Shushanik Kurghinyan

Շղթաները

․․․Ես քնած եմ ծառի տակ ու զգում եմ իմ կազդուրվելը. արյունը մի հաղթական ուժով շրջում է երակներիս մեջ, զգալ տալիս առողջ քնի թովչանքը․․․

Տերևների արանքից ինձ են հասնում արևի շողերը, և ես զգում եմ իմ ուսին, կրծքին, ճակատին նրանց ջերմության ախորժահպումը։ Ջերմից տաքացած մարմինս կասես լցվում, մեծանում է։ Ես մեծ հաճույքով տարածվում եմ մեջքիս վրա։ Աջ ոտքս ընկնում է արևից անտես, զով խոտի վրա, զգում նրա պաղությունը։ Ինչ-որ շշուկ հոսում է գետնի միջից, թրթռում ականջիս մոտ ու կորչում իսկույն։ Ես էլ չեմ զգում մարմնիս անդամների գոյությունը։ Ինչ-որ կախարդական շնչից չքանում, անէության ծովն եմ ընկնում․․․

Երևի երկար է տևել իմ քունը ու մի երազ չէ ակոսել նրան: Զարթնում եմ գոհ, անհոգ բավականությամբ հորանջում մի քանի անգամ, տերևների արանքից նայում երկնքին ու բոլորովին արթնացած պառկում եմ երեսնիվայր և դեմքս հենելով արմունկներով բարձի մեջ խրված ձեռքերիս վրա, դիտում եմ, թե ինչ նորություն է կատարվել արդյոք շուրջս, ու ժպտում եմ, երկար ժպտում․․․

Ինչո՞ւ եմ ժպտում. զարմացած հարցնում եմ ինքս ինձ և քիչ նեղություն կրելուց հետո հիշում․․․

Դեռ քնելուց առաջ մի լավ ժպիտ խաղում էր սրտիս մեջ, հետո ընկավ աչքերիս մեջ։ Ես շտապով ճաշեցի և իջա պարտեզ։ Մի հարմար տեղ չէի գտնում պառկելու։ Առաջվա տեղերին էլ չէի հավանում. կարծես ամբողջ ամառանոցը կերպարանափոխված լիներ։ Բարձն ու պլետը ձեռքիս թափառեցի երկար ու վերջապես հեռավոր ծառուղիներից մեկում, որ չէր մաքրվում խոտերից, պառկեցի ծառի տակ ու այդ ժպիտը դեմքիս քնեցի։

Ահա նա էլ զարթնեց սրտիս խորքում. այդ պատճառով էլ մի ղողանջուն երգ գալարվեց, թրթռաց կրծքիս տակ ու կտրվեց։

Բավական է․․․

Երեկոյանում է։ Ծառերն ու ծաղիկներն իրենց ստվերներն ուղղում են դեպի արևելք։ Մեղմացող տապի հետ զգացվում է երեկոյան շունչը։

Երևի ծաղիկներն էլ քնել էին ինձ հետ ու երազել հով, զեփյուռ, լուսնկա գիշեր, այժմ էլ նենգ ժպիտով նայում են արևմուտք թեքվող արևին և ով գիտե ինչ են մտածում նրա մասին։

Լինեին մարդիկ ծաղիկների պես, մտածում եմ ես. սիրեին լույսը, բույր ու գեղեցկություն տային կյանքին, ամենքն էլ անխտիր․ նստեին մի հողի վրա, մի ձեռք խնամեր նրանց, մի անձրևով թարմանային, ոչ ոքի նեղ չէր լինի երկրի երեսին և ամենքն էլ տեղ կունենային ծլելու, ծաղկելու․․․

Հեռվից լսվում է երեխաներիս աղմուկը․ խաղում են։ Ահա մայրս և խոհարարուհին երևացին «մեզոնինի» պատշգամբում, իջան առաջին հարկի կտուրի վրա, այսօրվա լվացած բուրդն են հավաքում, երևի չորացել է արդեն, և զրուցում իրար հետ։

Մորս ռուսերեն խոսքերի պաշարը շատ աղքատիկ է, ուստի խիստ արագ շարժվում են զանազան ձևերով նրա ձեռքերը, որոնցով և լրացվում է խոսքերի պակասը։

Երեկ հյուրեր կային մեզ մոտ, նրանցից մեկն ասաց, որ մեր բնակած «մեզոնինում» հենց իմ սենյակում մի ամառ երկու ամիս ապրել է Մ. Ն․․․․-ը։

Երեկվանից այդ փոքրիկ, ցածլիկ սենյակը մի խորհրդավոր տեսք է ստացել իմ աչքում, նա այնտեղ քնել է, շրջել, մտածել․․․․

Այդ վաթսունական թվականների հայ քաղաքացին, իր «Ազատն Աստվածով․․․»։

Մտքիս անիվը հպարտ պտույտ է գործում դեպի հետ՝ անցյալը։

Սոցիալիզմի նվաճումներն արտասահմանում. Գերցեն, Օգարև, Բակունին և ազատամիտ հայը համամարդկային ցավը բուժողների փշոտ ճամփու վրա․․․

Որքան լավ է, որ եղել են արժանի մարդիկ։ Երբ մտածում եմ, թևեր է բուսնում ուսերիս վրա։ Ակնածությամբ կարկառում եմ թևերս ու շշնջամ աղոթքի պես. «Գալիս եմ, գալի՜ս․․․»։

Վերջին տարիների ապրումները մրրկում են հոգիս։ Վեր եմ նայում։ Մի՞թե այդ բուրդ հավաքող անգրագետ կինն է ծնել ինձ․․․ թափառում եմ ծառուղիներում. ամառանոցի մի ծայրում պարտիզպանի տնակի դիմացը մի հասարակ սեղանի շուրջ նստել է պարտիզպանուհին, հետն էլ երեք կին, ամենքն էլ մաքուր չթե հագուստներով, սպիտակ թաշկինակները գլխներին, սեղանի վրա դրած է մի մեծ շիշ օղի, թարմ վարունգներ, հասարակ երշիկ ու մեծ կտոր սև հաց։ Օղու մնացորդը, նրանց կարմրած դեմքերը ցույց են տալիս, որ հանդեսը վաղուց է սկսած։

Երգենք, աշխատանքից կոշտացած բռունցքը խփում է սեղանին նրանցից մեկը։

Շտապ դատարկում են լցրած բաժակները, թևով սրբում բերանները և հազալուց հետո սկսում։

Սկզբից խառը ճիչերը աղմկում են оդը, ապա համերաշխ ելևէջները պարզ ու հասարակ երգի դուրս են սահում նրանց հոգնած կրծքերից։ Լավ են երգում մալոռուսկաները. սիրում են երգը, երգում են միշտ ու գիտեն երգել, երգում են երկձայն և քառաձայն, առանց որևէ ձայնագրական կանոնների մասին տեղեկություն ունենալու, նրանց երգը հաճախ լսողություն է շոյում և թախիծ փռում իր շուրջը։

Շատ առավելություններ ունի ռուս կինը, ի՞նչ փույթ որ երբեմն նա իր կսկիծները թրջում է օղիով։

Ինձ նկատեցին հակառակ իմ ցանկության. արբած պարտիզպանուհին երգելով դիմավորեց ինձ։ Ես նստեցի պատի տակ, նստարանի վրա։

Երգ շատ է սիրում, ասաց նա իր հյուրերին և տվեց մի քանի չափազանցացրած տեղեկություններ իմ մասին։ Լսողները արբածի պարզ ժպիտով մի քանի անգամ նայեցին ինձ և մնացին գոհ։ Ապա մի բաժակ էլ դատարկելով սկսեցին երգել առանձին եռանդով մեծ ժողովրդականություն ստացած երգը.

«Солнце всходит и заходит, А в тюрьме моей тем-но-о...».

Պետրովնա, դու միշտ հյուրասիրում ես ինձ այդ երգով, ասացի ես երգից հետո։

Սա շատ հարմար է, պատասխանեց նա, սև հացի կտորի վրա աղ ցանեց և ծամելով նստեց մոտս։

Ինչի՞ն է հարմար։

Ձեր կյանքին․․․ Ձեզ․․․

Չեմ հասկանում, պատասխանեցի ես։

Հիմա ասեմ, կհասկանաք։ Ահա մի ամիս է, որ ես նայում եմ ձեզ ու զարմանում. նստեցրել են ձեզ «մեզոնինում», ինչպես թռչունին վանդակի մեջ, կերակրում են, հոգ տանում, իսկ դուք ուտում, խմում․

ման եք գալիս վանդակի շուրջը, ո՛չ մեր օղին խմել գիտեք, ո՛չ ձեր կարմիր գինին և ո՛չ էլ երգել մեզ նման․․․

Գիտեք ի՜նչ «սեղան են սարքում սրանք», դարձավ նա մյուսներին, «օղի՜, գինի՜, խորովա՜ծ և քեֆ մինչև կես գիշեր։ Օտարները ուտում, խմում են․․․։ Սո՞ւտ եմ ասում, դարձավ դեպի ինձ, իսկ դուք սուս ու փուս նստում եք նրանց մոտ, կամ երեխայի նման ճոճվում ճոճանակի վրա։

Իմ ծիծաղից վշտացած գնաց նստեց կրկին սեղանի մոտ ու նորից աղմկեցին օդը «Ինձ ու իմ կյանքի հարմար» երգով.

«Не порвать мне, ке разбить вас»...

Հարկավոր է փշրել շղթաները, նկատեց նրանցից մեկը և սկսեց հեծկլտալ։

Ինչպե՞ս փշրել, հայհոյեց մյուսը, առանց դրան էլ ուժ չէ մնացել ինձ վրա. ահագին բանջարանոցի աշխատանքն ես եմ կատարում։

Բանջարանո՜ցը․․․ մե՜ծ բան, բանջարանո՜ցը. իսկ եթե ամուսինդ հարբեցող լիներ, առանց պատճառի պոռաց երրորդ կինը։

Սպասեցեք, թողեք խոսքս վերջացնեմ, շղթաներս գիտե՞ք երբ են փշրում. կանչեց պարտիզպանուհին մեծ դժվարությամբ ծխախոտը թղթի մեջ փաթաթելով։

Ե՞րբ, հարցրեց անտարբեր լացողը։

Երբ որ սատանան գայթակղե, խորհրդավոր կերպով ասաց պարտիզպանուհին, ճչաց և կողերը բռնելով անցավ առաջ. մյուս կանայք երերալով բարձրացան տեղից և սկսվեց սիրած պարը․․․

Մթնշաղը թևերը փռել էր օդի մեջ։ Թռչունները երեկոյան աղոթքն էին անում։ Ամառանոցներից լսվում էր երեխաների լաց, աղմուկ, սարքվող սեղաններից ամանների ձայն և բոլորովին արբած կանանց խռպոտ.

«Не порвать мне, не разбить вас» ը։

1908 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Don't be afraid - Haytarma
Alexander Spendiaryan

Don't be afraid - Haytarma