Вазген Саргсян

Եվ տիեզերագնացն ասաց. «Տվեք ինձ հենման կետ…»

Ձին կանգնած էր նեղ ճանապարհի կենտրոնում, և դիմացի ավտոմեքենայի ճղճղոցը նրա վրա բոլորովին չէր ազդում։ Ի՞նչ իմանար, որ մեքենայի ղեկին բանաստեղծ է (դեմքով, համենայն դեպս, չէր ճանաչում), հմայիչ կինը՝ նկարչուհի, և ինքը ուղղակի պարտավոր է հարգել նրանց՝ զիջել ճանապարհը։ Խուլ ճանապարհին ավազակի նման փնչացնում-սպասում էր։ Ծեր, նիհար, ամենևին նման չէր իր նկարագրածներին, և բանաստեղծը շատ բարկացավ յաբուի համառության վրա.
Դու էլ ես անդաստիարակ էշ, դու ձի չես։
Չէ, ուղտ, ուղտ նռնռան, հապա նայիր դու նրան, ճշտեց նկարչուհին, որին, ընդհակառակը, այս ձին շատ էր զվարճացնում։
Մեքենայի ռադիոն էլ հայտնում էր, որ տիեզերանավը հազար հարյուր տասնչորսերորդ պտույտն է կատարում երկրագնդի շուրջը, և նկարչուհին տեղնուտեղը որոշեց, թե՝ «Մարդ պիտի բախտ ունենա, ոմանք, ահա, տիեզերքն են ակոսում, իսկ հանճարեղ բանաստեղծը լռվել-մնացել է ամայի ճանապարհի վրա՝ մի խուլ ուղտի պատճառով»։
Էշի, համառեց բանաստեղծը։ Իսկ մնացյալը ճիշտ էր. բանաստեղծը համոզված էր, որ տիեզերական ամենատես, անաչառ բարձունքից, մարդկային մանր-մունր կրքերից վեր՝ կգտներ այն բառերն ու նախադասությունները, որոնք հասնելու էին բոլոր սրտերին, օգնելու էին մարդուն մարդ մնալ։

… Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վրա…

Ձե՞ռ ես առնում, նեղացավ բանաստեղծը։
Նկարչուհին ներողամտորեն ժպտաց։
Արդեն հասար տիեզերք, հա՞, գետնի վրա էլ բան չկա գրելու։ Քո «ամենատես, անաչառ բարձունքից, մարդկային մանր-մունր կրքերից վեր»՝ աշխարհի նկատմամբ ընդհանրացված վերաբերմունքով, սիրելիս, անհնար է կոնկրետ, սրտալի խոսք ասել, իսկ ընդհանուր բաների ոչ ոք այսօր չի հավատում՝ նաև այս ձին։ Մեքենայիդ զռզռոցով, օրինակ, նրան ոչինչ չես հասկացնի, այդ զռզռոցներից նա օրը հարյուր անգամ լսում է, դու փորձիր նրա գիտակցությանն ու սրտին հասցնել շտապելուդ սկզբնապատճառները. խանդոտ կին, ավելի խորը՝ զոքանչ, ավելի խորը՝ աներոջ անունով գրանցված ավտոմեքենա, ավելի խորը… ցույց տուր դրանց փոխկապակցությունները, ներքին դրամատիզմը, և ձին, համոզված եմ, քեզ կհասկանա։
Մեքենայի բաց պատուհանից բանաստեղծը կլկլացրեց.

Լսիր դու ինձ, անգին եղբայր, խոսք ունեմ քեզ ասելու ու ու ու…
Տպավորությունը ցնցող էր. ձին տագնապահար խրխնջաց ու կողաքայլ, վիզը ծուռ, փռշտ-փռշտացնելով դուրս եկավ ճանապարհից։
Տեսա՞ր, ցնծաց նկարչուհին։
Ուռա՜, ցնծաց բանաստեղծը, բայց նրանց ցնծությունն անժամանակ էր, մեքենայի շարժվելու հետ ձին ծառս եղավ ու կրկին կտրեց ճանապարհը։
Էս հո իսկական ղաչաղ է, ծիծաղեց բանաստեղծը։
Կինը գեղեցիկ գլուխը դուրս հանեց մեքենայի պատուհանից ու կարկաչեց. Էյ, ախպեր, ղաչաղության ժամանակները վաղուց անցել են, արի քեզ տանենք կինոյում նկարենք։
Չէ, այս գաղթակղիչ առաջարկն էլ ձին չընդունեց։ Ասես, նույնիսկ բարկացավ, ամբողջ մարմնով թափահարվեց ու գլուխը կտրուկ վեր գցելով՝ ջղային վրնջաց։
Լավ, քո ուզածն ի՞նչ է, հարցրեց բանաստեղծը։
Ասա, քո ուզածն ի՞նչ է, սուտ բարկացավ կինը։
Իսկ ձիու ուզածը հասարակ մի բան էր, որ մեքենայից իջնեն ու իր ետևից, շատ չէ, մի հիսուն-վաթսուն քայլ առաջանան…

Մայիսյան բալենու հինգ տարեկան ծառը, քոքից սղոցված, տապալված էր խաղողի վազերին։ Դալար վազերը ճռթել-մնացել էին, արտասվում էին՝ չգիտես իրենց վիճակի՞, թե՞ սպանված բալենու համար։ Գառնիկ այգեպանի լացն էլ էր գալիս։ Գառնիկը, որ այրվող այգեստաններ ու զարհուրելի ոճիրներ էր տեսել, որ ընդամենը երեկ չէ մյուս օրը հարազատ հորեղբորորդու գերեզմանի գլխին կանգնել ու չէր կարողանում արտասվել (մահը ցավալի, բայց զարմանալիորեն բնական էր թվում), հիմա պապանձված-կանգնած էր ինչ-որ… թող որ գեղեցիկ, թող որ մատղաշ, բերքատու, բայց, այնուամենայնիվ, ծառի, ոչ հորեղբորորդու դիակի առաջ, կանգնած էր երկար, թևաթափ, ու աչքերում արցունքը խտանում, ուր որ է պոկվել-գլորվելու էր այտերի վրայով։

Ծառն ընկած էր ճղակոտոր, թալանված։ Սղոցել-տապալել էին, որ հեշտ քաղեն, որ ոչ մի պտուղ ծառի վրա չմնա։ Եվ սովորական՝ ծառ բարձրացող, ճյուղքից քաշող գողությունն այս բարբարոսության առաջ գողություն չէր՝ հովվերգություն էր։
Յուրաքանչյուր ժամանակ իր ամեն ինչի հետ, այո, նաև գողության իր չգրված օրենքներն ու բարոյականությունն ունի. աշխարհն այս ի՞նչ ժամանակների հասավ…

Սով ու համաճարակ լիներ՝ ծառը քոքահան անեին, պտուղն ուտեին, տերևն ուտեին, արմատներն ուտեին՝ մարդու սրտի ցավ չէր գա, բայց, որ այսպես՝ քեզ ծառ բարձրանալու չափ նեղության չտալու համար դնես ու ուրիշի արյուն-քրտինքով աճեցրած ծառը քոքից կտրես…

Ամեն ժամանակ դեպի գողություն տանող իր արահետներն ունի։ Էս դրոշակապատ, նայել-չտեսնելու արահետները չէին, 1918 ավեր թվականն էր, գաղթի ճանապարհին սովալլուկ ամբոխը դեմ առավ խնձորի առատությունից կարմրատակած մի այգու։ Այգի չէր՝ հրաշք էր, կանաչ, փարթամ, առուն ծառերի արանքով մանրիկ գլգլում էր, պտղի ծանրությունից ճյուղերը գետնին էին առնում… Կանգնել ու հմայված նայում էին… Երազի
նման մի բան էր. տեսնում ես ու չես հավատում, գիտես՝ մոտեցար, ձեռքդ պտղին մեկնեցիր թե չէ, հրաշքը վերանալու է։ Առաջին մարդը, որ չափարն անցավ, դերձակ Անդրեասի մի մատ երեխան էր։ Հաջորդ պահին հարձակումն սկսվեց… Խեղճ այգի, լեզու ունենար՝ ցավից կոռնար։ Չգիտես՝ երբ հայտնված այգեպանն իրեն ծառից ծառ էր խփում ու միայն մի բան էր խնդրում. «Պտուղը ձեզ հալալ լինի, մենակ ճյուղերը մի կոտրեք»։ Իր հոր բացակա հայացքն էր հիշում ու դերձակ Անդրեասի խոսքերը՝ ինչպես հրացանից կրակես. «Շուն շան որդի, թողնենք թուրքերը վայելեն, հա՞»։ Հիմա Գառնիկը նրանց հասկանում է. նրանց հավատն էր մեռել, նրանք իբր թե կային, երկրի վրայով դեռ քայլում էին, փաստորեն, սակայն մեռած էին՝ նրանց հավատն էին սպանել։ Մարդուն կյանքի հետ կապող ամենավերջին թելը՝ պորտալարը, հավատն է, հավատն ապրեցնում է։ 1947 դաժան
թվականին գյուղացին մի պարկ ցորենը մի բուռ ոսկու հետ չէր փոխի, իսկ կոլխոզի սերմացուն պարկերով դարսված էր եկեղեցի-պահեստում, իսկ պահեստ մտնելու համար ընդամենը մի կողպեք պիտի կոտրվեր։ Պահեստն էլ գյուղից կտրված, աչքից հեռու։ Հետաքննչական գործի էս ծաղկուն ժամանակը չէր, երեք գյուղերի համար մի միլիցիոներ էր աշխատում, բռնվելու վտանգը, ասել է թե, շատ փոքր էր՝ համարյա չկար, ու դա էլ, վերջին հաշվով, գողություն չէր լինի, ախր, ամեն կերպ ապրել, սովից չմեռնել էր պետք։ Իսկ երեխեքը, իրենց ծնծուլն ուտելով, միայն հեքիաթներում են ապրում, մեկ էլ թուրքի գյուղերում. երեխաներին հաց էր պետք, ու հացը՝ պահեստում շարված… Առաջին գողը, ասում են, սովից է գողություն արել, սովն ուրիշ բան է, մարդուն ամեն բանի դեմ կուրացնում-խլացնում է։ Սովից գառն անգամ գայլ է դառնում, իսկ սովալլուկ գյուղը սերմացու ցորենի վրա չգնաց։ Ու ապրեց։ Հավատն ապրեցրեց։ Չէ, գյուղում սրբեր չէին ապրում, արանքում զանազան գողություններ էլ եղան, պատիվներ էլ ծախվեցին երեխեքի հացի դիմաց, գլուխներ էլ կոտրվեցին և նույնիսկ այն պայմաններում հարստության ու զեխության մեջ լվլվացողներ եղան՝ Գուլոյանն ու Կարապետը (ողորմի կողքների մեռելներին)։ Բոլոր ժամանակներում էլ եղել են, ժողովուրդը հազար տարի առաջ է ասել. «Մարդ կա սար շուռ տալով է ապրում, մարդ էլ կա՝ կուժ կոտրելով»։ Իրենք էլ իրենց ժամանակի կուժ կոտրողներն էին։ Քանի-քանիսն իրենց ձեռքով գնացին կորան, քանի-քանի ընտանիքների քայքայման պատճառ դարձան… Իրենց հերն անիծած, նույնիսկ դա այնքան չվնասեց գյուղին, որքան զուտ իրենց ներկայությունը, իրենց չաշխատող-ուտող, ամենակարող գոյությունը գյուղի աչքի առաջ. արդեն այն տարիներին գուլոյաններին աչք տվողներ ի հայտ եկան, գուլոյաններն այն սերմնահատիկները եղան, որ պարարտ հողի մեջ ծիլ էին տալու, բազմանալու էին փարփառի նման. սկզբում թե քոքը չկտրեցիր, հետո շատ դժվար է։ Հեշտ վաստակվող հացը ախորժակ է գրգռում ու հագուրդ չի տալիս, ինչքան ուտում, այնքան ցանկանում ես։ Հոռացնում է՝ ինչպես ավելցուկ ջուրը խաղողի վազերը։
Հա՛, այս ծառը կտրողն ու ատոմային ռումբը նետողը նույն կավից են շինված, կոնկրետ ազգություն ու դավանանք չունեն, իրենց տեղերը թե փոխես, ոչինչ չի փոխվի, գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Ու գումարվում են…

«Իմ խեղճ, ծառի սղոցած բունը շոյեց այգեպանը, ախր, չեն հասկանում, որ ինչ էլ անեն-չանեն, ուր էլ հասնեն՝ վերջը էլի քո հույսին են մնալու։ Արմատդ մայր հողի մեջ խորը ձգիր, արմատդ առողջ լինի, ու թե կարող ես, ներող եղիր. դու էլ, թե մեզանից խռովեցիր՝ մեր վերջը էկավ, խղճա անմեղ մեղավորներիս»։

Սպանված ծառը այգեպանը այգուց հանեց ու, որ ամեն րոպե աչքի առաջ չլինի, տարավ բլրի թիկունքում, աչքից հեռու պահեց։

Իջավ, ջրի պոմպը միացրեց ու հանկարծ հիշեց, որ Սարգսյան Աղաջանը որդու ինքնահողի օրը գերեզմանատնից եկավ ու այգին ջրեց։ Մի ժամի չափ նստեց, ուրեմն, սեղանի գլխին, մխիթարանքի խոսքերը լսեց-չլսեց,
շնորհակալություն հայտնեց ու մտավ այգին։ Աղաջանն այդ տարի ութսունմեկ տարեկան էր, որդին, որ մեռավ՝ քառասունութ։ Բահն առած՝ Աղաջանը մտավ այգին։ Ժողովուրդը արմանք-զարմանք էր կտրել։ Ասենք՝
այնքան չէին զարմացել, որքան… Դե, խոսելու բան էին գտել, դրին-վերցրին, մինչև օրս էլ տեղն ընկնելիս, հիշում են։

… Մայիսի արևը շռայլորեն լույս ու ջերմություն էր պարգևում աշխարհին, ճթռած վազերն արդեն հասցրել էին իրենց կարգի բերել ու վերքերն էին բուժում արևի տակ. օձ ու կարիճ անգամ դուրս էին եկել իրենց բներից ու ներքևի առվից արև ու ջուր էին խմում. մորթված բալենին ցավից արտասվում էր, արևն անգամ անզոր էր ամոքում բերել նրա ցավերին. բալենու արմատները խլրտան հողի մեջ առժամանակ գործադուլ էին հայտարարել, որոշում էին՝ այլևս աշխատե՞լ, թե՞ ոչ (այգեպանի խնդրանքը թե տեղ էր հասել, թե ներեին՝ կաշխատեին). քաղաքի թանկ շուկաներից մեկում գողացված բալը հիմա փող էր դառնում, ու այգեպանն իր այգին էր ջրում։
Հետո, արևն արդեն գնացել էր այլ աշխարհներ լուսավորելու, ջուր ու արևից կշտացած օձ ու կարիճ քաշվել էին իրենց բները, բալենու արմատները կարծես թե վերսկսել էին իրենց աշխատանքը, բալի վաճառքից ստացված փողը մաս-մաս էր արված. «Էս՝ շուկայի վարիչին, էս՝ միլիցիոներին, էս՝ ավտոտեսուչին, էս՝ հիվանդանոց, որ հիվանդին քաղցր աչքով նայեն բժիշկը, քույրը, պահակը… տակը բան չմնաց, էս էլ՝ մեր չարչարանքի բաժինը», փողն էլ, ուրեմն, մաս-մաս էր արված, իսկ այգեպանը դեռ իր այգին էր ջրում։

Դե, պոմպով մղված ջուրն ի՞նչ էր լինելու, պոմպը ջրի մեջքը կոտրում, տալիս էր խողովակներին, խողովակներն էլ մի կերպ, խեղդելով տեղ էին հասցնում։ Արդեն բոլորովին մթնել էր, երբ այգեպանը գործն ավարտեց։ Հոգնել էր. որ իմանար տանը չեն անհանգստանա, այգում, քոլիկում էլ կքներ։ Թոռն հիմի աչքը ճամփին սպասում է՝ «Պապին գա, գիլաս բերի»։ Թոռանն ի՞նչ ասի, ասի՝ գիլասի ծառը սղոցե՞լ են… Չէ։ Ասի… Ասելու բան չկա, էս այգուն մի շուն է հարկավոր՝ շուն, որ վիզը գլխից հաստ չլինի ու հաչել իմանա։ Մխոյին ասի՝ սարից էդ տեսակ մի շուն բերի։

Երկինքը անձրևագոռ տվեց։ Երկար սպասումից ու անգործությունից ճլորած՝ դանթած ձին մեկեն ականջները ցցեց ու տագնապահար թափահարվեց։
Վախեցա՞ր, հեծնելով՝ հարցրեց տերը։ Հին աստվածները, ով գիտի, նոր պաշտոնակռիվ են սկսել։ Մի վախենա, հիմի աստվածներից ո՞վ է վախենում։

Մի քանի կաթիլ անձրև թափվեց՝ այնքան, որ գետինը հազիվ թրջվեց։ Հողի գոլ բուրմունք բարձրացավ։ Քիչ անց, սակայն, գյուղատնտեսական թնդանոթները թնդացին ու երկինքը սսկվեց, խաղաղվեց։ «Այ, էդպես պորտներդ տեղը կդնեն, մտքում «կռվարար աստվածների» վրա ծիծաղեց Գառնիկ այգեպանը, մինի՞ստր եք, ո՞վ եք, որ տարիներ շարունակ կեղտ ու փոշի փչեք երկինք, թույն լցնեք գետն ու ոչ մի բանից չվախենաք։ Չէ, ձեր դարն էլ անցավ։ Հիմի ավտոտեսուչ Արմոյից ավելի են վախենում-քաշվում, քան ձեզանից։ Ուրիշ գործ ճարեք ձեզ համար, ուրիշ՝ միլիցիոներից, դասախոսից-բանից»։

Եվ պատկերացրեց այգեպանը փողկապավորված սրբերին Հիսուսի հետ սեղան նստած։
Չէ, վերջին ընթրիքի էն խեղճուկրակ սեղանը չէր՝ ջարդվում էր յուղալի խորտիկների առատությունից, կոնյակը խմում էին գինու նման. էլ էն միամիտ սրբերը չէին, իրենք էլ կյանքի իմաստը հասկացել էին։ Ամենաթմբլիկ, ամենաուրախ, ամենաճարպիկ Հուդան տարերքի մեջ էր, դե, ինքը լավ ապրելու ձևը դեռ էն գլխից գիտեր, հիմա երգի-պարի գծով թամադայի օգնական էր և շշմելու բաժակաճառեր էր արտասանում եղբայրության, հավատարմության ու ազնվության մասին։ Հուդային ծափահարում էին, Հուդային ժպտում-շողոքորթում էին, բոլորն էլ գիտեին՝ Հուդան նույն Հուդան էր, բայց, սատանի ականջը խուլ, իրենք էլ արդեն առանձնապես սուրբ չէին, իսկ Հուդան բոլոր դռների տեղը աչքերը փակ գիտի, մեկ էլ ու տեղ հասցրեց, թե մեր տղերքից մեկը էսպես, էսպես… Իսկ Հուդան՝ ինչպես ձուկը ջրում, քեֆ է անում՝ տանայ-նանայ, պար է գալիս՝ հոպա-հոպա… Բոլորն էլ
գիտեն՝ աչքը աթոռի վրա է։ Առայժմ քեֆ են անում, ուտում-խմում են, Աստված այս քեֆի վերջը բարին անի։
Տո ձի, դու ո՞ւր ես շտապում։ Հերթը հասավ ձիուն. ձին կողքին մի լավ հարված ստացավ ու սանձը ձգվեց։ Լեզու ունենար, թեքվեր ու տիրոջն ասեր՝ այ ընկեր Գառնիկ, աշխարհի ցավը քեզ չեն տվել, եղունգ ունես՝ գլուխդ քորիր, եղբայր… Ինչ լավ է, որ ձին լեզու չուներ։ Այո, նաև սուտ խոսել չէր կարող։ Իսկ սուտը աշխարհի ամենամեծ թշնամին է. սուտը աշխարհը դարձրել է կրկես՝ ուր շուն ու կատու անգամ «հավատարիմ բարեկամներ»
են, կարող է նաև կործանել, թունավորել՝ սպանելով կյանքի Հավատ կոչվող թթխմորը։ Շատ լավ է, որ ձին խոսել չգիտեր, այս պուճուր մոլորակի համար մարդկությունն իր հազարավոր լեզուներով լիուլի բավական է։ Իսկ ձին մարդկանց այնքան էր սիրում, նրանց մասին այնպիսի կարծիքի էր։

Ձիուն թողնենք իր կարծիքին, մենք դառնանք, մարդավարի դատենք. եղբայր, եթե ինքն ընդամենը ձի է ու մենք՝ մարդ՝ բնության զարդ ու ծաղիկ, տեր ու տիրական, եթե սրանից հազարավոր տարիներ առաջ իր եսիմ որ նախատատը մեր նախապապի հետ հավերժ բարեկամության դաշինք է կնքել՝ որ պատմությանը հայտնի բոլոր փորձությունների միջով, թրծվել-ամրանալով, իր բոլոր նախնիների արյուն-բնազդի միջով եկել, անվնաս իրեն է հասել, ապա լենուբոլ մեր ժամանակներում, երբ մարդու կողմից ձիու շահագործում համարյա չկա (դե, երշիկի գործարանների մասին ազատության մեջ գտնվող ձիերը հոչգիտե՞ն), երբ ամբողջ ուժով խրխնջալու նեղություն էլ հազարից մեկ չեն քաշում, երբ դինոզավրի նման կենդանին անգամ վերացավ, իսկ իրենք մարդու հոգածության շնորհիվ այսօր կան, դառել են կրկեսի ու կինոյի դերասան՝ էլ ինչո՞ւ պիտի մարդ արարածից դժգոհ լինեն, ի՞նչ բարոյական իրավունքով։ Այո, բայց որ իրեն՝ ծեր ու փորձառու ձիուն մի մատ երեխաներն ինչպես երեկվա քուռակի խաբեցին, ձիու սրտի վրա ծանր էր նստել։ Այսպես էր եղել. ինքը (անվանենք իրեն դյուրահավատ ձի)՝ Ագիթի սպիտակ յորղան ու Մխոյի հաստաշուրթ էգը Խշշան ձորի սիրուն առատության մեջ արածում էին։ Արև, աննման օր էր, երկնքից բարություն էր թափվում։ Եվ երբ երեխաները մոտեցան, աղաչանք-պաղատանք արին, երբ յորղան կատաղեց ու մոտ չթողեց նրանց, ինքը, յորղայի չարությունից ամաչելով, սուսուփուս մտավ նրանց տակ։ Ի՞նչ կլիներ, յորղայի ի՞նչը կպակասեր, որ երեխաներին մի քանի պտույտ ման ածեր։ Ինչ որ է՝ դյուրահավատ ձին սիրով նրանց իր մեջքին առավ՝ սկզբում մեկին, ապա երկրորդին ու երրորդին։ Ու քշեցին էդ սատանեքը, ոնց քշեցին։ Ասենք, նրանց քշելն ի՞նչ, որ ուզենար, ձին մի մետր էլ չէր քշվի, նրանք ի՞նչ հեծյալներ էին. ուղղակի չէր ուզում «պստիկ մարդիկների» խաթրը կոտրել։ Օրն էլ այնքան բարի էր ու գեղեցիկ… Ու իր ծեր թոքերը բերանը բերելով՝ ձին տարավ նրանց ձորն ի վեր, ձորն ի վար, սայթաքուն կածանով թռան, զարկվեցին Սատանայի սարին ետ եկան, գետի միջով, լպրծուն քարերի մեջ գայթել-վեր կենալով գնացին, եկան, մինչև իրենց քամակներն էլ քշելուց չցավեց, չհանգստացան։ Հետո դյուրահավատ ձին դժժացող գլուխը
կոխել էր գետի սառը ջրի մեջ ու ավելի շուտ հովանում, քան խմում էր, իսկ նրանք հարմար պահ էին գտել ու ձիու ոտքերը զույգ-զույգ կապում էին։ Չի կարելի ասել, թե ձին նրանց արարքը չէր նկատում, ուղղակի շատ էր հոգնած, ջուրն էլ սառն էր ու ցանկալի, սառն էր ու քաղցր, իսկ ջրի վրա օձն անգամ չի խփում, ձիու մտքով ինչ անցներ, որ էդ «պստիկ մարդիկները»… Մի խոսքով՝ ձիու ոտքերը կապեցին ու հիմա էլ սկսեցին այդպես քշել։ Ձին, պարզ բան է, արդեն չէր ուզում քշվել։ Բայց ձեռքների հաստ մահակով որ չէին իջնում մեջքին… Ձին իր կյանքում այդպես դաժանորեն ծեծված չկար, հիմա էլ ողնաշարը տնքում է հարվածների հիշողությունից։ Կապած ոտքերով այնքան քշեցին, մինչև չդիմացավ ու ծնկեց ուժասպառ։ Ծնկած տեղից պղտոր աչքերով նայում էր դյուրահավատ ձին ծաղկունքի մեջ փռված կուշտուկուռ յորղային ու իր անխելքության վրա լացը գալիս էր։ Իսկ Մխոյի հաստաշուրթի համար այլ փորձություն էին մտածել. կապել էին հեռագրասյանը. կույր-կույր սյան շուրջը պտտվում էր։ Յուրաքանչյուր պտույտի հետ շրջանն օրհասականորեն փոքրանում ու պարանը ձգվում էր։ Դյուրահավատ ձին ծնկած տեղից տագնապի ազդանշան տվեց ու չիմացավ՝ իր ձա՞յնը փորից դուրս չեկավ, թե՞ կատաղած հաստաշուրթն արդեն շրջապատի ձայների նկատմամբ անընկալունակ էր դարձել։ Չիմացավ, իսկ հաստաշուրթն արդեն գամվել էր սյանն ու նրա չռված աչքերից արցունք ու բերանից փրփուր էր թափվում… Դյուրահավատ ձին նայում էր ուրախությունից կռնչացող «փոքրիկ մարդիկներին» ու չէր հասկանում նրանց ուրախությունը։ Հեռանալիս, ձեռքի հետ, կոպալով մեկ էլ իջան դյուրահաստաշուրթի թիկունքին ու նրա անզգայության վրա իրենց զորությամբ հպարտ, հաղթանակած հեռացան։
Մխոյի երեխան թե մի քիչ էլ ուշ վրա հասներ, հաստաշուրթի բանը բուրդ էր՝ կամ կխեղդվեր, կամ սիրտը կատաղությունից կպայթեր։ Շոյում էր Մխոյի երեխան իր վերքերն ու լաց էր լինում, ու ձիու տարակուսանքը մարդկանց նկատմամբ ավելի էր մեծանում։ Զարմանալի տարբեր էին մարդիկ, բայց չար թե բարի՝ նրանցից յուրաքանչյուրի մեջ մի բան կար, մի բան պիտի որ լիներ, որ մարդուն այսքան տարի մարդ ու աշխարհն աշխարհ էր պահել։ Այ, այդ մի բանը ձին երբեմն չէր կարողանում նշմարել-ըմբռնել։ Ու սկսել էր կասկածել իր զգայարաններին. նրան թվում էր, թե իր քուռակության տարիներին շատ ավելի լավ էր հասկանում մարդկանց։ Իր կարճ խելքով խեղճն ինչ հասկանար, որ տարին տարու վրա ժամանակն ավելի էր քայքայում լավի ու վատի, չարի ու բարու, դժոխքի ու դրախտի սահմանները՝ աստիճանաբար ամեն բան խառնելով իրար։ Համակողմանիության այս ժամանակներում ձին իր միապարփակ ուղեղով մարդուն ինչպե՞ս հասկանար։ Չէ, մարդու և մարդու տարբերությունը արարման ժամանակներից մինչև այսօր այնքան սարսափելի չէր, որ ձին նրան բոլորովին չհասկանար, թքեր ու գլուխն առներ, հեռանար։ Բայց որ մի բան, շատ կարևոր մի բան մարդու մեջ, այնուամենայնիվ, խաթարվել էր՝ դա հաստատ էր…

… Վե՞րջը, քո ուզածն ի՞նչ է, հարցրեց բանաստեղծը ձիուն։ Իսկ ձիու ուզածը հասարակ մի բան էր. որ մեքենայից իջնեն ու իր ետևից, շատ չէ, մի հիսուն-վաթսուն քայլ առաջանան։ Ձին շտապում էր՝ այնտեղ, արահետի վրա ուշակորույս պառկած էր իր տերը՝ արդեն երկար ժամանակ։ Այն պահից, երբ կայծակը տիրոջն առավ իր մեջքից ու զարկեց գետնին, ձին այս կիսաամայի ճանապարհի մարդկանց իր ետևից տանելու արդեն չորրորդ փորձն էր անում։ Նախորդ դեպքերում մեքենաներն անգամ կանգ չառան, նայեցին իր ետևից ու առանց որևէ բան գլխի ընկնելու՝ քշեցին-անցան։

Կայծակը ձիու համար նորություն չէր, կայծակի հոտը կիլոմետրերի վրա էր զգում։ Եվ նրա հարվածի ուժին ու հետևանքներին էլ էր ծանոթ. էն տարին, սարում, իր աչքի առաջ, քարի կտոր չոբանին խփեց-չորացրեց։
Բայց դա սարում էր և հարվածն էլ խեղճի հենց գլխին էր առել։ Մինչդեռ, իր տիրոջը թիկունքից էր խփել և հարվածն էլ, ամենայն հավանականությամբ, էն ուժի չէր. տիրոջ թիկունքի վրա կոստյումը սևացել՝ չէր այրվել, չէր մոխրացել, թույլ ծխում էր՝ կայծակա-ու մշահոտով։ Եվ ձին շտապում էր, շատ էր շտապում՝ այդ պատճառով էր դիմել ճանապարհ կտրելու ծայրահեղ միջոցին: Կանգնել էր ձին բանաստեղծի մեքենայի առաջ ու մանրիկ դողով ցնցվում էր, սիրտը ճմլվում էր նրանց անֆայմության ու իր խոսել չկարողանալու վրա։

Բանաստեղծն էլ էր շտապում. դեռ երկար ճանապարհ ուներ անցնելու և գոնե կեսգիշերից առաջ հարկավոր էր քաղաքում՝ տանը լինել։ Նրա կինը բանաստեղծուհի չէր և կարող էր չհասկանալ ամուսնու զեղումները ձիու տխուր աչքերի մասին։ Հաստատ չէր հասկանա, և բանաստեղծը շտապում էր։ Ձին իր կարճ խելքով բանաստեղծի տագնապներն ինչ հասկանար՝ ծառս եղավ ու խրխնջաց՝ դժգոհ ու ջղային։

Չէ, քեզանից պրծում չկա, ասաց բարի բանաստեղծն ու իջավ մեքենայից։ (Իր բարի սրտի ձեռքից ինքը միշտ տուժել էր)։ Բանաստեղծն ուզում էր գլուխ գլխի ձիու հետ մտերմիկ զրույց անել կյանքի մասին, իսկ էդ բեաբուռ կենդանին փռշտփռշտացնելով կողաքայլ հեռանում էր։ Բայց ձիու այդ քայլքի մեջ այնքան կանչ՝ «արի, արի» կար, որ մարդը՝ այն էլ բանաստեղծ մարդը, չէր կարող չգնալ նրա ետևից։ Տագնապի և ուրախության համախառն զգացումից ձիու սիրտը դողում էր. մարդը վերջապես գալիս էր իր ետևից, տիրոջ փրկությունը մոտ էր, ինքը կատարել էր իր կյանքի ամենախելացի ու ամենակարևոր գործը։ Թե լեզու ունենար, ձին իր ետևից եկող մարդուն կասեր. «Սիրելի, սիրելի մարդ արարած, և որտեղի՞ց քեզ այդքան խելք, բարություն, ճարտարություն։ Եվ ինչ ենք մենք առանց քեզ, և ինչ է լինելու աշխարհի վիճակն առանց քեզ՝ արարող, հասնող, կյանք տվող, աստվածակերպ արարած։ Պայծառություն քո հզոր մտքին, զորություն քո հզոր մտքին, զորություն քո արարող ձեռքերին»։

Թե ի՞նչ զգացումներ ունեցավ բանաստեղծը՝ տեսնելով արահետի վրա տապալված մարդուն, թողնենք իրեն։ Եթե չի գրել-նկարագրել, ինքը երբևէ կգրի և մեզանից լավ կնկարագրի։ Մենք դառնանք մեծ քաղաքի փոքրիկ բնակարանում ամուսնուն սպասող նրա կնոջը. հավերժ սպասումներից ու առաջին երիտասարդության անտեղի կորուստներից չարացած երեկվա առաջին գեղեցկուհի. ժամանակին ինչ տղերք էին իրեն ուզում, ու ինքն ում հետ բախտը կապեց… Շուտով կեսգիշեր կլինի, իսկ իր հերոսը դեռ չկա։ Տակնուվրա է անում գրասեղանի բոլոր դարակները. սիրային նամակ չկա, պոեմի կիսատ ձեռագիրն է, որ փառք ու փող է բերելու՝ ե՞րբ, ե՞րբ, ե՞րբ… Կին՝ արտասվելուց ուռած աչքերով, չորացած, պայծառատես… Քաղաքի իրենց բնակարանից պարզ տեսնում է. փոշեթաթախ արահետ, արահետի վրա փռված մի մարդ՝ գլխավերևում… Աստված, իր ամուսինը…

Սպանել է, մեքենայի տակ է գցել… Լավ, չի սպանել, չորս ամիս տարան-բերեցին ու համոզվեցին, որ չի սպանել։ Իսկ ի՞նչ էր անում կեսգիշերին, քաղաքից հեռու էդ ճանապարհի վրա, կողքին ո՞վ էր… Լվացքի փոշու փողը բենզինի էր տվել ու լիրբ էր խաղացնում, հա՞… Ուխ, բռնեին, ձերբակալեին էդ դավաճանին, խայտառակ անեին, քսանհինգ տարով քշեին գնար… Չէ, էդ մարդը մեռած չլիներ, հիվանդանոցում ուշքի գար ու ասեր՝ ես հիշում եմ, դու ես ինձ խփել. հինգ հազար ռուբլի կբերես՝ կբերես, չէ՝ բողոքելու եմ… Կին՝ խանդից չարացած, ոխակալ, շշնջում է հեռու քաղաքի իր բնակարանից ու նրա սուր շշունջը, ամեն բան իր ճանապարհին ճեղքելով, գալիս, ամուսնու ականջն է խցկվում. «Դե, բարձրացրու, շալակիր ու տար հիվանդանոց, էլ ո՞ւմ ես սպասում, դե…»։ Նույն բանը բանաստեղծին ձիու աչքերն են ասում։ Ձին ամբողջովին աղերսանք է. անհամբերությունից մարմնի դողը սաստկացել է, բաշը ցնցվում է։ Դե, ձիուն ինչ կա, նրանն իր բնազդն է, բանաստեղծի տագնապները ձիու շատ բնազդին են։ Ասա, ձի, վաղը, որ տակից մի կեղտոտ պատմություն դուրս եկավ, դատարանում դու ցուցմունք կտա՞ս, որ այս բանաստեղծ մարդը ոչ մի մեղք չունի…

Երբ իր նման կողաքայլ, ընկնել-բարձրանալով բանաստեղծը հեռացավ, ձին համոզված էր, որ, իհարկե, մարդը գնում է մեքենայի միջի մյուս աստվածակերպին օգնության կանչելու։ Եվ մեծ եղավ ձիու զարմանքն ու հիասթափությունը, երբ մեքենան պոռթկումով նետվեց խավարի գիրկն ու անհետացավ։ Թե իր միապարփակ ուղեղով ձին ինտելեկտուալ բանաստեղծի մասին ի՞նչ մտածեց, թե լեզու ունենար, նրա ետևից ի՞նչ կգոռար՝ կարևոր չէ. ի՞նչ նեղանաս, ձի է. ո՛չ կարգին խելք ունի, ո՛չ մեղք։ Բանաստեղծը նկարչուհուն հարցրեց.
Ձիե՞րն են խելոք, թե՞ դելֆինները։
Իհարկե, դելֆինները, ասաց նկարչուհին։

Հետո խոսեցին դելֆինների մասին ու ձիուն մոռացան։

Իսկ Անգլիայում, ասում են, ձիերի քոլեջ են հիմնել, ուր ձիերին դասավանդում են քաղաքավարություն, տրամաբանություն, ֆիզկուլտուրա, պարարվեստ, բարձր դասարաններում նաև սեռական կյանքի հիգիենա։ Արդյունքներն, ասում են, ապշեցուցիչ են. կարճ ժամանակահատվածում քաղաքակրթված ձիերը հրաժարվել են միջնադարյան այնպիսի սովորույթներից, ինչպիսիք են խրխնջալը, քառատրոփ վազքը, քացի տալը և այլն։ Լողանում են օրը երկու անգամ, պարում են՝ թիթեռնիկ փողկապները վզներին, շամպայն են խմում, խիստ չափավոր են դարձել սեռական հարաբերություններում… Իսկ փոշոտ ճանապարհի մեր խեղճ ձին՝ տիրոջ գլխավերևում շվարած-կանգնած, կարծում է, թե քաղաքակիրթ լինելը լեզու և ձեռքեր ունեցողների մենաշնորհն է և շատ է նախանձում նրանց։ Դրա կարճ խելքին մի պարզ ճշմարտություն հասցնելու հնար լիներ՝ դունչը հեռու պահեր քաղաքակրթության սինթետիկ արոտից, հեռու։ Ասա, ձի, ձիու զավակ, դու փոշոտ ճանապարհի ձի ես, քո ամենամեծ քաղաքակրթությունը քո նախնական, մաքուր բնազդն է, բնազդդ անաղարտ պահիր։ Տերդ ընկե՞լ է, տիրոջդ ուզո՞ւմ ես օգնել, ապրես, այստեղ մտածելու էլ բան չկա, դու էլ ուրիշների նման քեզանից օյիններ մի շինիր, հենց դու էիր մնացել օյիններ շինող։ Շունչդ պահիր, ապրես, քաղաքակրթությունը չէ, որ քեզ պիտի սովորեցնի, շունչդ մոտեցրու տիրոջդ դեմքին… Դեռ կենդանի՞ է… փառք Աստծո։ Հիմա ուղեղիդ զոռ տուր. ի՞նչ պիտի անես։ Չէ, գյուղ գնալ-գալն արդեն ուշ կլինի, ուրիշ բան մտածիր։ Մտածիր, մտածիր, բնազդդ շարժիր… Ապրես, ոնց էլ գլխի ընկար, էն ո՞վ էր ասում, թե ձիերը խելք չունեն, ատամներով տիրոջդ պիջակի օձիքից բռնիր, զգույշ, քարշ-քարշ տալով տար ու ճանապարհի եզրին պառկեցրու՝ նրանց աչքի առաջ, ովքեր և՛ թևեր ունեն, և՛ զարգացած քաղաքակրթություն։ Վերջ, դու քո կարեցածն արեցիր, հիմա բնազդիդ կաց ու սպասիր…

Եվ ականջները ցցած, դողացնելով, համակ լսողություն, տեսողություն դարձած՝ ձին սպասում էր։

Ամեն դատարկ ձայնի վրա սիրտը թպրտում էր։ Լարվածությունից քրտնել էր, քրտինքի կաթիլները գավակից իջնում էին փորատակը, ոտքերը, սմբակները… Իսկ տիեզերանավը հաջորդ՝ հազար հարյուր տասնհինգերորդ պտույտն էր կատարում երկրագնդի շուրջը, գիշերը կիսվում էր։

… Մոտեցող մեքենայի լույսերի առկայծման հետ ձին ջղաձգվեց ու անխելք-անխելք վազեց ընդառաջ՝ ինչպես սարում մի մատ երեխեքն են վազում գյուղից եկող մեքենային ընդառաջ՝ հարազատի գալուստի կամ ուղարկած մրգի ու կոնֆետի ակնկալիքով։ Մանկան անհամբերությամբ ձին վազեց մեքենային ընդառաջ և իր արարքի անմտությունը հասկացավ միայն այն պահին, երբ առանց իր վրա ուշադրություն դարձնելու, համարյա քսվելով՝ մեքենան անցավ կողքից։ Մինչև կթեքվեր, հուսահատ կվրնջար, կկանչեր ետևից, արդեն շատ ուշ էր. նույն արագությամբ մեքենան անցավ նաև ճանապարհի այն հատվածը, ուր պառկած էր իր տերը։ Ձին զզվեց իր միամտությունից, անճարակությունից լացը եկավ։ Օձը, որ օձ է, իր ձայնազուրկ, գետնաքարշ տեղով եկավ, տիրոջ առաջ պոչի վրա ցից տնկվել էր ու աչքերով կանչում, ոնց էր կանչում։ Ձիուն պատճառ էր պետք՝ ձին օձերին չէր սիրում ու տանու այս օձին մինչ այդ հանդուրժել էր տանտերերի խաթեր, առիթ էր ներկայացել ու ձին ուզեց ոտնատակ անել սողունին։ Տերը բարկացավ. «Սպասիր, բան է ասում», իսկ օձը շուլալվեց տիրոջ ոտքերին ու իր ետևից տարավ, այգու ցորենի նախկին հորի պռնկին կանգնեցրեց. տիրոջ մինուճար թոռը՝ Մխոյի որդին, հորի հատակին ուշակորույս պառկած էր։ Քանի՜ տարիների իր հանդեպ տածած հավատի հատույցն էր օձի արարքը, նրա ի սկզբանե թունավոր բնույթն անգամ հավատի դեմ, պարզվում էր, պարտվողական էր։ Այո, բայց օձի հետ կապված այս պատմությունը ձիու հիշողության մեջ այլ առիթով էր արթնացել և հիմա ուրիշ լաց էր լացում. օձն անգամ իր ձայնազուրկ, գետնաքարշ տեղով իր ասելիքն ասաց ու անելիքն արեց… Ձին, եթե անգամ հիսուն ձիաուժ քաղաքակիրթ լիներ, չէր կարող հասկանալ, որ ձայնազրկություն կա՝ միլիոն ձայնի զորություն ու արձագանք ունի։ Բայց պարզից պարզ էր, որ մարդիկ իրենց ամենասուրբ մենաշնորհը՝ խոսելու կարողությունը չարաշահել, էժանացրել՝ իրենք իրար չէին կարողանում մարդավարի հասկանալ-հավատալ, ո՞ւր մնաց՝ Աստծո անլեզու արարածները։ Իսկ անլեզու այս արարածը, այս դյուրահավատ ձին, որ Բաբելոնյան աշտարակաշինության ու նեյտրոնային ռումբերի մասին գաղափար չուներ, ամեն բան շատ ավելի պարզ ու ձիավարի էր պատկերացնում. լեզուն մարդկանց տրված էր իրար ավելի լավ հասկանալու, ձեռքերը՝ ընկածին մեկնելու, սիրտը՝ սիրելու համար։ Վերջ։ Երանի ձիու հավատի միամիտ մաքրությանը։ Երևի թե հենց այդ մաքրությունն էր պակասում բանաստեղծին՝ գտնելու «այն բառերն ու նախադասությունները, որ օգնելու էին մարդուն մարդ մնալ»։ Երանի էս մաքրությամբ ձին նաև խոսելու կարողություն ունենար։

Ավաղ, ձին խոսել չգիտեր և չէր կանխատեսվում, թե առաջիկա հիսուն տարում կգիտենար։ Ձիունն իր վրնջյունն էր, և ձին վրնջաց՝ իր մեջ եղած բոլոր զգացումները դնելով մի հատիկ վրնջյունի մեջ։ Եվ այնքան տագնապալի ստացվեց այդ վրնջյունը, որ «Վիլիսի» հարբած վարորդը չէր կարող մի պահ չսթափվել ու չհարցնել ձիուն.

Հը՞, ախպեր, Պոլշայում դրությունը ո՞նց է…

Հետո տեսավ ճանապարհի եզրին փռված մարդուն ու հասկացավ, որ դրությունը լավ չէ։ Ձիուն թվաց, թե ճանաչում է այս մեքենան։ Որտեղի՞ց՝ չհիշեց։ Բայց հաստատ համոզված է, որ հիմա դուռը կբացվի, գանգուր մազերով մի սիրուն տղա կիջնի մեքենայից, կգրկի իր տիրոջն ու կտանի՝ փրկելու նրան։ Բնազդն էր հուշում. այդպիսի բան մի անգամ արդեն կատարվել էր, բայց ձիու հիշողությունը թույլ չտվեց կարգին տեղը բերել։ Դեպքը վաղուց էր պատահել, իր նախկին տիրոջ երեխայի հետ, որ ընկել էր գետափի բարձր ընկուզենուց։ Ձիու կարճ խելք ու հիշողությո՞ւն, թե՞ միամիտ ինքնախաբեություն. նրան թվում էր, թե աշխարհում հենց էդ մի «Վիլիսն» է ու հենց նույն՝ գանգուր մազերով վարորդը «Վիլիսի» ղեկին։ Ախր, չգիտեր նաև, թե ինչեր եղան հետո, երբ սիրուն վարորդը ուշաթափ երեխային տարավ հիվանդանոց… Հետո երեխայի ջարդված ոտքը վաղուց կպել-լավացել էր, երեխան արդեն ֆուտբոլ էր խաղում, իսկ վարորդին դեռ տանում-բերում էին։ Արանքում, փաստորեն, ոչինչ չկար, երեխան խոստովանում էր, որ ծառից է ընկել, երեխայի ծնողները վարորդից շնորհակալ էին, բայց դեպքին ականատես վկաներ չկային, և դեռ հարց էր, թե երեխայի ծնողները վարորդից հատկապես ինչո՞ւ էին գոհ։ Վատ բան էին կասկածում։

Հետո թե ինչպես հավատացին, դա էլ արդեն վարորդն ու իրենք կիմանան։ Բա, ընկեր ձի, դու, փառք Աստծո, այսքան բան չգիտեիր և չէիր կարող գիտենալ մի շատ բնական պատճառով՝ ձեռքեր չունես ու այդպիսով տալ-առնելուց հեռու ես կանգնած։ Բայց դու քո կարծիքին էլ մնա. ձեռքերը տրված են մարդուն աշխատելու և ընկածին մեկնելու համար։ Ու որ «Վիլիսից» այդ ձեռքը քեզ չմեկնվեց, խնդրում ենք բոլորիս մասին վատ մի մտածիր, հավատդ մի թունավորիր, դա քեզ ու մեզ վրա շատ թանկ կնստի, ճշմարիտ, ճշմարիտ ենք ասում։ Այո, բայց ձիու աչքի առաջ մարդը՝ իր սիրելի տերը, մեռնում էր, ամեն անցնող րոպեի հետ մահն ավելի էր մոտենում նրան, ու անզորությունից ձիու սիրտը պայթում էր, ու նա այս պահին չէր կարող վատ չմտածել բոլոր նրանց մասին, ովքեր ունեին այդ ժանգոտող զորությունը։ Ձին իր տաք շնչով շոյում էր տիրոջ դեմքն ու գլուխը, իր ջերմությամբ փորձում լրացնել աստիճանաբար մարող նրա ջերմությունը։ Բայց իր կարեցածն անելով՝ ձին ցավով հասկանում էր, որ գրեթե ոչինչ չի անում։ Ձեռքեր, ձեռքեր ունենար… Լեզու ունենար, մարդկանց հասկանար, թե ձեր մարդկությունը ձեզ մնա, մեր տիրոջը գետնից բարձրացրեք, դրեք մեր մեջքին՝ մնացածի հետ դուք գործ չունեք։ … Անցնող հաջորդ մեքենայի վարորդը շատ տարօրինակ մի տեսարանի ականատես եղավ, ճանապարհի եզրին փռված մարդու ոտքերի մոտ մի ձի էր ծնկել, ասես աղոթում էր նրա վրա… Խաղի մի տեսակ կա. առանց խոսքերի, միայն մարմնի ու ձեռքերի շարժումներով մարդիկ իրար բաներ են հասկացնում՝ նավի կործանում, երեխայի ծնունդ, ճանճի մահ ու չգիտես, թե էլ ինչ. գուշակեցիր՝ հաղթում ես, չգուշակեցիր՝ գլուխդ դեմ արա կտոցի։ Հնարավոր է, որ այս մարդու գլուխը բազմաթիվ կտոցներից ուռած-բթացած էր, հնարավոր է՝ այդ խաղից երբեք չէր խաղացել՝ չհասկացավ ձիուն։ Իսկ ձին նրա մասին վատ, շատ վատ մտածեց։ Ու թե հնարավոր լիներ, հաղթողի իր իրավունքը նրա մեծ գլխի վրա քացով կկնքեր։

Թե քուռակության տարիներին ինչեր էր արել-չարել՝ գիտակցական կյանքի ընթացքում ձին իր համար լավ համբավ էր ստեղծել, քացիներ, մասնավորապես, չէր շռայլել։ Մի անգամ միայն, այն էլ ինքնապաշտպանության բնազդով, երբ իր նախկին՝ հանդապահ տիրոջ որսագող թշնամիները պոչի տակ դինամիտ էին խցկում՝ պայթեցնեն։ Հո չշպացրեց… Բա ո՜նց… (Հետո էլ թողնես խեղճ մարդկանց նախանձի, որ ինքնապաշտպանության պարզագույն բնազդն ի՞նչ է՝ այն էլ չունեն, սեփական ձեռքով իրենք իրենց տակ դինամիտ են դնում ու կրակի հետ խաղում)։

Դյուրահավատ ձիու նախկին՝ հանդապահ տերն էլ լավ մարդ էր։ Մեղք էր. չար կին ուներ։ Ամբողջ կյանքում չար կնոջ ու չար բախտի լծի տակ ապրեց, ապրեց, մի օր էլ պայթեց, կրակեց բախտի իր թռչունի վրա, արյունլվիկ թռչունի ետևից մտավ ճահճուտ ու էլ դուրս չեկավ այնտեղից։ Հանդապահի որդին հանդակեր էր։ Աշխարհում ամեն բան, նրա կարծիքով, ստեղծված էր վաճառելու համար։ Իր կերածն էլ ափսոսում էր։ Հողը պլոկում, դեզերով խոտ էր, որ վաճառում էր, իսկ իր ձին ձմեռվա կեսը սոված էր անցկացնում։ Մի ձմեռ էլ թե նրա ձեռքի տակ անցկացներ, ձին, թերևս, իր գերագույն երազանքն իրականացներ՝ մի օր մարդկային լեզվով խոսեր. «Արա Սաքո, մարդ ես, մի բուռ խոտ տուր ուտենք»։ Բայց աշունն ավելի շուտ եկավ, քան ձմեռը. Սաքոն հնարավոր ամեն բան ծախեց՝ տունը, տեղը, հիշողությունները, ձիուն, չար լեզուներն ասում էին՝ նաև կնոջը, ու փողն առած՝ գնաց այլ երկիր՝ հիմա էլ այդ «այլ երկիրը» ծախելու։

Տեր փոխելը ձիու համար՝ ինչպես մտածող կնոջ համար ամուսին փոխելը։ Մոտավորապես նույն բանն է՝ դժվարությամբ են հարմարվում, կասկածանքով։ Չհարմարվեցին՝ տանջանք է, իսկ թե հարմարվեցին՝ էլ դու սուս։ Ողորմի հոգուն հանդապահի, բայց այգեպանն ուրիշ, ուրիշ մարդ էր։ Ձին նրան իր ամբողջ էությամբ նվիրվեց։ Ու այնքան սիրեց, որ, ինչքա՞ն ասեմ, Ադոլֆ Հիտլերը թե դրա կեսի, կեսի կեսի չափ որևէ մեկին սիրեր, երևի չարությունից չխելագարվեր։ Մարդ էլ կա՝ շատ սիրելուց է խելագարվում։ Բայց եթե իր հավասարակշռությունը պահպանելու համար աշխարհին անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր տարի այսքան ու այսքան մարդ խելագարվեն՝ երանի բոլորը սիրուց խելագարվեին։ Եթե չօգներ, հերոսների ու բանաստեղծների թիվը եթե չավելանար, աշխարհը դրանից գոնե չէր տուժի. սիրուց խելագարվածներն անշառ մարդիկ են։ Սրանք իրենց խելագարությունը շահադիտական նպատակներով չեն օգտագործում և ոչ էլ փորձում են թաքցնել շատ մոդայիկ մի քողով, որը «ի շահ աշխարհի պաշտպանության» է կոչվում։ Իսկ այս քողի տակ, պարզվում է, շատ բան կարելի է անել, օրինակ՝ մուրալ մարդաշատ հրապարակներում կամ մորեմերկ լողանալ նույն հրապարակների շատրվանների տակ, կամ մաքուր սափրել գլուխը և ներկել խաղաղության բաց կապույտ գույնով… Կարևորը գաղափարն է, իսկ որ հենց նույն օրը աշխարհը «հարստանում» է նեյտրոնային ու չգիտես թե էլ որ մի նոր ռումբով, դա, իհարկե, բարբարոսություն է, որի դեմ վաղը անհրաժեշտ է բողոքի նոր ձև մտածել…

Որ մի գիժ մի քար գցում է հորը՝ հազար խելոք հավաքվում, չեն կարողանում հանել՝ հիմա արդեն զարմանալի չէ։ Զարմանալին այն է, որ խելոքներն իրենք, քարը գլորելով, տանում գցում են հորը, գժին էլ օգնության են կանչում՝ թե արի, էս քարը հորից հանենք։ Ու ասամբլեաներ են գումարվում, պրեզիդենտներ են խոտանվում, դերասանները դառնում են պրեզիդենտ, միլիոնավոր մարդիկ, որ կարող էին հոյակապ կաղամբ կամ սմբուկ աճեցնել, անպտուղ հոգնում ու քրտնում են ժողովների տոթ դահլիճներում, ուր բարի խոստումներն ու հավատարմության երդումներն օճառի պղպջակների նման պայթում են օդում՝ ավելացնելով, սակայն, հավատազրկման ծանրությունը մեր առանց այն էլ կորացած ուսերին։ Ու նոր մարգարեներ են ի հայտ գալիս և ճշմարիտ-ճշմարիտ հայտարարում, թե «ահեղ դատաստանը, ահա, քթներիս տակ է և մեր միակ փրկությունը…»։ Մեր միակ փրկությունը, պարզ է, աղոթք-ապաշխարանքը չէ, մեր փրկությունը տիեզերքի նվաճումն է՝ իհարկե խաղաղ նպատակներով. ասել է թե՝ անմարդաբնակ վերջին կղզին էլ իր հազարհարկանի հյուրանոցներով թե ճառագայթահարվեց, Լուսինն ու Մարսը պատրա՞ստ են արդյոք մեզ ընդունել…

Իսկ տիեզերանավն արդեն հազար հարյուր տասնհինգերորդ պտույտն է կատարում երկրագնդի շուրջը։ Տիեզերագնացների հանգստի ժամն է։ Տիեզերական բարձունքից երկիրը, պարզվում է, արցունք հարուցելու չափ գեղեցիկ՝ նույնքան էլ անօգնական է։ Եվ Ա տիեզերագնացը, որ երիտասարդ ու շատ զգացմունքային է, ասում է ավելի փորձառու Բ տիեզերագնացին. «Տվեք ինձ հենման կետ, և ես չեմ թողնի երկրագունդը շուռ գա»։ Բ տիեզերագնացը ժպտում է՝ հիշելով իր առաջին թռիչքը. «Հենման այդ կետը ինքներս մեր մեջ պիտի փնտրենք…»։

Մարդը, ահա, տիեզերք է նվաճում, վաղը-մյուս օրը Մարսի վրա ձիերին, ով գիտի, ինչ աղայական կյանք է սպասվում, իսկ էս, էս «ռաբիս» ձին 21-րդ դարի շեմին, իր ասիական մտածողությամբ, մարդուց խռովել է։ Ձյուն գա խելքիդ… Վեր կաց, վեր, գետինը սառն է, կմրսես։ Հեն է, քո բախտից էլի ավտո է գալիս։ Էլ դերասանություն չանես, անտաղանդ։ Համեստ, խելոք ձևով կխրխնջաս։ Ավտոն էլ, այո, քեզ ծանոթ է, այս անգամ չես սխալվել։ Ավտոյի մեջ էլ, ետևի նստատեղին, չերևալու-չճանաչվելու համար կիսապառկած՝ որ իմանաս ո՞վ է… Տիրոջդ աղջիկն է՝ Նունեն՝ Մխոյի կինը։ Մեքենայի ղեկին, իհարկե, ամուսինը չէ, Մխոն չէ։ Քո խելքի բանը չէ, թե ով է մեքենայի ղեկին։ Այս պահին՝ բավական է, որ ծանոթ-բարեկամ է, և քո կողմից աննամուսություն չի լինի, թե բարձրագլուխ խրխնջաս՝ արտահայտելով նրան տեսնելու քո ուրախությունը։ Վատ չի լինի, թե մեկ-երկու քայլ էլ ընդառաջ գնաս (խոսքը մեր մեջ՝ պետքական մարդ է)։ Ապրե՛ս։ Տեսա՞ր, մեքենան դանդաղեցրեց ընթացքը… Կանգ առավ… Հիմա վարորդը բացատրում է Նունեին կանգառի պատճառը. «Ճանապարհի եզրին մի մարդ է խփված-ընկած»։ Ոնց է խղճում Նունեն ընկած մարդուն, ախ, ինչպես է խղճում։ «Խեղճ մարդ, ասում է, տեսնես ժամի քանի՞սն է… Մխոն թե սարից իջած լինի՝ հացներս կերանք»։

Ձին ողջ մարմնով դողում ու ցնցվում է։ Գերագույն լարումից, ինքն էլ դա չի զգում, քառասմբակ դոփում է ասֆալտը՝ աղետալի աղմուկն ականջ է պատռում։ Հիմա, հիմա մեքենայի դուռը կբացվի ու… ու…. Չէ, սիրելի ձի, բոլորիս վրա մի չարանա, մենք քեզ չէինք ուզում խաբել, մենք ինքներս ենք խաբված։ Դե, էլ հիմար-հիմար մի կանգնիր, վազիր մեքենայի ետևից, դեմը կտրիր, ղաչաղություն ես անում ի՞նչ ես անում, դերասանություն ես անում, լեզու ես առնում՝ խոսում ես… Մենք էլ միջոց չգիտենք, քեզնից միջոց հորինիր, հասկացրու, որ… ախր…

Ու ձին պայթեց՝ սրտապատառ մի ձայն արձակելով, որ արդեն ո՛չ խրխնջյունի էր նման, ո՛չ վրնջյունի։ Ու վազեց, ոնց վազեց… Դա իր կյանքի ամենամոլեգին ու ամենահուսահատ վազքն էր։ Հզորանալով, հզորանալով, ինքն իր մեջ բազմապատկվելով, ինքն իրենից դուրս գալով՝ տրաք-տրաքվեց ձին մեքենայի ետևից։ Բայց որ կտոր-կտոր էլ լիներ՝ ինքն ընդամենը մի ձի էր ու մեքենան՝ հիսունհինգ, վաթսուն, ձին մեքենայի ետևից հասնո՞ղն էր… Աշխարհը ձիու համար համատարած մթություն էր ու այդ մթության մեջ աստիճանաբար հեռացող, անէացող լույսի առկայծում։ Հետո այդ շողն էլ կուլ գնաց խավարին, բայց ձին դեռ չէր հանձնվում։ Մի պահ գայթեց, ընկավ, բայց բարձրանալ-վազելն այնքան արագ, այնպիսի պոռթկումով եղավ՝ ասես կատարվածը կատաղի ոստյուն էր նոր մոլեգնումից առաջ։ Բայց դա ձիու մոլեգնության վերջին՝ իններորդ ալիքն էր… Հետո ձին զգաց, որ իր մեջ ինչ-որ բան կտրվեց։ Ձին կանգ առավ… Աշխարհը մեղվի դժժացող, մութ փեթակ էր, ու ինքը՝ փեթակի կենտրոնում կանգնած։ Մեղուները լցվում էին բերանը, ականջները, ռունգերը, ներսը ողողվում էր մեղուներով… Դրսի աշխարհի աչքում, սակայն, ձին կանգնած էր անշարժ, ամեն ինչի հանդեպ անտարբեր, կուզը դուրս ցցած, ասես, փայտացել էր։ Միայն կողերն էին արագ-արագ բարձրանում-իջնում՝ ուռեցնելով լղար, թառամած փորը։ Արցունքի խոշոր կաթիլները հոսում էին ձիու դնչի վրայով և կաթում ոտքերի մոտ։ Ձին չգիտեր, որ բարի մարդկանց հեքիաթներում ձիու արցունքը թե կաթում է մեռած տիրոջ դեմքին՝ տերը կենդանանում է։ Թե իմանար, ձին երևի այդ միջոցն էլ փորձեր. ախր, շատ բարի ու դյուրահավատ ձի էր։ Կեսգիշեր էր։ Լուսինը հիմար-հիմար ժպտում էր։

Տիեզերանավը շարունակում էր իր հազար հարյուր տասնհինգերորդ պտույտը երկրագնդի շուրջը։

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Воскресение Христа
Георгий Гурджиев

Воскресение Христа

За занавесом
За занавесом
Играть онлайн