Shushanik Kurghinyan

Ինքնակենսագրություն

Ես ծնվել եմ 1876 թ, օգոստոսի 18-ին, Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ քաղաքում, արհեստավորի ընտանիքում։

Գրագիտություն ինձ սովորեցրել են կույսերը, որոնց ազդեցությանն եմ ես վերագրում իմ այն ժամանակվա կրոնասիրությունը։ Տարրական կրթություն ստացել եմ տեղական հայկական դպրոցներում և ռուսական պրոգիմնազիայում․․․

1893 թ․ ես ընդունվում եմ հայկական սոց<իալ> դեմոկրատական Հնչակյան կուսակցության անդամ։

Աշնանը կազմակերպում եմ հեղափոխական խմբակ (եթե չեմ սխալվում՝ առաջինը) 18 հայուհիներից բաղկացած, իսկ <18>94 թ․ գարնանը պատրաստվում եմ փախչել Հայաստան և աջակցել նրա ազատագրմանը թուրքական լծից։

Ես անսահմանորեն սիրում եմ աշխատանքը և նրա անմիջական արտահայտման մոմենտները։ Ամառվա արձակուրդների ընթացքում ես աշխատում էի անայնագործ ջուլհակի հետ, պրիմիտիվ հաստոցի վրա, ոտքերս կախած սառը փոսի մեջ։ Աշխատում էի բրուտի կնոջ մոտ՝ կավից ծեփելով կճուճներ, թոնիրներ, գնում էի «դեպի ժողովուրդը» անվարժ ձեռքերով, ստանձնելով դաշտային ծանր աշխատանքներ։

Պատահում էր հայրս խնայողության համար իր «գործարանը» փոխադրում էր տուն, ես աշխատում էի նրա մոտ գործավարձով, պահանջելով իմ աշխատավարձը մինչև վերջին կոպեկս։ Այս բանը նահապետական ավանդություններով դաստիարակված մայրս համարում էր «անհարկի վերաբերմունք դեպի ծնողը և վերագրում վատ գրքերի ազդեցությանը»։

Դեռ այն ժամանակ ինձ ապշեցնում էր մարդկանց անհավասարությունը։

Մաշիկ կարող հայրս աշխատելով վաղ առավոտից մինչև ուշ գիշեր, վաստակում էր շաբաթը մի քանի ռուբլի, նրա ենթավարպետը՝ մեկ ռուբլի քսան կոպեկ, տղան՝ հինգ կոպեկ, իսկ վաշխառուն՝ բոլորից շատ և այն էլ առանց աշխատելու։ Նա ինձ մխիթարում էր, որ բոլորի համար հավասարությունը հանդերձյալ կյանքն է, երկինքը։

1896 թ․ տեղական փոխանորդի օգնությամբ պատրաստվում եմ գնալ Թիֆլիս, Մոսկվա սովորելու։ Ուղևորությունը չի հաջողվում․ փոխանորդին վտարում են «ոչ այնքան հեռավոր վայրեր» հեղափոխական արարքների համար։

1899 թ․ օգոստոսի 15-ին լույս տեսավ իմ առաջին բանաստեղծությունը․ ես ռուսահայերի մեջ առաջին բանաստեղծուհին եմ։ Լիրիկական երգերում գովերգում եմ իմ բազմաչարչար ժողովրդի վիշտը, իմ հայրենիքի ձյունածածկ լեռները և հորդառատ գետերը․․․

1903 թ․ ես տեղափոխվում եմ Ռուսաստան։ Դա մասսայական գործադուլների ժամանակաշրջանն էր հարավում։ Հիշում եմ, գարնանային խաղաղ երեկո էր, ես երեխաների հետ, կարկանդակի կապոցը ձեռքիս դուրս եկա խանութից։ Մրից սևացած մարդկանց բազմությունը, կապույտ, յուղոտված բլուզներով, հզոր երգերով և կարմիր դրոշակներով մեծ փայտերի վրա, կուռ շարքերով գալիս էր կայարանից։

Ովքե՞ր են դրանք, հարցնում եմ գոգոլյան տիպի ծեր ինտելիգենտից։

Ռուս պրոլետարիատը․․․ Տեսնո՞ւմ եք, ցույց է։ Երեկ թռուցիկ են բաց թողել, իսկ այսօր իրենց են ցույց տալիս։

Իսկ ի՞նչ են ասում նրանց թռուցիկներում, հետաքրքվում եմ ես։

Պահանջում են 8 ժամյա աշխատանքային օր և որպեսզի գործարանատերը իրենց հետ խոսի «Դուք»-ով, քմծիծաղ է տալիս նա։

Մայիսի 1-ին բանվորների կուռ շարքերը ինչպես տարերք, ինչպես ալիք, ինչպես կատաղի հոսանք տիրաբար առան ինձ ու տարան․․․

Ուշ երեկոյան վերադարձա տուն հոգնած, փոշոտված, վերածնված, և ես նկատեցի, որ իմ սրտի, հոգու լավագույն մասը մնաց նրանց հետ անվերադարձ, հավիտյան․․․

Այն ժամանակից բանվորների ելույթները, միտինգները, ցույցերը, մանիֆեստացիաները, ժողովները ինձ վրա ունենում են մոգական ազդեցություն, և ես գնում եմ նրանց ետևից, նրանց կողքով, առերևույթ նրանց օտար, սակայն բոլորից մոտ․․․

1901 թվականը իմ վերածնման տարին էր։ Ռուսական հեղափոխությունը և պրոլետարիատը բաց արին իմ առաջ պրոլետարական իմաստության բոլոր թաքստոցները և իմ հայրենիքի երգերը օրեցօր նսեմանում էին։

1907 թ․ Ն․ Նախիջևանում հրատարակվող «Նոր կյանք» հանդեսի դեկտեմբերյան № 27-ում լույս տեսավ «Հանգցրեք ջահերը» իմ հայտնի պրոլետարական բանաստեղծությունը, այնուհետև «Արշալուսի ղողանջները»՝ իմ առաջին ժողովածուն։

Ես բանաստեղծներից ամենաերջանիկն եմ։ Իմ երգերը համարձակորեն գնում են խրճիթները, ֆաբրիկաներն ու գործարանները; Պրոլետարիատի գիտակից մասի հետ ես կապված եմ պայքարով, գալիք լավագույն օրերի հույսով․․․

1917 թ․ հեղափոխությունը ես դիմավորեցի Ուկրաինայում։ Դարձյալ ես նրանց հետ եմ, առերևույթ նրանց օտար, բայց բոլորից մոտ․․․

Իմ երգերը չեն գնում ռուսական և ուկրաինական խրճիթները ու գործարանները, որովհետև ես գրում եմ նրանց անհասկանալի լեզվով և չունեմ ունկնդիրներ․․․

Կեցցե՛ ռուս և ուկրաինական պրոլետարիատը։

Կեցցե՛ ամբողջ աշխարհի պրոլետարհատը։

Կեցցե՛ պրոլետարիատի դիկտատուրան։


1920 թ․ Խարկով

Be the first who will comment on this
Yatuk Music
Cello Concerto-Rhapsody
Aram Khachatryan

Cello Concerto-Rhapsody

Portrait of an Armenian woman, 1963
Portrait of an Armenian woman, 1963
Play Online