Muratsan

Առաքյալը

8

Ճիշտ հարմար ժամին, այսինքն ընդունելության տաք միջոցին, վիլլայի առաջ կանգ առավ Մարկոսյանների կառքը, որից տիկինն իջավ նազելով և, անպատճառ, սպասավորի օգնությամբ, մինչդեռ Ադելինան ներքև թռավ թեթև թռչունի պես։

Տեսնելով Պետրոսին դահլիճի դռան առաջ, ուր նա եկել էր իրենց դիմավորելու, օրիորդը բացականչեց.

Դուք այստե՞ղ... այս հրաշք է, և նրա ձայնի արծաթյա հնչյունը ալիքներ տալով` անցավ դահլիճի մի ծայրից մյուսը։

Հրաշքեմեն քիչ պակաս է... էն էլ էսօր կու թամամինք... նկատեց հայրը բարձրաձայն ծիծաղելով։

Աստուծով, հարեց Կիրիլ Կարպիչը, բայց այնպես ցած, որ միայն ինքը և խաղընկերը լսեցին։

Ուրեմն դուք այստե՞ղ եք, նորեն կրկնեց օրիորդը, սեղմելով երիտասարդի ձեռքը։

Ինչպես տեսնում եք, պատասխանեց վերջինս, ժպտող հայացքը Ադելինի սիրուն աչքերին ուղղելով։

Չէի կարող հավատալ, ոչ ոք չէր սպասում...

Ես սպասում էի... Ինչպե՞ս կարող է մարդ յուր մոր ծննդյան օրը մոռանալ, նկատեց տիկին Մարկոսյանը, իբր թե աղջկա սխալն ուղղելով։

Աբա մի ասա, թե աստուծդ կու սիրիս, քու մերը ե՞րբ է ծնվել, հարցրեց Մարկ Իվանիչը կնոջը այնպիսի մի եղանակով, որ ամբողջ դահլիճը ծիծաղից թուլացավ։

Երանի իմանամ քեզ ո՞վ է խոսեցնում, նկատեց տիկինը նույնպես ծիծաղով և դեպի Լիդիա Պավլովնան առաջանալով։

Այստեղ համեցեք, այստեղ, խնդրեց վերջինս, ցույց տալով թավշյա փափուկ բազմոցը։

Հա, ես այդտեղ կնստեմ. սիրում եմ, երբ իմ տեղը չայն է լինում ու արձակ։

Մետեխցիք էլ դրուստ էդենց ին ասում, ամա որ խեղճերուն ոչ ով չի լսում, հարեց Մարկ Իվանիչը։

Տո, շեշդ դիր, շեշդ, ի՞նչ ես մարդկանց խանգարում, նկատեց Կիրիլ Կարպիչը յուր խաղընկերին։

Էս էլ իմ շեշը. եքը չունիմ։

Չհար ու դու... խաղը շարունակվում էր։

Ասում եք որ ոչ ոք չէ՞ր սպասում ինձ, խորհրդավոր ժպիտով հարցրեց Պետրոսը Ադելինային։

Ոչ, այդ չէի ուզում ասել... Բայց... ի՞նչպես է հայերեն... Ուզում էի ասել, թե ոչ ոք հույս չուներ, թե կարող կլինեիք թողնել ձեր գործը և գալ, հասկանո՞ւմ եք,ուղղեց օրիորդն յուր սխալը, որից, սակայն, նրա այտերը թեթև շառագունեցան։

Հասկանում եմ, ոչ ոք հույս չուներ։ Բայց ես ահա եկա։

Ինչպե՛ս լավ է, որ եկաք. եթե գիտենաք, թե որքա՛ն պետք ունինք ձեզ։

Եթե կարող եմ մի բանով ծառայել օրիորդին...

Ոչ, հասարակությանը։

Հարկավ` ձեր հրամանով։

Այդպես ընդունեցեք, եթե կամենում եք, ասաց օրիորդը քնքշաբար ժպտալով։

Այդպես եմ ընդունում, հաճեցեք հրամայել։

Այսօր ճաշին մենք ձեզ հետ ենք, Վարանցովի պարկում... Այնպե՞ս է, Լի՛դիա Պավլովնա, դարձավ օրիորդը տիկնոջը։

Այո, սիրելիս, բոլոր հյուրերին հայտնված է։

Իսկ երեկոյան մենք կունենանք նվագահանդես։

Բարեգործական նպատակո՞վ։

Այո, և հարուստ ծրագրով։

Եվ մենք ուրեմն պատիվ կունենանք ձեր հրաշալի ձայնն ու դաշնամուրի նվագը լսելու։

Այսինքն պատիվ կանեք մեզ լսելու։

Եվ ի՞նչ կտորներ կերգեք կամ կնվագեք։

Այդ կիմանաք աֆիշայից, բայց բանն այդ չէ։

Հապա՞։

Նվագահանդեսից հետո, մենք կունենանք պարահանդես։

Կոտիլինո՛վ... ճչաց դահլիճի մյուս կողմից Ադելինայի ընկերուհիներից մինը։

Այդ էլ լավ է։

Լավ է ա՛յն պատճառով, որ դուք այստեղ եք։

Այդ ի՞նչ է նշանակում, ժպտաց երիտասարդը։

Երևակայեցեք, որ մինչև այժմ մենք դեռ չգիտենք թե ո՞վ պիտի լինի մեր dirigeur-ը, որովհետև չենք ընտրած։

Այստեղի երիտասարդների մեջ, ճշմարիտը խոստովանած, շնորհքով մեկը չկա։

Ինձ կու ջոկեիք էլի՛, կատակեց դարձյալ Մարկ Իվանիչը, որ այժմ տարած քարերն էր համարում։

Դահլիճում նորեն ծիծաղ բարձրացավ։

Չեք կարող երևակայել թե ո՛րքան ուրախ եմ։ Դուք, իհարկե, կկառավարեք մեր պարերը։ Այժմ արդեն պարահանդեսը կլինի իսկական պարահանդես։

Իսկ եթե ես խնդրեի, որ ինձ ազատեք այդ պաշտոնից։

Եվ ոչ մի խոսք այդ մասին, հարեց օրիռրդը վճռաբար։

Այո՛, այո՛, ոչ մի խոսք. դուք հրաշալի dirigeur եք, դուք չի պիտի մերժեք, խոսեցին այս ու այն կողմից Ադելինայի ընկերուհիները։

Բան է, թե վուր Պիոտր Կիրիլիչը իրիկվան ատկազ արավ, ես հազիր եմ, ձիզ էնենց լազաթով պար ածիմ, որ ասիք մաշալլա, Մարկ Իվանիչ... զվարճախոսեց Ադելինայի հայրը և ծիծաղը նորից ընդհանրացավ։

Ցերեկվա երրորդ ժամին Կամսարյանների հյուրերը հետզհետե հավաքվում էին Վարանցովի պարկը, որ գտնվում էր Բորժոմի գեղեցկությունը կազմող անտառապատ բարձունքներից մեկի վրա։ Գեղուղեշ ծառերի հաճելի հովանու տակ բացված էր ընդարձակ սեղան` զարդարված կանաչով, ծաղկեփնջերով և հարուստ ակրատի բազմատեսակությամբ։

Ճաշը նշանակված էր սովորականից վաղ, որպեսզի երեկույթ կազմող օրիորդները թե՛ հացկերույթին մասնակցեին և թե՛ ժամանակ ունենային հանդեսի համար պատրաստվելու։

Ընտիր խորտիկները և ընտրելագույն գինին, միացած ընտիր երաժշտության հետ, որի արձագանքը թնդում էր անտառի հեռավոր ծմակներում, շուտով ստեղծեցին Վարանցովի պարկում էպիկուրյան հայացքների երկրպագու մի ամբոխ, հարած երկու զատ, բայց միմյանց հետ սերտ կապ ունեցող տեսությանց։ Տարիքավորները համակերպելով մեր ծանոթ տեր-Վանու կարծիքին, ընդունում էին որ, այս անցավոր աշխարհում կա միայն մի բան, որի համար արժե ապրել. այն է` լավ ուտել։ Մինչդեռ երիտասարդները այդ միակ բանը գտնում էին լավ սիրելու մեջ։ Այս պատճառով էլ, եթե առաջինները իրենց տվել էին համեղ խորտիկներն ու անուշ գինին ուշադիր ջանքով և գիտակցաբար վայելելու դժվարին աշխատության, վերջիններն, ընդհակառակն, զբաղված էին քնքուշ ժպիտների, կրակոտ հայացքների և խորհրդավոր ակնարկների փոխանակությամբ։ Սիրո և մտերմության այդ հրապուրիչ տուրևառում` գերազանցում էին բոլորին Պետրոսն ու Ադելինան, որոնք պատահաբար նստած էին իրար մոտ... ճաշը վերջանալու վրա նրանք ասել վերջացրել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր երկու սիրող սրտերին` իրենց զգացածը միմյանց հասկացնելու համար թեպետև այդ անելիս` նրանք չէին արտասանել և ոչ մի պարզ խոսք։

Հասավ երեկոն։ Հանքային պարկի ռոտոնդոն լուսավորված էր շքեղորեն։ Գույնզգույն լապտերները, որոնք կախված էին պատշգամի սյունաշարերն ու մոտակա ծառերը միմյանց հետ կապող կանաչահյուս ժապավեններից, մոգական խորհրդավորություն էին տալիս կյանքով ու լույսով ողողված այն կետին, որ ամփոփված էր անտառապատ բարձրավանդակներով պարսպված ձորակի մեջ։ Կարգադրիչներն ամեն կերպ աշխատել էին գրավիչ ու հետաքրքրական դարձնելու պարկի այդ մասը, ուր ռոտոնդոն էր և ուր նվագահանդեսն ու պարերը պիտի տեղի ունենային, որպեսզի բարեգործական եկամուտը մեծացներ։ Այդ պատճառով հանդեսի ընդարձակ դահլիճը, դեռ ութից առաջ, լցված էր երկսեռ բազմությամբ։ Իսկ նվագահանդեսն սկսելուց, ոչ միայն չկար պարապ աթոռ, այլև դռների ու պատուհանների առաջ խռնված էր մեծ բազմություն, որ փող էր վճարել, գեթ մոտիկ կանգնելու իրավունք ունենալու համար։

Գեղեցիկ վարագույրներով ու արևադարձային ծաղիկներով զարդարված բեմի վրա առաջին անգամ երևաց Ադելինան յուր ընկերուհու հետ։ Նա հագած էր մետաքսյա նուրբ, ձյունափայլ շոր, հոլանի թևերով ու կրծքով, որ զարդարված էր մարգարտածաղկի և շուշանների հյուսերով։ Կիսաբաց կրծքին, ուր հանգչում էր սպիտակ վարդի մի ոստ, այլե հարուստ մազերում, որոնք սանրված էին à la moderne, աստղերի պես փայլում էին հարուստ ադամանդներ։ Անմեղության խորհուրդն ամփոփող սպիտակ հագուստներում և մանավանդ լամպի այլակերպող լույսի առաջ, գեղանի Ադելինան դարձել էր, գրեթե, երկնային։

Երբ ընդունելության ծափերը դադարեցին, օրիորդն ու ընկերուհին, որ նույնպես գրավիչ էր իլյուզիայի շնորհիվ, սկսան դաշնամուրի ձայնակցությամբ երգել մի սրտաշարժ duo, որ հարուցեց դահլիճի մեջ ծափահարությունների և dis-երի որոտընդոստ աղմուկ, որից ստիպված` նրանք երգը կրկնեցին։

Հետևյալ համարը պատկանում էր մի երիտասարդի, որ ջութակի վրա նվագեց յուր բաժինը և ինչպես սիրող, արժանացավ դարձյալ ծափահարությունների։

Երրորդ համարը Մոցարտի VI սոնատն էր, որ Ադելինան և մի ուրիշ օրիորդ նվագեցին դաշնամուրի վրա։

Չորրորդին դուրս եկավ Ադելինան միայնակ և նվագեց նույն հեղինակի Roudoalla Turca-ն, որ յուր արևելյան ճաշակի նուրբ ու քնքուշ մելամաղձոտությամբ սրտաշարժ ազդեցություն ունեցավ հանդիսականների վրա։

Որոտալից ծափահարությունների աղմուկով փակվեցավ նվագահանդեսի առաջին բաժինը։

Երկրորդին և երրորդին մասնակցեցին նոր մարդիկ մի վիոլոնչելիստ, մի սրնգահար, մի solo երգիչ, ապա երգչուհիներ, որոնց մի trio-ին միացավ դարձյալ Ադելինան։ Բացի այդ նա երկրորդ ու երրորդ մասերում հանձն առավ լուրջ մասնակցություն` մեջ ընդ մեջ նվաղելով դաշնամուրի վրա Բեթհովենի Quasi una fantasia սոնատը, Շումանի Warum-ը, նրա կառնավալի խոստովանանքը և Շոպենի Nocturnus-ը, որով, համարյա, ներկայացավ նվագահանդեսի գլխավոր տիրապետուհին, ոչ միայն յուր գեղեցկությամբ ու շնորհաշուք շարժվածքով, այլև այլ արժանիքով, որ ցույց տվավ նա երաժշտական մասում ունեցած յուր հմտությամբ։

Կամսարյանը, որ բոլոր ժամանակ հոգիացած դիտում էր գեղանի օրիորդին ու լսում նրա շնորհալի երգը կամ դաշնամուրի նվագները և ընդնմին ականջում ժողովրդի գովասանություններին, հետզհետե սկսում էր զարմանալ յուր հիմարության վրա, որ մինչև իսկ մի վայրկյան թույլ էր ավել իրեն մտածել, թե կարելի էր երբևիցե ձեռքից թողնել այդ գանձը... Եվ այդ իսկ պատճառով, որպեսզի նորոգված մտերմությունը ոչնչով չթուլանա, նա յուրաքանչյուր խաղամիջոցին վազում էր բեմի հետևը և հիացած բացականչություններով Ադելինային դրվատում։

Ձեր երգը, օրիորդ, դյութիչ էր և հրաշալի... ձեր սոնատն աննման էր... ձեր Rondo-ն ինձ լացացրեց... ասում էր նա։ Իսկ դահլիճ վերադառնալուց սկսում էր օրիորդին համեմատել իրեն հետ և գտնում, որ նա, արդարև, արժանի է յուր կենակիցը լինելու։ Հենց այս պատճառով էլ տեսնելով, որ Ադելինան տիրում է հանդեսի վրա, ցանկացավ, որ ինքն ևս աչքի ընկնե մի բանով, ուստի որոշեց ընդունել դիրիժյորի պաշտոնը, որ դեռ առավոտը կամենում էր մերժել։

Եվ որովհետև գիտեր թե ամեն մարդու բան չէ պարերը կառավարել այնպես, որ ընդհանուր գոհության և կենդանության հետ միասին դահլիճում տիրե նաև կատարյալ կարգ ու ներդաշնակություն, ուստի առաջուց հպարտանում էր, որ ինքը պիտի կարենա լիուլի ցույց տալ այդ բանում յուր հազվագյուտ շնորհքը։ Այս պատճառով նա շտապեց օգտվել վերջին խաղամիջոցից և հենց նստած տեղը կազմել tour-երի ընդհանուր ծրագիրը, որ շատ էլ հեշտ բան չէր։

Նվագահանդեսը վերջացավ մի կվարտետով, որին մասնակցեցին ջութակահարը, վիոլոնչելիստը, սրնգահարը և trio երգող երեք օրիորդներ, որոնցից մինն էր Ադելինան։

Ծափահարությունները երկար դղրդացնում էին դահլիճը և երևի զարմացնում մոտակա անտառներում թառած թռչուններին, որոնք եթե խորհելու գեշ սովորություն ունենային, անշուշտ շատ աննպաստ բաներ կմտածեին մարդ արարածի մասին։

Շուտով ծառաները դահլիճի միջից դուրս հանեցին ավելորդ աթոռները, որպեսզի պարերի համար հրապարակ բացվի։ Ադելինան և յուր ընկերուհիները, որոնք չէին կասկածում թե լավ dirigeur ունին, եկան մի անգամ էլ ստուգելու թե` արդյոք երիտասարդը հո չէ պնդում մերժման վրա։ Եվ գոհ եղան տեսնելով, որ վերջինս արդեն յուր դերի մեջ է և հրամաններ է տալիս ոչ միայն ծառաներին` դահլիճը կարգավորելու, այլև երաժիշտներին, պարերգի եղանակները դասավորելու այնպես, ինչպես ինքը ծրագրել էր արդեն։

Տեսնո՞ւմ եք, օրիորդներ, ա՛յն, ինչ որ նախօրոք ինքներդ պիտի կազմեիք, այն էլ պարոնն է շտապել կազմելու, նկատեց նորատի մի տիկին, աչքի անցնելով tour-երի ցանկը, որ գծել էր Կամսարյանը յուր այցետոմսի վրա։

Մի՞թե չգիտեինք թե` ինչո՞ւ ենք պարոնին dirigeur ընտրում, վրա բերավ Ադելինան քաղցր ժպտալով։

Ինձ թվում է, թե ով հանձն է առնում մի պաշտոն, նա ինքն էլ պիտի հոգա նրա անթերի կատարման համար, պաշտպանեց օրիորդին Կամսարյանը, կարող մարդու հավակնությամբ։

Այո՛, բայց աշխատանքի բաժանումը հեշտացնում է գործը, ավելացրեց տիկինը։

Օ՛, և մի՞թե սա գործ է. այսպիսի գործերում ես ինձ զգում եմ...

Ինչպես ձուկը ջրում, այնպես չէ՞, ընդհատեց Ադելինան, ծիծաղելով։

Այո՛, միայն այն զանազանությամբ, որ ձուկը լողում է անխոս, մինչդեռ մեր դիրիժյորը պիտի լողա այսօր շարունակ բարբառելով, կատակեց մի ուրիշը։

Բայց դուք այստեղ ժամավաճառ եք լինում. առեք այս ցանկը և երկու թերթերի վրա օրինակելով` փակցրեք դահլիճի պատերին, որպեսզի պարողները ծանոթանան tour-երի կարգին, խոսեց նորատի տիկինը, որ, ըստ երեվույթին, շտապում էր վայրկյան առաջ սուրալ դաճլիճի փայլուն հատակի վրա։

Անհանգիստ մի՛ լինիք, դրա մասին էլ ես կհոգամ, ասաց Կամսարյանը և ներողություն խնդրելով հեռացավ խմբակից։

Քիչ ժամանակից հետո բոլոր պարող տիկիններն ու օրիորդները իրենց ձեռքում ունեին դիրիժյորի այցետոմսը` tour-երի ցանկով։

Պարահանդեսն սկսվեց Valse générale-ով, որի ժամանակ հայտնվեցավ, որ նվագահանդեսի նախկին թագուհին այժմ պիտի դառնա դիրիժյորի եռանդը վառող անբաժան ոգին։ Եվ դրանք երկուսն, արդարև, այդ վայրկյանին արժանի Էին իրար` իրենց գեղեցիկ արտաքինով, համաչափ հասակով, շնորհալի շարժմունքներով, երիտասարդական զվարթությամբ և, նամանավանդ, աշխույժի ու եռանդի բացարձակ զեղումով, որ վարակում էր նույնիսկ տարիքավորներին, մտցնելով նրանց մեջ կենդանության նոր գրգիռ։

Որովհետև այդ ժամանակ դեռ ֆրանսիական կադրիլը իբրև հնություն չէր հանված ընդհանուր պարերի ցանկից. ուստի նա հետևեց Valse générale-ին։ Դրանից էլ, իսկապես, սկսվեց Կամսարյանի տիրապետական փայլը։

Ասպետներն ու տիկիններն իրար ընտրելուց հետո, ընտրել էին նաև իրենց աթոռները և կապել նրանց թաշկինակներով, որպեսզի շուրջը խռնվող հասարակությունը չքաշե նրանց դեսուդեն։

Avancez...passez... retournez à vos places...որոտաց դիրիժյոր Կամսարյանի ձայնը, ինչպես զորապետի մի խրոխտ հրաման, և դահլիճի ազատ հրապարակը վայրկենապես ծածկվեցավ պարողների բազմությամբ։ Սպիտակ կերպասը, փրփուր բատիստը, ծաղիկն ու ադամանդը խառնվելով իրար, ստեղծեցին այդտեղ գարնան թիթեռների խայտաբղետ մի պար, որի մեջ տղամարդիկ իրենց սև զգեստներով հիշեցնում Էին բզեզների ու մեղուների խառնուրդը։

Les dames, avancez... reculez... avancez et balancez vos cavaliers vis-à-vis... հնչում էր Պետրոսի ձայնը հետզհետե առույգանալով։

Ինչպե՞ս եք հավանում մեր զորապետին... հարցրեց Ադելինան vis-à-vis ասպետին` balance-ի ժամանակ։

Հրաշալի է, պատասխանեց վերջինս և ժպտալով անցավ։

Avancez et balancez vos cavaliers premiers...

Ձեզ համար ասում են, որ հրաշալի dirigeur եք, շշնջաց Ադելինան Պետրոսի հետ պտտելիս։

Բայց չե՞ն ասում, որ տիրուհուս արժանի երկրպագու չեմ, նկատեց Կամսարյանը ինքնագոհ ժպիտով։

Չափազանց համեստ եք։

Ասացեք` ճշմարտախոս... Massieurs, avancer, reculez... avancez et balancez vos dames vis-à-vis։

Ասացեք Ադելինային, որ շատ չքրքրվի, ապսպրեց կատակով Կամսարյանի հետ պտտող vis-à-vis օրիորդը։

Ձեր ընկերուհին պաշտելի է, մի՛ զրպարտեք նրան... նկատեց դիրիժյորը և շարունակեց... avancez et balancez vos dames premiers։

Ի՞նչ էր ասում ձեզ Իդան, հարցրեց Ադելինան Պետրոսին, երբ նա figure-ն ավարտելուց հետո նստեց յուր կողքին։

Չեմ կարող ասել։

Խնդրում եմ։

Հարցրեք, հարցրեք, հորդորեց օրիորդը դիմացի շարքից։

Դեհ, այժմ ասացեք. ի՞նչ էր ասում նա, ստիպեց Ադելինան զվարթ հետաքրքրությամբ։

Ասում էր` իբր թե դուք շատ հետաքրքրվում եք։

Ադելինան նայեց յուր ընկերուհուն և ժպտալով ասաց.

Ինքներդ դատեցեք, մի՞թե իրավունք չունիմ... Հապա, համեմատեցեք... Եվ այս ասելով` նա մատնացույց արավ ընկերուհուն նրա ասպետը, որ ճաղատ գլխով, ոչ գեղեցկադեմ մի գրող էր։

Մի վիճեք, ելնենք։ Massieurs, avancez.Chainez les damas à la main... գոչեց դիրիժյորը և պարը շարունակվեց։

Այս ձևով իրար հաջորդոսմ էին figure-ները մինչև վեցերորդը, բոլոր այդ ժամանակ Կամսարյանը հանգիստ սիրախոսում էր Ադելինայի հետ։ Բայց galop-ի ժամանակ նա արդեն դարձավ մարմնացյալ եռանդ, որովհետև հրամանները պետք է տար զգուշությամբ, որպեսզի grand rond-ի վախճանը լիներ թե՛ սահուն և թե՛ հաղթական։

Բարեբախտաբար այս լուրջ խնդիրն էլ լուծվեցավ հաջողությամբ։ Երբ corbeille-ից հետո վերջին անգամ հնչեց դերիժյորի ձայնը` Remerciez vos dames! ամենքն արդեն գիտեին, որ կարգադրիչ պարոնի շնորհիվ սխալ քայլ չէին արած։ Այդ պատճառով շնորհակալությունները երկուստեք էլ սրտագին էին։

Կադրիլից հետո սկսվեցան ազատ պարերը, որոնց ժամանակ Ադելինան, հակառակ նույնիսկ bon-ton-ի պահանջեն, հաճախ անբաժան էր շնորհալի դիրիժյորից։ Գուցե և այս այն գիտակցությամբ, թե հյուրերից շատերն արդեն ծանոթ են յուր զգացմունքներին, հետևապես խստապահանջ չէին լինիլ գեթ այս անգամ։ Եվ իրավ, նրանց երկուսի համաչափ ու ներդաշնակ շարժումներից արդեն դիտող աչքը կարող էր որոշել չափն այն համակրության, որ երիտասարդ սրտերը տածում էին դեպ իրար։ Եթե պարից բան հասկացող հանդիսականը ծաղրում էր այնպիսիներին, որոնք պարելու փոխարեն քաշկռտվում էին կամ իրենց կոր մեջքով և գռեհիկ pas-րով տանջանք պատճառում իրենց dame-երին, ընդհակառակն, հոգեկան մեծ հաճույք էր զգում նայելով Կամսարյանի և Ադելինայի վրա, որոնք իրենց թեթև ու շնորհալի քայլերով և հանգիստ ու ճոճուն պտույտներով գրեթե միշտ իրենցից կազմում էին մի անձն, որ յուր շարժումներով միաժամանակ փայլեցնում էր որքան շնորհք, նույնչափ և արվեստ։

Պարերը, սակայն, շարունակվում էին երկար, վասնզի երիտասարդները չէին հոգնում, իսկ տիկիններն ու օրիորդները պատրաստ էին, նույնիսկ, առաջիկա ցերեկը փոխել գիշերի, միայն թե կարենային անվերջ պտտել ու սուրալ` երաժշտության հաճելի աղմուկով արբած...

Բայց հասակավոր հայրերն ու մայրերը սկսում էին հոգնել. շատերն էլ ստամոքսի տրտունջն էին լսում։ Այդ պատճառով սկսան հիշեցնել «ջահիլներին» թե` ժամանակ է արդեն իրենց եռանդը չափավորելու։ Այդ հուշարարների թվին պատկանում էին, նաև, Կամսարյան ու Մարկոսյան ամուսինները, որոնց խորհրդին, սակայն, հետևեց իսկույն ինքը դիրիժյորը, սկսելով Cotillon-ը իբրև վերջապար։

Բայց որպեսզի տիկինների ու օրիորդների հաճույքը ևս կարողանար գրավել, նա Cotillon-ը փոխանակ կադրիլի ու մազուրկայի պարզ խառնուրդով վերջացնելու, աշխատեց բարդել վալսի ու յոլկայի երկարատև ton-երով։ Եվ թեպետ նա խստությամբ հետևում էր արշավին և հարմոնիան ոչնչով չխանգարելու համար աշխատում, որ զույգերը ձեռքից չտան իրենց հերթը, այսուամենայնիվ, վերջում երևեցավ, որ բոլոր ասպետներից ավելի շքանշան ինքն է ստացել։

Երբ promenade-ն ու petit rond-ը ավարտելով դիրիժյորը գոչեց` Voyagez a quatre coins à la isvostchik! նա ձեռքին ուներ մետաքսյա սանձերը երեք գեղեցկուհիների, որոնցից միջինը չքնաղ Ադելինան էր և` որոնք իրենց ջերմությունից շիկնած վարդագույն դեմքերով հիշեցնում էին Ապոլոնի հրաշունչ նժույգները Արշալույսի բացած դռներով ելնելիս...

Trois enavant! գոչում էր երիտասարդը և յուր նժույգներով պտտում ու սուրում դահլիճի շուրջը։ Նրան հետևում Էին ուրիշները, բայց հակառակ կազմվածքով. շատ տիկիններ ու օրիորդներ լծել Էին երիտասարդներին և վարում Էին նրանց` ինչպես Դիանաներ` իրենց Էրեներին։

Այ, դրուստն էս ա, չուն հմիկվա վախտը` աղջկերքն են տղերանցը լծում։ Ամա Էն ինչի՞ քու տղեն իմ աղջկանն ա լծել, սաբաբն ի՞նչ ա, հարցրեց ծիծաղելով հայր Մարկոսյանը` իրենից անբաժան Կիրիլ Կարպիչին։

Մարկ Իվանիչ, էդենց էլ ա լինում. խան մեկն ա լծում, խան մեկելը. դու ասա ճամփեն դրուստ գնան, չվերննգնեն, թե չէ լծելուց ի՞նչ վնաս... այլաբանական հարցին այլաբանորեն պատասխանեց հայր Կամսարյանը։

Երբ Պետրոսն ու Ադելինան թև թևի տված մոտեցան ծնողներին, Մարկ Իվանիչը կատակով նկատեց. Աբա մի ասա, Պյոտր Կիրիլիչ, կռոների երկրումը, որ մնացել էիր, քիզ ո՞վ կուտար էս ղադա մեդալնիր ու խաչիր... Տես է՛, իստակ պոլկովնիկ իս դառի։

Ադելինան ու շրջապատողները ուրախ ուրախ ծիծաղեցին, մինչդեռ Պետրոսը կեղծեց թե ծիծաղում է, որովհետև Մարկոսյանի արած դիտողությունը մի տեսակ ցուրտ փչեց յուր ջերմացած սրտին։

Այսուամենայնիվ, պարկի ծառազարդ մի անկյունում ընթրիքի համար բացված սեղանը, որի վրա դրված արծաթ ու քրուստալ սպասները փայլում էին առատ լույսի առաջ, իսկ տեսակ-տեսակ ակրատն ու գինին գրգռում նույնիսկ կուշտ մարդու ախորժակը, ցրեցին նաև երիտասարդ Կամսարյանի տխրության հովերը և հավատացրին նրան, թե ավելի լավ է վայելել քան թե մտածել...

Այդ բանին, մանավանդ, լավապես օգնեց Մարկ Իվանիչը, որ սեղանը բոլորող փոքրիկ հասարակության խնդրանոք դարձավ կառավարիչ։ Առաջարկած կենացները նա համեմում էր զվարթ կատակներով և երբեմն, մինչև իսկ, հաջող սրախոսություններով, այնպես որ ընթրողներն ավելի ծիծաղում, քան ուտում էին։ Զարմանալի էլ չէր, որ այսպիսի ընդունակ կառավարչի շնորհիվ, դեռ երկրորդ կերակուրը չբերած` շիշերի գինին կիսից ցած լիներ, իսկ երրորդն սկսելուց` արդեն վերջացած։ Այս կշռաչափը թեպետ մեծ բան չէր «լավ խմողի» համար, բայց Բորժոմի պարկում ընթրողին պատշաճ չէր դրանից ավելին վայելել, ուստի պետք է ընդունել, որ այդքանով էլ մեր հյուրերն արդեն զվարթացած էին։

Քաղցրեղենը բերելու ժամանակ ընթրողների տրամադրությունը այնքան էր քնքշացել, որ կարծես թե ահա', ուր որ է այդ բոլորը պիտի ձուլվին մի սրտի և մի հոգու մեջ։ Այսպիսի հաջող տրամադրությունից օգտվելով, Լիդիա Պավլովնան, որ բոլոր ժամանակ զվարճանում էր Պետրոսի և Ադելինայի միմյանց հետ փոխանակող քաղցր ժպիտներն ու հայացքները դիտելով, կամ նրանց գողտրիկ սիրախոսությունը լսելով, իբրև թե արդեն համբերությունից ելած, ժպտալով բւսցականչեց.

Դե վերջ տվեք, էլի...

Դրուստ ա ասում, վերջ տվեք... հարեց իսկույն Մարկ Իվանիչը և քահ-քահ ծիծաղեց։

Եվ որովհետև բոլորի համար պարզ էր թե ինչի՞ մասին է խոսքը, ուստի Կիրիլ Կարպիչը, որ ամեն բանի մեջ սիրում էր հանդիսավորություն, բարձրանալով տեղից` բռնեց որդու ձեռքը և տալով Մարկ Իվանիչին, ասաց.

Ահա՛ քու փեսան։

Տիկին Մարկոսյանը հետևելով նրան, առավ աղջկա ձեռքը և տալով Կիրիլ Կարպիչին, հարեց.

Էս էլ քու հարսը...

Թե՛ Պետրոսի և թե՛ Ադելինայի դեմքին խաղացին լուռ երանական ժպիտներ։ Դրանով նրանք իրենց համաձայնությունն էին տալիս ծնողների արածին։

Շնորհավոր, շնորհավոր, գոչեցին այս ու այն կողմից։

Մատանին տուր, խնամի, մատանին, բացականչեց Մարկ Իվանիչը, իբրև գործնական հայր։

Լիդիա Պավլովնան ընտրեց յուր մատի մատանիներից ամենաընտիրն ու թանկագինը և հագցնելով Ադելինայի մատին, համբուրեց նրան և ասաց.

Սա թող լինի մեր զադատկան (առհավատչյան)։

Ես էլ հմի իմ փեսին, ասաց տիկին Մարկոսյանը և չիփ-չափ համբուրվեցավ Պետրոսի հետ։

Շնորհավոր, շնորհավոր, կրկնեցին ձայները։

Շամպա՛յն, շո՛ւտ. Էս գինիքը դուս տարեք, հրամայեց Կիրիլ Կարպիչը և ծառաները մի ակնթարթում անհետացրին սեղանի վրայից նորոգված շիշերի մնացորդը (որ մի քիչ հետո իրենց պիտի հարկավորվեր) և նրանց փոխարեն շարեցին Roederer-ի շամպայնը։

Շնորհավորանքներն ու բարեմաղթություններն ընդհանրացան։ Նույնիսկ հարևան սեղաններից բարեկամ մարդիկ մոտեցան և շնորհավորեցին հանպատրաստից տեղի ունեցած նշանադրությունը։

Եվ սակայն այս ամենը կատարվեց այնքան տարօրինակ կերպով, որ ոչ ոք մտածեց հարցնել տղի կամ աղջկա համաձայնությունը։ Եվ երբ այս մասին մի հոռետես իր դիտողությունն արավ, Մարկ Իվանիչը հրամայեց, որ Պետրոսն ու Ադելինան պատասխանեն նրան իսկույն։

Երիտասարդն ու օրիորդը հասկացան տրված հրամանի նշանակությունը և քաղցրաժպիտ մոտենալով իրար` ջերմագին համբուրվեցան։

Ուրախության բացականչությունները սկսվեցան նոր ուժով և շամպայնը նորոգեց յուր շրջանառությունը։

Մինչև այստեղ որ հասանք, էլ հույս ունիմ իմ ընթերցողները չեն պահանջիլ, որ ես իմ պատմությունը շարունակեմ։ Որովհետև լավ գիտեն թե այսպիսի մի նշանադրության ի՞նչ է հետևում. հարկավ պսակադրություն, շքեղ հարսանիք և մեղրալուսնի ճանապարհորդություն... իսկ այնուհետև գալիս է ամուսնական խաղաղ ու քաղցր կենակցությունը, մինչև ցնոր կարգադրություն...

Իսկ Չիբուխլո՞ւն... Սևա՞նը...

Նրանք դարձյալ մնացին իրենց տեղն անշարժ, անփոփոխ, ինչպես հարազատ մասունք անփոփոխելի հավիտենականության...

Be the first who will comment on this

Other parts of "Առաքյալը"

Yatuk Music
The Resurrection Of Christ
George Gurdjieff

The Resurrection Of Christ

The Conversation, 1969
The Conversation, 1969
Play Online