Muratsan

Առաքյալը

4

էն ա ես նոր մեկելանց կցեցի ուտիլը։ Տասը մնուտ չքաշեց, քու արևը, էրկու իշխանն էլ մաքրազարդեցի, ինչկլի գլխների ղողերն էլ (ուղեղն) թամուզ ծծեցի, կուլի մնացած գինին էլ վրան քամեցի ու եդ նստա։

Ապրես, տեր-Վանի, ապրես, կերածդ քե հալալ, ասեց վանահայրը; Մնացած վարդապետնին էլ գուվեցին ինձ. ամա դե Սոլոմոնի սրտին որ դանակ խփիր, արյուն չէր դուրս գալ, մին ընդյուր հմար, որ մարջը տանուլ էր տվել, մին էլ ընդյուր, որ ինքը վանքի տնտեսն էր, նըհախ (իզուր) տեղը հինգ իշխան էր կորցրել, Էդ ո՞նց պտեր մոռանալ։ . Ա՛յ, Էդ օրվանից դեսն ա, դիփ իմ հունարը ճանաչում են։

Կամսարյանը, որ քիչ առաջ լսում էր քահանային հևտաքրքրությամբ, հուսալով թե նրա զրույցից կարող է քաղել «պիտանի» տեղեկություններ, այժմ արդեն ձանձրացավ, տեսնելով որ նա այդքան երկար խոսում է միայն շատ ուտելու վրա, կամ գովում է յուր որկրամոլությունը այնպիսի պարծանքով, ինչպես մի ուրիշը կգովեր յուր քաջությունը, կամ մեծ գործերը։ Այդ հանգամանքը նույնիսկ շարժեց երիտասարդի դժգոհությունը, այն պատճառով, որ նրա առաջ բացավ դարձյալ գյուղացու ցավերից մինը և հիշեցրեց նրան թե` որքա՞ն անհրաժեշտ էր իրեն` հավատարեմ մնալ յուր ուխտին։ Ուստի նա կտրուկ և մի քիչ էլ կոշտ ձայնով հարցրեց.

Տեր-հայր, դուք ուտելուց զատ ուրիշ բանի մասին չե՞ք կարող խոսել։

Քահանան հասկացավ տրված հարցի ոչ-հարգական նշանակությունը և լուրջ կերպարանք առնելով, պատասխանեց.

Ընչի՞ չեմ կարող, որդի, հենց դրա՞ համար չեմ եկել ըստի։ Էլվախտ (քիչ առաջ) ախար իմ տիրացուն ասեց թե էն Թիֆլիզից աղան եկել ա, որ մեր շենըմը կենա. թե Թարսաչայի ըսմատրիտելը (վերակացուն) ասել ա, միթոմ, դու եկել ես ըստի ապրես ու մեր գեղացուց օգնես, բախտավորացնես։ Ասի` աստծու խեր խաբարը քե, ա Մոսի, էդ ի՛նչ լավ բան ես ասում. մեր գեղն հենց դհե (այդպիսի) մին մարդի ա կարոտ... ամա չըլի՞ թե սխալվում ես, յա քե հետ զարաֆաթ (կատակ) են արած, ասավ գիտում չեմ. լսածս եմ ասում։ Հմի ես էլ եկա, որ իմանամ, թե էդ բանը ղո՞րդ ա, թե՞ սուտ։

Պետրոսը հանկարծակիի եկավ, նա այդ տեսակ հարցի չէր սպասում, ուստի և չիմացավ ի՞նչ պատասխանել։

Մինչդեռ տանուտերը, իբրև թե հյուրի դիտավորությանը լավ տեղյակ, շտապեց պատասխանել.

Հալբաթ որ զարաֆաթ են արե. քաղքցի աղա մարդ իմա՞լ կանա գեղ նստիլ. էն կուզա հմմեն յաներ շուռ գալ, գեղեր, քաղաքներ տեսնալ, ընդյուր խամար էլ կայներ է միր գեղ։

Դրուստն էդ կըլի։ Ախար ես էլ ասըմ եմ` նա ըստի ո՞նց կարա մնալ, հաստատեց քահանան, ապա դառնալով երիտասարդին` հարցրեց. ասել ա (կնշանակե) դու հմի ճամփորդութի՞ն ես անում։

Կամսարյանը գլխով հաստատության նշան արավ։

Ո՞նց ա, մեր գեղին հվա՞նում ես։

Երիտասարդը բացասեց, դարձյալ նշանով, չկամենալով կարծես խոսել։ Իսկ տանուտերը հարեց.

Աղան մեր գեղ ըսկի չըխավնիր, հմմեն գեղերեն փիսն էս ա, ասում ա։

Հա՞, բա էդ խի՞ չես հվանում, հարցրեց քահանան։

Սրա ի՞նչը հավանեմ, սա հո գեղ չէ, ավերանոց է, խոսեց վերջապես Կամսարյանը։ Այս դիտողությունը քահանայի ինքնասիրությունը գրգռեց, «ո՞նց թե իմ հովված գյուղին ավերանոց անունը տա», մտածեց նա երևի և տաքացած ասաց, տես հլա ի՞նչ ա ասում... ա՛, սրանե լավ գեղ կըլի՞... Բա էն արարած աշխարհի տեր թագավորը մեր Չըբըխլուին հվանել ա, էդ դու ո՞նց չես հվանում։

Որ թագավորը, հարցրեց Պետրոսը։

Հանգուցյալ Նիկոլայ Պավլիշը, բա մանում չե՞ս։

Ո՞նց է հավանել, չեմ իմանում։

Ընենց ա հվանել, որ եկել ա մի գիշեր ըստեղ կացել։

Այդ ես չգիտեմ։

Բա խի՞ չես գիտում, հուսում որ առնըմ եք, ըսենց բաներ կարթըմ չե՞ք։

Այդ մեկը չեմ կարդացել։

Դե հեն ա, ասա, մենծ բաները թողնում եք, պուճուր բաները կարդըմ լի՞, նկատեց քահանան, իբր թե կամենալով ստացած վիրավորանքի փոխարենը հատուցանել։

Դա մեծ բան չէ, մի հասարակ տեղեկություն է, նկատեց երիտասարդը։

Բա որ մենծ բան չի, խի՞ հրեն Սևանա սուրբ Աստվածածնի եղցու զավթումը գրած կպցրած ա թե` «37 թվին, Հոկտեմբերի 6-ին, չորեքշաբթի օրը մեծազոր կայսր Նիկոլայ Պավլիչը եկել ա մեր Չըբըխլումը մին գիշեր կացել»։

Կարող է պատահել։

Ո՞նց թե կարող ա պտահել, քե ասըմ եմ պտահել ա, բա հայեվար չեմ ասը՞մ։

Հավատում եմ, էլի։

Բա որ հվատում ես, խի՞ մեր գեղին հավան չես կենում։

Կամսարյանն այս անգամ չկարողացավ ծիծաղը զսպել և վեր կենալով տեղից, ասաց.

Դե որ այդպես լավ գեղ ունեք, տարեք ինձ ցույց տվեք։

Լավ, գնանք, ասաց տեր-Վանին և վեր կացավ տեղից։ Տանուտերը նույնպես ընկերացավ նրանց։

ԺԱ

Գյուղամիջից անցնելիս նրանք հանդիպեցին հիսունը անցած մի կարճահասակ, փոքրադեմ, խուզած մորուքով, սուր հայացքով և գոտեպինդ հագնված մարդու, որ չնայելով տարիքին, ճանապարհն ընթանում էր ժրությամբ։ Մոտենալով քահանային, նա հանեց մորթե գդակը, «օրհնյա՛ տեր» ասաց և ապա նորեն գլուխը ծածկելով, բարևեց տանուտերին և նրա հյուրին։

Աստված օրհնեսցե, ո՛ւստա Պետի, էդ ո՞ւր ես գնում, հարցրեց քահանան։

Ա՛ դեր, ասըմ են Խոջան եկել ա, հրաման ա բիրել, որ էն խեղճ Սայու տունը վեր գրի, գնըմ եմ տենամ կա՞րամ խնդրեմ, աղաչեմ, բալքի թե (գուցե) մարդ ա, սիրտը ռահմ (գութ) ընկնի, մի քիչ էլ ա մոհլաթ (միջոց) տա։

Ա՛ Պետ, ես Խոջին տեհա, գնում էր Սեմենովկա, ասեց էգուց եմ եդ գալու, հայտնեց քահանան։

Հա՞։

Հա։

Դե էն ա, ասա, գնացել ա պրիստավի եդնից էլի՞, չուն պրիստավը էրեկ ընդեղ էր... էդ հու բանը դժարացավ, գուշակեց գյուղացին։

Դե խի՞ ա դժվարանում, թե մոհլաթ տալու ըլի, էգուց էլ կըտա, հուսադրեց քահանան։

Չէ, ա դեր, պրիստավը որ եկավ, բանը խարաբ կըլի. ռուս մարդ ա, լյուզուն գիտում չենք, խոսքը հըսկանում չենք, «պաշոլ դուռակ» ա ասիլու, հու խեղճի էլած չէլածը փեչատի (կնքե), նրա հետ մենք ո՞նց խոսանք։

Ա՛ հրես խոսողն ըստի չի՞, ասլանի տոլ կանգնած, ռուսի լյուզուն էլ գիդա, փռանգինն էլ, ասաց քահանան, ցույց տալով Կամսարյանին։

Հա՛, դե ո՞ւր ա, էդ հու ասծու օղորմութինը կըլի։

Ի՞նչ բան է այդ, հետաքրքրվեց երիտասարդը։

Ըստեղ մի գեղացի ունենք, Խոջա Միրզին փող ա տալացուկ (պարտ), սա ուզում ա բարեխոսի, բալքի թե Խոջան մի քիչ էլ ա մոհլաթ տա, բացատրեց քահանան։

Պարտականը, երևի, դրա ազգակա՛նն է, հետաքրքրվեց Պետրոսը։

Չէ, հեռու մարդ ա, ամա դե սրա հմար դի՛փ էլ ազգական են։ Ով որ էս գեղըմը նեղության մեջ ըլի, սա պտի վազ տա քյոմակ անի (օգնի)։ Աստոծ օրհնի, լավ ջան (հոգի) ա։ Ամա մին փիս խասյաթ ունի, շատ ա ճշմարտախոս (ասենք ղազախեցիք դիփ ըդենց են. սա էլ Ղազախիցն ա քոչած)։ Հարիր անգամ ասել եմ` ա՛ Պետ, խոսքն ընենց մարդու ճակատմեջին ես խփըմ, որ նա շշկլվում ա, ըդենց մ'անիլ, որդի։ Ասում ա չէ՛, ա դեր, դու գիտում չես, լավն հենց էդ ա։

Ի հարկե, լավը նա է, որ մարդ ճշմարտախոս լինի և խոսքը ճակատին ասե, հաստատեց Կամսարյանը։

Բա՛, դո՞ւ էլ ես ըդենց ասըմ, դե էն ա, ասա երկուսդ մին դինի (հավատի) մարդիկ եք, էլի։ Դե որ ըդենց ա, ե՛կ ծանոթվիր էս ուստին։ Ա՛ Պետ, գի՞տում ես սա հո՞վ ա, դարձավ քահանան գյուղացուն։

Չէ, գիտում չեմ, պատասխանեց վերջինս։

Սա Թիֆլիզից ա եկել, հուսումնական տղա ա. մեր մհալները (գավառները) ման ա գալիս, տենում ա, քննում ա. կըլի որ էդ տեհած, քննածն էլ գիր շինի, յա գազեթ գցի։ Ամա դե մեր գեղին հավան չի կենում։ Վախում եմ մեզ վրա փիս բաներ գրի։ Հմի էս ա տանում եմ շենը ման ածեմ, բալքի չըտեհածը տենա, հվանի։ Դու էլ մեզ հետ ե՛կ, ղոչաղ մարդ էս. կըլի մի-մի հետ էլ դո՛ւ սրա ջուղաբը տաս, ասաց քահանան ծիծաղելով։

Լավ կըլի. գնանք, համաձայնեց գյուղացին։

Տեր-հայր, ես գիր շինող, կամ գազեթ գցող չեմ. ինչու այս մարդուն սխալ տեղեկություն ես տալիս, նկատեց Կամսարյանը ժպտալով։

Դիփ մեկ ա, Էսօր չըշինես, մեկել օրը կըշինես, յա չէ մին տարուց եդը։ ուսումնականներին ես լավ եմ ճանանչում։ Գալիս են ըստեղերք ման գալիս, բաներ տենում, լսում, իմանում, եդո գնում։ Անց ա կենում մին, Էրկու, իրեք, յա չէ հինգ տարի։ Մին էլ տենում ես էն բաները որ ըստեղ տեհել իմացել են, դիփ մին-մին դուրս են տվել գազեթում։ Մարդ արմանում ա թե` ախպեր, բա էդ տնաքանդնին էս հինգ տարվա միջումը ըսկի մի բան էլ ա մտահան չարի՞ն։ Մի հետ ըստեղ մի թեմական էր եկել, հոգևոր տերի հրամանովն ուղում էր րեխանց հմար հուսումնարան բանա, անունը Պռոշյանց էր, գիտում չեմ, ճանաչում ես թե չէ։

Ճանաչում եմ, ասաց Պետրոսը։

Հա, ուզում էր բանա։ Ղորթ ա, էլլիկը (ժողովուրդը) փող չուներ, հուսումնարանի բանը գլուխ չեկավ, ամա դե ինքը խի՞ լավ մարդ էր. հետը քաղցր զրից ինք անում։ Չուն նրա մին գիրը Դիլի ձեռքս էր ընկել, կարդացե՛լ ի, գիտում ի, որ լավ գրող ա։ Մին օր հարցրի թե պարոն թեմական, էդ հին-հին բաները ո՞րդից ես մացել, որ գրել ես։ Ասավ` րեխությունից։ Ասի` բա էդ ո՞նց ա, որ քսան, էրեսուն տարումը մոռացել չես, դիփ ընենց սարքին գրել ես։ Ասավ` ընենց ա, մոռանալ չեմ։ Ասի` բա խի՞ ես մոռանում եմ։ Ասավ` ընդուր, որ աստոծ քու գոգրեն ուրիշ թահր ա շինել, իմն ուրիշ։ Ասի` բա խի՞ իդենց շատ եք գրում. ախր մինը գրըմ եք բոլ ա (բավական է), էրկուսը գրըմ եք բոլ ա. խի որ ճոնդը կցումեք, էլ բաց չեք թողնում։ Ասավ` ընենց ա, ճար չի լիլ, որ չգրենք ջաններս մղմող (ցեց) կընկնի։

Բա է՛, ասել ա հիվանդութին ա, էլի՞, զարմացավ Պետին։

Հիվանդութին ա, բա՞։ Չե՞ս տենում, մինը որ մեր շենից գնըմ ա արանը հունձի, ընտեղի դարաուսից (ճահճաջուր) խմում, գալիս ա ըստի` ջերմը բողազիցն ա կենում։ Տաքութինի թյունդ վախտը տել ա տալի (զառանցում է) ասում ա` «հրեն սատանեն էկավ, հրեն դժոխքը բացվել ա, յա չէ` հրեշտակնին կռիվ են տալի սատանոց հետ»։ Ասըմ ես. ա բալամ, ըստի սատանա չկա, ըստի դժոխք չկա, էդ խի՞ դհե բաներ ես խոսում։ Ասում ա` «բա քո՞ռ եք, տենում չե՛ք էն պուզավուր (եղջերավոր) մեծն սատանեն, որ հաքին կռացրած, ալավի (բոցեղեն) ջիդան (նիզակ) ձեռքումը, կըռքները (ատամները) ղրճըցնելեն հրես գալիս ա թե մեզ կուլ տա»։ Հմի ասելս էն ա թե` էդ հուսումնականնին էլ, ուզեն չուզեն, պտի գրեն, չուն` հուսումը որ առնըմ են, դհե մին հիվանդութին մտնըմ ա մեջները։ Իրանք էլ չեն գիտում, թե` խի են գրում, ամադեոր չըգրեն, սրտները կճաքի, յա ոնց որ թեմականն էր ասում, ջանքները մղմող կընկնի։

Տեր-Վանին, որ չէր մոռանում Կամսարյանի` «ուտելու» մասին արած վերջին դիտողությունը, այժմ արդեն աշխատում էր ոչ միայն զատ խնդիրների, գրողների կամ ուսումնականների մասին խոսել, այլև ընդունելով, որ երիտասարդը դրանցից մինն է (թեպետև նա հերքեց) կծու ակնարկներ էր անում նրա հասցեին։

Պետրոսը, սակայն, զվարճանում էր տեր-հոր այդ ուշադիր ջանքը տեսնելով։

Երբ նրանք մի քանի ծուռ անցքեր անցնելով հասան մի բարձր տեղ, քահանան կանգ առավ և երեսը դեպի ծովակը դարձնելով, ասաց Կամսարյանին.

Դե հմի մտիկ տո՛ւ ,տե՛ս, սրանե լավ գեղ կըլի՞. ա՛յ, դեսը մտիկ տո՛ւ, դենը մտիկ տո՛ւ. էս վերևի կապիտը տե՛ս... այս ասելով նա ցույց էր տալիս շրջակա լեռների, ծովակի և կղզու տեսարաններն ու գեղեցիկ հորիզոնը, որ պարփակում էր երկնքի պայծառ կապուտակը։

Դրանք ձեր գյուղի առավելությունները չեն, այլ բնության, նկատեց Կամսարյանը, այդպիսի առավելություններ ամեն տեղ կարելի է գտնել։ Ի՞նչ ունեք դուք ձեր գյուղում ձեր ձեռքով շինած, այն ցույց տվեք։

Ի՞նչ պտի ունենանք, ա՛յ էս տներն են, էս էյվանները, էս մարագները... հո տենո՞ւմ ես։

Տեսնում եմ, բայց դրանք տներ չեն, այլ ախոռներ, մարդ արարածը չպետք է ապրի դրանց մեջ։

Բա մենք խի՞ ենք ապրում։

Հենց ես էլ դրա վրա եմ զարմանում, թե ի՞նչպես եք կարողանում ապրել։

Գի՞ տաս ի՞նչ կա, աղա, մեջ մտավ ուստա Պետին, ես, ղորդ ա, հմի գեղըմն եմ ապրըմ, ամա շատ ման եկած, շատ աշխարհ տեսած մարդ եմ։ Ինձ որ ուստա են ասըմ, նրա հմար ա, որ փեշակով (արհեստով) դյուրգյար (հյուսն) եմ, քաղաքներում շատ եմ բանել։ Րևան էլ ըլել, Բաքու էլ, Թիֆլիզ էր։ Վերջն ամեն տեղից զզվել` եկել եմ էս գեղը մտել իմ շինած կոկալի (խրճիթի) տակը, թե ինչ ա, մի քիչ դինջ ապրեմ էս հալալ ու սայա (արդար և պարզ) մարդկանց հետ։ «Դու որ ըրմանում (զարմանում) ես, թե մենք ո՞նց ենք կարում էս ախոռներումն ապրիլ, ես ըսկի ըրմանում չեմ քո ըրմանքի վրեն. չուն քաղքի սիրուն տներումը ծնված, փափուկ ապրած, փափուկ մեծացած տղան ո՞նց կարա գիտա թե էս ախոռներումն էլ ապրիլ ա ըլում։ Ամա դե ես, որ տենում եմ, թե գյուղացին ո'նց ա գործ շինում, ո'նց ա ըռավոտից ինչկլի րիկուն քար ու քոլին կպչում, հողի հետ կռիվ տալի, արևի տակ քրտնում, ես կարամ ասիլ, որ էն թահր նեղութին քաշողի հմար էս ախոռնին էլ շատ են։ Չուն վաստակած ջանը, թիլացած ոսկրները դինջացնելու հմար, ամարաթ (ապարանք) չի՛ պետք, բավական ա, որ մի ծածկած քյունջ ըլի ու էդ քընջումը մարդ իրան փրտակի (ծածկի), միան էնքան ըլի, որ թոռ ու թացը չնեղեն, յա չէ քամին քրտնած մեջքը չսառցնի։ Էստեղ ոնց որ տղամարդը, ընենց էլ կինարմատը սաղ օրը գործ են շինում, չուն ցավերնին շատ ա, կարիքնին մենծ, պտի անեն որ ապրեն, ծերը ծերին հասցնեն, չանողը կմնա սոված, նրան ոչ աստոծ, ոչ էլ բանդան հաց կտա։ Դրա հմար ա, որ ըստեղի մարդը տան սիրունութենի, յա կարգ ու սարքի վրա մտածում չի, չուն սոված փորի հմար ամենից առաջ հաց ա հարկավոր, տկլոր ջանին էլ մի կտոր կտավ։ Դե մարդ որ էդ էրկու բանը զոռով ըլի ձեռք բերում, էլ ուրիշ բանի վրա ո՞նց կարա մտածիր։

«Այ՛, ուրիշ ա ձեր քաղքի բանը. ընտեղ փողը չիր ա (չոր միրգ, այսինքն` առատ). էնքանը բիրդան (միանգամից) ո՞նց են հվաքում, գիտում չեմ, միան էս կա, որ մինը թե աշխատում ա, տասը մուֆթա են ուտում, ո՛չ ջափա կա, ոչ նեղութին։ Մեր տեղը թե որ կնիկը մարդու ղադար (չափ) չըքրտնի, տանը կեսը կմնա սոված, ամա ընդի կնանիքը դիփ պարապ են ման գալի։ Ձեր էն Սադարի (փոխարքայի) տան ռաշի քուչեն չըկա՞, ընդեղով շատ եմ անց կացել։ Էդ քուչեն ըռավոտից ինչկըլի րիկուն ման եկողով լիքն ա ըլում. մարդ որ մտիկ ա տալի, մնում ա ըրմացած, թե բա էս մարդիկը բան ու գործ չունե՞ն, էս խի՞ ըսենց պարապ ման են գալի։ Տա չէ էդ կնանիքը, էդ աղջկերքը ես հարիր ասեմ, դու հազար ասա, դիփ հագված զըրթարված, քարեղաննին վրա, թուբուն-թուբուն (խումբ-խումբ) կռնափռնուկ (թևանցուկ) ծիծաղելով, հոհռալով, բաշ-աշաղա, բաշ-յուխարի (գլխիվայր, գլխիվեր) գնում, գալիս են։ Մտածում ես, թե բա սրանք տուն չունե՞ն, տեղ չունե՞ն, քյուլփաթ (զավակներ) չունե՞ն, կար ու կարկատան չունե՞ն, հաց ու լվաց չունե՞ն, էդ խի՞ ամեն բան թողած, ըստեղ բոլթա են քաշում (ճեմում են)։

«Մի օր էս բաները հարցրի մեր խաչթառակցի վարժապետին, նա գլուխը ժաժ տվավ հու ասեց. ունին, բա չունի՞ն, էդ կնանունց մեծ փայը մարդ էլ ունին, րեխեք էլ, տուն ու տեղ էլ, ամա դե դիփ վեր են ածում հու գալիս ըստեղ բոլթա քաշում։ Աստոծ, ասավ, հաստատ պահի թագավորութինը, բոլ (շատ) հուսումնարաննի ա շինել, րեխերքը ըռավոտանց ղրկում են ընտեղ, մարդիկն էլ գնըմ են իրանց քյասիբութենին, էդ վախտը էնա կնանուց աստղը աչըլմիշ ա ըլում (բացվում է), շուտ են անըմ հագվում, զուգվում, զրթարվում, անուշ հոտերը վրան շաղ տալի, տունը ու տեղը թողնում նոքարի աբով (հուսով), թե պստի րեխերք էլ ունեն, նրանց էլ ծծմերի յա ղարավաշի (աղախնի) վրեն վեր գցում ու իրանք դուրս պրծնում, գալիս ըստեղ սեյր անում. մինն` իրա դոստի (բարեկամի), մեկելը սիրականի հետ, շատերն էլ հենց մենակ չանեն ցից արած` չափում չափչըփում են քուչեքն ու մեյդաննին։ Էնեցներն էլ կան, ասավ, որ հվաքվում են իրանց մի թայդաշի (ընկերուհու) տունը ու օրը ցերեկով նստում, ինչկըլի ճաշի վախտը ղումար խաղում։ Եփ տղամարդի տուն գալու վադեն հասնում ա, գալիս, հետը հաց են ուտում ու նրա դուս գալուց եդը, էլ մեկել նորից տուն տեղ թողնում, գնըմ ղումար-բազխանեն... աստոծ վկա, ասեց վարժապետը, էս թահրի կնանոց հյոքմը (իրավունքը), որ ինձ տան է՛, ղիփունանց մի թոկով կկապեմ հու բերեմ Սևանն ածեմ։ Ասի, ա բալամ, էլ խի՞ էդ զիբիլները բերում Սևանն ես ածում, ու նրա անմահական ջուրը մուրտառում, հազիր էլ լղլղած Քուռն ածես պրծնես։

«Ըսենց էրկանցնելիս միտքն էն ա, որ ասեմ թե քաղաքումը, որ դհե շատ փող կա, հալբաթ մուֆտա ապրողնի էլ շատ կըլեն։ Դե քե այան ա (հայտնի), որ մուֆտա ապրողի իշտահը համեշա (միշտ) բաց կըլի. էսօր որ մին կերակուր ա ուտում, էգուց` էրկուսը, իրեքը, յա չորսը կուզի. էսօր որ բուրդ ա հագնում, էգուց աբրեշում, զառ ու զարբաբ կուզի, էսօր որ մի էտաժանոց տան է կենում, էգուց էրկու յա իրեք էտաժանոց կուզի, դհենցով ջանը դուս գա աշխատողին, ուտիլն էլ կբոլանա, հագնիլն էլ կճխանա, տունն էլ կսարքվի, քաղաքն էլ կզարթարվի։ Ամա դե ըստեղ ոչ հեշտ աշխատիլ կա, ոչ մուֆթա ուտիլ. դրա հմար էլ կարում չեն սարք ու կարգի եգից ընկնիր։ Այ, հրես էս կտուրն անցնենք, ե՛կ մտիկ տու տե՛ս, մեր կնանիքն ի՞նչ են անում, տե՛ս ձերունք ըսկի սրանց քաշած նեղութենի հարիր փայից մինը կարա՞ն քաշիլ...»։

Այս ասելով, ուստի Պետին ուղեկիցներին առաջնորդեց դեպի մոտիկ կալը, ուր այդ միջոցին մի մայր, երկու հասակավոր և մի փոքր աղջիկ, ութամյա մի տղայի հետ, զբաղված էին ցորեն կալսելով։ Մայրը եղանը (հեծանոց) ձեռքին, պտտում էր կալի շուրջը և շարունակ հասկերը հավաքում կալա մեջ, ուր պտտում էին երեք զույգ կամներ։ Դրանցից երկուսը լծած զույգ եզներով, վարում էին երկու մեծ աղջիկները, իսկ երրորդը, որին լծած էր մի մատակ, վարում էր փոքրիկ, հեծնորդ եղբոր օգնությամբ։

Արևը թեպետ այրում էր վերևից, սակայն կալսողներն աշխատում էին ժրությամբ։ Երկփեղկ կամները, որոնց վրա ամուր կանգնած էին աղջիկները, պտտում էին կալում զույգը զույգի հետևից և իրենց կայծքարե սրածայր ատամներով անտեսանելի կերպով ցողունը կարտում, հասկերը տրորում և կալի հարդածածկ մակերևույթի վրա ցորենը փռում։ Փոքրիկ տղան շարունակ երգելով, կամ ճչալով խրախուսում էր յուր ձին, որ առաջնորդում էր եզներին, մինչդեռ աղջիկները համեստ ու լռակյաց, երբեմն միայն հարվածում էին ամոլներին, երբ սրանք ծանրացնում էին իրենց ընթացքը, կամ ցռուկներն իջեցնում դեպի փափուկ հարգը, մի քանի ցողան հափշտակելու հուսով։

Տեսնո՞ւմ ես, մատնացույց արավ Պետին աշխատողների վրա, սրանք Ավանանց րեխեքն են։ Հերը` մենծ տղի հետ հրեն հանդումը ուրիշի հունձն ա անում, թե ինչ ա, կարա մի քանի շահի տուն բերել, ըստեղ էլ կնիկն ու աղջկեր իրանց կալն են կալսում։ Չորսն էլ կինարմատ են, էն պստիկն ա տղա. ամա դե դիփ էլ տղամարդի բարեբար գործ են շինըմ։ Հենց գիտում ես հե՞շտ բան ա էս կեծ արևի տակին սաղ օր կաղնիլն ու պտիտ պտիտ անի՞լը։ Ձեր խանըմներից (տիկիններից) մինը, թե որ հինգ մնուտ էս կամներից մնի վրեն մնա, գլուխը շուռ կտա, տափը կպրանի (վայր կընկնի)։ Հրես դու էլ տղամարդ ես, ամա կարում չես տաքին դիմանալ, զոնդիկը բռնել ես, որ արևով չընկնես։ Ամա էն ջահել աղջկերքը, տե՞ս, ըսկի այնումընին (հոգերնին) ա՞, ուրախ-զվարթ իրանց գործին են։ Էս ա, երկու սհաթից ետը բանը քութահ կանեն (կվերջացնեն), Ավանն էլ տղի հետ հանդից կդառնա երկսով, յա իրեքով, եղանը ձեռք կառնեն, դարմանը քամուն կտան, մութը հլա չընկած, ցորենը տուն կբիրեն, դարմանը մարաքը կածեն, իրանք էլ կգնան ասծու տված մի կտոր հացը կուտեն ու կքնեն։ Հմի ասա տենամ, ըռավոտից իսչկլի րիկուն բանած, վաստակած էդ խալխի հմար շատ հարկավո՞ր ա, որ ամարաթ չունե՞ն, յա չէ փափուկ կողինք, որ միջումը քնե՞ն։ Ա՛յ, հենց էս կտրանը, յա չէ տանը տափի վրեն, մի խսիր են գցում հու պրանում. դժարն էն ա, որ աչքը հուփ կալան (փակեցին), ընենց դինջ քնում են, որ ասես դրախտումն են։ Ամա ձեր տեղը, էն ամարաթների միջումը. շատերը կարում չեն թե գշերը քնեն, փափուկ կողինքումը տապակ-տապակ են գալի։ էդ նրա հմար ա, որ գործ չեն շինում, ջանըներին ջափա (նեղություն) չեն տալի, թե ինչ ա, մի քիչ էլ ա հոգնեն, անուշ քնի համ տենան։ Հմի դու կասես թե ըստոնք էլ էդ ա մինջա (մի հատ) կալ ունեն, ըսօր կպըրծնեն, էգուց էլի պարապ են։ Ամա դե դհե չի։ Ա՛յ, ըստեղ համեցեք, ուրիշ բան շանց տամ։

Այս ասելով Պետին առաջնորդեց ուղեկիցներին դեպի մի ուրիշ կտուր և այդտեղից ցույց տվավ դիմացի տան սրահը, ուր մի քանի կանայք նստած բուրդ էին դիզում։

Տենո՞ւմ ես, ըստոնց կալաբանը վերչացել ա, ցորենը խորել են, դարմանը հվաքել. տան իրեք տղամարդից միննէն ա մալի (ապրանքի) հետ, մեկելը ձիանը առած, քրահտառություն ա անում, մինն էլ մեշումը տախտակ ա քաշում։ Կընանիքն էլ, տենո՞ւմ ես, պարապ չեն ըսկի, սանդերքը առաջներին` հայ-հայ (շտապ-շտապ) բուրդ են գզում։ Հրեն, էն պառավն էլ տենո՞ւմ ես, ճխարակի տակին, լուսինը չծեգած` նա ընտեղ նստած ճլվըզտացնում ա, հարսների գզած բրդից թահր-թահր (տեսակ-տեսակ) թել ա մանում. բարակը` շալի հմար, միջնարկը` գուլբի, մի քիչ հաստը կարպետի, չվալի, յա խուրջինի. քոլքի (տականք) թելիցն էլ չվան են գործում, յա յարիդ (թոկ) հլորում։ Ասենք էդ բաները հմի չեն անում։ Էս ա ձմեռը որ գա, ձյունը դուսը կոխի, մեր կնանոց ներսի գործը. ըտենց բաներ ա ըլելու։ Ա՛յ, տենյո՞ւմ ես էս չուխեն (կապա) ու շալվարը, սրանց թելը մերս ա մանել, շալը կնիկս ա գործել։ Էնքան պինդ ա, որ հինգ տարի կդիմանա, էս տոլաղներս (սռնապան) քվորս բանն ա. գուլպաներս իմ պստի աղջիկն ա արել։ Ուզում եմ ասել, որ մեր կնանիքը պարապ օր չունին. վարուցանից, հունձ ու կալից, չիր ու բլիթից եդը, գալիս են ըսենց բաները։ Հաց ու լվացը, կար ու կարկատանն էլ համեշա (միշտ) կա ու կա։

Ա՛ Պետի, բա խի՞ քու բիբու (մորաքրոջ) վեստանը (ոստայն) շանց չես տալի, հրեն էյվանումը երհանած, մատնացույց արավ քահանան։

Դե էն ա, տենում ա ըլի՞, նկատեց Պետին։

Տենում ա, հա՛, ամա դե մին ասա, թե էն ի՞նչ ա է՛։

Ի՞նչն է ի՞նչ, հարցրեց Պետրոսը։

Այ, Էն զորբա (զորեղ) սարը, շարունակեց քահանան, ցույց տալով տներից մեկի սրահում կանգնացրած գորգի ոստայնը. նրա Էրգենքը հինգ գազ ա, լենքը` իրեք։ Էն ա որ գյործեն պրծնեն, կարպետի էրգենքը տասը գազ ա դառնալու։ Էդ սրա բիբու տունն ա. չորս տղա ունի, չորս էլ հարս։ Էն ու գյորա (ըստ այնմ) էլ աստոծ պահած, բոլ թոռներ, տղա ու աղջիկ։ Նրանց կեսը հունձ ու կալով ա ըլած (զբաղված) կեսն էլ հրեն շար են ընկել վեստանի ռաջին, կարպետը գործում են։ Մին էրկու ամսից եդը պատրաստ ա ըլելու, հարիր մանեթն էլ ականջիցը կախ։

Կամսարյանը հետաքրքրվեց գորգի գործով և հարցրեց, թե արդյոք չի՞ կարելի մոտ գնալ ու նայել։

Բա խի՞ չի կարելի, գնանք, ասաց ուստա Պետին և առաջ անցավ։

Տան սրահին մոտենալուց, ոստայնի առաջ նստող հարսներն ու աղջիկները ոտի կանգնեցին, նրանցից առաջինները երեսները սքողեցին, մինչդեռ վերջինները հետաքրքիր աչքերով նայում էին եկողներին։ Գորգի գործին նայելուց առաջ, Կամսարյանի ուշադրությունը գրավեցին կանանց տարօրինակ հագուստները, որոնք, իրենց տեսակում, ներկայացնում էին տգեղության մի ուրույն տիպար։ Նրանք, իսկապես, որոշ ձև չունեին, այլ կազմում էին զանազան տարազների աններդաշնակ մի խառնուրդ։ Կանանց գլուխներն, օրինակ, կապված էին վիրականի նմանությամբ, մինչդեռ բերանները ծածկված էին քնթակալով, արցախեցվոց պես։ Հագուստնին էլ կարճ դերիա, որի տակից մոտ երկու թիզ երկարությամբ երևում էր, նուխեցի։ կանանց հատուկ, կարմիր ու լայն վարտիք. դերիայի վրայից կապած ունեին գոգնոց, իսկ նրա վրայից հագած թաթար կանանց բաճկոնակ։ Այդպիսով այդ հագուստը, որ մեծ մասամբ հին էր և պատառոտուն, ստանում էր մի տգեղ ձև, որ ավելի ևս տգեղացնում էր կանանց կազմվածքը, որն առանց այն էլ հեռուի էր գրավչությունից։ Նրանց մեջքերնին հաստ էր ու տափակ, փորերնին դեպի կուրծքը բարձրացած, դեմքերնին տգեղ, բերաննին մեծ, իսկ մորթերնին արևահար։ Կանանց ձևով հագած էին և աղջիկները, միայն այն զանազանությամբ, որ սրանց երեսները բաց էին և միայն գլուխները ծածկված հասարակ չթե աղլուխով։

Մինչդեռ Կամսարյանը զննում էր կանանց տգեղ արտաքինը և հիշում Աբովյանի «Վերք-ում կարդացած նկարագիրը հայ գեղջկուհու մասին, ուստա Պետին մոտեցավ ոստայնին, բացատրություններ տվավ նրա կազմության, թելերը հինելու, գորգը գործելու և այն կտրելու, կամ ոստայնի վրայից հանելու մասին։ Ապա դառնալով հարսներին ասաց,

Բի՛, խի՞ եք կաղնել, նստեցեք բան արեք, էս ղոնաղը ճանփորդ ա, ուզում ա տենալ` ո՞նց եք կարպետ գյործում։

Կանայք իսկույն իրենց տեղերը բռնեցին և գույնզգույն թելերը նորեն ձեռք առնելով, սկսան արագ-արագ գործել` յուրաքանչյուրն յուր բաժին հինվածքի վրա։

Այս անգամ արդեն Պետրոսը դիտում էր գեղջկուհիների գործը ճշմարիտ հետաքրքրությամբ, և զարմանում, թե ի՞նչպես նրանք, առանց առաջները որևէ նկար ունենալու, թելերի այդ պարզ հինվածքի վրա հետզհետե հանում էին կանոնավոր գծերով գեղեցիկ նկարներ, կամ թե ի՞նչպես մի քանի զույգ ձեռքերի զատ-զատ գործվածքը վերջն ստեղծում էր մի ամբողջ նկար։

Ա՛յ, սա լավ բան էր, սրան հավանեցի, ասաց Կամսարյանը, երբ նրանք հեռացան գորգ գործողներից։

Ա՛ մեր ո՞ր բանը չի լավ է՛, դու հլա ի՞նչ ես տեհել, պարծեցավ տեր-հայրը։

Այս խոսքի վրա նրանք անցնում էին մի ուրիշ տան բակով, ուր ընտանիքի մայրը և յուր երեխաները զբաղված էին մի տարօրինակ աշխատությամբ։

Բակի մի անկյունում տղաներից երկուսը մերկ ոտքերով ու սրունքներով կոխկրտում էին մի ինչ-որ սև զանգված, որի վրա երրորդը հետզհետե ցրում էր դարմանի ավելցուկ։ Մի փոքր հեռու, մայրը նույն զանգվածից մի մասն առանձին առած, մեծ ջանքով հունցում էր, իսկ միջահասակ մի աղջիկը կռները սոթտած, այդ հունցվող մասից շինում էր բլիթներ և ուժով զարկում տան արեգընդդեմ պատին, այնպես որ կրաշաղախով ծեփված այդ պատը, հետզհետե սևուկ բլիթներով ծածկվելով, ստանում էր մի շատ աղտեղի կերպարանք։

Այդ ի՞նչ են անում, հարցրեց Կամսարյանը։

Ցան են շինում, պատասխանեց տանուտերը։

Ցա՞ն։

Հա՛։

Ի՞նչ բան է ցանը։

Ցան չե՞ս գինալի, էն որ էսօր մեր օջախ կվառեր։ Ցան սրանք աթարին են ասում, հրեն էն, որ ընդի ամբյուղ տված (դիզված) ա, բացատրեց տեր-հայրը, ցույց տալով Կամսարյանին դիմացի բակում գտնվող քակորի կույտը։

Ի՞նչից են պատրաստում, հետաքրքրվեց Պետրոսը։

Չես տենում ինչի՞ց ա, հարցրեց քահանան։

Տեսնում եմ միայն սև-կանաչ գույնի մի ցեխ. կարծեմ մեջը խառնված է տավարի...

Ոչ թե խառնված ա, հենց ինքը տեղն ու տեղը տավարի թրիք ա, ընդհատեց քահանան և ապա կամենալով մի գիտական ծառայություն անել երիտասարդին, սկսավ բացատրել, թե ինչպես են պատրաստում աթարը։ Էս որ կա, ամենից լավ տեսակն ա, չուն տավարի անխառն թրիք ա։ Սրան էս, ա սըհենց թազա-թազա (թարմ) հվաքում են, հետը դարման խառնում ու պատի վրեն բլիթում։ էս որ չուրանա, ընենց ա էրիլու, ոնց որ խազալը (չոր տերև)։ Ամա էն մեկելը, որ ընդի դարսած ա, ըսենց չեն շինում։ Եփոր ձմեռը տավարը տանն ա ըլում, կյումումը (գոմումը) բոլ (առատ) թրքում ա. էն թրիքը հվաքում են դյուս բիրում հայաթն (բակ) ածում, նրա հետ էլ շատ վախտ խառնում են ձիան թրիք, յա ոչխարի կտիտ. ամա դե լավն էն ա, որ ըսկի չխառնեն, չուն նրանք լավ չեն էրում։ Ետո էդ հայաթի մեջ ածած թրիքը մի ղոլից կոխ են տալի մարդ թե անասուն, մի ղոլից էլ վրեն ավելացնում։ Գարունքին երբ որ տավարը դյուս ա գալի չոլ, հայաթի թրիքը շատ կոխ տալուց չուրացած ու տափակած ա ըլում։ Էն ա, սկսում են բահով կտրիլ ու մեկել երեսով արիվումը շարիլ։ Եփոր լավ չուրանում ա, սկսում են դարսիլ, դեզ շինիլ։ Վերջը էդ դեզի չորս ղոլը ցխով ծեփում են, որ անձրևից չթրջվի, յա արևից ցրիվ չգա։ Ում աթար էլ, որ գարունքին չորացած չի ըլում, նա էլ պահում ա, ամառը կտրում։ Ըսենցով ամեն մարդ իրա վառելիքի պատրաստութինը տենում ա, որ ձմեռը նեղութին չքաշի։

Եվ բոլոր տարին, ուրեմն, դուք այդ գարշահոտ քակո՞րն եք այրում, հարցրեց Կամսարյանը զզվանքից երեսը թթվեցնելով։

Էլ խի՞ ա գարշահոտ. դու որ սովոր չես, քե դհե ա թվում, ամա մեզ հմար ամոթ չըլի ասիլը, հլա մի քիչ էլ անուշահոտ ա, ասաց քահանան ու ծիծաղեց։

Կամսարյանի դեմքին խաղաց մի ժպիտ, որ արտահայտում էր խոր արհամարհանք։ Տեր-հայրը, սակայն, չըմբռնեց այդ ժպիտի նշանակությունը, մինչդեռ ուստա Պետին չկարողացավ լռել.

Աղա՛, մեզ վրա տենում եմ, ծիծաղում ես. դե որ դհե ա, մի ասա՛ տենեմ ո՞նց անենք. մեր հացն ընչո՞վ թխենք, կերակուրն ընչո՞վ էփենք, յա տունը ընչո՞վ տաքացնենք։

Ինչո՞վ է եփում կամ տաքացնում մալականը։

Փետով։

Դուք էլ փայտ վառեցեք։

Բա որ փետ չունե՞նք։

Ինչո՞ւ նա ունի։

Մեշան նրանցից մոտ ա, մեզանից հեռու, համ էլ նրանք հարուստ են, մենք աղքատ։ Էն փողը որ պտի տանք փետի, տալիս ենք մի ուրիշ պակասութենի. օրինակ, մի ձի ենք առնում, որ մեզ հմար բան անի, յա կով ենք ձեռ բիրում, որ նրա կաթով րեխանցը պահենք, յա չէ շորի, փալասի ենք տալի, որ մեր տանեցոց տկլորութինը ծածկենք. պակասութին շա՛տ, ես ո՞ր մինն ասեմ։ Էս տավարի թրիքն էլ, որ ուրիշ գեղերում տան ըռաջին կիտում են, շենը հուտացնում, մենք փետ ենք շինում, էրում, ըսենց ղեյրաթ (խնայողություն) անելին, յա նամուս պհելին խի՞ չես հվանում։

Դա ոչ ղեյրաթ անել է և ոչ նամուս պահել, այլ ուղղակի ծուլություն։ Օգտվում եք այն բանից, ինչ որ ունիք, ինչ որ պատրաստ կա, թեկուզ այդ պատրաստը լինի` կեղտ կամ ապականություն։

Ուրեմն, քու ասիլով մենք ծյուլ մարդիկ ենք, էլի՞։

Հա, ծույլ եք, ծույլ որ չլինեիք, հիմա այս սարերը ծառերով ծածկել էիք, անտառը բերել, ձեզ մոտեցրել։ Ժամանակով երևի այս լանջերը ծածկված են եղել ծառերով, ձեր պապերը նրանց անխնա կոտորել են, դուք էլ ահա, եկել մի շիվ չեք տնկում, ճարներդ կտրած, իհարկե, քակոր պիտի այրեք, ուրիշ ի՞նչ անեք։

Էդ քու ասիլով քակորը, որ փիս բան ա, մեջ մտավ քահանան, բա խի՞ աստվածաշնչում մարգարեն ասում ա` «ահա, ետու քեզ քակոր արջառո... և նովավ արասցես զհաց քո...»։ Ուրեմն, աստոծ էլ ա հրամայում, որ հացը քակորով թխենք։

Էհ, տեր-հայր, դու էլ մի քանի բան ես բերան արել, տեղի անտեղի խարջում ես... խոսք եմ ասում, խոսքս լսիր, նկատեց Կամսարյանը տաքանալով։

Ո՞նց թե մի քանի բան... ուզում ես սաղ Դավթի սաղմոսը, յա Առակյաց գիրքը, յա Ժողովորդին գլխից ինչ կըլի տակը անգիր ասեմ, մգյար դու տեր-Վանուն ընչի՞ տեղ ես դրել։

Կամսարյանն այս անգամ նույնիսկ ուշադրություն չդարձրեց քահանայի խոսքերին և դառնալով Պետուն ասաց. Այո, բարեկա՛մ, այս ժողովուրդը ծույլ ժողովուրդ է. նա որ ծույլ չլինի, կաշխատի, մարդավարի կապրի, սա կյանք չէ, որ նա վարում է. սա գյուղ չէ, ուր նա ապրում է. նայիր է՛. մի կոտրված ձեռք չի գտնվել այս ամբողջ շենի մեջ, որ մի տեղ գոնե մի հատ ծառ անկե... սա խայտառակություն չէ՞։

Այս ասելով նա դարձավ տանուտերին և ցանկություն հայտնեց տուն վերադառնալու, որովհետև ման գալուց արդեն հոգնել էր։ Քահանան ու Պետին բաժանվեցին նրանցից, իսկ տանուտերն յուր հյուրին առաջնորդեց դեպի տուն։

ԺԲ

Արևը մայր մտնելու մոտ, ծովակի կողմից սկսել էր փչել զով քամին, որին գյուղացիք սպասում էին ժամեժամ։ Նրա անելիք ծառայությունը մեծ էր։ Ցորենի խուրձերը կալսել, հասկերը տրորել էին, այդ քամին պիտի գար, որ դարմանը զատեր։ Եվ ահա կալերի վրա, որոնց մեծ մասը գտնվում է կտուրներին, սկսվել էր մեծ շարժում։ Ամեն տեղ ձեռքերը գործում էին ժրությամբ, եղանները բարձրանում ու իջնում էին և իրենց հետ միասին օդի մեջ մրրկում հարդի փոշեխառն վիժակներ։ Դրանցից քամին դարմանը խլելով տանում, փռում էր կալի եզերքին, իսկ ցորենը նորեն գետին իջնելով, կազմում էր մաքուր հատիկների կույտեր։

Կալերում սկսված այդ աշխատանքը գյուղի օդը տոգորել էր դարմանի մղմեղ փոշիով։ Երիտասարդ Կամսարյանը մի քանի տեղերից անցավ գրեթե փախչելով, որպեսզի օդում փոթորկվող այդ փոշիից ազատե թե՛ թոքերը և թե՛ հագուստը։ Երբ նա տուն հասավ, մի առանձին հաճությամբ նայեց սրահում դրված ինքնաեռին, որ հակառակ սպասածին, բավական մաքուր էր և որի մեջ ջուրը եռում էր արդեն։ Տան տիկինը սպասում էր ամուսնուն, որ սա գա թեյը պատրաստելու, ըստ որում գյուղերում այդ ոչ սովորական գործողությունը կինը յուր ուժից և իրավունքից վեր բան է համարում։

Թեյ խմելու մեծ ցանկությունը հիշեցրեց Կամսարյանին ճաշի պատրաստության բոլոր պատմությունը և զգուշացրեց նրան միջոցներ ձեռք առնել, մաքուր թեյ խմել կարենալու համար։

Ես լավ թեյ ունիմ, թողեք նրանից դնեմ, ասաց երիտասարդը և առնելով թեյնոցը, որ հենց նոր տանուտերը ստացել էր կնոջից, յուր ձեռքով լվացավ, մաքրեց հին կեղտերից և ապա տուն մտնելով, հանեց պայուսակից յուր թանկանոց թեյը, մի քանի պտղունց դրավ թեյնոցի մեջ, եռման ջրով մի անգամ ողողեց և ապա նորեն վրան ջուր լցնելով, դրավ ինքնաեռի վրա։

Էդ իմա՞լ օղողիր, չայի խամ կորսըվավ, նկատեց տանուտերը։

Չէ, չի կորչիլ. չայի վրա մի անգամ պետք է քիչ ջուր լցնել, թափել, որ փոշիից մաքրվի և ապա նորից լցնել, բացատրեց Կամսարյանը։

Մե խետ պրիստավ Էկավ մեր գեղ, մեզի ղոնաղ եղավ, ինչոր չայ ուզեցի քեզի պես վլամ (լվամ), էն չթորգեց, ասավ խարաբ կեղնի։

Պրիստավը չի հասկացել, կարճ կապեց Կամսարյանը։

Թեյը պատրաստելուց հետո, երիտասարդն յուր ձեռքով լվացավ նաև բաժակներն ու պնակները և սեփական սրբիչով սրբեց։ Ապա թեյն ածելով, բաժակներից մինը դրավ տանուտերի և մյուսն յուր առաջ։ Հետո հանեց նույնպես մաքուր քսակից շաքար և դրավ մեջտեղ։

Տանուտերն յուր բաժակն առնելով մի ումպ ճաշակեց և բացականչեց.

Օխա՛յ, էս ի՞նչ անուշ ա. իմա՞լ մեր չայ իսենց խոտ չի տալում։ Էրևում ա, մենք շինել չենք գինա։

Չէ, ոչ թե շինել չգիտեք, այլ ձեր չայը լավ տեսակից չի լինում, լավ տեսակը թանկ է։

Խա, իդե՞նց ա, համաձայնեց տանուտերը։

Բայց ինչպես երևաց, վերջինս չար աչք էր ունեցել, երիտասարդը դեռ բաժակը բերանը չէր տարել, որ նոր բարձրացած մի քամի, հարևան կալի կողմից, բերավ մանրամաղ դարմանի փոշին ու տանուտերի սրահը լցրեց։ Պետրոսն իսկույն փակեց աչքերը փոշիից նրանց ազատելու համար։ Ապա` երբ քամին անցավ, առաջին բանը, որ նա տեսավ, յուր թեյի բաժակն էր, որ ամբողջովին ծածկվել էր դարմանով ու փոշիով։

Ֆու, ի՛նչ խայտառակություն, շշնջաց նա ինքնիրեն և բաժակն առնելով, թեյը թափեց գետին։

Էդ իմ՞ալ դեն ածիր, դարման ա, բան չկա. ա՛յ, ձեռքով դուս խանեմ, հմմենը կթամըզի, ասաց տանուտերը և մատները խրելով յուր բաժակի մեջ սկսավ դարմանի փշուրները հանել և ապա խմել։

Կամսարյանը թթված դեմքով նորեն լվացավ բաժակը, նորեն լցրեց և այս անգամ արդեն զգուշության համար պնակը դրավ բաժակի բերանին, որպեսզի մինչև սառչիլը փոշի-բան չընկնե մեջը։

Դժվար է, շատ դժվար է այստեղ ապրել, նկատեց Կամսարյանը գլուխը շարժելով։

Խա, քե նման աղա մարդու խմար դժար ա. ամա մեզ խմար խեշտ ա, հարեց տանուտերը և խոսակցությունդ այս անգամ սրանով վերջացավ։

Մութը կոխելուց տանուտերը կամենում էր ընթրիքի պատրաստություն տեսնել, բայց Պետրոսը ասաց, որ չի պիտի ընթրե, միայն խնդրեց, որ իրեն քնելու տեղ ցույց տա, որովհետև շատ հոգնած է և կամենում է հանգստանալ։

Տանուտերն առաջարկեց քնել ներսի տանը, ասելով, որ դրսում կարող է մրսել, որովհետև գիշերը ծովի կողմից երբեմն փչում է ցուրտ քամի։

Պետրոսն համաձայնեց և ներս գնաց, որ տեսնի թե ո՞րքան է այդ տունը հարմար, գոնե մի գիշեր քնելու համար։ Բայց ինչպես ցերեկով, նույնպես և այժմ, այդտեղ բուրում էր խոնավության ու ծուխի անախորժ հոտ։

Այստեղ չեմ քնիլ, ասաց նա և դուրս եկավ։

Էս մի օթախն էլ տես, թե խավնիս, իստեղ քնա, ասաց տանուտերը և բաց արավ սրահի վրա գտնվող մի ուրիշ դուռ։

Պետրոսը ներս մտավ։ Դա սենյակի նման բան էր, միջից ցածր ցանկով կտրված։ Առաջին մասը փոքր ի շատե մաքուր էր և պատի տակն ուներ տախտակաշեն մի թախտ։ Միայն թե այստեղից էլ փչում էր թրիքի չափազանց սուր հոտ։

Այս հոտը ո՞րտեղից է, հարցրեց Պետրոսը քիթը վեր քաշելով։

Էն մեկել յանը տավարի գոմն ա. խոտը նրանից ա. ամա տավար իստեղ չի, էն դրսի յանն ա, մինակ ձին ա կապած։

Դուք, ուրեմն, այստեղ նստում կամ քնո՞ւմ եք։

Խրամանք ես, ձմեռը շատ փայ էսոր մեջ ենք նստելում յա քնելում, ընդուր որ տավար մեչն ա ըլում, էդ պատճառի էլ տաք ա ըլում։

Պետրոսը գլուխը շարժեց և դուրս գնաց։

Այստեղ լավ է, այստեղ կքնեմ, ասաց նա ցույց տալով սրահում դրած թախտը։

Կամք խրամանքիդ ա, պատասխանեց տանուտերը և հրամայեց Սալբիին անկողին պատրաստել։

Մինչդեռ երիտասարդին պաշարել էր այն միտքը, թե ի՞նչ անկողին պիտի բերեն իրեն և թե արդյոք ինքը կարո՞ղ պիտի լինի քնել նրա մեջ, տանտիկինը դուրս հանեց գունավոր կտավի մի կապոց, որի մեջ խնամքով պահված էր մի ձեռք մաքուր անկողին։ Նա բացավ կապոցը, անկողինը պատրաստեց և հեռացավ։

Պետրոսը անկողնի մաքրությունը տեսնելով, հանգստացավ։ Բայց անհայտ անմաքրությունից ազատ լինելու համար էլ նա կարևոր համարեց հանել պայուսակից երկու մաքուր սավան, որոնցից մինը փռեց ներքնակի վրա, իսկ մյուսը` վերմակի տակից։ Երբ տանուտերը «բարի գիշեր» մաղթելով հեռացավ, Պետրոսն իսկույն հանվեց ու պառկեց։ Հոգնածությունն ու զով գիշերը անուշ քուն բերին երիտասարդի աչքերին։

Հետևյալ առավոտ նա աչքերը բացավ արշալույսից առաջ։ Եվ որովհետև այդ ժամին տանուտերի ամբողջ տունը ոտքի վրա էր, ուստի ինքն ևս շտապով հագնվեցավ։ Կամենալով լվացվել աղբյուրի սառը ջրով, նա յուր հետ առավ լվացման պարագաները և հարցնելով աղբյուրի տեղն ու ճանապարհը, ուղղվեցավ այն կողմը։

Ուղին, որ տանում էր դեպի ջուրը, անցնում էր մի թմբից, որի առաջ այդ վայրկենին բացվում էր բնության գեղանկար մի պատկեր, որի հանդիսարանը Գեղամա ծովակն էր։ Այդտեղից նայելուց երևում էր նրա ընդարձակ դաշտը, որ կարծես շրջակա լեռները ետ մղելով, ձգվում, տարածվում էր դեպի արևելյան հարավ, փայլելով առավոտյան վճիտ երկնքի տակ գորշ-կապույտ գույնով։ Թեթև մկանունքները հազիվ շարժում էին խաղաղ մակերևույթը, որ հեռվից թվում էր անշարժ ու միապաղաղ։ Քանի դեռ արևելքը չէր բոցավառվում, երկնքի վրա լողացող ամպերից նրա հոսանքներում անդրադառնում էին սպիտակ ու մոխրագույն շերտեր։ Բայց երբ նա շառագունեց, ծովակն սկսավ փոխել յուր պատկերը։ Շրջակա ափերը փայլփլում էին ոսկու պես, մինչդեռ խոր հարավը հետզհետե ներկվում էր քրքումի գույնով։ Մի փոքր ևս, և ահա արևի սկավառակը փայլեց Մարալ-Դաղի կանաչազուրկ կատարին և յուր առաջին ճառագայթներով սկսավ ոսկեզօծել լճի արևմուտքը բռնող Չիչեկլիի և հարավը փակող Յուչթեփելերի լանջերը։ Այդ տեղերից հետզհետե նրա շողերն իջնելով` վառում էին Սևանի մենավոր կղզին և ապա ծովակի ընդարձակ մակերևույթը, փոխելով նրա գեղածուփ մկանունքները ոսկու կամ արծաթի, և փայլեցնելով նրանց բյուր ադամանդ աչքերով։

Երկար դիտելով այդ գրավիչ տեսարանը, Կամսարյանը հանկարծ ետ նայեց դեպի գյուղը, տեսավ նրա գծուծ և տխուր պատկերը, հիշեց այն ամենը, ինչ որ մի օրում նա այդտեղ տեսել ու քննել էր և նրա սրտից ակամա դուրս թռավ մի հառաչանք։

Ա՛խ, եթե կարողանայի, եթե հնարավոր լիներ...

Այդ նրա բարի, գաղափարական «ես»-ի ձայնն էր, որ բնության հրաշափառ տեսարանի առաջ դարձյալ իշխեց հնչելու... բայց անձնասիրության «ես»-ն ևս քնած չէր այդ ժամանակ, նա էլ յուր կողմից շշնջում էր երիտասարդի հլու ականջին.

Իհարկե, չես կարող, իհարկե, անհնար է... այս ժողովրդի կյանքն ու վիճակը քսաներեք դար առաջ այսպես է նկարագրել Քսենոփոնը, քսաներեք դար հետո էլի այսպես կնկարագրե մի ուրիշ Քսենոփոն... այստեղ դու ոչինչ փոխել չես կարող։

Ըստ երևույթին այդ «ես»-ին էր վիճակված տանել հաղթությունը։ Որովհետև երբ երիտասարդն աղբյուրին հասնելով տեսավ նրա վիճակը, մի հորդառատ ու վճիտ աղբյուր, որ մարդկանց ծարավը հագեցնելու համար սողում-անցնում էր Այծեմնասարի ո՞վ գիտե քանի թաքուն խորշերից և հասնելով այստեղ, փոխանակ սրբատաշ ավազանում ցայտելու, անարգ ու անպատիվ գետահետում էր ընդարձակ տիղմի և անասունների արտաթորությանց միջով նա գլուխը շարժեց և ասաց.

Ոչ, անկարելի է, մեր ուժերից վեր է... դա միայն ցնորք է և բանդագուշանք. ես իզուր եմ այստեղ ժամավաճառ լինում։

Այսպիսի որոշման գալուց հետո, այսուամենայնիվ, աղբյուրի ականակիտ վիժակը հրապուրեց երիտասարդին։ Նա տիղմի մեջ ընկած քարերը կոխելով մոտեցավ սառ ջրին, առատորեն լվացվեցավ և երեսը սրբելով, վերադարձավ գյուղը։

Ինքնաեռը դարձյալ եռում էր։ Առաջին օրվա եղանակով Պետրոսը պատրաստեց թեյը և հրավիրելով տանուտերին, սկսան խմել և դրա հետ միասին էլ վայելել լոշից, պանրից և խաշած ձուերից բաղկացած մի նախաճաշ։ Դրանից հետո տանուտերը հայտնեց հյուրին, որ ինքը մի քանի ժամով մինակ պիտի ձգե նրան, որովհետև հանդումն անհրաժեշտ գործ ունի։

Իսկ ես կամենում եմ գնալ Սևանը տեսնել և հենց այսօր էլ վերադառնալ Դիլիջան, ասաց երիտասարդը, ինքն էլ զարմանալով, որ կարողացավ այդպես շուտ յուր որոշումը հայտնել ուրիշին։

Էս մի օրվա մեջ Սևան էթալ, դառնալ ու էստիեն մին է։ Դիլիջան հիջնել դժվար ա. ես քե ինենց եմ խեյրաթ (խորհուրդ) տալում, որ վանքեն դառնաս, գիշերն հանցնես մեր կուշտ, եդո էն բաշտան (առավոտանց) Սիմոնովկեն տրոյկը (սայլակ) ապսպրենք նստես էթաս։

Շատ լավ, այդպես կանենք, համաձայնեց երիտասարդը, ուրախանալով որ գործն այդպես հեշտ է վերջանում։ Հետո ուզեց իմանալ թե ինչո՞վ պետք է գյուղից գնալ մինչև Սևան։

Իստեղից ձի կխեծնես մինչև էն ճոճ թումբը, որ մեր հառեջն ի. ինոր մոտ կհիջնաս ծովի ղրաղ, ինտեղից թյուֆենկով ձեն կըտաս, գյամըչին կգյա, կառնի կտանի։

Ձիու հետ միասի՞ն։

Չէ, ձին կթորգես ծովի ղրաղ։

Կամսարյանը խնդրեց, որ տանուտերը տնից ելնելուց առաջ, վարձե յուր համար ձի, այլև մի ընկեր, որ առաջնորդե իրեն մինչև կղզու հանդիպակաց ափը, թեպետև այդ տարածությունը տասը վերստից ավելի չէր։

Կես ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր։ Երիտասարդը թամբել տվավ ձին, յուր հետ բերած նոր թամբով, որ շատ գեղեցիկ էր և գրավեց մոտ եղող գյուղացիների հիացմունքը։ Ապա մի ուսով կախեց դաշտային մեծկակ դիտակը, իսկ մյուսովն յուր նոր, գեղեցիկ հրացանը, որ առաջին անգամն էր պատյանից հանում և հետո ձին աշտանակելով` առաջ անցավ։ Առաջնորդ գյուղացին, որ միևնույն ժամանակ ձիու տերն էր, գնալիք ճանապարհը ցույց տալուց հետո, հետևեց «աղին» ոտքով։

Be the first who will comment on this

Other parts of "Առաքյալը"

Yatuk Music
Shooshiky
Komitas

Shooshiky

The Conversation, 1969
The Conversation, 1969
Play Online