Մուրացան

Իմ կաթոլիկ հարսնացուն

3

Ժ

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԽՆԱՄԱԿԱԼ

Հետևյալ առավոտը Մարգարիտայի աղախինը եկավ մեր տուն: Սա մի երիտասարդ աղջիկ էր, բարի և համակրական դեմքով: Մտնելով սենյակը նա հանձնեց ինձ մի նամակ, ավելացնելով, յուր տիրուհին խնդրել էր ինձ գնալ իրենց մոտ: Ես շտապով ծրարը բացի. նրա մեջ օրիորդը ներփակել էր հետևյալ տողերը.

«Հարգելի բարեկամ.

Ես մոռացա մի քանի տեղեկություններ հաղորդելու ձեզ: Այսօր և եթ անհրաժեշտ է, որ իմ սխալը ուղղեմ: Նամակն ստանալուն պես բարեհաճեցեք շնորհ բերել մեզ մոտ: Ձեր ուշանալը կարող է խանգարել իմ դիտավորությունը:

Ձեր աղախին՝ Մարգարիտա Լուսինյան»:

Երբ նամակաբերը դուրս գնաց, քույրս հարցրեց.

Ո՞վ է գրել այդ նամակը։

Օրիորդը, պատասխանեցի ես միամտաբար:

Մարգարիտա՞ն, զարմացմամբ բացականչեց նա, չեմ կարող հավատալ:

Մի՞թե այդ հանցանք է նրա համար, նկատեցի ես։

Նա յուր մոր կողմից ինձ հրավիրում է, ի՞նչ զարմանալու բան կա այստեղ։

Այսուամենայնիվ Մարգարիտան հեշտությամբ չէր ստորագրիլ այդ նամակին։ Պետք է մտածել ուրեմն որ նա չափազանց շատ է հարգում քեզ։

Ես հասկացա իմ քրոջ ակնարկությունը, բայց երկարելու ժամանակ չկար. ես պետք է շտապեի օրիորդի մոտ։

Մի քառորդ ժամից ետ կառքս դղրդալով կանգնեց Լուսինյանների տան առաջ։ Օրիորդը ինձ դիմավորեց սանդուղքի վերա և առաջնորդեց իրենց ընդունարանը։

Սա միջին մեծությամբ մի սենյակ էր, կահավորված թավիշեպատ դիվանով և բազկաթոռներով. նրանց մեջտեղում հարուստ սփռոցով ծածկված սեղանի վերա հանգչում էր մի ճենապակյա շքեղ կանթեղ. մի քանի գեղեցիկ նկարներ ոսկեզօծ շրջանակներով զարդարում էին սենյակի պատերը, իսկ այդ բոլորի վերա իշխում էր Պիոս 9-րդի մեծադիր պատկերը, որը դրված էր արծաթյա գեղաքանդակ շրջանակի մեջ։

Իմ ծնողները տանը չեն այսօր, սկսեց խոսել Մարգարիտան։ Նրանք գնացին մեր այգին տեսնելու. այնտեղ մի ինչ-որ զանցառություն է գործվել մեր այգեպանի կողմից։ Ես չկամեցա նրանց ընկերանալ, որովհետև անպատճառ ուզում էի ձեզ տեսնել։ Ես գաղտնիքներ ունիմ ձեզ հայտնելու։

Այս ասելով Մարգարիտան նստեց դիվանի վերա և առաջարկեց ինձ ևս նստել յուր կողքին։

Ես հրաժարվեցի այդ պատվից և կամեցա նստել բազկաթոռի վերա, որովհետև գիտեի, թե որքան շատ է հարգում նա համեստությունը։

Ոչ, այդ ես եմ խնդրում ձեզ, նկատեց նա, ես կամենում եմ, որ դուք այս անգամ ինձ մոտ նստեք։

Ես հնազանդվեցա: Այժմ լսեցեք իմ պատմությունը ասաց նա և ըսկսավ կամացուկ ձայնով խոսել:

Այսօր շատ առավոտանց մեր տան դուռը ծեծում են, ծնողներս դեռ քնած են, ես վաղ էի զարթել, ո՞վ պետք է լինի` մտածում եմ, և ահա Մարի՛ն, իմ աղախինը, մի նամակ է բերում ինձ։ «Սա պատեր Սիմոնիցն է, ասում է նա, նամակ բերող ծառան պատվիրեց ինձ, որ անպատճառ աղային հանձնեմ»։ Հասցեն կարդում եմ հորս վերան է։ Պետք էր ի՛հարկե հանձնել նրան։ Բայց Մարիի այն խոսքը թե` «ծառան պատվիրեց անպատճառ հորս ձեռքը հանձնել նամակը» ինձ կասկածի մեջ գցեց։ Երբեք ես այդ մարդուց բարիք չեմ սպասել, և հավատում էի, որ այդ նամակը չարիքից զատ ուրիշ ոչինչ չէ պարունակում յուր մեջ։ Տխուր նախազգացումը ինձ անհանգստացնում է, և ես բանում եմ այդ նամակը ահա՛ նա, կարդացեք։

Սիրելի որդյա՛կ, որքան էլ ես կամենայի չհեռացնել ձեր ընտանիքի վերայից իմ հսկողությունը, այսուամենայնիվ ես ամենայն տեղ նրան հետևել անկարող եմ, դուք էլ պետք է մասամբ օգնեք ինձ այդ գործում։ Դուք շատ լավ գիտեք թե ես որքան եմ հոգում մանավանդ ձեր միամոր դստեր, իմ սիրելի Մարգարիտայի մասին, գիտեք, թե ինչպես դողում եմ նրա պատվի և անվան համար։ Այսուամենայնիվ իմ Կլեմեսը (յուր սարկավագի անուն է) տեսել է, որ երեկ գիշեր նա զբոսնում է եղել քաղաքային այգվո մթին ծառուղիներից մինում ձեր նոր հերետիկոս բարեկամի Արամ Բյուրատյանի հետ: Զգուշացե՛ք այդ երիտասարդից, աղաչում եմ, դուք կարող եք կորցնել ձեր աղջկանը։ Այդ երիտասարդը այն հերետիկոս վարժապետիրց ավելի վտանգավոր է երևում իմ աչքում զգուշացե՛ք։

Սուրբ Տիրամոր նվաստ ծառա
պատեր-Սիմոն

Երբ նամակը կարդացի մնացի շվարած։ Նամակագրի չարախոսության նպատակը ինձ համար հասկանալի էր։ Մարգարիտան սկսեց խոսել. «Դուք այս նամակից ոչինչ չեք հասկանում, այնպես չէ՞. բայց ես իսկույն ամեն բան կբացատրեմ ձեզ, լսեցեք։

Մի քանի տարի սրանից առաջ Սարատովից եկել էր մի երիտասարդ քահանա այստեղի կաթոլիկ հայերին հովվելու համար։ Նրան անվանում էին պատեր-Պետրե։ Եվ որովհետև այն ժամանակ այստեղի կաթոլիկների թիվը մեծ էր, ուստի նա մշտապես բնակվում էր այս քաղաքում։ Երկու տարի շարունակ ես կարդում էի նրա մոտ իտալերեն և ֆրանսերեն լեզուներ։ Վարժապետս գովում էր իմ ընդունակությունը և ծնողներս ամենայն տեղ պարծենում էին իմ ընդունակությամբ։

Բայց մի բախտավոր դիպվածով ես մի օր հասի այն գիտակցության, որ անհրաժեշտ էր ինձ համար սովորել և իմ մայրենի լեզուն։ Դրա համար ես թախանձեցի շատ իմ ծնողներին, և նրանք ինձ համար վարձեցին մի հայագետ վարժապետ, որը յուր ընտանիքով ապրում էր այստեղ։ Այս նորությունը պատեր-Պետրեին դուր չեկավ և իմ ծնողներին պատմելու համար հրաժարվեցավ ինձ իտալերեն և ֆրանսերեն լեզուները սովորեցնելուց։ Այս բանը շատ վշտացրեց իմ ծնողներին, բայց ինձ ընդհակառակը մեծ ուրախություն պատճառեց։

Պ. Սերովբյանը (սա էր իմ վարժապետի անունը) մի ազնվասիրտ և զարգացած երիտասարդ էր. նա ամեն ջանք գործ դրավ իմ մտավոր ընդունակությունները ուղիղ ճանապարհով զարգացնելու։ Երեք տարի շարունակ ես պարապում էի նրա մոտ։

Պատեր-Պետրեն հաճախ տեսնվում էր ինձ հետ զանազան շրջաններում, բայց հազիվ հաջողում էր նրան խոսել ինձ հետ։ Ես միշտ խույս էի տալիս նրա քարոզներից։ Մի օր վերջապես ես վեճի բռնվեցա նրա հետ ազգականներից մեկի տանը, հենց այն ժամանակ, երբ նա Հռովմի համաշխարհային իշխանության համար ստրուկներ էր որսում։ Ես չկարողացա տանել նրա անարդար հայհոյանքները դեպի մեր լեզուն և կշտամբեցի նրան դառն հանդիմանություններով։ «Մոլորյալ բացականչեց նա կատաղությամբ, ես ցույց կտամ քո ծնողացը և վարժապետին, թե ում դեմ են զինում նրանք քեզ նման մի թշվառ արարածին: Ես կպատմեմ նրանց հերետիկոսությունը»։

Մյուս օրը պատեր֊Պետրեն հեռացել էր այս քաղաքից, հասկացնելով տեղացի կաթոլիկներին թե՝ որովհետև Լուսինյանները իրենց տան մեջ հերետիկոս և հերձվածող մարդիկներ են պահում, որոնք շուտով պիտի վարակեն սրբազան քահանայապետի սիրեցյալ հոտը և որովհետև ինքը անձեռնահաս է այդ հերետիկոսության սերմը արմատից խլելու, հետևապես հեռանում է այս քաղաքից՝ հերձվածողների շնչած օդը չծծելու և դրանով դժոխոց բաժին չդառնալու համար։ Սրա հետ միասին նա սրբազան քահանայապետի անունով անիծել էր այն բոլորին, որոնք մեզ հետ հարաբերություն կունենային:

Պատեր֊Պետրեի այս վարմունքը մեծ դժգոհությանց պատճառ դարձավ։ Այս քաղաքի բոլոր կաթոլիկ հայերը թշնամացան մեր ընտանիքի հետ և նրանցից շատերը մեզ հետ բնավ կենակցություն չանելու համար հեռացան այս քաղաքից»:

«Մարգարիտա, դու ինձ կատարելապես կործանեցիր, ասում էր ինձ հաճախ իմ հայրը, դու իմ անպատվության պատճառ դարձար...»։

Ես ոչինչ չէի կարողանում խոսել, որովհետև նրան անհասկանալի և անմատչելի էին իմ գաղափարները:

Քիչ ժամանակից հետո այստեղ ժամանեց մեր այժմյան պատեր֊Սիմոնը։ Նա ավելի փորձված և ավելի ճարպիկ էր, քան թե յուր նախորդը։ Տեղեկանալով գործի դրությանը, նա շտապեց հաշտեցնել մնացող ընտանիքներին մեր տան հետ: Բայց սկսեց անողոք հալածանք իմ խեղճ վարժապետի, այն ազնիվ և բարի Սերովբյանի դեմ՝ իբրև չարյաց սկզբնապատճառի։ Ամեն տեսակ ստոր մատնություններ արավ նա նրա վերա, ամեն տեսակ կեղտ քսեց նրա երեսին, մինչև որ բոլոր քաղաքի մեջ խաղք խայտառակ շինելով յուր ընտանյաց հետ միասին արտաքսել տվավ այստեղից։

Հեռանալու ժամանակ նա լաց լինելով ասաց ինձ.

«Մարգարիտա. ես մեծ զրկանքներ կրեցի այստեղ, բայց ուրախ եմ որ դրա փոխարեն քեզ նման անմեղ մի աղջկանը ազատեցի։ Ես հավատում եմ, որ այսուհետև քո սրտի անդաստանը հարյուրապատիկ կպտղաբերե յուր ընդունած սերմերը, ես դրանով էլ վարձատրված եմ»։

Ես ինքս շատ վշտացա, երբ նա հեռացավ այստեղից, բայց կորուստը դարմանելու հնար չկար։ Պատեր֊Սիմոնը անպարտելի ուժ և զորեղ պաշտպանություն ուներ… Ինձ միայն մնում էր դրանց հաղթելու համար զարգացնել իմ մեջ Սերովբյանի ներշնչած ուսումն և նրանով առաջնորդել ինձ դեպի ուղիղ ճանապարհը...

Բայց պատեր֊Սիմոնը իմ հոր վերա կատարելապես տիրելու համար, հայտնեց նրան՝ որ պատեր֊Պետրեն արդեն Սարատովի լատին եպիսկոպոսի միջոցով հաջողել էր հերետիկոսների անվանց ցանկի մեջ մտցնելու նրա անունը այդ ցանկը սրբազան պապին ներկայացնելու։

Այդ հայտնությունը ինքն ըստ ինքյան սուտ և շինծաբան էր, բայց հորս վերա զգալի ներգործություն արավ: Յուր մեղքը քավելու համար նա պետք է, պատերի ասելով, դիմեր Հռովմ` սրբազան պապի ոտքերը համբուրելու։ Եվ նա այնպես էլ արավ։ Դուք երևի հիշում եք որ անցյալ օր նա մի առիթով հիշեց յուր Հռովմ գնալը։ Ես ամաչեցի և վախենալով թե ձեր հարցի վերա նա կհայտներ յուր գնալու բուն նպատակը, ես ինքս շտապեցի պատասխանելու, որ նա ճանապարհորդելու նպատակով է գնացել այնտեղ։

Հռովմից դառնալուց ետ հայրս այնպես էր տոգորված մոլեռանդությամբ, ա՛յնպես սովորել էր խորշել յուր հայադավան ազգակիցներից, որ պատեր-Սիմոնը հանգիստ սրտով կարողացավ մինչև անգամ ամիսներով բացակայել այս քաղաքից, հավատացած լինելով՝ որ էլ այնուհետև ոչ մի Սերովբյան չէր կարող շեղել նրան ճանապարհից։

Երկար, շատ երկար տևեց, որ ես նրան կրկին մոտեցրի այստեղի հայադավան ընտանիքներին, հասկացնելով նրան կրոնական համոզմանց և մտերմական բարեկամության մեջ եղած տարբերությունները։

Այսուամենայնիվ մինչև այսօր էլ հայրս պատեր֊Սիմոնին հարգում է և երբեք նրա խոսքից դուրս չէ գալիս որովհետև միայն նրա խորհրդով և շնորհիվն է, որ արժանացել է սրբազան պապի ոտերը համբուրելու և դրանով դժոխոց տանջանքներից ազատվելու: Այնպիսի դեպքերում, որպիսին հորս տեղացի հայադավանների հետ բարեկամություն անելն է, պատեր-Սիմոնը յուր նախորդին չէ հետևում: Նա ավելի ներողամիտ և համբերող է, որովհետև համոզված է,որ այդպիսի անվնասակար դիպվածներում կոպիտ բռնությունը կարող է ապստամբեցնել յուր հպատակներին: Բայց հիմնական և ծանրակշիռ գործերում նա անողոքելի է: Տեսնո՞ւմ եք նա Սերովբյանի մեջ նկատել էր մի գրական թշնամի, մի մարդ, որի վարդապետությունը հիմն ի վեր կործանում այն զորավոր սյուները, որոնց վերա բարձրացած է պապական գերիշխանությունը, այդ պատճառով նա նրան հալածեց և հալածեց անողորմաբար: Այժմ միևնույն զորավոր թշնամին նա ձեր անձնավորության մեջ է տեսնում, բայց այս անգամ բոլորովին տարբեր պատճառներով: Նրա սրատես աչքերից չէին կարող ծածկվիլ մեր միմյանց ուղղած հայրացքները. և ահա յուր Կլեմեսի միջոցով լրտեսել է իմ հետքերը պարահանդեսի ժամանակ. նա լավ ապացույց է ձեռք բերել ձեզ մեր տանից հեռացնելու համար: Բայց նա դրանով չի բավականանալ: Նա Լոյոյայի ամենաճարպիկ աշակերտներից մինն է, և ճիշտ կարողացել է գուշակել՝ թե ի՞նչ ելք կունենա մեր երկուսի մտերմական հարաբերությունները: Այդ պատճառով նա կուսումնասիրե ձեր բնավորությունը, կծանոթանա ձեր դիտումներին, կլրտեսե ամեն տեղ ձեր հետքերը. և անհերքելի ապացույցները ձեռքին կսկսե յուր հալածանքը. ոչ միայն ձեր այլ և քրոջդ ընտանիքի դեմ: Եվ որովհետև ես վճռել եմ այլևս չթաքցնել ձեզանից իմ զգացմունքները, որպեսզի անտեղի զգուշությամբ վտանգների մեջ չգլորվիմ, ուստի բացարձակապես խոստովանում եմ, որ դուք, Արամ, արդեն իշխում եք իմ հոգվո վերա և որ իմ սիրտը. կատարելապես պատկանում է ձեզ...

Այս խոսքի վերն նա քնքշաբար պարզեց ինձ յուր ձեռը և ես ծնկի վերա գալով ջերմությամբ համբուրեցի նրան:

Այժմ լսեցեք, ասաց նա, բարձրացնելով ինձ, դուք պետք է ներեք իմ սառն վարմունքը դեպի ձեզ, մի քանի դեպքերում, Մենք աղջիկներս առհասարակ ավելի շուտ ենք գրավում և ավելի շուտ հավատում: Այդ մարդիկ միշտ ի չարն են դնում մեր անմեղ վստահությունը, այդ պատճառով և մենք միշտ ավելի ենք տուժում:

Չի պիտի զարմանաք ուրեմն, որ այս ճշմարիտ գիտակցության հասած մի անձն հեշտությամբ չէ կարողացել հավատալ առաջին պատահողին, մանավանդ որ մեր դարում ազնվություն կեղծելը և հավարարմություն խոստանալը՝ հասարակ քաղաքավարության կարգն է անցել: Ես խոստովանում եմ, որ դեռ դողում եմ այսքան հապճեպ ձեզ իմ սիրտը բանալով, բայց մի կողմից իմ անկեղծ սերը և մյուս կողմից պատեր-Սիմոնի ձեզ համար լարած մեքենայությանց մոտալուտ վտանգը, ինձ ստիպեցին շտապեցնել իմ խոստովանությունը … Ես ասացի ձեզ բոլորը. ես հանձնեցի ձեզ իմ սիրտը և նրա հետ էլ իմ բախտը և պատիվը: Արեք նրանց հետ ինչ կամենում եք, բայց ի սեր երիտասարդության պատվույն, մի ավելացնեք կնոջ հավատը կործանող անարժան ուխտադրուժների թիվը …

Մարգարիտայի այս խոսքերը բոցավառ կայծակների նման տանջում էին իմ սիրտը. բայց ես հնար չունեի պատառել նրան և ցույց տալ իմ աստվածուհվույն այն սրբազան կրակը, որ հրդեհում էր նրա մեջ:

Մարգարիտա, բացականչեցի ես, եթե երբևիցե այս սիրտը մոլորվելու լինի, հավատա ինձ,որ ես կխլեմ նրան իմ կրծքից, որպեսզի մինչև իմ վերջին շունչը օտար կրակով չպղծվի այն սեղանը, որի վերա Մարգարիտա երկրպագվեցավ…

Ոչինչ կասկած էլ չէ վրդովում իմ սիրտը, Արամ, հաստատուն ձայնով խոսեց Մարգարիտան, դու ինձ սիրում ես, ես հավատում եմ, ինչպես հավատում եմ աստուծո գոյության: Այժմ մտածենք մեր ապագա երջանկության վերա: Գնա՛ դու այստեղից և միջոցներ որոնի՛ր ամենից առաջ պատեր-Սիմոնի թակարդների մեջ չընկնելու, վաստակիր մինչև անգամ նրա բարեկամությունը, եթե կարող ես այդ անել առանց ազնվության դեմ մեղանչելու: Ես մինչև մահվանս շունչը քեզ հավատարիմ եմ:

Երբ դու ինձ հետ ես, Մարգարիտա, ինձ չեն կարող Հաղթահարել ո՛չ պատեր֊Սիմոնի և ո՛չ եզվիտների ամբողջ լեգեոնի մեքենայությունները։ Ես կապրեմ քեզ համար և կմեռնիմ միայն քեզ համար, այս հաստատ է, պատասխանեցի ես։

Այս խոսքերից հետ մենք բաժանվեցանք։

Սանդուղքներից իջնելու ժամանակ Մարգարիտան ժպտալով ասաց.

Ես այնպես գրավվեցա իմ պատմություններով, որ անքաղաքավարությամբ սուրճ էլ չհրամեցրի քեզ։

Դու այնքան շատ քաղցրություններ վայելել տվիր ինձ, որ սուրճը ավելորդ կլիներ, պատասխանեցի ես ծիծաղելով և դուրս գնացի։

ԺԱ

ԱՎԵՏԻՔ

Շատ անգամ ապագա երջանկության հույսը այնպիսի ուրախություն է ներշնչում մարդու մեջ, որի նմանը նա չէ ունենում նույնիսկ բուն երջանկությանը հասած ժամանակ: Այդ տեսակ ուրախություն էր լցված իմ սրտի մեջ, երբ ես Մարգարիտայի տնից վերադարձա։ Նրա ինձ արած սիրո խոստովանությունը իմ ցնորքների լրումն էր։ Պատեր-Սիմոնի մասին խոսածները գրեթե մոռացել էի։ Եվ իրավ, ի՞նչ կարող էր անել ինձ մի մարդ, որից ես կախում չունեի։ Դրա մասին մտածելը ինձ համար երկրորդական խնդիր էր։ Երբ տուն հասա, քույրս տեսնելով իմ անսովոր ուրախությունը, հարցրավ պատճառը։ Ե՛ս, ի՛հարկե, ոչինչ չթաքցրի և ամեն բան մի առ մի պատմեցի նրան։ Նա այնպես ուրախացավ, և պատմեց, թե ինչպես ինքն էլ միևնույնը գուշակում է եղել:

Առաջին օրից երբ դուք պատահեցիք միմյանց, ասաց նա, ես Մարգարիտային քեզ համար հարսնացու ընտրեցի։ Այժմ ուրախ եմ, որ իմ ցանկությունը կատարված եմ տեսնում։ Բայց ինչ որ Մարգարիտան պատեր֊Սիմոնի մասին խոսակցել է, ավելացավ քույրս, դրանք բոլորը ուշադրության արժանի բաներ են: Քո նպատակին դյուրավ հասնելու համար անհրաժեշտ է որ պատեր-Սիմոնի բարեկամությունը վաստակես, որովհետև նրա խոսքը մեծ կշիռ և նշանակություն ունի Մարգարիտայի ծնողաց համար:

Այնուհետև մենք որոշեցինք, որ քույրս յուր ամուսնու հետ միասին խնամախոս գնար նրա ծնողաց մոտ։ Բայց այս բանի համար անհրաժեշտ էր նախ և առաջ Մարգարիտայի համաձայնությունը ստանալ։

Նույն ավուր երեկոյան ես նրա հետ տեսնվեցա քաղաքային այգվո մեջ։ Մենք ժամադիր չէինք եղած, բայց կարծես նախազգացմամբ գիտեինք, որ պիտի պատահենք միմյանց. նա եկել էր այդտեղ Մարիի հետ։

Առաջին անգամ երբ Մարգարիտան ինձ տեսավ, շառագունեց։ Նա կարծես ամաչում էր յուր ինձ արած խոստովաանությունից։ Ես նույնպես մի րոպե այդ շփոթությանը ենթարկվեցա։ Բայց մի քանի վայրկյանում ամեն բան անցավ: Մենք մոտեցանք և ջերմությամբ ձեռք սեղմեցինք։

Մի քանի խոսք փոխանակելուց հետո, Մարին կամաց-կամաց հեռացավ մեզանից և խառնվեցավ յուր ծանոթ աղախինների խմբի մեջ, որոնք իրենց տիրուհիների փոքրիկները զբոսեցնելու էին բերել:

Մենք նույնպես խույս տվինք դեպի մենավոր ծառուղիները։

Չե՞ս զարմանում, որ պատեր-Սիմոնի այսօրվա նամակից հետ ես դարձյալ եկել եմ քեզ հետ զբոսնելու, ծիծաղելով հարցրեց ինձ Մարգարիտան։

Քո խոստովանությունը լսելուց ետ, մի՞թե պետք է զարմանայի, պատասխանեցի ես։

Մարգարիտան մի խորհրդավոր ակնարկ ձգեց ինձ վերև ժպտաց։

« Բայց ես իմ պատմությունը շարունակելու համար եկա, ասաց նա։ Այսօր հեռանալուց քիչ ժամանակ հետո ծնողներս այգուց վերադարձան։ Պատեր֊Սիմոնի նամակը ես բաց հանձնեցի հորս, նա կարդաց նրան և զայրացավ։

Բայց այդ զայրացումը ոչ թե իմ, այլ պատեր-Սիմոնի դեմ էր։ Հայրս զգաց թե որ աստիճան պետք է վիրավորված լինեի ես այդ նամակը կարդալով. Ինչո՞ւ համար շպատոեցիր նրանէ ի՞նչ նպատակով տվիր ինձ այդ նամակը, հարցրեց նա դժգոհությամբ:

Որովհետև նա քո անունին էր ուղղված, իսկ ես սխալմամբ էի բացել, պատասխանեցի ես: Բացի այդ, անհրաժեշտ էր որ դու տեղեկանայիր թե քո աղջիկը ի՞նչ անվայել գործեր է կատարում մութ ժամանակ զբոսնելով այգիում օտար երիտասարդների հետ, և թե քո լրտեսները ինչպես լավ հսկում են նրա վերա, ավելացրի ես դառնությամբ:

Մարգարիտա', դու ինձ կրկնակի ես վիրավորում, սրտնեղությամբ բացականչեց հայրս, ես լրտեսներ չունիմ. ես իմ աղջկա վերա խնամակալներ կարգելու էլ հարկավորություն չունիմ... ինչո՞ւ համար ինձ ես վերագրում ուրիշի հանցանքը։

Իմ հոր այս բարեսիրտ պատասխանը այնքան շարժեց իմ սիրտը, որ ես լաց եղա, դա ներքին ուրախության արտահայտություն էր. բայց հայրս այնպես կարծեց թե տխրությունից եմ արտասվում։ Նա գրկեց ինձ և սկսավ ամոք խոսքերով իմ սիրտը սփոփել։ Ներս մտավ և մայրս։

Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ համար ես լաց լինում անհանգստությամբ հարցրեց նա։

Հայրս ամեն բան պատմեց նրան։ Ես չեմ կարող նկարագրել թե այգ րոպեին ո՞ր աստիճան կատաղեց նա։

Այդ մարդը այժմ էլ իմ մի հատիկ աղջկա համար է դավեր լարում, գոչեց նա զայրացած։ Ի՞նչ ունի նա մեզ հետ բաժանելու, ո՞վ է նրան վերակացու կարգել իմ տան և ընտանիքի վերա։ Բավական չէի՞ն արդյոք անցյալ տարիների նրա ձեռքով մեր ընտանիքում սերմանած երկպառակությունները և այժմ էլ դեռ նորե՞ն է ուզում ստեղծել... Այս խոսքերի վերա նա կանչեց ծառային և հրամայեց գնալ նրան պատեր֊Սիմոնին հրավիրել. նա կամենում էր խնդրել նրան, որ երկրորդ անգամ յուր տան խաղաղությունը խանգարելու փորձեր չանե։ Դժբախտաբար պատվելին այսօր վաղ առավոտ հեռացած է եղել քաղաքից։ Ծառան եկավ և հայտնեց, որ պ. Կլեմեսը ասել է նրան, թե մինչև երեք օրը կվերադառնա որովհետև սեփական գործի համար մոտակա գյուղն է գնացել:

Այդ ժամանակ միայն հանելուկը ինձ համար լուծվեցավ: Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս կարելի էր, որ պիտեր-Սիմոնը նամակով անել յուր այդ չարախոսությունը: Ես գիտեի, որ նա այդպիսի դիպվածում անձամբ կներկանայար հորս՝ կասկածը ավելի ճարպկությամբ նրա սրտի մեջ սերմանելու: Բայց նա դրա համար ժամանակ չէ ունեցել և ի չարյաց փոքրագույնն ընտրելու համար այս անգամ դավաճանել է յուր սկզբունքին: Ինչ որ է, այս հանգամանքը մեր օգտին է ծառայել: Դու դեռ չգիտես թե իմ մայրը որ աստիճան քնքշությամբ է սիրում ինձ և թե որքան բարեսիրտ է նա: Խեղճ կինը չկարողացավ տանել իմ տխրությունը: «Մարգարիտա, ասաց նա ինձ գրկելով, եթե պատվելին քեզ վիրավորել է յուր այդ չարխոսությամբ, ես դրա փոխարեն կամենում եմ վրեժխնդիր լինել նրան, եթե միայն այդ բանը քեղ կարող է ուրախացնել: Խոստովանիր ինձ ճշմարիտը, դու համակրում ես Բուրատյանին և կարող ես սիրել նրան, ես քեզ կամուսնացնեմ նրա հետ, այդ մասին երեկ պարահանդեսում մինձ հետ խոսում էր նրա քույրը. ես տեղեկացել եմ, որ այդ երիտասարդը անտարբեր չէ դեպի քեզ»:

Միթե այդպես բան կա, ուրեմն պատվելին հոտ է առել, ծիծաղելով խոսեց հայրս, դեհ, սիրելիս, ասա ինձ, ես ուրախությամբ կշնորհավորեմ քո նշանադրությունը:

Ես զգացի որ շառագունում եմ, բայց ոչինչ չկարողացա պատասխանել:

Ամեն բան վերջացած է, ասաց հայրս, ուրախ ուրախ ծիծաղելով, մնում է, որ Մարգարիտան այս դեպում էլ մի փոքր ճշմարտախոս լինի:

Իմ ծնողաց ուրախ տրամադրությունը ինձ սիրտ տվավ:

Այո, ես սիրում եմ Բուրատյանին, ասացի ես և ամաչելուց գլուխս գետին խոնարհեցի:

Իմ ծնողաց այս վարմունքը ինձ համար անսպասելի էր: Երբեք ես չէի կարող կարծել, թե բախտը այսքան շուտով կծիծաղեր ինձ, և մանավանդ, թե իմ հայրը կկարողանար այսքան աննպաստ ցույցեր անել պատեր-Սիմոնի

վերաբերությամբ։ Նա մինչև անգամ մոտեցավ և կաթոգին համբուրեց ինձ, ասելով.

Ոչ մի բանի վերա մի մտածիր, որդյակս, իմ կյանքի նպատակը քո բախտավորությունն է, եթե դու ընտրում ես Բյուրատյանին քեզ ընկեր. ես այդ բանին բնավ ընդդեմ չեմ. նամանավանդ որ երիտասարդը դեռ անցյալ օրվանից գրավել է իմ համակրությունը և սերը։

Դու կարող ես այժմ երևակայել, Արամ, թե որքա՜ն մեծ կլիներ իմ ուրախությունը։ Ես չգիտեի թե ինչպես արտահայտեմ իմ շնորհակալությունը։ Բայց նրանք արդեն ամեն բան կարդում էին իմ երեսի վերա և ինձ հետ միասին ուրախանում։ Երբ ես միայնակ մնացի, սկսա մտածել այս առավոտվա քեզ տված տեղեկությունների վերա։ Ես գիտեի, որ պատեր-Սիմոնի մասին պատմածներս քեզ կարող էին անհանգստացնել, ուստի կամեցա մի ժամ առաջ հայտնել քեզ այս բոլորը։ Բայց ինչպե՞ս անեի. նամակ գրելու հարմարություն չկար, ձեր տունը գալ չէի կարող։ Մտածեցի գալ այգի. ևս գուշակում էի որ դու այստեղ կլինես. և ահա իմ նախազգացումը ինձ չդավաճանեց:»

Մարգարիտայի բոլոր պատմածները ես լսում էի գրեթե հիացած։ Իմ երազները վերջապես իրականություն էին ստացել, Մարգարիտան իմն է... Եվ այս միտքը լցնում էր իմ սիրտը մի անսպառ և անսահման ուրախությամբ, որը գնալով աճում և զեղում էր իմ բոլոր երակների մեջ։

Բայց ես հազիվ կարողացա մի քանի խոսք ասել նրան. Մարգարիտան շտապում էր։

Ես միայն այս ավետիքը քեզ բերելու եկա, ասաց նա ինձ, այժմ թույլ տուր, որ բաժանվիմ քեզանից, որովհետև ես մորս խոստացա մի շրջան միայն անել այգում և իսկույն վերադառնալ։ Մարին ինձ սպասում է. մնացյալը դու ինքդ կարող ես կարգադրել...

Այս ասելով նա սեղմեց իմ ձեռր և հեռացավ։ Մարին յուր ընկերուհիների խմբից դուրս գալով ընկերացավ նրան և երկուսը միասին շտապով ուղղվեցան դեպի տուն։

ԺԲ

ՆՇԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հետևյալ առավոտ քույրս և փեսաս գնացին Լուսինյանների տունը՝ Մարգարիտայի համար խնամախոսելու։ Տիկին և պարոն Լուսինյանները, հայտնել էին, որ իրենք արդեն սպասում էին այդ առաջարկությանը, ուստի մեծ ուրախությամբ ընդունելով այն, խոստացել էին տալ ինձ իրենց դստեր ձեռքը։ Այդ միևնույն օրը ես հրավիրվեցա Լուսինյանների տունը և ես գրեթե ամբողջ օրը նրանց մոտ անցուցի:

Մյուս ավուր երեկոյան պետք է կատարվեր նշանադրության հանդեսը։ Բայց մինչև որ այդ ժամը կհասներ, ես անհանգստությունից տանջվում էի։ Մարգարիտայի փոքրիկ անցյալին ծանոթանալուց ետ դժվար չէր ինձ գուշակել, որ մեր այդ բարեկամությունը պատեր֊Սիմոնի համար շատ անախորժ պիտի լիներ. հետևապես ցանկանում էի, որ այդ պաշտոնական արարողությունը, որին նշանադրություն են անվանում, կատարվեր որքան կարելի է շուտ, որպեսզի պատեր֊Սիմոնը յուր ներկայությամբ չխանգարեր մեզ։ Դժբախտաբար այն ժամադրությունը, որ նշանադրության համար նշանակել էին Լուսինյանները, նպաստում էր իմ անհանգսության ավելանալուն, որովհետև հենց այդ երեկոյան է պատերը պիտի վերադառնար յուր ճանապարհորդությունից:

Ես հավատում էի, որ նշանադրությունը կատարվելուց ետ, նա էլ ոչնչով մեզ խանգարել չէր կարող։

Ցանկալի երեկոն մոտենում էր։ Մարգարիտայի և յուր ծնողաց պատվույն վայել պատրաստությամբ մենք սպասում էինք վերջնական հրավերին։ Մեր տան մեջ հավաքվել էին իմ քրոջ և փեսայի բարեկամներից և բարեկամուհիներից շատերը: Այդտեղ եկավ և Հովհաննես քահանա Մարանջյանը յուր կնոջ և դստեր հետ: Ես ծանոթացա նրա հետ առաջին անգամ մեր տան մեջ:

Սա մի բարձրահասակ, վայելչակազմ, փառավոր մորուքով և քաղցր ու ամոք դեմքով քահանա էր մոտ քառասուն և հինգ տարեկան։ Առաջին անգամ նրա վերա նայելով՝ մարդ կամա ակամա մի խորին երեկյուղածություն և պատկառանք էր զգում։ Նրա ձայնը, խոսակցությունը և ժպիտը կազմում էին մի քաղցր և գրավիչ ներդաշնակություն. նրան կարելի էր ժամերով լսել և երբեք չձանձրանալ։ Տեր-հոր խոսակցության նյութը իմ և Մարգարիտայի միությանն էր վերաբերում։ Բոլորին հայտնի էր, որ ես հայադավան էի, իսկ իմ հայ հարսնացուն կաթոլիկ: Ներկա եղողներից մինը, որ խիստ ջերմեռանդ էր, բայց երիտասարդական ոչինչ չուներ յուր վերա, անհաջող էր գտել իմ ընտրությունը, ըստ որում յուր կարծիքով ես մեծ սխալմունք էի գործում օտարուհվո հետ ամուսնանալով:

Նրանցից ոչ մինը օտար չէ մյուսի համար, ասում էր տեր-հայրը։ Երկուսն էլ միևնույն ազգի անդամներ են. երկուսն էլ հայ ծնողաց զավակներ են: Եթե բախտի բերմունքով նրանք այսօր առանձին են աղոթում, եթե նրանցից մեկը տեր-Հովհաննեսին է դիմում յուր հանցանքը խոստովանելու և մյուսը պատեր-Սիմոնին, եթե մեկի հոգվո փրկության համար հայ եկեղեցին է բարեխոսում և մյուսի համար կաթոլիկ՝ այդտեղ նրանք հանցանք չեն գործում։ Ի՛հարկե, ավելի ցանկալի կլիներ, որ ազգով հայ մարդը յուր ազգային եկեղեցին ճանաչեր, յուր հնադարյան ավանդությանը հավատարիմ մնար, յուր եղբայրների հետ միասին միևնույն տաճարում ծնվեր, ապրեր և մեռներ։ Բայց քանի որ աշխարհում գոյություն ունի համոզմունքների տարբերությունը, քանի որ բախտի ձախող բերմունքով ազգի կրոնական ամբողջությունը բաժանված է մի քանի մասերի, և դեռ ևս անծանոթ է աշխարհին այն գերբնական ուժը, որ կարողանար կրոնով միմյանցից տարբեր մասերը մի ակնթարթում միացնել և ի մի ձուլել, անհրաժեշտ է ուրեմն, որ մենք չհալածենք միմյանց, որ մենք չատենք և չարհամարհենք իրար։ Կաթոլիկ և բողոքական հայերը, եթե միայն իրենք իրենց հայ անվանելուց չեն խորշում, նույնչափ հայ են, որքան և հայադավան հայերը. ինչու՞ համար չսիրել նրանց նույնչափ, որչափ սիրում ենք մեր դավանակիցներին։ Եթե մի հայադավան աղջիկ և մի հայ-կաթոլիկ երիտասարդ սիրում են միմյանց, ինչո՞ւ համար խանգարել նրանց սերը, ինչու՞ չթողնել նրանց Երջանիկ լինիլ, եթե նրանք երջանկություն գտնում են միմյանց սիրելու մեջ։

Չէ՞ որ նույն ինքը Քրիստոս սերն էր և սեր էր քարոզում։ Մի՞թե մենք իրավունք ունինք մեզ Քրիստոսի աշակերտ և հետևող անվանելու, եթե մենք սիրելու փոխարեն հալածում ենք միմյանց։

Կան ի՛հարկե մարդիկ, որոնք հալածվելու արժանի են և որոնց պետք է հալածել դրանք այն չար ոգիներն են, որոնք ատելության և երկպառակության սերմ են ցանում միարյուն և միալեզու եղբայրների մեջ, որոնք սուրբ Ավետարանի և Քրիստոսի անունով ճնշում են ազատ մտածողությունը, պղտորում են սրտերը կապում կաշկանդում են անգետ ամբոխի միտքը հոգին և զգացմունքները, խանգարում են ընտանիքների խաղաղությունը, և այս բոլոր միայն նրա համար, որ նորանոր որսերով հարստացնեն իրենց ավարը և այդ ամոթալի հաղթության համար վարձատրություններ ստանան իրենց առաքողից։

Դուք, սիրելի բարեկամներս, շարնակում էր տեր հայրը, մի՛ նմանիք այդ մարդիկներին. դրանք ո՛չ աստուծո երկյուղ և ո՛չ մարդիկներից ամոթ ունին. և նրանք չեն էլ ցավում մարդկանց թշվառություների վերա: Դուք սիրեցե՛ք ձեր եղբայրակիցներին, ինչ դավանության էլ պատկանելիս լինին նրանք. սիրեցե՛ք անկեղծությամբ սիրեցե՛ք եղբայրական քնքուշությամբ և մոտեցե՛ք նրանց մտերիմ հոգով, որպեսզի դևերը ձեզ կորցնելու համար չկարողացան միաբանվիլ:

Այս և սրա նման շատ բաներ էր խոսում տեր-հայրը: Մյուսների հետ ես էլ հիացած լսում էի նրան: Եվ որքա՜ն պարզ և հասկանալի էին նրա զրույցները, բայց ամենից ավելի ինձ գրավում էր այն անխարդախ և անկեղծ հոգին, որ արտափայլում էր նրա խոսքերի մեջ: Տեր-Հովհաննեսը ինձ երևում էր իբրև մի մարմնացայլ բարություն, որ յուր գոյությունը որոնում է միմիյանց մարդիկների երջանկության մեջ: Ես շատ զղջացի, որ այսքան ուշ էի ծանոթացել հարգելի քահանայի հետ, և հաստատապես դրի մտքումս այնուհետև հաճախել նրա տունը կամ շուտ շուտ հրավիրել իրեն մեզ մոտ խոսելու համար:

Բայց Լուսինյանների տնից արդեն խնդրարկուները եկել էին մեզ հրավիրելու: Մեր բարեկամների խումբը կազմ և պատրաստ էր այն ժամանակ, շուտով բոլորս միասին կառքերի մեջ լցվանք և հանդիսավոր գնացքով ուղղվեցինք դեպի իմ հարսնացուի տունը:

Ճանապարհին դարձյալ մի կասկած պաշարեց ինձ: Եթե պատեր-Սիմոնը վերադարձած լինի, եթե նա ընդդիմանա Լուսինյանների դիտավորությանը, ի՞նչ կլինի այն ժամանակ իմ դրությունը մտածում էի ինքս ինձ: Բայց մի գաղտնի հույս դարձյալ կազդուրում էր ինձ: «Ի՞նչ կարող է անել մեզ պատերը, քանի որ Մարգարիտան սիրում է ինձ, ասում էի ես, չէ՞ որ նա առ առավելն միայն նրա հոր և մոր վերա կարող է ազդել և ո՛չ Մարգարիտայի. իսկ ինձ միայն այս վերջինի կամքն է հարկավոր»: Մյոս կողմից ես տեսնում էի պատկառելի Տեր-Հովհաննեսին իմ կողքին նստած և հավատում էի, որ նա յուր քրիստոնեական բարությամբ կհաղթահարե պատերին, եթե նա չար դիտավորությամբ մեր միության գործը խանգարելու լինի: Այդ ժամանակ ոգևորվում է յուր հոր ամենազորությամբ:

Երբ հասանք Լուսինյանների տան մոտ, լսելի եղան ներսից խիստ երաժշտության ձայներ: Տան թե՛ դուրսը և թե՛ ներսը փառավոր կերպով լուսավորված էր, և փողոցին վերա նայող դահլիճի պատուհաններից ներսում երևում էր հրավիրյալների մի պատկառելի բազմություն։

Ես չէի կարծել թե մեր նշանադրության հանդեսը այսքան հրապակական պետք է լիներ․ բայց երևի տիկին և պարոն Լուսինյանները կամեցել էին իրենց միակ դստեր ամուսնության գործը փառահեղ նախատոնիքով սկսել։

Երաժշտությունը արդեն դադարել էր, երբ մենք մտանք դահլիճը։

Ամենից առաջ իմ աչքերը դարձան Մարգարիտայի վերա։ Նա նստած էր դահլիճի վերևում, թավշեպատ հենարանի վերա և շրջապատված յուր ընկերուհիներով։ Բայց նա այնքան փոխվել էր, որ ես մի րոպե չճանաչեցի նրան: Որովհետև ես նրա մեջ չտեսա իմ պարզ և անպաճույճ Մարգարիտային: Նա հագնված էր ամենաշքեղ տարազով, և յուր կիսամերկ պարանոցի և բազուկների վերա վառվում էին ոսկեհուռ ադամանդներ: Նրա սևաթույր մազերը, որոնց ես տեսել էի թույլ հյուսերով շուշված յուր ուսերի վերա, այսօր փոխակերպվել էին գանգրյալ խոպոպիկների և նրա լայնադիր ճակատի վերա կազմում էին կարծես մի բոլորակ ծաղկապսակ:

Արվեստի այդ ներդաշնակ պաճուճանքների մեջ Մարգարիտան սովորականից ավելի գեղեցիկ և հրապուրիչ էր:

Երբ ես մոտեցա նրան, նա արդեն ոտի վերա էր: Անուշ ժպիտով իմ ողջույնը ընդունելով՝ նա շշնջաց ինձ հազիվ լսելի ձայնով.

Դու չե՞ս զարմանում իմ հանցավոր կերպարանափոխության վերա:

Այս խոսքերով կարծես նա կամենում էր ազատել իրեն պճնասիրության մեջ մեղադրվելու պատասխանատվությունից, որովհետև և նա ինքը սկզբունքով շատ դեմ էր այդ մոլորությանը և ակամայից էր ստիպվել այսօր հասարակաց ձայնին հնազանդելու և նրանց ճաշակը չվիրավորելու:

Ուր էր, թե բոլոր հանցանքները այդչափ անվնաս լինեին և նպաստեին միայն գեղեցկության հրապույրները բազմացնելու, այդ ժամանակ մարդիկ աստվածներին նախանձ կբերեին, պատասխանեցի ես:

Շուտով մեր բերած հյուրերի շնորհիվ ուրխությունները սկսան կրկնապատկվիլ, պարերը կենդանացան, և դահլիճը ընդունեց ալեկոծյալ կերպարանք:

Ամեն բան լավ էր գնում: Բայց պարոն Լուսինյանը շատ էր անհանգստանում պատեր Սիմոնի պատճառով: Նա խոստացել էր երեկոյան ժամը ութին ներկա գտնվիլ, բայց տասը արդեն լրանում էր, և նա չկար:

Մի՞թե առանց նրան չէր կարելի գործը վերջացնել, հարցրի ես տեր-Հովհաննեսից:

Ոչ, պատասխանեց նա: Այսպիսի մի համաձայնության խորհուրդը առանձ ինձ ես իրավունք կտայի ձեզ վերջացնելու, որովհետև ուր որ երկու սրտերի համաձայնություն

է գարծը պսակում, այդտեղ մի քահանայի օրհնություն էլ բավական է, ինչ եկեղեցուն էլ այդ քահանան պատկանելիս լիներ, բայց կաթոլիկ կղերը նախանձախնդիր է յուր իրավունքներին, առանց բացառության. և չնայելով, որ այսպիսի հանգամանքներում միշտ մենք ենք զիջանում, ընտանիքերի խաղաղությունը չի վրդովելու համար, այսուամենայնիվ նրանց բծախնդրությունը դարձյալ հալածում է մեզ: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ մենք առիթ չտանք պատեր-Սիմոնին հակառակելու մեր ձեռնարկությանը:

Տեր-Հովհաննեսի նկատողությունները իրավացի էին: Պետք էր խոհեմությամբ շարժվիլ:

Բայց պ. Լուսինայի վրդդոված երեսով դահլիճ մտնեը և իմ փեսային կանչելը ինձ սաստիկ անհնգստացրեց: Մարգարիտան ոչինչ չէր նկատում, նա խոսակցում էր յուր ընկերուհիների հետ: Ես կամացուկ հեռացա նրանից և դիմեցի դեպի միևնույն սենյակը, ուր որ պ. Լուսինյանը և փեսաս էին մտել:

Պատեր-Սիմոնը արդեն այդտեղ էր և կատաղած խոսում էր Լուսինյանների և իմ փեսայի հետ: Նրա աչքերը զայրույթից կրակ էին կտրել և յուր շրջապատողները հազիվ էին զսպում նրա ձայնը, որ որոտալով չթնդար դահլիճի մեջ: Ես իսկույն կծկվեցա դռան մեջ, ինչպես մի հանցավոր, որ ծածկում է յուր անձը խուզարկուների աչքից:

Ես խոստացել եմ ձեր խնդրարկուին գալ, ասում էր նա զայրացած, որովհետև նա ինձ չասաց թե ո՞ւմ վերա եք նշանադրում ձեր աղջիկը. որովհետև նա ինձ չասաց թե ձեր փեսան մի հերետիկոս և հերձվածող է: Իսկ այժմ ես հազար անգամ կանիծեմ ինձ, բայց մի անգամ չեմ օրհնիլ այդ անհավասար զույգի նշանը: Ես չեմ կարող սուրբ Տիրամոր սիրելին հանձնել գեհենիին… Ես սարսափում եմ դժոխքից և սատանաներից...

Երկար ժամանակ տիկին և պարոն Լուսինյանները թախանձում էին նրան զիջանել նրանց խնդրանացը. փեսաս հազիվ թե չէր ընկնում պատվելիի ոտքերը, նրա ողորմածությունը հայցելու համար, բայց բոլորը անօգուտ: Լոյոլայի աշակերտը մնում էր անողոքելի: ԶԱյրույթի մի հնոց կամաց կամաց վառվում էր իմ սրտի մեջ. ես զգում էի, որ խոհեմությունը տեղի է տալիս կատաղությանը և վճռում էի հարձակվիլ նրա վերա և միանգամով փշրել նրա գլուխը իմ բռուցքների տակ:

Բայց պարոն Լուսինյանի բարկությունը մեղմեց իմ զայրույթը տեսնելով, որ պատերը ոչնչով չէ ուզում համոզվիլ նա բռնեց նրա ձեռքից և քաշելով դեպի սենյակի անկյունը, ասաց վճռողական ձայնով.

Պատվելի, ես իմ փեսային խոսք եմ տվել. ես նրան հարգում եմ, իսկ իմ աղջիկը սիրում է նրան: Ես չեմ կարող դառնալ իմ խոսքից, ես չեմ կարող անպատվել իմ անունը: Եթե նույն ինքը սրբազան պապը հրամայի ինձ այդ անելու...

Մոլորյալ, ընդհատեց նրան պատվելին, դու համարձակվում ես սրբազան պապի սուրբ անունը հիշելու այս հերետիկոսների ներկայությամբ...

Պ. Լուսինյանը երկու քայլ հետ կանգնեց. կատաղությունը մի րեպե սառեցավ նրա երակների մեջ և պատվասիրության զգացումը տիրապետեց նրա վրդովված հոգուն.

Դուրս գնացեք այստեղից. պատեր, ես հայ եմ, և այստեղ իմ տանը հայ քահանա ունիմ. ես կարոտ չեմ ձեր ողորմածությանը:

Այս ասելով նա շուռ տվավ երեսը և մոտենալով ինձ, բռնեց իմ ձեռքից. Գնաք սիրելիս, ասաց, մենք այստեղ քահանա ունինք:

Պատեր-Սիմոնը անլուր անեցքներ թափելով, կատաղությամբ դուրս գնաց սենյակից, իսկ մենք մտանք դահլիճը, հյուրերի մոտ:

Երաժշտության աղմկարար ձայնը օգնել էր մեզ. հյուրերից ոչ ոք չէր իմացել թե ինչ անցք է անցել դրացի սենյակում:

ԺԳ

Երբ ես մոտեցա Մարգարիտային, նա իսկույն նկատեց իմ վրդովմունքը և հարցրեց․

Ի՞նչ է պատահել քեզ․ քո դեմքը բոլորովին այլայլված է։

Ոչի՛նչ, պատասխանեցի ես ժպտալով։

Այդ անկարելի է․ «ոչինչը» չէր կարող քեզ վրդովեցնել, նկատեց նա։

Ես աշխատեցի հանգիստ ձևանալ, ժպտալ, ծիծաղել, բայց այս բոլորը ավելի էին մատնում իմ ներքին խռովությունը: Վերջապես ես երկար չկարողացա նրա թախանձանաց դիմանալ և բոլոր տեսածս ու լսածս պատմեցի նրան:

Մարգարիտան մի քանի վայրկյան մտածմանց մեջ ընկավ: Կնճիռները ծածկեցին նրա խոպոպներով զարդարուն ճակատը. դեմքը մռայլվեցավ. նա էլ չէր ժպտում… Ես նայում էի նրա վերա:

Անցան մի քանի վայրկյաններ, և ահա կրկին նրա ճակատը պարզվեցավ և դեմքը նորեն ստացավ յուր ծիծաղկոտ պատկերը: Այդ րոպեին նրա գեղեցիկ գլուխը նմանում էր կանաչազարդ լեռան գագաթին, որին հանկարծ շրջապատում են սրաթույր ամպերը՝ սպառնալով ծածկել նրա հսկայական մարմինը արևի լուսավոր ճառագայթներից: Բայց Հյուսիսը շարժում է յուր թևերը, և կուտակված ամպերը հալածվում են մի ակնթարթում: Կրկին երևում է կանաչազարդ գագաթը շողերով լուսավորված և հպարտ նայում է իրեն շրջապատող ձորերի և բլրակների վերա:

Մի՞թե դու տխրում ես այն բանի համար, մեղմով ժպտալով հարցրեց նա:

Եթե դու ուրախ ես, Մարգարիտա, ինձ ոչինչ չէ կարող տխրեցնել, պատասխանեցի ես:

Այո՛, ես այժմ ուրախ եմ. ինձ չէ վրդովում պատեր-Սիմոնի վարմունքը. ավելին նրանից սպասել անկարելի էր: Դու գիտես որ նրա համար անտանելի էր մինչև անգամ իմ քեզ հետ ման գալը ու՞ր մնաց, որ նա հանկարծ գալիս և տեսնում է՝ թե մենք արդեն նշանվում ենք: Այդ դիպվածում կատաղելուց զատ ոչ մի բանի ընդունակ լինել չէր կարող: Բայց մի ուրիշ բան իմ սիրտը լցնում է ուրախությամբ դա իմ հոր քաջասիրտ վարմունքն է: Եվ դեռ անցյալ տարիներից ուրիշ գաղափար ունեի կազմած նրա մասին. ես կարծում էի. որ նա չափից դուրս երկչոտ և այդ պատերների ազդեցության գերի մի մարդ էր: Բացի այս երկու օրվա մեջ նա յուր անկախ բնավորության երկու փառավոր ապայցույցներ տվավ. առաջին որ նա արհամարհանքով ընդունեց պատեր-Սիմոնի չարախոսությունը և իմ ձեռքը տվավ քեզ. և երկրորդ, որ նա պատերին արտաքսեց յուր տնից: Եթե դուք այնքան ճանաչեք իմ հորը որքան ես եմ ճանաչում, այն ժամանակ կհասկանաք, թե նրա բնավորությունը ինչ հեղափոխության պետք է ենթարկված լինի, որ նա վճռում է այսպիսի համարձակ քայլ անելու դեպի դստեր բախտը:

Եվ եթե նա կարողանա այդպես շարունակաել մինչև վերջը…

Օ, դա ինձ համար կատարյալ երջակություն կլինի, ոգևորությամբ ընդհատեց ինձ Մարգարիտան, այն ժամանակ իմ բոլոր ցանկություները իրագործված կլինին:

Ժամանակը մոտենում էր. պետք էր նշանադրության հանդեսը կատարեին: Պ. Լուսինյանը առաջարկեց տեր - Հովհաննեսին սկսել յուր օրհնությունը: Վերջինս արդեն ամեն բան գիտեր: Բայց Լուսինյանի դավակիցներից մի քանիսը հետաքրքվեցան իմանալու թե ինչու՞ համար պատեր-Սիմոնը չէր երևում այդտեղ:

Նա գյուղումն է, պատասխանեց նրանց Լուսինյանը, և գրել էր, որ իրեն վերաբերյալ պաշտոնն էլ հանձնենք տեր-Հովհաննեսին: Պատվելին երկու այս դիպվածում ոչինչ խտրություն չէ դնում յուր և տեր-հոր մեջ:

Իհարկե, ի՞նչ խտրություն պիտի դներ. մենք բոլորս էլ եղբայրներ ենք մենք բոլոր էլ մեր հոգևոր հայրեր ենք. թե՛ տեր-Հովհաննեսը և թե՛ պատեր-Սիմոն երկուսն էլ մեր հոգևոր հայրերն են, ձայն տվին գրեթե միաբերան Լուսինյանի դավանակիցները, թո՛ղ տեր-Հովհաննեսը օրհնե նշանը: «Բարի մարդիկ, մտածեցի ինքս ինձ, ձեր և տեր-Հովհաննեսի գաղափարների մեջ ոչինչ խտրություն չկա. դուք բոլորդ էլ զգում եք, որ միևնույն մոր զավակներն եք, որ միևնույն արյունն եք կրում ձեր երակներում. ձեր սրտերը չեն ուզում բաժանվիլ միմյանցից, դուք ներողամիտ աչքով նայում եք ձեր եղբարց կրոնական համոզմունքնրի վերա, բայց չարության սերմնացանները հանգիստ չեն թողում ձեզ: Նրանք թունավորում են հարազատության արյունը, բաժանում են ձեր որդիքը, մեռցնում են ձեր քնքուշ զգացմունքները…»

Հետո ես համեմատում էի տեր-Հովհաննեսի մեր տան քարոզածները պատեր-Սիմոնի կատաղի հայհոյանքների և անեծքների հետ: Առաջինը ցոլացնում էր յուր մեջ քրիստոնեկան բարություն, հայրական սեր և եղբայրական անհիշաչարություն, իսկ վերջինը դժոքային չարութուն, պառակտիչ հոգի և վրիժառու նախանձ:

Առաջինը ապրում էր յուր ժողովրդին ծառայելու, իսկ վերջինը ժողովուրդը յուր անձին ծառայեցնելու: Տարբերությունը մեծ և շաշափելի էր: Բայց որի՞ն բողոքել, մարդկանց կուրությունը իրենց անբռնաբարելի սեփականությունն էր:

Պ. Լուսինյանի հրավիրոնք տեր-Հովհաննեսը մոտեցավ պատրաստած սեղանին և քահանայական շուրջառը հագնելով սկսավ կարդալ սովորական օրհնությունները: Ես և Մարգարիտան կանգնած էինք սեղանի առաջ դեմ առ դեմ. շրջան բոլորած մեզ պատել էին գլխավորապես տիկինները և օիրորդները, որոնք նշանադրության և հարսնյաց հանդեսներում միշտ հետաքրքիր հասարակությունն են հաշվվում։

Մարգարիտան աչքերը գետին խոնարհած անմռունչ կանգնած էր։ Յուր ընկերուհիները զանազան կատակներ էին շշնջում նրա ականջին, բայց նա կարծես անզգա էր և ոչինչ չէր լսում։ Ինչի՞ վերա էր նա մտածում․ դեպի ո՞ւր էին սլանում նրա մտքերը, երևակայությունը հայտնի չէր։ Բայց այդ խորհրդավոր րոպեին ես էլ ուրախ չէի, հազար և մի տխուր մտածություններ ալեկոծում էին իմ սիրտը․ չգիտեմ ինչու՞ չարագուշակ նախազգացումը դարձյալ տանջում էր ինձ։ Անախորժ դեպքի ազդեսությունի՞ց էր ճնշվում իմ հոգին, թե՞ մարգարեանում էր ապա չարիքները, չկարողացա իմանալ։ Միայն երբ քահանայի հրամանով նշանի մատանին հագցրի իմ հարսնացուհին և համբուրվեցա նրա հետ, իսկույն տխուր մտածմունքները տեղի տվին մի ներքին ուրախության, ես տեսա, որ ինձ հետ միասին զվարթացավ և Մարգարիտան: Մեր երկուսի այս հանկարծական փոփոխությունը նկատելի եղավ մինչև անգամ հյուրերին և զվարճասեր օրիորդները սկսան կատակներ անել մեզ հետ:

Այդ համբույրի՞ համար էիք խռովել, շշնջաց իմ և Մարգարիտայի ականջին օրիորդ Մարանջյանը:

Այո՛, պատասխանեցի ես. մի՞թե գին ունի նա ձեր աչքում:

Ձեզ համար էլ միշտ թանկագին չի մնալ. նա դեռ առաջինն է, մի փոքր համբերեցեք, նկատեց նա ծիծաղելով:

Հետո Մարգարիտայի ծնողները մոտեցան և համբուրեցին մեզ երկուսիս. և ապա քույրս ու փեսաս:

Այնուհետև մյուս հրավիրյալները սկսան իրենց շնորհավորությունները, որոնց երկար ժամանակ մենք ստիպված էինք մեր շնորհակալությունները կրկնելու:

Մի քանի ժամ շարունակ ընթրիքի պարերի և ընդհանուր ուրախության նվիրելուց հետո հյուրերը ցրվեցան: Ամենից ուշ ես դուրս եկա մերոնց հետ: Երբ անցանք առաջին փողոցը, հայոց եկեղուցու զանգակները ղողանջում էին առավոտյան ժամերգությունը սկսելու համար: Եթե ես միայնակ լինեի այդ րոպեին ծնկի կգայի և կաղոթեի աստծուն այնքան ջերմեռանդությունս շարժված էր. կաղոթեի, որ նա պաշտպաներ ինձ և իմ հարսնացուին, որովհետև ես դեռ երկյուղ էի կրում չարության ոգիներից: Բայց ինձ հետ ուրիշներն էլ կային, և ես շատացա միայն մի քանի աղոթքներ մրմնջալով կառքի մեջ նստած:

"Իմ կաթոլիկ հարսնացուն" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Շրջանաձև
Դավիթ Բալասանյան

Շրջանաձև

Խնոցի են հարում
Խնոցի են հարում
Խաղա առցանց