Alexander Shirvanzadeh
Կրակ
VI և VII
VI
Մեր քննությունները վերջացան։ Ես ուղևորվեցի Կովկաս, նախապես խոսք վերցնելով Սանթուրյանից, որ ինքն էլ արձակուրդներին հեռանա Մոսկվայից։ Ես հույս ունեի, որ տեղափոխությունը կարող է թեթևացնել նրա վիշտը։ Եթե իմ ծնողներից շտապողական նամակ ստացած չլինեի, կսպասեի, նա էլ յուր քննությունները վերջացնի, որ միասին վերադառնանք հայրենիք։
Երեք շաբաթ իմ ծննդավայրում մնալուց հետո, եկա Թիֆլիս։ Առաջին իմ ցանկությունն էր տեսնվել Սանթուրյանի հետ։ Հենց իմ գալու օրը գտա նրա բնակարանը։ Նա տանն էր։ Դուրս վազելով, դիմավորեց ինձ պատշգամբի վրա։
Երբ բարեկամդ ամեն օր աչքիդ առաջ է չես նկատում նրա օր-օրի վրա արտաքուստ փոխվելը։ Բայց բավական է, որ նա հեռանա մի քանի շաբաթով և դու, նորից տեսնելով, կգտնես նրան փոխված: Հայելին շնորհակալության արժանի մի պարագա է։ Նա պահպանում է մեր իլյուզիան և աննկատելի կերպով օր-օրի վրա մեզ հաշտեցնում ծերության հետ։
Ընդամենը մի ամիս էր ես չէի տեսել Սանթուրյանին, և որքա՜ն փոփոխություն այդ կարճ միջոցում։ Նրա այտերը ներս էին ընկել, ծնոտը երկարացել էր, ճակատի ոսկորները ավելի էին ցցվել։ Քսանչորս տարեկան երիտասարդի գանգուր մազերի մեջ ես նկատեցի ճերմակներ։ Մի բան, որ արտաքինում անփոփոխ էր դա նրա սևաթույր աչքերի կրակոտ փայլն էր։
Նա ինձ ծանոթացրեց յուր ընտանիքի հետ։ Մայրը մի նիհար կին էր, արտաքուստ նման յուր որդուն։ Քույրը, հակառակ իմ սպասածին շիկահեր էր, փոքր եղբայրը՝ նույնպես։
Նրա հոր գործը անցել էր պալատ։ Շատ էին աշխատել նրան երաշխավորությամբ հանել բանտից մինչև գործի երկրորդ քննությունը։ Չէր հաջողվել։ Փաստաբանը հույս էր տալիս, որ պալատը ուիիշ կերպ կնայի դատին, քան դատարանը։ Ընտանիքը ապրում էր այս հույսով։
Ազգականները մեծ մասամբ երես էին դարձրել նրանցից։ Օրիորդը ամոթից և վշտից չէր ուզում հասարակության մեջ երևալ։ Մայրն ամեն օր արտասուք էր թափում։ Գիմնազիստը տարվա կիսին, չդիմանալով ընկերների ծաղրին, դադարել էր գիմնազիոն գնալուց և պետք է մի տարի կորցներ։
Այս բոլորը պատմեց ինձ Սանթուրյանը, երբ մենք առանձնացանք նրա սենյակում։
Չգիտեմ ո՛ր մեկին մխիթարել, ո՛ր մեկի համար մտածել, ասում էր նա վշտացած։
Ես ամեն օր այցելում էի նրան։ Միասին գնում էինք զբոսնելու քաղաքից դուրս։
Երբեք չեմ մոռանալ այդ զբոսանքները և իմ բարեկամի տաղանդավոր զրույցները։ Ա՛խ, սիրում էի նրա հանդուգն դատողությունները, նրա ազատ և աներկյուղ գաղափարները, նրա պարադոքսները, մտքի անկանոն, բայց հսկայական թռիչքները։ Երբեմն մի անսպասելի դարձվածքով, անփույթ ձևով արտասանված խոսքով որոշում էր այս կամ այն երևույթի ներքին իմաստը։ Ոչինչ չէր խուսափում նրա սուր աչքերից, ոչինչ, որ միայն վերաբերում էր հասարակական կյանքին։
Նա քստմնում էր այն բոլորից, ինչ որ, նրա կարծիքով, չէր բխում մարդու իսկական զգացումներից։ «Պատժվի՛ր, բայց մի՛ կեղծիլ», ահա նրա նշանաբանը, և այդ նշանաբանին հավատարիմ մնաց մինչև վերջը...
Մի անգամ ես նրան ուժով տարել էի, չեմ հիշում, ինչ ընկերության ընդհանուր ժողով։ Այնտեղ կային հայեր, ռուսներ, վրացիներ, նույնիսկ մի քանի թուրքեր։ Բոլորն էլ գրեթե բարձր կրթության տեր մարդիկ էին։ Քննվում էր մեր երկրի տնտեսական վիճակին վերաբերյալ մի խնդիր։ Սանթուրյանը ինձ հետ հեռվից դիտում էր ժողովը և ուշադրությամբ ականջ դնում խոսողներին։ Նրա երեսից չէր հեռանում հեգնական ժպիտը։
Նայի՛ր, ասաց նա, իմ ուսին խփելով, այստեղ բոլորը կեղծում են։ Նայի՛ր այն պարոնին, որ այս րոպեիս գյուղացիների շահերի անունով էր խոսում։ Տես ինչպես է յուր բեղերը ծածուկ սրում և ինչպես է յուր թանկագին փողկապն ուղղում։ Նա կեղծում է։ Համոզված եղի՛ր, որ փողկապը նրա աչքում ավելի գին ունի, քան ժողովրդի շահերը։ Նայիր այն մյուսին. հայ է, ազատամիտ է համարվում, բայց տես ինչպիսի քծնող դեմքով է նայում յուր մոտ նստած իշխանավորին... Պաշտոնի է սպասում... Վաղը նա կդառնա ժողովրդի թշնամին... Նայի՛ր այն կարմիր այտերով պարոնին։ Նա էլ է գրում իմ հոր դեմ... Բայց մի անգամ նրան հարցրին մի հասարակական գումարի մասին։ Զաքարիայի պես պապանձվեց։ Սրանք են մեր երկրի աղը։ Ոչ, Միրաբյան, գլուխս պտտում է... գնանք այստեղից։
Եվ նա իմ թևից քաշելով, դուրս բերեց ինձ ժողովից։
Իսկ իմ հայրը, ասաց նա փողոցում, այդ կիսակիրթ մարդը գոնե ուրիշներին ազնվության դասեր չէր տալիս։ Կարելի է ես այսքան չցավեի նրա մասին, եթե նրան դատապարտող հասարակության բարոյական հայելին մաքուր լիներ...
Եվ բոլոր նրա խոսակցությունների մեջ իբրև մի մռայլ գիծ՝ անցնում էր հոր անունը։
Երբեմն նրան տանում էի հասարակական այգիներ և այնտեղ մենք հանդիպում էինք ծանոթ ուսանողների։ Նա այժմ ինքն էր ամենից երես դարձնում։ Նա ոչ մի տեղ չէր ուզում երկար մնալ։ Միշտ հուզված, միշտ մտազբաղ, նա րոպե՛ անգամ հանգստություն չուներ ներքին կրակից։ Առաջ ես կարծում էի, որ յուր հոր դժբախտությունն է նրան այդպես դարձրել։ Բայց երբ մտերմացա նրա հետ, երբ ծանոթացա նրա անցյալին, իմացա, որ միշտ այդպես է եղել։ Նա ամեն օր հիշում էր Ադելաիդային։ Նա ցանկանում էր մոռացության տալ յուր կարճատև երջանկությունը։ Բայց իզուր։ Ես չեմ պատմիլ ձեզ նրա կրած տառապանքները։ Դա ինձ շատ հեռու կտաներ։ Կհրավիրեմ ձեզ վերադառնալ Մոսկվա, դեպի ուր ձգտում էր Սանթուրյանը։
Օգոստոսի վերջին նա Ռուսաստան ուղևորվեց, իսկ ես՝ իմ ծննդավայրը։ Այս անգամ մորս տեսա անկողնի մեջ ծանր հիվանդ։ Յոթ շաբաթ նա տատանվում էր մահի և կյանքի մեջ։ Ես չէի կարող նրանից հեռանալ, թեև վաղուց պետք է լինեի համալսարանում։ Վերջապես նա սկսեց առողջանալ, և արդեն հոկտեմբերի վերջն էր, երբ հասա Մոսկվա։ Վճռել էի իմ ուսանողության այդ վերջին տարին էլ անցկացնել գերմանացի պառավի բնակարանում։ Մտածելով, գուցե իմ սենյակը արդեն վարձված է կամ տանտիրուհին տեղափոխվել է ուրիշ տուն, ես մի օրով իջևանեցի հյուրանոցում և նույն օրը գնացի պառավին տեսնելու։
Հույս ունեի Ադելաիդային հանդիպել մոր մոտ։ Թե ինչ հետևանք էին ունեցել նրա հարաբերությունները Զարիֆյանի հետք չգիտեի։ Միայն մտածում էի, որ Զարիֆյանը չպիտի լինի Մոսկվայում։ Նա արդեն ավարտել էր ուսումը և պետք է վերադարձած լիներ հայրենիք։
Մտա ծանոթ տան բակը և դիմեցի ուղղակի դեպի պառավի բնակարանը։ Դռնապանը նախկինն էր։ Մոտեցավ ինձ և բարևելով, հարցրեց.
Երևի գերմանուհուն եք ուզում տեսնել։
Այո՛։
Չկա գերմանուհին։
Տեղափոխվե՞լ է։
Այո՛։
Ո՞ւր։
Այնտեղ, ուր բնակարանի համար վարձ չեն տալիս, պատասխանեց դռնապանը ռուս մուժիկին հատուկ սառը հեգնությամբ դեպի մահը։
Խե՜ղճ պառավ. նա մեռել էր։ Առավոտյան հիվանդացել էր, երեկոյան հոգին ավանդել։ Դժբախտությունը պատահել էր ամառվա կիսին։ Ադելաիդան մոր մահից հետո վաճառել էր կահ-կարասին և տեղափոխվել ուրիշ տեղ։ Մեր բնակարանը այժմ կարուձևի արհեստանոց էր դարձել․..
Այլևս ոչինչ չհարցրի և դուրս եկա փողոց՝ մի ծանր թախիծ սրտումս։ Կարծես ինձ զրկեցին մի ընտանիքի օթևանից, այնքան ընտելացել էի այդ բնակարանին և իմ տանտիրուհիներին։ Անբախտ պառավ, գոնե տեսա՞ր քո երկրորդ աղջկա բախտավորությունը, մտածում էի ես։
Հետևյալ օրը սենյակ վարձեցի մի ռուս ընտանիքի մոտ և իսկույն տեղափոխվեցի։ Համալսարանում իմ աչքերը որոնում էին՝ Սանթուրյանին, բայց անցավ մի ամբողջ շաբաթ, չէի տեսնում։ Ոչ ոք չգիտեր նրա բնակարանը։ Ասում էին, թե շատ քիչ է դասախոսություններին գալիս։ Նրա ամենախիստ դատավորներից մեկը ծաղրաբար նկատեց․
Ժամանակ չունի. զբաղված է բուլվարում թռչուններ որսալով...
Այդ նրա զբաղմունքը չէ, ասացի ես զայրացած։
Դատապարտողը թարս նայեց ինձ և երեսը շուռ տվեց։ Ես զգացի, որ Սանթուրյանին պաշտպանելն այժմ աններելի է համարվում։ «Թռչունների որսը» մի նոր բամբասանք էր, որ առաջ չկար։ Մի ուրիշ անգամ նույն դատավորը հանդգնեց կոպտաբար նկատել.
Զարմանալի չի լինիլ, եթե այժմ ձեր ոչ ոքի չհավանող, անհաշտ բարեկամը սրիկաներին թողնի և դառնա «թռչունների» հովանավոր և փաստաբան...
Ես կորցրի իմ սառնասրտությունը և ապտակեցի սանձարձակ պարոնին։ Դա առաջին և վերջին անգամն էր, որ ես ձեռք էի բարձրացնում մարդու վրա։ Մեզ իսկույն շրջապատեցին ուսանողները և բաժանեցին։ Նույն օրը սպասում էի, որ վիրավորված պարոնը ինձանից հաշիվ կպահանջե։ Իմ հույսերը չարդարացան․ նա ապտակս կուլ տվեց։
VII
Վերջապես մի օր գնացի հասցեների գրասենյակը և իմացա Սանթուրյանի հասցեն։ Նոյեմբերի սկիզբն էր։ Երկինքն ամպամած էր, երկիրը սառած, ձյուն չէր գալիս, բայց չոր և կտրող ցուրտ էր։ Կառքերի անիվները խուլ դղրդյուն էին արձակում սառած սալահատակների վրա։ Բարակ վերարկվիս մեջ փաթաթված, սարսռելով անցա Եկատերինյան բուլվարը, ծռվեցի դեպի, աջ և մտա Մալայա Բասմաննայա փողոցը․ Այնտեղ էր կենում իմ բարեկամը։ Հիշում եմ, երբ մոտեցավ երկհարկանի տան դռներին, սիրտս սկսեց բաբախել։ Սիրում էի Սանթուրյանին և հենց այդ օրը ուսանողների ժողովը արտաքո կարգի նիստում վճռել էր ինձ հանդիմանություն անել նրա պատճառով սանձարձակ ուսանողին ապտակելու համար։ Չար կասկածները պաշարեցին ինձ. արդյոք կենդանի՞ է, առո՞ղջ է, արդյոք մի նոր դժբախտություն չի պատահել և այլն, և այլն...
Սեղմեցի էլեկտրական զանգակի կոճակը։ Դուռը բաց արավ մի պատանի աղջիկ։ Նա ինձ առաջնորդեց տան վերին հարկը։ Պատշգամբի վրա կանգնած էր մի նիհար, ոսկրոտ պառավ և կեղտոտ գոգնոցով սրբում էր յուղոտ ձեռները։ Սանթուրյանի տանտիրուհին էր։
Տանն է, պատասխանեց նա իմ հարցին, և տանելով ինձ մի բավական մութ նախասենյակ, ցույց տվեց իմ բարեկամի սենյակը։
Երբ առանց դռներին զարկելու, մտա սենյակ, իմ աչքերը ոչինչ չնշմարեցին։ Միա՛յն զգացի, որ երկու նիհար թևեր առան ինձ իրանց գրկի մեջ։
Վերջապես եկա՞ր, վերջապես եկա՞ր, կրկնում էր Սանթուրյանը, շտապով կապելով բաճկոնակի կոճակները։
Դա այն մոմենտնեիից մեկն է, որոնք ինձ վրա խոր տպավորություն են թողել և հավիտյան չպիտի ջնջվեն իմ հիշողությունից։ Կաշի և ոսկոր ահա ինչ է մնացել այլևս իմ բարեկամից։ Նրա ճակատի կապույտ երակները ավելի որոշ էին գծավորվել, պարանոցի ոսկորները դուրս էին ընկել։ Ինձ թվաց, որ նա դժվարությամբ է շունչ քաշում, և մի չար կասկած հղացավ իմ մեջ։
Դու հիվա:նդ ես, գոչեցի ես ակամա։
Է՛հ, միշտ միևնույնն եմ։ Նստի՛ր, ինչու՞ ուշացար․ եթե իմանայիր, ի՞նչ անհամբերությամբ էի քեզ սպասում։ Օ՜о, չգիտես ինչե՜ր են պատահել։ Դու մարգարե ես, դու ճանաչում ես մարդկանց...
Ես սկսեցի հարցուփորձ անել, ոչինչ որոշ պատասխան չստացա, թե ինչ է պատահել։ Պառավի մահը գիտեի։ Ադելաիդայի մասին սկսեցի հարցնել, նա ատամները կրճտելով, գլուխը դառնությամբ շարժեց։ Իմ հետաքրքրությունը չափ չուներ։ Նրա դեմքից, աչքերի առանձին արտահայտությունից պարզ երևում էր, պատահել է մի արտաքո կարգի բան։
Ինչո՞ւ դասախոսություններին չես գնում։
Դասախոսությունները կյանքումն եմ լսում։ Ինձ համալսարանում այժմ անբարոյական են համարում։ Խոսելով չեմ կարող պատմել։ Գնա՛նք իսկույն, ես քեզ փաստը ցույց կտամ և դու կիմանաս, թե որն է իսկական անբարոյականությունը։ Գնա՛նք, դու պետք է իսկույն, հենց այս րոպեիս տեսնես նրան...
Այս ասելով, նա շտապով հագավ վերարկուն։ Ես լուռ հետևեցի նրան։ Դուրս եկանք փողոց։
Ահա մոտիկ է, շուտով կհասնենք...
Հավիվ անցանք հարյուր քայլ, նա կանգ առավ մի երեք հարկանի նեղ տան դռան առջև։ Ներքին հարկը կիսով չափ գետնի մեջ էր։ Նա մոտեցավ գետնից հազիվ մի կանգուն բարձր մի փոքրիկ քառակուսի լուսամուտի, երկու անգամ կամացուկ զարկեց ապակիին։ Մի ձեռ ներսի կողմից սպիտակ վարագույրները բաժանեց միմյանցից։ Ես նշմարեցի մի կնոջ դեմք, որ իսկույն չքացավ։ Սանթուրյանը շտապով բաց արավ փողոցի դռները։ Մենք մտանք, երկու աստիճան փողոցից ցած իջանք, անցանք մի նեղ կորիդոր և մոտեցանք մի մոխրագույն դռան։ Սանթուրյանը բաց արավ դուռը և, նայելով դեպի ներս, ասաց.
Հետս հյուր կա։
Խնդրեմ, լսվեց ներսից մի կանացի ձայն, որը ինձ շատ տկար թվաց։
Մենք մտանք մի փոքրիկ սենյակ համեստ կահավորված։ Բայց ո՞վ էր այնտեղ բնակվում, ինչո՞ւ Սանթուրյանը ինձ չէր ասում։ Այս բոլորը մի առանձին խորհրդավորություն էին տալիս մեր տարօրինակ այցին։ Հետաքրքրությունից իմ սիրտը բաբախում էր։ Սենյակի մեջտեղում կանգնած էր մի երիտասարդ կին, համեստ տնային հագուստով։ Ինձ տեսնելով, նա ժպտաց, շփոթվեց, կարմրեց և, ձեռը մեկնելով, արտասանեց ճնշված ձայնով.
Ա՜ա, այդ դո՞ւք եք, պարոն Միրաբյան։
Խորհրդավորության քողն ընկավ իմ աչքերից, և ես ճանաչեցի Ադելաիդային: Բայց ո՛ւր էր այն զվարթ, թռչկոտող, առողջ դեմքով, ծիծաղկոտ և մշտաշարժ օրիորդը։ Իմ դեմ կանգնած էր մի գունատ, նիհար և ամաչկոտ կին՝ գլուխը կրծքին թեքած։ Նրա սիրուն կազմվածքը այլևս չուներ յուր առաջվա գեղեցկությունը. նրա ուսերը ինձ թվացին ցած իջած, կուրծքը նիհարած։ Նրա գլխին ձգած էր մի մեծ դեղնագույն շալ: Ես նկատեցի, որ, ինձ տեսնելով, շտապեց շալով ծածկվել։
Ես ոչինչ չկարողացա խոսել, ապշած նայում էի Ադելաիդայի պարանոցին, որ գծավորվել էր կապույտ երակներով։ Ինձ թվում էր, որ այնտեղ խեղդվում է նրա հեկեկանքը, և նա հազիվ կարողանում էր իրեն զսպել։ Ես ակնարկեցի նրա մոր մահը և մի քանի մխիթարական խոսքեր ասացի։
Այո, մեռավ, ինձ թողեց մենակ, ասաց նա և սկսեց հեկեկալ: Խե՜ղճ մայր, խե՜ղճ մայր, կրկնում էր նա արտասվախառն ձայնով, նա միայն տասներկու ժամ հիվանդ մնաց։ Առավոտը զարթնեց թե չէ ասաց գլուխս ցավում է։ Պառկեց, ուշաթափ եղավ։ Բժիշկ կանչեցինք, օգնել չկարողացավ... Ամբողջ օրը տանջվեց անխոս... միայն նայում էր երեսիս... Երեկոյան տասը ժամին հոգին ավանդեց... Օ՜օ, խեղճ մայր, բարի մայր, աշխատասեր մայր...
Բայց այլևս չէի խղճում պառավին։ Լավ էր, որ մեռավ և աղջկանը չտեսավ այդ խայտառակ դրության մեջ:
Առանց բացատրությունների, ես ամեն բան հասկացա։ Իմ առջև կանգնած էր մի քաղաքակիրթ մարդու զոհ։ Ես միայն չէի կարողանում ինքս ինձ հաշիվ տալ, թե ի՛նչպես նա գրավեց այդ աղջկան մինչև այդ աստիճան...
Դժվար էր երկար ժամանակ դիմանալ քստմնելի տեսարանին։ Իմ սիրտը մորմոքվում էր, երբ նայում էի Ադելաիդային։ Նա ամաչում էր, չէր վստահանում ուղղակի նայել իմ աչքերին։ Ամաչում էր նաև Սանթուրյանը... ուրիշի արարքից։ Բայց ո՛րպիսի գուրգուրանքով, երախտագիտությամբ և ակնածությամբ էին նայում Ադելաիդայի թախծալի աչքերը իմ բարեկամին։ Ես շտապում էի իմանալ այդ նողկալի դեպքի պատմությունը, այն, ինչ որ պատահել էր ինձանից հետո։ Հարկավ, անկարելի էր այդ մասին խոսել Ադելաիդայի մոտ։ Մենք միմյանց հարցուփորձ էինք անում կողմնակի բաների մասին, մինչդեռ երեքիս էլ ճնշում էր անախորժ միտքը, երեքս էլ զգում էինք մեր դրության կեղծիքը։ Ես շտապեցի Ադելաիդային ազատել անախորժ դրությունից և հրաժեշտ տվի։ Գիտեի, որ Սանթուրյանը պիտի հետևի ինձ։
Մենք դուրս եկանք փողոց, և ես սկսեցի մի փոքր ազատ շնչել։ Իմ բարեկամը լուռ էր ամբողջ ժամանակ, մինչ անցնում էինք փողոցով։ Ես միայն լսում էի նրա կրծքում խեղդվող հառաչանքների խուլ արտահայտությունը։ Երբ հասանք նրա սենյակը, նա թուլացած, ընկճված նստեց բազկաթոռի վրա, արտասանելով.
Դու տեսար նրան. այժմ պատրաստ եմ լսել քո հանդիմանությունը։
Ո՞ւմ պիտի հանդիմանեմ։
Ինձ։
Ինչո՞ւ։
Որ ես չլսեցի քեզ, որ չուզեցի ճանաչել այդ մարդուն, որ կուրացա և նրա բարեկամական դիմակի տակ չտեսա տգեղ կերպարանքը։ Ադելաիդա՞ն։ Նա ոչինչ մեղք չունի։ Մեղավորը ես եմ։ Ե՛ս, որ թույլ գտնվեցի, չկարողացա հաղթել իմ մեջ հիմար հպարտության զգացումը և ուժով, այո՛, նույնիսկ ուժով, մի օր մտնել Ադելաիդայի սենյակը, խնդրել, աղաչել, որ ինչ ուներ, ինքն անձամբ ասեր իմ երեսին։
Եվ նա սկսեց հետզհետե ավելի ու ավելի գրգռվել։ Նա պատմեց բոլորը, և այստեղ երևան եկավ, թե կիրքը երբեմն ի՛նչ սոսկալի միջոցների է ընդունակ դիմելու։ Զարիֆյանը յուր միջամտության ժամանակ բոլորը աղավաղել էր՝ Ադելաիդայի ասածները Սանթուրյանի և Սանթուրյանի ասածները Ադելաիդայի մոտ։
Այդ դեռ վերջերը։ Իսկ առաջ, երբ Ադելաիդան հաշտ է եղել Սանթուրյանի հետ, Զարիֆյանը ամեն կերպ աշխատել է գցել յուր հայրենակցի վարկը նրա աչքում։ Նա գործել է այնքան զգույշ, այնքան խորամանկ, որ օրիորդը ինքն էլ չի զգացել, թե ինչպես յուր սրտում հետզհետե նոր ծագած սիրույն փոխարինում է ատելության զգացումը։ Նա Սանթուրյանին Ադելաիդայի մոտ ներկայացրել է մի սրիկա և ավազակ հոր զավակ, որ ամենից արհամարհված է, ամենից հալածված։ Նա օրիորդի մոտ կարդացել է յուր հայրենակցի մասին լրագրերում, նույնիսկ հայ լրագրերում տպված բոլոր հոդվածները։ Սանթուրյանը հոգեպես հիվանդ է, դժբախտ է, չի կարող սիրել, ահա ինչ է ասել Զարիֆյանը։ Եվ ասել է այն ձևով, որ օրիորդը համոզված է եղել, թե ասում է ընկերական սիրուց, բարեկամական կարեկցությունից դրդված։ Այսպիսով, նա օր-օրի վրա, կաթիլ-կաթիլ կասկածանքի թույնը թափել է Ադելաիդայի փափուկ սրտի մեջ։
Գիտեմ, շարունակեց Սանթուրյանը, դու կարող ես ասել, թե ինչո՞ւ Ադելաիդան գեթ մի անգամ ինձ հետ չխոսեց այս մասին։ Բայց այդ կարելի էր պահանջել մի հասուն և փորձված կնոջից, իսկ Ադելաիդան, իբրև երեխա, ամաչել է մի ակնարկ անգամ անել ինձ...
Այնուհետև, երբ Ադելաիդան սկսել է երես դարձնել, երբ Սանթուրյանը խնդրել է Զարիֆյանին միջնորդ լինել. «առերես» բարեկամի համար բացվել է նորանոր մեքենայությունների ասպարեզ։ Նա բոլորը կեղծել է, բոլորը աղավաղել, երկու կողմերին ևս հակառակը պատմելով։ Երբեք Ադելաիդան չի ասել թե «արհամարհում է Սանթուրյանին», երբեք չի ասել, թե «լսել անգամ չի ուզում Սանթուրյանին անձամբ բացատրություն տալու մասին», երբեք մանավանդ չի ասելլ, թե Սանթուրյանը յուր վերաբերմամբ «ստոր նպատակ է ունեցել»։ Ընդհակառակը, Զարիֆյանը ինքն է ասել օրիորդին, թե իբր «Սանթուրյանը ծաղրել է յուր մոտ Ադելաիդային․․․»։
Եվ այս բոլոր մեքենայություններին դիմել է մեզ միմյանցից բաժանելու համար, շարունակեց Սանթուրյանը։ Նա ինքը երդվել է Ադելաիդայի մոտ, թե սիրում է նրան, տանջվում է նրա համար։ Գիտեմ, դու կասես. «դարձյալ մեղքը քո Ադելաիդայինն է, ինչո՞ւ այդքան թույլ է գտնվել և խաբվել է այդպես շուտ ու հեշտ»։ Ճիշտ է, բնական է այդ մեղադրանքը։ Բայց, բարեկամս, մի՛ մոռանալ մի բան. Ադելաիդայի սերը դեպի ինձ այնքան ամուր չի եղել, որ ուժ տար նրան դիմանալու մի այդպիսի ճարպիկ մարդու խարդավանքներին։ Կարո՞ղ է մի նոր տնկած և հազիվհազ արմատ ձգած ծառ դիմանալ թեկուզ մի թույլ փոթորիկի...
Որքան ևս Սանթուրյանը արդարացներ Ադելաիդային, այնուամենայնիվ օրիորդը իմ աչքում գեթ մի աստիճանի մեղավոր էր յուր անբախտության համար։ Բայց այլևս ուշ էր այդ մասին վիճելը և ավելորդ։ Ես միայն հարցրի․
Այժմ ի՞նչ ես մտադիր անել։
Իհարկե վրեժ առնել Զարիֆյանից։
Միանգամայն համոզված էի, որ Սանթուրյանը ընդունակ է մի արատավորված օրիորդի համար ազնիվ և ասպետական վրիժառու լինել, անգամ եթե այդ օրիորդը Ադելաիդան չլիներ։ Նույնիսկ ես ինքս պատրաստ էի Ադելաիդայի պատիվը պաշտպանել, ուր մնաց նա, որ սիրում էր այդ օրիորդին։
Բայց ի՞նչ պիտի լինի քո վրեժը, հարցրի ես հետաքրքրված։
Բարոյական վրեժ։
Չեմ հասկանում։
Շատ պարզ է, ես կամուսնանամ Ադելաիդայի հետ։ Վաղուց եմ վճռել, միայն քեզ էի սպասում։
Ես զարմացած նայեցի նրա երեսին։ Խոստովանում եմ, ամեն տեսակ վրիժառություն ինձ համար հասկանալի էր, բացի այդ մեկից․․․
Դու զարմանո՞ւմ ես, Միրաբյան, սկսեց բացատրել Սանթուրյանը, բայց դա միակ վրիժառությունն է, որին պետք է դիմե ազնիվ մարդը։ Լսի՛ր, Զարիֆյանը թողել է Ադելաիդային այդ դրության մեջ և հեռացել։ Նա մտադիր չէ ամուսնանալ յուր զոհի հետ։ Դժբախտաբար, մի շարք ուսանողների շրջանում այդ տեսակ զոհեր սովորական են դարձել։ Ստիպել Զարիֆյանին, որ յուր մեղքը քավե, ամուսնանա, անկարելի է։ Եթե նա համաձայնվի էլ, Ադելաիդան երբեք չի կամենալ։ Նա այժմ զզվանքով է հիշում Զարիֆյանին։ Այս մեկ։ Ի՞նչ պիտի անե, ուրեմն Ադելաիդան։ Մնա այդ դրության մե՞ջ։ Նա մի անպաշտպան երեխա է։ Նա շուտով կընկնի վատ ճանապարհ. աշխարհը լի է փորձություններով, կընկնի և կգլորվի անբարոյականության անդունդը։ Համաձա՞յն ես, որ նա այդպես կորչի։ Ո՛չ․ դու ազնիվ մարդ ես, չես կարող համաձայնվել։ Այս երկու։ Բայց կա և երրորդ պատճառ։ Դա ամենից զորավորն է. ևս սիրում եմ Ադելաիդային, սիրում եմ այժմ էլ, այդ դրության մեջ էլ, և ավելի, քան առաջ։ Ահա այն պատճառները, որ ինձ դրդեցին իմ վճիռը կայացնել։
Բայց քո ուսու՞ւմը, քո ծնողնե՞րը, քո՞ւյրը, եղրա՞յրը, հասարակությո՞ւնը...
Մտածել եմ այդ մասին էլ։ Ուսումս ավարտում եմ այս տարի։ Ծնողներս և քույրերս դեմ չեն լինիլ, որովհետև ամուսնանում եմ մի խաբված, բայց բարոյական կնոջ հետ։ Գալով հասարակությանը, ո՛չ ոքի պարտավոր չեմ հաշիվ տալու, իմ քայլը միայն ինձ է վերաբերում։
Ես այլևս ոչինչ չասացի, այնքան վճռական էր նրա պատասխանը։ Հրաժեշտ տալիս, նա ինձ խնդրեց, որ լուր պատմածները առայժմ ոչ ոքի չհաղորդեմ․․․