Այս աշխարհում իրիկնային, ուր ապրեցիր միայն մի ժամ
Այս աշխարհում իրիկնային, ուր ապրեցիր միայն մի ժամ,
Հրա՜շք էր, սիրտ, հրափթիթ ծաղկումը քո հրաշուշան:
Բայց որբ հոգիս, կարոտիս պես աստեղահև ու խելագար՝
Մի՜ այլ կյանքի փայլ էր կարծես, փա՜յլ էր կարծես, կարծես չկար:
Փայլ էր հոգիս` շառագունված իրիկնային քո երազում
Ու կարոտով անմխիթար լույսի մասին երգ էր ասում:
Ու որբ հոգիս քո կարոտում հավերժորեն մխա՛ց, մխա՛ց,
Որպես կարմիր մի ողջակեզ` արյունոտված, հրե մի խաչ:
Դու ծաղկեցիր, սի՜րտ իմ, որպես հրափթիթ, կարմիր գարուն
Նա հո՛ւշ դարձած ցնդե՛ց, կորավ իրիկնային այս աշխարհում...