Вртанес Папазян

Արդար դատաստան

Ա

«Կ․ Պոլսո Ադլիեի ատյան ամսույս 25-ին, ժամը 10-ին հրամայում է ձեզ ներկայանալ յուր դատարանը և վկայել Ա…ֆ…յանի գործի մասին…»:

Այսպես էր գրված այն թղթի վրա, որ ներկայացրեց ինձ մի հնամաշ հագուստով «զափթիե» և կոպտությամբ հրամայեց, որ ստորագրեի: Ի՜նչ արած, ստորագրեցի և որովհետև հենց այդ օրն իսկ ամսի 25-ն էր, կես ժամից հետո Ադլիեի դատարանը մտա։

Սա մի մեծ շենք է Այա-Սոֆիա մզկիթի մոտ կառուցած և բովանդակում է յուր մեջ օսմանյան օրենքի տրամադրած բոլոր ատյանները- սկսած հաշտարարից (բիդայեթ) մինչև վճռաջինջ վերջնական ատյանը (թեմիզ)։

Մի երկայն նրբանցքի երկու պատերի վրա երևում էին բազմաթիվ թանձր վարագույրներով ծածկած դռներ, որոնց յուրաքանչյուրի վրա մի մի բան էր գրված, նրանցից մեկը արտաքնոցն էր, ուր մտնում-ելնում էին ջրի ամանով և թևերը սոթտած, ֆեսը ծոծրակի վրա դրած, ոտները բոբիկ ու կուրծքը բաց էֆենդիներ, վսեմաշուք բեյեր… Արտաքնոցի կողքին քննիչների սենյակն էր, որո մեջ տեղ-տեղ նստած էին մի քանի այլ տաճիկներ, մի ծունկը ծալել, փայլուն թուղթը ոլորած նրա վրան գրել, աոջևում նստեցրած զանազան անձերի հարցեր էին առաջարկում և գրում, չմոռանալով երբեմն ճաշակել մոտը դրված սուրճից, հաց ու պանրից, խմել ահագին ամանից ջուր, թքել մոտը դրված հողե ամանի մեջ, ծխել ոտների տակը դրված պապիրոսներից, կատակներ անել փոքր-ինչ հեռու տեղ նստած այլ քննիչների հետ, և որովհետև այդ անընդհատ քննություններից ձանձրանում էին, այնչափ դյուրագրգիռ էին եղել, որ շատ անգամ իրենք առիթ տալով քննվողին մի անհանգիստ շարժում գործելու՝ բարկանում և սկսում էին փողոցային խոսքերով հայհոյել։

Քննիչների այդ սենյակը, ուր մտա ես տեսնելու, թե ինչ կար այնտեղ, ամենակեղտոտ սենյակն էր. մի անկյունում ընկած է ցեխոտ ավելը, մի ուրիշ անկյունում քննիչների արտաքնոց տանելիք կեղտոտ հողի ամանը, մի այլ կողմ սրճամաններ, հացի կտորներ, հատակի վրա ամեն մեծության թղթի կտորներ, պապիրոսի մնացորդներ, կոտրտած աթոռներ, մինտերներ, բարձեր, հնությունից բոլորովին գզգզված կապույտ օթոցներ և այդ բոլորի վրա ավելացրեք պատուհանների աղոտ լույսը խափանող փոշիապատ, կարմիր, կտրտված վարագույրները, որոնցից մի քանիսը ընկել էին նստած քննիչների մեջքի վրա և փոշիով ծածկել նրանց վերարկուները։ Քննիչներից միայն մեկը կար, որ փոքր-ինչ կանոնավոր էր հագնված–ծխում էր և մի կողմից ձևակերպական հարցեր էր առաջարկում յուր առջևը նստած վախից ղողացող մի հայի. իսկ մյուսները կուրծքը բաց, մազերը չսանրված և դիզացած գլխի վրա, երեսնին կեղտոտ, կոշիկները գետնի վրա ընկած, գույնզգույն գուլպաները ծակ-ծակ և այդ ծակերից երևեցող ոտքերի մատները այնպես կեղտոտ էին, որ մարդ կարծում էր, թե այդ քննիչները սև ոտներ պիտի ունենային։

Ի լրումն ամենայնի, մի վառարանի երկայն խողովակ դիմացի պատից իջնելով պարզվում էր մինչև մեջտեղ և այնտեղից իջնում ուղղակի քննիչների գլխի վրա. որովհետև գարունը եկել էր, ուստի վառարանը վերցրել էին և որպեսզի հետագա ձմռան նորից նեղություն չկրեին խողովակները տեղավորելու՝ նրանց տեղնուտեղը թողել էին առանց մտածելու, որ ծովային քամին լուսամուտից երբեմն ներս մտնելով՝ շարժում էր նրանց և թափթփում էր միջի մրուրը կամ գրասեղանների, կամ քննիչների մեջքի և կամ հատակի վրա։

Սենյակում կային չորս քննիչներ, չորսի առջևն էլ՝ պատկառանքով նստել էին քննվողներ և վախվխելով պատասխանում էին քննիչի ձևակերպական հարցերին և վերջինս էլ առանց նրանց երեսին նայելու՝ կամ ուտում էր, կամ խմում էր, կամ ծխում և կամ մի քանի խոսք գրում յուր ծնկան վրա դրված փայլուն թղթի վրա և ճզճզացող եղեգնյա գրչով, որով երբեմն էլ խառնում էր քիթը կամ ականջը…

Բ

Եվ որովհետև նրբանցքի մեջ պատերի տակ բազմած, լուսամուտների մեջ պպզած կամ ման եկող մարդիկ ազատությամբ երբեմն ելումուտ էին անում այդ սենյակների մեջ, ես էլ համարձակություն ստացա և քննիչների սենյակից դուրս գալուս պես մտա նրա կողքի սենյակը, որի վրա ոչինչ չէր գրված, սակայն ներսից ձայներ էին գալիս:

Դատաստանի սրահն է այս անպատճառ, մտածեցի ես։ Ի՜նչպես չէ. ներս մտնելուս պես ապշած կանգ առա: Սենյակի մի կողմում կապված մի կեղտոտ թախտի վրա ընկողմանել, նստել, պպզել և պառկել էին ծառաներ, զափթիեներ, լավուշներ, մի տեսակ ծիծաղելի զարդերով «լիվռե»-ներ հագած դատաստանական ծառաներ և թախտի մի կողմում նստել էր սև սավանով ծածկված մի սպիտակ դեմքով թրքուհի, որ խռպոտ ձայնով մի բան էր պատմում, և այդ բոլոր մարդիկ քրքիջներով ծիծաղում էին։

Երբ ինձ տեսան, թրքուհին աշխատեց սավանի ծայրով դեմքը ծածկել, սակայն ժպտելը չմոռացավ, ծառաները առանց տեղերից շարժվելու՝ կողքից ինձ նայեցին, և Օսման չավուշը, որ ընկողմանել էր մի կեղտոտ բարձի վրա՝ գոռաց ինձ.

Այդ դո՞ւ ես, էֆենդի՛, համեցե՛ք, համեցե՛ք…

Օսման չավուշը ծանոթ էր ինձ, երբ բիթայիթի րեիսի աղջկան դաս տալու էի գնում, չավուշն էր միշտ, որ բաց էր անում րեիսի դուռը և սենյակն էր բերում փոքրիկ դաշնամուրը, որի վրա րեիսի տասներեք տարեկան աղջիկը հինգ օրվա մեջ անպատճառ կամենում էր «թաքսիմ բայթի» եղանակը կատարելապես ածելով զմայլեցնել յուր ընկերուհիներին։

Ներողություն ասացի ես Օսման չավուշին, ես սխալվեցա, կարծեցի, թե դատարանն եմ մտել։

Չես էլ սխալվել, ծիծաղեց չավուշը, իսկական դատարանը այստեղ է… արի նստիր և տես, թե նազանի Էբեն ինչպես է ճիշտ պատմում այն գործը, որ քննվեց կես ժամ առաջ և վճիռ տրվեց։

Ի՞նչ գործ է այդ, հարցրի ես։

Ի՞նչ,– գոչեց մի զափթիե, չե՞ս լսել Սադըք էֆենդիի կնոջ գործի մասին։

Որ ամբողջ Պոլիսը դղրդեցրեց, ծիծաղեց մի ուրիշը։

Չեմ լսել, ասացի ես: - Դե՛հ, Նազանի էբե՛,- դիմեց Օսման չավուշը թրքուհուն,– պատմիր ծայրից. թող էֆենդին իմանա, մեր րեիսի աղջկա խոջան է

- Մեր Քյոլչյուք հանըմի խոջա՞ն է,– գոչեց Նազանի էբեն և դեմքը բաց արեց ու ժպտեց. զազրելի դեմք ուներ այդ տաճիկ կինը, մեծ-մեծ սև աչքերը փայլում էին խիտ ներկով սևացրած հոնքերի տակ. այտերը ներկով սպիտակացրած էր, բերանը լայն և առջևի բոլոր ատամները կոտրած ու սև. վերին շրթունքի վրայից երևում էին նույնիսկ բեղեր, իսկ ծնոտի վրա մի քանի հատ սև, երկայն մազեր, ձեռքերը, որով բռնել էր ետ քաշած սավանի ծայրերը, երկայն պուդրայով սպիտակացրած կմախքի նմանող մատներով ճանկերի էր նմանում… այնուամենայնիվ ուներ երկայն սև մազեր, որոնցից մի հյուսը բաց՝ կիսովին բերել սփռել էր կրծքի վրա:

- Նա է,– ասաց Օսման չավուշը:

- Բարի եկար, էֆենդի, խոսեց էբեն «թեմենդե» անելով։

- Շնորհակալ եմ,– ասացի, դու ո՞րտեղից ես ճանաչում րեիսի աղջկան։

Բա՛հ, ծիծաղեց ծառաներից մեկը, քաղաքում կին և աղջի՞կ է մնացել, որ Նազանի էբեն չճանաչի… Որքան ապօրինի ծնունդներ լինում են, Նազանի Էբեն գիտե…

Այն էլ գիտե, մեջ մտավ ուրիշը, թե ո՛ր պալատից, որ կինը յուր ապօրինի զավակը ջուրը ձգեց կամ խեղդեց և կամ ուղարկեց ձգելու Սուլթան Բայազիդի մզկիթի առջև։

Ուրեմն շա՞տ են լինում այդպիսիները, հարցրի ես։։

- Ուզածիդ չափ, ծիծաղեց էբեն, դեռ երեկ էր, որ մի չերքեզի կնոջ տղան Սուլթան մեճիտի ջամիի մոտ դրի…

Լա՛վ, լա՛վ, գոչեց Օսման չավուշը, սա Սադըք էֆենդիի կնոջ գործը պատմիր մեզ։

Պատմեմ, ասաց էբեն հանգստությամբ, տեղավորվելով թախտի վրա և դառնալով ինձ. էֆենդըմ, սրանից հինգ օր առաջ Պոյուքգերեից ետ դառնալով տունս էի մտնում, երբ մի երեսը ծածկած կնիկ, որ կանգնել էր դռանս մոտ, դեմս փակեց և հարցրեց. Նազանի էբեն դու՞ ես… Ես եմ, ասացի, ի՞նչ ես ուզում, դու ո՞վ ես… ձեոքս պարզեցի, որ երեսի «րուբենտը բարձրացնեմ, բայց նա ձեռքը ետ մղեց և ասաց. Ներս մտնենք, ես կասեմ, թե ով եմ, ծիծաղեցի, ինձ հետ այդպիսի դեպքեր շատ է պատահում, կամ մի որևիցե փաշայի կնիկ կլիներ և կամ մի պալատի աղախին, որ հրավիրում կլիներ ինձ մի ապօրինի զավակ ջուրը ձգելու, շամիի դուռը տանելու և կամ խեղդել աղբանոցը ձգելու…

Սարսռացի ես, երբեք հավատալս չէր գալիս, կարծում էի, թե այդ տարօրինակ կինը «Հազար և մեկ գիշերներ»-ից մի հեքիաթ է պատմում ինձ։

Ներս մտանք,– շարունակեք էբեն ժպտելով,– կինը դեմքը բաց արեց, և ես տեսա, որ Սադըք էֆենդիի կնոջ աղախինն է… Բոլորին ճանաչում եմ ես… Հը՞, ի՞նչ կա, հարցրի ես, խանումդ չլի՞նի նորից ուզում է այստեղ գալ…– Ո՛չ, ասաց աղախինը, խանումը հիվանդ է և քեզ է կանչում։– Հենց հիմա՞։– Հենց հիմա։ Ճարն ի՞նչ, էհրամս ծածկեցի և աղախնի հետ Սադըք էֆենդիի տունը գնացինք,… խանումը հիվանդ էր. մի սիրուն աղջիկ էր ծնել, տվեց ձեռքս և հրամայեց, որ Սուլթան Բայազիդի դուռը տանեմ ձգեմ. ես խղճացի, ախր խանում,– ասացի,– ի՞նչ կլինի, թող այս աղջիկը քեզ մոտ մնա, մարդդ կկարծի, թե իրենն է…– Տա՛ր,– գոռաց խանումը,– ի՛նչ մուրտա բան է որդի ունենալ, ոտքդ կկապվի, էլ չես կարող ման գալու գնալ… Ես ի՞նչ գիտեմ էլ ինչե՜ր չասաց: Երկու ոսկի էլ փող տվեց, ես էլ փաթաթեցի մանկան հերամիս մեջ և մութ էր, երբ որ անցնում էի շահզադե բաշիի կողմը… տեսնեմ մի գյավուր մշակ կոտրտած փայտ է շալակել, ցած է իջնում Բեզեստանի կողմը: Այդ միջոցին էլ ետ նայելով, տեսա, թե ինչպես մեկ փոլիս ետևիցս գալիս էր… հըմ,–ծիծաղեցի ես,- կարծում է, թե մի փաշայի ծպտած կնիկ եմ ու սիրականիս տունն եմ գնում․ լավ, այդ հեշտ էր, փոլիսը ինձ մոտենալուն պես կճանաչեր և կթողներ, բաս մանուկը… Թարսի պես պզտիկն էլ սկսում էր ճչալ․ հենց պատի տակից անցնելով մանկան գյավուրի շալակի վրա դրի ու սկսեցի ետ դաոնալ… Փոլիսը դեմս եկավ, ճանաչեց ինձ, ես ասացի, որ դայակության եմ գնում, փոլիսը անցավ և լավ տեսա, թե ինչպես շփոթված գյավուր մշակին բռնեց ու մանկան հետ մոտիցս անցավ… Բայց փոլիսը սատանա էր. տեսել էր, թե ինչպես ես էի դրել մանուկին գյավուրի շայակի վրա, ուստի և ասաց,– Նազանի էբե, այս տղան որի՞նն է։– Սադըք էֆենդիինն է,– ասացի ու ծիծաղելով մեկ ոսկի տվի նրան։– Լավ,– ասաց փոլիսը, հետո գյավուր մշակին դարձավ ու գոռաց.

-Անհավատ շուն, այս տղան որտեղի՞ց ես բերում։

Խեղճ մշակը շփոթվել էր վալլա՜հ, աղա՜… - կմկմաց… -Փոլիսը նրա վզակոթին մի քանի հատ խփեց, հետո հրեց նրան, մանկան գիրկը առավ և գոչեց. հա՜յդե, «փոլիս իդարեսին» երթանք… էբե ասաց ինձ, մոտենալով,–Սադըք էֆենդիի հանըմին ասա, որ Ալի չավուշի համար հինգ ոսկի պիտի ուղարկել… և Հեռացավ մշակի ու մանկան hետ… Մնացածը գիտեք բոլորդ էլ։

-Ո՛չ,- գոռաց Օսման, չավուշը,– էֆենդին չի իմանում, ասա, բոլորը:

- Էլ ի՞նչ ասեմ. գյավուր մշակին բանտարկեցին, բայց նա էլ լսել էր փոլիսի վերջին խոսքերը և Սադըք էֆենդիի անունը… Կադին հրամայեց գյավուր մշակի դատաստանը իսկույն կտրել և հինգ տարի բանտ վճռեց նրան ու շուտով բանտարկել տվեց, որ Սադըք էֆենդիի անունը չնշվի… ամենքը գիտեն, սակայն պաշտոնապես ոչ ոք չի իմանում…

- Այսինքն չի ցանկանում իմանալ- ավելացրի ես:

- Ես ի՞նչ գիտեմ,– ծիծաղեց էբեն, ինձ էլ կանչեցին, որ ասեմ թե ծնածը քանի օրվան էր, ես էլ խո լավ գիտեի… բայց կադին էլ գիտեր, փոլիս մյուդիրն էլ… ամենքն էլ գիտեին…

- Ուրեմն մշակին դատապարտեցի՞ն,– հարցրի ես:

- Նոր ներսումը հինգ տարվա բանտարկություն վճռեցին նրան, ասելով, թե մշակը մանկան տանում էր ծովը ձգելու։

- Իսկ քեզ ի՞նչ արին։

- Ի՞նձ, ոչի՛նչ, կադին մի կողմ քաշեց և ասաց, որ ձայնս կտրեմ. ես իմ գործը լավ գիտեմ, որ ամենքին ասեմ, էլ ո՞վ ինձ կվստահի:

- Բաս ինչո՞ւ մեզ ասացիր, հարցրեցի ես։

- Դու Քյուչյուք հանըմի խոջան էս, նրա համար, իսկ սրանք ոչ ոքի բան չեն ասիլ, որովհետև իրենց գործին էլ վնաս կլինի… պաշտոնից կզրկի կադին… այսպես է մեզանում. դատարաններում գաղտնիքը պահել պիտի գիտենալ…

- Իսկ Սադըք էֆենդիի կի՞նը, հարցրի ես։

- Երեկ տեսա, նավակի մեջ Քեհաթխանե էր գնում, ուր վրան էր զարկել տվել և նվագածուներ էր բերել մի քանի օր քեֆ անելու համար…

Գ

Ծառաների այդ սենյակից դուրս գալուց հետո փոքր-ինչ դանդաղությամբ դիտեցի ամեն կողմ պպզած հայերին ու տաճիկներին և երբ կամենում էի մի ուրիշ սենյակ մտնել, բաց լուսամուտից երևցող բակի միջի մի տեսարան կանգ առնել տվավ ինձ: Դեպի մեր կողմն էր գալիս մի բազմություն, բաղկացած ամեն տեսակ հագուստներ հագած հայերից, տաճիկներից, հույներից, պարսիկներից, ալբանացիներից և հրեաներից: Այդտեղ կարելի էր տեսնել ֆեսը ծուռ դրած՝ լրբենի հեգնական ժպիտը դեմքին տաճիկներ, վախից գունաթափ դեմքով գլուխը ծռած հայեր, վիզը բարձր բռնող և վճռական հայացքով, հպարտությամբ քայլող հույներ, կատաղի աչքերը չորս կողմ հածող՝ կոնաձև մեծ-ֆեսերով ալբանացիներ, կարմիր ներկած մատներով և ձեռքերով միմյանց հետ բարեձայն վիճող պարսիկներ և վերջապես գծուծ հագուստներով հրեաներ որոնք քծնում էին այդ բազմության առջևից և ետևից գնացող երկու հետևակ սուվարիների շուրջը:

Իսկույն հասկացա, որ «փոլիս իդարեսիից» դատարան էին բերում բոլոր հրավիրվածները՝ լինեին նոքա վկաներ, ամենաչնչին պատճառներով դատի հրավիրվածներ և կամ նույնիսկ հետաքրքրության համար «փոլիս իդարեսին» մտնող անձեր: Բոլորին առաջնորդում էր մի զինվոր, որը ներս մտավ, հետո դռան մոտ կանգնելով համրեց ետևից մտնողներին և առաջնորդեց նրանց դեպի մի խարխուլ խրճիթ, որ երևում էր բակի աջ կողքում յուր վանդակապատ, քարուքանդ և հնությունից սևացած լուսամուտով և հնադարյան կաղնյա դռներով։

Երբ հասան այդ խրճիթի դռան մոտ, կանգ առին և զինվորը ձեռքի բանալիքով դուռը բաց արեց. ես հետաքրքրությամբ ետ գնացի և որովհետև այդ բազմության մեջ երևում էին նաև երկու եվրոպական գլխարկներով շատ մաքուր հագնված անձեր, կամացուկ մոտեցա նրանց և հարցրի տաճկերեն.

Դուք հա՞յ եք:

Հայ ենք…

Դու՞ք ինչ գործ ունիք այստեղ։

Մենք…

Բայց չկարողացան վերջացնել, որովհետև զինվորը կոպտությամբ բռնեց նրանց թևիցը և գոչեց,

Մտեք ներս, խոսելու ժամանակ չէ։

Հետո, երբ նրանց ներս կոխեց, նայեց ինձ և ասաց.

Դո՞ւ ինչու չես ներս մտնում, պե՞տք է, որ քեզ էլ հրեմ։

Ե՞ս, զոչեցի զարմացած, ես սրանց հետ չէի:

Այդ ո՞րին ես խաբում, հա՛յդե, ներս մտիր…

Բայց…

Չոք սեոլե՛մե… որոտաց զինվորը, հետո բռնեց թեևիցս և այնպես հրեց ինձ ներս, որ գնացի ընկա մի հրեայի վրա, որը մի վայ արձակեց. դուռը ետևիցս փակվեց, ես գտնվում էի այդ բազմության հետ մի մութ, կեղտոտ, աղբով լիքը սենյակում։ Փոքր-ինչ հեռու կանգնած էին երկու հայերը, իսկ մյուսները ծիծաղում էին։ Կատաղեցի, ուշքի եկա և վազեցի դեպի դուռը, բայց դուռը արդեն փակված էր, և զինվորը դրսից կողպեք էր դնում նրա վրա։

Բա՛ց, գոչեցի ես, ես սրանց հետ չէի։

Ձա՛յնդ, գոռաց դրսից զինվորը,– ինձ Մահմեդ աղա կասեն, քանի քեզ պես հոպոպներին եմ կոխել այդ «կափու ալթիսին…»։

Թանկ կնստի քեզ այդ, ասացի, րեիսին կասեմ, հոգիդ կհանի։

Օհո՛, քրքջաց զինվորը, րեիսի՞ն էլ ես ճանչում։

Բա՛ց, ասում եմ, գոչեցի ես, ես նրա բարեկամն եմ…

Իրա՞վ… երբվանի՞ց ես բարեկամ… էֆենդը՛մ Մահմեդ աղան հիմար չէ, գիտե, որ րեիսը բարեկամի ինչ լինելը չի իմանում… ափսոս առաջ չիմացա, որ դու րեիսի բարեկամն ես, թե չէ կտանեի ուրիշ բանտ…

Ստիպվեցա լռել, թեև բարկությունից գոռում էի։

Ոսկոր ձգիր առջևը, այդ միջոցին փսփսաց մեկը ականջիս։

Ետ նայեցի, հայերից մեկն էր։

Ահա՛, ասաց նա, հինգ ղուրուշ մենք կտանք, հինգն էլ դու տուր, և թող երեքիս էլ թողնե դուրսը կանգնենք…

Բայց դո՞ւք ինչ գործ ունեիք սրանց մեջ, հարցրի ես նրան։

Մենք վկա ենք կանչված մի դատի համար։

Վկա՞… և սրանք վկաների՞ն էլ են բանտարկում։

Իհարկե, ծիծաղեց հայը, այ պատմեմ քեզ սրանց օրե՞նքը, թե սովորությունը։ Բերում են մի թուղթ, ստորագրել տալիս և քեզ էլ քարշ տալիս «փոլիս իդարեսին»։ Այնտեղ կոշիկներդ հանում ես բակում կանգնած մի զինվորի մոտ և կոշիկներդ պահելու համար էլ 1 ղուրուշ փող ես տալիս (և եթե ետ դառնալու ժամանակ կոշիկներդ թռած լինին՝ չզարմանաս). բոբիկ ոտներով քեզ տանում են փոլիսի մյուդիրի մոտ մի մեծ սենյակ, ուր պատերի տակ մի-մի արկղիկների և փռված անկողինների մոտ պպզել են գրագիրներ և ճզճզացնում են, իսկ ինքը մյուդիրը նստել է մի խարխուլ սնդուկի վրա ամենաբարձր տեղը, ֆեսը ծոծրակի վրա գրել, քեզ է նայում դաժանությամբ, հետո զինվորին է դառնում և հարցնում, թե ո՞վ էի ես… Զինվորը ասում է, իսկ մյուդիրը այդ միջոցին քեզ չափում է ոտքիցդ մինչև գլուխը…

Երևի առաջին անգամն էր, որ մտաք այստեղ, միջահատեցի ես նրան։ Այո՛, առաջին անգամն էր… Նրա համար լավ էլ նկատեցի ամեն ինչ:

Շարունակեք, շատ հետաքրքիր եք պատմում։

Լա՛վ… երբ զինվորը բացատրում է քո ով լինելդ, մյուդիրը գրչի կոթով ականջն է խառնում և հանկարծ դառնալով քեզ գոչում է.

Ի՞նչպես համարձակվեցիր կոշիկներով ներս մտնել։

Բայց… թոթովում ես, ախր կրկնակոշիկներս հանել եմ…

Լռի՛ր որոտում է քեզ վրա նա, ի՞նչպես ես համարձակվում պատասխանել…

Ախր… ասում ես, հատակը փռված էլ չէ…

Անհավ՛ատ, խնզըր, թերե՛ս, որոտում է նա, այդ անհավատին կափու ալթիսին ձգիր, մինչև կանչենք…

Աշխատում ես պատասխանել, բայց մյուդիրը աչքերը ոլորում և գոչում է.

Հա՛յդե, սիքտի՛ր, ասքյար, դրա վզակոթին…

Եվ զինվորը մի հարված է տալիս վզակոթիդ, հետո քեզ դուրս հրում և հրելով տանում մինչև կոշիկների տեղը և երբ այնտեղ կոշիկներդ հանում ես, հրելով քեզ տանում է մի փոքրիկ խրճիթ, դուռը բաց անում, կոխում է ներս և փակում այնտեղ… այժմ էլ գտնվում ես մի ցած առաստաղով երկու մարդու կանգնելու չափ մի տեղ, որը մի կոտրտած ապակիներով ցած լուսամուտից է միայն լուսավորվում. այդ սենյակում բացի մաքրությունից, ամեն ինչ կա… դեռ այս մեր կանգնած տեղը ողորմություն է նրա աոջևում… հատակը հող և վրան դեզ-դեզ սենյակի ավլած աղբերը և ավելցուկները, ամեն կողմ թացություն և նույնիսկ մարդկային աղբեր… ինչ արած, այնտեղ բանտարկվածներին չեն էլ թողնում բնական պիտույքների համար դուրս գնալու, ստիպված ես կանգնած տեղդ լցնել և թրջել… Նստարան իսկ չկա… հոտը անտանելի է. մի անկյունում կծկվել նստել է մի ինչ-որ սևադեմ դերվիշ, որին ընկերացրին քեզ։ Դերվիշը յուր փայլուն աչքերով այդ մութ անկյունից քեզ է նայում, հետո վեր է կենում և միղով նկարներ է գծում հատակի վրա, հետո կրծում է, յուր ձեռքին բռնած սեխի կճեպը, մոտենում լուսամատին, դարձնում է յուր հնությունից կեղտոտած շապկի օձիքը, բաց է անում կուրծքը և սկսում է միջատներ կտվել… Զզվում ես, աշխատում ես մի մաքուր անկյուն հեռանալ, բայց ոտքերդ ընկնում են մարդկային աղբերի կույտերի մեջ… և բոբիկ ես… ձեռք քաշիր գուլպաներիցդ… Հոգնում ես, ուզում ես նստել՝ չես կարող տեղ չկա… կռթնում ես պատին… պատը թաց, կեղտոտ, կարծես աղբով ծեփած լինի… Եվ այդ բոլորը կրում էս երբեմն ժամերով, մինչև որ մյուդիր էֆենդին հիշե քեզ և հրամայե ներս տանել սենյակը… Գալիս է զինվորը, բաց է անում դուռը, քեզ դուրս է քաշում և ներս մտցնում մյուդիրի մոտ… և ահա քո ոտներդ գարշելի հետքեր են ձգում անցածդ ճանապարհի վրա… Մյուդիրը չէ նկատում, սակայն գրագիրները նկատում են, քիթերնին են պահում, հայհոյում են. մյուդիրը կատաղում է, ինքը յուր ձեռքով մի քանի հատ հասցնում է վզակոթիդ, եվրոպական գլխարկովդ սրբում ոտներդ, հետո քիթը բռնելով մի քանի հարցեր է առաջարկում և գոռում.

Հա՛յդե, սիքտիր, մուրտա՛ռ…

Եվ զինվորը քեզ տանում խառնում է բակի մի անկյունում մի ուրիշ ավելի կեղտոտ, բայց մեծ սենյակում միմյանց վրա լցված, բազմության մեջ… Այս այսպես է… Հետո քեզ բերում են այստեղ… նայիր ինքդ, հավանո՞ւմ ես այս նախագավիթը, ուր սպասում են բոլոր վկաները, հրավիրվածները և շատ անգամ հանդիսատեսները՝ դատարան մտնելուց առաջ…

Ես չորս կողմս նայեցի։

Մի բավական մեծ խրճիթ էր այդ և, ինչպես ասացի, հնադարյան կաղնյա դռնով և վանդակապատ անփեղկ միակ լուսամատով։ Պատերը և առաստաղը այնպես սև էին, որ դժվարանում էի որոշել, թե ինչո՞վ է ծեփված. խոնավությունից ցեխ էր կազմվել սենյակի վերին կողմը, իսկ մի անկյունում դիզված էր զանազան իրերից կազմված աղբի կույտը, որի վրա կռացած՝ քրքրում էին երկու հրեաներ, հետաքրքրությամբ դիտում էին կտրտված թղթերը, ժողովում էին ամեն երկաթի կտոր, շորի մնացորդ և նույնիսկ կոտրտած տաճկական գրիչներ՝ ու գրպաններն էին կոխում։ Հույները տաքությամբ վիճում էին մի անկյունում, ալբանացիք կատաղի աչքերով մյուսներին էին նայում, իսկ պարսիկները պպզել պատի տակ՝ գետնի ցեխից բուրգեր, պատեր և տներ էին շինում և ցեխոտ ձեոքերնին հագուստի փեշերով սրբում. իսկ մի արաբացի աշխատում էր օդի միջից անցնող ճանճերը բռնել և երբ հաջողվում էր՝ կտրատում էր խեղճ կենդանիների թևերը և ապա դնելով պատի վրա՝ ժպիտը երեսին դիտում էր նրանց օրորվելով քայլերը…

Օդը այնպես ապականվել էր այդ բազմության արտաշնչությունից, որ ինքզինքս ձգեցի լուսամուտի մոտ, ուր և ինձ միացան խոսակիցներս։ - Իսկ այստեղից մեզ ո՞ւր կտանեն,- հարցրի ես նրանց։

- Չգիտեմ, ասաց մեկը,- կարծում եմ, որ դատաստանի սրահը մտցնեն։

Այդ միջոցին մոտեցավ լուսամատին և իմ անունս տվեց: Երբ դուռը բացվեց, և ես դուրս գնացի, մի ուրիշ զինվոր բռնեց թևիցս և գոչեց.

- Հա՛յդե, վեր գնանք, քեզ ուզում եմ։

Սանդուխների մոտ կրկնակոշիկներս հանեցի և պահ տվի կոշկապահին՝ վարձը կանխիկ վճարելով, իսկ սրահի դռան առջև հասնելուս պես զինվորը կանգնեցրեց ինձ և պահանջեց, որ կոշիկներս էլ հանեմ…

- Գուլպայո՞վ մնամ։

- Իհարկե, այդպես չի կարելի ներս մտնել։

Այստեղ ևս մի կոշկապահ կար, կոշիկներս էլ նրան պահ տվի. հետո ինձ մտցրին մի փոքրիկ խուց, անունս դրեցին, և երբ ես շվարած կանգնել էի՝ մի գրագիր բռնեց թևիցս, բաց արեց մի դուռ և ինձ ներս մղեց այնտեղ։

Ես գտնվում էի դատաստանի սրահում։

Դ

Քառակուսի մեծ սենյակ էր մեջտեղից երկուսի բաժանված փայտե ցանկով. մի կողմում պայտաձև սեղանի շուրջը նստել էին վեց անձինք. գլխի կողմի նստողը կոշտ գծագրությամբ, սպիտակ փաթտոցով, երկայն վերարկուով՝ նախագահն էր, որը մի ձեռքը դրել էր յուր աջ կողմում գրված օրինաց գրքերի վրա՝ ձախովը դարձնում էր համրիչի հատերը ու շրթունքները շարժում լռությամբ,- աղոթում էր նստած տեղը։ Նրա աջ կողքին բազկաթոռի վրա նստել էր արբեցողի աչքերով և մուշտակ հագած մի նիհար ու գունաթափ էֆենդի՝ մի ծունկը բարձրացրել, նրա վրա էլ դրել էր թուղթը և գրում, իսկ մյուսները մի-մի թղթի կտոր ձեռքներնին կամ կարդում էին և կամ բարձրաձայն հորանջում ու բերաններն այնչափ մեծ բանում, որ խռչափողի ծակերը տեսնվում էին: Այդ սրահումն պատից դուրս պարզված կար մի վառարանի խողովակ, որը եկել կռանում էր դեպի նախագահի գլուխը։ Պատերի վրա ամեն կողմից կախված կային տոպրակներով թղթեր, իսկ հատակի վրա թափված թղթի կտորները եթե հավաքեին՝ մի կողով կլցներ, որի կեսը կլիներ պանրի կտորներ, պապիրոսի մնացորդներ, թուրքաց եղեգնի գրչի կտրվածքներ և այս-այն կողմ լուսամոլտից փչող քամիից թռչկոտող՝ եղեգնի միջեց դուրս եկած օձանման միջուկներ… Մի անկյունում ընկած էր մի ոտը կոտրած հնամաշ բազկաթոռ, իսկ մյուս անկյունում ցցած էր եղեգնյա գրչի կողերի 5 6 տրցակներ։

Երկրորդ մասը, ուր տարան մեզ և մեր ետևից փակեցին ցանկի վանդակը, սենյակի ամբարն էր, այո, ամբարն էր, որովհետև այստեղ սկսած կոտրտած փայտերից, ավելից, վառարաններից, չայնիկներից մինչև հնամաշ գորգեր, կարպետներ, թղթեր, արձանի կտորներ՝ դարսված և խառնիխուռն ձգված էին ամեն կողմ, այնպես որ մեզ մնում էր կամ կանգնած մնալ կպած ցանկին և կամ նստել այդ կույտերի վրա։

Եվ ես նստեցի մի գորգի վրա ու այնտեղից սկսեցի դիտել դատաստանի երկճյոuղյան այդ սրահը և վեց դատավորներին։

Ցանկի դռան, սեղանի մոտ և սենյակի դռանը կանգնել սպասում էին գծուծ հագուստներով և ոտաբոբիկ զինվորներ։

Ծիծաղելի էր, ճշմարիտ, տեսնել այդ թեք ընկած, դերձակի նման չոքած, հորանջող, քնելու պատրաստ դատավորներին, տոպրակազարդ պատերը, դարևոր կեղտից սևացած առաստաղը, աղբով ծածկված հատակը, անկյուններում դիզված տրցակները ու կոտրտած աթոռները և ի լրումն ամենայնի մեզ՝ ցանկի ետևից նայող հանցավորներիս, մեզ, որ տեղ էինք բռնել փայտերի, գորգերի և զանազան իրեղենների կույտերի ծայրին, ու այնտեղից սպասում էինք, որ մեզ հերթով սեղանի մոտ կանչեն…

Այդ միջոցին հանկարծ դատարանի լուսամատից երևացող Այա-Սոֆիայի մինարեից լսվեցավ մի զիլ ձայն, որ գոռում էր.

Ալլահ աքպե՜ր…

Կեսօրվա աղանն էր այդ, մահմեդականաց երկրորդ աղոթքի Ժամանակը։

Սրահի դատավորները իսկույն դադարեցին հորանջելուց, նախագահը ծանրությամր վեր կացավ աթոռի վրայից, քայլեց դեպի դուռը և անցավ զինվորի թաց արած դռնից դեպի մի ուրիշ փոքրիկ սենյակ, որի դուռը չկողպեց զինվորը, և մենք տեսանք, թե նախագահը ինչ արեց այնտեղ։

Նա ձեռքը երեսին քսեց ծանրությամբ, հորանջեց, հետո դռան մոտ պպզեց, այնտեղ դրված ջրով լվաց երեսը, երկու մատներով թրջեց սափրած գագաթը, թևերը վեր քշտելով մինչև արմունկը, թաթախեց ջրի մեջ, հետո ոտների գուլպաները հանեց, ջուր քսեց բթամատի և ցուցամատի միջանցքին և այդ բոլորը անելուց հետո՝ նա չոքեց սենյակի մեջտեղում փռված մի կարպետի վրա և սկսեց աղոթել։

Սրահի միջի անդամներն ևս դուրս գնացին, և սրահը դատարկվեց, զինվորը վար քաշեց ցանկի դուռը, կողպեք դրեց վրան, փակեց կադիի սենյակի դուռը, հետո սրահից դուրս եկավ, նրա դուռն էլ կողպեց, և մենք մնացինք բանտարկված դատաստանի սրահում:

Պիտի ասեմ, որ ցանկի ետևում կայինք ավելի քան քսան անձինք և նույնիսկ երկու կանայք, որոնք սավանի մեջ փաթաթվել՝ կծկվել էին մի անկյունում։

Բոլորը սկսեցին խոսակցել, հետո մի մի նստելու տեղ գտան, իսկ ես ոտներս նախ պարզեցի, հետո մեջքս էլ, ապա թևս գլխիս տակ դրի… կամաց կամաց աչքերիս կոպերը փակվեցան և քնեցի…

Չգիտեմ որքան ժամանակ էր, որ քնել էի, երբ մի խռպոտ ձայն դիպավ ականջիս. ես վեր թռա, շարժեցի թմրած թևս և ուզեցի տեսնել, թե ո՞վ էր այդ խոզի ձայն հանողը։

Պարոն նախագահն էր, որովհետև դատավորները արդեն եկել իրենց տեղն էին բռնել, դատավարությունը արդեն սկսել էր, և նախագահը փաթոթը ծռած, դեմքը կատաղի, հայհոյանքի լուտանք էր, որ թափում էր սեղանի մոտ կանգնած երկու անձերից մեկի գլխին.

Գյավո՛ւր, խնզըր, թերե՛ս… գոռում էր նա, ի՞նչպես ես համարձակվում քո արած հանցանքը այս մյուսուլմանի, «հաղկ դինը» պաշտող մարդու վրա բարդել և նրան դատի էլ ենթարկել…

Վալլա՞հ, աղա՛… ասում էր խեղճը գլուխը քորելով, ախր նա գլուխս պատռեց, ահա, տեսեք… և նա ցույց էր տալիս ճակատի վրա բացված լայն վերքը, որի վրա արյունը թանձրացած մի կարմիր թաղանթ էր կապել։

Դեպքը այս էր, ինչպես որ հետո հասկացա։

Բալըք բազարում մի թուրք մտնում է մի հայ կերակուր եփողի խանութ և «շքեմբե չոռբասի» է ուզում 40 փարայի. հայը լցնում է մի աման դնում է նրա առջև, սակայն միտքը ուրիշ տեղ եղած լինելով՝ մոռանում է հաց բրդել մեջը. թուրքը բարկանում է և ամանը կերակուրով շպրտում է հայի գլխին. բարեբախտաբար կերակուրը ողողում է հայի միայն հագոոստը, իսկ ամանը մի մեծ վերք է բաց անում նրա ճակատի վրա։ թուրքը այդ քաջագործությունը անելուց հետո ուզում է փախչել, սակախ հայը մի ոստիկան է կանչում և թուրքին բռնել տալիս։ Ոստիկանական Վարչությունը բարվոք է համարում հային էլ թուրքի հետ բանտարկել մինչև դատի օրը, և ահա նրանց բանտարկվելուց մի ամիս հետո գործը սկսում էր… Այդ դատն էր, որին մենք ներկա լինելու պատիվը ունեցանք։

Թուրքը հայտնել էր, թե հայը իրեն ապտակել էր, ուստի և ինքն էլ կերակուրի ամանը շպրտել էր նրա գլխին որովհետև բարկությունից իրեն չէր կարողացել զսպել. բացի դրանից սեպուհ պարտավորություն էր համարում հայտնել, որ «անիծյալ գյավուրը վերքը ստանալուն պես համարձակվել էր մոռանալ իրեն և հայհոյել մարգարեին ու «հախկ դինը»…

Այս վերջին հայտնությունը սատիկ զայրացրել էր դատավորներին, և նախագահը պարտք էր համարել դատարկել հայի գլխին յոր հայհոյանաց տոպրակը…

Լռի՛ր, որոտաց հայի վրա նախագահը, գիտես ինչ մեծ հանցանք ես գործել «քյուրեգի» արժանի հանցանք…

Ես զարմանում եմ, թե մեծն աստվածը, փառավորյալ մարգարեն ինչպես իսկույն չի արմատահան արել այդ պիղծ լեզուդ… բայց աստված անիմանալի է, և նրա մարգարեն՝ իմաստուն, նա թողնում է յուր ջերմ հավատացյալներին պատժելու իրենց հայհոյողին… ի՞նչ եք ասում, տյարք դատավորք, դարձավ նա անդամներին, մի՞թե արժանի չէ այս գյավուրը հավիտենական բանտարկության…

Խեղճ հայը աշնան տերևի պես գունաթափ՝ դողում էր. նա երերաց և կմկմաց.

Ախր սուտ է ասում, ես չեմ հայհոյել, վկա ունիմ…

Ո՞վ են վկաներդ,– հարցրեց դատավորներից մեկը։

Երկու վկա ունիմ…

Երկու չի կարելի, գոռաց նախագահը, երեք պիտի լինին, և նրանցից երկուսը՝ մյուսուլման… ունի՞ս այդպիսի վկաներ…

Ո՛չ, բոլորն էլ հայ են… խանութումս տաճիկ չկար այն ժամանակ: «Դատավորներից մեկը ժպտեց, ես էլ ժպտեցի, որովհետև միամիտ հայը չգիտեր, որ տաճիկ վկա գտնելու համար պիտի նախ ոչնչացնել տաճիկ դատավորները, որոնք ամեն ջանք գործ են դնում, որ տաճիկ վկաները ատյան չհանեն, երբ վկայությունը հօգուտ մի հայի է։

Խեղճ հայի բանը թուրդ էր, որովհետև օր չէր լինում, որ տաճիկները մեղապարտությունից ազատվելու համար հայհոյանաց հանցանք չբարդեին հայերի վրա. և միշտ այդ կերպով հաջողվում են թե դատապարտությունից ազատվել և թե հային միշտ հանցավոր հանել ու բանտարկության և տուգանքների ենթարկել…

Այս այսպես է. հետաքրքրվողը կարող է ստուգել։

Քիչ հետո հային վեց ամսվա բանտարկություն վճռեցիեն խղճում էին…

Ե

Գնա, ասացին ինձ, երբ վկայութունս տվի, և ես դուրս գնացի սրահից, կոշիկներս հագա ու ցած իջա սանդուխներից։

Երկայն նրբանցքից անցնում էի, երբ այնտեղի լռությունը, դռներից մեկի առջև ժողովված բազմությունը ինձ դրդեց մոտենալու:

Այդ դռան վրա գրված էր «Եղեռնադատ նախնական ատյան»։

Դռան վարագույրը ետ էր քաշված, և մի հոծ բազմություն՝ միմյանց վրա խռնված դիտում էր ներսը, Կարողացա թևերի տակով ներս մտնել և այս անգամ ես գտնվում էի փոքր-ինչ ավելի մեծ, մաքուր, մեծ լուսամուտներով մի սրահի մեջ։ Կարմիր վարագույրները ծածկված լինելով մի խորհրդավոր լույսի մեջ տեսա բարձր ամբիոնի վրա եռանկյունի կանաչ սեղանը, որի գլխին նստել էր նորից մի սպիտակ փաթտոցավոր «կադի», և նրան շրջապատել էին հինգ-վեց շատ կոկիկ հագնված պաշտոնյաներ։

Կանոնավոր մի սրահ էր, ատյանի առջևում մի վանդակ կապած, սրահի մեջ նստարաններ, դռան ճակատին սուլթանի «թուրան», ատյանի երկու կողքին փաստաբանների համար բարձր սեղաններ և վերը՝ ամբիոնի մի անկյունում, զանազան դեսպանների համար աթոռներ, որոնց մեկի վրա նստել էր պարսկական գլխարկով պարսից դեսպանի հայ թարգմանը։

Խոր լռություն էր տիրում սրահում, և «քաթիպ- էֆենդին» ոտքի կանգնած կարդում էր ձեռքին բռնած թուղթը, իսկ դատավորները կամ խազխզում էին իրենց առջևը դրված թղթերի վրա և կամ ժողովուրդն էին դիտում։

Ես տեղ բռնեցի մի նստարանի վրա և դիտում եմ:

Տասնհինգ րոպե տևեց այդ «լահիհեն», որից հետո նախագահը գոչեց.

Հյուսեյն Խալիլ օղլին և Ահմեդ Նազիմ էֆենդին թող առաջ գան:I

Ատյան մտան մի հասակավոր, պերճ հագնված տաճիկ և նրա ետևից՝ մի կեղտոտ դեմքով կտրտած հագուստով պարսիկ, որի մի թևը վզից անցկացրած թաշկինակի մեջ էր դրված. այդ պարսիկը նմանում էր մի մշակի, իսկ թուրքը՝ մի հարուստ բեյի։

Եվ այդպես էլ էր. թուրքը Հիսար–Բուրնիի կաշիի գործարանատերն էր, իսկ պարսիկը՝ նրա ամենահասարակ գործավորներից մեկը: Բոլորիս հետաքրքրում էր այն, թե ի՛նչ դատ ուներ այդ ցնկռոտ պարսիկը նշանավոր գործարանատեր Ահմեդ Նազիմ էֆենդիի դեմ:

Բանից դուրս եկավ, որ պարսիկի թևը մի մեքենայի տակ էր ընկել և մինչև արմունկը ջախջախվել էր, և այդ այսպես էր եղել:

Ամսի 2-ին Ահմեդ Նազիմ էֆենդին յուր գործարանին այցելության էր գնացել. մոտենալով շոգեշարժ մեքենային, տեսել էր, որ ռեգուլատորը լավ չէր բանում (այնչափ տեսել էր, որ փոքր-ինչ հասկանում էր): Հրամայում է յուր մոտ կանչել գերմանացի մեքենագործին, սակայն մինչև նրա գալը նա դառնում է մեքենայի մոտից այդ ժամանակ անցնող պարսիկ մշակին և հրամայում է, որ մեքենան յուղե։ Պարսիկը տեսած լինելով, թե ի՞նչպես են յուղում, առնում է եղամանը և մոտենում է մեծ անիվին…

Այդտեղ չէ՛, հիմար, գոչում է էֆենդին և հրում է պարսիկին դեպի ռեգուլատորը, րայց պարսիկը այդ բուռն հրելուց քիչ է մնում ընկնի, ուստի կռթնում է մեծ անիվի առանցքին. առանցքը վայրկենապես ետ է մղում նրա թևը և ձգում դեպի մեքենայի թևը, որը և դառնալու ժամանակ այնպես խփում է նրա թևին, որ մինչև արմունկը ջախջախվում է։

Պարսիկին տանում են հիվանդանոց, ուր նրա թևը կազդուրվում էր բայց մնում է հաշմանդամ։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո նա դիմում է էֆենդիին և խնդրում է նրան գոնե ճանապարհածախս տա Պարսկաստան դառնալու, բայց (պարսիկի ասելով) էֆենդին հրամայում է, որ նրան վռնդեն, ծառաները գլորում են նրան յալը-ի պատշգամբից դեպի ծովը, ուր նա հազիվ կարողանում է խեղդվելուց ազատվել՝ կառչելով ափումը ցցված նավակը կապելու ցցին։

Եվ, ավելացրեց պարսիկը, պատշգամում էֆենդին ու յուր խանումը կանգնել՝ քրքիջներով ծիծաղում էին ինձ վրա…

Պատմեց պարսիկը ու լռեց։

Վկաներ ունի՞ս, հարցրեց նախագահը պարսիկին։

Այո, ունիմ…

Շատ լավ, գնա դուրս մինչև կանչեմ։

Պարսիկին դուրս արին, նախագահը ծառային հրամայեց ներս բերել վկաներից մեկին: Ներս եկավ մի ուրիշ պարսիկ, որ նույն կեղտոտ և կտրտված հագուստն ուներ, սակայն դեռևս կոտրած թև չուներ, թեև նույն գործարանի գործավորներիցն էր։ Դատավորը հարցրեց նրա անունը, արհեստը, հայրենիքը, տարիքը, և մի րոպե լռելուց հետո հանկարծ հարցրեց.

-Դու ո՞ր դեպքի վկան ես, թևը կոտրելո՞ւ, թե յալըի տեսարանի…

-Յալըի տեսարանի, ահա այսպես եղավ․ մենք երկուսս…

-Լռի՛ր, գոռաց նրտ վրա կադին, դեռևս քեզ չհարցրի դրա մասին, երբ հարցնեմ, այն ժամանակ պատասխանիր։

Պարսիկը լռեց և գլուխը խոնարհեցրեց։

Ինչպե՞ս եղավ, հարցրեց կադին փոքր-ինչ լռությունից հետո։

Լսողների ծիծաղը շարժեց կադիի այդ ընթացքը․ պարսիկն իսկ ապշությամբ նրան նայեց և կմկմաց.


-Աղա, հարցնո՞ւմ եք։

Իհարկե, հիմա՛ր, չե՞ս լսում, որ հարցնում եմ։

-Կարո՞ղ եմ պատասխանել։- բարձրացավ ընդհանուր ծիծաղ, իսկ պարսիկը ապուշ աչքերով բոլորին էր նայում։

-Պատասխանի՛ր, գոռաց դատավորը։

Այսպես եղավ․ երբ Հյուսեյնին հիվանդանոցից բաց թողին, և մենք նրա թևը մի թաշկինակով կապեցինք վզին, ելանք գնացինք Ահմեդ էֆենդիի տունը, որ փող ուզենք Հյուսեյնի համար, երթա իրեն՝, այն․ տեղ հայր ունի, մայր ունի, երկու էլ տղա ունի, իմ հարևանս է. ես տեսել եմ և ճանաչում էի և նրան…

Դեպքը պատմիր, միջահատեց նրան դատավորը։

Պատմում եմ, էֆենդի…

Որ գնացիք էֆենդիի մոտ, ի՞նչ եղավ։

Էֆենդին գոռաց ու մեզ վռնդեց․ ես փախա մտա նավակը, իսկ Հյուսեյնին ծառաները շուռ տվին ծովի մեջ. հազիվ…

Լա՛վ, միջահատեց նորեն կադին, ե՞րբ էր այդ։

Մի երկու շաբաթ առաջ։

Կադին գրագրին դարձավ և հրամայեց գրել։

Երեկո՞ էր, թե՞ առավոտ։

Երեկո էր։

Ժամը քանիսի՞ն։

10–ը կլիներ․ ո՞վ գիտե. կարելի է 11-ն էր։

-Մո՞ւթն էր։

–Երբ տուն էի վերադառնում՝ մթնում էր։

Տիրեց փոքր-ինչ լռություն, որո ընթացքում կագին ժպտելով մի քանի խոսք փսփսաց յուր կողքի դատավորի ականջին և ապա նույն ժպիտով Ահմեդ Նազիմ էֆենդիին- նստարանի վրա փառավորապես և հեգնորեն ժպտող գործարանապետին նայեց և դառնալով նորեն պարսիկին՝ հարցրեց.

- Ցալըի պատշգամը շա՞տ բարձր էր ջրից։

- Շատ բարձր չէր:

- Քանի՞ արշին կար։

Պարսիկը փոքր-ինչ մտածեց և հետո ասաց.

- Երկու-երեք արշին կար:

- Նավակը ձե՞րն էր:

- Այո, բայց նավակը հեռու էր կապած, և նավավարը պիտի մոտ բերեր, երբ կանչեինք:

- Ինչո՞ւ ցամաքային դռնով չգնացիք:

- Ուզեցինք ծովի կողմով գնալ:

- Էֆենդիի կինը ի՞նչպես էր, բարձրահասա՞կ էր։

- Ոչ շատ, ասաց պարսիկը, բայց գեղեցիկ էր և…

- Լռի՛ր, գոռաց նրա վրա կադին, այդ մասին երբ չեմ հարցնում, մի պատասխանիր… Գնա, լավ…

Մի ժամից հետո վճիռ տրվեց այսպես.

«Նկատելով, որ վկա Մուրատը ասում է, թե երեկո էր, և ինքը Խալիլը քննության ժամանակ ասել էր կեսօրից հետո.

Նկատելով՝ որ վկան ասում է, թե ժամը 10-ից 11-ը կլիներ, իսկ Խալիլը՝ 9-ից 10-ը.

Նկատելով՝ որ յալըի բարձրության մասին վկան երկու-երեք, Խալիլը 4 արշին էր ասել և կառավարության կողմից չափված լինելով 11/4 արշին է երևացել.

Նկատելով՝ որ Ահմեդ Նազիմ էֆենդիի կնոջ համար վկան ոչ շատ բարձրահասակ, ինքը Խալիլը բարձրահասակ է ասել, իսկ ստուգված է, որ միջահասակ է.

Նկատելով՝ որ և այլն…»:

Այնքան «նկատելով», որ սկսեցի սոսկալ, թե այդչափ «նկատելովներն» ո՞րտեղից գոյացան հանկարծ:

Ի վերջո վճռվեց. Ահմեդ Նազիմ էֆենդին բոլորովին արդար, իսկ վկան՝ Մուրատը յուր սուտ վկայության համար մի ամսվա բանտարկության։

Հանկարծ ուռածափոր գործարանատերը ոտքի ելավ, փոքր-ինչ փնչաց և ասաց զորեղ ու բարձրաձայն շեշտով.

Էֆենդինե՛ր, արդարադատություն եմ խնդրում ցնկռոտ պարսիկի դեմ որ համարձա՛կվեց ինձ- Ահմեդ Նազիմ էֆենդիիս դատաստան քարշ տալ և ժամերով նստեցնել այս տախտակյա նստարանի վրա… Ամեն ինչ մեր մեջ քանդվել է. ոչ տերն է յուր ծառան ճանաչում և ո՛չ էլ ծառան յուր տիրոջ. ոչ մշակն է աղային ճանապարհ տալիս և ոչ հասարակ գործավորը՝ բեյին. չնչին անարգ ծառան համարձակվում է տրտնջալ էֆենդիների և բեյերի դեմ… Կադի՛ էֆենդի, հանուն արդարության պահանջում եմ խիստ պատժել այս ցած պարսիկին, որ համարձակվում է «զաթը փադիշահան» էֆենդիներին դատարան քարշ տալ… Իսկ եթե դուք չեք անիլ այդ, ես կդիմեմ ավելի բարձր տեղեր, և այնուհետև թող բոլորը հասկանան, որ հեշտ չէ մեզ նման մարդոց բերել և այսպիսի լերկ տախտակյա նստարանների վրա ստիպել նստելու…

Լռեց, ֆեսը ծռեց, ժողովրդի վրա մի հպարտ ակնարկ ձգեց և մի ոտը հառաջ ձգելով՝ սպասեց։

Կադին յուր կողքի դատավորների հետ փոքր-ինչ խոսեց և ապա ասաց գրագրին.

Նկատելով, որ Խալիլը նախատել է Ահմեդ Նազիմ էֆենդիին՝ ավելացուր, գրագիր, որ արդարության ատյանը վճռում է Խալիլի որդի Հյուսեյնի համար մի ամսվա բանտարկություն և 1 ոսկի տուգանք… ատյանը փակված է…

Այս ասելուց հետո կադին ոտքի ելավ, ձեռքը քսեց մորուքին, ծիծաղեց և մեզ լսելի լինելու չափ բարձր ձայնով ասաց յուր ընկերներին. բայց այնպես, որ կիսովին էլ դեպի ժողովուրդն էր դարձել.

Փառք աստուծո և նորա փառավոր յալ մարգարեին, աշխարհը կարող է վկայել, որ այս դատը բոլորովին արդար կերպով վճռվեց…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Рапсодия
Эдуард Багдасарян

Рапсодия

Старый Тбилиси
Старый Тбилиси
Играть онлайн