Alexander Shirvanzadeh
Կրակ
IV և V
IV
Մի անգամ, իրիկնադեմին, մտնելով Սանթուրյանի սենյակը, տեսա, որ նա, գլուխը սեղանի վրա դրած, հեկեկում է։ Ես շփոթվեցի, կամեցա ետ դառնալ։ Բայց նա արդեն լսել էր իմ քայլերի ձայնը, հետ նայեց, և ես մնացի սենյակում։ Նա շտապով սրբեց աչքերը և ոտքի կանգնեց։
Ներեցեք տարաժամ այցելությանս համար, ասացի ես։
Օօ, ոչ, տարաժամ չէ, ուրախ եմ, որ եկաք։ Նստեցեք, խնդրեմ, ոչի՜նչ, մի քիչ հուզված էի, ինձ հետ շատ է պատահում։
Այո՛, շատ էր պատահում, բայց ի՞նչ էր այս անգամ առիթը։ Ես կամեցա անպատճառ իմանալ։ Նա միայնակ էր, գրեթե բոլորովին միայնակ, օտար երկրում, օտար շրջանում, և ես անկեղծ կամենում էի նրան սփոփել։
Ատում եմ կյանքը, գոչեց նա, արագ-արագ անցուդարձ անելով սենյակում, մարդիկ չար են, չափազանց չար։ Ի՞նչ ենք արել, որ մեզ հալածում են.... Միթե մեղավո՞ր ենք, որ սիրում ենք մեր հորը... Միթե դատավորները ամենագե՞տ են, անսխալ, և երբեք անարդար վճիռներ չե՞ն թաքչում նրանց արդարամիտ հայացքից․․․Ես ճանաչում էի իմ հոր սիրտը․․․
Նա ինձ սիրում էր․․․ Նա պաշտում էր յուր ընտանիքը։ Եթե մի մեղք գործել է, գիտեմ, միայն և միայն յուր ընտանիքի բարօրության համար է գործել։ Բայց ո՛չ, նա մեղավոր չէ, հավատացեք։ Իմ սիրտը երբեք չի կարող հաշտվել այդ մտքի հետ․․․ էհ, բայց թող լիներ ամենավերջին հանցավորը, դարձյալ ես չէի կարող դուրս ձգել իմ սրտից որդիական սերը․․․ Մեղադրեցեք բնությանը, որ այս խոր, անբացատրելի զգացումը դրել է իմ սրտի մեջ։ Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ. իմ հայրը պետք է արդար լինի, որովհետև նա միշտ ազնիվ է եղել։ Ինչո՞ւ է նա պատժվում, ինչո՞ւ են մեզ պատժում․․․ Ահա, կարդացեք, ձեզ կարելի է հավատալ․․․
Այս ասելով, նա ձգեց իմ առջև մի նամակ։ Ես կարդացի։ Նամակը գրում է Սանթուրյանի փոքր եղբայրը, որ գիմնազիստ էր: Այստեղ նկարագրված էր ընտանիքի վիճակը, հասարակության խուլ արհամարհանքը դեպի նա։ Գիմնազիստը գանգատվում էր յուր ընկերների վրա, որոնք նրան ամեն քայլափոխում հիշեցնում էին հոր դատը, սրախոսում, ծաղրում․․․ Ազգականներից շատերը երես էին դարձրել նրանցից։
Բայց կար մի հանգամանք, որ ամենից ավելի էր հուզել Սանթուրյանին։ Նրա քույրը արդեն նշանված է եղել մի երիտասարդի հետ, երբ հոր դատը բացվել է։ Փեսացուն սկզբում ուշադրություն չի դարձրել և մտադիր է եղել, դատը վերջանալուց հետո, իսկույն ամուսնանալ։ Դատը ձգձգվել է և, վերջապես, առաջին դատարանում վճռվել է տխուր։ Փեսացուն սկսել է օրից-օր հարսանիքը հետաձգեվ: Այժմ նա, յուր ազգականների դրդմամբ, բոլորովին հրաժարվում է յուր հարսնացվից։
Գիտե՞ք այդ ինչ է նշանակում, ասաց Սանթուրյանը նշանակում է, որ իմ խեղճ քույրը պիտի տանջվի վշտից և ով գիտե ինչ հետևանք ունենա նրա տանջանքը։ Նա սիրում է յուր թուլամորթ փեսացվին։
Ինձ մնում էր գործ դնել իմ բոլոր պերճախոսոսթյունը նրան մխիթարելու համար։
Գուցե դուք էլ եք ձեր սրտի խորքում ինձ մեղադրում, շարունակեց նա, հետզհետե հանգստանալով, որ այսքան կողմնապահ եմ իմ հոր վերաբերմամբ։ Գուցե մտածում եք. «ահա մի մարդ, որ ամենափոքր անարդարության դեմ բողոքում է, յուր հորը վերաբերվում է ներողամտաբար»։ Իրավունք ունիք այսպես մտածելու, այդ բնական է։ Բայց նախ՝ ինձ համոզեցեք, որ իմ հայրը հանցավոր է, երկրորդ՝ ցույց տվեք ծնողին ատելու միջոցը։ Ասացեք, ի՞նչպես սառնարյուն մնամ, երբ տեսնում եմ, որ ամենքը դատապարտում են նրան, գուցե նույնիսկ իսկական հանցավորները։ Լսեցե՛ք, ես ձեզ մի բան ասեմ. աստծուն է հայտնի, եթե դատապարտվածը լիներ բոլորովին օտար և անծանոթ մի մարդ, էլի ես նրան չէի մեղադրիլ․ հենց միայն այն պատճառով, որ բոլորը նրան մեղադրում են։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև իմ մեջ կա մի բան, որ միշտ ինձ դրդում է ընդհանուրի դեմ գնալ, չենթարկվել ուրիշների կարծիքին։ Ես ատում եմ ոչխարային բնազդները։ Հասկացե՛ք, ինչպես կամենաք․․․
Նա չէր կեղծում։ Արդարև, շատ անգամ նա անում էր այն, ինչ որ հակառակ էր ընկերների կարծիքին։ Նա սեղմում էր այնպիսիների ձեռը, որոնք այս կամ այն պատճառով արհամարհված էին։ Եվ ես նկատում էի, որ այս հանգամանքը անհամեմատ ավելի էր գրգռում ուսանողներին, քան նրա ազգանվան արատը։ Ինձ թվում էր, որ շատերն են իրանց սրտի խորքում հարգում նրան, թեև արտաքուստ ցույց են տալիս ատելություն, և թե նա ինքը շատերին արհամարհում է և այդպիսով գրգռում նրանց յուր դեմ։ Նա ոչ ոքից չէր թաքցնում յուր իսկական զգացմունքներն ու կարծիքները։ Նա ամենքի երեսին ասում էր այն, ինչ որ մտածում էր։ Եվ այդ ոչ ոքի դուր չէր գալիս։
Նա ծաղրում է մեզ, չի ուզում ենթարկվել մեր ընկերական շրջանի սկզբունքներին, ասում էին շատ ուսանողներ։
Մի կիրակի առավոտ ես մտա Սանթուրյանի մոտ մի գիրք խնդրելու։ Նա կուրծքը սեղանին սեղմած, շտապով գրում էր։ Ինձ տեսնելով, նա ձեռագիրը արհամարհանքով շպրտեց մի կողմ։ Արդեն մենք այնքան մտերմացել էինք, որ խոսում էինք «դու»-ով։
Ի՞նչ էիր գրում, հարցրի ես։ Հիմար բան։
Ես հեռվից նայեցի ձեռագրին, և իմ հետաքրքրությունը շարժվեց։ Դա ոտանավոր էր. մի բան, որ ես իսկի չէի սպասում Սանթուրյանից։ Ես ձեռս մեկնեցի թուղթը վերցնելու, նա բռնեց իմ թևը ասելով.
Սպասի՛ր, եթե ուզում ես, կտամ ավարտվածները, կարդա՛ և ծիծաղի՛ր․․․
Նա սեղանի դարանից հանեց մի քառածալ տետր կարմիր փաթեթի մեջ։ Տետրի ճակատին խոշոր տառերով գրված էր «Կրակ»։ Դա նրա վերնագիրն էր։ Ես կարդացի մի քանի տող բարձր ձայնով, բայց նա, ականջները փակելով, երեսը դարձրեց և խնդրեց, որ մտքումս կարդամ։ Կարդացի մի ընդարձակ ոտանավոր, հետո մի ուրիշը, երրորդը, չորրորդը։ Ասում են ճաշակները տարբեր են լինում․ գուցե իմ ճաշակը ամենաանկիրթներից է կամ փչացած, բայց ես մինչև այսօր էլ հիշում եմ, որ այն օրը առաջին անգամ հուզվեցի, մի հայերեն գրվածք կարդալով։ Դա վշտացած հոգու մի բուռն և անզուսպ բողոք էր հասարակության եսամոլության դեմ. դա մի թանձր և մահաբեր թույն էր, որ ժայթքում էր մի տառապող սրտից։ Հուրը այրվում էր անհատի ներսում և անհատը, ինքն իրան ուտելով, ոչնչանում։ Որքա՜ն զգացմունքի խորություն, հոգեբանական նրբություն, պատկերների կենդանություն, զայրույթ և կատաղություն կար այդ ոտանավորների մեջ։
Ես հուզվեցի և հիացած նայում էի նրա հեղինակին։ «Ահա, ուրեմն, ինչումն է կայանում քո տաղանդը», մտածում էի ես, նայելով նրա մելամաղձոտ դեմքին։
Ե՞րբ պիտի հրատարակես ասացի ես։
Հրատարակե՞լ, կրկնեց նա, երբե՛ք։
Ինչո՞ւ։
Միթե ամեն խզբզանք կարելի՞ է հրատարակել։
Բայց դա խզբզանք չէ։ Ո՛չ, Սանթուրյան, դու, իմ կարծիքով, տաղանդ ես և խոշոր տաղանդ։
Հեշտ մի՛ արտասանիլ այդ բառը ասաց նա, գլուխը հեգնաբար շարժելով և քթի տակ ծիծաղելով։ Տաղա՞նդ, չէ , հանճար․․․ Ես գրել եմ ինձ համար, ի՞նչ իրավունք ունիմ իմ սեփական զգացմունքները ուրիշի վզին փաթաթել։ Երբեմն ճիգ եմ անում այդ խզբզանքներով զսպել իմ սրտի կրակը, ահա ինչու վերնագիրը այդքան խոշոր է։ Տո՜ւր ինձ, բավական է․․․
Նա գրեթե ուժով խլեց ինձանից տետրը և կողպելով սեղանի արկղի մեջ՝ ավելացրեց.
Առաջին և վերջին անգամ հանեցի սեղանիս միջից. թող այնտեղ փտի․․․
Ախ, որքա՜ն ցավում եմ, որ մի օր գաղտնի չմտա սենյակը և չգողացա նրա «Կրակ»-ը։
Գուցե սխալվում եմ, գուցե հափշտակված էի, բայց համոզված եմ, որ այդ կրակը գեթ մի փոքրիկ հրդեհ կգցեր մեր սառն և անարյուն գրականության մեջ, իսկ ես անհայտության խավարից կազատեի մի փայլուն անուն․․․
Երբեմն Սանթուրյանի մոտ հանդիպում էի Զարիֆյանին։ Չնայելով իմ հակակրանքին, կարողանում էի նրա հետ խոսել, միայն այն պատճառով, որ շատ էի սիրում Սանթուրյանին։ Նրանց հարաբերության մեջ ես զգում էի մի կողմից անկեղծություն, պարզություն, մյուս կողմից կեղծիք և շինծու քաղաքավարություն։
Զարիֆյանր զգում էր Սանթուրյանի մտավոր գերազանցությունր և նախանձում էր. միայն գիտեր թաքցնել յուր նախանձը։ Իսկ Սանթուրյանը երբեք չէր աշխատում ճանաչել նրա ներքին աշխարհը և վերաբերվում էր իբրև մի անկեղծ բարեկամի, քննադատում էր նրա մոտ և շատ անգամ պախարակում կովկասցի ուսանողների մտավոր և բարոյական հայացքները։ Իսկ ես համոզված էի, որ Զարիֆյանը նրա բոլոր ասածները հաղորդում էր ուսանողներին։
Ճաշի միջոցներին նկատում էի, որ Զարիֆյանը արդեն չափից դուրս է հետամուտ Ադելաիդային։ Իմ մեջ վաղուց էր կասկած հղացել և գուշակում էի, որ մի բան է պատրաստվում և ոչ լավ բան։ Մի օր ռուս ուսանողն ինձ ասաց, թե իմ հայրենակիցը սիրահարվել է գերմանուհու վրա։ ճիշտ էր այդ թե ոչ՝ չգիտեի, բայց ես Զարիֆյանի սիրտը անընդունակ էի համարում սիրո զգացման։ Այն մարդը, որ յուր փողկապն էլ հաշվով է կապում, չի կարող սիրահարվել։
Իմ ճանապարհը Ադելաիդայի սենյակի առջևով էր։ Երբեմն, տանից դուրս գալիս կամ տուն վերադառնալիս, ես այնտեղից լսում էի Զարիֆյանի սառն, միատեսակ հնչող ձայնը և չափավոր ծիծաղը։ Եվ ես իմ մտքում վրդովվում էի Ադելաիդայի դեմ, որ թույլ էր տալիս այդ մարդուն՝ հետամուտ լինել իրան։ Վերջապես դեպի Զարիֆյանը տածած խուլ հակակրանքի զգացումը իմ մեջ մի օր մի փոքր գոհացում ստացավ։
Դա Ադելաիդայի ծննդյան տարեդարձի օրն էր։ Լրանում էր քսան տարին։ Նախընթաց երեկոյին նա մեզ հրավիրել էր շոկոլադ խմելու: Մենք շնորհավորեցինք նրան մի-մի նվերով։ Զարիֆյանը գնել էր մի շքեղ մետաքսյա հովանոց. մի բան՝ որ անսպասելի էր նրա նման ժլատից։ Սանթուրյանը բերեց մի փղոսկրյա քնարիկ: Դա մի հասարակ, բայց ճաշակով շինված քորոց էր կրծքի համար։
Օրիորդը մեր նվերները դրել էր առանձին սեղանի վրա և պարծանքով ցույց էր տալիս ընկերուհիներին, որ եկել էին շնորհավորելու։ Առանց քաշվելու նա մի առանձին հաճույքով ցույց էր տալիս Սանթուրյանի նվերը, որ գուցե բոլոր նվերներից էժանագինն էր։
Ախ, Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ գեղեցիկ է, կրկնում էր նա անդադար, երևում է, որ նվիրողը ճաշակով մարդ է…
Սանթուրյանը երբեմն նայում էր օրիորդին երբեմն ինձ և ամաչելով գլուխը թեքում կրծքին։ Պետք է ասել, որ մի շաբաթ էր արդեն, նա ուշադիր էր դեպի օրիորդը: Պարզ էր, որ այդ կարճ միջոցում նա ավելի էր գրավել նրան, քան Զարիֆյանը ամիսների ընթացքում։ Երկու օր առաջ նա ինձ մոտ առաջին անգամ խոսեց Ադելաիդայի մասին։ Նրա հատուկտոր խոսքերից իմացա, որ հավանում է գերմանուհուն, մանավանդ նրա աշխույժ և ուրախ բնավորությունը։
Ադելաիդան անվերջ հրճվում էր Սանթուրյանի նվերով, ստեպ-ստեպ ժպտալով նրա երեսին։ Պետք էր տեսնել Զարիֆյանին։ Ներքին հուզմունքից նա անդադար կրծոտում էր շրթունքները, բեղերը շարունակ ոլորում և մատներով ձգձգում բաց-շագանակագույն միրուքը։ Նա աչքերով գրավում էր Ադելաիդային և աշխատում էր անուշադիր լինել դեպի Սանթուրյանը։ Ինձ համար պարզ էր, որ նա չարաչար նախանձում է։
Բայց առաջին և վերջին անգամն էր, որ ես նկատեցի այդ նախանձը... Այնուհետև Զարիֆյանի զգացումները անթափանցելի էին ինձ համար։
Հետևյալ օրը Սանթուրյանը ինձ բարեկամաբար խոստովանեց, որ անտարբեր չի դեպի Ադելաիդան։ Այդ օրից սկսած՝ նա երբեմն գնում էր օրիորդի սենյակը։ Նրանք միասին կարդում էին գրքեր։ Թե ինչ էին խոսում, հարկավ, չգիտեի։ Բայց, ճանաչելով Սանթուրյանին, գուշակում էի, որ եթե մի անգամ սիրո զգացումը նրա սրտում գեթ մի թույլ արմատ է գցել, պետք է աճի, զարգանա այնքան արագ, որքան արագ հղանում էր և զարգանում նրա մեջ ամեն մի զգացում։ Ես չէի ուզում նրան խանգարել, խլել նրա երջանիկ ժամերը, ուստի առաջվա պես հաճախ չէի այցելում նրան։ Բայց նա ինձ հանդիմանում էր այդ մասին և, երբ ես չէի գնում նրա մոտ, ինքն էր գալիս իմ սենյակը։
Սիրո զգացումը տակավին չէր գրավել նրա ներքին կրակը։ Նա նույն գրգռող, վրդովվող, անարդարությունների դեմ բողոքող Սանթուրյանն էր։ Նա նույն չափ անողոք էր դեպի մարդկային սառնասրտությունը, եսամոլությունը, նույնչափ զգայուն դեպի խեղճը, աղքատը, սնանկը և հալածվածը։ Նա ծախսում էր յուր վերջին կոպեկը, գրավ դնում ամեն ինչ, որ կարելի է գրավ դնել և նպաստում էր չքավոր ուսանողներին, միևնույն է ովքեր էլ լինեին և ինչ աչքով էլ նայեին նրան այդ մարդիկ։ Մի անգամ Զարիֆյանը հաղորդեց, թե մի բժիշկ ուսանող չի կարողանում այդ տարվա ուսումնավարձը վճարել։ Սանթուրյանը նոր էր տնից փող ստացել և այն օրը վճարել սենյակի ու ճաշի վարձը։ Նա անմիջապես գրպանները դատարկեց սեղանի վրա։ Գոյացավ տասնյոթ ռուբլի և մի քանի կոպեկ։
Ահա իմ մասը, մնացյալն էլ ուրիշից առեք, ասաց նա, մղելով փողերը Զարիֆյանի կողմը։
Վաղը ինքներդ կտաք նրան, ասաց Զարիֆյանը։
Ո՛չ, նա ինձանից չի վերցնիլ։ Մի անգամ նա մի պսակի համար փող էր ժողովում, ես կամեցա իմ բաժինը տալ, նա չընդունեց։ «Չի կարելի, ասաց, ձեր փողերը խառնել ուսանողական փողերի հետ»։ Տվեք իրան ձեր կողմից․ ինձանից չի վերցնիլ, բայց չասեք, թե ես եմ տվել։ Դա իմ մայրական փողերից է, հավատացե՛ք...
Եվ նա, յուր շրթունքները կրծոտելով, հազիվ կարողացավ զսպել արտասուքը։
Հիշում եմ այն օրը, երբ ուսանողները մի երեկույթով պետք է պատվեին Կովկասից եկած մի հայտնի մարդու։ Մեծամասնությունը կամեցավ զանցառության տալ Սանթուրյանին։ Ես և մի քանի ուրիշները բողոքեցինք և կարողացանք ստիպել նրանց՝ արդարացի լինել իրանց ընկերոջ վերաբերմամբ։ Ուսանողները համաձայնեցին հրավիրել Սանթուրյանին, չնայելով շատերի ընդդիմության։ Իսկապես այդ ընդդիմության պատճառը Սանթուրյանի ազգանվան արատը չէր, այլ նրա մտավոր առավելությունը, որ կարող էր նրանց նսեմացնել կովկասցի հյուրի մոտ։ Ուսանողները զգում էին Սանթուրյանի գերազանցությունը․ ահա նրանց հալածանքի գլխավոր հոգեբանական պատճառը որ ես պարզ հասկանում էի և զզում։ Զարիֆյանը, որ միշտ մի առանձին ախորժակով էր պատմում ամեն մի չար լուր շտապել էր Սանթուրյանին հաղորդել այն բոլոր վիճաբանությունները, որ տեղի էին ունեցել նրա առիթով։ Ես այդ չգիտեի, եկա նրան հրավիրելու, և ինչ դրության մեջ գտա։ Զգայուն երիտասարդը պառկած էր անկողմում՝ հագուստով։ Նրա աչքերն այրվում էին, կուրծքը ուժգին բաբախում, դժվարությամբ էր շունչ քաշում. այնքան ազդել էր այս անգամ նրա վրա ընկերների խստությունը։
Հանգստացի՛ր, Մարգար, հանգստացի՛ր, ասացի ես, իսկույն զգալով բանի էությունը, հավատացի՛ր, չարժե այդքան զգայուն լինել դեպի ամեն բան։
Դեպի ամեն բան, գոչեց նա, գլուխը բարձրացնելով և մի կրակոտ հայացք ձգելով ինձ վրա, դեպի մի այդպիսի ապտա՞կ։ Այո՛, չարժե, չարժե, որովհետև ես եմ մեղավորը, ես եմ առիթ տալիս ինձ հալածելու, ես, որ չեմ կարողանում հաշտվել ոչ ոքի հետ։
Եվ նա սկսեց խեղդված ձայնով հեկեկալ, գլուխը թաղելով բարձի մեջ։ Ես չէի խղճում նրան, այլ ցավակցում էի։ Խղճում են թույլերին, իսկ նա թույլ չէր, այլ զգայուն, պարզախոս, անկեղծ։ Եվ հենց այդ պարզախոսությունն ու անկեղծությունն էին նրա անբախտության հիմքը։
Վերջին ժամանակ նրա դժբախտ հոր մասին Թիֆլիսի մի լրագրում երևացել էր մի կոպիտ ֆելիետոն։ Ուսանողները կարդում էին և ծիծաղում։ Կարդաց նա ինքն էլ, և կրակը սկսեց մի նոր ուժով լափել նրա ներսը։ Ես ամեն կերպ աշխատում էի թեթևացնել նրա վիշտը։ Բայց երբեք չէի ձգտում նրա մեջ թուլացնել որդիական սերը։ Դա կլիներ ապարդյուն ջանք․ այնինչ ես, փոխանակ մխիթարելու, կավելացնեի նրա դառնությունները։
Ես ուրախ էի, որ նա հետզհետե ավելի ու ավելի հափշտակվում էր Ադելաիդայով։ Դա, անկասկած, կարող էր ցրվել նրա թախիծը կամ գոնե թեթևացնել․ դա միակ դեղն էր նրա բարոյական տառապանքի դեմ։
Մի օր նա մտավ իմ սենյակը ուրախ տրամադրությամբ։ Առաջին անգամն էի տեսնում նրա մելամաղձոտ դեմքի վրա կենսուրախության ժպիտ։ Առանց քաշվելու, առանց առաջաբանի, նա բացարձակ հայտնեց, թե արդեն յուր սերը հայտնել է Ադելաիդային և հավանություն է գտել նրա կողմից։ Ադելաիդան հիանալի աղջիկ է, սիրում է, կարող է հասկանալ նրան։ Եվ մի ամբողջ քառորդ ժամ նա գովում էր գերմանուհուն և հրճվում փոխադարձ սիրով։ Ես չկարողացա ինձ զսպել. ինչպես սիրո զգացումը դեռ չճաշակած մի մարդ, շտապեցի գործին ավելի խոր նայել և հարցրի.
Բայց ի՞նչ վերջ կունենա այդ սերը։
Ես կամուսնանամ նրա հետ, ահա թե ինչ վերջ կունենա, պատասխանեց նա դրականորեն։
Խոստովանում եմ, այդ մասին ես չէի մտածել։ Ինձ թվում էր թե դա մի ժամանակավոր հափշտակություն է, շուտ սկսվել է, շուտով էլ կանցնի։ Լսելով Սանթուրյանի վճռական պատասխանը, ես ինքս իմ հարցից ամաչեցի. ի՞նչպես էի հանդգնել ենթադրելու անգամ, որ այդպիսի ազնիվ մարդը կարող է թեթևամիտ խաղ խաղալ մի երիտասարդ և անարատ աղջկա հետ։ Բայց միևնույն ժամանկ ես հոգով ընդդեմ էի նրա ամուսնանալուն։ Չգիտեմ ինչու, հավատացած էի, որ Ադելաիդան երբեք չի կարող Սանթուրյանի համար կյանքի արժանավոր ընկեր լինել: Ճշմարիտ է, նա սիրուն էր, կրթված, աշխատասեր և ինչպես գերմանուհի, գուցե կարող էր լավ տանտիկին լինել։ Բայց ինձ խորթ էր թվում նրա ծայրահեղ ուրախ բնավորությունը, որքան էլ այդ բնական լիներ նրա հասակում։ Արդեն նա չափից դուրս շատ էր ծիծաղում, թռչկոտում ու երգում։ Եվ դա մի ապագա ամուսնու համար ես թեթևամտության նշան էի համարում։ Բայց եթե ճիշտ է, որ կոնտրաստները հակում ունին դեպի միմյանց, Սանթուրյանը պետք է սիրեր Ադելաիդային, որովհետև այդ կողմից նրանք երկուսն էլ կատարյալ կոնտրաստներ էին։
Միայն մի բան ինձ չթողեց այդ օրը անկեղծ լինել։ Սանթուրյանը մտադիր էր ամուսնանալ ոչ իսկույն, այլ ուսումն ավարտելուց հետո: էհ, մտածում էի, ով գիտե, այս մի տարվա ընթացքում ինչեր կպատահեն, ինչո՞ւ այժմյանից իմ կասկածներով թունավորեմ բարեկամիս երջանկությունը։
Այժմ, ճաշի միջոցին, Սանթուրյանը Ադելաիդայի կողքին էր նստում: Լեհացին ինձ զանազան նշաններ էր անում, թե ամեն բան հասկանում է, և ներքուստ ծիծաղում էր Զարիֆյանի վրա։ Ռուս ուսանողը անտարբեր էր. նա մտքով զբաղված էր յուր սրտի ընտրածով։ Պառավ տանտիկինը, կարծես, հասկացել էր բանի էությունը և չէր երևում, որ հակառակ լինի աղջկա կամքին։ Սանթուրյանին նա հավանում էր և միշտ գովում մեր մոտ նրա լրջմտությունը։ Իսկ Զարիֆյա՞նը... Նա դեռևս զսպում էր իրան և շարունակում Սանթուրյանի հետ յուր բարեկամությունը։ Այդ մարդը ուներ կամքի ուժ։ Բայց ինձ թվում էր, որ նա այլևս չի նախանձում, ցավում է միայն յուր նվիրած թանկագին հովանոցի մասին: Դա սխալ էր, և ես հետո հասկացա, որ սխալվում եմ։
Ինչ ասել կուզի, որ այժմ Սանթուրյանը ավելի զբաղված էր յուր սիրո առարկայով, քան մի ուրիշ բանով։ Նա տանում էր օրիորդին թատրոն, նվագահանդեսներ, զբոսանքի, և ես զգում էի, որ սերը նրա ուսանողական նիհար գրպանին աժան չի նստում։ Մոտ երկու ամիս անցավ այդպես: Ձմեռը վերջանում էր, համալսարանական քննությունների ժամանակը մոտենում: Մի օր նկատեցի, որ Սանթուրյանը սեղանի մոտ նստել է Ադելաիդայից հեռու և չի խոսում նրա հետ։ Իսկ օրիորդը, գլուխը կրծքին թեքած՝ տխուր նայում է սփռոցին, չի ուտում, միայն ձևի համար է մեզ հետ նստել։ Զարիֆյանը նստած էր նրա հանդեպ և յուր հայացքը չէր հեռացնում նրանից։ Դժվար էր կարդալ այդ մարդու դեմքի վրա նրա հոգու շարժումները։ Նա չգիտեր ոչ ամոթից կարմրել, որովհետև միշտ կարմիր էր, ոչ բարկությունից գունատվել և ոչ ուրախությունից ոգևորվել։
Հետևյալ և երկրորդ օրը Սանթուրյանը դարձյալ Ադելաիդայից հեռու էր նստել, դարձյալ օրիորդը տխուր էր և դարձյալ Զարիֆյանը դիտում էր նրան։ Իսկ չորրորդ օրը Ադելաիդան ճաշի չեկավ։ Իմ հետաքրքրությունը շարժվել էր. կամենում էի իմանալ այդ լուռ տեսարանների պատճառը։ Զգում էի, որ անշուշտ մի անախորժ բան է պատահել։
Հենց այդ օրը երեկոյան Սանթուրյանը պղտորված մտավ իմ սենյակը։
Էլի ի՞նչ է պատահել, հարցրի ես։
Դժբախտություն. օրիորդը ինձանից խուսափում է։
Ինչո՞ւ։
Հենց այդ «ինչուն» է ինձ հետաքրքրում։ Դու պետք է ինձ օգնես պատասխանը գտնելու։
Ե՞ս։
Այո՛։ Դու պետք է նրանից բացատրություն պահանջես։
Ինչո՞ւ ինքդ չես պահանջում։
Նա ինձ ոչինչ չի ասում։ Նա ինձ հետ չի ուզում խոսել։
Ահա՛ ինչ...
Այո՛, նա ինձ տեսնելիս՝ երեսը շուռ է տալիս։
Էհ, շատ լավ, դու էլ քո երեսը շուռ տուր։
Հետո՞։
Հետո դու քեզ համար, նա յուր համար։
Սանթուրյանը զարմացած նայեց աչքերիս։
Դու կատա՞կ ես անում, գոչեց նա։
Իսկի՛ էլ չէ։ Ես չեմ հավանում քո սերը, եթե միայն պլատոնական չէ և այդպես էլ չպիտի մնա։ Պատճա՞ռը։
Ադելաիդան քո ընկերը չէ։
Իհարկե, նա ինձանից շատ և շատ բարձր է։ Այդ ես գիտեմ։
Ո՛չ։ Նա քեզ արժանի չէ։
Մի՛ ծաղրիլ ինձ, Միրաբյան։
Ես չեմ ծաղրում։ Ինձ թվում է, որ Ադելաիդան քեզ չի սիրում, գոնե այն սիրով, որին արժանի է մի լուրջ մարդ։
Կնշանակե ես լուրջ մարդ չեմ։
Ընդհակառակը...
Ինչևէ, ընդհատեց իմ խոսքը Սանթուրյանը, դու պետք է նրանից բացատրություն խնդրես իմ կողմից։
Ես ընկա մտատանջության մեջ։ Դա մի նուրբ միջամտություն կլիներ իմ կողմից և ես հազիվ թե ընդունակ լինեի կատարել ինձ առաջարկած դերը։
Ների՛ր, Սանթուրյան, ասացի ես, ես չեմ կարող անել։
Ինչու՞։
Նախ՝ իմ սկզբունքներին դեմ է երկու սիրահարների մեջ մտնելը, երկրորդ՝ ես անձամբ անկեղծ ցանկանում եմ, որ դու հեռանաս այդ օրիորդից։
Ուրեմն մերժո՞ւմ ես։ Շատ լավ. կդիմեմ Զաիիֆյանի միջնորդությանը։
Զարիֆյանի՞, հարցրի ես, չկարողանալով թաքցնել իմ զարմանքը։
Այո՜, ճարս ինչ։ Դու գիտես որ ուրիշ ընկեր չունիմ..․
Նամա՛կ գրիր...
Նամա՞կ։ Կան այնպիսի բաներ, որ նամակով չի կարելի բացատրել։ Ես գիտեմ, որ դու Զարիֆյանին չես սիրում, բայց նա վատ տղա չէ. գլխավորը՝ նա մոտ է Ադելաիդային։
Այս անգամ մի քիչ վրդովվեցի և ասացի.
Բայց մի՞թե դու չես նկատում, որ նա ինքը անտարբեր չէ դեպի Ադելաիդան։
Գուցե առաջ այդպես էր, իսկ այժմ նա սիրում է օրիորդին ինչպես եղբայր։ Նա մինչև անգամ խրախուսում է իմ սերը։ Նա տակտով մարդ է։ Տակտով լինելուն խոսք չունիմ, բայց․․․
Ի՞նչ բայց․․․
Սա՛նթուրյան, մի՛ նեղանար ինձանից, եթե ասեմ՝ «հեռու կաց այդ օրիորդից էլ, այդ Զարիֆյանից էլ...»։
Ավելի ոչինչ չասացի։ Նա մի փոքր մտածեց և հետո վճռական շարժում գործեց ու շտապով դուրս եկավ իմ սենյակից՝ դժգոհ դեմքով...
Այստեղ Միրաբյանը ընդհատեց յուր պատմությունը և սկսեց կրակը վառարանի մեջ խառնել։ Ապա մեզ համար դարձյալ մի-մի բաժակ թեյ ածեց և ասաց.
Կարծեմ, պարոննե՛ր, դուք հոգնեցիք լսելուց։ Կկամենա՞ք շարունակությունը հետաձգեմ վաղվան։
Դեռ երեկոյան ութ ժամն էր։ Մենք միաձայն խնդրեցինք նրան շարունակել և ավարտել։ Նորից մի ծխախոտ վառելով, նա այս անգամ նստեց վառարանից հեռու։
V
Հետևյալ օրը, շարունակեց Միրաբյանը, Զարիֆյանը նստել էր առաջվա տեղը և կատարում էր նախկին դերը, այսինքն՝ ծառայում էր օրիորդին, հաճոյախոսություններ էր անում միայն չափազանց զգույշ։ Երբեմն նա գաղտուկ մտիկ էր անում Սանթուրյանի երեսին և ուսերը վեր քաշում, կարծես, ասելով. «չեմ հասկանում, ի՞նչ է պատահել այս աղջկան»։
Մի կիրակի օր Սանթուրյանը ճաշի չեկավ։ Կասկածը տիրեց ինձ։ Այդ մարդը այնքան զգայուն էր, որ, ո՛վ գիտե, ինչ կարող էր անել րոպեի ազդեցությամբ․ ո՛չ ուրիշին, այլ ինքն իրան, որովհետև, նա ոչ ոքի թշնամի չէր կարող լինել և չէր էլ ուզում լինել, բացի ինքն իրան։ Նրա բոլոր վրդովմունքը, ատելությունը, նրա սրտի ամբողջ թույնը, հոգու բուռն կրակը միայն և միայն իրան էին վնասում։
Մի քանի անգամ ես անցա նրա սենյակը, որ տեսնեմ՝ վերադարձե՞լ է արդյոք։ Չկար։ Օրը մթնեց, թեյի ժամանակն էլ անցավ։ Դարձյալ չկար։ Վերջապես, արդեն կեսգիշեր էր, երբ լսեցի նրա դռան ձայնը և շտապեցի նրա մոտ։
Ահ, այդ դու՞ ես, մտի՛ր, ասաց նա, մի ձեռքում պահած վառ լուցկին, մյուսում՝ լամպի ապակին։
Նա սենյակը լուսավորեց, վերարկուն շպրտեց մի կողմ և հոգնած՝ շնչասպառ նստեց անկողնակալի վրա։
Առավոտից մինչև այժմ պտտում էի փողոցներում, ասաց նա վերջապես, պատասխանելով իմ հարցին։
Ինչու՞։
Որովհետև ես անբախտ մարդ եմ։ Այսօր առավոտ Զարիֆյանը ինձ հաղորդեց, որ խոսել է Ադելաիդայի հետ...
Հետևա՞նք...
Ադելաիդան ամաչում է ինձ սիրել, որովհետև ես անհաշտ մարդ եմ, որովհետև ամենը ինձանից երես են դարձնում, որովհետև բոլորը ինձ արհամարհում են...
Որտեղի՞ց գիտե նա այդ բանը։
Է՜հ, այդ ինձ համար միևնույն է...
Ես ժպտացի։
Տեսա՛ր ուրեմն, ասացի, որ դա սեր չէ, այլ թեթևամտություն։ Մի՞թե սիրող կինը ուրիշների աչքով կնայի յուր սրտի ընտրածին։
Ո՛չ, իհարկե, ո՛չ։ Բայց Ադելաիդան անփորձ երեխա է։ Նա դեռ չի կարող յուր խելքով դատել։ Ես այլևս սիրո մասին չեմ մտածում։ Ոչ, ինձ այժմ տանջում է մի ուրիշ բան: Երևակայիր, Զարիֆյանը ասում է, թե Ադելաիդան իմ մասին վատ գաղափար ունի։
Օրինա՞կ։
Լեզուս չի գալիս ասելու․․․
Դարձյալ։
Իբրև թե ես կեղտոտ նպատակ եմ ունեցել․․․ Հասկանո՞ւմ ես․․․
Ահա ինչ։ Բայց փաստ ունի՞ այդպես կարծելու․․․ Փա՜ստ։ Աստծուն է հայտնի, որ ե՛ս իմ մաքուր սերն անգամ ամոթով եմ նրան հայտնել։
Եվ դու այդ բոլորից հետո չե՞ս ուզում անձամբ օրիորդից բացատրություն պահանջել։
Զարիֆյանը պնդում է, թե Ադելաիդան այդ մասին լսել անգամ չի ուզում։
Զարիֆյանը ասում է, թե օրիորդը վատ գաղափար ունի Սանթուրյանի մասին։ Զարիֆյանը պնդում է, թե օրիորդը չի ուզում տեսնվել Սանթուրյանի հետ. բոլորը Զարիֆյանը.․. Ոչ, մտածում էի ես, այստեղ մի գաղտնիք կա։
Սանթուրյան կրկնեցի ես, մոռացի՛ր այդ աղջկան, ձեռք քաշիր այդ Զաիրֆյանից։
Այժմ ես կաշխատեմ կատարել այդ խորհուրդը։ Մոռանալ Ադելաիդային, իհարկե չեմ կարող, բայց կհեռանամ նրանից։ Չի կարելի ուժով սեր գրավել։ Նա իրավունք ունի արհամարհելու, որովհետև բոլորը արհամարհում են։ Ոչինչ, թող արհամարհի․ ես այլևս նրան չեմ ձանձրացնիլ․․․
Մի քանի օր անցած՝ պառավը եկավ իմ սենյակը և վշտացած հայտնեց, թե Սանթուրյանը տեղափոխվում է։
Ես շտապեցի նրա սենյակը։ Նա շրթունքները կրծոտելով, անցուդարձ էր անում։ Արդեն ժողովել և կապոտել էր իրեղենները և սպասում էր կառքի։
Ու՞ր ես գնում։
Ես ի՛սկույն ուզում էի գալ քեզ մոտ։ Տեղափոխվում եմ ուրիշ սենյակ։
Միթե արդեն բանն այդ տե՞ղն է հասել։
Նա ասաց, թե չի կարող այդքան մոտիկ ապրել և այդքան հեռու լինել Ադելաիդայից. թե զգում է, որ յուր ներկայությունը ձանձրացնում է օրիորդին և թե, վերջապես, հպարտության զգացումը չի թույլ տալիս այժմ նույնիսկ որևէ բացատրություն խնդրել նրանից։
Անցավ մոտ մի շաբաթ։ Ես Սանթուրյանին ո՛չ մի տեղ չէի հանդիպում։ Նա համալսարանումն էլ չէր երևում։ Դժբախտաբար ես մոռացել էի հարցնել նրա նոր սենյակի տեղը։ Վերջապես մի առավոտ հանդիպեցի նրան Տվերսկայա փողոցում։ Նա շտապով մոտեցավ ինձ և ամուր սեղմեց իմ ձեռը։ Ես կիսահեգնաբար հարցրի, արդյոք առողջանում է նրա սրտի վերքը։ Նա դառնությամբ ժպտաց և խնդրեց, որ կատակ չանեմ։
Իմ վերքն ավելի խոր է, քան նույնիսկ ինքս էի կարծում։
Երկու օր առաջ նա տեսել էր Ադելաիդային Զարիֆյանի հետ ձիաքարշով անցնելիս։ Առաջին անգամ նա զղջացել էր, թե ինչ ասել է խանդ։
Թեև, ավելացրեց նա, իրավունք չունիմ Զարիֆյանի վերաբերմամբ խանդոտ լինելու։
Ես չկարողացա զսպել իմ վրդովմունքը Զարիֆյանի դեմ։ Պատմեցի Սանթուրյանին ամենը, ինչ որ դիտել էի նրա բացակայությանը։ Ադելաիդայի նորից ուրախ և զվարթ դառնալը, Զարիֆյանի հաղթական ժպիտները, նրանց գաղտնի շշնջյունները, օրիորդի այցելությունները Զարիֆյանին, այս բոլորը մի շաբաթ էր արդեն՝ լուսաբանում էին ինձ համար նրանց հարաբերությունները։
Սանթուրյանը լսում էր թղթի պես գունատված։ Նրա կուրծքը ուժգին բաբախում էր, աչքերը կարծես ձգտում էին՝ դուրս գալ իրանց խորշերից։ Նա երկյուղալի էր այդ րոպեին։ Ես զղջացի իմ տված անսպասելի հարվածի համար։ Բայց արդեն ուշ էր։ Գնացի նրա հետ յուր նոր սենյակը և այդ գիշերը անցկացրի այնտեղ։ Երկար, երկար ժամանակ աշխատում էի նրան հանգստացնել։
Այո, իմ բարեկամը սիրում էր և տանջվում։ Այժմ նրա ներքին կրակին ավելացել էր և խանդի զգացումը, մի բան, որ ամենից ավելի էր վտանգավոր նրա նման մի զգայուն երիտասարդի համար։ Նա օրեցօր ավելի մռայլ էր դառնում, բայց և օրեցօր թանձրանում էր նրա սրտի հուրը, ուտելով և մաշելով նրան։ Նա հետզհետե դառնում էր լռակյաց, հոռետես, բաց ոչ կասկածամիտ կամ վատախոս։ Երբեք նրանից չէի լսում մի գանգատ Զարիֆյանի դեմ, նույնիսկ որևէ դժգոհություն։ Նա միայն բողոքում էր յուր ճակատագրի դեմ և ամեն բանում իրան էր մեղավոր համարում։ Նա չէր մեղադրում նաև Ադելաիդային։
Նրա բարի կամքն է սիրել, ում հավանում է, ասում Էր նա, և ես ոչինչ վատ բան չեմ տեսնում նրա արածի մեջ։ Ես չեմ մեղադրում անգամ, որ նա իմ մասին վատ գաղափար ունի։ Սխալվում են շատ անգամ հասուն մարդիկ, իսկ նա դեռ երեխա է, մի օր խելքի կգա և կհասկանա, որ սխալված է։