Shushanik Kurghinyan

Անհաջող ենթադրություն

Տանից դուրս գալով՝ մենք վճռեցինք մի լուսավոր, լավ կահավորված սենյակ վարձել քաղաքի կենտրոնում, տրամվայի գծի մոտ։

Ուրախ տրամադրության տակ անկապ, անհյութ զրույցներով մենք շատ տներ ներս ու դուրս արինք, շատերից լսեցինք, որ իրենք լավ մարդիկ են, շատերին էլ մենք հայտնեցինք նույնը մեր մասին և մեր ծրագրած սենյակի վարձի սղությունից հալածված ընկանք քաղաքի ծայրը։

Քաղաքի ծայրում оդն ավելի մաքուր է լինում, մխիթարվեց բարեկամուհիս։

Քաղաքի ծայրերն անաղմուկ են լինում․ ահա քեզ հանգիստ պարապելու անհրաժեշտ հարմարություն, տրամաբանորեն ավելացրի ես՝ քաջ ծանոթ լինելով նրա քմահաճ ու պահանջկոտ բնավորությանը, որ միշտ թյուրիմացորեն թշնամի էր նրա չափավոր միջոցներին։

Երևի այստեղ սենյակներ են տալիս արհեստավոր, բանվոր մարդիկ, մտածկոտ նկատեց իմ բարեկամուհին, որ կյանքում ցանկանամ էր ճանաչել միայն մի դասակարգ, որն ամեն ինչ ունի և կարող է ունենալ։

Ոչինչ, այժմ էլ նրանց ճանաչիր, որ հարստանա միակողմանի պաշարդ։

Ես գիտեմ նրանց, ժպտած նա, նրանք տգետ են ու բարի, գիտեն ծառայել մեզ ու հարգում են բնազդաբար դասակարգային տարբերությունը մեր մեջ։

Ես պատրաստվեցի առարկելու, բայց իսկույն զսպեցի ինձ, հարմար համարելով լռելը․ շատ էինք թափառել․ հոգնած էի սաստիկ և փողոցներում մեր խմած կվասներից փրփրել էր բերանս, որ զզվելի էր իր թողած քաղցրությունով։

Թատրոնից վերադառնալիս այստեղ չե՞ն թալանում։

Չգիտեմ․․․

Գործարանների սուլոց<ներ>ն էլ լույսը բացվելուն պես պիտի զարթնեցնե՞ն ինձ։

Ես չեմ պատասխանում, որ կռիվ չսկսվի։

Մոտենում ենք մի նոր կառուցած ու ներկած սիրուն տան. նման տներ, հասարակ ու հաճելի, շինում են միայն Ուկրաինայում. գեղարվեստի մասին խոսք չի կարող լինել, սակայն այնքա՜ն ցանկալի է թվում մեծ, քարե տոպրակի նմանվող բնակարաններում ապրողին, ապրել մի այդպիսի լույս, կանաչների մեջ խրված, ինչպես ասում են ռուսները, «խատայի» մեջ։

Մենք կարդում ենք նախշուն դարպասին կպցրած թուղթը և քաշում պրիմիտիվ կերպով շինած զանգակի թելը։ Դուռը բաց է անում մի կապուտաչյա, ոսկեհեր աղջիկ, գրկին մի առողջ բկուն երեխա։ Ներս ենք մտնում. օրինակելի մաքրություն և արևի հոտն ամեն տեղ։ Խիստ հակառակ կահավորված սենյակի գլխավոր անկյունում ըստ պատշաճի կախված է սրբի պատկերը՝ ոսկեզօծ շրջանակի մեջ, կանթեղն առաջին և զարդարված արհեստական վարդերով։ Մի պատի տակ հասարակ սեղան, գրքեր, Շևչենկոյի, Տոլստոյի և Գորկու նկարները պատի վրա։ Անցնում ենք մյուս սենյակը. առաջինից փոքր է և մի լայն լուսամուտով նայում է փողոց։ Դրած է մի հասարակ մահճակալ, կոմոդ, թիթեղյա լվացարան, սեղան և աթոռներ։ Ես հավանում եմ սենյակն ու հայտնում կարծիքս։

Գալիս է ջահել տանտիրուհին, բարևում և շփոթվելով հարցնում.

― Դուք հրեուհինե՞ր եք։

Ի՛նչ, սենյակ չե՞ք տալիս հրեուհիներին, տաքանում է բարեկամուհիս. ես հանգստացնում եմ երկուսին էլ։

― Ամուսնուս համար միևնույն է, միամտորեն պարզում է տանտիրուհին։

Չարը խափանելու համար քայլերով չափում եմ սենյակի լայնությունն ու երկարությունը։

― Երեխաներ շա՞տ ունեք, հարց է տալիս բարեկամուհիս։

― Միայն մի փոքրիկ, մայրական հպարտությամբ հայտնում է կինը։

― Իսկ մեզ դուռը բացող աղջի՞կը։

Նա քույրս է. նա կհավաքի ձեր սենյակը, ձեզ համար խանութ կգնա։

Հարցնում ենք գնի մասին։ Տանտիրուհին գնում է առաջին սենյակը և կանչում․

― Միշինկա, ե՛կ, խոսիր գնի մասին։

Մենք ևս գալիս ենք մեծ սենյակը։ Հարևան սենյակից լսվում է թղթի խշխշոց։ Երևի Միշինկան թերթ էր կարդում, անցնում է իմ մտքով և չգիտեմ ինչու բավարար տպավորություն թողնում ինձ վրա։

Ծանր քայլերով ներս է մտնում իսկապես որ մի «միշինկա»՝ տանտերը, բարձրահասակ, թիկնեղ, խոշոր և պայծառ աչքերով․ մեզ նկատելով՝ կոճկում է շապկի կոճակները, մատներով հարթում մազերը ու մտերմաբար ժպտալով ողջունում է մեզ որպես հին ու վաղուց չտեսած ծանոթների։

Պատշաճ պայմանները թվելուց հետո սենյակր վարձվեց։ Նկատելի է մի փոխադարձ համակրանք, որ համակեց արտաքինով հաճելի իմ բարեկամուհուն և երիտասարդ տանտիրոջը։ Մեր պաշտոնական խոսակցությունն իսկույն բարեկամական զրույցի փոխվեց, իսկ բարեկամուհուս ուրախ քրքիջը աղմկեց մինչ այդ խաղաղ սենյակը և քանդեց երիտասարդի անվստահության բոլոր կապերը։

Այս տունն աներոջս նվերն է, այս ամառ կարգի է բերվել վերջնականորեն, և ես շատ ուրախ եմ, որ իմ սենյակը վարձում է մի ինտելիգենտ օրիորդ, հաճոյախոսեց նա, սաստիկ կարմրեց և գրկելով շեմքից չորեքթաթ ներս սողացող իր մանկիկին՝ համբույրներով ծածկեց նրա դեմքը և լայն ափի վրա բարձրացնելով մինչև առաստաղ, սկսեց շրջել սենյակում։

Ինձ թվաց, թե նա իր կյանքում առաջին անգամ էր, որ խոսեց մի օրիորդի հետ այդ լեզվով, գուցե կարդացածի տպավորության տակ կամ լավ տպավորություն թողնելու միտումով, չգիտեմ, սակայն նկատելի էր, որ նա զղջաց իսկույն, մոտեցավ մինչ այդ լուռ կանգնած կնոջը, նստեցրեց աթոռին և երեխան գրկած ինքն էլ նստեց նրա մոտ։

Ուրեմն ձեր քույրը կմաքրի սենյակը, դիմեց բարեկամուհիս տանտիրուհուն։

Քո՞ւյրը, երբեք, նա դեռ երեխա է, ինչպե՜ս կարելի է․․․

Միշենկա՛, ես ասացի որ․․․

Սպասիր, բաժանվեց տան տերը ու դարձավ մեզ։ Ձեր սենյակի վերաբերյալ բոլոր աշխատանքը կկատարի իմ բակում ապրող մի խեղճ կին, վարձատրել նրան որևէ կերպով ձեր ազատ կամքն է։ Իմ ընտանիքի անդամներից որևէ պարտականություն պահանջելը միանգամայն դուրս է իմ ցանկությունից։ Մենք թեև չունևոր մարդիկ ենք, բայց մինչև օրս ծառայած չենք մեկին, հայտնեց տան տերը և երեխան կնոջը հանձնելով, ազատ թափահարեց երկար մազերը ու սկսեց շրջել սենյակում, նորից մեծ հաճույք պատճառելով ինձ։

Մենք հրաժեշտ տվինք ու դուրս եկանք։

Մեծ եղավ մեր ուրախությունը, երբ նկատեցինք այնքան մոտ կանգնած տրամվայը։

Ուրեմն չարչարանքներս պսակվեցին հաջողությամբ, տրամվայն էլ մոտ է, ուրախ ասացի ես ներս մտնելով վագոն։

Կարո՞ղ ես ասել ում նման է իմ տանտերը, հարցրեց բարեկամուհիս՝ վիճելով կոնդուկտորի հետ նրա սխալ տված մանր փողի առթիվ։

Սովորական մալոռուսի։

Ո՛չ, կաթոլիկների Հիսուսին, միայն թե պետք է բավականին նիհարացնել ու ավելի երկարացնել մորուքը։

Ու քերել ձեռքի կոշտերը և մուրճի տեղ խաչ տալ ձեռքը։

Ես հորանջեցի։

Մի շաբաթից հետո բարեկամուհիս ինձ այցի եկավ։

Երևակայիր, հասարակ բանվոր է, իսկ խոսիր հետը՝ ինտելիգենտ մարդու տպավորություն է թողնում։

Ո՞վ։

Իմ տանտերը։

Հա՞․․․ իսկ դո՞ւ. նա հայտնած չի՞ իր կարծիքը քո մասին։

Դեռ ոչ, երեկ մի քիչ նեղացավ, հետո հաշտվեցինք։

Պատճա՞ռը։

Կիրակի օրը նա ինձ «Բանվորական տան» ներկայացման տոմսակ առաջարկեց, իսկ երբ ես հարցրի, թե քրտինքի հոտ չի՞ լինի այնտեղ, նա սաստիկ զայրացավ ու ինձ գիտե՞ս ինչ անվանեց։

Չգիտեմ։

Բուրժուական մեղկ մթնոլորտից․․․ և ուրիշ շատ կոմպլիմենտներ, ուրա՞խ ես։

Սաստիկ, տեղն է քեզ։

Իսկ ես ենթադրում էի, թե դեռ չեն վերացել նահապետական պարզությունները հասարակ ժողովրդի միջից։ Մեծ քաղաքում ավելի զգալի է, թե ինչպես աշխատավորը շեղվում է իր ճամփից և իր ձեռքն ընկած պատահած գրքի ընթերցումից կորցնում գլուխը:

Ասա, խնդրեմ, ո՞ր ճամփից։

Խոհեմության։

Միա՞յն, իսկ քիչ առաջ ասացիր, որ նա թողնում է ինտելիգենտ մարդու տպավորություն։

Աչքի առաջ ունենալով, որ նա սոսկ մի բանվոր դարբին է։

Դարձյալ վեճի բռնվեցինք և հոգնած անցանք հերթական նորությունների։

Բավական երկար ժամանակ ես լուր չունեի իմ բարեկամուհուց, չէր երևում։ Ինչ էլ որ լիներ, պարտադիր էր գնալ տեսնել։

Մի հարմար տոն օր ճամփա ընկա։

Դուռը բացեց կապուտաչյա աղջիկն ու ինձ տեսնելով իսկույն ներս վազեց։

Անցել էի առաջի սենյակից, երբ ներս մտավ տանտերը։

Ձեր ընկերուհին այլևս մեզ մոտ չի, ասաց նա բարևելով և հրավիրելով ինձ թեյի։

Ի՜նչ եք ասում, զարմացա ես։

Մեզ համար միս ու արյուն դարձած ճշմարտություններն, ասաց նա, անհասկանալի էին օրիորդի համար, իսկ նրանը՝ մեզ։ Ես առաջարկեցի նրան. ինչո՞ւ նեղվել ու վիճել աննյութ ամեն օր։ Նա սենյակ գտավ և ահա երեք օր է տեղափոխվել է։ Իսկ ես այլևս սենյակս վարձու տալ չեմ, ուզում եմ ազատ ապրել իմ տան մեջ։

Իսկ իմ բարեկամուհին ենթադրում էր գտնել նահապետականշ պարզությունը ձեր հարկի տակ, չկարողացա չասել ես։

Անհաջող ենթադրություն. նահապետների դարն անցել է, այժմ հարգվելու են նոր մարդու նոր իրավունքները․․․

Մենք բաժանվեցինք, ու մինչև օրս պատահելիս զրուցում ենք հին բարեկամների պես, ու նա չի մոռանում բաժանվելիս հարցնելու իմ բարեկամուհու մասին։

1904 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Markos and Markos
Tigran Hamasyan

Markos and Markos

The girl with an apple
The girl with an apple
Play Online