Մուրացան

Իմ կաթոլիկ հարսնացուն

Ա

ԾՈՎԻ ՎԵՐԱ

1876 թվականն էր. մայիսյան մի հովաշունչ երեկո: Մեր շոգենավը հանդարտ սլանում էր Կասպից ծովի խաղաղ ալիքների վերա: Բնությունը շրջապատում էր մեզ յուր հրաշալիքներով: Նավի ձախ կողմից երևում էին մերթ կանաչազարդ բլրակներ` եզերված փոքրիկ գետակներով. մերթ ընդարձակ դաշտեր` որոնց ծանրաբեռնում էին հասկափունջ արտորաները, մերթ լայնանիստ հովիտներ, ուր զեղում և արածում էին ոչխարի բազմաթիվ հոտերը խառը տավարի նախրի հետ և հաճախ` մանր ու խոշոր լեռանց ապառվածները` ծառազարդ ստորոտներով, որոնք անընդհատ մեկը մյուսի ետևից վազում անհետանում էին մեր աչքերից: Սրանցից ավելի հեռու նշմարվում էին Կովկասի շղթայաշար լեռները` իրենց կոհակավետ գագաթներով` որոնք դեռ ևս ծածկված էին ձյունի սպիտակ սավանով: Իսկ աջ կողմից տարածվում էր ծովը յուր անսահման ալիքներով, որոնք հազիվ հովի առաջ անընդհատ ծփծփում և տատանվում էին հազիվ լսելի ճողփյուններով: Արեգակը պատրաստում էր. արդեն յուր հրեղեն գունդը հեռավոր լեռները ետքում ծածկելու և նրա վերջն ճառագայթները` անզոր այլևս մարդկանց աչքերը խտտղելու ոսկեզօծում էին միայն ծովի դալարագեղ ափերը և մեր նավի տախտակամածը, ուր անընդհատ վազվզում և անցուդարձ էին անում նավաստիները և ճանապարհորդները: Այդ ժամանակ ես կանգնած էի նավի ետևում, ուր սովորաբար ծածանում է եռագույն դրոշակը, և երեսս դեպի նավի ցռուկը դարձրած զմայլմամբ դիտում էի Կասպյան ծովակի գեղազվարճ ափերը։ Մի սրբազան հափշտակություն տիրել էր իմ հոգվույն, նավը սլանում էր, և ես հետզհետե խորասուզվում էի հեռու հեռու հնադարյան անցյալի մեջ, երբ մարդկային կյանքը դեռ այսքան կերպարանափոխված չէր, երբ լուսավորությունը դեռ չէր հղացել յուր հրաշալիքները և ծովի ալիքների մեջ դեռ չէր վառվում Հեփեստոսի հնոցը, որը այս օր յուր հսկայական և սոսկալի ուժով հաղթահարում է ծովի կատաղությունը և տիրում Պոսիդոնի ժառանգական թագավորությանը... Ես հոգվով սլանում էի դեպի այն երանելի ժամանակները, երբ մեր առաջ տարածվող այս կուսական ափանց վերա ապրում էր մի նահապետական ժողովուրդ, ասպետական սրտի տեր, բռնության անսովոր և աշխատության սիրահար. մի ժողովուրդ, որ չէր ճանաչում թշվառությունը և չէր ստեղծում նրան, որովհետև շատանում էր յուր պարզ և անպաճույճ կյանքով... Նրա տղամարդիկ հերկագործում էին իրենց դաշտերը և սևաչյա կանայք դալարագեղ հովիտների մեջ իրենց խաշներն էին արածացնում. նրա քաջ երիտասարդներ ուրախ և անհոգ որսում էին լեռների վերա, և գեղանի աղջկունք՝ գետափանց մոտ դեգերելով՝ երգում էին նրանց։ Հին լեռնականների երկիրը և՛ խաղաղ, և՛ գեղեցիկ էր... բայց լուսավորությունը ո՞ր բնական գեղեցկությունը չէ աղավաղել, երբ նա բնության այդ ստեղծագործության ձգտել է տիրապետել։ Այսօր այստեղ սովորում են խոսել ապագայի վերա և դողդողալով հոգում էին վաղվան համար... Սեփականությունը վտանգվում է, խաղաղանիստ գյուղի խրճիթները էլ չեն ապահովում բնակիչների կյանքը և անցյալին ծանոթ ծերունիները սկսում են հառաչել...

Տակավին այս մտածմունքների մեջ էի, երբ մեր շոգենավը մի հանկարծական պտույտ արավ և բոլոր գեղեցիկ տեսարանները անհետացան իմ աչքից։ Կանաչազարդ ափերի փոխարեն իմ առաջև բացվեցավ ծովի լայնատարած մակերևույթը յուր գեղածուփ կոհակներով։ Մի րոպե ես այնպես կարծեցի, թե մինչև այն իմ տեսածները երազ էին։ Բայց Բայց հենց որ երեսս դարձրի, ահա իմ առաջև նկարվեցան դարձյալ նույն գեղեցիկ տեսարանները և նրանց հետ միասին մի բարձրադիր բլրակի ստորոտում փոքրիկ ծովեզերյա քաղաքը յուր ձյունի պես սպիտակ տներով, որոնք արագ արագ մոտենում էին դեպի մեզ։

Հինգ րոպեից ետ նավը ծանրաքայլ մտավ նավահանգիստը։ Ահագին խարիսխը, որ մինչև այն կախված էր շոգենավի ծայրից, մեծ դղրդյունով իջավ ծովը, ահարեկելով նրա, համր բնակիչներին։ Սրան հետևեց շոգեմեքենայի սուր հնչյունը, և նավի ամեն խորշերից դուրս թափվեցան ճանապարհորդները։ Սկսավ մեծ շարժումն։ Նավաստիներից ոմանք անընդհատ վազվզում էին աջ ու ձախ. ուրիշները կապկի նման մագլցելով սուրում էին պարանների վերա և ուղղաձիգ կայմի ծայրը բարձրանալով՝ պրկում կամ թուլացնում էին նրանց. մի քանիսը տախտակամածի բարձրավանդակը թռչելով իջեցնում էին ծովի մեջ փոքրիկ նավակները, և մի ուրիշ խումբ զբաղված էր ճանապարհորդների իրեղենները զատելով և բաժանելով։

Մի քանի րոպեի մեջ շոգենավը շրջապատեցին բազմաթիվ նավակներ, գույնզգույն խելերով և թիակներով։ Երկաթե սանդուղքները, որոնք մինչև այն ամրացած էին նավի կողերի վերա, ճռնչալով դեպի ծովը կախվեցան։ Ճանապարհորդները իրենց իրեղենները վերցրած շտապում էին միմյանց ետևից նավակների մեջ մտնելու։ Իսկ ես դեռ կանգնած նավակի մոտ անխոս և անշարժ դիտում էի այդ մարդկանց շարժումները։ Նրանք նմանում էին շատ տարիներով բանտի մեջ փակված գերիների, որոնց մի գթասեր իշխանի ձեռքը վերջապես ազատություն է տալիս։

ՊԱՏԵՐ ՍԻՄՈՆԸ

Մի քանի րոպե չանցած արդեն ամեն ոք նավակ էր վարձել քաղաք դուրս գալու համար, բայց ես շվարած չգիտեի ինչ պետք էր անել։ Ես առաջին անգամն էի ծովով ճանապարհորդում և մանավանդ անծանոթ էի այս քաղաքին, չնայելով որ յոթ տարիներից ի վեր բնակվում էր այստեղ իմ քույրը, որին ես առաջի անգամ գնում էի այցելության:

Դուք չե՞ք կամենում քաղաք դուրս գնալ, հնչեց ետևիցս մի հաստ և խռպոտ ձայն։ Ես իսկույն հետ դարձա և տեսնում եմ երկար լոդիկով, լայն շրջանավոր գլխարկով և սափրված ընչացքով ու ծնոտով մի հաղթանդամ և բարձրահասակ մարդ, որ յուր պայուսակը և մի քանի փոքրիկ կապոցներ ձեռքն առած, պատրաստվում էր երկաթե սանդուղքից դեպի սպասող նավակը իջնելու։ Ես փոխանակ պատասխանելու սկսա հետաքրքրությամբ նայել նրա տարօրինակ հագուստի և դեմքի վերա։ Առաջինը նմանում էր մեր քահանաների հագուստին, բայց նրա դեմքը բոլորովին հակապատկերն էր ներկայացնում։

Դուք չե՞ք պատասխանում, կրկին հարցրեց տարօրինակ դեմքով և հագուստով մարդը։

Ինչպես չէ, պետք է դուրս գնամ, պատասխանեցի ես։

Ուրեմն շտապենք, միայն մի նավակ է մնացել, հարեց նա և առաջ անցավ։

Ես հետևեցի նրան և երկուսս միասին իջանք նավակը:

Ամենից առաջ ես կամենում եմ ձեզ հետ ծանոթանալ, կշնորհե՞ք ինձ ձեր անունը, հարցրեց անծանոթը, երբ մենք մեր իրեղենները տեղավորելով՝ նստանք նավակի մեջ։

Արամ Բյուրատյան, պատասխանեցի ես և սպասում էի, որ ինքն էլ յուր անունը հայտներ. բայց նա բոլորովին ուրիշ կերպ սկսավ յուր խոսակցությունը։

Շատ լավ, շնորհակալ եմ. ուրեմն Արամ Բյուրատյան է կաշխատեմ չմոռանալ։ Բայց գիտե՞ք ինչ ցավալի բան պատահեց շոգենավում։

Ոչինչ չգիտեմ, պատասխանեցի ես և սկսա հետաքրքրությամբ լսել նրան:

Զարմանալի բան պատահեց։

Ես փոքր ուշացա այնտեղ և կարծում էի, թե այլևս նավակ չեմ գտնիլ քաղաք դուրս գալու համար և կամ միայնակ մնալով թանկ կվճարեի նավակին, բայց ինչպես երևում է սուրբ Տիրամոր աչքը քաղցր է յուր ծառայի վերա և նա ձեզ նման մի բարի երիտասարդին ընկեր տվավ ինձ։

Ես տեսա որ իմ անծանոթը բնական դրության մեջ չէր, բայց ցանկանալով մի բանով վարձատրել նրա հաճոյախոսությունը մեքենայաբար հարցրի.

Ինչո՞ւ համար էիք ուշացել շոգենավում։

Օ, դրա պատմությունը խիստ հետաքրքիր է. ես իսկույն կասեմ ձեզ։ Նավապետը առանձին ճաշ էր պատրաստել յուր սենյակում և ինձ հրավիրել էր։ Մենք շատ լավ ճաշեցինք, պետք է խոստովանել, և շատ երկար նստանք սեղանի շուրջը։ Երևակայեցեք. ժամը մեկից սկսած մինչև այժմ մենք խմում էինք, և գիտեք որքան շատ խմեցինք... օ՜, երևակալել չեք կարող։ Շատ պատվական մարդ է նավապետը, դուք ծանո՜թ եք նրա հետ:

Ո՛չ, պատասխանեցի ես։

Ափսոս, շատ ցավում եմ, պետք է որ ծանոթանայիք. նա շատ մարդ պատվական է և զարմանալի հյուրասեր։ Գիտե՞ք. Նա յուր մառանի ամենալավ գինին էր հանել ինձ համար, և ի՜նչ գինի, կարո՞ղ եք միթե երևակայել։ Ես նրան ասում եմ, Իվան Պավլովիչ, շատ մի խմացնիր ինձ, ես կարող եմ հարբել և նավակից գլորվիլ ծովի մեջ, բայց նա այս խոսքի վերա ծիծաղից թուլանում է և անդադար նեկտարը լցնում է բաժակիս մեջ։ Իհարկե, նա գիտեր, որ ես հարբողը չեմ, բայց ինչ որ էլ որ լինի, հոգևորականը մի քիչ չափավոր պետք է լինի արբեցության մեջ, այնպես չէ՞։

Վերջին խոսքերը, որ նա շատ ցած և խորհրդավոր ձայնով արտասանեց, ինձ զարմացրին։

Ինչպե՞ս, մի թե դուք հոգևորական եք, շտապով հարցրի ես։

Իհարկե. մի՞թե դուք չգիտեիք։ Ես քահանա եմ, և ինձ անվանում են պատեր-Սիմոն։

Քահանա՞ ... զարմացմամբ հարցրի ես և աչքերս սևեռեցի նրա դեմքին։ Իհարկե քահանա, միթե չեք տեսնում. հա՜, հա՜,հա՜... և սկսավ նա այնպես բարձր ձայնով ծիծաղել, որ նավաստին ետ շրջվեցավ և մի րոպե թիակները անշարժ թողնելով սկսավ մեծ մեծ աչքերով նայել տարօրինակ քահանայի վերա։

Ի՞նչ բանի ես նայում, ապուշ, գոռաց նրա վերա պատեր֊Սիմոնը, թիակներդ շարժի՛ր, ամբողջ երկու ժամ հո մեզ չի՞պիտի պահես ջրի մեջ:

Նավաստին հետ դարձրեց երեսը և սկսավ արագ արագ շարժել յուր թիերը:

Ներեցեք ինձ, տե՛ր-հայր, միթե...

Ամենից առաջ թույլ տվեք նկատել, ընդհատեց ինձ պատերը, որ ինձ տեր-հայր կանչելու իրավունք չունիք, այդ անունը տալիս են հայոց քահանաներին. իսկ մեզ հետ խոսում են «պատվելի» տիտղոսով:

Բայց դուք էլ հայերեն եք խոսում...

Այդ ապացույց չէ, որ ես էլ ուրեմն հայոց քահանա եմ։ Ես... այո, ես քահանա եմ, բայց կաթոլիկների քահանա, այսինքն ավելի մեծ եկեղեցվո պատկանող։ Դեհ, այժմ ասացեք. ի՞նչ էիք ուզում հարցնել։

Ես ուզում էի հարցնել, թե մի՞թե անմորուք և առանց ընչացքի քահանա կա աշխարհում. (խոստովանում եմ, ես այն ժամանակ դեռ այդ չգիտեի, որովհետև տեսած չէի): Օ՜, տգե՛տ, տգե՛տ, ինչե՛՛ր է հարցնում, հա՜, հա հա ...

Եվ այս անգամ պատվելին այնպես թուլացավ ծիծաղից որ ստիպվեցավ երկու ձեռքով յուր տակառանման փորը բռնելու, կարծես նրա հանկարծական պայթումից վախենալով:

Ես մնացել էի ապշած, բայց մի դեպք հանկարծ իմ ծիծաղն էլ շարժեց։ Պատեր-Սիմոնը, որ սաստիկ ծիծաղելուց թեքվել էր մեջքի վերա, կորցնելով յուր շոգելից գլխի հավասարակշռությունը, կքեց նրան դեպի ծովը և յուր լայն շրջանավոր դվխարկը ընկավ ջրի մեջ։

Սպասի՛ր, սպասի՛ր. ապուշ, անասո՛ւն, սկսավ նա բարկանալ և գոռալ նավաստիի վերա, որը աչքը ափին տնկած անընդհատ առաջ էր վարում մակույկը, սպասիր գլխարկս գլխարկս ... Այս ասելով նա պատրաստվում էր կարծես մակույկից դուրս թռչելու և ալիքների վերա սուրալով յուր գլխարկը բռնելու, որին փոքրիկ կոհակները հեռացրել էին իսկույն։

Նավաստին հետ նայեց և տեսնելով պատվելիի գլխարկը ալիքների վերա՝ չկարողացավ յուր ծիծաղը զսպել։

Դու՞ էլ ես ծիծաղում, անզգամ, գոչեց վայրենի ձայնով պատերը և հարձակվեցավ նավաստիի վերա. բայց վերջինս չգիտեմ ինչ մի ճարպիկ հարված տվավ ալիքներին, որ նավակը սաստիկ երերաց և պատվելին, որ առանց այն էլ ուղիղ կանգնելու ընդունակությունը Բաքոսին էր նվիրել, կորցրեց յուր հավասարակշռությունը և գլորվեցավ նավակի մեջ։

Այժմ ծիծաղից թուլանալու հերթը ինձ հասավ։

Նավաստին արագությամբ դարձրեց նավակը և հասնելով ապստամբ գլխարկին՝ հափշտակեց նրան թիակի ծայրով և տվավ պատվելիին, որը արդեն ընկած տեղից բարձրացել և զայրացած դեմքով նստել էր յուր նստարանի վերա։ Բայց ըստ երևույթին նա ինձանից ավելի է վշտացած, քան նավաստիից, թեպետ երկուսս էլ ոչնչով մեղավոր չէինք յուր գլխարկի ապստամբության գործում։ Այսուամենայնիվ պատվելին էլ կամեցավ շարունակել ինձ հետ յուր խոսակցությունը և դեմքը դեպի շոգենավը դարձնելով՝ սկսավ նավապետի սենյակում յուր կիսատ թողած շիշերը երազել:

Ճշմարիտը խոստովանած, ուրիշ անգամ այս տեսակ մի անծանոթ անձնավորությունը ինձ կհետաքրքրեր. և որքան էլ անբնական դրության մեջ լիներ նա, դարձյալ ես չէի թողնել նրան, մինչև որ իմ մանրակրկիտ հարցուփորձով չտեղեկանայի նրա ո՞վ և n՞ր տեղացի լինելը, ո՞ր քաղաքից և ի՞նչ գործով այստեղ գալը, ի՞նչ գաղափարների և համոզմանց տեր լինելը և այլն, և այլն։ Բայց այս անգամ ես բավականացա միայն իմանալով, որ նա մի հայ կաթոլիկ քահանա է և որ նրան անվանում են պատեր-Սիմոն։ Էլ ուրիշ ոչնչով չհետաքրքրվեցա, որովհետև նույն րոպեին ինձ ուրիշ մարդիկ էին զբաղեցնում, որո համար և առիթ էի պտրում քաղցվալից ընկերոջս շաղակրատությունից ազատվելու։ Ուստի երբ նա լռեց, ես էլ գոհ սրտով դարձրի երեսս հակառակ կողմը և անուշադիր դեպի նրա գոյությունը սկսա այն մտածմունքներով զբաղվիլ, որոնք նույն րոպեին քաղցրացնում էին իմ կարճ, բայց անհանգիստ ճանապարհորդությունը։

{{Կենտրոն|'Գ

ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԸ

Նավակը փոքր առ փոքր մոտենում էր ափին, սիրտս կամացուկ սկսում էր տրոփել, և մի անհանգստացնող ուրախություն հետզհետե լքցվում էր նրա մեջ: Ես մտածում էի, որ ահա մի քանի րոպեից հետ պիտի տեսնեմ իմ քրոջը, որին այնքան սիրում էի, բայց որին յոթ երկար տարիներից ի վեր տեսած չէի։ Ո՛չ հեռավորությունը և ո՛չ տարիների անջրպետը չէին բաժանել մեր սրտերը միմյանցից. ընդհակառակը, երկարամյա կարոտը ավելի զգայուն և ավելի խանդակաթ էր դարձրել նրանց։ Օ՜, որքա՜ն քաղցր, որքա՜ն գողտրիկ և մանավանդ թե որքա՜ն անկեղծ է այն սերը, որ կապում է միմյանց հետ մի քույր և եղբայր... Եվ ով չէ ունեցել այդ սերը, նա չէ վայելել կյանքի ամենաքնքուշ քաղցրություններից մինը հարազատության քաղցրությունը։ Այն մի քանի րոպեները, որոնք բաժանում էին ինձ իմ քրոջից, մի մի ժամերի չափ երկարում էին ինձ համար։ Ես գիտեի, որ միևնույն անհանգստությամբ սպասում էր նա ինձ, ըստ որում առաջուց գիտեր իմ գալուստը. գիտեի, որ ափին մոտեցող յուրաքանչյուր նավակը անշուշտ թունդ է հանում նրա սիրտը։

Հիսուն քայլ հազիվ էր մնացել, որ մենք ափը իջնեինք։

Այն տեղի վերա, ուր դիմում էր մեր նավակը, ժողովված էր կանանց և մարդիկների մի բազմություն։ Ըստ երևույթին նրանցից ոմանք եկել էին իրենց բարեկամներին դիմավորելու, իսկ ուրիշները, լոկ հետաքրքրությամբ կամ, շոգենավի գալուստը տեսնելու... Ես հեռվից սկսա որոնել իմ քրոջը, բայց այն բազմության մեջ անհնար եղավ ինձ ճանաչել նրան։ Վերջապես նավակը մոտեցավ ափին. ես դուրս ցատկեցի ավազի վերա և հենց պատրաստվում էի պայուսակս վերցնել, հանկարծ տեսի, որ մի նորատի տիկին կանանց միջից դուրս վազեց և «եղբայրս...» ճչալով դիմեց գրկաբաց դեպի ինձ և պլլվեցավ իմ պարանոցին։ Նա իմ քույրն էր, ես իսկույն ճանաչեցի, նա շատ քիչ էր փոխվել։ Երկար մենք չկարողացանք խոսել միմյանց հետ. մենք գրկվում, համբուրվում և ուրախությունից արտասվում էինք... Սա այն վայրկյաններից մինն էր, երբ մարդ մոռանում է վշտերի գոյությունը և ամբողջապես հոգիանալով՝ լուծվում է հրճվանքի և երջանկության մեջ...։ Տխրությունը յուր սև պատկերով չքանում է նրա աչքերից, մարդկանց դեմքերը էլ չարություն չեն արտահայտում, ամեն կողմ տիրապետում է բերկրանք և ուրախություն, և բոլոր շրջապատող առարկաները ժպտում են նրան...Ահա այստեղ է զգում մահացուն կյանքի քաղցրությունը, այստեղ է նա ճանաչում կյանքի հրապույրները։

Վերջապես մոտեցավ ինձ իմ փեսան, որը մինչև այն տեղի էր տվել իմ քրոջ գգվանացը, գրկեց և համբուրեց ինձ և ապա կառք կանչելով հրավիրեց ինձ նստել տուն գնալու համար։

Մինչև այն ես գրեթե մոռացել էի իմ ընկերոջը' պատեր-Սիմոնին։ Երբ ուղղվեցի դեպի կառքը, հանկարծ աչքիս զարկավ նրա լայն շրջանավոր գլխարկը և սափրած ծնոտը։ Նա կանգնած էր մի քանի քայլ մեզանից հեռու շրջապատված կանանց ու աղջիկների մի փոքրիկ խմբակով։ Պատեր-Սիմոնը այնպիսի մի համեստ և պատկառելի կերպարանք էր առել, որ ես մի վայրկյան վարանեցի ընդունել նրան իմ արբած ընկերոջ տեղ, և սկսա զննել նրան։ Նա քնքշաբար ողջունում էր յուր շրջապատողներին, հարցնում էր նրանց և իրենց ընտանիքների առողջությունը, իսկ յուր ձեռքերը համբուրող մի երկու փոքրիկներին փայփայում և օրհնում էր։ Երբ կառքը նստանք, ես պատրաստվում էի հարցնել իմ փեսային թե ո՞վ էր արդյոք այս պատերը և ինչ գործ ուներ նա այս քաղաքում, բայց մի ուրիշ ավելի հետաքրքիր անձնավորություն գրավեց իմ ուշադրությունը։ Սա մի գեղեցկահասակ, սիրուն դեմքով, մեծ և սևորակ աչքերով աղջիկ էր, որ պատերին շրջապատող խմբակից դուրս գալով մոտեցավ մեր կառքին, և շնորհալի ու ժպտադեմ դիմեց քրոջս. «Շուշան, թույլ տուր, որ ամենից առաջ ես շնորհավորեմ քեզ եղբորդ գալուստը»: Այս ասելով սեղմեց քրոջս ձեռքը և գլխի թեթև շարժումով ողջունեց փեսայիս և ինձ։

Քույրս հայտնեց նրան յուր շնորհակալությունը։ Ես սպասում էի, որ նա գեղեցիկ աղջկա հետ էլ կծանոթացներ ինձ, բայց նա այդ չարավ, և երևի իմ ցանկությունը գուշակելով, ասաց.

Ես քեզ շեմ ծանոթացնում իմ եղբոր հետ, ես կսպասեմ քո այցելությանը։

Ուրախությամբ, պատասխանեց գեղեցիկ աղջիկը և շնորհալի ժպիտով մեզ ողջունելով հեզացավ, նրա վերջին հայացքը հանդիպեց իմ աչքերին, բայց մեր կառքը արդեն հեռանում էր…

Ինչո՞ւ չհրավիրեցիր օրիորդին մեզ հետ կառք նստելու, հարցրեց փեսաս քրոջս։

Նրա մայրը այստեղ էր, նա նրան միայն թողնել չէր կարող, պատասխանեց քույրս և սկսավ կրկին զբաղվել ինձնով։ Առաջին տեսակցությունից նա յուր կարոտը դեռ չէր առել, նա ուզում էր խոսել ինձ հետ, հարցափորձել ինձ. և որքան շատ բաներ ունեինք մենք միմյանց հաղորդելու։

Քայց գեղեցիկ աղջկա անձնավորությունը նույնպես սկսավ հետաքրքրել ինձ։

Ո՞վ էր այդ աղջիկը, հարցրի քրոջս։

Դա օրիորդ Լուսինյանն է։

Ինչպե՛՞ս է նրա անունը։

Մարգարիտա, պատասխանեց քույրս և ապա ժպտալով նկատեց, ըստ երևույթին իմ բարեկամուհին քեզ շատ է հետաքրքրել. լավ, ես վաղը կծանոթացնեմ քեզ նրա հետ։

Քրոջս այս խոստումը ինձ անհաճո չթվաց, և ես նրան հայտնեցի իմ անկեղծ շնորհակալությունը, որը բավական զվարճացրեց իմ բարի փեսային։ {{Կենտրոն|Դ

ԻՄ ՔՐՈՋ ՏԱՆԸ

Շուտով մենք հասանք տուն։ Քույրս յուր բոլոր քնքշությունները ժողովել էր ի մի՝ ինձ յուր տան մեջ տեսնելու համար։ Նա ուրախությունից չգիտեր ինչ աներ։ Կամ ծառային էր պատվերներ տալիս այս ու այն բանը ինձ համար պատրաստելու, կամ աղախնին էր հրամայում ինձ սպասավորելու, և կամ նրանց վերա չվստահանալով այս ու այն կողմն էր վազվզում անձամբ իմ հաճույքները կատարելու, հաճույքներ, որոնց ես չէի արտահայտում, բայց ինքը յուր երևակայության մեջ ստեղծում էր ինձ համար։ Վերջապես նա ինձ տարավ յուր լվացարանի մոտ և ներքնատանից յուր ձեռքով հանած թարմ և ցուրտ ջրով ստիպեց ինձ լվացվելու։

Ապա պայուսակս բանալով հանեց ինձ համար նոր հագուստներ և ինքը շտապեց իմ մյուս պետքերը հոգալու, որոնք նրա կարծիքով բազմաթիվ էին։

Երբ ես արդեն հագնվել էի, ներս մտավ փեսաս և հրավիրեց ինձ տան պատշգամը թեյ խմելու։ Մենք միասին դուրս գնացինք։ Բայց մինչև որ քույրս մեզ կընկերանար, ես կամեցա նրա տունը հետազոտել, ուստի փեսայիս հետ միասին սկսեցի ամեն կողմ շրջակայել։

Քրոջս տունը, որ յուր ամուսնու սեփականությունն էր, գտնվում էր քաղաքի առաջին փողոցի վերա ծովափի մոտ։ Նա մեծ չէր, բայց պարունակում էր յուր մեջ մի համեստ ընտանիքին անհրաժեշտ բոլոր բաժանմունքները։ Մի չափավոր մեծությամբ դահլիճ, որը միևնույն ժամանակ և նրանց ընդունարանն էր, մի սեղանատուն, երկու ննջարաններ և մի գրասենյակ, իրենց նախասենյակով, խոհանոցով, երկու ներքնատներով և ոչ ընդարձակ բակով կազմում էին այդ տան ամբողջությունը։ Ընդհանուր հայացքով այդ տան շինությունը շքեղ և զարդարուն չէր, բայց պարզ էր և վայելուչ։ Նրա արտաքին գեղեցկությունը կազմում էին յուր ձյունի պես սպիտակ պատերը՝ իրենց ընդարձակ և լուսավոր պատուհաններով և երկու փոքրիկ երկնագույն պատշգամբներ՝ տան երկու հակադիր ճակատների վերա, որոնցից մեկը նայում էր ուղղաձիգ փողոցի, իսկ մյուսը ծովի և նավահանգստի վրա։ Տան թե դրսում և թե ներսում տիրում էր միօրինակ մաքրություն։ Բակի մեջ չէր նշմարվում ոչ մի խոիվ, քարի կամ աղյուսի կտոր, ամեն բան յուր տեղում, ամեն ինչ կանոնավոր։ Սենյակները կանոնավորված էին պատշաճավոր կարասիքներով առանց շռայլության և առանց գծուծ խնայողության։ Այն պարզ զարդարանքները, որոնք մի տան տիկին կարող է պատրաստել, գրոից չէին հայթայթված։ Վարագույրներ, սեղանի սփռոցներ, օթոցների և բարձերի երեսկալներ և այլ առտնին պաճուճանքներ բոլորը քույրս յուր ձեռքով էր կարել կամ ասեղնագործել, առանց այդ ամենի համար յուր ամուսնու բյուջեն ծանրաբեռնելու։

Մինչդեռ ես հյուրասենյակի մեջ զննում էի իմ քրոջ ձեռագործները նա ներս մտավ։

Որքա՜ն գեղեցիկ ձեռագործներ ունիս դու, քույրիկս, բացականչեցի ես դիմելով դեպի նրան, ես բոլորովին հիացած եմ։

Ճշմարի՞տ, դու չե՞ս շողոքորթում, ժպտալով մոտեցավ նա ինձ և քնքշաբար յուր թևը պարանոցս պատելով նայեց իմ աչքերին այնքան բարի և այնքան ուրախ հայացքով, որ կարծես յուր դեպի ինձ ունեցած խանդաղատանքը կրկնապատկվում էր'՝ իմ նրան ուղղած, մի երկու գովասանական բառերով։

Շողոքորթե՞լ, ինչու համար, մի՞թե ճշմարտությունը ասել նշանակում է շողոքորթել, պատասխանեցի ես, ցանկանալով այս խոսքերով ավելի ևս գոհացնել նրան։

Եվ իմ պատասխանը արդարև մեծ ուրախություն պատճառեց քրոջս։ Նա սկսավ մի առ մի ցույց տալ ինձ յուր տնտեսական հեղինակություններից և ուրիշ շատ բաներ, որոնք մինչև այն ես տեսած չէի, և պատմել մինչև անգամ նրանց ամեն մեկի համառոտ պատմությունը։ Ես մեծ գոհունակությամբ լսում էի քրոջս և զվարճանում, որովհետև պարծենալու այգ անմեղ ցանկությունը ոչ միայն բնական էի գտնում նրա մեջ, այլև ինքս իրավունք էի տալիս նրան պարծենալու։ Կան մարդիկ, որոնք չափից դուրս խստապահանջ են և չնայելով, որ ապրում են այնպիսի մի ժամանակում, երբ պարտք ճանաչելն ու կատարելը ոչ միայն թուլության նշան է համարվում, այլև ծաղու առարկա է դարձած, այսուամենայնիվ պահանջում են, որ պարտաճանաչ մարդը զրկվի մինչև անգամ այն փոքրիկ մխիթարությունից, որը նա ստանում է յուր շրջապատողների խրախույսներից: «Այդ մարդը միայն յուր պարտքն է կատարել» ասում է խստասիրտ բարոյախոսը և զայրանում է՝ երբ լսում է նրա մասին գովություններ, որոնք յուր կարծիքով ավելորդ բաներ են, Բայց չէ՞ որ խավարի մեջ ծաղիկներ չեն աճում և ծայրահեղ համեստության ներքո թառամում է ճշմարիտ առաքինությունը։ Քանի որ արեգակի տակ հավասար իրավունքներով են օգ շնչում հոգածուն և անհոգ մարդը, աշխատավորը և հափշտակողը, խնայասերը և շռայլողը, գոնե մարդիկ այնքան խելք և սիրտ պիտի ունենան, որ բնության այդ անիրավ հավասարասիրտությունը չափավորեն, տալով «որում զհարկս՝ հարկս և որում զպատիւ պատիւ»:

Ահա հենց այս տեսակետից նայելով ես ա՛յն կարծիքին եմ, որ թույլ բնավորությունները մանավանդ, որպիսիք են կանանցը, պետք ունին ավելի քաջալերության և խրախուսանքի, երբ նրանց մեջ երևան է գալիս գործունեության ուժը և պարտաճանաչության արդյունավոր զգացմունքը: Այն կինը, որ ըմբռնում է յուր կոչումը և բարձր է պահում նրան արժանի է հարգանքի և քաջալերության. իմաստակ անտարբերությունը կարող է վհատեցնել նրան, իսկ մի վհատյալ կինը անպետք է իր ընտանիքի համար։

Պարզ է ուրեմն, թե ինչու համար ես ուրախանում էի քրոջս աշխատասիրությունը տեսնելով և թե ինչու ես իրավունք էի տալիս նրան պարծենալու յուր պարտաճանաչ տանտիկնությամբ,

Բոլոր տունը շրջագայելուց հետ մենք դուրս եկանք այն պատշգամբը, որը նայում էր ծովի և նավահանգստի վերա։ Այստեղ մաքուր սփռոցով ծածկված սեղանի վերա արդեն պատրաստ էր փայլուն ինքնաեռը, թեյի բոլոր պարագաներով։ Քույրս իսկույն ձեռք առավ յուր պաշտոնը մի առանձին ուրախությամբ և հրճվանքով։ Նրա շրթունքների վերա ամբողջ ժամանակ փայլում էր մի քաղցր ժպիտ, որ նշան էր յուր սրտի անսահման գոհունակության։ Իսկ իմ բարի փեսան, որ շատ քիչ բան էր կարդում յուր կնոջ հայացքների մեջ, և իբր այր մարդ, ընդունակ չէր նույն չափ քնքշությամբ յուր սրտի ուրախությունը արտահայտելու, շատանում էր միայն զանազան ծառայություններ անելով ինձ։ Նա ինքն էր անձամբ թեյ բերում ինձ համար, ինքն էր առաջարկում կաթ կամ սեր և ընտրելով շաքարահացերից լավագույնները՝ անընդհատ հրամեցնում ինձ։ Այդ միջոցին ես վայելում էի կենցաղասեր մարդկանց սիրելի բոլոր գրգանքները, իրենց կատարյալ քաղցրություններով։

Արեգակը արդեն մայր էր մտել և երեկոն կամաց կամաց տարածում էր յուր գորշագույն մթությունը։ Մի քաղցր հովիկ շարունակ փչելով ծովի կողմից դեպի մեզ խիստ ախորժելի էր կացուցանում ամառային երեկոն. իսկ լուսնի եղջյուրը, որ արդեն բարձրացել էր երկնակամարի վերա, ուղղակի նայում էր դեպի մեզ և ձրի լուսավորություն էր խոստանում մեր պատշգամին։

Այժմս արդեն հանգիստ զրուցատրության ժամանակն էր: Քույրս և փեսաս սկսել էին սովորական հարցափորձը. ե՞րբ արդյոք դուրս եկա տնից. քանի՞ օր ճանապարհորդեցի. արդյոք չհիվանդացա՞ կամ մի որևէ վտանգ չպատահեց ճանապարհին։ Հետո թե ի՞նչպես էր մայրս, առո՞ղջ էին մեր երեխաները, ո՞րչափ են մնացել նրանք, ինչ ապսպարեցին ինձ իրենց հաղորդելու համար. և կամ ի՞նչ են շինում մեր մյուս ազգականները, հորաքույր, մորաքույր, նրանց աղջկերքը, տղաները, արդյոք բոլորն էլ առողջ են. բոլորն էլ լավ ապրո՞ւմ են. վերջապես թե ո՞վ ինչպես պսակվեց, ո՞վ ինչ զավակ ունի, ո՞վ Աբրահամու գոգը գնաց և այլն, և այլն, և այլն։

Այս բոլոր հարցերին ես մի առ մի պատասխանում էի՝ աշխատելով որքան կարելի է տխուր կամ անմխիթարական ոչինչ չհաղորդել։ Որովհետև թեպետ իմ հայրենիքում շատ բան իմ պատմածներից տարբեր դրության մեջ էր գտնվում, սակայն ես չէի կամենում իմ տխուր հայտնություններով խանգարել այն ուրախությունը, որ նույն միջոցին տիրում էր իմ քրոջ ընտանիքում. ճշմարիտ խոսելու համար ես դեռ ժամանակ շատ ունեի։

Գիշերից մի քանի ժամ արդեն անցել էր, երբ ես իմ համարատվությունը վերջացրի, և բոլորս միասին ընթրիքի նստանք։ Այստեղ արդեն մեր խոսակցությունը ոչինչ կապ չուներ յուր մեջ. մենք խոսում էինք ամեն բանից և՛ կերակրից, և՛ ծառաներից, և՛ դրացիներից, և կամ կատակներ էինք անում, երգում էինք և ծիծաղում։ Միայն ընթրիքի վերջում չգիտեմ ինչպես պատահեց, որ մենք դարձյալ հիշեցինք օրիորդ Լուսինյանին և մի փոքր ժամանակ էլ նրա անվանը նվիրեցինք մեր խոսակցությունը։ Թեպետ ես կկամենայի ավելի երկար զբաղվել այդ վերջին զրուցատրությամբ, որովհետև զգալի կերպով հետաքրքրել էր ինձ այդ օրիորդի անձնավորությունը, բայց որովհետև ճանապարհի հոգնածությունից արդեն ծանրանում էին իմ աչքերը, ուստի բարի գիշեր մաղթելով սեղանակիցներիս խույս տվի ինձ համար պատրաստված ննջարանը իմ բախտը Մորփեոսին հանձնելու համար:

Ե

Նոր ծանոթություններ

Հետևյալ առավոտ ես շատ ուշ զարթեցի։ Քույրս ինձ հայտնեց, որ այդ օրը մենք հրավիրված էինք քաղաքից դուրս ոչ շատ հեռու գտնվող այգիներից մինում ճաշի, և պետք է շտապեինք ըստ սովորութան մի փոքր վաղ այնտեղ գտնվելու։ Այդ լուրը ինձ ուրախացրեց, որովհետև ես սիրում էի բացօթյա զվարճությունները, բայց ավելի մեծ եղավ իմ ուրախությունը, երբ իմացա, որ մեզ հրավիրողը Լուսինյանների ընտանիքն է։

Այսօր Մարգարիտայի ծննդյան օրն է, ասաց քույրս, այդ պատճառով և նրա ծնողները ըստ սովորության ճաշկերույթ են պատրաստել իրենց սեփական այգում։

Ուրեմն այստեղ ուրիշ շատե՞րը կլինին, հարցրեցի ես։

Գրեթե քաղաքիս մեջ գտնված հայ ընտանիքների մեծ մասը, պատասխանեց քույրս, այստեղ մեծ քաղաք չէ, այդ պատճառով էլ բոլորը գրեթե միմյանց հետ բարեկամական հարաբերություն ունին:

Ես իակույն լվացվեցա և շտապ–շտապ սկսա հագնիլ:

Երեկվա օրիորդի և նրա բարեկամների հետ մի ժամ առաջ ծանոթանալու փափագս այնքան մեծ էր, որ ես չուշանալու համար չէի կամենում մինչև անգամ մի բաժակ թեյ առնել: Բայց քույրս ստիպեց, որ ես անոթի դուրս չգամ տանից: Ես նրան հնազանդվեցա և հանգստություն կեղծելով դատարկեցի մի բաժակ: Կառքը արդեն պատրաստ էր, երբ մենք դուրս եկանք:

Իմ քրոջ տունը գտնվում էր գրեթե քաղաքի մի ծայրում, ծովափից ոչ շատ հեռու, այնպես որ նշանակյալ այգին հասնելու համար մենք պետք է ամբողջ քաղաքը պտտեինք: Այդ հանգամանքը օգնեց ինձ մի հարևանցի կերպով ծանոթանալ նրա դիրքի, տարածության և շինությունների հետ:

Այդ փոքրիկ քաղաքը գտնվում էր ծովեզրին շատ մոտիկ մի մեծ բլրի ստորտում: Շինությունների մեծ մասը տարածված էր ծովեզրը պարփակող դաշտավայրիր վերա, իսկ փոքր մասը գտնվում էր բլրի լանջերի և նրա բարձրավանդակի վերա: Քաղաքի տարածությունը մեծ չէր և ծածկված էր գեղեցիկ և աչքերը պարարող կանաչությամբ: Փողոցները գրեթե ամեն տեղ էլ գեղեցիկ և լայն էին՝ եզերված ուղղաձիգ ծառերով և ո՛չ շատ հարուստ, բայց կոկիկ և մաքուր տներով: Այստեղ չկար մեծ քաղաքների ո՛չ շշուկը, և ոչ խառնիճաղանճ անցուդուրձը: Երևում էր, որ կարելի էր այս քաղաքում հանգիստ և սակավապետ կյանք վարել առանց դրացիների և դրացուհիների ծաղրի և բամբասանաց առարկա դառնալու:

Ամբողջ ժամանակ, որ մենք անցնաում էինք քաղաքի միջով, ես զանազան հարցեր էր անում քրոջս և փեսայիս, և նրանք լիուլի գոհացնում էին իմ հետաքրքրությունը, ծանոթացնելով ինձ զանազան շինությանց, կրպակների և խանութների հետ և կամ պատմելով նրանց տերերին և առհասարակ մյուս քաղաքացիներին վերաբերյալ շատ հետաքրքիր բաներ: Կես ժամ դեռ չէր անցել, որ մենք արդեն գտնվում էինք, քաղաքից դուրս, և մեր կառքը սլանում էր կանաչազարդ դաշտի մեջ. մի փոքր հետո նա սկսավ բարձրանալ սիզավետ բլրի վերա, որի ծայրը հասնելուն պես մեր առաջև բացվեցավ մի շարք գեղեցիկ այգիների, որոնք գրաված էին բավական ընդարձակ տարածություն հանդիպակաց լեռան ստորոտի վերա։

Ահա Լուսինյանների այգին, մատնացույց արավ ինձ քույրս մոտիկ այգիներից մեկի վերա, սա ամենից, գեղեցիկն է, դու, անշո՛ւշտ, կհավանես նրան...

Բայց նա դեռ չէր վերջացրել խոսքը, երբ Լուսինյան հայր և աղջիկ դուրս եկան այգվո մեծ դռնից, նրանք հեռվից տեսնելով մեր գալուստը շտապել էին այգուց դուրս մեզ դիմավորելու։

Քույրս այդ ընտանիքի ամենասիրելի բարեկամուհին էր,այդ պատճառով նրանք ցանկացել էին ուրիշներից մի փոքր տարբեր եղանակով ընդունել մեզ։ Սրտագին ուրախությամբ ողջունեցին մեզ հայր և աղջիկ։ Քույրս ներկայացրեց ինձ նրանց, մենք ծանոթացանք և ապա բոլորս միասին խոսակցելով դիմեցինք դեպի այգին։

Պ. Լուսինյանը մոտ քառասուն և հինգ տարեկան միջին հասակով և առողջ կազմվածքով մի մարդ էր։ Նրա դեմքը համակրական էր և ակնածելի, բայց ըստ երևույթին, անծանոթ կյանքի դառնություններին։ Ճակատը պարզ և զվարթ, իսկ գոհության ժպիտը չէր բաժանվում յուր շրթունքներից։ Նա գտնվում էր մի տեսակ ուրախ անհանգստության մեջ և զանազան հարցերով անընդհատ դիմում էր մերթ ինձ և մերթ քրոջս ու փեսայիս։

Մտնելով այգին մենք անցնում էինք մի գեղեցիկ ծառուղիով, որին երկուստեք հովանավորում էին ուղղաձիգ ակացիներ՝ բեռնավորված ձյունաթույր ծաղկափնջերով, որոնց անուշ բուրմունքը տոգորել էր ճեմելիքի ամբողջ տարածության օդը։ Ճանապարհի երկու կողմից հոսում էին հեզասահ առուներ' կանաչ դալարիներով եզերված, և նրանց ամբողջ երկարությամբ շինված էին մանր ու խոշոր ածուներ՝ ծածկը վա ծ երփներանգ ծաղիկներով։ Ինչպե՞ս եք հավանում մեր այգին, հարցրեց ինձ վերջապես պ. Լուսինյանը, որ ըստ երևույթին ավելի վաղ էր սպասում լսել այդ մասին իմ կարծիքը։

Պարոնը երևի այնքան շատ գեղեցիկ այգիներ է տեսել, որ մերը շատ հասարակ բան է երևում յուր աչքում, ընդհատեց հորը Մարգարիտան։

Ընդհակառակը, օրիո՛րդ, ես առաջին անգամն եմ տեսնում այսքան գեղեցիկ ճաշակով տնկագործված մի այգի, ես հիացած եմ, նա կատարյալ բուրաստանի է նմանում, պատասխանեցի ես։

Այս բոլորը ես իմ ձեռքով եմ շինել, ինքնաբավական եղանակով հարեց պ. Լուսինյանը, այս ածուները, այս բուրակները, այս փոքրիկ ուղիները, բոլորը, բոլորը իմ ձեռքով եմ ակոսել և կարգավորել։ Մինչև անգամ այս կալմարները և այս փոքրիկ հովանոցները իմ ձեռակերտներն են, շարունակում էր նա, հետզհետե հառաջանալով և ցույց տալով մեզ յուր ստեղծագործությունները, որոնք արդարև մեծ աշխատասիրության և նուրբ ճաշակի արդյունքներ էին։ Երեվում էր, որ պ. Լուսինյանը դաշտային աշխատանքներին սիրահար ոմն էր։

Շուտով մենք հասանք մի երկար և լայն ճեմելիքի, որը տանում էր մեզ դեպի այգվո տունը։ Նրա երկու կողմից տնկված էին վարսագեղ ուռիներ՝ միամեջ շարված խաղողի որթերով, որոնց ճապուկ ոստերը փաթաթվելով ուռենիների կանաչ ճյուղերի հետ, կազմում էին մի գեղեցիկ և արեգակից անթափանց կամարակապ ամբողջ ճեմելիքի երկարությամբ։

Երբ առաջին անգամ մենք ոտք դրինք այդտեղ, ես հիացմամբ բացականչեցի.

Ահա հրաշալի գործ, սա գերազանցում է բոլորին։

Այս ճեմելիքը շինված է Վատիկանի այգվո գլխավոր ճեմելիքի օրինակով, նորեն խոսեց պ. Լուսինյանը, այս օրինակը ես ինքս եմ Հռովմում նկարել և այստեղ բերելով շինել նրա նմանողությամբ այս կամարակապը և ճեմելիքը:

Ինչպե՞ս, մի՞թե դուք Հռովմում եղել եք, հարցրի ես:

Այո', ես այնտեղ մի ամբողջ ամիս մնացի։ Բայց ինչու՞ համար էիք Հռովմ գնացել։


Ճանապարհորդելու նպատակով, հարեց իսկույն օր. Լուսինյանը, կասկածելով կարծես, որ յուր հայրը ինձ համար անախորժ մի խոսք կհաներ բերանից։

Պ. Լուսինյանը ոչինչ չխոսաց, բայց մի զարմացական հայացք ձգեց օրիորդի վերա, որով կարծես ուզում էր իմանալ սրանից թե՝ ինչու՞ համար նա ծածկում է ճշմարտությունը։

Շուտով մենք հասանք այգվո տանը, որը մի գեղեցիկ և միահարկ շինություն էր, շրջապատված միակարգ հովանավոր ծառերով։ Նրա առաջև շինված էր փոքրիկ կիսաբոլոր բուրաստան՝ ծածկված ծաղկեթուփերով և նրա մեջտեղը փոքրիկ ավազան սրբատաշ քարերից և սյունաձև շատրվանով։

Ո՛չ շատ ընդարձակ մի դահլիճի մեջ, որպիսին կվայելեր մի ամառանոցի տանը, վայելուչ հարգանքով ընդունեց մեզ տիկին Լուսինյանը:

Սա միջին տարիքով մի կին էր, առողջակազմ ինչպես յուր ամուսինը և հասակով գրեթե նրան հավասար։ Բայց նրա դեմքը ավելի կայտառ և ավելի երիտասարդ էր երևում, ըստ որում տարիքը շատ փոքր էր ազդել յուր գեղեցկության վերա։ Առաջին անգամից իսկ նրա քաղցր և ամոք հայացքի մեջ նկատեցի ես անսահման բարություն։

Ծանոթանալով ինձ հետ՝ տիկին Լուսինյանը ներկայացրեց ինձ և յուր հյուրերին, որոնք մեզանից առաջ էին եկել և ապա քրոջս հետ միասին ինձ էլ նստեցնելով յուր կողքին՝ դիվանի վերա, սկսավ սովորական հարց ու զրույցը։

Ես, ինչպես նորեկ, ստիպված էի ամենից շատ խոսել, որովհետև ամենից ավելի ինձ էին հարցեր առաջարկում։ Տիկին և պարոն Լուսինյանները արդեն ի պաշտոնե հետաքրքրվում էին իմ ընտանիքի և ազգականների առողջությամբ կենցաղավարությամբ և նրանց վերաբերյալ ուրիշ հարցերով։ Հյուրերից մի քանիսին էլ հետաքրքրում էին իմ հայրենիքի օդը, ջուրը, ապրուստի եղանակը, ընտանեկան սովորությունները և այլն, իսկ մի քանիսը իրենց քաղաքի մասին էին ինձ հարցեր առաջարկում, թե ո՞րքան եմ ես հավանում նրան կամ ո՞րքան եմ գերադասում իմ տեսած ուրիշ քաղաքներից։

7 Մուրացան, հատոր I Այս բոլոր հարցերին ի՛հարկե պետք էր պատասխանել, և ես հնազանդվում էի իմ ճակատագրին։

Սուրճ առնելուց հետ տիկինը առաջարկեց յուր հյուրերին դուրս գալ այգիում շրջագայելու։ Բոլորս ուրախությամբ ընդունեցինք այդ առաջարկությունը, ցանկանալով միջոց տալ տիկնոջը հսկել յուր հյուրասիրական պատրաստությանց։

Օրիորդ Լուսինյանը, որ չէր մասնակցում դահլիճի մեջ մեր խոսակցությանը, ընկերացավ ինձ և քրոջս պարտիզի մեջ զբոսնելու համար։ Այդտեղ, նա ինձ ծանոթացրեց յուր երկու օրիորդ ընկերուհիների, այն է Վարվարա Սիլիկյանի և Վարդուհի Մարանջյանի հետ։ Նրանք երկուսն էլ բարեկազմ և գեղեցկադեմ աղջիկներ էին, մոտավորապես տասնութ և տասինը տարեկան։ Վարվարա Սիլիկյանը գնդապետի աղջիկ էր, և նրա հայրը ծառայում էր տեղական զորքերի մեջ։ Իսկ Վարդուհի Մարանջյանը՝ սույն քաղաքի հայ քահանայի, երկուսն էլ բուն թիֆլիսցիներ։

Այժմ ես լավ ընկերություն ունեի և կարող էի մի քանի ժամ թե՛ ուրախ և թե՛ օգտավետ անցկացնել: Աղջկերանց ընկերությունը առհասարակ ախորժելի է ամենին. նույնիսկ մարդատյաց Կատոն պետք է որ նրանց մոտ մեղմեր յուր կոպտությունը, եթե երբևիցե պատահել է նրանց հետ։ Ինչ վերաբերում է ինձ, ես մտնելով այդպիսի ընկերությանց մեջ՝ ուրախանում էի ավելի նրա համար, որ առիթ էի ունենում կարելվույն չափ ուսումնասիրելու կնոջ այդ խորհրդավոր արարածի բնավորությունները, բնավորություններ, որոնք ոչ միայն չեն ենթարկվում որոշ օրենքների, այլև քանդում են նրանց՝ չշփոթելով ամենից փորձառու ուղեղներն անգամ: Այսպիսի զբաղմունքը ինձ չափից դուրս զվարճացնում էր:

Բայց հազիվ թե մենք մի քանի խոսք փոխանակեցինք միմյանց հետ և ահա օր. Լուսինյանը ստիպված էր մեզ թողնելու։

Ներեցեք ինձ մի քանի րոպե. ես պետք է պատվելիին դիմավորեմ, հայրս երևի չէ տեսնում նրա գալուստը, ասաց նա շառագունելով և շտապ-շտապ դիմեց դեպի Հռովմեական ծառուղին։

Ես առաջին անգամ լավ չհասկացա նրա խոսքերը, բացը նրա շառագունելը ինձ հետաքրքրեց։ Մի քանի քայլ հառաջ անցնելով իմ ընկերներից ես նկատեցի իմ երեկվա տարօրինակ ծանոթին. սա պատեր-Սիմոն էր, որ ծիծաղադեմ և քաջալանջ դիմում էր դեպի օրիորդը։

Չգիտեմ ինչու՞ համար այդ մարդու պատկերը, որ երեկ նավակում ինձ զվարճություն էր պատճառում, այսօր չափից դուրս հակակրական և ատելի երևաց։ Մի ներքին նախազգացմունք վրդովեց իմ ուրախ տրամադրությունը։

Սա ինչո՞ւ համար է այստեղ գալիս, մի տեսակ տանուտիրական եղանակով հարցրի ես իմ ընկերուհիներից։

Ի՞նչպես թե ինչու համար, նա հրավիրված է, նկատեց քույրս։

Ուրեմն Լուսինյանների հետ ծանո՞թ է:

Նա նրանց քահանան է։ Մի՞թե այդ չգիտեք դուք, պատասխանեց օր. Մարանջյանը և ծիծաղեց։

Վարդուհի, դու էլի՞ պատերի վերա ծիծաղում ես, և չե՛ս վախենում, նկատեց օր. Վարվարան, և երկուսը միասին սկսան ծիծաղել։

Ա՜խ, դուք դեռ հիշո՞ւմ եք ձմեռվան անցքը, խոսեց քույրս, և նրանց հետ միասին ինքն էլ սկսավ ծիծաղել:

Ես ոչինչ չէի հասկանում նրանց ծիծաղելուց և խորհրդավոր ակնարկություններից, բայց և չէի հետաքրքրվում իմանալու։ Ես հանկարծ հիշեցի այն կանանց խմբակը, որը երեկ նավահանգստի մոտ շրջապատնլ էր պատեր-Սիմոնին և որի միջից դուրս եկավ օր. Լուսինյանը և շնորհավորեց քրոջս իմ գալուստը. հիշեցի որ երեկ մի քանի անգամ ցանկացել էի հարցնել քրոջս, թե ինչ ունեին այն կանայքը կաթոլիկ քահանայի հետ. և ամեն անգամ էլ մոռացել էի հարցնելու։

Բայց այժմ ամեն բան պարզվեցավ ինձ համար, երեկվա կանանց խմբակը հայ֊կաթոլիկուհիներից էր կազմված, և նրանք իրենց քահանային դիմավորելու էին գնացել, ուրեմն Լուսինյանները հայ-կաթոլիկներ են, ահա բոլորը։

Դուք ինչի՞ վերա եք մտածում, պարոն, ծիծաղելով սկսավ խոսել օր. Մարանջյանը, նրա վերա, թե ինչու օր. Մարգարիտան կաթոլիկ է, հա՞։ Բնավ. ի՞նչ կա դրա վերա մտածելու:

Ինչպե՞ս չէ. մի՞թե դուք չէիք կամենալ, որ նրա նման մի բարի և գեղեցիկ հայ լիներ:

Առանց մի կամենալուն էլ նա հայ է:

Ընդհակառակը, ձեր կամենալով էլ դարձյալ նա հայ չէ:

Այդ դո՞ւք էք ասում:

Ո՛չ, այդ ինքն է ասում:

Սխալվո՛ւմ եք, ընդհատեց Վարդուհուն օր. Վարվարան, այդ յուր ծնողներն են ասում:

Դուք երկուսդ էլ սխալվում եք, հարեց քույրս, ո՛չ Մարգարիտան և ոչ նրա ծնողները այդպես բան երբեք չեն ասել, դա պատեր Սիմոնի խոսքն է:

Այդ ավելի հավանական է, նկատեցի ես, օր. Մարգարիտան իմ աչքում այնքան զարգացած է երևում, որ նա յուր մասին այդպիսի բան չէր ասի:

Բայց եթե ասեր անգամ, մի՞թե նա կստեր. չէ՞ որ նա կաթոլիկ է և ո՛չ հայ, խոսեց օր. Վարվարան:

Իհարկե՛ ոչ, ձայնակցեց նրան Վարդուհին, նա կաթոլիկ է:

Ես իսկույն տեսի, որ ինձ շրջապատող ընկերությունը շատ սահմանափակ հասկացողություն ունի կրոնի և ազգության գաղափարները միմյանցից որոշելու համար, ուստի հարկ չհամարեցի այդ խնդրի վերա առ ժամն խոսելու: Բայց պատեր Սիմոնի և նրա հոտի մասին մի քանի տեղեկություններ կամեցա իմանալ:

Այդ պատերը միշտ այս քաղաքո՞ւմն է մնում, հարցրի ես:

Ո՛չ նա տարեն չորս անգամ է միայն այցելում այս քաղաքին և յուրանքանչյուր անգամ մի մի ամիս այստեղ մնալուց հետ հեռանում է, պատասխանեց քույրս:

Իսկ նա շա՞տ ժողովուրդ ունի այստեղ, կրկին հարցրի ես:

Ոչ ընդամենը երեք տուն սակավաթիվ անձիքներից բաղկացած, որոնք Թիֆլիսից են գաղթած այստեղ իրենց առևտրական գործերով-պատասխանեց նա։ «Երեք տուն ժողավուրդ, մի հեռավոր անկյունում, մտածեցի ինքս ինձ, և նրա համար տարվա մեջ չորս անգամ այցելություն: Ահա թե ո՞րտեղ պետք է որոնել կաթոլիկության ուժը: Երեք տուն բնակիչ, որոնք կարող էին շատանալ ամբողջ տարվա մեջ քահանայի մի շաբաթվա այցելությամբ միայն: Բայց նրանց ձեռքից չեն թողնում. նրանց այցելում են տարին չորս անգամ և այլ չորս երկար ամիսներ: Կաթոլիկ եկեղեցին հսկում է յուր ժողովրդի վերա և գիտե, թե ինչո՞ւ համար է հսկում: Իսկ մեզ մոտ շատ անգամ ամբողջ գյուղեր և ավաններ տարիներով առանց քահանայի են մնում: Շատ գաղթականությանց մեջ մեռելները թաղվում են առանց վերջին անգամ հոգեկան մխիթարություն ստանալու, ծնվածները տարիներով մնում են առանց մկրտության, պսակվողները թափառում են մի գյուղից մյուսը, մի քաղաքից երկրորդը: Ո՞վ է հարցնում, թե երեկ որքա՞ն ժողովուրդ կար այստեղ և այսօր որքան է մնացել. ո՞վ գիտե, թե ո՞ր անկյունում հարյուրավոր մարդիկ աղքատության երեսից փախչելով ուռկնավորների ցանցերումն են անհայտանում: Ո՞վ է հաշվում թե քանի՜ քանի՜ գերդաստաններ Պարսկատանի և Թուրքիո անծանոթ խորշերում բռնության երեսից սարսափահար իրենց լեզուն և կրոնը մոռանում են:

Եվ դեռ զարմանում ենք, որ այս աստիճան անխնամ թողնված մի ժողովրդի մեջ հավատորսը յուր ժողովարանն է հիմնում: Հռովմը յուր քավարանը...»:

Այս տխուր մտածմունքները ինձ այնպես էին զբաղեցրել, որ ես չէի տեսնել Մարգարիտայի կրկին մեզ մոտ գալը: Օր. Մարանջյանի ձայնը միայն ինձ սթափեցրեց, երբ նա ուրախ ուրախ բացականչեց դեպի նրան.

Հը՞, ի՞նչ արիր, տեղավորեցի՞ր պատեր-Սիմոնին:

Այո՛, ես նրան հանձնեցի իմ հոր խնամակալության, ժպտալով պատասխանեց Մարգարիտան և ապա մոտենալով ինձ հարցրեց, դուք արդեն ամեն բան գիտեք այնպես չէ՞:

Ի՞նչ բան, զարմացմամբ հարցի ես, չգիտեմ ի՞նչ բանի մասին է ձեր խոսքը:

Այն, որ պատեր-Սիմոնը մեր քահանան է, պատասխանեց օրիորդը շառագունելով: Նրա վրդովմունքի պատճառը ես չկարողացա հասկանալ, և այդ միջոցին հարմարություն չունենալով նրա հետ ավելի երկար խոսելու, կամ նրա սրտի մեջ թափանցելու, ցանկացա առանց մի առանձին նշանակություն տալու նրա ասածներին, վերջավորել մեր խոսակցությունը։ Այդպես էլ եղավ։ Մի քանի աննշան խոսակցություններից և կատակներից հետո մենք հրավիրվեցանք ճաշի։

Աղջկերանց ընկերությունը այս անգամ ուսումնասիրելու համար ինձ ոչինչ նյութ չտվավ։

"Իմ կաթոլիկ հարսնացուն" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս

Խնոցի են հարում
Խնոցի են հարում
Խաղա առցանց