Nar-Dos

Տանտիրոջս աղջիկը

3
8

Կոլյան դարձավ իմ «Կռունկը» (հիշո՞ւմ եք «Կռունկ, հայոց աշխարհեն խապրիկ մը չունի՞ս»)։ Այլևս մոռացել էի զգուշանալ այդ «խաբարբզանից» և ամեն օր, նրա դասի եկած ժամանակ, սկսում էի հարցուփորձ անել Քալիի մասին, հարկավ սկսելով հորից, մորից, «դոխտուրից», երեխաներից, «պիանիցի» ընտանիքից, շատ անգամ էլ բոլորովին կողմնակի բաներից։ Հարցուփորձս անում էի արտաքին անտարբերությամբ, իսկ պատասխանները լսում ներքին լափող հետաքրքրությամբ։ Քալիին վերաբերող ամեն մի մանրամասնություն ահագին գյուտի արժեք ուներ ինձ համար։

Կոլյան հազիվ մի ամիս կանոնավորապես գալիս էր դասի, հետո մեկեն դադարեց։ Խիստ անհանգստացա. չլինի՞ «խաբարբզանն» արդեն կատարել էր իր դերը և ծնողներն արգելել էին նրան այլևս գալ ինձ մոտ։ Բայց հինգ օրից հետո նրանց ծառան եկավ և ասաց, որ Կոլյան հիվանդ է և դրա՛ համար չի գալիս։

Խոստովանում եմ, այդ բանը ոչ թե տխրեցրեց, այլ ուրախացրեց ինձ, որովհետև այդ դեպքը մի շատ հարմար առիթ էր, որ գնայի նրանց տուն և հիվանդ աշակերտիս այցելելու պատրվակով վերջապես տեսնեի Քալիին, որի կարոտը սպանում էր ինձ։

Ու նույն օրն ևեթ երեկոյան գնացի։

Դեռ Քալիենց տանը չմոտեցած՝ նրանց բակից ինչ-որ ճղճղոցի և բղավոցի ձայներ լսեցի։ Եվ երբ ներս մտա բակը, ակամա կանգ առա ապշած։

Բոլոր կենողները դուրս էին թափվել տներից։ Վերևը, պատշգամբում, կանգնած էր Քալիի մայրը, գիժ֊Կեկելը, և ականջ ծակող ձայնով, վերին աստիճանի արագահոս բառերով ինչ-որ ճղճղում էր վրացերեն. ներքևը, բակում, կապայի թևերն ուսերին գցած, գլխարկը ճակատից ետ քաշած, կանգնած էր Քալիի հայրը, Սերգեյ Ավետիչը, և նույնպես ինչ֊որ բղավում էր։ Երևում էր, որ մի քիչ «խմած» էր։ Մարդ ու կին երկուսն էլ կռվում էին միաժամանակ, և նրանց ձայները մեկինը բարիտոն, մյուսինը կոնտրալտո խառնվում էին իրար ուժեղ դիապազոնով, կռվում էին ո՛ւմ հետ հայտնի չէր։ Սկզբում կարծեցի, թե կռվում են բոլոր կենողների հետ, բայց երբ տեսա, որ կենողները հանգիստ ու լուռ լսում են նրանց, հասկացա, որ նրանք հանդիսատեսներ էին, «թամաշա» էին անում միայն։

Հետաքրքրված, մոտեցա Սերգեյ Ավետիչին, բարևեցի և հարցրի ինչ էր պատահել։

Էլ ի՛նչ, ինչ է պատահել, շարունակեց նա բղավել առանց բարևս առնելու և ընդունելով ինձ այնպես, որ կարծես թե ամեն օր հանդիպում էինք իրար։ էս շան վուրթիքն ուզում ին սաղ բագը կոտորի։ Մեկին էրեգ թաղեցին, երկուսն էլ ասում ին, էսօր ին հոգեվարք դրած։ Ախպեր, չիմ ուզում, թող դուս գան է՛լի։ Տունը իմս չէ՞, վա՛հ։ Առանց էն էլ հառամ ըլի, քրիհը խոմ չին տալի, դուս գնան, է՛լի։ Ուզում ին պոլիցով դուս անի՜մ։ Էս բագումը էսքան երեխեք կան, բաս մեխկը չի՞ն։ Իմ Կոլիս խո հիվնդացրիք, տո անաստուձներ, ուզում իք սաղ քուլփաթս կոտորի՞ք։

Որովհետև Սերգեյ Ավետիչն իր վերջին խոսքերն ուղղեց այն սենյակի հասցեին, ուր ապրում էր «պիանիցը», ուստի վերջապես հասկացա, որ նրա և կնոջ կռիվն այդ սենյակում ապրողների հետ էր։ «Պիանիցի» տան դուռը փակ էր, միակ լուսամուտի վարագույրն իջեցրած և այնտեղից ոչ մի պատասխան չէր լսվում, այնպես որ կարելի էր կարծել, թե տանը ոչ ոք չկա։

Մինչդեռ մարդ ու կնոջ բղավոց-ճղավոցը չէր դադարում։ Շվարած կանգնած էի մնացել, չէի իմանում ինչ անեմ։ Դրությունս բավական անհամ էր. եկել էի հիվանդ աշակերտիս այցելության, վրաս ուշադրություն դարձնող չկար։ Աչքերովս որոնում էի Քալիին, չէր երևում։ Այսպիսի աղմուկի մեջ նրա բացակայությունն ինձ զարմանալի էր թվում։

Չգիտեմ ինչով պիտի վերջանար այդ տարօրինակ տեսարանը, եթե այդ ժամանակ բակի դռնից չմտներ տանտիրոջս բժիշկ որդին։ Իբրև ինտելիգենտ մարդ, նա, ըստ երևույթին, վիրավորվեց այդ գռեհկական ճիչ ու աղաղակներից։ Մեղմ նախատական եղանակով մի քանի հորդորներ կարդաց հորը, հանգստացրեց նրան, հետո բարևեց ինձ ինչպես թվաց ինձ բավական սառն կերպով, և երեքս միասին բարձրացանք պատշգամբ։ Որովհետև մայրը պատշգամբում դեռևս շարունակում էր ճղճղոցը, այդ պատճառով որդին ջղայնացած համարյա թե գոռաց նրա վրա, թե ի՞նչ է ամբողջ բակը գլխին հավաքել։

Գիժ֊Կեկելն իսկույն լռեց, սակայն ինձ այդպես թվաց ոչ թե որդու նկատողության վրա, այլ ինձ անսպասելի կերպով տեսնելուց։ Այնքա՛ն գազազած էր, որ երևի բակում չէր նկատել ինձ և հանկարծ տեսնում էր միայն այժմ, երբ իր ամուսնու և որդու հետ կանգնած էի իր առջև։ Նայեց դեմքիս այնպիսի մի հայացքով, որով կարծես հարցնում էր. «Սա՞ որտեղից լույս ընկավ։

Թե՛ այդ կռիվն ու ղալմաղալը, և թե՛ մանավանդ այդ անբարեհաճ ընդունելությունը տեսնելով, ես արդեն զղջացել էի այցելությանս համար, բայց մեկ որ եկել էի, էլ ի՜նչ կարող էի անել։

Ես եկել եմ Կոլյային տեսնելու, կարելի՞ է, երեսս պնդացնելով, վերջապես միջոց ունեցա հայտնելու այցելությանս նպատակը։

Չգիտեմ ձայնի՞ս վրա, թե ինչ, սենյակներից մեկի դուռը բացվեց, և շեմքում երևաց Քալին լացակումած աչքերով։ Այդ դո՞ւք եք, ասաց դիմելով ինձ։ Ա՛խ, Կոլյան շատ հիվանդ է...

Հետո անմիջապես դիմեց եղբորը․

Սաշա, դեղը բերի՞ր։

Ապա դառնալով ծնողներին, հանդիմանությամբ նկատեց.

Դուք էլ հիմա եք ժամանակ գտել կռվելու․..

Մի րոպեից ամենքս Կոլյայի սենյակումն էինք։ Դիֆտերիտ ուներ և, իբրև վարակիչ հիվանդի, բժիշկը բոլորովին առանձնացրել էր նրան։ Երեխան պառկած էր սարսափելի տաքության մեջ. երեսը կարմիր վարդ էր կտրել և կարծես փքվել, բորբոքված աչքերով, անմիտ հայացքով նայում էր մերթ սրան, մերթ նրան և շաղված կաթի գույն ստացած լեզվի ծայրով լպստում էր շրթունքները։ Փորձեցի խոսել հետը, խիստ խլացած ձայնով ինչ֊որ պատասխաններ տվեց, որոնցից բան չհասկացա։ Բժիշկն իմ և հոր օգնությամբ լյապիսով այրեց նրա կոկորդը։ Այդ օպերացիայի ժամանակ մայրը տարօրինակ քաջություն ցույց տվեց, մինչդեռ քույրը, այն ժամանակ, երբ ես ձեռքերիս մեջ էի առել հիվանդ երեխայի գլուխը, իսկ հայրը պահում էր ձեռքերը, այնպես էր լալիս, մղկտում, որ կարծես մորթում էին եղբորը։

Խոսք չկա, որ այսպիսի պարագաներում իմ ու Քալիի տեսակցությունը մի շատ անհամ բան դուրս եկավ։ Նա տարօրինակ կերպով ցրված էր, արտասուքը չէր ցամաքում աչքերից։ Մի ժամից ավելի էր, որ նստած էի նրա հետ հիվանդ եղբոր սենյակում, և այդ բոլոր ժամանակ նա հազիվ մի-երկու անգամ ուշադրություն դարձրեց ինձ, ամբողջովին զբաղված լինելով հիվանդ երեխայի հոգացողությամբ։ Ճիշտ է, եղբոր հիվանդությունը շատ վտանգավոր էր, իսկ Քալին սաստիկ սիրում էր բոլոր եղբայրներին ու քույրերին, բայց մի՞թե... մտածում էի ես և ավելորդ էի համարում միտքս վերջացնեմ, որովհետև պարզ տեսնում էի, որ մինչև այժմ ինձ սնել եմ ապարդյուն հույսերով ու սպասելիքներով։

Հիասթափված ու հուսաբեկ դուրս եկա ու մտածում էի՝ ինչքան լավ կլիներ չգայի և շարունակեի ապրել իմ քաղցր երազանքներով։

Բայց երկրորդ օրը չդիմացա և դարձյալ գնացի նույն պատրվակով։ Ուզում էի լավ դիտել, լավ ուսումնասիրել Քալիի վարմունքը, որպեսզի վերջնական եզրակացության գամ և ըստ այնմ էլ մի անգամ առմիշտ որոշեմ դիրքս։

Այս անգամ Քալին ինձ ընդունեց այնպիսի ոգևորությամբ և այնքան ուրախ, որ սիրտս թունդ ելավ։ «Ահա վերջապես», ասացի ինքս ինձ։ Բայց... բանից դուրս եկավ, որ նրա այդ ոգևորությունն էլ, ուրախությունն էլ ինձ համար չէր, այլ որովհետև հիվանդ եղբայրն այդ օրը լավ էր, կրիզիսն անցել էր։

Երևակայեցեք, որ մեր կենողի երեխաներն էլ լավ են այսօր, ավելացրեց նա․ ձեր գնալուց հետո Սաշան (բժիշկ եղբայրը) գնաց նրանց էլ նայեց։ Գիտեք, նա որ սկսի պրակտիկայով զբաղվել, հրաշքներ կգործի։ Ափսոս, որ ուշ իմացանք, թե չէ նա այն մեկ երեխային էլ չէր թողնի, որ մեռնի։ Ամենից փոքրն էր և այնքան լավի՜կը․․․ Եկեք, եկեք Կոլյայի մոտ։

Ու ձեռքիցս բռնած ներս տարավ հիվանդ աշակերտիս սենյակը, առանց քաշվելու նույնիսկ մոր ներկայությունից, որից այնքան թուք ու մուր էր կրել իմ պատճառով։ Այդ հանգամանքը բավական զարմացրեց ինձ։ Քիչ չզարմացա նաև այն բանից, որ մայրն այս անգամ թթու դեմք ցույց չտվավ ինձ, ինչպես նախորդ երեկոյան, և նույնիսկ սկսեց քաղցր զրույց անել ինձ հետ։ Ի՞նչ էր այդ անսպասելի փոփոխության պատճառը։ Երևի ա՛յն, մտածում էի ինքս ինձ, որ համոզվել էր, թե ես ոչ մի վտանգ չեմ սպառնում իր աղջկան և իր աղջիկն էլ շատ էլ խելքահան չի լինում ինձ համար։

Եվ, իսկապես, թե՛ այդ օրը և թե՛ հետագա օրերը, մինչև Կոլյայի լիովին առողջանալը, երբ ես այցելում էի նրանց տուն, Քալիի դեպի ինձ ունեցած վերաբերմունքի մեջ չէի նկատում այնպիսի մի բան, որից կարողանայի եզրակացնել, թե սիրում է ինձ. ինձ հետ նստում, ասում-խոսում էր, ծիծաղում, կատակներ անում ինչպես լավ բարեկամի հետ և միայն այդքան, այնպես որ ամեն անգամ էլ ես հեռանում էի ծանր երկմտանքի և հուսալքումի տակ ճնշված։

Հոգեկան այս անտանելի վիճակից դուրս գալու համար առիթներ էի որոնում մի անգամ երես առ երես խոսելու Քալիի հետ, ստուգելու կասկածներս ու ենթադրություններս, բայց ոչ մի կերպ չէր հաջողվում ինձ մենակ մնալ նրա հետ․ կամ մայրը, կամ հայրը, կամ բժիշկ եղբայրը, կամ երեխաները միշտ մեզ մոտ էին լինում։

Այսպես շարունակվեց մինչև այն ժամանակ, երբ Կոլյան լիովին առողջանալուց հետո նորից սկսեց գալ ինձ մոտ դասերի, և ես այլևս առիթ չունեի գնալու նրանց տուն։

Բայց հույսս դեռ բոլորովին չէի կտրել և մութ կերպով ինչ-որ բանի սպասում էի, մինչև որ ահա թե ինչով վերջացավ այս տրագի-կոմեդիան։

9

Մայիսը վերջացել էր։ Սկսվել էին ամառային արձակուրդները։ Անսովոր տոթ օրեր էին։ Մի երեկո գնացել էի Մուշտայիդ մի քիչ զով օդ շնչելու։ Այգու հրապարակում շատ քիչ մարդ կար, որովհետև օրը հասարակ օր էր և այդ երեկո էլ նվագածուների խումբ չկար։ Հրապարակի բոլորքը ծառերի տակ նստարանների վրա նստած էին կենտ ու կունտ կանայք, որոնց առջև խաղում էին նրանց երեխաներն իրենց հատուկ ճիչ ու ծղրտոցով։

Այն միջոցին, երբ ուզում էի անցնել դեպի գետափ, աչքս ընկավ ռոտոնդի բաժինը, ուր ինձ համար միանգամայն անսպասելի կերպով տեսա Քալիին իր բժիշկ եղբոր հետ սեղաններից մեկի մոտ նստած։ Քալին նկատեց ինձ և հեռվից գլխով բարև արավ։

Մոտեցա, բարևեցի։ Հրավիրեցին, որ նստեմ։ Նկատեցի, որ բժիշկը շատ էլ հաճությամբ չընդունեց ինձ. երևի տան մեջ իմ մասին ունեցած խոսակցությունը որոշ ազդեցություն էր գործել այդ կրթված երիտասարդի վրա։

էլ չեք գալիս մեզ մոտ, անպատճառ հիվա՞նդ պիտի ունենանք, որ գաք, ասաց Քալին ծիծաղելով։

Ոչինչ չպատասխանեցի։ Ի՞նձ էր միամիտ կարծում, թե իրեն էր միամիտ ձևացնում։ Սակայն, ըստ երևույթին, իսկույն գլխի ընկավ, որ իր հարցումն անտեղի էր, մի քիչ շփոթվեց և սկսեց հարցուփորձ անել, ամառս ո՞ւր եմ գնալու, ինչպե՞ս է սովորում Կոլյան, կարո՞ղ է քննություն բռնել և այլն։

Մեզանից բավական հեռու մի սեղանի շուրջ բոլորած էին մի խումբ երիտասարդներ, որոնք, ինչպես երևում էր նրանց կապույտ բլուզներից և կապույտ երիզավոր գլխարկներից, ուսանողներ էին։ Նրանք ինչ֊որ տաք վիճաբանության մեջ էին, և նրանց ձայները պարզորոշ լսվում էին հեռվից։ Նրանցից մեկը հանկարծ վեր կացավ, արագ քայլերով մոտեցավ մեզ և, դառնալով բժշկին, ասաց.

Սաշա, մի րոպե. մենք այնտեղ լուրջ վիճաբանության մեջ ենք, քո կարծիքն անհրաժեշտ է։

Ու բժշկին վեր կացնելով տեղից, թևանցուկ տարավ իր հետ, նախապես ներողություն խնդրելով մեզանից։

Ես ու Քալին մնացինք մենակ։ Րոպեն հարմար համարելով, վճռեցի հենց այդտեղ ևեթ ստուգել նրա դեպի ինձ տածած զգացումը և մի անգամ առմիշտ վերջ տալ երկմտանքիս։ Ու առանց երկար ու բարակ մտածելու, մանավանդ որ վախենում էի, թե եղբայրը կարող է շուտով վերադառնալ և խանգարել, ուղղակի դիմեցի գործին։

Օրիո՛րդ, ի՞նչ եք կարծում, ասացի, ինչո՞ւ չպատասխանեցի ձեր հարցումին, թե ինչու էլ չեմ գալիս ձեր տուն։

Ըստ երևույթին, զգաց, թե խոսքս ուր էր տանելու։

Չգիտեմ, ասաց նկատելի կերպով շփոթվելով։

Ի՞նչ եք կարծում, շարունակեցի ես, որ գիտենաք, թե մի տեղ անկոչ և անցանկալի հյուր եք, կշարունակե՞ք գնալ այնտեղ։

Քալին զարմացած նայեց աչքերիս։

Ո՞վ ասաց ձեզ, թե դուք անկոչ և անցանկալի հյուր եք մեր տանը։

Ամենից առաջ ձեր հայրը։

Ե՞րբ։

Երբ որ քաղաքավարի կերպով առաջարկեց ինձ դատարկել իմ սենյակը։

Ձեր սենյակը եղբայրս էր ուզում, որ իր համար հանգիստ տեղ ունենա պարապելու։

Շատ բարի, թող այդպես լինի, ասացի ժպտալով. իսկ ինչո՞ւ ձեր մայրը չէր ուզում, որ Կոլյան գա ինձ մոտ դասերի և... անիծում էր ձեզ։

Քալին կաս-կարմիր կտրեց և աչքերը վայր թողեց։

Ո՞վ ասաց ձեզ այդ, շշնջաց նա։

Դուք այն ասացեք, ճի՞շտ է այդ թե ոչ։

Ոչինչ չպատասխանեց, միայն գլուխն այնքան խոնարհեց, որ դեմքն այլևս չէր երևում լայնեզր գլխարկի տակից։

Թող ապահով լինեն ձեր ծնողները, կարճ լռությունից հետո ավելացրի ես շատ հանգիստ կերպով, երբեք ինձ ոչ ոքի վզովը չեմ փաթաթել և երբեք էլ չեմ փաթաթի. այդ կողմից ես ինքնասիրություն ունեմ և, գուցե, ավելի՝ քան հարկավոր է։ Ճիշտ է, ես ձեզ... սիրում եմ..․ Այս առաջին անգամն է, որ պարզ կերպով ասում եմ ձեզ... Բայց ի՞նչ նշանակություն ունի միակողմանի սերը, երբ... չես իմանում փոխադարձը կա՞, թե ոչ...

Լռեցի և իզուր սպասում էի նրա պատասխանին. նստած էր ծայր աստիճան շփոթված և չէր իմանում ինչպես անի, որ ես չնկատեմ այդ։

Լսեցեք, օրիորդ ինչ եմ ասում, շարունակեցի ես շատ հասարակ տոնով, որպեսզի սիրտ տամ նրան։ Այստեղ քաշվելու, շփոթվելու ոչինչ չկա։ Դուք նոր չեք ճանաչում ինձ, ինչպես և ես ձեզ։ Խոսենք առաջվա պես մտերմորեն, ընկերաբար։ Ես պարզ կերպով ասացի ձեզ այն, ինչ որ գուցե չհամարձակվեի ասել, եթե չճանաչեի ձեզ։ Ինչպես ուզում եք հասկացեք, իմ բախտը ձեր ձեռքին է։ Այսքան ժամանակ ես մեկ հուսադրվել եմ, մեկ հուսահատվել ձեր դեպի ինձ ցույց տված այս կամ այն, իհարկե, ոչ դիտավորյալ վերաբերմունքից ու միշտ էլ տատանման մեջ եմ եղել սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ։ Կրկնում եմ իմ բախտը ձեր ձեռքին է, և դուք այժմ, հենց այս րոպեին այս կամ այն կերպ պետք է որոշեք իմ վիճակը, պետք է մի անգամ առմիշտ ասեք ձեր վճռական խոսքը, ասում եմ այժմ, հենց այս րոպեին, որովհետև ձեր ծնողների շնորհիվ մեր միջև այնպիսի դրություն է ստեղծվել, որ մի ուրիշ անգամ հազիվ թե մենք կարողանանք հանդիպել իրար և խոսել այս մասին։ Լսո՞ւմ եք, օրիորդ, ինչ եմ ասում, ավելացրի ես, տեսնելով, որ նա ձայն, ծպտուն չի հանում, այլ միայն, աչքերը շարունակ վայր թողած, մերթ կարմրում է, մերթ գույնը գցում և սեղանի սփռոցի ծայրը մեքենայաբար փաթաթում է մատին ու բաց թողնում։

Րոպեն ծանր էր․ անշուշտ, որքան նրա, նույնքան և ինձ համար։ Որքան աշխատում էի ինձ հանգիստ պահեմ, այնուամենայնիվ, սիրտս լքլքոց էր ընկել։ Շտապում էի։ Աշխատում էի կարելույն չափ շուտով խոսք դուրս քաշել նրանից, քանի եղբայրը չէր վերադարձել, այլապես այդ հարմար րոպեն բաց կընկներ ձեռքիցս, և ես կմնայի նույն անտանելի անորոշ դրության մեջ։

Օրիորդ, ես սպասում եմ ձեր պատասխանին, ասացի ես թախանձագին։ Խնդրում եմ, աղաչում եմ, մի լռեք, մի բան ասացեք։

Ես ի՞նչ կարող եմ ասել, ասաց վերջապես կամաց, շարունակ աչքերը խոնարհած։

Մի խոսք, միայն մի խոսք․ սիրո՞ւմ եք ինձ, թե ոչ․ այո՞, թե ոչ։

Հակառակ սպասածին, նա իմ այս կտրուկ պահանջի հանդեպ ավելի հանգիստ գտնվեց, քան թե առաջ և ասաց հազիվ լսելի ձայնով․

Դուք ինքներդ ասացիք, որ մայրս անիծում էր ինձ․․․

Այո՛, և դուք էլ լաց էիք լինում․ այդպես չէ՞։

Այո։

Բայց այդ ես բացատրել եմ նրանով, որ դուք զրպարտություն եք համարել ձեր մոր հանդիմանությունները, որ դուք բոլորովին այն զգացումը չեք տածում դեպի ինձ, ինչ որ նա է կարծել։ Այդպես չէ՞։

Ո՛չ, բոլորովին այդպես չէ, եռանդով վրա բերեց նա, առաջին անգամ նայելով ինձ համարձակ։ Ես լաց էի լինում նրա՛ համար, որ մայրս շատ վատ լեզու էր բանեցնում ձեր մասին։ Իսկ ես․․․ ես չէի կարող այդ սառնասրտությամբ լսել․․․

Որովհետև, դուք շատ բարի եք, որովհետև դուք առհասարակ ոչ մի վատ խոսք չեք կարող սառնասրտությամբ լսել, լինի այդ վատ խոսքն իմ մասին, թե...

Քալին մինչև անգամ զայրացած ոտը խփեց գետնին։

Ո՛չ, ասաց, որովհետև... վերջապես ինչ եք ուզում ինձնից... որ ես է՞լ խոստովանեմ, թե...

Խոսքը չվերջացրեց և արագ դարձավ իր աթոռի վրա, որ դեմքը ծածկի ինձնից։ Իսկ այդ դեմքն ամբողջովին կաս-կարմիր կտրեց։

Բայց հարկ էլ չկար որ վերջացներ ասելիքը. ինձ համար այն էլ բավական էր, որ ասաց. և խելացնոր ուրախությունից քիչ էր մնում շնչասպառ լինեի։ Վեր թռա, ուզում էի առնեմ ձեռքը և ծածկեմ խենթ համբույրներով, բայց հանկարծ հիշելով, թե որտեղ եմ, նորից նստեցի և այս անգամ գողի վախկոտությամբ նայեցի շուրջս, առավելապես այն կողմը, ուր նստած էր Քալիի եղբայրը իր ուսանող ընկերների հետ, ըստ երևույթին տաք վիճաբանության բռնված։

Բավական երկար ժամանակ լուռ էինք, ես էլ, Քալին էլ։ Աչքերս անուշադիր և աննպատակ հածում էի շուրջս, առանց որևէ բան տեսնելու և չէի վստահում նայել Քալիին. զգում էի, որ եթե նայեմ, չեմ կարող տիրապետել ինձ և այնպիսի մի խելացնոր բան կանեմ, որ թույլատրելի չի կարող լինել։

Այնուհետև, մի փոքր որ ինքս ինձ հավաքեցի, հարցրի կամաց, կարծես թաքուն.

«Վերք Հայաստանին» կարդո՞ւմ եք։

Վերջացրի, նույնպես կամաց պատասխանեց նա և կարճ լռությունից հետո հարցրեց ժպտալով. իսկ իմ թաշկինա՞կը... Պատասխանելու տեղ, նույնպես ժպտալով, ծոցիցս հանեցի նրա նվիրած թաշկինակը, որ պահում էի մաքուր թղթի մեջ փաթաթած, առանց բանեցնելու, ցույց տվի և դարձյալ ծոցս դրի:

Մեր տանը ոչ ոք չգիտե, ասաց, գիշերներն եմ կարել, երբ որ ամենքը քնած էին։

Վախենո՞ւմ էիք։

Մայրս շատ խիստ կին է. որ իմանար ձեզ համար եմ կարում, կսպաներ ինձ։

Թեև այդ բանը նորություն չէր ինձ համար, բայց այդ րոպեին, հոգեկան այն վերասլաց տրամադրության մեջ, որի ժամանակ ամեն ինչ մոռացել էի, Քալիի միամտորեն արած այդ խոստովանությունն եկավ սուր ասեղի պես ծակելու սիրտս։ Ու անձնասիրությունս պոչը ոտնակոխ եղած թունավոր օձի պես նորից ծառս ելավ իմ մեջ։

Ես գիտեմ, որ ձեր մայրը և վերջերը ձեր հայրն էլ լավ աչքով չէին նայում ինձ, կարճ լռությունից հետո ասացի ես կարելույն չափ հանգիստ. բայց թե ո՞ր մեղքիս համար, այդ ես մինչև այժմ էլ չեմ կարողանում հասկանալ։ Գուցե դուք կարողանաք բացատրել։

Ես էլ չեմ հասկանում, ասաց նա կամաց, նորից գլուխը կախելով և, ըստ երևույթին, զղջալով, որ միամտորեն այդպիսի խոստովանություն արավ, որովհետև տեսավ, որ տրամադրությունս հանկարծ փոխվեց իր վերջին խոսքերից հետո։

Ես միայն մի բան եմ ենթադրում և կարծում եմ, որ չեմ սխալվում, շարունակեցի ես։ Ձեր ծնողներն, իհարկե, տեսնում էին, որ մենք շատ էինք մոտեցել իրար և երևի կարծում են եղել, թե այդպես որ շարունակվի, մի օր վեր կկենանք և կփախչենք իրար հետ, առանց իրենց կամքը հարցնելու։ Իհարկե, եթե ես մի խեղճ ու կրակ, մի անտուն-անտեր վարժապետ չլինեի, այլ մի հարուստ օջախի որդի, մի, ասենք, փաստաբան, մի բժիշկ, մի ինժեներ, տեխնիկ, կամ հենց թեկուզ մի տերտերացու, որ վաղը կարող է հարուստ ծուխերի տեր դառնալ, նրանք երկու ձեռքով կբռնեին փեշիցս, բայց որովհետև ես, ինչպես ասացի, մի խեղճ վարժապետից ավելի բան չեմ, ուստի արժանի չէի լինի իրենց փեսա լինելու։ Դուք ի՞նչ եք կարծում, այդպես չէ՞։

Քալին ոչինչ չպատասխանեց. գլուխը կախ, մատներով շարունակ ոլորում էր սփռոցի ծայրը և բաց թողնում։

Բայց թողնենք ձեր ծնողներին, շարունակեցի ես, նրանք տգետ մարդիկ են, ուրիշ կարծիք չեն կարող ունենալ մի վարժապետի մասին, և ես ամենևին չեմ նեղանում նրանցից։ Թող ինչ ուզում են՝ կարծեն, նրանց կարծիքը ոչ մի նշանակություն չունի ինձ համար։ Ինձ հետաքրքրողն այս խնդրում ձեր կարծիքն է, վճռական դերը ձեզ է պատկանում, և դուք, իբրև կրթված աղջիկ, պետք է անկախ դիրք բռնեք, նույնիսկ հակառակ ձեր ծնողների կամքին, որովհետև այստեղ խնդիրը որքան ինձ, նույնքան և ձեզ, ձեր ամբողջ ապագա կյանքին է վերաբերում։ Ասելս այն է, որ... օրիորդ, խնդիրն ես դնում եմ պարզ և շեշտակի. ասացեք, կուզե՞ք իմ կինս լինել, թե ոչ։

Հարցումս, ըստ երևույթին, այնքան անսպասելի էր նրա համար, որ մի րոպե ծայր աստիճան ապշանքով նայում էր ինծ առանց պատասխանելու։ Հետո, երբ հարցումս կրկնեցի, նա տանջանքով դեմքը շրջեց ինձնից։

Խնդրում եմ, ասաց հազիվ լսելի ձայնով, ինձանից ոչինչ մի պահանջեք։

Ապա ումի՞ց պահանջեմ, հարցրի։

Ծնողներիցս։

Այժմ հերթը ինձ հասավ ապշանքով նայելու նրան։

Բայց դուք խո գիտե՞ք, որ նրանք չեն համաձայնի մեր ամուսնությանը։ Հը՞, օրիորդ, լսո՞ւմ եք ինչ եմ ասում, համառորեն կրկնեցի ես, տեսնելով, որ գլուխը կախ՝ չի ուզում պատասխանել. խո գիտեք, որ նրանք չեն համաձայնի. այն ժամանակ ի՞նչ կանեք։

Դե ես ի՞նչ կարող եմ անել, համարյա լացագին շշնջաց նա:

Դուք փալա՛ս եք ուրեմն, դուրս թռավ բերնիցս և զայրույթի հանկարծական բռնկումով, ինքս ինձ կորցրած, բռունցքս այնպես պինդ զարկեցի սեղանին, որ վրան դարսած շիշն ու բաժակները խաղացին զրնգզրնգալով։

Քալին վախից ճչաց և վեր թռավ տեղից։ Մինչև այդ միանգամայն խաղաղ հրապարակում մի տարօրինակ շարժում ընկավ. ամենքի հայացքը մեր կողմը դարձավ։ Ես ու Քալին դարձանք ընդհանուրի հետաքրքրության առարկան։ Սկանդալը կատարյալ էր։ Զղջացի, բայց արդեն ուշ էր։

Ու երբ դեռ կատարելապես չէի ուշաբերվել, տեսնեմ Քալիի եղբայրը իր ընկերների հետ կանգնած է մեզ մոտ, չեմ իմանում զարմացած թե վախեցած, փոխն ի փոխ նայում է մեզ և ինչ-որ բան է հարցնում մերթ քրոջը, մերթ ինձ դիմելով, իսկ ես կանգնած եմ նրա առջև հանցավոր երեխայի պես միանգամայն ամոթահար և նվաստացած ու խոսք չեմ գտնում պատասխանելու։

Այդ դրությամբ էլ թողի ու հեռացա։ Կարծես մի շղարշ էր իջել աչքերիս կամ շուրջս մի թանձր մշուշ էր պատել, որի միջով անցնում էի ու ոչինչ չէի տեսնում։ Գնում էի ու չէի իմանում ուր։ Անզուսպ, խելացնոր զարմանքիս գիտակցությունը րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան շիկացած երկաթի պես շամփրում էր ուղեղս, և այդ միջոցին ի՞նչ չէի տա, միայն թե այդ գիտակցությունը չունենայի։

Այդ գիշեր իմ քունը քուն չէր, այլ մի կատարյալ մղձավանջ, ուր անդեմ ու մշուշապատ ուրվականների պես խառնվում էին իրար այգու մեջ Քալին, նրա եղբայրը, սրա ընկերները, սեղանների մոտ հեռու-մոտիկ նստած մարդիկ, սրանք բոլորը միասին, իսկ ես մեն-մենակ սրանց բոլորի մեջտեղը իմ ծայր աստիճան արգահատելի դիրքով, բոլորի հետաքրքրության և զարմանքի առարկան...

Հետևյալ օրը ես ուրիշ ավելի լավ բան չգտա անելու, եթե ոչ այն, որ հետևյալ նամակը գրեցի Քալիին ուղարկելու.

«Օրիորդ.

Ես երբեք չպիտի հանգստանամ, մինչև որ իմանամ, թե դուք ներում եք իմ երեկվա խելացնոր վարմունքը («խելացնոր» բառը ի՛նչ զորավոր, ի՛նչ վիրավորական բառով ուզում եք փոխարինեցեք, ես այդ ընդունում եմ)։ Իսկ եթե չներեք, չեմ իմանում, ճշմարիտ, ի՛նչ կպատահի ինձ։ Ես տանջվում եմ, ես հուսահատված եմ։ Երեկվա վարմունքիս գիտակցությունը խենթացնում է ինձ։ Ձեր հրեշտակային ներողամտությունը միայն հանգստություն կբերի տանջված ուղեղիս և հոգուս։ Անհամբեր սպասում եմ ձեր պատասխանին»։

Այս նամակը մտադիր էի ուղարկել Կոլյայի ձեռքով քրոջը հանձնելու համար։ Երկյուղ չունեի, որ նամակս կարող էր ընկնել Քալիի ծնողների ձեռքը, որոնցից անշուշտ ծածուկ մնացած չպիտի լիներ Մուշտայիդում պատահած միջադեպը, քանի որ այդ միջադեպին ներկա և վկա էր նրա եղբայրը, թեև այս էլ էի կարծում, որ «աղա դոկտորը», իբրև ինտելիգենտ մարդ, իր տգետ ծնողներին կարող էր ոչինչ հայտնած չլինել, իսկ քույրը խո այնքան հիմար չէր, որ ծնողներին պատմած լիներ, թե ինչ խայտառակ դրության մեջ էի դրել ես իրեն հասարակական այգում։ Բայց նամակս Քալիի ծնողների ձեռքն ընկնելուց ես չէի վախենում գլխավորապես այն պատճառով, որ նրա մեջ, իմ կարծիքով, այնպիսի բան չէի գրել, որ նրանց տեսակետից դատապարտելի լիներ. բացի այդ, Քալիի ներողամտությունը ստանալուց հետո, որի համար ոչ մի տարակույս չունեի, հաստատապես վճռել էի երեսս պնդացնեմ, գնամ ուղղակի նրա ծնողների մոտ և խնդրեմ նրանց աղջկա ձեռքը, թեև մեր հարաբերությունների ամբողջ ընթացքից շատ պարզ էր ինձ համար, որ ոչ մի հաջողություն չպիտի ունենամ: Վճիռս խեղդվող մարդու հուսահատական վճիռ էր. կամ այս, կամ այն. դրանով գոնե մի անգամից կորոշվեր իմ մշտատև երերուն վիճակը և անելիքը։

Նամակս գրել ծրարել էի և սպասում էի Կոլյային, բայց նա այդ օրը ոչ սովորական ժամին և ոչ հետևյալ ժամերին չերևաց։

Այդ արդեն առաջին վատ նշանն էր, և ես խիստ տատանման մեջ ընկա նամակս ուղարկեի՞, թե ոչ։ «Է՛հ, ինչ ուզում է պատահի, ասացի ինքս ինձ, եղածից խո ավելի վատ բան չի՞ պատահի», և նամակն ուղարկեցի քաղաքային փոստով:

Բայց պատահեց եղածից ոչ միայն ավելի և շատ ավելի վատ բան, այլև այնպիսի մի բան, որ այն ժամանակվա իմ անտանելի դրության մեջ բնավ չէի նախատեսել։ Այդ բանն այժմ ինձ մի շատ զվարճալի տրագի-կոմեդիա է թվում, բայց այն ժամանակ քիչ մնաց ինձ խելագարության հասցներ։

Կարճ խոսքերով պատմեմ իրողությունը։

Նամակս ուղարկելուց հետո հետևյալ օրը տանից դուրս չելա, րոպե առ րոպե սպասում էի, թե ահա որտեղ որ է, կմտնի կամ Կոլյան, կամ պոստային ցրիչը և կբերի Քալիի պատասխանը։ Բայց ո՛րքան եղավ զարմանքս, երբ Կոլյայի կամ պոստային ցրիչի տեղ ահագին աղմուկով սենյակս մտավ, ո՛չ, գնդակի պես ներս նետվեց Քալիի մայրը «գիժ-Կեկելը» այնպես գազազած, որ վախից տեղն ու տեղս քարացա։ Հևում էր. քրտինքը կոխել էր երեսը, երևում էր, որ վազելով էր եկել։ Ու սկսեց իսկույն, սկսեց ոտը շեմքին դրած հենց առաջին վայրկյանից։ Առաջաբան չկար, սկսեց ուղղակի վերջաբանից, նախ նամակս շպրտեց երեսիս, հետո մի խիստ երկարատև ու փրփրալից ճառ արտասանեց, համեմված իր կռվարար լեզվին հատուկ բավական զորավոր ածականներով և սպառնալիքներով իմ հասցեին։ Դա ճառ չէր, սովորական խոսակցական լեզու չէր, այլ իրար վրա կուտակված, խելագար վազքով իրար գլխից թռչող բառերի մի անվերջ և անընդմեջ շարահյուսություն՝ առանց ստորակետերի և վերջնակետերի։ Չնայելով ողբալի դրությանս, զարմանում էի, թե ո՛րտեղից էր բխում այդ տիպիկ քաղքենի կնոջ մեջ այդ հարուստ բառապաշարը։

Որքան կարողացա հասկանալ, նրա ցասումնալից ճառն այն մասին էր, թե ի՜նչպես ես, քնձռոտ «ուչիտելս», համարձակվում էի աչք ունենալ իրենց աղջկա վրա, Մուշտայիդում սկանդալ սարքել նրա գլխին և այդ բանից հետո դեռ սիրահարական նամակ էլ գրել նրան։ Եվ այս ամեն մի մեղադրականին անմիջապես կցում էր «շե քեցիանո, շե կռո մամաձաղլո» («դու քոսոտ, դու կռո շանորդի»):

Այսպես, զորս դու պատվիրեցեր, մի լավ ներկեց ինձ, առանց թողնելու, որ մի բառ անգամ արտասանեմ, վերջը ինչ-որ սպառնալիքներ կարդաց ու թողեց հեռացավ, գլխի աղլուխն ուղղելով։

Այստեղ ես կարող էի վերջակետ դնել, եթե ինձ վիճակված չլիներ հետագայում նորից հանդիպելու Քալիին այնպիսի պարագայում, որ այն ժամանակ ինձ ուղղակի խենթացրեց, բայց որի հետ այժմ վաղուց հաշտվել եմ, ինչպես մարդ ժամանակի ընթացքում կհաշտվի իրեն շատ սիրելի հարազատի բնական մահվան հետ։

Անհրաժեշտ եմ համարում այդ հանդիպման մասին գրել պատմությունս լրացնելու համար։

Be the first who will comment on this

Other parts of "Տանտիրոջս աղջիկը"

Yatuk Music
Almast - Persian March
Alexander Spendiaryan

Almast - Persian March

Portrait of Shushanik Nadiryan
Portrait of Shushanik Nadiryan
Play Online