Вано Сирадегян

Հայ լիբերալի անտրոպոլոգիա

ո´վ հայ ժողովուրդ, քո փրկությունը նույնիսկ

քո «Միասնության» մեջ չէր

Քոչարյանին նախագահական երկրորդ սրոկի առթիվ կարելի էր շնորհավորել արդեն այն օրը, երբ հայտարարվեց «14»-ի՞, թե՞ «16»-ի ձեվավորման մասին: Ինչո՞ւ հապաղեցին: Խնդիրն այն է, որ մարդու ձեռը չի գնում այդպիսի բոթը ժամ առաջ հայ հասարակությանը հասցնել, նաեվ մարդկայնորեն տհաճ է «հաստիքով բայղուշի» պարտականությունների կատարումը:

Հիմա, որ արդեն մեծամասնության համար է ակնհայտ, որ ոչ միայն միասնական թեկնածու չի լինի, այլեվ միասնական հակառակորդ էլ չի լինի, տեղն է հարց տալ՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե «16»-ը մի հրաշքով չպառակտվեր, եվ միասնական թեկնածուն էլ միահամուռ հռչակվեր: Միակ դեպքը, երբ այդ «խառը կանաչին» կարող էր լուրջ դիմադրել Քոչարյանին, այն դեպքը կլիներ, եթե Վազգեն Մանուկյանը ընտրվեր միասնական թեկնածու: Բայց քանի որ այդ տարբերակը բացառվում է, կլիներ այն, ինչ անխուսափելի էր. Դեմիրճյանը (լավագույն դեպքում) կստանար իրենց բոլորի, ասենք, 60 տոկոսը: Հետո ի՞նչ: Իսկ ո՞վ պիտի խանգարեր Քոչարյանին, եթե մնացած 40 տոկոսին գումարեր մարդահամարով նշած, բայց Հայաստանում գոյություն չունեցող մեկ-մեկուկես միլիոն հայերի ձայների 100 տոկոսը: Վազգեն Մանուկյա՞նը՝ Ստեփանի համար: Մանուկ Գասպարյա՞նը: Իսկ եթե այդ նեղ մաջալին Երեվանի քաղաքապետարանը վթարային եվ քանդման ենթակա հռչակեր այն շենքը, որտեղ Մանուկի խանութն է գտնվում, ի՞նչ վիճակում կհայտնվեին Մանուկի օպոզիցիոն բեղերը:

Իսկ եթե Քոչարյանը նենգության մեջ ավելի առաջ գնար եվ թեկուզ հանաքով հայտարարեր, որ դեմոկրատ Արամն ու Աշոտ Մանուչարյանը ռուսերեն ավելի լավ են խոսում, քան ինքը, այդ փորձությանը կդիմանա՞ր «միասնական ճակատը»: Իսկ եթե մի հացի սեղանի վրա ասեր, որ 10 տարի հետո Հայաստանը կմիանա Ռուսաստան-Բելոռուս միությանը, կոմունիստները ի՞նչ «բարոյական իրավունքով» պիտի դժգոհեին ընտրական կեղծիքներից, չէ՞ որ օրենքից զատ գոյություն ունի նաեվ հեղափոխական իրավագիտակցություն: Կամ «ազգային»՝ ի՞նչ տարբերություն: Ո՞վ պիտի խանգարեր Քոչարյանին, որ այդ 140 տոկոս ձայների գայթակղությունը հաղթահարեր եվ իր հաշվին գրանցեր ընդամենը 75 տոկոս: Ժողովո՞ւրդը: Իսկ ժողովուրդը ինչպե՞ս, որտեղի՞ց, ո՞ր ալիքով պիտի իմանար, որ ինքը չի ընտրել Քոչարյանին: Մանավանդ որ, մի քանի 0.3 տոկոս ձայն ստացած թեկնածուներ կուսակցական ՃՎԶ-ԽՎԶ դաստայից կշտապեն հայտարարել, թե ընտրությունները անցել են արդար, իսկ միասնական թեկնածուն, հապաղումով, նեղացած, բայց անխուսափելիորեն կասեր, թե Քոչարյանը բոլորովին լավ բան չարեց, բայց դե հիմա, անցած բան է, հո արյուն չենք թափելու աթոռի համար, մի բուռ հայ ենք մնացել... Կամ նման մի բան: Ժողովուրդը, ամենքը առանձին վերցրած, կպարզվեր՝ դեմ է քվեարկել Քոչարյանին, բայց միասին վերցրած՝ կողմ: Դու հարեվանին կկասկածես, հարեվանը՝ քեզ, բանը դրանով կվերջանա: Ով գլուխ ունի միասնաբար պարզելու իսկությունը, հրեն զենքի մասին օրենքում փոփոխություն մտցնելով եվ ուժայիններին թույլատրելով զենք նվիրել՝ շուտով կզինեն ընտրական հանձնաժողովների անդամներին, իրենց վստահված անձերին ու ակտիվիստներին շրջանցելով՝ զենք կրելու կարգը, եվ կստացվի, որ դա ընտրական թիմ չէ, այլ կես հազարյակից ոչ պակաս թվաքանակով, օրենքով պաշտպանված բանդա: «Միավորվելու» իրական հեղինակը ներքաղաքական խուճապն էր: Իհարկե, սադրիչը դարձյալ սոցուժերի անբաններն էին, որ հարայհրոց դրեցին, թե ժամանակն է, չգիտեմ ի՜ նչ, չգիտեմ ո՜ նց... Եւ մարդաշատ կուսակցությունները խուճապի մեջ լինելով՝ գնացին այդ սադրանքին, որպեսզի ժողովրդի աչքին միասնության հակառակորդ չերեվան: Իբր, իշխանությունը չէ կարեվոր, այլ ազգի միասնությունը: Այս «ամոթխածությունը» խոսում է երիտասարդ օպոզիցիայի թուլության կամ խակության մասին:

Եթե Մանուչարյան-Գեղամյան-ՍԻՄ-ՄԻՄ պրովոկատորական թեվի հարցը պարզ է եվ հասկանալի է նաեվ կոմունիստների դոնդող-գոնդող ծփալը իշխանության ու ոչ իշխանության արանքում, առավել պարզ է այն, որ ՀԺԿ-»Հանրապետությունը» այսօր հասունացած չէ քաղաքական պայքարի համար: Ամենահասարակ բանը, որ պիտի անեին նրանք, ի պատասխան Մանուչարյան-Գեղամյանի սադրանքին, պիտի պաուզա վերցնեին գոնե մեկ ամիս: Բայց կուտը կերան: Հիմա իրենք սպասում են, որ դավաճանները իրենք իրենց բացահայտվեն, եվ ժողովուրդն էլ տեսնի՝ ով էր դավաճանը, էլի՞ բացահայտվեն: Բայց բացահայտվել շաբաթը չլրացա՞ծ: Է՞լ ինչ անեն, որ համարվի դավաճանություն: Մտնեն ՀԺԿ գրասենյակի պոլի տակ սատկած մո՞ւկ դնեն: Անձրեվոտ եղանակին Բազեյանի ավտոմեքենայի «դվորնիկնե՞րը» հանեն: Չէ, լուրջ, եթե Արտաշն ասում է՝ իրեն դեռ պիտի համոզեն, որ իրենցից լավ կառավարող կա 16-ի մեջ, ի՞նչ եք կարծում, դա գլուխ գալո՞ւ բան է: Ինչպե՞ս համոզել: Լեզվո՞վ: Գեղամյանի՞ն: Ավելի հեշտ չէ՞ Աշոտ Ղազարյանին լեզվակոխ անելը: Բարդ է հայ ժողովրդի վիճակը: Ժողովուրդը միասնական թեկնածու է մուրում, իսկ սրանց ուղիղ կեսի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Մյուս կեսն էլ սպասում է, որ Մոսկվան «մի բան անի»: Ինչ է թե՝ ռուսամետ են: (Իսկ Քոչարյանը, ձեր կարծիքով, ինչամե՞տ է, չլինի՞ արեվմտամետ): Իսկ իմ գրչակիցներն էլ համոզված են, թե Շավարշն ու Սադոյանը արեվմտամետ են եվ դրանից է, որ կազմը խառնիճաղանջ է: Իսկ ինչի՞ց է երեվում, որ արեվմտամետ են, չէ՞ որ փողկապ բոլորն են կապում: Եւ առհասարակ, կա՞ հայության մեջ ոչ ռուսամետ մարդ ու կուսակցություն: Հայերն ու հայ կազմակերպությունները լինում են երեք տիպի. մոլի ռուսասեր, չափավոր ռուսասեր եվ «հենց ընենց» ռուսասեր, որը բխում է նրանից, որ հայերը կամ մոլի թուրքատյաց են (ինչպես նաեվ վրացատյաց), կամ համոզմունքով թուրքատյաց, կամ ձեռի հետ թուրքատյաց, ինչը իր հերթին պահանջում է, որ հայերը լինեն ահաբեկիչ-դաշնակ, պոտենցիալ ահաբեկիչ-դաշնակ եվ պարզապես դեռ երդում չկերած դաշնակ: Հայ լիբերալ, ինչպես եվ լիբերալ կուսակցություն չի լինում: Հայը ինչպե՞ս կարող է լիբերալ ու արեվմտամետ լինել, եթե առաջին բաժակից մինչեվ վերջին բաժակը, երբ պիտի հիշի ծնողների կենացը, ամեն բաժակ իրար զարկելով ասում է՝ թուրքի մերը... Եւ որպեսզի միտքը ամփոփ լինի եվ գեոպոլիտիկ թափ ստանա, ավելացնում է՝ վրացիներն էլ են Գ... Իսկ եթե լավ մտածենք՝ գուցե մե՞նք ենք, այնուամենայնիվ, Գ... Քանզի այն բազում դարերում ոչ մի օր լուրջ չվերաբերվեցինք մեր կողմից շատ շտապ թարգմանված ու անմիջապես էլ մոռացության տրված «Աստվածաշնչի» պարզ մտքին՝ մերձավորին սիրելու մասին: Ոչ թե այն իմաստով, որ մերձավորի, մոտիկի, հարեվանի վզովն ընկնես՝ մնաս, այլ ականջիդ օղ անես, որ հանդուրժողականության դաշտում ինչ ցանես, այն էլ կհնձես:

Որպեսզի հայը դաշնակից լիբերալ դառնա, պիտի անցնի ինքնակտտանքի այն ճանապարհը, որով անցավ Մայքլ Ջեքսոնը՝ իր պլաստիկ վիրահատություններով, որպեսզի նեգրից սպիտակամորթ դառնա: Նա էլ, վերջերս, ասում են փոշմանել է: Հայաստանում լիբերալ ու արեվմտամետ են միայն այն աղջիկները (այն էլ՝ ժամանակավոր), ովքեր աշխատում են միջազգային կազմակերպությունների օֆիսներում եվ Արեվմուտքի պետությունների դեսպանատներում: Եւ այս հայությունը ունենալով՝ ինչո՞ւ պիտի Մոսկվան «ինչ-որ բան անի»: Ի՞նչ անի Մոսկվան այս ազգի ու այս օպոզիցիայի համար: Էլ ի՞նչ անի: Մոսկվան անկարող եղավ Բաքու-Ջեյհանի դեմը առնել: Ավելին. ընդգծված հակառուսական նավթամուղի հիմնադրումից տառացիորեն 2 օր հետո Ալիեվի հետ կիսեց Կասպից ծովը: Ասիայի ու Աֆրիկայի մի հինգ տասնյակ երկրների տասնյակ միլիարդների պարտքը չվերադարձնելու փաստի հետ հաշտվեց, բայց Հայաստանի ողորմելի հարյուր միլիոնի դիմաց առգրավեց Հայաստանի այն գույքը, որը դեռ մի բան արժեր: Էլ ի՞նչ անի Մոսկվան Հայաստանի «քաղաքական տափի» համար, որ հայերի համար հասկանալի լինի: Քոչարյանին կանչի Մոսկվա եվ «15 սուտկա՞» տա: Եթե լավ նայենք 16-ի «սաստավին», բացառված չէ, որ այդ մարդկանց մի մասը նման հնարավորություն չի բացառում: Այլապես ինչո՞վ բացատրել այդ կազմը: Նման խառնիճաղանջ ժողովուրդ իրար գլխի հավաքվում է միայն ապստամբությունների ժամանակ: Բայց ապստամբություն չկա, որովհետեվ չկա իդեա: Իսկ այն իդեան, որը համակած ունի 16-ին, դրա իդեոլոգը հրեն նստած է իր տեղը: Շրջանը փակվեց: Մնում է քաղաքական պայքարը քաղաքական սկսնակների եվ քոքված քաղաքական պառվաբոզերի թիմի կազմով... նախկին իշխանության դեմ: Ո՜ վ հայ ժողովուրդ, քո փրկությունը նույնիսկ քո «Միասնության» մեջ չէր:

14.11. 2000

Будьте первым, кто оставит комментарий по этому поводу
Ятук Музыка
Небо пасмурно
Комитас

Небо пасмурно

Выслеживание безвинных голубей
Выслеживание безвинных голубей
Играть онлайн