Вазген Саргсян

Աշուն, Հայկական բակ

Աշնան ջինջ կեսօր՝ արևի քաղցրժլատ ջերմությամբ, որ տերևաթափի պատրաստվող թթենու տակ, ցածրիկ աթոռին կուչ եկած հալևորի մի բուռ ոսկորները տաքացնում ու չի տաքացնում: Ծեր թթենին տարվա հետ իր հաշիվները փակել ու տխուր սվսվոցով արև է վայելում: Ո՞վ գիտե, այս աշունն իր կյանքում կարող է նաև վերջինը լինել. բնի մեջ սև խոռոչը մեծացելխորացել է՝ այնքան, որ խորքում վարդի թուփ են տնկել: Աշնան վերջին վարդը թփի վրա իրեն թագուհի է կարծում. դալուկ վիզը համառորեն դուրս է մեկնում խոռոչից՝ երեսն արևին ցույց տա՝ տեսեքտեսեք… Շատ բան տեսած արեգակը ներողամտորեն ժպտում է. ապրիր, վայելիր կյանքի քո կարճ ժամանակը՝ քեզ էլ չի մնա… Ո՞ւմ է մնացել, որ ո՞ւմ մնա… Երանի տալու չէ, բայց երանի թփից թուփ թռչող այս թիթեռին, ինքն իր մասին, կողքի թիթեռի, վարդի, թթենու, ծերունու, անխուսափելիի մասին ի՞նչ գիտե… Թիթեռի աչքին կյանքը համատարած գեղեցիկ ու զմայլելի է, ինչպես եկել է թիթեռն, այնպես էլ կգնա աշխարհից՝ միամի՜տ, անտեղյա՜կ: Վե՜ր կաց, ա՛յ հալևոր, վե՜ր կաց, քեզ էլ մի թիթեռաչափ կյանք է մնացել, քունջ ու պուճախում պահած փողմող կունենաս՝ վերցրու, մտիր պառավիդ թևն ու՝ «լայնարձակ է հայրենի երկիրն իմ», քեֆ արեք:
Նստե՜լ է: Անշարժ, ինչպես ինքն իրեն հուշարձան, գլուխն ափերի մեջ, կապույտ աչքերի անթարթ հայացքը՝ կրակին: Մոխիրները կրակից բարձրանում, նստում են թավ հոնքերին, մազերին: Չի էլ նկատում: Կողքից նայողին կարող է թվալ, թե դանթել է ու հիմահիմա կընկնի կրակին: Չէ՛, ուղղակի կրակը ձգում է ու կարգին չի տաքացնում անտերը: Բորբոքելուժեղացնել չի կարելի, որովհետև… ինքնանպատակ չի այրվում, նպատակով է այրվում՝ արաղ է քաշում: Այո՛, այո՛: Օղի է թորում, իսկ նման գործով զբաղվողներին գիտե՞ք, չէ՞, ինչ պատիժ է սպասվում:
Իրենց դատ չի հասնում, իրենք խևերի ցեղ են, և սա հարսն է ասում կտուրից: Իրեն էլ կարելի է հասկանալ. ամուսինը «հե՜ն է խոպաններում պալատներ է շինում», ինքը հարյուր չորս կիլոգրամանոց մարմինն առած՝ բարձրացել, կտուր է նորոգում: Չարացել է: Ո՞նց չչարանա. ինքը շաղախն անի, ներքևից վերև՝ ճախարակով ինքն իրեն ցեխ տա, շիֆեր տա էս բանվորի գործը, վարպետն էլ հո ինքն է ու ինքը: Էն հինգ տարեկան լակոտն էլ հո մարդու մատից փուշ հանո՞ղ չի: Մեկ ցեխը դույլը կլցնի, մեկ՝ կթողնի կջհաննամվի… Էս, էս բիձեն էլ՝ ոնց որ մարդու տնազ, լրիվ խելքը գցել է: Ոտքերը տակին չեն կանգնում՝ արաղ է քաշում… Ասա արաղը քո ինչի՞ն է, խմողդ ո՞վ է… Հիմա, որ թաղայինը եկավ՝ ի՞նչ պատասխան ենք տալու: Ասում ես էլ՝ բան չի հասկանում՝ վերացա՜ծ…
Հալևորն, ախր, էս աշխարհից չի, ձայնը չես հասկանում՝ որտեղից է լսվում: Ականջ դնենք՝ հարսն ի՞նչ է ասում.
Յոթանասուն տարեկան է, թռել ծառը, տանձ է քաղում: Ուրիշ ժամանակ կասի՝ «Լավ չե՜մ լսում»: Ինչ որ իր օգտին է՝ մեզանից էլ լավ է լսում, կեսուրն է, ուրեմն խոսքը կեսուրի մասին է:
Էն տարի՝ 45ին, որ Արաքսի ափին ծնկները թուլացան, տանձի ծառի վրայից շարունակում է ծվծվոցը, էլ դուրս գալու ուժ չունեցավ, էդ թվի մեջ էլ մնաց…
«Բոլորն են խենթ, բոլորը, լացակումում է հարսը, մեջները մի խելոքը չկա»:
Ա՛յ տղա, էդ ի՞նչ ես անում, բեմուրա՜զ…
Բարկությունից երակները հարսի վզի վրա ցցվում են. որդին՝ հինգ տարեկանը, պարսատիկը ձգել, նշան է բռնել ուղիղ պապի ճակատին, հարցնում է. «Պապի, խփե՞մ…»:
Խփեց էլ՝ խփեց, իրենց արյունն է: Հարսը լրբոտում է, քիչ է մնում կտուրից իրեն վայր գցի, իսկ ներքևինների համար՝ հե՜չ: Թոռը, նշան բռնած, կամացկամաց մոտենում է. «Պապի, խփե՞մ»: Պապը դիրքն անգամ չի փոխում, նստած է՝ գլուխն ափերի մեջ: Իսկ թոռը ուժը ներածին չափ ձգել է պարսատիկը, լարումից ձեռքը դողում է. «Պապի, խփե՞մ…»:
Բեմուրա՜զ, ճղվումպայթում է մայրը, էդ խեղճին աստված արդեն խփել է…
Աստծո անվան հիշատակման հետ երկինքն ասես պայթում է ցնծալի աղաղակներից: Պառավը վախեցած խաչակնքում ու նայում է երկինք, թե՝ հրեշտակմրեշտակ չկա՞: Աղմուկը, դու մի ասա, մինչև հալևորի ետացած աշխարհն է հասել ու ցնցելարթնացրել է նրան. գլուխն ազատել է ափերի գերությունից, աչքերը պայծառացել են… Հալևորն ուղղվում է աթոռի վրա, համակ լսողություն է, ձեռքը մեկնում է ձեռնափայտին ու ընդոստ կանգնելով դողացող ոտքերին՝ ձեռնափայտը հրացանի նման մեկնում է առաջ.
Հը՞, գոռում է, ու ձայնը, իսկապես, այլ աշխարհից է լսվում, գրոհն սկսելու հրամա՞ն եկավ:
Թոռը, ինչպես վայել է իսկական զինվորին, թեքվում ու պարսատիկից կրակում է պապի ձեռնափայտհրացանի նշանառությամբ: Քարն առնում է երկաթե դարպասին, որ տագնապաձայն զրնգում է:
Առա՜ջ, գոռում է հալևորը, բայց քայլ չարած՝ տապալվում է:
Առա՜ջ, հևում է ընկած տեղից, առա՜ա՜ա՜ջ…
Տարիներ առաջ, երբ հալևորը ջահել, ուժեղ տղամարդ է եղել, ճակատագիրը նողկալի խաղ է խաղացել նրա գլխին. ամբողջ Եվրոպան, Ճապոնիան էլ հետը՝ թողած, բերելնստեցրել է խեղճին արյունից ու կռվից հեռու, մայր գետի ափին, թե՝ սպասիր, շուտով գետն անցնելու ես, գերված հայրենիքդ ազատագրես… Չորս ամիս բերանով եք ասում, ամեն ամիսն ունի 30 օր, օրն ունի 24 ժամ, ժամն ունի 60 րոպե, րոպեն ունի 60 վայրկյան… Վայրկյանվայրկյան չորս ամիս սպասել է հրամանին: Փաստորեն, գետն է եղել, ու հրամանը պետք է լիներ: Դիմացը, հարյուրավոր կիլոմետրերի վրա մարդու շունչ չի եղել, թշնամի չի եղել, ոնց որ գայլերի ոհմակն իր զոհին հոշոտի ու հարայհրոցի վրա պոչը քաշի, հեռանա… Վայրկյան առ վայրկյան չորս ամիս սպասել է գետն անցնելու հրամանին, ու հրամանը մի լուսավոր առավոտ հնչել է. «Թողնե՜լ…»: Աչքերի դեմը սևացել է, ծնկները թուլացել են ու շարքի մեջ ծնկել է: Ու հենց այդպես՝ ծնկած էլ էն թվի մեջ, գետի ափին մնացել է:
Առա՜ջ, ընկած տեղից տնքում է հալևորը:
Նրա կանչը միայն իր պառավին է հասկանալի, նա էլ «սպասում է հալևորի մեռնելուն, որ իրա համար քեֆ քաշի, նրա շա՜տ վեջին է»:
Հարսը իր հարյուր չորս կիլոյանոց մարմինը պահի մեջ կտուրից վար է բերում, ու հալևորը կորում է նրա վիթխարի գրկի մեջ:
Հրաման չկա, ա՛յ հեր, շնչակտուր համոզում է, հրաման չկա, հերի՛կ ջան, ֆուտբոլ է, աշխարհի էն ծերում գոլ են խփել, անտեր շներն էստեղ վայնասուն են դրել, ասես «Վոլգա» են շահել:
«Անտեր շներին» վերաբերող մասը գոռալով է ասում, որ տեղ հասնի: Իր հզոր գրկի մեջ հալևորի ձայնն ու պոռթկումը խեղդում, տանում, նստեցնում է աթոռին:
Ֆուտբո՞լ, ոչինչ չի կարողանում հասկանալ հալևորը:
Ֆուտբոլ, ֆուտբոլ, ուրախանում է հարսը, որ իր խոսքերը, իբր, տեղ հասան, ֆուտբոլ՝ «Արարատ», հուպ տուր:
Փլվում է աթոռին, ծերունու ուսերը գրկած, գլուխը՝ ծերունու թիկունքին, հեծեծում է՝ ինքն էլ չիմանալով ինչի համար: Սպասում է, մինչև հալևորը խաղաղվի, գլխի ու մարմնի ցնցումները հանդարտվեն, և երբ ինքն էլ խաղաղված, հոգոցով բարձրանում է աթոռից՝ իր գործին գնա, նկատում է ծառի ճյուղից կախ ընկած պառավին. ճոճվո՜ւմ է: Աչքերը չռվա՜ծ… Հիմի ոչ էն է խնդա, ոչ էն է լաց լինի: Թփթփացնելով վազում, կանգնում է ծառի տակ, ձեռքերն իր նման կանթում կողքերին ու տակնիվեր ժպտում:
Այ կնի՞կ, էս ի՞նչ գործի ես:
Կարլսոնը, որ ապրում է տանիքում, ծղրտում է թոռը:
Ապահովության զգացումից պառավի լեզուն բացվում է: Խռխռացնում, լացում է.
Մեռա… սիրտս բերանիցս դուրս ա ընկել: Տերդ թաղեմ, էն տերդ, էլ ո՞ւմ ես սպասում, փրկի՜…
Հարսը՝ խնդմնդալով, արևի տակ ուռչող թթվի տակառը բերումդնում է ծառի տակ, բարձրանում աթոռին, աթոռից՝ տակառին և ձեռքերը կողքերին կանթած, մի ոտքն առաջ, կուրծքը ցցած՝ բլբլում.
Պտտվիր, պտտվիր, կարուսե՛լ, ես քո երգը վաղուց եմ լսել: Էլի անեծքիդ տուտը բացեցիր, հա՞, քոքեցի՜ր: Հիմի ո՞նց ես, որ ծառից չիջեցնեմ, թողնեմ էդպես ֆռֆռաս, հը՞…
Կեսուրին ծառից իջեցնում, նստեցնում է տակառին, տակառից իջեցնում, նստեցնում է ծառի տակ: Ու հենց այստեղ պառավն ուշաթափվում է: Հարսի մերը չմեռնի, հարսը չգիտի՞ դա ինչ ուշաթափություն է:
Ա՛յ տղա, բեմուրազ, կանչում է, մի աման ջուր բեր, լցրու տատիդ գլխին, շո՜ւտ: Կկվի նման պառավի գլուխը ցցվում է վզի վրա.
Չէ՜, բեմուրազ ջան, չէ՜…
Անցել է հինգ րոպե: Հարսն էլի իր գործին է. թարմ շաղախով լի դույլը ճախարակով վեր է քաշում: Հալևորը նախկին դիրքով նստած է՝ աշխարհի վրա զարմացա՜ծ: Արեգակը բարձրացել, լռվել է ուղիղ նրա գլխավերևում ու խնդում է բիձուկի միամտության վրա: Թիթեռ է նստել հալևորի ճերմակ, տաք մազերին: Հանգստանում է: Թոռը մտածում է հոր ձկնորսական ցանցը բերի, պապին բռնի, որ թիթեռին տիրանա: Պապը սրա համար խաղալիք է, կենդանի, մեծ ու հրաշալի խաղալիք: Խաղ է խաղալու գլխին՝ առայժմ մոգոնում է:
Քստքստացնելով, տնքտնքալով տատը տնամերձ բակ է մտնում: Գոգնոցի գրպանում տանձ կա: Թոռը պարսատիկը քաշում, սպառնում է.
Տանձ տուր ուտեմ:
Քո համար եմ բերել, բեմուրազ, էլ թվանք քաշելդ ի՞նչ է, իբր բարկանում է, բայց աչքերը ժպտում են. իր երես տված լակոտն է: Պարսատիկը գցում է վիզը, ջրալի տանձը կծում ու չպչպացնելով բացատրում.
Լրիվ խելքը գցել է, պապի մասին է խոսում:
Հակոբ չի կարողանում, ինձ Ակոփ է ասում: Ակոփ, ասում է, քո հարսանիքի արաղից մի բաժակ խմի:
Քանի որ տատը կարգին չի լսում, գոռալով ավելացնում է. Էս շաբաթ Ակոփի հարսանիքն է, ասում է:
Ո՞ւմ, ո՞ւմ հարսանիքն է, չի՞ լսում, թե լսածին չի հավատում տատը:
Իմ, քրքջում է թոռը, իմ՝ Հակոբի՝ Ակոփի:
Տատի ծնկները ծալվում են, ձեռքերը զարկում է ծնկներին ու մի րոպեի չափ մնում այդպես քարացածկանգնած: Արցունքները գլորվում են աչքերից: Հետո խցանված, ապշած աղբյուրի նման հանկարծ նորից բխկում է:
Արևդ մեռնի, ինչ մեռավ. դու էդ ո՞ւր ես հասե, Խաչո…
Ու ծնկները ծեծելով, հին ժամացույցի ճոճվող վայրկենացույցի նման՝ գլուխը ուսից ուս տարուբերելով՝ պառավը ողբում է.
Էդ Ակոփը դու չես, բալա ջան, ինքն իր ախպեր Ակոփի մասին է ասո՜ւմ… Ակոփին խփողի թևերը թուլանան, չուրախանա ամբողջ կյանքում, պատերի տակին կռկռալով մնա… Արևի կտոր մեր ախպերն անպսակ մնաց, կանաչկարմիրի տեղ սև գյուլլեն ծաղկեց մեր ախպոր դոշին…
Պապիդ մինուճար ախպեր Ակոփը, պապիդ թև ու թիկունք Ակոփը, գյուղի կոմսոմոլ Ակոփը… Պառավը գրկում, պաչպչում է թոռան գլուխերեսը, շունչ է առնում ու շարունակում.
Ոնց որ էս շաբաթ իր հարսանիքն է ըլնելու՝ պապդ էսօր հարսանիքի արաղն է քաշում: Խաղ ասելով էկավ իմ թագավոր ախպերը. «Գարնան կարմիր վարդի նման, ցող եմ ուզում քե՜զ նման…»: Քոռանամ, Ակոփ ջան, խելքից գետինը ճաք էր ընկնում, խաղ ասելով էկավ՝ ախպերն արաղ է քաշում: «Հարս, ասեց, էրկու բաժակ բեր՝ ախպորս վարպետությունը փորձենք»: Բաժակները բերի, հացը, պանիրը, կանաչին… Մի կտոր պանիր դրեց լավաշի մեջ, բաժակն առավ ձեռը, թե տանի բերանը, ձեռը օդի մեջ էլ մնաց… Սև հրացանը պայթեց, ու արունը բխկաց Ակոփիս բերանից՝ կարմի՜ր… Ոնց որ չհավատար, աչքերը զարմացա՜ծ, կապո՜ւյտ… Ո՞նց պապիդ սիրտը չճաքեց… Թևերի մեջ քսանչորս տարեկան թագավոր ախպերը հանգավ՝ աչքը հացին, կյանքին, նշանածի՜ն… «Դու էդ ո՞ւր ես հասե, Խաչո», հալևորի ուսը ցնցում, ականջի մեջ կանչում է պառավը.
Ակոփի հարսանիքը՜… սև հարսանիք էկավ քո ախպեր Ակոփի գլխին, անթառամ ծաղիկ է բուսել Ակոփի գերեզմանին, Խաչո՜…
Հալևորը բարձրացնում է մատաղի գառան իր միամիտ, զարմացած հայացքը, չորացած շուրթերով բերանը կիսաբաց նայում է պառավին ու ոչինչ չի հասկանում.
Հաջա՞ն…
Հավերին կեր տուր, դիցուհի՛, վերևից հրամայում է հարսը: Պառավը չի լսում: Ասա, թող հավերին կեր տա, դառնում է որդուն:
Ասում է թող հավերին կեր տա, փեշից քաշում, ականջի մեջ գոռում է թոռը:
Մի շատ կարևոր բան մոռացության տվածի նման, պառավը սթափվում, ծնկներն է ծեծում ու գոգնոցի փեշով աչքերը մաքրելով՝ շտապում է հավերի հավարին: Այս պառավի համար հավերի սոված մնալն ու տանձը ժամանակին չքաղելը աշխարհակործան պատերազմի չափ մի ողբերգություն է: Սվսվալով գնում է հավերի հավարին ու մոռանում թոռանը պատմել, որ 37 թվից պապը Ակոփին սպանողին փնտրեց ու իզը բռնած գնա՜ց, 62ին, Ադլերի շուկայում, ձմերուկ ծախելիս բռնացրեց: Որ, փաստորեն, գնացել էր վրեժ առնելու ու ասեղ անգամ չէր ունեցել մոտը: Հենց շուկայի տնտեսական խանութից խոհանոցային մի դանակ էր առել, կանգնել մարդասպանի առաջ: «Ես եմ՝ Ակոփի ախպեր Խաչոն եմ, էկել եմ պարտքս ստանամ…»: Խփել ու ինքն իր ոտով գնացել, հանձնվել էր: Որ՝ մի ամսից ավելի տևեց պապի դատավարությունը: Է՜, կոլեկտիվացման դեպքերից սկսած, վաթսունմեկ վկաներ քննվեցին, շատ բան դուրս եկավ ջրի երես, և դատարանը, ի վերջո, պապին արդարացրեց: Այսքան բանը տատը թոռանը չպատմեց: Ոչինչ, կմեծանա՝ կիմանա: Ափսոս միայն, որ պապն արդեն չի լինի, չի լինի կենդանի պատմությունը, լեգենդը, որ այս պահին թոռան համար ընդամենը կենդանի խաղալիք է, մեծ ու հրաշալի խաղալիք: Խաղ է խաղալու գլխին, առայժմ մոգոնում է:
Դույլը վերևից շրխկում է գետնին:
Շաղախ տուր, բեմուրազ, հրամայում է մայրը:
Բեմուրազ, դու բեմուրազ, պարանի կեռը դույլին ամրացնելու փոխարեն գցես պապի բամբակյա բաճկոնի գոտուց ու մորդ ասես՝ «քաշի»… Մորդ էլ աստված ուժ է տվել, չի խնայել. հորդ ու աշխարհի վրա չարացած՝ ճախարակը վերևից պտտո՜ւմ է… Հալևորի քաշն ի՞նչ է՝ բաճկոնովբանով հազիվ 5560 կիլո. աթոռի վրայից թեթև, սիրուն բարձրանում է: Գլուխը դեռ ձեռքերի մեջ է: Զարմացած՝ իրենից հեռացող կրակին է նայում, չի հասկանում, թե ինչ է կատարվում: Հետո, հանկարծ գլխի է ընկնում ու կես բարձրության վրա ճոճվելով՝ պատին զարկվելով, խելոքխելոք բացատրում է.
Յա՜, հա՛րս, ախր, էս, ախր, ե՜ս եմ…
Կռանալ, նայելու հետ՝ ճախարակի բռնակը դուրս է պրծնում ապշահար հարսի ձեռքից: Քիթբերանի վրա հալևորը ծեփվում է գետնին: Միայն զխկոցն է լսվում, ու էլ ոչ մի ծպտուն:
Տատի՜, սրտապատառ կանչում է թոռը, տատի ջան, հասի, պապին մեռավ…

Անցել է 1520 րոպե: Արեգակը վերևից էլ չի ժպտում՝ լիաթոք ծիծաղում է, և աշխարհը չգիտի, որ աշնան օրով մայր արևի նման բարեհաճության համար պարտական է խենթերի այս ընտանիքին:
Թթենին արեգակից շնորհակա՜լ, շնորհակա՜լ է. ախր այս աշունն իր կյանքում կարող է նաև վերջինը լինել: Թթենու սրտի մեջ վարդ է աճել, կարծում է, թե արեգակի պայծառացումը իրեն է ուղղված, և սիրո խոստովանությամբ բացում է միամիտչքնաղ սիրտը նրա առաջ: Խե՜ղճ, ախր, դա իմ մահվան սկի՜զբն է:
Թոռը՝ Հակոբչեղածը, վերջապես բռնել է թիթեռը, քորոցով ամրացրել արևհայաց պատին՝ չորանա, ու հիմա երգում է.
Սիրուն թիթեռ, ինձ ասա, թե ինչո՞ւ ես դու տխուր…
Ապրես, բալե՛ս, վերևից պատասխանում է մայրը, երգի, արտասանի քեռիներիդ նման, ամեն ինչով հո սրանց չե՞ս նմանվելու:
Հետո հիշում, չարանում է:
Բեմուրա՛զ, քիչ էր մնացել, հա, մեզ բանտի ծակն էիր կոխելու:
Պապը նստած է իր աթոռին: Գլուխն ափերի մեջ: Վերացա՜ծ: Ասես ոչինչ էլ չի եղել, միայն սպիտակ վիրակապն է ավելացել ճակատին, որ աջ քունքի մոտ կարմրին է տալիս: Կրակը տնքում, մորմոքում է: Արաղը կաթիլկաթիլ լցվում է դույլը: Առավոտից մի դույլ արդեն լցվել է: Սա երկրորդն է: Պառավը… Պառավը լսողությունից բացի կարծես նաև հոտառությունն է կորցրել. արաղով լիքը դույլն առել, գետինը ջրցանում, սրբում է, ջրցանումսրբում է… Ինչոր սվսվում է քթի տակ:
Խեղճ հալևոր, իբր շատ արուն ուներ՝ էդքան էլ կորցրեց…
Եվ հենց այս պահին բացվում է դարպասի դռնակը, ու երևում է թաղայինի գլուխը.
Էս ի՞նչ բանի եք, հայ ժողովուրդ…

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Небо пасмурно
Комитас

Небо пасмурно

Плодотворная осень
Плодотворная осень
Играть онлайн