ասած բաները չուներ։ Ամեն մի զորեղ լեզու կարող էր նրան իր գերին դարձնել։ Առաջ նրան այնպես էին հասկացրել, որ հայերեն շատ սովորել հարկավոր չէ, ուստի ինքն էլ նույնն էր կրկնել։ Այժմ հակառակն էր լսել և կամենում էր ըստ այնմ գործել։ Եվ նրա այդ պահանջի դեմ, ես իսկապես, ոչինչ չունեի։ Մինչև անգամ ուրախ էի կատարել այն, որովհետև հետաքրքրվում էի տեսնել, թե ինչ բան է «օրիորդական» կոչվող դպրոցը և ինչպես պիտի հավաքվեն այդտեղ բազմաթիվ աղջիկներ՝ միասին սովորելու համար։
Մի անգամ հայրս հացկերույթ սարքեց և հրավիրեց հայոց ուսումնարանի տեսչին յուր վարժապետական խմբով և դրանց հետ միասին յուր կուսակցության պատկանող՝ քաղաքի առաջավոր անձերից շատերին, այլև մեր շրջանի տիկիններից նրանց, որոնք վերջին անցքերով հետաքրքրվողներ էին։
Այդ օրը մեր տան մեջ բոլորովին անսովոր կերպարանք առավ հացկերույթը։ Չկային առաջվա հասարակ ձևի զրույցները, աննպատակ վիճաբանությունները, անհամ կատակները, անտեղի երգ ու պարը։ Այստեղ քչերն էին խոսում և, գլխավորապես, վարժապետական խումբը։ Իսկ մնացածներն ուշադիր լսում էին, կամ մերթ ընդ մերթ մի նկատողություն անում։ Բոլորի կերպարանքն էլ, թեպետ ուրախ ու զվարթ, բայց սքողված էր մի ինչ որ լրջությամբ։
Տեղի ունեցող ընդհանուր խոսակցությունը թեպետ իմ ականջներին անսովոր, այսուամենայնիվ, հետզհետե գրավում էր ինձ. ես լսում էի այն ուշադրությամբ։ Գործ դրված բառերն ու խոսքերը միատեսակ մոտիկ, ընտանի էին թվում սրտիս։ Այդ տեսակ խոսակցություն, հիշում էի, որ երբեմն ունենում էր հորս հետ նաև իմ դասատու քահանան, բայց հայրս արհամարհանքով և հեգնությամբ էր վերաբերվում նրան, ուստի վերջինս զգուշանում էր երկրորդ անգամ խոսելուց, որովհետև բավական քաջություն չուներ հորս համոզելու։
Իսկ այժմ ես բոլորովին զարմանում էի, թե ինչպես նույն հայրս, այն արհամարհող, հեգնող և ոչ ոքին իրենից բարձր չհամարող մարդը, խորին ակնածությամբ, աչքերը ճառախոս տեսչին հառած՝ լսում էր նրան և նրա ամեն մի խոսքին հավանության նշան անում գլխով։
Որքան հիշում եմ, այդ օրից արդեն արթնացավ իմ մեջ ազատ խորհելու և ազատ գործելու բնական եռանդը։ Որովհետև հորս, որին ես մինչև այն ինձ առաջնորդ և իմ կյանքի ղեկավար էի ընդունում, տեսնում էի արդեն թափուր այն ուժից որ ես նրա մեջ երևակայել էի։ Այժմ կարծես մի նոր, մի զորեղ հեղինակություն էի որոնում, որին կարողանայի հպատակվել և որը կարողանար առաջնորդել ինձ դեպի լավագույնը, դեպի կատարյալը։ Որովհետև բոլոր այդտեղ խոսածներից, բոլոր իմ լսածներից ու հասկացածներից ես եկա այն եզրակացության, թե որքան փոքր ու չնչին արարած եմ ես, թե դեռ որքան շատ է պակասում ինձ փոքր ի շատե կատարյալ լինելու համար։
Երբ ներկա եղող հյուրերին առաջարկվեց խմել հայոց դպրոցների հառաջադիմության «կենացը», վարժապետներից մինը, որի համար հայոց լեզվի ու պատմության դասատու էին ասում, բարեկազմ, գրավիչ դեմքով ու կրակոտ աչքերով մի երիտասարդ, բաժակը ձեռքն առնելով սկսավ խոսել։ Նա բացատրում էր, թե ինչ ուժ է դպրոցը և թե ինչ կարող է անել նա։ Այդ պատճառով խոսում էր հայոց հին անցյալից Մեսրոպի և Սահակա դարերից. պատմում էր նրանց սկսած և կատարած գործերը, խոսում էր մեր հին վանքերի մասին և այն գերազանց ոգվո ու զգացման համար, որ այդ վանքերը ներշնչել էին ուսանող երիտասարդությանը, խոսում էր երկար և վերջը գալիս այն եզրակացության՝ թե մեր եկեղեցին և ուսումնարանը այն անբաժան ու սրբազան հաստատություններն են, որոնցից ներշնչված ուժով միայն մենք պիտի մաքառենք տգիտության և խավարի բռնության դեմ։ Այո՛, նա խոսում էր երկար, բայց ինչպես էր խոսում, կարող եք միթե երևակայել։ Նրա խոսքերը նմանում էին մի հորդահոս աղբյուրի, որ խոխոջալով բխում է անսպառ ակունքներից և գետահետելով մարգերի, մարմանդների վրա ոռոգում յուր ականակիտ և զվարթարար ջրով խոտ, բույս, թուփ, ծառ և ամենը, ինչ որ պատահում է նրան ճանապարհին՝ արևի կիզիչ ճառագայթներից պասքած ու թառամած...
Ես հիացած ու ակնկառույց նայում էի այդ երիտասարդին, նայում էի և չէի կշտանում։ Նրա դեմքի վրա վառվում էր մի սուրբ, մի ազնվական կրակ, որի կայծերը թափանցում էին իմ սրտի խորքը, առանց որ ես կամենայի։ Չգիտեմ ինչու, բայց ես հետևում էի հափշտակել նրա հայացքը, որի մեջ այնքան կյանք ու կենդանություն էին ցոլանում։ Նրա խոսքերը կարծես հրաշեկ երկաթով դրոշմվում էին իմ սրտին, ես կամենում էի, որ նա անվերջ խոսեր, որ ես շարունակ լսեի նրան... Պատահել է ձեզ երբևիցե գրավվիլ այնպիսի երգով, որր ցանկանայիք շարունակ ու անվերջ լսել և որի լռելը ցավ պատճառեր ձեր սրտին... Ահա այդպիսի մի երգ էր երիտասարդի բանախոսությունը, որի վախճանը ես չէի ուզում տեսնել։ Բայg նա ավարտեց և դահլիճը թնդաց երկարատև ու անլռելի ծափահարությամբ։
Այդ երիտասարդի անունը Գարեգին էր։
Մի քանի օրից հետո ես կրկին պատահեցի երիտասարդ ուսուցչին մեր բարեկամներից մեկի տանը, ուր դարձյալ հրավիրված էր վարժապետական խումբը։ Հացկերույթն այստեղ էլ նույն բնավորությունն ուներ, ինչ որ մեզ մոտ։ Այստեղ էլ խոսքը, զրույցը, վիճաբանության նյութը հասարակական հարցերն էին և գլխավոր խոսողները՝ տեսուչն ու վարժապետները։ Բայց ամենին դարձյալ գերազանցեց երիտասարդ Գարեգնի ճառը, որը նա խոսեց նոր բացվելիք օրիորդական դպրոցի մասին։ Նա մատնացույց արավ մեր օրիորդների դաստիարակության անհրաժեշտությունը և հրավիրեց ներկա եղող կանանց աջակցել այդ սուրբ գործի հաջողությանը։ Մինչև այժմ էլ դեռ կենդանի են հիշողությանս մեջ նրա իմաստալից խոսքերը, որոնք դեռ այն ժամանակներից գրված են իմ հիշատակարանում և որոնց ես այսօր մի անգամ էլ կարդացի, որովհետև կամենում էի անցյալը նորոգել հիշողությանս մեջ։ «Մոր կոչումը մեծ է և սուրբ, ասում էր նա, որովհետև նախախնամությունը նրան է հանձնել մարդկային ազգի բախտը, նրա ձեռքումն է գտնվում և եկող սերնդի ապագան։ Հետևապես մայրերը կարող են երջանիկ անել այդ սերունդը, կամ մատնել կորստյան։ Մայրն է, որ խնամում է այն մանկությունը, որ կրում է յուր մեջ կատարյալ հասակի արմատները։ Եթե այդ արմատներն առողջ են, եթե նրանք ապականված ջրով և վնասակար հյութերով չեն սնվել ապա ուրեմն ծառը հաստատուն և պտուղները բարի կլինին։
Չպետք է տարակուսել այն սերնդի առաքինության վրա, որին դաստիարակում են առաքինի մայրեր։ Առյուծներն աղվեսներին կաթ չեն շամբում և ոչ էլ դյուցազնուհիները գաճաճներ են սնուցանում։ Ավելի մեծ է այն ազգը, որ արժանավոր մայրերով է հարուստ, քան այն ազգը, որ յուր թնդանոթներով է պարծենում։ Հին պատմությունից մի օրինակ ավելի լավ է ապացուցում այս ճշմարտությունը։ Հռոմայեցիների զորքերը փախուստ տվին հայրենակից Կորիոլանի երեսից, որն յուր հայրենիքի դեմ ապստամբելով, հարձակվել էր Հռոմի վրա, թշնամի Վոլսկաց զորքերով։ Քաղաքը սարսափի մեջ էր. ծերակուտի խնդիրն ու աղաչանքը արհամարհվեցան, Կորիոլանը անդրդվելի էր. նա սպառնում էր Հռոմը կործանել... Բայց երբ քաղաքի պարիսպներից դուրս երևաց Կորիոլանի մայրը, պառավ Վետուրիան, և որդին դիմեց նրան գրկախառնվելու, մայրը բացականչեց. «Հեռո՛ւ, ինձանից... Թող տեսնեմ, որդո՛ւ մոտ եմ գալիս, թե թշնամու. գերի եմ քո բանակում, թե՝ մայր... Միթե երկար ապրեցի նրա համար, որ քեզ տեսնեմ ապստամբ ու թշնամի։ Ինչպես համարձակվեցար ավերել այն երկիրը որ ծնեց քեզ, ինչպես չթուլացավ քո զայրույթը, երբ հայրենիքի սահմանները մտար, ինչպես կարողացար հեռվից տեսնել Հռոմը և չհիշել, որ այնտեղ բնակվում են մայրդ, կինդ և զավակներդ... Եթե ես քեզ չծնեի, Հռոմը չէր վտանգվիլ այս կռվից, եթե ես որդի չունենայի, ազատ կմեռնեի իմ հայրենիքում...»։ Մոր խոսքերը ապստամբ որդու սիրտը շանթահարեցին. Կորիոլանի զայրույթն իջավ, նրա ոտքերը թուլացան և մոր գիրկն ընկնելով՝ բացականչեց. «Մայր իմ, հայրենիքդ փրկեցիր, բայց որդիդ կորուսիր...», և Վոլսկաց ձեռքը մատնվելով, համաձայն յուր դաշինքին, սրախողխող եղավ. Տեսեք ուրեմն, թե ո՛վ է մայրը, տեսեք թե որի դաստիարակության համար է, որ մենք պիտի զոհենք ամեն բան։ «Կանա՛յք, ոգևորված բացականչում էր երիտասարդը, հանեցեք ձեր զարդերը. գովեք մեզ ձեր մատանիները, ձեր գինդերը, ձեր ապարանջանները, ոչ որ ոսկի հորթ ձուլենք ձեզ համար, այլ ձեր աղջիկների կրթության և դաստիարակության համար հիմնենք տաճար ու սրբարան, որ ապագայում լուսավոր, առաքինի և ձեր անվանը փառք ու պատիվ բերող որդիք ու թոռներ պիտի շնորհե ձեզ։ Դուք, հայ կանայք, որ մինչև այսօր օրինակելի առաքինությամբ ապրելով հայ ընտանիքի սրբության ու հաստատության խարիսխն էիք կազմում, իմացեք, որ ձեզանից հետո նույնը լինել չեն կարող ձեր որդիները, եթե միայն ձեր լույսով լուսավորվեն, որովհետև դարը փոխվում է, կյանքը այլակերպվում, ապականությունը զորանում և առաքինությունը նվազում... Պետք է այդ չարիքների դեմ թումբեր հաստատել, այդ թումբերն են հիմնավոր ուսումը և ճշմարիտ լուսավորությունը։ Դրանց տարածելու համար մենք կարոտում ենք ձեր աջակցության և օրհնության»։
Մեր տանը եղած ժամանակ ես հարմարություն ու միջոց չունեցա ավելի մոտ ծանոթանալու այդ վարժապետին։ Բայց այստեղ դեպքն ինքն իրեն ներկայացավ։ Ճաշից վերջը նա մոտենալով ինձ և ընկերուհիներիս, տեղեկություններ հարցրեց մեր ուսման ու պարապմունքի մասին։ Երբ կարգը հասավ ինձ և ես իմ սովորածների հաշիվը տվի, նա ասաց.
Դուք դարձյալ պիտի շարունակեք սովորել և եթե եռանդ ու ցանկություն ունենաք, կարող եք պատրաստվիլ վարժուհի մեր նոր բացվելիք դպրոցի համար։ Կգա մի օր, երբ մենք չենք լինիլ և դուք պատրաստված լինելով՝ մեր սկսածը կշարունակեք։ Յուրաքանչյուր մարդու վրա, կին լինի նա, թե տղամարդ, սրբազան պարտք կա որոշ չափով հասարակության ծառայելու։ Իհարկե, շատ ունեցողը շատ կտա, քիչ ունեցողը՝ քիչ, բայց այդ պարտքից ազատ չէ ոչ ոք։ Զգուշացեք, օրիորդներ, ասում էր նա, դառնալով բոլորիս, որ ձեր ծաղկող հասակն ապարդյուն չանցնե նման բարդի ծառին որ ուռճանում, բարձրանում է մինչև ամպերը, բայց ոչ հովանի է տալիս արևակեզ անցորդին և ոչ էլ պտուղ տնկող մշակին։ Այժմյանից արդեն պիտի սովորեք օգտավետ լինել այն հասարակությանը, որին ձեր հարազատն եք անվանում։ Մի նվիրեք ձեր սիրտը վաղանցուկ հրապույրներին և ոչ էլ շլացեք փայլուն երևույթներով։ Դրանք ասուպներ են, որոնք մի վայրկյան վառվելով երկնակամարի վրա, ապա հանգչում, անհետանում են մթության մեջ։ Հետևելով դրանց, դուք կմոլորվեք և իզուր կվատնեք ձեր թանկագին հարստությունը, այն է՝ երիտասարդական հասակի աննման եռանդն ու կորովը և այդպիսով ձեր ժառանգները կմատնեք բարոյական աղքատության։ Մի օր ետ կնայեք և կտեսնեք, թե որքան դատարկ, որքան ապարդյուն է անցել ձեր կյանքը, բայց այն ժամանակ արդեն ուշ կլինի։ Փափուկ և անդորր ապրողից ավելի երջանիկ է ա՛յն մարդը, որ կյանքը նվիրում է իր նմաններին օգնելուն, մանավանդ բարոյական ձեռնտվությամբ։ Սովորեցե՛ք ապրել այդ կյանքով, սովորեցրեք նույնը և նրանց, որոնց առաջնորդ պիտի լինեք։ Այդպիսով դուք ապագա սերունդը կբախտավորացնեք և մարդիկ կօրհնեն ձեզ։
Այս և սրա նման շատ բաներ էր խոսում երիտասարդը։ Նա կարծես հետևում էր հին առաքյալներին, նպատակ ունենալով՝ «քարոզել և ուսուցանել» ուր և լիներ, դպրոցում, թե եկեղեցում, ընտանիքներում, թե հրապարակում։ Նա միշտ զգացված, միշտ ոգևորված էր։ Նրա խոսքերն աղբյուրանում էին ո՛չ իբրև հասարակ զրույց, այլ իբրև հրահալելիք, որ կրակված ծորում ու թափանցում է կաղապարի ամենաթաքուն խորքերը...
Եվ որքան հիացմունքով, որպիսի հափշտակությամբ էինք լսում մենք նրա քարոզները։
Մի շաբաթ անցավ այն օրից և այդ բոլոր ժամանակ ես մտածում էի երիտասարդ վարժապետի վրա։ Նրա բոլոր խոսածները կենդանի էին դեռ իմ լսողության մեջ. ես շարունակ որոճում, քննում էի նրանց, կամ աշխատում բացատրել ինչ որ ինձ համար մութ ու անհասկանալի էր մնացել։ Ես նկատում էի, որ իմ մեջ սկսվում է մի ինչ որ հեղափոխություն, մի ուժգին ձգտումն՝ լինելու այն, ինչ որ երիտասարդ ուսուցիչս էր կամենում։ Նա շատ լավ տպավորություն էր թողել և ծնողներիս վրա, որոնք շարունակ նրա մասին էին խոսում։ Այս բանը ինձ մեծ հաճույք էր պատճառում։ Ի՞նչ տարօրինակ համակրություն էր այս, որ ես տածում էի դեպի երիտասարդ վարժապետը, չգիտեմ, միայն թե ցանկանում էի լսել նրա մասին, շարունակ։ Գարեգին անունն իսկ, երբ արտասանում էին, քաղցր էր հնչում իմ ականջին։ Բոլորովին նոր, բոլորովին աննման բարեկամության մի զգացմունք էր այս, որպիսին ես, արդարև, չէի տածել երբեք դեպի ոչ մի իմ ծանոթն ու ընկերուհին։ Ցանկանում էի, որ նա իմ եղբայրը լիներ, որ մեր տան մեջ, մեզ հետ միասին ապրեր, որ ես շարունակ առիթ ունենայի նրան տեսնելու, նրա գրավիչ և ոգևորող խոսքերը լսելու։ Երբ պատահում էի իմ ընկերուհիներից մինին, մեր խոսակցության առարկան անպատճառ Գարեգին վարժապետն էր։ Մենք բոլորս էլ համաձայն էինք նոր բացվելիք օրիորդական դպրոցում նորից աշակերտելու, եթե միայն մեր ուսուցիչը Գարեգինը լիներ։
Շատ չանցավ, դպրոցի բացման օրն էլ հասավ։ Ընդարձակ և զարդարուն դահլիճի մեջ հավաքվել էր խուռն բազմություն։ Այստեղ էր սրբազանը՝ յուր քահանաներով, տեսուչն յուր վարժապետական խմբով, ընդունված աշակերտուհիներն՝ իրենց ծնողների և բարեկամների հետ, դպրոցի բացման նպաստող պատվավոր քաղաքացիներն ու նրանց կանայք դպրոցի նորընտիր խնամակալուհիները, որոնցից մինն է մայրս, ապա ուսանողներ, արհեստավորներ և ուրիշ շատերը։
Ես էլ իմ ընկերուհիների հետ, առանձին կանգնած, հետքրքրությամբ դիտում էի հանդեսը, որ բացվեց սրբազանի մի փոքրիկ ճառով, կաթողիկոսի կոնդակի ընթերցումով և քահանաների հոգևոր երգերով։ Ապա գեղեցիկ և ազդու բանախոսություն արավ տեսուչը, նյութ առնելով իրեն կանանց ազդեցությունն ընդհանուր մարդկության վրա և, հետևապես, նրանց կրթության ու զարգացման նշանակությունը ընտանիքների երջանկության և ազգերի հառաջադիմության համար։ Մեր նոր սերունդը, որ շատ է խոսում այժմ հայ կնոջ կրթության մասին, չէ հետաքրքրվում սակայն մեր մեջ սկսված այդ գործի ուսանելի անցյալով։ Եվ այդ է պատճառը որ այդ գործի հիմնադիր նա համարում է միայն վերջին ժամանակի այս ու այն գործչին, անտես անելով այդպիսով պատմական ճշմարտությունը։ Եթե դուք չեք պատկանում անցյալի ուսումնասիրությունից խորշող երիտասարդների թվին, ապա ուրեմն կարդացած կլինեք տեսչի այդ բանախոսությունը 64 թվականի «Մեղու»-ի համարներում, կամ 71 թվականի «Սիոն» ամսաթերթում։ (Ես խոստովանեցի իմ անծանոթ լինելը հիշված թվականների թերթերին)։ Հոգ չէ, շարունակեց քույր-Աննան, ես ունեմ «Սիոն»-ի համարը և կտամ ձեզ կարդալու այդ ճառը, որ կանանց լուսավորության գործի մի հրաշալի ներդրողն է, որի նմանը, չեմ հիշում, թե լույս տեսած լինի երբեք հայ լրագրության մեջ և որը մեծ նշանակություն ունի, մանավանդ այն պատճառով, որ արտասանվել է քառորդ դար մեզանից առաջ։ Արժեր, այսօր էլ այդ գրվածքը կարդային ամեն տեղ և յուրաքանչյուր հայ ծնող յուր աղջիկը դաստիարակելու գործում առաջնորդվեր նրա մեջ արտահայտված մտքերով։
Բայց ես դառնամ իմ պատմության։ Տեսուչը, որ յուր վեհ ու պատկառելի կերպարանքով գրեթե սուրբի տպավորություն էր անում մեզ վրա, յուր այդ ճառով այնպես վառեց ու բորբոքեց ներկա եղողներին, որ բացի առատ նվերները, որ ստորագրեցին նրանք անդրանիկ դպրոցի օգտին, այլև քառասունից ավելի տիկնայք որդեգրեցին աղքատներից մի-մի որդեգրուհի՝ խոստանալով հոգալ նրանց մտավոր ու նյութական բոլոր պիտույքը։ Նույնիսկ առաջնորդը հետևեց կանանց օրինակին՝ որդեգրելով երկու աղջիկների։ Այսպիսով ծնունդ առավ մեր քաղաքի անդրանիկ օրիորդական դպրոցը, որ կնքվեցավ Ս. Մարիամյան անունով։
Իմ ուրախությանը չափ չկար, երբ մի քանի օրից հետո հայրս տուն վերադառնալով հայտնեց, թե օրիորդական դպրոցում արդեն բացվում է այն դասարանը, ուր ես և իմ ընկերուհիներն, իբրև հասակավորներ, առանձին պիտի հայերեն սովորենք Գարեգին վարժապետի մոտ։ Օհ, ինչ հրճվանքով, ինչպիսի բերկրությամբ լսեցի ես այդ լուրը և ինչպես պինդ սեղմեցի հորս իմ կրծքին։
Հասավ ցանկալի օրը։ Վեց աշակերտուհիներ, բոլորս էլ համարյա մի աստիճանի զարգացումով, հավաքված օրիորդական դպրոցի մեզ համար նշանակված դասարանը, ուրախ-ուրախ խոսում և պատմում էինք միմյանց հազար էլ մի դպրոցական նորություններ և սպասում մեր սիրելի ուսուցչին
Վերջապես նա եկավ և ողջունեց մեզ մի սրտաշարժ ճառով, ապա բաժանելով յուրաքանչյուրիս մի-մի ավետարան ու Եղիշե, ասաց. «Այս երկու գրքերը կլինեն ձեր ուսման սկիզբը ու վերջը»։
Մեզանից ոչ ոք, իհարկե, չըմբռնեց այդ խոսքերի իմաստը։ Ես, մինչև անգամ, դժգոհ եղա, որ դեռ նոր պետք է ավետարան կարդամ, մի գիրք, որ արդեն քահանա վարժապետիս մոտ կարդացել, վերջացրել էի։ Ինձ վրա, նույնիսկ, մի տխուր հիասթափություն եկավ։ Ես ինչեր էի երազել թե պիտի սովորեմ Գարեգնի մոտ և այժմ ինչ գրքեր էր նա մեր ձեռքը տալիս։
Բայց անցավ մի քանի դաս, և ես զղջացի իմ դժգոհության վրա, որովհետև տեսա թե որքան մեծ և որքան բարձր ուսում է եղել այդ ինձ «մի հասարակ գիրք» երևացող՝ ավետարանի մեջ. ուսում, որն ըմբռնելու և յուրացնելու համար հարկավոր էր մեզ դեռ երկար աշխատություն։ Անշուշտ, նույնը կլիներ և՛ Եղիշեի գիրքը, որի մասին, իհարկե, ես չէի կարող դեռ կարծիք հայտնել, բայց ավետարանի վրա առածս դասերից դատելով՝ արդեն հավատում էի իմ ուսուցչի արժանավոր ընտրության։
Այստեղ մենք ուսանում էինք կրոն՝ ավետարանի վրա, լեզու Եղիշեի վրա, և ազգային պատմություն վարժապետի բերանացի պատմածներով։
Կրոնի դասերն, իհարկե, չէին նմանում այն դասերին, որ մի ժամանակ ավանդում էր ինձ քահանան, չոր ու ցամաք աղոթքների փոխարեն ուսուցիչն այժմ ծանոթացնում էր մեզ ավետարանի վարդապետության, բացատրելով Քրիստոսի պատվերները պարզ և դյուրըմբռնելի ոճով։ Կրոնը, ասում էր նա, սովորեցնում է մեզ սիրել բարին, ճշմարիտը և ընկերը, և հեռանալ այն ամենից, ինչ որ արգելք է լինում այդ սիրու աճելության»։ Այսպես սահմանելով կրոնը, նա աշխատում էր զարթեցնել մեր սրտերում սիրո գեղեցիկ զգացումը։ Եվ նրա աշխատությունը ապարդյուն չէր անցնում։ Գուցե իմ վերաբերմամբ կարող եմ ասել, թե՝ յուրաքանչյուր դասից հետո ես ինձ զգում էի մի տեսակ փոխված, մի ինչ որ թեթև ու բարձր մթնոլորտում, ինձ թվում էր թե այդ միջոցին ես ավելի եմ սիրում ինձ շրջապատողներին, ավելի քաղցր ու ներող աչքով նայում նրանց թերություններին։ Ինչ վերաբերում է ազգային պատմության, դա արդեն ոգևորության անսպառ աղբյուր էր մեզ համար։ Ուսուցիչն այդ առարկան ավանդում էր մեզ ոչ իբրև դաս, այլ իբրև հոգի, կենդանացնելով մեր առաջ անցյալը և սովորեցնելով՝ ներկայի համար նրանից օգտվելու ճանապարհը։
Պետք է ասել, որ իմ ընկերուհիների մեջ ամենից ավելի եռանդով սովորում էի ես։ Ուսուցչիս արտասանած ամեն մի բառը, խոսքը, պատմածը հափշտակում էի ագահությամբ։ Իսկ դրանից հետո էլ ոչ մի գործ, կամ զբաղմունք չէին կարողանում հեռացնել ինձ ստացածս դասերը պատրաստելուց։ Իմ ուրախությանը չափ չէր լինում, երբ առանց ամենափոքր սխալի և դժվարության պատասխանում էի դասերս։ Ուսուցիչը գովում էր ինձ հաճախ, բայց չէի կամենում, որ նա գովեր ինձ իմ ընկերուհիների ներկայությամբ, դրա համար ամենափոքր ինքնասիրություն անգամ չունեի։ Ես կամենում էի, որ նա միայն ինքը հասկանար, թե յուր տված դասերը չէի կարող չսովորել, որ իմ միակ ուրախությունն ու ցանկությունը իրեն գոհություն պատճառելս էր։
Մի քանի ամսից հետո հայրս հայտնեց ինձ, թե ուսուցիչս խորհուրդ է տվել իրեն, հանել ինձ դպրոցից։ Ես բոլորովին զարմացա, սա անսպաս նորություն էր։
Ինչպե՛ս, բացականչեցի ես, միթե նա իմ մեջ պակասություն է նշմարել։
Ոչ, սիրելիս, նա կամենում է քեզ հետ մեր տանը պարապել, ասաց հայրս մեղմով ժպտալով։
Բայց պատճա՞ռը։
Պատճառը հարգելի է. նա ասում է թե՝ «ձեր աղջիկը չափազանց ընդունակ է և տրամադիր արագ հառաջադիմելու բայց յուր ընկերուհիները խանգարում են նրան իրենց համր ընթացքով, պետք է ձեր աղջկան ազատ ասպարեզ տալ առաջ գնալու»։
Իսկ դո՛ւ, հա՛յրիկ, մի՞թե համաձայն չես, այժմ արդեն սրտատրոփ հարցրի ես։
Ես կանեմ այն, ինչ որ դու կցանկանաս, սիրելի աղջիկս, ասաց նա գգվանքով և ես ուրախությունից խելագարված նրա գիրկը թռա։
Այո՛ հայրիիկ, ես կամենում եմ, որ նա այստեղ, մեր տանը դասախոսե, ասացի ես։ Իրավ որ իմ ընկերուհիները խանգարում են ինձ. նրանք սովորելու ոչ եռանդ, և ոչ ցանկություն ունեն։ Առաջին օրերը միայն ոգևորված էին, իսկ այժմ, օ՛հ, ես ամաչում եմ նրանց տեղ, գրեթե ոչինչ չեն սովորում. հենց որ վարժապետը դասախոսում է, նրանք դարձյալ ոգևորվում են, բայց տուն վերդառնալուց կրկին նույն սառն ու անզգա աղջիկներն են դառնում, ինչ որ են իսկապես։
Թո՛ղ ցանկացածդ լինի, ասաց հայրս, ես կխնդրեմ Գարեգնին, որ վաղվանից գա մեզ մոտ։
Օ՛հ, ի՛նչ ուրախություն, ի՛նչ ավետիք էր այս ինձ համար։ Ես որպիսի՛ սիրով, որքա՛ն խանդաղատանքով գրկեցի նորեն իմ բարի հորը, ինչպե՛ս նրան այժմ ջերմությամբ էի սիրում։
Եվ իրավ, իմ ընկերուհիները խանգարում Էին ինձ։ «Այժմ ես տասնապատիկ ավելի եռանդով կսովորեմ, մտածում էի ես, իմ թանկագին ժամանակն էլ չեմ զոհիլ իմ ընկերուհիների աննպատակ շատախոսությանը... այժմ արդեն արագ կառաջադիմեմ»։ Եվ իմ ենթադրությունները սխալ չէին։
Սկսած այն օրից, որ Գարեգինն եկավ մեր տանը դասախոսելու, ես հետզհետե մեծ հառաջադիմություն արի։ Մի քանի ամսվա մեջ հայերենից արդեն բավական բան էի սովորել, պատմությունը կիսել և կրոնի ուսմունքը գրեթե ավարտում էի։ Այժմ իմ ուսանելի առարկաների թվին ավելացրեց ուսուցիչս և հայոց գրականության ու եկեղեցական պատմության դասեր։ Հետո գալիս էր ինձ մեր մատենագրություններից ամենաընտիրները՝ շարունակ կարդալու։ Երբեմն ժամերով նստած նա խոսում էր ինձ այնպիսի դասեր, որ ես ոչ մի գրքում չէի կարող կարդալ, և այդպիսի հոգեշունչ դասերին հաճախ ներկա էին լինում հայրս, մայրս և մոտիկ ազգականներս, որոնք բոլորն էլ հիանում և մխիթարվում էին։
Այսպես առաջ էր գնում ուսմանս գործը, որին ես նվիրվել էի հոգվով ու սրտով։