Вано Сирадегян

Նժդեհին սպասելիս

«27»-ի դատավարությունը կարելի է համարել ավարտված: Դատավարության մասնակիցները մնացած ժամանակը շարունակելու են կատարել ակամա հանձնառած խամաճիկների դերը՝ դատավարություն կոչված այդ ամոթալի բեմադրության մեջ: Ակամա մեղադրող, ակամա դատավոր, ակամա դատապաշտպան, ակամա տուժողներ: Եւ բոլորը սպասարկելու են մարդասպանի (որին ժամանակ առ ժամանակ քնքշորեն տեռորիստ են անվանում) փառասիրությունը:

Հատկանշականը այն է, որ դատավարության մասնակիցներին (բոլորին առանց բացառության) ձեռ է տալիս հոգեմաշ այդ ընթացքը: Եվ ոչ մեկին, դարձյալ առանց բացառության, ձեռ չի տալիս կազմակերպիչների բացահայտումը: Ժամանակ առ ժամանակ հոխորտալը, թե եթե կազմակերպիչները չհայտնաբերվեն՝ չգիտեմ ինչ կանենք, չգիտեմ ոնց կանենք,-պարապ խոսքեր են, որ ասվում են ավելի շուտ ամոթու, որպեսզի հասարակությունը չթքի երեսներին՝ այդքան շուտ նահատակներին մոռանալու համար: Խոսքը այն մասին է, որ տուժող կողմը այնքան է մտել արդարադատություն մուրացողի (ոչ թե պահանջողի) դերի մեջ, որ արդեն վերաորակավորվում է քննության մարմնի հետ համագործակցողի: Ուրիշ ինչպե՞ս հասկանալ հոգեբուժական էքսպերտիզայի պահանջի դիմաց հոգեբանների հերթապահություն ստանալը դատարանի դահլիճում եւ լռելը: Մի՞թե հասկանալի չէ, որ հոգեբանների ներկայությունը ապահովելով՝ նախապատրաստվում է հանցագործներից մեկնումեկի կամ մի քանիսի հոգեկան հիվանդ ճանաչելը ճիշտ ժամանակին: Հնարավոր է, որ բանը դրան չհասնի, բայց այդպիսի ելքի անթաքույց ակնարկը՝ հոգեբանի ներկայության ձեւով, երաշխիք է, որ Հունանյանը իրեն պահի լկտիաբար եւ զգա ապահով:

Բանը հասել է այնտեղ, որ Կարեն Դեմիրճյանի հարազատների կողմից հանդես եկող իրավաբանը անցել է սպառնալիքի նրանց հասցեին, ովքեր համոզված են, որ կազմակերպիչները երկրի ներսում են: Նա խստորեն զգուշացնում է, որ զոհվածների արյունը չշահագործեն: Դատավարության սկզբում ինքը արդեն ասել է, որ կազմակերպիչներ կա´ն, էլ ի՞նչ եք ուզում մարդուց: Կարող էր, չէ՞, չասել: Ասելը, սակայն, հո չի՞ նշանակում, որ դատարանը կպարզի, թե ովքեր են նրանք: Ասել է թե՝ պիտի սպասել դատավարության ավարտին: Այ, եթե չպարզվի կազմակերպիչը, այն ժամանակ... Այն ժամանակ ի՞նչ: Ոչինչ: Համոզմունքը, որ կազմակերպիչ կա, մնաց, բայց կազմակերպիչը չկա: Մեռնեմ օրենքին: Իրավաբանի գլխավոր միտքը, սակայն, այս չէ, այլ հաջորդը, որի էությունը այն է, իբր, կազմակերպիչներին բացահայտելու գործում ամենաշահագրգռված կողմը իշխանությունն է: Ուշադրություն դարձրեք՝ ամենաշահագրգռվածը: Միամիտ քաղաքացին կկարծի խորամանկ իրավաբանը թասիբի է գցում իշխանությանը... Քավ լիցի: Դա միայն այն է նշանակում, որ երբ պարզ կդառնա, որ ոչ մի կազմակերպիչ էլ չհայտնաբերվեց, դժվար չի լինի հետեւություն անել, թե իշխանությունը հո իր վատը չէր ուզի, եթե կազմակերպիչ լիներ՝ կբացահայտեր: Այսինքն, կազմակերպիչ կա´մ չկար, կա´մ այնպիսի կազմակերպիչ էր, որին բացահայտելը իշխանության ուժերից էլ վեր էր: Ասված է, չէ՞, որ իշխանությունը իր վատը չէր ուզի: Ասել կուզի՝ կազմակերպիչները դրսից են: Եզրակացնում ու նվագում ես հայ ժողովրդի սրտի ամենաքնքույշ լարերի վրա: Ո´չ մեղավորության զգացում՝ սեփական զավակների արյունը խմելու պատրաստակամության համար, ո´չ ամոթի զգացում՝ այդպիսի վիժվածքներ ծնելու ու հրահրելու համար, ո´չ խղճի խայթ ու պատասխանատվության բեռ՝ ընտրած նախագահին հրաժարականի հասցնելու ու դրա հետեւանքների համար, ո´չ էլ՝ ազգային ինքնասիրահարվածության խաթարում: Դարձյալ ուրիշներն են մեղավոր: Իսկ կուսակցությունները, խմբակցությունները, անգամ տուժողները դրսի վարկածի դեպքում ստիպված չեն լինի որոշումներ կայացնել, հարաբերություններ փչացնել, նոր ընտրությունների գնալ, դաշինքներ քանդել ու պաշտոնները ռիսկի ենթարկել:

Կյանքը անասելի հեշտանում է: Եւ ամեն մի երեկվա ռամիկ ու ռանչպար, որ հայերեն խոսելը սովորում է խոսափողի առաջ, իրեն մեծ քաղաքականության գիտակի տեղ է դնում ու աչքունքով ազգիս ակնարկում, թե հրահանգը դրսերից է գալիս: Ֆայլաբազարի հարգելի մտածողներ, այդ ե՞րբ է պատահել, որ որեւէ երկիր չունենա գործիչներ, որ ընդունելի չեն այս կամ այն շահագրգիռ պետության իշխանություններին: Բայց որպեսզի ընդունելի չլինելը վերածվի բառացիորեն չլինելու, անհրաժեշտ է, որ երկրի ներսում լինի ոչ միայն սպանիչ մթնոլորտ, բանդա կամ կազմակերպություն, այլեւ այդ ամենը հրահրող ու ապահովող քաղաքական ռեժիմ: Ինչո՞ւ Նահանգների նման հզոր երկիրը, ձեռքի տակ ունենալով կուբացի վտարանդի վարձկանների մի ամբողջ բանակ, տասնամյակների ընթացքում չկարողացավ իրագործել Ֆիդել Կաստրոյին վերացնելու իր ծրագիրը: Որովհետեւ երկրում չկար ոճրագործությանը նպաստող մթնոլորտ եւ ռեժիմ: Եւ հիմա, որ մարդասպանները իրենց կուսակցական պատկանելությամբ ու գաղափարախոսությամբ անթաքույց ու լպիրշ կանգնած են ձեր դեմը, երբ ոճրագործության արդյունքով իշխանության տիրացածներն ու տնտեսության ոլորտները զավթածները հայտնի են անգամ երեխային, ի՜ նչ եք ձեզ գժի տեղ դրել ու հարց եք տալիս՝ ո՞ւմ էր սպանդը ձեռնտու: Այդ ո՞ւմ եք հիմարի տեղ դրել: Ինչո՞ւ եք ձեր խեղճ ուղեղը ծանրաբեռնում աշխարհաքաղաքականությամբ: Չէ՞ որ այդպիսի զոռից ծամածռվում է անմեղսունակի դեմքը: Այդպես մարդուս դեմքը ծամածռվում է մեկ էլ միայն մի դեպքում: Ու դարձյալ՝ զոռից: Հասարակայնությանը սպառնալու վերոհիշյալ դեպքը առաջինը չէ: Այսինքն, սա երկրորդ էտապն է: Առաջին անգամ սպառնաց Ալբերտ Բազեյանը 2000 թվականին, քաղաքապետի բարձր աթոռից: Այն ժամանակ, չգիտես ինչու, իրեն գլխավոր մեռելատեր էր համարել եւ հաթաթա էր տալիս, թե՝ չըլնեմ-չիմանամ մեկնումեկի մտքով անցնի Վազգենի ու Դեմիրճյանի արյունը դարձնի շահարկման առարկա... Եւ թե՝ պետք է սպասել նախաքննության ավարտին: Սպասեցինք - տեսանք: Հիմա էլ սպասում ենք դատավարության ավարտին:

Ի դեպ, դատավարության սկզբին «ՀԺԿ-ն՝ երկրապահի կամուֆլյաժով» հոդվածում մենք զգուշացրել էինք, որ դատավարության փուլում Ստեփանը կկատարի այն դեստրուկտիվ դերը, որը խաղաց Արամը նախաքննության փուլում: Արամը կամ Աբոն, Ստեփանը կամ իր իրավաբանը - խոսքը տուժող կողմի մասին է: Ահա այդ էլ տեսանք: Հիմա էլ Դեմիրճյանների կողմից են մեզ սպառնում: Իհարկե, կարելի է երեւակայությանը տուրք տալ եւ մտածել, որ երբ նախաքննության փուլում Բազեյանը իր դերը կատարեց, Քոչարյանը հետեւյալ փուլի համար Բազեյանին նախօրոք ազատեց պաշտոնից, որպեսզի նա որպես «այլախոհ» կուսակցություն ստեղծելով՝ քայքայի Երկրապահը դատավարության անպտուղ ավարտից առաջ: Կարելի է ավելի խոր գնալ եւ ենթադրել, որ Բազեյանը լավ էլ գիտակցում է ինչ է անում: Բայց ճշմարտությանը ավելի մոտ կլինի վարկածը, որ՝ չի հասկանում: Չէ՞ որ, ըստ Աշոտի, Բազեյանը ազնիվ է: Քյարփինջն էլ է ազնիվ, քանի դեռ դրանով մեկի գլխին չեն տվել: Այսինքն, տալուց հետո էլ մնում է ազնիվ: Եւ դառնում է բազմակի գործածության ազնիվ քյարփինջ: Ինչ վերաբերում է ազնվությանն առհասարակ, կարծում ենք, որ մեր մեջ ազնիվ մարդ այլեւս չկա: Մեր սերնդի ազնիվները զոհվեցին պատերազմում: Իսկ նախաքննության նյութերը՝ տուժողների այն ժամանակվա պահվածքի վերաբերյալ, ավելի անախորժ կասկածներ են ծնում:

Ինչ-որ մարդիկ Ազգային անվտանգության շենքում թոկով խեղդելու սպառնալիքի տակ Կ.Հունանյանից Վ.Սիրադեղյանի դեմ ցուցմունք են կորզում: Բայց դա քիչ է: Կամ ոչինչ չի նշանակում, որովհետեւ դժվար կլինի այդ տարիքի պատանու եւ Սիրադեղյանի նույնիսկ ծանոթ լինելը համոզիչ ներկայացնել: Եւ քննիչը համառորեն փորձում է ցուցմունքի նման մի բան պոկել Նաիրի Հունանյանից: Քննիչի հարցերից բխում է, որ նրան կբավարարի անգամ մի թեթեւ ակնարկ այն մասին, որ հնարավոր է խմբից մեկնումեկի հետ Սիրադեղյանը երբեւէ հանդիպած լինի: Հարցը լսեք. «Սիրադեղյանը կապ չունի, որովհետեւ քեզ հե՞տ չի հանդիպել, թե՞ ...»: Ասել է թե՝ քեզ հետ չի հանդիպել - հասկացանք, բայց ինչո՞ւ ես ուրիշի «ցուցմունքը» փչացնում: Բայց Նաիրին դեռ ԱԺ-ի շենքում հասկացել է, որ իրեն հիմարացրել են, եւ որ այդպիսի «ցուցմունքից» հետո ինքը դատարան չի հասնի: Եւ ոչ թե սոսկ ժխտական պատասխան է տալիս, այլեւ կտրականապես է ժխտում: Ժխտում է նույնիսկ զայրույթով, որպեսզի երկիմաստության տեղ չթողնի: Նա գիտի արդեն կամ հասկանում է, որ մի «ցուցմունքը» արդեն կա, եւ իր այս պատասխանի հստակությունից է կախված իր կյանքը: Թե ո՞ւմ իդեան էր նախորդների վրա կասկածը տանել, պարզ է: Եւ ձեռագիրն է ծանոթ: Հանրապետության դատախազին սպանեցին այն օրը, երբ Սիրադեղյանին երկրորդ անգամ դատախազություն էին կանչել՝ հայտնի քրեական գործի հետ կապ չունեցող առիթով: Դատելով Ա1+-ով Վանոյի ելույթից, երկար-բարակ զրույցով իրեն աշխատում էին ավելի երկար պահել շենքում, եւ եթե դա հաջողվեր, դատախազների սպանության պահին ինքը շենքում էր գտնվելու: Այդ դեպքում պարզ չէր. արդյո՞ք բանը կվերջանար երկու դիակով:

Հասկանալի է, որ եթե դատախազությունում որոշել են մարդուն պահել իրենց որոշած չափով, ձեւը կգտնեն, եթե նույնիսկ պատգամավոր ես եւ դեռ անձեռնմխելի: Հասկանալի է նաեւ, որ այդ պարագային չափը համաձայնեցնում են գլխավոր դատախազի հետ: Եւ երբ Սիրադեղյանը հրաժարվում է որպես վկա գրավոր ցուցմունք տալուց, բնականաբար, զեկուցում են Խաչատրյանին, եւ նա մահվանից մեկ-երկու ժամ առաջ Վանոյի համար, թերեւս, ճակատագրական որոշում է կայացնում՝ այսօր բավական է: Բայց դատախազների սպանությունից կես ժամ հետո պետական ռադիոն ողբերգական լրատվության իբրեւ հավելում հաղորդում է, որ այդ նույն օրը Վ.Սիրադեղյանը դատախազություն է կանչվել Համբարձում Գալստյանի գործով: Բնականաբար, չեն բացատրում՝ ինչ կապ ունի այստեղ Գալստյանի գործը, մանավանդ որ, նոր քննություն սկսելու մասին խոսք անգամ չկա: Նաեւ ոչ մի բան չեն պնդում, բայց ռադիոլսողի մտքում թող մնա, ցույց կտա ապագան: Սա ամենաանմեղ բացատրությունն է: Չի բացառվում, որ ծրագիրը ավելի դիվական էր, թե´ անկապ կանչը դատախազություն ու 3 ժամ անպտուղ զրուցելը, թե´ պատրաստի ինֆորմացիան ձախողված, մեծ պլանի մաս էին կազմում: Պլան, որը հաշված րոպեների ընթացքում ամեն ինչ պիտի «բացահայտեր» ու փակեր: Համբարձում Գալստյանը, Խորխոռունին, Արծրունին, գլխավոր դատախազը եւ ապա՝ ինչքան անուն որ պետք լինի: Իսկ պրիչոմ Հենրիկ Խաչատրյանը, կհարցնի ընթերցողը: Բանն այն է, որ դա հնարավոր չէր անել Հենրիկ Խաչատրյանի կենդանության օրոք, որովհետեւ Գլխավոր դատախազի պրոֆեսիոնալ բարեխղճությունը թույլ չէր տալիս խոշտանգումների միջոցով ստացած «ցուցմունքներով» քրեական գործ հարուցելու միջնորդությամբ հանդես գալ Ազգային ժողովում: Համենայն դեպս, նա չէր ստորագրի այն խայտառակ տեքստը, որ կարդաց Աղվան Հովսեփյանը ԱԺ-ի հայտնի նիստին, եւ որը Արարքցյանը դիպուկ բնորոշեց ոչ թե միջնորդություն, եւ նույնիսկ ոչ մեղադրական ճառ, այլ դատավճիռ: Հովսեփյանը այդ բանը Ազգային ժողովում կարդաց Խաչատրյանի սպանվելուց կարճ ժամանակ հետո: Այսինքն, մի ամբողջ տարի Խաչատրյանին համոզում էին անել մի բան, ինչը դեմ գնալ էր նշանակում իր պրոֆեսիոնալ խղճին: Իսկ Հովսեփյանի պարագային խղճի հարց չծագեց, որովհետեւ բացի մարդկային ու պրոֆեսիոնալ հատկանիշների տարբերության հանգամանքից, վճռական դեր խաղաց այն պարագան, որ պետական լրատվամիջոցները վաղօրոք զգուշացրել էին նրան, որ նա գլխավոր դատախազ լինելուց առաջ նախկին սպանության վկան է: (Ապշելու օպերատիվությամբ սպանության գիշերը պաշտոնաթերթում տպագրվեց այդ օրը դատախազի առանձնասենյակ մտած-ելած անձանց ցուցակը, եւ արձանագրվեց, որ Աղվանը դուրս չի եկել: Ուրեմն սպանության պահին եղել է ներսում): Այսինքն, նա սպանության վկա էր, որը ոչ միայն նախաքննությունը վարեց, ինչը չի թույլատրվում օրենքով, այլեւ դատախազ նշանակվեց: Նա սպանության վկա էր, որը կարող էր նաեւ (նայած պահվածքին) սպանության մասնակից հռչակվել: Եւ նա կարդաց ոչ թե միջնորդագիր, այլ դատավճիռ: Խնդիրը այստեղ իրավաբանական ձեւակերպումները չեն: Խնդիրը նույնիսկ այդ միջնորդության էությունը չէր, այլ այն, որ այդ բեմադրությունը, հատկապես Խաչատրյանի սպանությունից հետո, պիտի վերջնականապես սարսափի մատներ իրավապահ մարմիններին ու պատգամավորներին:

Գործը նախորդների վրա շուռ տալու վերոհիշյալ ձեռագիրը «27»-ի դեպքում սկսեց երեւան գալ դեռ այն ժամանակ, երբ երկրի ղեկավարների մարմինները չէին հանձնվել հողին: Այդ գործին լծվեցին Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը անձամբ՝ սկսելով Դեմիրճյանի ընտանիքից:

Բայց կստացվե՞ր արդյոք այդ գիծը ցուցմունքի վերածելու փորձը եւ Կարեն Հունանյանին խեղդամահ անելու սպառնալիքը՝ առանց Արամ Սարգսյանի գիտության: Բացառվում է: Բացառվում է այն պարզ պատճառով, որ այդ առաջին շաբաթներին ու ամիսներին ողջ գործադիր իշխանությունը, օրենսդիրն ու բանակը Արամ Սարգսյանի ձեռքում էին, եւ, բնականաբար, որեւէ չինովնիկ, սպասելով իրադրության հստակեցման, որեւէ գործողություն չէր կատարի՝ առանց այդ մասին տեղյակ պահելու Վազգենի եղբայր վարչապետին: Համենայն դեպս, առանց տեղյակ պահելու երկու կողմերին: Այդ է թելադրում խառնակ ժամանակներում գործող չինովնիկի առաջին՝ ինքն իրեն ապահովագրելու, բնազդը: Հատկապես այն պարագային, երբ նախաքննության հետ կապ ունեն երկու տարբեր պետական մարմին: Եթե անգամ մեկնումեկը անհրաժեշտություն ունենար իր հետքերը մաքրելու, դարձյալ չէր համարձակվի դա անել, վախենալուց, որ մյուսը կմատնի: Խոսքը տվյալ դեպքում Զինվորական դատախազության եւ անվտանգության նախարարության մասին է, որի պատերի ներսում տեղի էր ունենում դիմակներով մարդկանց «ցուցմունք» ստանալը նախնիների վերաբերյալ: Էլ չեմ ասում Հանրապետական դատախազության վերահսկողությունը: Վերջին հաշվով, այդպես էլ եղավ, եւ տեղի ունեցավ ինֆորմացիայի արտահոսք: Եւ երբ մամուլով հրապարակվեց Կարեն Հունանյանին խեղդամահ անելու սպառնալիքի պատմությունը, զինվորական դատախազը ոչ միայն հաստատեց եղելությունը, այլեւ հայտարարեց, որ քննություն է գնում այդ դեպքի առթիվ: Ջհանգիրյանը այնքան պարկեշտ գտնվեց, որ չժխտեց անվտանգության պատերի ներսում քննությունը շեղելու փորձը: Իսկ ինչո՞ւ լռեց Արամ Սարգսյանը: Եթե նույնիսկ տեղյակ չէր նախապես, Ջհանգիրյանի հայտարարությունից հետո ինչո՞ւ չապահովեց գոնե այդ դեպքի քննությունը: Չէ՞ որ իր քթի տակ եղբոր սպանության նախաքննությունը լկտիաբար շեղում էին: Եւ չէ՞ որ ինքը կարծես թե վարչապետ էր նշանակվել պետության ղեկավարների սպանությունը բացահայտելը ապահովելու, ոչ թե ցեմենտի գործարանում ձեռք բերած ծանծաղ գիտելիքներով Հայաստանը փրկելու համար:

Լռելը մեկ բացատրություն կարող է ունենալ, որ այն, ինչ տեղի էր ունենում ԱԱՆ-ի պատերի ներսում, բացի Քոչարյանից նաեւ իրեն էր ձեռնտու: Արամի շրջապատում այդ ժամանակ Քոչարյանի հարցը լուծված էր համարվում: Քոչարյանն էլ գիտեր, որ այնքան էին իր հարցը լուծված համարում, որ նրա մասին կառավարությունում եւ մերձկառավարական շրջանակներում խոսում էին միայն չգրելու ենթակա բառերով: Այնքան էին լուծված համարում, որ պրոբլեմը ոչ թե նրա «ժամանակավոր» գոյության մեջ էին տեսնում, այլ թե ինչպես անեն, որ իշխանությունը չվերցնի ուրիշը: Քաղաքական իրավիճակի գնահատականը իրենց լեզվով մոտավորապես այսպես էր հնչում. «Ախպեր, նա հրաժարական տվող ա, բայց չի ուզում անկայունություն-բան ըլնի... Պիտի մտածվի»: Մտածելն էլ այն էր, որ Գենշտաբը ասի՝ դավայ: Բայց Գենշտաբը նրա համար է Գենշտաբ, որ ուղիղ խոսքը մարդուն չասի: Հետո՝ դավայ ասելը էլ ո՞նց է լինում, եթե Ռուսաստանի երկու ղեկավարները հոգեհանգստին հայտարարեցին, որ Հայաստանի ղեկավարության մեջ սպանվել են Ռուսաստանի երկու ամենամեծ բարեկամները:

Արամը կարծում էր տուժող կողմի «մեղրամիսը» հավերժ է լինում: Կարծում էր այդ բանակը, պառլամենտը, վարչապետությունը եղբորից ստացել է իբրեւ պապենական անձեռնմխելի ժառանգություն, այլ ոչ թե որպես եղբոր արյան գին եւ այն էլ՝ ժամանակավոր կամ պարտքով: Կարծում էր Քոչարյանի մերձավոր շրջապատի դեմ եղած ցուցմունքները բավական են, որ Քոչարյանը թողնի հեռանա: Կամ թեկուզ եւ մնա, բայց այն կարգավիճակում, որ եղել էր Վազգենի ու Դեմիրճյանի օրոք: Հանգուցյալ Վազգենն էլ էր կարծում, թե դա հնարավոր է: Արամն էլ կարծեց, թե դա հնարավոր է: Բայց ամենացավալին այն է, որ այդպես մտածում էր երկուսի կողքին էլ «մտածող աշխատող» Մանուչարյանը: Ստվերային ղեկավարումը նրա տարերքն է: Չստացվեց Տեր-Պետրոսյանի ժամանակ, փորձեց Քոչարյանի վրա: Եւ ստացվեց: Վազգենի դեպքում՝ ողբերգություն: Արամի դեպքում՝ զավեշտ: Բայց ինչո՞ւ ենք այսօր, երբ պետական լրատվամիջոցները ամեն օր հալածում ու ձեռ են առնում տուժողներին,-այս պահին ինչո՞ւ ենք մի բան էլ մեր կողմից ավելացնում եղածին, փոխանակ պաշտպանելու հալածվողներին: Որովհետեւ խոսքը անցյալի մասին չէ, այլ ապագայի: Խոսքը Մեղրիի մասին է:

Այնպիսի տհասությամբ, ինչպես Քոչարյանին վերադարձրին Վազգենի եւ Դեմիրճյանի ձեռքով եւ ապա արյան գնով վերցված իշխանությունը, այն ապաշնորհությամբ, որով տապալեցին նախաքննությունն ու հիմա էլ տապալում են դատաքննությունը, ահա այդպիսի մտավոր կարողություններով էլ նրանք թույլ են տալու, որ Մեղրին հանձնվի Ադրբեջանին: Լսեցինք ինչպես են Բազեյան-Սարգսյան-Մալխասյանը հոխորտում, թե ուրիշի զորք չեն թողնի մտնի Մեղրի: Այսինքն, այդ պառլամենտն ու այդ Երկրապահը, ի թիվս այլ անմեղսունակների, որոշել են վավերացնել Մեղրին հանձնելու մասին պայմանագիրը: Վավերացնելուց հետո, պարզվում է, որոշել են չթողնել օտար զորք մտնի Մեղրի: Կարծում են վավերացնելուց հետո իրենք կենդանի են մնալու: Այդպես քանի՜ անգամ են թողել բանը հասնի վերջին պահին: Իբր, վերջին պահին իրենք կանգնած են: Այդպես Սիրադեղյանին հանձնեցին դատախազությանը, իբր, շատ կարեւոր գործ ունեին՝ պառլամենտում մեծամասնություն ստանալը, եւ որպես «քաղաքական գործիչներ» ճիշտ համարեցին «փոքր» խնդիրը մեծին զոհաբերելը: Իբր, ազգայինն ու ապազգայինը ջոկող տղերք էին, ապազգային հռչակեցին իրենց հաղթանակից-հաղթանակ տարած, փառքի ու պատվի արժանացրած գլխավոր հրամանատարին, ուրացան պատերազմի տարիներին իրենց թիկունքը դավադիր գնդակից ապահոված, նեղ օրերին փամփուշտ, հաց ու հագուստ հասցրած ներքին գործերի նախարարին: Այդպես, մանրից զոհաբերեցին՝ իրենց խելքով փոքր բաները, բաներ, որ կարող էին կանխել պառլամենտի սպանդը: Այդպես կուլ տվեցին Խորխոռունու սպանությունը, Արծրունու սպանությունը, Գլխավոր դատախազի սպանությունը, չպաշտպանեցին Բլեյանին, չպաշտպանեցին նույնիսկ Սամվել Բաբայանին եւ բանը բերին հասցրին այնտեղ, որ երբ Ազգային ժողովի դահլիճում պառկած տեղից վեր կացան, տեսան, որ այն «գլխավորը», հանուն որի այդքան զինակիցներ էին զոհաբերել, այդ մեծամասնությունը տեսան երկու կրակահերթով ոչնչացված:

Ահա այսպիսի կարեւորի եւ անկարեւորի զգացողություն: Ահա այսպիսի քաղաքական մտքի տիտաններ, որ հատակին պառկելուց հետո դարձել են նախաքննության ավարտին սպասող հանդիսատես, հիմա էլ սպասում են դատավարության ավարտին... Գլուխը իրենց քարը՝ իրենց անխելքության ու անթասիբության հետ, բայց հիմա էլ սպասում են, որ Քոչարյանը Մեղրին հանձնելու պայմանագիրը ստորագրի... Իրենք կանգնած են: Որտե՞ղ են կանգնած, որ չեն երեւում: Ինչի՞ս վրա են կանգնած, եթե մի օր արթնանալու են ու տեսնեն ՄԱԿ-ի զորքերը Մեղրին կտրել են Հայաստանից: ՄԱԿ-ի դե՞մ են կռվելու պառլամենտի հատակին... այդ... շաքարախտ ստացածները: Մի՞թե պարզ չէ, որ Մեղրին ծախելու պայմանագիրը վավերացնելուց անմիջապես հետո մի քանի հոգու մի գիշերվա մեջ սատկացնելու են եւ գործը վերջացնելու: Իսկ մենք նրանց վրա հույս էինք դրել: Կարծում էինք, գոնե Հայաստանի հողը պաշտպանելու հարցում նահանջելու տեղ չունեն: Ունեն: Ռուսական Գենշտաբը կարող է ուշացումով իր խոսքը ասի: Կարող է արդեն ասել է, բայց չեն հասկացել: Մարմնի ո՞ր մասով պիտի հասկանային: Իսկ եթե, այնուամենայնիվ, Ռուսաստանն էլ համաձայն է, որ Մեղրին հանձնենք, որպեսզի Հայաստանին թողնի միայն Թուրքիային սահմանակից ու հավերժ Ռուսաստանի գերին,-ի՞նչ է, պիտի հանձնե՞նք մեր հողը: Այս բանակը Ռուսաստանի՞նն է, թե՞, այնուամենայնիվ, մերը:

Այսպես, խելքները չհասած բաներով զբաղվելով, կուսակցաշինությամբ Երկրապահը պառակտելով, Երկրապահի մանկամիտ ջոջերը բանը կբերեն կհասցնեն նրան, որ եղած հինգ-վեց հրամանատար ու մի քանի քաղաքական գործիչ էլ կգնդակահարվեն կամ կվթարվեն, կամ սրտի նոպայից կմեռնեն, եւ Մեղրիի համար կռվելու ընդունակ միակ ուժը (որքան էլ դժվար է դաշնակցությունը չսիրողիս համար խոստովանելը) կմնա դաշնակցության զինյալ մասը: Ինչքան էլ առաձգական ու անորոշ է Հայաստանի նրանց պատկերացումը, մի բան պարզ է, որ Մեղրին մտնում է նրանց պատկերացրած Հայաստանի մեջ: Բայց գաղափարական տարաձայնության տեղ չէ, եւ հանուն Հայաստանի հողի նրանց թիկունքին կկանգնի Հայաստանի Աշխարհազորը: Ուրիշ ի՞նչ է մնում անել, եթե ո´չ հայկական պետություն կա, ո´չ հայկական բանակ:

Պատմությունը կրկնվում է: Հարյուր տարի հետո նույն խնդիրն է դրված հայ ժողովրդի առջեւ - Զանգեզուրը պաշտպանել Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից: Բայց Նժդեհ չկա: Մեղրու հրամանատար Ղեւոնդը երկու տարի առաջ երիտասարդ տարիքում հանկարծամահ եղավ: Նժդեհական Աշոտ Նավասարդյանի հանկարծամահ լինելուց հետո սա ընդամենը երկրորդ կաթվածն էր, եւ ոչ ոք չանհանգստացավ: Ամենակասկածամիտները, գուցե, մտածեցին, թե իշխանությունը վերցրել են՝ ուզում են Իրանին մետաղ ու պղնձի հումքը ծախել առանց ավելորդ վկայի: Ա´յս էլ համարեցին ընդունելի: Կամ հեռուն գնացող դավ չտեսան, որովհետեւ այն ժամանակ Մեղրու հարց չկար: Համենայն դեպս, չկար Ղարաբաղի համար պայքարող հիմարների´ս համար: Իսկ հողերը փոխանակողների մտքում, պարզվեց, վաղուց կար ծրագիրը, եւ Մեղրու պոտենցիալ պաշտպանները 3 տարվա ընթացքում հետեւողականորեն հալածվեցին, բանտարկվեցին ու կոտորվեցին: Մնաց մի տասնյակ մարդ, ովքեր «հանկարծամահ» կլինեն ամենավճռական փուլում: Իսկ «հայ հայրենասերը» երկար ականջները կախել ու 3 տարի ռադիոյով-հեռուստատեսությամբ դատարանների դահլիճներից հմայված հեքիաթներ էր լսում, իբր սպանությունների, իբր, թալանի, մազութի-բանի մասին... մինչեւ որ Ազգային ժողովի դահլիճից ուղիղ եթերով մատուցեցին իսկական սպանդի ռեպորտաժը, եւ արյան անասնական ծարավի հագեցումը եղավ կատարյալ: Սխա՞լ արնահեղում էր: Իսկ արնահեղության ճիշտը ո՞րն է, չէ՞ որ երբեք հայտնի չէ, թե արնախումությունը, արնախումության հրահրումն ու դեմը չառնելը ում դեմ շուռ կգա:

26.04.2001

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Колыбельная
Александр Спендиарян

Колыбельная