Nar-Dos

Տանտիրոջս աղջիկը

1

Ես հայ ուսուցիչ եմ։

Կարծեմ սրանով շատ բան ասացի, ասացի այն ամենը, ինչ որ հազար անգամ գրված է մեր լրագրերում հայ ուսուցչի մարտիրոսագրության մասին։

Մի չոր գլուխ էի։ Ներսիսյանի և ճեմարանի ավարտական վկայականները ծոցիս, ամբողջ հինգ տարի թափառեցի գավառները, մի տարի էլ պաշտոնավարեցի Պարսկաստանում և, մի քանի հարյուրներ թողնելով այս ու այն հոգաբարձության ձեռքին, վերջապես կարողացա ոտս Թիֆլիս գցել, մի բան, որ վաղուցվա տենչանքս էր։

Այն ժամանակ արդեն մոտ երեսուն տարեկան էի։

Օգոստոսի վերջն էր, ուսումնական տարվա սկզբի եռուզեռի օրերը։ Առայժմ գլխավոր հոգսս այն էր, որ մի հարմար բնակարան գտնեի։ Ընդունելության քննություններից հետո թրև էի գալիս այս ու այն փողոցը, աչքս տնկած տների դռներին ու պատուհաններին, որ գտնեմ վարձու սենյակ տալը հայտարարող թղթի փոքրիկ կտորներ։ Ուզում էի, որ բնակարանս մոտիկ լիներ ուսումնարանից, խաղաղ տեղ լիներ և թեյ ու ճաշ տային։ Բայց հակառակի պես եկա բռնեցի այնպիսի մի սենյակ, որ համ հեռու էր ուսումնարանից, համ սարսափելի աղմկալի տեղ (բակը լիքն էր երեխաներով), համ էլ ոչ թեյ և ոչ ճաշ խոստացան։ Բավականացան միայն հարկավոր «կահավորանքով»։ Այդ կահավորանքն էլ ինչ էր փայտոջիլներով լի մի կուշետկա, որի ոտները ծռմռվել և շարժվում էին տեղահան եղած փտած ատամների պես, մի սեղան, որի երեսի տախտակները տեղ-տեղ այրվել, սևացել և փոս էին ընկել, ըստ երևույթին, ծակ սամովարից թափված կրակներից, և երեք հատ վիեննական աթոռ, որոնցից մեկի ծղոտից գործած նստատեղն այնքան թուլացել և փոս էր ընկել, որ նստելիս կարծում էի, թե «գարշոկի» վրա եմ նստում։ Չմոռանամ գլխավորն էլ հիշել. սենյակիս վարձն այնքան թանկ էր, որ հետո, երբ արդեն ուշ էր, տեսա, որ բոլորովին չի բռնում բյուջեիս։ Մտածեցի առաջին ամիսը յոլա տանեմ, իսկ հետո երևի ավելի հարմար և ձեռնտու պայմաններով սենյակ կարող էի ճարել։ Մասամբ գոհ էի, որ ազատվել էի հյուրանոցում քաղաքավարի կողոպտվելուց։

Տանտերս հայ էր թիֆլիսեցի հայ։ Թիֆլիսեցի հայ ասելով ուզում եմ ասել Թիֆլիսում ծնված ու սնված այն հայի տիպարը, որին, օրինակի համար եմ ասում, եթե Ամերիկայում անգամ հարցնեին, թե որտեղացի է, կասեր՝ «քաղքցի», միանգամայն համոզված լինելով, որ ամերիկացին «քաղքցի» բառը «թիֆլիսեցի» կհասկանար։ Չար լեզուները պատմում էին, որ բազազ Սերգոն կամ, ինչպես անվանում էին նրան ոմանք, Սերգեյ Ավետիչը մեկ թե երկու անգամ «կուտր էր ընկել» (սնանկացել), բայց և այնպես (թե՞ հենց այդ պատճառով) բավական լավ էր ապրում կնոջ անվանը փոխադրած իր տան մեջ, որը լիքն էր կենողներով։

Կարճահասակ, տռուզ մարդ էր, ծայրերը սանրի տակ կարճ խուզած բեխերով և խիստ կանոնավոր կլորիկ գլխով, որի վրա մազերը, չնայելով հազիվ հիսուն տարիքին, բոլորովին սպիտակել էին։ «Քաղքցու» կապա էր հագնում երկար թևերով, որոնցից ձախը միշտ ծափ էր տալիս ծնկանը, իսկ աջը հանգչում էր ուսի վրա։ Սև ատլասի արխալուղի վրա աչքի էին ընկնում ոսկեզօծ արծաթյա նեղ գոտին և ծոցի գրպանի մեջ հանգչող ոսկի հաստ շղթան, որը սկսվում էր կզատակից և գոտուց էլ ներքև էր իջնում։

Այդ պարոնն առհասարակ աղա մարդու տպավորություն էր թողնում ինձ վրա թե՛ այն պատճառով, որ հագուստը շատ էր սազում, և թե նրա համար, որ մարդկանց հետ վարվել գիտեր և հարգանք ազգող դիրքի մեջ էր պահում իրեն։ Առավոտներն առանց «բարի լուս» և երեկոներն առանց «բարիգուն» ասելու չէր անցնում մոտովս, եթե հանդիպում էինք իրար։ Երբեմն էլ, երեկոները, հրավիրում էր ինձ պատշգամբում միասին թեյ «անուշ անելու» և նարդի գցելու կամ «աշխարքի բաներից» մասլահաթ անելու։ Շատ էր սիրում խոսել քաղաքականությունից և երբեմն ինձ զարմացնում էր նրա անսխալ ծանոթությունը քաղաքական անցքերին և անձերին։ Լեզուն Թիֆլիսի բարբառն էր, բայց ոչ զուտ Թիֆլիսի բարբառը, որն արդեն մեռնելու վրա է, այլ խառն գրական բազմաթիվ բառերով, հետևանք՝ մեր մտավոր-հասարակական կյանքի մեջ վերջին քսանամյակում կատարված զգալի փոփոխության։ Բայց և այնպես &Թիֆլիսի բարբառին հատուկ արտասանությունը գրական բառերն էլ ներկել էր իր որոշ գույնով։ Դեռևս այն ժամանակ, երբ Ներսիսյան դպրոցում որդեգիր աշակերտ էի, ճանաչում էի վանքի ավագ եկեղեցու թիֆլիսեցի մի զառամյալ ավագերեցի, որը ժամասացությունը Թիֆլիսի բարբառով էր կատարում։

Ընտանիքի մեջ գործածական լեզուն վրացերենն էր, թիֆլիսցի հայոց յուրահատուկ վրացերենը՝ աղճատված և ամեն ազգի բառերով խճողված։ Պատճառն անշուշտ կինն էր, որը վիրախոս էր։

Որքան տանտերս ակամա հարգանք էր ազդում ինձ իր ծանրաբարո և լրջամիտ բնավորությամբ, այնքան նրա կինը հենց սկզբից վանող տպավորություն գործեց ինձ վրա։ Անհամակրելի կին էր, կռվարար և թունդ էլ անեծքներ գիտեր։ Իզուր չէր, որ նրան գիժ-Կեկել էին անվանում ետևից։ Համարյա օր չէր պատահում, որ նա վերևից, իրենց պատշգամբից դեպի բակը խոնարհված, ամբողջ ժամերով չկռվեր այնտեղ, ներքևում ապրող կենող կանանց հետ և անեծքակոխ չաներ նրանց երեխաներին, որոնք խաղալիս ըստ երեխայական սովորության մի որևէ բան քանդում, փչացնում էին. ներքևից, իհարկե, անպատասխան չէին թողնում նրան, և ահա ամբողջ բակը սկսում էր զրնգալ կանանց ձայների այնպիսի մի երաժշտությամբ, որ ես ստիպված էի լինում դուռս ու պատուհանս փակել կամ թե պարզապես փախչել տանից՝ պարապմունքս կիսատ թողած։ Վախենում էի միջամտել, որովհետև գիժ-Կեկելն այդպիսի դեպքերում այն աստիճան գազազած էր լինում, որ ոչ միայն չէր լսի ինձ, այլև կարող էր վիրավորանք հասցնել միջամտությանս համար։ Իսկ ինձ ջղերը քայքայող հինգ-վեց ժամվա դպրոցական աշխատանքից հետո հանգիստ էր պետք։ Ուստի, համբերությունս որ հատավ, վճռեցի էլ չսպասեմ ամիսը վերջանալուն և գնամ ուրիշ մի խաղաղ տեղ բնակարան փնտրեմ ինձ համար։

Բայց...

2

Սեպտեմբերի վերջերին, երբ դեռ ժամանակ չէի գտել որոշումս իրագործելու, մի հիանալի երեկո տանտերս հրավիրել էր ինձ իր հետ թեյ «անուշ անելու»։ Դեպի բակը նայող պատշգամբում նստած, նոր էինք վերջացրել թեյը և շարունակում էինք մեր սովորական մասլահաթը քաղաքականությունից, մեկ էլ տեսնեմ տանտիրոջս երեխաները գլխապատառ ներս վազեցին բակը, ներքևից դիմելով հորը՝ ինչ֊որ ծվծվոց բարձրացրին ու նորի՛ց դուրս թռան փողոց։

Նույն րոպեին փողոցում կանգ առավ մի կառք և քիչ հետո բակի դռնից արագ ներս մտավ մի օրիորդ, ձեռքին ինչ-որ թղթի արկղեր, և սկսեց վերև վազել պատշգամբի սանդուխքով, նրա փեշերից բռնել և նրա հետ վազում էին երեխաները նույն ուրախական ճիչ ու ծղրտոցով։ Նրա ետևից բակը մտավ մի երիտասարդ՝ ամեն մի ձեռքին մի-մի ճամպրուկ։

Այդ միջոցին տանից դուրս վազեց տանտիրոջս կինը կավիքները ծափ տալով ծնոտներին և ամուսնու հետ ընդառաջ գնաց նորեկներին։ Բարևներ, համբույրներ, երեխանց ականջ խլացնող ուրախական ծղրտոց, վազվզող մի խոսքով մի կատարյալ Սոդոմ-Գոմոր։ Տանտերս ուրախությունից, ըստ երևույթին, մոռացավ ինձ, իսկ նորեկները բավականացան միայն մի թռուցիկ հարցական հայացք ձգելով ինձ վրա, իբրև օտար և անծանոթ մի անձի վրա, որին նոր էին տեսնում իրենց տանը։ Ընտանեկան ուրախության այդ ժխորի մեջ փասափուսես հավաքեցի և քաշվեցի սենյակս, որը տանտիրոջս բնակարանին կից ամենավերջին սենյակն էր, պատշգամբի ծայրին, այնտեղ՝ ուր բարձրանում էր սանդուխքը։

Նորեկներից երիտասարդը, ինչպես հետո իմացա, տանտիրոջս մեծ տղան էր, իսկ օրիորդը աղջիկը։ Այդ ամառ նրանք Կովկասյան հանքային ջրերն էին եղել գնացած և այդ երեկո այնտեղից էին վերադառնում։

Տանտիրոջս այդ մեծ տղան, չնայելով իր դեռևս շատ ջահել հասակին (հազիվ 23 24 տարեկան), արդեն ավարտել էր բժշկական ֆակուլտետը և եկել էր տանը պատրաստվելու պետական քննությունների համար։ Նիհար տղա էր, դեղնավուն, հիվանդոտ դեմքով և խոհուն, իր տարիքին անհամապատասխան լուրջ հայացքով, հանգիստ շարժումներով, բայց՝ ըստ երևույթին, բավական ջղային և հանկարծ բորբոքվող, որի մասին վկայում էր նրա երբեմն-երբեմն ցնցվող գլուխը։

Ընդհակառակն, նրա քույրը տեղն ու տեղը կրակ էր կրակ շարժումների մեջ, կրակ քայլվածքի մեջ, կրակ խոսակցության մեջ։ Ուրախ ժամանակ ծիծաղում էր անդադար, ծիծաղում սրտանց, հազը բռնելու չափ, իսկ լուրջ ժամանակ ժպիտը անպակաս էր նրա դեմքից, մի ժպիտ, որը հիանալի մատնեհարներ էր գոյացնում նրա թշերի վրա։ Սիրում էի սենյակից ականջ դնել նրա թրթռուն, վարակիչ ծիծաղի ելևէջներին, նրա կրծքային ձայնին։ Տասնյոթ կամ տասնութ տարեկան էր, միջակից մի քիչ բարձր հասակով, փոքր-ինչ անկանոն կազմվածքով և, ըստ երևույթին, միանգամայն անտարբեր դեպի կանացի արդուզարդն ու պճնանքը։ Արևելյան գեղեցկության մի ուրույն տիպար էր պինդ դեղձի նման թուխ ու թավուտ դեմքով և վերին շրթունքի վրա փայլուն սև աղվամազով։ Զարմանալի սև ու փայլուն էին մազերը և այնքան առատ ու երկայն, որ երբ հյուսում էր մի գիսակի մեջ, գիսակի ծայրը համարյա մինչև կրունկներն էր հասնում։ Մի տարի էր, որ ավարտել էր գիմնազիոնի հինգերորդ դասարանը և, ինչպես իմացա, մայրն այլևս չէր թողել, որ շարունակի ուսումը, ասելով, որ աղջկան այդքան էլ բավական է և այժմ պետք է «մարդու գնալ»։ Գործածական լեզուն եղբոր հետ ռուսերենն էր, իսկ ծնողների և երեխաների հետ վրացերենը։ Ուզում էի, որ անունը, կրակոտ աչքերի համար, Հրաչյա լիներ, բայց բանից դուրս եկավ, որ Քալի էր (վրացերեն քալի նշանակում է աղջիկ)։ Տան մեջ այդ անունն աշխատում էին ամեն կերպ նվազական ու բարեհնչյուն դարձնել։ Քալին դառնում էր մերթ Քալո, մերթ Քալինկա, մերթ Քալյա, բայց և այնպես ես այդ բարեփոխած անուններից էլ ոչ մեկի հետ չէի հաշտվում և շարունակում էի մտքումս նրան Հրաչյա անվանել։

Ի դեպ, երևելի էր տանտիրոջս բժշկացու տղայի անունը. քույրը նրան կոչում էր Սաշա, մայրը Ալեքսանդր, հայրը Սանդրո, մի պառավ կին, որ երևի «մամիդա», կամ «դիդիդեդա», կամ «դեդիդա» կլիներ և որը ամիսը մի քանի անգամ հյուր էր գալիս նրանց տուն, Ալեքսի էր անվանում, իսկ հաճախ նրանց այցելող իր ուսանող ընկերներից մեկն էլ Ալյոշա էր կոչում։

Քալին իսկական «տանու աղջիկ» էր, ինչպես ասում են թիֆլիսցիք. առավոտից մինչև երեկո նրա ձեռքերն ու ոտները հանգիստ չէին. ավլում էր, թափ տալիս, կարում, լվանում, արդուկում, պահում մոր ծծկեր երեխային (տանտերս, չնայելով իր մոտ հիսուն տարիքին, այդպիսին էլ ուներ) և այդ բոլորը հարատև ծիծաղով ու աղմուկով։ Իսկ երբ այդ գործերից ազատ էր լինում, նրան տեսնում էի բակի կենողներից սրա կամ նրա դռանը եռանդով զրույց անելիս կամ իր բազմաթիվ ընկերուհիների հետ, որոնք գրեթե ամեն օր այցելում էին նրան և, ինչպես երևում էր, շատ էին սիրում։ Հասկանում էի, թե նրա ինչն էր գրավում ամենքին. գրավում էր, ամենից առաջ, նրա մշտածիծաղ, վերին աստիճանի համակրելի դեմքը, նրա ուրախ բնավորությունը, բաց, բարի սիրտը, անհանգիստ շատախոսությունը և, մանավանդ, պարզությունը, որ շատ անգամ ուղղակի երեխայական միամտության էր հասնում։ Զարմանում էի, թե մի՞թե նա իր կռվարար մոր աղջիկն է։

Որ ասեմ՝ թե նա ինձ վրա մի առանձին ուշադրություն էր դարձնում ամենևին․այնպես, կնայեր կանցներ։ Բայց ես ոչ միայն, ակամա, ուշադրություն էի դարձնում նրա վրա, այլև հետևում էի նրա ամեն մի քայլափոխին այնպիսի համառությամբ, որ կարծես լրտես էին կարգել ինձ նրա վրա. գիտեի ո՛ր ժամին, ո՛ր րոպեին որտեղ է, ինչ է շինում, ուր է գնում. դասերից հետո, որ տուն էի գալիս, բակի դռնից դեռ ներս չմտած, ականջներս սրում էի, որ լսեմ նրա ձայնը։ Մանավանդ շատ էի սիրում լուսամուտիս միջից գողունի կերպով նայել նրան, երբ նա, պատշգամբում կանգնած, սովորաբար երկու ձեռքով կախ էր ընկնում պատշգամբի սյուներից միշտ կապված լվացքի թոկից, և ետ ու առաջ ճոճվելով ծիծեռնակի պես, ճռվողում էր՝ ընկերուհիների հետ ուրախ զրույցի բռնված։

Ես երեխա չէի, իհարկե, շատ լավ հասկանում էի, թե ինչ էր նշանակում իմ այս համառ գողունի հետամտությունը ու որքան էլ այդ մի տեսակ անվայել բան էի համարում, այնուամենայնիվ, խոհեմությունս միշտ տեղի էր տալիս մի, առայժմ անորոշ, զգացումի, որը, հակառակ կամքիս, օրը օրին պաշարում էր ինձ։

Այդ զգացման ազդեցության տակ բնակարանս փոխելու որոշմանս իրագործումն էլ հետին գծի վրա էր քաշվել։

3

Իմ ու Քալիի ծանոթությանը սկիզբ դրվեց հետևյալ պարագաներում։

Մի երեկո տանտիրոջս ծառան մտավ ինձ մոտ և ասաց, որ տանտերս խնդրում է իր մոտ գնամ։

Գնացի։

Հյուրասենյակի դուռն ահագին աղմուկով բաց արեց Քալին։

Пожалуйте, ասաց մշտական ժպիտը դեմքին և, ներս թողնելով ինձ, իսկույն թռավ դեպի հարևան սենյակի դուռը։ Պա՛պա, մովիդա (հայրիկ, եկավ)։

Ներս մտավ տանտերս իր մշտական սև ատլասի արխալուղով և քահրուբարի ահագին հատիկներով տեր-ողորմյան ձեռքին։

Նստեցինք։

Քալին նստեց մեզնից հեռու և սկսեց նայել ինձ այնպիսի հետաքրքրությամբ, որ կարծես առաջին անգամն էր տեսնում։ Հայացքն այնքան համառ էր, որ չէի համարձակվում նայել նրա կողմը, բայց շատ հանգիստ էի պահում ինձ և ուշադիր լսում, թե ինչ է ասում տանտերս։

Իմացա, որ ուզում էր իր հինգ թե վեց զավակներից մեկին տերտեր շինի և ինձ կանչել էր, որ այդ ապագա տերտերին պատրաստեմ «Վանքի շկոլը» մտցնելու։ Շատ գործնական մարդ էր Սերգեյ Ավետիչը. տղաներից մեկին «դոխտուր» էր շինել, մյուսին ուզում էր «ինջիներ» շինել, երրորդին տերտեր, չորրորդին անպատճառ «ադվակատ», հինգերորդին և վեցերորդին չգիտեմ ինչ, բայց ոչ մեկին վարժապետ։ Եվ շատ էլ լավ կաներ։ Ինչի՞ էր պետք քաղցած վարժապեաը։

«Ամենայն սիրով» հանձն առա պարապելու տերտերացուի հետ։ Քույրը մոր ուղեկցությամբ ներս բերեց տղային ինձ ցույց տալու։ Բան չասացին, թե որքան կվճարեն, ես էլ ամաչեցի այդ մասին խոսք բաց անեմ։ Ուրախացած մտածում էի. «Եթե այնպես լինի, որ սենյակիս համար վարձ չառնեն և ամսական մի քանի ռուբլի տան...»։

Հետևյալ օրվանից սկսեցի պարապմունքը։ Հաստագլուխ եմ ասում է՜, իս՛կը տերտերացու։ Հայերեն որ ասես բան չէր իմ անում. ռուսերենին համեմատաբար վարժ էր, բայց և այնպես վռնդել էին գիմնազիոնի առաջին դասարանից, որովհետև մնացել էր երկրորդ տարին։

Շատ շուտով տեսա, որ գլուխս քարովն էի տվել, հանձն առնելով այդ բթամիտ տղայի հետ պարապելու տաժանակիր աշխատանքը։ Բայց կարո՞ղ էի մերժել...

Հայերենը քիչ էր մնում այբուբենից սկսեի։ Հոգիս դուրս էր գալիս և չէի կարողանում բառի վերջն ը արտասանել տալ. ասում էի՝ ասա բ, ասում էր. ասում էի՝ ասա «գիրքը բեր», ասում էր «գիրք բեր»։ Երբեմն այնպես ջղայնանում էի, որ քիչ էր մնում գիրքը գլխովը տամ։

Մի երեկո, երբ պարապում էի աշակերտիս հետ, սենյակիս դուռը բացվեց, և ներս մտավ Քալին։

Ներեցեք, ասաց ռուսերեն, իր հրաշալի ժպիտը դեմքին, թո՞ւյլ կտաք ներկա լինեմ ձեր պարապմունքներին։

Խնդրեմ, ասացի այդ անակնկալից մի քիչ շփոթված և, վեր կենալով, աթոռս առաջարկեցի նրան։

Նստեց, նստեց այնպիսի արագությամբ, որ, կարծես, աթոռը նախքան նստելը դուրս պիտի քաշեին տակից։ Զարմանալի կենսունակ, շարժուն աղջիկ էր։

Ես շատ եմ հետաքրքրվում, թե ինչպես է պարապում եղբայրս։ Անշուշտ շատ է տանջում ձեզ, չէ՞։

Ես միայն ժպտացի և գլխով դրական շարժում արի։

Ես այդպես էլ գիտեի։ Այս անպիտանը... Ա՜խ, դուք կանգնա՞ծ մնացիք, հանկարծ բացականչեց նա, վեր թռավ և սկսեց աչքը ման ածել սենյակի չորս կողմը։

Ես շտապեցի դեպի նստատեղը փոս ընկած աթոռը, որը ձգել էի մի անկյուն և չէի գործածում իր անպետքության պատճառով, մոտ բերի, բայց չնստեցի, վախենալով ծիծաղելի դրության մեջ ընկնեմ։

Այդ նկատեց նա։

Ո՞վ է տվել ձեզ այդ աթոռը, ասաց։ Այդ ի՞նչ խայտառակություն է։ Տվեք տանեմ փոխեմ։ Իր աթոռն ինձ տվեց, անպետքը դուրս տարավ և, երկու րոպե չանցած, ներս բերեց մի նորը, որի վրա կարելի էր համարձակ նստել։

Այժմ կարող եք շարունակել, ասաց։ Ես ձեզ չեմ խանգարի։

Ու զարմանալի սուսուփուս նստեց։

Դասի կեսը պատմել վերջացրել էի նրա մտնելուց առաջ և այժմ, փոխանակ շարունակելու, չգիտեմ ինչու, սկսեցի սկզբից։ Բայց այդ սկիզբն սկսել էի անվստահ կերպով, բառերն արտասանելիս դանդաղում էի, լեզուս, կարծես, կապ էր ընկնում, կարծես այդ անպիտան աղջիկն եկել նստել էր դիմացս ոչ թե նրա համար, որ տեսնի, թե ինչպես է սովորում եղբայրը, այլ նրա համար, որ ստուգի, թե ինչպես եմ պարապում, ի՞նչ գիտեմ ես։ Բայց հետո, մի քիչ որ վարժվեցի նրա ներկայությանը, կամաց-կամաց սիրտ առա և հետզհետե ոգևորվեցի ոգի ու շունչ տվող այն քաղցր ու քնքուշ զգացման ազդեցության տակ, որ ներշնչել էր ինձ այդ աղջիկն հենց սկզբից և որն այժմ սկսեց ուժգին թափով ջերմացնել սիրտս նրա մոտիկության շնորհիվ։

Դասախոսությանս ժամանակ առերևույթս եղբոր հետ էի, բայց ամբողջ ուշք ու միտքս քրոջ կողմն էր։ Թեև չէի նայում նրան, բայց զգում էի, որ նա մոռացել է, թե ինչի համար է եկել, և լսում է ինձ իբրև ջանասեր, հետաքրքրվող աշակերտուհի։ Այդ հայտնագործությունը թեև շատ էլ անսպասելի չէր ինձ համար, բայց և այնպես ես ավելի ոգևորվեցի դրանից։ Մեր դերերը փոխվել էին. նա ընկճել էր ինձ (այդպես էի կարծում), ես անձնավստահ էի դարձել։ Ոգևորությանս մեջ, կարծեմ, այնպիսի մանրամասնությունների մեջ մտա, որ խեղճ տերտերացու աշակերտս իհարկե ոչինչ չէր կարող հասկանալ։ Հոգսս էլ չէր. այդ րոպեին ոչ թե նրա համար էի դասախոսում, այլ քրոջ համար, որը իր կրակ թափող համառ հայացքով, իր ամբողջ էությամբ մարմնացած հետաքրքրություն էր դարձած։ Դասախոսությանս ժամանակ չկարողացա դիմանալ և մի քանի անգամ նայեցի նրան։ Գրո՜ղը տանի, ի՜նչ հրաշալի, ի՜նչ պաշտելի աչքեր... Ի՜նչպես կուզեի վրա ընկնել, համբույրներով ծածկել այդ աչքերը և կլանել նրանց արձակած կայծերը՝ այդ կայծերից վառվելու համար...

Ինչքան լա՜վ պատմեցիք, երեխայական պարզամտությամբ բացականչեց նա, երբ վերջացրի։ Գիտե՞ք, ավելացրեց իսկույն մի տեսակ տխրությամբ, ես հայերեն լավ չգիտեմ, որովհետև մեր տանը հայերեն ոչ ոք չի խոսում, հորս խոսածն էլ ի՛նչ հայերեն է։ Դրա համար եմ ձեզ հետ ռուսերեն խոսում։ Բայց հավատացնում եմ ձեզ, բոլորը հասկացա՝ ինչ որ պատմեցիք, որովհետև նյութն ինձ ծանոթ է, թեև շատ բան մոռացել եմ։

Իսկ ձեր մեծ եղբայրը հայերեն գիտե՞, հետաքրքրվեցի ես։

Խոսե՞լ, թե կարդալ։

Խոսել էլ, կարդալ էլ։

Խոսել, ինձանից լավ է խոսում, բայց կարդալ, երևի բոլորովին մոռացած կլինի։ Հարցնե՞մ։

Չէ, ի՞նչ հարկ կա հարցնելու, ծիծաղեցի ես նրա միամտության վրա, ես հարցրի հենց այնպես։ Բայց հետաքրքրական է, դո՞ւք ինչպես եք կարդում հայերեն։ Կարդալ գիտեք, չէ՞։

Ինչպես չէ։ Ուզո՞ւմ եք կարդամ։

Խնդրեմ։

Վերցրի եղբոր հայերեն դասագիրքը, բաց արի առաջին պատահած հատվածը և դրի առջևը։

Գլուխը ցածր խոնարհեց գրքի վրա կարճատեսի նման և սկսեց կարդալ։ Մի րոպե ուշադրությունս գրավեցին նրա սևաթույր առատ մազերը, որոնք գլխի ամեն մի շարժումի հետ պեծին-պեծին էին տալիս ճրագի լույսի տակ։

Որքան էլ որ թերահավատ էի նրա հայերենագիտության մասին, այնուամենայնիվ նրա կարդալը միանգամայն հիասթափեցրեց ինձ. կարդում էր մատը տողերի վրա շարժելով, հեգելով, վանկ-վանկ, արտասանությունը ռուսերեն էր, բառի վերջը ը չկար, չկար ու չկար։ Հազիվ մի հինգ-վեց տող կարդացած, գլուխը բարձրացրեց և նայեց ինձ այնպիսի մի խղճալի հայացքով, որից երևում էր, թե ինքն ևս հիասթափված էր իր կարդալու կարողությունից։

Վատ կարդացի, չէ՞, հարցրեց մի տեսակ ամաչկոտ հուսահատությամբ։

Եղբայրը, որ նրա կարդալու միջոցին, ինձնից քաշվելով, հազիվ էր զսպում ծիծաղը, այժմ հանկարծ փռթկացրեց։

Քույրը հանկարծական զայրույթով գիրքը թռցրեց սեղանից և խփեց նրա գլխին։

Ի՞նչ ես ծիծաղում, զզվելի։ Ինձնից լա՞վ ես կարդում։

Իհարկե լավ եմ կարդում, ջգրացրեց նրան եղբայրը, շարունակելով ծիծաղել։

Լռի՛ր, անպիտան։ Ես գիտեմ, որ դու դասդ երբեք չես սովորում, որ սովորեիր, չէին դուրս անի գիմնազիոնից։

Եղբայրն, իմ լռությունից սիրտ առած, ուզում էր հակաճառել, բայց քույրը չթողեց բերանը բաց անի.

Լռի՛ր, լռի՛ր, դեռ ուզում ես խոսե՞լ։ Դու միշտ բթամիտ ես եղել, բթամիտ էլ կմնաս։

Բայց և այնպես, հայերեն քեզնից լավ եմ կարդում, շարունակեց ջգրացնել եղբայրը։

Քույրը զայրացած դիմեց ինձ.

Սա ի՞նչ հանդգնություն է, պարոն։ Մի՞թե այս զզվելին իսկապես լավ է կարդում ինձնից։

Դուք երկուսդ էլ վատ եք կարդում, ծիծաղեցի ես։ Ձեր կարդացածը հայերեն չէ, այլ աստված գիտե ինչերեն։ Ես զարմանում եմ, ինչո՞ւ չեք կարողանում ը արտասանել բառի վերջը, մի՞թե այդքան դժվար է։

Որովհետև ը ոչ վրացերենում կա, ոչ էլ ռուսերենում, նկատեց քույրը։

Լավ, ի՞նչ անենք որ չկա, բայց արտասանել խո կարելի է։ Պետք է միայն վարժվել։

Ինչպե՞ս վարժվեմ։

Խոսելով։ Պետք է շարունակ խոսեք հայերեն։

Որ ամաչում ե՞մ։

Ա՛յ քեզ բան, մարդ խոսելուց էլ ամաչի՞։ Այ, ես ձեզնից լավ չգիտեմ ռուսերեն, բայց խոսում եմ, և գիտեմ, որ սխալներ եմ անում, բայց չեմ ամաչում։

Ես ախր գրել էլ չգիտեմ հայերեն, այսինքն համարյա թե չգիտեմ։

Հանկարծ գլխումս մի միտք ծագեց ինքնաբերաբար։

Ուզո՞ւմ եք, ասացի, ձեզ հետ պարապեմ հայերենից։

Մի րոպե տարակուսանքով նայեց աչքերիս։

Հետո, այդ դժվար չի՞ լինի ձեզ համար, համ ինձ հետ, համ եղբորս...

Դժվար կլինի թե հեշտ, այդ թողեք ես գիտենամ, դուք միայն ասացեք, ուզո՞ւմ եք։

Ուզո՜ւմ եմ... ինչպե՞ս թե ուզում եմ... իհարկե ուզում եմ, բացականչեց նա ուրախությունից վառված աչքերով։ Ես այդ ինքս էի ուզում խնդրել ձեզ, որովհետև իսկապես ամոթ է, որ ես հայերեն ոչ կարգին խոսել գիտեմ, ոչ կարդալ և ոչ գրել։

Շատ բարի, մենք հենց վաղվանից կսկսենք, ասացի ես արտաքին հանգստության տակ ծածկելով ներքին բուռն ուրախությունս, որ այսուհետև ամեն օր տեսնելու եմ նրան իմ սենյակում, զգալու եմ նրա ներկայսւթյունը ինձ մոտ։

4

Բայց հետևյալ օրը ահա թե ինչ պատահեց։

Դպրոցում պարապմունքներս վերջացնելուց հետո, ճաշարանում ճաշել և նոր էի վերադարձել տուն, որ մի քիչ հանգստանամ և երեկոյան սկսեմ պարապմունքս Քալիի հետ։ Պառկած տեղս քնով էի անցել։ Մեկ էլ հանկարծ զարթնեցի ինչ-որ տարօրինակ աղմուկից։ Դուրս գնացի պատշգամբ։ Աղմուկը բակումն էր։ Բոլոր կենողները դուրս էին թափվել, տղամարդ չկար մեջները. բոլորը կանայք, աղջիկներ և երեխաներ։ Ամենքը խոսում, բղավում էին միանգամից։ Ոչինչ չէր հասկացվում այդ ժխորի մեջ։ Դիմացի բակում գտնվող ամենավերջին սենյակի լուսամուտի առջև մի խումբ երեխաներ և կանայք իրար գլխի թափված ներս էին նայում։ Այդ սենյակից լսվում էին երեխաների ծվոց ու ծղրտոցներ, որոնք միախառնվելով դրսի կանանց ու երեխաների աղմուկի հետ, փշաքաղում էին մարդու մազերն իրենց ահարկու տարօրինակությամբ։ Չհամբերեցի՝ գոռացի.

Ի՞նչ է պատահել։

Լուսամուտի առջև խռնված կանանց և երեխաների միջից մեկը դուրս թռավ և, դիմելով ինձ, առաջ վազեց։ Քալին էր։

Ի սեր աստծու, օգնեցե՛ք, աղաղակեց ներքևից, սարսափահար, աղերսալի աչքերով նայելով ինձ։

Ներքև վազեցի։

Ի՞նչ է պատահել, նորից հարցրի։

Սպանեց, շո՛ւտ, ասաց միայն սարսափից հևալով և տարավ ցույց տվեց այն սենյակի դուռը, որտեղից լսվում էին երեխաների ծվոցներն ու ծղրտոցները։

Բռնեցի դռան փականքից և հրեցի, բաց չեղավ, փակված էր ներսից։ Սկսեցի շարժել, որ տեղահան անեմ, դարձյալ անօգուտ։ Այն ժամանակ ձեռքերիս և ոտներիս մկաններն իրենք իրենց լարվեցին այնպիսի մի կատաղի ուժով, որ մի րոպեից ինչ-որ ճայթեց, դուռը մեկեն բացվեց շրխկալով ու ուժիս իներցիան ներս նետեց ինձ սենյակը։

Այդ կիսամութ սենյակում աչքերիս առջև ներկայացավ հետևյալ տեսարանը։ Բրդոտ երեսով և կարմիր, ուռած քթով մի տղամարդ մի կնոջ (ինչպես հետո իմացա, իր կնոջ) մազերից բռնած՝ խելագարի կատաղությամբ քարշ էր տալիս այս պատից այն պատը, այս անկյունից այն անկյունը: Կինը երկու ձեռքով պինդ բռնել էր իր մազերից և իր կողմն էր քաշում, որ մարդու ձեռքերի թափը թուլացնի, բայց չէր հաջողվում, և ծալվող ծկներով, համարյա լուռ մղկտալով վազում էր, նայելով թե գազազած մարդը որ կողմն էր քարշ տալիս նրան մազերից բռնած։ Երեք մանրիկ երեխա բարձրացել էին թախտը, գայլ տեսած գառների նման կուչ էին եկել իրար մոտ պատին կպած և ծվում էին։ Կինը չկարողացավ դիմանալ ոտի վրա և երեսն ի վայր փռվեց գետին: Մարդն այժմ թողեց նրա մազերը և սկսեց աքացի տալ պատահած տեղը։ Այդ գազանը գրեթե ձայն չէր հանում, միայն ծանր շնչում և փնչացնում էր կատաղած գոմշի նման, երևի հոգնելուց։

Արյունն աչքերս առավ։ Առաջ վազեցի, ետևից բռնեցի նրա սյուրտուկի կեղտից սևացած պլպլացող օձիքից, և բոլոր ուժովս ետ հրեցի։ Չեմ իմանում ինչպես պատահեց, մեկ էլ տեսնեմ այդ ահագին մարդը երեսն ի վեր փռված է հատակին, կնոջ կողքին։ Այժմ ես սկսեցի քացի տալ նրան։ Պետք է որ շատ մազալու տեսարան լիներ։ Սկզբում, երևի հանկարծակիի եկած, չէր շարժվում տեղից, ոչ մի դիմադրություն ցույց չէր տալիս, չէր աշխատում տեղից վեր կենալ, կարծես չէր էլ զգում աքացիներիս հարվածները, որ, պետք է ասած, բավական անողորմաբար էի տալիս։ Նա միայն, իր ահագին մարմնով հատակի վրա երկարումեկ ձգված, նայում էր ինձ զարմանք արտահայտող ուռած-կարմրած աչքերով, կարծես հարցնում էր. «Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում»։ Բայց հանկարծ, կարծես նոր ուշքի գալով, մի ուժգին շարժում գործեց և նստեց, որ վեր թռչի։ Ու մինչ ահագին մարմինը կշարժեր տեղից, ես վրա ընկա, նորից պառկեցրի, չոքեցի և բռնեցի կոկորդից: Երևի շատ պինդ էի հուպ տալիս, որ նա բերանը բաց էր արել, ցույց տալով իր դեղնած փտած ատամները, աչքերը չռել էր, արյունով լցված զզվելի սպիտակուցները դեմքիս հառած, և մարմինն էլ մի տեսակ խլպլտում էր տակս։

Այժմ մութ կերպով հիշում եմ, որ սենյակը լցվել էր մարդկանցով. դրանք, երևի, բակի կանայք ու երեխաներն և փողոցով անցնող պատահական մարդիկ էին, որոնք ներս էին թափվել «թամաշա» անելու։ Չորս կողմս դժոխային ղժվժոց էր ընկել։

Ուշքի եկա այն ժամանակ, երբ մեկը վրա ընկավ, բռնեց երկու ձեռքիցս և բոլոր ուժով քաշելով վեր կացրեց ինձ այդ թշվառականի վրայից։ Տանտերս էր։

Գժվի՜ լ իս, ինչ է, խո խեղդեցիր, ասաց։

Բան չկարողացա արտասանել. սաստիկ հոգնել և դժվարությամբ էի շունչ քաշում։

Այդ րոպեին հոր կողքին տեսա Քալիին լուռ, գունատ, սարսափահար ինձ նայելիս։

Տանտերս բռնեց թևիցս ու դուրս տարավ։

Բայց հազիվ ոտս դուրս էի դրել շեմքից, մեկ էլ հանկարծ ներսը հավաքված ամբոխի մեջ կանանց ու երեխանց մի սոսկալի ծղրտոց բարձրացավ և գրեթե նույն րոպեին ինչ-որ մի տրաքոց զգացի ծոծրակիս վրա։ Ականջներիս մեջ մի սուր ծվոց լսեցի, կարծես մոտս թնդանոթ արձակեցին, աչքերս նախ պեծին-պեծին տվին, հետո հանկարծ մթնեցին, գետինը թռավ ոտներիս տակից և... այնուհետև թե ինչ պատահեց չիմացա։

Ուշքի որ եկա, տեսա պառկած եմ սենյակումս, մահճակալիս վրա։ Մոտս աթոռի վրա նստած էր տանտիրոջս բժշկացու տղան՝ սառը, լուրջ դեմքով։ Շատ զարմացա, նա երբեք սենյակս չէր մտել. այնպես առանձնացած էր պահում իրեն, որ նույնիսկ չէինք ծանոթացել իրար հետ։ Նրա մոտ անհանգստություն արտահայտող դեմքերով կանգնած էին տանտերս և նրա կինը։ Աչքերս բանալուն պես մի թույլ, ուրախական ճիչ լսեցի գլխիս վերևը։ Բժշկացուն սաստող աչքերով արագ նայեց վերև և ասաց «что ты!». իսկապես ա՛յդ ճիչն էր, որ ինձ ուշքի բերեց։ Աչքերս գցեցի գլխավերևս, որ տեսնեմ, ով էր, ոչ ոքի չտեսա։ Հետո փոխեփոխ նայեցի բժշկացուի, նրա հոր, նրա մոր աչքերին և հարցրի.

Ի՞նչ է պատահել։

Ոչինչ, ասաց բժշկացուն շատ հանգիստ կերպով։ Խնդրեմ հանգիստ մնացեք, չշարժվեք և մի խոսեք։

Ինչո՞ւ։

Գլխիդ ցավ չե՞ք զգում, ծոծրակի վրա։

Ծոծրակ որ ասաց, իսկույն ամեն բան հիշեցի և խիստ վախեցա։ Նոր զգացի, որ ծոծրակս սաստիկ ցավում է։ Հետո տեսա գլուխս պինդ փաթաթել են մարլիով, այնպես պինդ, որ ճակատիս մաշկը չէի կարողանում շարժել։ Յոդաֆորմի հոտը բռնել էր սենյակս։ Փորձեցի վեր կենամ դրությունս ստուգելու համար, բայց որ գլուխս մի քիչ բարձրացրի, իսկույն էլ ցած գցեցի այնքան ծանր էր և անտանելի ցավեր զգացի. կարծես գանգս դատարկել էին և մեջն արճիճ լցրել։

Տեսնում եք, ասացի չշարժվեք, ասաց բժշկացուն իր մշտական հանգիստ ձայնով։ Ձեզանից շատ արյուն է գնացել, դուք թույլ եք, ձեզ անպայման հանգիստ է պետք։

Բայց ես խիստ հետաքրքրվում էի իմանալ ո՛վ խփեց ինձ և ի՛նչպես եղավ, որ ուշաթափվեցի։ Այդ մասին ինձ համառոտակի պատմեց տանտերս։ Երբ թևիցս բռնած՝ նա դուրս էր տանում ինձ այդ գազան մարդու սենյակից, վերջինս հանկարծ վեր էր թռել տեղից, հայտնի չէ որտեղից մի հաստագլուխ փայտ էր առել, վազել ետևիցս ու թրըխկ գլուխս ճղել։

Օ՜, Սաշա, որ տեսնեիր ինչքան սարսափելի էր նա այդ րոպեին, լսեցի գլխավերևս Քալիի ձայնը։

Նոր իմացա, որ աչքերս բացած րոպեին նա էր ուրախական ճիչ արձակողը։ Ուրեմն նա էլ էր ինձ մոտ... Բայց ես դարձյալ չէի տեսնում նրան։

Իսկ ուշաթափվել էիք նրա համար, որ գլխին հասցրած դագանակի այնպիսի հարվածից մարդ կարող է մինչև անգամ տեղն ու տեղը մեռնել, հոր պատմածին ավելացրեց նրա բժշկացու որդին։

Այստեղ տանտիրոջս կինն ինչ-որ ասաց մարդուն իր վրացերենով։ Մարդն, ըստ երևույթին, հավանության տվեց նրա ասածին և դարձավ ինձ.

Հա բա՛ս. վուր լավնաս, մատաղ պիտիս անի, թե չէ հանաք քան չգիտենաս։ Ասենք, էն պիանիցն էլ հեշտ չի պրծնի, ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է այդ «պիանիցին», նրան իսկույն ոստիկանատուն էին քարշ տվել։

Որպեսզի չհոգնեցնեն ինձ, բժշկացուն հորը, մորն ու քրոջը պատվիրեց, որ դուրս գնան, ինքն էլ շուտով հետևեց նրանց, նախապես պատվիրելով, որ կարելույն չափ չշարժվեմ և աշխատեմ քնել։

Ծոծրակիս ցավը հետզհետե սաստկանում էր։ Ցավն երբեմն այնպես էր շամփրում, որ շրթունքներս կծոտում էի չգոռալու համար։ Պառկած էի շորերով. մինչև անգամ կոշիկներս հագիս էր։ Ուզում էի վեր կենամ հանվելու, բայց բժշկացուի պատվերը հիշելով, վախենում էի տեղիցս շարժվեմ։ Բարեբախտաբար բժշկացուն նորից մտավ այս անգամ իրենց ծառայի հետ և նրա օգնությամբ հանեց կոշիկներս ու շորերս, գրեթե առանց տեղիցս վեր կացնելու։ Անհուն երախտագիտությամբ սեղմեցի այդ բարի երիտասարդի ձեռքը։

Հինգ րոպեից դարձյալ մենակ էի սենյակիս մեջ։ Գրասեղանիս վրա, ուղղակի աչքերիս դիմաց, վառվում էր լամպը։ Չգիտեմ ով էր վառել, միայն ինձ թվում էր, թե պատրույգն այնքան շատ էին բարձրացրել, որ սենյակս լցվել էր խեղդող ծխով. բացի դրանից, լամպի լույսը տարօրինակ կերպով ծակում էր աչքերս, մինչև անգամ այն ժամանակ, երբ փակում էի աչքերս։

Ծոծրակիս ցավը տանջում էր անողորմաբար, երբեմն ցավը չգիտեմ մեղմանում էր, թե ընդհակառակն, իր ծայրահեղ սաստկությամբ բթացնում զգացողությունս, միայն այդ րոպեներին համեմատաբար հանգիստ էի զգում ինձ և չգիտեմ քունս էր տանում, թե մի տեսակ թմբիր էր գալիս վրաս։

Շատ թունդ տենդ էր պատել ինձ, և այդ տենդի մեջ կամաց-կամաց ինքնամոռացության մեջ էի ընկել։

Գիշերվա մի ժամին աչքս բաց արի և, կարծես երազիս մեջ, տեսա մահճակալիս մոտ ով-որ նստած է, ով էր, հաշիվ չտվի ինձ. այսքանս միայն տեսա, որ կին էր, ի՞նչ կին, չիմացա, չաշխատեցի էլ իմանամ։

Ջուր, շշնջացի։

Վեր կացավ, դես-դեն նայեց սենյակիս մեջ, հետո անլռելի քայլերով դուրս գնաց և մի քանի րոպեից կրկին ներս մտավ ջրով լի մի շիշ և մի բաժակ ձեռքին։ Հիշում եմ, ուզում էի գլուխս բարձրացնեմ, չկարողացա։ Ձեռքը ներս կոխեց բարձիս տակը, բարձի հետ բարձրացրեց գլուխս և մյուս ձեռքով բաժակը մոտեցրեց շրթունքներիս։ Ծարավից պապակում էի և ագահաբար ծծեցի սառը ջուրը։ Դրանից հետո գրեթե իսկույն չգիտեմ քնեցի՞, թե նորից ինքնամոռացության մեջ ընկա։

Երկու օր շարունակ համարյա ուշագնաց էի։ Աչքերս բաց արի երրորդ օրը։ Առավոտ էր։ Աշնանային դժգույն արևը ողողել էր սենյակս։ Մահճակալիս մոտ տեսա բժշկիս և նրա քրոջը։ Հետո մտավ տանտերս իր կնոջ հետ։ Նրանց նայելով, զգացվեցի, աչքերս արտասվակալեցին։ Ինձ թվաց թե մեռնելու եմ և այդ բարի մարդիկ կարեկցում են ինձ։ Բժիշկս նայեց զարկերակս, չափեց տաքությանս աստիճանը, սկսեց ինչ-որ տարօրինակ հարցումներ տալ, որոնցից գլխի ընկա, որ կասկածում էր, թե մի գուցե ուղեղի ցնցում լինեի ստացած։ Վերջն ասաց, որ ճգնաժամն անցել է, որ այլևս ոչ մի վտանգ չկա, անպատճառ կլավանամ։ Նկատեցի, թե ինչպես բժշկի այդ հուսադրական խոսքերից հետո տանտիրոջս, նրա կնոջ և աղջկա դեմքերին մինչ այդ եղած վախի և տխրության արտահայտությունը միանգամից ուրախական արտահայտության փոխվեց, և նրանք, որ մինչ այդ լուռ դիտում էին ինձ, սկսեցին միաժամանակ խոսել։ Նրանց այդ ուրախության ազդեցության տակ ինքս կենդանացա։ Բայց մի բան, որ ավելի ևս կենդանություն տվեց ինձ, այդ Քալիի բուռն ուրախությունն էր, որը չէր իմանում ինչպես արտահայտեր։ Առանց ծնողներին հարցնելու նա դուրս վազեց և թեյ ու նախաճաշ բերեց ինձ համար։

Ա՜խ, այդ աղջիկը... Ինչպե՜ս կուզեի համբուրել նրա ձեռքերը և լաց լինել այդ րոպեին ինձ համակած մի ծայր աստիճան քաղցր, քնքշացնող զգացումից, որի մեջ հալվում էր ամբողջ էությունս։ Արդյոք նա չէ՞ր (հանկարծ միտս եկավ այդ րոպեին) առաջին գիշերը, գուցե և հետևյալ գիշերները, մահճակալիս մոտ ինձ հսկողը, ինձ ջուր տվողը...

Be the first who will comment on this

Other parts of "Տանտիրոջս աղջիկը"

Yatuk Music
Come
David Balasanyan

Come

Portrait of Shushanik Nadiryan
Portrait of Shushanik Nadiryan
Play Online