Егише Чаренц

Սասունցի Դավիթ

Դառնանք բարբառենք նզովք մենք նախ
Մսրամելիքին, թագավորի՛ն։
Դառնանք բարբառենք նզովք ապա
Ձենով Օհանին, իշխանին նե՛նգ։
Դառնանք բարբառենք նզովք ապա
Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,
Որ բերին մեզ մահ, ու մուժ, ու նեռ։

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր
Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ,
Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,
Մհերին՝ նրա որդուն անմահ,
Ողջ ժողովրդին ապա Սասմա
Որ լուրթ լեռներում մի օր բազմած
Հորինեց պայծառ զրույցը այս
Եվ անցավ անհետ, դարձավ երազ։

Սկսենք ապա հանգով ճարտար
Սասունցի Դավթի զրույցն արդար,
Որ մնալու է հավիտյան հա´ր
Զրույց իմաստուն և ոսկեբառ։

Ա

Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև արդ արդար և դյուցազուն։
Նա պատերազմներ մղեց բազում
Թշնամիների հանդեպ հզոր,
Որ խուժում էին անբավ ուժով
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում է նա միշտ իր սրով սուր։
Որպես այր ռամիկ ու դյուցազուն՝
Նա հուր ձի ուներ, կայծակե սուր,
Բայց ուժը նրա, որ չէր կասում,
Ժողովուրդն էր իր բազմաբազում։
Եվ անպարտ էր նա իր սրով սուր
Եվ ժողովրդով ռամիկ ու սուրբ։

Բ

Մհերի օրով երկրում Սասուն
Ապրում էր ռամիկ մի ժողովուրդ,
Չուներ իշխաններ նա դեռ հմուտ,
Իշխաններ դժնի, ու չար, ու մութ,
Եվ ապրում էր իր լեռներում լուրթ
Վաստակով իր պարզ, քրտինքով սուրբ։
Առյուծ-Մհերին, դյուցազնին մեր
Նա ինքն էր իրեն իշխան կարգել
Եվ ապրում էր իր լեռներում դեռ
Նա կյանքով ազատ ու անարգել։

Գ

Օ՜, ռամիկ կյանքի անգո պատկեր,
Դարերում հեռու, ու հին, ու ծեր,
Երբ մարդկությունը ապրում էր դեռ
Վաստակով արդար, ու սուրբ, ու վեհ:
Օ՜, վաղընջական արշալույսներ,
Մանուկ մարդկության օրեր լուսե,
Երբ լուրթ լեռներում դեռ չէր բուսել
Դժնի բռնության ընձյուղը սև,
Երբ իշխում էին աշխարհում դեռ
Ռամիկ ու արդար դյուցազուններ...

Դ

Իշխեց նա այսպես, դյուցազնը մեր
Քառասուն տարի։ Եվ ահա ծեր
Մազերին նրա, գլխին հուրհեր
Իջավ մառախուղ, ցրտին ձմեռ։
Դարձավ նա զառամ ու ալեհեր,
Եվ կամաց-կամաց դյուցազնին ծեր
Սկսեց պատել, ինչպես գիշեր,
Վիշտ անբուժելի ու մահաբեր։
Չուներ նա ժառանգ աշխարհում դեռ
Եվ մտորում էր դյուցազնը ծեր։

Ե

Մտորում էր նա, դյուցազնը ծեր,
Որ մնալու է երկիրն անտեր,
Բարձրաբերձ լեռներ, հարուստ հանդեր,
Եվ ոսոխի ու չարի հանդեպ
Ռամիկ ժողովուրդ՝ անկար, անգետ։
Մտածում էր նա, դյուցազնը սուրբ,
Որ անցնելու է իր փառքը զուր,
Որ իր երկնահեց երկիրն հզոր
Դառնալու է վաղն հազար ու բյուր
Թշնամիների ավար ու կուր։
Եվ այսպես՝ հասած ծերության դուռ՝
Մտորում էր նա սրտով տխուր,
Եվ իր հետ մեկտեղ, թախիծով հուր,
Ժողովուրդն էր ողջ մտորում լուռ։

Զ

Կարո՞ղ է սակայն պատահել, որ՝
Որքան էլ լինի ապագան մութ՝
Մնա անժառանգ ու անսերունդ
Երկիր մի ամբողջ ու ժողովուրդ։
Կարո՞ղ է լինել, որ երկրում լուրթ,
Որքան էլ խավարն իջնի տխուր,
Չբացվի հանկարծ հրաշքով հուր
Գալիքի համար փրկության դուռ։
Եվ ահա մի վառ ու պայծառ օր
Հրաշքով անհաս ու զորավոր
Առյուծ-Մհերին մեր ալևոր
Ծնվեց մի մանկիկ արևավոր։

Է

Ծնվեց մի մանկիկ արևավոր
Առյուծ-Մհերին իբրև ժառանգ,
Դավիթ անվանեց ծերը նրան,
Փառք տվեց ապա բախտին իրա,
Որ հուշն իր էլ հա´ր երկրի վրա
Պիտի առկայծի ու հուրհուրա։
Եվ նայելով իր մանուկ Դավթին՝
Նա պայծառացավ սրտով կրկին,
Նա ի՛նքն էր կարծես եկել երկիր
Հրաշքով մի սուրբ ու անհնար,
Նա ի՛նքն էր կարծես եկել աշխարք
Ու հուր-հավիտյան պիտի մնար...

Ը

Գիտեր նա արդեն, դյուցազնը ծեր,
Որ դյուցազուն է Դավիթն հուրհեր,
Որ երկիրն իր լուրթ, ու բարձր, ու վեհ
Որքան էլ ահ գա, որքան ավեր
Կելնե Սասունցի Դավիթը վեր,
Իբրև նո՛ր դյուցազն ու նոր Մհեր։
Գիտեր, որ արդեն երկրին Սասուն,
Իր ժողովրդին ռամիկ ու սուրբ
Թեկուզ փորձանքներ իջնեն բազում,
Որքան էլ տևեն նոքա երկար
Ահա Դավի՛թը իր դյուցազուն,
Իր ժողովրդի բազուկը սուրբ՝
Ե՛վ արդար, և՛ վեհ, և՛ աներկբա...
Ցնծաց նա սրտով իր աներեր,
Այդ ինքն էր կարծես ծնվել երեկ,
Խոր խավարի մեջ տեսել ցերեկ.
Փարվեց կարոտով որդուն նորեկ
Խանդով խնդագին գրկեց նրան,
Փակեց նա ապա աչքերը սեգ
Եվ ինքն էլ, կինն էլ ընկան մեռան...

Թ

Երբ մեռավ այսպես Մհերը ծեր,
Թողնելով մանկանն իր նորածին
Սասմա իշխաններն եկան-ասին,
Թե մերն է հիմա Մհերի ձին,
Եվ տեր կանգնեցին ու տիրեցին
Մհերի ամբողջ ունեցածին։
Եկան իշխաններն ու խլեցին
Մհերի հողերն ու նրա ձին,
Մհերի զորքերը ցրեցին
Եվ կալվածները բաժանեցին։
Եվ տիրանալով երկրին այսպես՝
Ձենով-ՕՀանին բերին հանդես,
Որ իբրև հմուտ ու հեռատես
Այր հավատարիմ, իշխան ու մեծ
Կառավարե և իշխե իրենց։

Ժ

Ձենով-ՕՀանը դարձավ իշխան...
Եվ ՕՀանը երբ իշխան դարձավ
Առյուծ-Մհերի զենքերն հրցայտ,
Նժույգներն այն հուր, սուրը կայծակ
Հավաքեց, լցրեց մի քարանձավ։
Մոռացած նրա փառքը պայծառ՝
Թաքցրեց նրա զենքերն հրցայտ,
Առյուծ-Մհերի սուրը կայծակ
Եվ զորությունը նրա անծայր։
Հավաքեց ապա, տիրեց իսկույն,
Առյուծ-Մհերի ամբավ ոսկուն,
Սրտում ա՛հ հազար, հազար սոսկում՝
Աչքերը չռեց նրա ոսկուն։
Մոռացած նրա համբավն հավետ՝
Նրա վաստակած ոսկուն ցավեց,
Իբրև ոսոխից աշխարհավեր
Միա՛կ փրկություն ու ապավեն։
Իսկ դյուցազն Դավթին, մանկանն հուրհեր
Նա հովիվ կարգեց սարերում մեր,
Որ խաշն արածե ամառ-ձմեռ,
Իսկ գիշերները քնի մի ծեր,
Մի այրի կնոջ խուզում, որ էլ
Մոռանա հավետ, որ դյուցազուն
Իր հայրը ուներ կայծակե սուր,
Հուր նժույգ ուներ, զրահներ հուր,
Զըրկելով նրան այսպես մի օր
Զենքերից իր քաջ, դյուցազուն հոր։

ԺԱ

Օ՜, Առյուծ-Մհեր, ռամի՛կ արդար,
Փրկության պատնե՛շ չարից չարկամ,
Ձե՛ռք ժողովրդի, ո՛ւժ տիրակալ,
Անհատնելի ու անեզրական...
Մինչև բարձրանար վերջին անգամ
Դյուցազուն Դավիթն իր քնից վեր
Ձենով-Օհանը, իշխանն այն նեռ
Դեռ որքա՜ն պիտի քրտինք քամեր,
Եվ ինքնությունն ու հուր գանձը մեր
Տա՜ր զարկիչներին աշխարհավեր...

ԺԲ

Մսրամելիքը, արքան այն նեռ,
Երբ լսեց մի օր երկրում իր ջեռ,
Որ չկա Սասնում Առյուծ-Մհեր,
Որ իշխաններն են արդեն տիրել
Լեռներին Սասմա ու դարձել տեր
Եկավ, պաշարեց հովիտ ու լեռ,
Որպես չար խորշակ, կամ ժանտ ձմեռ։
Օհանը մի օր բարձրացավ վեր
Պաշարված տեսավ երկիրն հայոց,
Տեսավ զրաներ, ու սուր, ու բոց,
Սարսափեց, սարսեց էությամբ ողջ,
Եվ գնաց հայցի աղիողորմ
Փրկություն՝ չարից այն անողոք։–

ԺԳ

Գնաց մեր Օհանն, ահով-դողով
Արքայի առջև այն անողոք
Գլուխ խոնարհեց ազգով-ցեղով,
«Քոնն է» աղերսեց «Երկիր ու հող»
Ընծայեց նրան ոսկի շողշող,
Գերության հանձնեց Սասունը ողջ։
«Լավ» համաձայնեց Մելիքն ահեղ,
«Ձեր կյանքը» ասաց «Կխնայե՛մ,
Միայն թե թող գա քո երկնահեռ
Ժողովուրդն ամբողջ, մանուկ ու ծեր,
Եվ անցնի տակով իմ թրի կեռ,
Որ Սասմա երկրում ո՛չ մի մարդ էլ
Չշարժի իմ դեմ զրահ ու զենք»։

ԺԴ

Ձենով-Օհանը, իշխանն այն նենգ
Գլուխ խոնարհեց Մելիքին նեռ,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ
Գա, անցնի նրա փայլատակող
Արնահոտ, դաժան թրի տակով։
Եվ ժողովուրդը Սասմա անկոր՝
Խեղճացած, խոնարհ ու գլխիկոր,
Անցավ Օհանի դժնի կամքով
Մսրամելիքի թրի տակով։
Մելիքը, շողշող զրահ հագին,
Կանգնեց՝ ահռելի ու ահագին,
Եվ ժողովուրդը, մանուկ ու կին,
Անցավ պողպատե թրի տակից։
Բայց հերթը հասավ երբ Դավիթին՝
Չմոտեցա՛վ նա չարի թրին,
«Չե՛մ անցնի» ասաց կամքով անկոր
«Մսրամելիքի թրի տակով»։

ԺԵ

Ոլորեց աչքերը արնակոխ
Մսրամելիքը Դավթի վրա,
Մտրակեց ապա նժույգն իրա,
Մտրակեց, քշեց Դավթի վրա,
Որ սմբակներով հրահըրան
Ոտնակոխ անի, ճզմի նրան։
Բայց մանուկ Դավիթն անփույթ, ուրախ,
Իբրև խաղ մանկան մի հրածին,
Բռնեց Մելիքի ձիու սանձից,
Ետ գնաց, ահռեց Մելիքի ձին,
Եվ մնաց Մելիքն այն չարածին
Կախված ահաբեկ ձիու սանձից։
Մռընչաց Մելիքն ահով անծիր,
Իր կայծակնափայլ սուրը քաշեց,
Որ հարվածով մի, զարկով մի շեղ
Դյուցազուն Դավթին միջից կիսե։
Մոտ եկավ սակայն նրան մի ծեր,
Մի ռամիկ արդար, այր ալեհեր,
«Ներիր» բարբառեց «Մանուկ է դեռ.
Ողջ Սասունն է քեզ գլուխ թեքել,
Օ՜, Մսրամելիք, ինչո՞ւ ես էլ
Վախենում որբից մի կաթնակեր»։
Նայեց Մելիքը ռամիկ ծերին,
Իր սրին նայեց, իր զորքերին,
Նայեց սասունցի իշխաններին
Եվ ժողովրդին՝ դարձած գերի,
Եվ եկավ, նայեց ապա Դավթին,
«Ներում եմ» ասաց ժողովրդին,
«Բայց թե փորձանք գա մի օր գլխիս
Սրանի՛ց կգա, այս ծուռ Դավթից»։
Ասաց, մտրակեց իր նժույգ ձին,
Հավաքեց, ապա զորքերն անծիր,
Հեռացավ, գնաց Սասմա երկրից,
Մարդիկ ուղարկեց ապա կրկին,
Որ Սասմա ամբողջ հարկը փրկիչ
Հավաքեն, տանեն Մսրա երկիր։

ԺԶ

Եվ եկան Բադին ու Կոզբադին,
Ցնծագին հասան մի օր Սասուն,
Հետները բերին պարկեր բազում,
Որ Սասմա ամբողջ գանձերը ձույլ
Հավաքեն, տանեն։ Խանդով քսու
Ձենով-Օհանը, իշխանն այդ մեծ,
Հարկահաններին դիմավորեց։
Գնաց նա ապա, անհուն հորից
Հանեց Մհերի գանձը խորին,
Եվ զարմանալի՜ շռայլորեն
Սկսեց չափել, ինչպես ցորեն,
Առյուծ-Մհերի գանձը, որ էլ
Մսրամելիքի ձեռքը զորեղ
Հավիտյան իշխե, թագավորե։
Չկար Մհերի զորքը հո էլ,
Որ ճղմեր նրանց ու տրորեր։

ԺԷ

Այդ ժամին մանուկ Դավիթն հուրհեր
Այն պառավ կնոջ աղքատ արտում,
Թռչունների դեմ ելած մարտի,
Ձեռքին մի կանաչ, բարակ բարդի,
Խաղում էր զվարթ ու թռչկոտում։
Պառավը կանչեց մանուկ Դավթին.
«Ո՛վ Դավիթ» կանչեց «Քաջի՛ որդի,
Դու ի՞նչ ես ուզում իմ խեղճ արտից.
Ինչքա՜ն տրորես ոսկեհատիկ
Հասկերը այրու կտավատի.
Չե՞ս տեսնում՝ Բադին ու Կոզբադին
Տանում են քո հոր արդար ոսկին.
Ուժ, զորություն է տված բազկիդ,
Գնա՛, ո՜վ Դավիթ, գնա՛ հսկի
Չտանեն քո հոր արդար ոսկին»:
«Բայց ո՞վ է տալիս ոսկին իմ հոր
Բադուն, Կոզբադուն» զարմանքով խոր
Հարցրեց Դավիթ-դյուցազնը նոր։
«Ձենով-Օհանն է տալիս քո հոր
Գանձերը չարին՝ չարի սովոր»
Բարբառեց պառավն հառաչքով խոր։
Եվ գնաց մանուկ Դավիթը, որ
Տերություն անի գանձերին հոր։

ԺԸ

Գնաց նա, տեսավ՝ սենյակում հին
Կանգնել են Բադին ու Կողբադին,
Իսկ Ձենով–Օհանը մահատիպ
Չափում է ոսկին ոսկեհատիկ,
Պարկերը հենած հողե պատին,
Ինչպես բեռ հնձած կտավատի։
Դավիթը տեսավ, նայեց Բադուն,
Դարձավ, լուռ նայեց նա Կոզբադուն,
Մոտեցավ ապա նա Օհանին
Եվ չափը խլեց նա ցորյանի,
Ասաց. «Թող որ ե՛ս չափեմ, Բադի՛,
Մհերի ոսկին ոսկեհատիկ»։
Ասաց, պարկերի ոսկին թափեց,
Դատարկ ամանով օդը չափեց,
Շրջեց այն ապա նա պարկի մեջ
Եվ ծիծաղելով ասաց. «Այս մե՛կ»։
Զայրացավ, դժնեց Կուլբադին նենգ,
«Դե՛ն տարեք» կանչեց «Դավիթին խե՛նթ,
Մսրամելիքի հարկը տվե՛ք,
Չեք ուզում եթե՝ գնանք ասենք
Գա, հիմքից քանդե Սասունն անտեր,
Անապատ դառնան Սասմա հանդեր»:
Զայրացավ անչափ Դավիթն այստեղ,
Բարկությունն անհուն էլ չզսպեց,
Ետ դարձավ ձեռքի պղինձը մեծ
Կոզբադու ճաղատ գլխին խփեց։
Ձայն տվեց ապա նա Օհանին,
«Ո՛վ Ձենով» կանչեց «Գնա քնի՛,
Մսրամելիքը յոթգլխանի
Ինչ որ կարող է՝ թո՛ղ գա՝ անի՛»։

ԺԹ

Գնացին Բադին ու Կոզբադին,
Մսրամելիքին գանգատ արին,
Պախարակեցին Դավթին արի,
Գովեցին, իբրև Սասմա բարիք,
Ձենով-Օհանի վարքը բարի։
Մսրամելիքը, արքան այն նեռ,
Զայրացավ, ինչպես դաժան ձմեռ,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ գա, հավաքվի անհաշիվ զորք.
Հազար, հինգ հարյուր մանուկ նորել,
Հազար, հինգ հարյուր ռազմիկ զորեղ,
Հազար, հինգ հարյուր այր սևահեր,
Հազար, հինգ հարյուր այր ալեհեր,
Որ գնա Սասմա երկրին տիրե,
Որ Սասմա քաղաքը ավիրե,
Որ ժողովրդին ամբողջ գերե,
Տեղահան անե, Մսըր բերե։

Ի

Մսրամելիքի զորքերն եկան,
Բռնեցին Սասմա սարերը ողջ,
Լցրին շռնդյուն, ու թինդ, ու կոչ,
Ձիերի խրխինջ ու խրխնջոց,
Եվ Սասմա չքնաղ աշխարհն ամբողջ
Բռնեց աղաղակ, ու ծուխ, ու բոց։
Ձենով-Օհանը, իշխանն հայոց
Բարձրացավ, տեսավ մի առավոտ
Մսրամելիքի զորքերն այն հոծ,
Տեսավ արշավանք մի մահահոտ
Եվ սիրտը նրա լցվեց ահով։
Գնաց նա ապա Դավիթի մոտ
Ասաց. «Ո՛վ Դավիթ, մանո՛ւկ դիվոտ,
Բերել եմ ահա քեզ մահվան բոթ»։
«Ո՛վ Դավիթ», կանչեց «Դավի՛թ» ասաց
«Սասմա ավերման ժամը հասավ.
Եկել է զորքով բազմահազար
Մսրամելիքը, արքան գազան.
Գնա՛նք, ո՛վ Դավիթ, գնա՛նք» ասաց.
«Իրեն տանք հարկը իրա ուզած.
Գնանք, ո՛վ Դավիթ, ոսկի տանենք,
Փրկություն հայցենք արքայից նենգ,
Որ վրեժն իր չար նա չհանե,
Սասմա երկիրը չկործանե»։
Եվ ասաց Դավիթը Օհանին.
«Ո՛վ Ձենով» ասաց «Գնա քնի՛.
Առավոտ, առած աղեղ ու նետ,
Ի՛նքս կգնամ կռիվ կանեմ»։

ԻԱ

Առավոտ ելավ Դավիթը վեր,
Վերցըրեց-առավ աղեղ ու նետ,
Որ գնա՝ Մսրա արքայի հետ
Մղի պատերազմ մի չարաղետ,
Որ ուժը նրա հորդած, ինչ գետ,
Դարձընի, քշի մեր երկրից ետ։
Բայց տեսավ նրան այրին այն խեղճ,
«Ո՛վ Դավիթ» ձայնեց «Այդ ո՞ւր» կանչեց
Դավիթը ասաց. «Գնում եմ ես
Մսրամելիքին կոչեմ հանդես,
Մեր երկրի համար կռիվ անեմ,
Մսրամելիքին Սասնից հանեմ»։
Պառավը ասաց. «Դավի՛թ ռամիկ,
Ինչքա՜ն ես անմիտ ու միամիտ,
Փուչ գլխիդ ունես լեռան քամի.
Մարդ է՞լ կգնա դարանամիտ
Մսրամելիքի հետ հարամի
Նետով-աղեղով կռի՞վ կանի»։
«Բա ի՞նչպես անեմ» Դավիթն ասաց.
«Ո՛չ զրահ ունեմ, ո՛չ զենք հազար»։
«Բա ինչպես անե՜ս» պառավն ասաց.
«Բա չե՞ս իմանում, Դավի՛թ անճար.
Մհերը ուներ զենքեր անչափ,
Մհերը ուներ նժույգ պայծառ,
Մհերը ուներ և սուր-կայծակ»։
Դավիթը կիտեց հոնքերն, ասաց.
«Բա ո՞ւր են իմ հոր զենքերն» ասաց.
«Հ՜եյ, խևո՛ւկ Դավիթ» պառավն ասաց.
«Ձենով Օհանի՛ն գնա ասա.
Ինչքա՛ն որ զենքեր քո հերն ուներ,
Ինչքան որ զրահ Մհերն ուներ
Ձենով Օհանն է տարել-պահել,
Գնա՛, ե՛տ խլիր, Դավի՛թ հուրհեր»։
Ասաց, խրատեց պառավն արթուն
Դյուցազուն Դավթին, ինչպես որդուն.
«Հավատ չընծայես ուրիշ մարդու.
Թե սիրով չտա ուժո՛վ առ դու»։

ԻԲ

Գնաց Դավիթը սրտով տրտում,
Գնաց այն Ձենով-Օհանի տուն,
Թակեց, թնդացրեց երդիկ ու դուռ,
«Ո՛վ Օհան» կանչեց «Ե՛կ արի դո՛ւրս,
Առյուծ-Մհերի զենքերը տո՛ւր,
Որ կռիվ գնամ զենքերով հուր»։
Օհանը, սարսած, ելավ գավիթ.
«Ի՞նչ զենքեր» ասաց «Խևո՛ւկ Դավիթ,
Դու մանուկ էիր մի միամիտ,
Ո՞րտեղից փչեց գլխիդ քամին»։
Դավիթ ասաց. «Ձենով-Օհան,
Մհերը ուներ ոսկե վահան,
Մհերը ուներ զենքեր հրցայտ,
Մհերը ուներ նժույգ պայծառ,
Մհերը ուներ և՛ սուր-կայծակ։
Բեր, հանձնի՛ր զենքեր ու զրահներ,
Եթե ոչ» ասաց «Ուժո՛վ կառնեմ»։
Օհան, ահով լցված հազար,
Հարցըրեց «Դավի՛թ, քեզ ո՞վ ասաց»։
Դավիթը ասաց. «Պառավն այն մեր.
Ե՛լ, Ձհնով-Օհան, զենքերը բե՛ր,
Գնամ, մեն-մենակ կռիվ անեմ,
Մսրամելիքին Սասնից հանեմ»։

ԻԳ

Տեսավ՝ ճար չկա Օհանը նենգ,
Հավաքեց, բերեց զրահ ու զենք,
Բերեց Մհերի զենքերն հրցայտ,
Նժույգը բերեց նա պայծառ,
Եվ սուրը բերեց նրա կայծակ։
Եվ Դավիթը երբ նժույգն հեծավ,
Երբ հագավ իր հոր զրահն արծաթ,
Երբ բռնեց ձեռքին սուրը կայծակ
Դարձավ Դավիթի հետքից ասավ.
«Ափսո՛ս, Մհերի հրեղեն ձի՛,
Զրահներ անգին, գանձե՜ր անծիր,
Ափսո՛ս Մհերի ձիու սանձին»...
Դավիթը լսեց և ետ դարձավ,
«Ո՜վ Ձենով-Օհան, Օհան» ասավ,
«Պապանձվի՛» ասավ «քո չար լեզուն,
Բա մանուկ Դավթին չե՞ս ափսոսում»...
Օհանը ահից խոսքը փոխեց.
«Ափսո՛ս մեր մանուկ Դավիթ» ասեց.
Աչքերից առատ արցունք հոսեց,
Իբրև թե խղճաց ու ափսոսեց։
Դյուցազուն Դավիթն էլ չխոսեց,
Առյուծ-Մհերի անունն հիշեց,
Ե՛տ դարձավ ապա և ձին քշեց...

ԻԴ

Դյուցազուն Դավիթն հուր-ձին քշեց
Մսրամելիքի բանակն հասավ.
Երբ բանակն հասավ, նայեց-տեսավ՝
Քնել է, բռնած հովհտ ու սար,
Մսրամելիքի զորքը հազար։
Դյուցազուն Դավիթն երբ այս տեսավ՝
Մտածեց, մանուկ մտքում ասավ.
«Թե հիմա այսպես քշեմ-գնամ,
Ցորյանի նման հնձեմ նրանց
Պիտի մտածեն, թե մենք քնած,
Դավիթը գող-գող եկավ գնաց»։
Ձայն տվեց ուստի Դավիթը քաջ.
«Վե՛ր կացեք, ելե՛ք, զորքե՛ր քնած,
Որ չասեք հետո, թե մենք քնած՝
Դավիթը գող-գող եկավ գնաց»։
Արթնացավ իսկույն բանակն ամբողջ,
Թնդյուն, շառաչյուն, շռինդ ու կոչ,
Ձիերի խրխինջ ու խրխնջոց,
Զենքերի շաչյուն, ու հուր, ու բոց...
Հավաքեց Դավիթն իր ուժը ողջ,
Մրրիկի նման հուր-ձին թողեց,
Կայծակներ թռան քարից, հողից,
Արեգակն անգամ գույնը փոխեց,
Երբ սուրն արձակեց հրե շողեր։
Շարժելով այսպես իր սուրն հրե,
Սկսեց հնձել, ինչպես ցորեն,
Մսրամելիքի զորքը զորեղ,
Որ Սասմա վրա քանի՛ օր էր
Եկել էր, նստել, ինչպես մորեխ։
Ահեղ էր Դավիթն ու ահավոր,
Իբրև այր արդար, ռամիկ զինվոր,
Իբրև անսասան դյուցազուն, որ
Կռվում էր սրով իր անպարտ հոր։
Երբ տեսավ նրա ցասումն այդ խոր
Մսրամելիքի զորքը բոլոր,
Դեմ ելավ նրան մի ալևոր
Մսրա աշխարհից եկած զինվոր:
«Դավի՛թ» բարբառեց զինվորը ծեր
«Ինչո՞ւ ես մեր դեմ կռվի ելել,
Մսրամելիքն է, արքան այն նեռ,
Մեզ քշել, բռնի Սասուն բերել.
Ո՜վ Դավիթ» կանչեց «Ո՜վ միամիտ,
Դյուցազո՛ւն Դավիթ՝ մեզ պես ոամիկ,
Մսրամելիքն է թո թշնամին,
Դյուցա՞զն ես՝ գնա դարանամիտ
Մսրամելիքից վրեժդ հանի»։
«Լա՛վ» պատասխանեց Դավիթը մեր.
«Իսկ ո՞ւր է հիմա Մելիքը նեռ»։
«Այնտե՛ղ է» ասաց զինվորը ծեր.
«Վրանում այն մեծ քնած է դեռ,
Ծուխ է բարձրանում այնտեղից վեր
Այնտե՛ղ է հիմա Մելիքը նեռ»։

ԻԵ

Լսեց արձակեց Դավիթն իր ձին,
Էլ չանսաց հուր ձին իրա սանձին,
Ինչպես գերանդին ցորյան հնձի՝
Մրրկվեց այդպես թափով անծիր,
Եվ գնաց, կանգնեց այն առանձին
Վրանի առջև, որի միջից,
Ինչպես հնոցից, թափով ամբողջ,
Ծո՛ւխ էր բարձրանում, ու հո՛ւր, ու բո՛ց։
«Ո՛վ Մելիք» կանչեց ձայնով անդող
Դյուցազուն Դավիթն անհուն խանդով.
«Ո՜վ Մելիք» կանչեց «Քնելըդ թո՛ղ,
Ե՛լ, կռիվ մղենք, զարկե՛նք հերթով,
Ինչքա՞ն ես տեսնենք արդյոք դու քաջ,
Որ ժողովրդիդ՝ ահից կորած՝
Քշել ես, բերել Սասմա վրա»։
Մելիքը լսեց ձայնը նրա,
Վեր կացավ, նստեց մի պահ մռայլ,
Նայեց նա հպարտ իրա զորքին,
Մոտ կանչեց ապա մանուկ Դավթին,
Հսկա բերանը ապա բացեց,
Դյուցազուն Դավթի վրա փչեց,
Որ նրան, ինչպես չնչին տաշեղ,
Թռցնե, Սասմա դաշտից քշե։
Բայց կանգնած մնաց Դավիթն հուրհեր
Իր տեղում անշարժ ու աներեր։

ԻԶ

Վեր թռավ տեղից Մելիքն ահեղ
Սարսափից կորած ու խելահեղ,
Բայց զսպեց իրեն, շունչը պահեց,
Ժպտալով ապա Դավթին նայեց,
«Նե՛րս արի» ասաց «Դավիթ ջահել,
Նստենք միասին, մարդավայել
Խոսք-զրույց անենք, ապա կրկին
Ելնենք միասին, կարգով կարգին
Ձի-նժույգ նստած, զրահ առած՝
Մեր ուժը փորձենք զորքի առաջ»։
Օ՜, մանուկ Դավիթ դու միամիտ,
Առյուծ-Մհերի որդի՛ ռամիկ,
Քո գլխում ինչքա՛ն խաղա քամի,
Ահեղ փորձության, մահու ժամին
Որքա՛ն հավատաս անգետ կամիվ
Ամե՛ն մի ոսոխ ու թշնամի
Մսրամելիքի ու Օհանի...
Ահա Մելիքը, արքան այն նեռ,
Քեզ նենգ ժպիտով կանչում է ներս,
Որ դավով խարդախ ու արնանենգ,
Քեզանից, Դավի՛թ, իր ոխն հանե։
Եվ ռամիկ Դավիթն, արդար ու մեղմ,
Հավատաց չարին ու մտավ ներս,
Եվ ընկավ, խաբված դավով այն նենգ,
Մելիքի փորած անդունդի մեջ...

ԻԷ

Ընկավ մեր Դավիթն անդունդի մեջ,
Շուրջը մթություն, ու մուժ, ու մեգ,
Իսկ վերից Մելիքը արնանենգ,
Սարսելով ահից իր խելագար,
Քաշեց մի հսկա, վիթխարի քար։
Դավիթը մնաց փոսում խավար,
Անպաշտպան, մենակ, իսկ դուրսը չար
Մսրամելիքը, արքան դաժան,
Քրքջում էր ահեղ ու ժանտաժանտ։
Եվ Սասմա վրա իջավ այնժամ
Խորշակ դառնաղետ, մահ տարաժամ։
Եվ Դավիթն, ընկած խավարում քար,
Օգնության կանչեց երկար, երկար,
Եվ զուր է ասում զրույցը հար,
Թե պարուն այդ սև, այդ ժամին չար.
Օգնության եկավ խորհուրդով վառ
Ձենով-Օհանը, իշխանն այն մառ։
Նա չեկավ, Ձենով իշխանն հայոց.
Սև սրտում՝ սարսափ ու ահ մահու՝
Նա Մելիքին էր նվաստ նայում
Եվ ժողովրդին հրամայում
Հավաքեն, տանեն նրա համար
Քառասուն կաղ կին՝ կորեկ աղան,
Քառասուն այլ կին, որ ուղտ բառնան,
Քառասուն աղջիկ՝ նման գարնան՝
Գնան՝ Մելիքին վարձակ դառնան։
Հավաքեց ապա ահով անսանձ
Օհանը ամբավ ոսկի ու գանձ,
Մսրամելիքի մոտը գնաց,
Թախանձեց, խնդրեց վիզը ծռած,
Որ գերի գրի հավիտյան-հար
Երկիրը Սասմա և դարեդար
Թե՛ իր և թե ո՛ղջ Մսրա համար
Գա, ոսկի տանի, անհատնում հարկ։
Մելիքը լսեց, չարկամ խնդաց,
Մռընչաց ձայնից հողը թնդաց,
Արձակեց ապա հրաման գոռ,
Որ ժողովուրդը Սասմա ամբողջ,
Հավաքի, բառնա հարկը փրկիչ
Եվ գերի գնա Մսրա երկիր։
Ձենով-Օհանը լսեց, գնաց
Եվ, ժողովրդին՝ ահից կորած՝
Հայտնեց Մելիքի հրամանն այս։
Եվ սուգ բարձրացավ, տրտունջ ու լաց
Աշխարհում հայոց, և որբացած
Սասմա աշխարհի ձայնը գնաց,
Հասավ ականջին Դավթի դյուցազն,
Որ խավար ու խուլ հորում կորած
Ժայթքում էր աչքից կրակ ու կայծ։
Սթափվեց, հիշեց Դավիթն այնժամ
Առյուծ-Մհերի փառքը պայծառ,
Հիշեց կայծակե սուրը հրցայտ,
Հավաքեց ամբողջ իր ուժն անծայր,
Խփեց-շողշողաց սուրը կայծակ
Եվ քարը կտրեց միջով անցավ...

ԻԸ

Դուրս եկավ հորից Դավիթն այնժամ,
«Ո՛վ Մելիք» կանչեց «Արքա՛ դաժան,
Ելել եմ, բերել քեզ մահու ժա՛մ»։
Կանչեց նա ապա ձայնով ահեղ.
«Ե՛լ, հանդես արի՛, ո՛վ արքա նենգ,
Ձի՛ նստիր, կապի՛ր զրահ ու զենք,
Որ վերջին անգամ դեմ-հանդեպ մենք,
Ո՜վ Մելիք, մահու կռիվ անենք»։
Դեմ ելավ դաժան արքան նրան,
Ժպտաց շողոքորթ, նայեց վրան,
Զենքերին նայեց այն հուրհուրան,
Նժույգին նայեց նրա կրակ,
«Ե՛կ, նստի՛ր» ասաց ժպիտով նենգ,
«Ե՛կ, նստի՛ր, սիրով զրույց անենք,
Թե կամիս հետո՝ առած թուր-տեգ,
Ո՜վ Դավիթ, մահու կռիվ անենք»։
«Ո՛չ» պատասխանեց Դավիթը մեր.
«Սասունցի Դավթին չե՛ս խաբի էլ.
Ե՛լ, Մսրամելիք, զենքերդ բե՛ր,
Կանգնի՛ր անխարդախ ու անվեհեր,
Քեզ մահ եմ բերել, ո՜վ արքա նեռ:
Բարձրացավ Մելիքն իր տեղից վեր,
Զրահներ հագավ, առավ զենքեր,
Ձի-նժույգ նստեց և կանգնեց մեր
Դավիթի հանդեպ, ինչպես մի լեռ։
«Դավի՛թ» բարբառեց Մելիքը նեռ,
«Ո՞ւմն է առաջին հարվածն արդյոք»:
«Քո՛նն է» դյուցազուն Դավիթը մեր
Պատասխան տվեց այն նեռ-մարդուն։

ԻԹ

Եվ կանգնեց Դավիթը նրա դեմ
Անսասան, անահ, դեմքով վսեմ,
Հայացքով պայծառ, ժպիտով սեգ,
Բոցավառ, ինչպես պայծառ արեգ։
Մսրամելիքը իր ձին քշեց,
Հեռացավ, եկավ, և ապա շեղ
Հարվածով դժնի, թափով ուժեղ
Հարվածեց Դավթին, որ նրա սեգ,
Բարձրաբերձ կուրծքը միջից կիսե։
Երբ զարկեց Մելիքն հարվածն ուժեղ,
«Հո՛ղ դարձավ Դավիթ» դարձավ ասեց.
«Այստե՛ղ եմ» կանչեց Դավիթը սեգ,
Եվ ահով լցվեց Մելիքը սև։
Նա երկրորդ անգամ իր ձին քշեց,
Եկավ, հարվածեց հարվածով շեղ.
«Հո՜ղ դարձավ Դավիթ» էլի ասեց,
«Այստե՜ղ եմ» կանչեց Դավիթը սեգ։
Եվ երրորդ անգամ իր ձին քշեց
Մսրամելիքը, արքան այն սև,
Եկավ, հարվածեց գուրզով ուժեղ.
«Այս անգամ մեռա՛վ Դավիթն» ասեց.
«Այստե՛ղ եմ» կանչեց Դավիթը սեգ.
«Կանգնիր, ո՛վ Մելիք, ո՛վ արքա սև,
Ե՛ս պիտի հիմա իմ ձին քշեմ»։
Երբ կանգնեց Մելիքը նրա դեմ,
«Դավի՛թ» բարբառեց «Ռամի՛կ զորեղ,
Թո՛ղ, մանուկ Դավիթ, խոր հոր փորեմ,
Մտնեմ նրա մեջ, գլխիս քաշեմ
Քառասուն կաշի, քառասուն քար
Եվ ապա՛ արի, քո զարկը զարկ»։
«Լա՛վ» ասաց Դավիթն արքային չար.
«Թող փորեն խոր հոր, քաշեն թող քար,
Չի՛ փրկի, Մելի՛ք, քեզ ո՛չ մի ճար
Սասունցի Դավթի զարկից արդար»։

Լ

Բերին, փորեցին մի հոր խավար
Մսրամելիքի, նեռի համար.
Եվ մտավ Մելիքը դողահար
Իր համար փորած հորը խավար,
Եվ բերին ապա, քաշեցին մառ
Քառասուն կաշի, քառասուն քար։
Եվ քշեց Դավիթն ապա իր ձին,
Որ խփի հարվածն իր առաջին,
Մոտ վազեց սակայն մի պառավ կին,
Մսրամելիքի մայրն էր՝ հագին
Մսրա զգեստներ՝ մետաքս անգին.
Եկավ, փաթաթվեց Դավթի ոտքին.
«Ի՛նձ բաշխիր» ասաց «Զարկդ առաջին»։
«Լա՛վ» ասաց Դավիթը պառավին.
«Ես քե՛զ եմ բաշխում զարկս առաջին»։
Եվ երկրորդ անգամ քշեց իր ձին
Դավիթն շտապով, սակայն կրկին
Եկավ, փաթաթվեց նրա ոտքին
Մի ուրիշ տարեց, գեղեցիկ կին.
Մսրամելիքի քույրն էր՝ հագին
Զգեստներ չքնաղ ու թանկագին.
Եկավ փաթաթվեց Դավթի ոտքին.
«Դավի՛թ» բարբառեց «Դյուցա՛զն անգին,
Ի՛նձ բաշխիր երկրորդ զարկդ կրկին»։
«Լա՛վ» ասաց Դավիթն «Ո՛վ չքնաղ կին,
Քե՛զ եմ շնորհում զարկս կրկին»։
Եվ երրորդ անգամ իր ձին քշեց,
Ոչ-ոքի խնդիրք էլ չլսեց,
Առյուծ-Մհերի անունն հիշեց,
Եկավ, կայծակե սուրը խփեց,
Զարկեց հարվածով, զարկով վսեմ
Քառասուն կաշին միջից կիսեց։
Կտրեց քառասուն կարծր կաշին,
Քարերը կտրեց ջրաղացի,
Ճայթեց խորությամբ մի անհաշիվ,
Դեմքն արեգական բռնեց ւիոշին։
Երբ փոշին մի քիչ բարձրացավ վեր
«Այստե՛ղ եմ» կանչեց Մելիքը նեռ.
«Սասունցի՛ Դավիթ, չե՛մ մեռել դեռ»։
Զարմացավ Դավիթն, ապա ասեց.
«Ո՛վ Մսրամելիք, թա՛փ տուր դու քեզ»։
Մելիքը նրա ձայնը լսեց,
Թափ տվեց իրեն, արյունն հոսեց,
Մեջտեղից եղավ նա երկու կես,
Անցավ, խորտակվեց Մելիքն այսպես...

ԼԱ

Այսպես է ասում զրույցը մեզ,
Սասունցի Դավթի զրույցն արդար,
Ասում է ապա զրույցն այդ վառ,
Որ մեռավ այսպես երբ նեռը չար
Դավիթը նրա զորքին դիմեց.
«Գնացե՛ք» ասաց «Ձեր երկրռւմ կեզ
Ապրեցեք ազատ, ապրուստով վես,
Եվ հանգիստ թողեք մեր տունն ու մեզ»։
Ասում է ապա զրույցը մեզ,
Որ Դավիթն հետո դաշտից քշեց
Ձենով-Օհանին, իշխանին նենգ,
Հավաքեց ապա զրահ ու զենք,
Եվ դարձավ ռամիկ երկիրն ուժեղ,
Եվ հնչեց կրկին ամենուրեք
Սասմա լեռներում ծիծաղ ու երգ...
Ասում է ապա զրույցը մեզ,
Որ Սասմա երկրում տիրեց այսպես
Կյանք զարմանալի, արդար ու վես,
Մինչև մահացավ Դավիթն հրկեզ
Եվ ժառանգ թողեց երկրի վրա
Մհերին՝ որդուն իր հուրհուրան,
Բայց դժնի ուժեր տարան նրան,
Փակեցին Սասմա անհուն լեռան
Քարայրում մթին, որ այնտեղ նա
Հավիտյան, ընդմիշտ գերված մնա...
Օ՜, դյուցազն Մհեր, ռամիկ դու ա՛յր,
Առյուծ-Մհերի շավի՛ղ պայծառ,
Դյուցազո՛ւն վերջին, ռազմի՛կ արդար,
Ձե՛ռք ժողովրդի ստեղծարար,
Ուժեր կործանիչ, և՛ մութ, և՛ չար
Քարայրում այն մութ, միգում խավար
Փակեցին ահով քո դեմքը վառ,
Եվ գալիք քենից սարսափահար՝
Հայտարարեցին քեզ նեռ ու չար,
Որ չելնես մի օր՝ նրանց համար
Չբերես անկում, ու մուժ, ու մահ...

ԼԲ

Հուշ դարձավ այսպես, կյանքից գնաց
Սասունցի Դավթի զարմը դյուցազն,
Եվ տիրեց անհուն աղետ ու լաց
Լեռներին Սասմա, աշխարհին բարձր,
Եվ ժողովրդին ռամիկ ու պարզ։
Հուշ դարձավ այսպես, դարձավ երազ
Առյուծ-Մհերի զարմը զորեղ,
Եվ դարեր ապա ու տարիներ
Լեռներում Սասմա, աշխարհում մեր,
Որ ոչ մի դյուցազն էլ չսերեց
Ձենով-Օհանի զարմը տիրեց...
Տիրեց Օհանի սերունդը մառ
Բազում տարիներ, ու դարեդար
Հայրենի երկրում ժլատ ու չար,
Անդուլ կեղեքող ձեռքով շռայլ
Ցրե՜ց մեր երկրի գանձը անծայր
Եվ ինքնությունը մեր ոսկեսար։
Եվ եկան ապա ու շարեշար
Տիրեցին երկրին իշխաններ չար,
Տերեր հայրենի ու զանազան,
Ազատանիներ՝ վարքով գազան,
Եվ նեռ-արքաներ հազարհազար։
Եվ ժողովրդի գլխին ազատ,
Իբրև հովանի մի սրբազան,
Կախվեց տերերի ժանիքը ժանտ
Ե՛վ խարույկ, և՛ խաչ, և՛ խարազան...
Այսպես Օհանի սերունդը մառ
Տիրեց աշխարհում երկա՛ր, երկա՛ր,
Մինչև օրն եկավ և դեմքով վառ
Ելավ քարայրից Մհերն արդար,
Եվ բերեց զարմին Օհանի չար
Անկում վերջնական և մահ անճառ։
Օ՜, անմահ Մհեր, քանի՜ դու դար
Պիտի մնայիր այրում խավար,
Մինչև աշխարհում քո օրը գար
Եվ ելնեիր դու արևավառ
Համա՛յն աշխարհի զարմերին չար
Բերելու անկում և մահ արդար:

ԼԳ

Եվ մենք աշխարհում հավիտյան-հար,
Որքան վերհիշենք զրույցն այս վառ,
Սասունցի Դավթի զրույցն արդար,
Սերունդե-սերունդ ու դարեդար
Դառնանք բարբառենք նզովք մենք նախ
Մսրամելիքին, թագավորի՛ն,
Դառնանք բարբառենք նզովք ապա
Ձենով-Օհանին, իշխանին նե՛նգ,
Դառնանք բարբառենք նզովք ապա
Ա՛յլ իշխաններին բոլոր այն մեր,
Որ բերին մեզ մահ, ու մո՛ւժ, ու նե՛ռ։

Փա՜ռք փառաբանենք ապա մենք մեր
Առյուծ-Մհերին, դյուցազնին քա՛ջ,
Դավիթին՝ նրա որդուն դյուցազն,
Մհերին՝ նրա որդուն անմահ,
Ո՛ղջ ժողովրդին ապա Սասմա,
Որ լուրթ լեռներում մի օր բազմած
Հորինեց պայծառ զրույցը այս
Եվ անցավ անհետ, դարձավ երազ...

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Что я буду делать без тебя
Саят Нова

Что я буду делать без тебя

Давид из Сассуна
Давид из Сассуна
Играть онлайн