Вахтанг Ананян
Հավատարիմ ընկերս
1
Հրացանը ձեռքիս պատրաստ բռնած իջնում եմ բլրի քարքարոտ լանջով։
Ներքևում փռված է կապուտակ ու ծիծաղուն Այղր լիճը։
Եղեգնուտում բադեր երևացին։ Սկսեցի զգուշությամբ առաջ գնալ, բայց Զանգին՝ իմ
որսի շունը՝ ինձ մատնեց. բադերն իսկույն հասկացան, որ ես որսկան եմ։ Հենց որ
հրացանս մեկնեցի՝ ճղճղոցով թռան։ Բայց ո՜ւր պիտի փախչեն. կոտորակը հասավ
նրանց ետևից և բադերից մէկը մնաց ջրի երեսին ու թևերը թափահարելով սկսեց
տարուբերվել։
Զանգին թեև շատ փոքր էր ու դեռ կարգին լողալ չգիտեր, բայց ուրախության կլանչներ
արձակեց և ջուրը նետվեց։
Զա՛նգի, Զա՛նգի...
Բայց նա ուշադրություն չդարձրեց ու սկսեց լողալ, դունչը ջրից վեր ցցած։ Ափին մի
նավակ կար, նստեցի ու թիավարեցի։
Զա՛նգի, դե՛սը, Զա՛նգի, կանչում եմ ես։ Ուզում եմ հասկացնել, որ դեպի իմ կողմը
լողա։ Բայց նա ջրի հետ կռվելով դեպի բադն է շարժվում։
Երբ ես մոտեցա, շունն արդեն վերջին ուժերն սպառած՝ սուզվեց ջրի տակ... Բադը
փռված էր երկու-երեք քայլաչափ նրանից հեռու։ Ափսոսացի կորուստիս համար և
գլխիկոր նստեցի նավակի հատակին։ Հենց այդ վայրկյանին Զանգին երևաց ջրի
երեսին, ղլղլացրեց, վերջին անգամ թույլ-թույլ շարժեց ոտներն ու հասնելով բադին,
բերանով բռնեց նրա ոտներից։ Բադն իր թեթև փետուրներով իմ թեթև շանը կարող էր
մի պահ լճի երեսին պահել, բայց ջուրն սկսեց լցվել նրա բաց բերանը։ Նա խեղդվելով
սկսեց ցած իջնել և բադն էլ հետը ջրի խորքը քաշել։
Ես այնպես ուժեղ թիավարեցի, որ նավակը ոստնեց և ջուրն արագ պատռելով շանը
հասավ այն ժամանակ, երբ միայն բադի գլուխն էր երևում։ Բռնեցի թռչնի կտուցից ու
կամաց վեր քաշեցի։ Զանգին բերանից օդի պղպջակներ արձակելով, դեռ ամուր
կախված էր բադի ոտներից։
Երբ իմ որսը ջրից հանեցի, դուրս եկավ նաև Զանգիի գլուխը։ Լոշտակ ականջներից
վեր քաշեցի ու պառկեցրի նավակի հատակին։ Նա աչքերը խփած արագ-արագ շնչում
էր։
Էլեկտրական ջրհանում աշխատող բանվորները աղմուկով դէպքի վայրը հասան,
Զանգիին ափ հանեցին, կախեցին գլխի վրա, ջուրը քչքչալով սկսեց փորից դուրս
թափվել։
Փրկվե՛ց, էլ բան չկա, հուսադրեց ինձ ջրհան կայանի վարպետ Սամսոնը։
Շունն սկսեց դողալ, ծնոտները կափկափում էին։ Ես նույնպես ամբողջովին թրջված
էի։
Տղե՛րք, մի թեժ կրակ արեք, կարգադրեց վարպետ Սամսոնն ու բադը վերցնելով,
հարցրեց.
Հը՞, բմբուլը քամուն չտա՞նք...
Խնդրեմ, պատասխանեցի ես ու սկսեցի շորերս մզել։
Թեժ կրակի մոտ նստած ես չորացնում էի շորերս ու մտածում, թե ի՜նչ համառ որսորդ
է այս կենդանին, կյանքը կտա, բայց որսը ձեռքից բաց չի թողնի...
Բայց հաջորդ օրը պարզվեց, որ Զանգին ոչ միայն լավ որսորդ է, այլև լավ ընկեր։
2
Լույսը նոր էր բացվել, երբ վարպետ Սամսոնը ձայն տվեց.
Քաղաքացի ախպեր, ճաշ դառավ, վեր կաց...
Էնիկ օրդկները երազում կփրթի, ծաղրեց գյումրեցի մի բանվոր։
Վեր թռա, հագնվեցի ու Զանգիի հետ դուրս եկանք բարաքից։ Տաք աղբյուրների
ակունքներում, գետի ափերին, վայրի բադերը եռանդուն ետ էին տալիս տիղմը,
քրքրում էին մամուռներն ու կեր ճարում։
Ձկնկուլը երբեմն թափով խփում էր ջրին, վայրկենապէս դուրս բերում ձկնիկն ու
փայլեցնում արեգակի առաջին շողերի տակ։
Եղեգնուտներում վայրի թռչունները ճղճղոց էին բարձրացրել:
Քրդական խրճիթների արանքով մոտենում եմ գետին։
Պատանի հովիվը, որ շվշվացնելով, չարաճճի այծերին հայհոյելով, ֆերմայի հոտը
դուրս էր անում գոմից, ինձ նկատեց ու զարմացած նայեց։
Ինչ ես կուչ-կուչ անում, տո՛, հարցրեց նա քրդերեն։
Ձեռքով նշան արի. լռեց ու սկսեց հետաքրքրությամբ նայել։
Հասա մի քարի, կուչ եկա նրա հետևում և հարմար առիթի էի սպասում կրակելու։
Խելացի շունը փորսող տալով առաջ եկավ, թաք կացավ ոտներիս մոտ և սկսեց
անհամբերությամբ մեկ բադերին, մեկ ինձ նայել։
Հրացանը մեկնեցի ու հենց ուզում էի կրակել, մէկ էլ հետևիցս դղրդյուն լսվեց.
դինամիտով ժայռ պայթեցրին։ Աղբյուրներից, եղեգնուտներից ու գետի կղզյակներից
բադերը սարսափահար թռան և օդը լցրին աղմուկով։
Կրակեցի։
Երկու բադ ցած ընկան, մեկը՝ եղեգնուտը, մյուսը՝ ուղղակի գետի մեջ։
Զանգին վազեց եղեգնուտի կողմը։ Երևի գետի միջինը արդեն մերն էր համարում, չէր
ուզում մյուսը ձեռքից բաց թողնել։
Բադը շատ մոտ էր ափից. կռացա. հրացանս մեկնեցի՝ չհասավ։
Քիչ էլ առաջ գնացի, կանգնեցի մի փոքրիկ քարի, հրացանիս ծայրը հասցրի բադին և
հենց իրանս մի քիչ առաջ մեկնեցի, քարը խրվեց ցեխի մէջ, և ես, կորցնելով
հավասարակշռությունս՝ ջուրն ընկա։
Էլ չիմացա ինչ եղավ։ Հիշում եմ, որ բերանս լցվեց ջրով ու սկսեցի ղլղլացնելով արագ
իջնել խոր հատակն ու հեռանալ ափից։
Զգացի, որ մեկն ուսիցս բռնեց ու վեր քաշեց։ Ձեռքերս ու ոտքերս ուժեղ շարժեցի,
դուրս եկա ջրի երեսը. Զանգին է, ատամները խրել է շորերիս մեջ ու դեպի ափ է
քաշում ինձ։
Խեղճը փոքր էր, շուտ հոգնեց, բայց մի քայլաչափ մոտեցրեց ափին։
Լողալ չգիտեի, շորերս թրջվել ու խիստ ծանրացել էին։ Նորից իջա ջրի տակ և ինձ
հետ ցած տարա իմ խեղճ Զանգիին։ Նա սկսեց խեղդվել, բայց ինձ բաց չթողեց, իսկ ես
նրան ցած էի տանում իմ ահագին ծանրությամբ։ Խեղդվում եմ, բայց հրացանը պինդ
պահել եմ ձեռքիս։
Մէկ էլ զգացի, որ շունը ինձ բաց թողեց ու բարձրացավ ջրի երեսը։ Հետո իմացա, որ
բռնել է հրացանի փոկից ու սկսել է լողալ դեպի ափ։
Նա արդեն ամուր հողի վրա կանգնած, ինչքան ուժ ուներ, քաշում էր փոկից։ Ոտներով
մի անգամ էլ խփեցի ջրին և հասնելով ափ, ուժասպառ ընկա տիղմի վրա։ Շունը
վազեց դեպի մոտակա տունը և դռան առաջ սկսեց հաչել։
Չանցած մի քանի րոպե, Զանգին վազելով վերադարձավ, իսկ նրա ետևից՝ հովիվ
պատանին, որն ինձ տեսնելով սկսեց գոչել.
Մստո՜, կո՜ւռո որե՜, կուռո որե՜...
Մստոն նրա ընկերներից էր։ Նրանք ինձ տարան ֆերմայի հովիվներին հատկացված
բնակարանը։ Զանգին վազեց գետափ ու բերեց սպանված բադը։
Հավաքվեցին ֆերմայի աշխատողները, մեկը կրակ վառեց, մյուսը՝ թաղիք փռեց
գետնին։
Ինձ պառկեցրին թաղիքի վրա, ապա փորս տնտղելուց հետո մի հասակավոր քուրդ
գոչեց.
Տղան տկճոր է դարձել, գլխի վրա կախեցեք։
Կախեցին՝ ինչպես երեկ Զանգիին էինք կախել, և փորիս ջուրը դատարկվեց։
Երբ մի քիչ ուշքի եկա, գրկեցի իմ հավատարիմ ընկերոջ գլուխը։ Նա հասկացավ,
ձեռքերս լիզում էր և մտերմաբար շարժում պոչը։
Եկավ և վարպետ Սամսոնը, թավ բեղերի տակ ժպտաց ու նկատեց.
Հը՛, մեր տղա, քեֆդ լավ չի երևում։
Ապա շոյեց շանս գլուխն ու մտախոհ՝ ասաց.